Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Գիտե՞ք, — ասաց ինձ մի օր Նայիլեն, — կարող եմ ձեզ մի ուրախ լուր հաղորդել. Լամիյեի ամուսնությունը փաշայի հետ չաջողվեց:

Ինչո՞ւ, — հարցրի ես, անկեղծորեն ուրախանալով:

Որովհետև այս անգամ մայրս էլ չհավանեց փաշային: Թե ինչուչի ասում: Այժմ մենք վերադառնում ենք Ռոդոս, և ես հույսով եմ, որ Լամիյեի սերը մի օր, վերջապես, պիտի հաղթե մորս մոլեռանդությունն ու կամակորությունը:

Երկուուկես ամիս Եգիպտոսում մնալուց հետո, Լլոյդ Թրիեսթինո ընկերության «Nelouan» շոգենավով ուղևորվեցինք դեպի Նապոլի: Որոշել էինք, Ամերիկա գնալուց առաջ, միառժամանակ հանգստանալ Իտալիայում:

Բարձրանալով շոգենավի վրա, տեսա մի հետաքրքրական տեսարան: Վարը` կամուրջը լցվել էր արաբների բազմությամբ: Մի ինչ-որ բարձրահասակ հաշմանդամ, ըստ երևույթին հոգևորական, կենտրոնում կանգնած ճառ էր արտասանում, հայացքը դարձրած դեպի վեր, նավի առաջին կարգի տախտակամածը: Այդտեղ խմբված էր արաբ ճամփորդների մի բազմություն: Չգիտեմ ինչ էր ասում հռետորը, բայց յուրաքանչյուր մի քանի դարձվածներից հետո բարձրաձայն գոռում էր ֆրանսերեն. «Կեցցե Ֆրանսիան, կեցցե նրա նավատորմիղը»: Ամբոխը կատաղի ծափահարում էր նրան:

Տախտակամածի բազմությունը աղաղակում էր. «Թող կորչի Անգլիան»: Այս գոչյունին չէր ձայնակցում վարի բազմությունը, այլ, ընդհակառակը, կարծես, շփոթվում էր: Ինձ ասացին, որ ճառախոսի խոսքը Եգիպտոսի ազատագրության մասին է, որ տախտակամածի բազմությունը, լինելով իտակական շոգենավի վրա, կարողանում է գոչել. «Կորչի Անգլիան», իսկ վարի բազմությունը, թեև համաձայն է այդ գոչյուններին, բայց վախենում է ձայնակցել:

Շոգենավը հանդարտիկ շարժվեց, սկսեց հեռանալ նավահանգստից:

Բարի ճամփա, բարի ճամփա, — լսեցի հեռվից ողջերթի եկած հայերի ձայները: Եվ նրանց ճերմակ թաշկինակները հետզհետե փոքրանալով, չքացան օդի մեջ:

Մնաս բարով փարավոնների աշխարհ, քո սքանչելի երկնքով, քո հավիտենական գարունով: Մնաք բարև բուրգեր, ձեր գոռոզ գագաթներով: Եվ դու, անմահ սֆինքս, քո խորհրդավորությամբ:

Կյանքիս լավագույն պահերից մեկն են եղել այդ տասը շաբաթները այնքան հյուրասեր մի հասարակության մեջ և այնքան գրավիչ մի երկնքի տակ:

Անցել էինք Միջերկրականի ամբողջ երկարությունը, այժմ կտրում էինք նրա լայնությունը: Շոգենավը մեծ էր և մաքուր ու գեղեցիկ կահավորված: Մեր ուղեկիցների մեջ կային մի խումբ իտալացիներ: Օպերային երգչուհի ու երգիչներ էին, Կահիրեում գաստրոլներ էին ունեցել, այժմ վերադառնում էին Իտալիա: Որքան հաճելի էին նրանք, երբ երգում էին ու նվագում, նույնքան անախորժ էին իբրև ուղեկիցներ: Հույների չափ աղմկարար, նրանք չգիտեին հարգել ուրիշներն հոգեկան անդորրությունն ու բղավում էին իրենց կոկորդի ամբողջ ուժով: Այլ էին բելգիացիները, որոնց թվումն էր աշխարհահռչակ ջութակահար Թոմսոնը, որ մի քանի անգամ նվագնց ճամփորդների համար:

Գարուն էր: Անցնում էինք խաղողի ծաղկազարդ այգիների միջով, որոնք տարածվում էին անվերջ շարքերով: Կարծես երկրի ամբողջ բուսականությունը բաղկացած է միայն խաղողի որդերից և ձիթենիներից:

Նապոլի Հասանք Զատկի օրը, գիշերով:

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Երեք օրվա հանգիստ ծովագնացությունից հետո հասանք Բրինդիզի, ուսկից առինք երկաթուղին դեպի Նապոլի: Կյանքումս առաջին անգամ Իտալիան տեսել էի 1910 թվականին, այն էլ անցողիկ և նրա մի փոքր մասը` Վենետիկը և Միլանը: Այս անգամ որոշել էի այցելել Նապոլի, Հռոմ և, եթե ժամանակս ներեր, Ֆլորենցիա:

Առաջացած տարիքս չէր կարող ինձ խանգարել երիտասարդական ոգևորությամբ հափշտակվելու արվեստների մայր հայրենիքի հրաշալիքներով: Վենետիկը ինձ գրավել է իր մարմարյա պալատներով և սուրբ Մարկոսի տաճարով, իսկ Միլանը իր կաթեդռալով: Բայց չէ՞ որ հռոմեական և իտալական արվեստների կենտրոնը Հռոմն է, այնուհետև Նապոլի և հետո Ֆլորենցիա:

Գարնան սկիզբն էր: Անցնում էինք խաղողի ծաղկազարդ պարտեզների միջով և գնում, գնում անվերջ: Ո՞ւր են գործածում այդչափ խաղող ու ձիթապտուղ: Կարծես երկրի ամբողջ բուսականությունը բաղկացած է այդ երկու պտուղներից: Եվ թվում է, որ մարդ հարբում է, նայելով աջ ու ձախ: Հետո միայն, երբ Հռոմի և Նապոլիի պանդոկներում տեսա խմված գինիի քանակությունը, ասացի, որ իտալացու ստամոքսը նույնչափ լայն է, որ չափ կովկասցիինը:

Նապոլի հասանք ս. Զատկի օրը, գիշերով: Ամբողջ ժամ ու կես քաղաքը կառքով պտտելով, հազիվ կարողացանք ծովափի լավագույն պանդոկներից մեկում երկու սենյակ գտնել: Մյուս օրը Զատիկ երկուշաբթի էր: Բոլոր թանգարաններն ու խանութները փակ էին:

Աստված իմ, ի՞նչքան երիտասարդություն ունի Իտալիան: Այս եղավ իմ առաջին տպավորությունը: Փողոցները լեցուն են 20-ից 30 տարեկան այրերով: Կանայք հազիվ երևում են հատ-հատ. անշուշտ նրանք զբաղված են տնային գործերով: Ա՛խ, այդ կառապանները. կարծես նրանք երդվել են խլացնել մարդկանց ականջները, գոռում են բարձրաձայն և իրենց երկար մտրակները չխչխկացնսւմ օդի մեջ, երևի իրենց ձեռների ուժը ցույց տալու համար: Փողոցները, բացի ծովափից, նեղ են ու կեղտոտ: Այս ու այնտեղ ծլվլալով խաղում են մանկական խմբեր: Տոնի առթիվ նրանք հագնված են մաքուր: Բայց ահա անսովոր մաքրությունը արագ-արագ տեղի է տալիս իտալացի մանուկների սովորական անմաքրությանը:

Ի՞նչ հրաշալի շինություն է Հյումբերթոյի հսկայական գալրին, ուր տեղավորված են քաղաքի լավագույն խանութները և սրճարանները: Այստեղ են ժողովվում գործունյա և անգործ իտալացիները և այստեղ են խմում իրենց Սենծանո ըմպելիքը:

Չնայելով իր աղմկարար բնությանը, իտալացին մեղմ է և սիրալիր: Երբ մի բան հարցնում ես, նա պատասխանում է պատրաստակամությամբ: Երբեմն նա պատրաստ է քեզ ուղեկցել մինչև փնտրած տեղդ: Առանձնապես նրանք ուշադիր են դեպի օտարականները: Նապոլիում կար նույնիսկ կառավարության կողմից նշանակված մի առանձին բյուրո` այսպես ասած օտարականներին օգնելու համար: Եթե ճամփորդը հարստահարված է որևէ իտալացուց, կարող է դիմել այդ բյուրոյին և բավարարություն ստանալ: Ինձ ասացին, որ Իտալիայի ուրիշ քաղաքներում ևս կան այդ տեսակ բյուրոներ: Որքան ինձ հայտնի է, համանման հաստատություն չկա Եվրոպայի ուրիշ երկրներում:

Պանդոկի սալոնում պատահաբար հանդիպեցի մի քանի հայերի, նոր եկած Կիլիկիայից: Նրանք ինձ մխիթարեցին ասելով, որ վերջին կոտորածների ժամանակ զոհված հայերի թիվը այնքան մեծ չէ, որքան լսել էի, այն է` 22500 հոգի: Կիլիկիայի հայ երիտասարդությունը պաշտպանվել է ու կռվել է բացառիկ հերոսությամբ, զարմացնելով ֆրանսիացի սպաներին: Սակայն ֆրանսիացի թղթակիցները հայի հերոսությունները շարունակ վերագրում էին ֆրանսիացուն: Եվ, ո՞վ գիտեք գուցե պատմությունը գրվելու է այդ տեսակ ազգամոլ և ցուցամոլ վկաների խոսքերի հիման վրա:

Հայրիկ, վերջապես ե՞րբ պիտի բարձրանանք Վեզուվին տեսնելու:

Վաղն առավոտյան, — ասացի ես:

ՎԵԶՈՒՎԻ ԵՎ ՊՈՄՊԵՅ

Տրամվայը 15 րոպեում մեզ հասցրեց երկաթուղու կայարանը: Այստեղ, առաջ ու ետ գալու երկու տոմսակների համար վճարելով 86 ֆրանկ, նստեցինք գնացք: Պակաս քան մի ժամում նա մեզ հասցրեց Վեզուվիի ստորոտը: Այստեղ նստեցինք լեռնային երկաթուղի կամ իրապես մի ֆունիքյուլեր, որ սկսեց դանդաղորեն բարձրանալ, լավայի սառած դերբուկներով դեպի վեր և վեր: Աջ ու ձախ սփռված էին գեղեցիկ այգիներ խաղողի: Աշխատավոր գյուղացու կոշտ ու կոպիտ ձեռքը սառած մետաղի վրա ձգել էր հունտը, և նա տալիս էր առատ պտուղ: Որթենիների միջից երևում էր այդ ձեռքը իբրև մի կտրուկ սուր` բնության դաժան կրծքին ցցված:

Որքան վեր ենք բարձրանում, այնքան վարը տեսարանը ընդարձակվում է և գեղեցկանում: Այստեղից է, որ Նապոլին ցույց է տալիս իր ամբողջ փարթամությունը: Շատ եմ տեսել բնության գեղեցիկ տեսարաններ, բայց այդպիսին` երբեք: Բոսֆորը նույնչափ գեղեցիկ է, բայց ոչ այսքան հոյակապ: Իրավունք ունի իտալացին ասելու. Napoli epoi more: Մեռնելու մտադրություն չունեի իհարկե և ոչ էլ ծովն ընկնելու: Ընդհակառակը, այստեղ է, որ մարդ ուզում է ապրիլ ու ապրիլ:

Վերելքը առաջին ֆունիքյուլերով տևեց մոտ մի ժամ: Հետո անցանք երկրորդ ֆունիքյուլերը, որ սոսկալի թեք է և գրեթե ուղղահայաց: Բարձրացանք նրանով մոտ 15 վայրկյան: Երբ իջանք, մեզ դիմավորեց ուղեցույցների մի խումբ, վճարելով յուրաքանչյուրիս համար: Անցանք այն նեղ ուղին, որ տանում է դեպի հրաբուխ, լեռան գագաթով: Դեպի ձախ` բլուր, դեպի աջ` թեք զառիվայր` բաղկացած սառած լավայից: Ուղին այնքան նեղ է, որ բավական է մի անզգույշ քայլ և մարդ կարող է գլորվել դեպի լավայի սև անդունդը:

Սպասի`ր, Մարդարի`տ, ո՞ւր ես վազում, — գոռում էի ես շարունակ, հազիվ կարողանալով հետևել աղջկանս: Բայց այդ աղջիկը չգիտե, թե ինչ ասել է երկյուղ:

Բարեբախտաբար, ուղին երկար չէ, նա տևում է ընդամենը քառորդ ժամ:

Մեզ հետ գնում են մի խումբ անգլուհիներ, որոնցից մի քանիսը մնացել են ֆունիքյուլերի կայարանում, վախենալով անցնել վտանգավոր ուղին: Բայց խելառ է նա, ով կփախչի վտանգից և կզրկվի մի այնպիսի անզուգական տեսարանից, որ կարծես մոգական գավազանի մի հարվածով հանկարծ բացվեց մեր առջև:

Ախ, ի՛նչ գեղեցիկ է, — գոչեց Մարգարիտը և հուզմունքից ընկճված ընկավ հողաթմբի վրա:

Ճիշտ նույն տեղը կանգնած էր անշարժ, ինչպես արձան, բարձրահասակ, նիհար ոսկրոտ դեմքով մի անգլուհի, քթին ակնոց և ձեռքին Բեդեկեր: Կարծես այդ գիրքը նրա վրա ավելի էր ազդում, քան թե բուն տեսարանը:

Վեզուվիի տեսքը մոտիկից այն չէ, ինչ որ տալիս են լուսանկարները հեռվից: Նրա գլուխը սրածայր չէ, այլ տափարակ: Մի ժամանակվա ահռելի հրաբուխը գոյացրել է մի փոս, մոտ մի կիլոմետր տրամագծով: Փոսի հատակը հարթ է և կանաչ-դեղնագույն: Դա սառած լավան է: Նրա կենտրոնից քիչ հեռու կա մի լավայի լեռնակ, մի մեծ եկեղեցու գմբեթի լայնությամբ և բարձրությամբ: Այդ գմբեթի ծայրում կա մի թոնիր մոտ երկու-երեք մետր լայնությամբ: Ահա այդ թոնիրն էդ որ գիշեր-ցերեկ ժայթքում է հուր ու ծուխ: Դա նման է մի նավթային այրվող շատրվանի: Ծուխը, ահագին բարձրությամբ, ոսկեգույն է: Բոլորվելով ինքն իր շուրջը, նա հալած ոսկիի տպավորաւթյուն է անում: Մերթ ընդ մերթ մռնչալով և թնդալով դուրս են արձակվում բոցի հսկայական լեզուներ, և դու զգում ես, որ այնտեղ երկրի կրծքի տակ կա հավիտենական կռիվ: Բարձրանալով վեր, ծուխը հետզհետե փոխում է իր գույնը, մթնում է և կապույտ երկինքը գծում է հորիզոնաձև հավիտենական լայն ժապավենով, որ այնքան գեղեցիկ է հեռվից:

Հրաբխային փասի խորությունն է մեր ոտքերի տակ մոտ 20 մետր: Նրա շրջապատող հողակույտերից այս ու այնտեղ դուրս է գալիս շոգիանման ծուխ, և մարդ այն տպավորությունն է ստանում, թե ահա՛, ահա՛ պիտի պայթի այդ վիթխարի կաթսան և կործանի գեղեցիկ Նապոլին, ինչպես կործանել է մի ժամանակ սքանչելի Պոմպեյը:

Դիտելով տեսարանը, մտածում էի Դանտեի մասին: Միայն այս երկիրը կարող էր տալ «Դժոխք»-ի հեղինակին նրա վառվռուն երևակայությունը: Եվ, ո՞վ գիտե, իր ստեղծագործության միջոցին որքան է ազդվել մեծ բանաստեղծը Վեզուվիից:

Եղանակը ցուրտ է, մենք առանց վերարկուների: Իջանք, մի ուրիշ անգամ նույն տեսարանը գիշերով դիտելու որոշումով:

Մյուս օրը այցելեցինք Պոմպեյը, որ մի ժամվա ճամփա է օթոմոբիլով: Անցանք քաղաքի ամբողջ երկարությունը: Չնայելով իր բնակիչների ոչ այնքան մեծ թվին, Նապոլին շատ ընդարձակ է, բայց միայն իր երկարությամբ: Պոմպեյը Վեզուվիի ստորադասումն է:

Անցանք նրա բոլոր նեղ փողոցները ծայրեիծայր: Իմ իտալացի ուղեցույցս մերթ ընդ մերթ թեքվում էր ականջիս և իմ ուշադրությունս դարձնում աջ ու ձախ: Պոմպեյը լեցուն է զեխության և նամանավանդ ցոփության ու հեշտանքի հիշատակներով: Հետաքրքրական չեն այդ հիշատակները, մանավանդ որ այժմյան մեծ քաղաքների կյանքի համեմատ Պոմպեյի կյանքը մի երեխայական զվարճալիք է: Ավելի հետաքրքրական են այն դիակները, որ դուրս են բերված մոխիրի տակից և որքա՛ն անխախտ են մնացել:

Հեղինակավոր մարդիկ ասում են, որ Պոմպեյի միայն մի մասն է բացված, և որ մոխիրների տակ կան դեռ շատ բաներ:

ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՎ ԱԿՎԱՐԻՈՒՄԸ

Ոչ մի բան այնքան հոգնեցուցիչ չէ, որքան թանգարաններ դիտելը: Աչքերի հոգնածությունը զարմանալի ազդում է մարդուս կազմվածքի վրա: Մի քանի սրահներ անցնելուց հետո մարդու ոտները թուլանում են և զգացումները գրեթե բթանում:

Նապոլիի թանգարանը ինձ վրա խորագույն ազդեցություն է թողել: Իրավ է, նա այնքան մեծ չէ, որքան Վատիկանը կամ Փարիզի Լուվրը, բայց ունի գործեր, որ համաշխարհային արվեստի գերագույն հրաշակերտներ են: Այստեղ է, որ սքանչանում ես Ֆիդիասի և Պրաքսիթելի անզուգական դպրոցներով: Միայն Ֆիդիասի դպրոցի «Հերքուլեսը» և Պրաքսիթելի «Աֆրոդիտեն» բավական է գերազանցելու համար որևէ ամբողջ թանգարան: Հունական արձանագործության բարձրությանը տակավին չէ հասել ոչ մի արվեստ: Նույնիսկ Միքել Անջելոյի գործերը նսեմանում են Բերգամոյի գործերի առջև: Նայեցեք` Հերկուլեսի արձանի մի կոտրված մասը վերանորոգել է Միքել Անջելոն, և որքան տարբերություն վերանորոգվածի և մնացյալ մասերի միջև: Դա մի կաաարյալ կարկատան է:

Օգյուստ Ռոդենը հունական արձանագրության անհասանելի բարգավաճումը վերագրում էր հունական կյանքի պարզությանը: Պայծառ և ջերմ երկնքի տակ Արշիպելագոսի ափերում օրը մինչև երեկո լողում էին մերկանդամ կանայք և տղամարդիկ: Արտիստը դիտում էր այդ մերկ մարմինները և անգիտակցաբար գուցե ուսումնասիրում նրանց ճկունությունը, նրանց բոլոր շարժումները: Որևէ շարժում, որևէ թեքում հափշտակում էր նրան, և արդեն նրա երևակայության մեջ պատկերն ստեղծագործված էր: Նույնը չէ անում այժմյան արձանագործը: Երբ հարկավոր է արտադրել որևէ գործ, նա կանչում է մոդելը և տալիս է նրան այս կամ այն արվեստական դիրքը, ոչ բնականի, այլ իր ճաշակի համաձայն:

Ռոդենը կամեցավ հասնիլ հույների բարձրությանը արվեստական ճամփով: Նա ուներ մի առանձին աթելիե, ուր մերկ կանայք և տղամարդիկ շարունակ անցուդարձ էին անում: Ռոդենը դիտում էր նրանց շարժումները և, երբ մի դիրք նրան գրավում էր, անմիջապես մոդելին հրամայում էր մնալ անշարժ և ինքը սկսում էր աշխատել: Այսուամենայնիվ Ռոդենը չկարողացավ հասնիլ հույների աստիճանին և մնաց կես ճամփին, խոստովանելով իր տկարությունը:

Արձանագործությունը, ինչպես և առհասարակ բոլոր արվեստները, ունի իր մակընթացության և տեղատվության շրջանները: Անհնարին է արվեստական կերպով փոփոխել նրանց: Գուցե անցնին դարձյալ երկու հազար տարիներ, և նորեն երևան գան ֆիգիասներ և պրաքսիթելներ, բայց անցյալը արվեստականորեն վերականգնելու հնարավորությունը չունի և ոչ մի ժամանակակից հանճար:

Նապոլիի թանգարանը ունի այն առավելությունը, որ շատ էլ ընդարձակ չէ: Բայց նրա բոլոր իրերը գլուխ-գործոց են: Ահա թե ինչու դուրս ես գալիս թանգարանից ոչ հոգնած, ոչ ընկճված, այլ ոգևորված և հափշտակված:

—————

Վաղուց լսել էի Նապոլիի նշանավոր Ակվարիումի մասին: Տեսա և կարող եմ ասել չհիասթափվեցի: Փոքրիկ է նա, բայց լեցուն ծովային այնպիսի կենդանիներով, որոնց ես ոչ մի տեղ չէի տեսել: Ահա մի ավազանի մեջ լողում են բազմաթիվ սև կենդանիներ ձիու նման և իրոք դրանք ծովային ձիեր են: Ահա մի ուրիշ ավազանի մեջ ափսեի չափ մի մոխրագույն բան, դա էլեկտրական ձուկ է: Ավազանը բաց է, և դու կարող ես մատդ դնել ձկան մեջքին գտնվող փոսիկի վրա և կզգաս ցնցում: Ահա «մեդուզան», ավելի բարակ, քան ծխախոտի թուղթը և թափանցիկ, ինչպես ապակի: Ահա ծաղիկների մի թուփ բազմաթիվ ճյուղերով. կարծում ես` բո՞ւյս է, ոչ, նա կենդանի է. բավական է մի բան շարժել և այդ վարդանման ծաղիկները իսկույն փախչում են դեպի իրենց բույները: Ամենից հետաքրքրականն այն կենդանին, է, որ կոչվում է «սպռուտ» կամ ֆրանսերեն «բիեովռը». եթե չեմ սխալվում դա այն կենդանին է, որին Վիկտոր Հյուգոն նկարագրել է իր «Ծովային աշխատավորներ» վեպում: Չեմ կարող չնկարագրել այդ կենդանին, որովհետև նա մենակ է իր ավազանում և հզոր, իբրև մի միապետ: Հանգիստ ժամանակ նա փոքր է, ոչ ավելի, քան մի միջակ սեխի չափ. նա կինեմոնագույն է և նման կոկոսի ընկույզի. նա թաքնված է ավազանի խորքում:

Մարգարիտը շարժեց իր թաշկինակը, մերձեցնելով նրան ապակիին: Կենդանին դուրս եկավ թաքստից և ահա այդ ժամանակ երևաց, թե որքան ահռելի է նա. նրա ռետինի պես ճկուն ութ թևերը, որոնց երկայնությունը մոտ կես մետր է, տարածվեցին ջրի մեջ, բացվեց նրա ահռելի բերանը, և այնտեղ երևացին երկու ընկուզաչափ գնդիկներ: Ութ թևերից յուրաքանչյուրի վրա կան երկու տասնյակ ծակեր, վարի կողմը իր զոհին բռնելիս նա իր թևերն արձակում է նրա վրա և հարյուրավոր ծակերով ծծում արյունը:

ՀՌՈՄՈՒՄ

Կուկի գրասենյակը հայտնեց, որ շոգենավը կուշանա երկու շաբաթով: Որոշեցինք երթալ Հռոմ:

Հռոմը աշխարհի թագուհին է, միայն այրիացյալ թագուհին: Փարիզը ոչ իր պատմական անցյալով և ոչ իսկ այժմյան շոգով չի կարող նսեմացնել Հռոմը, արի հնամաշ ծիրանին այնքա՛ն շքեղ է, որքան հին:

Տեսնել Հռոմը, կնշանակե տեսնել անցյալ քաղաքակրթության նկարը իր բոլոր վառ գույներով: Այստեղ պատմական հնությունները այնքան պերճախոս են, որ մարդ երբեք չի հոգնում նրանց դիտելուց: Ես մտադիր չեմ նկարագրել մի առ մի հնությունները. նրանք շատ անգամ են նկարագրված և շատ ավելի հեղինակավոր ձեռքերով: Իմ տպավորությունը այս է: Հռոմը իբրև նոր քաղաք շատ բաներով ետ է մնացել ոչ միայն Փարիզից, այլև Եվրոպայի մյուս մայրաքաղաքներից: Հնություններն են, որ դարձնում են նրան այնքան հրապուրիչ և այնքան գրավիչ: Այդ տեսակետից աշխարհի վրա ոչ մի քաղաք չի կարող մրցել նրա հետ: Միայն մի կոլիզեում արժե ամրողջ մի աշխարհ: Ես ժամերով դիտում էի և սքանչանում ոչ նրա հսկայական մեծությամբ և բարձրությամբ, այլ նրա ճարտարապետական գեղեցկությամբ: Զմայլելի է նրա ոճի պարզությունը և միևնույն ժամանակ խորությունը, իբրև արվեստի հոյակապ ստեղծագործություն:

Վատիկանը շատ մեծ է, շատ ընդարձակ և շատ հարուստ, որպեսզի հնարավոր լիներ երկու խոսքով գծագրել նրա տպավորությունը: Օրեր են հարկավոր նրա յուրաքանչյուր մասը ուշադիր դիտելու համար: Ես չունեի երկար ժամանակ իմ տրամադրության տակ, չէ՞ որ կարող էի շոգենավը փախցնել: Բայց բավական էր և այն, ինչ որ տեսա չորս-հինգ այցելությամբ:

Երկու բան ինձ վրա թողեց ամենախոր տպավորություն, — Ռաֆայելի գալերեան, իբբև նկարչություն և Լաոկոնը և Բելվեդերյան Ապոլոնը, իբրև անդրեագործության: Սիքստինի մատուռը ինձ վրա տպավորություն չգործեց: Պապը շահագործել է Միքել Անջելոյի հանճարը, ստիպելով նրան իր մարգարիտները թափել մթության մեջ: Այո, կատարյալ մթության այս մատուռում. նա այնքան բարձր է, որ առաստաղի հրաշալիքները տեսնել գրեթե անհնարին է: Ահա թե ինչու պահապանը յուրաքանչյուր մի այցելուի տալիս է հայելի, որի միջոցով հազիվհազ կարողանում ես քիչ թե շատ բան տեսնել: Գալով պատերի նկարներին, նրանք ևս մութն են նախ` մատուռի լույսի պակասության պատճառով ու ապա` շարունակ վառ մոմերի ծուխից: Մարդ այստեղ ավելի վրդովվում է, քան զմայլվում: Չգիտեմ իրավացի՞ եմ, թե՞ ոչ, բայց ինձ թվում է, որ եթե Միքել Անջեյոյի և Ռաֆայելի հանճարները կաշկանդված չլինեին պապերի պատվերներով և նրանց կրոնամոլությամբ, ավելի զմայլելի գործեր պիտի տային:

Հնությունները թափառելու ժամանակ ոճրագործ Ներոնի պատկերն ես տեսնում ամենուրեք, մանավանդ, այնտեղ, ուսկից նա դիտել ու հիացել է Հռոմի հրդեհով:

Ս. Պետրոսի տաճարը ազդում է իր հոյակապությամբ: Նա ամենամեծն է աշխարհի բոլոր տաճարներից: Հարկավ իր ճարտարապետությամբ նա չի թողնում այնպիսի խոր տպավորություն, ինչպես գոթական ոճը, բայց նա շքեղ է:

Նույն տպավորույունը չի թողնում Ս. Պողասի տաճարը: Այստեղ ոսկին այնքան առատ է, որ տաճարը կայսերական պալատի է նմանում: Այդ տաճարը քաղաքից դուրս է ու զարմանալի:

...Այն մարդիկ, ար տասնյակ և հարյուրավոր միլիոնների տերեր էին, այժմ ահռելի կարիքի մեջ են: Այստեղ հանդիպեցի ի միջի այլոց և Գուչկովի ընտանիքին, — այն մարդուն, որ Նիկոլայ II-ի մոտ էր ուղարկված առաջարկելու, որ նա հրաժարվի գահից: Այդ մարդուն ես համարում էի Ռուսիայի և մանավանդ Կովկասի դժբախտության պատճառը: Նա էր, որ իբրև զինվորական նախարար ստորագրել էր տխրահռչակ թիվ 1 հրամանը, և այդ հրամանն էր, որ ի միջի այլոց քայքայեց ռուս զորաբանակը Կովկասում. զորքերը հեռացան, թուրքերը մտան Կովկաս, ու հետևանքը եղավ Բաքվի ու Շամախու 20000 հայերի կոտորածը, որոնց թվում և 18 հոգի իմ ազգականներից:

Վատիկանից հետո առաջին տեղն են բռնում Կապիտոլիի թանգարանները: Այստեղ է Պրաքսիտելի նշանավոր Վեներան, մերկ, ամոթխած. նա այնքան ռեալական է, որ երբ պահապանը պտտցրեց նրան պատվանդանի վրա, քովս կանգնած մի տիկին գոչեց.

Նայեցե՛ք, պիտի խոսե, պիտի խոսե:

Հռոմ եղածս ժամանակ բանվոր դասակարգը շարժման մեջ էր: Գրեթե ամեն օր տեղի էին ունենում ցույցեր փողոցներում և հրապարակների վրա:

Բանվոր ամբոխը, հետևելով կարմիր դրոշակներին, որոնցից մի քանիսի վրա նկարված էր Լենինը, աղաղակում էր, — Կեցցե՛ բոլշևիզմը, կորչի՛ բուրժուազիան:

Բանվորական արվարձաններում տների վրա կավիճով գրված էին նույն բառերը:

Այս շարժմանը մեծ նշանակություն էին տալիս, և շատերը համոզված էին, որ շուտով Իտալիայում ևս տեղի պիտի ունենա նույնը, ինչ որ Ռուսիայում: Այն ժամանակ ֆաշիստների մասին խոսք չկար, բայց կառավարությունը ուներ 25000 կարաբիններ, կազմ ու պատրաստ հեղափոխությունը զսպելու համար:

Որքան Նապոլիում այրերն են աչքի ընկնում, նույնքան Հռոմում կանայք: Գեղեցիկ են նրանք ընդհանուր առմամբ: Բարձրահասակ չեն, բայց, երբ աչքերդ սովորում են հունական կամ հռոմեական արձաններին, սիրում ես իտալուհու միջին հասակը և մտածում, որ կինը չպիտի լինի շատ էլ բարձրահասակ: Հռոմի փողոցներում չի նկատվում այն լկտիությունը, որ այնքան ակնհայտ է Փարիզում: Գոնե արտաքուստ թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ համեստ են համեմատաբար:

ՆՈՐԵՆ ՆԱՊՈԼԻՈՒՄ

Վերադարձանք Նապոլի խոր տպավորության ներքո:

Ցավում էի, որ այդքան ուշ եմ տեսնում Հռոմը: Մարդ որքան շատ է դիտում արվեստի հրաշալիքները, այնքան շատ է սիրում կյանքը: Սակայն այն արվեստն է ազդեցիկ, որ կյանքի արտադրությունն է: Ըստ իս ամենահանճարեղ դասականները ամենախոր ռեալիստներն են. այսպես են հունական ու հռոմեական արվեստները, մանավանդ արձանագործությունը: Ռեալիզմը ինքնըստինքյան պարունակում է իր մեջ և էմպրեսիոնիզմը, և սխալ է կարծել, որ անբնականը կարող է տպավորվել մարդու հոգու վրա:

Ժամանակակից և հին հռոմեական արձանագործության մեջ կա ահագին անդունդ նրբության տեսակետից: Նույն անդունդը կա նույն տեսակետից հին հունական և հին հռոմեական արձանագործության մեջ: Երբ թանգարանի մի սրահից անցնում եք մյուսը, զգում եք, որ մի ուրիշ աշխարհ տեղափոխվեցիք: Հարկավ յուրաքանչյուրը ունի իր բարձրությունը, բայց ես խոսում եմ տպավորության աստիճանների մասին: Փարիզի Լյուքսեմբուրգում կան ժամանակակից հրաշակերտներ, բայց դրեք այնտեղ ոչ հունական, այլ նույնիսկ միջին դարերի մի գործ և կտեսնեք, թե որքա՛ն նսեմանում են նրանք:

Որքան մեծ է ժողովուրդի հետաքրքրությունը դեպի արվեստները, այնքան մեծ են նրա արվեստագետները: Երբ Բենվենուտո Չելինիի որևէ արձանը ձուլվում էր, ամբողջ Հռոմը հետաքրքրվում էր` արդյոք պղինձը հաջո՞ղ դուրս կգա: Այժմյան արվեստները ծառայում են շուկային, իբրև ստրուկ: Այժմյան արտիստը պատվեր է փնտրում և այն պատվերն է ընդունում, որ առատ է վարձատրվում: Այսպես են ամենքը, այսպես էր նույնիսկ Ռոդենը, որ վերջերը դարձել էր կատարյալ մի էնտյուսթրիըլ, չնայելով որ ուներ ահագին հարստություն: Այդպես չէին Ֆիդիասը, Պրաքսիտելը, այսպես չէին և հռովմեական արտիստները:

Նախկին տպավորություններս վերստուգելու համար Հռոմից հետո նորեն այցելեցի Նապոլիի թանգարանը և ոչ մի հիասթափում:

Հռոմում և Նապոլիում ես հիանում էի իտալական ժողովուրդի երգեցողությամբ: Ոչ մի ժողովուրդ չգիտե այնպես հաճելի և, որ գլխավորն է, այնքան կանոնավոր երգել, որքան միջին իտալացին: Հիշում եմ սրանից 14 տարի առաջ, երբ մի գիշեր ես գոնդոլայով մեն մենակ շրջում էի Վենետիկի ջրերում, իմ նավավարը, որ մի առույգ ծերունի էր, հանկարծ սկսեց երգել մի կտոր Վերդիից: Անմիջապես հեռավոր նավավարները ձայնակցեցին նրան: Քիչ անցած աջ ու ձախից բացվեցին լուսամուտներ և այնտեղից լսվեց կանանց ձայնակցություն: Դա մի գեղեցիկ համերգ էր, որ երբեք չեմ մոռանա:

Նապոլիի կաֆեներում, երբ օրկեստրը նվագում է Ռոսինիից կամ Վերդիից մի կտոր, անկարելի է, որ իտալացի հաճախորդները չերգեն: Փարիզի կաֆեներում էլ երբեմն պատահում է, որ երգում են, բայց որքա՛ն մեծ տարբերություն: Ֆրանսիացին ընդհանրապես երաժշտական ձայն չունի ու երգում է միշտ սխալ, բայց միշտ գոհ է իր ձայնով:

Մի անգամ ծովափում, մի ճաշարանի առջև տեսա մի շատ սրտաշարժ տեսարան, մոտ 1015 կույրերից բաղկացած մի խումբ նվագում և երգում էր. հարցրի`

Ո՞վքեր են դրանք:

Նախկին զինվորներ, որոնք կուրացել են գազից պատերազմի ժամանակ:

Ամբոխը նրանց վարձատրում էր առատությամբ:

Երգում են նույնիսկ մուրացկանները, և դու հաճույքով ես տալի քո ողորմությունը:

Բայց որքան հաճելի է իտալացու ձայնը, երբ նա երգում է, նույնքան անախորժ է, երբ խոսում է: Սքանչելի իտալական լեզուն, որ այնքան գեղեցիկ է հնչում թատերական բեմից, միանգամայն աղավաղվում է փողոցներում, մանավանդ երբ իտալացին վիճաբանում է:

Նապոլիի փողոցները, բացի մի քանիսից, չափազանց նեղ են, այնպես որ տեղ-տեղ, ձեռներգ տարածելով աջ ու ձախ, դու կարող ես շոշափել թե՛ մեկ, թե՛ մյուս պատը: Մի բան, որ աչքի է ընկնում ամենուրեք, այդ լվացքն է: Մաքրասեր է արդյոք իտալացին թե ոչ, դա էլ խնդիր է: Բայց նրա ճերմակեղենը միշտ շարեշար կախված է օդի մեջ և պատշգամբների վրա: Նույն բազմաթիվ շարքերով կախված է և մակարոնին: Ախ, այդ մակարոնին. ամիս ու կիսվան մեջ ես կարծեմ իմ ճամփորդության երկայնությամբ մակարոնի կերա:

ՆԱՎԻ ՎՐԱ

Վերջապես Կուկը հաղորդեց, որ «Բեզերա» նավը եկել է և վաղը ուղևորվում է դեպի Ամերիկա: Տոմսակները վաղուց գնված էին, անցել էինք բժշկական քննությունից, և ես համոզված էի, որ բոլոր ձանձրալի ձևականությունները վերջացած են: Այդպես չեղավ: Նապոլիի նավահանգստում մենք ստիպված եղանք մոտ 2 ժամ սպասել մեր հերթին` ամերիկյան բժշկի կողմից ևս քննվելու համար: Բանն այն է, որ յուրաքանչյուր ճամփորդ պիտի ապացուցաներ, թե Նապոլի եկել է ոչ պակաս քան 20 օր առաջ: Եղան վայրկյաններ, որ պատրաստ էի տոմսակներս պատռել, դեն ձգել և գեղեցիկ Իտալիան գերադասել անծանոթ Ամերիկայից:

Երբ, վերջապես, ոտք դրեցի շոգենավի տախտակամածի վրա, ինձ թվաց, որ բանտից արձակվեցա: Շոգենավը առաջնակարգ չէր և ոչ էլ նոր, բայց մեծ էր:

Տարբեր տեսք ունի Վեզուվին ծովից, ավելի գեղեցիկ, ավելի վիթխարի: Արևը թեքվել է դեպի մուտքը, արձակելով իր վերջին շողերը լեռան վրա և զգեստավորելով նրան բյուրավոր գույներով: Ծխի աշտարակը սակայն ոսկեգույն է շարունակ և կարծես իր հրավառությամբ մրցում է արեգակի հետ: Հաղթությունը նրանն է: Չքացան արեգակի ճառագայթները, իսկ Վեզուվին մնաց վեհ իր մեծության մեջ: Շուտով գիշերը նրան էլ հաղթեց. նոսր մշուշը նախ մանիշակագույն, ապա մոխրագույն ծածկեց լեռը, և Վեզուվին չքացավ:

Այս անգամ ճամփորդները գրեթե բացառապես իտալացիներ էին: Դրանք մեծ մասամբ Ամերիկայից էին, որ իրանց զինվորական պարտքը մայր հայրենիքին վճարելուց հետո վերադառնում էին դեպի իրանց սովորական աշխատանքը, Ամերիկա: Վաճառականներ էին, արհեստավորներ և մեծ մասամբ հյուրանոցների և ճաշարանների տերեր: Շուտով բարեկամացա մի քանիսի հետ: Մեկը նրանցից ինձ զգուշացրեց իր հայրենակիցների դեմ:

Նյու Յորքի նավահանգիստը հասնելով, դուք կհանդիպեք տիպերի, որոնք կառաջարկեն ձեզ իրենց ծառայությունը: Դրանք մեծ մասամբ իտալացիներ են և մասնավորապես նապոլիտացիներ: Մի՛ ընդունեք նրանց ծառայությունը: Ցավում եմ ասել, որ իմ հայրենակիցները Ամերիկայում գովելի վարք չունեն:

Այս պարզախոսությունը ինձ մի փոքր տարօրինակ թվաց:

Նապոլիից մինչև Պալերմո 12 ժամվա ճամփա է: Ծովը հանդարտ էր, նավը կանգ առավ և ամբողջ օրը մնաց Պալերմոյի առջև: Որքան էլ գեղեցիկ լիներ այդ քաղաքը հեռվից, չունեցա ցանկություն նրան տեսնել մոտիկից, աչքի առջև ունենալով իտալական քաղաքների անխուսափելի աղտոտոթյունը, որ այնքան փչացնում է ճամփորդի տպավորությոլնը:

Անցանք Թունիսի ջրերով: Ափերը չեն երևում, բայց աֆրիկյան մթնոլորտը արդեն զգացվում է: Մոտենում էինք Ալժիրի ջրերին: Ահա հետզհետե ծովի մակերեսի վրա գծագրվում է Աֆրիկայի հողը: Ահա երևում են տներ և խոշոր զորանոցներ: Ի՛նչ հարուստ բուսականություն: Չէի երևակայում:

Նապոլիից մինչև Ալժիր քաղաքը երեք օրվա ճամփա է, և նավը կտրում է Միջերկրականի լայնությունը: Քաղաքը մեծ չէ. նրա ճերմակ տները տեղավորված են իրարու կռնակին այնքան սեղմ, որ ամբողջ քաղաքը մի միապաղաղ շինության տպավորությունն է անում, ինչպես մի բուրգ:

Շոգենավը այստեղ պիտի մնա 3 օր` ջուր և ածուխ վերցնելու համար: Եկան խարխուլ նավակների վրա արաբ կուլիների խմբեր: Աստվա՛ծ, որքան նիհար են նրանք, որքա՛ն արագաշարժ և արագախոս: Մոտեցան ածխակիր նավերը, և աշխատանքը սկսեց եռալ: Կուլիները սև և տաժանակիր աշխատանքը կրում են նույն թեթևությամբ, ինչպես եգիպտացի ֆելլահները: Մինչ մի ուրիշ երկրի բանվորը պիտի տքներ և հեծեր ածուխի կապարյա ծանրության ներքո, կուլին շարունակ երգում է ու զվարճախոսում. փույթ չէ, որ նրա փոխարեն հեծում է նրա հարստահարված հայրենիքը օտարների բռունցքի տակ: Ո՞վ գիտե, գուցե ապագա պատմությունը այդ ածուխի սև փոշիով մրոտե նույն օտարի տիրապետությունը, իբրև հավիտենական նախատինք մարդկային անարդարություն:

3 օրվա դառն աշխատանքը վերջացավ: Կուլիները, ստանալով իրանց ողորմելի օրավարձը, հեռացան իրանց նավակների վրա, օդը լեցնելով բարձրաձայն ծիծաղով ու քրքիջով: Նավը, որ ծածկվել էր սև փոշիով, ծայրեիծայր լվացվեց նավաստիների ձեռքով: Ճամփորդները շունչ առան:

Իջա ծովափ քաղաքը դիտելու: Մի փոքրիկ հրապարակ ծովի եզրում, այնուհետև աջ ու ձախ և դեմառդեմ ձգվում են նեղ ու զառիվեր փողոցները: Հրապարակի մի ծայրում կա մի փոքրիկ մզկիթ. ջերմեռանդ մուսուլմանները, մեկիկ-մեկիկ մտնելով նրա գավիթը, ավազանի մեջ թրջում են իրանց բազուկները ու երեսը ջրով և մտնում մզկիթ իրանց կեսօրվա նամազը կատարելու: Լուռ են նրանք և խորհրդավոր, ինչպես սֆինքսներ: Նրանք ճերմակ ծածկոցները ֆռֆռում են օդի մեջ, որպես կատաղի մոլեռանդության խորհրդանշաններ: Բարձրահասակ են նրանք, գեղակազմ և հպարտ իրենց կրոնամոլության մեջ: Նրանց բրոնզագույն դեմքերը հիշեցնում են միջնադարյան արձաններ, անդորր և անզգա: Կարծես չկա երկրի երեսին մի երևույթ կամ մի հրաշք, որ զարմացնե նրանց, որ շարժե նրանց երեսի մկանունքը: Պարզ երևում է, իր նրանց հոգին կենտրոնացած է Ղուրանի ու միայն Ղուրանի վրա և այնտեղ է տեսնում ոչ միայն իր հավիտենական, այլև ներկա երջանկությունը: Ի՞նչ փույթ նրան, որ երկիրը գրավել է գյավուրը և ծծում է նրա հարստությունը: Ի՞նչ փույթ նրան, որ ճերմակ քաղաքի բոլոր հարուստ տները ու շքեղ խանութները իրենը չէ, և ինքը ուրիշ ոչինչ է, եթե ոչ ստրուկ: Նա ազատ է դավանելու իր կրոնը, նա ազատ է ծնկաչոք աղոթելու մզկիթներում, որքան կամենում է: Եվ այսքանը բավական է նրան: Նույնը բավական է և գյավուրին, որպեսզի նա իր կեղեքիչ ճանկը ավելի ու ավելի խորը խոթե երկրի կրծքի մեջ:

Next page