Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

—————

Այդ միջոցին անձնվեր ռուս աղախինը, մի ռուս ընտանիքի օգնությամբ, Լալայանի զավակներին ազատելով, փախցնում է:

Այսպիսի անձնվեր ռուս կանայք շատ են եղել Բաքվի աղետալի օրերին: Նրանք պատիվ են բերում իրանց ազգին և արժանի են անմահության: Քանի-քանի ընտանիքներ, ընդհանուրի վկայությամբ, փրկվել են կոտորածից և սովից նրանց շնորհիվ: Հայը երբեք չի մոռանալ այդ հերոսուհիների երախտիքը:

—————

Բայց շարունակենք մեր ողբերգը:

Ավելի սոսկալի է Ա. Ադամյանի մահը: Ահա ականատեսների խոսքերը, որ առաջ ենք բերում մասամբ լրագիրներից և մասամբ մեր լսածներից:

Ալ. Ադամյանը կենում էր յուր ընտանիքով քաղաքի կենտրոնում հայոց եկեղեցուց ոչ այնքան հեռու մի երկհարկանի տանը: Կոտորածի երկրորդ օրը նրա երկու որդիները լինում են գիմնազիայում, իսկ տանը ինքը, յուր գեղեցկուհի կինը և 13 տարեկան որդին:

Ադամյանը հայտնի էր իբրև անվախ որսորդ և անվրեպ հրացանաձիգ, նույնպես և նրա 13 տարեկան որդին: Փակված տան վերին հարկում, նա մի անգամ հետաքրքրված բաց է անում լուսամուտի փեղկը և տեսնում է, որ թուրքերի մի ահագին խումբ դիմացի տնից դուրս է ձգել մի հայ կնոջ դիակը և մի գեղեցիկ հայ օրիորդի (Ասլանյան) առևանգած տանում են:

Քաջի սիրտը չի դիմանում վայրենի տեսարանին: Նա հրամայում է որդուն բերել յուր հրացանները, և հայր ու որդի սկսում են հրացանաձգություն: Թուրքերը սարսափած տեսնում են, որ մեկը մյուսի ետևից գետին են թավալվում իրանց ընկերները: Հարձակվում են Ադամյանի բնակարանի վրա: Դռներն ամուր են: Սկսում են ատրճանակներ արձակել: Բայց քաջ հայը անվրդով շարունակում է մեկը մյուսի ետևից գետինը թավալել թուրքերին: Հավատացնում են, որ նրա և որդու շատ քիչ գնդակներ են վրիպում: Կարճ ժամանակվա մեջ նրանք սպանում են` ոմանց ասելով 20, իսկ շատերի հավատացնելով` մոտ 30 թուրք:

Խուժանը, հուսահատ և կատաղած, դիմում է մի տմարդի միջոցի: Նա հարևան թուրք խանութից թավալելով բերում է մի տակառ նավթ և տան դռների առջև այրում: Տունը հրկիզվում է: Դռները խորտակվում են: Թուրքերը ներս են խուժում: Սպանում են, ում հանդիպում են, ի միջի այլոց, և մի պատանի գիմնազիստի, որ թաքնված է լինում բակի մի անկյունում: Հրդեհը սաստկանում է: Թուրքերը փողոց են վազում: Սկսվում է տան կողոպուտը: Հրոսակների խումբը, բաժանում է յուր մեջ Ադամյանի և նրա հարևանների կահ-կարասին, դիվային քրքիջներ արձակելով:

Իսկ տունը այրվում է: Այրվում են նրա բոլոր հայ բնակիչները, որովհետև թուրքերը թույլ են տալիս ռուսներին և մյուս այլազգիներին ապահով դուրս փախչել:

Այդ տանն է նաև փաստաբան Թադեոսյանը յուր վերին աստիճանի համակրելի կնոջ, քենու` օր. Սարումյանի, և երկու փոքրիկ զավակների` ծծկեր որդու և 1 ½ տարեկան Էվելինա աղջկա հետ:

Այդ չարաբախտ տան մեջ այրվում են 17 հոգի: Պատմում են ականատեսները, որ երբ թշվառների ազգականները ավերակների մեջ փնտրում էին դիակները, տեսան միայն մի քանի մոխրակույտեր առանձին-առանձին: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր ընտանիք գրկված է այրվել: Ալեքսանդր Ադամյանի, նրա ամուսնու` Մարիայի, և որդու` Նիկոլայի, սևացած ոսկորները ամուր գրկված են գտել ավերակների մեջ: Գերեզմանին հանձնվել են մոխիր և սև ոսկորներ:

—————

Կոտորածի միայն չորրորդ որը մի խումբ զինված քաջ հայ երիտասարդների հաջողվում է Բալախանուց քաղաք մտնել: Ի՞նչ կարող են անել մի բուռն մարդիկ հազարավոր և տասնյակ հազարավոր խուժանի դեմ: Բայց և այնպես, ականատեսները հրաշքներ են պատմում այդ քաջերի մասին: Առաջին թափով նրանք կոտորում են մի քանի տասնյակ թուրքեր և սարսափ ձգում նրանց մեջ: Նրանց ոչ մի գնդակը, ոչ մի դաշույնի հարվածը չի վրիպում, մինչդեռ շվարած թուրքերի քսան հարվածից հազիվ մեկն է հասնում նպատակին: Կտրիճների խումբը արագությամբ գրավում է քաղաքի կենտրոնական փողոցները և պահակների խմբեր դնում անկյուններում: Օգնության են հասնում տներում փակված սովատանջ ընտանիքներին, հաց մատակարարում, ուղեկցում են ցանկացողներին դեպի երկաթուղու կայարանը, միջոց տալով նրանց դժոխքից փախչելու: Քիչ չի եղել կտրիճների թիվը, բայց նրանց մի չնչին մասն է զենք ունեցել: Մինչդեռ գրեթե ամեն թուրք զինված է եղել նորագույն սիստեմի և նոր ռեոլվերով, իսկ շատերը «բերդանկաներով»:

Երևի, գաղտնիքը կպարզվի մի օր, թե որտեղից և ումից են ձեռք բերել նրանք այդ արգելված զենքերը: Բոլոր ականատեսները միաբերան հաստատում են, որ գոնե առաջին երկու օրը կոտորածի` ոստիկանները աշխատել են հայերին զինաթափ անել, իսկ թուրքերին անխռով թողել են կրել նույնիսկ պետական սիստեմի հրացաններ:

Ինչու՞: Երկյուղի՞ց, թե՞ մի ուրիշ անբացատրելի հանգամանքից դրդված: Հասարակությունը, առանց ազգերի խտրության, այժմ ամեն ջանք գործ է դնում, որ այս գաղտնիքը լուսաբանվի: Բաքվի նահանգական դատարանի դատախազը դիմել է լրագրների խմբագրություններին, որ իրան ներկայացնեն այն բոլոր գրավոր տեղեկությունները, որոնք «այս կամ այն պատճառով չեն կարող տպագրվել»: Նա ազդարարում է, թե անկողմնապահ քննության համար պիտի հարցուփորձ անի բոլոր ականատեսներին:

Հարկավ, այս կլինի միայն սկզբնական քննություն, ապա կսկսվի իսկական և ավելի բարձր մի պաշտոնական մարմնի միջոցով: Խնդիր է հարուցված, որ քննիչ մասնաժողովը նշանակվի բարձրագույն իշխանությունից Պետերբուրգում13, որ քննությանը մասնակցեն քաղաքային խորհրդի, մամուլի և թուրք ու հայ հասարակության ընտիր ներկայացուցիչներ:

Այսպիսով միայն խնդիրը կպարզվի, վարագույրները կբացվին, եղելության պատճառները կբացատրվին և հասարակական ալեկոծված կարծիքը գոհացում կստանա:

—————

Կոզակները օգնել են թշվառներինՏասնյակ անձինք պատմեցին լրագրներում իրանց փախուստը Բաքվից` կոզակների օգնությամբ: Նրանք փախչողներից վերցրել են քաղաքից մինչև երկաթուղու կայարանը ուղեկցելու համար 10-ից սկսած մինչև 300 ռուբլի, նայելով փախչողների միջոցներին:

Կյանքը անգնահատելի է, և խեղճ ծնողները չեն խնայել վերջին կոպեկներն իրանց զավակներին փրկելու համար: Եղել են մարդիկ, որ կայարան հասնելով դատարկել են իրանց գրպանները և մուրացկանությամբ Թիֆլիս հասել: Այրված տներ, խորտակված կահ-կարասիք, կողոպտված խանութներ, ամեն ինչ նսեմացել է կյանքի փրկության առջև: Մայրերը հանուն զավակների համբուրել են այն փրկիչ ձեռները, որոնք թշվառներից ստացած վարձը տարել են գրպանները հանգիստ խղճով:

Իսկ ի՞նչ են արել խեղճերը: Նրանք ոչինչ չունեին արյունագին վճարելու: Ունևոր փրկվածները այսօր ցրվել են զանազան ապահով տեղեր իրանց տանջված նյարդները ամոքելու համար: Այնինչ` չունևորները մնացել են դժոխքի սոսկալի տեսարանների առջև իրանց տանջված սրտերի վերջին ուժը սպառելու համար: Եվ քանի քանիսը, որ փրկված են սրից ու գնդակից, պիտի հիվանդանան հոգեպես: Արդեն ասում են, թե մի քանի դժբախտ ականատեսներ խելագարվել են: Հարկավ, մենք չենք դատապարտում ունևորների փախուստը: Բայց ի՞նչ անեն նրանք, որոնք միջոց չունին փախչելու: Պետք է վերադառնալ և շուտով նրանց օգնել: Մայրեր կան, որոնք կորցրել են իրանց զավակների մի մասը և այժմ սարսափով են մտածում կենդանի մնացածների մասին: Ի՞նչ կլինի նրանց վիճակը, եթե օգնել կարողացողները փախչեն և փախչեն անդարձ...

Մենք փախչողներին չենք դատապարտում, բայց գովում ենք մնացորդներին: Թուրքերն էլ պակաս զոհեր չեն ունեցել: Ինչո՞ւ նրանք չեն փախչում:

Պետք է հուսալ, որ աղետալի օրերը չեն կրկնվիլ Բաքվում և պետք է վերադառնալ ապաբախտներին օգնելու համար: Փոթորիկն անցել է, պետք է մտածել նրա հետևանքների մասին:

—————

Բաքվի դժոխային օրերին մեզ զբաղեցնում էր և մի հարց: Ի՞նչ է անում տեղական քաղաքային խորհուրդը և քաղաքագլուխը: Ավա՛ղ, մենք խոսքեր չենք գտնում Բաքվի «ընտրյալների» քստմնելի վախկոտությունը և անտարբերությունը շեշտելու համար: Քաղաքային Վարչության ծառայողները միաբերան վկայում են քաղաքագլուխ Իրեցկու դատապարտելի արարքը: Այն պահին, երբ կոտորածը սկսել է սաստկանալ, նա փակված է եղել Վարչության մեջ, և ոչ մի միջոց կոտորածի առաջն առնելու, բացի տելեֆոնից: Ծառայողները գանգատվում են, որ նա ստիպել է նրանց հեռանալ իրանց տները: Հայ ծառայողները ընդդիմացել են, բնականաբար գուշակելով, որ փողոց դուրս գալ, կնշանակե կատաղի թուրք խուժանից սրախողխող լինել: Իրեցկին սխրագործություն է ունեցել պնդելու իր պահանջը: Եվ ոմանք հարկադրված կատարել են իշխանավորի պահանջը: Մենք դեռ տեղեկություն չունենք, նրանք ապահով հասե՞լ են իրանց տները, թե ոչ: Կարձանագրենք, երբ կիմանանք ճշմարտությունը:

Ահա մի ներկայացուցիչ, որ հասարակության փողերով է վարում յուրգոյությունը, որ այսուհետև կհամարվի քստմնելի:

Պակաս դատապարտելի չէ քաղաքային իրավասուների անտարբերությունը, որոնց մեջ կան շատ ազդեցիկ հայեր և թուրքեր: Անձինք, որոնք կարող էին կոտորածի առաջն առնել: Ինչու՞ հենց առաջին օրը նրանք չունեցան արտաքո կարգի նիստ, չխորհրդակցեցին աղետը սկզբից ևեթ ոչնչացնելու: Չէ՞ր հաջողվի: Փույթ չէ: Գոնե փորձեին: Չեն փորձել անգամ, և ահա այսօր ընկնում է նրանց կազմի վրա մի անջնջելի արատ:

—————

Այն րոպեից, երբ Բաքվի սոսկալի աղետի լուրը հաստատվեց Թիֆլիսում և ստուգվեց, որ այդ մի հասարակ կռիվ չէ, երբ տեղական լրագրների մեջ տպվեցին առաջին կցկտուր տեղեկությունները, բռնկվեց ամբողջ ազգաբնակությունն, առանց ազգերի խտրության: Բացի այն քստմնելի տարրերից, որոնց համար ամեն մի խլրտում հաճելի է և ձեռնտու, ամենքը հուզվեցին և վրդովվեցին:

Բողոքի առաջին ձայնը տվեց Թիֆլիսի համակրելի քաղաքագլուխ պ. Քրիստափոր Վերմիշյանը: Մի անձնավորություն, որ դեռ քաղաքագլուխ ընտրվելուց շատ առաջ հայտնի էր յուր մաքուր հասարակական ձգտումներով իբրև գործիչ, իբրև գրչի մարդ և հռետոր:

Պ. Վերմիշյանը հեռագրով դիմեց Բաքվի հայտնի թուրքերին Հաջի-Զեյնալ-Աբին Թաղիևին, «Каспий» լրագրի խմբագիր Ալի Մարդան-Բեգ Թոփչիբաշևին, հրապարակախոս Աղաևին, Հասան-բեգ Մելիքովին, ազդեցիկ Աշուրովին, Հաջիևին և այլոց, խնդրելով սրանց, որ շտապեն ազդել իրանց կրոնակիցների վրա` վերջ տալու ամոթաբեր շարժմանը: Միևնույն ժամանակ, պ. Վերմիշյանը դիմեց Կովկասի կառավարչապետի պաշտոնակատար գեներալ-ադյուտանտ Մալամային, խնդրելով, որ նա շուտով միջոցներ ձեռնարկի կոտորածի առաջն առնելու: Նույնպիսի գործունեություն ցույց տվեց և Թիֆլիսի թեմի առաջնորդ Գեր. Գարեգին եպիսկոպոս Սաթունյանը: Նա, պ. Վերմիշյանի աջակցությամբ խնդրեց գեներալ Մալամային անմիջապես Բաքու ուղարկել շիա թուրքերի Անդրկովկասյան հոգևոր պետ Շեյխ-Ուլ-Իսլամին: Երեքշաբթի, փետրվարի 8-ին, այսինքն` կոտորածի երրորդ օրը, Շեյխ-Ուլ-Իսլամը ուղևորվեց Բաքու:

Միևնույն ժամանակ, Թիֆլիսի հայ ինտելիգենցիան և հասարկության ներկայացուցիչները զանազան տեղերում ունեցան ժողովներ և խորհրդակցեցին կոտորածի առաջն առնելու:

Քաղաքագլխին օգնության հասավ Թիֆլիսի քաղաքային խորհրդարանն յուր ամբողջ կազմով: Եղան արտաքո կարգի նիստեր այնքան բազմամարդ, որ երբեք Թիֆլիսը չէր տեսել: Եղան ժողովներ և Սրբազան առաջնորդի մոտ և այդ ժողովներից մեկում ընտրվեց 12 հոգուց բաղկացած մի մասնաժողով սրբազանի նախագահությամբ` Բաքվում, վնասված հայերին նյութական օգնություն հասցնելու համար:

Չորեքշաբթի, 9-ին փետրվարի, երեկոյան, ստացվեց հետևյալ հեռագիրը Առաջնորդի, քաղաքագլխի և մեր աշխատակից Շիրվանզադեի անունով.

«Ի բախտավորություն հայերի և մուսուլմանների, խորը վշտալի կոտորածը այսօր դադարեց: Հանդիսավոր թափորը, առաջնորդությամբ տեղս ժամանած Շեյխ-Ուլ-Իսլամի և հայ հոգևորականության, անցավ փողոցներով, հրավիրելով ամենքին դեպի խաղաղություն, հանգստություն և դարձ դեպի առօրյա զբաղմունքներ: Տեղի ունեցավ կատարյալ հաշտություն թուրքերի և հայերի մեջ: Հայտնեցեք այս մասին Թիֆլիսի ազգաբնակությանը:

Շեյխ-Ուլ-Իսլամ և Թաղիև»:

Ուրախալի հեռագիրը հետևյալ օրը տպվեց Թիֆլիսի լրագրներում և հասարակության ալեկոծված մտքերի վրա ունեցավ խաղաղացուցիչ ազդեցություն:

Նույն բովանդակությամբ հեռագիր ստացավ խմբագրությունս և Բաքվի մի գործարանատեր Մանվելյանից:

Այնուհետև հասարակությունը սկսեց զբաղվել թշվառության հիմնական պատճառները պարզելու խնդրով: Այս խնդիրը ի պատիվ յուր ազգի, առաջին անգամ ասպարեզ դրեց «новообзор» լրագրում մի ռուս` պ. Կրուշինսկին, ամենից առաջ իր լուման տալով հօգուտ վնասվածների:

—————

Շաբաթ, փետրվարի 12-ին, Թիֆլիսի միջնակարգ դպրոցների հայ աշակերտների ցանկությամբ, Վանքի մայր եկեղեցում կատարվեց հանդիսավոր հոգեհանգիստ: Հետևյալ օրը կատարվեց հասարակության ցանկությամբ, իսկ երրորդ օրը վրացիների առաջարկությամբ:

Այդ երեք օրը Վանքի Տաճարը ներկայացնում էր արտաքո կարգի տեսարան: Քսանից մինչև երեսուն հազար ժողովուրդ բռնել էր տաճարը, ընդարձակ գավիթը և շրջակա փողոցները: Բոլոր հոգեհանգիստներին ներկա էին շիա և սյունի դավանությունների մուսուլման հոգևորականության ներկայացուցիչներ, իսկ երրորդ հոգեհանգստին նաև վրաց հոգևորականությունը:

Վեհափառ Հայրապետը Թիֆլիս ժամանեց կիրակի, փետրվարի 13-ին, և երկրորդ ու երրորդ հոգեհանգիստներին ներկա եղավ, չնայելով յուր ծանր հիվանդությանը:

Կառավարչապետի բարեսիրտ պաշտոնակատար գեներալ Մալաման, պ. Վերմիշյանի երաշխավորությամբ, թե կարգը չի խանգարվիլ, պատվիրել էր, որ ոստիկանությունը ներկա չլինի հանդեսներին: Եվ կարգապահությունը օրինակելի էր այդ երեք օրը: Բոլոր ազգություններից և դասակարգերից բաղկացած ահագին բազմությունը այդ օրերը ցույց տվեց չտեսնված և չլսված օրինակ: Ո՞վ կարող էր երևակայել այդպիսի խաղաղ, վեհ և խորհրդավոր տեսարան «վայրենի» համարված Կովկասում: Տեսարանները խրատական էին ամենից առաջ այն տարրի համար, որ ինքը լինելով վայրենի, մեզ է համարում վայրենի:

Պատարագից հետո հոգևորականությունը դուրս եկավ Վանքի գավիթը: Այդ միջոցին առաջնորդարանի դռների առջև երևաց Վեհափառը կորամեջ, ընկճված: Նա շրջապատվեց մուսուլման հոգևորականության պատկառելի ներկայացուցիչներով: Ամբոխի մարմնով անցավ սարսուռ: Տիրեց սրբազան լռություն, չնայելով ընդհանուր վշտին ու վրդովմանը: Իսկ պարզ երկնքից անտարբեր արեգակը սփռել էր յուր ջերմ ճառագայթները պատմական տեսարանի վրա: Տասնյակ հազարավոր ամբոխի հայացքը ուղղված էր դեպի ալեզարդ Վեհափառը և նրա շուրջը հավաքված նույնպես ալեզարդ մուսուլման հոգևորականները: Պարզ էր, որ Բաքվի աղետը համահավասար վշտացրել էր ամենքին:

—————

Ավելի հանդիսավոր և բազմամարդ էր վրացի աշակերտների ցանկությամբ կատարված հոգեհանգիստը: Նույն ոգևորությունը, նույն տեսարանը, նույն իդեալական կարգապահ հությունը: Վրացիները արտասանեցին մի շարք զգացված ճառեր, որոնք ընդունվեցին բուռն ծափահարություններով: Հայերը շնորհակալություն հայտնեցին մի նույնչափ զգացված ճառով:

Հանդեսը վերջանալուց հետո, հայ և վրացի աշակերտները դիմեցին դեպի մահմեդականների մեջիտը: Ճանապարհին բոլոր թուրքերը և հայերը, ի պատիվ հանդեսի, կողպեցին իրանց խանութները և հետևեցին նրանց: Մեջիտը, հարկավ, չէր կարող տեղավորել այդ երեսուն հազարի չափ ամբոխը: Հոգևորականների առաջնորդությամբ նա դիմեց դեպի մահմեդականների գերեզմանատուն: Եվ այստեղ կատարվեց հոգեհանգիստ Բաքվում կոտորված թուրքերի համար:

Եվ այդտեղ ժողովված հայ, վրացի և թուրք ամբոխը հանդիսավոր երդում տվեց` առ միշտ մնալ եղբայրներ և գործել հանուն երկրի ընդհանուր բարգավաճման:

Նույնպիսի խուռն ամբոխի ներկայությամբ կատարվեց վրաց Քաշվեթի եկեղեցում նահատակների հիշատակին հոգեհանգիստ` բոլոր աշակերտների և աշակերտուհիների ցանկությամբ:

—————

Որքան հանդիսավոր, խորհրդավոր և փառահեղ էին այդ տեսարանները, նույնքան և խրատական չարություն սերմանողների համար: Նրանք անհերքելի ապացույցներ էին, թե չկա Կովկասյան ազգությունների մեջ հիմնավոր թշնամություն:

Այն մարդիկ, որ ճգնում են Բաքվի դեպքը բացատրել ազգայնական ատելությամբ կամ մուսուլմանների ֆանատիկոսությամբ, սոսկալի հանցանք են գործում ճշմարտության դեմ: Ոչ պակաս մոլորվում են և նրանք, որոնք տնտեսական պայմաններին են վերագրում աղետը: Ուր, ուր, Բարվում չկա տնտեսական ճնշում ոչ մի ազգության կողմից` մյուսի վրա: Բաքվի թուրքերը նույնչափ, գուցե ավելի, ապահով են տնտեսապես և առուտուրի մեջ, որքան և հայերը, իսկ զուտ դրամագլխով նրանք անհամեմատ հարուստ են հայերից:

Չարիքի պատճառները պետք է հայերի և թուրքերի հարաբերություններից դուրս որոնել: Այս միայն մեր կարծիքը չէ, այլև ամբողջ ռուս, հայ և վրացի մամուլի, այլև բոլոր խելացի մուսուլմանների, այլև ռուս ինտելիգենցիայի լավագույն մասի: Հետևելով Բաքվի դեպքերի առիթով Բաքվում, Թիֆլիսում և ուրիշ շատ քաղաքներում եղած ժողովներում արտասանված ճառերին, գալիս ենք միևնույն կարծիքին: Ամենից որոշ և ամենից խիստ արտահայտեց այդ կարծիքը Բաքվի փաստաբանների ժողովը, ուր ներկա էին բոլոր ազգությունների անդամները: Ոչ պակաս ուժով շեշտեցին նույնը թուրքերի, ռուսների և վրացիների ներկայացուցիչները պ. Վասիլևի նախագահությամբ կայացած ժողովում Բաքվի հասարակական ժողովարանում:

Եվ փառք ու պատիվ այն արդարամիտ և ճշմարտասեր ռուսներին և վրացիներին, որոնք հայերից և թուրքերից առաջ են ասել և ապացուցել ճշմարիտ պատճառները Բաքվի ամոթալի արյունահեղության:

Կան երևույթներ, որոնց լուսաբանությունը ստեղծում է ամբողջ պատմություն: Բաքվի աղետը հայ ազգի դարերի ընթացքում կրած անթիվ տառապանքների համեմատ չնչին երևույթ է: Բայց նա խորհրդավոր է յուր իմաստով: Նա պետք է լույս սփռի մարդկության մի նշանավոր մասի ազգային պատմության վրա և ապագա փիլիսոփայի ձեռքը տա անհերքելի փաստեր բռնության սոսկալի հետևանքները արձանագրելու համար:

Տգիտություն, խավար: Այո, նա էլ յուր բաժինն ունի, և մեծ բաժին ներկա աղետի մեջ: Բայց ո՞րն է ավելի քստմնելի, տգիտությո՞ւնը, թե՞ այն աներևույթ ուժը, որի ձեռքում այն խաղալիք է: Բնության և աստծու սրբազան օրենքներ է պղծում նա, որ խավարը գործիք է դարձնում ժամանակավոր հաջողություն ունենալու համար

Հայ ժողովրդին մահ չի վիճակված, և ոչ թուրք ժողովրդին, — մենք հավատում ենք այս բանին անխախտ: Գործիք լինել դիվային նպատակի համար, կարող է ամեն մի տկար ուժ: Բայց այս չի նշանակում, թե դիվային ուժը պետք է հասնի յուր նպատակին:

Ողբում ենք ոչ այնքան հայերի վիճակը, որքան այդ դիվային ուժին, որ կոչված է մեռյալին գերեզմանից հարություն տալու: Անիրագործելի հույս, որքան այն խելագարի ջանքը, որ ձգտում է արեգակը ձեռներով գքկել

—————

Բաքուն բոլոր բարեգործական հանգանակությունների ժամանակ առաջին դերն է ունեցել: Նա կատարյալ իրավունք ունի ամբողջ Կովկասի, նույնիսկ Ռուսիայի վրա: Կովկասը տալիս է և էլի կտա: Ռուսիայից նպաստներ չպիտի սպասել. ռուս ժողովուրդը յուր սեփական տառապանքներն ունի: Նա ժամանակ և ուժ չունի մեր մասին մտածելու...

Այո...

Բաքվի քաղաքային խորհրդարանը հատկացրել է վնասվածների օգտին 50000 ռուբլի, իսկ նավթարդյունաբերների ժողովը` 100000 ռուբլի: Կլինեն և ուրիշ մասնավոր նվերներ: Բոլոր վնասվածները կստանան նյութական օժանդակություն: Բայց ինչո՞վ պետք է փոխարինվի նրանց կորուստները, նրանց սպանված քույրերը, մայրերը, ամուսինները, զավակները և ծնողները: Արդյոք այդ մտքո՞վ, որ դրանք ակամա նահատակներ էին ապագայի անդորր կյանքի համար: նրանց արյունով պիտի ձեռք բերենք մեր ապագայի կոզտոլրական խաղաղ առաջադիմությունը:

Թող չարերը գործեն հանուն չարության: Մենք, Կովկասյան փոքրիկ ազգություններս, չհուսահատվինք և հավատանք, որ հաղթությունը ճշմարտությանն է պատկանում: Ռուսիայի գահույքի բարձրությունից արդեն լսվեց ճշմարիտ խոստովանության ձայնը, թե չկա զորություն առանց ժողովրդի ուժի: Նիստեր են կազմվում, ժողովներ են գումարվում պետության կազմը առողջացնելու համար: Կովկասը ներկայացնում է լայնածավալ Ռուսիայի մի մասը և կբուժվի նույն դեղով, որով պիտի բուժվի մարմնի ամբողջ կազմը: Կանցնին դառն ու վշտալի օրերը, կգան ուրախ օրեր: Կփարատվի վերջ ի վերջո տիրող խավարը, և լույսը կսփռվի անխտիր ամենքիս վրա: Միայն այն գաղափարն ունի այժմ ուժ, որ քարոզում է եղբայրություն բոլոր ազգերի մեջ առանց ծագման և կրոնների խտրության: Այս ապացուցված է մարդկության հանճարեղ իմաստուններից և ապացուցվեց գործով, — փետրվարի ցույցերով:

—————

Որչափ է եղել Բաքվի նահատակների թիվըմինչև այսօր դեռ պարզված չէ: Բաքվի ռուս լրագրները հետզհետե տպագրում են նրանց ցուցակը: Հայ զոհերի թիվը քաղում են եկեղեցական գրքերից, թուրքերինը և ուրիշ ազգություններինը` պաշտոնական տեղեկություններից: Վեհ. Հայրապետի Բաքու ուղարկած եկեղեցական պատգամավորների տեղեկություններից երևում է, որ մինչև այժմ թաղված են 193 հայ, որոնցից 7 կին, վերջիններս բոլորն էլ այրված: Այրվածների մեջ ամենամեծը 70 տարեկան է և ամենափոքրը 10 ամսական: Սպանվածներ են մեծագույն մասամբ մշակ դասից, այրված, քանդված և հափշտակված են 51 տուն և խանութ: Վիրավորված են 90, որոնցից այժմ մնում են 67 հոգի:

Բաքուցիների մեծամասնությունը պնդում է` հայ սպանվածների թիվն 200-ից ավելի չէ, նույնչափ եթե ոչ ավելի վիրավորվածներ, իսկ թուրք սպանվածները գուցե նույնչափ, գոնե ոչ պակաս 120 հոգուց, նաև վիրավորածները ոչ պակաս այս թվից: Կան մարդիկ, մանավանդ թուրքերից, որոնք պնդում են, թե թուրքերից ավելի են սպանված` քան հայերից: Վիրավորված կամ սպանված են նաև ռուսներից մոտ 30 հոգի, վրացիներից` մոտ 20: Ուրեմն, պիտի զգան թուրքերը, որ նրանց կատարած գործը համահավասար վնաս է տվել թե՛ մեզ և թե՛ իրանց: Ինչ անմիտ և վայրենի գործ, որին նրանք ծառայեցին անգիտակցաբար:

Մենք քրիստոնեաբար ներում ենք մեր հարևաններին իրանց մոլորությունը, ինչպես և նրանք պիտի ներեն մեզ: Մենք մազի չափ չենք մեղադրում նրանց նույնիսկ այրված մանուկների և հղի կանանց հոշոտված մարմինների առջև: Հայերը երեխաներ չեն այրել, հղի արգանդներ չեն պատառոտել դաշույններով: Նրանք միայն պաշտպանվել են: Պատիվ նրանց: Պատիվ և թուրքերի այն մեծամասնությանը, որ պաշտպանել են անպաշտպան հայ ընտանիքներին և անմիջապես միջոցներ ձեռնարկել խաղաղությունը վերականգնելու:

Բաքուն այժմ գրեթե կիսով չափ դատարկվել է հայերից: Հայերը թողնում են թուրքերի տները և տեղափոխվում քրիստոնյաների տները: Առուտուրը գրեթե կանգ է առել, նավթային արդյունաբերությունը միլիոնների վնաս է կրում, քաղաքը դարձել է զորանոց և ենթարկվել պատերազմական դրության անողոք օրենքներին: Ահա անմիտ կոտորածի հետևանքը: Եվ միայն հասարակությունը չէ վնասվողը, այլև, պետության գանձարանը, եթե, բարոյականը մի կողմ թողնելով, վերցնենք միայն նյութականը: Տերությունը Բաքվից ստանում է տարեկան 120 միլիոն ռուբլի եկամուտպետության ընղհանուր բյուջեի մի քսաներորդականը: Կարելի է երևակայել, թե այդ ինչ զգալի կորուստ կլինի պետական գանձարանի համար, եթե իրերի դրությունն այսպես շարունակվի:

Ուրեմն որ կողմ նայում ենք, ամենուրեք վնաս և վնաս: Ի՞նչ միտք ուներ անողորմ կոտորածը Բաքվում: Ի՞նչ գաղափարի ծառայեց այն...

—————

Կոտորածը տևեց ուղիղ երեք օր և երեք գիշեր: Սկսվելով փետրվարի 6-ին, մոտավորապես 2 ժամին, վերջացավ փետրվարի 9-ին, կեսօրից հետո: Երեք սև օրեր, որ Կովկասի պատմության, ուրեմն և Ռուսիայի պատմության մեջ պիտի բռնեն ամոթալի, խայտառակ էջեր:

Երբ խաղաղությունը տիրում է, թուրք և հայ հանդիպում են իրարու ուրախության զգացումով և անկեղծ ցավակցությամբ սեղմում են իրարու ձեռը: Բուն բաքուցիների մեծ մասր չի կարողանում մինչև այսօր էլ հաշիվ տալ իրան, թե ինչպես պատահեց փորձանքը: «Այդ մի ղազա էր (փորձանք), երկնային պատիժ, որ եկավ անցավ մեր գլխով», ասում են թուրքերը: Իսկ հայերը դեռ չեն արթնացել ապշումից, այժմ էլ նրանք սոսկումով և դողալով են հիշում արյունալի օրերը:

Ով և ինչ ևս լինի անասելի թշվառության սկզբնապատճառը, պիտի ապագա պատմության մեջ դրոշմվի անջնջելի նախատինքով:

Միայն չորրորդ օրը կոտորածի թշվառները կարողացան տիրանալ իրանց մերձավորների դիակներին: Սոսկալի է այն տեսարանը, որ այդ օրը ներկայացրել են հայ և թուրք գերեզմանատները և քաղաքի հիվանդանոցները: Խնայելով մեր ընթերցողների նյարդները, կանգ չենք առնիլ այդ տեսարանի վրա: Բայց ահա մի սրտաշարժ պատկեր, որի առջև պիտի խոնարհվի ամեն ոք և սքանչանա հայ կնոջ անհասանելի առաքինության վրա:

Այդ պատկերի նկարագիրը տալիս է «Каспии» լրագրում թուրք հրապարակախոս պ. Աղաևը: Քաղում ենք նրա հոդվածից հետևյալ կտորը.

«... Բայց ամենից բարձր, ամենից վեհ է մի հայ կնոջ օրինակը: Այդ կինը ցույց տվեց հոգու այնպիսի վեհություն, սրտի այնպիսի ազնվություն, այնքան պայծառ միտք և քաղաքացիական առաքինություն, որ արժանի է պատմության ամենամեծ կանանց շարքը դասվելու և փառաբանվելու հավիտյան: Երեկ, երբ ինձ պատմեցին այն, ինչ որ նա արել է, աչքերս ակամա արտասվեցին, և եթե նա նույն րոպեին ներկա լիներ, ես սքանչացած կընկնեի նրա առջև ծնկաչոք, կաղոթեի նրան, ինչպես ժամանակակից Մադոննայի, և կհամբուրեի նրա ոտների փոշին:

Ահա թե ինչ է արել նա:

Այդ աղքատ, բայց հոդով և սրտով մեծ կինը սարսափելի տրագեդիայի ժամանակ կորցրել է յուր զավակներին: Գերեզմանատանը, թաղման հանդիսի ժամանակ, նա, ձեռը դնելով անմեղ զոհերի դագաղի վրա, դարձել է դեպի հայերը այս խոսքերով.

«Հայեր, երդվեցնում են ձեզ այս երեխաների անմեղ հոսված արյունով, երդվեցնում եմ նրանց թշվառ մոր ջախջախված սրտով, ներեցեք մուսուլմաններին այն, ինչ որ նրանք արել են, մի զգաք նրանց դեմ թշնամություն, այլ սիրեցեք նրանց եղբայրական սիրով այնպես, ինչպես սիրել եք միմյանց առաջ»:

Կարո՞ղ է լինել ավելի գեղեցիկ, վսեմ և բարձր բան: Այդ կլասիկական մի կերպարանք է, որ արտասանել է կլասիկական խոսքեր: Այդ խոսքերը պիտի ոսկե տառերով փորագրվին և զարդարեն մեր փողոցներն ու հրապարակները: Այո, դու մեծ ես, ազնիվ հայուհի: Դու զարդարում ես այն ցեղը, որին պատկանում ես: Դու ազնվացնում ես և բարձրացնում մինչև անհասանելի բարձրություն այն ազգը, որի զավակն ես: Դու քո ազնիվ սրտի մի բնական և պարզ ցնցումով հասկացել ես, թե հայրենիքի շահը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը, միությունը նրա զավակների ավելի նշանավոր են և բարձր, քան վրիժառության բնազդը, որ բնականաբար պիտի զարթներ քո ջախջախված մայրական սրտի մեջ: Բայց դու եղար այնքան արի, քո մեջ կար այնքան քաղաքացիական առաքինություն, որ խեղդեցիր այդ բնազդը, զոհելով այն հասարակական բարօրությանը, մեր ամենքի համար թանկ Կովկասի բարօրությանը»: Շարունակելով այս ուղղությամբ յուր հիմնը հայ կնոջ հասցեին, թուրք հրապարակախոսը ավելացնում է.

«Երբ այս սրտաշարժ տեսարանի լուրը հայ կնոջ մարդասիրական վարմունքի մասին տարածվեց մուսուլմանների մեջ, մի քանի անձանց նախաձեռնությամբ որոշվեց, որ մուսուլման հոգևորականությունը մեծ հայ կնոջ զավակների համար հոգեհանգիստ կատարի և նրանց գերեզմանի վրա պսակ դրվի»:

—————

Արդեն մի ամիս է անցել Բաքվի արյունալի օրերից մինչև այս տողերի գրելը: Ի՞նչ պիտի լինի այսուհետևչգիտենք: Բայց վերականգնված խաղաղությունը, ինչ թաքցնենք, տակավին մեզ անխախտելի չի թվում: Կովկասյան թուրքերի հետ համերաշխությունը պահանջում են ավելի մեծ ջանքեր, քան կարծում են մեր լավատեսները: Եղբայրության զգացումը համակել է համահավասար թե՛ հայերին և թե՛ թուրքերինճիշտ է: Բայց այս զգացումը կարող է շուտով սառչել, ինչպես արագ սառչում է ամեն մի զգացում արևելյան ժողովուրդների մեջ: Հետևաբար, պետք է դիմել ավելի հաստատ միջոցների: Ոգևորիչ ճառերով և հոգեհանգիստներով մենք շատ բան անել չենք կարող: Պետք է ավելի խորը թափանցենք հայ և թուրք ազգաբնակությունների այժմյան հարաբերությունների մեջ և ավելի լուրջ քննենք նրանց խախտման պատճառները:

Այն մարդիկ, որոնք մասնավոր ժողովներում բառերի հեղեղով են ուզում մեզ հափշտակել, գործում են հանցանք իրանց ազգի ապահովության դեմ: Նրանք օդ են կտրատում իրանց սուր լեզվով, երևակայելով, թե թշնամիներ են բրդում, հայի դրությունը անապահով է ոչ միայն Անդրկովկասում, այլև Պարսկաստանում, իսկ Տաճկաստանում այն դրություն չէ, այլ գեհեն: Անդրկովկասյան թուրքերի հետ հաշտությունը ահագին կախումն ունի տաճկահայերի հարցից: Ահա ինչի մասին պիտի մտածել, ահա ինչը պիտի վերլուծել և քննել

Բաքուն այժմ պատերազմական դրության մեջ է: Մարդկանց արգելված է երեկոները 8 ժամից հետո փողոց դուրս գալ: Խանութները բացվել են, բայց բավական է մի չնչին շշուկ, և նրանք մի վայրկյանում փակվում են: Ժողովարանը, թատրոնը, կրկեսը և հասարակական մյուս ժողովատեղերը փակ են և դեռ հայտնի չէ երբ կբացվին: Քաղաքը շարունակ դատարկվում է, և այժմ էլ փախչողներից շատ քչերն են համարձակվում ետ դառնալ:

Գեներալ-նահանգապետ իշխ. Ամիլախորիի մոտ, նրա նախագահությամբ, եղան մի քանի ժողովներ, մասնակցությամբ հայ և թուրք ներկայացուցիչների: Խոսվեց արյունալի օրերի մասին, ջանք դրվեց կոտորածի պատճառները պարզելու: Բայց ոչ մի լուրջ եզրակացության չեկան:

Բաքվի իրավաբաններն առանց ազգությունների խտրության մի բազմամարդ ժողովում որոշել են` ոչ մի ջանք չխնայել քննությունը լիակատար դարձնելու: Նույն մտքով որոշում են կայացրել և բորսային հանձնաժողովը ու նավթարդյունաբերությունների ժողովը, որոնք խնդրամատույց են եղել ֆինանսների մինիստրին միջամտելու, որ Պետերբուրգից բարձրագույն քննություն նշանակվի:

Վերջին հեռագիրները Պետերբուրգից հաղորդեցին, որ այս խնդիրը հարգված է: Նշանակված է բարձրագույն քննիչ-մասնաժողով` մասնակցությամբ բորսային հանձնաժողովի և նավթարդյունաբերողների ժողովի ներկայացուցիչների:

Մինչև նշանակված մասնաժողովի Բաքու ժամանելը կկազմվի նյութերի մի ահագին պաշար: Թիֆլիսի քաղաքային վարչությունը արդեն հավաքել է գրավոր վկայությունների մի մեծ կույտ: Նույնչափ նյութ ունեն իրանց ձեռքի տակ և Բաքվի լրագրների խմբագրությունները, նաև իրավաբանների ըսկերությունը: Անշուշտ հայ և թուրք հասարակությունները ոչ մի միջոց չեն խնայիլ խնդիրը պարզելու համար: Անշուշտ նրանք Պետերբուրգից և Մոսկվայից կհրավիրեն առաջնակարգ փաստաբաններ և նրանց կհանձնեն թշվառների պաշտպանության գործը:

Ինքը նահանգապետ իշխ. Նակաշիձեն յուր կողմից դիմել է ներքին գործոց նախարարին և խնդրել, որ առանձին քննիչ մասնաժողով նշանակվի: Իշխանը բարեհաճում է իրան վիրավորված համարել հասարակության մեջ «ամենահամառ» կերպով տարածված լուրերից, որոնք, ըստ յուր ասության, «արատ են ձգում» նրա երկարամյա պետական ծառայության վրա: Իշխանն իրավացի է, այդ վատ լուրերը կարող են արատ ձգել նրա վրա:

Այսպիսի հանգամանքներում քաղցր է մեզ հուսալ, որ խնդիրը կլուսաբանվի բազմակողմանի: Մենք` հայերս, ուրիշ բան չենք ուզում, բացի անաչառ դատից: Մենք դարերից ժառանգած քրիստոնեական համբերությամբ և հեզությամբ կսպասենք արդար դատաստանի: Եվ այդ դատաստանը կլինի մեր ջախջախված սրտերի միակ սպեղանին...

Սպասենք, ուրեմն...

—————

Լայնատարած Ռուսիայի միայն ծայրերը չեն խլրտում, այլև կենտրոնը և բոլոր կողմերը: Ամենուրեք տիրում է կարգերի ակնհայտ քայքայում: Քիշնևի սոսկալի եղեռնագործությունները այժմ տեղի ունեն շատ քաղաքներում: Մենք միջոց չունինք արձանագրելու այն բոլորը, ինչ որ կատարվում է ներկայումս ներքին Ռուսիայում:

Առաջ ենք բերում մի եղելություն, որ խիստ բնորոշ է ներկա Ռուսիայի կացության համար:

Անցքը կատարվել է Կուրսկ քաղաքում, փետրվարի 12-ին: Այդ օրը տեղական գիմնազիոնի աշակերտները ժողով են կազմում դպրոցում` իրանց դպրոցական ներքին խնդիրների մասին խորհրդակցելու: Ժողովը վերջանալուց հետո աշակերտները, թվով 200 հոգի, դիմում են դեպի սեմինարիա և կանանց գիմնազիոն, որ իրանց վճիռը հայտնեն այդ դպրոցների աշակերտներին: Աշակերտները, պատմում է «Русь» լրագիրը, ընթանում էին քաղաքի գլխավոր փողոցով զույգ-զույգ: Այս խաղաղ հանդեսի առջև կառքով գնում էր ոստիկանապետ Զարինը: Հետևակ և ձիավոր ոստիկաններն ու ստրաժնիկները հետևում էին աշակերտների խաղաղ հանդեսի ետևից: Հանկարծ, երթ հանդեսը մոտեցել էր օրիորդների գիմնազիոնին, ոստիկանապետը բոլորովին անսպասելի և առանց որևէ առիթի բարձրաձայն գոչում է. «Ծեծեցե՛ք»: Ստրաժնիկները բաժանվում են և հարձակվում են մտրակներով անպաշտպան մանուկների վրա և սկսում անխնա ծեծել նրանց:

Ստրաժնիկներին օգնության են հասնում խանութներից դուրս վազող «ղոչաղները» և նույնպես հարձակվում են գիմնազիստների վրա: Մանուկները թաքնվում են մագազիններում և գավիթներում, բայց այնտեղից նրանց դուրս են քաշում և գանակոծում: Մի քանի ծնողներ տեսնում են, թե ինչպես ծեծում են իրանց զավակներին, բայց չեն կարողանամ օգնել, որովհետև նրանց չեն թույլ տալիս մերձենալ: Ռեալական դպրոցի աշակերտները, լուր ստանալով, թե իրանց ընկերները ծեծվում են, հարձակվում են դեպի փողոց, բայց նրանք ևս ենթարկվում են ծեծի:

Next page