Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Մեր հարցին, թե ո՞վ է այդ մարդը, մի երիտասարդ պատասխանեց, թե նա հիվանդ է և բերել են, որ տերտերն ավետարան կարդա նրա գլխին: Հետո նույն երիտասարդը պատմեց, թե հիվանդը Ներսիսյան դպրոցի ընդունակ աշակերտներից մեկն է եղել և նոր է ավարտել իր ուսումը: Ողորմելին երկար ժամանակ ենթակա է եղել այն վտանգավոր ախտին, որ, ինչպես ասում են, չափազանց տարածված է այդ ուսումնարանի աշակերտների մեջ: Սարսափելի ախտ. նա խղճալի երիտասարդին միանգամայն դարձրել էր կենդանի կմախք, իսկ մտավորապեսապուշ:

Օրը զվարճալի անցավ մեզ համար: Երկու շուլավերցի պատվական երիտասարդներպ. պ. Արշակ և Վախթանգ Մեհրաբյաններըմեզ հյուրասիրեցին իրենց գեղեցիկ այգում: Սրանցից առաջինը «Աղբյուր»-ի աշխատակիցն է, որ գրում է «Սրինգ» կեղծանունով, իսկ երկրորդը «Մշակ»-ի թղթակիցն է:

Հետևյալ առավոտյան մենք ուղևորվեցինք Թիֆլիս, յոթ օրվա ճանապարհորդությունից հետո Գուգարաց աշխարհի հրաշալի վայրերում:

Թիֆլիս, 1888 թ, սեպտեմբեր

ՆԱՄԱԿՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԻՑ

I

Տասներկու տարի շարունակ ապրելով Թիֆլիսում, գործելով հայ գրականության և մամուլի մեջ, տեսնելով անընդհատ միևնույն շրջանը, միևնույն դեմքերը, միևնույն երևույթները, ես այնքան հոգնել ու ձանձրացել էի, որ ինձ թվում էր վերջին ժամանակ, թե իմ ջղերը բթանում են, զգացումները թմրում, միտքը պղտորվում: Ահա ինչու մի օր, վերջապես, վճռեցի, եթե ոչ մշտապես, գոնե անորոշ ժամանակով հեռանալ այն միջավայրից, որի օդը ընդունակ է խեղդելու և ոչնչացնելու ամենաառողջ մարդուն:

Հեռանալով այդ խեղդուկ միջավայրից, միևնույն ժամանակ ես վճռել էի ոչ միայն չմտածել նրա մասին, այլև խույս տալ այն ամենից, որ կարող է ինձ հիշեցնել նրան: Սակայն մեծ է սովորության ուժը: Որքան վատառողջ և վնասակար լինի մթնոլորտը, դարձյալ մարդ երկար տարիներ ապրելով այնտեղ` ընտելանում է, դյուրությամբ չի կարողանում բաժանվել նրանից: Այն միջավայրը, ուր ստիպված է ապրել և գործել հայ հեղինակը, նեխված է, ապականված, բայց որպես մթնոլորտ, ունի իր կաշկանդող ուժը: Եվ հենց այդ ուժն է, որ այս րոպեիս, դեռ երկու ամիս չլրացած, հեռու հայրենիքից, հեռու իմ սրտին մոտիկ անգին էակներից, որոնց կյանքի հետ անխզելի կապված է իմ գոյությունըես դարձյալ մտքով սլանում եմ դեպի հայ գրականական աշխարհը և իմ հոգնած ձեռը, նորից եռանդ ստանալով, ակամա ձգտում է դեպի գրիչ:

Թող այդպես լինի: Ես մասամբ ֆատալիստ եմ, ընդունում եմ կատարվող երևույթների անհրաժեշտությունը, նրանց ղեկավարող օրենքները: Եթե իմ սրտի բոլոր ուժերով ատելով մի բան, դարձյալ հոգով ու մտքով ինձ կապված եմ համարում նրա հետ, կնշանակե այսպես էլ պետք է լինի և ուրիշ կերպ չի կարող լինել:

Նստած եմ Նևայի խոնավ, միգապատ և անձրևոտ ափերում և այս րոպեիս պետք եմ զգում իմ տպավորությունները արձանագրելու, ամենից առաջ իմ առջև նկարվում է այն ճանապարհը, որ բաժանում է Կովկասը լայնածավալ Ռուսիայից: Նա ձգված է կովկասյան հսկայական լեռնաշղթայի վրա, լի բնության հրաշալիքներով: Հասկանալի է, որ իմ խոսքը ռազմավիրական ճանապարհի մասին է, որ ոգևորել է ռուս խոսքի երկու հանճարեղ վարպետներին և հափշտակել է շատ ճանապարհորդների:

Հունիսի վերջին օրերից մեկն էր: Արեգակը նոր-նոր բարձրանում էր հորիզոնի վրա, երբ հինգ ճանապարհորդ կրող մեր կաբրիոլետը դուրս եկավ Թիֆլիսի փոստային կայարանից: Ես նստած էի երկրորդ կարգում: Իմ ուղեկիցներն էին Թիֆլիսի առաջին գիմնազիոնի մի ուսուցիչ և մի երիտասարդ օրիորդաշակերտուհի գիմնազիայի: Հետաքրքրական չէր ինձ համար իմանալ, ովքեր են իմ հարևանները: Ես պիտի առաջին անգամ տեսնեի բնության այն վայրերը, որոնց մասին դեռ մանկությանս օրերից լսել էի հազար ու մի գովասանքներ և հիացումներ: Ով գիտե զգալ և մտածել, նա չի կարող չհիանալ բնության հրաշալիքներով, իսկ ով գիտե հիանալ, նա շատ անհամբեր է, երբ սպասում է տեսնելու իր չտեսած, բայց անթիվ անգամ փառաբանված վայրերը: Իմ անհամբերությունը չափ չուներ, ես նմանվում էի մի ջղային մանկան` այն ժամերին` երբ կառքը կտրում էր ռազմավիրական ճանապարհի առաջին կայարանը: Ոչինչ չկար Թիֆլիսի և Մցխեթի մեջ, ոչինչ, բացի փոշուց, տոթից և փոշիով ծածկված կառքերից ու դանդաղաշարժ Կովկասյան սայլերից: Ահա ինչու շատ էլ ձանձրալի չէր իմ հարևան ուսուցչի խոսակցությունը Կովկասյան դպրոցների, ռուս դպրոցական վարչության, իր գլխավորների խելացի ու բարձր գաղափարական քաղաքականության և, վերջապես, ինձ նմանների ցնորքների մասին: Նա խոսում էր, ես լսում էի: Ես ոչ նրա ասածներին համաձայնելու քաջություն և խելք ունեի և ոչ էլ հակառակելու ցանկություն: Թող խոսի ինչ որ ուզում է, մտածում էի ես, իմ ուժից վեր է պատը բռունցքով խորտակելու: Եթե իմ հայ ծնվելը ինձ համար հանցանք են համարում Կովկասը քաղաքակրթել կամեցող խելացի ուսուցիչները, դա գուցե համոզմունքի խնդիր է, սակայն իմ համոզմունքներն էլ մազի չափ չեն վիրավորիլ ու ոչ էլ ստամոքսս կխանգարվի, եթե ես անտարբեր լինեմ մի քաղցրաբարո ուսուցչի լայնածավալ գաղափարներին:

Բայց լռիր, ով քաղաքագետ չինովնիկ, ահա մոտենում ենք պատմական Մցխեթի բերդին: Ես տեսնում եմ բարձրագագաթ, սեպաձև ժայռեր, որոնց ծոցում տեղավորված է վրաց ազգի պարծանք Թամարայի կացարանը: Այստեղ մի ժամանակ, վրաց ասպետներն ու հերոսները արծաթապատ եղջյուրները ձեռներին, իրանց թագուհուն շրջապատած, բաց սրտովխմել են նրա կենացը: Այսպես է վայելել ինքը թագուհին իր երկու հայ զորապետների ձեռքով տարած հաղթությունների արգասիքը:

Ես տեսել էի Մցխեթը դեռ տասը տարի սրանից առաջ` Բաթում գնալիս: Թե՛ այն անգամ, թե՛ այս անգամ ինձ գրավեցին ոչ թե նրա բերդը, վանքերը և ուրիշ հնությունները, այլ բնության այն վայրերը, ուր կառուցված են նրանք: Խոստովանում եմ, ես հարգում եմ հնությունները, բայց երբեք նրանցով չեմ ոգևորվել: Եթե ասեմ, որ ժամանակ է թողնելու մեռելներին, որ իրանց մեռելներին թաղեն, ժամանակ է դադարել գերեզմանների վրա դատարկ արտասուք թափելուց, շատ հին բան ասած կլինեմՈվ ուզում է ապագայում ապրել, պետք է մտածի ներկայի մասին: Անցյալի բեկորների վրա նոր շինություններ կառուցանել չի կարելի, այժմյան ճարտարապետության պահանջները միանգամայն ուրիշ են: Հնությունները գեղեցիկ են, բայց մահվան գեղեցկությունը նույնքան անախորժ է, որքան և՛ այլանդակությունը:

Քավ լիցի, որ ես այս խոսքերով կամենայի մի որևէ ակնարկություն անել մեր վրացի եղբայրակիցներին և հազիվ թե նրանք կարոտ են մի հայ գրողի ասածներին: Ես կցանկանայի միայն, որ այժմյան հայ ինտելիգենցիայի մի հայտնի մասը ձեռք քաշեր վերջապես վանքամոլությունից և համոզվեր, որ պատմության անիվը ետ դարձնել չի կարելի:

Կաբրիոլետի ձիերը փոխվեցին, և մենք դիմեցինք դեպի առաջ: Դարձյալ փոշի, տոթ, և մարդու աչքը հանգստանալու և ոչ մի գեղեցիկ վայր: Մի՞թե այս է այդքան գովված ռազմավիրական ճանապարհը:

Սպասեցեք դեռ, կտեսնեք, — ասաց իմ ուղեկից քաղաքագետ ուսուցիչը, որը չմոռանամ ասելու մոլորուս էր:

Երիտասարդ գիմնազիստուհու աչքերը փայլեցին սպասվելիք զվարճությունից: Նա ևս առաջին անգամն էր գնում այդ ճանապարհով:

Եվ, իրավ, կեսօրից հետո տեսարանները սկսեցին փոխվել: Փոշին և տոթը տեղի տվեցին կիսալեռնային զովությանը և օդի հստակությանը: Ճանապարհի այս ու այն կողմերում սկսեցին երևալ կանաչազարդ թփեր, իսկ ավելի հեռուծառերի թմբեր, գեղեցիկ բլուրներ, լեռներ: Տեղ-տեղ այդ լեռների լանջքերը երևում էին կանաչից զուրկ կամ դեղնագույն, կամ մոխրագույն, և այդ բաց կտորները դարձնում էին նրանց խայտաբղետ:

Անանաուրի և Փասանաուրի մեջ արդեն սկսում է երևալ ռազմավիրական ճանապարհի առաջին գեղեցկությունըանտառազարդ ձորերը և սարերը: Աջ ու ձախ կողմից լսվում է լեռների գագաթներից հոսող պարզ ու վճիտ առվակների կարկաչը: Ահա ծառերով սքողված ժայռերի միջով արագ-արագ վազում է դեպի մեր ճանապարհները, աստված գիտե, որ լեռան կրծքից բխող գետակը, մյուս կողմից, ավելի բարձր ժայռերի կրծքով, աղմկելով ցած է գլորվում մի ամբողջ գետակ: Նրա ընթացքը այնքան սաստիկ է, որ ջուրը փրփուր է դառնում և երևում ինչպես մի հսկայական նեղ և երկար զենջակ ձգված ժայռի կրծքով դեպի ցած: Իսկ այնտեղ, լեռների երկու շարքերի միջև, ձորով ընթանում է պատմական Արագվան, մերթ երևալով մեր ճանապարհի եզրում և մերթ թաքնվելով ձորի խորության և անտառների մթության մեջ:

Բայց մի՞թե միայն սա է ռազմավիրական ճանապարհի սքանչելիքը, — հարցնում եմ ես դարձյալ քաղաքագետ հարևանիցս:

Դեռ սպասեցեք, կտեսնեք, — ասում է նա և իր շագանականման քիթը ցցում օդի մեջ, ապակիի պես փայլող աչքերը հառելով դեպի մեր ճանապարհի խորքը:

Տեսածս գրավիչ էր, բայց ես Կովկասում տեսել էի ավելի հիանալի վայրեր: Ես մտաբերեցի Դաղստանի սահմանում գտնվող Շահդաղ ձյունապատ լեռան տեսքը, նրա շրջակայքը դեպի Ղուբա քաղաքը, Դիլիջանի ձորը, Սանահնի և Խոժոռնիի ձորերը, Ախուրյան գետի եզերքը Արգինայի մոտ և վերջապես Շամախու շրջակայքը: Եվ այդ բոլորը հիշելով, ես սկսում էի հիասթափվել ռազմավիրական ճանապարհի վերաբերմամբ:

Դա առաջին օրն էր: Երեկոյան հասանք Մլեթ կայարանը, ուր սովորաբար գիշերում են կաբրիոլետները: Այժմ, երբ հիշում եմ մյուս օրվա զգացած իմ բարձր հաճույքը, ուր պարգևեց ինձ բնությունը, հիշում եմ նաև այդ առաջին գիշերվա իմ կրած տանջանքը: Կայարանի սենյակները բռնված էին, իմ ուղեկից քաղաքագետը և ես ստիպված էինք սենյակ վարձել կայարանի վերնահարկի հյուրանոցում: Դա ռազմավիրական ճանապարհի կառավարող հիմնարկության սյուրպրիզներից մեկն է: Մարդ Թիֆլիսից մինչև Վլադիկավկազ 200 վերստ ճանապարհի համար ավելի է վճարում, քան Վլադիկավկազից մինչև Պետերբուրգ ավելի քան 2500 վերստի համար և կայարաններում գիշերելու տեղ չի գտնում, բայց երանի միայն ես դուրս մնայի, իսկ քաղաքագետ ուղեկիցս տեղ գտներ կայարանում: Այն ժամանակ այդ մարդը ինձ այնքան չէր տանջիլ այդ գիշեր: Սխալվեցի և այդ մարդու հետ հյուրանոցում միասին վարձեցի սենյակ: Նախ, նա մի լավ ինձ ջարդեց, ջարդուփշուր արեց իր քաղաքագիտությամբ և բարձր «հանրամարդկային գաղափարներով» — այնքան խոսեց և այնքան աշխատեց ինձ համոզել: Երկրորդ, կեսգիշերից հետո անկողին պառկելով, նա սկսեց մի այնպիսի խռմփոց, որ ամբողջ գիշեր ինձ թվում էր, թե մի չար ձեռք խարտոցում է անկողնակալիս ոտները:

Վերջապես չարաբախտ գիշերը լուսացավ, և այդ օրը ինձ համար բերեց մի անսահման հաճույք:

II

Մլեթի դեմ Արագվայի վրա կանգնած քարե կամուրջը կարելի է համարել մի միջակետ, որ ամբողջ ռազմավիրական ճանապարհը բաժանում է երկու միմյանցից տարբեր մասերի: Թիֆլիսից մինչև այդ կամուրջը տեսարանները մեղմ են, կանաչազարդ, ժայռերը ծածկված ծառերով և ընդհանրապես չեն կարող զարմացնել Կովկասին քիչ թե շատ ծանոթ մարդուն:

Միայն անցնելով Արագվան և ոտք գնելով Դուդաուրի ճանապարհի վրա, մարդ սկսում է զգալ բնության վեհ ազդեցությունը:

Արեգակը նոր-նոր բարձրանում է վեր, դուրս լողալով հորիզոնը պատող ամպերի միջից և, ինչպես մի քնքուշ նորահարս, կամացուկ և նազելի բաց անում իր առավոտյան զվարթ և պայծառ դեմքը: Լեռների լանջերին և գագաթների վրա կույտ-կույտ սահում են նոսր ամպերը` թողնելով լեռնային բուսականության վրա իրանց խոնավ հետքը: Կամուրջի դիմաց, դեպի ձախ երևում է մի ինչ-որ գյուղ այնպիսի բարձրությամբ, որ հազիվհազ նշմարվում են նրա խրճիթները: Բայց ահա մեր յոթ ձիերով լծված կառքը արագ-արագ բարձրանում է գետի ձախ կողմով վեր, և գյուղը հետզհետե հավասարվում է մեզ, հետո ցածրանում և մնում մեր ոտների տակ:

Սրընթաց Արագվայի ձայնը քանի գնում խլանում է և ապա անլսելի դառնում: Որքան մենք բարձրանում ենք, այնքան նա փոքրանում է և վերջ ի վերջո դառնում մի նեղ մոխրագույն ժապավեն, ձգված անհուն անդունդի երկարությամբ: Դեպի աջ` անընդհատ ուղղագիծ ժայռեր, միմյանցից բարձր, միմյանցից վիթխարի, դեպի ձախ` անհուն խորխորատահա ընդհանուր տեսքը այն ճանապարհի, որ կոչվում է Գուդաուր: Տեղ-տեղ մեր կառքը անցնում էր ժայռերից կազմված բնահան միապաղաղ կամարների տակով: Ահա մի ահագին բեկոր, ճեղքված, բաժանված լեռան կրծքից, հազիվհազ կանգնած է յուր պատվանդանի վրա: Թվում է, որ բավական է մի թույլ շարժում, նույնիսկ ձիերի մի խրխնջոց, և բեկորը օդի տատանումից կանջատվի իր հիմքից և որոտալով կթավալվի ցած, մեր գլխին: Կառքը անցնում է աջող, և ճանապարհորդը ակամա հառաչում է, մի թեթևություն զգալով: Բայց ահա մի ուրիշ ավելի երկյուղալի բեկոր. նույն զգացումը, նույն ակամա ուրախությունը, որ անվտանգ անցար:

Գարնանը ձմեռվա ձյուները հալչում են, ժայռերը փափկանում խոնավությունից, գոյանում են ճեղքեր և այդ ճեղքերից առաջանում են վտանգավոր բեկորները: Եղել են դեպքեր, որ այդ բեկորները ընկել են անցորդ կառքերի վրա և, հարկավ, մարդկանց ու ձիերին միջատների պես ջարդել: Այժմ ևս երևում են այդ սպանիչ բեկորները այս ու այնտեղ կանգնած ճանապարհի ձախ կողմում: Պատահում է, որ կառապանները զգուշության համար կապում են կառքի զանգակները և նախազգուշացնում ճանապարհորդներին բարձր ձայնով չխոսել, ինչպես այդ անում են ձմեռը, միշտ ձյունի կույտերի ժամանակ, որպեսզի օդի տատանումներից այդ կույտերը չխորտակվեն:

Ամեն քայլում մարդ զգում է իրան մահու դեմ կանգնած և ամեն վայրկյան իր ոչնչությունն է տեսնում բնության մեծության առջև:

Գուդաուրի ստորոտում գրեթե ճանապարհի սկզբում ժայռի կրծքին կպցրած է մի մեծ մետաղյա տախտակ, որի վրա ահագին ոսկի տառերով գծված է այն ինժեների անունը, որի «ծրագրով և աշխատությամբ կառուցված է ռազմավիրական ճանապարհը»: Թող այդ ոսկե տառերը երկար տարիներ փառաբանեն գիտնական ինժեների անունը, բայց մտածող մարդու համար նա այնքան ազդեցիկ չէ, որքան այդ ժողովրդի անունը, որ առանց գիտության միջոցների, առանց մեքենաների, լոկ իր բնական հնարագիտությամբ և անվեհերությամբ կարողացել է առաջին անգամ բաց անել այգ գեղեցիկ, վեհ և ահռելի ուղին Կովկասյան լեռնաշղթայի վրա: Նայեցեք դեպի վեր, սեպաձև ցցված ժայռերի գագաթին: Այնտեղ, երկար հովվական ցուպը ձեռին, գդակը աչքերին քաշած, կանգնած է հենց այդ` մի ժամանակ քաջ և անկախ համարված` ժողովրդի այժմյան աղքատ, կիսամերկ, խեղճացած որդին:

Վրացի է նա թե օսչգիտեմ: Գիտեմ միայն, որ նա այդ լեռների հարազատ զավակն է, նրանց կոշտ աշխարհում ծնված, նրանց ցրտության մեջ մեծացած, նրանց խստաշունչ օդով սնված: Նա այնքան հարազատ է այդ վայրերին, որ այժմ արձանացած կանգնած, թվում է ժայռի մի փոքրիկ, հազիվ նշմարելի մասնիկը: Նույնիսկ նրա ողորմելի ցնցոտիները ունեն իսկ և իսկ նույն գույնը, ինչ որ ժայռը: Սա իր այժմյան հարստությանմի քանի տասնյակ ոչխարների համար գտել է մի կտոր կանաչավետ հող այդ քարաժայռի կրծքում և արածացնում է նրանց: Չորս կողմից այդ կանաչավետ կտորը շրջապատված է սրածայր բնական քարե պատնեշներով: Աստված գիտե, ինչպես է հովիվը յուր փոքրիկ հոտը քշել դեպի այդ գրեթե ուղղագիծ, անմատչելի վայրը: Մի ուրիշը դարձյալ մի այլ անմատչելի ժայռերի մեջ խոտ է հնձում: Ի՞նչպես պիտի ժողովի իր հունձքը և դուրս տանի այդտեղիցմիայն ինքը գիտե: Բայց նա աշխատում է, կռվելով բնության խստության դեմ և աշխատում է լուռ ու մունջ:

Ինչո՞ւ լուռ ու մունջ, մի՞թե այդ հնձվորը երգ չունի, որ երգի, այդ հովիվը սրինգ, որ նվագի:

Ես ամբողջ ճանապարհին չլսեցի ոչ մի հնչյուն սրնգի, ոչ մի երգ բանվորի, և այդ լռությունը, կարծես, ավելի էր համապատասխանում բնության մռայլ տեսարաններին:

Մինչդեռ ես այս դառն մտածությունների մեջ էի, մեր կառքը բարձրանում էր վեր ու վեր: Մերթ ընդ մերթ սրընթալով մեր դեմ գալիս էին զանազան ձևի ու մեծության կառքեր: Ճանապարհին ընտելացած ձիերը թռչում էին ցած, գնդակ- արագությամբ, իրանց հետևից օդի մեջ բարձրացնելով փոշիի թանձր կույտեր: Հմուտ կառապանը գիտե նրանց վարել: Անփույթ նստած իր տեղում` նա արհամարհանքով է նայում դեպի մի կողմ, ուր բացված է խոր անդունդը: Սակայն բավական է, որ ձիերը մի փոքր շեղվեն իրանց ուղղությունից, և կառքը թավալվելով կանհայտանա խորխորատների մեջ:

Կայարան հասանք թե չէ, մեր կառքի ներսում նստած երկու ճանապարհորդներից մեկըզվարթ դեմքով մի երիտասարդ գերմանացիմոտեցավ մեզ և սկսեց գանգատվել իր հետ նստած պարոնի վրա: Դա թթված դեմքով, կապույտ ակնոցներով մի երիտասարդ ռուս էր:

Ես կտրաքեմ այդ մարդու հետ նստելով, — ասում էր գերմանացին: — Երկրորդ օրն է միասին նստած ենք, երկու խոսք չի խոսել: Իսկ ինձ բնության տպավորությունները խեղդում են, ուզում եմ խոսել, արտահայտել իմ զգացածը:

Հետո հայտնվեց, որ անխոս պարոնը կոկորդի հիվանդություն ունի, բժիշկներից պատվեր է ստացել չխոսել: Հիշեցի անմոռանալի Ադամյանի ցավը. որքա՛ն, երևի, տանջվել է նա այն ժամանակ, երբ զգացումները կուտակվել են, և արտիստը չի կարողացել արտահայտել նրանց:

Մտքումս ցանկացա, որ այդ օրը նույն ցավով, գոնե մի քանի ժամով վարակված լիներ իմ հարևան քաղաքագետ-մանկավարժը, որ հակառակ ակնոցավոր պարոնին, արդեն չափից դուրս ի չարն էր գործ դնում իր կոկորդի լարերը:

Գուդաուր կայարանը ճանապարհի ամենաբարձր կետն է. մինչև այժմ բարձրանում էինք, այժմ պետք է ցած գայինք, անցնելով այսպիսով Կովկասյան լեռնաշղթան: Կայարանից մենք կարճ ճանապարհով մի քանի վերստ գնացինք ոտքով, մինչև որ մեր կառքը կպտտեր լեռան շուրջը: Բարձրացանք ճանապարհի ամենավերին կողմը, ուր, մոռացել եմ ինչ հիշատակի համար, կանգնեցրած է մի խաչ: Խորհուրդ եմ տալիս ամեն մի ճանապարհորդի այդ կտորը ոտով անցնել, եթե միայն ժամանակը ձմեռային չի և եթե նա կամենում է տեսնել լեռնային ծաղիկների ամենաընտիր տեսակները: Ինձ թվում էր, որ անցնում եմ մի ամենաշքեղ արքայական ծաղկանոցով, այնքան բազմատեսակ են ծաղիկները, այնքան առատ և հոտավետ: Մենք կազմեցինք մի-մի գեղեցիկ փունջ, որ վերջը նվիրեցինք մեր ուղեկից օրիորդին, մեծ հաճույք պատճառելով նրա պատանեկան դեռևս անապական հոգուն ու սրտին...

III

Ես սովորություն չունեմ ճանապարհորդության միջոցին ամեն մի տպավորություն և դիտողություն մտցնել հուշատետրի մեջ: Առաջինը, դրա համար հարկավոր է ունենալ մանրակրկիտ վիճակագրողի ճշտապահություն, որպեսզի ամեն րոպե չձանձրանաս գրպանից հանել տետրդ և խազխզել ամեն բան: Երկրորդ` իմ կարծիքով, չպիտի նշանակություն տալ անխտիր այն բոլորին, ինչ տեսնում ես: Կան բաներ, որոնք րոպեապես են ազդում մարդու վրա, անցնում է մի քանի օր, և նրանք անհետանում են մարդու հիշողոլթյունից: Դրանք արժանի չեն ուրիշներին հաղորդելու: Բարվոք եմ համարում շատ բան թողնել իմ զգայարանների կամքին: Եթե մի երևույթ կամ պատկեր ինքնըստինքյան խորը տպավորվում է իմ հիշողության մեջ և ոչ միայն երկար ժամանակ չի անհետանում, այլև կենդանի պատկերանում է իմ աչքի առջև ամեն անգամ հիշելիսդա եմ միայն նկարագրության արժանի համարում:

Հիշում եմ, որ մեր կառքն անցնում էր Դարիալի ձորով, քանի գնում, իմ տպավորությունները բարդվում էին, ես հետզհետե թուլանում էի ու ընկճվում նրանց զորության տակ: Զգում էի, որ արյունս երակներիս մեջ սկսում է վազել ավելի արագ, սիրտս ուժգին բաբախում է, այնչափ զորեղ էր իմ տեսած բնական տեսարանների տպավորությունները: Ահա ինչու այժմ ևս, երբ ամիսներ են անցել, կատաղի Թերեքի մռնչյունը հնչում է իմ ականջին և պարզ, որոշ պատկերանում են իմ աչքի առջև այն բարձրագագաթ լեռները, որոնց ձյուներից գոյանում է այդ խելագար գետը, նաև այն հսկայական մռայլ քարաշղթան, որի երկու անընդհատ հյուսվածքի միջով վազում է նա:

Նկարագրել ամբողջ Դարիալի ձորը մի թռուցիկ նամակի մեջ` անկարելի է: Ես մտադիր եմ այդ փորձն անելու մի ընդարձակ վիպական աշխատության մեջ, որի բովանդակությունը կապ կունենա այդ վայրերի հետ: Վայրեր, որոնք վկա են եղել հարյուրավոր պատմական անցքերի և ուր ամեն մի քար ներկված է մարդկային արյունով: Սակայն, կրկնում եմ, պատմության մեռյալ փաստերը չեն, որ պետք է գրավեն կենդանի և զգայուն մարդուն, այլ նրանց այժմյան ողբալի հետևանքները: Զգայուն մարդը, անցնելով այդ վայրերով, տեսնում է միմյանցից տխուր բնական շիրիմներ անհուն բարձրությամբ, որոնց տակ թաղված են հազարավոր մարդկանց ոսկորներ: Կամա, ակամա նա ընկնում է այդ ծանր խորհրդածության մեջ, թե ինչու այդ վայրերի նախկին բնակիչները չկարողացան այդ ժայռերը մի-մի փառքի սյուն դարձնել և ընկան...

Թերեքի մռնչյունը այդ մասին մի մշտական անընդհատ բողոք է դեպի աստված և հանդիմանություն այն ժողովրդին, որի նախահայրերը միայն մի չքավոր, խղճալի և ողորմելի պատմական ժառանգություն են թողել... Կընդհատվի՞ արդյոք այդ դառն հանդիմանությունը. կկարողանա՞ն արդյոք ժառանգները երբևէ իրանց վրայից ջնջել նախահայրերի թողած ամոթաբեր արատըդժվար է գուշակել: Բայց անցորդը շատ ծանր տպավորություն է ստանում այդ վայրերից և նրանց այժմյան բնակիչներից: Ամեն տեղ տիրում է մեռելություն: Միայն երբեմն նեղ ձորերի և կիրճերի մեջ երևում են քանի մի մոխրագույն կետեր: Եթե այդ կետերից բարձրացող ծուխը չլինի, հազիվ մի մարդ կարող է կարծել, թե դրանք մարդկանց կացարաններ են և ոչ կենդանիների որջեր:

Այն ինչ` այդ հողի և քարի կույտերի այն ողորմելի ժողովածուները տեղական ժողովրդի լեզվով գյուղեր են կոչվում:

Ահա ինչու այդ մռայլ ամայության և չքավորութչան մեջ մի կենդանի հանդիսարան է թվում մաքուր պահվող խճուղին, որի վրա անընդհատ անցուդարձ են անում զանազան տեսակի կառքեր, տանելով իրենց մեջ աշխարհի ամեն ծայրից եկած տուրիստներ: Իբրև ժամանակակից կուլտուրայի մի բարակ ու թույլ գիծ, խճուղին անցնելով կիսավայրենի երկրով, ձգում է լուսավորության մի տկար շողք իր շուրջը: Բայց ի՞նչ է առաջացնում այդ շողքը: — Ճանապարհի աջ ու ձախ կողմերում ոտաբոբիկ, կիսամերկ, կեղտոտ տղաների խմբակներ, վայրենի ծաղիկներից կազմած մի-մի փոքրիկ փնջիկ ձեռներին` կանգնած սպասում են հեռվից երևացող կառքին: Մոտենում է կառքը, նրանք շրջապատում են և սկսում վազել նրա երկու կողմով, ամբողջ մի վերստ, ձգելով փնջիկները ճանապարհորդների վրա, որպեսզի մի քանի կոպեկ ստանան: Խե՛ղճ մանուկներ, ձեր ողորմելի աղերսանքները, որ բնավ չեն համապատասխանում այդ վիթխարի ժայռերի հպարտությանը, մարդու սիրտ են մորմոքում: Եվ մի՞թե այդ խճուղին շինված է, որ ձեզ մուրացկանութչուն սովորեցնի...

Կազբեկ կայարանում, համանուն գյուղի ծայրում գրեթե խճուղիի եզրին կանգնեցրած է վրաց միակ վիպասանի` Կազբեկի, վերջին աստիճանի անշուք արձանը:

Եթե չեմ սխալվում, այստեղ է նույնիսկ թաղված հանգուցյալի դիակը:

Մեր անցնելու միջոցին Կազբեկ լեռան գագաթը ծածկված էր նոսր ամպերով, բայց նրա լայնածավալ սառցարանները պարզ երևում էին հեռվից, իրենց նուրբ մոխրագույն տեսքով որոշվելով ձյունապատ լեռան մյուս մասերից: Ցավալի էր, որ առաջուց չգիտեի, թե կայարանից կա առանձին ուղի դեպի այդ սառցարանները, և տուրիստները ձիով գնում են այդ ուղիով դեպի Կազբեկ: Եթե իմացած լինեի, չէի վերցնիլ տոմսակ ուղիղ մինչև Վլադիկավկազ, և այն ժամանակ կարող էի առանց ավելորդ ծախքի մի օրով շեղվել ճանապարհիդ տեսնելու այդ սառցարանները, որոնց մասին այնքան կարդացել եմ և լսել:

IV

Հետաքրքրությունից դրդված ես վճռել էի այցելել Հյուսիսային Կովկասի մի քանի հայաբնակ քաղաքներ: Վլագիկավկազում վճռել էի մնալ երեք օր, բայց անակնկալ պատճառներով չկարողացա հինգ ժամից ավելի մնալ, ուստի առիթ չունեցա դիտելու տեղական հայերի կյանքը: Միայն մի քանի ժամ կառքով պատելով քաղաքը, կուլ տվեցի այդ կեղտոտ քաղաքի կեղտոտ փողոցների փոշին:

Քաղաքի կենտրոնով անցնելիս` շատ խանութների ճակատին կարդացի հայ ազգանուններ: Մի անձնավորության հասցեն իմանալու նպատակով մտա խանութներից մեկը, որի առջև ուռած-փքված կանգնած էր նրա տերը: Դա կարմիր այտերով, ճարպոտ աչքերով, մաքուր հագնված մի երիտասարդ էր, այնքան գոռոզ և ինքնաբավական դեմքով, որ կարծես տաճիկ փաշան լիներ և նոր էր ստացել սուլթանից առաջին աստիճանի Մեջիդե` սասունցիներին կոտորելու համար: Բայց չկարծեք հայ փաշան ստրուկներ չուներ: Ահա խանութի ներսում, ձեռները կրծքներին դրած, հլության զազրելի դրոշմը ճակատներին, կանգնած են տասնի չափ երիտասարդ հայ գործակատարներ և ակնածությամբ դիտում են իրանց աղայի ամեն մի շարժվածքը:

Ես խոսեցի հայերեն, վաճառականը պատասխանեց նույն լեզվով, իսկ գործակատարները, երևի իրանց քաղաքակրթությունը ցույց տալու համար, բարբառեցին ռուսերեն: Բայց վա՛յ այն ռուսերենին, որով նրանք խոսում էին, ինչպես և աստված հեռու պահի նրանց աղայի խոսած հայերենից: Հայ վաճառական դասը առհասարակ սիրում է բոլոր օտար լեզուներով խոսել, բայց ես դեռ չեմ տեսել մի վաճառական, որ մի որևէ լեզվով կանոնավոր և անսխալ խոսեր:

Վլադիկավկազից մինչև Արմավիր ես վերցրի երկաթուղու երրորդ կարգի տոմսակ: Բախտի բերմամբ ընկա մի այնպիսի վագոն, ուր ի՛նչ ազգի զավակ ասես կային: Դեմուդեմ երկու նստարանների վրա նստած էին մի հայ, երկու թուրք, մի վրացի և մի հրեա: Ես միացած այդ միջազգային խառնուրդին: Հայը տիրացու էր, թուրքերը վաճառական, հրեան արհեստավոր, վրացին գինեվաճառ: Թուրքերից մեկը, որ հագնված էր եվրոպական ձևով, խոսում էր կովկասյան բոլոր լեզուներով: Դա մի երիտասարդ մարդ էր, որ, չնայելով իր նորատարազ հագուստին, ոտքից մինչև գլուխ նույն քյալբլահին էր, ինչ որ իր հայրերը և նախահայրերը: Նա տեղի-անտեղի ծաղրում էր, որ մի պատկառելի ծերունի էր Ահարոնի կերպարանքով: Վրացին հըռ-հըռ ծիծաղում էր: Իսկ հայ տիրացուն կաշվից դուրս էր գալիս թուրքին ծաղրելու: Մի խոսքով ընդհանուր և փոխադարձ ծաղրածություն էր տիրում, որի ժամանակ ամենից համեստ էր և համակրելի ծերունի հրեան: Հայ տիրացուին չէր հաջողվում ծաղրել. վասնզի նրա սրախոսությունները, որ միայն իրան էին ծիծաղեցնում, նույնքան բութ էին, որքան նրա դեմքի արտահայտությունը: Թուրքի ծաղրածության նյութերից մեկն էլ հրեաների անմաքրասիրությունն էր: Բայց ինքը թուրքը ոտից մինչև գլուխ արևելյան անմաքրության մի տիպար էր` մանավանդ իր սև և ճարպոտ ձեռներով:

Արմավիրում ես մնացի չորս օր: Այդ ահագին գյուղը իր ընդարձակ փողոցներով, գեղեցիկ տներով և հարուստ մագազիններով կարող է մրցել Կովկասի ամեն մի նահանգական քաղաքի հետ: Նրա ավելի քան 20 հազար բնակիչների մեծամասնությունը հայեր են, որոնք խոսում են չերքեզերեն, շատ քիչ բացառությամբ: Վեհափառ կաթողիկոսի այցելությունը նրանց վրա խորին տպավորություն է թողել և ամեն տեղ, ուր որ լինում էի, այդ մասին էին խոսում: Հաճելի էր նկատել, թե ինչպես այդ կորած, մոլորված հայերը աշխատում են այժմ իրանց մայրենի լեզվով խոսել: Մի ձգտում, որին կարող է բավականություն տալ Հաշտարխանի թեմական դպրոցի բացվելը: Հասարակության ինտելիգենտ մասի խոսակցության գլխավոր առարկան այդ դպրոցն էր իմ այնտեղ եղած ժամանակ և շատերն այնքան չափից դուրս են զբաղված այդ խնդրով, որ չեն ուզում նրանից դուրս ավելի կարևոր խնդիրներով զբաղվել: Այն հարցը, թե որտեղ ավելի հարմար է բանալ դպրոցըՀաշտարխանո՞ւմ, թե՞ Արմավիրումթեմի ժողովրդին բաժանել է երկու կուսակցության: Մեծամասնությունը Արմավիրի կողմն է, որ, արդարև, ավելի շատ հարմարություններ ունե: Արմավիրի համար առանձին ջանքով աշխատում է տեղական Գևորգ քահանա Սեֆերյանը, որ մի եռանդուն երիտասարդ չերքեզահայ է գեղեցիկ ձգտումներով:

Չերքեզահայերը ընդհանրապես իրենց պարզությամբ և անկեղծությամբ շատ սիրուն տպավորություն են անում: Սակայն մի խումբ թերխաշ անձնավորություններ, մեծ մասամբ եկվորներ, այդ պարզ ժողովրդի մեջ ևս ձգտում են մտցնել կուսակցական պառակտումներ: Կուսակցություն ասելով, իհարկե, չպիտի կարծել, թե այդտեղ որևէ գաղափարական կռիվ կա: Նա ուրիշ ոչինչ է, եթե ոչ վարդապետների համար պաշտոնի, իսկ տերտերների համարծոմի խնդիր: Միայն պառակտում ձգտողները իրանց ողորմելի որկորը հասարակության հաշվով հագեցնելու համար մտնում են այս կամ այն լրագրի անվան տակ: Մեկը մի լրագիր է ընտրում իր գծուծ շահերը պաշտպանելու համար, մյուսը մի ուրիշ լրագիր, և դրանցից են առաջանում այն «ական»-ները, որոնցով այսօր լիքն են գավառական հայ ուսումնարանները, եկեղեցիները և խանութները: Մարդ շատ անգամ հոգու խորքում և՛ ծիծաղում է, և՛ խորին ցավ զգում, տեսնելով թե ինչպես այդ մարդիկ ծտերի դեմ թնդանոթներ են արձակում և ինչպես են իրանց մանր-մունր խլրտումներին ձգտում են համազգային նշանակություն տալ

Բայց թողնենք այս եղկելի երևույթը: Ես վճռել եմ այս մասին երբեք ոչ միայն չգրել, այլև չմտածել, եթե հնար կա չմտածելու: Կա մի ուրիշ ավելի նոր, ավելի հետաքրքրական և միևնույն ժամանակ, ավելի տխուր երևույթ, որին արժե մի առանձին նամակ նվիրել: Եվ իմ հաջորդ նամակը նվիրված կլինի այդ երևույթին

V

Հյուսիսային Կովկասի հայաբնակ քաղաքներում մեծ հռչակ է վաստակել մի նոր տեսակի պարազիտ: Դա է այն հետաքրքրական ու տխուր երևույթը, որի մասին ակնարկեցի անցյալ նամակիս վերջում:

Ուր որ գնում էի, պարազիտի մասին անխուսափելի կերպով խոսակցություն էր բացվում և շատերը ինձ հարցնում էին, արդյոք ճանաչո՞ւմ եմ նրան կամ գոնե լսել եմ նրա մասին: Հարցը շատ բնական էր: Պարազիտը, դժբախտաբար, գրականության հետ մի ժամանակ մի թույլ կապ է ունեցել և ամեն ոք հավանական էր համարում, որ ես պետք է այսպես թե այնպես ճանաչեմ նրան: Ճշմարիտն ասած, ես անձամբ ոչ տեսել եմ այդ պարազիտին, ոչ էլ գիտեմ ով է նա, բայց այնքան բաներ լսեցի նրա մասին մի ճանապարհորդության միջոցին, որ ինձ համար միանգամայն պարզվեց նրա բարոյական պատկերը: Ամենքը, ով պատահում էր ինձ, խնդրում էին հրապարակ հանել այդ պատկերը: Մի քաղաքում ինձ մոտ եկան հատկապես այդ խնդրով երեք պարոններ: Ես առարկում էի, թե գրելով դժվար է պարազիտներին ոչնչացնել, թե միայն հասարակությունն ինքը կարող է նրանց առաջն առնել, անխնա ջախջախելով նրանց ամեն քայլում, բայց այդ չէր գոհացնում ոչ ոքի և ամենքը միաբերան ցանկություն էին հայտնում տպագրված տեսնել այն բոլորը, ինչ որ նրանք պատմում էին:

Ահա ինչու, որքան անախորժ լինի ինձ համար սողուններով զբաղվելը, ես ստիպված եմ իմ ներկա նամակը նվիրել նրանցից մեկին:

Փոքրիկ է իմ նկարագրելի պարազիտը, չնչին է և հազիվհազ նշմարելի մեր հասարակական կյանքի հորիզոնում, բայց նա վնասակար է և նոր, ուստի և՛ արժանի ուշադրության: Ուրեմն թող ներվի ինձ մի փոքր հեռվից սկսել նրա պատմությունը:

Թե ուր է ծնվել նա, ուր է սնվել ու կրթվել, չգիտեմ: Լսել եմ, որ նա մի օր երևան է եկել Կասպից ծովի ափերում, նավթաշխարհի մայրաքաղաքում, ուր մարդիկ մի քանի տարվա ընթացքում կամ միլիոնատեր են դառնում, կամ սնանկանում: Նախանձելով իր հայրենակիցների բախտին, նա էլ կամեցել է հարստանալ և այս մտքով մտել է, չգիտեմ ում մոտ, գործակատար: Համբերություն չունենալով տարիների ընթացքում ստորադրյալի պաշտոն վարել, որպեսզի մի օր «մարդ դառնա», նա վճռել է դիմել այնպիսի միջոցների, որոնք ավելի դյուրին են կյանքի ասպարեզում մի անկյուն գտնելու համար: Մեկն էլ այդ միջոցներից եղել է մի հայ լրագրի թղթակցելը: Նա սկսել է ցեխոտել այն մարդկանց, որոնց ճաշակը առհասարակ չի թույլ տալիս հասարակական շրջաններում խլրտողներին ձեռք մեկնել, և խունկ է ծխել այնպիսիների առջև, որոնք քեֆի ժամանակ երբեմն բարեհաճում են իրանց սեղանի փշրանքով կերակրել ամեն մի անցորդի, որ երգում է «ողորմություն արեք անտուն, անտեր պարկապզուկիս, ես գիտեմ և՛ մրոտել, և՛ փառաբանել` ում կամենամ»:

Next page