Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Բայց իր բոլոր գործողությունների մեջ մնաց հավատարիմ մի ոիոշ սկզբունքի. «Լինել օգտակար նախ և առաջ իմ ազգին», ահա նրա հավատամքը, որ և գործադրեց որքան կարող էր:

Արդեն իր գործունեության սկզբում, այն է` 1873 թվականին ջերմ փափագը իր ազգին ծառայելու, արտահայտում է գրականական ասպարեզում: Իր հաշվով նա հրատարակում է այդ թվականին մի շարք զուտ գրականական և մանկավարժական երկեր, ի միջի այլոց և Րաֆֆիի հայտնի, «Փունջ»-ը երկու հատորով, Շիլլերի «Վիլհելմ Տելլ»-ը Գ. Բարխուդարյանի թարգմանությամբ և Ստ. Բալասանյանի «Քերականությունը մայրենի լեզվի»:

Բայց սոսկ հրատարակչի գործը, հարկավ, չէր կարող գոհացնել Հովհաննիսյանի նման մի տաղանդավոր մարդու: Եվ ահա 1876 թվականի հուլիսի մեկից նա ձեռնարկում է մի գործ, որ շատերին այն ժամանակ հանդգնություն էր թվում: Նա սկսում է հրատարակել «Հյուսիսափայլ»-ից հետո առաջին գրականական հանդեսը` «Փորձ»-ը ավելի Եվրոպական ուղղությամբ: «Փորձ»-ը նախ լույս էր տեսնում երեք ամիսը մի անգամ և ապա, երկու տարի անցած, դառնում է կատարյալ ամսագիր:

Աբգար Հովհաննիսյանին շրջապատում են այն ժամանակվա բոլոր խոշոր տաղանդավոր գրականական ուժերը գրեթե առանց բացառության և «Փորձ»-ը հաջողվում է կատարելապես: Իբրև գլխավորապես գրականական հանդես, «Փորձ»-ը շատ քիչ է զբաղվում առօրյա հարցերով, բայց սրա փոխարեն տալիս է հայ գրականությանը մի շարք խոշոր գրականական թե ինքնուրույն և թե թարգմանական գործեր: Այստեղ են տպագրվում Պռոշյանցի, Ծերենցի և Պարոնյանի երկերը և Շեքսպիրի ու Շիլլերի մի քանի գործերը` Գ. Բարխուդարյանի թարգմանությամբ, Ստ. Բալասանյանի (Գրիչ) քննադատական լուրջ հոդվածները:

«Փորձ»-ի հրատարակությունից մի տարի առաջ Աբգարը ամուսնացած է լինում օր. Դարիա Քեթխուդյանի հետ, որ հարուստ օժիտի հետ բերում է և իր ընտիր ընտանեկան կրթությունը և հայ կնոջ լավագույն հատկությունները: Երիտասարդ զույգը բաց է անում իր հյուրասեր և հարուստ տան դռները հայ գրականական աշխատավորների համար` առանց հայացքների և ուղղությունների խտրության: Դա առաջին և վերջին գրականական սալոնն է լինում հայերի մեջ, ուր մտքերը շփվում են և ուր խոսակցության և հետաքրքրության առանցքը լինում է հայ գրականության բարգավաճումը:

Ոմանք իրանց միտքը կրթում և զգացումները նրբացնում են այդ միակ հայկական սալոնում: Հարկավ, շրջանի կենտրոնը և ոգին լինում է ինքը` Աբգար Հովհաննիսյանը, որ իր քաղաքագետ վարվողության շնորհիվ կարողանում է տարբեր ուղղությունների տեր մարդկանց մեջ հաշտություն պահպանել և ստիպել նրանց ծառայելու մի ընդհանուր բարոյական շահիհայ գրականության զարգացման գաղափարին:

«Փորձ»-ը հայերի մեջ առաջին պարբերական հանդեսն էր, որ զգաց հայ գրողի աշխատանքը վարձատրելու պարտականությունը և իրագործեց: «Փորձ»-ին աշխատակցողները վարձատրվում էին, և այս է պատճառներից մեկը, որ նրա մեջ ամեն անցորդ խակ մտքի արտադրություններին տեղ չէր տրվում:

Դժբախտաբար, կարճ Ժամանակում ամբողջ հայությանը սիրելի դարձած հարուստ ամսագիրը հրատարակվեց ընդամենը 5 տարի: 1881 թվականին «Փորձ»-ը դադարեց: Պատճառը ոչ այնքան բաժանորդների սակավությունն էր — «Փորձ» -ը դադարեցնելիս ուներ մոտ 700 բաժանորդորքան ծախսերի շատությունը: Սկսելով լայն ծավալով, Աբգար Հովհաննիսյանը իր բնավորության շնորհիվ չի կարողանում ծախսերը կրճատել. մինչդեռ կրած դեֆիցիտը արդեն զգալի է դառնում նրա դրամական վիճակի համար:

«Փորձ»-ը դադարում է, բայց խմբագրի հոգին անհանգիստ է: Նա չի կարող ապրել առանց գրականական գործունեության: Քաղաքային խորհրդարանի եռանդուն իրավասուն, ընդունակ ֆինանսական գործիչը, գրեթե բոլոր հայ ընկերությունների անդամն ու նախագահը, Ներսիսյան դպրանոցի հոգեբարձուն, քաղաքային մի քանի հանձնաժողովների անդամն ու նախագահը, չնայելով իր բարդ գործունեության, ձգտում է դեպի գրականություն: Եվ ահա «Փորձ»-ի դադարումից մի տարի անցած իրավունք է ստանում հրատարակելու «Արձագանք» շաբաթաթերթը: Նորից հայ գրականության ընտիր ուժերը շրջապատում են Աբգար Հովհաննիսյանին, նորից նրա հյուրընկալ դռները բացվում են նրա առաջ:

«Փորձ»-ում Աբգար Հովհաննիսյանը կատարում էր գրեթե բացառապես խմբագրի դեր: Քննում էր, քննադատում էր և ուղղում ամսագրի մեջ տպվող երկերը: Իբրև գրականական ընտիր ճաշակի տեր, նա ցուցմունքներ էր անում հեղինակներին և շեշտում նրանց երկերի գեղարվեստական թերությունները: Նա էսթետիկ էր և գիտեր ըմբռնել իրան ներկայացված վեպերի, բանաստեղծությունների մեջ գեղեցիկը և խորշել գռեհիկից և կոպիտից: Այս դեպքում նա իր ժամանակակից հայ խմբագիրների մեջ մրցակից չուներ:

Իբրև հրապարակախոս` Աբգար Հովհաննիսյանը ասպարեզ է գալիս իսկապես «Արձագանք»-ի սկզբնավորությունից սկսած:

«Արձագանք»-ի այն ժամանակվա աշխատակիցները, որ «Փորձ»-ի աշխատակիցներն էին, շաբաթաթերթում գրելու նախապատրաստություն չունեին: Սովորած լինելով երկար մտածողության, նրանց համար դժվար էր շուտափույթ արծարծել օրվա անցողիկ խնդիրները և հասարակական հրատապ դեպքերը քննադատել: Միայն Ալեքսանդր Երիցյանն էր, որ արագ գրելու և մի շաբաթաթերթի համար կարևոր աջակիցը լինելու ձիրքն ուներ: Ուստի միառժամանակ շաբաթաթերթի խմբագրության կազմի փոխվելը, մինչև նոր և թարմ ուժերի երևան գալը, Աբգար Հովհաննիսյանը ստիպված էր շաբաթաթերթի հրապարակախոսական բաժնի ամբողջ ծանրությունն իր վրա ընդունել` աջակցությամբ Երիցյանի և Հարոյի:

Սակայն շուտով պարզվեց, որ խմբագիրն անհամեմատ ավելի սրամիտ ֆելիետոնիստ է, քան վառվռուն հրապարակախոս: Արդարև, հայ մամուլը մինչև այդ ժամանակ չէր ունեցել և այժմ էլ չունի Մախլասի պես սրամիտ ֆելիետոնիստ: Նա գրում էր ոչ կոպիտ ձևով, չէր հարձակվում, այլ քննադատում էր, չէր հայհոյում, այլ խայթում էր: Եվ նրա խայթոցները թունալի էր և կսկիծ առաջացնող: Հակառակորդը կատաղում էր ու փրփրում Մախլասին կարդալիս, մի տողին պատասխանում էր հարյուր տողով, գոռում էր, հայհոյում, դարձյալ չէր հանգստանում, որովհետև ստացած հարվածը սուր էր լինում: Մախլասը գրում էր Սվիֆթի սառնասրտությամբ և այս էր, որ կատաղեցնում էր նրա հակառակորդներին և վերջ ի վերջո թուլացնում:

Նույն թույնը բխում էր Աբգար Հովհաննիսյանի և հրապարակախոսական հոդվածներից: Նա քիչ էր գրում, բայց գրում էր բավական ազդու: Նրա ոճը քաղաքավարի էր, մեղմ, բայց ոչ ճապաղ: Նա քիչ էր հափշտակվում, բայց երբ հափշտակվում էր, գիտեր և հափշտակել: Իսկ երբ կատաղում էր, գիտեր արդեն կատաղել ինչպես տղամարդ: Բավական է հիշել նրա «Հայոց ազգի կատաղի թշնամին» վերնագրով հոդվածների շարքը, որոնք ուղղված էին հայ վաճառականների այն մեծամասնության դեմ, որ, հանուն իր գրպանի, ամենուրեք ապականում է յուր ազգի անունը, կանգ չառնելով ոչ մի աններելի միջոցի առջև: Լինելով ինքը վաճառականներից իսկ ընտրված դիրեկտոր Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության, նա հանդգնություն ունեցավ ձեռնոց շպրտել իր ընտրողների երեսին և կանչեց նրանց բարոյական դատի: Ճշմարիտ է, այդ հոդվածների առաջին շարքը պատկանում էին «Արձագանք»-ի այն ժամանակվա երիտասարդ աշխատակիցներից մեկին, որ ոչինչ կապ չուներ վաճառականների հետ, բայց չէ՞ որ «Արձագանք» -ի խմբագիրը Հովհաննիսյանն էր և յուր կամքով էր տեղ տալիս յուր շաբաթաթերթում հարձակումներին, չէ՞ որ հետո ինքը ասպարեզ եկավ յուր ամբողջ ստորագրությամբ:

Սկսվեց կատաղի ընդդիմադրություն: Այն բոլոր անձինք, որոնք իրանց խիղճը մաքուր չէին զգում, որոնք իրավ իրանց ազգի վերաբերմամբ բարոյական ապականիչներ էին, ոտքի կանգնեցին միահամուռ: Կամեցան տապալել Աբգար Հովհաննիսյանին: Ապականիչներից մեկը շարադրել էր մի վերին աստիճանի անգրագետ բրոշյուր, որ չքամահրեց ուրիշների գրպանից նոր դուրս բերած ձեռով դիպչել համարձակ խմբագրի անձնական, նույնիսկ ընտանեկան պատվին:

Բայց Աբգար Հովհաննիսյանին հուսահատեցնելը հեշտ չէր: Տեսնելով ազգային ցեցերի ամոթահար լինելը, նա թողեց հրապարակախոսական ձևը և սկսեց ֆելիետոններով ծաղակոծել նրանց: Կատաղությունն ավելի սաստկացավ: Վերջապես, անզոր հակառակորդները տեսնելով, որ գրչով նրա դեմ ոչինչ չեն կարող անել, վճռեցին այլ կերպ իրանց ոխը հանել: Դրա համար ընտրեցին այն միակ միջոցը, որին ընդունակ էին տալ նրան նյութական հարված: Շուտով պիտի տեղի ունենային Աբգարի ընտրությունները իբրև դիրեկտորի: Հակառակորդները խոսք մի արին նրան սևացնելու: Բայց այս էլ չհաջողվեց: Աբգար Հովհաննիսյանի վարկը շատ մեծ էր Թիֆլիսում: Նրան տապալելը հեշտ չէր: Վերջապես, հակառակորդները հաղթահարված ետ քաշվեցին կռվի ասպարեզից, վախենալով այն էլ կորցնել, ինչ որ ունեին:

«Արձագանք»-ը շարունակում էր պահպանել «Փորձ»-ի սկզբունքը` գրականական աշխատավորներին վարձատրելու և պահեց մինչև վերջը: Երբ Րաֆֆին հեռացավ «Մշակ»-ից և մի քանի տարի լռելուց հետո նորից սկսեց գրել այս անգամ «Արձագանք»-ում, Աբգար Հովհաննիսյանի նյութական վիճակն արդեն քայքայված էր: Նա չուներ միջոց յուր ուզածի չափ վարձատրելու հեղինակավոր վիպասանին, բայց և այնպես նշանակեց ավելի տողավարձ, քան երբևէ ստացել էր Րաֆֆին:

Աբգար Հովհաննիսյանի վառվռուն բնավորությունը սիրում էր փոփոխություններ: Նա «Արձագանք» շաբաթաթերթը դարձրեց պատկերազարդ և դարձյալ ահագին նյութական վնաս ունեցավ: Ապա թույլատվություն ստացավ օրաթերթ դարձնելու և 1891 թվականից սկսեց լույս ընծայել շաբաթը երեք անգամ:

Բայց բավական է «Արձագանք» -ի մասին: Թողնենք ուրիշներին և դառնանք Աբգար Հովհաննիսյանին:

Իբրև հասարակական գործիչ` Աբգար Հովհաննիսյանը ռուսահայերի մեջ չուներ նախորդը, չունի առայժմ և հաջորդը յուր անզուգական աշխուժությամբ, եռանդով և վարած պաշտոնների քանակությամբ ու բազմատեսակությամբ:

Երեք անգամ նա ընտրվել է պատգամավոր Վեհափառ Հայրապետների ընտրություններին, երկու անգամ Թիֆլիսի թեմից, մի անգամ Բրուսայի և Եգիպտոսի հայերի կողմից:

Նա երկու անգամ ներկա է եղել Արևելագետների համաշխարհային ժողովներին Ստոկհոլմում և Միլանում:

Նա տասնվեց տարի շարունակ վարել է ներսիսյան հոգևոր դպրանոցի հոգաբարձուի պաշտոն, միշտ գլխավոր ղեկավարողի դերը կատարելով: Նա եղել է հոգաբարձու և խնամակալ Գայանյան օրիորդաց դպրոցի` երկար տարիներ, և մի տարի միայն Հովնանյան ուսումնարանի:

Մոտ քսան տարի նա եղել է Թիֆլիսի քաղաքային խորհրդարանի իրավասու, մասնակցելով քաղաքի բոլոր ֆինանսական խնդիրներում և, վերջապես, հիվանդության պատճառով հրաժարվել է պաշտոնից:

Նա եղել է Թիֆլիսի Հայոց Հրատարակչական ընկերության վարչության անդրանիկ նախագահը:

Կից այս բոլոր պաշտոններին և յուր խմբագրական ծանր աշխատություններին, Աբգար Հովհաննիսյանը ունեցել է և ուրիշ ոչ պակաս օգտավետ պարապմունքներ: Ութսունական թվականների վերջերին նա գերմանացի Արթուր Լայստի աշխատակցությամբ սկսում է գերմաներեն լեզվով Լայպցիգում հրատարակել հայտնի «Armenische Bibliotegue»-ը որի նպատակն էր Գերմանիային ծանոթացնել հայ վիպասանության և հայ բանաստեղծության հետ: Տասնմեկ հատորներ հրատարակելով, որոնց մեջ մտել են Պատկանյանի, Րաֆֆիի, Պռոշյանցի ընտիր երկերը, Աբգար Հովհաննիսյանը մտադիր էր թարգմանել ու հրատարակել նոր հեղինակներից ևս, բայց նյութականի պակասությունը խափանեց նրա մտադրությունը: Այնուհետև նա երբեմն պարապում էր թարգմանությամբ հայերենից ֆրանսերեն և առանձին գրքույկով հրատարակել է Րաֆֆիի «Խազ-փուշը» և «Բիբի-Շարաբանին»:

Չնայելով այդքան պաշտոններին և այդքաս աշխատության, Աբգար Հովհաննիսյանը հյուրասիրում էր և աջակցում Կովկաս եկող հայտնի եվրոպացի ճանապարհորդներին և գիտնականներին: Անգլիացի Կոնիբեր և Դիլլոն, ֆրանսիացի Շանտի, գերմանացի Ռորբախ ու Ֆինկ գիտնականները Թիֆլիսից հեռացել են քաղցր տպավորության տակ, շնորհիվ Աբգար Հովհաննիսյանի: Եվ բոլորը իրանց գրվածների մեջ վկայում են հայ գործիչի եվրոպական կրթությունը, զարգացումը, լեզվագիտությունը, սրամտությունը և հյուրնկալությունը: Յուր անձնավորությամբ նա անգիտակցաբար նպաստել է հայ անվանը և վարկին օտարների աչքում: Իսկ այս մի այնպիսի ծառայություն է, որին շատ քչերն են ըսդունակ:

Վերջերս Աբգար Հովհաննիսյանը Հրատարակում էր Ֆինկի գերմաներեն «Հանգես հայագիտության» անունով պարբերական հանդեսը: Նա պատրաստում էր հայկական առածների ֆրանսերեն թարգմանությունը բացատրություններով, բայց վաղահաս մահը չթողեց նրան` այդ գործը լրացնելու:

Նա իսկապես ժամանակակից լուսավորված մարդն էր և բազմակողմանի զարգացած: Երևակայեցեք ձեզ, որ ժամանակակից բնական գիտություններին ծանոթ, կենսախինդ, աշխարհային կյանքի բոլոր հաճույքները վայելելու միջոց ունեցող մարդը գիտեր աղոթել, ինչպես մի նահապետական քրիստոնյա: Նա հավատ ուներ: Եվ այս հավատն էր, որ նրան պահպանում էր չափազանցությունից և ուժ էր տալիս նրան դժբախտությունների ժամանակ չընկճելու: 1889 թվականին էր, եթե չենք մոռացել, երբ նա երկու օրվա ընթացքում կորցրեց յուր երեք արու զավակներից երկուսինԼեռնիկին և Գրիգորիկին: ՜Նրա բոլոր բարեկամներն ու ծանոթները հիանում էին տեսնելով, թե զգայուն հայրը, որ պաշտում էր յուր զավակներին, որպիսի հերոսությամբ է կրում յուր անասելի վիշտը: Դժբախտության ամենասոսկալի վայրկյաններին անգամ նա չէր կորցնում յուր հաստատակամությունը և խելքի արթնությունը: Իբրև քաղաքակիրթ մարդ` յուր վշտով ուրիշներին չձանձրացնելու համար նա միշտ ժպտում էր, յուր ցավերն ու հոգսերը թաքցնելով սրտի խորքում:

Աբգար Հովհաննիսյանը իբրև էսթետիկ և գեղարվեստասեր, հարկավ, չէր կարող հեռու մնալ և հայ թատրոնից: Նա սիրում էր հայ թատրոնը, բայց սիրում էր այն չափով, որչափ այդ թատրոնը կարողանում էր գեղարվեստի հետ հաշտ ապրել, Հայ թատրոնի ամենափայլուն ժամանակամիջոցին, այն է` յոթանասունական թվականների վերջերին և ութանասունականների սկզբին, Աբգար Հովհաննիսյանը իշխ. Քեհբուգյանի և իշխ. Ամատունու հետ ամենաեռանդուն մասնակցություն ուներ թատրոնական գործերում: Պետրոս Ադամյանը մասամբ նրան էր պարտական յուր մտավոր զարգացումը: Անվանի դերասանը Աբգարի խորհրդով և աջակցությամբ սկսեց ուսումնասիրել եվրոպական կլասիկ գրվածները, որոնց թվում և Շեքսպիրի երկերը: Թիֆլիս գալիս Ադամյանը գաղափար անգամ չուներ Շեքսպիրի մասին: Պատմում են, որ նա առաջին անգամ կարդալով Համլետը, չի ըմբռնում նրա իմաստը և հերոսին անվանում է ապուշ, այդ այն հերոսին, որի վրա ապագայում այնպես սիրահարվեց փայլուն դերասանը: Նույնպիսի բարերար ազդեցություն ունեցել է Աբգար Հովհաննիսյանը Ադամյանի ժամանակակից և մյուս բեմական աշխատավորների վրա: Պակասս չի օգնել նա և հայ թարգմանական ռեպերտուարին: Նա ունք ֆրանսերենից թարգմանած մի շարք պիեսներ, որոնցից մի քանիսն այժմ էլ ներկայացվում են: Բացի բարոյականից, Աբգար Հովհաննիսյանը նյութապես էլ աջակցել է բեմին, շատ անգամ չունևոր դերասաններին օգնելով փողով:

Իր բազմակողմանի ձիրքերի շնորհիվ էր, որ Աբգար Հովհաննիսյանը, բացի հայերից, վայելում էր և օտարազգիների հարգանքը: Գերմանական կրթության շնորհիվ, նա գերմանացի էր գերմանացու հետ, ֆրանսիական բնավորության շնորհիվ, նա ֆրանսիացի էր ֆրանսիացու հետ և յուրաքանչյուրը նրան վերաբերվում էր ինչպես յուր հայրենակցին: Ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին նա տիրում էր կատարելապես: Ռուսերեն խոսում ու գրում էր ինչպես բուն ռուս: Նա գիտեր և իտալերեն, որ սովորեց մի երկու շաբաթվա ընթացքում, երբ հռչակավոր իտալական ողբերգակ Ռոսսին Թիֆլիսում էր: Կարճ միջոցում Ռոսսին այնպես սիրեց Աբգարին, որ այնուհետև նրան անվանում էր բարեկամ: Աբգար Հովհաննիսյանը վերջին ժամանակները ուսանում էր անգլերեն և արդեն բավական սովորել էր գրել ու կարդալու համար:

Տեղական լեզուներից գիտեր վրացերեն և նրա սրախոսությունները հաճախ կրկնվում էին վրաց շրջաններում:

Յուր այս հատկությունների շնորհիվ էր, որ Աբգար Հովհաննիսյանը բոլոր փառահեղ բազմամարդ և արիստոկրատ հանդեսներում միաձայն ընտրվում էր կառավարիչ: Այդ պաշտոնը նրան վաղուց էր ձանձրացրել և շատ հանդեսներից հրաժարվում էր, որպեսզի ստիպված չլինի այս կատարելու:

Ալեքսանդր Երրորդ կայսրը Թիֆլիս ժամանելիս, Աբգար Հովհաննիսյանը քաղաքի երեք ընտրյալներից մեկն էր` Նորին Մեծությանը քաղաքի կողմից արժանավայել ընդունելություն ցույց տալու համար:

Վերջին չորս-հինգ տարիները նա, անողոք հիվանդության պատճառով, բոլորովին հեռացել էր հասարակական գործերից և վարում էր միայն Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության կառավարչի պաշտոնը: Արդեն նա մեռած էր և ինքն էլ զգում էր յուր մոտալուտ մահը: Այլևս չքացել էր նրա վառվռուն դեմքից մշտական ուրախ ժպիտը: Մաշվել էր, ընկճվել, դեմքը կրում էր հողի գույն, շրջում էր ինչպես ուրվական, յուր բարեկամների ցավակցությունը զարթեցնելով:

Նրան չօգնեց ոչ մի բժշկություն: Գնաց մի քանի անգամ արտասահման, վերադարձավ ավելի տկարացած: Նա կամեցավ վերջին փորձն անել և նորից ուղևորվեց արտասահման: Բայց կես ճանապարհին մահը բռնեց նրան Սև ծովի ափին, Բաթում քաղաքում:

Առաջ ենք բերում նրա կյանքի վերջին րոպեների նկարագրությունը, բժիշկ Լևոն Տիգրանյանի, որ ուղեկցում էր հանգուցյալին արտասահման: Ահա բժշկի անպաճույճ բայց սրտաշարժ խոսքերը.

«Ապրիլի 14-ին, առավոտյան գնացքով ուղևորվեցինք Թիֆլիսից դեպի Բաթում: Այդ ճանապարհորդությունը համեմատաբար հաջող անցավ: Հետևյալ առավոտ մենք երկուսովս կառքով զբոսնում էինք ծովափին և մեծ մասամբ կառքով կանգնած էինք մնում այս կամ այնտեղ: Ես աշխատում էի երկար չխոսել նրա հետ, որովհետև նա այնքան թույլ էր, որ խոսելը նրան դժվարություն էր պատճառում: Գտնվելով Բաթումի գեղեցիկ բնության մեջ և նայելով անսահման ու խաղաղ ծովի հորիզոնին, Աբգարն ասաց. «Որքան ազատ եմ շնչում այստեղ, այս գեղեցիկ եղանակին, իհարկե, որ այստեղ ես կարող եմ կազդուրվել»: Երբ կանգնած էինք գիմնազիոնի առջև, որ ծովի ափին է, աշակերտները խմբովին երգում էին: Աբգարն ասաց. «Ինչպես գեղեցիկ են երգում»: Մենք սպասեցինք մինչև երգի վերջացնելը: Այդ վերջին երաժշտությունն էր, որ նա լսում էր: Նա սիրում էր երաժշտությունը:

Ժամի երկուսին մենք վերադարձանք հյուրանոց: Նա հոգնած դեմք ուներ, որ սովորական էր նրա համար, սակայն ըստ մեր հին սովորության, մի քանի զվարճախոսություններ անելուց հետո, ես առաջարկեցի նրան, կառքում երկար նստելուց հետո, պառկել և հանգստանալ: Նա լսեց ինձ: Ժամի երեքին Աբգարի ամուսինը և ես խորհուրդ տվինք նրան չիջնել ճաշարան, այլ նրա համար ճաշն ուղարկել վերև: Տիկնոջ հետ ես իջա ճաշարան: Ժամի երեքն անց կեսին մենք արդեն կրկին նրա մոտ էինք: Նա հանգիստ պառկած էր: Մոտենալով նրան և տեսնելով, որ նրա դեմքը բավականին զվարթ էր, շոյելով նրան` հարցրի կատակի ձևով ու Թիֆլիսի բարբառով. «Աբգար ջան, քեփումդ վունցիս»: Նա բռնելով ձեռքս, սրտանց սեղմելով ու ժպտալով պատասխանեց. «Ոչինչ, լավ եմ»: «Ուրեմն, — ասացի, — գնամ իմ սենյակը, հանգստանամ 10 րոպե և կրկին գամ»: — «Չէ, մի գնա, ահա պառկիր հենց այստեղ, այս մահճակալի վրա», ուր նստած էր տիկինը: Ես պառկեցի, բայց չքնեցի, միայն թեթև մոռացության մեջ էի: Չանցավ մոտ կես ժամ, հանկարծ լսեցի նրա մահճակալից վայր ընկնելու մի սաստիկ ձայն: Նույն րոպեին թռա տեղիցս: Աբգարը վայր էր ընկել հատակի վրա: Նրա աչքերը կիսափակ և անկյանք էին, ամբողջ երեսը և մանավանդ շուրթերը կապտած, դողում էին, շնչառությունը համարյա վերջացած էր, թևերը և բռունցքները կծկված, ցնցմանց մեջ էին, զարկերակը չէր խփում, սիրտը չէր բախում: Նա իմ հարցերին և ճչին ոչ մի, ոչ մի պատասխան չտվեց և երեսի կապտությունը վայրկենապես սաստկացավ: Նրա լայնացած սիրտը պայթել էր և այդ էր պատճառը, որ ցնցվելով վայր էր ընկել մահճակալից: Դուրս վազեցի սենյակից, աղաղակով օգնություն կանչեցի նրա ամուսնուն որ ընդհանուր հյուրասենյակում նամակ էր գրում իր որդուն: Լսելով ձայնս, ներս եկավ ու, տեսնելով իր Աբգարին հատակի վրա, ապշած հարցնում էր, թե ի՞նչ պատահեց: Ծառաների օգնությամբ բարձրացրինք մահճակալի վրա: Նա արդեն վախճանված էր: Նա այլևս չկար այս աշխարհի համար: Այդ բոլորը կարող էր տևած լինել ոչ ավելի, քան մի րոպե: Մի տեղական բժիշկ, որ երևի հյուրանոցումն էր, հինգ րոպեից հետո եկավ ու նույնպես հաստատեց նրա մահը: Երեկոյան պահին Թիֆլիսից եկավ Աբգարի քույրը, տիկին Աֆթանդիլյանը, որ մտադիր էր մի քանի օր անցնել մեզ հետ:

Մի երկու ժամից հետո Բաթումի հայ հասարակությունը մեզ մոտ էր, հայտնում էր իր ցավակցությունը Աբգար Հովհաննիսյանի հանկարծակի և անսպասելի մահվան առթիվ: Նույն օրը, այն է` ապրիլի 15-ին կեսգիշերին, աջակցությամբ Բաթումի երիտասարդության և հասարակության, նրա դիակի հետ ուղևորվեցինք դեպի Թիֆլիս: Պահելով Աբգարի դիակը Թիֆլիսում, նրա բնակարանում, ինչպես հայտնի է լրագիրներից, ապրիլի 20-ին նրա մարմինը հանձնվեց հողին, Վանքի բակում. անձրևը տեղում էր, կասես մեզ հետ երկինքն էլ լալիս էր»:

Աբգար Հովհաննիսյանի անունն էլ կմնա անջնջելի ազգի մտավոր կյանքի ապագա պատմության մեջ:

ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տխուր պարտականությունը հարկադրում է մեզ ամսագիր դարձած «Լումա»-ի այս նոր բաժանմունքի առաջին տեսությունը գրեթե բացառապես նվիրել Բաքվի սոսկալի դեպքերի նկարագրությանը: Այս պատճառով տեղի սղությունը մեզ թույլ չի տալիս այսօր խոսել Ռուսիայի և Կովկասի ներքին կյանքի շատ կարևոր խնդիրների մասին:

—————

Երկուշաբթի, փետրվարի 7-ին, Թիֆլիսում տարածվեց մի սոսկալի լուր, թե ահա երկրորդ օրն է Բաքվում սկսվել է կոտորած հայերի մեջ: Լուրը չարագուշակ քամու պես անցավ ամբողջ քաղաքով: Ոչ ոք առաջին պահ չէր ուզում հավատալ: Իրիկնադեմին աղետաբեր լուրը հաստատվեց, և սարսափը տիրեց ամենքին: Ստացվեցին մի քանի մասնավոր հեռագիրներ, անցան ձեռքից ձեռք, կարդացվեցին փողոցներում, հրապարակներում, կլուրնեբում: Հետևյալ օրը Թիֆլիսի լրագրներում երևացին առաջին տեղեկությունները:

Ասում են կոտորածը միանգամայն անսպասելի էր: Ասում են հայերի և թուրքերի հարաբերություններն, այնքան սերտ բարեկամական էին, որ ոչ ոք չէր կարող երևակայել անգամ, թե այդ հարաբերությունների մեջ մտել է մի սև ձեռք: Այս այնքան էլ ճիշտ չէ, և նրանք, որոնք կրկնում են այս և այժմ էլ պնդում, կամ անտեղյակ են Բաքվի կյանքին, կամ զուրկ աղետալի դեպքերը իրանց սկզբնական նշաններից գուշակելու ընդունակությունից:

Նկարագրենք իրողությունը: Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին դիտող մարդու համար զգալի էր, որ երկու հարևան ազգությունների իրավ որ սերտ բարեկամական հարաբերությունները վտանգի են ենթարկվում: Ո՞ւմ շնորհիվ, ինչո՞ւոչ ոք չէր կարող ճիշտ բացատրել: Բայց պարզ և անհերքելի էր մի ինչ-որ դիվային գազանի ուժի ներկայությունը:

Մի թուրք խոսքով վիրավորում է մի հայ պատանու: Ներկա է լինում մի քաջ հայ երիտասարդ և պաշտպանում է վիրավորվածին:

Սկսվում է վեճ թուրքի և հայի մեջ: Վեճը սուր կերպարանք է ստանում և բարդանում: Հետևանքը մի քանի մասնավոր սպանություններ հայերից և թուրքերից:

Սովորական դեպքերը ամենուրեք Կովկասում, մանավանդ Բաքվում: Բայց այսքանն էլ բավական է թշնամություն սերմանող դիվային ուժի համար: Այն ուժի, որ այսօր-վաղը, հույս ունեինք, պիտի երևան գա անդիմակ, արդարամիտ քննության շնորհով:

Ով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին եղել է Բաքվում, կարող էր զգալ, որ արյան հոտ է բուրում: Միայն Բաքվի կույր, ինքնահավան, իր կոշկի ծայրից դենը ոչինչ չտեսնող և յուր սեփական շահերից դենը ոչինչ ճանաչող հայ ինտելիգենցիան չէր զգում այդ հոտը: Փաստեր ունինք, որ առանձին անհատներ նախագուշակել են աղետը, զգուշացրել են ինտելիգենցիային, և ինտելիգենցիան, շատ չնչին բացառությամբ, ամոթալի և հանցավոր անտարբերությամբ է վերաբերվել չար գուշակություններին: Մի խումբ մտածող և խելացի անհատներ հայերից և թուրքերից խորհրդակցել են չարիքի առաջն առնելու, բայց, ըստ երևույթին, արդեն ուշ է եղել: Չարիքն արդեն խոր արմատներ է գցած եղել և պետք է շուտով տար յուր պտուղները... Եվ այսօր անխոհեմ կերպով Բաքվի ողբերգության մեջ մեղադրվում են այնպիսի մարդիկ, որոնք, ընդհակառակը, ջանք չեն խնայել այդ ողբերգությունը արմատից ջնջելու:

—————

Սոսկալի արյունահեղության առաջին ժամերն այսպես են պատմվում: Կիրակի, փետրվարի 6-ին, գալիս է հայոց եկեղեցու բակը ոմն Ալի-Ռզա Բաբաև և ատրճանակի հարվածով վիրավորում մի հայ զինվորի: Այդ հայը իբրև թե դիտմամբ սպանած է լինում Բաբաևի ազգականին, մի բանտարկյալի, որ դատարանից բանտ տանելիս փորձել է փախչել: Բաբաևին ձերբակալում են փողոցում ոստիկանները և, մի քանի փողոց անցնելուց հետո, արձակում: Թուրքը կառք է նստում, վերադառնում է դեպի հայոց եկեղեցի, որի բակը լիքն է լինում ամբոխով: Անցնելով փողոցով, նա աջ ու ձախ կառքից ատրճանակ է արձակում: Հայերը կատաղում են, պահում են կառքը, ցած իջեցնում Բաբաևին, մեկը դաշույնի հարված է տալիս նրան: Թուրքը փորձում է փախչել, ստանում է գնդակի հարվածներ և սպանվում:

Գալիս են Բաբաևի ազգականները, վերցնում են դիակը, դնում պատգարակի վրա և, ուղիղ դեպի տուն տանելու փոխարեն, մի մոլլայի և երկու ոստիկանի ուղեկցությամբ շրջեցնում են փողոցներում, գոռալով. «Վրե՛ժ, վրե՛ժ»: Թուրք ամբոխը, որին դիվային ուժը վաղուց է նախապատրաստած լինում հայերի դեմ, գրգռվում է, զինվում և կոտորածը սկսում: Կիրակի օրը կատաղի ամբոխի վրիժառությանը զոհ են դառնում մոտ 35 անմեղ հայեր: Բոլորն էլ վերք են ստանում ետևից, կնշանակե առանց դիմադրության, փախչելու ժամանակ:

Այսպես է սկսվում կոտորածը: Կան և ուրիշ վարիացիաներ, բայց բոլորն էլ միմյանց հակասում են, և մենք չենք վստահանում առաջ բերել բոլոր պատմվածները, հուսալով, որ մի օր կունենանք ողբերգության ճիշտ արձանագրությունը:

Իրիկնադեմին կիրակի հայերը փակվում են իրանց տներում, տիրում է ժամանակավոր խաղաղություն: Բայց գազանային կրքերն արդեն գրգռված են, ամբոխի կատաղությունը եռում է: Գիշերվա ընթացքում քաղաքի այս ու այն մասերում սպանվում են դարձյալ մի քանի հայեր: Խեղճ ազգ ենք մենք նրանով ամենից առաջ, որ միշտ ուշ ենք տեսնում մեր թշնամուն:

Գալիս է երկուշաբթին, ողբերգության երկրորդ սոսկալի տեսարանը բացվում է: Մինչև 10 ժամը առավոտյան թուրքերը ոչինչ չեն անում, անցնում են փողոցներով խումբ-խումբ, բայց արդեն զինված: Նրանք թույլ են տալիս, որ հայերը դուրս գան իրանց տներից, միշտ և հավիտյան անզեն, խաղաղասեր, «կուլտուրական» հայերը: Խանութները բացվում են, աշակերտները դիմում են ուսումնարան, սովորական կյանքը սկսվում է: Եվ ահա մոտ տասը ժամին լսվում են ատրճանակների և հրացանների պայթյուններ: Օդի մեջ շողշողում են դաշույնները, որոնք իջնում են անմեղ անցորդների, մանուկների, ծերերի, կանանց գլուխներին: Անմիջապես խանութները փակվում են, տների դռները կողպվում, ձիաքարշը դադարում է երթևեկել, կառքերն անհետանում են: Փակվում են և բանկերը, Քաղաքային վարչությունը և ուրիշ շատ հիմնարկություններ: Փողոցները հանձնվում են կատաղի և ֆանատիկոս խուժանին: Կոտորածը, ավելի ու ավելի սաստկանալով, հասնում է ծայրահեղության: Փողոցները ծածկվում են դիակներով: Թուրքերը ձիավորներ են ուղարկում մերձակա գյուղերը, օգնություն պահանջում: Գալիս են «Բերդանկա» հրացաններով զինված թուրքեր Բալաջարի, Սաբունչի, Ռամանի և այլ գյուղերից:

Այժմ, երբ եղելության մանրամասնություններն սկսվում են պարզվել, գրեթե բոլոր հայերը միաբերան պնդում են, որ Բաքվի կոտորածում գլխավոր դեր կատարողները եղել են հենց գյուղերից եկածները: Քաղաքի թուրքերը ահագին մեծամասնությամբ ավելի պաշտպանել են հայերին, քան կոտորելՔաղաքի Շամախինկա և Չեմբերքենդ մասերի հայերը, որ մեծ մասամբ կենում են թուրքերի տներում, իրանց տնատերերից հանդիպել են մեծ պաշտպանության: Եվ այսպիսով շատ անպաշտպան ընտանիքներ են փրկվել խուժանի կատաղությունից:

Երկուշաբթի առավոտից մինչև երեկո շարունակվում են կոտորածը, կողոպուտը, հալածանքը: Սկսվում են հրդեհներ: Քաղաքի կենտրոնում այրվում են «Ֆանտազիա» բաղնիսը և շատ խանութներ ու տներ:

Ի՞նչ է անում ոստիկանությունը: Ոչինչ: Նա անզոր է հենց առաջին օրից: Պատմում են, որ հենց առաջին օրից շատ ոստիկաններ նկատվել են առանց սովորական ռևոլվերների: Իսկ ի՞նչ է անում ռուսաց քաջ զորքը, հարյուրավոր կոզակները և հազարավոր հետևակ զորքը: Նա լուռ, անգործ և անտարբեր ականատես է կանանց և երեխաների սրախողխող լինելուն, տների այրվելուն, ծերերի աղերսանքին: Որովհետև զորքը պաշտոնական հրաման չունի խուժանի կատաղությանը զենքով դիմադրելու: Նահանգապետ իշխ. Նակաշիձեն մի խումբ կոզակների օգնությամբ դպրոցներից աշակերտներին ուղեկցում է իրանց տները: Բայց ոչ ամենքին, որովհետև ժամանակ չկա... Մեծամասնությունը մնում է դպրոցներում, շատերը երեք օր, մինչև կոտորածի վերջը:

—————

Գիշերն անցնում է համեմատաբար խաղաղ: Բայց այդ ի՞նչ խաղաղություն է: Ամբողջ քաղաքը սգի մեջ է: Քանի քանի ընտանիքներ արդեն կորցրել են իրենց կերակրողներին, քանի մայրեր զրկվել են զավակներից, քանիսի վիճակը դեռ անորոշ է: Մի մայր կորցրել է բոլոր զավակներին և խելագարված ընկել փողոցները: Գազանների գնդակը թավալում է նրան գետին: Մի պատանու մորն ու քրոջը մերկացրել են և ստիպել փողոցում պարել և պարելու միջոցին նրանց մարմինները ծակծակոտել դաշույններով մինչև մահ: Պատանին սարսափից և վշտից խելագարվել է: Նա վազելով փողոցներում, գոռում է. «Վրեժ, վրեժ, ես ոչ ոքից չեմ վախենում, ես վրեժ կառնեմ, ես ռումբ ունիմ»: Եվ գրպանից հանելով մի փորթուգալ, ցույց է տալիս անցորդներին: Մյուս օրը նա փախչում է Բաքվից Թիֆլիս: Կսկծալի տեսարան, որի առջև աղոտանում է հուգենոտների աղետը:

Մեր ձեռները կաշկանդվում են, անկարող ենք մի առ մի նկարագրել բոլոր տեսարանները: Հայ թղթակիցները հավատացնում են, թե մի հրեա փողոցում տեսնում է մսի մի կտոր: Մոտենում է և ի՞նչ է այդ, մի կնոջ ծիծ: Մի ուրիշ ականատես նկարագրում է մի հղի կնոջ, որի արգանդը դաշույնով պատռել են գազանները և երեխային հանել սրի ծայրով, դեն ձգել: Եվ մենք ապրում ենք քսաներորդ դարում, քաղաքակրթված պետության հովանավորության տակ, և այդ բոլորը կատարվում է մի մեծ նահանգական արդյունաբեր հարուստ քաղաքում, ոստիկանության և հարյուրավոր ու հազարավոր զինվորների աչքերի առջև:

—————

Ահա ինչպես են նկարագրում ականատեսները երկու հարուստ և հայ ընտանիքների կործանումը` Բալա-Բեգ Լալայանի և Ալեքսանդր Ադամյանի:

Բալա-Բեգ Լալայանը յուր եղբոր, կնոջ և փոքրիկ զավակների հետ կենում էր քաղաքի «Շամախինկա» թաղում: Թուրքերը հարձակվում են նրա տան վրա: Նա դիմում է հեռախոսով նահանգապետին և ոստիկանապետին: Օգնություն չկա: Դիմում է հեռախոսով իր ծերունի հորեղբորը, որ կենում է քաղաքի մյուս ծայրում: Ծերունի Կարապետ Լալայանը դիմում է նահանգապետին: Իշխ. Նակաշիձեն հավատացնում է, թե ոչինչ չի պատահիլ, թող հանգիստ լինի: Մինչդեռ 20 զինված թուրքեր գալիս են պ. Կարապետի մոտ և առաջարկում իրանց օգնությունը: Երևի շամախեցի թուրքեր, որոնք հայտնի են իրանց մարդասիրությամբ: Պ. Կարապետը հույսը դնում է նահանգապետի վրա, որ հայտնում է հեռախոսով, թե գնում է նրա եղբոր որդուն փրկելու:

Այստեղից արդեն պատմում է Բալա-Բեգի ռուս աղախինը: Եվ ահա ինչպես.

Երբ Բալա-Բեգը լսում է, թե նահանգապետը եկավ կոզակներով, ուրախացած դուրս է վազում: Այդ ժամանակ տունն արդեն պաշարված է լինում թուրքերից և հրդեհված:

Օգնեցեք, Ձերդ պայծառափայլություն, — աղաղակում է նա:

Չարամիտները իշխ. նահանգապետին հայտնած են լինում, թե իբր Բալա-Բեգ Լալայանի տանը գտնվում է զենքերի մեծ պաշար, թե նրա դռներից և կտուրից հրացան են արձակել: Լալայանը հերքում է և խնդրում է խուզարկել իր տունը:

Խուզարկում են, և ոչ մի ատրճանակ, ոչ մի ուրիշ զենք:

Իշխ. նահանգապետը հանգստացած հեռանում էԿոզակներր մնում են, թուրքերը մտնում են տան բակը: Լալայանը իր կնոջ և եղբոր հետ փակվում է տան ներքնահարկում: Թուրքերը բակում հանդիպում են դռնապան հային և մի ուրիշ հայի, հարցնում են` ո՞ւր է թաքնված Բալա-Բեգը: Հայերը չեն ասում և տեղնուտեղը գնդակահար են լինում ու մեռնում: Թուրք ծառան ցույց է տալիս պատսպարվածների տեղը:

Գազանները չեն համարձակվում երկյուղից ներս մտնել:

Դուրս եկ, Բալա-Բեգ, — գոռում են նրանք, — մենք եկել ենք քեզ ազատելու:

Լալայանը, հավատալով նրանց, դուրս է գալիս իր կնոջ և եղբոր հետ: Բալա-Բեգը թուրքերին առաջարկում է իր քովը գտնված 10000 ռուբլին և խոստանում է վաղը տալ մի այդքան էլ, միայն թե ձեռք չտան իր ընտանիքին և իրան: Թուրքերը փողերը խլում են, Լալայանին իր կնոջ և եղբոր հետ քաշում են փողոց և այնտեղ, կոզակների ներկայությամբ, սպանում:

Next page