Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Ուղիղ երկու ամիս սորանից առաջ Ռուբինյան իշխանության մնացորդ Զեյթունը կրել է մի մեծ հարված: Անողոք կրակը մի գիշերվա ընթացքում այրել, ավերակների կույտ և մոխրատեղի է դարձրել հազարից ավելի տներ, երեք հարյուր կրպակներ, ամբողջ մի շուկա, յոթն եկեղեցիներ, հինգ ուսումնարաններ: Այս սարսափելի հրդեհից այսօր մոտ վեց հազար հայեր մնացել են անպատսպար, մերկ, անոթի և արտասվալի աչքերով ողորմություն են աղերսում:

Դրանք զեյթունցիներն են, Տավրոսի լեռների այն մեր արիասիրտ ազգակիցները, որոնց անունով պարծենում է յուրաքանչյուր հայ, որովհետև նոքա ներկայացնում են այսօրվա մեր ցիրուցան ազգի պատմական արիության, անվեհերության կենդանի մնացորդը: Հրդեհը լափել է նոցա տունը, տեղը, ուտելիքը, հագուստը և այժմ մի կողմից, մոտալուտ ձմեռը, մյուս կողմից` սովի և ընդհանուր հիվանդության մեջ:

Առաջին օգնությունը դժբախտ հրկիզյալները սկսել են ստանալ` Սուլթանի հրամանով` Օսմանյան կառավարությունից: Բայց այս մի անմիջական նպաստ է և այնքան աննշան, որով զեյթունցիները հազիվհազ միառժամանակ կարողանան սովամահ չլինել:

Այնինչ ձմեռը մոտենում է, սկսվում են Տավրոսի լեռների սարսափելի ցրտերը և վեց հազար հոգի, զրկված ապաստարանից, բաց երկնքի տակ, զոհ կդառնան բնության արհավիրքին, եթե օգնության ձեռք կարկառող չլինի: Կ. Պոլսի պատրիարքարանը այս օրերս կազմել է մի հանձնաժողով, որի հրավերը տպեցինք անցյալ անգամ շաբաթաթերթիս մեջ: Հանձնաժողովի նպատակն է զեյթունցիների համար պատսպարան շինել և այրված եկեղեցիներն ու ուսումնարանները վերականգնել: Այս նպատակով տաճկահայերի մեջ արդեն նվիրատվություններ են հավաքվում:

Այժմ Խրիմյան Հայրիկը, հայ ժողովրդի վշտերի և տվայտանաց այս զգայուն թարգմանը, դիմում է մեզ` ռուսահայերիս, որ օգնության ձեռք մեկնենք այն մեր արյունակիցներին, որոնց անունը հայ ժողովուրդը ոգևորված երգում է ամենայն տեղ:

Տպելով Հայրիկի այս ազդու նամակը, հրավիրում ենք այն բոլորին, որոնց սրտում վառ կա մարդասիրության գեթ մի աղոտ կայծ, շտապել օգնելու անպատսպար զեյթունցիներին: Ռուսահայերը միշտ` առատաձեռն նյութական օժանդակությամբ` նպաստել են տաճկահայերին, և այժմ այն մանավանդ պարտավոր են նպաստել, քանի որ վեց հազար հոգուց բաղկացած մի թշվառ ժողովուրդ կորստյան վտանգի դեմ սպասում է այս օգնության: Սխալ է այն դատողությունը, թե միշտ մենք ենք օգնել տաճկահայերին, իսկ նոքա ոչ մի անգամ մեզ չեն օգնել: Եվ ոչ միայն սխալ է այս դատողությունը, այլև զուրկ է բարոյական հիմունքներից: Ճշմարիտ բարեգործի համար վարձատրվելու միտքը անգամ զզվելի պիտի լինի: Ով յուր արած բարեգործության համար երկրպագություն կամ վարձ է պահանջում, նա չարաչար մեղանչում է առաքինության դեմ: Մարդասիրությունը մի վեհ զգացմունք է. նա առևտուր չէ: Եթե մենք կամենանք ամեն մի մեր տված ողորմության փոխարենը պահանջել, նախ պետք է դուրս ձգենք մեր սրտից մարդասիրական զգացմունքը, որովհետև ոչ ամենայն մի կարոտյալ կարող է մեզ վարձատրել: Իսկ ով որ չէ կրում յուր սրտում այդ վեհ զգացմունքը, նա մարդկության աստիճանից ստորանում է, քան անբան կենդանին: Ուստի արհամարհենք այդ անազնիվ փոքրամտությունը և, զուտ մարդասիրական զգացմունքից դրդվծ այս անգամ ևս, օգնության ձեռք մեկնենք մեր թշվառ արյունակիցներին: Օգնենք, եթե չենք ուզում մի անգամ ևս արձանանալ օտարների վիրավորիչ հանդիմանության, թե չկա հայերի համար ավելի բարձր զգացմունք, քան նեղ շահասիրությունը: Շատ ենք լսել այս տեսակ հանդիմանություններ, և որքան նոքա միակողմանի լինին, այսուհանդերձ շատ էլ անհիմն չեն: Եվ եթե մենք կամենանք բողոքել այս վիրավորիչ հարձակումների դեմ լոկ խոսքով, մեր բողոքը անզոր կլինի, գործով պիտի ապացուցանենք, թե, այո՛, գուցե շահասեր ենք, բայց հարկավոր եղած ժամանակ գիտենք և մեր շահասիրությունը մոռանալ հանուն մարդասիրության, հանուն եղբայրասիրության: Վեց հազար զեյթունցի հայեր բնակարան չունին ձմեռային ցրտերից պատսպարվելու, եկեղեցի չունին իրանց վշտացյալ հոգին աղոթքով ամոքելու, ուսումնարան չունին իրանց ուսումնակարոտ զավակներին տեղավորելու, մերկ են, քաղցած են, — ահա թե երբ է հարկավոր գործով ապացուցանել, թե գիտենք և զգում ենք, թե ինչ ասել է մարդասիրությունը:

Թող ուրեմն ամեն մի հայ գործով արտահայտի այդ վեհ զգացմունքը, թող յուրաքանչյուրը չխնայի յուր կարողության չափ օգնել թշվառ Կիլիկիայի թշվառ զավակներին:

«Արձագանք»-ի խմբագրությունը պատրաստ է ընդունել նվիրատվությունները և ուղարկել Կ. Պոլսի Ազգային Վարչության կողմից կազմված Հանձնաժողովին: Իսկ ցանկացողները կարող են անմիջապես ուղարկել իրանց նվիրատվությունները հիշյալ Հանձնաժողովին:

ՀԱՅ ԱԶԳԻ ԿԱՏԱՂԻ ԹՇՆԱՄԻՆ

I

Մինչև վերջին ժամանակները բացառապես և այժմ մեծ մասամբ օտարները հայ անվան հետ ծանոթանում են վաճառականների միջնորդությամբ: Յուր գործունեությամբ հայ վաճառականը մեր մեջ միակ տարրն է, որ ստեպ-ստեպ շփվում է օտարների հետ աշխարհի զանազան կողմերում: Այս պատճառով նա մի տեսակ նմուշ է, որի համեմատ օտարազգիները այսպես թե այնպես գաղափար են կազմում հայ ազգության մասին:

Բուն ժողովուրդը, որ կազմում է գյուղական հասարակությունը, այստեղ և այնտեղ անջատված ապրելով յուր բուն մայրենի հողի վերա, չունե հարաբերություն լուսավորված երկրների հետ: Ուստի շատ անգամ նորա գոյությունը չի էլ հիշվում քաղաքակրթված օտարների կողմից:

Նույնը կարելի է ասել և մեր ժողովրդի մյուս դասակարգի` արհեստավորների մասին: Այս երկու մաքուր տարրերը, որոնցից է իսկապես բաղկացած հայ ազգը, օտարների աչքում մի տեսակ մութ պատկեր են ներկայացնում, որի վարագույրները դեռ մինչև այսօր շարունակվում է փակ մնալ: Մնում է, բացի վաճառականներից, մեր լուսավորված դասակարգը, որ փոքրիշատե շփվում է օտարների հետ: Բայց այդ շփումը այնքան աննշան է առայժմ, որ հազիվ թե ամբողջ ազգի քաղաքական, տնտեսական և մտավոր-բարոյական վիճակը կարող է նորանով լիովին պարզվել օտարների աչքում: Կրկնում ենք, դեռ մինչև այսօր միայն վաճառական դասակարգն է, այսպես ասած, համաշխարհային հանդիսավայրում մեր գլխավոր ներկայացուցիչը, մեր գոյության կենդանի ապացույցը:

Այդ ճշմարտություն է, բայց դառն և ցավալի ճշմարտություն: Ունենալ օտարի առջև մի պատմական ազգի գոյության ներկայացուցիչ մի դասակարգ, որի կյանքի նպատակը լոկ նյութականն է, այդ ո՛չ միայն ցավալի է, այլև վնասակար: Իսկ ունենալ հայ վաճառականի նման մի ներկայացուցիչ, այդ կատարյալ մի դժբախտություն է: — Մի դժբախտություն, որ այսօր անողոք ճակատագիրը վիճակել է հայ ազգին: Հայ վաճառականը հայ ազգի կատարյալ թշնամին է, և մենք կասենք, որ չկա ավելի վտանգավոր, ավելի անխիղճ և ավելի բարբարոս թշնամի, քան թե նա: Մենք չենք խոսում նորա ներքին կացության, նորա վնասակար ազդեցության մասին յուր շրջապատող ժողովրդի վերա: Այստեղ նա յուր ժողովրդի կատարյալ ցեցն է, այս հաստատված մի իրողություն է, որ ոչ ոք չի կարող հերքել: Մենք խոսում ենք այն արտաքին վնասների մասին օտարների աչքում, որ կրում է դարերով սրբագործված հայ ազգի անունը, վարկը, պատիվը, շնորհիվ այն հարստահարիչ և ձրիակեր տարրի, որ կոչվում է վաճառականություն:

Այս դառն խոսքերը մեր գրիչը արտահայտում է վշտալի մտածմունքների ազդեցության ներքո: Չի անցնում օր, որ յուր ազգի բարոյականության նախանձախնդիր հայը չի կարդա կամ չի լսի օտարից հանդիմանություններ, թե հայ ժողովուրդը կեղծավոր է, շողոքորթող է, ժլատ է, հարստահարիչ է և այլ այսպիսի վիրավորական ածականներ: Արդարացի՞ են արդյոք այս դառն հանդիմանությունները հինգ-վեց միլիոն հոգուց բաղկացած մի բազմաչարչար պատմական ազգի վերաբերմամբ, որի ամբողջ ինը տասներորդականը բաղկացած է գյուղացիներից, արհեստավորներից և ժլատության, հարստահարության, կեղծավորության հանգամանքներից զերծ դասակարգերից: — Ո՛չ, արդարացի չէ, անիրավ է: Բայց իրավունք ունի՞ օտարը, երբ միշտ մեր երեսին է շպրտում այդ կեղտոտ ածականները: — Այո՛, կատարյալ իրավունք ունի: Ի՞նչ աղբյուրներից է օտարը վերցնում յուր գաղափարը հայ ազգի մասին, այն օտարը, որ ծանոթ չէ մեր բուն ժողովրդի հետ: — Հարկավ, այն աղբյուրներից, որ ավելի մոտիկ են իրան: Եվ այդ աղբյուրը հայ վաճառականությունն է: Պղտո՛ր աղբյուր: Ի՞նչ գույներով է ներկայանում ինքը հայ վաճառականը յուր հայրենիքից դուրս օտարների առջև և ի՞նչ գույներով է պատկերացնում յուր ազգային առանձնահատկությունները: Ահա մի հարց, որը դառն մտածմունքներ է առաջ բերում:

Հայ վաճառականը յուր հայրենիքից դուրս, նախ և առաջ, ո՛չ մայրենի լեզու ունի, ո՛չ ազգային պարտաճանաչություն և ո՛չ էլ հասարակական ինքնասիրություն: Նա գույն չունի: Նա բոլորովին, ումի հետ կապված է գործով, ամենից առաջ աշխատում է դուր գալ թե՛ կեղծավորությամբ, թե՛ շողոքորթությամբ: Նա խոսում է միշտ յուր ձեռնարկությունների, առևտրի, վաստակի, վնասի մասին և խոսում է ամեն լեզվով, բացի յուր մայրենի լեզվից, թեև ոչ մի լեզու օրինավոր չգիտե: Չկա նորա համար ոչ մի հետաքրքրության և խոսակցության արժանի խնդիր, բացի նյութականից: Երկաթուղում և շոգենավի վերա, չորում և ցամաքում, հյուրանոցում թե շուկայում, թատրոնում թե յուր օտարազգի ծանոթի ընտանիքներում նորա խելքը գործում է միևնույն ուղղությամբ: «Շահ կլինի՞ արդյոք», ահա այն հարցը, որ կաշկանդած պահում է միշտ և ամեն տեղ նորա ուղեղի բոլոր ծալքերը: Նորա հոգեկան բարձրագույն զվարճությունըհեշտախոսությունը և անասնական ոգևորությամբ ուտել և խմելն է: Ընկերների առջև նա շփանում է յուր պղծասիրությամբ, անառակությամբ, օտարների մոտ երբեք չգիտե ո՛չ յուր անհատական և ո՛չ ազգային արժանավորությունները մաքուր գույներով ներկայացնել: Բամբասել օտարի առջև յուր ազգակիցներին, յուր ընկերոջ պատվի գնով յուր առևտրական վարկը բարձրացնել, — ահա նորա հատկանիշը: Զզվելի է նա յուր ճանապարհորդության ժամանակ մանավանդ, երբ հանդիպում է կին հասարակության: Այստեղ նորա խելքը և սիրտը չեն կարողանում արտահայտել ոչ մի մաքուր ձգտում, ոչ մի անկեղծություն: Առաքինի հերոսության մասին նա գաղափար անգամ չունի: Յուր ամուսնական սրբությունը ընտանիքից դուրս օտար երկրում պղծել` նորա սովորական ախտն է: Ուստի նա միշտ ապականված է ինչպես բարոյապես, նույնպես և մարմնապես:

Սուտ ասել, խաբել, առանց այս երկու զենքերի հայ վաճառականը ինչպես յուր հայրենիքում, նույնպես և օտար երկրներում գործել չգիտե: Հարյուրավոր օրինակներ կարելի է առաջ բերել, թե ինչպես հայ վաճառականները նախ` գրավել են օտար գործարանատերերի հավատարմությունը, ապա, մեծ քանակությամբ ապառիկ ապրանքներ վերցնելով, փախել են և ստությամբ սնանկ են հրատարակել իրանց: Այդ ախտը ոչ մի ազգի վաճառականության մեջ այնքան տարածված չէ, որքան հայերի մեջ:

Այս է ահա հայ վաճառականի տիպարը, այս է այն տարրը, որ, թափառելով ամեն երկրներում, շփվելով օտար ազգերի հետ, անխիղճ կերպով արատավորում և ոտնակոխ են անում հայի անունը: Եվ ահա ինչու մենք անվանեցինք վաճառականին հայ ազգի կատաղի թշնամի: Պետք է ամենայն կերպ հարվածել այդ կեղտոտ ապականված մարմինը, որ չարաչար վնասներ է գործել մինչև այժմ և դեռ շարունակում է գործել: Մենք առայժմ մատնացույց արինք այդ վնասներից մի քանիսը միայն, բայց դեռ առիթ կունենանք դառնալ այդ նշանավոր հարցին:

II

Շարունակենք մեր նշտրակը ավելի խորը մտցնել հայ մարմնի այն թարախալից պալարի մեջ, որ անվանվում է վաճառականություն:

Ամեն մի ճշմարիտ համոզմունք, առհասարակ, կազմվում է լրացուցիչ փաստերի զորությամբ: Եթե հիմունք չունենայինք, մենք ներկա հոդվածների վերնագրով չէինք մկրտիլ մեր հասարակության մի ահագին դասակարգվաճառականներին: Իրավ, հայ վաճառականներին մենք համարում ենք հայ ազգի կատաղի թշնամի այն բազմաթիվ փաստերի հիման վերա, որ ամեն օր տեղի ունին մեր շուրջը: Անցյալ անգամ մենք մատնացույց արինք այդ փաստերի միայն մի հայտնի մանը: Բայց կան ավելի զորեղները, և մենք հետզհետե կխոսենք նոցա մասին:

Որքան հայ վաճառականը յուր հայրենիքից դուրս, ճանապարհորդության ժամանակ ապականված է, կրկնակի վատթար է նա յուր բնակավայրում, (չենք ասում հայրենիքում, մեր վաճառականը հայրենիք չունի) յուր գործունեության, այսպես ասենք, բուն պատվանդանի վերա: Այստեղ արդեն հայ վաճառականը, — լինի նա փերեզակ, վաշխառու, դրամատեր թե կապալառու, — յուրաքանչյուր մտածող մարդու առջև ներկայացնում է իբրև մի իրականացած զզվանք: Նորա կազմը բովանդակ նեխված է. անհնարին է գտնել մի առողջ տեղ այդ կազմի մեջ, որի վերա կարելի լինի մատ դնել և ետ վերցնել չապականված: Եվ այդ մարմինը մանավանդ գարշ տեսարան է պատկերացնում մեծամեծ քաղաքներում` սկսած Պոլսից մինչև Թիֆլիսը: Փերեզակ-մանրավաճառը` կոպիտ, խաբեբա, լկտի: Հարուստ խանութպանը` շողոքորթող, օրական հարյուր անգամ աստուծո անունով սուտ երդվող և հինգ հարյուր անգամ նույն աստուծո դեմ մեղանչող: Կապալառուն` խարդախ: Դրամատեր-տոկոսակալը` անխիղճ տոկոսներով յուր պարտականների կաշին բութ դանակով քերթող:

Ով որ պարզամիտ է, — նա հիմար է, իսկ ով որ հիմար է, նա պիտի հարստահարվիահա այն մութ առանցքը, որի շուրջը պտտում է հայ վաճառականի մտավոր ընդունակությունը: Սրտի դատաստանը և խղճի օրենքը վաղուց հետե նորա համար գոյություն չունին. կա միայն արտաքին իրավունք: «Պայման ենք կապել, պիտի վճարես, տուգանք ես խոստացել, պիտի տուժես»: — Ահա այն պարանը, որով նա խեղդում է յուր ձեռքը ընկնողներին: Եվ բացի այդ համառ դատաստանից, նորա համար չկա մի ուրիշ մարդկային օրենք թե՛ օտարազգիների և թե՛ յուր համազգիների վերաբերմամբ: Մենք հետզհետե այսուհետև` մեր այդ խիստ խոսքերի ճշմարտությունը ընթերցողների համար անհերքելի կացուցանելու նպատակով առաջ կբերենք բազմատեսակ փաստեր, եթե մեր ասածը կարոտ է որևէ ապացույցի: Փաստեր, որոնք բացառություններ չեն, այլ մի կանոնավորված օրենք մեր վաճառականության ասպարիզում:

Այժմ հարց. ո՞ր եվրոպացի օտարը կարող է ներբողներ կարդալ մի այդպիսի հասարակության: Ո՞ր շրջապատող ազգաբնակությունը կարող է սիրել մեզ, եթե ի նկատի ունի մեր բազմադաս ազգի մեջ միայն վաճառականներին: Հարց. յուր ազգային պատվաճանաչության նախանձախնդիր հայը ո՞ր մեկին կարող է բացատրել, թե հայ վաճառականի համար չկա խտրություն ո՛չ կրոնի և ո՛չ ազգության: Թե նորա համար միևնույնն է` հարստահարության աղբյուրը այլազգին է, թե յուր արյունակից հայը, թե նույնիսկ յուր ընկերը, թե յուր հարազատ եղբայրը:

Բայց մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ մենք դեռ այդպիսի նեխված արարածներին հասարակական աստիճանների վերա առաջին տեղերն ենք տալիս, մենք երկրպագություն ենք տալիս, խոնարհվում ենք նոցա առջև: Ինչո՞ւ-նորա համար, որ նոքա հանուն իրանց գրպանի, մետաղի գնով վաճառում են այն, ինչ որ մենք վաստակել ենք դարերի ընթացքումմեր անունը, պատիվը, մեր ազգային ինքնասիրությունը: Ցերեկը երեսուն տոկոսով պարտք տվող մի վաշխառվի տանը մենք երեկոյան ընթրում ենք, մասնակից ենք լինում ուրիշների արյունի և քրտինքի գնով ձեռք բերված սեղանին: Այդ ապականության վերին ծայրն է, կարծես, ավելի հեռու գնալ չի կարելի: Բայց հասկացեք, որ մենք գնում ենք դեռ ավելի հեռու: — Մեր լրագրության և գրականության մեջ ծախու գրչակներ որքան անգամ և որպիսի ներբողներ են կարդում այն ապականիչներին, որոնք ազնվություն են համարում անազնվությամբ վաստակած հազարներից մի քանի կոպեկներ շպրտել ազգային բարեգործական սեղանի վրա: Եվ մի՞թե այսպիսով չի կրկնապատկվում այն վնասը, որ ստանում է հայ ազգի անունը յուր ապերախտ զավակներից: Մյուս կողմից` մի՞թե նույն հարստահարիչները ավելի չեն խրախուսվում, ինքնըստինքյան կանգնելով այն խավար համոզմունքի վերա, թե «ա՛յո, մենք կարող ենք անընդհատ կեղեքել դորան ու նորան, լցնել մեր գրպանները հարյուր հազարներով, և հետո, մի քանի հարյուր ռուբլի նվիրելով ազգային և այն հիմնարկության կամ եկեղեցուն, հասարակության մեջ բարոյական վարկ վաստակել»: Ո՛չ, վաճառականը ռուբլիներով չի կարող արդարացնել յուր անցյալը և ներկան, նորա մեղքը այնքան ծանր է և տված վնասները այնքան բարդ, որ եթե յուր ամբողջ կարողությունը անգամ դնի քավարանի գանձարանում, հազիվ թե կարողանա զտվել և մաքրվել հայ ազգի աչքում: Ի՞նչ, մի՞թե կարծում եք, որ բարոյական հանցանքը կարելի է նյութական նվիրատվությամբ սրբագործել, և մի՞թե հավատացած եք, որ նվիրատվությունը բարեգործություն է: Ո՛չ, այդ սխալ է, որ մյուս անգամ կբացատրենք:

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՎՏՈՒՐ

Խոսելով մեր վաճառական դասակարգի դատապարտելի կացության մասին, եթե հիշում է ընթերցողը, ակնարկեցինք և այն հանգամանքը, որ հայ հասարակության այդ մասը իր բոլոր ախտերով հանդերձ նկրտումներ ունե բարեգործ անունը կրելու: Մենք ասացինք, որ վաճառականը այսօր, մեզանում ո՛չ միայն հասարակական բարձր դիրք է վայելում, այլև նա համարում է իրան բարեգործ, մարդասեր: Եվ ո՛չ միայն ինքը` վաճառականը, ունե այդ համարումը իր մասին, այլև նա բարեգործ համարվում է ուրիշ դասակարգերի և, որ ամենավշտալին է, նույնիսկ մեր լուսավորված անհատների կողմից, մեր հոդվածները երևան գալուց հետո, այդ սխալ և միանգամայն դատապարտելի կարծիքը ավելի որոշ կերպով լսելի եղավ հայտնի շրջաններից, թե՛ բերանացի և թե՛ գրավոր:

Ուստի մենք, մեր խոստման համաձայն, կամենում ենք երկու խոսքով բացատրել, թե ի՞նչ ասել է բարեգործություն: Այնուհետև թող ամեն ոք խորհի` արդյոք արժանի՞ է հայ վաճառականը բարեգործի վեհ անունը իր ճակատի վրա կրելու, արդյոք նա գիտե՞ ինչ ասել է բարեգործություն, թե այդ ճակատագրի մի դառն կատակն է, որ հայ ազգը այսօր անգամ երախտապարտ է համարվում մի դասակարգի առջև, որը ինքը իսկապես երախտամոռ է:

* * *

Բուն բարեգործությունը մի գործողություն է, որ բխում է մարդկային սրտի բնական և մի անկեղծ զգացմունքից, այն է` օգնել անօգնականին: Դարերից ի վեր այդ զգացմունքը մարդու հոգեկան և բարոյական առանձնահատկություններից ամենասուրբը, ամենաազնիվն է համարվել: Առաքինության նախանձախնդիր բոլոր մեծ քարոզիչները իրանց բարոյական վարդապետության գլխավոր հիմք ընդունել են միշտ բարեգործությունը: Սկսած Անդրպատմական ժամանակներից մինչև հնդկական Բուդդան, ֆիննական Կոնֆուցին և մեր մեծ Մարդասերը, յուրաքանչյուրը աշխատել է տարբեր միջոցներով, բայց գրեթե նույն հիմնական գաղափարով, այդ վեհ զգացմունքը միշտ վառ պահել և ավելի զարգացնել մարդկության մեջ: Եվ երբ սկսել է վերջինի սրտում բարության զգացմունքը, տեղի տալով անասնականին, բնականաբար երևան են եկել քարոզիչներ, որ կակղացնեն քարացած սրտերը:

«Օգնեցեք թշվառներին», — ահա Քրիստոսի բարձր պատգամներից բարձրագույնը: «Բայց օգնեցեք, — ավելացնում է մեծ վարդապետը, — այնպես որ աջ ձեռքով տալիս ձախ ձեռքը չիմանա, թե տալիս եք»:

Արդ` ի՞նչ է նշանակում այդ: — Նշանակում է, որ բարեգործությունը, այն է, երբ մարդ կարոտյալին օգնում է դրդված լինելով սրտի խորքից բղխող անկեղծ, անշահ և ինքնուրույն զգացմունքից: Հետևաբար, նա մի կրավորական զգացմունք չէ, նա բնական է, որ ծագում է մարդու սրտում, ակամա առանց շատ անգամ հաղորդակցություն ունենալու խելքի և դատողության հետ, ըստ որում բուն բարեգործը հաճախ ոչ թե դատելով, այլ զգալով, կարեկցելով է անում բարեգործությունը:

Եթե ձեռքը գրպանը տանելիս բարեգործի գլխում ծագում է այն միտքը, թե կարող է իր տվածով փառք և բարեգործի անուն վաստակել, կամ եթե մտածում է, թե այն մարդը, որին նա օգնում է, պիտի խոնարհվի իր առջև, այն ժամանակ նա բարեգործի աստիճանից անպայման գլորվում է և ընկնում վաճառականի աստիճանը, քանի որ նա կամենում է իր տվածի փոխարենը ստանալ:

* * *

Այսպես ենք մենք հասկանում բարեգործություն ասած բարձր զգացմունքը, և այսպես պիտի հասկանա ամեն ոք, որ գիտե մտածել և զգալ:

Այժմ նայենք այդ տեսակետից մեր բոլոր բարեգործների վերա, որոնց մեծամասնությունը մի առանձին պարծանքով վաճառականը վերագրում է իր դասակարգին: Վաճառականը մասամբ օգնել է և օգնում է մեր եկեղեցիներին, դպրոցներին, բարեգործական հիմնարկություններին, սովյալներին, հրկիզյալներին, — այո, այդ ճշմարիա է: Բայց ինչպե՞ս է արել նա այդ, արդյոք կարոտյալին օգնելու վեհ զգացմունքից դրդվա՞ծ, թե՞ մի այլ նպատակով:

Ով որ եղել է վաճառականական շրջաններում, ով որ երբևիցե, հանուն այս կամ այն կարոտյալի, դիմել է նոցա օգնության, այս հարցը կարդալիս նրա առջև անշուշտ պատկերանում է վաճառականբարեգործի իսկական հոգին:

Նախ և առաջ ճրագով պիտի որոնել գտնելու մի այնպիսի վաճառական, որ բարեգործություն արած լիներ կամավոր կերպով, առանց ստիպման մի անձնավորության կողմից: Միշտ կամ հարկավոր է ժամերով քարոզ կարդալ վաճառականի գլխին, որ, վերջապես, նորա` տալու համար կարճ ձեռքը ձգվի մինչև գրպանը, կամ հարկավոր է, որ բարեգործության փոխարեն նրան անմիջապես խոստանալ մի դրական վարձ, որովհետև նա մտածում է այսպես. «Արդյոք ի՞նչ մի օգուտ կլինի ինձ, եթե այսինչ կարոտյալին օգնեմ»: Եվ այդ դեպքում մեծ նշանակություն ունե այն անձնավորությունը, որը դիմում է հօգուտ կարոտյալների, վաճառականի օգնության: Վաճառականը հաճախ, եթե մի բան տալիս է, տալիս է ո՛չ թե գործի համար, այլ այն մարդուն, որը դիմում է նրա օգնության, այդ ևս այն դեպքում, երբ դիմողը մի հայտնի մարդ է, որից նա մի որևէ ակնկալություն ունի:

Երկրորդ` երբ նա նվիրում է մի բան, առաջին պայման. նա պահանջում է, որ հռչակվի իր նվիրածը ի գիտություն աշխարհի, որպեսզի նա կարողանա մեր ամեն ինչ արտաքին փայլով գնահատող հասարակության աչքում կոպեկանոց փառք վաստակել, որպեսզի նա հոգաբարձուի, եկեղեցաշենի, դպրոցաշենի, որդեգիր պահողի, ազգային խնամակալի, վերջապես, բարեգործի անվան արժանանա:

* * *

Արդ կարելի՞ է այդ ինքնօրինակ շահադիտական զգացմունքը բարեգործության սրբազան անունով մկրտել, կարելի՞ է բարեգործ անվանել այն մարդուն, որ տալիս է ո՛չ թե օգնելու համար, այլ փոխարենը կրկնակի ստանալու մտքով: Այլևս չենք խոսում, թե ինչ քստմնելի միջոցներով է նա ձեռք բերել այն, որի մի չնչին կտորը շպրտում է կարոտյալին:

Սակայն երևում է, որ մեր մեջ ո՛չ միայն կարելի է, այլև է՛, որ առևտուրը ո՛չ թե առևտուր է անվանվում, այլ ազգասիրություն, մարդասիրություն և բարեգործություն: Եվ այդ միտքը հայտնում են ո՛չ միայն մեր բարեգործ վաճառականները, այլև վաղեմի նախապաշարմունքներով կաշկանդված մեր լուսավորվածները: Այդ է ամենազազրելին, այդ է, որ անբարոյականացնում է մի ամբողջ հասարակություն և այդ է, որ այսօր «Աստծո սուրբ տաճարում դպիրները և կեղծ փարիսեցիներն են նստած»: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջև սողունի պես ստորանում են, ոտերն են լիզում իրանց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ: Բայց... սարսափելի է մամոնան, նրա հրապույրների առջև երբեմն անզոր են հանդիսանում պահպանել իրանց արժանավորությունը անգամ նոքա, որոնք ամենից ավելի պիտի հալածեին նորա ապականված արբանյակներին...

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԹՈՒՐՔԵՐԸ

Անցյալ անգամ, խոսելով Բաքվի մեջ կազմվող «Բարեգործական Մուսուլմանական Ընկերության» մասին, ասացինք, թե թուրքերի մեջ այդ յուր տեսակում առաջին քաղաքակրթական երևույթն է: Մենք այդ ասելով, իհարկե, մտադիր չէինք հայտնելու, որ թուրքերի մեջ բարեգործական ոգի չկա: Ընդհակառակը, բարեգործությունը յուրաքանչյուր թուրքի հատկանիշն է. նույնիսկ Ղուրանի պատգամներն ամեն մի անհատ մահմեդականին խստիվ պատվիրում են` օգնել յուր կարոտյալ կրոնակիցներին: Եվ հազիվ կգտնվի մի մահմեդական, որ այդ հիման վերա կազմած չունենա յուր գլխում բարեգործության մասին մի որոշ փիլիսոփայություն և այդ փիլիսոփայությունը չբացատրի ձեզ ոգևորված:

Պարսկաստանում, և նույնիսկ Անդրկովկասում, դուք կհանդիպեք հարյուրավոր թափառական դերվիշների, որոնք ապրում են իրանց կրոնակիցների բարեգործությամբ: Սեիդները, որ համարվում են սրբազան մարգարեի սերունդը, իրավունք ունեն ապրել մահմեդականությունը դավանողնեթի հաշվով, և ամեն մի փոքրիշատե կրոնասեր թուրք կամ պարսիկ չարաչար հանցանք է համարում` դատարկ մերժել մուրացող «սեիդի» ափը, երբ նա պարզվում է յուր առջև:

Պարսիկ ժողովրդի մեջ պտտում են հազարավոր հեքիաթներ, առասպելներ, որոնց իմաստով խստասրտությունը հաղթվում է բարեսրտությունից, չարագործությունը բարեգործությամբ: Տոն և անգամ հասարակ օրերում մեջիթների դռներում բազմաթիվ մուրացկանների պարզած ձեռներ կարող եք տեսնել Անդրկովկասի ամեն մի թրքաբնակ քաղաքում: Բարեպաշտ մուսուլմանը, կեսօրվա յուր «նամազը» մարգարեի տաճարում կատարելուց հետո, առանձին ախորժակով է ուտում յուր «փլավը և դոլման», եթե նա տաճարից դուրս գալիս մի սև դրամ է դրել յուր առջև բացված չքավոր ափում: Ամբողջ «Մահառամի» ամիսը, երբ ներկայացվում է Մահամմադի քրոջ ամուսնի, Ալիի «ալամների» կողմից նահատակվելը, մահմեդականի բարեգործական ոգին ավելի գրգռվում է, մանավանդ հիշյալ ամսի վերջին տասն օրերը: Իսկ ամենավերջին օրը, երբ արդեն գլխավոր ներկայացումը, «ՇահՀյուսեին ՎահՀյուսեինն» է կատարվում, ամեն մի մահմեդական եռանդուն բարեգործ է: Հանուն նահատակ մարգարեի` իրանց կուրծքը ծեծող, գլուխը թուրով կտրտող, մարմինը պես-պես վերքերով տանջող բարեպաշտների համար բաց է ամենքի սիրտը: Գոհունակության արտասուքը աչքերին մահմեդական չքավոր պառավը և հարուստ վաճառականը հավասար հոժարությամբ նվիրում են իրանց լուման: Խանութպան պարսիկը գլուխներով շաքար է զոհում տանջվողների սիրտը քաղցր «շարբաթով» զովացնելու համար:

Այսպես` յուրաքանչյուր մի մահմեդական, հանուն յուր սրբազան կրոնի, բարեգործ է: Բայց այդ բարեգործությունը անհատական է. օգնում է ամեն ոք և օգնում է առանձին առանձին, միմյանցից անկախ: Հավաքական, ընկերական բարեգործություն դեռ մինչև այսօր չկա մահմեդական ժողովրդի մեջ. գոնե Անդրկովկասի թուրքերի վերաբերմամբ այդ մի անհերքելի իրողություն է: Չկա անհատների մի ժողով, մի ընկերության, որ միացած ուժերով գործի չքավորության դեմ:

Ի՞նչ է այս երևույթի պատճառը:

Մենք անցյալ անգամ ասացինք, թե պատճառը երկու է` նախ կրոնական մոլեռանդությունը, երկրորդ` ժամանակակից քաղաքակրթության կատարյալ բացակայությունը թուրք ազգաբնակչության մեջ: Պետք է սակավ ինչ մանրամասն խոսել այս մասին:

Հայտնի է, որ ընկերական գործունեությունը ժամանակակից քաղաքակրթության հատկանիշն է: Վայրենի ժողովրդների մեջ հավաքական ուժերը գործում են միայն արտաքին թշնամական չարիքների դեմ: Ներքին միաբանություն չկա. անհատը ապրում է յուր համար, և նույնիսկ ընտանիքը, այդ ընկերական կյանքի տարրական կապը, չունի որևէ կանոնավոր հիմունք միության: Կիսավայրենի, անկիրթ ժողովրդների մեջ այս միությունը երևան է գալիս շատ թույլ կերպով, այն ևս անգիտակցաբար: Միմիայն քաղաքակրթությունն է առաջ բերում գիտակցական միություն անհատների մեջ. այս միությունը հետզհետե ընտանեկան շրջանից դուրս գալով տարածվում է խմբերի, հասարակության և ժողովրդի մե: Կազմակերպված աստվածային դավանությունը նպաստում է այդ տեսակ ընկերական միության, երբ նա յուր մեջ ինքնըստինքյան հակասություններ և ժամանակակից քաղաքակրթության դեմ մոլեռանդ հիմունքներ չէ պարունակում: Ուստի ազատամիտ է համարվում այն կրոնը, որ չէ նախապաշարում յուր հետևորդների միտքը այժմյան լուսավորության դեմ, որ թշնամական զորեղ պատնեշ չէ դնում աստվածապաշտության և մտքերի ընդարձակության մեջ:

Այսպես է քրիստոնեական կրոնը, այսպես չէ մահմեդականը:

Մենք հեռու ենք Ղուրանի վերա որևէ ստվեր ձգելու անարժան դիտավորությունից: Նա հարգելի է իբրև մարգարեական պատգամ: Բայց ամեն մի լուսավորված պարսիկ ձեզ խղճի միտք կասի, որ մահմեդական կրոնը շատ ամենա չնչին բաներում անգամ արգելում է յուր հետևորդներին` ձգտել դեպի ներկա քազաքակրթությունը: Իսկ հոգևորականությունը յուր կողմից, նամանավանդ, խստացնում է այդ արգելքը, շնորհիվ յուր տգիտության և մոլեռանդության: Ամենաբարեպաշտ մուսուլմանը չի համաձայնի անմիջապես քրիստոնեի ձեռքից որևէ մի առարկա ընդունել, ուր մնաց հետևել նորա օրինակին: Ճանաչում ենք անթիվ մուսուլմաններ, որոնք հանցանք են համարում եվրոպական կոշիկներ հագնել անգամ: Իսկ եթե հագնում են, կանխապես այդ կոշիկները սրբագործում են այլ մահմեդականի ձեռքում:

Կարելի՞ է միթե այդ կույր մոլեռանդության մեջ մտածել եվրոպական քաղաքակրթության մասին: — Ամենևին: Եվ մահմեդականներից նոքա, որոնք մտածում են և կամենում են հասկացնել իրանց կրոնակիցներին, ենթարկվում են հարյուրավոր հալածանքների:

Օրինակներ եղել են և այժմ էլ կան: Թիֆլիսում հրատարակվող միակ թուրքերեն լրագրիՔեշկյուլ») խմբագիրը մինչև այժմ չգիտե որ բարբառով հրատարակել յուր թերթը, պարսկակա՞ն, թե՞ Հադրբեջանի: Նա սկսեց Հադրբեջանի բարբառով, որ հասկանալի լինի Անդրկովկասի թուրք ազգաբնակության, որի ահագին մեծամասնությունը անծանոթ է պարսկերենին: Ոչ ո՛ք չկամեցավ կարդալ, իսկ հոգևորականությունը սկսեց ծաղրել: «Կարելի՞ է միթե, — ասում է նա և այժմ, — Հադրբեջանի գռեհիկ լեզվով նշանավոր մտքեր արտահայտել, միայն արաբերենը և մասամբ պարսկերենը ունեն այդ բարձրագույն հատկությունն»: Ջալալ Էֆենդի Ունսի Զադեն այնուհետև սկսեց յուր թերթը հրատարակել պարսկերեն և արաբերեն: Բայց ոչ ոք ոչինչ չէր հասկանում: Նա վճռեց դարձյալ դիմել հադրբեջանյան բարբառին: Այժմ «Քեշկյուլը» շարունակում է հրատարկվել նույն հասկանալի բարբառով: Իսկ մոլլաները չեն դադարեցնում իրանց թշնամությունը նորա դեմ:

Ավելի անմխիթար էր Ջալալ Էֆենդիի մեծ եղբոր թերթի վիճակը, որ մի ժամանակ հրատարակվում էր Թիֆլիսում «Զիյա» (Արշալույս) անունով: Նա ոչ մի հաջողություն չունեցավ և շուտով դադարեց: Այժմ «Զիյա»-ի խմբագիրը մի քանի լուսավորված թուրքերի, պ. Շիլյանսկու և այլոց հետ ճիգ են թափում Բաքվում փոքրիկ հասկանալի գրքույկներով լուսավորության առաջին շավիղը բաց անել իրանց կրոնակիցների առջև: Նոքա սկսել են թարգմանել հին պարսկերենից Հադրբեջանի բարբառով պարսկական երևելի բանաստեղծների` Հաֆիզի, Ֆիրդուսիի և Սաադիի հանճարեղ երկասիրությունները: Բայց նոցա այս ամենահասարակ քայլն անգամ հանդիպում է զանազան խոչընդոտների մահմեդական հոգևորականների կողմից: Վերջինները մի զարմանալի համառությամբ պնդում են, թե հասարակ մահկանացուները չպիտի հասկանան հիշյալ բանաստեղծությունները: Բայց հասկանո՞ւմ են արդյոք իրանք, մոլլաները, որ գիշեր-ցերեկ թութակի պես կարդում են: Դժվարանում ենք այս հարցին դրական պատասխան տալ, որովհետև, որքան մեզ հայտնի է, Անդրկովկասի թուրք հոգևորականներից շատ և շատ քչերը տեղյակ են պարսկերենին և արաբերենին:

Եվ ահա այդ հոգևորականները, ինքյանք խարխափելով տգիտության մեջ, արգելք են լինում և ժողովրդի լուսավորության: Ինչո՞վ կվերջանա այս մոլեռանդ ընդդիմադրությունը, — չգիտենք: Միայն մեզ մնում է, հանուն մեր դրացի ազգաբնակչության քաղաքակրթության, առժամանակ մխիթարվել այն լուսավոր կայծերով, որ երբեմն ցայտում են նորա խորհող և ազատամիտ անդամների մտքից: Թող Ջալալ Էֆենդին, նորա մեծ եղբայր Շիլյանսկին և այլ այդպիսի լուսամիտ անհատներ չվհատին իրանց հանդիպող խոչընդոտներից: Մենք անկեղծ սրտով ցանկանում ենք նորանց կատարյալ հաջողության իրանց հառաջադեմ գործում:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Առաջիկա շաբաթ, վերջապես, կբացվի Կովկասի արդյունաբերական և գյուղատնտեսական վաղուց սպասված ցուցահանդեսը: Այս տարի առաջին անգամ մենք առիթ կունենանք տեսնել մեր երկրի գյուղական և քաղաքային ազգաբնակությունների տնտեսական ընդունակությունների և հմտության արդյունքների նմուշները միասին ժողոված:

Թե որքան հարուստ և բազմակողմանի կլինի այդ առաջին ցուցահանդեսը, որքան նա կարդարացնի յուր վրա դրված հույսերը, տակավին դժվար է գուշակել, քանի որ նա դեռ բացված չէ հասարակության համար: Առայժմ կարող ենք միայն օր առաջ շնորհավորել նորա բացումը, այն հույսով, որ, որքան ևս աղքատ ներկայացրած լինի մեր երկրի արդյունաբերության և գյուղատնտեսության այս կամ այն ճյուղը, այնուամենայնիվ, իբրև առաջին փորձ, մեզ, կովկասցիներիս համար անչափ հետաքրքրական պիտի լինի:

Մենք առիթ կունենանք, եթե ոչ լիովին, գեթ մոտավորապես գաղափար կազմել մեր` բնությամբ հարուստ երկրի զանազան կողմերի և բազմատեսակ ազգաբնակությունների տնտեսական և մտավոր արդյունքների մասին: Գյուղատնտեսությունը, որ անշուշտ առաջին տեղը կբռնի այդ հանդիսում, տակավին մեզ, քաղաքացիներիս համար մի անհայտ բան է. մինչև այսօր չգիտենք, թե ո՞րքան բազմատեսակ են նորա արդյունքները, թե մեր գյուղացին ի՞նչպիսի բերքեր է արդյունաբերում, ի՞նչ միջոցներով և ո՞րքան մշակված: Այս բոլորի մասին, եթե ոչ լիովին, գեթ մոտավորապես հասկացություն կունենանք, տեսնելով ցուցահանդես հանված երկրագործական և տնային արդյունաբերական իրերը:

Next page