Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

1882 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

Փետրվարի 12-ին

Ուշադրության արժանի է Բաքվի ներկա դրությունը: Նավթային առևտրի անտանելի ճգնաժամը ժողովրդին հուսահատության և վհատության է ենթարկել միանգամայն: Փոփոխությունը տակավին զգալի և ցավալի է. անցյալ տարվա ուրախ և գրեթե անհոգ ժողովուրդը այսօր նմանում է բացարձակ դեգերող երկչոտ ոչխարի հոտի: Բոլոր դասակարգերը զգում են նավթային արդյունաբերների այս տարվա կրած վնասների չարաչար հետևանքների ճնշումը և ոչ մի անհատ ազատ չէ այսօր թե՛ ներկայի և թե՛ ապագայի ծանր հոգսերի ծանրությունից: Սակայն ամենից վշտալի և տխուր պատկեր է ներկայացնում աշխատավոր դասակարգը` բանվորները, արհեստավորները, գործակատարները, բազմաթիվ ֆոտոգենագործարանների և հանքահորերի գործողության դադարումը հարյուրավոր և հազարավոր աշխատավոր ձեռքեր է թողել առանց որևիցե պարապմունքի և ապրուստի միջոցների: Այն մշակները, որոնք քիչ թե շատ միջոց ունեն, անհապաղ աշխատում են հեռանալ իրանց հայրենիքը, իսկ նրանք, որոնք կարողություն չունեն` ստիպված են մնալ առայժմ կոտրած հույսերով Բաքու, ուր նրանք քաղցածության ճանկերից ազատ մնալու համար ստիպված են դիմել հազար տեսակ ներելի և աններելի միջոցների: Մարդու սիրտն է մորմոքում` նայելով այդ անբախտ էակների նիհար, դալկացած դեմքերի վրա, որոնք արտահայտում են մերթ խորին տրտմություն, մերթ հուսահատություն և մերթ աներկբա վճիռ... քաղցածությունը մարդուն անբարոյականացնում է, հանցավոր է դարձնում, անդունդն է գլորում... ո՛հ, դառն ճշմարտություն, մինչև ե՞րբ դու պիտի գոյություն ունենաս... Անգութ և անխղիճ է այն հանցավոր լաբիրինթոսը, որ անվանվում է Բաքու. աստծոն, միայն աստծոն է հայտնի, թե տարեկան որքան անմեղ, թարմ և աշխատող ուժեր է նա սպանում իր նավթային արդյունաբերություն ասված գազանային ճանկերում, թե որքան թշվառ զոհեր է անդունդը գլորում ու լափում այդ կատարյալ իրական դժոխքը: Հայրենի հովանքներից զրկված այն հարյուրավոր թշվառները, որոնք գաղթել են և այժմ իսկ չեն դադարում գաղթելու ոսկեխոս հույսերով դեպի այդ խավար տարտարոսը, արժանի են խորին ցավակցության և լուրջ մտածողության: Ի՞նչն է ստիպում այդ թշվառներին թողնել իրանց հայրենի հողը, ազատ գյուղային օդը, ընտանեկան նահապետական ու բարոյական ախտերի այդ կենտրոնները, ուր նրանք փչանում ու անհետանում են անհայտ կերպով. ի՞նչ միջոցներով է հնարին կապել այն վտանգավոր ախտի առաջը, որ անվանվում է գաղթականություն, — ահա այն նշանավոր հարցերը, որոնք այսօր արժանի են ամենայն մի խոհեմ ու հասկացող մարդու լուրջ ուշադրության: Բայց արդյոք նրանք արժանանո՞ւմ են այդ ուշադրության... ավա՛ղ, շատ քիչ կամ ամենևին ո՛չ:

Հեշտ է տաք սենյակում նստել, ժողովրդի լուսավորության, տնտեսական բարելավության համար ծրագիրներ հեղինակել, օլիմպիական գագաթից մտքեր քարոզել կամ, ինչպես իմ համաքաղաքացիները ասում են` վարդապետի խրատներ կարդալ, առանց կարողանալու հասկանալ, թե այդ ծրագիրները, այդ բարձր երևակայական մտքերը, այդ վարդապետական խրատները որքան իրագործելի են կյանքում, մատչելի և օգտավետ են ժողովրդին: Իմ մեջ անմիջապես մի տեսակ արհամարհանք զարթնեց, երբ այս օրերս կարդացի այս քարոզիչներից մեկի մի արիստոկրատական առաջարկությունը, որը թելադրում է հիմնել Թիֆլիսի մեջ հայ համալսարանականներից մի գրագիտական կլուբ, որը պիտի ծառայե, ինչպես բացատրում է ինքը` քարոզիչը, մեր բարձր կրթություն ստացածների համար իբրև մտքեր շփվելու մի կենտրոն: Արհամարհանք եմ ասում, որովհետև չի կարելի մի այդպիսի անհամ առաջարկության վրա անտարբեր աչքով նայել, մի այնպիսի առաջարկության, որի իրագործելը ուրիշ ոչինչ օգուտ չի կարող ունենալ, եթե ոչ ավելի ու ավելի հեռացնել գռեհիկ ամբոխին մեր զարգացած ու լուսավորված դասակարգից: Ինչ անհեթեթություն փոխանակ աշխատելու այդ երկու մարմինների միավորության կապը ամրացնելու, մեր պուբլիցիստը դեռ նոր է առաջարկում Թիֆլիսի ինտելիգենցիային հրաժարվել ժողովրդից և կազմել մի առանձին, բարձր, անմատչելի մարմինգրագետների կլուբ: Ցանկալի է իմանալ, թե ի՞նչ պիտի անեն այդ «մտքերի կենտրոնը», այդ, այդպես ասած, իրան տեսակ գիտությունների ակադեմիան, ի՞նչ նպատակի պիտի ծառայի նաժողովրդի շահերի՞ն, թե՞ հենց լոկ մտքեր շփվելուն: Վերջինի համար խոսք չունենք, բայց չենք կարծում, որ մի այսպիսի բարձր արիստոկրատական հիմնարկությունը մազի չափ օգուտ կարողանա ունենալ ժողովրդի համար: Ճշմարիտ է, նրանում կարող են արծարծել նոր մտքեի, երևան գալ բարձր գաղափարներ, բայց այդ բոլորը կլինեն վերացական, անօգուտ, քանի որ չեն ունենա ժողովրդի հետ որևիցե կապ, քանի որ այդ հիմնարկությունը անջատված կլինի վերջինից: Ժողովրդի շահերին ծառայելու համար առաջին և ամենագլխավոր պայմանն է լավ ծանոթություն ունենալ այդ շահերի հետ. չենք հասկանում ինչպե՞ս կարող է այդ հիմնարկությունը իմանալ ժողովրդի շահերը, քանի որ նա պիտի մի չինական պատով անջատված լինի վերջինից, քանի որ նրա գիտնական անդամները, բացի իրանց հիմնարկության չոր պատերից, ոչնչի մասին տեղեկություն չեն ունենա:

Բավական է վերջապես, ինչքան մեր ինտելիգենցիան բարձրից նայեց ժողովրդի վրա, այժմ հարկավոր է նրան մի իոքր էլ թոթափել ազնվականության փոշին և խառնվել ժողովրդին, գործել հաստատ հիմքի վրա, սկսել արմատից և ոչ թե գագաթից, ինչպես նա մինչև այժմ արել է և անում է, ժամանակն է վերջապես մեր գործիչներին հասկանալ, թե անհնարին է նրանց օգտավետ լինել հասարակության համար, քանի որ չեն ճանաչում և չեն ուսումնասիրած այդ հասարակությունը: Տպարանում մատիտով անկապ և անհամ հոդվածներ շարադրելչի նշանակում գործել:

ԲԱՔՈՒ

1

Ոչ միայն Կովկասում, այլև Ռուսաստանի մեջ ներկայումս Բաքու քաղաքը վայելում է մի ընդհանուր հռչակ, որը հազիվ թե երբևիցե վիճակված է եղել վայելելու Կովկասի մի ուրիշ քաղաքին: Այդ փոքրիկ ծովեզրյա աննշան ավանը, որ մի քառասուն տարի առաջ հազիվ իր մեջ պարունակել է մի քանի հարյուր տուն բնակիչ, այսօր ներկայացնում է Կովկասում մի կենտրոն, ուր ուղղված է տնտեսական աշխարհի հայացքը: Օրըստօրե տնտեսապես զարգանալով, համաշխարհային քարտեզի վրա Բաքուն արագությամբ սկսում է վայելել առաջնակարգ քաղաքի տեղը: Հիրավի, ով որ քառասնական թվականներին տեսել է այդ քաղաքը, որ այդ Ժամանակ հայտնի է եղել նորանով միայն, որ ծառայել է իբրև աքսորատեղի Անդրկովկասի զանազան կողմերի հանցավորների համար, այսօր չէ կարողանում չզարմանալ, տեսնելով այդ ժամանակվա գյուղաքաղաքի տեղ մի նշանավոր նահանգական քաղաք` հիսուն հազար բնակիչներով: Քառասուն տարվա ընթացքում Բաքուն այնքան է զարգացել, որքան հազիվ թե մի ուրիշ քաղաք կարողանա զարգանալ հարյուրավոր տարիների ընթացքում: Որպեսզի ընթերցողը կարողանա մոտավորապես մի գաղափար կազմել այդ մասին, բավական է ասել, որ այդ չորս տասնյակ տարիների ընթացքում Բաքուն մեծացել է առնվազն տասն անգամ, իսկ նորա բնակիչների թիվը բազմապատկվել է գոնե քսան անգամ: Պարսկական այն ասածը, թե «Մինչև մինը չի մեռնի, մյուսը չի կենդանանալ» վերաբերելի է Անդրկովկասի երկու քաղաքներինՇամախուն և Բաքվին: 1859 թվականի երկրաշարժից հետո, նահանգատեղին Շամախուց փոխվելով Բաքու, առաջինը սկսեց օրըստօրե տնտեսապես ընկնել և դատարկվել, իսկ վերջինը արագությամբ զարգանալ և լցվել հազարավոր գաղթականներով:

Սակայն Բաքուն այդպիսի յուր արագ առաջադիմությամբ պարտական է ոչ այնքան այդ հանգամանքին, որքան բնության առատ պարգևներին: Նավթային արդյունաբերությունը, որը համարյա տնտեսական աշխարհում ներկայումս մի ահագին նշանակություն է ստացել, ունենալով յուր կենտրոնատեղին Բաքուն, բնական է, որ պիտի նպաստեր այդ փոքրիկ քաղաքի զարմանալի ծաղկմանը: Պրոֆեսոր Մարկովնիկովը, որ մի քանի տարի սորանից առաջ յուր մասնագիտական նպատակներով եկել էր այդ քաղաքը, իրավացի զարմացմամբ բացականչում է. «Մի՞թե հրաշք չէ, որ Կովկասի խուլ անկյունում գտնվող մի ասիական քաղաք այդպիսի կարճ միջոցում այդքան բարենորոգվել է»: Հարգելի պրոֆեսորը, միանգամայն հիացած Բաքվից «Մոսկովսկիե վեդոմոստի» լրագրի էջերի վրա, պնդում է, թե շատ չի անցնիլ և այդ քաղաքը կհավասարվի Մոսկվայի հետ: Մարկովնիկովը նույնիսկ, ներկա Բաքուն համեմատելով վերջինի հետ, գտնում է, որ շատ կողմերով նա հենց այժմ անհամեմատ բարձր է Մոսկվայից, այն է` յուր մաքրությամբ, գեղեցիկ, հարթ և լայն փողոցներով, հիանալի ծովեզրով, փառավոր շինություններով:

Մարկովնիկովի այդպիսի մի համարձակ կարծիքը երբեք չի կարող զարմացնել նորան, որ տեսել է Բաքուն մի տասը տարի առաջ և տեսնում է այժմ: Հազիվ մի հինգ տարի կա, որ նորա փողոցներում ձմեռ ժամանակ անտանելի ցեխի պատճառով անցուդարձ անելը անհնարին էր, իսկ այժմ այդ փողոցները ծածկվել են գեղեցիկ սալահատակով, ընդարձակ, մաքուր ասֆալտյա տրոտուարներով, որ Թիֆլիսի անկանոն, նեղ, կեղտոտ և զառիվայր փողոցներին սովորած բնակչի նախանձն է շարժում միանգամայն: Քաղաքային վարչությունը, փորձառու և հասկացող քաղաքագլուխ Դեսպոդ Զենովիշի և մանավանդ նորա տեղապահ Քր. Անտոնյանի շնորհիվ օգտվելով նորաբույս քաղաքի առատ նյութական միջոներից, չի զլանում վաղօրոք մտցնել այն բարեկարգությունները, որոնց մասին ներելի է նորան մտածել դեռ շատ տարիներ հետո:

Այդ բարեկարգությունների շարքում գլխավոր տեղը բռնում են բուսականությունը և ջուրը, որոնցից առաջինի կատարյալ բացակայության և երկրորդի պակասության պատճառով Բաքվի բնակիչները սաստիկ նեղություններ են կրում: Հիրավի շատ ցավալի է տեսնել մի քաղաք, որ ամենայն կողմից տրամադրված է տնտեսապես զարգանալու, շրջապատված չոր ու ցամաք, ավազային դաշտերով և թմբերով, որոնք կարծես թե կրկնապատկում են արեգակի ջերմությունը և ամբողջ ամառ անտանելի օդ են ներշնչում աշխատասեր բնակիչներին: Այդ պակասությունները լրացնելու համար քաղաքը այժմ որոնում է զանազան միջոցներ: Նշանավոր և հետաքրքիր է այդ միջոցներից մեկը, որը երեք տարի սրանից առաջ առաջարկում էր այժմ դադարած ռուսաց «Մոլվա» լրագրի խմբագիր հայտնի Պոլեդիկան: Ահա ինչ էր առաջարկում պ. Պոլեդիկան: Գարնանը և ամռանը, ամբողջ յոթ ամսվա ընթացքում Բաքվից գնում են Հաշտարխան նավթային բերքերով լի անթիվ հեղալից նավերը: Այդ նավերը «Ինը կանգու» ասված կայարանում, ուր Կասպից ծովը Վոլգա գետից բաժանվում է, դատարկելով ուրիշ նավեր իրանց բեռը, այդտեղից վերադառնում են Բաքու դատարկ: Սոցանից շատերը ջրի երեսում իրանց հավասարակշռությունը պահելու համար միշտ կիսով չափ լցված են ավազով: Պ. Պոլեդիկան ասում էր, որ ավազի փոխարեն, այդ նավերը կարող են վերադառնալու ժամանակ Վոլգա գետի ջրով լցվել և բերել Բաքու: Այդ ջուրը գալով նավթային նավերով, իհարկե, անօգուտ է տնային գործածության համար, բայց նա կարող է օգտավետ լինել Բաքվի բուսականության համար: Քաղաքին այդ ջուրը շատ թանկ չի արժենալ: Բավական է ծովեզրում դնել մի ահագին շոգեշարժ մեքենա և այդ մեքենայի միջոցով ջուրը նավերից ցրել Բաքվի շրջակայքը, ուր այդ ժամանակ կարելի կլինի այգիներ ձգելով գոյացնել արվեստական բուսականություն:

Սակայն այդ միջոցը Բաքվի քաղաքային վարչությունը գտավ դժվար իրագործելի: Ներկայումս նա դիմել է ավելի հիմնավոր և հեշտ միջոցի, այն է` քաղաքի շրջակայքում փորել տալ բազմաթիվ ջրհորներ և այդտեղից խողովակների միջոցով ջուրը թե՛ բաժանել քաղաքի մեջ բնակիչներին և թե՛ տարածել շրջակայքը: Այդ նպատակով այժմ քաղաքային վարչությունը բանակցություն է բացել Եվրոպայի հայտնի ինժեներ Մասկլեի հետ, որի միջոցով նա մտադիր է ջրանցքը կառուցանել Բաքվում: Այդպիսով, շատ կարելի է, որ Բաքուն ավելի շատ ունենա ջրանցք, քան թե Թիֆլիսը:

Բացի դորանից, քաղաքային դուման արդեն վճռել է կառուցանել ձիաքարշ երկաթուղի, թեև դորա բացակայությունը այնքան էլ շոշափելի չէ բնակիչների համար, շնորհիվ անթիվ կառքերի, որոնց գինը շատ ավելի աժան է, քան թե Թիֆլիսում:

Չնայելով, որ փողոցային լուսավորությունը նավթի առատության շնորհիվ երեք անգամ զորեղ է, քան թե Թիֆլիսում, Բաքուն չի բավականանում դրանով: Քաղաքային վարչությունը արդեն բանակցություն ունի մի քանի մասնագետների հետ քաղաքի մեջ էլեկտրական լուսավորություն մտցնելու: Էլեկտրական լուսավորությունը Բաքվի համար մի զարմանալի նորություն չի կարող համարվել, ըստ որում նույնիսկ ներկայումս Նոբելի, Շիբաևի և մի քանի ուրիշ գլխավոր նավթային գործարաններ լուսավորվում են էլեկտրականությամբ: Սակայն Բաքվի նման երիտասարդ քաղաքի համար դա առ ժամանակ շռայլություն պիտի համարած, և պրոֆ. Լիսենկոն այդ շռայլությունը չի ներում նորան: «Էլեկտրականությունը, ասում է հարգելի պրոֆեսորը, նավթային լուսավորության սաստիկ թշնամի է, և այժմ այդ երկու տարրերը իրարու հետ սաստիկ մրցման մեջ են: Բաքվի նման քաղաքին, որ ձգտում է նպաստել յուր տեղական նավթային արդյունաբերության հառաջադիմության, աններելի է առավելություն տալ էլեկտրականության, այնինչ նավթային լուսավորությունը նորա համար անհամեմատ հարմարավոր է և աժան, Բայց Բաքվի քաղաքային վարչության այդ դիտավորությունը վերագրելի է այն հանգամանքին, որ Բաքուն հարուստ քաղաք է, ուրեմն և ազատ է մտցնել այդտեղ ամենայն մի առաջնակարգ բարենորոգություն: Բաքուն, որ առնվազն երեք անգամ փոքր է Թիֆլիսից յուր մեծությամբ, տարեկան 400 հազար եկամուտ ունի և չունի ոչ մի կոպեկ պարտք: Նամանավանդ ամենայն հաջող հանգամանքներ հույս են տալիս, որ մոտիկ ապագայում այդ եկամուտը կարող է կրկնապատկվել, եթե միայն նավթային արդյունաբերությունը, որ քաղաքի տնտեսական հառաջադիմության գլխավոր միջոցն է, կընթանա նույն շավղով, որով ընթանում է այժմ, այսինքն, եթե բնությունը կշարունակի արտադրել յուր բերքը նույն առատությամբ, ինչպես այժմ»:

Մենք հեռու ենք այժմյան Բաքուն լիակատար նկարագրելու դիտավորությունից, միայն ներկա հոդվածով մտադիր էինք մեր ընթերցողին մի ընդհանուր հասկացողություն տալ այդ անդրկովկասյան առաջնակարգ քաղաքի մասին, որպեսզի նա կարողանա մի գաղափար կազմել, թե որքան մի երկիր կարող է հառաջադիմել, երբ նորա տնտեսական վիճակը կապված է բնական առատ բերքերի մշակելուց: Բայց խոսելով Բաքվի միայն արտաքին տնտեսական զարգացման մասին, մենք շատ միակողմանի տեղեկություն կտայինք ընթերցողին, եթե լռությամբ անցնեինք նավթային արդյունաբերությունը և Բաքվի ներքին բարոյական կյանքը: Այդ պատճառով ներկա հոդվածը ընդունելով իբրև մի թեթև հառաջաբան, խոստանում ենք նվիրել այդ հարցին մի շարք հոդվածներ: Մենք կաշխատենք մանրամասն ծանոթացնել ընթերցողին նախ` նավթային արդյունաբերության ներկա դրության հետ և ապա կխոսենք, թե ինչ նյութական և բարոյական նշանակություն ունի թե մասնավորապես Բաքվի և թե ընդհանրապես Անդրկովկասի կյանքի համար այդ արդյունաբերությունը, որով հափշտակված են ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի շատ գործնական տնտեսագետներ: Մեր կարծիքով այդ առօրյա հարցը շատ ավելի նշանավոր է, քան գուցե մտածում է ընթերցողը և, վերաբերելով մեր երկրի անմիջական շահերին, արժանի է դառնում խորին ուշադրության առարկա: Թերևս մյուս հոդվածներում մեզ հաջողվի բացատրել և այն, թե ինչ նշանակություն ունի նավթային արդյունաբերությունը մասնավորապես Անդրկովկասի հայերի համար:

2

Անցյալ հոդվածով մենք, ընդհանուր կերպով նկարագրելով Բաքվի տնտեսական արագ հառաջադիմությունը, խոստացանք ընթերցողին ծանոթացնել այդ հառաջադիմության գլխավոր աղբյուրինավթային արդյունաբերության հետ: Նույնպես խոստացանք բացատրել, թե որպիսի ահագին նյութական և բարոյական նշանակություն ունի այդ արդյունաբերությունը Անդրկովկասի կյանքի համար:

Որպեսզի ընթերցողը որոշ և պարզ հասկացողություն ունենա նավթային արդյունաբերության վերաբերմամբ, նախ և առաջ կարևոր ենք համարում խոսել հում բերքի, այն է սև նավթի արտադրության մասին:

Բաքվի հյուսիս-արևելյան կողմում, քաղաքից տասներկու վերստ հեռավորությունում կան երկու թրքաբնակ հարևան գյուղերՍաբունչի և Բալախանի: Ահա այդ գյուղերի հողն է, որը արտադրում է այն ահագին բնական հարստությունը, որը այսօր գրավում է թե՛ Ռուսաստանի և թե՛ Եվրոպայի շատ դրամատերերի ուշադրությունը: Նավթային հանքերը գտնվում են ընդամենը չորս քառակուսի վերստաչափ տարածության վրա: Նոցա ընդհանուր թիվը այժմ մոտավորապես 500 է, որոնցից 100-ը, մասամբ փուչացած լինելով և մասամբ նոր փորվելով, նավթ չեն արտադրում, իսկ մնացյալները արտադրում են, ոմանք ինքնուրույն, այսինքն` առանց որևէ աշխատանքի նավթը դուրս բերելով, իսկ մեծամասնությունը` շոգեշարժ կամ մարդաշարժ մեքենաների միջոցով: Այն հանքերը, որոնք նավթը բխում են ինքնուրույն, տեղային բարբառով կոչվում են շատրվաններ (ֆանտան): Այդպիսիների թիվը շատ փոքր է և նոքա սովորաբար շատ կարճ ժամանակ են տևում, այսինքն` մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս, իսկ այնուհետև նավթը նոցանից դուրս է հանվում մեքենաների միջոցով: Նավթահանքեր ասված բանը ուրիշ ոչինչ են, եթե ոչ խողովակաձև հորեր, զանազան լայնությամբ և խորությամբ: Ամենամեծ հորը ունի ընդամենը 18 դյույմ լայնություն, իսկ ամենափոքրը պիտի ունենա գոնե 8 դյույմ, որպեսզի հարմար լինի նորանից նավթը դուրս մղեք: Ինչ վերաբերում է խորությանդա կախված է հողի հատկությունից: Կան հորեր, որոնց խորությունը միայն 40 սաժեն է, և կան, որոնց խորությունը հասնում է մինչև 130 սաժենի: Ներկայումս հորերի խորությունը ավելի է, քան թե առաջ: Դեռ մի տասը տարի չկա, որ Բալախանի-Սաբունչյան հրապարակի վրա 20 սաժեն խորությունից ոչ միայն նավթ էր դուրս գալիս, այլև շատ անգամ նա առատությունից շատրվաններ էր արձակում, բայց այժմ նավթը շատ հազիվ է պատահում այդ խորությունում: Իսկ շատրվաններ արձակում են ներկայումս այն հորերը, որոնց խորությունը առնվազն 60 սաժեն է: Դորա պատճառը այն է, որ Բալախանի-Սաբունչյան հրապարակը հետզհետե քամվում է: Մենդելեև և Աբիխ հայտնի գիտնականների կարծիքով նավթը երկրի տակ գտնվում է ծալքերով: Հետզհետե առաջին ծալքերը վերջանում են, և հետևաբար հողերն էլ պիտի որքան կարելի է խորը փորել: Նույն գիտնականների կարծիքով այդ ծալքերր իրարու հետ կապված չեն և նույնիսկ մի մակերևույթի վրա գտնվող ծալքերը շատ անգամ իրարու հետ հարաբերություն չունին: Հիրավի հաճախ է պատահում, որ երկու իրարու շատ մոտիկ հարևան հորերից մինը արտադրում է նավթ, մյուսը ոչ, չնայելով, որ երկուսն էլ միևնույն խորությունն են ունենում: Այստեղից նույնպես պարզ է, որ երկրի տակ նավթը, բացի ծալք ծալք լինելուց, տարածված է և երակներով, այսինքն` նա չի պարունակվում մի ահագին լճի մեջ, ինչպես կարծում էին մինչև վերջին ժամանակները: Նույնը հաստատում է և ամերիկական Պենսիլվան, ուր ներկայումս հորերի խորությունը հասնում է մինչև 250 սաժենի: Սակայն` այստեղից եզրակացնելու չէ, որ Բաքվում սև նավթի արտադրությունը պակասում է հետզհետե: Ընդհակառակը. մի կողմից հանքահորերի թվի արագությամբ բազմանալը, մյուս կողմից` նավթ արտադրելու տեխնիկական միջոցների ավելի ու ավելի հարմարվել ու հեշտանալըօրըստօրե բազմապատկում են նավթի արտադրությունը: Ներկայումս ԲալախանիՍաբունչյան հրապարակի արտադրած նավթի քանակության հազիվ կեսն միայն արդյունագործվում է, իսկ մնացյալ կեսը փչանում է, — անօգուտ ցրվելով դաշտերը: Բացի շատրվաններից, այն հողերը, որոնք կանոնավոր կերպով են արտադրում նավթը, ներկայումս միջին թվով օրական տալիս են 300 հազար փութ, այսինքն` տարեկան ավելի քան 100 միլիոն փութ: Բայց, եթե հարկավորություն լինի, այդ թիվը շատ հեշտությամբ կարող է հասնել 150 միլիոնի: Այստեղ մենք չենք հաշվում շատրվանների արտադրած նավթը, որը, ահագին քանակությամբ դուրս բխելով և անհրաժեշտ քանակությամբ բացակայության պատճառով դաշտերը տարածվելով, բազմաթիվ լճեր է կազմում: Թե որպիսի խոշոր քանակությամբ են դուրս բխում նավթը այդ շատրվանները, բավական է ասել, որ անցյալ տարի Նոբելի մի հորը դուրս էր թափվում օրական 500 հազար փութ: Մոտ 32 օր այդ շատրվանը շարունակվեց, և այդ ժամանակվա ընթացքում Նոբելը հավաքեց միայն 7,5 միլիոն փութ նավթ, իսկ մնացյալը, տեղ չունենալով և ոչ էլ նորան կարճ միջոցում արդյունագործելու կարևորություն, ցրվեց դաշտերը և կրկին երկիրը թափանցեց: Բայց դեռ այդ` երկիրը համեմատաբար կանոնավոր հարստահարող Նոբելի նավթն է, որ այդպես անօգուտ փչանում է, թե որպեսզի ահագին քանակությամբ փչանում է մյուս հանքատերերի նավթը, որոնք չունեն այն հարմարությունների տասներորդ մասը անգամ, որ ունի Նոբելը, այդ կարող է երևակայել նա, ով որ աչքով տեսել է Բալախանի-Սաբունչյան դաշտերի անթիվ նավթալճերը, որոնք տարին տասներկու ամիս ցամաքում են և կրկին լցվում:

Բացի Բալախանի-Սաբունչյան հրապարակից, նավթը դուրս է գալիս և Բաքվի հարավային կողմում, քաղաքից հինգ վերստաչափ հեռու գտնվող պարսկական «Բիբի-Հեյբաթ» ասված սրբատեղու շրջակայքում, որ ուղիղ ծովափումն է: «Բիբի-Հեյբաթի» նավթահանքերը գլխավորապես պատկանում են եղբայրք Սարգսյանների և Թաղիովի ընկ. և Զուբալովին: Զարմանալին այն է, որ այստեղ նավթը պարունակվում է նույնիսկ ծովահատակի տակ: Այդ հաստատվում է Թուրք Սելմիխանովների փորձով, որոնք ծովից գողանալով մի կտոր տարածությունը և ծածկելով այդ տարածությունը հողով, գոյացրել են արվեստական կղզիներ և, այդ կղզիների վերա հորեր փորելով, այժմ առատությամբ նավթ են ստանում: Գերմանացի մասնագետ Տիմեն ներկայումս ունի մի մեծ ծրագիր, ուր նա համոզեցուցիչ կերպով բացատրում է, թե ինչ միջոցներով կարելի է ծովը հարստահարել, փորելով նորա մեջ նավթահորեր: Սակայն նախարարությունը, որի մոտ գտնվում է այդ ծրագիրը, ավելորդ է համարում առայժմ վերջինի գործադրությունը, այն հիման վրա, որ այժմյան սև նավթի քանակությունը երկպատիկ ավելանա, Բաքվի հանքերը կարող են արտադրել 200 միլ. փութ, մի կողմ թողած մնացյալ նավթահորերը, որոնք դեռ անձեռնմխելի են մնում: Իսկ այդպիսի հողերի քանակությունը մասնագետ գիտնականների կարծիքով անհուն է: Ահա, օրինակ, ինչ է ասում Կովկասի նավթային հողերի մասին վերոհիշյալ գերմանացի Տիմեն. «Եթե բաքվեցիները գործ դնեն այն մրջյունային աշխատությունը, եռանդը և հոգացողությունը, որոնցով ամերիկացիք աշխատում են հարստահարել իրենց նավթահորերը, այն ժամանակ կերևա, որ երկրի մի ահագին տարածությունսկսած Սև ծովից (Օզուրգետի կողմերը), Թիֆլիսից (Նավթլուղի կողմերը), Ափշերոնյան թերակզղուց և Չելեքենից մինչև Կասպից ծովը և Թուրքմենիան (փոքր և մեծ Բալուխանը) — տոգորված լինելով ընդարձակ երակներով, ներկայացնում է մի անհուն նավթային հրապարակ, որի պաշարը կարող է բավականացնել աշխարհին մի քանի դարեր: Մինչև անգամ Կասպից ծովի արևելյան եզերքը. Եամուդների դաշտը ներկայացնում է մի հարուստ և ընդարձակ նավթային շտեմարան»: Նույնը հաստատում են Մենդելեևը, Աբիխը, Լիսենկոն և ուրիշ շատ գիտնական մասնագետներ:

Դառնանք այժմ նավթային արդյունագործության, այսինքն, թե ինչպես են հում նավթից գործածելու պարագաներ պատրաստում:

Հանքատերերը իրանց հորերի մոտ ունեն սեփական քարաշեն կամ երկաթի ամբարանոցներ: Նավթը, հորերից դուրս գալով, հավաքվում է այդ ամբարանոցների մեջ և այստեղից ուղարկվում գործարանները, ուր նա մշակվում է: Նավթագործարանները գտնվում են Բաքվից մի երկու վերստաչափ հեռավորությունում և, սփռված լինելով 6 քառակուսի վերստաչափ տարածության վրա, կոչվում են «Սև քաղաք»: Սև քաղաքի և Բալախանի-Սաբունչյան հրապարակի հեռավորությունը մոտավորապես 13 վերստ է, և սև նավթը առաջինից դեպի վերջինը գալիս է ներկայումս երկաթուղիով և նավթախողովակներով: Մինչև 1876 թվականը վերջիններից ո՛չ առաջինը կար, ո՛չ էլ երկրորդը, և նավթը բերվում էր Սև քաղաք հասարակ սայլերով թուլուղների մեջ, որ առաջինը` խիստ թանկ էր նստում, երկրորդը` սայլապանները նավթը ճանապարհին գողանում էին ու ծախում ուրիշներին և երրորդը` նավթը շատ ուշ էր տեղ հասնում: 1876 թվին Նոբելը առաջինը եղավ, որ մտածեց սայլապանների հարստահարության առաջը կապել: Նա, ահագին գումար ծախսելով, նավթահորերից մինչև Սև քաղաքը, դեպի յուր գործարանը, շարեց մի նավթախողովակ: Տեղացի արդյունաբերները ծիծաղում էին շվեդացի եռանդուն ձեռնարկողի, այդ, իրենց կարծիքով, հանդուգն և խելառ ձեռնարկության վրա: Բայց կարճ միջոցում Նոբելը ցույց տվեց, թե որքան մոլորված են տեղացիները: Այդ նավթախողովակով օրական 40 հազար փութ սև նավթ տեղափոխելով թե յուր և թե ուրիշների գործարանները, նա մի տարվա ընթացքում, բացի իր պահանջը լրացնելուց, լիովին ձեռք բերավ խողովակի վրա ծախսած գումարը: Այնուհետև միայն տեղացիները սկսեցին ձեռքները ծնկներին զարկել, ափսոսալով, որ իրենք չհետևեցին նոբելի խորհրդին, որ անդադար առաջարկում էր իրանց այդ խողովակի շինությունը ձեռնարկել ընկերությամբ: Շատ չանցած և Նոբելի օրինակին հետևեցին ուրիշ դրամատերերԲենկենդորֆ, Արտեմով, Միրզոյանց և այլն: Այժմ նավթախողովակների թիվը 10 է: Այդ նավթախողովակները պակաս չվնասեցին և Բաքու-Սաբունչյան երկաթուղու ճյուղին, որը կառուցված է լոկ նավթ տեղափոխելու նպատակով:

Այսպես թե այնպես հում բերքը Սև քաղաք գալով, այստեղ նորանից արդյունագործվում են զանազան պարագաներ, ինչպես, ֆոտոգեն, մեքենայուղ, բենզին և այլն: Նավթային արդյունաբերության ասպարեզում ամենագլխավոր տեղը պատկանում է ֆոտոգենի արդյունագործության, այնուհետև մեքենայուղին և հետո բենզինին և այլն: Մեքենայուղը պատրաստվում է ֆոտոգենը քաշելուց հետո, նավթի մնացորդից, որը տեղային բարբառով կոչվում է մազութ: Իսկ բենզինը ուրիշ ոչինչ է, եթե ոչ ֆոտոգենի ամենաթեթև, առաջին կաթիլները: Միայն, բացի Նոբելից, շատ քիչ գործարաններ են զատում բենզինը ֆոտոգենից. իսկ մեծամասնությունը չի զատում: Բենզինը մնալով ֆոտոգենի մեջ թեև թեթևացնում է նորան, բայց նույնպես և նորա հատկությունը վտանգալի է դարձնում, պակասեցնելով նորա բոցավառության աստիճանները: Մեքենայուղ պատրաստում են մի քանի գլխավոր գործարաններ, օրինակ, Նոբելի, Շիբաևի, Միրզոյանների, Սարգսյանների և ուրիշ մի քանի գործարանները: Ամենամաքուր և ամենահռչակված մեքենայուղը պատրաստվում է Նոբելի և Կոկորևի մոտ: Այստեղ ավելորդ չենք համարում նկատել, որ Կոկորևի գործարանի մասնագետը մի ինքնուս հայ երիտասարդ է, Նիկողայոս Համբարձումյան: Այդ գործունյա երիտասարդը, ինքնագլուխ ուսումնասիրելով քիմիան տեսականապես և երկար տարիներ գործնականապես փորձվելով, մեքենայուղի արդյունագործությունը հասցրել է վերին աստիճանի կատարելագործության: Մինչդեռ արտասահմանից և Ամերիկայից եկած տարեկան տասնյակ հազարներ ռոճիկ ստացող քիմիկոսները այդ մասնագիտությունը իբրև ստացվող գաղտնիք ոչ ոքին չեն հաղորդում. Համբարձումյանը առանց որևէ վարձատրության ծանոթացնում է այդ գաղտնիքի հետ շատերին: Ռուսաստանից եկած շատ քիմիկոսներ գործնականապես այդ մասնագիտությունը սովորում են նորանից: Համբարձումյանը չի խորշում հաղորդել յուր գիտությունը նույնիսկ հասարակ բանվորներին: Ներկայումս նորա ձեռքի տակ գործում են մի գյուղացի թուրք և երկու տաթևացի հայ մշակներ, որոնք մեքենայուղ պատրաստելում նույնքան մասնագետ են, որչափ Բաքվի ամենափորձառու գիտնական քիմիկոսները: Անցյալ տարի այս տողերի հեղինակը զարմացմամբ ականատես էր, թե ինչպես գյուղացի կոպիտ թուրքը գիշերները յուր ազատ ժամանակին Համբարձումյանի ղեկավարությամբ ուսումնասիրում էր Մենդելեևի «Քիմիան», որի խրթին լեզուն և դժվար միտքը ըմբռնելու ընդունակ են շատ քիչ մարդիկ:

Մեքենայուղի արդյունագործությունը ընդամենը մի քանի տարիներ է, որ սկսվել է և այդ կարճ ժամանակում նա այնքան մշակվել է, որ այժմ համարձակ կարողանում է մրցել ամերիկականի հետ: Մի քանի մասնագետների կարծիքով Բաքվի նավթային արդյունաբերության ապագան կախված է ոչ այնքան ֆոտոգենի, որքան մեքենայուղի արդյունագործությունից: Ահա ինչ հիման վրա են այդ մասնագետները հայտնում իրանց կարծիքը: — Ամերիկական սև նավթը պարունակում է յուր մեջ հարյուրին ընդհամենը 1520 տոկոս ծանր նյութ, որից իսկապես արդյունագործվում է մեքենայուղը, այնինչ Բաքվի նավթը պարունակում է 6570 տոկոս: Այստեղից հասկանալի է, որ երեք անգամ ավելի ձեռնտու է բաքվեցիների համար մեքենայուղի արդյունագործությունը: Սորա հակառակ ամերիկական նավթը բաքվինի դեմ մոտ երեք անգամ ավելի պարունակելով թեթև նյութ, նորանից երեք անգամ ավելի է դուրս գալիս ֆոտոգենը, օրինակ` հարյուրին 8085 տոկոս. մինչդեռ Բաքվի սև նավթից դուրս է գալիս հարյուրին 3035 տոկոս ֆոտոգեն: Բնականաբար Բաքվի նավթի այդ ծանր հատկությունը պիտի դժվարացներ ֆոտոգենի մրցումը ամերիկականի հետ: Բայց կա մի հանգամանք, որը հեռացնում է այդ խոչընդոտը, դա այն է, որ Բաքվի սև նավթը բնության առատության շնորհիվ ամերիկականից երեք և ավելի անգամ աժան է ձեռք բերվում գործարանատիրոջ համար: Ահա այդ հանգամանքն է, որ ներկայումս նպաստում է Բաքվի ֆոտոգենին հաջողությամբ մրցել ամերիկականի հետ ոչ միայն Ռուսաստանում, ուր կարելի է ասել, որ վերջինը այժմ չի գործածվում, այլև արտասահմանում: Այդ մանավանդ ակներև է նորանից, որ այս տարվա սկզբում Գալիցիայի նավթարդյունաբերները, մի ընդհանուր նիստ կազմելով, վճռեցին կառավարությունից խնդրելու, որ Կովկասից Ավստրիա մուտք գործող ֆոտոգենի վրա հարկ դնվի, այնինչ ամերիկականը առանց հարկի կարող է մուտք գործել, որովհետև նա յուր թե՛ հատկությամբ և թե՛ արժանավորությամբ չի կարող մրցել Գալիցիայի ֆոտոգենի հետ, ինչպես այդ կարող է անել Բաքվի ֆոտոգենը: Այդպիսի հանգամանքները հույս են տալիս կարծելու, որ մոտիկ ապագայում Կովկասի ֆոտոգենին կհաջողվի արտասահմանում բոլորովին հաղթել ամերիկականը, և բաքուցիները այժմ ամենայն եռանդով աշխատում են ընդարձակել իրանց արդյունաբերության սահմանները: Իսկ թե որպիսի հետևանքներ է ունենում բաքուցիների եռանդը, այդ կարող են ընթերցողին պարզել հետևյալ մի քանի համեմատական թվանշանները.

Դուրս է եկել բաքվից

1883 թիվ 1884 թիվ

Ֆոտոգեն 11.927,880 փ. 21.721,971 փ.

Մազութ 14,066,059 փ. 28.539,847 փ,

Մեքենայուղ 1.101,345 փ. 1.447,411 փ,

Բենզին, 46, 544 փ. 76,006 փ,

Հում նավթ 1.874,608 փ. 1.873,888 փ.

Հնդամենը 28.916,436 փ. 53.659,123 փ.

Ինչպես տեսնում է ընթերցողը, անցյալ երկու տարվա ընթացքում Բաքվի արտադրությունը համարյա թե կրկնապատկվել է: Իսկ եթե վերցնենք ներկա տարվա ուղարկելի ֆոտոգենի քանակությունը, որ ենթադրվում է մոտ 28 միլիոն փութ, և դորա համեմատ վերցնեն մյուս բերքերը, կտեսնենք, որ 1885 թվականին ամբողջ արտադրությունը կհասնի մոտ 65 միլիոն փութի: Երեք տարվա ընթացքում 28-ից մինչև 53 և հետո 65 մի ահագին զանազանություն է, որը ակներև ցույց է տալիս, թե որպիսի արագ քայլերով է զարգանում Բաքվի նավթային արդյունաբերությունը: Բայց նա կարող է ավելի հառաջադիմել, եթե վճռվին մի քանի նշանավոր խնդիրներ, որոնցով ներկայումս զբաղված են բաքուցիները: Այդ խնդիրներից երկու ամենանշանավորներն են, նախ` անդրկովկասյան ճանապարհի խնդիրը և երկրորդ` արտասահման գնացող նավթային բերքերի վրա հարկ դնելու խնդիրը: Բաքու-Բաթումյան երկաթուղին, որի վերայով են գլխավորապես նավթային բերքերը տեղափոխվում արտասահման, չի կարողանում բավականացնել բոլոր պահանջը: Դորա գլխավոր պատճառը Սուրամյան անցքն է, որը սաստիկ դժվարացնում է մեծ քանակությամբ բերքեր տեղափոխելուն: Այդ հարցը երրորդ տարին է, որ զբաղեցնում է թե՛ նավթաարդյունաբերներին և թե՛ գործով հետաքրքրվող մի քանի գիտնականների: Մի քանիսը առաջարկում են Սուրամյան անցքը ուղղել: Այդ առաջարկություն անողներից ամենագլխավորն է պ. Ռագոզին, որի կարծիքով Սուրամյան անցքի ուղղելը կարող է արժենալ ոչ ավելի, քան 5 միլ. ռուբլի: Բայց հակառակ բանակը, որի պարագլուխն է գիտնական Մենդելեևը, պնդում է, թե որպեսզի անդրկովկասյան երկաթուղին կարող լինի տեղափոխել Բաքվի նավթամթերքները ամբողջությամբ, անհրաժեշտ է այդ ճանապարհը արմատապես վերանորոգել: Բայց այդ վերանորոգությունը կարժենա ավելի քան 140 միլիոն ռուբլ, որը մեծ գումար է տերության համար ներկա ֆինանսական ճգնաժամի միջոցին: Վասն որո հարգելի գիտնականի կարծիքով, բարվոք է այդ վերանորոգության փոխարեն թույլ տալ մի որևէ մասնավոր ընկերության, Բաքվից մինչև Բաթում կառուցանելու մի ընդարձակ նավթախողովակ, որը ավելի հարմար է նավթային բերքեր տեղափոխելու համար, քան թե երկաթուղին: Իոկ այդպիսի մի ընկերությունը շատ հեշտությամբ կարող է կազմվել, եթե ոչ տեղացիներից, գոնե Ռուսաստանի կամ արտասահմանի դրամատերերից: Հիրավի նորերումս մի քանի անգլիացի դրամատերեր, հետաքրքրվելով նավթախողովակի հարցով, ուղարկել են Ռուսաստան իրանց հավատարմատարին տեղային պայմանները ուսումնասիրելու և առաջարկելու որ նավթախողովակի կառուցումը հանձնվի իրանց, որոնք պարտավորվում են սորա փոխարեն տերությանը վճարել տարեկան մի հայտնի հարկ: Այսպես թե այնպես այդ հարցը, որի մասին երեք տարի է, որ վիճաբանում են մասնագետները, այժմ օրվա ամենագլխավոր հարցն է նավթային արդյունաբերության համար, և տերությունը, սաստիկ հետաքրքրված լինելով, գուցե մոտիկ ապագայում որևէ վճիռ տա:

Next page