Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Պակաս վիճաբանություն չի հարուցանում և երկրորդ ամենանշանավոր խնդիրը, այն է` արտասահման գնացող հում բերքերի վերա որոշ հարկ դնելու վերաբերմամբ: Այդ հարցում պիտի ասած, որ նավթարդյունաբերների շահերը իրարու հակասում են: Նոքա, որոնք միայն սև նավթի արդյունաբերությամբ են պարապած, սաստիկ հակառակ են հարկ դնելու մտքին, այնինչ նոքա, որոնք բերքերի մշակությամբ են պարապած, ամենայն կերպ ձգտում են տերության համոզելու, անշուշտ ծանր հարկ դնելու արտասահման գնացող հում բերքերի վրա: Առաջինների, այսինքն` հանքատերերի և նավթային հողատերերի ցանկության գլխավոր պաշտպաններից մինը Մենդելեևն է, որը լրագրության մեջ անդադար աշխատում է հաստատել, թե նավթային արդյունաբերության արագ զարգացումը կարող է շարունակվել այն պայմանով, եթե հում և մշակված բերքերը միշտ ունենան ազատ ելք դեպի արտասահման: Հարգելի գիտնականի կարծիքով, եթե սև նավթը առանց հարկի դուրս արտահանվի, նորա պահանջը հետզհետե կմեծանա արտասահմանում: Իսկ պահանջը մեծանալով, բնականաբար նորա գինը ևս կբարձրանա, նավթահողերը կթանգանան, և երկրի հում արդյունաբերությունը կընդարձակվի: Մեր նավթահողերի քանակությունը անհուն է, թեթևամտություն է, ասում է Մենդելեևը, ենթադրել, որ մոտ ապագայում կսպառվի նավթը, ուրեմն ինչո՞ւ չթույլ տալ, որ, որքան կարելի է, երկիրը շատ հարստահարվի և ինչու պիտի վախենալ օտար դրամատերերից, որոնք մեզ կվնասեն նորանով միայն, որ, իրանց ահագին դրամագլուխը մտցնելով մեր երկիրը, մեզ կհարստացնեն:

Այդ է Մենդելեևի սկզբունքը, — թույլ տալ հողը ազատ հարստահարելուդա շահավետ է, իսկ թե ով կլինի հարստահարողը, մե՞նք, թե՞ օտար դրամատերերը, այդ մեր երկրի համար միևնույն է: Բայց սորա հակառակ, Ռագոզինը և գործարանատերերը պնդում են, որ արդյունաբերությունը այն ժամանակ միայն կարող է ապահով առաջ ընթանալ հոգուտ երկրի ներքին տնտեսական դրության, երբ միանգամայն կարգելվի հում բերքերի (սև նավթի և մազութի) արտասահման գնալը կամ մի ծանր հարկ կդնվի նոցա վրա: Ահա ինչ հիման վերա են այդպես դատում Մենդելեևի հակառակորդները: — Առաջին, ոչ ոք չի կարող մարգարեանալ, որ Կովկասի նավթային հողերը անսպառելի են, ընդհակառակը պիտի վախենալ, որ մի գուցե մեր երկրին ևս սպասում է նույն վիճակը, որին ենթարկված է ներկայումս Պենսիլվանյան, ուր նավթը հետզհետե պակասում է: Երկրորդ` դիցուք թե մեր նավթը անսպառելի է, մի՞թե դա մեզ ներում է, որ մենք մեր հարստությունը փոխանակ ինքներս վայելելու, առաջարկենք օտարներին: Իսկ թույլ տալ հում բերքը առանց հակի արտասահման գնալու, կնշանակի իսկ և իսկ այդպես անել, ըստ որում ընդունելով մեր հում բերքերը, օտար դրամատերերը անմիջապես կսկսեն գործարաններ կառուցանել և այդ բերքերից արդյունագործել այն, ինչ որ մենք ենք արդյունագործում և ինչ որ նավթային արդյունաբերության ծուծն է, այն է` ֆոտոգեն, մեքենայուղ և այլն: Եվ որովհետև թե՛ բանվորները և թե՛ տեխնիկական պայմանները արտասահմանում անհամեմատ արժան են և ձեռնատու, քան թե մեզանում, վասն որո օտարները սպառման ասպարեզում շատ հեշտությամբ կարող են մրցել մեզ հետ: Այդպիսով, մի ժամանակ նոքա կտիրանան նավթային արդյունաբերության և բաքուցիներին կստիպեն ասպարեզից հեռանալ չոր ու ցամաք:

Այդ հարցը ևս բավական արծարծված լինելով, հույս կա, որ նույնպես շուտով որևէ վճիռ ստանա տերությունից, ըստ որում նա անմիջապես կախումն ունի նավթախողովակի հարցից:

Երբ այդ երկու առօրյա հարցերը կվճռվին, այն ժամանակ նավթարդյունաբերների ապագա գործունեության եղանակը կպարզվի և նոքա կսկսեն ավելի որոշ ուղղություն տալ արդյունաբերության, որը ներկայումս բավական լարված դրության մեջ է: Կան բազմաթիվ դրամատերեր և պատրաստի ընկերություններ, որոնք մտադրված լինելով ձեռնարկել նավթային արդյունաբերության, առայժմ գործ չեն սկսում, սպասելով այդ հարցերի վճռվելուն: Բայց թե ինչպես կվճռվի վերջինը, այդ ոչ ոքին հայտնի չէ ներկայումս:

Մենք բավական երկար խոսեցինք և հույս ունեինք, որ ընթերցողը քիչ թե շատ պարզ գաղափար կազմեց նավթային արդյունաբերության մասին: Կովկասի տնտեսական կյանքի այդ նշանավոր կետը այնքան հետաքրքիր կողմեր ունի, որ արժե նորա մասին երկար գրել: Սակայն մենք, այդքանով բավականանալով, ընդհատում ենք մեր խոսքը, թողնելով մյուս անգամվան հարցի մյուս կողմերը:

3

Անցյալ հոդվածից մեր ընթերցողները բավականաչափ ծանոթացան Բաքվի նավթային արդյունաբերության Ժամանակակից դրության հետ: Ինչպես երևաց այդ հոդվածի մեջ բերած մի քանի թվանշաններից, հիշյալ արդյունաբերությունը ընդհանրապես տարեցտարի արագաբար զարգանում է: Հետաքրքիր է իմանալ, ի՞նչ դեր են կատարում տեղացիները այդ զարգացման վերաբերմամբ, արդյո՞ք նոցա ուժերով է գործը այդպես առաջ ընթանում, թե՞ օտար ուժերի շնորհիվ:

Այդ հարցը խիստ կարևոր մի հարց է, որից մեր կարծիքով բնականաբար ծագում է տեղացիների ապագա տնտեսական դրության խնդիրը: Նույնպես դորա հետ գուցե կապ ունենա և մի ուրիշ ոչ պակաս կարևոր խնդիր` այն է, թե մինչև որ աստիճան անդրկովկասցին պատրաստված է, այդպես ասած, արդյունաբերական գործունեության համար:

Շատ հասարակ ճշմարտություն է այդ, թե ամենայն մի մարդ անհրաժեշտորեն պիտի ունենա մի հայտնի աստիճանի հմտություն յուր ստանձնած պարապմունքի վերաբերմամբ, որքան որ տարրական ու հասարակ լինի այդ պարապմունքը: Էական խնդիրը միայն նորանումն է, որ մի պարապմունք մարդուց պահանջում է բարդ և բազմակողմանի հմտություն, մյուսը` հասարակ և միակողմանի: Ոչ ոք չի կարող մի գործ հաջողությամբ տանել, եթե նորա ուղեղը պատրաստված չէ այդ գործի պահանջներին համեմատ, եթե նա չունի կարևոք բարոյական և թե մտավոր պատրաստություն: Այդ տարրական գաղափարը վերաբերելի է մարդկային ինչպես մտավոր, նույնպես և տնտեսական գործունեությանը: Որչափ ծիծաղելի է, օրինակի համար, ուսումնարանի տգետ մի պահապան տեսնել ուսուցչական ամբիոնի վրա, նույնչափ և ծիծաղելի է տեսնել, դիցուք, գութանին և արորին սովոր հասարակ գյուղացուն արդյունաբերական գործարանի ղեկավարի դիրքում, որը մարդուց պահանջում է որոշ աստիճանի մասնագիտական փորձառություն:

Բավական է մի կողմնակի հայացք ձգել Բաքվի տեղացի նավթարդյունաբերների անցյալ և ներկա գործունեության վրա, և մենք կարող ենք տեսնել, որ այդ տեղացիների մեծամասնությունը կատարելապես ենթարկված է հիշյալ ծաղրելի վիճակին: Հանդուգն է մեր այդ կարծիքը, բայց նա մի զուտ ճշմարտություն է, որը մենք ընթերցողին կպարզենք շոշափելի փաստերով:

Նավթը շատ վաղուց է հայտնի Բաքվում, բայց նոցա իսկական արդյունաբերության պատմությունը հաշվում են վաթսունական թվականների սկզբից: Մինչև այդ ժամանակ նավթահողերը գտնվելով մասնավոր կապալառուներիՄիրզոյանների ձեռքում, հարստահարվում էին ամենանահապետական եղանակով: Հանքերի թիվը շատ աննշան էր և նորանցից ձեռք բերված նավթը գործածվում էր անմշակ, իբրև հասարակ վառելիք կամ գյուղական խրճիթներում, կամ քաղաքային փողոցներում, մինչդեռ ամերիկական ֆոտոգենը տարածված էր Ռուսաստանում: Տեղացիներից ոչ ոքի գլխով չէր անցնում առաջինը` թե նավթը երկրի տակ պարունակվում է ահագին քանակությամբ, երկրորդը` թե, հետևելով ամերիկացուց օրինակին, կարելի է նորան մշակել և ապա սպառել: Ռուս դրամատեր Կոկորևը առաջինը եղավ, որ մտածեց այդ ամենը: Նա հատկապես այդ մասին մի հմուտ մարդ ուղարկեց Ամերիկա, ուսումնասիրելու ֆոտոգենի արդյունագործությունը: Կոկորևը հիմնեց առաջին գործարանը և այդպիսով եղավ միակ սկզբնապատճառը ֆոտոգենի արդյունագործության: Այնուհետև նավթահողերը, ազատվելով Միրզոյանների մենավաճառությունից, անցան մասնավոր անձանց ձեռք, և տեղացիները հետևեցին Կոկորևի օրինակին: Սունկերի նման ֆոտոգենի գործարանները սկսեցին աճել մինչև յոթանասունական թվականները: Այստեղ երևան եկան տեղացիների եռանդը և գործունեությունը, բայց նոքա ինքնուրույն չէին, այլ արտաքին, ստիպողական: Բնությունը, ինքը յուր գանձը բացած, հրավիրում էր նոցա օգտվել այդ գանձով և, տեղացիները միանգամայն խուլ պիտի լինեին, որ չլսեին այդ հրավերը: Չկային օտար ուժեր, ասպարիզում գործում էին միայն տեղացիները, ուրեմն շատ բնական էր, որ այդպես թե այնպես նոքա ստիպված էին գործելու: Բայց ո՞վքեր էին այդ տեղացիները: — Մեծ մասամբ չարչիներ, գործակատարներ, երկրագործ գյուղացիներ, որոնք հանգամանքների բերմամբ հանկարծ դարձան արդյունաբերներ: Ի՞նչպես կարողացան այդպիսի մարդիկ, որոնք մեծ մասամբ զուրկ էին հասարակ գրագիտությունից անգամ, առաջ տանել մի արդյունաբերություն, որի հաջող գոյությունը պայմանավորված է գիտության հետ: — Այնպես, ինչպես նոքա առաջ տարին մինչև յոթանասունական թվականների սկիզբը: Մինչդեռ բնությունը անխնա ուժերով դուրս էր հոսում յուր առատ բերքըսև նավթը, Ռուսաստանում և նույնիսկ Կովկասի մի քանի տեղերում բնակիչները գործ էին ածում ամերիկական ֆոտոգենը: Արդյունաբերությունը գտնվելով տգետ տեղացիների ձեռքում, Բաքվի ֆոտոգենը թե յուր ստոր հատկությամբ և թե թանկությամբ անկարող էր Ռուսաստանում մրցել ամերիկականի հետ: Ոչ ոք տեղացիներից չէր մտածում արդյունաբերական պայմանները կատարելագործել մի կողմից հօգուտ արդյունաբերության ապագայի, մյուս կողմից` հօգուտ սպառողների: Ամեն ոք գոհ էր յուր վիճակով և ինչպես գոհ չլիներ, քանի որ երեկվա տկլոր գործակատարը այսօր տասնյակ հազարների տեր էր դառել: Իսկ հայտնի է, որ երբ մարդիկ բոլորովին գոհ են լինում իրանց բախտով` նոքա չեն կարող ոչ մի հառաջադիմություն անել, կմնան անշարժության մեջ: Այդպես էին և տեղացիները, որոնց միանգամայն շլացրել էր անսպասելի հարստությունը և նոքա նմանում էին այն բանտարկյալին, որոնք, երկար տարիներ մնալով խավար բանտում և հանկարծ լույս աշխարհ դուրս գալով, առ ժամանակ չեն կարողանում խավարը լույսից ջոկել: Չկար նոցա շրջանում մի հեռատեսը, որ կարողանար ենթադրել, թե այդ հարստությունը մի ժամանակ կարող է օտարների ձեռքը անցնել, եթե տեղացիները զգուշությամբ չվարվեն նորա հետ: Երկրագործությունից, գործակատարությունից, մրգավաճառությունից, սայլապանությունից հանկարծ դեպի արդյունաբերությունդա մի այնպիսի սարսափելի ոստումն է, որը շատ դժվար է առանց ոտ ու գլուխ փշրելու: Յուր ժամանակին, մեր խոստման համեմատ, մենք ցույց կտանք, թե որպիսի բարոյական ազդեցություն ունեցավ տեղացիների ներքին կյանքի վրա այդ ոստումն, իսկ առայժմ շարունակենք խոսել տնտեսականի մասին: Այդպես տեղացիները տասըտասներեք տարվա ընթացքում հարստացան և հարստացան շատ զարմանալի արագությամբ: Նա, որ հետևակ շրջելու համար հասարակ կոշիկներ անգամ չուներ, հանկարծ դառավ մի քանի տեսակ տնային կառքերի տեր: Ով որ մի կտոր նավթահող ուներ և օրական մի քանի հարյուր փութ սև նավթ էր արտադրում, նա համարվում էր արդյունաբեր և մեծ իրավամբ, ըստ որում վաճառելով նավթի փութը 2025 կ., նա օրական մի խոշոր գումար եկամուտ էր ստանում: Իսկ ով որ բաց օդի տակ մի փոքրիկ կաթսա ուներ և օրական արդյունագործում էր հիսուն կամ հարյուր փութ ֆոտոգեն, նա համարվում էր գործարանատեր նույնպես մեծ իրավամբ, որովհետև ֆոտոգենի փութը վաճառելով Բաքվի մեջ, առանց ամանի 80 կոպեկով կամ մի ռուբլիով, օրինակ, մի քանի տասնյակ ռուբլի եկամուտ ուներ: Մի խոսքով ամենքը բախտավոր էին համարում իրանց և ոչ ոք չէր մտածում ապագայի մասին, ոչ ոք չէր կարողանում կամ չէր ուզում հասկանալ, թե որովհետև այդպիսի մի շահավետ արդյունաբերության անհնարին է, որ աննկատելի մնա արտաքին դրամատերերից, վասն որո վաղօրոք հարկավոր է ապագան ապահովել: Իսկ ապագան այն ժամանակ միայն կարող է ապահոված համարել, երբ արդյունաբերությունը, դուրս բերելով նահապետական դրությունից, կդնվի գիտնական անհրաժեշտ հիմունքների վրա: Այդպես նավթային գործը տեղացիների ձեռքում մնաց մոտ, ինչպես ասացինք, տասը-տասներեք տարի: Բայց հասան յոթանասունական թվականները, և ամենայն ինչ սկսեց հետզհետե կերպարանափոխվել ի մեծ զարմացումն անշարժ տեղացիների: Օտար ձեռնարկողները հետզհետե ոտ դրին, երևան եկավ Նոբելը, որը այսօր շատ իրավացի կոչվում է «Նավթային թագավոր»: Այդ Նոբելը հմուտ բժշկի փորձառությամբ նախ և առաջ ուսումնասիրեց արդյունաբերության ժամանակակից վիճակը, ապա սկսեց ձեռնամուխ լինել գործին և ձեռնամուխ լինել այն հեռավոր նպատակով, որ մի ժամանակ ասպարեզից դուրս վռնդի տգետ տեղացիներին: Նա հարմարեցրեց սև նավթը տեղափոխելու միջոցները, հնարեց հեղալից նավեր, բարվոքեց ֆոտոգենի հատկությունը: Մի խոսքով, նա գործին տվավ այն ուղղությունը, որը անհասկանալի է առհասարակ ասիացիների համարլինեն սոքա հայեր, թուրքեր թե վրացիներ, այսինքն, նա չխնայեց իր դրամագլուխը ծախսել ներկայումս հեռու ապագայի կանոնավոր և հաստատ շահերի համար: Այդ ուղղությունը տնտեսական աշխարհում անվանվում է «դրամական ուղղություն» (капиталистическая система): Եվ ներկայումս Նոբելի նավթային գործերը գտնվում են նորա ճիշտ հիմունքների վերա: Նոբելը գործը տանում է իբրև իսկական արդյունաբեր, որի զենքերն են գիտություն, դրամ և եռանդ, այնինչ` տեղացիները մեծամասնորեն գործին վերաբերվում են իբրև չարչիվաճառականներ, որոնց թշվառ զենքերն են` խորամանկություն, անտեղի խնայողություն, տգիտություն:

Պարզ է, որ այդպիսի հետադեմ զենքերով անհնարին է մի արդյունաբերություն առաջ տանել: Խորամանկությունը, անտեղի խնայողությունը և տգիտությունը շատ-շատ կարող են հարկավոր գալ միայն վաճառականական ասպարեզում: Բայց արդյունաբերությունը վաճառականություն չէ, նա երբեք չի էլ կարող համեմատվել վերջինի հետ, և տեղացիների գլխավոր սխալը հենց նորանում է կայանում, որ տնտեսական այդ երկու ֆակտորները իրարուց չեն կարողանում որոշել: Նոքա չեն կարողանում հասկանալ, որ վաճառականությունը գուցե կարող է առանց գիտության գոյություն ունենալ, իսկ արդյունաբերությունը սուղ կապերով կապված է վերջինի հետ: Եթե անգղիացիք եվրոպական ամենալուսավորված ազգերից մեկը չլինեին, արդյունաբերությունը նոցանում չէր կարող հասնել զարգացման այն աստիճանին, որի վերա նա գտնվում է ներկայումս: Իսկ նավթային արդյունաբերությունը ներկայումս կարելի է հավասարել անգղիական արդյունաբերության որ ճյուղի հետ որ կամենաք: Ինչպես այնտեղ, այստեղ ևս այժմ անհրաժեշտ են մեծ դրամ, գիտություն կամ գոնե ընկերական ոգի, որից տակավին մեծ մասամբ զուրկ են տեղացիները: Ահա այդ է պատճառը, որ ինչպես մենք նկատում ենք, այսօր նոցա ձեռքից հետզհետե դուրս է գալիս նավթային արդյունաբերությունը և ընկնում Նոբելի և ուրիշ մի քանի դրամատերերի ձեռքը: Դա լոկ խոսք չէ, այլ հաստատ իրողություն, որին ապացույց կարող է լինել այն, որ այս տարվա դեպի Ռուսաստան դուրս հանվելի 24 միլիոն փութ ֆոտոգենի քանակության հավասար կեսը պատրաստում է Նոբելի գործարանը: Իսկ մյուս կեսի մասը կպատրաստեն մնացյալ գլխավոր ֆիրմաները: Ի՞նչ է մնում տեղացիների հարյուրավոր գործարանների համար: Համեմատաբար շատ չնչին քանակություն, դիցուք, մի հինգ կամ վեց միլիոն փութ: Սակայն այդ հինգ կամ վեց միլիոն փութն էլ տեղացի մանր գործարանատերերը արդյունահանում են ոչ թե ինքնուրույն, այսինքն` իրանց սեփական միջոցներով, այլ նույնպես մեծ ֆիրմաների միջնորդությամբ, որոնք ունին տեղափոխելու հարկավոր միջոցներ, որոնք են հեղալից նավեր, երկաթի ամբարանոցներ և վերջապես դրամ: Իսկ այդ միջնորդությունը շատ թանկ է նստում մանր գործարանատերերի համար, ըստ նորանց այն չափով, որ չափով իրանց խիղճը թելադրում է: Մեծ ֆիրմաները մանր գործարանատերերին նշանակում են մի հայտնի գին, իհարկե, որքան հնարավոր է ստոր գին, և վերջինները, եթե կամենան, կարող են վաճառել այդ գնով, իսկ եթե ոչ, թող մնան անգործ: Ի՞նչ պիտի անեն նոքա, որ չվճարեն, ուրրշ ի՞նչ զենք ունին, որով կարողանան պաշտպանվիլ այդ հարստահարության դեմ: Ոչինչ, և մանր գործարանատերերը գիտեն իրենց այդ անզորությունը, վասն որո ստիպված են գլուխ խոնարհեցնել մեծ ֆիրմաների հարվածների ներքո: Իսկ այդ հարվածների հետևանքները հենց նույնիսկ այսօր նշմարելի են նորանով, որ հետզհետե պակասում է մանր գործարանների թիվը և նավթային արդյունաբերությունը կենտրոնանում է փոքրամասնության ձեռքում: Դժբախտաբար այդ մասին դեռ մինչև այսօր ոչ ոք մասնագետներից չի աշխատել վիճակագրական տեղեկություններ ժողովել, բայց մենք գործին մոտիկ ծանոթ մի հմուտ գործարանատիրոջ բերանից այս օրերս լսեցինք, որ վերջին տարիները, չնայելով նավթային արդյունաբերության արագ հառաջադիմության, գործարանատերերի թիվը տարեկան առնվազն տասով քչանում է: Այդ շատ հասկանալի է. մեծ գործարանատերերը իրենց գործունեության չափը ընդարձակում են, իսկ մանր տեղացիները չկարողանալով ոչ խելքով, ոչ փողով, ոչ գիտությունով մրցել նոցա հետ` բնականաբար դուրս են գալիս ասպարեզից: Գյուղացին վերադառնում է դեպի գութանը, մանրավաճառը դեպի յուր խանութը և կոշկակարը դեպի յուր խթանը, որ մի ժամանակվա յուր փառավոր կառքի փոխարեն նստի քյաթիլի (տաբուրետկա) վերա: Եվ այդպիսով շատ կարելի է, որ կգա մի ժամանակ, և այդ ժամանակը գուցե շատ հեռու չէ, որ բոլոր տեղացիները միանգամայն հետ կքաշվեն, ասպարեզը թողնելով Նոբելի և դորա նման օտար ձեռնարկողների գործունեության: Շատ-շատ տեղացիներից կենդանի կմնան գուցե մի քանի նշանավոր ֆիրմաներ, այն էլ, եթե կարողանան գործել ժամանակի պահանջներին համապատասխան, այսինքն եթե փոխանակ իրանց տնային կառքերին զանազան հիմար ձևեր տալու, իրանց տները ցանցառ և ծիծաղաշարժ շռայլություն մտցնելու, կաշխատեն ավելի դրական շահերի մասին: Իսկ այդ դրական շահերը կայանում են նորանում, որ մեր երկրի հարստությունը հարկավոր է ամրացնել մեր ձեռքում և ոչ թե ձգել ուրիշների ձեռքը, որոնց միակ նպատակն է սեփական գրպանը հարստացնել, առանց մտածելու երկրի բարվոքության համար:

Մենք հեռու ենք տեղացի արդյունաբերներին դատապարտելու մտքից և շատ մեծ բաներ էլ չենք սպասում նոցանից, բայց մյուս կողմից կարծում ենք, որ նոքա կարող են այսուհետև գոնե քիչ թե շատ լրջորեն նայել գործի վերա: Ճշմարիտ, ի՞նչ ասել է, մի արդյունաբերություն, որը տարեկան 40 միլիոն ռուբլու չափ եկամուտ է տալիս, որը հեռավոր անգղիացիների ուշադրությունն է գրավել և որը մինչև անգամ ունի յուր սեփական գրականությունը, չի կարողանում միայն համրաշարժ անդրկովկասցու լուրջ ուշադրությունը գրավել: Դա միանգամայն ցավալի մի երևույթ է և ցույց է տալիս, թե դեռ որքան մենք անպատրաստ ենք արդյունաբերական կյանքին: Ասում ենք, որ մեր երկիրը հարուստ է և թույլ ենք տալիս, որ այդ հարստությամբ օգտվեն նոբելներ, սիմենսներ, կուչնեբախներ, ցավերբախներ և այլն: Բայց կանգնենք, եթե ոչ մենք այդպիսով շատ հեռու կգնանք և, մեր խոսքը երկարացնելով, ընթերցողին ձանձրություն կպատճառենք:

Հետևյալ անգամ դարձյալ կդառնանք տեղացիների դրության, որի ներկան և ապագան բացատրելը մեր հոդվածների գլխավոր նպատակն է:

ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

«Արձագանք»-ի անցյալ համարներում «Բաքու» վերնագրով հոդվածներում խոսելով նավթային արդյունաբերության մասին, մենք ընթերցողին խոստացանք բացատրել, թե ինչ բարոյական հեղափոխություն ձգեց տեղացիների կյանքի մեջ նոցա տնտեսական վիճակի հանկարծակի փոփոխությունը: Կատարում ենք մեր խոստումը, մի փոքր ընդարձակելով մեր միտքը:

Թե տնտեսական միջոցները կազմում են մարդկային կյանքի ընդհանուր բարելավության գլխավոր հիմունքը, այդ այնքան պարզ և անհերքելի մի միտք է, որ կարոտ չէ մանրամասն բացատրության: Եվ այդ միտքը որքան իրավացի է անհատական կյանքի վերաբերմամբ, նույնքան նորան պիտի իրավացի համարել և ամենայն մի ժողովրդի կամ հասարակության վերաբերմամբ: Ինչպես անհատի լավ կամ վատ գոյությունը սուղ կապերով կապված է նորա տնտեսական միջոցների հետ, նույնպես և մի ժողովրդի գոյությունն է կապված այդ միջոցների հետ: Սակայն գլխավոր և մեզ հետաքրքրող խնդիրը նորանում է, որ «լավ կամ վատ գոյություն» անելով մենք աչքի առաջ ունենք ոչ միայն այդ գոյության նյութական կողմը, այլև նորա մտավոր և բարոյական կողմերը: Աղքատ և հարուստսոցանից ամենայն մեկը առանձնապես ապրում է յուր տնտեսական դրության հատուկ ավանդություններով (տրադիցիա) և շատ ժամանակ այդ դրության փոփոխությունը մարդու բարոյական կյանքը ենթարկում է արմատական փոփոխությունների:

Բայց այսպես թե այնպես մարդը, իբրև կենսական պայմանների մի խաղալիք, ամենից ավելի հպատակված է տնտեսական պայմաններին, վասն որո նշանավոր է սոցա կատարած դերը մարդու բարոյական կյանքի վերաբերությամբ: Այս տեսակետից նայելով, մենք կարող ենք տեսնել, որ այն ժողովուրդը, որի տնտեսական կյանքը չունի մի որևէ սիստեմատիկական ուղղություն, նորա բարոյական կյանքը ևս չի կարող ունենալ որոշ ուղղություն: Կանոնավոր տնտեսական կյանք ասելով մենք հասկանում ենք այն կյանքը, երբ ժողովրդի նյութական միջոցները, բխելով մի հայտնի աղբյուրից, բաժանվում են այդ ժողովրդի անդամների կամ դասակարգերի մեջ պարզ և որոշյալ քանակությամբ, երբ աղքատությունից դեպի միջակ կարողություն և վերջապես դեպի հարստություն կան հայտնի աստիճաններ, որոնցով մարդիկ կամ բարձրանում ենք հետզհետե, կամ ցած իջնում: Այդպիսի կյանքում աղքատությունը և հարստությունը իբրև իրարու հակասող տարրեր, դրված լինելով հայտնի շրջանակների մեջ, ամենայն մեկը դոցանից բարոյական մարդկանց կրթում է յուր սեփական ավանդությունների համաձայն: Այդ մենք տեսնում ենք այն ազգերի շրջանում, որոնց մեջ հասունացած է կամ գործարանական արդյունաբերությունը, կամ երկրագործական արդյունաբերությունը, նամանավանդ այնտեղ, ուր առաջինը հասել է վերին աստիճանի զարգացման, ինչպես, օրինակ, Անգղիայում: Այստեղ արդեն արդյունագործը արդյունագործ է, բանվորը բանվոր, արհեստավորը արհեստավոր և ամեն ոք ունի յուր բարոյական օրենքների հայտնի կոդեքսը: Թեև մարդկության բախտավորության համար մտածող իմաստասերների կարծիքով այդպիսի տնտեսական կյանքը չէ կարելի երջանիկ համարել մի Ժողովրդի համար, ըստ որում նա ունի յուր հայտնի չարիքները ևս, բայց մյուս կողմից նա անկանոն տնտեսական կյանքի դեմ ունի այն առավելությունը, որ մարդկանց տալիս է հայտնի, որոշ բարոյական և մտավոր գույն:

Վերաբերելով այդ գաղափարը Բաքվի տեղացի արդյունաբերներին, մենք գալիս ենք շատ անմխիթար եզրակացության: Մենք սոցա կյանքում նկատում ենք հանկարծակի բարոյական մի փոփոխություն` շնորհիվ նոցա տնտեսական դրության հանկարծակի փոփոխության: Երեկվա հասարակ կոշկակարը, ջրկիրը, մշակը, գործակատարը, երկրագործը, նավթային արդյունաբերության շնորհիվ, մի քանի տարվա ընթացքում դառնալով նշանավոր հարստության տեր, այսօր արմատապես փոխվելով, բարոյական կետից ներկայացնում են մեր ժողովրդի մեջ մի անմխիթար դասակարգ: Հայտնի է, որ հարստությունը ի չարը չգործ դնելու համար հարկավոր է ունենալ քիչ թե շատ բարոյական ուժ, նույնպես հայտնի է, որ այդ ուժը մարդուն տալիս են ընտանեկան կրթությունը, շրջապատող հասարակությունը կամ գիտությունը: Այդ տեսակ բարոյական ուժից զուրկ լինելով, Բաքվի հասարակությունը յուր նյութական կարողությունը գործ է դնում դեպի չարը թե՛ ներկայի, թե՛ ապագայի վերաբերությամբ: Հարստությունը տված է մարդուն երջանիկ ապրելու համար, և մարդիկ աշխատում են նյութական միջոցներ ձեռք բերել իրանց կյանքը բախտավորեցնելու նպատակովդա ամենքի համար պարզ մի միտք է, որին ոչ ոք չի կարող հակառակել: Սակայն այստեղ կա մի նշանավոր կետ, այն է, թե արդյոք ինչպե՞ս են հասկանում մարդիկ երջանիկ ապրուստը: Երջանիկ կյանք ասված բանը մի պայմանավոր խնդիր է, որի այս կամ այն տեսակ հասկանալը կախված է անհատի կամ հասարակության կրթությունից, մտավոր հասկացողությունից և վերջապես բնական առանձնահատկություններից: Մեկի բախտավորությունը մյուսի համար կարող է դժբախտություն համարվել, մեկի վնասը կարող է մյուսին օգուտ բերել և ամենայն ոք երջանիկ գոյությունը բացատրում է յուր հասկացողության համաձայն: Բայց կա կյանքի մի եղանակ, որը անպայման վնասակար է համարվում: Ահա այդ եղանակով է վարում յուր կյանքը Բաքվի տեղացիների այն ահագին մեծամասնությունը, որը երեկ մի կտոր հացի կարոտ էր, իսկ այժմ նշանավոր հարստության տեր, նամանավանդ երիտասարդությունը: Վերջինը ներկայացնում է բարոյապես ընկած և ֆիզիկապես քայքայված մի դասակարգ, որը նշանավոր չարիքներ է սպառնում մեր ապագա սերնդին: Որպեսզի մեր այդ խոսքերը զրպարտություն չերևան ընթերցողին, դիմենք մի քանի ընդհանուր շոշափելի փաստերի, որոնք ամենայն մի փիլիսոփայությունից կարող են հեշտ պարզել մեր միտքը:

Ամենքը գիտեն, որ Ռուսաստանը Կովկասի վաճառականի համար քաղաքակրթության մի կենտրոն է, որը նա ստեպ հաճախելով` շփվում է անդադար օտար, ավելի քան ինքը, «լուսավորյալ» տարրերի հետ և հետզհետե ճաշակում է եվրոպական քաղաքակրթության պտուղները: Այստեղ նորա միտքը բացվում է, աշխարհայացքը ընդարձակվում է և փոքր առ փոքր սկսում է յուր կենցաղավարության եղանակը փոփոխել յուր տեսածի, լսածի և ըմբռնածի համաձայն: Ինչ որ կարողանում է նա ընդունել օտարներից, նույնը նա աշխատում է մտցնել թե՛ յուր, թե՛ ընտանիքի և թե առհասարակ իրան շրջապատողների կյանքի մեջ: Այդ ազդեցության նամանավանդ հեշտությամբ ենթարկվում են երիտասարդ վաճառականները, որոնց ուղեղը ավելի է ընդունակ այս տեսակ ըմբռնողության: Սակայն այդ օտար ազդեցությունը, եթե մասամբ նպաստավոր է մեր վաճառականության ներքին կյանքի զարգացման համար, նույնքան և նա ունի յուր վնասակար կողմերը, որոնք են շռայլություն, հեշտամոլություն և այլն: Եվ որքան վաճառականը անկիրթ է, անփորձ է, նույնքան նա հակված է դեպի օտար կյանքի այդ վնասակար կողմերը, քան թե լավը: Վերաբերելով այդ միտքը Բաքվի տեղացի վաճառականներին և նավթաարդյունաբերներին, որոնց տնտեսական դրությունը, նավթային արագ զարգացման շնորհիվ, փոխվել է հանկարծակի, մենք գտնում ենք մի ահագին տարբերություն սոցա և ուրիշ քաղաքների վաճառականության մեջ: Մենք գտնում ենք, որ Բաքվի տեղացիները, նամանավանդ սոցանից երիտասարդները վերջին տասնյակ տարիների ընթացքում, բացի անբարոյականությունից, շռայլությունից, ոչինչ չեն կարողացել օտարներից ընդունել իրանց կյանքի մեջ: Դորա միակ հիմնական պատճառը, կրկնում ենք, նոցա տնտեսական դրության հանկարծակի փոփոխությունն է: Երեկվա կոշկակարը, ջրկիրը, անփորձ գյուղացին, միանգամից դառնալով արդյունաբեր կամ վաճառական և տիրանալով տասնավոր կամ հարյուրավոր հազարների, հանկարծ բարոյապես փոխվեց: Նա սկսեց յուր հարստությունը գործ դնել ի վնաս թե՛ յուր անձի առողջության և թե՛ յուր շրջապատող հասարակության: Մեր խոսքը այն բարոյական և ֆիզիկական անդամալույծների վերա է, որոնք կազմում են Բաքվի հասարակության մեծամասնությունը: Այդ հանկարծակի հարստացած մեծամասնությունը մտածում է այսպես. «Մարդ պիտի որքան կարելի է լավ ապրի, իսկ լավ ապրել կարելի է փողով, ես փող ունեմ, ինձ համար մատչելի են աշխարհի ամենայն զվարճությունները, ինչո՞ւ ուրեմն չօգտվել»: Բայց որովհետև այդ անկիրթների և անփորձների դասակարգը այնքան բարոյական զարգացումն չունի, որ կարողանա վնասակարըօգտակարից, անբարոյականըբարոյականից զանազանել, վասն որո յուր կենսական պահաջները լրացնելու ասպարեզում նա այնքան հեռու է գնացել, որ այսօր հասնում է մինչև վերին աստիճանի քստմնելի և զզվելի միջոցների: Հեշտամոլություն և անսանձ կենդանական կրքերահա այդ բարոյական հրեշների կյանքի միակ ղեկավարր թե՛ Ռուսաստանում, ուր արդեն պատրաստի է նոցա համար գործելու ասպարեզը, և թե՛ հայրենիքում, ուր իրանք են աշխատում հետզհետե ստեղծել այդպիսի ասպարեզ: Դա տխուր և ցավալի մի երևույթ է մեր կյանքում, նամանավանդ ցավալի է, որ գրեթե գլխավորապես նա նկատել է հայերի մեջ: Բաքվի անկիրթ, անփորձ հայերը չունենալով ոչ մի, թե՛ կրոնական և թե՛ բարոյական, սանձահարող տարր, բոլորովին անձնատուր են գազանականության: Եվ ահա այդ բարոյական հրեշների լեգիոնը գրեթե բացառապես բաղկացած է հայերից: Մարդ պիտի ունենա երկաթե ջիղեր, որ, խորը նայելով սոցա ընդհանրապես ամբողջ կյանքի և մասնավորապես ընտանեկան կյանքի վերա, մինչև հոգվո խորքը չվրդովվի: Հայ նավթարդյունաբերը, յուր երիտասարդ կյանքը արատավորելով Ռուսաստանի սալահատակներում թրև եկող բարոյապես և ֆիզիկապես ապականված էակների գրկում և բոլորովին յուր կազմվածքը տոգորելով բարդ և վարակիչ ախտերով, վճռում է վերջապես մտնել ընտանեկան կյանքի մեջ: Այստեղ նա արտադրում է իրան նման և գուցե ավելի վատթար հիվանդոտ, թույլ և մտավորապես անդամալույծ արարածների մի սերունդ, որի կյանքը ի ծննդենե թունավորված է: Ով որ ի մոտո ծանոթ է Բաքվի ընտանեկան կյանքի հետ, նա մեր ասածը երբեք չափազանցություն չի համարիլ:

Մեր դատողությունը ընթերցողին կարող է խիստ միակողմանի թվալ, եթե այդ բոլոր թուլությունները բացառապես վերագրենք բաքուցիներին, քանի որ դա մի ընդհանուր ախտ է, որով վարակված է ընդհանրապես մեր երկրի վաճառական դասակարգը: Սակայն խնդիրն նորանումն է, որ ուրիշ քաղաքների վաճառականները քիչ թե շատ գիտեն սահմանափակել իրանց անձնական ցանկությունների շրջանակը, այն ինչ բաքուցիք բոլորովին անձնատուր են իրանց կրքերին: Անձնական շռայլ հաճույքների լրացնելը պահանջում է նյութական շռայլությունծախս, նամանավանդ այնպիսիներից, որոնք միշտ պսպղուն պղինձը զուտ ոսկու տեղ են ընդունում: Ով որ հարստությունը ձեռք է բերել երկար տարիների ընթացքում գործում դրած աշխատանքի և թափած քրտինքի միջոցով, նա թանկ է գնահատում յուր հարստությունը, վասն որո գեթ նյութական խնայողությունից ստիպված նա կարողանում է զսպել յուր կրքերը և ազատ մնալ ավելորդ շռայլությունից: Այդպես են մեծ մասամբ ուրիշ քաղաքների վաճառականները, որոնք կոպեկներով են դիզել իրանց հարստությունը, այն ինչ բաքուցիք գտնվում են բոլորովին բացառական պայմանների մեջ: Նա հարստությունը ձեռք է բերել համեմատաբար կարճ ժամանակվա ընթացքում և ոչ այնքան ծանր աշխատանքով: Ահա թե նա ինչու է աջ ու ձախ շպրտում յուր փողերը, երբ օտար երկիր է դուրս դալիս և ահա թե ինչու նա յուր հեշտությամբ ձեռք բերած հարստությամբ տակավին շլացած, շնորհք յուր անփորձության, չգիտե հաճույքները լրացնելու միջոցների մեջ խորություն դնել:

Մենք շատ հեռու կերթանք, եթե սկսենք մի առ մի թվել այն վտանգավոր բարոյական փոփոխությունները, որոնք տնտեսական դրության հանկարծակի փոփոխությունը մտցրել է Բաքվի տեղացիների կյանքի մեջ, բայց և այնպես կարծում ենք, որ մեր այդ մի քանի ընդհանուր նկատողությունները բավական են, որպեսզի ընթերցողը փոքրիշատե որոշ գաղափար կազմե նոցա ներկա կյանքի մասին: Մեր ասածները վերաբերվում են բաքուցիների ներքին ընտանեկան կյանքին, գալով նոցա ընկերական, հասարակական և արտաքին կյանքին, այստեղ նույնպես նկատելի է անմխիթար փոփոխություն: Հանկարծակի հարստացած բաքուցին ընկերական կյանքում կոպիտ, հանդուգն, ինքնագոհ և համառ է: Նա շատ քիչ հասկացողություն ունի հասարակ քաղաքավարության մասին և եթե այդ կողմից նա կարողացել է մի բան ընդունել քաղաքակրթված օտարներից, դա մի քանի արտաքին աննշան ձևեր են հագուստի, շարժողության և այլ այդպիսի չնչին բաների վերաբերությամբ: Սակայն այդ արտաքին փոփոխությունները ևս միասին գումարած ներկայացնում են շատ անգամ հույժ ծիծաղելի պատկեր: Բաքուցին հագնվում է շատ հարուստ, շռայլ, բայց առանց որևէ ճաշակի: Օրինակ, դուք կտեսնեք նորան ահագին քարերով ոսկյա մատանիների վերա ձեռքերին հագած կեղտոտ ձեռնոցները, փորը շղթայած կես գրվանքանոց ոսկե ժամացույցի հաստ ոսկյա շղթայով և այլն և այլն: Պատահում է նույնպես, որ բաքուցին, չբավականանալով յուր մատերի վերա շարած մատանիներով, մի քանիսն էլ գրպանումն է հետը պահում, որ տեղը ընկած ժամանակ յուր շռայլությունը հաստատելու համար ցույց տա սորան ու նորան: Սոցա նման ծիծաղելի պատկեր ներկայացնում են և նորա շարժվածքը, խոսակցության եղանակը, երբ նա գտնվում է հասարակական շրջանում: Այստեղ ակնհայտ երևում են օտարներից կապիկությամբ գողացած արտաքին ձևերը, որոնք այնքան սազ են գալիս նորան, որքան կարող են սազ գալ, դիցուք, ակնոցները խոզին:

Կարծում ենք, որ ընթերցողին չձանձրացնելու համար ադքանը բավական է արագ հարստացած բաքուցի տեղացիների կյանքի վերաբերությամբ: Այն, ինչ որ ներկայացնում է այդ կյանքը` չափազանց տխուր և վրդովեցուցիչ է թե՛ յուր ներքին և թե՛ արտաքին բովանդակությամբ: Եթե մեր ապագա սերունդի թե՛ ֆիզիկական և թե՛ բարոյական կազմակերպությունը արժանի է շուրջ ուշադրության, նույն ուշադրության արժանի պիտի համարվի և Բաքվի հարյուրավոր ընտանիքների կյանքը, այն ընտանիքների, որոնք իրանց ղեկավարների կյանքի անբարոյական ուղղության շնորհիվ պատրաստում են հասարակության համար թույլ և ի ծննդենե ֆիզիկապես քայքայված մի դասակարգ:

ՄԻ ՀՐԱՎԵՐ

Ստորև տպում ենք Խրիմյան Հայրիկի նամակը Զեյթունի հրկիզյալների մասին:

Next page