Շիրվանզադե Ալեքսանդր՝   Եվգինե

Pages: First Previous 1 2 3 4 Next Last

ԵՎԳԻՆԵ.Երանի թե մրսեի ու հիվանդանայի: Երանի մեռնեի: Ա՜խ, տեր աստված, որքա՜ն անտանելի է:

ՄԻՀՐԱՆ. (Պաուզա) Եվգինե, նայիր ինձ... (Մոտենում է ու ձեոից բռնում) Ես քեզ միշտ խելոք կին եմ համարել

ԵՎԳԻՆԵ.Խելո՛ք... մի ասա այդ բանը:

Լուռ տեսարան

ՄԻՀՐԱՆ. Դեհ, ասելո՞ւ ես, թե ինչի մասին ես մտածում:

ԵՎԳԻՆԵ.Ասե՞մ: Լա՛վ: Նստիր ահա այստեղ: (Նստում են) Լսի՛ր, ես վաղուց ուզում էի քեզ պատմել մի պատմություն, հեքիաթ, ինչպես կամենաս հասկացիր: Ես այդ կարդացել եմ չգիտեմ ինչ գրքում և երբ, բայց ինձ վրա շատ խոր ազդեցություն է արել: Լսո՞ւմ ես:

ՄԻՀՐԱՆ. Լսում եմ:

ԵՎԳԻՆԵ., Եղել է չի եղել, չգիտեմ ուր, ասենք հեռու Արևելքում, Արաբիայի, թե Հնդկաստանի մի հարուստ քաղաքում մի աղքատ այրի: Նրա ամուսինը, մի ազնիվ ու քաջ զինվոր, մեռնելով, իր կնոջ ու միակ աղջկա համար չի թողնում ոչ մի ժառանգություն, բացի իր զենքերը: Բայց աղջիկը մորից ժառանգում է մի հոգեկան հատկությունծայրահեղ ինքնասիրություն: Այդ աղջիկը ոչ շատ գեղեցիկ է եղել, ոչ տգեղ, ոչ շատ խելոք և ոչ հիմար: Մայրը սիրում է նրան ավելի, քան իր աչքի լույսը, փայփայում է մայրական անկաշառ սիրով, ոչինչ չի խնայում նրա համար, տալիս է նրան իր կարողությունից ավելի՝ ուսում և կրթություն:

ՄԻՀՐԱՆ. Այդ հետաքրքրական է, հետո՞

ԵՎԳԻՆԵ., Մի օր այդ աղջկան տեսնում է մի ազնիվ, եռանդուն, խելոք մարդ, (Նայում է Միհրանի աչքերին) մի խոսքով, մարդը հավանում է և իսկույն վճռում է նրա հետ ամուսնանալ: Մայրն ուրախությամբ համաձայնվում է: Աղջիկը չի սիրում այդ մարդուն, երկար ժամանակ կռվում է ինքն իր հետ, բայց հետո նույնպես համաձայնվում է... (Զգացված) իր մորը բախտավորացնելու համար: Նա ամուսնանում է ազնիվ մարդու հետ առանց սիրո, բայց հետո, երբ ճանաչում է նրան, սկսում է ոչ միայն սիրել, այլ ուղղակի պաշտել, պաշտել ինչպես կուռք: Իսկ բարի մարդը սիրում է նրան: Հավատում և շրջապատում է շքեղությամբ և այն բոլորով, ինչ որ գեղեցկացնում է կնոջ կյանքը...

ՄԻՀՐԱՆ. (Պաուզա) Հետո՞ ...

ԵՎԳԻՆԵ.(Հառաչելով ու ճակատը շփելով) Բայց շուտով մարդու երախտիքը սկսում է ուտել նրանուտել ցեցի պես: Չէ՞ որ նա չքավոր ծնողների զավակ է: Մարդը նկատում է նրա վիշտը և պատճառը հարցնում: Մի օր կինն ընկնում է նրա ոտներին և ասում. «քո անհուն սերն է ինձ տանջողըես մեծ պարտքի տակ եմ» — ահա իմ վիշտը: Ես ինքնասեր եմ, չեմ կարող տանել այդ պարտքը: Ազնիվ մարդն ապշած արտասանում է. «դու խելագար ես, աոաջին անգամն եմ տեսնում, որ սիրող կինն իր ամուսնու սիրուց տանջվի»: «Այո, պատասխանում է կինը, քո սերն է ինձ տանջում: Մի սիրիր ինձ և ոչ միայն մի սիրիր, այլև ատիր, վարվիր հետս կոպիտ, ծեծիր ինձհայհոյիր, և ես պակաս կտանջվեմ»: (Պաուզա) Մարդը չի կատարում նրա տարօրինակ խնդիրը: Այն ժամանակ ինքնասեր կինը կամաց -կամաց մաշվում է վշտերից, թոքախտ է ստանում ու մեռնում: (Պաուզա) Ահա և ամբողջ հեքիաթը: (Վեր է կենում):

ՄԻՀՐԱՆ. (Որ խորասուզված լսում է մինչև վերջը, մի փոքր լռությունից հետո) Եվ դա հեքիա՞թ է

ԵՎԳԻՆԵ.Հեքիաթ

ՄԻՀՐԱն. Դու բոլորը պատմեցիր:

ԵՎԳԻՆԵ.Բոլորը:

ՄԻՀՐԱՆ. (Ոտքի է կանգնում կամացուկ, նայելով Եվգինեի երեսին) Ոչ, կարծեմ մի բան մոռացար: Այդ հեքիաթն ինձ ծանոթ է: Ինքնասեր կինը լինում է բարոյապես իր մարդուց շատ բարձր: Այնքան բարձր, որ մարդու բոլոր արժանավորությունները նսեմանում են նրա մոտ: Ինքնասեր կինը լինում է այնքան գրավիչ, այնքան հրապուրիչ, որ իր մի ժպիտով վարձատրում է ամուսնու բոլոր բարությունները: (Համբուրում է): Եվգինե, դու չես կարողանում հեքիաթներ պատմել, ավելի լավն է պատմիր եղելությունը:

ԵՎԳԻՆԵ. Եղելությո՞ւն: (Պաուզա. Միհրանը նայում է նրան: Եվգինեն երկու ձեռները դնում է նրա ուսերի վրա, նայում աչքերին) Որքա՜ն բարություն կա քո աչքերում: Ձայնը դողդողում է) Իսկ ե՞ս... (Աչքերը լցվում են արտասուքով) Բավական է... (Ձեռները վերցնում է Միհրանի ուսերից և հեկեկալով վազում դեպի ննջարան):

ՄԻՀՐԱՆ. (Ապշած նայում է նրա հետևից ե երբ Եվգինեն բոլորովին անհետանում է: Պաուզա) Չեմ հասկանում... Ձեռքը սեղմում է ճակատին):

Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ Բ.

Նույն սենյակը, նույն կահ-կարասին ցերեկով: Կեսօրյա մեկ ժամն է: Լուսամուտները դեպի փողոց բաց են: Հատակի նաև կահ-կարասիի մի մասի վրա սփռվել են ապրիլյան արեգակի ախորժալի ճառագայթները:

ՏԵՍԻԼ 1

ՀՌԻՓՍԻՄԵ, ՄԱՐԹԱ, հետո ԵՎԳԻՆԵ.

ՀՌԻՓՍԻՄԵ. (Ներս է մտնում նախասենյակի դռներից գլխարկով ու վերարկուով: Նայում է շուրջը: Ոչ ոքի չտեսնելով, մոտենում է նախ Միհրանի առանձնասենյակի դռներին, ականջ դնում: Ձայն չլսելով, մոտենում է ննջարանի դռներին, ուզում է ներս մտնել, թողնում է մտադրությունը, հետ դառնում: Ձախ կողմի խորքի, այն է սեղանատան՝ դռներից ներս է մտնում Մարթան հագնված՝ գլխարկով): Ահ, ո՞րտեղ եք: (Համբուրվում են) Մտնում եմ ներս, ոչ ոք, աղախին էլ չկա, իսկ դոները բաց գողերի համար:

ՄԱՐԹԱ. Այդ, երևի, Միհրանն է մոռացել աղախնին կանչել, որ դռները փակի: Նա մոռացկոտ է:

ՀՌԻՓՍԻՄԵ. Ժենյան տա՞նն է:

ՄԱՐԹԱ. Այո: Ուշ է զարթնել, հագնվում է:

ՀՌԻՓՍԻՄԵ. Նոր: (Նայելով իր ժամացույցին) Մեկն է, չլինի թե հիվանդ է:

ՄԱՐԹԱ. Չգիտեմ, Բայց ահա և՛ ինքը, (Ներս է մտնում Եվգինեն ննջարանի դռներից: Նա հագած է տնային, բայց թանկագին կտորից նորաձև կարած շրջազգեստ) Բարի կեսօր...

ԵՎԳԻՆԵ.Այո, ուշ եմ զարթնել: Միայն լուսաբացին եմ աչքերս փակել: (Համբուրվում է մոր հետ):

ՀՌԻՓՍԻՄԵ. Ինչո՞ւ:

ԵՎԳԻՆԵ.Կարդում էի:

ՀՌԻՓՍԻՄԵ. Երբ պիտի ձեռք վերցնես կարդալուց: (Մարթային) Երեխայությունից գրքերի սիրահար է: Պատահել է, որ մի գիրք ուժով ձեռքից խլել եմ, թաքցրել, կես ժամ չանցած՝ մի ուրիշն է վերցրել: Ցավ է էլի:

ԵՎԳԻՆԵ.(Մարթային) Ո՞ւր ես այդպես պատրաստվում:

ՄԱՐԹԱ. (Ձեռնոցները հագնելով) Ուզում եմ տիկին Սուրաթյանին այցելել: Բայց առաջ պիտի մտնեմ տիկին Գալամքարյանի մոտ: Միհրանն ինձ տվեց 200 ռուբլի, որ այսօր անպատճառ տանեմ այն նոր ընկերության համար:

ՀՌԻՓՍԻՄԵ. (Եվգինեին)Մարգոն ի՞նչ է անում, ասա է:

ԵՎԳԻՆԵ.Դայակը նրան տարել է զբոսեցնելու: (Մարթային) Մի՛ տանիր այդ փողերը:

ՄԱՐԹԱ. Ինչո՞ւ:

ԵՎԳԻՆԵ.Ես այդպես եմ կամենում:

ՄԱՐԹԱ. Խնայողությո՞ւն է այդ, թե՞կապրիզ:

ԵՎԳԻՆԵ.Ինչպես կամենասհասկացիր, միայն այդ փողերը մի տանիր:

ՄԱՐԹԱ. Լավ, Վերցրո՛ւ: (Տալիս է փողերը):

ԵՎԳԻՆԵ.Պահիր մոտդ, կվերադարձնես Միհրանին:

ՄԱՐԹԱ. Չեմ հասկանում միտքդ: Դեհ, ների՛ր, մայրիկ, ես շտապում եմ, բայց շուտով կվերադառնամ:

ՀՌԻՓՍԻՄԵ Ես էլ երկար չեմ նստելու: (Մարթան գնում է):

ՏԵՍԻԼ 2

ԵՎԳԻՆԵ. և ՀՌԻՓՍԻՄԵ

ԵՎԳԻՆԵ.Այդ ո՞ւր ես շտապում, մամա: Գլխարկդ վերցրու, միասին նախաճաշ կանենք:

ՀՌԻՓՍԻՄԵ, Չէ, պետք է գնամ հորաքրոջդ մոտ: Երկու ամիս է չեմ տեսել, ամոթ է: Նա քեզ շատ է սիրում, միշտ գովում է: Ով քեզ սիրում է, ես էլ նրան եմ սիրում: Դու ասա տեսնեմ, ինչո՞ւ այսօր աչքունքդ թթված է:

ԵՎԳԻՆԵ.Ասացի, որ անքուն եմ եղել:

ՀՌԻՓՍԻՄԵ. Ա՜խ, ճշմարիտ ասացիր: Ուշքս տեղը չէ: Գիտես, Ժենյա, քո պսակվելուց հետո ուշքս իսկի վրես չի լինում: Ուրախությունիցս է, ուրախությունիցս: Դու բախտավոր ես, ես էլ հարբածի պես եմ: Աչքիս լույս, հոգիս, (համբուրում է) օրից-օր սիրունանում ես, այ, ինչ ասել է լավ ապրել: Այդ ի՞նչ է, էլի նոր հագուստ: Ախ ոսկի է, ոսկի Միհրանը, թագուհու պես է պահում քեզ: Երեկ մոտս էր, հարյուրերորդ անգամ գովեց քեզ: Ինձանից էլ շնորհակալ է, որ քեզ նման աղջիկ եմ պահել, մեծացրել նրա համար: Նա շատ ուրախ է քեզանով, շատ...

ԵՎԳԻՆԵ.(Հեգնաբար ծիծաղելով) Ավելի կուրախանա, երբ ամեն բան կիմանա:

ՀՌԻՓՍԻՄԵ. Նա ամեն բան գիտե, ամեն բան, ես նրան բոլորը պատմել եմ: Նա այնպես սիրում է հորդ հիշատակը, որ ուզում է նրա անունով մի որդեգիր պահել:

ԵՎԳԻՆԵ.Այդ քեզ ի՞նքն ասաց:

ՀՌԻՓՍԻՄԵ. Ինչպես չէ, հենց երեկ: Այ, կարծեմ, առաջիկա սեպտեմբերից, մեկին վերցնելու է:

ԵՎԳԻՆԵ.Ես չեմ թողնիլ:

ՀՌԻՓՍԻՄԵ. Բա՜հ, ինչո՞ւ:

ԵՎԳԻՆԵ.Չի հարկավոր: Առանց այդ էլ մենք նրան շատ ենք պարտական:

ՀՌԻՓՍԻՄԵ. Պարտական: Ինչո՞վ: Փառք աստծու, ուրիշ զոքանչների պես նրա շլինքին չեմ նստել ու նրա հացով չեմ ապրում:

ԵՎԳԻՆԵ.Ես նրան արժանի չեմ.: .

ՀՌԻՓՍԻՄԵ. Ո՞վ ասաց արժանի չես: Պոլկովնիկ Միրվելոի աղջիկն ո՞ւմ չի արժանի: Եթե նա բարի է, խելոք, փող շատ է աշխատում, պատիվ ունե, դու էլ գեղեցիկ ես, խելոք, հրեշտակի պես մաքուր...

ԵՎԳԻՆԵ.(Հառաչանքը թաքցնելով) Մաքուր, օ՜օ, տեր աստված, այս ինչ տանջանք է... (Վեր է կենում, մոտենում լուսամուտներից մեկին):

ԵՎԳԻՆԵ.(Արագությամբ իշխելով իրեն) Անքուն եմ, անքուն: Դու որ գնաս, ես պառկելու եմ անկողին...

ՀՌԻՓՍԻՄԵ. Շատ լավ կանես, որդի... ահա ես գնացի… (Համբուրվում է: Լսվում է գանգի ձայն):

ԵՎԳԻՆԵ.Ահա, տեսնո՞ւմ ես, մի ժամ հանգիստ չեն թողնում. Երևի հյուր է: Ես դեռ մազերս կարգի չեմ բերել: Մի փոքր սպասիր, ես իսկույն կգամ: (Գնում է ննջարանի դռներով: Երմոնեն ներս է հրավիրում Գաբրո Ազարյանին ասելով՝ «այստեղ են»):

ՏԵՍԻԼ 3

ՀՌԻՓՍԻՄԵ և ԳԱԲՐՈ ԱԶԱՐՅԱՆ

ԳԱԲՐՈ ԱԶԱՐՅԱՆ. (Հագնված է ճաշակով, նորաձև: Երեսին սիրալիր ժպիտ, ձևերը նուրբ, ձայնը մեղմ և բարեհամբույր: Հեռվից գլուխ տալով, մոտենում է Հոիփսիմեին) Հուսով եմ չեք մոռացել:

ՀՌԻՓՍԻՄԵ. Վահ. Գաբրո՜... Այդ ո՞ր աստծուց (Գաբրո Ագարյանը համբուրում է նրա ձեռը, իսկ նա Ագարյանի ճակատը):

ԳԱԲՐՈ. Փողի աստծուց, մայրիկ, մամոնայի: Ամենքր փողի համար այստեղ են վազում, ես էլ վազեցի:

ՀՌԻՓՍԻՄԵ. Շատ ուրախ եմ, որդի, համեցեք, նստիր, որտեղ քեֆդ է: (Գաբրոն նստում է բաղկաթոռի վրա, սպասելով սակայն, որ նախ Հոիփսիմեն նստի): Վա՜հ, վա՜հ, աչքերիս չեմ հավատում: Ասա է, ի՞նչ կա, գործով ես եկնլ:

ԳԱԲՐՈ. Հապա: Ինձ ուղարկել են այստեղ իբրև ներկայացուցիչ մի նոր րնկերության:

ՀՌԻՓՍԻՄԵ. Հա, ով գիտե, հոր պիտի փորեք, նավթ հանեք

ԳԱԲՐՈ. Այո, այդպիսի մի բան: Ասացեք, ինչպես եք, դուք, ԵՎԳԻՆԵ.ն: Լսել ենք, լսել ենք:

ՀՌԻՓՍԻՄԵ. (Պարծանքով ցույց տալով շուրջը) Տեսնում ես էլի, դիփ Ժենյայիս համար է սարքած:

ԳԱԲՐՈ. (Դիտելով շուրջր) Հիանալի է, շատ ուրախ եմ: Ասում են, շատ խելոք ու ազնիվ մարդ է ու շատ լավ փաստաբան:

ՀՌԻՓՍԻՄԵ Մի խոսքով, Ժենյաս բախտավորվեց, գոհություն աստծու: Էհ, ձերոնք ինչպե՞ս են:

ԳԱԲՐՈ. Իմ քույրն էլ անցյալ շաբաթ նշանվեց:

ՀՌԻՓՍԻՄԵ. Վա՜հ, ասա, որ ուրախանամ է: Ո՞րն է նշանվել:

ԳԱԲՐՈ. Փոքրը, Լիզան...

ՀՌԻՓՍԻՄԵ. Ո՞ւմ հետ:

ԳԱԲՐՈ. Մի բժիշկ ուսանողի:

ՀՌԻՓՍԻՄԵ. Աստված երկուսին էլ մեծ բախտի արժանացնի հավատա, որդի, քույրերիդ էլ ու քեզ էլ միշտ հարազատ որդուս պես եմ սիրել: Շատ ուրախ եմ: Աղջիկս բախտավորվելուց հետո, ուզում եմ, որ ամբողջ աշխարհը բախտավորվի: Ախ, ինչպե՜ս է սիրում, ինչպե՜ս է սիրում Ժենյայիս...

ԳԱԲՐՈ. (Ծխախոտի արծաթե տուփը գրպանից հանելով) Կարելի՞ է:

ՀՌԻՓՍԻՄԵ. Իհարկե, վա՛հ, մոռացե՞լ ես. որ ես էլ եմ ծխում:

ԳԱԲՐՈ, (Աոաջարկում է ծխախոտ) Ես ձեր ոչ մի սովորությունը չեմ մոռացել: Այս շատ լավ պապիրոս է (Հռիփսիմեն վերցնում է ծխախոտ: Ազարյանը վառում է լուցկի, նախ տալիս է նրան ծխելու, ապա ինքն է ծխում) Ինքը Բոզարճյանցն է հատուկ ինձ համար պատվիրել իր գործարանում: Մի մեծ արկղ բերել եմ հետս: Եթե թույլ տաք, վաղը մի քանի հարյուր կուղարկեմ ձեզ համար:

ՀՌԻՓՍԻՄԵ. (Ծխելով) Շատ լավն է, Իսկի չես փոխվել, էլի էն Գաբրոն ես, միշտ քաղաքավարի, բարի, կավալեր.,.

ԳԱԲՐՈ. Իսկ դուք փոխվել եք, չաղացել եք, ջահելացել, սիրունացել

ՀՌԻՓՍԻՄԵ. (Շոյված) Այս օրհնված քաղաքում ամենքը չաղանում են...

ԳԱԲՐՈ. Օրհնված: Այդ ինչի՞ցն է, որ ուրիշներն անիծում են այս քաղաքը, իսկ դուք օրհնում եք:

ՀՌԻՓՍԻՄԵ. Մեղք են գործում անիծողները, որդի, Այս քաղաքի նման քաղաք չկա: Քո Թիֆլիսն ի՞նչ է սրա մոտ, այստեղ ամեն բան լավ է: Մարդիկ խելոք են, աշխատասեր, իսկ բարությունն էլ մի ասա, այստեղ չար մարդ չկա: Մեկ էլ, որ այստեղ նախանձ չկա, որդի: Իսկ Թիֆլիսում, օհ, օհ, օհ, մարդ են ուտում: Եթե Ժենյաս այնտեղ այսպես բախտավորվեր, ո՜ւ ո՜ւ ո՜ւ, ամենքը նախանձից կտրաքվեին, էլ բան չէր մնալչհնարեն, որ աղջկաս իր մարդուց բաժանեն: Այստեղ մարդիկ ժամանակ չունին նախանձելու; Ահ, ինչ ուշացավ Ժենյաս: Ես մի քիչ վռազում եմ, որդի, կներես: Ահա գալիս է:

ԵՎԳԻՆԵ.(ներս է մտնում և նկատելով Գաբրոյին, ցնցվում է, շփոթվում և մնում անշարժ);

ՏԵՍԻԼ 4

ՆՐԱՆՔ և ԵՎԳԻՆԵ.

ՀՌԻՓՍԻՄԵ. (Ծիծաղելով) Չճանաչեց:

ԵՎԳԻՆԵ.(Մոտենում է սեղանատան դոներին՝ մտածում) Երմոնո՞, (Շտապով ներս է մտնում Երմոնեն: Եվգինեն ուզում է նրան մի բան ասել, բայց մտածում է, վճռական շարժումն է անում, հետո ձեռով նշան անում նրան հեռանալու: Երմոնեն գնում է զարմացած: Զարմացած է նաև Հռիփսիմեն):

ՀՌԻՓՍԻՄԵ. Ժենյա, չե՞ս ճանաչում Գաբրոյին, մեր բարի, քաղաքավարի հարևան Գաբրո Ազարյանին:

ԳԱԲՐՈ (Եվգինեն դուրս գալու րոպեից ոտքի է վեր կացել և անշարժ կանգնած ժպտալով սպասում է նրա հայացքին) Երևի, շատ փոխվել, ծերացել եմ: (Մոտենում է և, կամենում Եվգինեի ձեռը համբուրել):

ԵՎԳԻՆԵ.(Ձեռը կամացուկ, մորից թաքուն, խլում է նրանից) Բարև ձեզ...

ՀՌԻՓՍԻՄԵ. Հիմա ճանաչեցի՞ր:

ԳԱԲՐՈ. Աչքից հեռումտքից ընկած. Էհ, ինչպե՞ս կհրամայեք ձեզ անվանել այժմ: Առաջ ինձ համար փոքրիկ Ժենյա էիք, իսկ այժմ Եվգենիա Պա՞վլովնա, թե՞ տիկին Ալվերդյան: (Առանձին) Տեր աստված, որքա՜ն գեղեցկացել է:

ՀՌԻՓՍԻՄԵ. Գաբրոն ամեն բան լսել է Միհրանի մասին: ժենյա, շնորհավորիր նրան, Լիզան նշանվել է:

ԵՎԳԻՆԵ.(Անտարբեր) Այո՞:

ԳԱԲՐՈ. Այո, տիկին, թե՛ նշանվել է և թե՛ շուտով պիտի ամուսնանագիտեմ, բայց թե երկար ժամանակ կապրի մարդու հետաստված գիտե:

ՀՌԻՓՍԻՄԵ. Ի՞նչ ես ասում, որդի, ա՛յ ա՛յ ա՛յ: Նստիր: Ինչ ես կանգնել...

ԳԱԲՐՈ. Մեր Ժամանակում կնոջ համար մարդուց բաժանվելն ավելի հեշտ է, քան ամուսնանալը:

ՀՌԻՓՍԻՄԵ. էհ, դու էլի առաջվա կատակասերն ես: ժենյա, ես գնացի, բայց շուտով կգամ: (Գաբրոյին) Այսօր, երևի այստեղ կճաշես, իսկ վաղն անպատճառ իմ մոտն ես: Վեր է կենում:

ԵՎԳԻՆԵ.Մամա, աշխատիր շուտով վերադառնալ, գործ ունեմ:

ՀՌԻՓՍԻՄԵ. Լավ, լավ: (Գնում է):

ՏԵՍԻԼ 5

ԵՎԳԻՆԵ և ԳԱԲՐՈ ԱԶԱՐՅԱՆ

ԵՎԳԻՆԵ.(Ուղեկցում է մորը մինչև նախասենյակ, սպասում է, մինչև նրա բոլորովին դուրս գնալը և դռները ծածկում, հետո մոտենում է սեղանատան դռներին, նայում դեսպի ներս, դռները ծածկում, հետո կանգնում է բեմի մեջտեղում ու նայում Գաբրոյին ոտից մինչև գլուխ):

ԳԱԲՐՈ. (Ամբողջ ժամանակ ոտքի վրա աչքերով հետևում է նրան, նրա դեմքն արտահայտում է մերթ զարմացում և տարակուսանք, մերթ ուրախություն և հրճվանք) Վերջապե՜ս: (Հարձակվում է Եվգինեին համբուրելու):

ԵՎԳԻՆԵ.(Առանց տեղից շարժվելու. ձեռը բարձրացնում է այնպես խիստ, որ Ազարյանը բևեռվում է տեղն ու տեղը, հետո նայում է նրան խորին արհամարհանքով, մի փոքր ժամանակ լռություն) Ես դրա համար չառանձնացա ձեզ հետ:

ԳԱԲՐՈ. (Տակավին ձևացնում է, թե չի հասկանում նրա իսկական տրամադրությունը, ժպտում է) Ներիր, մոռացա, կնոջ համար զգուշությունը կես առաքինություն է:

ԵՎԳԻՆԵ.(Մղելով ինքն իր հետ կռիվ, որպեսզի կարողանա սառնարյուն լինել) Ինչո՞ւ եք եկել:

ԳԱԲՐՈ. Ահա սիրող և հարգող բարեկամի համար ավելի քան անհասկանալի մի հարց: Ների՛ր, ժենյա, չէի սպասում:

ԵՎԳԻՆԵ.(վրդովվելով նրա սառնությունից) Մի՛ համարձակվեք ինձ հետ խոսել եզակի:

ԳԱԲՐՈ. (Փոքր ինչ շփոթվում է, սակայն իսկույն իշխում է իրան և ԵՎԳԻՆԵ.ի տրամադրությունը կատակի վերածում) Կարծեմ վարագույրների հետևում ոչ ոք չի թաքնված, թե՞ աղախինը սովորություն ունի դռան հետևից ականջ դնելու: Գեղեցկության թշնամին բամբասանքն է, իսկ բամբասանքի աղբյուրըծառաները: Մի պահեք, տիկին, հայ ծառաներ. նրանք չափից դուրս հետաքրքիր են

ԵՎԳԻՆԵ.Թողե ք ձեր կատակները և պատասխանեցեք ինչո՞ւ համար եք եկել:

ԳԱԲՐՈ. Զարմանալի հարց, եկել եմ ինչպես ուրիշները, գործով, պաշտոնով

ԵՎԳԻՆԵ.Իմ տունը, այստե՞ ղ:

ԳԱԲՐՈ. Ա՜, այդպես ասացեք: Այցելության: Չէ՞ որ մենք բարեկամներ ենք

ԵՎԳԻՆԵ.Ուրեմն, լսեցեք, այդ կլինի ձեր առաջին և վերջին այցելությունը: Այս մեկ: Երկրորդ՝ դուք չեք համարձակվիլ ոտք դնել իմ մոր տունը: Հասկանո՞ւմ եք: (Արտասանելով այս խոսքերը, մոտենում է լուսամուտներից մեկին և հայացքը հառում դեպի փողոց):

ԳԱԲՐՈ. (Հիասթափված, լռում է, խորհում, հետո) Արդյո՞ք, խիստ չե՞ք վարվում ինձ հետ:

ԵՎԳԻՆԵ.(Տակավին պահպանելով սառնարյունություն) Համենայն դեպս, վարվում եմ ավելի մեղմ, քան դուք վարվեցիք ինձ հետ:

ԳԱԲՐՈ. Ես ձեր վրա բռնություն գործ չեմ դրել:

ԵՎԳԻՆԵ.(Երեսն արագ դարձնելով դեպի նա) Բռնություն: Դուք ավելի լավ միջոց եք գործ դրել: Եթե լինեիք ավազակ և ինձ անպատվեիք, այսօր ես հազար անգամ պակաս կտանջեվի: Բայց ոչ, դուք հափշտակեցիք ինձ քաղցր լեզվով, որ սրից ու կրակից զորեղ է: Չեմ հերքում, դուք ինձ դուր էիք գալիս, որովհետև գեղեցիկ էիք, բայց մի մոռանաք, որ կյանքն ինձ համար մի մթին աշխարհ էր: Ճշմարիտ է, մի օր դուք ինձ թվացիք ասպետ: Այնպիսի ասպետ, որ պատրաստ էր իր կյանքը վտանգի ենթարկել մի խեղճ աղքատաղջիկ կրակից ազատելու: Բայց ինչ գիտեի, որ կրակը հենց դուք ինքներդ եք: (Սկսում է անցուդարձ անել):

ԳԱԲՐՈ. Չգիտեի, որ իմ սերը ձեզ համար կրակ էր:

ԵՎԳԻՆԵ.Սե՜ր: (Դառն ծիծաղ): Հա, հա, հա՛, սե՜ր: Ծաղր, խաբեություն, անարգանք և ոչ սեր: Ես մինչև այսօր չեմ կարողանում ինձ հաշիվ տալ, ինչպես պատահեց այդ: Բայց այդ օրն ես ոչ միայն հավատում էի ձեզ, այլև հաճելի էր ինձ հավատալ: Եվ դուք, օգտվելով այդ բանից, գործ դրեցիք ձեր լեզուն, այդ թունավոր դեղը: Նա կամաց-կամաց վարակում էր արյունս, սպանում էր իմ մեջ ամոթի զգացումը, և սպանեց: (Ընկղմվում է գահավորակի վրա և երեսն ամոթից ձեռներով ծածկում):

ԳԱԲՐՈ. (Լսում է նրան, հեռվում կանգնած, հետո մի քանի քայլ մոտենում) Եվգինե, այդ բոլորն անցած բաներ են: Ինչո՞ւ եք քրքրում անցյալն և ինքներդ ձեզ տանջում: Այն օրից հետո մենք մի քանի տարի էլ եղել ենք հարևաններ և... բարեկամներ:

ԵՎԳԻՆԵ.Ես ձեզ երբեք չեմ սիրել:

ԳԱԲՐՈ. Բայց չեք էլ ատել, երբեմն մինչև անգամ թույլ եք տվել ձեզ փաղաքշելու: Մի՞թե կարող եք հերքել այդ:

ԵՎԳԻՆԵ.(Ցնցվելով): Օօ, զզվելի՜ րոպեներ:

ԳԱԲՐՈ. Ինչո՞ւ: Զզվելի կլիներ այն ժամանակ, եթե այդօրից հետո ձեզ չհամբուրեի: Բայց ես ոչ միայն համբուրում, այլև սիրում էի ձեզ: Այո, այո, սիրում էի և, վկա է աստված, ուրախությամբ կամուսնանայի ձեզ հետ, եթե հանգամանքները ներեին: Իմ վզին մեծ լուծ կար մայրս և քույրերս: Ավելացրեք և այն, որ այդ միջոցին ես անգործ էի: Այժմ, Եվգինե, պետք է մոռանալ անցյալն և ապրել նոր զգացումներով: Դուք ժամանակակից կին եք, կրթված, զարգացած, դուք պիտի հեռու լինեք նախապաշարումներից:

ԵՎԳԻՆԵ.(Գլուխը բարձրացնելով, վեր է կենում): Հետո՞... Հետո՞...

ԳԱԲՐՈ. (Խրախուսվելով): Այն օրից անցել է ինը տարիմի ամբողջ հավիտենականություն: Դուք տեղափոխվել եք օտար քաղաք, հաջող կերպով ամուսնացել և ահա մի տարուց ավել է, վայելում եք հանգիստ ամուսնական կյանք: Այժմ ոչ ոք չգիտե ինչ է եղել ձեր անցյալում, ոչ ոք, բացի ինձանից

ԵՎԳԻՆԵ.(Զայրացած): Ոչ ոք: Սուտ եք ասում: Որ դուք գոնե մի անգամ պարծեցած չլինեք ձեր հաղթությամբ, դու՞ք. հա, հա, հա: Ո՞վ չգիտե, որ դուք և ձեզ պեսները հենց նրա համար եք ինձ նմաններին մոլորեցնում, պատվից զրկում, որ հետո պարծենաք: Դա ձեր հերոսությունն է: Բայց բավական է: Լսեցե՛ք, ես ոչ միայն չեմ աշխատի ձեր լեզվի վրա որևէ սանձ դնել, այլ կազատեմ նրան ամեն մի սանձից: (Սկսում է անցուդարձ անել):

ԳԱԲՐՈ. (Ապշելով): Այդ ինչպե՞ս:

ԵՎԳԻՆԵ.Կարդացե՞լ եք Արաբաջյանի մասին լրագրերում:

ԳԱԲՐՈ. Ի՞նչ եք ուզում ասել:

ԵՎԳԻՆԵ.Այն, որ ես կհետևեմ այն թշվառ կնոջ օրինակին:

ԳԱԲՐՈ. Եվ կխոստովանեք ձեր ամուսնուն:

ԵՎԳԻՆԵ.Այո՛:

ԳԱԲՐՈ. (Պաուզա): Դուք չեք անիլ:

ԵՎԳԻՆԵ.Եվ ո՞վ կարգելի ինձ:

ԳԱԲՐՈ. Դուք չեք կամենալ ձեզ կործանել:

ԵՎԳԻՆԵ.Լավ է կործանվել, քան թե ապրել այնպես, ինչպես այժմ:

ԳԱԲՐՈ, Չէ՞որ ձեր ամուսինը ձեզ սիրում է ու հավատում, կնշանակե նա ձեզ համարում է անարատ:

ԵՎԳԻՆԵ.Այո, բայց ես խիղճ ունիմ:

ԳԱԲՐՈ. Եվ մի՞թե այդ խիղճը թույլ կտա ձեզ մի հարվածով կործանել երեք կյանք: Ասում են ձեր ամուսինը լավ մարդ է: Եթե ձեզ չեք խնայում, խնայեցեք գոնե նրան:

ԵՎԳԻՆԵ. Խնայել խաբելո՞վ, խնայել ստորությա՞մբ, խնայել այնպես, ինչպես խնայել եմ մինչև այժմ: Օօ, ոչ, դա խնայել չի նշանակում, այլ բարոյապես կողոպտել մի ազնիվ մարդու: Գիտե՞ք ինչ ասել է խղճի խայթոց: Օօ, ոչ, եթե գիտենայիքայս տունը ոտք չէիք դնիլ: Իսկ ես գիտեմ: Մի տարի է նա ինձ տանջում է: Սկզբում դեռ ոչինչ, որովհետև գիտակցությունս թմրած էր, որովհետև Ալվերդյանին չէր սիրում, որովհետև ամուսնացել էի նրա հետ հենց այնպես, ինչպես ամուսնանում է առհասարակ կանանց մեծ մասը: Բայց հետո սկսվեց տանջանքս, երբ սիրեցի նրան: (Թեթև պաուզա): Անցյալ օրը, երբ այստեղ խոսում էին Արաբաջյանի մասին, հազիվ զսպեցփ ինձ, որպեսզի հենց հյուրերի ներկայությամբ չընկնեմ ամուսնուս ոտներին և չասեմ. «Ես, ես մի տիկին Արաբաջյան եմ»: (Պաուզա): Բայց այն, ինչ-որ չարեցի այն օրը, կանեմ այսօր, որովհետև պարտավոր եմ անելու և չեմ կարող չանել: (Ընկղմվում է բազկաթոռի վրա և աչքերը հառում դեպի անորոշ տարածություն):

ԳԱԲՐՈ. (Մի փոքր լռությունից հետո անվստահ քայլերով մոտենում է, կանգնում նրա գլխի մոտ: Պաուզա); Ես լսել եմ, որ դուք ունիք մի սիրուն երեխա

ԵՎԳԻՆԵ.(Ցնցվում է) Երեխա՛

ԳԱԲՐՈ. Որին, երևի սիրում եք ,թե՛ դուք և թե՛ ձեր ամուսինը:

ԵՎԳԻՆԵ.Խե՜ղճ փոքրիկ:

ԳԱԲՐՈ. Ահա հենց այդ խեղճ փոքրիկի համար դուք պիտի խնայեք ձեզ

ԵՎԳԻՆԵ.(Տակավին ինքնամոռացության մեջ): Խե՜ղճ Մարգո

ԳԱԲՐՈ. Մի մոռանաք և՛ ձեր մորը...

ԵՎԳԻՆԵ.(Ուշքի գալով): Մա՜յրս,.,

ԳԱԲՐՈ, Այո, այդ բարի և միամիտ կնոջը

ԵՎԳԻՆԵ.(Արագությամբ ոտքի է կանգնում կատաղած) Որի բարեկամությունը դուք այդպես ապականեցի՞ք: Օ՜օ, բավական է, հեռացեք...

ԳԱԲՐՈ. Կհեռանամ, իհարկե, բայց խոսք տվեք, որ չեք կատարիլ ձեր անմիտ վճիռը:

ԵՎԳԻՆԵ., Ի՞նչ, ի՞նչ իրավունքով եք պահանջում ինձնից այդպիսի խոսք:

ԳԱԲՐՈ. Սիրող մարդու իրավունքով:

ԵՎԳԻՆԵ.Սե՞րՄի՛ սրբապղծեք այդ բառը: Կան բերաններ, որոնք իրավունք չունեն նրան արտասանելու: (Զսպելով իր հուզումը, մոտենում է սեղանատան դռներին):

ԳԱԲՐՈ. Ի՞նչ եք կամենում անել:

ԵՎԳԻՆԵ., Կանչել աղախնին, որ ձեր վերարկուն պահի:

ԳԱԲՐՈ. (Պաուզա, որի միջոցին Գաբրոյի մեջ տեղի է ունենում հոգեկան պատերազմ, նա ճանաչում է Եվգինեի հոգին): Ես կգնամ առանց աղախնի օգնության էլ: Բայց, աստված սիրեք, մի՛ կործանեք ձեզ: Գուք այդքան երիտասարդ եք, գեղեցիկ, կյանքը ձեզ ժպտում է, երես մի՛ դարձնեք նրանից: Եվգինե, ես ձեզ լավ չէի ճանաչում, այժմ ճանաչեցի: Խոստովանում եմ, ես ձեզ համարում էի մեկը այն կանանցից, որոնքորոնքայդչափ լուրջ չեն նայում կյանքինբայց աչքերս բացվեցին և այժմ ձեզ տեսնում եմ ձեր իսկական գույնով: Ես մոլորված էի և ահա այժմ զղջում եմգոնե այս բանին հավատացեք..,

ԵՎԳԻՆԵ.(Հեգնական դառն ծիծաղով): Հա, հա. հա, զղջում եմ, հա, հա, զղջում եմ, այդպես շուտ ( Պաուզա): Բավական է, բավական է, այս րոպեին ամուսինս կարող է գալ. ես չեմ ուզում, որ գաք հանդիպեք միմյանց: Գնացե՛ ք

ԳԱԲՐՈ. (Ամոթից ընկճված) Եվգինե՜

ԵՎԳԻՆԵ.Գնացեք, գնացեք, խնդրում եմ, ես առանց այդ էլ շատ եմ տանջվում: Մոտենում է նախասենյակի դռներին:

ԳԱԲՐՈ. Գոնե մի մեղմ հայացք, ներման մի թույլ ժպիտ:

ԵՎԳԻՆԵ.(Աոանց նայելու նրան, տանջանքով ցույց է տալիս ձեռքով դռները: Գաբրոն մոտենում է դռներին, տակավին հուսալով, որ ԵՎԳԻՆԵ.ն կմեղմանա: Բայց տեսնելով, որ նրա դեմքի արտահայտությունը չի փոխվում, գնում է ամոթահար հանդարտ քայլերով):

ԵՎԳԻՆԵ.(Սպասում է մինչև Ազարյանի հեռանալը, ծածկում է դռները, ընկղմվում աթոռի վրա և գլուխը դնելով թևերի վրա, դառն հեկեկում է: Այնուհետև, մի վհատական շարժում անելով, ոտքի է կանգնում, աչքերը սրբում, ուշքը ժողովում, մի քանի վայրկյան անցուդարձ է անում: Հետո մոտենում է սեղանատան դռներին, բաց է անում: Ներս է մտնում աղախինը):

ՏԵՍԻԼ 6

ԵՎԳԻՆԵ և ԵՐՄՈՆԵ

ԵՎԳԻՆԵ.Դայակը վերադարձա՞վ:

ԵՐՄՈՆԵ.Իսկի էլ չէ: Կոֆեն պատրաստ է:

ԵՎԳԻՆԵ.Հավաքիր: Ես չեմ ուզում: (Պաուզա: Երմոնեն ուգում է գնալ, լսվում է գանգի ձայն): Երևի, պարոնդ է: (Երմոնեն գնում է նախասենյակի դռներով; Եվգինեն իշխում է իրան, ուշքը բոլորովին ժողովելով և նստում դաշնամուրի մոտ: Նվագում է ուրախ եղանակ):

ՏԵՍԻԼ 7

ՄԻՀՐԱՆ և ԵՎԳԻՆԵ

ՄԻՀՐԱՆ. (Հագած է ֆրակ: Նա գալիս է դատարանից և շատ ուրախ է: Դռների առջև պորտֆելը տալիս է Երմոնեին, որ իսկույն տանում է նրա առանձնասենյակը, կրկին հետ դառնում սեղանատուն):

Ահա, այդ ինձ դուր է գալիս, եթե գործից վերադառնալիս քեզ տեսնում եմ դաշնամուրի մոտ, հագնված, ուրախ, մոռանում եմ հոգնածությունս: (Մոտենում է ու համբուրում): Շարունակի՛ր, շարունակիր, ես ուրախ տրամադրության մեջ եմ... մի գործ տարեցի փառահեղ կերպով: Դատարանն արդարացրեց այն անմեղ թուրքին, որին թշնամիները ցույց էին տվել իբրև եղբայրասպան: (Նստում է մոտը): Պետք է տեսնեիր, թե խեղճն ուրախությունից ինչպես էր լալիս: Օ՛օ, որպիսի հոգեկան երջանկություն է տեսնել անմեղին շղթաներից ազատված և զգալ, որ նրա ազատության մեջ դու էլ դեր ես կատարել: Նվագիր՛ր, նվագի՛ր այդ եղանակը համապատասխանում է իմ հոգեկան տրամադրությանը...

ԵՎԳԻՆԵ.(Վերջացնելով նվագումը: Պաուզա): Շո՞գ է դրսում:

ՄԻՀՐԱՆ. Վատ չէ: Բայց երկու շաբաթ ևս և աֆրիկյան տաքերը կսկսվեն: էհ, հոգ չէ, կփախչենք: Լսի՛ր, մայիսի մեկից մինչև սեպտեմբեր բոլոր գործերս հանձնում եմ Համազասպին և չորս ամիս քեզ հետ պտտում եմ Եվրոպայում: Այո, այո, դու պետք է տեսնես թե ինչպես են ապրում քաղաքակիրթ ազգերը: Հույս ունեմ, որ չես ասիլ, թե վատ միտք է: (Բեռները վերցնում է իր ձեռների մեջ):

ԵՎԳԻՆԵ.Մի՞թե քո գլխում կարող է վատ միտք ծագել:

ՄԻՀՐԱՆ. Օօ, մի՛ ասա, երբեմն շատ՛ վատ մտքեր են ծագում: Օրինակ, այն երեկո, այն ի՞նչ հեքիաթ էր, սա՞: Աստված գիտե մի վայրկյանում ինչեր զգացի: Բայց հետո բանը հասկացա: Երեխա, ինչո՞ւ մինչև հիմա ինձանից թաքցնում էիր... (Նայում է Եվգինեի աչքերին խորհրդավոր): Մի՞թե սիրող հայր չեմԻհարկե, իհարկե, այդ դրության մեջ կնոջ բնավորությունը փոխվում է: Բայց, ի սեր աստծու, կապրիզներ որքան քեֆդ է ունեցիր, միայն ինձ մի վշտացրու: Եթե ոչ, գիտե՞ս, իրավաբան եմ, օրենքով կդատեմ, մեկ էլ տեսար որոշեցիզրկել բոլոր իրավունքներից և աքսորել ոչ այնքան հեռու տեղեր, այսինքնխոհանոց, որ ինձ համար ձվածեղ պատրաստես: Աա՞, կերթա՞ ս...

ԵՎԳԻՆԵ. Ուրախությամբ: (Հեռանում է):

ՄԻՀՐԱՆ. Օ, գիտեմ, կերթաս: Դու խոհանոցից սարսափող կանանցից չես. այն կանանցից, որոնք իրենց սալոններումն են խոհարարուհի: Բայց ևս քեզ չեմ ուղարկիր: Որ այդ քնքուշ ձեռները կոշտանան: Երբեք, փառք աստծու, քո բախտից իմ գործերն այնքան լավ են գնում, որ կարող ես մեկի տեղ երեք խոհարար պահել: Սակայն... (Վեր է կենում) սաստիկ ցանկանում եմ Մարգոյին համբուրել: Հուսով եմ, որ մեր նազելի օրիորդը տանն է:

ԵՎԳԻՆԵ.Ոչ:

ՄԻՀՐԱՆ. Ա՜ա, թափառական, երբեք տանը չի նստում: Բայց եղանակը լավ է, թող ազատ օդ շնչի: Բա՜ա , քիչ էր մնում մոռանայի: Սպասի՛ր: (Մոտենում է սեղանատան դռներին): Երմոնե՜, Երմոնե՜: Այստեղ բեր պորտֆելս: (Վերադառնում է Եվգինեի մոտ: Երմոնեն բեմով անցնում է Միհրանի առանձնասենյակը): Իհարկե կտեսնես, մի թեթև սյուրպրիզ: Վաղուց է քեզ նվերներ չեմ արել: Բայց թույլ տուր կանխավճարը ստանալ... (Գրկում է Եվգինեին և ամբուրում):

ԵՎԳԻՆԵ.(Աոանձին): Օ՜օ, ինչ տանջանք: Աստվա՜ծ իմ... (Երմոնեն բերում է պորտֆելը):

ՄԻՀՐԱՆ. (Առնելով պորտֆելը, աղախնին նշան է անում հեռանալու: Երմոնեն գնում է սեղանատան դռներով: Միհրանը բաց է անում պորտֆելը, հանում է մի քանի ակցիաներ և առաջարկում է Եվգինեին): Ահա, այս բոլորն այսօր, դատարան գնալիս, մտա «Եդիգարով և ընկերություն» գրասենյակն և գնեցի քո ու Մարգոյի անունով: Վերցրու, փոխարենը մի օժիտ, օ՜օ, ոչ, մի համբույր... (Համբուրում է):

ԵՎԳԻՆԵ. (Որ ամեն անգամ ամուսնու համբույրից ցնցվում է, վերցնում է թղթերը, նայում): Ի՞նչ բաներ են:

ՄԻՀՐԱՆ. Նավթային ընկերության ակցիաներ:

ԵՎԳԻՆԵ.Ոչինչ չեմ հասկանում այս թղթերից: (Դնում է թղթերը դաշնամուրի վրա):

ՄԻՀՐԱՆ. Քո ի՞նչ բանն է: Դու ուրիշ հոգով ես կրթված: Հայրդ զինվորական է եղել: Նա քո մոտ միշտ խոսել է հրացանների ու թնդանոթների մասին: Բայց, սիրելիս, ժամանակիս զորեղ զենքերից մեկն էլ այդ թղթերն են: Պահիր քեզ համար, տարվա վերջը դիվիդենտ կստանաս: (Ուզում է գրկել):

ԵՎԳԻՆԵ.(Հետ է քաշվում) Ա՜հ

ՄԻՀՐԱՆ. Դու չես ուզում, որ քեզ համբուրեմ:

ԵՎԳԻՆԵ.(Ճիգ է անում ժպտալ): Այո, չեմ ուզում:

ՄԻՀՐԱՆ. Աա՜. հասկանում եմ, դու ինքդ ես ուզում համբուրել:

ԵՎԳԻՆԵ.(Ոտքի կանգնելով) Աստված իմ, այլևս ուժ չմնաց ինձանում

ՄԻՀՐԱՆ. (Նկատելով նրա այլայլվելը): Ի՞նչ ասացիր... ուժ չմնա՞ց,...

ԵՎԳԻՆԵ.(Նայելով լուսամատով դեպի փողոց): Այո, չմնաց,..

ՄԻՀՐԱՆ, (Ոտքի կանգնելով) Եվգինե՞...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 Next Last