Շիրվանզադե Ալեքսանդր՝   Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական

Բարձրացանք, շարունակ բարձրացանք: Ահա, վերջապես, քաղաքի մուտքը: Այդտեղ ժողովվել է ահագին բազմություն: Մեզ, այսինքն ոչ աշխարհական մահկանացուներիս, այլ եպիսկոպոսներին ընդունում են աղ ու հացով և անսահման երկյուղածությամբ: Զարմանալի՛ բան, գուցե առաջին օրինակը: Աղ ու հաց առաջարկում են և՛ թուրքերը, և՛ քրդերը: Ինչո՞ւ: Երևի, իրենք էլ չգիտեն:

Նեղ և ծուռումուռ փողոցներ, մեր բազմամարդ թափորը դիմում է դեպի եկեղեցի քաղաքի պատվավոր ներկայացուցիչների առաջնորդությամբ:

Եկեղեցի՞: Ոչ, դա մի ահագին քարե մթերանոց է խարխուլ պատերով, կիսավեր առաստաղով, այնքան խոնավ, որ իսկույն ոսկորներս ցնցվում են:

Նույնը, ինչ որ Արծափի եկեղեցինկատարյալ ամայություն:

Համառոտ աղոթք և Մեսրովբ եպիսկոպոսի մխիթարական խոսքերը:

Վաղը կատարվելու է հանդիսավոր մաղթանք զորքի և զինվորական իշխանության ներկայությամբ:

Եկեղեցումն է թաղված վերջին դեպքերի առաջին զոհ Գալուստ Ալոյանցի դիակը: Մոտենում ենք նրա թարմ գերեզմանին, որ գտնվում էր մի խավար անկյունում: Ճանաչում էի նրան: Չկար նրա համար ավելի մեծ վիշտ, քան իր հայրենակիցների տառապանքը:

Մեզ առաջնորդում են դեպի մեր ժամանակավոր օթևանը: Ոմանք ցրվում են քաղաքը տեսնելու: Ես շտապում եմ ազատվել ծանր մուշտակից և անտանելի թաղիքյա կոշիկներից:

Մի բավական մեծ սենյակ է` անկշտամբելի մաքուր, գեղեցիկ գորգերով զարդարված: Կա և մի հատ գրասեղան ու մի-մի հատ աթոռ: Շքեղություն, որին այլևս չպիտի հանդիպեինք Բայազեդից դեն:

Տեսնելով այդ հարմարությունը, նստեցի մի քանի նամակներ գրելու: Թիֆլիս փոստային հարաբերություն չկար, պետք էր օգտվել Մեսրովբ եպիսկոպոսի սիրալիր առաջարկից, վերցնելու նամակները: Հետևյալ առավոտ նա պիտի վերադառնար Թիֆլիս:

Մինչ ես զբաղված էի, եկան մեր բոլոր ուղեկիցները քաղաքից հոգնած:

Մեր Նիկոլը որ արդեն մտել էր իր դերի մեջ, ականջիս շշնջաց.

Ոչխարն արդեն մորթեցին:

Սկսվեց այցելությունների անվերջ շարքը: Մեկը լուր բերեց, թե քրդերը բնաջինջ են արել մի մեծ զուտ հայաբնակ ավան Խաչանի անունով, կոտորելով 600 տնից բաղկացած ամբողջ բնակչությունը: Այդ սոսկալի լուրը տեղացիների վրա չունեցավ այն տպավորությունը, ինչ որ մեզ վրա: Մարդկանց լսելիքը վաղուց էին ընտելացել նման բոթաբեր լուրերից և վաղուց նրանց ներվերը բթացել էին:

Էհ, — արտասանեց միայն տանտերը հառաչելով և մի տեսակ դառը հեգնական հայացք ձգելով մեզ վրա, եթե դիպվածը մեզի օգնած չլլար, մենք ալ խաչենցիներուն պես պիտի կոտորված ըլլայինք:

Աստված էր, որ մեզի փրկեց, — ավելացրեց քահանան, երեսը խաչակնքելով:

Ի՞նչպես, — հետաքրքրվեցինք մենք:

Թուրքերը վճռած են լինում, Բայազեդից փախչելուց առաջ, մի գիշեր սրի անցկացնել քաղաքի 3700 հոգի հայերին: Որպեսզի իրենց վճիռն անխափան իրագործեն, որոշում են ձերբակալել և խեղդել 51 հայտնի անձնավորությունների, որոնք կարող էին արգելք լինել: Դժոխային ծրագիրը բաց է անում հայերին մի քուրդ ցեղապետ Մամեդ-բեգ անունով: Սակայն եթե ռուս զորքը մի օր ևս ուշանար, կոտորածը, այնուամենայնիվ, պիտի տեղի ունենար:

Նույն օրն այդ Մամեդ-բեգը եկավ այցելության, և մենք հայտնեցինք նրան մեր երախտագիտությունը: Պարզվեց, որ այդ հազվագյուտ քուրդը միշտ պաշտպանել է հայերին:

Ներս մտավ Բայազեդի ոստիկանապետը — «Մշակ»-ի թղթակից Աբգար Տեր-Աբրահամյանը և հաղորդեց մեզ շատ կարևոր տեղեկություններ: Նրանից իմացանք, ի միջի այլոց, որ տեղական հայ ազգաբնակության մի մասն էլ անկշտամբելի չէ իր վարքուբարքով: Ասաց, որ կան մի շարք հայեր, ի չարն են գործ դնում իրենց այժմյան դիրքը ոչ միայն քրդերի, այլև իրենց արյունակիցների վերաբերմամբ: Գանգատվեց, որ ինքն անզոր է զգում իրեն զսպել այդ տեսակ հայերի բնազդները և ստիպված է նրանց ձերբակալել ու բանտում պահել:

Նրա ասածները հաստատեցին ներկա եղողները, բացի, հարկավ, այն մասից, որ նա ասաց ռուսերեն լեզվով...

Եպիսկոպոսներից մեկը խնդրեց ոստիկանապետից իմանալ` արդյոք գեներալ-նահանգապետը կընդունե՞ մեր այցելությունն այսօր ևեթ: Ոստիկանապետը իսկույն գնաց և շատ չանցած, վերադառնալով, հայտնեց, որ գեներալ Դ. — ն ուրախ կլինի ընդունել երեկոյան:

Որոշյալ ժամին կարգի բերեցինք, որքան կարող էինք, մեր ամեն կարգից դուրս հագուստը և գնացինք գեներալ-նահանգապետի բնակարանը, որ ռուսաց նախկին հյուպատոսարանն էր:

Նախ նրա առանձնասենյակում, ապա սեղանատանը թեյի և ընթրիքի սեղանի քով մեր խոսակցությունը տևեց մինչև գիշեր:

Ներկա էր և նախկին հյուպատոս պ. Ա...ն, որ գեներալի քաղաքացիական օգնականի պաշտոնն էր վարում:

Միմյանց չճանաչելը մեզ և ձերոնց շատ խանգարում է և դրանից առաջանում են հազար ու մի թյուրիմացություններ, — ասաց գեներալը: — Ցանկալի կլիներ, որ այնտեղ մեզ օգներ լեզու գիտցող մի ռուսահայ:

Այդ մասին մտածված է, — հայտնեցինք մենք: — Որոշված է ուղարկել թե՛ այստեղ և թե՛ ուրիշ կենտրոններ մի-մի ռուսահայ, որ պիտի լինի մի տեսակ միջնորդ տեղական հայերի և զորքերի մեջ և թարգման:

Այդ հրաշալի է, հրաշալի է, — կրկնեց գեներալը, — դա մեր գործը կթեթևացնի: Գիտեք, դրությունը շատ փափուկ է. հայը քրդի վրա է գանգատվում, քուրդը հայի վրա: Շատ անգամ չեմ կարողանում իմանալ ով է մեղավորը և ով է արդարը:

Բայց համենայն դեպս հայտնի է, որ մինչև այժմ հարվածվողը հայն է եղել:

Մինչև այժմ այո՛, բայց այժմ հայերն են սկսել նեղել քրդերին, — ասաց գեներալը ժպտալով:

Մի՞թե

Այո, գոնե ինձ այդպես են զեկուցանում: Մի խոսքով, կխնդրեի ձեզ, որ ձեր հայրենակիցներին հասկացնեիք, թե այսուհետև այս երկրում գործելու է օրենքը և ոչ բռնությունը:

Ակնարկը պարզ էր: Հասկանալի էր, թե ինչ է ուզում ասել գեներալը:

Մեր տրամադրությունը մթնեց: Նայեցինք միմյանց տարակուսանքով:

VIII

Առավոտյան յոթ ժամին Մեսրովբ եպիսկոպոսը ուղևորվեց Թիֆլիս, ցավելով, որ չի կարող ճամփորդությունը շարունակել:

Բայց կաշխատեմ Սարիղամիշի կողմերում ձեզ հանդիպել, — ասաց նա: — Մեր վրա դրված պարտականության համար կարևորն այն կողմերն են: Այստեղ հայ զինվորներ չկան:

Գնացինք եկեղեցի: Արդեն նա ծայրեիծայր լեցուն էր: Այս անգամ եկել էին և կանայք ոչ այնքան աղքատ, որքան տձև հագնված: Ոչ մի եվրոպական հագուստ: Միայն մի քանի շրջազգեստներ, բայց գլխարկի փոխարեն շալ: Մեծամասնությունը դարձյալ ցնցոտիներ: Եկել էին նաև բազմաթիվ զինվորներ:

Փոքր անցած երևաց գեներալ-նահանգապետն ուրիշ զինվորականների և իր օգնականի հետ:

Այս անգամ խոսողը Խորեն եպիսկոպոսն էր, որ այն օրից պիտի փոխարիներ Մեսրովբին:

Խոսեցին և՛ աշխարհականներըՍմբատ Խաչատրյանց և Հովհաննես Թումանյան: Ես լուռ ունկնդիր էի և վճռել էի լռել մինչև վերջը, գերադասելով դիտողի և ուսումնասիրողի դերը քարոզողի և խրատողի դերից: Եվ ի՞նչ պետք է ասել այդ հոգեսպառ և արյունաքամ ժողովրդին: Ի՞նչ հույսեր նրան ներշնչել, որոնց համար ապագայում չզգաս խղճի խայթ և չդատապարտես քեղ թեթևությանդ համար:

Լավ կլիներ, եթե նույնիսկ ոչ ոք չխոսեր և թույլ տրվեր այդ խեղճ ժողովրդին ավելի երկար ժամանակ լսելու տեր-Նիկոլի հուզիչ երգեցողությունը: Ահ, նրա մաքուր տենորի յուրաքանչյուր հնչյունը թափացնում է այդ ողորմելի տառապյալների հոգին և արտասաուք կորզում նրանց ցամաքած աչքերից: Եվ ինչպես հիացած են օտարազգի զինվորն ու զինվորականները, որպեսզի երկյուղածությամբ են լսում արևելյան եկեղեցու հոգեմաշ մեղեդին, որ այնքան սազում է այդ մռայլ արյունաշաղախ պատերին:

Մաղթանքից հետո մի քանի տեղացի երիտասարդներ բարի եղան ինձ ցույց տալու երկու բերդերից մեկը, օր գտնվում է քաղաքի արևելյան ծայրում: Անցանք անկարգ, անկանոն շինված տների միջով: Փողոց` բառիս տարրական իմաստով այստեղ գոյություն չունի, ձյունի և աղբի կույտերով ծածկված անցքեր են, որ մերթ իջնում են, մերթ բարձրանում: Անցնում ենք մի աղբյուրի մոտով, ուր մի խումբ կանայք և երեխաներ կուժ ու կուլաները ձեռքերին հերթի էին սպասում: Ոչ մի ուրախ ձայն, ոչ մի ժպիտ այդ մռայլ, վաղաթառամ դեմքերի վրա:

Բայազեդի ամրոցն իբրև այդպիսին, անկասկած, չունի ժամանակակից արժեք, բայց իբրև հին ճարտարապետական գործ կարող է համարվել հավիտենական: Նրա ոճը հստակ չէ և ներկայացնում է մի տեսակ խառնուրդ արաբական, պարսկական և մասամբ հայկական ոճերի:

Առանձնապես գեղեցիկ են մզկիթի գմբեթը ներսի կողմից և նրա մինարեթը դրսի կողմից: Տպավորություն գործում է նաև պալատը, մանավանդ զինվորական խորհրդի դահլիճն իր հոյակապ կերտվածքով և առաստաղի նրբությամբ:

Բերդն ամբողջովին զորանոցի է փոխված: Նրա ընդարձակ բակում զինվորները լվացքով են զբաղված, և լվացած ճերմակեղենը խաչաձև կապած պարանների վրա` չորանում էին արեգակի տակ: Ամենուրեք տիրում էին կեղտն ու ապականությունը:

Շինությունները տեղ-տեղ ավերված են, փլատակները ցիրուցան: Անկասկած դա թուրքերի անհոգության հետքն է, քանի որ Բայազեդը չի դիմադրել ռուս զորքերին, և բերդը արշավանքի չի ենթարկվել: Գուցե 1877 թվականի հետքերն են, որ մինչև այսօր մնում են անուղղելի:

Բերդի մի բաժինը եղել է բանտ: Ես մտա և՛ այնտեղ: Դա մի շատ ընդարձակ դահլիճ է: Մութ, խոնավ, պատերը ծխից սևացած: Մի պատի վրա շինված է երկաթե մի վանդակ բազկաչափ ձողերով: Դա պահապանների տեղն է: Այստեղից են նրանք հսկել բանտարկյալներին: Պատերազմից ոչ շատ առաջ փախել են 40 հանցավորներ: Փախուստի հետքը մի փոքրիկ փոս է հատակի կենտրոնում:

Մյուս ամրոցը գտնվում է քաղաքից դուրս, ահռելի ժայռերի մեջ: Ցավալի է, որ ժամանակը չներեց ինձ այն էլ տեսնելու: Ասացին ինձ, որ այդ ամրոցն ավելի նշանավոր է ոչ ճարտարապետական, այլ ռազմական տեսակետից: Ունի մի քանի ստորերկրյա անցքեր, որոնց արժե տեսնել:

Վերադառնալով մեր կացարանը, ուղեկիցներիս գտա բավական անհարմար դրության մեջ: Պատահել էր մի թեթև, շատ թեթև անախորժություն, որ սակայն ես նախատեսել էի Թիֆլիսում և որի մասին նախազգուշացրել էի մեր ընկերներին:

Բանն այն է, որ մեզ ուղեկցող սպային և կազակներին, այսինքն մեր կյանքը պես-պես հնարավոր փորձանքներից ապահովողներին պետք է որևէ կերպ երախտապարտ լինել: Կազակների բանը դժվար չէ, մի փոքրիկ դրամական նվեր, և նրանք գոհ են: Բայց ի՞նչ անել օֆիցերի վերաբերմամբ: Մեզ հետ ոչինչ չունեինք, մի որևէ իր, որ հիշատակ թողնենք նրա մոտ:

Պ. Խունունցն իր հուշատետրում նշանակեց համեստ և ամոթխած օֆիցերի անունն ու հասցեն: Փույթ չէ, երբ կվերադառնանք մեր տեղերը, մեր անունից շնորհակալության մի նշան կուղարկվի նրան:

Նույնն արինք մեր ճամփորդության ընթացքում և՛ մյուս մեզ ուղեկցող օֆիցերների վերաբերմամբ, ընդհանուր թվով կարծեմ յոթ անգամ:

Ավա՛ղ, խոստումը մինչև այսօր էլ մնում է լոկ խոստում

Մարդկային կենցաղավարության մեջ կան փոքրիկ ուշադրություններ, որոնց համագումարը կոչվում է էտիկա: Նա է, որ ազգերի փոխադարձ հարաբերությունների մեջ ծնում է համակրանք կամ հակակրանք: Թվում է ինձ, որ մեր ազգի բարոյական վարկին ամենամեծ հարված տվողը մեր հոգու չորությունն է: Խելքն ու բանականությունը չեն միայն, որ ժողովրդին ժողովուրդների մեջ դարձնում է հանդուրժելի, այլև զգացումը: Եվ գլխավորապես զգացումը: Հաճախ մի փոքրիկ անփութություն կամ անուշադրություն հղացնում է ատելություն և, ընդհակառակը, անհատների կողմից օտարներին տրված մի գեղեցիկ ժեստ երբեմն գրավում է նրանց հարգանքն ու համակրանքը դեպի ամբողջ ազգը

Մեր տանտերը մի բարեհամբույր, շատ հյուրասեր ծերունի էր, տակավին առույգ, առողջ և դյուրաշարժ: Նա թուրքական փաստաբան էր, այնինչ` նրա որդիները պարապում էին վաճառականությամբ: Մեզնում հակառակն ենք տեսնում: Բայց երևի, սուլթանների երկրում իրավագետ լինելու համար մի առանձին պատրաստություն հարկավոր չէ, վասնզի մեր բարի տանտերը չունի նույնիսկ միջնակարգ կրթություն: Այնուամենայնիվ նրա կլորիկ դեմքը չէր կրում գռեհկության նշան և եթե գրասեղանի քով նստած գրում էր ասիական ձևով, ծնկների վրա և սագի փետուրով, երևի այդպես էր սովորել և համառում էր զիջողություն անել եվրոպական նիստուկացին: Չի կարելի ասել, որ նրա որդիները շատ էլ նրանից առաջ էին գնացել: Մեզ պատմեցին, որ ծերունու մի որդին ուսանող է Ժնևում և երբ արձակուրդներին տուն է վերադառնում, ճաշի և ընթրիքի ժամանակ ամենայն հնազանդությամբ դեն է գցում եվրոպական կոշիկները, ծալապատիկ նստում է մինդարի վրա և այնպես ուտում:

Եկան մի քանի պատկառելի թուրքեր իրենց բարեկամական զգացմունքներն արտահայտելու: Նրանցից մեկը խելացի և համակրելի դեմքով մի ծերունի էր, չալմայով:

Իսմայիլ էֆենդի Նալբանդ Զադե, — ներկայացրեց նրան փաստաբանը հարգանքով, — հայտնի կալվածատեր և միաժամանակ տեղական դատարանի անդամ:

Հայտնվեց, որ էֆենդին եղել է ինքնապաշտպանության կոմիտեի անդամ և օգնել է հայերին ու շատերին ազատել կործանումից: Այժմ նա ինքը Բայազեդում մնացած թուրքերի հետ գտնվում է հայերի պաշտպանության ներքո: Նա խոսեց ժոզովուրդների համերաշխության մասին և խոսեց խելացի, տրամաբանորեն, հենվելով կյանքի տված երևույթների ու փաստերի վրա...

Ներս մտավ մի դյուրագրգիռ հայ և սկսեց կատաղի բողոքել ճակատագրի հարվածների դեմ: Նրա գանգատը կարելի է ամփոփել իր հետևյալ խոսքերի մեջ.

Մեզի թալնեցին թուրք ասկերներ, անկե հետև քուրդեր: Մենք այժմ այլ կը թալնվենք, հուսալով, որ ռուսը գալեն ետև պիտի հանգիստ ըլլանք: Եթե սա պես շարունակվի մեր վիճակ, պիտի գաղթենք...

Մենք աշխատեցինք վրդովված հային բացատրել, հանգստացնել, բայց սա մի քանի անգամ կրկնեց «պիտի գաղթենք»: Վերջապես համեբությունս հատավ, և ես հարցրի.

Ո՞ւր պիտի գաղթեք...

Նա չկարողացավ հարցիս պատասխանել: Լռեց և գլուխը հուսահատորեն թեքեց կրծքին:

Այո, ո՞ւր պիտի գաղթենք, տեղ չկա, — հաստատեցին իմ խոսքը ներկա եղող թուրքահայերը:

Վրդովված հայը զգաց, որ իր բողոքը ոչ միայն անզոր է, այլև ոչ քաղաքագիտական: Նա ասաց.

Ջանըմ. կազակ ինչ կուզե, թող ընե մեզի, միայն թե մեր երկրեն չերթա: Մենք, գոհ կըլլանք գարու հացով ալ

IX

Պատրաստվում ենք ուղևորվելու Դիադին: Սմբատ Խաչատրյանցը չափազանց անհանգիստ է: Եվ ունի իրավունք: Բանն այն է, որ մեր ձիերի պայտերը մաշվել են, իսկ նրա ձին բոլորովին չունի պայտեր: Ամեն քայլում սայթաքում է սառույցների վրա: Դա մի վտանգավոր բան է, որ կարող է դժբախտություն առաջ բերել:

Բարեբախտաբար կամավորներից մեկն եկավ և ավետեց, որ բարի կազակները մեր բոլոր ձիերի պայտերը նորոգել են: Լուրը մեզ ուրախացրեց, որովհետև մեզ հավատացրել էին, որ այդ թշվառ երկրում ոչ պայտ կա, ոչ երկաթ:

Գեներալ-նահանգապետը աչքի առաջ ունենալով ճանապարհի վտանգը, հարկ համարեց մեզ ուղեկից կազակների թիվը հասցնել 25-ի: Լսելով այդ, Հովհաննես Թումանյանը իր բազմաթիվ կապոցների միջից դուրս բերեց մի մեծ արկղ և քարշ արավ կողքին: Ասաց, որ այդ արկղի մեջ ամփոփված է աշխարհի ամենասոսկալի զենքը: Ես վախեցա: Խունունցը, Զելիմ խանի չալ փափախը իր ճաղատ գլխին սեղմելով, դուրս քերեց մի սև ռևոլվեր և, հավաստիանալով, որ փամփուշտները չեն ընկել, հանգստացավ և քաջարի ժպտաց:

Ես սարսափեցի: Իսկ երբ տեսա, որ չարաչար գոտեպնդված Խորեն հոգևորականն էլ զինված է մահաբեր զենքով, արդեն միանգամայն սարսռեցի, վասնզի ես միամտություն էի ունեցել հավատալու, որ հոգևոր հայրերի միակ զենքը պիտի լինի, նույնիսկ պատերազմի վայրերում, իրենց պերճախոսությունը հակամարդկային բնազդները մեղմացնելու համար: Եվ հանկարծ եպիսկոպոս ու ատրճանակ...

Թուամորթը միայն ես էի իմ ընկերների մեջ: Կարծեմ, Սմբատ Խաչատրյանցը նույնպես: Թուլամորթ նամանավանդ, որ չէի հասկանում իմ ընկերների զինման իմաստը: Եթե քուրդերը հարձակվելու են մեզ վրա, համենայն դեպս հարձակվելու են հրացաններով: Ի՞նչ կարող է անել ռևոլվերը հրացանի դեմ: Ես հույս չունեի նույնիսկ կազակների վրա: Համոզված էի, որ հարձակման դեպքում մեզ մի բան է մնալու անելփախչել, կամ ժամանակակից ոճով ասած, նահանջել: Հետևաբար, մեր փրկությունը մեր ձիերի ոտքերի մեջ է և ոչ Հովսեփ Խունունցի գրպանում:

Դարձյալ հայկական կրիան չի դուրս գալիս բնից: Որովհետև երկիրը սառն է և Բայազեդի սառցապատ զառիվերով միայն ոտքով կարելի է իջնել, ուստի պատվիրել ենք, որ վաղօրոք մեր ձիերը տանեն ներքև: Իջել ենք կիրճը և ահա մի ամբողջ ժամ է սպասում ենք և ձիերը չկան, և ոչ բեռները: Անշուշտ մեր մարդիկ ամենայն անդորրությամբ զբաղված են թեյ ըմպելով և, զրուցաբանությամբ: Ճշմարիտ, զարմանալի է կազակների համբերությունը: Եթե ես լինեի այդ երիտասարդ օֆիցերի տեղը, հավատացեք, վաղուց թողած ու հեռացած կլինեի, թեկուզ պատժվեի դրա համար: Շատ հակրկավորս է, մի ինչ-որ սև վեղարավոր, ինչ-որ անծանոթ մարդկանց հետ, ինչ-որ նպատակով եկել են ու գնում են: Բայց տեսեք ինչպես համեստ ռուսը, ձիուց իջած, անտրտունջ քայլում է ձյունի վրա ետ ու առաջ. ցրտից ոտքերն ամուր զարկելով գետնին և ձեռքերը շփելով իրարու, որ չսառեն:

Կազակներին տալիս եմ մի քանի տուփ ծխախոտ, և նրանք անվերջ շնորհակալ են: Ես ևս շնորհակալ եմ իմ ընկերներից, որ այսօրվանից իմ տրամադրության տակ են դրել ահագին կապոց ծխախոտները: Ես գիտեմ ինչպես բաժանել այդ թանկագին նվերը:

Ահա, վերջապես, սպիտակ զառիվերի վրա երևացին մեր ձիերը: Իջնում են կիրճը:

Եղանակը հետզհետե պարզվում է: Տասը ժամին արդեն երկինքն ու երկիրր մերկանում են խոնավ մշուշից, և արեգակը զվարթացնում է մեր տրամադրությունը: Դեպի աջ` կապույտ հորիզոնի վրա նկարված են Չինգիլի բարձունքները, ավելի մոտ` Աղ-Բինարը, դեմուդեմ սուրբ Սիմոնը: Արարատն արդեն մնացել է մեր հետևում, և մենք նրան չպիտի տեսնենք ամբողջ շաբաթներ:

Բուն Քուրդիստանումն ենք: Ամբողջ հովտի հայ բնակչության թիվը 40000 է Բայազեդի հետ միասին: Որքան է քրդերի թիվըչգիտեմ, բայց երկիրն ինձ վրա գործում է ամայության տպավորություն: Գյուղերն իրարից բաժանված են ահագին տարածությամբ: Երբեմն տասը վերստ գնում ենք և գյուղ չենք տեսնում: Այնինչ` երկիրն արգավանդ է և ոռոգվում է լեռներից հոսող բազմաթիվ վտակներով:

Աջ ու ձախ բոլոր գյուղերը դատարկ են: Քրդերը փախել են և թաքնվել լեռներում: Այնտեղից նրանք մերթ ընդ մերթ մեծ խմբերով հարձակվում են ռուս պահակների կամ մթերակիր սայլերի վրա, կողոպտում են, սպանում ու փախչում: Իսկ հայ գյուղերը... նրանք վաղուց են սովորել այդ տեսակ արշավանքների և այժմ էլ կրում են նրանց դառնությունը, չնայելով ռուսական ահեղ ուժի մերձավորությանը:

Ահա դեպի ձախ Ղրզըլ-Դիզեն, ուր տեղավորված է կազակների մի ամբողջ գունդ:

Հանդիպեցինք այն հարյուրյակներին, որոնք ուղարկված էին Մոսունի շրջակայքը տեղական քուրդերին պատժելու` երկու ռուս զինվոր սպանելու համար: Նրանք հիմնահատակ են արել յոթ գյուղ և այժմ երգելով վերադառնում են Ղըզըլ-Դիզե:

Բայազեդից մինչև Դիադին ընդամենը 40 վերստ է, բայց ինձ թվում է, որ այդ ճերմակ սավանն իր ձորերով ու բլուրներով վերջ չունի:

Ի՞նչքան է մնում, — անդադար հարցնում եմ մեր առաջնորդին, որ կամավորի պես մի բան է:

Երկու ժամ, մի ժամ, կես ժամ, — պատասխանում է նա:

Վերջը հայտնվում է, որ մարդը ժամանակ և տարածություն ասած բաների մասին բնավ գաղափար չունի: Հայտնվում է նույնպես, որ նա Դիադինը իր կյանքումը չի տեսել և երդվում էր, որ տեսել է:

Ես արդեն հոգնել եմ և քաղցած եմ, ձիս` նույնպես: Նա հազիվ քայլում է խորը ձյունի մեջ: Ով ձիու սովոր չէ մանկությունից, թող իմ հասակում երբեք չնստի:

Կանգ ենք առնում լեռների մեջ, մի տափարակի վրա: Իջնում ենք ձիերից մի փոքր հանգստանալու:

Դեմառդեմ կիրճերից դուրս են գալիս երեք ձիավորներ: Անկասկած կազակներ են, որ գալիս են Դիադինից: Ախալված ենք:

Ձիավորները սրընթաց մոտենում են մեզ և, ուժգին թափով քաշելով սանձերը, բևեռվում են մեր առջև:

Ողջույն ձեզ, — լսում եմ մի առնական ձայն, որ սառած օդի մեջ հնչում է ինչպես մետաղ:

Երեքից մեկը պատանի է, մյուսը երիտասարդ, երրորդը ծերունի ալեխառն մորուքով, կապույտ ակնոցներով, գլխին բաշլըղ, ուսին մաուզեր: Նրա արևից ու լեռնային բուք ու բորանից կիզված դեմքը ծածկված էր խորը ակոսներով: Թվում է, որ մարդը ձուլված է բրոնզից իր ձիու հետ միասին:

Դարալագյազի քահանա տեր-Գրիգորն էր: Նրա ուղեկիցներից մեկը կամավոր էր, իսկ մյուս պատանին` նրա որդին, որ նույնպես կամավոր էր: Պատանին հիվանդացել էր: Հայրը տանում էր նրան Իգդիր բժիշկներին ցույց տալու և վշտացած էր, որ ստիպված է կռվի դաշտը թողնել, թեև ժամանակավոր:

Հաղորդելով մեզ մի քանի հետաքրքրական տեղեկություններ, ծերունին մտրակեց ձիուն և չքացավ ձյունի փոշու մեջ:

X

Իրիկնադեմ է: Այլևս արեգակը չի երևում: Նա թեքվել է դեպի մուտքը և թաքնվել ամպերի տակ: Կարծես շատ էր տաքացնում մեզ իր անզոր ճառագայթներով և հոգնեց:

Մոտենում ենք Դիադինի վերելքին: Խորը ձորի մեջ ենք: Աջ ու ձախ լեռներ են, որոնց բութ գագաթներից մեկ-մեկ ցած է հոսում թանձր մշուշը: Երևի նա շուտով կծածկի մեզ:

Մեր ձիերը վաղուց են ուժասպառ եղել: Այնպես, որ նրանց ոտքերը ծալվում են բեռան տակ և հաճախ սայթաքում: Երբեմն ընկնում են և իսկույն վեր կենում մտրակի կատաղի հարվածների տակ:

Դեպի աջ ձորի խորքում, ավելի հեռու, լեռան թեքվածքների վրա նշմարվում են ինչ-որ սև, չարագուշակ կետեր: Քանի որ առաջ ենք գնում, այնքան նրանց թիվն ավելանում է:

Տեսնո՞ւմ եք, — հարցնում է ինձ կազակ օֆիցերը:

Ի՞նչ է այդ:

Դիակներ են, — արտասանում է զինվորականը անտարբեր:

Թուրքերի՞:

Քրդերի:

Ուրեմն այս ձորի մեջ է տեղի ունեցել Դիադինի ճակատամարտը:

Ճիշտ այստեղ:

Դուք երևի մասնակցել եք:

Այո: Ես մասնակցել եմ տասնուերեք ճակատամարտներում: Սպասում եմ Գևորգյան շքանշանի: Արդեն ներկայացված եմ:

Պատմեցեք այստեղի կռվի մասին:

Ի՛նչ պատմեմ: Սովորական գործ էր դա: Համիդիականներ էին, մեծ թվով, չգիտեմ քանի հազար: Սկզբում իրենք հարձակվեցին: Երբ գրոհ տվեցինք, չկարողացան դիմանալ: Փախցրինք մինչև այստեղ: Ստիպեցինք ընդունել ճակատամարտը: Նրանց դիրքը ավելի լավ էր: Սիրում են բարձունքներ: Ահա այն երկարավուն սարի թիկունքների վրա էին թանձր շարքերով: Իսկ մենք այստեղ, ձորում: Դիմադրեցին բավական ժամանակ: Բայց կոտորվեցին, շատ կոտորվեցին: Իրիկնադեմին փախան ցիրուցան: Տեսնում եք այն բոլոր սև կետերը ձյունի վրա` դիակներ են: Եթե ձորն իջնեք, կտեսնեք որքան շատ են: Սարերի լանջերն էլ ծածկված են նրանցով: Ձյունն է թաքցնում նրանց:

Ե՞րբ է տեղի ունեցել այդ մարտը:

Հոկտեմբերի քսանը և մեկին:

Այսօր նոյեմբերի քսանուերեքն է: Ուրեմն ավելի քան մի ամիս է, որ այդ դիակները թափված են այստեղ:

Այո: Եվ, երևի դեռ երկար ժամանակ կմնան:

Ինչո՞ւ չեն ժողովում: Չէ որ օդը վարակում են և կարող են հիվանդություններ առաջանալ:

Ո՞վ ժողովե: Մենք ավելորդ սանիտարներ չունենք: Իսկ իրենք` քրդերը, չեն էլ մտածում...

Թույլ կտրվե՞ր նրանց, եթե կամենային գալ ու ժողովել մարդկանց:

Իհարկե, թույլ կտրվեր: Ո՞վ է խանգարում, բայց չեն գալ: Քրդերը ուրիշ տեսակ մարդիկ են. նրանք չեն հոգում ոչ միայն սպանվածների, այլև վիրավորների մասին: Մի քանիսին վերցնում են, բայց շատերին թողնում են ու փախչում. կան այդ դիակների մեջ այնպիսիները, որ վերքից չեն մեռել, այլ սառնամանիքից: Եթե ձորն իջնեք, կտեսնեք, որ նրանք մեծ մասամբ տկլոր են:

Ինչո՞ւ:

Որովհետև գիշերները մերձակա քրդերը գալիս են թաքուն և նրանց հագուստը գողանում: Ահա, տեսեք:

Այդ ի՞նչ է:

Մոտենանք:

Օֆիցերը ձիու գլուխը շուռ տվեց դեպի աջ և ճանապարհից դուրս եկավ: Ես հետևեցի նրան: Տասը քայլ հեռու ընկած էր մի դիակ: Ընկած էր նա երեսն ի վեր: Երիտասարդ էր, գեղեցկադեմ, սափրած երեսով ու գանգով: Նրա մի ոտը ձգված էր, մյուսը ծալված: Ձեռքերը տարածված էին աջ ու ձախ, աչքերը բաց էին, բիբերը դեպի վեր ծռված, ատամները ցցված: Մահամերձի տանջանքն էր սառել նրա դեմքի վրա: Դիակը բոլորովին մերկ էր և շոկոլադի գույն ուներ: Նրա հուժկու կրծքի վրա սևին էր տալիս մի փոքրիկ ծակ: Գնդակի հետքն էր:

Տեսնո՞ւմ եք, — բացատրեց օֆիցերը, — ոտքերի դիրքից երևում է, որ դիակը մերկացրած է դեռ չսառած կամ նույնիսկ կենդանի ժամանակ:

Ես շտապեցի հեռանալ:

Ահա թե ինչ ասել է պատերազմ: Այդ միակ դիակը սառույցի վրա, ձյունի տակ ինձ համար մարմնացում էր ամբողջ մարդկային ողբերգության: Չէ՞ որ նա էլ մայր ունի, քույր, գուցե և զավակներ...

Մշուշը սփռվեց մեզ վրա, և դիակների ձորը սարսուռ ազդեց իմ հոգուն, որ առանց այդ ևս ճնշված էր...

Բարձրացանք զառիվայրի գլոլխը: Կազակները հետիոտվեցին և, բռնելով ձիերի պոչն` այնպես իջան սառցապատ զառիվայրը: Ես ևս իջա, յաբուս հանձնեցի մեր առաջնորդներից մեկին և քայլեցի ձեռնափայտիս օգնությամբ:

Վերջապես, ահա և՛ Դիադինըմի մեծ գյուղ քրդաբնակ, տեղավորված մի փոքրիկ լեռան ստորոտում, ուր և գտնվում են հայտնի հանքային ջրերը:

Մեզ դիմավորեց տեղական կոմենդանտն իր կազակներով և առաջնորդեց դեպի մի խղճուկ տնակ, որ դատարկ էր:

Ես իմ բնակարանից կուղարկեմ գորգեր, — ասաց նա, — մնացյալը կհոգա գյուղի ստարշինան: Նա հայ էր:

Ասաց և շտապեց հեռանալ: Այնուհետև մենք այլևս չտեսանք այդ մարդուն:

Գորգերը բերեցին, քրդական գորգեր: Եկավ «ստարշինան» մի թարած-թափված մարդ, գլխին ռուսական ֆուրաշկա, կրծքի վրա ափսեի չափ երկաթյա մեդալ:

Մեր օթևանը ոչ խրճիթ էր, ոչ գոմ, այլ մի տեսակ փոս, խոնավ, կեղտոտ, ցուրտ: Ստարշինան, որի անունն էր Միհրան Մանուկյան կամ, ինչպես ինքն ասաց, Մանուկով, ազդարարեց մեզ, թե տունն իրեն է պատկանում և պատրաստ է մեր տրամադրության տակ թողնել որքան ժամանակ կամենանք:

Փոսի մի անկյունում դրած էր մի ժանգոտված և ծակծկված երկաթյա չորքոտանի` վառարան անունով: Միհրան Մանուկովը երկու կտոր փայտ բերեց, վառեց, նստեց հողե հատակի վրա և սկսեց փչել, թշերն ուռցնելով փուքսի պես: Այնքան փչեց, որ շունչը սպառվեց, սկսեց հազալ, փռշտալ և իր կապայի թևերով սրբել ծխից արտասվող աչքերը:

Շուտով փոսը լցվեց ծխով այնպես, որ մենք իրարու չէինք տեսնում:

Մունդռիկ, — ասաց անհանգիստ տեր-Նիկոլը և, «ստարշինային» պատվավոր կերպով հեռացնելով, ինքը մտավ գործի մեջ: Ծուխը հեռացավ, վառարանը սկսեց ուրախ-ուրախ չըրթչըրթալ, մեջտեղ եկավ թեյը և, մեր մռայլ տրամադրությունը չքացավ:

Միհրան Մանուկովը չոքեց պատի տակ, ձեռքերը դրեց ծնկների վրա և սկսեց պատմել իր տեսածն ու լսածը վերջին անցքերից: Նրա ասելով Դիադինի միջով անցել է 6000 մարդուց բաղկացած մի թուրքական զորաբանակ: Ասկերները հայերին ոչ մի վնաս չեն տվել. ընդհակառակը, ռուս զորքը գալուց հետո իրենք հայերն են կողոպտել քրդերին, նույնիսկ այն քրդերին, որոնք թուրքերի ժամանակ իրենց օգնել էին: Եվ այսպիսով, Դիադինի 14 տուն հայերը «ազգային վրեժ» են առել 400 տուն քրդերից: Կողոպտել են և կողոպուտը իրենց մեջ բաժանելու ժամանակ կռվել: Երբեմն կռիվը արյունահեղության է հասել: Այնպես, օրինակ` ոմն Մինասյանց սպանել է իր հորեղբոր որդուն նրա բաժնին տիրանալու համար:

Ինչո՞վ են պարապում այստեղ հայերը, — հարցրեց մեզնից չգիտեմ ով:

Արհեստավորներ են:

Իր մասին Մանուկովը պատմեց, որ մի ժամանակ եղել է ունևոր վաճառական և առևտուր է ունեցել Կավկասի հետ:

Շատ անգամ գացէր եմ Թիֆլիս ու Երևան, — ասաց նա հառաչելով: — Ծովյանով եդբայրը կճանչնաք: Բանքա մը ունեին:

Կճանչնանք:

Անոնց քով երեսունևութ հազար ռուբլի դրամ ունեի:

Հետո՞:

Չդարձուցին:

Կորա՞վ:

Կորավ:

Հետո ինձ ուրիշ տեղացիներ ասացին, որ այդ կորուստը խեղճ մարդու վրա այնքան է ազդել, որ նա փորձել է անձնասպան լինել, բայց անհաջող: Գնդակը կոկորդով անցնելով, դուրս է եկել վզից, և դրանից մի փոքր վնասվել է մարդու ուղեղը:

XI

Ալաշկերտի հովիտը, որով այժմ անցնում ենք, երկու լեռնաշղթաների միջանցքն է մի քանի տասնյակ վերստ լայնությամբ: Աջ կողմի բարձունքները նայում են դեպի Կովկաս, ձախ կողմինը թեքված են դեպի Թուրքիայի խորքերը: Գնում ենք շարունակ Եփրատի ափերով, նա տակավին սառած չէ, բայց արդեն սառույցի բեկորները լողում են նրա երեսին: Այդ գետն է միայն, որ մի թեթև կենդանություն է տալիս, գրեթե ամայի տափաստանին. մռայլ ոչ միայն ձմեռը, այլև, երևի, և տարվա բոլոր եղանակներին, որովհետև ո՞ր երկիրը կարող է համարվել զվարթ առանց բուսականության: Չկա մի կտոր անտառ, չկան թփեր անգամ, հազվագյուտ են հատ-հատ ծառերն իսկ գյուղերում:

Ավանդությունն ասում էր, որ հովիտը և նրա շրջակա լեռները մի ժամանակ զարդարված են եղել գեղեցիկ ծառաստաններով: Անկասկած, այն ժամանակները եկել են վայրենի հորդաները և դրախտը մերկացրել իր սքանչելի զգեստներից:

Փոքրաթիվ հայերն աշխատում են նորից զգեստավորել, բազմաթիվ քուրդերը չեն թողնում...

Ամեն մի նորաբույս ծառ դառնում է նրանց կացնի զոհը, ամեն մի բուրաստան ոտնատակ է լինում հրոսակների արշավանքից:

Չեմ հիշում որ գյուղումմի հայ պատմում էր, որ մի անգամ ինքը փորձում է իր տան առջև այգի ձգել. տնկում է մի քանի հարյուր զանազան ծառեր. երկու թե երեք տարվա մեջ նրանք, հողի պարարտության շնորհիվ, այնքան բարձրանում են, որ նրանց ստվերում կարելի էր զովանալ ամառը: Մի օր մի քուրդ ավազակախումբ գալիս է բոլոր ծառերը կտրտում:

Ինչո՞ւ եք այդ անում, — հարցնում է տերը:

Մենք չունենք այգիներ, դուք էլ չպիտի ունենաք, — պատասխանում են քուրդերը:

Դիադինի և Թաշլի-Չայի մեջ կա մի հայաբնակ գյուղ Ուչ-Քիլիսա անունով: Դա միակն է, որ զարդարված է ծառերով, եթե չհաշվենք ողբերգական Զեթկանը, որ, ավա՛ղ, այժմ այլևս գոյություն չունի:

Երբ մոտենում էինք այդ գյուղին, հանդիպեցինք մի խումբ գերիների, բաղկացած 3040 սիրիական արաբներից: Մի տասնյակ ձիավոր կազակներ մտրակներով քշում էին նրանց դեպի Կովկաս: Բոլոր այդ ողորմելիները փոքրահասակ էին և նիհար: Ցրտից և երկյուղից նրանք դողդողում էին եղեգնի պես իրենց պատառոտված հագուստների մեջ: Նրանց ածուխի պես սև աչքերն անդադար նայում էին աջ ու ձախ անասնական սարսափով, երևի, որ տեսնեն որ կողմից պիտի գա մտրակի հարվածը: Մի քանիսն իրենց կիսամերկ շագանակագույն մարմիններր ծածկած էին քրդական կեղտոտ վերմակներով: Հոգնած էին, բայց քայլում էին արագ, ձիերին հավասար քայլով: Այլ կերպ չէին կարող. վասնզի գիտեին, որ ետ մնացողի վիճակը պիտի լինի այն, ինչ-որ տեսանք հետո: Դա նրանցից մեկի դիակն էր, ուղիղ ճանապարհի վրա ընկած երեսնիվար

Ոմանք մեզնից կամեցան այցելել սուրբ Հովհանու վանքը, որ գտնվում էր Ուչ-Քիլիսայում, ճանապարհից մի վերս հեռու:

Next page