Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Դուք շատ անգամ կոկորդիլոսի արցունքներ եք թափում, թե ձեր գործերը վատ են ընթանում, թե ահագին վնասներ եք կրում, թե պատերազմը քայքայել է ձեզ և այլն և այլև:

Հավատացնում եմ ձեզ, որ ձեր լալկանությամբ ոչ ոքի չեք կարող խաբել: Ձեր հարստություններն ասպարեզի վրա են ցերեկվա լույսով լուսավորված: Եվ այնքան նրանք բարձր են աղաղակում իրանց մասին բանկերում, բորսաներում, նույնիսկ փողոցներում, որ երբեք ձեր սուտ հեկեկանքները չեն կարող խլացնել նրանց ձայնը:

Խոսք չունեմ, մարդիկ կարող են մի քիչ սխալվել կամ ավելացնելով կամ պակասեցնելով ձեր ունեցածի չափը, բայց թե յուրաքանչյուրը շատ լավ գիտե ձեր հարստության մոտավոր քանակը, այդ ձեզ հայտնի է:

Արդ, ինչո՞ւ համար եք աղի արցունքներ թափում և կուրծք ծեծում: Մի՞թե չեք հասկանում և զգում, որ դա ձեզ ավելի է նսեմացնում:

Գոնե մի փոքր հպարտություն ունեցեք, ասացեք անկեղծ. «Ունենք, բայց չենք ուզում տալ»: Կամ ավելի ճիշտն ասացեք` «Կկամենայինք տալ և թեթևացնել մեր խիղճը, բայց չենք կարողանում: Իսկ մենք գիտենք, թե ինչո՛ւ չեք կարողանում: Չեք կարողանում, որովհետև ոսկին, այդ սքանչելի հրաշագործը բարի մարդկանց ձեռքում և սոսկալի չարագործը չարերի ձեռքում, այնպես ամուր է շաղկապվել ձեր հոգիների հետ և այնպես սերտ ձուլվել ձեր արյան և մսի հետ, որ առանց հոգեկան անասելի վշտի և առանց մարմնավոր անհուն տանջանքի չեք կարող բաժանվել նրանից: Եվ ամեն մի կտոր ոսկի ձեզնից պոկողը ձեր մարմնի մի մասն է պոկում:

Խեղճե՛ր: Հավատացեք, որ դուք խղճալի մելոմաններ եք, որոնց հարկավոր է արմատական բժշկություն

Հետո, ինչո՞ւ համար եք սուտ պատրվակներ հնարում: Օրինակ, ինչո՞ւ համար եք շարունակ աղաղակում. «Չենք տալիս, որովհետև չենք հավատում ոչ ձեզ և ոչ ձեր ձեռնարկած գործերին»:

Ենթադրենք մի րոպե, որ ձեր համոզմունքն է, որ թույլ չի տալիս ձեզ, օրինակ, խոշոր նվիրատվություններ անել հայկական դատի կամ հայ կամավորների օգտին: Բայց հո գաղթականությանը հավատում եք: Գիտեք, թե թշվառների ինչ անհուն բազմություն է ձեզնից օգնություն հայցում: Ինչո՞ւ գոնե նրանց չեք օգնում: Արդյոք Վեհափառ Հայրապետի՞ն էլ չեք հավատում: Նրա դառն արցունքներին և ոչ օտարազգի բարձրադիր անձա՞նց, որոնց մարդասիրական օրինակն անգամ չի հափշտակում ձեզ:

Բայց ոչ, դուք կեղծում եք

Ի՞ՆՉ ԿԱՆԵ ՆԱ

Սոսկալի են Համբարձում Առաքելյանի` իր վերջին ճամփորդությունից բերած տեղեկությունները:

«Հայաստանն անհետացել է», — աղաղակում է նա, 40 տարի հայկական ապաբախտ դատով ապրած, տանջված և տառապած հայի սարսափով:

Կամ Հայաստանն ունենալ իր ձեռքում իբրև հավիտենական զոհարան, գազանային ոճիրների և բռնությունների անսպառ փորձարան, կամ հանձնել նրան Ռուսաստանին ամայի:

Այդ էր ուզում Թուրքիան և այդ էլ իրագործում է կամ արդեն իրագործել վերջացրել է:

Փրկեցեք գոնե սովամահից մնացյալ բեկորները, այն 100000 փախստականներին, որոնք ապաստան են գտել մեզ մոտ, — գոչում է բազմավաստակ հայ հրապարակախոսը հուսահատական ձայնով:

«Օգնեցեք», — աղերսում է հայ եկեղեցու պետը, արտասուքը աչքերին դիմելով ամենուրեք` սկսած Երևանից մինչև Պետրոգրադ:

Անկասկած, այս անգամ էլ կլսվեն և Վեհափառ Հայրապետի կոչը և վշտացած հայ հրապարակախոսի աղաղակը:

Եվ կժողովվեն ամենուրեք այն մարդիկ, որոնք իրանց գլխին աստված են զգում և կրծքի տակ խիղճ, կխոսեն, կխորհրդակցեն, գուցե և կարտասվեն ու մի անգամ էլ կանեն, ինչ որ հնար ունեն անելու: Կտա, ինչքան կարող է տալ հայ գյուղացին (իհարկե, ամենից առաջ նա), հայ արհեստավորը, հայ խանութպանը և հայ ինտելիգենտը:

Իսկ ի՞նչ կանե այդ ժամանակ հայ միլիոնատերը: Չպիտի մարգարե լինել գուշակելու համար:

Նրա բուսական անդորրությունը մի փոքր վրդովվում է, նրա նիրհող խիղճը մի փոքր կհուզվե: Նա կկամենա ձեռքը տանել իր գրպանը: Բայց այն ժամանակ անմիջապես նրա առջև կցցվե Ոսկե Հորթը և կասի հետևյալը.

Զգույշ, մի հուզվիր, մի խղճար, ի՞նչ ասել է խիղճ կամ աստված: Քո միակ աստվածն ես եմ թե այս աշխարհում, թե գերեզմանից դեն: Չէ՞ որ ինձ համար ես դու պահել ամեն ինչ` և քո աշխատանքը, և քո խելքը, և քո զգացումները, և քո խիղճը, և քո պատիվը, նույնիսկ քո զավակների երջանկությունը և ճակատագիրը: Չէ՞ որ ինձ ես եղել դու միշտ հավատարիմ, ինձ` քո միակ խղճին, միակ աստծուն: Ուրեմն, մնա ինձ հավատարիմ ցմահ: Մնա ինձ հավատարիմ ստրուկ և այժմ, երբ քո մի ոտն արդեն գերեզմանումն է

Եվ ողորմելի, ստրուկ միլիոնատերը նորից կընկճվի, նորից կստրկանա իր անողոք աստծու առջև:

Եվ նա գողնովի դողդոջուն ձեռքով, ահով ու սարսափով կձգե մի չնչին լումա թշվառներին:

Որպեսզի վայրկենաբար հուզված խիղճը հանգստացնե:

Այնուհետև նա նորից կմտնե իր բուսական անդորրության մեջ:

ՈՉՆՉՈՎ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ

Հայ միլիոնատերերը կարող են ինձ ասել.

Լավ, ընդունում ենք, որ մենք անտարբեր ենք դեպի մեր ազգի անասելի թշվառությունները, և դուք ունեք իրավունք մեզ անվանելու անսիրտ, անհոգի: Իսկ ի՞նչ եք դուք, ի՞նչ է հայ ինտելիգենցիա կոչված ձեր դասակարգը: Այդ բազմաթիվ բժիշկները, իրավաբանները, ինժեներները, ճարտարապետները, որոնք այնքան հետամուտ են մեզ և այնքան շոյում են մեզ ամեն օր: Չէ՞ որ նրանք մեզնից ավելի գիտեն` ինչ ասել է ազգային թշվառություն և մի ամբողջ ժողովրդի մահացում: Ասացեք, նրանք որքա՞ն պարտաճանաչ են և զգայուն:

Եվ հայ միլիոնատերերը կատարյալ իրավունքի տեր են այդ հարցը տալու, թեև դա նրանց չի փրկի ազգային նախատինքից: Եվ ես չեմ կարող նրանց պատասխանել առանց ամոթի, առանց խղճի խայթոցի:

Չեմ կարող, վասնզի այն դառը խոսքերը, որ ես ուղղեցի նրանց, կրկնակի ուժով և եռակի թույնով պիտի ուղղվեն և հայ ինտելիգենցիայի ահագին մեծամասնությանը:

Արդարև, մարդ ուղղակի սարսռում է, երբ մի վայրկյան դիտում է այդ մեծամասնության այժմյան դիրքը և մտածում նրա մասին: Դա արդեն սոսկ ժլատություն կամ էգոիստական անտարբերություն չէ, այլ զգացումների կատարյալ բթություն, ուղեղի կատարյալ ժանգոտում, բարոյական մի եզակի պրոստրացիա:

Արդարև, հայ ինտելիգենցիան, շատ աննշան բացառությաբ, իր ազգի ներկա պատմական վայրկյանում ավելի մեծ բարոյական սնանկություն ցույց տվեց, քան հայ պլուտոկրատիան:

Ասում են` ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է:

Ես չեմ ասում, թե հայ ինտելիգենցիային շատ մեծ բան է տրված: Քավ լիցի, երևի դեռ դարեր են հարկավոր, մինչև որ նա կբարձրանա այն աստիճանին, որի վրա կանգնած են քաղաքակիրթ ազգերի ինտելիգենցիաները:

Բայց, աստված իմ, չէ՞ որ այդ բարձրագույն կոչված ուսումը մի բան տվել է նրան: Համենայն դեպս ավելի, քան նավթային հանքերը` հայ միլիոնատերերին և խանութը` հայ պլուտոկրատներին:

Հապա ինչո՞վ են տարբերվում նրանք իրանց մտավոր ապիկարությամբ, բարոյական աղքատությամբ, ժլատությամբ և անսրտությամբ

Ոչնչով:

ՈՐՔԱՆ ՀԵՇՏ Է

Վիկտոր Հյուգոն մի գեղեցիկ համեմատություն ունի: «Մարդկային սիրտը, — ասում է նա, — նման է սպունգի, երբ նա արդեն ծծել է որոշ քանակությամբ վիշտ և լիացել, այնուհետև օվկիանոսներ կարող են անցնել նրա վրայով, և ոչինչ»:

Հայի սիրտը վաղուց է լցվել դառնություններով: Եվ գուցե այդ է պատճառը, որ այլևս ոչ մի գերմարդկային վիշտ չի հուզում նրան:

Գուցե այդ է պատճառը, որ Հայաստանը ծայրեիծայր մարդկային արյան օվկիանոս է դարձել, և հայը ասում է` «Ոչինչ, համբերեմ, ապագա ունեմ»:

Գուցե այդ է պատճառը, որ հայի ներվերը բթացել են, քարացել և այլևս նրա վրա չի ազդում ոչ մի մտրակ, ոչ մի վիրավորանք, անարգանք, անպատվություն, անգամ և նա բուսական հեզությամբ մրմնջում է. «Զարկեցեք, անպատվեցեք, խլեցեք իմ կնոջը, ոչինչ, ես չեմ հուսահատվում, վասնզի ես ապագա ունեմ»:

Այո, ունես ապագա, բայց ի՞նչ ապագա, այդ միայն աստված գիտե: Իսկ քո ներկան դժոխային է, և եթե դու չես ուզում գոռալ, աղաղակել, ապա նման ես անմռունչ կենդանու: Կենդանին է, որ չի լալիս, որովհետև նա չգիտե լալ, ինչպես և չգիտե ծիծաղել:

Երբ մի մեծ, հզոր ազգ համբերությամբ և առանց հուսահատության տանում է իր ծայրագույն թշվառությունները, դա հասկանալի է, քանի որ մեծ ազգերն ունեն և մեծ պաշար հոգեկան, ֆիզիկական և նյութական, և նրանց է միայն վայել համբերությունը և սառնասրտությունը:

Բայց երբ մի փոքրիկ, դարերով հալածված, ուժասպառ, հոգեսպառ, անտեր, անպաշտպան մի ազգիկ է իր ինտելիգենցիայի, այսինքն` ներվերի բերանով ասում` «Ոչինչ, համբերեմ, ես ապագա ունեմ», այն ժամանակ թույլ տվեք ասել, որ ես դա հերոսութուն չեմ համարում, այլ բոլորովին հակառակը: Ես այդ համարում եմ մարդկային զգացումների բթացում, եթե ոչ կատարյալ մեռելություն: Ես այդ համարում եմ ծայրագույն ստրկության ներքո տափակած խելքի, հոգու և սրտի կատարյալ մահացում:

Գոռում և աղաղակում են նրանք, որոնք ուզում են ապրել: Լռում են նրանք, որոնք կենդանի դիակներ են: Եվ վայ այն ժողովրդին, որ չգիտե ժամանակին արտասվել և ժամանակին ծիծաղել: Վայ այն ազգին, որի գլխին հարվածները թափվում են կարկտի պես, իսկ դեմքի վրա չի նկատվում և ոչ մի ցնցում:

Այժմ մեծ ազգերն են գոռում, աղաղակում և հուսահատական ճիչեր են արձակում, իսկ մենք ինքներս մեզ արգելում ենք բողոքել անգամ:

Դա՞ չէ արդյոք մեռելության նշանը:

Ես երբեք չեմ մոռանա մի սոսկալի տեսարան: Երբ մենք` մի քանի աշխարհականներ` մի եպիսկոպոսի հետ ճամփորդում էինք Թուրքիայի մի մասում: Զեթկան գյուղի տառապյալ գյուղացիները մեր շուրջը խմբված նկարագրում էին իրանց սոսկալի տանջանքները: Հոգևոր հայրը ուրախ ժպիտն երեսին նրանց մխիթարեց.

Է՛հ, այժմ գոհություն աստուծո, այդ բոլորն անցել է, այսուհետև դուք երջանիկ պիտի լինեք:

Չանցավ մի շաբաթ, քուրդերն եկան, Զեթկանը բնաջինջ արին, բնակիչներին սրի անցկացրին:

Այժմ նրանք, իհարկե, երջանիկ են:

Մենք` ռուսահայերս, ապաբախտ թուրքահայի արյունը թանաք ենք դարձրել և նրանով ենք նկարագրում ապագա դրախտը մեր ազգի համար:

Ա՛հ, որքան դյուրին է և հաճելի նաև ապահով կաբինետներում և բաց երկնքի տակ մերկանդամ, սոված ու ծարավ արյունաքամ թուրքահային ասել.

«Մենք չենք հուսահատվում, դու էլ մի հուսահատվի»…

ԵՍ ԴԵՌ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ

Պարզախոսությունը ճշմարտությունը հարգողների առաջին հատկանիշն է: Այն մարդը, որ բարոյական տարրական քաջություն չունի իր զգացածն ու մտածածը արտահայտելու առանց ծամածռությունների, առանց մութ, անհասկանալի կամ երկիմաստ խոսքերի, առանց ստրկական երկչոտության, այդ տեսակ մի մարդ բնավ չի կարող նախ սիրվել ճշմարտություն կոչված աստվածային առաքինությունից, ապա գործել որևէ ազդեցություն հասարակական մտքերի վրա:

Ի՞նչ է բարոյական հանցավորը, եթե ոչ ճշմարտությունից սարսափող և ամաչող մեկը: Եվ ահա փորձեցեք նայել այդ հանցավորի երեսին ուղիղ և շիտակ հայացքով, և նա աչքերը խոնարհեցնելով գետնին` կսկսե կարմրել, երերվել, շփոթվել և արտասանել անհասկանալի դարձվածներ, որոնք կարտահայտեն նրա մտքի խեղճությունը և զգացումների ստրկությունը միայն:

Հանցավոր են այն բոլոր հասարակական գործիչները, լինեն նրանք գործի մարդ թե գրչի մարդ, որոնք, երբ լսում են մի դառն ճշմարտություն, չեն կարողանում ոչ համարձակորեն հերքել նրան, եթե ճշմարտություն չեն համարում, և ոչ լիովին ընդունել, եթե ճշմարտություն են համարում:

Երբ ես սկսեցի հարձակվել հայ միլիոնատերերի վրա, կարծում էի, որ չի գտնվի մի հատիկ օրինավոր մարդ, որ չընդունե իմ հարձակման օրինավորությունը: Թվում էր ինձ, որ ես կրկնում եմ մի շատ պարզ, շատ տարրական ճշմարտություն, որ կարող է ունենալ միայն և միայն կողմնակիցներ և ոչ մի հակառակորդ:

Իրոք ես շատ էլ չսխալվեցի: Հասարակության լավագույն շրջաններից ես ստացա խորին հավանություն, նաև խրախուսանք: Ասացին մինչև անգամ, որ իմ գործած լեզուն այնքան էլ խիստ չէ, և ես դեռ շատ ներողամիտ եմ դեպի կատարվող եղեռնագործությունը: Եվ ես մի անգամ ևս համոզվեցի, որ հայ հասարակության մեջ դեռ վառ է պատվասիրության և ազգային հպարտության զգացումը:

Սակայնդարձյալ սակայն: Իմ հրճվանքը լիակատար չեղավ: Գտնվեցին մարդիկ, որոնք կասկածի ենթարկեցին իմ անկեղծությունը: Ոչ, այն պատճառով, որ նրանք իրոք կասկածում էին իմ անկեղծությանը, ո՛չ, այդ մարդիկ շատ լավ գիտեն, որ ես չէի կարող ունենալ որևէ անձնական շարժառիթ մի ամբողջ դասակարգի թշնամությունն իմ դեմ գրգռելու, այլ որովհետև նրանց համար ձեռնտու էր ճշմարտությունը նսեմացնել: Ձեռնտու էր, որովհետև դա պիտի ծառայեր նրանց անձնական ողորմելի շահերին: Չէ՞ որ աշխարհի երեսին կան փոխառություն, պարտամուրհակ, պաշտոնավարություն, ծառայություն և աղայություն, վերջապես, հացակատակություն:

Այո՛, մեծ է ոսկու ուժը, բայց, բարեբախտաբար, նա ամենազոր չէ:

Ամենազորը ճշմարտությունն է, որի ահեղ ձայնը չեն կարող խլացնել ոչ ագռավների կռկռոցները և ոչ էլ աղվեսների վայնասունը:

Նյութական կախումից իրանց համար բարոյական ստրկություն ստեղծող խեղճերին կարող են, ինչպես կամենում են, բացատրել իմ բողոքը: Կարող են ինչ խորիմաստ, քողարկված լուտանքներ կամենան թափել իմ գլխին: Գոհություն աստուծո, դրա համար կա Հայկազյան բառարան: Բայց իմ բողոքը նսեմացնել չեն կարող:

Ես ասել եմ և կրկնում եմ. հայ միլիոնատերերն իրանց մարդկային պարտքը ազգի վերաբերմամբ չեն կատարել: Նրանք պարտավոր են կատարել, և ես դեռ հույս ունեմ, որ կկատարեն:

Կգա մի օր, որ նրանք, վերջապես, կհասկանան, որ իրանց իսկական թշնամիները իրանց շրջապատող ստրուկներն ու շողոքորթներն են, որ բռնում են նրանց ձեռքը բարեգործության ասպարեզում, այլ ոչ թե նրանք, որոնք ամենայն անկեղծությամբ հիշեցնում են նրանց իրանց բարոյական պարտականությունը և զգուշացնում ապագայի անախորժություններից

ԴՈՒ ՉԵՍ ԱՊՐԵԼ

Միքայելյան պրոսպեկտի ընդարձակ այգիներից մեկն է: Կանաչազարդ ծառերի տակ դրված են շարեշար նստարաններ: Նրանց առջև ձգված են երկայն սեղանները, նորաշեն, մաքուր:

Մի քանի հաղթանդամ տղամարդիկ գետինը ջրում են և խնամքով ավելում: Մի քանի կանայք, թևերը քշտած, զբաղված են միս կոտորելով, բրինձ մաքրելով, ամանեղեն լվանալով: Մի պարոն եվրոպական տարազով, նիհար, ինչպես կմախք, սակայն եռանդուն, արագաշարժ, դեսուդեն վազվզելով, կարգադրություններ է անում, մեկին պատվերներ տալով, մյուսի վրա գոռալով: Մերթ ընդ մերթ նա ծույլերի հասցեին արտասանում է ֆրանսերեն փափուկ հայհոյանքներ:

Բոլորը փախստականներ են, բոլորը աշխատում են վարձով, որովհետև Տիգրան Նազարյանը որոշել է, որ ոչ ոք իր ճաշարանում անվարձ չաշխատե:

Այգու խարխուլ դռնակներով ներս են մտնում թշվառները: Ծերեր, կանայք, մեծ մասամբ երեխաներ, փոքր մասամբ պատանիներ և երիտասարդներ: Բոլորը նիհար են, վտիտ, ուժասպառ և հոգեսպառ: Տխուր և մռայլ` որպես գիշերային ուրվականներ: Եվ լուռ, ինչպես մահ:

Ձգելով աջ ու ձախ անվստահ, երկչոտ հայացքներ, նրանք աշխատում են որքան կարելի է ավելի փոքրանալ և ավելի քիչ նկատվել: Ամոթն է, որ ճնշում և ընկճում է նրանց, վասնզի սովորական մուրացկաններ չեն և որովհետև մուրացկանությունը սոսկալի է մարդկային պատվասիրության համար:

Ինձ թվում է, որ թշվառները մի տեսակ հանցավորներ են զգում իրանց: Կարծես, ճակատագրի անողոք հարվածի պատճառն ուրիշ ոչ ոք է և ուրիշ ոչինչ, եթե ոչ իրանք իրանց բախտը:

Եվ ես նրանց դեմքերի վրա կարդում եմ. «Եղեք վեհանձն, մի դատապարտեք մեզ, որ այս դրության ենք հասել»:

Զգացվում է մի տեսակ փոխադարձ շփոթություն: Թուրքահայն ամաչում է, որ ստիպված է ողորմություն մուրալու և ստորանալու, ռուսահայն ամաչում է, որ չի կարող այնքան տալ, որքան կփափագեր:

Օգնության է հասնում բնությունը: Այդ պայծառ երկինքը, ծառերի այդ թեթև սոսափյունը, արեգակի այդ ուրախ ճառագայթները, որ փայլուն տերևների միջով այնքան բազմատեսակ նախշեր են ձգել գետնի վրա, իրոք սգավոր հանդեսին տալիս են տոնային կերպարանք: Եվ ահա մռայլ դեմքերը փոքր առ փոքր պարզվում են և լուսավորում: Ծերերն արձակում են թեթևության հառաչանքներ, կանայք ժպտում են, երեխաները ցրվում են այգում և սկսում վազվզել կանաչ խոտերի մեջ:

Ճաշը պատրաստ է: Հանգիստ, առանց իրարանցման, առանց իրար հրելու և իրարու առաջելու, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հարյուրավոր գաղթականներս նստում են մաքուր սեղանների մոտ: Ամեն ինչ առատ է, ապուրը, միսը, խաշած բրինձը, հացը, այնուհետև թեյն ու շաքարը և ամեն ինչ տրվում է բաց սրտով, առանց ասիական մուննաթի, առանց ամեն մի վայրկյան բարերարվողին արված բարության ծանրությունը զգալ տալու:

Ինչո՞ւ: Որովհետև Տիգրան Նազարյանը 30 տարի շարունակ Եվրոպան այցելելով և դիտելով կուլտուրական ազգերի վարքուբարքերն ու կենցաղավարությունը, գիտե, թե քաղաքակրթությունը որպիսի նուրբ անզգալի ձևերով է կաբոտյալին օգնության ձեռք կարկառում: Զգում է, թե ոչինչ այնքան դառն ու վիրավորական չէ մուրացկանության ոչ սովոր մարդկանց համար, որքան ողորմություն ստանալը, և ոչինչ այնքան պարտավորական չէ բարերարի համար, որքան քաղաքավարությունը:

Տիգրան Նազարյանի ձեռնարկը գովաբանելու համար չէ, որ այս տողերը ես գրում եմ, այլ սոսկ իմ ստացած բարոյական հաճույքը, նաև իմ երախտագիտությունը իբրև հայ արտահայտելու համար: Ես գիտեմ, որ իսկական բարերարն իր բարոյական վարձը գտնում է իր հոգու խորքում: Գիտեմ, որ Տիգրան Նազարյանը ներկայումս ապրում է իր կյանքի երջանիկ վայրկյանները և, ով գիտե, գուցե ամենաերջանիկը: Ինչո՞ւ: Որովհետև նա ուրախ է, որ մեն-մենակ կարողանում է անել այն, ինչ չկարողացավ անել ոչ մի միլիոնատեր և ոչ մի բարձրաղաղակ հաստատություն:

Ահա այդ ինքնազգացումն է, որ զարդարում է մարդու կյանքը և դարձնում նրան իմաստալի:

Այժմ դառնում եմ քեզ, հայ միլիոնատեր, և համեմատում եմ քո կյանքը մի գրեթե աղքատ, համենայն դեպս ոչ ունևոր Տիգրան Նազարյանի կյանքի հետ: Ողորմելի, դու չգիտես, որ իսկական կյանքն այն է, որ ուրիշներին ևս կյանք է տալիս: Նայիր քեզ. ապրե՞լ ես դու երբևէ քո կյանքում երջանիկ վայրկյաններ: Երբեք. կարող եմ գլուխս գրազի դնել: Նայիր քեզ: Մի ոտդ արդեն գերեզմանումն է, այսօր-վաղը մահը կայցելե քեզ, և մինչև այժմ քո դեմքը մի ուրախ ժպիտ չի տեսել: Ինչո՞ւ: Որովհետև հարստությունը, որ բախտը տրվել է քեզ իբրև ապրելու և ապրեցնելու միջոց, դա դարձել է քեզ համար մի սոսկալի բռնակալ և քո սիրտն ու հոգին չեն ազատվել նրա ճնշումից նույնիսկ այն վայրկյաններին, երբ փափագել ես ապրել քեզ համար:

Այնինչ որքան երջանիկ կլինեիր դու, եթե մի օր, վերջապես, զգայիր և հասկանայիր, որ իսկական երջանկությունը ոսկիներ դիզելու մեջ չէ, այլ ուրիշներին երջանկացնելու մեջ: Որքան բախտավոր կզգայիր քեզ, եթե կարողանայիր քեզ ասել, որ մի ձեռով վաստակելով, մյուսով դու շարունակ սրբել ես թշվառության և վշտի արցունքները: Բայց դու այդ չես կարող քեզ ասել:

Խղճում եմ քեզ անկեղծորեն, զգալով, թե որքան ծանր պիտ լինեն քեզ այն վայրկյանները, երբ մահվան մանգաղը կկանգնե քո մահճակալի գլխին: Դու մահից այնքան չես վախենա, երբ նա կպատկերանա քո առջև իր չորությամբ և դաժանությամբ: Այն ժամանակ դու գուցե կամենաս մի փոքր զարդարել քո վերջին վայրկյանները մի որևէ կտակով: Բայց ի՛նչ օգուտ, քո վայրկենական մարդկային զգացման հետևանքը դու չես տեսնի, չես զգա և կգնաս դեպի հավիտենականություն` իսկական երջանկությունը չվայելած:

ԴԱՏԵՑԵ՛Ք, ԲԱ3Ց ՄԻ՛ ԴԱՏԱՊԱՐՏԵՔ

(Նամակ խմրագրությանը)

Ես չէի ցանկանա խառնվել ձեր աշխատակից պ. Բերբերովի կողմից հրահրվող վիճաբանությանը այն հարցի շուրջը, որ ոմանք մեղադրում են հայկական ազգային բյուրոյին թուրքահայերի ողբերգության համար: Թույլատրելի՞ է արդյոք, որ տնեցիներն իրար հետ վիճաբանություն սկսեն այն ժամանակ, երբ հրդեհը տան մեջ դեռևս չի դադարել: Դրանից, իհարկե, ոչ մի օգուտ չի կարող լինել, իսկ վնասն ակնբախտ է, այն, որ իզուր վատնվում է ուժ ու եռանդ, որոնք այնքան անհրաժեշտ են հետագա դժբախտությունները կանխելու համար: Վերջապես փոխադարձաբար իրար մեղադրելը վերջ ի վերջո չի՞ հասցնի արդյոք այն բանին, որ կմոռացվի հրդեհի իսկական մեղավորը:

Բայց դժբախտաբար ձեր աշխատակցի «Հաստատ քայլ» վերնագիրը կրող հոդվածում իմ հասցեին ասված են այնպիսի խոսքեր, որոնք կարող են բազմաթիվ թյուրիմացությունների տեղիք տալ և առաջ բերել անցանկալի ասեկոսներ: Ուստի և, որքան էլ ես ցանկանամ այդ խոսքերը անուշադրության մատնել, չեմ կարող:

Նրանց միտքը հետևյալն է. քանի որ հայկական ազգային բյուրոյի հակառակորդները թուրքահայերի դժբախտության համար մեղքը գցում են բյուրոյի քաղաքականության և հայ կամավորների ելույթների վրա, հանգամանքներ, որոնք իբր գրգռել են թուրքական կառավարության զայրույթը և առաջ բերել հայերի համատարած բնաջնջում, ապա ինչո՞ւ մեղադրյալի աթոռին չնստեցնել նաև այն մարդուն, «որը առաջինը բարձրացրեց Հայաստանի ինքնավարության հարցը», այսինքն` ինչ:

Առարկությունը միանգամայն իրավացի է, բայց նրանում ամեն ինչ չէ որ ասված է, և հենց դրա համար ես բողոքում եմ ամբողջ հոգով: Չգիտեմ, դիտմա՞մբ, թե՞ առանց դիտավորության, բայց պ. Բերբերովը կողմնակիորեն ինձ էլ է դնում այն անձանց խմբի մեջ, որոնք ազգային բյուրոյին և կամավորական խմբերին մեղադրում են թուրքահայերի կոտորածի համար: Մինչդեռ այդ հարցում իմ կարծիքը տրամագծորեն հակառակ է բյուրոյի թշնամիների կարծիքին, և վերջին ժամանակներս ինձ մի քանի անգամ վիճակվել է նրանց հետ վիճաբանել այդ հարցի շուրջը:

Ես համաձայն եմ, որ բյուրոյի և ընդհանրապես հայկական քաղաքականության ղեկավարների գործունեության մեջ քիչ չեն եղել սխալները, սխալներ են արվում նաև այժմ, բայց իմ կողմից անբարեխղճություն և տմարդի վարմունք կլիներ այդ սխալները մեծացնելու, հասցնելու պատմական ոճրագործության աստիճանի: Սխալ չի գործում նա, ով ոչինչ չի անում, և զարմանալի չէ, որ բյուրոյի ամենից ավելի դաժան քննադատները գլխավորապես այնպիսի մարդիկ են, որոնք իրանց ամբողջ կյանքում հանցագործ անտարբերություն են ցուցաբերել տաճկահայերի բախտի նկատմամբ, մարդիկ, որ մատը մատին չեն խփել հանուն ազգային այս կամ այն գործի, մարդիկ, որոնք այժմ էլ ոչ մի օգնություն չեն ցույց տալիս թեկուզ դժբախտ գաղթականներին:

Մեր բանակի շարքերում հայկական խմբերի երևալը քաղաքական որևէ խմբավորման քմահաճույքի կամ ազգային սնափառության պտուղ չեն: Օ՛, ոչ բոլորովին: Դա Թուրքիայի նկատմամբ հենց թուրքահայերի ունեցած դարավոր ատելության ծնունդն է, այն Թուրքիայի, որը դարեր շարունակ սնվել է թուրքահայերի արյունով և հինգ հարյուրամյակ պղծել է մեր մոլորակի ամենից ավելի գեղեցիկ անկյուններից մեկը: Դա Ռուսաստանի` Արևելքի քրիստոնյաների այդ վաղեմի պաշտպանի նկատմամբ եղած խոր համակրանքի արդյունքն է: Դա եղել է մի տարերային շարժում, որ առաջացել է մի խաղաղ ու կուլտուրական ժողովրդի դարավոր տառապանքների պատճառով: Բաժակը չափից ավելի էր լցված, և հայերը չէին կարող բացորոշ և համարձակ հանդես չգալ իրենց ճնշողների դեմ: Եվ այժմ, երբ հայկական խմբերը հերոսաբար արյուն են թափում հանուն Ռուսաստանի պատվի և բազմաչարչար ժողովրդի պաշտպանության, անազնիվ և տմարդի կլինի ամենափոքր ստվերն անգամ գցել նրանց անշահախնդիր ինքնազոհաբերման վրա:

Թուրքահայերի ողբերգության պատճառը հայ կամավորական խմբերի ելույթը չէ և ոչ էլ նույնիսկ թուրքահայ նահանգներում տեղի ունեցած ապստամբությունները, ինչպես փորձում են ապացուցել որոշ քաղաքականագետներ: Ընդհակառակը, և՛ խմբերի հայտնվելու, և՛ ապստամբությունների պատճառը թուրքական կառավարության անօրինակ գազանություններն են: Ո՞վ չգիտե, որ վերջինս վաղուց ի վեր որոշել էր մեկ անգամ ընդմիշտ ազատվել մի ժողովրդից, որը քիչ չէ օժանդակել Թուրքիայի բարոյական և ֆիզիկական կործանմանը:

Իսկ որտե՞ղ էին հայկական խմբերը 1895 թվականին, երբ Սուլթան Համիդի հրամանով 30 000 հայ կոտորվեց:

Պետք է օբյեկտիվ լինել այսպիսի մի լուրջ մեղադրանք ներկայացնելու համար:

ԿԱ՛ ԱՐԴՅՈՔ ՄԵԿԸ

Պատերազմը մարդկային բարքերի անբարոյականացման ամենահզոր մղիչն է:

Չկա ավելի քայքայիչ ուժ զգացումների կրթության և հոգու մաքրության համար, քան պատերազմը: Չկա ավելի ապականիչ զորություն բարոյական օրենքների, ավանդությունների և սովորությունների համար, քան պատերազմը:

Ինչպես տարիների ընթացքում դիզված նյութական բարիքներն են մի օր օդը ցնդեցնում պատերազմը, նույնպես և նա մարդկային էտիկան և կուլտուրական հարստությունն է հնձում իր սուր մանգաղով:

Սոսկալի է վառոդը ոչ այնքան իր պայթյունով, որքան իր հոտով: Պայթյունը սպանում է մարմինը, հոտը աստիճանաբար մահացնում է հոգին: Իսկ ի՞նչ է հոգին առանց մարմնի, եթե ոչ սոսկ գազան: Եվ չկա զորեղ հոգի, որ այս կամ այն չափով չվարակվի վառոդի հոտով պատերազմի ընթացքում:

Մարդկությունն իր նախահայրերից ժառանգել է վարքերից ամենադաժանըարյունահեղությունը: Զարհուրելին այն է, որ այդ ժառանգությունը անսպառ է, ով գիտե, գուցե և հավիտենական: Նա անցնում է սերնդե-սերունդ, ինչպես անձեռնմխելի կապիտալ: Ավելի. նա քանի գնում` այնքան խոշորանում է սերունդների ավելացրած տոկոսներով:

Պրուդոնն ասում էր, եթե մեջտեղից վերացվի Էլզաս-Լորենի խնդիրը, այլևս պատերազմ չի լինի: Ի՞նչ վատ մարգարե հայտնվեց նա: Հաշվեք, քանի՞ պատերազմներ են եղել 1870 թվականից հետո, որոնք կապ չունեն Էլզաս-Լորենի հետ:

Աշխատում են մեզ հավատացնել, որ գերմանական միլիտարիզմը հաղթվելուց հետո` երկար ժամանակ պատերազմ չի լինի: Երկար ժամանակ, գուցե, բայց պատերազմներ դարձյալ կլինեն, միևնույն է, վաղ թե ուշ: Պատճառներ ու պատրվակներ նրանց համար երբեք չեն պակսի, քանի որ կան ազգերի խտրություն և շահերի մրցում:

Մենք սիրում ենք մեր միտքն օրորել բարձր հոգիների երազներով, որովհետև նրանք հաճելի են մեզ ինչպես դայակի անուշ երգն երեխայի լսելիքին: Բայց երազներս մնում են երազներ, և կյանքը նրանց մոտով անցնում է դաժան անտարբերությամբ:

Ներկա պատերազմը ապականեց մեր հոգին, աղավաղեց մեր միտքը, այլանդակեց մեր զգացումները ավելի, քան կարելի էր երևակայել: Նախ արտաքին պատերազմը, ապա ներքին, այդ անիշխանություն կոչված հրեշը: Դիտեցեք, ի՞նչ ավերումներ է գործել նա մեր մեջ, ի՞նչ հարստություն է կորզել գազանը մարդուց, թող յուրաքանչյուրը քրքրե իր ներքին աշխարհը և վերլուծե իր զգացումները: Կա՞ արդյոք մարդ, որ չզգա գազանի իշխանությունն իր մեջ:

ԱՅԼԱՊԵՍ ԿՈՐԱԾ ԵՆՔ

Դառն ու վշտալի է զգայուն մարդու համար դիտել այն գժտությունները, որ կործանարար որդի պես կրծում են կովկասյան ժողովուրդների գոյության արմատը: Ծանր է մանավանդ զգալ, որ օր-օրի վրա այդ գժտությունները զորեղանում են ու բարդանում և օր-օրի վրա տկարանում են նրանց դեմ մաքառելու միջոցները:

Չկա մի հեղինակավոր ուժ, որ կարողանա ազգությունների փոխհարաբերությունների մեջ ազնիվ միջնորդի դեր խաղա և իբրև դատավոր` ցույց տա յուրաքանչյուրին իր տեղն ու իրավունքները:

Խոսքը կորցրել է իր բարոյական ազդեցությունը: Այլևս նա չէ ազդում մարդկանց ոչ ուղեղի և ոչ հոգու վրա:

Մարդկային բանականությունը շփոթվել է ու մթագնել անիշխանության, սովի, բարոյական վակխանալիայի, կրակի և արյան սոսկալի մթնոլորտում:

Ճանաչվում ու հարգվում է, ինչ եմ ասում, պաշտվում է, իբրև աստված, միայն մի ուժ` բռունցքի կոպիտ ուժը: Եվ ում բռունցքն ավելի զորավոր է, նա է տիրում կյանքին, նա թելադրում բարոյական օրենքները և նա է տալիս ուղղություն մարդկանց խելքին և զգացումներին:

Բայց ասացեք, ե՞րբ է եղել բռունցքի ուժն արդարադատ, որ լինի այժմ, ե՞րբ է նա բարոյականություն ճանաչել, որ ճանաչե այժմ:

Բռունցքի միակ օրենքը քմահաճույքն է և միակ ղեկավարն` իր տրամադրությունը:

Նողկալի է բռունցքի հոգեբանությունն իր անհաստատությամբ և փոփոխականությամբ:

Մի հափշտակվեք նրա` կյանքում մերթ ընդ մերթ փայլող լուսավոր կետերից:

Մի հավատաք ոչ նրա բարությանը, ոչ մարդասիրությանը և ոչ մանավանդ արդարասիրությանը: Այդ լուսավոր կայծերը նրա բուն վեհանձնությունից չեն ծագում, այլ քմահաճույքից և միմիայն քմահաճույքից: Ներոնն էլ երբեմն արդարասեր էր, ինչպես և Հովհաննես Ահարկուն` վեհանձն, բայց և թե մեկն և թե մյուսը գարշելի էին իրանց հոգեբանությամբ: Բռունցքն այսօրվա իր տվածը վաղը պատրաստ է խլել ամենայն դաժանությամբ, առանց խղճի որևէ խայթի:

Մեր ներկա գոյության մեջ առանձին մտատանջության արժանի մի բան կա, Դա մատաղ սերնդի հոգին է: Ուշադրու թյուն դարձրեք, ի՞նչ մթնոլորտումն է սնվում ու կրթվում այդ հոգին, ի՞նչ են տեսնում ամեն օր մեր զավակներն ու ինչեր են լսում: Մեր երկրի միջազգային հարաբերությունների մեջ նրանք տեսնում են բռունցքի իշխանությունը և լսում են մեր ամենօրյա պաշտամունքն այդ իշխանությանը: Եվ ինչ որ տեսնում է ու լսում մատաղ հոգին, ծծում է սպունգի ագահությամբ:

Դա է, որ սպառնում է մեր երկիրը կործանելու մոտիկ ապագայում մեր իսկ զավակների ձեռքով: Դա է, որ մի հանցավոր համառությամբ չէ ուզում զգալ ու հասկանալ ոչ հայը, ոչ վրացին և ոչ թուրքը:

Այն բոլորն, ինչ որ անում ենք և ինչ որ քարոզում, մոտիկ ապագայում ծառայելու է մեր կյանքի կործանմանը:

Թող համեմատաբար ավելի զորեղ բռունցք ունեցողը տխմարաբար չկարծե, որ նրա ուժը հավիտենական է:

Այսօրվա ձագուկը վաղվա վագրն է, այսօրվա բորենին` վաղվա նապաստակը:

Սոսկալի է մատաղ հոգու վրիժառության զգացումը: Նա ռումբ է, որ պայթում է որոշյալ ժամանակին և օդն է ցնդեցնում և՛ նրան, որի վրա ձգվել է, և՛ նրան, որ ձգել է:

Ես կրկնում եմ և ընդգծում. հալածանքն երկսայրի մի սուր է, որի մի ծայրը միշտ դեպի հալածողի կուրծքն է ուղղված: Այսօրվա բռնակալը կարող է վաղն ինքը ենթարկվել բռնակալության, և վայ այն բռնակալին, որ վերջինը ենթարկվի բռնակալության:

Կովկասյան երեք գլխավոր ազգություններից ոչ մեկը զորեղ չէ և ոչ մեկը թույլ: Թույլ է միայն երեքի էլ բանականությունը: Թող այս ասելով հասկանան և զգան բոլոր երեք ազգությունների շովինիստները և վերջակետ դնեն իրանց ազգամոլական ու ազգատեցական գործունեությանը: Թող հասկանան, վերջապես, որ ոչ մի բարոյական հանցանք անպատիժ չի մնում: Թող զգան նաև, որ մեր միակ փրկությունը սիրո, եղբայրության և համերաշխության մեջ է: Այլապես կորած ենք և մենք, և մեր երկիրը:

ԴԱԴԱՐԵՆՔ ԱՂԵՐՍԵԼ

Թող կործանվի մեր ազգի բարոյական վարկը, միայն թե մենք ապրենք:

Ես այսպես եմ ըմբռնում տրամադրությունն այն մարդկանց, որոնք ազգից պահանջում են ամեն քայլում դավաճանել իր սրբություններին և շարունակ կռիվ մղել իր վրդովված խղճի դեմ:

Ինչ խոսքերով ևս արտահայտվի այդ պահանջը, ինչ ձևի մեջ ևս ամփոփվի նա, բովանդակությունը միևնույնն է` ստորանալ: Պարզ է և իմ բնորոշումն ու միանգամայն ճիշտ, թեև խիստ:

Ի՞նչ ասել է սրան խնդրել, նրան աղերսել, ամենքի առջև աղի արցունքներ թափել, եթե ոչ խաղալ ազգի ինքնասիրության, ուրեմն և պատվի հետ:

Եթե ես համոզված լինեի անգամ, որ այդ խնդիրներն, աղերսանքներն ու արցունքները կարող են ունենալ որևէ գրական հետևանք, դարձյալ դառնապես կվշտանայի` տեսնելով իմ ազգը ձանձրացուցիչ մուրացկանի դերում է: Բայց, մի՞թե պարզ չէ, որ գոնե մինչև այսօր մեր բոլոր դիմումները հեռավոր ու մերձավոր օտարների` մնում են ապարդյուն, և շահում ենք միայն և միմիայն մի բանվիրավորական կարեկցություն: Ուրեմն շարունակ պիտի ծեծե՞լ այսօր մեկի, վաղը մյուսի դռները, շարունակ ձե՞ռք կարկառել: Եվ կամաց-կամաց, աստիճանաբար ու անգիտակցաբար մեռցնե՞լ մեր մեջ ազգային հպարտության զգացման վերջին կաթիլը այնպես, ինչպես մուրացկանն է մեռցնում իր մեջ անձնասիրության զգացումը փողոցների անկյուններում:

Next page