Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Այս ընդհանուր համակրական շարժման միջոցին մի անախորժ դիսոնանս էր սրանից մի շաբաթ առաջ «Radical»-ի մի աշխատակցի լուտանքը հայերի մասին: Այդ պարոնը, որ իրան համարում է արևելագետ և ամեն օր ասպարեզ է գալիս «Bavardage» ընդհանուր վերնագրով հոդվածների տակ, իր մի հոդվածը Կովկասի դեպքերին նվիրելով, այն անհիմն կարծիքը հայտնեց, թե Բաքվի կոտորածների հիմքը տնտեսական է: Երևակայեցեք, թուրք տարրը, ինչպես ամենուրեք, Կովկասում ևս տնտեսապես հարստահարված է շրջապատող ավելի ճարպիկ ազգութուններից, Բաքվումհայերից: Թուրքը խոհեմ է, բարի է, ազնիվ է, բայց ծույլ է և անտարբեր իր տնտեսականի վերաբերմամբ: Հայերը Բաքվում իրանց «բարի և ազնիվ» հարևաններին զրկել են երկրի հարստությունից` խլելով նրանցից և՛ արդյունաբերությունը, և՛ առևտուրը, և՛ նավագնացությունը: Թուրքերը, վերջապես, սթափվել են և պատժում են իրանց հարստահարիչներին:

Այս էր ընդհանրապես «Bavardage»-ի բովանդակությունը. հոդվածը չէր կրում իր մեջ ակնհայտ հայատեցություն, բայց ի՞նչտեսնում եք, մի անհիմն մեղադրանք էր: Մի զրպարտություն, որին շտապեց անհերքելի փաստերով պատասխանել մեր հայրենակից բժշկապետ Հով. Լոռիս-Մելիքյանը նույն այդ թերթի էջերում: Պատասխանը լրագրում արվեց խմբագրական մի թեթև ծանուցումով, որից կարելի էր եզրակացնել, թե լրագիրը փոշմանել է, տպելով հայերի մասին լուտանք ներկա դառն հանգամանքներում:

Ֆրանսիացիները կարդում են մեր ժողովրդի մարտիրոսության ամենօրյա պատմությունը և խղճում մեզ: Այո, խղճում են և ուրիշ ոչինչ: Եվ այս ողորմելի կարեկցությունը ավելի սոսկալի է ինքնասեր հայի համար, քան դանակի հարվածը:

II

Փարիզ, 17/30 սեպտեմբերի

Հակառակ իմ հայրենակիցների մեծամասնության, ես, հանգամանքների բերմամբ, Փարիզի կյանքին մոտենում եմ նրա ներքին կողմից:

Ես տակավին գաղափար չունեմ քաղաքի կենտրոնական մասերի արտաքին և ոչ մանավանդ ներքին կացության մասին: Ինձ դեռ անծանոթ են խոշոր բուլվարները, մեծ թատրոնները, կազինոները, նաև այդ զանազան Folies Bergére, Moulin Rouge-երը և այլ տեսակի զվարճարաններ, ուր սովորաբար անց են կացնում իմ հայրենակիցները իրանց ժամանակը Փարիզում, շպրտելով դեսուդեն տարիների դառն քրտինքով խնայած գումարները` մի երկու ամսվա ընթացքում. շպրտում են և հետո իրանց հետ տանում հայրենիք վերին աստիճանի թյուր գաղափար` համաշխարհային մայրաքաղաքի բարոյական կացության մասին:

Եթե լսենք այդպիսիներին, Փարիզն ուրիշ ոչինչ է, եթե ոչ անվերջ զվարճությունների մի ահագին վայր ծայրեիծայր և ուրիշ զբաղմունք չունի նա, բացի ֆլիրտից, երգելուց, պարելուց և ուտել-խմելուց:

Եվ, իսկապես, նա, որ գալիս է այստեղ հատկապես զվարճանալու, ունի իրավունք կարծելու, թե փարիզցիները ստեղծված են աշխարհի բոլոր կողմերից դիմող մարդկությանը հաճույքներ մատակարարելու համար: Նրան շփոթեցնում են քսանուվեց մեծ և երկու այդչափ փոքրիկ թատրոնները, հարյուրավոր կազիոնները, զբոսավայրերը, զվարճարանները, տասնյակ թանգարանները, հազարավոր կաֆեները և այլն, որոնք առավոտից մինչև երեկո և երեկոյից մինչև կեսգիշեր լեցուն են: Մարդիկ ուտում են, խմում, զվարճախոսում, պարում, երգում և միշտ ուրախ, միշտ զվարթ և անհոգ: Կարծես այդ մոտ չորս միլիոն ժողովուրդը ոչ զբաղմունք ունի, ոչ վիշտ: Կարծես, Ֆրանսիայի կապուտակ երկինքը` գործարանների կինամոնագույն ծխի միջոցով իր բարի տուրքն է սրբում և չի թողնում այդ բախտավորներին խորասուզվել տնտեսական մաշող հոգսերի մեջ:

Բայց իրոք այդպես չէ: Հենց առաջին շաբաթից ինձ զարմացրեց մի բան, որի մասին ես չէի լսել իմ ծանոթներից մինչ այն ժամանակ, այն է` բուն փարիզեցիների վերին աստիճանի աշխատասիրությունը, որ հասնում է չարքաշության: Իմ բնակարանը գտնվում է լատինական թաղի կենտրոնում: Փարիզում բնակվում են մեծ մասամբ նկարիչներ, անդրիագործներ: Դրանք են ներկայացնում լատինական թաղի զարդը` բարոյական կողմից:

Ահա ես ամեն օր դիտում եմ լուսամուտից հարևաններիս կյանքը: Ինձնից ներքև, առաջին հարկում կենում է մի երիտասարդ անդրիագործ: Որքան ևս վաղ զարթնեմ, առավոտը ես նրան տեսնում եմ իր գործին և երբ որ ես անցնեմ նրա լուսամուտի մոտով, նրան զբաղված եմ տեսնում: Իմ կից բնակարանում կենում է մի այրի կին, որը ունի երկու չափահաս աղջիկներ և մի քսաներկու տարեկան որդինկարիչ, որ եղել է նշանավոր Ժերոնի աշակերտը: Ընտանիքը ոչ ծառա ունի, ոչ աղախին. տնային գործերը այրին ինքն է կատարում: Օրիորդները ծառայում են բանկերում, առավոտը գնում են, երեկոյին վերադառնում: Որդին ամբողջ օրը նկարում է իր արհեստանոցում, որ գտնվում է մի քանի փողոց հեռու: Երեկոները նրանք ազատ են, և ահա յոթ ժամից սկսվում է կատարյալ նվագահանդես: Քույրը նվագում է դաշնամուր, եղբայրը ջութակ, մյուս քույրը երգում է, մայրը դարձյալ զբաղված է:

Այսպես է անցկացնում իր ժամանակը բուն փարիզցիների մեծ մասը:

Մի բարեկամ հայ, որ վաղուց է այստեղ բնակվում իր ընտանիքով, տարիներ շարունակ բնակվել է Եվրոպայի և Ամերիկայի զանազան քաղաքներում, ինձ հավատացրեց, որ ոչ մի տեղ ուսանողները այնքան չեն աշխատում, որքան Փարիզում: Միանգամայն սխալ է այն գաղափարը, թե այստեղ ուսումը ձեռք է բերվում փողոցներում, թե ուսանողները ավելի ֆլիրտով են զբաղված, քան դասախոսություններով:

Չգիտեմ, գուցե, իմ հայրենակիցները այսպես են: Բայց ֆրանսիացին աշխատում է և աշխատում է մինչև քրտինք: Փարիզի բոլոր «ազգային» անունը կրող բարձրագույն դպրոցներում ամենախիստ քննության են ենթարկվում ուսանողները: Իմ ավագ որդին, որ ավարտելով Թիֆլիսի երրորդ գիմնազիոնը, մի տարի դասախոսություններ է լսել Խարկովի ուսումնարանում, նոր պատրաստվում է մտնել այստեղի բարձրագույն դպրոցներից մեկը. սարսափեց, երբ ռուս դպրոցներից իր ստացածը համեմատեց այն պահանջի հետ, որ անում է ֆրանսիական հիշյալ բարձրագույն դպրոցը նորեկից:

Պարզվեց, որ ռուս գիմնազիոնը իրոք ոչինչ չի տալիս ավարտողներին, բացի «հասունության վկայականից»: Եվ այժմ իմ որդին ստիպված է ամենաքիչը վեց ամիս նախապատրաստությամբ զբաղվել:

Եվրոպայում թե՛ միջնակարգ և թե՛ բարձրագույն դպրոցները ուսանողներից պահանջում են աշխատասիրություն է գիտություն: Ռուսիայում միայն մի ծրագիր է գերադասվումքաղաքական:

Այստեղ ուսում են տալիս, գիտություն են սովորեցնում, այնտեղ որոշ ուղղության քաղաքացիներ են պատրաստվում, հոգին զրկում են ինքնուրույնությունից, զգացումները բթացնում, միտքը տափակացնում:

III

Փարիզ 17/30 սեպտեմբերի`

Այո, ֆրանսիացին աշխատում է ոչ պակաս, քան գերմանացին և անգլիացին: Բայց նա գիտե զվարճանալ, իսկապես զվարճանալ, ոչ այնպես անշնորհք, որպես գերմանացին և ոչ այնպես կոպիտ, որպես ռուսը:

Երեկ երեկո ես գնացել էի Փարիզի տոնավաճառը, կամ ավելի ճիշտն ասած, վաճառքային տոնը: Կա այստեղ մի ամբողջ կազմակերպություն, որ տարին տասներկու ամիս թափառում է թաղից թաղ և մի-մի շաբաթ ամեն թաղում տոնավաճառ է սարքում: Դա իսկապես մի ժողովրդական տոնահանդես է զանազան զվարճալիքներով: Չորս փողոցների անկյուններում տարածված ընդարձակ հրապարակի վրա` բացված է բազմատեսակ զվարճալիքների մի տեսարան: Էլեկտրական շշմեցուցիչ լուսավորության մեջ երևում են հսկայական կարուսելներ, որոնք պտտվում են էլեկտրական կամ շոգեշարժ մեքենաներով, շքեղ, ոսկեզօծ, ահագին արվեստական բարձրություններ, օրորաններ, պտուտակներ, ճոճարաններ և այլն: Սրանց շուրջը տարածվում են վաճառանոցներ, փոքրիկ ժողովրդական թատրոններ, կրկեսներ և այլ զվարճանոցներ: Այս բոլորը կազմված է թաղի հասարակ ժողովրդի գլխավորապես բանվոր դասի համար. մի հանդես, որին Պետերբուրգի բարձր դասակարգը կնախանձեր:

Ութ ժամն է երեկոյան, դեռ հանդեսը լուսավորված չէ, չկա ոչ մի շարժում: Որովհետև աշխատավոր դասը դեռ չի վերջացրել իր օրվա զբաղմունքր: Ճիշտ ութևկեսին էլեկտրական ահագին գնդերը լուսավորվում են, մեքենաները սկսում են գործել, կարուսելները սոսկալի դղրդյունով շարժվում են և պտտվում: Սկսվում է մի խլացուցիչ աղմուկ, և հրապարակը կես ժամվա ընթացքում, ծածկվում է բազմատեսակ ամբոխով: Բանվորները իրանց կանանց հետ թև-թևի տված, արհեստավորները, ծառաները, սպասավորները խումբ-խումբ շտապում են հանդիսավայրը: Ութևկեսից մինչև տասնումեկուկեսը գիշերվա այստեղ զվարճանում է հասարակ դասը, մոռանալով իր օրվա աշխատանքը և դառնությունները: Եվ պետք է տեսնել ինչպես է զվարճանում` ամբողջ էությամբ, անձնատուր, այնպես, ինչպես նա աշխատել է օրվա ընթացքում: Եթե այս տեսակ հանդես լինի Մոսկվայում կամ Պետերբուրգում, եթե այդ չափ բազմություն այնտեղ ժողովվի մի տեղ, կարելի է երևակայել, թե որքան կողեր կջարդվեն, որքան քիթ ու պռունկներ կարյունոտվեն, որքան հարբածներ կկործանվեն մեքենաների և աջ ու ձախ սլացող էլեկտրական և շոգեշարժ տրամվայ կառքերի տակ և քանի-քանի ջիբգիրներ և սկանդալիստներ կուղարկվեն ոստիկանատուն կամ ոստիկանները քանի-քանի անմեղների գլուխը կջարդեն:

Այստեղ դարավոր քաղաքակրթության հետևանքներն ես տեսնում: Լսում ես` բարձրաձայն գոռոցներ, քրքիջ, ծիծաղ, տարօրինակ աղաղակներ, ծվվոցներ, ճչեր, բայց այդ բոլորը կատակ է, անմեղ խաղ: Այստեղ ոչ ոք ոչ ոքի չի դիպչում, չի վշտացնում: Ամենակոպիտ բանվորն անգամ ամեն վայրկյան մոտովդ անցնելիս կրկնում է` pardon, սիրալիր ժպիտը երեսին: Մի դիպչիր նրան, որ ունի նուրբ ինքնասիրություն, և նա երբեք դեմքի և ոչ մի շարժումով չի վշտացնիլ քեզ: Նայում ես շուրջդ և տեսնում ես այստեղ մի քանի ոստիկաններ ցցված: Նրանք իսկապես գործ չունեն այստեղ, բացի այս կամ այն ծառայությունը հասարակությանը մատուցանելուց:

Մոտ տասներկու ժամին ամբոխը ցրվում է այնքան խաղաղ և կանոնավոր, որչափ մեր այսպես կոչված «բարձր» դասակարգը չի ցրվում Իբսենին կամ Հաուպտմանին լսելուց հետո:

Նրբությունը ֆրանսիացու ազգային դարավոր հատկությունն է, այս արդեն հայտնի է: Հայտնի է նաև, որ ճշտապահությունն էլ գերմանացու ազգային հատկությունն է: Սակայն Բեռլինում մի օրվա ընթացքում ինձ հինգ անգամ խաբեցին, օգտվելով գուցե այն հանգամանքից, որ ես գերմաներեն չգիտեմ: Գուցե այս մի պատահմունք էր. բայց փաստը մոռանալ չեմ կարող: Ուրիշ փաստ: Բեռլինում ես գնեցի մի ճանապարհարկղ: Խոստացան, ըստ սովորության, անմիջապես գնածս ուղարկել հյուրանոց: Եկա հյուրանոց, չկար: Մի ժամ անցած` գնացի խանութ, դարձյալ խոստացան ուղարկել, դարձյալ չկատարեցին: Վերջապես, երրորդ, չորրորդ անգամ գնացի և միայն այն պահին բերեցին արկղը, երբ արդեն պիտի ուղևորվեի:

Քսանումեկ օր է այստեղ եմ, ամեն օր ընտանեկան տնտեսության վերաբերմամբ գործ ունեմ զանազան մարդկանց հետ, դեռ չի պատահել, որ ֆրանսիացին իր խոստումը ճիշտ վայրկյանին չկատարի:

Ես չսիրեցի Բեռլինը, ոչ իր շքեղ լուսավորությամբ, ոչ մաքուր փողոցներով, ոչ իր հագուստեղենի էժանությամբ և ոչ նրա ոչինչ տպավորություն չգործող արձաններով, թանգարաններով, կոպիտ տղամարդկանցով, տձև կանանցով և մանավանդ գոռոզադեմ և հակակրելի սպաներով, որոնք մոմից շինած ֆիգուրների տպավորություն են գործում:

Տեսա Օդեոնում մի բավական պատասխասատու դերում պ. Մաքսուտյանին: Կգրեմ իմ տպավորությաս մասին:

IV

Փարիզ, 20 սեպտ.

Գաստոն Լերուն, որ «Matin»-ի կողմից ուղարկված է Բաքու իբրև հատուկ թղթակից, ահա երեք օր է մանրամասն նկարագրում է սոսկալի դեպքերի պատկերը:

Թղթակցի ստացած տպավորություններ ընդհանրապես ճիշտ են: Պարզ է, որ նա չի ղեկավարվում ոչ մի կանխակալ կարծիքով: Իբրև զուտ եվրոպացի և կրթված մարդ, ձգտում է մեր երկրի անհուն թշվառության հիմնական պատճառները գտնել և լուսաբանել: Նա արմատապես հերքում է այն գաղափարը, թե իբր ներկա ողբերգության շարժառիթը հայերի տնտեսական դիրքն է Կովկասում, մանավանդ Բաքվում:

Այդ հերքումն ունի մեզ համար այնքան նշանակություն միայն, որչափ, հարկավ, գնահատելի է ֆիանսիական մամուլի և հասարակության կարծիքը: Պետք է ասած, որ վերջերս նկատվում էր մի տեսակ հեղաշրջում այդ կարծիքի մեջ` ի վնաս մեր բարոյական համբավի: Ֆրանսիացին` ինչպես կենդանի, վառվռուն և շուտ տպավորվող մարդ, չափազանց դյուրահավան է և նույնիսկ այնպիսի լուրջ անձինք, որպիսիքն են Ժորես և Կլեմանսո, վերջերս տրամադրված էին հավատալու հայի գիշատիչ տնտեսական հակումներին, որի մասին ակնարկեցին այստեղ մի քանի լրագիրներ:

Գաստոն Լերուի հերքումը ժամանակին հասավ, և, անկասկած, իբրև Փարիզի լուրջ լրագիրներից մեկի խոսքը, նրա թղթակցությունները կունենան որոշ ազդեցություն:

Այսօր «Le Journal»-ում տպվեց լրագրի հատուկ թղթակից պ. Գաբրիել Բերթրանի առաջին թղթակցությունը Թիֆլիսից: Նախքան Բաքու ուղևորվելը Պ. Բերթրանը անհրաժեշտ է համարել ներկայանալ փոխարքա կոմս Վարանցով Դաշկովին: Անկասկած ձեզ համար հետաքրքրական է, թե ինչ է ասել մեր երկրի պետը ֆրանսիացի ժուռնալիստին Կովկասի և առանձնապես հայերի մասին: Առաջ եմ բերում համառոտած` կոմսի խոսքերը.

«Չկա սեպերատիստ շարժում ոչ վիրական, ոչ թրքական, ոչ հայկական, կա միան միջազգային հեղափոխական գործունեություն, որ նպատակ է դրել պրոպագանդա անել դժգոհ և անկարգ տարրերի մեջ և օգտվում է ամեն մի դժբախտությունից ու դժգոհությունից: Ժողովրդի բազմությունը չգիտե այդ շարժման նպատակը: Չնայելով սրան, ես չեմ կասկածում, որ հայերը այսուհետև կպահպանեն անկշտամբելի դիրք: Մինչև այն պահը, երբ ճնշիչ միջոցների դիմվեց, հայերը իրանց բոլոր ջանքերը ամփոփած էին Թուրքիայի մեջ, այժմ երբ վերադարձրած են նրանց եկեղեցական կալվածներն և դպրոցները, ես կարծում եմ, որ կարելի է հենվել նրանց խոհեմության և քաղաքագիտական իմաստության վրա: Մենք չենք թույլ տալ, որ նրանք ենթարկվեն մուսուլմանների թշնամությանը, և թուրք ու հայ պաշտոնյաներին կփոխարինենք ռուս պաշտոնյաներով, որպեսզի ապահովենք անաչառությունը»:

Թղթակիցն ավելացնում է, թե ինքը չհամարձակվեց մի բառ անգամ ասել, թե իր այս խոսքերով կոմսը որ չափով պարսավում է կովկասյան կառավարչության նախկին ճնշիչ քաղաքականությունը հայերի վերաբերմամբ:

Առանձնապես հայ-թրքական թշնամության մասին կոմսը ասել է թղթակցին հետևյալը.

«Մուսուլմանները, որ եղել են այս երկրի տերերը, երկար ժամանակ հայերին նայել են իբրև իրանց ճորտերին: Վերջապես դրությունները փոխվել են, այժմ հայերը իբրև շատ աշխատասեր և շատ կրթված տարր, ձեռք են բերել աչքի ընկնող տնտեսական դիրք: Եվ ահա նախանձի զգացումը` ֆանատիկոսությունից գրգռված, առաջացրել է այժմյան ընդհարումը, որ կխափանվի շուտով: Պարսկաց սահմանների մոտ ցցված մի քանի կանաչ դրոշակներ չեն կարող մեզ լուրջ անհանգստություն պատճառել»:

Գրեթե այստեղի բոլոր լրագիրները լուրջ հետաքրքրված են Կովկասի դեպքերով, և օր չի անցնում, որ մենք տեղեկություններ չունենանք մեր երկրի մասին: Ֆրանսիացիները կարդում են այդ տխուր լուրերը և սոսկում, թե ինչեր են կատարվում քսաներորդ դարում մի եվրոպական համարված պետության սահմաններում: Հայի հանդիպելիս նրանք իրանց բուռն ցավակցության հետ արտահայտում են բուռն վրդովմունք: Խոսում են բարձրաձայն ինչ-որ զուր տեղը դրված միլիարդների մասին: Երբ Սենայի վրա ես, ցույց են տալիս մի փառահեղ նորաշեն կամուրջ, որ Փարիզի շքեղություններից մեկն է Շանզ-Էլիզե արվարձանում:

Դա մեր թեթևամտության արձանն է, — ասում են նրանք, — որ շտապեցինք կառուցանել րոպեի տպավորության տակ: Բարեկամ էինք մի հսկայի, հույս ունեինք, որ նա մի օր, վերջապես, կջնջի մեր մեջ երեսունուհինգ տարի մեր սիրտը կրծող զգացումը վրիժառության, որ ստեղծեց Էլզաս-Լոթարինգիայի կորուստը: Բայց հսկան հայտնվեց անզոր: Նրա ոտները խեցիից էին և կործանվեց թզուկներից: — Կորցնելով իր վարկը եվրոպական պետությունների շարքում, կորցրեց և մեր հույսը և փոխարենը ձգեց մեր սիրտը մի տեսակ ամոթի զգացում, որ ճնշում է մեզ այսօր:

Այդ ձեր սխալն էր, — հարկադրված ասում են ֆրանսիացուն, — կարո՞ղ է միթե լինել բարեկամություն ազատության և բռնակալության մեջ: Այդ ձեր սխալն էր, պատմական մի անզգույշ քայլ:

Ֆրանսիացին գլուխը թեքում է կրծքին և լռում: Բայց միայն մի քանի վայրկյան: Շուտով նա հպարտ բարձրացնում է գլուխը և գոչում.

Ոչ, դեռ Ֆրանսիայի պատմությունը վերջացած չէ: Նա դեռ ունի խոշոր դեր ազգերի մեջ: Եվ հավատացեք` կգա մի օր, որ նա դարձյալ իր ձեռքը կառնի արևելյան ճնշված ազգերի ազատության գործը...

Կգա՞ արդյոք այդ օրը...

V

Փարիզ, 11 հոկտեմբերի

Անշուշտ հեռագրական գործակալությունները ձեզ հաղորդած կլինեն տուբերկուլոզի վերաբերմամբ այստեղ կազմված միջազգային համագումարի մասին:

Մի շաբաթ միայն տևելուց հետո` համագումարը փակվեց երեկ չէ մեկել օրը: Աշխարհի բոլոր կողմերից ժողովված բժիշկները, որոնց թվում մի շարք նշանավոր գիտնականներ, հաղորդեցին գրավոր և բերանացի իրանց գիտցածը մարդկության սոսկալի թշնամիններից մեկի մասին:

Փարիզն անհամբեր սպասում էր համագումարի հետևանքներին, մամուլը ամեն օր տալիս էր մանրամասն տեղեկություններ: Հույս էր հայտնվում, որ այս անգամ գոնե մարդկությանը կավետվի մի փրկարար միջոցի գյուտը այն ախտի դեմ, որ օրական մի քանի հազար մարդ է ուղարկում գերեզման:

Համագումարի բացումից հետո «Matin»-ի մի աշխատակիցը դիմում է հռչակավոր Բերինգին, խնդրելով հայտնել` արդյոք ճի՞շտ է քաղաքում պտտող լուրը, թե նա երկարամյա փորձերից հետո գտել է տուբերկուլոզի հակաթույնը: Բերինգը խոստովանում է, թե, արդարև, վերջին հինգ տարիները զբաղված է եղել իր լաբորատորիայում այդ խնդրով: Փորձերը աջող են եղել, և նա գտել է ախտի բացիլները ոչնչացնելու միջոց: Սակայն առայժմ նա չի կարող լույս ընծայել իր գյուտը, որովհետև իր հակաթույնը փորձել է կենդանիների (եզների) վրա և հույս ունի, որ մի տարուց հետո մարդկությանը կավետի ուրախալի լուր:

Գիտնականների և քաղաքագետների ոճին հատուկ զգուշությամբ և վերապահումներով է խոսել Բերինգը, իրոք նրա ասածների միտքն այդ է:

Մյուս օրը «Matin»-ը հրատարակում է իր աշխատակցի էնտերվյուն: Փարիզի մամուլը բարձրացնում է աղմուկ: Այդ ի՞նչպես է, որ սենսացիոն լուրը «Matin»-ին հաջողվեց ամենից առաջ հրատարակել: Սկսվում է լրագրական բոբչինսկի-դոբչինսկիների արշավանքը դեպի գիտնականները: Դիմում են Բերինգին, որ նա հրապարակորեն կամ պնդի, կամ հերքի «Martin»-ի ասածը: Գերմանացի գիտնականը պատասխանում է` ինքը իբրև Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչ` անհարմար է համարում լրագրների մեջ խոսել և թե երկու օրից հետո, այն է, շաբաթ 8-ին զեկուցում կկարդա համագումարի նիստում:

Դիմում են ի միջի այլոց և ռուս գիտնական Մեչնիկովին: Սա պատասխանում է, թե այնքան հավատում է Բերինգի տաղանդին և լրջությանը, որ համոզված է, թե վերջ ի վերջո գերմանացի գիտնականը տուբերկուլոզի դեմ կգտնի այնպիսի հաստատ միջոց, որպիսին գտել է դիֆտերիտի դեմ: Ավելացնում է ռուս գիտնականը, որ ինքը միայն մոտավորապես ծանոթ է Բերինգի փորձերին, և թե միջոցը տակավին գաղտնիք է, որ կպարզվի ոչ ուշ, քան մինչև 1906 օգոստոսը:

Վերջապես, շաբաթ, ամսույս 8-ին Բերինգը մոտ երկու հազար մարդու ներկայությամբ կարդում է իր զեկուցումը: Գիտնականը պնդում է իր ասածը «Martin» -ի աշխատակցին:

Մասնագետ չլինելով, վախենում եմ աղավաղել հռչակավոր բժշկի զեկուցման իմաստը, ուստի առաջ չեմ բերում նրա զուտ մասնագիտական զեկուցման բովանդակությունը, ուր կան ինձ համար անհասկանալի տերմիններ: Խնդիրն այն է, որ Բերինգը գտել է ինչ-որ միջոց իր հայրենակից Կոխի գտած բացիլների դեմ: Միջոցը տուբերկուլոզային հակաթույնի սրսկումն է ախտավորի օրգանիզմի մեջ: Սակայն գիտնականը տակավին ձեռնպահ է մնում և խոստանում է դրական խոսք ասել ոչ առաջ, քան կծանոթանա Մեչնիկովի ուրիշ համանման փորձերի և ոչ առաջ, համենայն դեպս, քան մոտ մի տարի անցած

Այս է բոլորը: Սպասենք և հուսանք: Այսպես թե այնպես, Բերինգը միակ հետաքրքրական անձն էր համագումարի մեջ և նրա զեկուցումը միակ ուշագրավը: Մնացյալում համագումարը նման էր մյուս շատ միջազգային համագումարների, որոնք մեծ մասամբ իսկապես զբաղվում են ուտել-խմելով ու զբոսանքներ կատարելով:

Երեկ «Journal»-ը տպեց իր հատուկ թղթակցի մի ընդարձակ հեռագիրը սեպտեմբերի` Թիֆլիսում կատարված զարհուրելի դեպքերի մասին: Տպավորությունը ահագին է: Ֆրանսիացիները ապշած են և ողբում են Կովկասը: Մի ժամանակ լրագիրները հեռագրեր ստացան և Մոսկվայում նոր սկսված ընդարձակ շարժման մասին: Հավատացնում են հատուկ թղթակիցները, որ այդպիսի շարժում դեռ մինչև այժմ չի եղել Ռուսիայում: Պետերբուրգից հաղորդում են, որ սպասվում է և այնտեղ նույնպիսի շարժում:

Կործանվում է, կործանվում է, — կրկնում են ազատամիտ ֆրանսիացիները:

Ո՛չ, դեռ կանգուն է և շուտով դարձյալ ցույց կտա իր զորությունը, — պատասխանում է «հայրենասերների» խումբը, որ տակավին «ալիսանի» ջերմ պաշտպանն է:

Սպասվում է ռուսաց թղթերի անկում: Բորսայում տիրում է իրարանցում: Բանկերը մեծ զգուշություն են գործ դնում այդ թղթերի վերաբերմամբ:

Սկսվել է ռուս ուսանողների ահագին հոսանք դեպի Փարիզ, ինչպես և դեպի Եվրոպայի մյուս քաղաքները: Երեկ Օpéra-Comique-ում հանդիպեցին նրանց մի ահագին խմբին, որ նոր էր եկել Մոսկվայից, Պետերբուրգից, Խարկովից և Կիևից: Պետք է լսել նրանց հուսահատական խոսքերը իրանց հայրենիքի վիճակի մասին: Նրանք հիասթափված են, չեն հավատում ոչ մի բարեփոխության, ոչ մի խոստման և առայժմ միակ իրանց փրկությունը տեսնում են հայրենիքից փախչելու մեջ:

Երկուսից մեկը, ասում են. կամ պետք է հայրենիքի փողոցներում նահատակվել կամ փախչել: Մենք ընտրեցինք վերջինը...

ԺԱՆՆ ՎԵԲԵՐ

Փարիզ, 1 մայիսի

Ժանն Վեբերն այն հավիտենական տիպերից է, որ բնությունը ժամանակ առ ժամանակ ժայթքում է, կարծես ապացուցանելու, թե մարդ էակը որքան և քաղաքակրթվի, ըստ էության գազան է:

Ժանն Վեբերը մի սոսկալի հրեշ է, որի նմանը եղել է սրանից երեսուն տարի առաջ Իտալիայում, ինչպես ասում է Լոմբրոզոն:

Դուք հիշում եք անշուշտ Սոլեյանին, որ իր բարեկամի տասներեք տարեկան աղջկան բռնաբարելուց հետո սպանել էր ու հետո դիակը մաս-մաս կտրատել: Այս սոսկալի եղեռնագործության կոշմարը նոր միայն չքացավ Փարիզից, երբ հրեշն անհետացավ Ֆրանսիայի սահմաններից` իբրև հավիտենական աքսորական:

Ժանն Վեբերը Սոլեյան չէ:

Նա Ջեկ չէ, որ սրանից մոտ տասնհինգ տարի առաջ Լոնդոնի խուլ անկյուններում բռնում էր ձեռքն ընկած կանանց, տանում անտառ և իր սուր դանակով պատռում նրանց որովայնը: Եվ պատռելուց հետո իր զոհերի դիակների վրա թողնում էր թղթի մի կտոր, ուր գրված էր` «Ջեկ, որովայն պատռող»:

Ժանն Վեբերը Տրոպման չէ, որին նկարագրեց Տուրգենևը` ինչպես մի առեղծվածի: Տրոպմանը սառնարյուն խողխողեց վեց թե ութ հոգուց բաղկացած մի ընտանիք, սառնարյուն խոստովանեց իր ոճիրը և կախաղան բարձրանալուց կես ժամ առաջ, երբ հագնվում էր, սառնարյուն արտասանեց. «Ձախ կոշիկս սեղմում է ոտքս»: Նա տասնութ տարեկան էր:

Ժանն Վեբերը ոչ մեկն է, ոչ մյուսը, ոչ երրորդը: Նա այդ երեք տարբեր հրեշների խառնուրդն է, ավելի անգութ, ավելի խելոք և ավելի... ցինիկ:

Նա վավաշոտ է, ինչպես Սոլեյանը, դաժան, ինչպես Ջեկը և սառնարյուն ինչպես Տրոպմանը:

Լրագիրներն ասում են, որ նա չորս օրվա ընթացքում ունեցել է տասներկու սիրական: Եվ ոչ մեկը սրանցից մի օրից ավելի չի կարողացել կենակցել նրան...

Վեց անմեղ մանուկներ տարիների ընթացքում միմյանց հետևից խեղդելուց հետո, նա այսօր նորից բանտումն է: Վերջին ոճիրը կատարելու օրից նա ուտում է, խմում է գայլի ախորժակով և քնում հանգիստ, ինչպես մի ազնիվ աշխատավոր:

Վեբերը միջահասակ է, առողջ կազմվածքով: Նրա երեսը լայն է, գլուխը կլոր, ճակատը տափակ, քիթը նույնպես և աչքերը դասավորված միմյանցից խիստ հեռու:

Տարիներ առաջ Ժաննը գրավում է Վեբեր ազգանունով մի բարեհամբույր, համեստ աշխատավորի և հետն ամուսնանում: Հենց առաջին օրից դառնում է սիրելի ոչ միայն իր ամուսնու ազգականներին, այլև հարևաններին ու ծանոթներին: Նա սիրում է իր ամուսնու եղբոր զավակներին մայրական սիրով ու քնքշությամբ: Այնքան է սիրում, որ ծնողներն իրենց փոքրիկների խնամքը միանգամայն նրան են հանձնում:

Մի առավոտ այդ երեխաներից մեկը գտնվում էր անկողնում... մեռած: Ո՞վ կարող է երևակայել, թե Ժաննը է խեղդել իր տագեր զավակին: Քիչ ժամանակից հետո մյուս երեխան է մեռնում նույն հանգամանքներում: Այս անգամ կասկած է ընկնում ծնողների սիրտը Ժաննի վերաբերմամբ: Բայց այս կասկածն էլ շուտով փարատվում է, երբ Ժաննը առանց շփոթվելու, առանց խղճի որևէ խայթ զգալու, ապացուցանում է իր անմեղությունը: Բժիշկները պնդում են, թե փոքրիկներն ի ծննդե ենթակա են եղել շնչարգելության:

Բայց ահա Ժաննը դառնում է մայր, և նրա երկու երեխաները, հազիվ maman արտասանելը սովորած, մեկը մյուսի հետևից խեղդվում են իրենց անկողնում: Ժաննին դատի են ենթարկում իբրև որդեսպանի: Նրան պաշտպանում է Փարիզի նշանավոր փաստաբաններից մեկը: Չգիտեմ ինչպես, դատարանն արդարացնում է նրան:

Բայց արդեն Ժանն Վեբերի անունը հռչակված է: Ամենից անիծված, հալածված, անտուն-անտեր նա սկսում է թափառել Փարիզի շրջակայքում, մուրալով մի կտոր հաց և վաճառելով իր մարմինը կամեցողներին:

Մի բարեսիրտ մարդ Բավուզե ազգանունով խղճում է նրան և ընդունում իր տանը: Վեբերն այդ ժամանակ իր անունն ու ազգանունը փոխած է լինում: Բավուզեն չգիտե նրա անցյալը: Նա ունե երկու զավակ` մի աղջիկ և փոքրիկ տղա: Ժաննը միանգամից սիրում է այդ երեխաներին և կարողանում է ինքն էլ սիրելի դառնալ: Այժմ նա համեստ, շատ համեստ, աշխատասեր մի կին է, որ ամենայն բարեխղճությամբ օգնում է տիկին Բավուզեին տնտեսական աշխատության մեջ:

Մի օր ինչ-որ պատանիներ այդ տղային տանում են քեֆի և խմեցնում: Փոքրիկը տուն է վերադառնում հարբած և գիշերը մեռնում է: Նրան թաղում են: Ծնողներր նրա մահը համարում են պատահար: Բայց մի քանի ամիս անցած, Բավուզեն հանկարծ մի օր իմանում է, թե իր տանը ապաստանածը անցյալ թափառական Ժանն Վեբերն է: Կասկած է ընկնում նրա սիրտը, արդյոք Ժաննը չի՞ խեղդել իր զավակին: Դիմում են տեղական դատավորին: Դեպքը պատահել է Շատոռուում: Մանկան դիակը դուրս են բերում գերեզմանից և քննում: Քննող բժիշկները հայտնում են, որ երեխան խեղդված է ուրիշի ձեռքով: Նույն համոզմունքի է և տեղական դատավորը: Բայց փաստաբանը պահանջում է, որ նորից քննվի դիակը: Այս անգամ Փարիզից հրավիրվում է պրոֆեսոր Թուանոն: Այս գիտնականը մի անգամ արդեն ազատած է լինում Ժաննին, երբ սա կասկածի տակ է լինում, թե խեղդել է իր զավակին: Թուանոն հերքում է Շատոռուուի համեստ բժիշկների ցուցմունքը: Ժաննը նորից արդարանում է և ազատվում բանտից:

Լրագիրները նկարագրում են նրա հոգեկան տանջանքները: Փողոցային բանաստեղծները երգում են նրա «անքուն գիշերները», նրա «ողբալի ճակատագիրը», որ այնքան հալածել է նրան: Ժաննը դառնում է հերոսուհի: Տարփամոլությունըrotomanie) մի առանձին հակումն ունի դեպի արտակարգ էակները: Դեռ հիվանդանոցում Ժանն Վեբերը մի գյուղաքաղաքից ստանում է Ժոլի անունով տարփամոլից «սիրահարական» նամակ: Ժոլին կարդացել է բոլոր անարդար մեղադրանքները «բազմաչարչար» Ժաննի մասին: Նա արդեն պաշտում է նրան, երեսը չտեսած: «Եկ, եկ, Ժանն, — գոչում է նա, — իմ գիրկը բաց է քեզ ջերմ սիրով ընդունելու համար, ով տանջված անմեղություն»:

Ժաննը շտապում է Ժոլիի մոտ: Սակայն մնում է այնտեղ ընդամենը չորս օր: Եվ այդ չորս օրվա մեջ է, որ նա ձեռք է բերում տասներկու սիրական:

Մի օր նա իր սիրականներից մեկի հետ գնում է հարևան գյուղը: Գիշերելու համար` տեղական հյուրանոցում սենյակ է խնդրում: Տալիս են: Սիրականը չքանում է: Հյուրանոցում կենում է Պուառո անունով մի ընտանիք:

Գիտեք, — դառնում է Ժաննը տիկին Պուառոյին, — իմ սիրականը շատ խանդոտ է, թույլ տվեք ձեր փոքրիկին ինձ հետ քնելու:

Հայրը համաձայնում է:

Առավոտը փոքրիկին գտնում են Ժաննի անկողնումխեղդված...

Նոր միայն իմանում են, որ այդ հրեշը Ժանն Վեբերն է:

Ժաննը այսօր էլ անմեղ է ձևանում: Եվ կան մարդիկ, որ տակավին պաշտպանում են նրան:

ԹՈՒՅՆԸ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ Է

Կիլիկյան այլևս գոյություն չունի իբրև հայաբնակ երկիր: Հայաստանն ամայանում է:

Թուրքիան սկսել է գործադրել իր դժոխային ծրագիրը, բնաջինջ անել հայ ազգը:

Հայ տղամարդկանց նա քշում է Ասիայի խորքերը և ճանապարհին կոտորում նրանց:

Հայ կանանց ցրում է փաշաների հարեմները, բաժանում է օֆիցերներին ու զինվորներին` եթե երիտասարդ են, ժողովում է եկեղեցիների մեջ և այրում կենդանի-կենդանի, եթե ծեր են: Սրանք են վերջին լրագրական տեղեկությունները ամենաստույգ աղբյուրներից:

Ռուսահայ ժողովուրդն անասելի սգի մեջ է: Երբեք հայի թշվառությունն այդ աստիճանին չի հասել: Երբեք, նույնիսկ Լենկ-Թեմուրների և Շահ-Աբբասների օրերում:

Արդ, ի՞նչ են անում ազգերը նման դրության մեջ, եթե նրանց մեջ մեռած չէ պատվի և ինքնասիրության զգացումը: Անում են այն, ինչ որ կարող են անել և պարտավոր են անել: Անում են այն, ինչ որ մեր աչքի առջև անում են մեզանից ոչ մեծ ազգերը, սերբերը, չերնոգորցիները, բելգիացիները: Լարում են իրենց բոլոր բարոյական և նյութական ուժերը և զոհաբերում ամեն ինչ, որ ունեն: Որպեսզի` եթե չկարողանան իրանց փրկել, գոնե մեռնել պատվով: Որպեսզի համամարդկային պատմության մեջ չթողնեն արատավոր հետք:

Հայը սովորեց զոհաբերել իր կյանքը պատվի համար, բայց չսովորեց զոհել իր դրամը պատվի համար:

Ահա որտեղ է մեր ամենամեծ թշվառությունը, մեր ամենախոշոր արատը բարոյական:

Դուք կասեք, որ արատը մեզ վրա գցողը մի բուռն մարդիկ են, որոնց ձեռքումն է, դժբախտաբար, կենտրոնացած ազգի նյութական ուժը: Այո, բայց չէ որ այդ մարդիկ մեր արյունից ու մեր մարմնից են բաղկացած: Չէ որ նրանք պատիվ ունեն հայ անունը կրելու: Եվ ահա օտարները կատարյալ իրավունք ունեն մեզ ասելու այն, ինչ որ ասում են ամեն օր և ամենուրեք:

Հայը ազգային պատվասիրություն չունի:

Ես, իհարկե, այնքան միամիտ չեմ, որ երևակայեմ, թե իմ խոսքը կարող է կակղեցնել հայ միլիոնատերերի ժայռացած սրտերը կամ շարժել նրանց քարացած մտքերի ուղղությունը: Եթե մայրաքաղաքում ապրող, ռուս հասարակության լավագույն ներկայացուցիչների մթնոլորտում շնչելու պատիվն ունեցող ու արտասահմանյան կրթություն ունեցող և խելոք համարված մի հայ միլիոնատեր չի ամաչում իր թշվառ հայրենիքի երեսին շպրտել իր կարողության հազիվ մեկհազարերորղ մասը ազգի այս օրինական թշվառության օրերում, այն էլ ամիսներ շարունակ լրագիրների էջերում գովվելուց ու փառաբանվելուց հետո, եթե Թիֆլիսի առաջնակարգ փողոցում պալատներ կառուցանող մի ուրիշ միլիոնատեր հայ կամավորների արյունը գնահատում է իր կարողության դարձյալ հազարերորդականով, և. թե մեկն ու թե մյուսը չեն ամաչում այնուհետև երևալ օտարներին, եթե չեն զգում նրանց ծաղրը, արհամարհանքն ու զզվանքը, հապա ինչ ազդեցություն կարող է ունենալ իմ գրիչն այդպիսիների վրա:

Բայց ես մի նպատակ ունեմ` գրգռել հայ հասարակության ընտիր մասի խիղճն այդ տեսակ ֆենոմենների դեմ:

Թող չկարծեն այդպիսի մարդիկ, որ իրենց առասպելական քարասրտության մեջ կարող են ապրել հանգիստ ու ապահով: Ոչ, կա մի ահեղ դատավոր, որ չարաչար կպատժե նրանց ապագայում, եթե այժմ իսկ չշտապեն խելքի գալ: Եվ հենց այն սոսկալի թույնն է, որ օր-օրի վրա կուտակվում է զգայուն սրտերի մեջ:

ԴՈՒՔ ԿԵՂԾՈՒՄ ԵՔ

Դուք ասում եք, թե հասարակությունն առհասարակ ավելացնում է ձեր հարստության չափը, թե դուք չունեք այնքան, որքան կարծում են մարդիկ:

Next page