Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Ալժիրի ջրերից անցանք Մարոքի ջրերը: Եվրոպական ափերը հետզհետե գծագրվում են ջրի երեսին, Միջերկրականի լայնությունը քանի գնում կրճատվում է, և ահա մենք Ջիբրալտարի նեղուցի մեջ ենք: Դեպի ձախ` Աֆրիկայի, դեպի աջ` Սպանիայի ափերը: Ինչպես Բոսփորն է մերձեցնում Ասիային Եվրոպային, նույնպես Ջիբրալտարը մերձեցնում է Եվրոպան Աֆրիկային, այն տարբերությամբ, որ Ջիբրալտարի նեղուցը երկու-երեք անգամ ավելի լայն է Բոսֆորից:

ՕՎԿԻԱՆՈՍԻ ՎՐԱ

Առաջին անգամն էի ոչ միայն ճամփորդում, այլև տեսնում օվկիանոսը: Երբ երկիրը բոլորովին աներևութացավ, ինձ պաշարեց մի տարօրինակ թախիծ: Թվաց ինձ, որ բոլորովին անջատվեցի երկրագնդից և ընկա նոր տարերքների գիրկը: Մռայլ է այն միտքը, թե 810 օր պիտի մնաս ենթակա այս անհուն տարածության քմահաճույքներին: Շատ եմ ճամփորդել ծովերով, շատ եմ տեսել փոթորիկներ, բայց երբեք ծովերը ինձ այնքան երկյուղ չեն ներշնչել, որքան օվկիանոսը, նույնիսկ իր անդորրության մեջ:

Այնտեղ ծովերի վրա երկիրը գրեթե միշտ քովդ է և, եթե երբեմն չի երևում, կարծես հովանավորում է քեզ: Այստեղ ջրի և երկնքի մեջ ես, և այն միտքը, թե մի քանի մղոն է այդ ջրի խորությունը, ճնշում է քո հոգին: Փրկության օղակը, որ կախված է քո անկողնի գլխին կամ քո բարձի տակ, թվում է քեզ ծաղր: Նույնն են թվում քեզ և շոգենավի ամենավերին տախտակամածի վրա շարեշար կանգնած փրկարար նավակները: Բայց օվկիանոսը հանդարտ էր. ոչ մի թեթև հողմ ջրերի հարթ մակերևույթի վրա, ուրախ-ուրախ ցատկոտում էին չարաճճի դելֆինները, աջ ու ձախից ուղեկցելով մեզ հեռո՛ւ, հեռո՛ւ:

Մի առավոտ կեսօրեն հետո հանկարծ շոգենավի սուլիչը սկսեց երկարատև փչել: Բոլոր ճամփորդները սալոններից և իրենց խցիկներից վազեցին դեպի տախտակամածը, կարծելով, որ ինչ-որ դժբախտություն է պատահել: Հայտնվեց վերջապես, որ այդ մի փորձ էր: Նավապետը ուզեցել է գիտնալ, թե փորձանքի միջոցին ճամփորդները կարո՞ղ են գտնել իրենց նավակները: Ես իմ նավակի ոչ տեղը գիտեի և ոչ համարը, հակառակ որ տոմսակի վրա նշանակված էր: Ես ջրից մեծ երկյուղ ունեմ: Եվ հավանական է, որ եթե նավը խորտակվեր իսկ, կամավոր կերպով ինքզինքս չպիտի հանձնեի ալիքների հաճույքին: Թող նրանք գային և կլանեին ինձ:

Երկու օրվա անդորրությունից հետո օվկիանոսը մի առավոտ ծածկվեց մշուշով, նախ նոսր, ապա հետզհետե թանձր ու թանձր: Երկինքը աներևութացավ: Շոգենավը սկսեց երերվել: Ալիքները աջից ու ձախից սկսեցին զարնվել նրա կողերին, նախ` կարծես խաղալով, ապա` ավելի ու ավելի ուժգին թափով: Շոգենավը տնքաց, լսվեց նրա ճարճատումը: Սուլիչը շարունակ փչում էր, զգուշացնելով պատահական նավերին: Ալիքները քանի գնում, այնքան վեր ու վեր էին ցայտում, և նրանց ճերմակ բաշերը բարձրանում էին ավելի վեր, քան տախտակամածը: Վիթխարի նավը դարձավ նրանց խաղալիքը, ինչպես մի տաշեղի կտոր: Մերթ նա բարձրանում էր ալիքների գլուխը, և դու նրա կտուցի առջև տեսնում էիր խոր ու մութ վիհեր: Թվում է, որ ահա՛, ահա՛ նա պետք է խորտակվելով կլանվի այնտեղ: Բայց նա չէր կլանվում և քաջությամբ մաքառում էր տարերքների հուզման դեմ:

Ինչո՞ւ մահվան այս մերձավորության ժամանակ մարդը ավելի խորը թախիծով է հիշում հայրենիքը: Ինչո՞ւ նրա մերձավորները և բարեկամները այնքան կենդանի են պատկերանում նրա աչքերի առջև: Թերևս այս է պատճառը, որ ես չէի հեռանում տախտակամածից և` երկու ձեռներով ամուր բռնած ապահովության համար ձգված հաստ պարանը` դիտում էի ջրերի խորությունը, չանսալով նավաստիների զգուշացմանը: Իսկ սուլիչը շարունակ փչում էր, և դու ամեն մի վայրկյան սպասում էիր, թե ահա՛, ահա՛ տեղի պիտի ունենա սոսկալի ընդհարումը: Չէր անձրևում: Ալիքները, նավի մի կողմով բարձրանալով, հոսում էին տախտակամածի վրայով դեպի մյուս կողմը, տանելով իրանց հետ ինչ որ կարելի էր տանել: Բավական էր, որ մի վայրկյան ձեռներս հեռացնեի պարանից և ինձ նույնպես պիտի տանեին: Բարեբախտաբար, նավի երերումը չի ազդում ինձ վրա, ու ես չեմ հիշում, որ երբևէ իմ ստամոքսը տուժած լինի նրանից: Իմ անհանգստությունը միայն հոգեկան էր, ուրեմն և ավելի սաստիկ:

Մահը չէր, որ ինձ սարսափեցնում էր (վաղուց է, որ ես նրան արհամարհում եմ), այլ իմ զավակի կյանքը և մանավանդ հայրենիքի հեռավորությունը:

Ճամփորդները թաքնվել էին սալոններում և իրանց խցիկներում: Միայն մի քանի ինձ նման բնության չարիքին ու բարիքին խելառ սիրահարներ` տախտակամածի վրա բևեռված` դիտում էին տարերքների կատաղությունը: Ըստ երևույթին նրանց տպավորությունը շատ խորն էր, վասնզի երբեմն մեկը կամ մյուսը նրանցից գոռում կամ աղաղակում էր:

Փոթոբիկը տևեց կես օր: Այնուհետև մառախուղը սկսեց նոսրանալ և հետզհետե չքանալ: Երկինքը պարզվեց. այնտեղ ամպերի և ոչ մի կույտ. կարծես ոչինչ չի պատահել, կարծես կատարվածը մի տարերային տեսարան էր, եկավ ու գնաց: Ճամփորդների բազմությունը, որ այնպես լռիկ ու մնջիկ թաքնվել էր իր խցիկներում, դուրս թափվեց: Կանայք ծիծաղում ու քրքջում էին, իսկ տղամարդիկ աշխատում էին ցույց տալ, թե փոթորիկը բնավ չի անհանգստացրել նրանց: Ճաշի ժամանակ սեղանատունը կեսի չափ դատարկ էր: Նապոլիից մինչև Նյու-Յորք մեր ճամփորդությունը տևեց 18 օր: Երբ հեռավոր հորիզոնի վրա աղոտ նկատվեցին Ամերիկայի ափերը, ճամփորդներին տիրեց ուրախություն, իսկ ինձ թվաց, որ եբազումս եմ: Չէ՞ որ Ամերիկան տեսնելը եղել է իմ լավագույն երազներից մեկը:

Ահա՛ վերջապես:

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Առաջին օրերը

Շոգենավը կես ժամի չափ կանգ առավ Հըտսընի առջև: Շոգեշարժ նավակներով եկան ինչ-որ պաշտոնյաներ, կատարեցին ինչ-որ ձևակերպություններ: Այդ միջոցին նայեցի դեպի օվկիանոս և զարմացա: Այնտեղ, ոչ այնքան հեռավոր հորիզոնի վրա, օդի մեջ նկարված էին ոսկյա տներ ու աշտարակներ, մի ամբողջ քաղաք:

Ի՞նչ է այդ, — գոչեցի ես, չկարողանալով զսպել հիացումս:

Դա Գոնի Այլէնտ է. զվարճալի է նա Նյու-Յորքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու:

Չնայելով, որ արեգակը տակավին չէր թաքնվել, այնտեղ էլեկտրական միլիոնավոր լապտերները լուսավառվել էին շինությունների վրա, ու հեռվից քաղաքը թվում էր ոսկեղեն:

Շոգենավը հանդարտիկ մտավ Հըտսըն և մերձեցավ հսկայական նավահանգստին: Արդեն վաղուց երևում էին Նյու-Յորքի հռչակավոր «երկինք քերողները» և ամենից առաջ Սինկըրի տունը:

Նորեն ձևակերպություններ, նորեն խոչընդոտներ: Նավի ընդարձակ սալոնը լեցվեց բազմաթիվ պաշտոնյաներով, որոնք պիտի քննեին մեր թուղթերը: Ես զգացի իմ անզորությունը, լեզու չգիտեի: Բարեբախտաբար, գտա մի պաշտոնյա, որ գիտեր մի քանի բառ ֆրանսերեն: Նա հանձնեց մեզ մի թխադեմ ու սևաչյա օրիորդի, որ նույնպես պաշտոնյա էր: Օրիորդը մաքուր ֆրանսերենով տվեց մեզ մի շարք հարցեր:

Ի՞նչ ազգից եք, — հարցրեց նա ի միջի այլոց:

Հայ ենք:

Օրիորդն ժպտաց սիրալիր:

Ձեր անո՞ւնը:

Շիրվանզադն:

Օրիորդր գրիչը ձգեց սեղանի վրա և ոտքի ելավ, գոչելով.

Ահ, դուք եք. թույլ տվեք ներկայանալ. ես հայուհի եմ:

Եվ մենք խոսեցինք այնուհետև հայերեն:

Ես իսկույն կհայտնեմ ձեզ հարգողներին` քաղաք:

Նա վազեց դեպի տելեֆոն, ծառաներին հրամայելով դուրս տանել մեր իրեղենները:

Ա՛հ, սիրելի հայրենակցուհի, ցավում եմ, որ մոռացել եմ քո անունը:

Երբ մաքսատնից վերադարձա շոգենավիս սալոնը` մի ժամից հետո, ամերիկյան պաշտոնյաները արդեն հարբած էին: Նավը հարուստ էր իտալական ըմպելիքներով և ազատ` ամերիկյան օրենքներից: Ինձ ասացին, որ ամեն անգամ, երբ օտար նավ է գալիս, ամերիկյան պաշտոնյաները երերվելով են հեռանում նրա սալոններից, և կառավարությունը չի պատժում նրանց:

Հազիվ անցել էր կես ժամ օրիորդի հեռանալուց, երբ օթոմոբիլով եկան երեք հայ երիտասարդներ մեզ դիմավորելու:

Մենք հայ Դրամատիկ Ընկերության ներկայացուցիչներն ենք, — ասացին, — թույլ տվեք ձեզ առաջնորդել:

Հարկավ խորին շնորհակալությամբ ընդունեցի հյուրընկալ հայրենակիցներիս առաջարկությունը: Նրանք մեզ առաջնորդեցին քաղաքի կենտրոնական մասում գտնվող մի միջնակարգ հյուրանոց, ուր և վարձեցին երկու ընդարձակ, լուսավոր և մաքուր սենյակներ, օրական 8 դոլլարով:

Հանգստացեք ձեր ճամփորդութենեն. վաղը կուգանք նորեն, — ասացին ու հեռացան երիտասարդները:

Առաջին տպավորությունս հաճելի էր: Հաճելի էր ինձ համար դիտել հեռավոր հայրենիքի խորքերից գաղթած այդ երիտասարդների վառվռուն դեմքերը, եռանդուն շարժումները: Ամերիկյան դրոշմն էր երևում նրանց յուրաքանչյուր շարժման և արտասանության վրա:

Մյուս օրը, չսպասելով հյուրընկալ երիտասարդների գալստյան, դուրս եկա` քաղաքը պտտելու. չէի կարող համբերել:

Հազիվ թե աշխարհի երեսին գտնվի մի ուրիշ մեծ քաղաք, ուր նորեկ այցելուն կարողանա այնչափ դյուրին ընտելանալ փողոցներին, որքան Նյու-Յորքում:

Յոթը միլիոն բնակիչներ ունեցող այս հսկան բաժանված է 225 զուգահեռական փողոցների` իր երկայնությամբ: Լայնությունը բաժանված է 12 ավընյուների, որոնք քաղաքի մի ծայրից սկսվելով հասնում են մինչև մյուսը: Այդ ավընյուների երկայնությունը ավելի կամ պակաս 40 կիլոմետր է: Փողոցները կրում են թվահամարներ: Միայն քաղաքի մի անկյունը, դեպի օվկիանոս, ունի անկանոն և ոչ թվերով փողոցներ: Այստեղ է քաղաքի և, եթե կամենաք, ամբողջ Ամեիիկայի վաճառականական և մանավանդ բանկային կենտրոնը: Նեղ չեն փողոցները այստեղ այնքան, որքան թվում են, տների բարձրությունն է սեղմում նրանց: «Երկինք քերողները» գտնվում են քաղաքի միայն մի քանի տասնյակ փողոցների վրա. մնացյալները սովորական եվրոպական տներ են: Հողի թանկությունն է ստիպում ամերիկացիներին քաղաքի ամենաեռանդուն մասում այդքան բարձրացնել շինությունները: Այս է պատճառը, որ տների լայնությունը չի համապատասխանում նրանց բարձրությանը, և այդ է պատճառը, որ բարձր տները աշտարակների տպավորություն են անում, մանավանդ որ նրանց վերին մասը ավելի նեղ է, քան վարինը: «Երկինք քերողների» միջին բարձրությունն է 2580 հարկ, ամենաբարձր «քերողն» է Վուլվորթ բիլդինգը: Նա ունի 58 հարկ: Պատկանում է այդ շինությունը մի նախկին երկրագործի, որ գյուղից քաղաք գալով, բաց է արել աժանագին մի խանութ. հետո երկրորդը, երրորդը և այլն: Այժմ նա ունի նման խանութներ գրեթե ամբողջ Ամերիկայում: Այդ խանոլթներում ամեն իր արժե 5 և 10 սենթ: Եվ դուք այնտեղ կարող եք գտնել ամեն ինչ, որ կամենաք: Միայն չխաբվիք ինձ նման. 10 սենթ արժե մի գուլպան և ոչ զույգը:

Իմ հյուրանոցը գտնվում էր երկու գլխավոր և ամենահարուստ ավընյուների` Բրոդվեյի և Ֆիֆթ ավընյուի միջև: Առաջինի վրա են թատրոնները, շարժապատկերները և այլն. երկրորդի վրա են ամենաշքեղ և ամենամեծ խանութները. այստեղ է, որ եռում է կյանքը: Ով Նյու-Յորքը չի տեսել, հազիվ կարողանա երևակայել նախ` նրա շարժումը, ապա` նրա լուսավառությունը:

Մի օր, հետաքրքրությունից դրդված, ես համրեցի Ֆիֆթ ավընյուի վրա անցնող օթոմոբիլները և, 20 րոպեի մեջ, ես համրեցի երկու հազար: Փարիզի շարժումր խաղալիք է Նյու-Յորքի համեմատ: Ինձ ասացին, Նյու-Յորքը ունի մեկ միլիոն օթոմոբիլ, այսինքն` յուրաքանչյուր 7 հոգուց մեկը. մինչ Փարիզն ունի 50 հոգու համար մի օթոմոբիլ: Սակայն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Նյու-Յորքում արկածների թիվը ավելի պակաս է, քան Փարիզում: Ըստ իմ դիտողության, դրա պատճառը ոչ այնքան ոստիկանական կարգապահությունն է, որքան ժողովրդի բնավորությունը: Ֆրանսիացին անհամեմատ պակաս կարգասեր է, քան ամերիկացին և բնավ սառնասիրտ: Որքան և փողոցներում շարժումր մեծ լինի, ամերիկացին չի վազում, չի շտապում. հասնելով փողոցի անկյունը, նա համբերությամբ սպասում է այն վայրկյանին, երբ ոստիկանի ձեռափայտը նշան է անում նրան անցնելու: Ֆիֆթ ավրնյուն անցնելու համար սպասելու նշանը տրվում է բարձր երկաթյա աշտարակներից, էլեկտրական գունավոր լույսերով: Եթե անցորդը մի մայթից մյուսր անցնե ոչ փողոցի անկյունով, այլ միջով կամ առանց նշանին սպասելու, կառավարը պատասխանատու չէ նրա արկածի համար:

Մի բան ինձ զարմացրեց առաջին իսկ օրը` — ձեռնափայտի բացակայությունը: Ես չտեսա մի ամերիկացի, երիտասարդ թե ծեր, որ ձեռնափայտ ունենար, չտեսա նաև մի ծերունի, որ քայլեր ձեռները մեջքի վրա դրած: Արդարև, զարմանալի ամուր և կանգուն է ամերիկացիի մեջքը: Նա քայլում է գլուխը միշտ բարձր պահած, միշտ նայելով դեպի հեռավոր հորիզոնը: Այդ տեսակետից առանձնապես աչքի են ընկնում մանավանդ ամերիկուհիք: Ուրախ, կայտառ անցնում են նրանք, արագ, բայց հպարտ քայլերով և նայում են մարդու երեսին համարձակորեն: Գեղեցիկ են նրանք, գեղեցիկ է մանավանդ նյու-յորքուհին:

Ո՞վ ասաց, որ ամերիկուհին ճաշակ չունի: Ես ոչ մի տեղ չեմ տեսել ոչ միայն այնքան հարուստ, այլև այնքան շնորհալի հագնված կանայք, որքան Նյու-Յորքում: Եվ ի՛նչ համակրելի են նրանց դեմքերը, որքա՛ն մեղմություն և բարություն կա նրանց աչքերի մեջ: Երբեմն կատարյալ մանկական է նրանց հայացքը, և դու, կամա-ակամա համակրում ես նրան: Սակայն զգույշ: Չլինի թե հափշտակվիս, կնամոլ ասիացին այստեղ դեր չունի, նա չի կարող իր վավաշոտ հայացքը բևեռել որևէ անծանոթ ամերիկուհիի վրա: Ոչ մի երկրում կինն այնքան պաշտպանված չէ լկտի անցորդներից, որքան Ամերիկայում: Բավական է, որ դու քո անհամեստ նայվածքով ձանձրացնես մի կնոջ, և ահա նրա հրամանով ոստիկանը քեզ կձերբակալե:

Նույն չափով պաշտպանված են և մանուկները: Փողոցներում նրանք ազատորեն խաղում են, վազվզում, թռչկոտում, խանգարելով անցորդների երթևեկը: Ոչ ոք ունի իրավունք նրանց վրա բարկանալու:

Հարկավ, կանայք երբեմն ի չարն են գործ դնում իրանց արտոնությունը: Բայց օրենքի պաշտպանությունը շատ փորձանքներից է ապահովում գեղեցիկ սեռը:

Տղամարդիկ հանգիստ են, որ իրանց կնոջը կամ քրոջը ոչ ոք չի կարող դրսում վիրավորել` մենակ եղած ժամանակ, գիշերվա որ ժամին որ լինի:

Չպիտի կարծել, որ օրենքն է միայն զսպում ամերիկացի տղամարդին` կնոջ վերաբերմամբ: Իր բնավորությամբ նա ժուժկալ է և պարկեշտ: Նա գիտե հարգել կնոջը, ոչ իբրև թույլ էակի, այլև իբրև հավասար մարդու: Նախ և առաջ մարդն է, որ նա տեսնում է յուրաքանչյուր կնոջ մեջ: Կինը նրա աչքում հաճույքի առարկա չէ, այլ հավասար մի էակ, հավասար յուր հոգեբանությամբ: Երբ ամերիկացին, «ասանյոր»-ի մեջ կին տեսնելով, գլխարկը վերցնում է, զգում եք, որ դա շոզոքորթություն չէ, այլ իսկապես հարգանք: Շատ եմ տեսել ռուսներ և ռուսահայեր, որոնք ստրկորեն թեքվում են կնոջ ձեռքը համբուրելու` այն պահին, երբ նրանց աչքերի արտահայտությունը նողկանք է ազդել իմ վրա: Ամերիկացու դեմքը, կնոջ ներկայությամբ, երբեք չի արտահայտում վավաշոտություն:

ՆՅՈՒ-ՅՈՐՔԸ ԳԻՇԵՐԸ

Գեղեցի՞կ է արդյոք Նյու-Յորքը իբրև քաղաք: Այո, եթե կամենաք. միայն աչքերդ պիտի ընտելանան նրա տարօրինակ գեղեցկությանը: Այդ բարձրագագաթ տները չեն ճնշում մարդու հոգին, նրանք այնքան թեթև են իրանց պողպատյա ամրությամբ հանդերձ, որ թվում է, թե թղթից են շինված. լուսամուտները անթիվ, անհամար և այնքան մոտիկ իրարու, որ կարծես շենքերը միայն նրանցից է բաղկացած:

Գիշերն է, որ ցույց է տալիս Նյու-Յորքի գեղեցկությունը: Մինչ Փարիզի փողոցները պտտելով աջ ու ձախ հազիվ տեսնում եք տների վրա մի լուսավոր կետ, Նյու-Յորքում բոլոր լուսամուտները վառվում են: Ամերիկացին անխնա է լուսո վերաբերմամբ. բոլորովին չափազանություն չի լինի, եթե ասեմ, որ միայն Բրոդվեյ փողոցը մի գիշերվա մեջ ավելի լույս է ծախսում, քան ամբողջ Փարիզը: Եվ լույսերը այստեղ մեռյալ չեն, այսինքն` անշարժ, այլ միշտ խաղում են. ռեկլամներ են դրանք, որ ներկայացնում են բազմաթիվ առարկաներ, նայելով առևտրական տների մասնագիտությանը: Այդտեղ գրեթե չեք տեսներ մի տուն, որի ֆասադը ազատ լինի ռեկլամից: Միայն քաղաքի վերի մասը, ուր հարուստների առանձնարաններն են, ազատ է ռեկլամների հոսանքից. բայց այստեղ ևս լույսը առատ է: Երբեմն նայելով դեպի երկինք, զարմացմամբ տեսնում ես ինչ-որ շարժուն լուսնյակներ. դրանք «երկինք քերողներ»-ի գմբեթներն են:

Նյու-Յորքի փողոցները գիշերները զվարճասեր ամբոխը երևում է մինչև ժամը մեկը. այնուհետև ամեն ամեն ոք իր տանն է: Ամերիկացին զվարճանում է ինչպես երեխա, լինի նա ծեր, թե երիտասարդ: Գիշերային դանսինգներում ալեզարդ ծերունիները պարում են նույն ոգևորությամբ, ինչպես պատանիներ, և դու զարմանում ես, թե ինչպես չեն հոգնում այդ մարդիկ:

Ցերեկվա ծանր աշխատանքից հետո, պարը ամերիկացու և մանավանդ ամերիկուհու համար գերագույն զվարճությունն է: Երկրորդ տեղն է բռնում շարժապատկերը և կրկեսը: Թատրոնը և ուրիշ արվեստները նրանց չեն գրավում: Մինչ դրամատիկական թատրոնները գրեթե դատարկ են, սինեմաները և դանսինգները միշտ լեցուն: Բոլոր խոշոր սինեմաների առջև ամեն երեկո տեսնում եք հաճախորդների ահագին բազմություն, որ գառնուկային համբերությամբ սպասում է իր հերթին: Սինեմաների թիվն է Ամերիկայում 50000 և ոչ մեկը նրանցից չի կարող գանգատվել: Որքան արկածալի է սյուժեն, նույնքան հետաքրքրական է ամերիկացու համար: Ի՞նչ փույթ նրան, որ սինեմայի նյութը հաճախ անբնական է, նրա նյարդերի վրա են շահում իրենց միլիոնները չառլի չապլինները, ֆաթիները և մերի պիկֆորդները, այն ժամանակ, երբ Անգլիայից եկած թատերական դերասանները չնչին գումարներով են բավականանում:

Սխալ է կարծել, թե ամերիկացուն կարելի է զարմացնել Եվրոպայից եկած որևէ նորությամբ: Ամերիկացին միշտ հետաքրքրվում է, բայց երբեք չի զարմանում: Ինչ հրաշք ևս կատարվի բեմի վրա, ամերիկացին չի հափշտակվի, կնայե և միայն կասե` «օլռայթ»:

Շատ էի լսել ու կարդացել Նյու-Յորքի չինական արվարձանի մասին: Երևակայությանս մեջ դա սոսկալի ոճիրների մի աշխարհ էր: Կարդացել էի, որ այնտեղ անհետացել են շատ ճամփորդներ: Մի գիշեր մի հյուրընկալ հայ հրավիրեց ինձ այնտեղ: Գնացինք հեռո՛ւ, հեռո՛ւ, նեղ ու կեղտոտ փողոցներ, ամբոխային ճաշարաններ, գիշերային իջևաններ` մուրացկանների համար:

Բայց ո՞ւր են ոճրագործ չինացիք, — հարցրի ես ուղեկցիս:

Չինացի՞ք, ահա նրանք, — ասաց նա, ցույց տալով պատերի տակ կուչ եկած մի քանի ողորմելի պատկերներ:

Դրա՞նք են հռչակավոր ոճրագործները:

Ոչ, դրանք անմեղ աշխատավորներ են, կիսամերկ, կիսակուշտ. ոճրագործներ չկան: Այո, մի ժամանակ եղել են այստեղ չինական թեյարաններ, ուր և արդարև կատարվել են մի քանի ոճիրներ. այժմ կառավարությունը փակել է այդ թեյարանները:

Հետաքրքրական ոչինչ չկար: Մենք վերադարձանք:

ՀԱՅԵՐԻ ՄԵՋ

Հայերի թիվը հաշվում են Ամերիկայում 110120000, տեղավորված են նրանք մի քանի տասնյակ քաղաքներում, իրարից հեռու, բայց ոչ անջատ: Գլխավոր հայաբնակ քաղաքներն են` Նյու-Յորք, Բոստոն, Չիկագո, Վուստր և Ֆրեզնո:

Գրեթե ամբողջ հայությունը այստեղ բաժանված է կուսակցությունների: Իմ ժամանակ կային չորս կուսակցություններ` դաշնակցական, ռամկավար, հնչակյան, սոցիալ-դեմոկրատիկ և վերակազմյալ հնչակյան: Կազմվում էր մի հինգերորդը, կոմունիստական կամ բոլշևիկյան:

Մի երեկո ես, թատերասեր, արագախոս և ճեպընթաց պ. Հարություն Փիլաֆյանի ուղեկցությամբ, այցելեցի կուսակցական «կլուբ»-ները, ուր միայն կարելի է տեսնել հայեր: Ամենուրեք գտա սիրալիր ընդունելություն, տոգորված հայրենասիրական զգացումներով:

«Կլուբ» ասելով չպիտի երևակայել այն, ինչ որ գիտենք: Դա ուրիշ ոչինչ է, եթե ոչ հասարակ սրճարան, ուր այցելուն հյուրասիրվում է տաճկական սուրճով: Յուրաքանչյուր կլուբ ունի մի բավական մեծ սրահ կուսակցական ժողովների համար և մի առանձին սենյակ ընթերցանության համար:

Բացի կլուբներից, հայություն կարելի է տեսնել զանազան երեկույթներում: Գրեթե չի անցնում մի օր, երբ տեղի չունենան մի քանի երեկույթներ կամ ներկայացումներ զանազան քաղաքներում: Գոնե այդպես են ցույց տալիս տեղական լրագրերում տպվող անթիվ ազդերը և հայտարարությունները: Երեկույթները միշտ կուսակցական են: Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում կա մի կամ երկու թատերախումբ, կան և թատերագիրներ, որ ad-hoc թխում են պիեսներ ամենաարյունալի բովանդակությամբ և ներկայացնում հօգուտ կուսակցական գանձարանի: Ես չեմ եղել այդ ներկայացումներին, բայց կարդացել եմ մի քանի պիեսներ և իհարկե սարսռել:

Համեմատաբար հանդուրժելի են երեկույթները. կան բավական շնորհալի երգողներ ու նվաղողներ, որոնք, սակայն, աշակերտական վիճակից դենը չեն անցնում: Թե երեկույթները և թե ներկայացումները միշտ լեցուն են հանդիսականներով. կանայք գալիս են ծծկեր երեխաների հետ, որոնք, հարկավ, նույնպես մասնակցում են նվագին և երգերին: Չպիտի վրդովել, գործավոր ընտանիքներ չեն, չունին աղախին կամ դայակ, որոնց հանձնեին իրանց փոքրիկներին:

Կլուբները մաքրության կողմից անգոսնելի չեն: Սրահի հատակը միշտ լեցվում է ծխախոտի մնացորդով: Հաճախորդները նստում են գլխարկներով ու վերարկուներով, խոսում և վիճաբանում են բարձրաձայն` խանգարելով ընթերցարանի անդորրությունը: Յուրաքանչյուր կլուբի քննադատությունը, մյուս կուսակցությունների վերաբերմամբ, վերին աստիճանի ծայրահեղ է:

Նյու-Յորքի հարուստ դասակարգը չի այցելում կուսակցական կլուբները: Նա աշխատում է խուսափել նույնիսկ երեկույթներից և ներկայացումներից: Ապրում են այդ հարուստները առանձնակի, յուրաքանչյուրն իր ճաշակով: Չեմ կարծում, որ այդ ճաշակը շատ էլ նրբացած լինի: Մտավորապես նրանք տակավին հեռու են քաղաքակրթությունից` եվրոպական իմաստով, դոլլարն է միայն, որ կազմում է նրանց գոյության Ալֆան ու Օմեգան: Եվ պետք է ասել, որ այս տեսակետից նրանք բավական հառաջադիմել են: Կան անուններ, որոնց հետ կապված է միլիոնների վարկ, բայց այդ ինձ շատ էլ չի ուրախացնում: Կատարվում է այստեղ նույնը, ինչ որ մի ժամանակ Մոսկվայի և Պետերբուրգի հայ գաղութների մեջ. որքան լեցվում է հայ հարուստի գրպանը, նույնքան դատարկվում է նրա սիրտը և նույնքան նրա հոգին հեռանում է հայրենիքից: Հարկավ, երբ սիրտը դատարկ է, գլուխը չի կարող լեցուն համարվիլ: Կան հարուստներ Նյու-Յորքում և Բոստոնում, որոնց պիտի կորած համարել ազգային տեսակետից, չնայելով նրանց երբեմնակի շպրտած գումարներին «ազգի համար»: Ես ծանոթացա մի քանի հարուստների հետ, որոնց զավակները և ոչ մի բառ գիտեին հայերեն: Կուսակցական խտրությունը երբեմն զվարճալի է ամերիկահայության մեջ: Այսպես, օրինակ, երբ մի անծանոթ անցորդի մասին հարցնում ես մեկինո՞վ է անծանոթընա ոչ թե անունը կամ արհեստն է ասում, այլ պատասխանում է. հնչակյան է կամ ռամկավար, կամ դաշնակցական: Մի օր նախաճաշում էի մի հայկական ճաշարանում, ներս մաան մի խումբ անծանոթ հայեր: Ճաշարանի տերը մի փոքր շփոթվեց, երբ այդ մարդկանց չէր տեսել: Ես հարցրի նրան.

Ո՞վքեր են:

Չեմ ճանճնար, բայց հավանական է, որ վերակազմյալ ըլլան:

Ինչե՞ն գիտեք:

Ճանըմ, քալվածքներեն:

Հայտնվեց, որ մարդիկ սոսկ հայ մասնագետներ են: Նրանցից մեկը մոտեցավ ինձ և ասաց.

Վարպետ, ընկերներուս կողմեն պատիվ ունիմ ձեզ հրավիրելու այսօր ճաշի:

Ներեցեք հարցնել, դուք ովքե՞ր եք:

Մասնագետները զանազան ճյուղերի: Եկեր ենք Ամերիկայի այլևայլ կողմերեն մեր տարեկան ընդհանուր ժողովին: Այսօր մեր նիստերը ավարտեցան և ահա այս առիթով ունինք ընկերական ճաշ: Հույսով ենք, թե կբարեհաճեք գալ:

Ուրախությամբ:

Երեկոյան գնացի: Մի միջնազարգ պանդոկի սրահում հանդիպեցի 3040 տակավին երիտասարդ հայերի: Էնժեներներ էին, ճարտարապետներ, մեքենապետներ և այն:

Ճաշի ընթացքում արտասանվեցին մի շարք հուզումնալից ճառեր, որոնցից զգացի, թե որքան մոտ է մարդկանց հոգին հայրենիքին: Դա ինձ համար Նյու-Յորքում անցուցած լավագույն ժամերից մեկն էր:

ԱՅՍԲՐԻ ՊԱՐԿՈՒՄ

Մի խումբ թատերասերներ ցանկություն հայտնեցին իմ պիեսներից մեկը խաղալ իմ ղեկավարությամբ: Ես, հարկավ, շնորհակալությամբ ընդուեցի այդ սիրալիր առաջարկը, քանի որ, Կ. Պոլսից սկսած, ես այդ միջոցավ էի լրացնում իմ ճամփորդության ծախքերը: Բայց տաքերը արդեն սկսել էին, ուստի ներկայացումը հետաձգվեց աշնան: Ես Մարգարիտի հետ տեղափոխվեցի օվկիանոսի ամառանոցներից մեկը, Այբրի պարկը, որ Նյու-Յորքից 2/2 ժամվա ճամփա է: Շաբաթը մի կամ երկու անգամ գալիս էի քաղաք` փորձերը ղեկավարելու:

Նյու-Յորքի շոգերն ամառը անտանելի են` ավելի քան Թիֆլիսինը: Տների բարձրությունը, գործարանների մուխը, օթոմոբիլների ծուխը գոյացնում են մի խեղդուկ մթնոլորտ: Բնակիչները միակ զովությունը ստանում են արագաշարժ օթոպյուսների վերին հարկերի վրա: Ճշմարիտ է, Նյու-Յորքը ունի մի ահագին պարկ, բայց այնտեղ ծառերը այնքան նիհար են և խեղճուկ, որ հազիվ կգտնվի մի ստվեր: Երեկոները, հոգնած բազմության միջոց ունեցող մասը վազում է օթոմոբիլներով քաղաքից դուրս: Այնտեղ կան ընդարձակ և գեղեցիկ ճամփաներ և ծառուղիներ` օվկիանոսի կամ Հըտսընի ափերի վրա: Այս ու այնտեղ տեսնում եք գույնզգույն ղամբարներով առատորեն լուսավորված ճաշարաններ: Թող ռուսը կամ կովկասցին չմոլորվի. ոգելից ըմպելիքներ չկան: Ամերիկյան կառավարությունը դաժանորեն պատժում է թե՛ վաճառողներին և թե՛ խմողներին, բայց, ավա՛ղ, չկա օրենք, որ չունենա փախչելու ելք: Շատ անգամ եմ ճաշել ու ընթրել Նյու-Յորքի պանդոկներում կոնյակով և գինիով. հարկավոր է միայն կաշառել սպասավորներին, որոնց հոգեբանությունը շատ չավ ուսումնասիրել էր իմ բարեկամ Մ. Թաշճյանը: Նույնչափ գիտեին սպասավորների մերժումը հաղթել և իմ մշտական հաճելի ուղեցույցներ և սեղանակիցներ` Հայկ Հրամանտարյանը և Առաքել Թաթիլյանը: Այս երեք սիրելի հայրենակիցներիս եմ պարտ Նյու-Յորքում անցուցած ժամանակիս մեծ մասը:

Այսբրի պարկում ժամերով զբոսնում էի օվկիանոսի ափերում և դիտում ամերիկացիի ամառային կյանքը: Ամբողջ օրը ծովը լեցուն էր լողորդներով. այստեղ, ինչպես և Ֆրանսիայում, կանայք և տղամարդիկ միևնույն լողարանը ունին: Մայրերը, առանց շփոթվելու, թույլ են տալիս իրանց աղջկերանց լողալ թեկուզ անծանոթ երիտասարդների հետ: Համոզված են նրանք, որ առաքինությունը այս մերձավորությունից բնավ չի տուժի և որ յուրաքանչյուր աղջիկ իր ուսերի վրա գլուխ ունի:

Բայց ահա անհասկանալին. նեգրերի լողարանը, զատ է. և վա՛յ այն սևամորթին, որ կմերձենա ճերմակների լողարանին: Առհասարակ ամերիկացիների ատելությունը դեպի սևամորթները անսահման է. սևամորթը չունի իրավունք ճերմակ կնոջ հետ որևէ տեղ երևալու, որքան ևս նա լինի հարուստ կամ դիրքավոր: Նա զգույշ է, վասնզի գիտե, որ անմիջապես կենթարկվի լինչի օրենքին: Իսկ դուք գիտեք, որ այդ օրենքը չի ճանաչում ոչ մի մարդասիրություն և չունի ոչ մի պատասխանատվություն: Գուցե ամերիկացին ունի իրավունք իր արյունը անխառնուրդ պահելու համար, գարշելու սևամորթից, բայց և այնպես այս անմարդավայել խտրականությունը վատ է ազդում ճամփորդի վրա:

Ֆրանսիայում դուք չեք տեսնիլ նույն խտրականությունը սևերի վերաբերմամբ: Այստեղ նրանք ֆրանսիացիներին հավասար քաղաքացիներ են, և ես չեմ նկատում, որ Ֆրանսիան դրանից տուժած լինի:

Նեգրերը Ամերիկայում, ընդհանուր առմամբ, առողջ են, բարձրահասակ, ամրակազմ: Արդարև ես ժամերով հիանում էի նրանց բրոնզյա մարմնի կանոնավոր կազմվածքով և մանավանդ մկանունքների ճկունությամբ: Կանոնավոր և, եթե կամենաք, նույնիսկ գեղեցիկ են և նրանց դեմքերի գծերը: Նույնը չեմ կարող ասել կանանց մասին. նրանք ևս բարձրահասակ են ու ամրակազմ, բայց գեղեցիկ չեն դեմքով: Ասում են «նեգր»-ները չափազանց հանդուգն են, և, եթե նրանց տրվին ճերմակների հավասար իրավունքներ, կդառնան վտանգավոր: Չգիտեմ, բայց նրանք երևելի սպասավորներ են և ծառաներ, ոչ մի եվրոպացի ծառա, արագության կողմից, չի կարող մրցել նրանց հետ: Պանդոկներում բավական է, որ մատդ սեղմես զանգակի կոճակին, և ահա վայրկյան չանցած` նեգրը ցցված է քո առջև` լուռ, որպես արձան: Նույնն է նեգր սպասավորը ամենուրեք` և՛ ճաշարաններում, և՛ երկաթուղու գնացքներում, և՛ կայարաններում:

Այսբրի պարկը Նյու-Յորքի ծովափնյա լավագույն ամառանոցներից մեկն է: Այնտեղ կան սքանչելի վիլլաներ, որ հարկավ պատկանում են մեծահարուստ ամերիկացիներին: Ինձ ասացին, որ այդտեղ սեփականատերեր են միայն բուն ամերիկացիները. օտար եկվորները տեղ չունին այնտեղ, կամ ունին շատ քիչ: Բանն այն է, որ ամերիկացին դյուրությամբ չի վաճառում իր կալվածքը օտարին և առհասարակ աշխատում է խուսափել նրա հարևանությունից: Այս տեսակետից ամենից արհամարհվածները սևամորթներն են, հետո հրեաները, այնուհետև սպանիացիները:

Իսկ հայե՞րը, — հարցրի ես խոսակցիս:

Հայերը, վարպետ, բարեբախտաբար այդ արհամարհանքին չեն արժանացել:

ՀԱՅԵՐԻ ՎԱՐԿԸ

Հայերի վայելած վարկի մասին բավականաչափ տեղեկություններ ստացա ես մի քանի լավատեղյակ անձերից և մասնավորապես պատվելի Պենեյանից, որ սերտ կապեր ունի բուն ամերիկացիների հետ: Նա ոգևորությամբ պատմեց մի շարք փաստեր, որ բնորոշ են բուն հայ ժողովրդի բարոյական պատկերի համար: Առևտուրի մեջ ամերիկահայը ամերիկացու չափ շիտակ է և գիտե անարատ պահել իր վարկը: Ամերիկահայությունը ընդամենը հազիվ 40-ամյա գաղութ է, բայց արդեն ունի մի խումբ առևտրականներ, որոնք վայելում են անսահման վարկ բանկերում: Մինչև այժմ ոչ ոք նրանցից ի չարը գործ չէ դրել այդ վարկը: Դպրոցներում, հայ աշակերտները, իրանց աշխատասիրությամբ և ընդունակությամբ, գրեթե առաջին տեղն են բռնում նորեկ տարրերի մեջ: Կան տաղանդավոր բժիշկներ, փաստաբաններ, ճարտարապետներ և պրոֆեսորներ, որոնք նույն հեղինակությունն ունին, ինչ որ իրանց ամերիկացի արհեստակիցները:

Պ. Պենեյանը ի միջի այլոց պատմեց մի հայ ատամնաբույժի մասին, որ պատերազմի ընթացքում հրաշքներ է գործել: Այսպես, օրինակ, շռապնելը ամբողջովին կտրում է մի գնդապետի ծնոտը, ատամնաբույժը անմիջապես կտրում է մի նոր սպանված զինվորի ծնոտը և փակցնում գնդապետի դեմքին: Այժմ այդ գնդապետը ողջ և առողջ է, և դժվար է նկատել, որ ծնոտը ուրիշի է: Անգլիական կառավարությունը հրավիրում է հայ ատամնաբույժին Լոնդոն:

Սակայն, այս բոլորից ավելի ինձ ուրախացրեց մի ուրիշ բան: Մի օր Լեկսինկտըն ավընյուում, երբ նստած էի համեստ գորգավաճառ Գանձյանի խանութում, լուսամուտից դեմառդեմ մայթի վրա տեսա խռնված մի բազմություն:

Այդ ի՞նչ է, — հարցրի ես:

Այդ շինության մեջ կա բարեգործական ընկերությունմը. վաղը ջրորհնենք է. տոնի առիթով այսօր ընկերությունը աղքատ ընտանիքներուն ուտելիք և հագնելիք կբաժնե:

Նայեցի. մարդիկ դուրս էին գալիս այդ տնից ծանրապես բեռնավորված զանազան իրերով` սկսած ուտելիքից մինչև խաղալիքներ երեխաների համար:

Վարպետ, դուք այդտեղ կտեսնեք ամեն ազգի չքավորներ, բացի բուն ամերիկացիներից և հայերից: Հայը Ամերիկայում երբեք չի մուրար, որքան ևս անոթի լինի նա:

Հետո ես ստուգեցի պ. Գանձյանի ասածը և գտա միանգամայն իրավացի: Այո, հայը չի մուրում Ամերիկայում. նախ, նա մուրացկանությունը համարում է ամոթալի, երկրորդ, վտանգավոր իր վարկի համար: Սակայն ո՞վ է այդ հայը: Հայաստանի խորքերից` Խարբերդից, Մալաթիայից, Սվազից, Մուշից, Վանից և այլ խուլ անկյուններից կիսամերկ ու գրեթե ոտաբոբիկ եկած գյուղացի: Իր հայրենիքից նա իր հետ ոչինչ չի բերել` բացի իր կոշտ ձեռներից, հզոր կամքից և անհատական ու ազգային ինքնասիրությունից: Բայց արդեն այսքանը բավական է նրան, Ամերիկայի միլիարդները նրան չեն շփոթեցնում, էլեկտրական առատ լույսը նրան չի կուրացնում. առողջ դատողությունն է նրա ղեկավարը և համառ աշխատասիրությունը: Ահա նա, ցերեկը` խոհանոցներում պնակներ է լվանում կամ փողոցներ է մաքրում, երեկոները` լեզու և արհեստ սովորում: Երբեմն նա գիշերում է փողոցներում` եթե եղանակը թույլ է տալիս: Նա չի ամաչում իր ցնցոտիներից: Նա համարձակ նայում է հարուստների երեսին, նա մտածում է` եթե աշխատանքն է այս երկրի թագուհին, ապա ես ցույց կուտամ, թե ինչպես պետք է աշխատելԵվ նա աշխատում է սոսկալի համառությամբ ու տոկունությամբ, արհամարհելով ձմեռվա սառնամանիքը, ամառվա շոգը: Անցնում է մի քանի տարի, և ահա նա ոտքի վրա է` արհեստավոր թե առևտրական, արդեն նա իր գլխի տերն է: Երբ արդեն փոքրիշատե կուշտ է նրա ստամոքսը, հայրենիքի վիճակն է, որ պաշարում է նրա հոգին:

Next page