Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Անշուշտ, ցուցահանդեսում ի ցույց կդնվին և այն բոլոր գործիքները, որոնց Կովկասի զանազան կողմերի գյուղացիները գործադրում են տնտեսության այս կամ այն ճյուղում: Մնո՞ւմ են դեռ ևս ամեն տեղ այն նահապետական գործիքները, որ դարերից ի վեր գործադրում է մեր գյուղացին, թե՞ նոցա փոխարեն փոքրիշատե կատարելագործված եվրոպական գործիքներ են մտել մեր գյուղերը, և ո՞րչափ, ո՞ր կողմերում, ո՞ր ազգի գյուղացիների մեջ, այս բոլորը խիստ հետաքրքրական են ոչ միայն մասնագետների, այլև ամեն մի փոքրիշատե զարգացած մարդու համար: Եվ այս մասին ցուցահանդեսը, չենք կարծում, որ հասկացողություն կտա հետաքրքրվողին:

Բայց հասարակ դիլետանտներիս համար ավելի հետաքրքրական կլինի տնային արդյունաբերական ճյուղը, ուր մասնակցում են թե՛ գյուղացիները և թե՛ քաղաքացիները: Այստեղ մենք կտեսնենք մեր երկրի ձեռագործ արդյունաբերության պտուղները: Մեքենայական կամ, ինչպես ասվում է, դրամատիրական արդյունաբերությունը մեզանում դեռ ևս զարգացած չլինելով, տնային արդյունաբերությունը տիրապետող դրություն է վայելում, ուստի և նա առայժմ մեր երկրի տնտեսական ամենագլխավոր ուժերից մեկն է: Տնային կերպով են արդյունաբերվում տակավին բոլոր գործածական պարագաները, բացի մի քանի աննշան փոփոխություններից: Եվ, որքան մեզ հայտնի է, արդյունաբերության միակ ճյուղը, ուր մուտք է գործել կատարելագործված եվրոպական սիստեմըայդ նավթային արդյունաբերությունն է, որ այժմ զուտ կապիտալիստական հիմունքների վրա է առաջ գնում, շնորհիվ այն եվրոպական մեծ դրամատերերի, որ այժմ խոշոր ձեռնարկողներ են հանդիսանում նավթային արդյունաբերության մեջ: Բացվելիք ցուցահանդեսում յուր արժանավոր տեղը կբռնի և այդ զուտ եվրոպական ձևի արդյունաբերությունը: Կցույց տրվին, երևի, այն կատարելագործված մեքենաները և գործիքները, որոնց միջոցով հարստահարվում է մեր երկրի այդ ամենահարուստ աղբյուրը: Այս կողմից Բաքվի նավթարդյունաբերները և գործարանատերերը բավական նպաստող կհանդիսանան ցուցահանդեսի հարստությունը, եթե միայն ի ցույց կհանեն այն բոլորը, ինչ որ խոստացել են:

Նույնչափ, և գուցե ավելի, հետաքրքրական պիտի լինի ցուցահանդեսի և այն ճյուղը, որ պետք է պարունակե Կովկասի բոլոր կողմերի բուսականությունը և անտառային բերքերի նմուշները: Գուցե այստեղ ի ցույց հանվեն և անտառային վայրենի կենդանիների ու թռչունների տեսակները, ինչպես պիտի ցույց տրվեն տնային կենդանիների ու թռչունների տեսակները:

Այս բոլորը ի նկատի ունենալով, մենք չենք կասկածում, թե հասարակությունը արժանի ուշադրությամբ կվերաբերվի Կովկասյան ցուցահանդեսին, նորա համար առաջնակարգ տնտեսական նշանակություն ունի: Յուր երկրի տնտեսական վիճակին ծանոթանալ պարտավոր է ամեն մի անհատ, ապացուցանել սորա ճշմարտությունը` կնշանակե կրկնել մի շատ հին երգ: Եվ Կովկասյան ցուցահանդեսի սկզբնապատճառ անհատները հենց այս հիման վրա է, որ ձեռնարկել են այդ նորությունը մեզ համար: Հասարակությունը կարող է մասամբ ներողամիտ լինել, եթե ցուցահանդեսը կունենա թերություններ, ըստ որում, իբրև մի նոր գործ, անսպասելի էր, որ մեր գյուղական հասարակությունը նորա նշանակությունը լիովին կարողանար ըմբռնել: Բացի դորանից, եթե գյուղական հասարակությունը շատ էլ համակրությամբ չվերաբերվեց այդ ձեռնարկությանը և ցուցահանդեսին մասնակցողների բավականաչափ թիվ չտվեց, այդ չպիտի վերագրել լոկ նորա տգիտությանը: Նա այնքան խրտնած է, այնքան սովոր է առաջավոր մարդկանց կողմից յուր համար վնասակար և հակակրելի ձեռնարկություններ տեսնելու, որ դժվար է միանգամից համոզել նորան, որ այդ առաջավոր մարդիկ լավ գործեր ևս ձեռնարկում են: Գռեհիկ ամբոխը մի թեթև շատ օգտավետ, բայց նոր գործի այն ժամանակ է միայն հավատում փոքրիշատե, թե նա դեպի այդ գործի ղեկավարները տածում է մի հաստատ հավատ, բայց երբ այդ հավատը չկա, երբ ամեն քայլում կասկածում է, թե միգուցե իրան խաբում են, այն ժամանակ շատ բան պահանջել նորանից չի կարելի:

Ուրեմն ցանկանանք, որ առաջիկա ցուցահանդեսը, մի կողմից փոքրիշատե ծանոթացնելով մեզ մեր երկրի տնտեսական վիճակի հետ, մյուս կողմից` կարողանա հավատ ներշնչել գյուղական հասարակությանը դեպի այդպիսի ձեռնարկություններ գեթ ապագայի համար: Իսկ կարելի է նամանավանդ այն ժամանակ, երբ ցուցահանդեսը կունենա շոշափելի օգտավետ հետևանքներ գյուղացու տնտեսական վիճակի համար: Ցուցահանդեսը, իբրև մի հայելի կպատկերացնի գյուղական հասարակության պահանջները այն հիմնարկություններին, որոնք հոգում են կամ պարտավոր են հոգալ նորա դրության բարվոքման մասին: Տեսնելով այդ պահանջները, հիշյալ հիմնարկությունները կամ վարչական անձինք ապագայում չեն զլանալ լիացնել նոցա, ներմուծելով գյուղական կյանքի մեջ կարևոր փոփոխություններ թե վարչական և թե հասարակական: Ինչ ասել կուզե, որ գյուղացին իբրև մարդ, իբրև բնական արարած, տեսնելով յուո համար կատարվող այդ օգտավետ փոփոխությունները, ի վերջո կթողնի այն համոզմունքը, որ այժմ արյուն և մարմին է դարձել նորա մեջ, այն է, թե միշտ յուր վրա նայում են իբրև մի կթվող կովի վրա: Իսկ երբ այս համոզմունքը կը խախտվի նորա մեջ, երբ նա կսկսե հավատով վերաբերվել դեպի վարչական տարրերը, այն ժամանակ, հարկավ, տեղի չեն ունենալ այն թյուրիմացությունները, որ տեղի ունեն այժմ և որքան հաճախ խոչընդոտ են հանդիսանում շատ օգտավետ ձեռնարկությունների:

Այս է մեր սպասելիքը առաջիկա ցուցահանդեսից:

Ուստի, ցանկանալով Կովկասյան ցուցահանդեսին հաջողություն, մաղթենք, որ նա ունենա մեր ցանկացած հետևանքները հօգուտ գյուղական ազգաբնակության տնտեսական և բարոյական վիճակի:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ա

Հառաջաբան: Մետաքսագործություն

Նախքան նկարագրություն սկսելը, կարևոր եմ համարում մի քանի ընդհանուր նկատողություններ անել:

Կովկասյան ցուցահանդեսը կարճ ժամանակի և շտապ գործողության արդյունք է: Ընդամենը մի տարի չի անցել այն օրից, երբ այս գեղեցիկ ձեռնարկության միտքը առաջին անգամ հղացավ Թիֆլիսի Գյուղատնտեսական Ընկերությունը, որ Ռուսիայի լոկ միայն անունով հայտնի գիտնական ընկերությունների ամենագործունյաներից մեկն է համարվում: Ցուցահանդեսի համար պատրաստություններ սկսվել են միայն ութ ամիս սորանից առաջ: Մի կողմից, ժամանակի սղությունը և Կարգադրիչ Հանձնաժողովի այնքան էլ փորձառու չլինելը, մյուս կողմից` մեր երկրացիների համար գործի նորատեսակ լինելըպատճառ եղան, որ այսօր Կովկասյան ցուցահանդեսը թերի է, մասամբ անկանոն և խառնիխուռն: Չհիշելով դեռ այն, որ ներկա հանդեսը չունի այնպիսի կարևոր մասեր, որպիսիք պիտի լինեին, օրինակ, խաշնապահության և վայրենի կենդանիների ու թռչունների բաժինները, եղածն էլ չի ներկայացնում մի խիստ և որոշ կարգապահություն, մի սիստեմ: Այսօր տասն օր է արդեն, որ հանդեսը բացվել է, դեռ ևս շարունակ ստացվում են նոր բերքեր զանազան տեղերից: Բաքվի բաժինը նոր միայն կարգի են բերում, ներկայացված իրերի ցուցակը դեռ լույս չէ տեսել, շատ իրերի վրա նշանակված չեն երկրի և ներկայացնողի անունները: Այնուհետև, բաժանմունքները խիստ կերպով որոշված չեն միմյանցից, օրինակ` հանկարծ գյուղատնտեսական բաժնում աչքի են ընկնում տնային արդյունագործության բերքեր, անտառականում` ձկնեղեններ, պարտիզագործականը խառնված է գինեգործականի հետ, և այստեղ իսկ անկանոն ու աննշմարելի կերպով իրարու վրա քարշ տված են Անդրկասպյան գորգեր և այլ գործվածքներ:

Այցելուն, մտնելով Կովկասյան ցուցահանդեսը, շվարում է, չգիտե ի՞նչից սկսել, ո՞ւմ դիմել, ի՞նչպես որոշել բաժանմունքները միմյանցից: Ավելացրեք սորան և ներկայացուցիչների ծուլությունը կամ անհոգությունը: Նոքա շատ բաժանմունքներում բացակա են, մի քանիսում ներկայացուցիչների փոխարեն դրված են անլեզու, անգիր մշակներ, Անդրկասպյան երկրի մասնավոր կայսերական կալվածքների բերքերի ներկայացուցիչը մի հասարակ թուրքմեն է, որ, բացի յուր լեզվից, ոչինչ չգիտե:

Մանավանդ վերին աստիճանի անհոգության էր ենթարկված այս քանի օրերս արդյունաբերական-արհեստագործական բաժանմունքը:

Այս բաժնում, ի միջի այլոց, կա և մի հայ արհեստավորի հնարած ինքնուրույն մի օրորոցի կաղապարը, որ թե ինքն օրորում է և թե ունի օրոր նվագող մի մեքենա` երեխային քնացնելու համար: Մի ամբողջ շաբաթ աշխատեցի և չիմացա ոչ հնարողի անունը, ոչ այդ վերին աստիճանի նշանավոր օրորոցի կազմակերպությունը: Այցելուները հետաքրքրված մոտենում են, շարժում են օրորոցը, այս ու այն կողմ են նայում, ոչ ոք չկա, որ նոցա հետաքրքրությանը բավարարություն տա: Անկյունում նստած նիրհում է մի հայ մշակ, կրծքին փոքրիկ մետաքսյա մի նշան կպցրած, ուրիշ ոչ ոք: Ամեն մի այցելու իրավունք է համարում օրորոցը շարժել, և այժմ այնքան արել են, որ նորա մեքենան փչացել է ու այլևս չի գործում:

Մետաքսագործական բաժնում երկու թուրք արհեստավորներ մահուդի վրա մետաքսագործում են: Անցյալ օրը այդ թուրքերից մեկը այնքան ձանձրացել էր, որ տեղնուտեղը նիրհեց իմ աչքի առաջ, բերանը բաց եղավ, գլուխը թեքվեց կրծքին և հանկարծ ձեռի ասեղը դիպավ ծնոտին: Թուրքը զարթնեց և սկսեց յուր լեզվով մրթմրթալ.

Այ, ձեր բիսթաֆքյան էլ (выставка) ու ձեր ...

Այս բոլորը ցույց են տալիս, իհարկե, կարգադրիչների անհոգությունը: Սակայն չնայելով այս բոլորին, ցուցահանդեսը այնքան հարուստ է, որ մեր երկրի տնտեսական, նույնիսկ բարոյական վիճակին ծանոթանալ ցանկացողի համար խորին ուսումնասիրության արժանի առատ նյութ է ներկայացնում: Ուստի առանց մի որևէ հանդիմանական ակնարկություն անելու Կովկասյան առաջին ցուցահանդեսի հարգելի Կարգադրիչ Հանձնաժողովին, որ, ինչևիցե, դարձյալ միայն շնորհակալության է արժանի, սկսենք աշխատել մեր ընթերցողներին փոքրիշատե մանրամասն հաշիվ տալ այդ հետաքրքրական երևույթի մասին:

Ցուցահանդեսի բռնած տեղը բավական ընդարձակ է: Նա բացված է Մուշտաիդի այգու հետ զուգահեռաբար մի մեծ հրապարակի վրա, որի երկարությունն է մոտավորապես 185 սաժեն, իսկ լայնությունը առջևի կողմից (մինչև երկարության 2/3 մասը) մոտ 50 սաժեն, ետևի կողմից 40 սաժեն, ընդամենը մոտ 8200 քառակուսի սաժեն: Այս տարածության մեջ է նաև այն փոքրիկ դաշտը ցուցահանդեսի ետևի կողմում, որ նշանակված է երկրագործական մեքենաներ և գործիքներ փորձելու համար, նույնպես և ցուցահանդեսի այգին: Բացի դորանից, ցուցահանդեսին կցված է և Այգեգործության դպրոցի ընդարձակ այգին, ուր տեղավորված են «մրգեղեն չորացնելու» «այգեբանական» և «մասնավոր արքունական» պավիլիոնները:

Հանդեսի առջևի կողմը (կորպուս), որ ամենահարուստ մասն է, ներկայացնում է մի կիսակոլորակ, պայտաձև փայտյա շինություն, դրսից կարմիր գույնով: Այդտեղ զետեղված են` «Մետաքսագործության ու մեղվապահության», «Լեռնայինհանքաբանական», «Արդյունաբերականարհեստագործական», «Ձկնորսական», «Անտառաբանական», «Երկրագործական», «Գինեգործական», «Այգեբանական ու պարտիզանաբանական» և «Մանկավարժականարհեստագիտական» բաժանմունքները: Պետք է ասել, որ այս գլխավոր շինությունը, որ ամենից գեղեցիկ պիտի լիներ, զուրկ է ճարտարապետական շքեղությունից: Ճաշակ ասած բանը չկա այստեղ. հինգ փայտյա կոլորակ, աղավաղվածմոնղոլական գմբեթներ կազմում են միջին մասը, այնուհետև աջ ու ձախ տարածված է հասարակ, բավական ցածր և, ըստ երևույթին, ծուռ կտուրը: Ներսի կողմից առաստաղը բավական սիրուն է, թեև դարձյալ մի որոշ ճաշակ չունի:

Հանդեսի մուտքը այս գլխավոր շինության միջին կողմիցն է, այսինքն` գմբեթների տակից: Մտնելով այստեղ և անցնելով շինության միջով դեպի ներս, ձեր առջև բացվում է մի գեղեցիկ և ճաշակով շինած պարտեզ, մաքուր, ընդարձակ ճեմելիքներով, երեք ավազաններով և շատրվաններով: Պարտեզը երեկոները լուսավորվում է լապտերներով, որոնց լույսը համեմատաբար շատ էլ առատ չէ: Այստեղ բացված է մի ժամանակավոր ճաշարան, որից մի քիչ հեռու, մի առանձին պավիլիոնում նվագում է կոզակների երաժշտական խումբը: Վերջին օրերս նվագում է և մի ուրիշ խումբ զինվորական երաժիշտների, այնպես որ ամեն օր, առավոտից մինչև երեկո, անընդհատ երաժշտություն կա:

Պարտեզի աջ կողմում գտնվում է կաթնատնտեսական բաժինը, ուր ամեն օր պանիր պատրաստելու փորձեր են լինում այցելուների համար, այնուհետև նույն շարքով գտնվում են երկրագործական տեղական և եվրոպական մեքենաների բաժինը, Մադերի կառքերի բաժինը և այլն: Մեջտեղ, այգու մեջ, աջ ու ձախ, մինչև ցուցահանդեսի վերջը տարածված են մոտ քառասուն պավիլիոններ, մեծ մասամբ մասնավոր անձանց, որոնց թվում են և Մեծ Իշխան Միխայիլ Նիկոլաևիչի Բորժոմյան կալվածքի բերքերի համար փայտաշեն տունը, դուքս Օլդենբերգսկու պավիլիոնը և այլն:

Որովհետև, ինչպես ասացի, կարգ ու կանոն չկա, ցուցակ չկա, ուստի ուսումնասիրողը ինքն է ստիպված որևէ մի կարգ հնարել յուր աշխատանքը թեթևացնելու համար: Ցուցահանդեսի Կարգադրիչ հանձնաժողովը, եթե կարողանար հանդեսը վերջացնելուց գեթ երկու շաբաթ առաջ հրատարակել լիակատար ցուցակը (կատալոգ), դարձյալ վատ չէր լինի; Այն գրքույկը, որ «Համառոտ ուղեցույց» վերնագրով վաճառվում է հանդեսում, ոչինչ հասկացողություն չի տալիս այցելուին, բացի այն, թե այս ինչ մասի կարգադրիչները այն ինչ մարդիկն են և, բացի այն, որ գրքույկի կեսը բաղկացած է զանազան մասնավոր հայտարարություններից, որոնց տերերը շտապում են իրանց ապրանքը դրվատել:

Այս պատճառով, բարվոք համարեցի հանդեսի յուրաքանչյուր բաժանմունքը առանձին ուսումնասիրել, առանց խտրության, ինչ որ ներկայացված են այդ բաժանմունքներում, մեծ մասամբ ուշադրություն դարձնելով գլխավոր առարկաների վրա:

Այցելուն, առաջին անգամ ներս մտնելով, տեսնում է հանդեսի ամենահետաքրքրական մասերից մեկը, այն է` շերամապահության և մեղվապահության բաժանմունքը: Այստեղ են դարսված մեր երկրի շերամի տեսակները, բարամի նմուշները, այն թթենիների օրինակները, որոնցով կերակրում են շերամի որթը, այնուհետև զանազան մետաքսյա գործվածքներ, հյուսվածքներ, հետո մեղրի զանազան տեսակներ, մեղվի պես-պես փեթակներ և այլն: Ահա դեպի աջ, ուղիղ դռների մոտ, կանգնած են մասնագետ Շավրովի պահարանները, որոնցից մեկը պարունակում է շերամի որթի զանազան տեսակները, նոցա հաջորդաբար զարգացման օրինակները, բոլորը առանձին շիշերի մեջ սպիրտում պահած, մյուս պահարանում երևում են Կովկասյան երկրի պես-պես մասնագիտական քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպե՞ս են մեզանում բաժանված հողերը, ո՞ր տեղերն են արհեստական առուներով ջրվում, ո՞ր կողմերումն է զարգացած այգեգործությունը և այլն:

Գնալով դեպի աջ, այցելուն տեսնում է մեղրի զանազան տեսակներ այլևայլ ձևերի փեթակներում, շիշերում, հալած, հում, անպատրաստ մեղրեր, որոնց շարքում առաջին տեղն են բռնում Ղարսի հայերի և մալականների մեղրը, Կուբանինը և այնուհետև Քութաիսինը: Մի առանձին տեղ, բազմաթիվ շիշերի մեջ, ներկայացրած է մեղուների մի հարուստ կոլեկցիա:

Բաժանմունքի մեջտեղում դրված է մի մեծ պահարան, որ լիքն է Շամախիի, Նուխիի, Սամարղանդի և Քութաիսի մետաքսյա գործվածքներով: Աչքի են ընկնում իրանց նրբությամբ Շամախիի գույնզգույն և բարակ թաֆտաները, թոռերը, շալերը: Պակաս նուրբ չեն և Սամարղանդի գործվածքները, որ այժմ աժանության կողմից հաջող մրցում են մյուսների հետ և ավելի շատ տարածվում:

Այս պահարանի դրսում շուրջ դարսված են մի քանի հայ տիկինների և օրիորդների մետաքսյա ձեռագործները, որոնց թվում աչքի են ընկնում Նազարյանի ոսկեթել գործած բարձերը, Հարությունյանի մութաքաները, իշխանուհի Արղությանի գործվածքները, նույնպես և պ. Վահրամյանի էկրանը: Մի կողմում մի առանձին սեղանի վրա շինված է մոտ երկու սաժեն բարձրությամբ շերամի կոկոններից էյֆելյան աշտարակ, որ պատկանում է շերամավաճառ Ալուիզիի ֆիրմին:

Ալուիզիի ֆիրմը այժմ Կովկասում սկսել է վաճառել բարամի սերմ` Պաստորի սիստեմով պատրաստած, այսինքն` ապահով հիվանդություններից:

Բայց ամենից ավելի այստեղ աչքի է ընկնում Նուխիի հայտնի գործարանատեր պ. Գանջումյանցի ներկայացրած մետաքսյա թելերի պահարանը: Երիտասարդ պ. Գ. Գանջումցյանն այստեղ ևեթ սարքած ունի մեքենա և ամեն օր փորձով ցույց է տալիս բարամից թել պատրաստելու եղանակը իտալական սիստեմով: Այս սիստեմը մեր նահապետականից տարբերվում է նորանով, որ մոտ յոթ թել միանգամից կարելի է հյուսել-միացնել, այն ինչ հին ձևով միմիայն երկու թել էր միացվում, մյուս կողմից` կարելի է նույն մեքենայով զանազան չափի թելեր ոլորել: Պ. Գանջումցյանը ինքը մասնագետ է, ունի Նուխիում ահագին գործարան, ուր բանում են մոտ երեք հարյուր բանվորներ: Այդ գործարանում թել են պատրաստում Նուխիի, Զաքաթալի և մասամբ Գյոգչայի բարամից: Տարեկան արդյունագործվում է 360 փութ մետաքս, որ մեծ մասամբ ուղարկվում է Մոսկվա: Մետաքսի մի փութը առաջ վաճառվում էր 400420 ռուբլով, այժմ վաճառվում է 340 ռուբլով: Ինքը Գանջումցյանը պատրաստում է Պաստորի սիստեմով շերամի սերմեր, որ տարածվում են Կովկասում:

Պավիլիոնում քարշ արած է պ. Գանջումցյանի քրոջ ձեռով գործված մի շատ գեղեցիկ գորգիկը զուտ մետաքսից:

Այս գորգիկի տակ, աչ ու ձախ, պավիլիոնի դռները զարդարված են Նուխիի պ. Ղուկասյանի գործարանի մետաքսյա հյուսվածքներով` մահուդի վրա: Պ. Ղուկասյանի գործարանը հայտնի է Կովկասում, նորա արդյունագործած կտորները տարածվում են մեծ մասամբ Կովկասում և Ռուսաստանում: Գործարանում բանում են մոտ 200 արհեստավորներ, մեծ մասամբ տեղական թուրքեր: Պ. Ղուկասյանը բերել է տվել այդ արհեստավորներից մեկին, որ այստեղ ևեթ ցուցահանդեսում ամբողջ օրը նստած գործում է. հետաքրքրական է այդ թուրքերի ձեռագործ նկարները տեսնել: Ոչինչ եվրոպականություն, ոչինչ կատարելագործություն չի նշմարվում այդ նկարների մեջ, գույների տեսակները չափազանց քիչ են, դասավորությունը պարսկական եղանակով, այսինքն` անճաշակ: Սպիտակ, կարմիր, կանաչ և գլխավորապես դեղին, ահա ինչ է աչքի ընկնում ամենուրեք: Այս պատճառով եվրոպական ճաշակի տեր մարդը խորթ է նայում այս տեղական ձեռանկարների վրա: Եթե Ղուկասյանը աշխատեր թելերի գույները շատացնել, նկարների մեջ ներմուծել ավելի համեստ մուգ գույներ, այն ժամանակ նկարները անհամեմատ գրավիչ կլինեին: Այս առաջադիմությունը առայժմ չէ նշմարվում, և ինչ որ ես տեսել եմ մանկությանս հասակում, նույնը տեսնում եմ և քսան տարի հետո: Սակայն որևէ վերանորոգություն կամ փոփոխություն մտցնել պարսկական կոպիտ ճաշակի մեջ` դյուրին բան չէ: Պ. Ղուկասյանը ինձ ասաց, որ ինքը ցանկանում է մի քանի եվրոպական նրբություններ մտցնել, բայց թուրք արհեստավորները ընդդիմանում են, որովհետև ամեն մի թեթև փոփոխություն ստիպում է նոցա թմրած ուղեղին փոքր-ինչ արագ գործել և դիմադրել ավանդական մտավոր անշարժությանը: Միայն այս բանում չէ արտահայտվում թուրք ազգաբնակության անշարժությունը, առհասարակ ամեն տեղ երևում է նորա սաստիկ պահպանողականությունը, որ երբեմն հասնում է մեռելության աստիճանին: Մյուս կողմից` երկրիս տիրապետող եկվոր կուլտուրան, ինքն ևս զուրկ լինելով բարոյական ուժից և մտավոր զորությունից, չունենալով ճաշակ, նրբություն, ներկայացնելով աղավաղված մոնղոլական և թաթարական մի կոպիտ խառնուրդ, ոչինչ և գրեթե ոչինչ վերանորոգություն չէ կարողացել ներմուծել մեր երկրի ամենաանշարժ ազգաբնակության ճաշակի և առհասարակ մտավոր աշխարհի մեջ: Նայեցեք աջ ու ձախ այդ քարշ արած մեծ ու փոքր սփռոցներին, գորգերին, եթե դուք նոցա մետաքսագործված նկարների մեջ որևէ նորություն տեսնեք, այդ շատ-շատ կամ մի անճոռնի թագ է, կամ մի խաչ, կամ մի դրոշակ և կամ մի երկգլխանի արծիվ: Այնուհետև ամեն ինչ նախկին, նախաջրհեղեղյան դրության մեջ է: Երբ մի ազգաբնակություն ի բնե հառաչադիմական ուժից զուրկ է, անշարժ է, մեռած է, նորա վրա միայն կարող է ազդել կամ եկվոր թարմ տարրը, կամ հարևան, ավելի հառաջադեմ, ավելի նորասեր և ավելի կենդանի տարրը:

Մի քանի խոսք ևս, և իմ ասելիքը վերջացած կլինի ցուցահանդեսի մետաքսագործական բաժնի մասին: Իմ նկարագրած պավիլիոնում, ի միջի այլոց, աչքի է ընկնում տիկին Իզմիրյանի մետաքսյա պատկերը նորին Բարձրություն Մեծ Իշխան Միխայիլ Նիկոլաևիչի: Գեղարվեստական տեսակետից այս պատկերը, հարկավ, մի առանձին նշանակություն չունի, բայց տիկնոջ արվեստագիտությունը և ձեռքի ճարպիկությունն է, որ նա կարողացել է մետաքսից մի այնպիսի նուրբ նկար պատրաստել, որ առաջին հայացք միանգամայն նման է յուղաներկ պատկերի: Այդ պատկերը բոլոր այցելուների ուշադրությունն է դարձնում յուր վրա: Նույն տիկինը ներկայացրած ունի և երեք ուրիշ պատկերներ, մեկը մետաքսագործ, որ ներկայացնում է Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոս» վեպից մի տեսարան, որ պակաս ճաշակով չէ հյուսված, մյուսը ասուեգործ անկված, իսկ երրորդը նկարչի ամուսնու յուղանկար պատկեր է: Վերջինը հանդեսի գեղեցկությանը չէ նպաստում:

Բ

Հանքագործություն: Տնային արդյունաբերություն

Կովկասի բնական հարստությունների մեջ առաջին տեղն են բռնում հանքերը: Շնորհիվ երկրի լեռնային դրության, գրեթե չկա մի անկյուն, որ զուրկ լինի հանքային հարստությունից: Այցելուն Կովկասյան ցուցահանդեսում տեսնում է այդ հանքերի բազմաթիվ տեսակները, որ առաջին հայացք արդարև շլացնում են մարդու: Բայց ավելի խորը նայելով, հետաքրքրվողը նկատում է, որ այստեղ դարսված են գրեթե բացառապես այն հանքերի տեսակները, որոնք կամ Կովկասի կենտրոնական մոտիկ տեղերումն են գտնվում, կամ որևէ կերպ հայտնի են եղել եվրոպացի ձեռնարկողներին: Իսկ այն խուլ անկյունները, ուր դեռ չի թափանցել օտար ձեռնարկողների շահամոլ հետաքրքրությունը, այդ տեղերի վրա ցուցահանդեսի հանքային մասը լույս չէ սփռում:

Ո՞ւր են Դաղստանի, Շամախի և Ղուբա գավառների, Թեյմուր-խան-Շուրայի շրջանի ամեն մի անկյունում սփռված հանքերիայդ մեզ համար մեռյալ գանձերի նմուշները, հանքերի, որ մասամբ հայտնի են նույնիսկ տեղացիներին: Գերմանիայից ոտաբոբիկ եկած մի Սիմենսի հանդուգն հետախուզությունը Գանձակի գավառում գտել է պղնձի հանքեր, և այն օրվանից այդ նահանգը հայտնի է եղել յուր ստորերկրյա հարստություններով: Նույնը և Թիֆլիսի նահանգի վերաբերմամբ, որի հանքերը հարստահարում են զանազան բելգիացի կամ ֆրանսիացի ձեռնարկողների ընկերություններ: Շնորհիվ այդ եկվոր անհատների և ընկերությունների համառ գործունեության, մենք գիտենք, թե այդ երկու նահանգները որպիսի անսպառելի հարստություններ են պարունակում իրանց մեջ:

Այս կողմից Կովկասյան ցուցահանդեսը խորին մտատանջություն է պատճառում մարդու: Հեռավոր աշխարհից եկել են զանազան մարդիկ և, միմիայն զենք ունենալով իրանց գիտությունը ու համարձակությունը, կարողացել են թափանցել մեր երկրի սիրտը և ագահությամբ ծծել նորա թանկագին հյութերը, գուցե գաղտնի արհամարհանքով ծիծաղելով մեր տգիտության, թուլության և երկչոտության վրա: Այն ինչ մեր տոկոսամոլները, ձեռները ծոցում դրած նայում են այդ անկոչ հյուրերի հաջողությանը և տկար նախանձով հառաչում: Փորձեցեք ասել այդ մարդկանց, թե իրանց սեփական երկրի հարստությունը կարող են իրանք վայելել, եթե միայն ունենան վայելելու ցանկություն, և նոքա ձեզ վրա կծիծաղեն:

Ի՞նչ, կարելի՞ է միթե Սիմենս կամ մի ֆրանսիական ընկերություն լինել, առանց ունենալու մեկի կամ մյուսի միլիոնները: Եվրոպացիները հարուստ են, ունին մեծ դրամագլուխ, իսկ խոշոր ձեռնարկությունների համար անհրաժեշտ է խոշոր դրամագլուխ, — ահա մեր մինչև անգամ լուսավոր մարդկանց կարծիքը: Ընդունենք մի րոպե, որ այդ կարծիքը անպայման ճիշտ է. բայց ի՞նչպես հաշտվել այն մտքի հետ, որ նույնիսկ մեր սակավաթիվ դրամատերերն անգամ, նյութական միջոց ունենալով ամենահանդուգն ձեռնարկություններ սկսելու, մինչև այսօր ռուսաց զորքերի համար օղի կամ հաց մատակարարելու կապալառություններից հեռու չեն տարածել իրանց ընդունակությունները, եթե ի նկատի չառնենք նավթային արդյունաբերությունը, որ ունի յուր բացառիկ պայմանները և որի մասին կխոսենք մեր հետագա հոդվածներում: Ոչ, մեր արդյունաբերական կյանքի զարգացման դանդաղությունը ունի այլ պատճառներ, որ անհամեմատ ավելի նշանավոր են, քան դրամի պակասությունը:

Ինչպես մեր կյանքի շատ հանգամանքներում, այստեղ ևս մեր անշարժության գլխավոր հիմքը փոքրոգությունն է: Կովկասցի մարդու բոլոր ձեռնարկությունները ներշնչված են միշտ փոքրոգությամբ: Այս խոշոր հատկանիշն արտահայտիչ նշաններն` են նախ անհամբերությունը և երկրորդ` ընկերական ձգտումներ չգոյությունը, կասկածոտությունը և, որ ամենագլխավորն է, նախանձը: Կովկասցին, այսինքն` հայը, որովհետև հայերն են կազմում վաճառական գլխավոր տարրը, սովոր է և սիրում է ձեռնարկել այնպիսի գործի, ուր նա հավատացած է, թե կարող է ամենակարճ ժամանակում մի որոշ հետևանքի հասնել, այսինքն` իմանալ յուր շահը կամ վնասը: Այս պատճառով նրա բոլոր ձեռնարկությունները կարճ ժամանակյա է լինում: Իսկ ուր պահանջվում են երկարատև տոկունություն, եռանդ, մի խոսքով այն, ինչ որ հասարակ մտքով համբերություն անվանեցինք, այսպիսի ձեռնարկություններից նա փախչում է երկչոտությամբ: «Ես պետք է իմանամ առավոտյան ծախսած մանեթս երեկոյան ինձ որքան շահ է տալիս», — ահա հայ վաճառականի կամ դրամատիրոջ նշանաբանը: Ուստի նա գործում է միմիայն այսօրվա համար, հեռավոր ապագայի գործը նրան սարսափեցնում է, որովհետև տգիտությունը և սահմանափակ աշխարհայացքը չեն թույլ տալիս նրան այդ ապագան պարզ ներկայացնելու:

Ապա` ընկերական ձգտումների բացակայությունը, նորա հակառակ անհատականության վերին աստիճանի զարգացումը, որ հայի բնական հատկանիշն է, և սև նախանձը, այս բոլորը, որ նույնպես փոքրոգության նշաններ են, լրացնում են պակասը: Հայ դրամատերը սիրում է միայնակ գործել, առանց յուր ուժերը և միջոցները միացնելու ուրիշի հետ, նա չէ հավատում մի ուրիշ դրամատիրոջ ոչ անկեղծությանը, ոչ ազնվությանը և ոչ խելքին: Եթե մի գործ նա կարող է սկսել միայնակ, սկսում է եթե ոչ` բարվոք է համարում հրաժարվել այդ, թեկուզ շատ շահավետ գործից, քան յուր վիճակը կապել մի ուրիշի վիճակի հետ: Տարակույս չկա, որ այսպիսի հանգամանքներում ինչպես ամեն մի բան, նույնպես և արդյունաբերությունը մեզանում չի կարող հառաջադիմություն անել. նա վերջ ի վերջո կընկնի, և արդեն սկսել է ընկնել, օտարների ձեռքը, որոնք գլխավորապես ոչ թե մեծ դրամագլուխներով են հաջողում իրանց ձեռնարկությունների մեջ, այլ ընկերական ոգու վերին աստիճանի զարգացմամբ:

Օտարների հաջողությունը մեր երկրում նամանավանդ նկատելի է հանքային արդյունաբերության մեջ, որովհետև նոցա հեռատեսությունը այստեղ է գտնում հարստության ամենաառատ և ամենահաստատ աղբյուրը: Եվ Կովկասյան ցուցահանդեսը այս կողմից մեզ համար մի վերին աստիճանի դառն խրատ է: Նայեցեք աջ ու ձախ այդ հանքերի նմուշներին, և դուք կտեսնեք, որ բոլորը պատկանում են կամ գերմանացիների, կամ ֆրանսիացիների, կամ հույների: Սոցա ձեռքումն են մեր երկրի ամենահարուստ նահանգներիԹիֆլիսի ու Գանձակի պղնձի, արծաթի, կապարի հանքերը: Միակ մխիթարական բացառությունը այս կողմից կազմում է «Товарищество Коварского завода» անունով ընկերությունը, որ բաղկացած է հայերիցպ.պ. Կար. Մութաֆյանից, Ալ. Մելիք-Ազարյանից, Բաղ. Տեր-Միքայելյանից և երկու եղբայր Խոջամիրյաններից: Այս ընկերությունը Գանձակի նահանգի Զանգեզուր գավառի Գերուսի գյուղից 40 վերստ հեռու ունի պղինձ հալելու մի գործարան: Ներկայումս այդ գործարանը տարեկան արդյունագործում է մոտ 10 հազար փութ պղինձ, որ, ինչպես պատմում են, հռչակված է յուր մաքրությամբ և փափկությամբ: Ցուցահանդեսում դրված են ընկերության հանքի նմուշները և գործարանում շինված զանազան ամանների տեսակները: Վերջինները ամբողջ բաժանմունքում միակն են իրանց տեսակում, մնացյալը հողախառն հանքերի բնական կտորներն են:

Գանձակի, Թիֆլիսի և Քութաիսի նահանգների պղնձի, կապարի, ծծումբի, արծաթի և մինչև անգամ ոսկու հանքերի նմուշները բռնում են ամենագլխավոր տեղը: Այնուհետև աչքի են ընկնում Երևանի նահանգի, Ախալքալաքի, Ղազախի, Դերբենդի և Ալգեթի զանազան տեսակ հասարակ, գույնզգույն քարերի, քարավազների և մարմարիոնների տեսակները: Ուշադրություն են դարձնում Երևանի ասպիդիան կոչված մոխրագույն, մեխակագույն և սևագույն փայլուն, ամուր քարերի կտորները: Ասպիդիան քարը դեռ մինչև այժմ ոչ մի բանի համար չէ գործածվում...

Բաժանմունքի մյուս կողմում, առանձին սեղանների վրա, դրված են Շաբուրյանի ածխահանքի մի ահագին կտոր ածխաքարը, հետո Կողբի աղի նմուշները և Կաղզվանի բյուրեղանման, փայլուն և թափանցիկ աղի կտորները: Կան և այդ աղից շինած, առանձին պահարանի մեջ դարսած, զանազան տնային մանր-մունր իրեր, որ ցույց են տալիս աղի ամրությունը և մաքրությունը: Միևնույն շարքում, մի այլ սեղանի վրա, դարսված են բազմաթիվ շիշեր, որ պարունակում են Բաքվի, Կուբանի և Քութաիսի հանքային յուղերի տեսակներ:

Աչքի են ընկնում պատից քարշ արած մեծ քարտեզները, որոնցից մեկը ցույց է տալիս մեր երկրի ուսումնասիրված կողմերի հանքատեղերը, հետո Սիմենսի ներկայացրած մեծադիր լուսանկարները և մակարդակները յուր սեփական հանքերի: Կան և մի քանի ուշադրության արժանի գույնզգույն նկարներ ավազից շինած: Մի առանձին սեղանի վրա դրված են մոտ տասն հատոր մասնագիտական գրքեր Կովկասի երկրախոսության վերաբերմամբ:

Այս են ցուցահանդեսի հանքային բաժնի հետաքրքրական առարկաները: Դառնանք այժմ տնային արդյունաբերության բաժնին, որ մեզ համար ավելի ուսումնասիրելի է:

Ցուցահանդեսի առթիվ մեր գրած մի հոդվածում արդեն ասել ենք, որ Կովկասում տնային արդյունաբերությունը վայելում է տիրապետող դրություն առայժմ, քանի որ մեքենայական արդյունաբերությունը անզարգացած է: Հիրավի, ով փոքրիշատե ծանոթ է մեր երկրի տնտեսական դրությանը գեթ գրականական աղբյուրներից, նորա համար մեր ասածը անհերքելի է: Մի կողմ թողնելով քաղաքային արհեստները, որ նշանավոր դեր են կատարում մեր տնտեսական վիճակի վերաբերմամբ, գյուղական ազգաբնակության եկամուտի գլխավոր աղբյուրներից մեկը` տնային արդյունաբերությունն է: Կովկասի գյուղացին, բացի յուր ընտանիքին անհրաժեշտ պարագաներ մատակարարելուց, վաճառահանում է յուր ձեռագործը և ուրիշ տեղեր: Կան մինչև անգամ այնպիսի գյուղեր, որոնց բնակիչները գրեթե բացառապես պարապած են միևնույն արհեստով և նորանով են ապրում: Փաստեր շատ կան, հիշենք նոցանից միայն մի քանիսը:

Շամախու գավառի Լահիջ թրքաբնակ գյուղը հատկապես պարապած է պղնձագործությամբ և ամբողջ գավառին, նույնիսկ մասամբ նահանգին, նա է մատակարարում տնային պղնձեղեն ամաններ: Նույն գավառի մի այլ գյուղ, որի անունը, եթե չենք սխալվում, Ղաբալա է, մատակարարում է գավառին ոսկորե կոթով դանակներ և ածելիներ: Ղուբայի գավառում չորս գյուղերՎերին և Ստորին Չիլի, Իդրիսի և Սումաղովա, մեծ քանակությամբ գորգեր ու փալասներ են պատրաստում և վաճառահանում Բաքվի նահանգի ամեն կողմերը:

Նույն գավառի Զյուգրցամլի, Դերք և Բուդուղ գյուղերը ամբողջ նահանգին տալիս են բրդե զանազան շալեր (մահուդ)` հագուստի համար: Դարձյալ նույն գավառի Ենգիքենդ, Մյուգյուչ և Իսպիկ գյուղերը շինում են տարեկան 150 հազար խեցեղեն ամաններ12:

Այս է բուն տնային արդյունաբերություն ասած բանը, և կրկնում ենք, քանի որ մեքենայական սիստեմը տարածված չէ, նա նշանավոր տեղ է բռնում մեր ժողովրդի կյանքում: Իսկ երբ կզարգանա խոշոր արդյունաբերությունը, այն ժամանակ բնականաբար տնայինը կկորցնի յուր նշանակությունը և մարդկային անզեն ձեռքը կհպատակվի մեքենաների զորության: Արդեն այժմ իսկ կարելի է նշմարել այդ ապագա անհավասար մրցման նշանները տնտեսական այն ասպարեզներում, ուր մուտք են գործել շոգին ու մեքենան: Օրինակ, քանի որ Ապշերոնյան թերակղզում չկային նավթանցք-խողովակներ (нефтепроводы), նավթը Բալախանիի և Սաբունչիի հանքերից մինչև գործարանները տանում էին հասարակ սայլերով: Այդ նավթակիր սայլերը պատրաստվում էին Ղուբայի գավառի Ղուշչի և Չիչի գյուղերում, ուր տարեկան շինվում էր մոտ 8000 սայլ և յուրաքանչյուրը վաճառվում, միջին հաշվով, 13 ռուբլով: Դա ընդամենը 225 տնից բաղկացած երկու գյուղերի համար մի ահագին արդյունաբերություն էր:

Այժմ, երբ ևս նավթը արդեն շոգիի ուժով է տեղափոխվում գործարանները, հիշյալ գյուղերի արդյունաբերությունը քսան անգամ պակասել է, որ ասել է շուտով միանգամայն կսպառվի: Ահա թե ինչ է անում խոշոր արդյունաբերությունը, երբ նա զարգացած է մի որևէ ճյուղում, այնտեղ տնայինը պիտի անհետանա:

Բայց առայժմ որ նա տկար է` տնայինը տակավին գոյություն ունե յուր զանազան տեսակներով: Կովկասյան ցուցահանդեսում ներկայացված իրերից շատերը գեղեցիկ ապացույց են մեր ասածին: Արժե միայն ուշադրություն դարձնել, և այցելուն կտեսնե այստեղ զուտ տնային արդյունաբերության նմուշներ, թեև, պիտի խոստովանել, ոչ լիակատար: Վերոհիշյալ Լահիջ գյուղի պղնձեղենների տեսակներից կան մի քանի ափսեներ, կաթսաներ և այլն, ի միջի այլոց, և մի բավական հաջող շինված սամովար, իսկ Լահիջ գյուղը, ինչպես ասացինք, զուտ տնային արդյունաբերությամբ է պարապում:

Սակայն, մի քանի օր շարունակ այցելելով այդ բաժանմունքը, մենք նկատեցինք, որ ցուցահանդեսի վարչությունը գլխավորապես ուշադրություն է դարձրել քաղաքներում և մանավանդ Թիֆլիսում գործադրվող արհեստների վրա, ուստի մասնակցողների մի մասը քաղաքային արհեստավորներ են: Դա շատ բնական է, որովհետև քաղաքներից մեծ բան ստանալը ավելի դյուրին է եղել, քան հեռավոր գյուղերից: Բայց չնայելով սորան, ցուցահանդեսի այս բաժանմունքը շատ հարուստ պիտի համարել և խիստ հետաքրքրական մանավանդ հայ այցելուի համար: Հայ արհեստավորների ձեռագործները այդտեղ թե քանակության և թե հատկության կողմից առաջին տեղը բռնելով, միանգամայն նսեմացնում են մյուսներին, և երբ մարդ այդ բաժանմունքը տեսնում է, ակամա կարծում է, թե ցուցահանդեսը հայկական է և ոչ Կովկասյան:

Next page