Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Ճակատագրի կծու հեգնանք, հին աշխարհի գեղեցկագույն մասն ընկել է այն ցեղի ձեռքը, որ բնավ ընդունակ չէ գեղեցիկն զգալու: Ասում են մարդը բնության զավակն է և նրա պատճենը. հապա ինչո՞ւ այստեղ նա չի նմանվում իր ծնողին, ինչո՞ւ բնությունն այստեղ այնքան սիրուն է և մարդու հոգին այնքան տգեղ:

Քանի մոտենում էինք Կ. Պոլսին, այնքան տեսարանն ավելի ու ավելի ընդարձակվում էր և այնքան իմ սիրտը ճնշվում: Ահա և տիեզերքի մեծագույն չարագործի արյունոտ ապարանքը` Իլդիզ-Քյոյքը, անարգ Դոլմա-Բախչեն, Չիրաղանն` իր այրված դռների ու լուսամուտների սև խորշերով, հեռավոր Սթամբուլն իր սրածայր մինարեներով, սքանչելի մզկիթներով: Վերջապես, ահա Բյուզանդիոնի թագուհինԱյա Սոֆիան իր ոսկեզօծ գմբեթով:

* * *

Շոգենավը դանդաղորեն մոտեցավ քաղաքին և կանգ առավ:

Անմիջապես տախտակամածը լցվեց դիմավորողներով: Գոռում-գոչյուններ և Արևելքում անխուսափելի հայհոյանքներ ու սպառնալիքներ մի տասնյակ լեզուներով:

Վայրկենաբար մեր ճամփարկղները չքացան: Աղջիկս հազիվ կարողացավ խուռն ամբոխի մեջ գտնել չքացնողին: Հույն բեռնակիր էր: Ուժից վեր բեռան տակ տնքալով, չէր մոռանում աջ ու ձախ արձակել տաճկերեն լեզվով հիշոցներ:

Կառք չգտանք, կամ ճիշտն ասած, բեռնակիրը չկամեցավ, որ գտնենք: Զգուշացնելով գրպանահատներից, նա մեզ առաջնոբդեց դեպի ֆունիկլյոր. մի ստորերկրյա գիծ, որ քարափը կապում է Ղալաթիայի հետ: Օրվա այն միջոցին էր, երբ առանձին ջանք է հարկավոր այդ գծի վրա տեղ գտնելու համար: Մեզ հաջողվեց գտնել բավական հրհրվելուց և տրորվելուց հետո:

Թոքաթլյան, — հրամայեցի րեռնակրիս:

Այնտեղ ազատ սենյակ չեք գտնի, — ասաց նա, — ես ձեզ կառաջնորդեմ մի շատ լավ տեղ:

«Շատ լավ տեղը» դուրս եկավ մի կեղտոտ ու մութ պանդոկ երրորդ կարգի: Ուշ երեկո էր. ստիպված էինք գիշերել: Բայց ի՛նչ գիշեր. մինչև լույս չկարողացա քնել հատակի և առաստաղի մեջ արշավող մկների ծլվլոցներից և, որ ավելի անախորժ էր, հույն տիրուհիների ու սպասուհիների գոռում-գոչյուններից: Բոլոր ազգերից հույներն են ավելի բարձրաձայն խոսում: Հաճախ թվում է, թե կռվում են, այն ինչ գրույց են անում միայն:

Հետևյալ օրը գնացի Թոքաթլյան, և ինձ տրվեց մի մաքուր ու լուսավոր սենյակ դեպի փողոց:

Կ. ՊՈԼՍՈՒՄ

Ահա մի գեղեցկուհի, որ պիտի նայել հեռվից, եթե չեք կամենում նրա ապականված մարմնի վերքերը տեսնել:

Բնությունն ստեղծել է մի աննման շրջանակ, մարդն այդ շրջանակի մեջ դրել է մի այլանդակ ձեռակերտ:

Եթե կամենում եք Բյուզանդիոնի մասին պահել մի անուշ երազ, մի՛ իջնեք նավից, նայեցե՛ք հեռվից և հեռացեք: Այլապես պիտի զղջաք: Գեղեցիկ է եղել թե չէ Կ. Պոլիսը հույների ժամանակ, չգիտեմ, բայց այժմ նա ինքն ապականությունն է ներսից:

Այս եղավ իմ առաջին տպավորությունը, երբ անցա նրա խորդուբորդերով լի և աղբակույտերով լեցուն պողոտաները, երբ տեսա նրա անոճ և անճաշակ տները, երբ մանավանդ զգացի նրա անտանելի գարշահոտությունը:

Բայց եթե գեղեցիկ չէ Կ. Պոլիսը, շահագրգիռ է հափշտակելու չափ: Ոչ միայն իր պատմական հատուկտուր գանձերով, այլև իր ժամանակակից նկարագրով, իր բազմերանգ ազգաբնակության բարքուվարքերով և ինքնահատուկ գծերով:

* * *

Երբ հայ լրագիրներից հայտնվեց իմ Կ. Պոլիս գալը, այլևս ժամանակիս մեծ մասը իմը չէր: Մի քանի պարտավորական այցեր և անթիվ հաճելի այցելուներ, որոնցից շատերի համակրելի կերպարը առմիշտ պիտի մնա իր հիշողության մեջ:

Մի օր, վերջապես, ժամանակ գտա Ստամբուլ գնալու: Հարկավ, առաջին ցանկությունս էր տեսնել սուրբ Սոֆիայի տաճարը: Չհաջողվեց: Դռների առջև ցցված ոստիկանները անցագիր պահանջեցին: Չունեինք, թողել էինք պանդոկում: Հետո իմացանք, որ միևնույն է, անցագրով էլ չպիտի ներս թողնեին մեզ, որովհետև մուտքն արգելված էր հայերի և հույների համար:

Փույթ չէ, օրենքով չլինի, կգտնենք ապօրինի միջոց հռչակավոր տաճարը մտնելու համար:

Իսկ առայժմ նայենք դրսից և գնանք Ստամբուլի փողոցները թափառելու, — ասացի ես աղջկանս և գնացինք:

Ինձ համար, որ ծնված եմ զուտ արևելյան քաղաքում և տեսել եմ նրա ինքնահատուկ բոլոր պատկերները, Ստամբուլը չէր կարող լինել ապշեցուցիչ, ինչպես եվրոպացու համար: Այդ նեղ ու զառիվեր փողոցները, այդ մութ անցքերը, կեղտոտ քարվանսարաները, գեղեցիկ աղբյուրները և նրանց առջև խմբված ոտաբոբիկ աղջիկներն իրանց պղնձյա սափորներով, խանութների գունագեղ փորագրված փեղկերը, ջրկիր էշերը, իրանց փիլիսոփայական դեմքերով, բոժոժներով զարդերված, ուղտերն իրանց վեհապանծ քայլվածքներով և միշտ ու միշտ հեռու նայող երազուն աչքերով թրքուհիները իրանց փակ բերաններով, մերկ սրունքներով, — այս բոլորն այնքան ընտանի էին ինձ, որ կարծում էի, թե վաղուց, շատ վաղուց եմ տեսել Ստամբուլը: Չէ՞ որ իմ ծննդավայրն էլ մի փոքրիկ Ստամբուլ է, գոնե եղել է իմ մանկության օրերում: Այն տարբերությամբ, որ այնտեղ իշխում է թաթարի սև փափախը, իսկ այստեղ օսմանցու կարմիր ֆեսը:

Ամենից հետաքրքրականն էր ինձ համար թրքուհու տիպարը, որի գեղեցկության մասին առասպելներ էի կարդացել ու լսել:

Գեղեցի՞կ է արդյոք թրքուհին այնպես, ինչպես նկարագրում են նրան եվրոպացի ճամփորդները: Չեմ կարող ասել: Երկու ամսվա ընթացքում ես Կ. Պոլիսի բոլոր արվարձաններում, դիտելով հարյուրավոր թրքուհիներ, ավելի չհիացա նրանց, քան հայուհու, հրեուհու կամ հույնուհու գեղեցկությամբ կամ պակաս տգեղություններ չտեսա, քան այլուր: Պատահում են, հարկավ, էակներ, որոնց երկնագույն կամ ածուխի պես սև աչքերը ընդունակ են մի հայացքով խոցոտել դիտողի սիրտը, բայց ո՞ւր չկան այդպիսիները: Նույնիսկ եվրոպական ամենատգեղ ազգի, զվիցերացիների մեջ կարող եք գտնեք գեղեցկուհիներ

Ես կարծում եմ, որ եվրոպացի ճամփորդին մոլորեցնողը թրքուհու դեմքի քողն է և նրա ազգային զգեստը: Հագցրու նրան եվրոպական տարազ, և նա կդառնա մեկը սովորական եվրոպուհիներից ու այնքան չի շլացնի արևելքի ամեն ինչը չափազանցացնող և ամեն ինչը գունավորող եվրոպացի ճամփորդներին, որքան այժմ: Թրքուհու թալիսմանը մուսուլմանական «արգելքի» մեջ է. վերցրեք այդ արգելքը, և նա շատ բան կկորցնե, ինչպես արդեն սկսել է կորցնել այն օրից, երբ ճաշակել է եվրոպական քաղաքակրթության առաջին պտուղները:

Փարիզում և Հռոմում ես տեսել եմ բավական թվով թրքուհիներ եվրոպական տարազով: Գոնե փողոցներում և թատրոններում նրանք ոչնչով չէին տարբերվում եվրոպուհիներից արտաքուստ և չէին գրավում բացառիկ ուշադրություն: Բայց բավական էր, որ մարդիկ գիանային, թե թրքուհիներ են և արդեն նրանց երևակայությունը բորբոքվում էր և ստեղծում չեղած գեղեցկություններ: Այնքա՛ն մեծ է սնոբիզմի ուժը:

Մի բան ինձ համար անակնկալ էրամոթխածության չքացումը թրքուհու մեջ, երբ նա հանդիպում է քրիստոնյա տղամարդի:

Թրքուհու երեսը միշտ վարագուրված է ճերմակ ծակոտիկ քողով իր կրոնակցի առջև և հաճախ բաց` քրիստոնյա այրերի համար: Երբ թրքուհին ապահով է, որ ոչ մոտիկից ոռ հեռվից մուսուլմանի խանդոտ աչքը չի լրտեսում իրան, անմիջապես քողն ընկնում է փողոցում նրա երեսից և նրա տարփելի կրծքի վրա իրարուց բաժանվում են սև «չարսավի» եզրերը, իբր թե պատահաբար: Այն ժամանակ քրիստոնյա այրը կարող է, որքան կամենում է, հիանալ նրա մելամաղձոտ ու թավշամորթ դեմքով, որը մեծ մասամբ գունատ է, և կրա երկայն իրանով, որ չի ներդաշնակում նրա կարճ ոտներին: Եվ թող նայողը վստահ լինի, որ հաճախ կարժանանա նրա սեղմ շրթունքների խրախուսիչ ժպտին ու նրա որոնող աչքերի հրահրող խաղին:

Պոլսահայերն այս համարձակությունը բացատրում են յուրովի: Ասում են, իբր թե թրքուհին քրիստոնյա տղամարդին մարդու տեղ չի դնում, արհամարհում է: Բայց եթե մի կողմ դնենք թրքամու Լոտիի պարծենկոտ ու հնարամիտ արկածներն իսկ, այդ բացատրությունն ինձ թվում է բռնազբոսիկ: Ես կարծում եմ, որ թուրք կինը հետաքրքրվում է քրիստոնյա տղամարդով ոչ պակաս, քան թուրք տղամարդը քրիստոնյա կնոջով: Չէ՞ որ արգելված պտուղը գայթակղեցուցիչ է, լինի նա խնձոր թե դեղձ, և չէ՞ որ թրքուհին էլ Եվայի դուստրն է: Վերջապես նա իր ամուսնու համար միակը չէ

ՀԱՅԵՐԻ ՄԵՋ

Կ. Պոլիս մտնելու հաջորդ օրից հաճույք ունեցա ինձ շրջապատված տեսնելու մի շարք համակրելի երիտասարդներով:

Մի մասը թատերասերներ էին, ունեին մի դրամատիկական ընկերություն և կանոնավոր դերասանական խումբ, որոնք քաղաքակրթության տեսակետից գուցե անհամեմատ ավելի մեծ գործ էին կատարում, քան մեր անթիվ քաղաքական գործիչները:

Խմբի մեջ կային մի քանի անվիճելի ձիրքեր: Դրամատիկ ընկերությունը, որի ղեկավարների թվումն էր և «Կավռոշ» զավեշտաթերթի խմբագիր սրամիտ և մի քիչ սատանա Թոլայանը, իմ ներկայությամբ Կ. Պոլսում և նրա շրջակայքում խաղաց իմ պիեսներից մի քանիսը «ի պատիվ հեղինակի»: Այդ ներկայացումներն ինձ պատեհություն տվեցին շփվելու Կ. Պոլսի հայության հետ և հուզմունքով վայելելու նրա հարգանքի այնքան խանդավառ ցույցերը: Ցույցեր, որոնց ես ամբողջովին վերագրում եմ պոլսահայերի ջերմ սիրուն դեպի մայրենի գրականությունն ու թատրոնը:

Տեղն է ասելու, թե այդ ներկայացումներին ես կրկնակի համոզվեցի, որ արևմտահայերի և արևելահալերի համազգային համերաշխության ամենաամուր շաղափը կարող են լինել գրականությունն ու թատրոնը, այսինքն` մայրենի լեզուն: Քաղաքականության հողը չափազանց լպրծուն է: Համենայն դեպս մեր այժմյան քաղաքագետների ու ղեկավարների մանկական ոտները շատ թույլ են այդ հողի վրա հաստատուն կանգնելու համար:

Թատերասերներին կից իմ բարեկամներն էին երիտասարդ գրողները: Հիշում եմ և երբեք չպիտի մոռանամ Վ. Յարճանյանին, որի ոտանավորները նույնքան զորեղ թվացին ինձ, որքան և իր ողբացյալ եղբոր Սիամանթոյի երկերը: Ոչ պակաս հաճելի է ինձ համար մտաբերել իրավաբան Բախտիարի բովանդակալի զրույցները, կատակները և հետաքրքրական տեղեկությունները թուրքերի կյանքից:

Բայց այդ բոլորի հետ միասին ինձ համար վշտալի էր չգտնել Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Ռուբեն Զարդարյանին... Դառն էր տեսնել նրանց տեղերը թափուր և չգիանալ իսկ, թե որտեղ են նեխվել նրանց հոշոտված մարմինները

* * *

Իմ թափառող ու որոնող հոգու համար մի սփոփանք էր տեսնել մեր տաղանդավոր երգիծաբանին, որի անվան անմահացման համար բավական է միայն «Ծապլվարը»:

Պատահեցի ես Երվանդ Օտյանին առաջին անգամ Թոքաթլիի ճաշարանում ճիշտ այն երանելի վիճակում, որ միակ հաճելին է իր համար: Առանց գիտնալու ով լինելը, զգացի, որ սովորական մահկանացուներից չէ: Տաղանդները փոքրիկ արեգակներ են, որ ունին իրանց ճառագայթները: Միջահասակ, նրբակազմ, սակավ ինչ կորամեջք (արդյոք մտքերի ծանրությունի՞ց), հստակ սափրած երեսով ու շրթունքներով, խորաթափանց ու ժպտուն աչքերովահա Օտյանը: Ի՛նչ մեղմ և ծաղակոծող, բարի և սուր, ի՛նչ մարդասեր և մարդագետ նայվածք: Եվ ի՛նչ թավշյա անուշ բարիտոն:

Ես ոգելից ըմպելիքների թշնամիներից չեմ, ինչո՞ւ մեղքս թաքցնեմ, բայց երբեք ոչ մի բաժակ այն հաճույքով չեմ պարպել, որով պարպեցի Օտյանի ինձ առաջարկած առաջին բաժակն անգլիական «ուսկիի»: Եվ այդ օրից ես դարձա նրա ամենօրյա բաժակակիցը: Ճշմարիտ է, շատ անգամ Օտյանը սրճարան գալիս էր արդեն «պատրաստ», բայց ես էլ չէի զլանում շուտով պատրաստվել, թեև երբեք չէի կարողանում հասնել նրա աստիճանին: Եվ մենք, գլուխներս տաքացրած, ժամերով խոսում էինք, երբեմն մինչև ուշ գիշեր: Նա պատմում էր տաժանակիր աքսորում կրած իր տառապանքները, ես պատմում էի Կովկասի կյանքից: Բայց մեր զրույցները գլխավորապես գրականության ու արվեստների շուրջն էին պտտվում: Սիրում էի նրա սրամիտ դիտողությունները գեղեցիկի մասին, նրա կարկառուն մտքի անակնկալ թռիչքները: Եվ այսօր դժվարանում եմ հիշել ամբողջ հայության մեջ գրչի մի ուրիշ վարդ, որ ունենար Օտյանի չափ նուրբ ըմբռնողություն գեղեցիկ գրականության և գեղեցիկ արվեստի մասին: Երվանդ Օտյանը մի գրող է եվրոպական իմաստով, որի արժեքը տակավին չի գնահատվել հայության կողմից: Եվ ինձ համար ցավալի էր տեսնել, որ մեր միակ երգիծաբանը իր օրվա պարենը վաստակելու համար ստիպված էր իր ամբողջ ժամանակը նվիրել լրագիրներին:

Լրագիրը խոշոր մտքի ուտիճն է:

Ցավում եմ, որ միայն մի անգամ պատեհություն ունեցա տեսնելու թրքահայ գրականության մի ուրիշ ներկայացուցչին` բանաստեղծ Վահան Թեքեյանին, այն էլ շատ կարճ միջոցով: Չունեցա առիթ և ոչ մի վայրկյան հետն ընկերաբար խոսելու, որովհետև ստիպված էի պաշտոնական քող պահել երեսիս վրա ի պատիվ ինձ տրված թեյասեղանին` Հայկական Ակումբում մի պատկառելի և զուսպ ընկերության մեջ: Այնտեղ էր, որ հանդիպեցի Թեքեյանին:

Տեսա Սուրեն Պարթևյանին, որ թուրքահայ անվանի գրողներից մեկն էր: Նա տվեց ինձ կարդալու իր նոր գրած երկու թատերական երկերը, որ պիտի խաղացվեին: Կար մի ծանր միտք, որ այդ մարդուն հալածում էր, դարձնելով նրան լռակյաց և մտախոհ: Նա թափառում էր քաղաքից քաղաք իր սրտի ընտրյալի հետ, ինչպես բնից արտաքսված թռչուն: Եվ ոչ մի տեղ հանգիստ չէր գտնում անհանգիստ լեզուների բամբասանքներից5

Ռուսահայերը մի քիչ թյուր գաղափար ունին Կ. Պոլսի հայության մասին: Տարիների ընթացքում Թիֆլիսի գրողները, սկսած դյուրաբորբոք Գրիգոր Արծրունու «Մշակ»-ից, իրանց ականջներն ընտելացրել են «հոսհոս» ածականին: Իմաստակներն այսօր էլ երբեմն կրկնում են այդ բառն առանց խղճի խայթի:

Եթե «հոսհոս» նշանակում է թեթևամիտ, հապա ես ի սեր ազգիս կփափագեի Թիֆլիսի և Բաքվի հայությունը տեսնել այնքան թեթևամիտ, որքան Կ. Պոլսի հայությունը: Արդյո՞ք պոլսահայը հոսհոս է այն պատճառով, որ իր մայրենի լեզուն խոսում է այնքան մաքուր, այնքան գեղեցիկ, գիտենալով միաժամանակ մեկից ավելի եվրոպական լեզուներ: Իսկ ռուսահայը խելամիտ է և ծանրաբարո է, որովհետև չգիանալով իր մայրենի լեզուն, չգիտե հաճախ նաև ոչ մի օտար լեզու կանոնավոր:

Հասարակական վայրերում, ընկերական շրջաններում, թատրոններում և ընտանիքներում պոլսահայը գիտե իրան պահել ավելի վայեչուչ, քան ռուսահայը: Նա զուսպ է, շրջահայաց, գիտե կշռել իր յուրաքանչյուր խոսքն ու այնպես արտասանել: Նա մոլար չէ և չգիտե շփոթվել: Զվարթ չէ ռուսահայի չափ, բայց կիրթ է ավելի: Այն, ինչ որ ռուսահայն անվանում է պարզություն, պոլսահայի հայացքով կոպտություն է: Եթե լավ դիտենք, կտեսնենք, որ այս տեսակետից շատ դեպքերում պոլսահայն իրավացի է: Արդարև ռուսահայը հաճախ պարզության կամ անկեղծության քողի տակ մի կոշտ խոսքով վիրավորում է իր բարեկամի սիրտն ու թունավորում նրա օրը: Եվ կարծում է, թե հավիտենական ճշմարտության գանձարանի մեջ մի անգին գոհար ձգեց:

Ռուսահայի համար շողոքորթություն է, երբ պոլսահայը իրան դիմավորում է ժպիտն երեսին և կոմպլիմանը շրթունքների վրա: Նա չգիտե, որ այդ ժպիտն ու այդ կոմպլիմանը որոշ քաղաքակրթության շողեր են: Բայց միևնույն ժամանակ նա զմայլվում է ֆրանսիացու քաղաքավարությամբ, երբ սա ամեն քայլափոխում արտասանում է իր ավանդական «pardon»-ը կամ «j vous en prie»-ն:

Ճշմարիտ է, պոլսահայը ընկերական հարաբերությունների մեջ զուսպ է, գաղտնապահ: Նա իր խոսակցին շուտ չի բանում իր սիրտը և զգուշանում է անմիջական վստահություն արտահայտելուց: Նուրբ կամ վտանգավոր խնդիրների մասին խոսակցելիս` նա հանկարծ լռում է և իր հայացքը սևեռում պատերին կամ առաստաղին: Նա թողնում է, որ դուք գուշակեք նրա միտքը, եթե կարող եք: Ճշմարիտ է, հաճախ պոլսեցու դեմքը սքողվում է Սֆինքսի խորհրդավորությամբ, երբ այդ բոլորովին ավելորդ է և երբեմն ծիծաղելի: Ճիշտ է, դուք շատ անգամ դժվարանում եք գուշակել` կատա՞կ է անում պոլսահայը, թե՞ լուրջ է խոսում, ծաղրո՞ւմ է ձեզ իր մտքում, թե՞ հարգում:

Այդ բոլորը ռուսահային շփոթեցնում է և կասկածներ հարուցանում նրա մեջ: Բայց ամեն ինչ հասկանալի է դառնում, երբ հիշում եք այն սոսկալի պայմանները, որոնց մեջ պոլսահայը ծնվել է ու սնվել: Վերջապես, ինչո՞ւ պիտի կարծել, թե ռուսահայի պարկեշտախոսությունը միշտ էլ խելացի է կամ հաճելի:

Պնդում են, թե պոլսահայը շահամոլ է: Ահա մի մոլորություն, որ պետք է հալածել, ինչպես և պետք է միանգամ առմիշտ դեն գցել ռուսահայի բառարանից «հոսհոս» բառը: Շահամոլությունը ազգերի կամ քաղաքների արտունությունը չէ: Շահամոլ կամ ոչ շահամոլ են անհատներ:

...Ժլա՞տ է արդյոք պոլսահայը բարի գործերի համար, ինչպես սովոր են կրկնել ռուսոսհայերը: Ոչ. կամ նույնչափ, որչափ բոլոր հայ մարդիկ բոլոր երկրների: Ո՞վ է պահպանում Ազգային հսկայական հիվանդանոցը, Կենտրոնական Վարժարանը, միջնակարգ ու տարրական դպրոցները, բազմաթիվ որբանոցները, տասնյակ ընկերությունները, լրագիրները և այլն և այլն:

Այո, պոլսահայը չունի ռուսահայի թափը ազգային հանգանակությունների մեջ, բայց նա չի ունեցել և նրա միջոցները: Չի ունեցել ոչ նավթային շատրվաններ, ոչ պղնձի հանքեր, ոչ հսկայական կալվածներ ու անտառներ: Չի ունեցել արագ հարստանալու ոչ մի միջոց: Նա իր համեստ հարստությունը վաստակել է փարա-փարա, մրցելով գերմանացիների, անգլիացիների, հույների և հրեաների պես վագրերի հետ: Ահա ինչու այսօր վաճառականության մեջ նա բյուր անգամ ավելի ճարպիկ է, քան ռուսահայը, և ոչ պակաս բարեգործ, քան նա, և ոչ ավելի ժլատ, քան նա:

ՊՈԼՍՈՒՀԻՆ

Բախտն ինձ վիճակել էր Կ. Պոլսում ավելի հաճախ շփվել կանանց շրջանների հետ, քան կարող էի ենթադրել:

Ժամանումիս երկրորդ թե երրորդ օրը պատիվ և հաճույք ունեցա ընդունելու հայ Կանանց Նորակազմ Լիգայի նախագահուհիին իր օգնականուհու հետ: Կարծում եմ համեստության դեմ մեղանչած չեմ լինիլ, եթե երկուսի էլ անունները գրեմ: Տիկին Անայիս (Ավետիսյան) և տիկին Պահարի, — երկու նրբամիտ հայուհիներ, երկուսն էլ բանաստեղծ:

Եկել ենք մեր հարգանքները ձեզ մատուցանելու և խնդրելու, որ առաջիկա կիրակի ձեր ներկայությամբ պատվեք մեր կոնֆերանսը, — ասաց տիկին Անայիսը:

Հաճույքով, բայց ինչի՞ մասին է ձեր կոնֆերանսը, — հարցրի ես, — եթե քաղաքական խնդիրների, հապա ներեցեք

Քավ լիցի, — աճապարեց ընդմիջել տիկին Պահարին, հեգնորեն ժպտալով: — Մեր Լիգայի միակ նպատակն է հայ կնոջ մտավոր զարգացումը և բարոյական կրթությունը:

Միջոցնե՞րը կրթության:

Գրականություն և արվեստներ:

Սքանչելի է ձեր նպատակը: Քաղաքականությունը ջախջախված դաշնակ է կնոջ մատների համար: Կարծեմ, Աստված Եվային ստեղծելիս ասել է. «Եղիր ինչ կամենաս, նույնիսկ խմբագիր, բայց երբեք քաղաքագետ, եթե չես ուզում Ադամից զրկվել»:

Չեմ երաշխավորում, որ ճիշտ այդ խոսքերն ասացի, բայց նման մի բան էր ասածս:

Ես սիրով ընդունեցի նրանց հրավերը: Գնացի կոնֆերանսին և շատ լավ արի, որ գնացի:

Սիլողոսի դահլիճը գրեթե լիքն էր պոլսուհիներով: Այդ տեղ էր Զավեն Սրբազան պատրիարքը. մի համեստ և համակրելի դեմք, որ ինձ վրա թողեց հաճելի տպավորություն: Բանախոսեց մանկավարժ Ռեթեոս Պերպերյանի որդին, որ իր հերթին նույնպես մանկավարժ է և շարունակում է իր հանգուցյալ հոր գործը:

Որպիսի ուշադրությամբ էին լսում այդ հարյուրավոր էակները բանախոսի տարրական մտքերը ֆեմինիզմի մասին: Դա ծարավ հոգիների մի ծաղկանոց էր, որ բառերի հեղեղը կլանում էր ագահությամբ, որպես մի կենդանարար անձրև...

Այդ օրն էր, որ ես հաճույք ունեցա ծանոթանալ բազմաթիվ պոլսուհիների հետ և ստանալ մի քանի ընտանեկան հրավերներ: Կարո՞ղ էի մտածել որևէ մերժման մասին, քանի որ այնքան մեծ էր իմ փափագը գեթ մի հեռավոր հայացք ձգելու պոլսահայ կնոջ ներքին աշխարհի վրա:

Ներքին աշխա՛րհ: Դյուրին է ասել և որքա՛ն դժվար թափանցել: Դոստոևսկին ասում է, թե կնոջ հոգու բանալին շողոքորթությունն է: Ես շողոքորթության փոխարեն պիտի ասեի` լռությունը: Փակեցեք ձեր բերանն ամուր և լայն բացեք ձեր ականջները, մի՛ վիճաբանեք, մի՛ հերքեք, միայն լսեցեք և կարող եք ապահով լինել, որ հետզհետե կբացվի ձեր առջև կնոջ հոգին:

Սակայն պոլսահայ կնոջ հետ այնքան հաճելի է խոսել, որ չեք կարող լռել: Միևնույն է, գեղեցիկ է նա թե ոչ, երիտասարդ է թե ոչ, նա գիտե անմիջապես բանալ ձեր լեզուն եթե ոչ իր արտաքինով, գեթ իր նրբամիտ խոսքերով, իր հյուրընկալ ժպիտներով, իր փաղաքուշ ձայնով: Վերջապես իր մաքուր, երաժշտական բարբառով: Երբ հյուր եք նրա տանը, ուշադիր է ձեր յուրաքանչյուր խոսքին, շարժմանը, դեմքի արտահայտությանը: Նա մի վայրկյան անգամ թույլ չի տալիս ձեզ ձանձրանալ: Ֆրանսիական քաղաքակրթության ազդեցությո՞ւն է այս, թե՞ մայրական ժառանգություն պոլսուհու, որի քաղաքային նիստուկացը դարերի հարատևությունն ունի: Փույթ չէ, որ պոլսուհու մտավոր զարգացման պաշարն ավելի չէ, քան ռուսահայ կնոջ պաշարը: Փույթ չէ, որ նա պակաս է տեսել օտար թատրոններ և ավելի քիչ ճամփորդել, քան ռուսահայ կինը: Փույթ չէ նաև, որ նա ավելի վատ է նվագում, ավելի վատ է երգում և շատ էլ խստապահանջ է թե՛ մեկի և թե՛ մյուսի վերաբերմամբ:

Այնուամենայնիվ, նրա հետ ավելի հաճելի է զրույց անել, քան ռուսահայ կնոջ հետ: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ պոլսուհու այնքան անուշ և այնքան երաժշտական արտասանությունը հայ լեզվի` շոյում է ձեր լսելիքը, թեև հենց միայն այսքանը մի մեծ հրապույր է, մանավանդ, հայ գրողի համար: Կա և մի ուրիշ բան. պոլսուհին գիտե իր ունեցած փոքրիկ գանձը ծախսել ավելի գեղեցիկ և ավելի արվեստագետորեն:

Պոլսուհին ավելի արտիստ է, քան ուսուցիչ կամ պատգամախոս: Ինչպես դերասանուհի, նա միշտ բեմի վրա է, այսինքն` գիտե ոչ միայն խոսել, այլև լսել, իսկ լսելը մի մեծ և հազվագյուտ արժանավորություն է, առհասարակ, կին էակի համար:

Բանաստեղծ է պոլսուհին թե տնտեսագետ, սալոնի զարդ թե խոհանոցի կամ կարուձևի վարպետ, հասարակական գործիչ է թե վարժուհի, հարուստ է թե ոչ, գիտե հարգել դիմացինի ներքին աշխարհը և ամոթխածորեն ու համեստությամբ դիմադրել նրան, եթե համաձայն չէ նրա գաղափարներին: Նա երբեք իր ցուցամատը չի բարձրացնի մանկավարժորեն և ձեզ խրատներ չի կարդա, ինչպես այդ անում է ռուսահայ «ինտելիգենտ» կինը, երբ նա դպրոցի տեսչուհի է կամ «հասարակական գործիչ» և կամ համբերատար լրագիրներին «հոդվածներ» մատակարարող, մանավանդ երբ նրա տարիքն անցել է քառասնից

* * *

Շատ էի լսել պոլսուհու գեղեցկության մասին գովասանքներ: Բնական է, որ փնտրեի այգ գեղեցկությունը:

Մեղքը պոլսուհունը չէ, որ ես մի փոքր հիասթափվեցի:

Հռչակը ձյունի գունդ է, որքան հեռու է թավալում, այնքան մեծանում է: Ե՞րբ է իրականությունը վավերացրել երևակայության թռիչքը: Նյու-Յորքի «երկինք քերողներն» ինձ այնքան բարձր չերևցան, որքան լսել էի ու երևակայել: Երկրագնդի վրա գուցե միայն Նիագարայի ջրվեժն է, որի հռչակը շատ վար է իր իրական հզորությունից:

Թոքաթլյանի սեղանատանը մի օր տեսա երկու գեղանիներ: Հայերեն էին խոսում, հետևաբար հայուհիներ էին: Մեկը սևահեր էր, սևաչյա, ժպտուն, կրակոտ, մյուսը` խարտյաշ, կապտաչյա, ցնորական հուր և լույս: Բայց ըստ երևույթին պոլսուհիներ չէին, այլ ճամփորդներ:

Հրավիրված էի այցելելու հայ կանանց «Կարմիր Խաչի» հիվանդանոցը: Գնացի պտտեցի բոլոր սենյակները: Տեսա մայրական հոգացողություն փախստական թշվառների վերաբերմամբ` հայտնի գերդաստանների տիկինների և օրիորդների կողմից: Տեսա տասնյակ երիտասարդ բժիշկների անխոնջ և անվարձ ջանքերնէ ամոքելու ազգի մեծ թշվառության մի փոքրիկ մասը: Հիացա սենյակների մաքրությամբ, կերակրի առատությամբ և հիվանդների անբիծ ննջյակներով:

Հետո հրավիրվեցի թեյասեղանի: Այդտեղ էր, ահա, որ տեսա մի զմայլելի փունջ հայուհիներից: Մի փունջ, որ կարող էր ամենախստապահանջ գեղարվեստական ճաշակը գոհացնել:

Եթե պոլսուհին չունի շամախեցի կնոջ գեղեցկությունն ու դեմքի զմայլելի գույնը և ոչ ղարաբաղցի կնոջ կայտառությունը, նա նուրբ է գրեթե առաջինին հավասար և երկրորդից ավելի:

Պոլսուհին գիտե հագնվել: Նա բավական ծանոթ է գույների ներդաշնակության օրենքին, գոնե այնչափ, որչափ ռուսահայ հարուստ դասի տիկինները, որոնք ամեն տարի գնում էին (ավա՛ղ, «էին») Փարիզ իրանց ճաշակը կրթելու համար: Պոլսուհին գիտե և սիգանքով ճեմել, և սեթևեթ ժպտալ և սիրակեզ հառաչել ու բանաստեղծորեն տխրել, ինչպես վարսավոր ուռենի: Նա գիտե նաև չափավոր գործածել սնգույրն ու անուշահոտ յուղերը, նույնիսկ նազելի շարժել հովհարը և նազելի բռնել լոռնետը:

* * *

Պոլսուհին բանաստեղծության սիրահարն է: Սիրահար թե՛ կարդալու և թե՛ գրելու, թերևս ավելի գրելու, քան կարդալու:

Չկա ընտանիք, որի սալոնում չտեսնեք մի քանի փառակազմ հատորներ: Եվ ոչ մի սալոնի սեղան, որի վրա չլինի ոտանավորներով լեցուն ալբոմ, երբեմն մեկից ավելի:

Ալբոմը, իհարկե, մի անմեղ զբոսանք է: Նա հիշեցնում է ռոմանտիզմի դարը: Մի զբոսանք, սակայն, որ բավական սուղ նստեց իմ ժամանակին: Հարկավ, ես անկեղծ հաճույքով էի ընդունում ինձ առաջարկված ալբոմները և գրում, ինչ որ կարող էի գրել: Բայց ամեն հաճույք ունի իր լեղին, երբ չափից ավելի ես ճաշակում: Շատ անգամ տատանվում էի ինչ գրել, որովհետև չգիտեի` ում համար եմ գրում: Ամեն անգամ սարսափում էի, երբ պանդոկ վերադառնալով գրասեղանի վրա տեսնում էի մի նոր բլուր ալբոմների, որոնց տերերին ոչ ճանաչում էի և ոչ տեսել էի:

Մի անգամ մի տիկնոջ ալբոմում պիտի պատասխանեի երեք հարցերի. «Ի՞նչ եք սիրում, ի՞նչ եք ատում, ինչի՞ց եք վախենում»:

Աղջիկս անմիջապես գրիչ վերցրեց և երրորդ հարցի դեմ գրեց`

Ալբոմից:

Այո, պոլսուհին ռոմանտիկ է և մի փոքր սանտիմենտալ: Ռեալիզմը տակավին արմատներ չի ձգել նրա հոգու մեջ, և այս նրա արժանավորությունն է: Գուցե չսխալվեմ, եթե ասեմ, որ այժմ էլ նրա կատարելատիպը տիկին Սիպիլն է: Արդարև, մի եզակի կին, տաղանդավոր գրող լինելուց զատ, մի երազող էակ, որի հետ կարող էի ժամերով խոսել ու վիճաբանել և դարձյալ վշտանալ, որ շուտ բաժանվեցինք: Գոնե ես այդ տպավորությունն ստացա Գընալը կղզում հազիվ մի ժամ հետը զրուցելուց հետո: Այն էլ նշանավոր վիպասանի կյանքի դառը պահին, երբ նա իր անբուժելի հիվանդ ամուսնուն, Հրանա Ասատուրին, նոր ճամփել էր Ազգային հիվանդանոց...

Ընդհանրապես, պոլսուհին վարպետ է ոչ միայն խոսելում, այլև գրելում: Ինչ ուզում եք ասացեք, բայց ռուսահայերը չունին ոչ Տյուսաբ, ոչ Սիպիլ և ոչ Զապել Եսայան: Կա, այո, մի փայլուն Մարիետա Շահինյան, որի հավասարը չունինք հայ գեղեցիկ սեռի մեջ, բայց նա պատկանում է հայ անվան հռչակին և ոչ հայ գրականությանը: Եվ թող ռուսահայ բանաստեղծուհիները չվշտանան, եթե ասեմ, որ Տիկին Անայիսի ոտանավորներն ես ավելի սիրեցի, քան նրանց գործերը: Եթե ոչ գաղափարի խորության, գոնե ոճի գեղեցկության, հանգերի հարստության և համեմատությունների սիրունության տեսակետից:

Հիշե՞մ արդյոք ուրիշ անուններ: Տիկին Պահարիի, տիկ. Զարուհի Գալեմքերյանի, օր. Քալանթարյանի գրիչներն առնական ուժ ունին:

Պոլսուհին բանաստեղծ է նույնիսկ սովորական թղթակցությունների մեջ: Տիկ. Մարի Սթամբուլյան, տիկ. Անայիս, տիկ. Պահարի և ուրիշների նամակներ ունիմ քովս, որոնք զմայլելի տողեր են պարունակում:

Ռուսահայ կինը շատ բաներ ունի յուրացնելու պոլսահայուհուց և ամենից առաջ նրա սերը դեպի մայրենի լեզուն...

ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐ

Ես ստիպված էի մերժել շատ առաջարկներ` այս ու այնտեղ բանախոսելու, որպեսզի ժամանակ շատ ունենամ թափառելու: Ես եկել էի ոչ ուսուցանելու, այլ ուսանելու համար:

Եթե հաճիք, ես ձեզ կառաջնորդեմ Այա Սոֆիա, — դարձավ ինձ մի օր մի հայ երիտասարդ, զինվորականի համազգեստով:

Ես ուրախությամբ ընդունեցի սիրալիր երիտասարդի աոաջարկը, և հետևյալ օրն իսկ գնացինք Սթամբուլ:

Տաճարի ներքին դռների առջև թուրք պահապանը մեր ոտներին հագցրեց քրիստոնյա այցելուների տանջանքըավանդական բաբուջները:

Մտանք ներս: Սկսվեց մի ծիծաղելի ոստոստում հնամաշ գորգերի վրա: Մեր գլուխների վրա բարձր ու բարձր ոսկեզօծ կամարը որպես աստղազարդ ամառային երկինք մագնիսի ուժով քաշում էր մեր ագահ նայվածքը վեր, իսկ բաբուջները ստիպում էին նայել վար: Ամեն քայլափոխում նրանք սահում էին մեր կոշիկների վրայից, կարծես, հրաժարվելու ծառայել քրիստոնեի պիղծ ոտներին: Այնինչ` ծնկաչոք աղոթող հավատացյալները, մեր ակամա ծիծաղներից սթափվելով, սպառնալի հայացքներ էին ձգում մեզ վրա:

Այնուամենայնիվ, ի՛նչ սքանչելի տպավորություն: Սուրբ Մարկոսի տաճարը Վենետիկում մանկական խաղալիք է Այա Սոֆիայի քով: Հարկավ ոչ միայն իր չափերով, այլև գեղեցկությամբ: Ոճը նույնն է, տպավորությունը` տարբեր: Այնտեղ ներսում ու դրսում ոսկու շռայլությունն է ձեզ շլացնում, այստեղ` նրա չափավոր և զարմանալի վարպետ գործածությունն է զմայլեցնում:

Երեք գլխավոր պայմաններ ունի արվեստն իր բոլոր ճյուղերում, — պարզություն, ուժ և չափի զգացում: Երեքն էլ խստիվ պահպանված են Այա Սոֆիայի կառույցի մեջ:

Ինձ համար բյուզանդական ոճը ճպրտարապետության մեջ ավելի հաղթական է, քան գոթականը: Նա հաճելի է իր հանճարեղ պայծառությամբ, որովհետև ուրախություն է ներշնչում: Գոթիկն ինձ գրավում էր իր անհուն ուժով, բայց ճնշում է իր մռայլությամբ: Այդ բազմաթիվ հսկայական շարիշար սյուները, այդ նեղ ու ձիգ կամարները իրանց մութ խորշերով, այդ մշուշապատ լուսամուտները, այդ կիսախավարը ու խավարը, իրանց երկնային վեհությամբ հանդերձ, սեղմում են իմ սիրտը և տխրությամբ համակում հոգիս:

Ամեն ինչ վեր, դեպի աստված, այս է ներսի իրարու գրկախառնված և իրար վեր հրող գոթական կամարների և դրսի սուր նիզակների պես ցցված աշտարակների խորհուրդը:

Ամեն ինչ պարզ, լուսահեղ և հեզասում է բյուգանդական հրաշակերտի կամարն այնքան ընդարձակ, այնքան պայծառ, այմքան ժպտում իր առատ լույսով և երկնանման տեսքով:

Գոթական տաճարի մեջ ես անջատվել եմ կյանքից և գնում մթության մեջ աստծու հետ մեն մենակ և դեմուդեմ: Այնտեղ ես լսում եմ մահվան երգը և, ճշմարիտ է: Հաշտվում եմ նրա հետ, բայց ցավում եմ, որ կյանքը դուրսը մնալով, ինձ ձգել է խավարի գիրկը:

Այլ է Այա Սոֆիան: Նա իմ հոգին չի մռայլեցնում, իմ սիրտը չի ճնշում: Այնտեղ կյանքն ինձ հեւ է, նա իմ բարեկամն է և հետևում է ինձ: Եվ այնտեղից ես դուրս եմ ելնում պայծառ հոգով և ավելի ուրախ ու զվարթ, քան մտնելուց առաջ:

Պատմությունն ասում է, որ Հուստինիանոս առաջինը, որի հրամանով է վերակառուցված Այա Սոֆիան իր այժմյան տեսքով, առաջին անգամ այնտեղ մտնելով, գոչել է.

Սողոմո՛ն, ես քեզ հաղթեցի:

Այո, նա հաղթել է «Ունայնություն ունայնությանց» իմաստունին: Նա հաստատել է, որ կյանքը, չնայելով իր դառնություններին, այնուամենայնիվ թանկ է ավելի, քան մահը, նույնիսկ աստծու համար

* * *

Այա Սոֆիան տեսնելուց հետո` ի՞նչ միտք ուներ այցելել մյուս մզկիթները: Նրանք արտաքուստ և ներքուստ այնքան նման են իրարու, որ, կարծես, բոլորը միևնույն հետևողությամբ են կառուցած:

Բայց ի՞նչպես դիմանալ Փանոս Թերլեմեզյանի, այդ միշտ ծարավ և միշտ որոնող ու ուսումնասիրող արվեստագետի, համառությանը:

Անպատճառ պետք է տեսնել Էյուբի մզկիթը և Կահիրե Ջամին:

Շատ լավ, — ասացի մի օր և հետևեցի նրան:

Անցանք Ոսկեղջյուրը նավով, հասանք վերջին կայարանը: Սթամբուլի ամենահեռավոր արվարձանումն ենք, հռչակավոր գերեզմանոցների աշխարհումԷյուրում: Այստեղից է, որ Ոսկեղջյուրը ցույց է տալիս իր ամբողջ հմայքը:

Փողոցները լեցուն են կանաչ, մանավանդ ճերմակ յազմաներով: Նրանք այնքան շատ են, որ կարմիր ֆեսերն անգամ աչքի չեն ընկնում:

Որքա՛ն ծերունիներ, ի՛նչ փառահեղ դեմքեր և ձյունի պես ճերմակ մորուսներ: Կարծես բիբլիական նահապետներին հատկացված մի առանձին աշխարհ է այդ արվարձանը: Պատերի տակ, շեմքերի վրա, զահֆեխանաների ներսում ու դրսում, նստած կամ կկզած, նրանք ծուլորեն ծծում են նարգիլեն խորհրդավոր դեմքերով և մերթ ընդ մերթ դանդաղորեն մոտեցնում իրենց շրթունքներին զահֆեի մատնոցաչափ գավաթները:

Next page