Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Թվել մի առ մի բոլոր արծաթյա, պղնձյա և ոսկյա շքեղ ձեռագործներըանկարելի է, ուստի հիշենք միայն ամենագլխավորը: Թիֆլիսի արծաթագործ պ. պ. Սիրունյանը, Մելիքսեթբեկյանը և ուրիշ շատերը ներկայացրել են արծաթյա և ոսկյա այնպիսի նուրբ և գեղեցիկ առարկաներ, որ ակամա գրավում են մարդու ուշքը և հիացնում իրանց շքեղությամբ: Այստեղ երևում է հայ արհեստավորների անհուն համբերությունը, խորին հմտությունը և բնածին տաղանդ ճաշակը: Բավական է հիշել, որ Սիրունյանի ներկայացրած փնջաձև արծաթյա անոթը պաքսիմատի համար բաղկացած է մոտ հինգ հազար կտորներից, որոնց նա միացրել է դժոխային համբերությամբ և կազմել ծաղկանման գեղեցիկ հյուսվածքներից մի հիանալի շինվածք: Պակաս հիանալի չեն և մյուս արհեստավորների արծաթազարդ կուլաները, «հազարափեշաները» արծաթյա և ոսկյա աշտանակները, շքեղ գոտիները, փողամանները, կոճակները, շրջանակները, ծխաքարշները և այլն:

Բայց մենք միջոց չունինք մի առ մի թվելու այն բոլոր առարկաները, որ ներկայացրել են հայ արհեստավորները, և որոնք միմյանցից սիրուն են, շքեղ և նուրբ: Ահա այստեղ ևեթ գործում է արծաթե ժապավեններ հյուսող թիֆլիսաբնակ Արաֆելյանը` յուր հնարած մեքենայի վրա, որով հեշտ կերպով և արագությամբ նա մետաքսի թելը ոլորում է արծաթե թելի հետ, — մի գործ, որ ուրիշ տեղերում մեր արհեստավորները կատարում են շատ հին եղանակով և մեծ դժվարությամբ:

Գեղեցիկ են նույնպես և վաճառական Տեր-Նիկողոսյանի արհեստանոցից դուրս եկած ակնեղեններով զարդարած ոսկե ապարանջանները, գնդասեղները, քորոցները և այլն: Միայն պ. Տեր-Նիկողոսյանը լավ կաներ, որ արհեստավորի անունն էլ երևան հաներ

Այս բաժանմունքումն է գտնվում և այն ինքնաշարժ օրորոցի կաղապարը, որի մասին անցյալ անգամ ակնարկեցինք: Այս հնարքը պատկանում է ալեքսանդրապոլցի երիտասարդ արհեստավոր Զոհրաբ Միրզոյանին: Միրզոյանը օրորոց շինած է եղել իսկական մեծությամբ, բայց գավառապետը չէ ընդունել, առարկելով, թե Թիֆլիս ուղարկելը դժվար է: Հայ արհեստավորը ստիպված է եղել իսկականի փոխարեն ուղարկել նորա փոքրիկ կաղապարը, որով և մասամբ դատապարտել է յուր հնարքը այցելուների անուշադրությանը:

Հայերից հետո արծաթագործության մեջ աչքի են ընկնում լեռնաբնակ լեզգիների ձեռագործները: Մի առանձին պահարանի մեջ դարսված են փղոսկրյա ու հասարակ, ոսկենկար պատյաններով զենքեր, կոճակներ, ծխաքարշներ և ուրիշ առարկաներ, ի միջի այլոց, և մի շատ գեղեցիկ հովհար, նույնպես փղոսկրյա, որի գինը նշանակված է 120 ռուբլի: Նույն պահարանում կան և ծիրանի փայտից շինված թանաքամաններ, պնակներ, ծխախոտամաններ, մոխրամաններ, զարդարված մետաղյա նկարներով: Դրսում նստած է մի լեզգի արհեստավոր և ի տես այցելուների գործում է այդպիսի բաներ:

Ուշադրության արժանի է վրացի պ. Յասոն Բախտաձեի հնարած «բաժանող մեքենան», որով ամենայն ճշտությամբ կարելի է զանազան չափեր շինել` մի մետաղից մինչև 1/256 դյույմ: Որքան համբերություն: Մնացյալ արհեստագործական ինքնուրույն բերքերից արժե հիշել Հենեի էլեկտրական ժամացույցը, Տոլլեի արհեստանոցի ներկայացրած կանացի շքեղ զգեստը, Կոպպեի դաշնամուրները: Այս բոլորը Թիֆլիսում շինված բաներ են:

Դաղստանից, Քութաիսի և Գանձակի նահանգներից և ուրիշ գավառներից ներկայացրած բրդեղեն գործվածքների մեջ կան մի քանի նուրբ կտորներ: Առանձին ուշադրության արժանի է մի լեզգուհու ուղտի բրդից գործած գեղեցիկ, նուրբ շալը, որ արժե 150 ռուբլի: Գորգերի, սիմաղների և կապերտների մեջ կան և շատ սիրունները: Կան և Պարսկաստանի գորգեր, որ մեր կարծիքով միանգամայն ավելորդ են, քանի որ հանդեսը Կովկասյան է: Նույնպես չգիտենք ինչ իրավունքով այստեղ բուն է դրել Վոլոգոդսկ նահանգից մի չարչի և վաճառում է եղջյուրներից շինած զանազան առարկաներ:

Գյուղական կյանքով հետաքրքրվողները մեր նկարագրած բաժանմունքում կարող են տեսնել Կովկասի զանազան ազգություններին և ցեղերին պատկանող գյուղացիների տնային կահ-կարասիք, գործիքների և հագուստեղենների օրինակներ, նույնպես և Երևանի նահանգի և Վրաստանի խեցեղեն ամաններ:

Այս կողմից, պետք է ասել, որ բաժանմունքը շատ հարուստ է:

Գեղարվեստական բաժնի բացակայության պատճառով, տնային արդյունաբերության բաժնումն են դրված տաղանդավոր անդրիագործ պ. Խադարովիչի երեք հատ գեղեցիկ պղնձաձույլ անդրիները:

Պ. Խադարովիչը ինքը լեհացի է, շատ վաղուց յուր բնակությունը հաստատած Թիֆլիսում: Այս տարի նա յուր ձեռագործի մի քանի օրինակները ուղարկել է Փարիզի աշխարհահանդեսը,

Գեղարվեստական մասին կարելի է վերաբերել նույնպես և պ. Դանիել Ղազյանի ներկայացրած յոթ հատ փայտյա նկարներըԷջմիածին, Ոգի Հայաստանի, Վենետիկ և այլն: Պ. Ղազյանն ինքնուս է, նա շինում է նույնպես և կիսարձաններ գիպսից: Յուր ներկայացրած պատկերներից մեկը նա մտադիր է նվիրել Թիֆլիսի Գայանյան դպրոցին` ցուցահանդեսը վերջանալուց հետո:

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆՈՒՆ

Դու ասպարեզ եկար այն ժամանակ, երբ նոր միայն հայի խավար հորիզոնի վրա նշմարվում էր լուսո շողքը:

Դու ասացիր, ես կզորեղացնեմ այդ լույսը, մի կողմից մղելով դեպի նա իմ մայրենի ժողովրդին, մյուս կողմից ամուր ձեռքով բարձրացնելով այդ սրբազան լուսո աշտանակը:

Իրավունք ունեիր, որովհետև ազգը վաղուց էր սպասում այդ ձեռքին:

Բայց ի՞նչն էր քո ամենահզոր զենքըարդյոք միայն լո՞ւյսը, համոզմո՞ւնքը, գրելու ձի՞րքը: Ոչ. միայն դու ժամանակի ծնունդն էիր և քո ժողովրդի հարազատ զավակը:

Քո մեջ մարմնացած էր դարավոր բողոքը մի ազգի, որ իր ճակատագրի դեմ շատ բան ուներ ասելու: Եվ դու կոչված էիր նրա նվիրական զգացմանց կենդանի թարգմանը լինելու:

Այդ էր քո զորության բուն հիմքը: Դու խիստ էիր խավարի դեմ կռվելում, և ուրիշ կերպ չէր կարող լինել: Քո սիրտը և հոգին թելադրում էր քեզ, թե միայն ուժգին հարվածներով կարելի է հաղթել թշնամուն:

Դու խոսում էիր թունավոր լեզվով, որովհետև այդ թույնը միայն կարող էր ոչնչացնել ամբոխի բարոյական աղտեղությունները:

Դառն էր քեզ համար այդ կռիվը, բայց և հաճելի: Քո գրչի ծայրը ամեն անգամ թաթախում էիր քո սրտի արյունում և այնպես հրապարակ դուրս գալիս:

Պարտքի համար պատերազմող զինվորը կռվում է սառնասիրտ, նա միայն զգում է, որ իր պարտքն է կատարում: Կոչումով զինվորը կռվում է կատաղի կերպով, առանց ետ նայելու, առանց իր հարվածները համարելու, առանց կոտորածների թիվը արձանագրելու: Դու կոչումով զինվոր էիր, սակայն և պարտքի զգացմունքով ևս տոգորված:

Երբ կռվում էիր, չէիր մտածում հաղթությանդ փոխարեն ստանալիք պարգևների մասին, ինչպես պարտքի համար կռվող զինվորը: Ոչ, հարվածելը քո հոգու և սրտի պահանջն էր:

Դու համաշխարհային աստղ, անզուգական հանճար չէիր, բայց լավ ճանաչեցիր ժողովրդի գրությունը և արեցիր այն, ինչ որ պահանջում էր ժամանակը: Ահա ինչու քո անունը պետք է հայոց անմահների դասը մտնե և պատմության մեջ գրավի նախանձելի տողեր:

Կանցնեն տարիներ, կանցնեն կրքերը, հուզմունքները, չափազանցությունները, և ապագա սերունդն ավելի գիտակցաբար կգնահատի քեզ, քան թե մենք: Բայց որքան խիստ լինի քո քննադատը, նա չէ կարող քո երկար տարիների աշխատության մեջ չգտնել բուն գոհարը և իր արժանավոր տեղը տալ ազգի թանգարանում:

Բախտավոր էիր, որ մեռար փառքիդ գագաթնակետին հասած: Շատերն են իրանց կենդանության ժամանակ մահանում: Ճակատագրիդ աստղը քեզ ապահովեց այդ կենդանի մահացումից:

Թող մենք ողբանք, որ առայժմ քեզ փոխարինողը չունենք ասպարիզում: Սակայն ապագայի վրա խորին հավատ ունեցողը երբեք չպիտի հուսահատվի: Ժամանակը ինքը միշտ առաջ կբերի քեզ նման ժողովրդի կարիքներին համապատասխան գործիչներ:

Քո կյանքի վերջին տարիները մի խրատական փաստ է քո հաջորդների համար: Հայ ժողովուրդը քեզանով ջնջեց իր ճակատից ապերախտության այն կնիքը, որ շատերն էին դրոշմում այնտեղ: Նա, քո գործերը գնահատելով, առատ ձեռքով ապացուցեց, որ որքան նա ժլատ է, այնքան էլ երբեմն առատաձեռն է դեպի իր մտավոր աշխատավորները: Թող միայն այդ աշխատավորները գործեն ազնվաբար, անշահախնդիր հոգով և անշեղ համոզմունքներով, ինչպես դու գորրծեցիր...

Դա մի այնպիսի փաստ է, որ ընդունակ է ոգևորել, նույնիսկ, ամենաերկչոտներին:

Եվ այսօր նույն փաստը արտադրող ժողովուրդը գալիս է վշտացած սրտով, սակայն ապագայի մասին լի հույսերով` տալ քեզ իր վերջին և ամենաբարձր հարգանքը:

Ահա ինչու այն հազարավոր երիտասարդները, որ այսօր քո նվիրական դիակը իրանց ուսերի վրա տանում են քո հավիտենական ապաստարանը, պետք է իրանց հոգու խորքում ավելի ամրացնեն հավատը դեպի բարձր մարդասիրական գաղափարների հաղթությունը: Գիտակցաբար նրանք քեզ շրջապատեցին երկար տարիներ, որովհետև նրանց դեպի քեզ մղող զգացումները գիտակցական էին: Եվ հենց այդ գիտակցականությունը կլինի այսուհետև էլ նրա բարոյական գլխավոր հենարանը և քեզ արժանավոր կերպով գնահատելու աղբյուրը...

Թող միայն քո հոգին միշտ հսկե նրանց գործերի վրա...

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ

Նա մարդ էր:

Շեքսպիր

Այժմ, երբ հանուգցյալ Գրիգոր Արծրունու մարմինը դեռևս չի հանձնված հողին, երբ դեռևս թարմ է այն տպավորությունը, որ նրա կորուստը թողեց հասարակության վրա, ժամանակը չէ քննադատական, մանրամասն վերլուծության ենթարկել նրա գործունեությունը: Դա ապագայի գործն է, և միայն մենք չէ, որ կզբաղվենք դրանով: Մեզ համար առայժմ կարևոր են նրա կյանքի և գործունեության այն խոշոր փաստերը, որոնք, մեր կարծիքով, չափազանց ուսանելի են յուրաքանչյուրի համար, ով ուզում է իրեն նվիրել հարազատ հասարակության բարձր շահերին: Ահա այդ փաստերի վրա էլ մենք կանգ կառնենք ներկա ակնարկում:

Որպեսզի ճիշտ գնահատենք այն ծառայությունները, որոնք Արծրունին մատուցել է իր ազգին, անհրաժեշտ է թեկուզ մի թռուցիկ հայացք նետել ռուսահայերի հասարակական կյանքի այն ժամանակաշրջանի վրա, երբ Արծրունին մուտք գործեց հրապարակախոսական ասպարեզ:

Դա վաթսունական թվականների վերջն էր և յոթանասնական թվականների սկիզբը, մի ժամանակ, երբ հայերի մեջ դեռևս գոյություն ունեին բավական աղոտ պատկերացումներ հասարակական կյանքի մասին ընդհանրապես, և լրագրության ու հրապարակախոսության մասին` մասնավորապես: Դրանից ոչ շատ առաջ հիսնական թվականների գործիչների առաջին, թեև ուժգին բարոյական հարվածներից արթնացած հասարակական ինքնագիտակցությունը, թվում էր, թե նորից սկսել էր սուզվել քնի մեջ այն բանից հետո, երբ ասպարեզից հեռացան վիպասան Աբովյանը, բանաստեղծ-հրապարակախոս Նալբանդյանցը և պրոֆեսոր Նազարյանցը: Սրանցից առաջինը անհայտ կորավ, երկրորդը անողորմ թոքախտի զոհը դարձավ, երրորդը հուսահատված, դեռևս կենդանության օրոք, վայր դրեց գրիչը: Նրանք գործունեության ասպարեզը թողեցին այնպիսի մարդկանց, որոնք թեև մասամբ զինված էին եվրոպական գիտելիքներով, բայց բավական հեռու էին հասարակական մտքի ղեկավարների իրական խնդիրներն իմանալուց: Դրանք այնպիսի մարդիկ էին, որ դաստիարակված էին իրենց դարն ապրած սկզբունքներով, մարդիկ, որ քարոզում էին, թե հայերի համար կրոնական նեղ շահերից դուրս փրկություն լինել չի կարող, որ հայերի առաջավոր մասի բոլոր ջանքերը պետք է նվիրվեն եկեղեցու անկախությունը պահելու գործին...

Ճիշտ է, երբեմն հնչում էին նաև առանձին ձայներ հօգուտ այլ սկզբունքների, հօգուտ հայերի ավելի էական պահանջների, բայց այդ ձայները դեռևս այնքան թույլ էին, որ հնապաշտների ձայների ընդհանուր բազմության միջից հազիվ էին հասնում հասարակությանը:

Բայց և այնպես դա մի կենդանի բողոք էր ընդդեմ արմատացած պահպանողականության, որը հավասարապես տեղ էր գտել այն ժամանակվա գրեթե բոլոր կարևոր պարբերական օրգաններում: Երիտասարդությունը, որ դաստիարակվել էր համամարդկային գաղափարներով և Պատկանյանի երգերով էր ոգևորված, չէր կարող հաշտվել հասարակության այդպիսի դրության հետ: Նա ձգտում էր վերջնականապես հաղթահարել այն դարավոր պատնեշը, որը անջատում էր այդ հասարակությունը եվրոպական կուլտուրայից: Իսկ այդ պատնեշը դեռևս ամուր էր և հենվում էր, մի կողմից, ղեկավարողների սնահավատության ու նախապաշարումների, մյուս կողմից` ղեկավարվողների բարոյական կուրության և մտավոր թուլության վրա:

Հնապաշտության դեմ հաջողությամբ պայքարելու համար երիտասարդությունը պետք է համախմբվեր և պայքար մղեր ընդհանուր ուժերով: Իսկ դրա համար անհրաժեշտ էր մի մարդ, որ ունենար հաստատորեն ամրապնդված հայացքներ, կամքի մեծ ուժ, մի խոսքով անհրաժեշտ էր մի զորավար, որը այս ու այնտեղ ցրված մարտիկների առջև հայտնվեր որպես իր ուժերին վստահ ղեկավար:

Հենց այդպիսի մարդ պետք է դառնար Գրիգոր Արծրունին: Դա զգացվում էր ավելի վաղ շրջանում, երբ նա դեռևս գտնվում էր հայրենիքից հեռու:

Նա քսան տարեկան պատանի էր, Պետերբուրգի համալսարանի բնագիտական ֆակուլտետի ուսանող, երբ առաջին անգամ հայտնվեց հրապարակախոսական ասպարեզում:

«Մեղու Հայաստանի» կրոնականպահպանողական թերթում և «Հայկական աշխարհ» անգույն հանդեսում տպագրվում են Արծրունու հրապարակախոսական փորձերը: Առաջին իսկ հոդվածներից հեղինակի մեջ նկատվում է հրապարակախոսական տաղանդի առկայծ և հասարակական գործչի առջև դրված իսկական խնդիրների ճիշտ ըմբռնում:

Ապշեցուցիչ է Արծրունու հայացքների խիզախությունը նույնիսկ նրա գործունեության այդ ամենավաղ տարիներին: Այդտեղ հանձին նրա երևում է մի մարդ, որը ոչ միայն խորապես համոզված է և անսասան կերպով հավատում է իր ասածներին, այլև որն իր առաջ խնդիր է դրել առանց երկբայությունների, ուղղակի ասել իր ազգին ամենադառը ճշմարտությունները, որպիսիք ազգը իր մասին մինչ այդ երբեք չէր լսել նույնիսկ իր թշնամիներից: Արծրունին իր առաջին իսկ քայլերից հանդես է գալիս, մի կողմից, որպես հասարակական արատների դաժան մերկացնող, մյուս կողմից` որպես նորագույն գաղափարների ջերմ գործակից:

Արծրունին սկսում է նրանով, որ խստորեն դնում է հայ երիտասարդության ազգային դաստիարակության հարցը, խարազանում է այդ դաստիարակության վատ կողմերը: Նա մռայլ պատկերներով է նկարագրում հայ կնոջ բարոյական ստրկությունը և եռանդուն նորարարի ամբողջ կրքոտությամբ հարձակվում է ընտանիքի բռնապետական հիմունքների վրա` պահանջելով կնոջ անկախությունը: Նա գրում է աշխատանքի մասին և քարոզում, որ աշխատանքն անհրաժեշտ է անխտիր բոլորի համար, նա ապացուցում է, ոբ միայն հասարակության բոլոր խավերին պատկանող առանձին մարդկանց անընդհատ աշխատանքի շնորհիվ է, որ հասարակությունը կարող է հասնել երջանկության ու բարօրության: Նա դնում է Կովկասյան երկրամասի տնտեսական տխուր վիճակի և մեզ մոտ առևտրաարդյունաբերական կուլտուրայի լիակատար բացակայության հարցերը` այդ կուլտուրան համարելով բնակչության բարոյական և մտավոր առաջընթացի անհրաժեշտ տարրը: Ելնելով այդ սկզբունքից` նա քարոզում է Կովկասում հատուկ ընկերություններ հիմնելու միտքը, ընկերություններ, որոնց նպատակը կլիներ նյութապես օգնել այն չունևորներին, որոնք ցանկանում են կրթություն ստանալ գիտության այն բոլոր ճյուղերի ուղղությամբ, որոնք կարող են գործնական կիրառություն գտնել երկրամասում:

Կասկած չկա, որ այստեղ երիտասարդ հրապարակախոսի վրա նկատվում է վաթսունական թվականների ռուս գործիչների հումանիստական գաղափարների ազդեցությունը, գործիչներ, որոնք, ի դեպ ասած, խոշոր հետք են թողել ընդհանրապես հայ ամբողջ գրականության մեջ: Եվ ինչպես կարող էին այդ գաղափարները խորթ մնալ այն ժամանակվա հայ երիտասարդության համար, երբ նրանք լայն հոսանքով սկիզբ էին առնում ոչ միայն այն կենտրոններից, ուր գլխավորապես համախմբված էր գիտելիքների ու լույսի ծարավ այդ երիտասարդությունը, այլև այն միջավայրից, որի հետ միշտ շփվում էին այդ երիտասարդության խոշորագույն ներկայացուցիչները: Հայ հրապարակախոսության մեջ այդ գաղափարների ամենափայլուն արտահայտիչը Նալբանդյանն էր, իոկ նրան հետևեցին շատերը:

Ինչ վերաբերում է Արծրունուն, ապա տվյալ դեպքում նա չդարձավ ոչ Նալբանդյանի, ոչ էլ ուրիշների կույր հետևորդը: Ո՛չ: Ինչ էլ նա ասեր և ինչպես էլ որ ասեր, միշտ հանդես էր բերում իր հայացքների ինքնատիպությունը:

Հիվանդության պատճառով երկրորդ կուրսից թողնելով Պետերբուրգի համալսարանը` Արծրունին ժամանակավորապես ընդհատում է պարապմունքները և մեկնում Նիցց` առողջությունը վերականգնելու նպատակով: Որոշ ժամանակ անց նա մեկնում է Շվեյցարիա և նոր ուժերով շարունակում ուսումը նախ Ցյուրիխի, ապա Ժնևի համալսարաններում` լսելով դասախոսություններ քաղաքականության և քաղաքատնտեսության վերաբերյալ: Ապա երկու տարի անց նա մեկնում է Գերմանիա և ընդունվում Հեյդելբերգի համալսարանը որպես ուսանող: Երկու տարի մնալով այստեղ` Արծրունին ավարտում է ուսման լրիվ դասընթացը և ստանում փիլիսոփայության դոկտորի դիպլոմ:

Այն ժամանակվա, ինչպես և ներկայիս հայ երիտասարդության համար որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունից դիպլոմ ստանալը նրա գիտական կրթության վերջնական նպատակն է: Ավելի առաջ նա այլևս չի գնում, գիտությունները նրան էլ չեն հետաքրքրում, որովհետև նա իրեն համարում է գիտության բոլոր խորիմաստությունների գիտակ: Մենք այս փաստը նշում ենք այն պատճառով, որ հետագայում Արծրունին բազմիցս հարձակվում է բարձրագույն կրթություն ունեցող հայ մտավորականների վրա` երբեմն նրանց տալով շատ խիստ էպիտետներ, ինչպես` «կրթյալ անգետներ», «դիպլոմավոր բթամիտներ» և այլն:

Նա բոլոր հիմքերն ուներ հայ մտավորականության վրա այդպես հարձակվելու համար: «Ով սովորեցնում է ուրիշին, նա ինքն էլ անընդհատ պետք է սովորի: Պրոֆեսորների կողմից ստորագրված թղթի ողորմելի կտորը մեզ չի փրկի տգիտությունից, մենք պետք է գիտելիքներ ձեռք բերենք անկախ նրանից»:

Եվ այս նշանաբանին նա հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը:

Չբավարարվելով գերմանական կրթությամբ` Հեյդելբերգի համալսարանի դասընթացն ավարտելուց հետո Արծրունին մեկնում է Փարիզ` համաշխարհային մշակույթի այդ կենտրոնը, որպեսզի ավելի կատարելագործի իր իմացությունը գիտությունների բնագավառում: Բայց նա դրանով էլ չի բավարարվում, իմացության ծարավ նրա միտքը հանգիստ չի տալիս նրան, և Արծրունին, միառժամանակ անց, թողնելով Փարիզը` մեկնում է Վիեննա: Այստեղ մի ամբողջ ձմեռ նա իր համար սիրելի քաղաքատնտեսության վերաբերյալ լսում է այնպիսի հռչակավոր անձանց դասախոսությունները, ինչպիսիք են Շեֆլեն և Լորենց Շտեյնը: Դրա հետ միասին նա տեղի մխիթարյան գիտնականների ղեկավարությամբ ուսումնասիրում է գրաբարը և հարազատ ազգի պատմությունը, այդ ուսումնասիրությունը նա հետագայում շարունակում է Վենետիկի մխիթարյանների մոտ:

Այդ բոլոր գիտելիքները Արծրունին ձեռք էր բերում նախօրոք որոշված նպատակով. նա վճռել էր կյանքը նվիրել իր հայրենիքի հոգեկան շահերին և ուզում էր հասարակական գործունեության ասպարեզ դուրս գալ միանգամայն պատրաստված, իր ուժերի ներածին չափ կատարելապես զինված:

Այդպես ենք մենք տեսնում նրան, քսանյոթամյա այդ դյուրաբորբոք երիտասարդին, որ վերադարձել էր Թիֆլիս իր հոր մոտ: Այստեղ նա սկսեց իր իսկական հրապարակախոսական գործունեությունը և այստեղ նա անխոնջ կերպով աշխատեց ուղիղ քսան տարի: Արծրունու այդ բեղմնավոր գործունեության մասին մենք կխոսենք հաջորդ անգամ:

ԱԲԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Աբգար Հովհաննիսյանն այն հազվագյուտ հայ գործիչներից էր, որոնց կորուստը ընդհանուրի կորուստն է: Իբրև անհատ նա այնպիսիներից էր, որի մահը զգալի կլիներ հայ հասարակությունից անհամեմատ բազմաթիվ և անհամեմատ բարձր կուլտուրական հասարակության համար:

Ներկա տողերը գրվում են շտապ, կորստի թարմ տպավորության տակ: Այսօր մենք չենք խոստանում մեր ընթերցողին տալ տաղանդավոր խմբագրի, փայլուն հռետորի և բազմակողմանի հասարակական գործիչի լիակատար կենդանագիրը: Մտադիր չենք մանավանդ քննադատության բովով անցկացնել նրա գործունեությունը: Երբ դեռ հանգուցյալի մերձավորների արցունքները չեն դադարել, երբ դեռ նրա գերեզմանի վրա հանգչող պսակների տերևները չեն թառամել, կարելի է մի՞թե սառն հոգով և անկողմնապահ քննադատել հայ գործչի երեսուն տարվա ընթացքում արածները: Ժամանակին մենք ևս հանգուցյալի դրական կողմերի հետ մատնացույց կանենք և բացասական կողմերը: Բայց այսօր դեռ վաղաժամ է: Հայ հասարակությունը դեռ ծանոթ չէ իր շնորհալի զավակի բազմակողմանի գործունեության հետ:

Այդ գործունեության ընդհանուր և անպաճույճ պատկերն է, որ ուզում ենք այս հոդվածով ներկայացնել «Լումա»-ի ընթերցողներին: Մենք կթվենք Աբգար Հովհաննիսյանի արածները և այս հասարակ ցուցակագիրն անգամ, կարծում ենք, բավական կլինի նույնիսկ նրա թշնամիներին համոզելու, թե որպիսի խոշոր գործչից զրկվեց հայ հասարակությունը: Թող ներկա համառոտ կենսագրությունը ապագա քննադատին ծառայի իբրև հում նյութ նրա անկողմնապահ ուսումնասիրության համար: Ավելին ասելու հավակնությունը առայժմ չունինք:

Աբգար Հովհաննիսյանը, որ վախճանվեց ներկա տարվա ապրիլի 15-ին Բաթումում և թաղվեց Թիֆլիսում նույն ամսի 20-ին, ծնվել է 1849 թվականի մայիսի 14-ին: Ասել է, նա մեռավ իր հասակի այն ժամանակամիջոցում, երբ տղամարդի խելքի կորովը դեռ ընկճված չի լինում և նրա բնավորությունը լիովին կազմակերպված է կյանքի երկարատև փորձառությունից,

Աբգաա Հովհաննիսյանը ծնվել է Թիֆլիսում, բայց նրա ցեղը ծագումն է առել Հին Ջուղայում: Հանգուցյալի հայրը իր ժամանակին Թիֆլիսի նշանավոր քաղաքացիներից մեկն էր, բժշկապետ Հարություն Հովհաննիսյանը: Մի շատ լուսամիտ և վերին աստիճանի զարգացած անձնավորություն, որ Թիֆլիսում շատ ազդեցիկ անհատ էր: Ինքնըստինքյան բժշկապետ Հարություն Հովհաննիսյանի կյանքը ներկայացնում է բավական հետաքրքրական պատկեր, որ բնորոշում է հայի բնական ձիրքերն, աշխատասիրությունը և անհատական եռանդը` իր համար կյանքի ասպարեզում ճանապարհ հարթելում:

Հին Ջուղայի մի նահապետական, ոչ հարուստ և ոչ իր ծագումով հայտնի ընտանիքի զավակ Հարությունը ութ տարեկան հասակում իր եղբոր` Հակոբի ձեռքով բերվում է Հին Նախիջևան: Այդ Հակոբը ծառայում էր Շերամազանյան եղբայրների առևտրական գործերում և հաճախ գնում էր Ռուսաստան: Ըմբռնելով իր կրտսեր եղբոր բնական ընդունակությունները, Հակոբը նրան իր հետ տանում է Մոսկվա և հանձնում Լազարյան ճեմարանին: Այստեղ Հարությունին չեն ընդունում տեղ չլինելու պատճառով: Հակոբը երեխային թողնում է Մոսկվայում և ինքը գալիս է Կովկաս: Հարությունի մասին տեղեկություն են տալիս Լազարյանին, և սա հրամայում է ուսումնածարավ մանկանը ընդունել ճեմարան:

Ավարտելով գիմնազիական կուրսը, Հարությունը փափագում է շարունակել ուսումը: Բայց այդ Ժամանակ Լազարյան ճեմարանից համալսարան մտնելու համար հարկավոր էին առանձին պատրաստություն, քննություն և, վերջապես, կապեր: Օգնության է հասնում ճեմարանի ուսուցիչ գերմանացի Շլեյխերը, որ շատ սիրում էր Հարությունին: Լինելով անորդի, գերմանացին որդեգրում է Հարությունին, պարապում է հետը և տալիս համալսարան: Ամբողջ ուսանողության Ժամանակ Հարությունը մնում է Շլեյխերի բարի ազդեցության տակ է նրա շնորհիվ է, որ հանգուցյալն այնպես ազատ տիրում էր գերմաներեն լեզվին: Ապագայում Շլեյխերը ընկնում է չքավորության մեջ, և Հարությունը նրան օգնում է մինչև մահ:

1843 թվին Հարությունը բժշկի վկայականով տեղափոխվում է Թիֆլիս և անմիջապես նշանակվում է քաղաքային հիվանդանոցի բժիշկ (младший ординатор) և նույն թվականին ամուսնանում է Եղիսաբեթ Ղուբալյանի հետ: 1857 թվին Հարություն Հովհաննիսյանը Պետերբուրգի բժշկական Ակադեմիայում տալիս է հաջողությամբ բժշկապետի քննություն և վերադառնում է Թիֆլիս: Այս անգամ նա իր գործունեությունը նվիրում է պետական պաշտոններին: Նա նշանակվում է Կովկասի բժշկական վարչության գլխավոր պաշտոնակատար, միևնույն ժամանակ, Կովկասի փոխարքա Մեծ Իշխան Միխայիլ Նիկոլաևիչն ընդունում է նրան իր մոտ անձնական բժշկի պաշտոնով: Մոտ տասնմեկ տարի ծառայելով այդ պաշտոններում, նա ծառայությունը թողնում է և սկսում է պարապել մասնավոր բժշկությամբ: 1886 թվին Հարություն Հովհաննիսյանը վախճանվում է և թաղվում Վերայի գերեզմանատանը:

Հանգուցյալ բժշկապետը, չնայելով իր պատասխանատու պաշտոններին, իրան հեռու չէր պահում հասարակական գործունեությունից: Նա երկար ժամանակ եղել է Ներսիսյան դպրանոցի հոգաբարձու, բժիշկ, երեցփոխան Մողնու եկեղեցու: Նրա դռները բաց էին հասարակական գործիչների համար, որոնց օգնում էր իր խորհուրդներով և կապերով: Նրա ամուսնու` Եղիսաբեթի, աջակցությամբ և նախագահությամբ հիմնվում է Գայանյան ուսումնարանը: Այդ կինը, որ հայտնի էր Թիֆլիսին իր բնական ընդունակություններով և աշխույժ բնավորությամբ, մեծ ազդեցություն է ունեցել Աբգարի վրա, որ հաճախ խոստովանում էր, թե իր ազգային ուղղությունը պարտական է մոր ազդեցությանը:

Բժշկապետ Հարություն Հովհաննիսյանը ազատ տիրում էր գրեթե բոլոր եվրոպական լեզուներին: Հին լեզուներըհունարեն և լատիներեննա գիտեր հիմնավորապես և ունի գրած մի ամբողջ դասախոսություն լատին լեզվով: Իր ուղղությամբ և ձգտումներով հանգուցյալը եվրոպացի էր: Ժիր և վառվռուն մարդ էր, որ իր խրոխտությամբ և համարձակությամբ գիտեր երկյուղ ներշնչել թշնամիներին և հարգանք` բարեկամներին:

Հայտնի բան է, որ մի այդպիսի անձնավորություն չէր կարող իր միակ արու զավակին չտալ ընտիր կրթություն, մանավանդ որ նյութական միջոցների պակասության մասին խոսք անգամ չէր կարող լինել:

Հանձնելով Աբգարին կարճ ժամանակով Գաբրիել Խատիսյանի պանսիոնը, շուտով նրան տեղափոխում են Պետերբուրգ: Այստեղ տասնմեկ տարեկան հասակում, այն է` 1860 թվականին, Աբգարը իր մերձավոր ազգական Մկրտիչ Սանասարյանի խնամքով մտնում է պ. Կարապետ Եղյանի պանսիոնը: Մանուկը շուտով արտահայտում է իր բնական ընդունակությունները, իր աշխույժ բնավորությունը, վառվռուն հոգին և գրավում է թե՛ իր ընկերների, թե՛ դասատուների և թե՛ մանավանդ պ. Եղյանի համակրությունը և դառնում է առաջին աշակերտը պանսիոնում: Չորս տարուց հետո պանսիոնը փակվում է: Աբգարը տեղափոխվում է մայրաքաղաքի 6-րդ գիմնազիան: Այստեղ նա մնում է ընդամենը երկու տարի: Նշանավոր բժիշկ Բոտկինը խորհուրդ է տալիս նրան հեռանալ հյուսիսից, որովհետև նրա մեջ թոքախտի նշաններ է գտնում: 1866 թվի ամառը Աբգարը վերադառնում է Թիֆլիս` նիհարած ու դեղնած: Բայց և այնպես նա կամենում է շարունակել ուսումը և մտնում է առաջին գիմնազիայի յոթերորդ դասարանը: Մի տարուց հետո ավարտելով ուսումը, նա ուղևորվում է Պետերբուրգ, հակառակ բժիշկների խորհրդին, և մտնում համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Սակայն այստեղ նա ուսանում է ընդամենը մի տարի: Նրա հոգին ձգտում է դեպի ավելի լուսավոր երկրներ: Նա գնում է Գերմանիա և սկսում է Լայպցիգում լսել նշանավոր պրոֆեսորների դասախոսությունները փիլիսոփայական գիտությունների մասին` մինչև 1872 թվականը: Այնուհետև նա վերադառնում է Թիֆլիս: Բայց նախքան որևէ պաշտոնի ձեռնարկելը գնում է Պետերբուրգ և ուսումնասիրում գործնական ֆինանսագիտություն, նույնիսկ հաշվապահություն: Ապա վերադառնում է Թիֆլիս և անմիջապես ընտրվում է առևտրական բանկի դիրեկտոր 24 տարեկան հասակում:

Այդ Ժամանակից ահա սկսվում է Աբգար Հովհաննիսյանի գործունեությունը:

Երիտասարդը, կենսախինդ, օժտված բնական բազմակողմանի ձիրքերով, նախանձելի արտաքինով, սրախոս և սրամիտ, զվարճախոս և ուրախ սեղանակից, բարի և առատաձեռն ընկեր, նա միանգամից գրավում է ընկերական շրջանների ուշադրությունը և դառնում Կովկասի մայրաքաղաքի բոլոր շրջանների և ազգությունների համար ցանկալի հյուր: Կյանքն ուրախ ժպտում է երջանիկ հատկությունների տեր երիտասարդին և լայն բաց է անում իր դռները նրա առջև: Մտավոր հարուստ պաշարի հետ Եվրոպայից բերած և գլխավորապես իր հոգուց բխած արտաքին արժանավորություններըքաղաքավարությունը, սիրալիր վարմունքը, ուրիշների կարծիքները ուշադիր լսելու պատրաստակամությունը և համբերողամտությունը գրավում են ընդհանուր համակրություն:

Մենք շեշտում ենք Աբգար Հովհաննիսյանի այս արտաքին հատկությունները ոչ առանց պատճառի: Հայ Գործիչները, լինեն նրանք խմբագիրներ, հրապարակախոսներ, ուսուցիչներ թե ինչ, ընդհանուր առմամբ մի հատկություն ունեն, որ համենայն դեպս չեն կարող համակրելի համարվել: Նրանք անուշադիր են դեպի ընկերական կենցաղավարության տարրական վայելչության կանոնները: Իբրև ընկերական շրջանների անդամներ նրանք ձանձրալի են և անտանելի: Նրանք չգիտեն իրանց պահել հասարակության մեջ: Բավական է, որ մի քայլ հեռանան իրանց նեղ բնից և արդեն անզոր են, ինչպես թևերը կտրված թռչունները: Չենք ասում օտարազգիների մեջ, որոնցից այնքան հեռու են պահում իրանց, այլ նույնիսկ իրանց հայրենակիցների շրջանում չգիտեն պահպանել հասարակ մարդավարության կանոնները, եթե այդ շրջանը նրանց սովորական բարեկամներից չի բաղկացած: Անհամբերողամիտ, միակողմանի, զուրկ կանոնավոր խոսելու և վիճաբանելու ընդունակությունից, երբեմն անտեղի կոպիտ, երբեմն մանեկենի պես լուռ` նրանք ողորմելի տպավորություն են անում կողմնակի դիտողի վրա: Ով գիտե քաղաքավարի վարվել, վայելուչ հագնվել, մեղմ խոսելսրանց աչքում «բուրժուա» է, մի բառ, որի իսկական նշանակությունը նրանք սխալ են ըմբռնում, քաղաքավարությունը շփոթելով բուրժուականության հետ:

Այս դեպքում, հարկավ, մեծ դեր է կատարում ընտանեկան կրթության պակասությունը: Մեր գործիչները շատ քիչ բացառությամբ ժողովրդի տգետ խավերից դուրս եկած մարդիկ են: Լավագույն դեպքում նրանք կարողանում են զարգացնել իրանց միտքը, իսկ կրթել իրանց բնավորությունը ավելորդ են համարում իրանց համար: Ահա ինչու շատ անգամ մի քիչ մտավոր պաշարի և տարրական զարգացման հետ հանդիպում ես անսահման գոռոզության և ամբարտավանության: Եվ այս ցավալի թերությունը բնականաբար ներգործում է մարդկանց ամբողջ գործունեության վրա: Այս է պատճառը, որ աշակերտը հայ ուսուցչի բերանից լսում է հազար տեսակի անվայել դարձվածներ, ընթերցողը հայ հրապարակախոսի գրվածքների մեջ հանդիպում է ամենակոպիտ փողոցային հիշոցների: Այս է պատճառը, որ հայ մամուլի բանակռիվը հայհոյանք է, հայ քննադատի քննադատությունը վիրավորանք, հայ ժողովների վիճաբանությունները` անձնական երկպառակություն:

Բնավորության կրթությունը ահագին ազդեցություն ունի մտքի արտադրությունների վրա: Ով ինքն իրան չգիտե կրթել, չի կարող ուրիշներին կրթել. ով չգիտե իր կրքերը զսպել, չունի իրավունք ուրիշների կրքերի մասին խոսելու, ով չգիտե իրան մարդավարի և վայելուչ պահել, չունի իրավունք հասարակության մեջ դուրս գալու: Կան որոշ օրենքներ, որոնց արհամարհելը համարվում է տգիտություն: Միայն հանճարներին է ներելի խախտել ընդունված պատշաճավորությունը: Բայց հանճարներն իսկ այնքան սովորական կարգ ու կանոնների դեմ չեն մեղանչում, որչափ մեր հասարակական գաճաճները: Ահա ինչու նրանք սիրելի չեն իրանց սովորական պարապմունքից դուրս, ահա ինչու նրանք ծիծաղ են հարուցանում իրանց համար քիչ թե շատ անսովոր շրջաններում :

Աբգար Հովհաննիսյանն իր հոգու ամբողջ կազմով իսկական հայ էր և հայ էլ մնաց մինչև մահ: Իր ցեղի արժանավորություների հետ ուներ և նրա թերությունները: Նա նույնպես հասարակ գերդաստանից էր և չէր կարող պարծենալ իր նախնիքների տիտղոսներով: Բայց իր կամքի ուժով և բնական ճաշակի նրբությամբ կարողացել էր կրթել իր բնավորությունը, հեռացնել իր հոգուց ասիական կոպտությունը և դառնալ հասարակության հաճելի անդամ:

Նա այն սակավաթիվ հայ գործիչներից էր, որոնք գիտեն, ինչպես ասում է ժողովուրդը, «սևերես» չմնալ օտարների առաջ: Ոչ ոք չգիտեր դեպքը պահանջելիս հայ անվան վարկն այնպես փայլուն ներկայացնել օտարների շրջանում, որպես նա: Նա ընդունակ էր քչից անգամ օգտվել զարմանալի վարպետությամբ:

Նրա բնավորությունը լուրջ էր, բայց ուրախ: Նրա վիճաբանության ձևը նուրբ էր, բայց և երբեմն թունավոր: Նա այն անձանցից չէր, որոնք տարրական միտք հայտնելու համար խորիմաստ փիլիսոփայի քղամիդ են հագնում և մի հասարակ գաղափար արծարծելիս բառի բուն իմաստով տանջվում են: Ընդհակառակը, նա ընդունակ էր շատ անգամ ամենալուրջ միտքն ամփոփել մի և որևէ կատակի կամ հեգնական դարձվածի մեջ: Նա խոսքի վարպետ էր և ուներ եվրոպական հռետորի բոլոր արժանավորությունները: Թիֆլիսի քաղաքային խորհրդատանը, որ կարող է պարծենալ շատախոս իրավասուներով, իր ավելի քան երեսնամյա գոյության ընթացքում հազիվ թե ունեցած է Աբգար Հովհաննիսյանի պես պերճախոս իրավասու: Նրա սրամիտ դարձվածները բերանից բերան էին անցնում և դառնում ընդհանուրի սեփականություն, ինչպես հաջող ստեղծագործված մի բանաստեղծություն: Եվ շատ անգամ նրա մի հանկարծակի արտասանած խոսքի մեջ լինում էր ավելի իմաստ, քան մի ուրիշ հռետորի երկար ճառի կամ մի որևէ ժուռնալիստի անվերջ հոդվածում: Այս էր պատճառը, որ նա ամենուրեք ընկերական շրջանի հոգին էր և կենդանությունը: Եվ իր ներկայությամբ նսեմացնում էր, հակառակ իր կամքի, իրանից շնորհալիներին անգամ:

Աբգար Հովհաննիսյանը կաբինետի աշխատավոր չէր, որ միայն մի որոշ գործով բավականանար և իր բոլոր ուԺերը նվիրեր գիտնական կամ զուտ գրականական գործունեության: Նա ծնված էր հասարակական բազմակողմանի գործունեության համար: Նա միշտ ձգտում էր դեպի կենդանի գործ: Ահա ինչու լինելով խմբագիր, նա չդարձավ լոկ խմբագիր կամ հրապարակախոս, ունենալով գրականական ճաշակ, չդարձավ գեղարվեստական գրող: Նա չդարձավ և սոսկ հայկական գործիչ, որովհետև հայ հասարակական կյանքի ասպարեզը նեղ էր նրա հարուստ ուժերի համար:

Next page