Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

ՀԱՐՖՈՒՐՏՈՒՄ

Կալիֆոռնիա գնալուցս առաջ հրավեր ունեի Հարֆուրտից: Այդտեղ ևս կազմակերպվել էր մի ներկայացում տեղական թատերասերների կողմից: Դա մի փոքր քաղաք է: Ֆրեզնոն հայտնի է յուր արդյունաբերությամբ, Հարֆուրտը հայտնի է յուր բանկերով և յուր համալսարանով: Նա ունի ընդամենը, որքան հիշում եմ, 150000 բնակիչ. ունի մի գեղեցիկ պարկ և մի գեղեցիկ քաղաքային շինություն, իր «Կապիտալ» է կոչվում. այդտեղ ես տեսա Վաշինգտոնի հոյակապ արձանը ձիու վրա:

Սիրում էի ժամերով նստել, զբոսնել այդ պարտիզում, որ գրեթե միշտ ամայի էր ցերեկը: Գործնական ամերիկացիները միայն երեկոները, ճաշից առաջ, ունին մի ժամ ազատ, զբոսնելու իրանց ընտանիքների հետ:

Ամերիկյան քաղաքները ընդհանուր առմամբ ձանձրալի են անգործ ճամփորդի համար: Այդտեղ դուք զուր կփնտրեք Փարիզի կամ Բեռլինի կաֆեները: Սինեմաներ, ահա ո՛ւր կարող եք տեսնել բազմությունը: Ճաշարանները լեցուն են կեսօրին և երեկոյան` միայն կես ժամով ոչ ավելի: Հարկավ ամերիկացու ախորժակը նույնքան մեծ է, որքան ուրիշներինը, բայց նա ժամանակ չունի և չի էլ սիրում ուտելուն նվիրել ժամեր:

Պետք է ասել, որ եվրոպացին էլ չունե այդ սերը: Միայն ռուսները և մենք, կովկասցիներս ենք, որ երկար ժամերով և շատ անգամ գիշերը մինչև լույս նստում ենք սեղանի շուրջը, անվերջ ուտում, անվերջ խմում: Ես չեմ տեսել, բայց լսել եմ, որ կովկասյան այդ սովորությունը կա Նորմանդիայում և Հարավային Ֆրանսիայում: Լսել եմ, որ Հարավային Ֆրանսիայում հյուրերին գինովցնելու երջանիկ ցանկությունը նույնքան սովորական է, որքան Կովկասում:

Հարֆուրտի մեջ առանձնապես իմ աչքին ընկավ ոստիկանությունը: Ասում են ոստիկանությունը Ամերիկայում նույնքան կոպիտ է, որքան ամենուրեք: Ես այդ բանը չտեսա: Միշտ մաքուր հագնված, միշտ լրջադեմ, միշտ ճերմակ ձեռնոցներով: Հարֆուրտի ոստիկանները հաճելի տպավորություն են անում մարդի վրա. և դուք զգում եք, որ այստեղ ապահով եք կոպտությունից և ամենազոր կաշառակերությունից: Ձեր հարցերին փողոցային ոստիկանը պատասխանում է սիրալիր պատրաստակամությամբ: Այստեղ դուք կարող եք կրկնել, երեքնել ձեր հարցերը, փույթ չէ, ամերիկյան ոստիկանը չի ձանձրանում, չի վրդովվում: Ֆրանսիական ոստիկանը նույնչափ քաղաքավարի է. բայց առաջին վայրկյանին, եթե դուք նրա պատասխանը իսկույն չհասկանաք, նա ներվայնանում է և կորցնում իր սառնությունը:

Հարֆուրտի նեղ փողոցներում օթոմորիլների շարժումը նույնչափ մեծ է, գուցե, որչափ Նյու-Յորքում: Բայց տեսեք, մի հատիկ ոստիկան կանգնած քառուղիի վրա, որ ունե 78 փողոց, ինչպես է աջ ձեռի շարժումով ղեկավարում անթիվ օթոմոբիլների ընթացքը: Կառապանների հայացքը հառած է նրա ճերմակ ձեռնոցի վրա այնպես, ինչպես երաժիշտների հայացքը խմբապետի ցպիկի վրա:

Ութ ամսվա մեջ ես միայն մի անգամ տեսա փողոցային կռիվ, այն էլ Հարֆուրտում: Երկու երիտասարդներ, մոտենալով իրարու, խոսեցին, վիճաբանեցին և հանկարծ երկուսն էլ դեն ձգեցին իրանց բաճկոնները և սկսեցին բռնցքահարել իրարու: Մի վայրկյանում խմբվեց ահագին բազմություն և ոչ ոք մերձեցավ կռվողներին բաժանելու: Մեկը երիտասարղներից վար ընկավ քիթը ջարդված, նորեն ոտքի ելավ կռիվը շարունակելու: Ամբոխը հրճվանքով նայում էր անվրդով: Վերջապես մոտեցավ ոստիկանը, կռիվը դադարեց, և կռվողները հետևեցին նրան դեպի ոստիկանություն: Ամբոխի մեջ երիտասարդները ծափահարեցին հաղթողին:

Առհասարակ ոչ մի երկրում բռնցքահարությունը (բոքս) այնքան հարգի չէ, որքան Ամերիկայում: Ահագին միլիոններ են ծախսվում այդ սպորտի վրա: Ինձ ասացին, որ ամերիկյան բոքսյոր Դեմպսին այժմ տասնյակ միլիոնների տեր է: Դեմպսին ճերմակ է, բայց սևերն են, որ տալիս են մեծ թվով բոքսյորներ: Դուք նրանց կհանդիպեք գրեթե բոլոր կիսաթատրոններում կամ, ինչպես Ամերիկայում են ասում, «Բյուրլեսք»-ներում: Եվ ոչ մի պիես, ոչ մի երաժշտություն կամ ներկայացում ամերիկացուն այնքան չի հափշտակում, որքան բոքսը: Սակայն չնայելով սրան, ամերիկացին այդտեղ ևս մնում է հակառակորդ սևամորթին: Նա չափազանց վշտանում է, երբ սևամորթն է հաղթում: Նույնիսկ կառավարությունը այդ դեպքում աչառու է:

Իմ Ամերիկա եղած ժամանակս նա հրատարկեց մի օրենք, որով արգիլվում է 38 տարեկանից ավելի բոքսյորին հրապարակ ելնել: Այդ օրենքի թելադրող պատճառն այն էր, որ 38 տարեկան մի նշանավոր սևամորթ բոքսյոր Դեմպսիին կռվի էր հրավիրել: Ամերիկացիները վախենում էին, մի գուցե իրանց պաշտելին հաղթվեր. իսկ կառավարությունը վախենում էր արյունահեղ ընդհարումից` երկու հակառակորդ ցեղերի մեջ:

Հարֆուրտում ես եղա մի քանի անգամ, բայց առիթ չունեցա այնտեղի հայությունը ուսումնասիրելու: Ես տեսա նրան միայն մի անգամ իմ պիեսի ներկայացմանը: Հյուրասիրվեցի մի ընտանիքում: Ցավում եմ, որ չեմ հիշում նրա անունը, ինչպես և սիրալիր թատերասերների անունները, դժբախտաբար կորցրած լինելով իմ հուշատետրերի մի մասը:

ԱՂԵՏԻ ՎԱՅՐՈՒՄ

1

Քանի մոտենում ենք Լենինականին, այնքան գնացքը դանդաղեցնում է իր ընթացքը: Նախավերջին կայարանից սկսած նա գնում է գրեթե բեռնատար սայլի դանդաղությամբ: Այդպես չի եղել առաջ. պարզ է, որ երկրաշարժը վնասել է և երկաթուղուն, աղավաղելով նրա գիծը, և մեքենավարը բավականաչափ զգույշ է հին աղետին մի փոքրիկը չավելացնելու համար:

Ինձ հետ միևնույն կուպեում գնում է մի տաճկահայ ընտանիք: Տիկինը մերթ աջ, մերթ ձախ լուսամուտով ստեպ-ստեպ գլուխը դուրս է բերում և անհամբեր նայում: Անգլիական կրթությամբ մի երիտասարդ պոլսուհի է, զվարթ, կենսախինդ: Նրա ամուսինը համակրելի դեմքով մի երիտասարդ է, ինչ-որ առևտրական գործեր ունի Լենինականում: Գնում է այնտեղ ստուգելու իր կրած վնասների չափը: Երկուսն էլ անհոգ են նյութական կորստի վերաբերմամբ, ցավում են միայն ազգաբնակության կորուստների և մարդկային զոհերի մասին:

Ես ոչ մի պայմանով չեմ համաձայնվիլ զավակիս հետ կենալ բացօթյա կամ վրանին տակ, — ասում է տիկինը, գրկելով իր երեքամյա զավակին, որ մի զարմանալի հանգիստ և խելացի մանչ է:

Տեսնենք, — արտասանում եմ ես, զգալով, որ տիկինը չի տեսել այն սոսկալի հրեշը, որ կոչվում է երկրաշարժ:

Գիշերվա ժամի երկուսն էր, երբ հասանք վերջին կայարանը: Պլատֆորմի վրա խռնվել է ահագին բազմություն, որ անմիջապես հարձակվում է գնացքի վրա, իրարու հրելով, անիծելով ու հայհոյելով: Կանայք ավելի եռանդուն ու ճարպիկ են, քան տղամարդիկ: Խուճապն ուրեմն շարունակվում է, չնայելով, որ հիսունումեկ ժամ է անցել աղետի վայրկյանից: Փախստականներ են, որ շտապում են ազատվել այն բացառիկ մղձավանջից, որ հատուկ է միայն երկրաշարժին:

Շարքերը մի կերպ ճեղքելով, մտնում եմ առաջին կարգի դահլիճը: Քարե հատակի վրա սփռված են մարդկային կույտեր, գրեթե իրար վրա: Դրանք այն փախստականներն են, որ սպասում են առավոտյան գնացքին` Թիֆլիսից դեպի Երևան: Ով ինչ կարողացել է վերցնել իր հետ, վերցրել է: Ցնցոտիների կապոցները խառնվել են քիչ թե շատ ունևորների ճամփարկղերի հետ և կազմում են մի միապաղաղ զանգված, որտեղ չկա ո՛չ դասակարգային խտրություն և ո՛չ դիրքերի զանազանություն: Բնության զարհուրելի հարվածը մարդկանց ձգել է միևնույն փոսի մեջ, ուր ձուլվում ու միանում են տարբեր հոգեբանություններն ու մտայնությունները: Յուրաքանչյուրը հավասար չափով է զգում իր ապիկարությունը կոսմոսի անհունության ու խորհրդավորության առջև: Ոմանք զարթնել են գնացքի դղրդոցից ու սուլոցներից և տրորում են իրենց քնահարբ աչքերը: Բայց կան շատերը, որոնք եկել են ուղղակի գիշերելու կայարանի կանգուն շինության մեջ, չունենալով ուրիշ ապահով օթևան: Սոսկումը երկրաշարժից տակավին չի ջնջվել նրանց դեմքերից: Ամեն մի թեթև աղմուկ կամ դղրդոց ցնցում է պատճառում թշվառներին:

Շուրջս դիտելու համար նստում եմ մի սեղանի մոտ: Մի խումբ զինվորականներ, առանձին սեղանի շուրջը նստած, թեյ են խմում: Մոտս նստած մի երիտասարդ ինձ ասում է, որ այդ մարդիկ մասնակցել են դիակներն ու վիրավորներին փլատակների տակից դուրս բերելու տխուր գործում: Հոգնածությունը նրանց մղում է դեպի քուն, ձայները հետզհետե թուլանում են, գլուխները մեկը մյուսի հետևից թեքվում են սեղանին:

Ի՞նչ դեր է կատարել Կարմիր Բանակն աղետի ժամին, — հետաքրքրվում եմ ես:

Երիտասարդը հուզված ձայնով նկարագրում է այն խոշոր օգնությունը, որ ցույց է տվել բանակն աղետյալներին:

Եթե չլինեին այդ անձնազոհ մարդիկ, խուճապը կլիներ դժոխային և զոհերի թիվը եռակի, ավարտում է երիտասարդը:

Եղե՞լ են թալանի կամ գողության դեպքեր:

Մինչև այժմ և ոչ մեկը: Պետք է ասել, որ ժողովուրդն ինքն էլ իրեն պահել է զուսպ, ոչ ոքի գլխով չի անցել թալանի կամ գողության միտքը:

Դուք ի՞նչ քաղաքացիական դիրք ունիք, — շարունակում եմ ես հետաքրքրվել:

Ես ուսուցիչ եմ:

Ո՞ւր եք գնում:

Ոչ մի տեղ, եկել եմ կայարանում գիշերելու, բայց ահա չորրորդ գիշերն է, չեմ կարողանում քնել:

Անքնությունը ոչինչ, ես հալուցինացիա ունեմ, — միջամտում է մի ուրիշ երիտասարդ, — թվում է ինձ, որ ամեն ինչ պտտվում է շուրջս, և առաստաղը ահա-ահա պիտի փլչե: Ահ, վախենում եմ, որ խելագարվեմ:

Եվ գունաթափ երիտասարդը, իր հնամաշ վերարկուի մեջ կծկվելով, հեռանում է ներվային քայլերով:

Մի ծերունի, սրան ու նրան դիմելով, շարունակ հարցնում է.

Լուսաբացին շա՞տ է մնում:

Ոմանք ծիծաղում են: Մարդն ինձ թվում է աննորմալ: Շտապում եմ դուրս գալ պլատֆորմ: Օդը խեղդուկ է:

Ո՞ր վագոնի մեջ են ընկներներ Երզնկյանն ու Կարինյանը, — հարցնում եմ կայարանի ծառայողներից մեկին:

Համար 17:

Հեռու չէ: Բարձրանում եմ վագոն: Քնած են: Վագոնապահը, որ մի ռուս ծերունի է, ինձ դիմավորում է ոչ այնքան սիրալիր: Հասկանալի է. մարդն անքուն է և հսկում է աշխատավորների կարճատև հանգիստը: Մի կերպ համոզում եմ ծերունուն ընկեր Մռավյանի նամակը հանձնել Հանրապետական Արտակարգ հանձնաժողովի քարտուղարին: Մի քանի վայրկյան անցած` ինձ դիմավորում է մի երիտասարդ, որի խելացի աչքերը սիրալիր ժպտում են պենսնեի տակից:

Ցավում եմ, ընկեր Շ..., որ մի տասը րոպե առաջ չեկաք, — ասում է նա հոգնած ձայնով, — բոլոր տեղերը բռնված են: Բայց հանգիստ կացեք, ես ձեզ համար տեղ կգտնեմ գիշերելու համար:

Խնդրում եմ ոչ ոքի չանհանգստացնել. ես կարող եմ վերադառնալ կայարանի դահլիճը:

Ո՛չ, ո՛չ, գնանք համար երկրորդը:

Համար երկրորդ վագոնը կցված է համար տասնևյոթերորդին: Սիրալիր երիտասարդը մեկին խնդրում է տեղափոխվել` չգիտեմ ուր, և ես բռնում եմ տեղահան եղածի բազմոցը: Բայց ես մինչև լույս չեմ կարողանում քնել իմ ներվերի գրգռումից:

Ժամի վեցին ոտքի վրա եմ: Դուրս եմ գալիս վագոնից, մի ժամ պտտում եմ պլատֆորմի վրա: Եղանակը մեղմ է, նույնիսկ ջերմ, երկինքը ջինջ, ծագող արեգակը պայծառ: Ամենազոր բնությունը կատարել է իր դիվային գործը և այժմ ժպտում է: Մի կարծեք անամոթաբար: Օ՛օ, ոչ. այդ ժպիտն է առայժմ ահա այնտեղ ավերակների վրա հեծկլտող ազգաբնակության միակ սփոփանքը: Երանի նա շարունակվի երկար օրեր, մինչև որ աղետյալներն ունենան որևէ օթևան անձրևներից, ձյունից ու սառնամանիքից պատսպարվելու համար:

Օ՛օ, բարև եք եկել, էֆենդի, — լսում եմ հանկարծ մի ծանոթ ձայն:

Ետ եմ նայում. Լենինականի տաճկական հյուպատոսն է, որի հետ ունեմ մի քանի ամսվա ծանոթություն: Նրա հետ է իր դեռահաս ամուսինը…. Երկուսն էլ արտահայտում են իրենց անկեղծ վշտակցությունը բարեկամ ժողովրդին հասած թշվառության համար: Ապա եվրոպականորեն կրթված հյուպատոսն ավելացնում է.

Մեծ հաճույք կպատճառեիք ինձ, եթե բարեհաճեք տեղավորվել իմ վագոնում:

Մեծապես շնորհակալ եմ, էֆենդի, ես արդեն ունեմ օթևան: Բայց ասացեք խնդրեմ, ձեր սահմանակից վայրևրո՞ւմ ևս եղել է երկրաշարժ:

Տակավին պաշտոնական տեղեկություն չունեմ:

Հազիվ յոթևկես ժամն է, և արդեն Հանրապետական Արտակարգ հանձնաժողովը ոտքի վրա է, չնայելով, որ մինչև գիշերվա ժամի երեքն աշխատել է: Մարդիկ շտապով մի-մի բաժակ թեյ են խմում, թեթև նախաճաշում հաց ու պանրով, միևնույն ժամանակ արագ-արագ կարգադրություններ են անում: Չկա ոչ մի ձևականություն, ոչ մի ձանձրացուցիչ հապաղում: Հանրապետության եռյակը շատ լավ է զգում, թե որքան զազրելի ու վնասակար է դանդաղամիտներին հատուկ մանրությունը նման դեպքերում: Այնտեղ, Գավգործկոմի հոյակապ շինության մեջ, որ բարեբախտաբար կանգուն է մնացել քաղաքի կենտրոնում, կուտակվել են հազարավոր անելիքներ, պետք է շտապել: Կարգադրությունները թափվում են կարկտի պես, քարտուղարը գործում է ինչպես մի լարված մեքենա: Երեք-չորս հոգի երեսուն մարդու գործ են կատարում:

Ընկեր Ա. Կարինյանն ինձ առաջարկում է իր հետ առաջին հերթին այցելել այն գյուղերը, որոնք ամենից ավելի են ենթարկվել ավերման: Առայժմ գնում ենք Քաղգործկոմ: Ավտոմոբիլը մեզ տանում է մի փողոցով, որտեղ տները մեծ մասամբ կանգուն են և միայն տեղ-տեղ փլել են նրանց վերին մասերը: Առաջին տպավորությունս այնքան էլ զորեղ չէ, եթե չլինեին աջ ու ձախ հրապարակների ու շուկաների վրա սփռված անթիվ վրանները, կարելի էր կարծել, որ աղետն այնքան էլ խոշոր չէ: Բայց արտաքինը խաբուսիկ է, հետո կիմացվի, թե այդ կանգուն տներն ու տնակները որքան են վտանգված:

Մի փողոցում տեսա Խորհրդային Վրաստանի հրդեհաշեջներին իրենց մետաղյա կասկաներով: Նրանք Կարմիր Բանակի զինվորներին հավասար օգնություն են մատուցել աղետյալներին: Եղբայրական աննախընթաց օգնություն, որի նմանը գոնե ես չեմ տեսել երբեք, քառասունևերեք տարի ապրելով հայ-վրացական միջավայրում, ընդհակառակը, միշտ եղել եմ ականատես փոխադարձ գժտությունների, նախանձի և ատելության: Եվ ահա չնայելով ավերված քաղաքի ողբերգական պատկերներին, սիրտս բաբախում է ցնծությունից: Համեմատում եմ մռայլ անցյալը ներկայի պայծառության հետ և սկսում եմ խորապես հավատալ, որ այդ անցյալն առ միշտ հանձնված է պատմության խավար էջերին: Քաղգործկոմի շինությունն արդեն լեցուն է բազմությամբ: Այստեղ է, որ առայժմ որոշվում են անելիքները: Բավական ընդարձակ և սիրուն կահավորված դահլիճում խռնվել են ամենքը, որ կոչված են աջակցելու Հանրապետության Արտակարգ հանձնաժողովին և սպասում են կարգագրությունների: Ընկերներ Երզնկյանը և Դուրգարյանը արդեն դռներից ներս չմտած` տալիս են իրենց հրամանները: Ընկ. Կարինյանը լրացնում է թերթերը և ուղղում ներմուծում որոշումների մեջ: Հակասություններն աննշան են, վիճաբանությունները ունեն վայրկենական տևողություն: Ամեն ինչ վճռվում է ընդհանուր համաձայնությամբ, ընկերաբար: Զգացվում է, որ գործի մարդիկ բնազդաբար իսկ արհամարհում են ակադեմիական վեճերը մի գործում, որտեղ երկարաբանությունը քայքայիչ թույն է:

Հայացքս ընկնում է Լենինի հոյակապ պատկերի վրա, որ բռնել է բարձր պատի ամբողջ կեսը: Որակյալ բանվորի պարզ հագստում, ձեռները խոթած պանթալոնի գրպանները, մի քիչ կորամեջք, գլուխը թեթևակի ծռած նայում է արծվային աչքերով կնճռված հոնքերի տակից, որոնք մի-մի սլաք են դիտողի մտքի համար: Նա նայում է հեռուն և թափանցում ապագա պատմության խորքերը, որպես աներևույթ զորությունից ներշնչված մարգարե:

Մտաբերեցի այդ պատկերի իսկականը: Փարիզումն էր. չգիտեմ 1906, թե՞ 1907 թվականին, «Կաֆե-Սուֆլե»-ում, որ ռուս հեղափոխական էմիգրանտների սիրեցյալ սրճարանն էր` սկսած Հերցենի օրերից: Հիշում եմ Իլյիչի նեղ նշաձև աչքերը, որ, կարծես, բարեսրտաբար հեգնում էին դիտողին: Նա, մտախոհ էր, սակավախոս և սառնարյուն, հակառակ Մարտովի շատախոսությանը և ներվային ջղաձգումներին: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այն ժամանակ Լենինը կենում էր Լատինական արվարձանի նեղ և աննշան փողոցներից մեկում, «Ռյու-Մուֆթար»-ի վրա, և հաճախ գնում էր Զվիցերիա` ինքը միայն գիտեր ի՛նչ գործով:

Չգիտեմ ով է նկարել ներկա ընդհանրացած պատկերը, բայց նա վերին աստիճանի բնական է և արվեստի տեսակետից սքանչելի: Ուրիշ ավելի բնորոշ և ավելի գեղեցիկ գիրք տալ մարդկային կյանքի մեծագույն հեղաշրջման հեղինակին, անկարելի է:

Չշեղվե՛ք, — կարդում եմ ես այդ պատկերի դիմագծերի վրա:

Ես անհամբեր սպասում եմ ընկ. Կարինյանին, որ վերջացնե իր կարգադրությունները: Մղվում եմ հոգով այնտեղ, որտեղ դաժան բնությունն իր վատագույն գործն է կատարել: Ժամի տասնևմեկն էր, երբ մենք ուղևորվեցինք գյուղերը:

II

Ալեքսանրովկա, Դահառլի, Բայանդուր, Տավշան-Ղշլաղ, Ղազարապատ, Սվանվերդի, այս են անուններն այն քարակույտերի, որ ես այցելեցի քաղաքի ավերակները դիտելուց առաջ: Դրանք մի ժամանակ կոչվում էին գյուղեր: Այդտեղ քարը քարի վրա չի մնացել: Այդտեղ ստորերկրյա կատաղի փոթորիկը կարծես ածելիի մի հարվածով ամեն ինչ կտրել է հիմքից, ինչպես գերանդին` խոտը մինչև արմատ:

Գերեզմաններ են այժմ երբեմնի մարդկային օթևանները: Այն տարբերությամբ, որ այստեղ տապանաքարերի փոխարեն հողակույտերի վրա թառ են եղել մարդկային ուրվականներ, մռայլ, ինչպես ինքը մահը, նրանք այլևս չեն ողբում ու չեն հեծկլտում. երկուուկես օրվա կսկծից այլևս ցամաքել են նրանց աչքերը: Եվ այդ ահռելի լռության մեջ բնության արհավիրքն է խոսում ավերումների և սպանությունների դժոխային տեսարաններով:

Մենք մոտենում ենք առաջին քարակույտին, որի անունն է Ալեքսանդրովկա: Ուրվականները մեկիկ-մեկիկ շարժվում են դանդաղորեն, ինչպես խորը քնից արթնացած անդմալույծներ: Եվ շուտով մեր ինքնաշարժի շուրջը կազմվում է մի կենդանի օղակ: Լացի և ճիչերի այլևս ոչ մի ձայն, նայում են մեր երեսին լուռ ու մունջ, որպես գիշերային ստվերները անտառների խորության մեջ: Սպասում են, որ մենք խոսեն: Բերե՞լ ենք արդյոք նրանց համար որևէ սփոփանք: Դաժան վայրկյաններ, որ ինձ թվում էին հավիտենականության:

Մի թեթև հարց ընկ. Կարինյանի հուզմունքից դողդոջ ձայնով և ահա մեկը մյուսի հետևից բացվում են մղձավանջից քարացած լեզուները և միևնույնը կրկնում են տասնյակ բերաններ միևնույն պարզ, բայց աղեկտուր խոսքերով:

«Օթևան տվեք մեզ, պատսպարան տվեք մեր անասուններին: Նրանք կարող են կոտորվել ցրտից: Մենք էլ կկոտորվենք, եթե չպատսպարվենք: Այս արև օրերը երկար չեն տևելու: Ահա ամպերն արդեն կուտակվում են: Երկինքն էլ է դավաճանելու մեզ, ինչպես դավաճանեց երկիրը»:

Այս է ընդհանուր առմամբ տեղական բարբառով բյուր անգամ կրկնվող պահանջների իմաստը: Այդ մարդկանց համար անասունների գոյությունը նույնչափ թանկ է, որքան իրենց զավակների կյանքը: Խնդիրը միայն տնտեսականը չէ, գյուղացին անասնին սիրում է հոգեբանորեն, վասնզի նա է նրա միակ ընկերը կյանքում և ամենից ավելի նրան է ընծայում իր հավատը:

Ընկ. Կարինյանը, յուրաքանչյուրին համբերությամբ լսելով պահանջներն ամփոփում ու ձևակերպում է: Ընկ. Աշոտ Հախումյանն արձանագրում է: Ես նյութեր չեմ վերցնում, ամեն ինչ թողնելով իմ տպավորությանն ու հիշողությանը:

Ապահով եղեք, ամեն ինչ կարվի ձեզ, միայն մի հուսահատվեք, — կրկնում է ընկեր Կարինյանը հուզված ձայնով, և ես այդ ձայնի մեջ զգում եմ զգայուն քաղաքացու խորին վիշտը, պարզությունն ու անկեղծ սերը դեպի մարդ էակը:

Պիտի կրկնվի՞ աղետը, — հարցնում են աղետյալները:

Ինչ պատասխանել միամիտ հարցին: — Ընկ. Կարինյանը դիմում է իմ փորձառության օգնությանը:

Ոչ, սիրելիներ, — ասում եմ ես ահաբեկված մտքերը հանգստացնելու համար, — սովորաբար մեծ շարժերը չեն կրկնվում, բայց մեծից հետո լինում են թեթև երերումներ մի քանի օրեր կամ մի քանի շաբաթ:

Թշվա՛ռ մարդիկ, այլևս ի՞նչ ունիք կորցնելու ամեն ինչ կորցնելուց հետո:

Դիտում եմ ավերակների սև կույտերը և միտքս սավառնում է դեպի իմ ապաբախտ ծննդավայրը: Հիշում եմ նրա 1872 թվականի զորեղ երկրաշարժի հետևանքները: Ինչ հսկայական տարբերություն այնտեղի և այստեղի ավերումների մեջ: Այնտեղ երկրաշարժը եղել է նույնչափ զորեղ, որչափ այստեղ և գուցե ավելի, բայց այնտեղ տները թե՛ քաղաքում և թե՛ գյուղերում այդպես չեն ավերվել: Այնտեղ նրանք խորտակվել էին մեծ մասամբ կիսով չափ և նույնիսկ ամենաշատ տուժածների պատերը մնացել էին եթե ոչ ամբողջովին, գոնե կիսի կամ քառորդի չափ կանգուն: Այստեղ չկա ոչ միայն որևէ կանգուն շենք, այլև ոչ մի հետք պատերի:

Ի՞նչ է դրա պատճառը: Պատասխանը պարզ է նույնիսկ ոչ մասնագետի համար: Շամախիում, 1859 թվականի մեծ երկրաշարժից խրատված, մարդիկ թե՛ քաղաքում և թե՛ գյուղերում շենքերը կառուցում էին այսպես կոչված «կապերով», այն է` յուրաքանչյուր երեք-չորս շարք քար ու շաղախից հետո պատերի մեջ ձգում էին երկայն գերաններ, որոնք շարքերը շաղկապում էին: Այնտեղ ևս տների տանիքները հողից են, ուրեմն և ծանր, բայց նրանք փչելով չէին խորտակում պատերը:

Մի համեմատություն ևս: Եթե Լենինականի առաջին շարժը, որ եղել է երեկոյան յոթ ժամին, այսինքն մութն ընկնելուց հետո` Շամախիում լիներ, ոչ մի մարդ չէր վստահանալ տուն մտնել, ամենքը կգիշերեին բացօթյա, որքան էլ ցուրտը սաստիկ լիներ: Այնինչ այստեղ մարդիկ փորձառություն չեն ունեցել զգուշանալու համար: Այս է գլխավոր պատճառը զոհերի շատության:

Հայացքս ընկնոմ է մի ճերմակ տաղավարի վրա, որի ճակատին կարդում եմ` «Վրաստանի Կարմիր Խաչ»: Մտնում եմ ներս: Այստեղ կա ամեն ինչ, որ անհրաժեշտ է վիրավորներին և հիվանդներին խնամելու համար, նաև երեք հարյուր զույգ ներքնաշոր, և մարդիկ կազմ ու պատրաստ, ամեն վայրկյան թշվառներին օգնության հասնելու:

Ե՞րբ են եկել այդ մարդիկ, — հետաքրքրվում եմ ես:

Գրեթե միաժամանակ Հայ Կարմիր Խաչի հետ, — պատասխանում են ինձ:

Նորից բաբախում է իմ սիրտն ուրախությունից, նորից ներկան համեմատում եմ մերձավոր անցյալի հետ: Այդպես չի եղել առաջ ցարերի ժամանակ: Ժողովուրդների թշվառության օրերին ազգություններն իրենց փոխադարձ «եղբայրական վշտակցություններն» արտահայտել են հոգևորականության փարիսեցիական խոսքերով, որոնց խորքում տիտղոսի աչքը միշտ տեսել է սուտն ու կեղծիքը: Այնինչ այստեղ գործն է խոսում: Այո, ես եկել եմ մի նոր աշխարհ, որ չունի ոչ մի նմանություն անցյալի հետ, ինչպե՛ս չցանկանալ, որ այդ նոր աշխարհը շարունակի իր գոյությունը հավիտյան:

Անցնում ենք փոշիների թանձր մառախուղի միջով հետևյալ քարակույտը, երրորդը, չորրորդը: Արփաչայի ափերին է տարածված աղետի վայրը, մի քանի քայլ հեռու Տաճկաստանի սահմաններից: Որքա՛ն մարդկային արյուն է թափվել այստեղ ազգերի անվերջ ընդհարումների ժամանակ, թող պատմե այդ հանդարտիկ հոսող գետը: Այժմ ուրիշ է...

Խոհերի քանակության տեսակետից առաջին տեղը բռնում է Դահառլին: Այդտեղ սպանվել են 115 մարդ: Գրեթե չկա ընտանիք, որ չի ունեցել կորուստ:

Մոտենում է ինձ աղքատիկ հագուստով 1820 տարեկան մի աղջիկ հողերից ու արևից գորշացած պղնձագույն դեմքով:

Դուք Շ. — ն ե՞ք

Այո:

Տեղական դպրոցի ուսուցչուհին է եղել: Մի քանի հատուկտոր խոսքերով նկարագրելով երկրաշարժի վայրկյանները, հանկարծ կանգ է առնում: Խոսքերը խեղդվում են նրա կոկորդի մեջ, կապտագույն աչքերը լցվում են արցունքով:

Խեղճ աղջիկ: Նրա սիրեցյալ աշակերտներից մի քանիսը զոհվել են տիեզերքի կույր դաժանությանը: Նա է եղել աղետի առաջին գույժը քաղաք տանողը, գիշերային մթության մեջ, ամայի դաշտերում կտրելով յոթ վերստ:

Ահա նայեցեք, այն է մեր դպրոցը, — ցույց է տալիս աղջիկը հեռուն, ուր սև քարերի միջից լցվել են ահագին գերաններ, կարծես պարծենալով իրենց ոճիրով:

Չեմ հիշում, որ քարակույտի վրա, գյուղացիները ժպտալով հայտնում են, թե նախընթաց գիշերը երեք երեխաներ են ծնվել:

Վիժո՞ւմ:

Ոչ, բնական ծնունդ:

Մահու և կյանքի խորհուրդը, բնության հավիտենական օրենքըմի ձեռքով հափշտակել, մյուսով նվիրաբերել: Ինչո՞ւ ծառանալ ուրեմն նրա դեմ. չկա նրա համար կորուստ առանց վարձատրության:

Ես սպասում էի ավելի մեծ հուսահատություն աղետյալների կողմից: Ուրախ եմ ասելու, որ չտեսա իմ սպասածը: Վշտերը մեծ են, բայց լքումը բացակայում է: Հոգեկան զորավոր կորովի հնչյուններ են լսվում յուրաքանչյուրի ձայնի մեջ:

Տվեք մեզ միջոց, շուտով մենք կվերականգնենք մեր տնտեսությունը, — ահա այն լեյտ-մոտիվը, որ լսեցի վեց քարակույտերի վրա:

Այդ մի սքանչելի երաժշտություն էր ինձ համար:

Միջոցը մարդու և անասունի ժամանակավոր օթևաններն են: Ցորեն կա մեծ քանակությամբ, բայց հողի տակ է: Գործիքները նույնպես:

Այդ բոլոր պահանջները դրված են և արդեն կատարվում են: Բայց ի՞նչն է հայ գյուղացու այդ հոգեկան կորովի աղբյուրը: Նախ նրա դարավոր տոկունությունից և հազարավոր տառապանքներից դարբնված բնույթը և ֆիզիկական կազմը: Նայեցեք այդ կնճիռներով գծավորված պղնձագույն դեմքերին, այդ հսկա լանջերին, պողպատյա բազուկներին, ամրակազմ ազդրերին, խրոխտ քայլվածքին, ամեն ինչ ձեզ ներշնչում է հույս և հավատ դեպի մերձավոր ապագան: Իսկ փոքրիկները, այդ շիկահեր տղաներն ու աղջիկները, կարծես, բոլորը կապարից են ձուլված, մեկը մյուսից ամուր, մեկը մյուսից համարձակ: Ոչ, այդ առեղծվածային ժողովուրդը, որ չի կորել մինչև այժմ, այսուհետև երբեք չի կորչի...

Կա գյուղացու այսօրվա հոգեկան ամրության մի ուրիշ պատճառ: Նոր է այդ պատճառը, բայց նույնչափ զորավոր, որչափ դարավորը: Այդ գյուղացու գիտակցաթյունն է, թե այսօր երկրի տերն ինքն է և թե իր կռնակում ունի մի հզոր պաշտպան:

Ե՞րբ է նա տեսել, որ երկրի իշխանավորները գան իր հետ խոսելու` առանց մտրակի, նույնիսկ աղետների օրերին: Ե՞րբ է նա տեսել, որ այդ իշխանավորները լսեն իր ցավերը դժոխային համբերությամբ, արձանագրեն պահանջներն ամենայն մանրամասնությամբ, ոչ սոսկ ձևականության, այլ անհապաղ և սրբությամբ կատարելու համար: Սվանվերդի քարակույտի վրա աղետյալները խնդրեցին, որ շուտով ուղարկվեն վրանները:

Վաղը կստանաք, — ապահովեց ընկ. Կարինյանը:

Մի ժամ հետո, երբ վերադառնում էինք քաղաք, հանդիպեցինք մի բեռնակիր ինքնաշարժի, որ արդեն տանում էր վրանները բաժանելու:

Թող ներվի ինձ այստեղ ևս մի համեմատություն անելու: Հիշում եմ իմ ծննդավայրի վերջին, այն է 1902 թ. երկրաշարժը: Այդ ժամանակ ես Բաքվումն էի: Միտս է բազմաթիվ աղետյալների գանգատները, դեսից-դենից եկած ողորմելի գումարներն իբրև նպաստ բաժանողների դեմ: Մեծ բաժինը հանգանակված գումարների «վշտակից» բարեբարների կոկորդն էր անցնում: Այսպես, օրինակ, տալիս էին աղետյալին դիցուք հինգ ռուբլի և ստիպում էին նրան ստորագրել տասնհինգ ռուբլու ստացական: Նիկոլայ Երկրորդը, երևի շատ լավ էր ճանաչում իր մեծ ու պստիկ սատրապների վարքն ու բարքերը, որ չմակեցավ նրանց հանձնել իր նվիրած հիսուն հազար ռուբլու բաշխումը և առանձին պատգամավոր ուղարկեց: Դրամի հետ, զեղծումները կատարվում էին ոչ միայն երկրի ադմինիստրացիայի, այլև հասարակական «ընտրյալների» ձեռքով, որոնք թուք ու մրով էին բաժանում իրենց կոկորդից պոկած կոպեկները

Հանրապետական Արտակարգ հանձնաժողովը յուրաքանչյուր աղետյալ գյուղում նշանակել է երեք պատասխանատու ընկեր նպաստի կանոնավոր բաշխմանը հսկելու համար: Քարակույտերի վրա ես տեսա նրանցից շատերին: Երբեք չեմ մոռանա այդ անձնվերների երկուսուկես օրվա ու գիշերվա անդուր աշխատանքից, անքնությունից, անոթությունից դալկացած դեմքերը: Բարձրագույն գաղափարի ոգին էր գեղեցկորեն դրոշմված այդ գրեթե պատանի դեմքերի վրա և ինքնամոռացության հուրն էր փայլփլում նրանց խոհուն ու վառվռուն աչքերի մեջ:

Մարտիրոսների ու նահատակների հռչակը դարեր է գրավում մարդկության կուլտուրական պատմության մեջ: Թող իմ այս համեստ տողերը չվիրավորեն նորագույն գաղափարի հավատարիմ աշակերտների համեստությունը, տալիս եմ այն, ինչ որ պարտավոր եմ և կարող եմ տալ:

Տավշան-Ղշլաղ քարակույտի վրա մի քանի կանայք, տալով մեզ թղթի կտորների վրա սխալ-մխալ անգլերենով գրված հասցեներ, խնդրեցին, որ այդ հասցեներով նամակներ ուղարկենք Ամերիկա և դրամ խնդրենք իրանց համար: Մի կին հպարտորեն ցույց տվեց իր մի ինչ-որ մերձավորի շքեղ լուսանկարըուռած թշերով, փքված որովայնով, կուշտ դեմքով մեկին, որ չի մոռացել իր բուրժուական կերպարանքով շշմեցնել աշխարհ չտեսած միամիտ կնոջը: Արձագանք կտա՞ արդյոք այդ փաշայական ինքնագոհ դեմքն իր մերձավորի աղերսին: Չէ՞ որ կուշտի հիշողությունը թմրում է անցյալի վերաբերմամբ:

Չեմ հիշում, որ քարակույտի վրա աղետյալներն ասացին.

Մենք չենք ուզում մնալ այս անիծյալ երկրում, տարեք մեզ մի ուրիշ տեղ, տարեք Հյուսիսային Կովկաս կամ ավելի հեռու:

Սովորական երևույթ ինձ համար: Ամեն անգամ, երբ Շամախում երկրաշարժ է լինում, հուսահատված ազգաբնակությունը նույնն է ցանկանում:

Փախչել հեռու անհյուրընկալ հողից: Բայց անցնում են հուսահատության առաջին օրերը, ցանկությունը չքանում է, և մարդիկ մնում են իրենց տեղում: Այդ բնական է: Փորձեցեք երկու շաբաթ հետո այդ աղետյալներին առաջարկել չվել ուրիշ երկիր, նրանք կծիծաղեն...

Չորսուկես ժամ քարակույտերը դիտելուց հետո վերադարձանք քաղաք:

ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

12 ապրիլի

Նավթի առևտուրը, որ մինչև այժմ Բաքվի հարստության գլխավոր աղբյուրն է եղել, այժմ կատարյալ տագնապի մեջ է գտնվում, և այդ ահա երկու տարուց ավելի է: Այո երկու տարվա ընթացքում հանքատերերը և գործարանատերերը մեծ վնաս կրեցին, չնայելով այն հանգամանքի վրա , որ բնությունը առատորեն դուրս է հոսում նավթը, որի համար հանքատերերը տեղ անգամ չեն գտնում պահելու և շատերը նորից ստիպված են հոսանքի առաջն առնելու համար կապել իրանց նավթահորերի բերանը: Հավատացնում են, թե, եթե մեծ պահանջ լինի, հանքատերերը կարող են օրական կես միլիոնի չափ սև նավթ բաց թողնել իրանց հանքերից, բայց տարաբախտաբար օրական պահանջը հազիվ թե մի հարյուր հազարի է հասնում, և սորա պատճառն այն է, որ գործարաններից շատերը դադարեցրել են իրանց գործունեությունը: Բայց այնուամենայնիվ Ռուսաստան գնացած ֆոտոգենի քանակությունը համեմատաբար տարեցտարի ավելանում է, ինչպես 1878 թվին ուղարկված էր 6 000 000 տուփ, իսկ անցյալ 1879 թվին համարյա թե մոտ 7 000 000 փութ, իսկ այս տարի եթե ոչ ավել, գոնե պակաս էլ չի գնա: Սորա պատճառն այն է, որ ազատ կապիտալ ունեցող գործարանատերերը, ուշադրություն չդարձնելով կրիզիսի վրա, տարեցտարի իրենց գործունեության շրջանը ընդարձակում են, մինչդեռ մանր և կապիտալ չունեցող գործարանատերերի թիվը օրից օր պակասում է և գուցե մի ժամանակ սոքա բոլորովին կուլ գնան: Մեծ գործարանատերերի վնասը այնքան չի, ինչքան փոքրերինը, որովհետև առաջինների գործունեության շրջանը ինչքան լայնանում են, նույնչափ նոքա կարողանում են ֆոտոգենը էժան պատրաստել, քան թե փոքրերը: Մեծ գործարանատերերից շատերն ունեն սեփական նավթային հանքեր, իսկ չունեցողներն էլ մեծ քանակությամբ սև նավթը համեմատաբար էժան են առնում, քան թե քիչ առնողները: Բացի այդ` առաջիններից շատերը ունեն նավթային հանքերից մինչև գործարանները սեփական նավթախողովակներ (нефтепровод), որի միջոցով նոքա թեթև ծախսով հասցնում են իրենց նավթը, մինչդեռ այդպիսի նավթախողովակներ չունեցողները միմիայն բերելու համար ծախսում են երեք կամ չորս կ. ամեն մի փութի համար: Վերջապես մեծ գործարանատերն ունի սեփական նավեր, որոնցով իր ժամանակին, առանց ուրիշի դիմելու, հասցնում է շատ էժան գնով Ռուսաստան: Աչքի առաջ ունենալով այդ հանգամանքները, շատ հեշտությամբ կարելի է գուշակել մանր գործարանատերերի ապագան, մանավանդ տեղացիների, որոնց սպասում է կատարյալ սնանկություն: Տեղացիներից նույնիսկ մեծ գործարանատերերի ապագան ևս աննախանձելի կլինի, եթե նոքա իրանց գործերը շարունակեն այնպիսի անհեռատեսությամբ, ինչպես մինչև օրս: Այս փաստը հաստատելու համար բավական է մի օրինակ բերել այստեղ. մի շվեդացի կապիտալիստ Նոբել անունով, որ շատ ժամանակ չէ սկսել Բաքվում պարապել նավթային առևտրով, 1878 թվին հանքերից մինչև գործարանները նավթ կրող սայլապանների հարստահարության առաջն առնելու համար, նա ամենառաջինն եղավ նավթախողովակ շինողներից և երկար ժամանակ նա մեծ օգուտներ քաղեց այդ բանից, ինչպես 1878 թվին օրական միմիայն նավթ կրելու համար, բացի իրան գործարանի համար, ուրիշներից ևս ստանում էր մոտ 600 ռ., մինչդեռ տեղացիներինը, ինչպես իրանք ասում են, արաբաչիները քանդում էին: Քսան տարվա ընթացքում տեղացիներից մեկը չգտնվեցավ, որ այդ բանը մտածեր, և այդ շատ հասկանալի է, որովհետև նոքա առևտրի մեջ ամենավախկոտներն են, որոնք ոչ մի բանում չեն կարողանում ինիցիատոր դառնալ: Սորանց համար եփած պիտի լինի, որ ուտեն, որովհետև իրանք եփելու խելք չունեն: Աշխարհի մյուս կողմից գալիս է մի որևիցե Նոբել կամ ուրիշը և օրինակ դառնում տեղացիների համար: Բայց այդ բավական չէ. հիշյալ Նորելը այժմ ունի այնպիսի նավեր (наливная суда), որոնցով ֆոտոգենը ուղարկում է Ռուսաստան առանց տակառների, իսկ տակառները շինել է տալիս Ռուսաստանում, որտեղ համեմատաբար նորան էժան են նստում և, բացի այդ, տակառներում տանելը մեծ վնաս է, մանավանդ, ամառ ժամանակ, երբ արեգակի տաքությունից ֆոտոգենը տակառներից Ռուսաստան տանելու ժամանակ դուրս է հոսում:

Next page