Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Կես-աշխարհական և կես-հոգևորական Եղիշե Երզնկյանցը, որ պատրաստվում է միաբան ձեռնադրվել և իր ծննդավայրը Հաղբատի հնությունների պահապան դառնալ, առաջնորդեց մեզ դեպի Տերունական լեռան ստորոտը: Եղանակը պարզ էր, երկնքի հորիզոնը մաքուր, վտիտ, թեթև զովարար զեփյուռը մեղմիկ շոյում էր վանքի կտուրի դալար խոտերը, հայր Գեղամի ֆարաջայի քղանցքր, նախաջրհեղեղյան գունասպառ գլխարկի եզերքը, շրջակա լեռների ծառերի գագաթները և, վերջապես, գյուղական կարճահասակ, ընկճված կազմվածքով քահանայի թանձրաբույս, անթառամ մորուքը վաղաթառամ, նիհար երեսի վրա:

Հյուսիսային կողմի լեռներից անդադար փչող այգ զեփյուռն է, որ նախնի ժամանակներում գրավում էր շատ թագավորներին դեպի Հաղբատ, իբրև դեպի մի զովարար ամառանոց: Ամառային շոգերից այստեղ են պատսպարվել Արաս, Սմբատ, Գուրգեն, Դավիթ և Կյուրիկե թագավորները և Խոսրովանուշ, Թամար, Մարիամ, Ռուսուդան և Բավրինա թագուհիները, նույնպես և շատ նշանավոր սեպուհ իշխաններ: Հաղբատ գյուղը, որ ավելի հին է, քան վանքը, ունեցել է իր անցյալը և փառավոր անցյալը: Միջին դարերում նա այնքան ծաղկած է եղել, որ արևելյան վարդապետներին առիթ է տվել իրենց նամակների մեջ նրան «մայրաքաղաք» անվանել:

Իսկ այժմ նախկին թագավորական այդ ապաստարանը ներկայացնում է մի ողորմելի տեսարան, այսինքն մեր Գուգարքի աղքատ գյուղակներից: Մի փոքրիկ կտոր հողի վրա այս ու այն կողմում սփռված են մի քանի տասնյակ խրճիթներ, որոնց շատերի կտուրները հավասար են գետնի հետ ահա այժմյան Հաղբատը, այն Հաղբատը, որ մի ժամանակ Լևոն Երրորդ արքայի գովասանքին է արժանացել:

Մենք բարձրացանք դեպի վեր, ուր բխում է սուրբ Լույս լեռան կրծքից 13 դարում հայր Հովհաննեսի բերած աղբյուրը և ուր գտնվում է գյուղի հնավանդ գերեզմանատունը: Այստեղից Հաղբատը իր շրջակա լեռներով, ժայռերով և խորին ձորերով երևում է մարդու առջև ինչպես ձեռի ափի մեջ: Ահա ձախ կողմում, վանքից դեպի արևելք, տարածված է «Աղթանց փոսը»: Ինչպես Խրամաձորը, երկու լեռների մեջ սեղմված Աղթանց փոսն ևս պատմական նշանավոր դեպքերի հիշատակներ ունի թաքցրած իր մեջ: Ավանդապահ ծերունիներից այժմ ևս կարելի է լսել այդ դեպքերի պատմությունը: Տասնուչորսերորդ դարի ասիական ճիվաղը, Լենկ-Թեմուրը, քրիստոնեության այդ վայրագ թշնամին, ոտնատակ անելով ամբողջ Հայաստանը, լեռնային ճանապարհներով հասնում է Հաղբատի սահմանը: Կարծես, երդված լինելով կործանել ամեն ինչ, որ քրիստոնեական է, նա իր զորքերոմ կրկին և կրկին փորձում է հիմնահատակ անել Հաղբատը, կոտորել բնակիչներին, կործանել միաբանությունը: Եվ այս նպատակով նա գալիս և հասնում է մինչև Աղթանց փոսը: Սարսափը տիրում է բոլոր գյուղերին, սարսափում են և վանքի միաբանները, թե՛ իրենց անձի և թե՛ այն քրիստոնեական սրբությունների համար, որ ավանդաբար նրանք պահպանում էին: Վերջին հուսահատության մեջ նրանք դիմում են Տրդատի օրերում Հռիփսիմե կույսի Հայաստան բերած կենսատու Փայտի մասիս. Նշանի օգնության: Նրանք զգեստավորվում էն, վերցնում են ս. Նշանը և հանդիսավոր թափորով դիմում են դեպի թշնամին, հուսալով, որ այս թատերական խաղով մեղմացնեն նրա գոռոզ սիրտը: Հավատը փրկող է հանդիսանում: Լենկ-Թեմուրը իր զորքերը ետ է դարձնում: Սրբություններն ազատվում են ոտնակոխ լինելուց. մեկի սրտում վրիժառության զգացմունքը ավելի զորավոր է լինում: Մոնդ անունով դպիրն է լինում դա. տեսնելով բռնակալի փախուստը, քաջասիրտ դպիրը խրախուսված` մի քանի զրահավորված մարդիկ է վերցնում և հետամուտ լինում թշնամուն մինչև Օղի քարափը: Այստեղ միայն թշնամին նայում է ետ և երբ տեսնում է, որ իրան հետամուտ լինողը մի աննշան խումբ է, հարձակվում է և կոտորում նրան: Մոնդին դնում են մի վեմի տակ, և այդպես նահատակվում է քաջ դպիրը: Ահա այդ ահագին վեմն է, որ կոչվում է Մոնդքար, և ձորը, ուր տեղի է ունեցել Լենկ-Թեմուրի փախուստը, անվանվում է Աղթանց կամ Հաղթանց (հաղթության) փոս: Իրողություն է այս թե առասպելչգիտեմ:

Եվ ոչ միայն այս` ավելի սարսափելի թշվառություններ են անցել Հաղբատի գլխով: Տասնուերկուերորդ դարից, սկյութացի Խըզիլ անունով ավերող ամիրից սկսած` մինչև ռուսների տիրապետությունը, Գուգարքը ավելի քան տասնուհինգ անգամ ենթարկվել է մոնղոլների, պարսիկների, օսմանցիների խոշոր արշավանքներին:

Այդ արշավանքների ժամանակ թշվառության մի մասը, հարկավ, կրել է և Հաղբատը: Նրա բնակիչներին սրի են քաշել, նվիրական շինությունները ձիերի ախոռատուն են դարձրել, միաբաններին, աննկարագրելի նախատինքներ տալուց հետո, կախ են տվել տաճարի դռների վրա և խեղդամահ արել: Մի անգամ, այն է` 1315 թվականին, ինչպես վկայում է վանքի մի արձանագրություն, այդպիսի մի թշվառություն տեղի է ունեցել Զատկի երեկոյան: Վարդապետներն ու քահանաները սպանվել են տաճարի մեջ:

Դա մեծ արշավանքների թշվառությունները. իսկ լեզգիների, խազերի և այլ լեռնաբնակների արշավանքնե՞րը... սրանք տեղի են ունեցել գրեթե ամեն տարի: Եվ Գուգարքը այս անընդհատ տվայտանքը կրել է մեծ մասամբ այն պատճառով, որ նրա բնակիչները եղել են քրիստոնյաներ: Այս է պատճառը, որ Գուգարքը անվանվում է «զոհարան քրիստոնեից»:

Վկա է սրան ամեն մի ձոր, ամեն մի այր, ամեն մի բլուր և ամեն մի փոքրիկ գյուղ, վկա է արդարների արյան հոսվելուն քրիստոնեության համար, և այսօր այդ բոլորը անխոս բողոքում են իրենց անթիվ ավերակների բերանով: Բայց ի՞նչ բողոք կարող է ավելի ազդու և ավելի կենդանի լինել, քան այն խայտառակ անունը, որ կրում է Գուգարքի գյուղերից մինը — «Ճվճվան»:

Դեռ անցյալ դարի վերջն էր, երբ լեզգիները, աջ ու ձախ կոտորելով, հասնում են այս փոքրիկ գյուղն և սկսում են սրի քաշել նրա քրիստոնյա բնակիչներին. գերի տարվող կանայք ու երեխաները սկսում են գոռալ, ճչալ, ճվճվալ, և այդ օրից գյուղը ստանում է «Ճվճվան» անունը:

Երբ առաջին անգամ լսեցի այս անունը, երբ իմացա նրա ծագման տխուր պատճառը, ցավակցություն չէր այն, որ զգացի, այլ, խոստովանում եմ, մի տեսակ վիրավորանք: Ինչ ողորմելի ազգ ենք եղել, որ անցյալը մեզ համար այդպիսի ամոթալի անուններ է թողել:

Ինձ թվում է, որ մեր ազգի պատմության հետ ծանոթանալը շատերի համար ձանձրալի է հենց այն պատճառով, որ նա լեցուն է տխուր նկարագրություններով:

Արդյոք այդ տխուր նկարագրությունները պակաս չէի՞ն լինիլ, մեր պատմության շատ էջեր ոգևորիչ տողերով չէի՞ն զարդարվիլ, եթե պատմագրողները պեսիմիստ հոգևորականներ չլինեին, որոնք միշտ տրամադրված էին հառաչել ու ողբալ...

Այսպես թե այնպես, այս բոլոր պատմական տխուր հիշողությունների ծանրության ներքո մեր առջև տարածված ներկա Հաղբատը չէր կարող մի ուրախալի տպավորություն գործել մեզ վրա: Ամեն տեղ ներկայի մարդկանց զազրելի անհոգությունը, այն մարդկանց, որոնց խնամքին են հանձնված մեր անցյալի մնացորդները: Ահա դարավոր գերեզմանների քարերը և գեղեցիկ քանդակագործված խաչերը դեսուդեն ձգված, կոտրատված, անասունների աղբի մեջ թաղված, ահա պատմական աղբյուրի կամարազարդ պատերը քայքայված, աղտոտված, ավազանը գարշահոտ ցեխով և աղտեղություններով լեցված:

Գրեթե նույն դրության մեջ տեսանք և գերեզմանատնից վեր գտնվող Կուսանաց Անապատը, ուր թաղված է Հովհաննես արքեպիսկոպոս Համազասպ կոչվածը, որ շինել է տվել հռչակավոր «Համազասպա գավիթը», թաղված է Գևորգ արքեպիսկոպոսը, որի հետ թղթակցում էր Շնորհալին, Իգնատիոս և Ստեփանոս վարդապետները, որոնք մասնակից էին Զաքարե Սպասալարի Լոռվում կազմած ժողովին, այն հռչակավոր ժողովը, որ վճռում էր, թե հարկավո՞ր է արդյոք մեր եկեղեցու ավանդությունների մեջ մի քանի օտար ներմուծություններ անել: Այդ ամենը տեսնելով, կարելի էր երևակայել, թե ինչ կլինի Տերունական լեռան գագաթում կառուցված «Տերունական» իսկ անունով մատուռը, որի դրությունը Երզնկյանցը շատ տխուր գույներով է նկարագրում իր գրքում: Այսպիսի անհոգության վկա լինելուց հետո` մեզանում բարոյական ուժ չմնաց տեսնել ո՛չ ս. Զորավանք, ո՛չ Ջգրաշեն, ո՛չ ս. Սիոն եկեղեցիները, ո՛չ ս. Կյուրակե մատուռը, որոնք սփռված են գյուղի շրջակայքում:

Մենք վերադարձանք վանքի սենյակները, ուր արդեն հյուրասեր հայր Գեղամը մեզ համար պատրաստել էր տվել ճոխ սեղան:

Ճաշի ժամանակ մենք խոսում էինք Հաղբատի բնակիչների տնտեսական և բարոյական կացության մասին:

Ցերեկով ընդամենը 78 ժամ մնալով Հաղբատում և գրեթե ամբողջ ժամանակ հնությունների մեջ թափառելով, մենք ժամանակ չունեցանք գյուղացիների կյանքն անձամբ դիտելու և նրա մասին մի գաղափար կազմելու: Տարվա այն ժամանակն էր, որ գյուղի տղամարդկանց և երիտասարդ կանանց մեծ մասն իրենց անասունների հետ գտնվում էին լեռների արոտներում: Մերթ ընդ մերթ խրճիթների կտուրներում երևում էին կամ կիսամերկ, կարմիր շիլա շապկով, բոբիկ մանուկներ, կամ «էշամաղով» բերանները ծածկած կանայք, պառավ թե երիտասարդայդ նրանց գլխի թանձր շալին էր հայտնի: Միայն մեր ընկերակից Թադևոս Զաքարյանին հաջողվեց մի տուն մտնել, գյուղական քահանայի ընտանիքը, այն ևս պատահաբար: Տեր հայրը մեզ հետ անդադար պտտում էր դեսուդեն տխուր դեմքով. երևում էր, որ նա մի վիշտ ունի: Բանը պարզվեց ճաշի վերջում: Մածունի վերջին գդալը դատարկելուց հետո տեր հայրը իր երկար ընչացքը սրբեց և, դառնալով Գեղամ վարդապետին, ասաց.

Հայր սուրբ, քեզ ունիմ միջնորդ:

Հայտնվեց, որ տեր հոր ամուսինը հիվանդ պառկած է և խնդրում է, որ «բժիշկը» գնա նրան տեսնելու: Բժիշկն ուսանող Զաքարյանն էր, որին դեռ Հաղբատ չհասած մենք շտապել էինք դոկտորության աստիճան տալ` ժամանակից ութ ամիս առաջ: Թախանձել հարկավոր չէր. բարեսիրտ երիտասարդը շատ լավ գիտեր իր արհեստի բարոյական պարտքը: Նա շտապեց կատարել տեր հոր խնդիրը:

Իսկ մենք, մինչև նրա վերադառնալը, պատրաստվեցինք, որ ուղևորվենք Սանահին, շնորհակալություն հայտնելով հայր Գեղամին:

6

Սանահին ուղևորվելուց կես ժամ առաջ` հանկարծ Բաշինջաղյանը չքացավ: Դես Գևորգ, դեն Գևորգ, վանքի մեջ գավթում չգտանք:

Ո՞վ գիտե, էլի սուփրան բաց արած, նստած է մի ծառի տակ, — հեգնաբար ասաց մեր ընկերներից մեկը, իշխան Սարգիս Արղությանը:

Երիտասարդ սպան մեր ամենից ավելի շտապում էր ժամ առաջ Սանահին հասնել ոչ իր ժառանգական կալվածները տեսնելու, այլ մի ուրիշ նպատակով, որի մասին հետո կխոսեմ: Ուստի ամեն մի հապաղում նրան ձանձրալի էր թվում: «Սուփրա» ասելով նա ընկերաբար հեգնում էր Բաշինջաղյանի նկարչական ալբոմը, որի մեջ երիտասարդ նկարիչը ճանապարհին ժողովում էր բնությունից զանազան էսքիզներ:

Արդարև, նկարիչին մենք գտանք «սուփրան» բաց արած, բայց ոչ բնության ծոցում, այլ գյուղի ստորոտում, ձորի մեջ, մի հին մատուռի ավերակների վրա նստած: Նա, վրձինը ձեռին, գլուխը կրծքին թեքած, խորասուզված նկարում էր Հաղբատի վանքը, մերթ ընդ մերթ իր մելամաղձոտ հայացքը ձգելով վանքի վրա:

Քառորդ ժամ անցած, նա վերադարձավ մեզ մոտ, ձեռին պատրաստի բռնած վանքի փոքրադիր յուղաներկ պատկերը, որ ապագայում պիտի ծառայի նրան մի մեծադիր ստեղծագործության համար:

Վանահայրը, քահանաները և վանքի սպասավորները շրջապատեցին նկարչին, նրա ձեռագործը տեսնելու: Երկու գյուղացի ծառաների կոշտ ու կոպիտ դեմքերի վրա նկատելի էր մի խորին հիացմունք, երբ նրանք նայում էին գեղարվեստի շտապ արտադրությանը: Իսկ հայր Գեղամի փոքրիկ, շիկահեր սպասավորը, ձեռները մեջքին դրած, ոտների մատների վրա բարձրացած, ֆարաջաների հետևից, աշխատում էր նայել պատկերին և չէր հաջողվում: Եթե ես նկարիչ լինեի, այդ տեսարանը կնկարեի:

Վերջապես, մենք ճանապարհ ընկանք դեպի Հաղբատա ձորը, որ գտնվում է Հաղբատի և Սանահնի մեջտեղում, գյուղի արևմտյան կողմում:

Սկզբում ուղին բավական հարթ էր, և մենք ցած էինք իջնում առանց առանձին դժվարության: Բայց երբ հասանք ձորի ծայրին, հետզհետե նա նեղվելով դարձավ դժվարանցանելի, քարքարոտ: Մենք գնում էինք ոտքով, իսկ մեր իրեղենները տանում էր մի երիտասարդ գյուղացի` բարձած մի նիհար և պառավ ձիու վրա, որի ոսկորները կարելի էր համարել կաշու տակ:

Ձորի ծառերի ստվերով անցնելիս, հանկարծ լսեցինք մի տարօրինակ գոռոց, մի փոքր առաջ գնալով, նեղ, քարքարոտ և ծուռ ուղիի մոտ, մի թփի ստվերի տակ տեսանք գյուղի քահանային: Տեր հայրը անճանաչելի էր դարձել. նա իր պատռտված, անգույն ներկված զգեստով, գյուղական գդակով հազիվհազ զանազանվում էր իր շուրջը գտնվող ժայռից:

Աղաղակողը տեր հայրն էր:

Եվ կերակուր նորա էր վայրի մեղր ու մարախ:

Այսպես ասաց նա և, ոտքի կանգնելով, բաց արավ մեր առջև իր հագուստի փեշը, որ լիքն էր վայրի խնձորով:

Եղիշե Երզնկյանցը հեգնորեն նկատեց, թե տեր հայրը թեև Հովհաննես Մկրտչին նմանվելու նկրտումներ չունի, բայց կերակրվում է վայրի պտուղներով: Այժմ նա հավաքում է իր ընտանիքի համար ձմեռվա պաշար:

Այս կատակի մեջ մի դառն ճշմարտություն կար, դա սաստիկ վիրավորեց մեր սիրտը:

Այսպես ուրեմն, մինչդեռ մենք մեր տաք սենյակներից հանուն մեր ժողովրդի բարոյական վերակենդանության հրահանգներ ենք շարադրում գյուղական ազգաբնակության համար, գյուղացին (թող լինի մի քահանա) իր ընտանիքը կերակրում է վայրի պտուղներով:

Համոզված եմ, որ մեր լրագրախոսների եռանդը կթուլանար կամ գուցե այլ ուղղություն կստանար, եթե նրանք նեղություն քաշեին սակավ ինչ ծանոթանալ հայ ժողովրդի դրության հետ:

Մենք մի-մի բուռ խնձոր վերցրինք տեր հոր փեշից և, շնորհակալություն հայտնելով, հեռացանք: Նա կրկին նստեց թփի տակ և սկսեց իր քաղած խնձորը ջոկել, վատերը զատել լավերից: Շուտով նրա ընկճված կերպարանքը անհայտացավ ծառերի հետևում: Հեռվից մերթ ընդ մերթ նշմարվում էր նրա ոսկրոտ ձեռը` խնձորենու ճյուղերից պտուղ պոկելիս: Լսվեց մի տխուր մեղեդի: Ձորն էր միայն, որ արձագանք էր տալիս քահանայի թախծալի հառաչանքներին:

Այն ինչ` ավելի հեռու, ժայռերի գլխին հնչում էր բարձրահասակ, երկար յափունջիով ծածկված գյուղական հովվի ուրախ երգի ձայնը: Ավելի մոտիկ, հոնի մանրատերև ծառերի հետևում երևում էին երկու մանկահասակ գեղջկուհիներ, աշխատելով իրենց անարատ դեմքը թաքցնել մեզանից...

Մենք հետզհետե մտնում էինք ձորի խորքը, մոտենալով Հաղբատի խիտ այգիներին: Ուղին քանի գնում, այնքան ավելի նեղ ու քարքարոտ էր դառնում: Արևը արդեն թեքվել էր դեպի մուտքը և շտապում էր թաքնվել սարերի հետևում, երբեմն իր ծիրանագույն շողերով ծառերի ճյուղերի միջով լուսավորելով մեր ուղին:

Դեպի աջ մեր ճանապարհից երևում էր մի ահագին ժայռ: Նրա անթիվ ծերպերի մեջ նկատելի էր մի մեծ, մութն, ահռելի այր: Մոռացել եմ նրա անունը. նա թշնամուց հալածվող ժողովրդի համար բնության ապաստարաններից մեկն է եղել: Ավանդապահ գյուղացիների մեջ այս հին այրի մասին պատմում են զանազան պատմություններ: Պատմում են, ի միջի այլոց, թե լեզգիների արշավանքի ժամանակ մի հայ գյուղացի իր կնոջ հետ պատսպարվում է այդ այրում: Ամեն օր նա սանդուղքով իջնում է ներքև` անտառի մեջ որսորդությամբ իր և կնոջ կերակուրը հայթայթելու: Մի օր լեզգիները տեսնում են նրան այրի միջից դուրս գալիս, ժայռի կրծքից ցած իջնելիս: Գյուղացին հեռանում է, 7 զրահավորված լեզգիներր մոտենում են սանդուղքին, միմյանց հետևից բարձրանում և մտնում այրի մեջ:

Գյուղացու մենակ մնացած կինը ընկնում է թշնամիների ձեռքը... Երբ վայրի մի այծ սպանած և ուսին դրած վերադառնում է, լեզգիները բռնում են նրան, ձեռները կապոտում և իրենց հրացանները բարձելով նրա շալակին, գերի են վարում կնոջ հետ: Ձորի մեջ լեզգիները մի առվակի մոտ կանգ են առնում ջուր խմելու: Այդ միջոցին գյուղացու կինը, հաջող դեպքից օգտվելով, զգուշությամբ քակում է ամուսնու ձեռների կապը, մի հրացան ինքն է վերցնում, մեկն էլ տալիս է նրան:

Մարդ ու կին հարձակվում են լեզգիների վրա, վեցին սպանում են և միայն մեկին ազատ են թողնում, պատվիրելով, որ նա գնա, պատմի իր ընկերներին հայ կնոջ քաջագործության մասին:

Այս ավանդության մեջ խիստ հետաքրքրական է վերջին կետը: Որքան մեծ քաջություն է վեցին սպանելը, նույնքան, մի տարօրինակ վեհանձնություն է մեկին ազատելը: Դա հայի անմիտ և վնասակար հատկություններից մեկն է եղել դարերից ի վեր: Մեր պատմության էջերում այդպիսի անխոհեմ, վեհանձնության օրինակներ շատ էր պատահում, և ինչքան վնասներ է տվել ազգին այդ վեհանձնությունը, երբ մանավանդ վեհանձնաբար վարվել են ահռելի թշնամիների հետ:

Բավական է հիշել Պապ թագավորի ժամանակ անհաղթելի Մուշեղ զորավարի պարսից Շապուհ արքայի և Աղվանից Ուռնայր թագավորի գերությունից ազատելը: Մինչ հայի այս երդվյալ թշնամիները ձգտում էին Հայաստանն ավերել, քաջ զորավարը, հաղթելով նրանց զորքին, պատերազմի դաշտում բռնում է թագավորներին և կրկին վեհանձնաբար բաց թողնում: Եվ փոխարենը ինչպե՞ս վարձատրեց Շապուհը. նա ավելի կատաղած և ավելի բազմաթիվ զորքերով սկսեց հարձակումներ գործել վեհանձն թշնամու հայրենիքի վրա, մինչև որ իր ստացած անարգանքի վրեժը լուծեց անհամար կոտորածով:

Հասանք Հաղբատաձորի կիսախարխուլ կամրջին. սա շինված է մի փոքրիկ գետակի վրա: Այստեղ, գետակի աջ ու ձախ կողմերում, տարածված են գյուղի այգիները, լիքը խնձորի, տանձի, սերկևիլի, ընկույզի, նռնի, հոնի և այլ պտղատու ծառերով. պտուղների առատության ամենալավ ժամանակն է. ծառերը տնքում են նրանց տակ: Միայն խաղողը, վարակված լինելով «միլդիու» ասված հիվանդությամբ, բոլորովին փչացել է:

Մի այգու մոտով անցնելիս, ճանապարհի վրա հանդիպեցինք բավական ծեր մի կնոջ, որ ձեռները ծոցին դրած, մեզ էր սպասում: Մեր ձիապանը ասաց, թե դա իր մայրն է և խնդրեց Զաքարյանին նրա հիվանդ աչքին մի ճար անել: Թադևոսը, իր «քյուսնաթ» թուրը «տունդուռուզի» վրա խշխշացնելով, իսկույն մոտեցավ, նայեց և, գլուխը ցավակցաբար շարժելով, խորհուրդ տվեց հիվանդին` գնալ քաղաք և օպերացիայի ենթարկել իր աչքը: Այնինչ, խեղճ կինը, ինչպես ինքն ասաց, հավատացած էր, թե դոքտուրը իսկույն կառողջացնի աչքը:

Սուտ է, որ ասում են, թե գյուղացին հավատ չի ընծայում գիտնական բժիշկներին: Դա մեր բժիշկների գյուղական տաղտկալի կյանքից խույս տալու պատճառաբանությունն է: Ամեն տեղ, թե՛ ճանապարհին, թե՛ գյուղերում հենց որ իմանում էին, թե մեզ հետ բժիշկ կա, շտապում էին մոտենալ և աղերսելով օգնություն խնդրել իրենց հիվանդների համար:

Չնայելով, որ Հաղբատ ձորի ճանապարհը ընդամենը հազիվ մեկուկես վերստ է, մենք երկու-երեք ժամում հազիվ կարողացանք Հաղբատի դաշտից իջնել և բարձրանալ Որնակի դաշտը, այնքան ուղին դժվարագնաց է: Տեղ-տեղ ոտքով անգամ գնալ անկարելի է, և մենք ստիպված էինք ստեպ-ստեպ նստել ժայռերի պոկված բեկորների վրա և շունչ առնել:

Մեզ պատմեցին, որ Հաղբատի վանքի ավերիչ Հովսեփ վարդապետը այդ ուղիով միշտ երթևեկել է ձիով, ոչ մի տեղ ցած չիջնելով նրանից: Եվ հայր սուրբի այս համարձակությունը մի անգամ պատժվել է բնությունից. Երզնկյանցը մեզ ցույց տվեց այն խորխորատը, ուր տեղի է ունեցել պատիժը: Հոգնած ձիու ոտը սայթաքել է գետակի եզրում, և հայր սուրբը իր ձիու հետ ժայռի գլխից գունդակլոր է եղել գետակի մեջ: Բարեբախտաբար հայր սուրբի գլխիվայր թավալման տեղը ծածկված է եղել ծառերով, որ և մեղմացրել է նրա անկման սաստկությունը: Գյուղացիները հայր սուրբին գետակի միջից դուրս են բերել կենդանի, ջախջախված ուսով և կոտրված թևով, իսկ ողորմելի ձիուն` փորը պատռած: Ասում են, թե այդ ժամանակները հայր Խորեն Ստեփանեն Հաղբատումն է եղել և մի առավոտ հայր Հովսեփին խաչակնքել է և օրհնել է, վերջում շեշտելով. «Գարշ...գ...» բառերը: Մի հայր սուրբի օրհնանք ազդել է մյուս հայր սուրբի վրա, թեև Հովսեփ հայր սուրբը Խորեն հայր սուրբից պաշտպանվել է իր սեփական հայրսուրբային վահանով — «ղո՛ւռումսաղ»:

Բարձրացանք Որնակի դաշտը:

Այստեղից դեպի ձախ, Լարի լեռան ստորոտում, երևեցավ Կայան բերդը:

Կայան կամ Դրսի-վանք բերդը շինված է, Սարգիս վարդապետ Ջալալյանցի ասելով, հայոց 600 թ., այսինքն 1151 թվականին: Մինչդեռ Ռոստոմ-բեգ Երզնկյանցի` բերդի դռներից արտագրած` արձանագրությունից երևում է, որ նա շինված է քր. 1233 թվականին: Եվ շինել է տվել Զաքարե և Իվանե իշխանների քեռորդի Հովհաննես արքեպիսկոպոսը` Հաղբատի ս. Նշան մասունքն այնտեղ պահելու համար:

Ցավում եմ, որ չհաջողվեց այցելել այս բերդը, և մենք վարվեցինք իսկ և իսկ այնպես, ինչպես ժողովուրդն անվանում է բերդը` «Տես և անց»: Մենք տեսանք, այն ևս շատ հեռվից, և անցանք, շտապելով Սանահին հասնել, քանի որ վանահայրը քնած չէր:

Մինչդեռ արժեր այցելել այդ հռչակավոր բերդը: Որքան հետաքրքրական անցքեր են տեղի ունեցել նրա մեջ: Այնտեղ է Գրիգորիս Տուդեվորդին հակառակել Մինաս եպիսկոպոսին, որ վրաց Թամար թագուհու նշանավոր հայ զորավար Զաքարե Սպասալարի հրամանով ուզում էր հայ եկեղեցու մեջ մի քանի հունական արարողություններ մտցնել: Իր եղբոր, վիրացած Իվանե իշխանի օրինակից խրախուսված, Շաքարեն անպատճառ և բռնի կերպով ձգտում էր մեր եկեղեցական պաշտոնեությունը մոտեցնել վրաց եկեղեցուն: Տուդեվորդին ամեն կերպ աշխատում էր ընդդիմադրել նրան: Այդ եպիսկոպոսի հակառակությունն այնտեղ հասավ, որ նա ի վերջո հրամայեց Զաքարեի կողմից Հաղբատ եկած Մինաս եպիսկոպոսին բահերով ծեծել, կիսամահ անել և նրա բեռնակիր ջորիներին գահավեժ անել Կայան բերդի ժայռից: Այնուհետև օտարի փառքին ծառայող Զաքարեն մահ սպառնաց Տուդեվորդուն, և սա ստիպված եղավ Կարին փախչել:

Պատմում են նույնպես, որ այս բերդումն է անցկացրել իր ծերությունը տասնուերեքերորդ դարի մեր մատենագիրներից մեկը` Վարդան Բարձրբերդցին: Այստեղ նա ունեցել է մի ուսումնարան հայ մանուկների համար:

Կայան բերդումն է պատսպարվել շրջակա հայ ժողովուրդը թաթարների հալածանքից:

Չարմա-Ղանի ավերիչ արշավանքից այնտեղ է փախել ու թաքնվել Իվանե Աթաբեգի որդի Ավագ իշխանը:

Ողորմելի իշխան: Պաշարված ամեն կողմից, նա ճարահատյալ բերդից դեսպան է ուղարկել Չարմա-Ղանի արյունարբու զորապետի Իտուղատայի (վայրենի մարդու վայրենի անուն) մոտ, խոստացել է իր դուստրը կնության տալ նրան, միայն թե բերդը ազատի պաշարումից: Թաթար զորապետը հայ աղջկան վերցրել է, իսկ բռնությունը շարունակել է ավելի խստությամբ: Նա կտրել է տվել բերդի ջրանցքը: Պաշարվածները մնացել են անջուր. ծարավը հաղթել է նրանց, դուրս են բերել իրենց ձիերը և անասունները, տվել են թաթարի ձեռքը, որ սրա փոխարենը ջուր տա իրենց: Խորամանկ թաթարը խոստացել է: Նույն ժամին, երբ պաշարվածներից շատերը դուրս են եկել ջուր վերցնելու, թաթարներր բռնել են նրանց, չեն սպանել, այլ ստիպել են, որ նրանք բերդից հանել տան իրենց կանանց: Կանայք իրենց մարդկանց կյանքը փրկելու համար դուրս են եկել բերդից: Թաթարները բռնել են նրանց, ոմանց բռնաբարել, ոմանց կոտորել, ոմանց գերի վերցրել:

Այնուհետև միայն Ավագ իշխանը անձնատուր է եղել Չարմա-Ղանին:

Եվ այս բոլորից հետո խեղճ պատմագիրը ուրիշ մխիթարություն չի գտնում, եթե ոչ ոգևորությամբ նկարագրել է այն, թե Չարմա-Ղանը ինչ փառավոր ընդունելություն ցույց տվեց առանց պատերազմի հաղթված Ավագ իշխանին, թե ինչպես նա առաջարկեց վերջինին խումից (կումիս) խմել և թե սա ինչպես մերժեց, առարկելով, թե քրիստոնյաները խումից խմելու սովորություն չունեն1:

Ահա այս անցքերի հիշատակներով լեցուն բերդը մեզ չհաջողվեց տեսնել:

Հասանք Որնակ: Գյուղին չհասած, մեզ մոտեցան չորս-հինգ գյուղացիներ և խոնարհ գլուխ տվին իմ ուղեկից Սարգիս Արղությանին:

Որնակեցիները և սանահնեցիները Երկայնաբազուկ Արղությանների ճորտերն են եղել հնումն և տակավին նրանց մեջ ապրում է երկյուղը և առերես հարգանքը դեպի իրենց իշխանների ժառանգները: Մի մոտ վաթսուն տարեկան նիհար ծերունի մոտեցավ և մի աչքը խփելով, մյուսը բաց արավ Զաքարյանի առջև:

Մին տես ի՞նչ կա էստեղ:

Որնակ գյուղն իր արտաքին տեսքով ավելի ողորմելի երևաց ինձ, քան Հաղբատը: Խոտից, փայտից և տեղ-տեղ խճից մի կերպ հորինած խղճուկ խրճիթների մի քանի շարքդա է գյուղը: Մանուկները մերկանդամ, կանայք ոտաբոբիկ, տղամարդիկ ընկճված դառն աշխատանքի և աղքատության լծի ներքո, խեղճ, ողորմելի, միանգամայն ողորմելի արարածներ:

Թե՛ Հաղբատ և թե՛ այստեղ հողի ահագին պակասություն ունեն գյուղացիները: Շրջակայքը անմերձենալի ժայռեր և անտառապատ սարեր, երկրագործության պիտանի հողի մի փոքրիկ տարածություն, ճանապարհների կատարյալ բացակայությունահա գյուղը, ահա գյուղացիների վիճակը:

Այս բավական չէ. Հաղբատում գանգատներ էին լսվում, թե կալվածատեր ոմն իշխան Բարաթովը հետզհետե խլում է գյուղի հողերը. թե գյուղացիները քանի գնում, այնքան աղքատանում են: Ամբողջ Հաղբատի մեջ միմիայն Երզնկյանցների ընտանիքն է քիչ շատ նյութական ապահով, մնացյալները տարվա մեծ մասը անոթի են:

Որնակի միջով անցնելիս միակ մեր տեսած մխիթարական բանն էր Թիֆլիսի միանձնուհի Մանիա Լոռու-Մելիքյանի շինել տված աղբյուրը: Գյուղացիները օրհնում են մարդասեր կույսին և ի՛նչ երախտագիտությամբ են հիշում նրա անունը:

Մեր ծարավը հագեցնելով, թողինք գյուղը և մտանք Աստվածածնա ձորը: Այս ձորը, ինչպես ասում էին, լիքն է գայլերով և արջերով: Բայց մեզ չհանդիպեցին: Երեկոյան ինը ժամին հասանք Սանահին:

7

Ինչպես Հաղբատ, Սանահին ևս մտանք լուսնի լուսով:

Դուրեկան է գիշերով մտնել գյուղը, ուր վաղ երեկոյից սկսած տիրում է թախծալի լռություն, ուր քաղաքային աղմկալի կյանքին սովոր մարդր չի լսում ոչ մինչև լույս քաղաքի սալահատակների վրա անցուդարձող կառքերի դղրդյունը, ոչ անգործ զբոսնողների աղմուկը, ոչ գինեհարբ շրջմոլիկների անախորժ գոռում ու գոչյունները:

Վաստակաբեկ գյուղացիները հանգստանում էին ցերեկվա աշխատանքից. կյանքը քնած էր: Մեր ճանապարհից դեպի աջ երևում էին մութ, բլրանման բարձրություններ. տեղ-տեղ նրանց գագաթները լուսնի Հողքերից փայլում էին ոսկեգույն լույսով: Խոտի և հարդի դեզերն էին դրանք: Դեսուդեն անկանոն կերպով սփռված էին աղոտ լուսո կետեր, այնքան գետնին մոտիկ, որ կարծես երկրային աստղեր լինեին: Գյուղական խրճիթների ճրագներն էին դրանք: Մյուս կողմում դեպի ձախ, Սանահնի փոքրիկ լեռան մութ ստորոտում բարձրանում էին վանքի գմբեթները: Լուսինը չէր լուսավորում այդ մռայլ սիլուետները, այլ սքողել էր նրանց մի թափանցիկ, կաթնագույն շղարշով, որի մեջ երևում էր դարավոր սրբատաշ, քարերի մամռապատ մակերեսը:

Այս էր մեր նշմարածը, ուրիշ ոչինչ: Այնուհետև շրջակայքը պատած էր խավարով, անվերծանելի, ահռելի խավարով, այո, մանավանդ ահռելի, երբ զգում և խորհում էինք, թե ինչ է ծածկված այդ խավարի տակ, ինչ արյունաներկ անդունդներ, ժայռեր, սարեր ու փապարներ և ինչ ողբերգություններ

Անցնենք առաջ, մենք այդ ամենը կտեսնենք ցերեկով:

Վանքի սպասավորներից մեկը, խիստ կոպիտ մի շինական, կոպիտ հարց ու պատասխանով առաջնորդեց մեզ դեպի բնակարանը:

Մենք մտանք նախ մի մութ սենյակ, այնտեղից մի ցածր դռնով անցանք մի այլ սենյակ:

Հասարակ, հնամաշ, ներկի փոխարեն կեղտի խավերով պատած սեղանի վրա վառվում էր մի փոքրիկ կանթեղ: Նրա լույսը հազիվ թափանցում էր մուրից սևացած ապակիի միջով: Սենյակը փոքր էր, առաստաղը ցածր, նույնպես աններկ, ինչպես հատակը, պատերի պաստառները պատառոտված, կեղտոտ, սևացած էր, սարդի ցանցահյուս ոստայնով ծածկված:

Մի անկյունում դրված էր մի բավական մեծ թախտ, որ բռնում էր սենյակի գրեթե կես մասը, մյուս անկյունում` երկու հնադարյան աթոռներ, մեկի ոտը կոտրված, մի այլ կողմում` վառարանի մոտ` երևում էր անկողնակալը:

Առաջին վայրկյան այդ անկողնակալի վրա այն, ինչ որ կանթեղի աղոտ լուսով նշմարեցինք, էր` կեղտոտ վերմակների, վերարկուների և պես-պես ցնցոտիների մի ահագին թումբ: Մեզ առաջնորդող ծառան ձեռով ցույց տվեց դեպի այդ կողմը: Մենք մոտեցանք: Թումբը դանդաղաբար շարժվեց և ցնցոտիների տակից նախ լսվեց մի տնքտնքոցի ձայն, հետո կիսախավարի մեջ երևան եկավ անիվի ձևով ոչխարենու մի գդակ: Այնուհետև վերմակի վրա փռվեց մի երկար, թիաձև և բոլորովին սպիտակ մորուք: Դա էր վանահայր Վարդան արքեպիսկոպոս Օձնեցին:

Գուցե ես միամիտ եմ կամ անփորձ, որ, շատ վարդապետների կամ եպիսկոպոսների կենցաղավարությանը ծանոթ լինելով, չհավատացի աչքերիս, տեսնելով մի յոթանասունևութ տարեկան արքեպիսկոպոս այդ խղճալի դրության մեջ:

Նա ձախ ձեռքով հովանավորեց աչքերը, նայեց մեզ վրա և աջ ձեռը տարածեց առաջ, մի ձեռք, որ մի ժամանակ եղել է ներսես Աշտարակեցուն հալածողներից մինը:

Վանահայրը հրավիրեց մեզ նստել, հարցրեց մեր այցելության նպատակը, օրհնեց մեզ:

Նրա ականջները ծանր էին լսում` մենք ստիպված էինք ամեն մեկիս ազգանունը մի քանի անգամ կրկնել: Ամենից դժվարն էր վանահոր համար սովորել Բաշինջաղյանի և իմ անունը:

Բաշըն...Շերման...Բաշըն...Շերմազ, — կրկնեց ծերունին մի քանի անգամ և, չկարողացավ մի բան հասկանաի առաջարկեց, որ առավոտյան մի թղթի վրա գրենք մեր ազգանունները և տանք իրեն:

Հետո ծերունին հրամայեց իր սպասավորին սամովար պատրաստել, բարձի տակիցն էր, թե որտեղից հանեց մի կտոր շաքար և սկսեց ինքն իր ձեռքով կոտրտել մեզ համար: Մենք խնդրեցինք, որ նեղություն չքաշի, նա վիրավորվեց և ասաց, թե մենք վանքի հյուրերն ենք, իրավունք չունենք հրաժարվելու «աստծո պաշտոնյայի» հյուրասիրությունից: Ներողություն խնդրեց, որ չի կարող մեզ «ըստ կարգին» հյուրասիրել:

Շուտով մենք բարեկամացանք, և նա սկսեց պատմել մեզ համար իր կյանքից հետաքրքրական դեպքեր Ներսես Աշտարակեցու ժամանակից, հինգ վարդապետների հետ իր Պոլիս փախչելը, ետ գալը, կռիվը հայրենասեր կաթողիկոսի հետ և այլն և այլն: Շատ հին ցավեր էին, որոնց մասին եթե գրեմ, մեղանչած կլինեմ սրբազան հոր քաղցր հյուրասիրության դեմ:

Մի բանի մասին միայն համեստաբար լռեց վանահայրը: Նա չնկարագրեց իր եռանդուն պաշտոնեության այն փոթորկալից ժամանակը, երբ հանգուցյալ Այվազովսկուց հետո սինոդից նշանակված էր Թիֆլիսի թեմի ժամանակավոր առաջնորդ, երբ վանքի տաճարը դղրդեցնում էր իր քարոզներով «վասն հանման ի գբե Լուսավորիչ Գրիգորի»: Ասում են, թե շատ բարեպաշտ քրիստոնյաների աչքերից արտասուքի հեղեղ է թափվել, երբ սրբազանը «ահեղագոչ, որոտալից ամպրոպային» ձայնով քարոզելիս է եղել:

Հարցրին վերևիցԳիրիիքոոր էտտեղ ե՛ե՛ս, ասաց — «հեե, հեե», — ասացին «կենդանի՞ ես...», պատասխանեց — «բյալի, բյալի, կենդանի եմ»:

Արդեն բավական անցել էր գիշերից, երբ մենք քաշվեցինք մեզ համար նշանակված սենյակը, տանելով մեզ հետ շատ ախորժելի տպավորություն. ոչ մի օպերետայի կոմիկ չէր կարող մեզ այդ զառամյալ հոգևորականի չափ զվարճացնել...

Այն ի՛նչ սենյակ էր, ուր մենք երեք գիշեր անցկացրինք, չեմ կարող մարդկային կացարան անվանել: Այնտեղ միայն խոզերը կարող էին քնել: Շնորհակալություն, բյուր շնորհակալաթյուն հայ ռամկին, Սանահնի բարեսիրտ գյուղացիներին, որոնք չէին խնայում իրենց փափուկ անկողինները մեզ համար և իրանք իրանց ձեռքով սփռում էին ամեն գիշեր վանքի ավերակ խրճիթի աղտոտ հատակի վրա:

Ուրախ անցկացրինք մենք առաջին գիշերը Սանահնում: Երզնկյանցը մեզ համար պատմում էր զանազան զվարճալի եղելություններ վանականների կյանքից: Պարսիկ մոլլան, ռուս դիակոնը և հայ վարդապետը անեկդոտների մի առատ աղբյուր են ժողովրդի համար: Ով կամենում է մեր հոգևորականների կյանքից անեկդոտների մի հարուստ ժողովածու կազմել, թող նա շրջի մեր վանքերը, նույնիսկ միաբաններից նա կլսի շատ անեկդոտներ, միայն մեծ մասամբ գրության համար անհարմար բովանդակությամբ:

Next page