Շիրվանզադե Ալեքսանդր՝   Հուշեր

Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last

ՐԱՖՖԻԻ ԿՅԱՆՔԻՑ

Չեմ հիշում ինչ օր էր, բայց գիտեմ, որ 1883 թվականի օգոստոս ամսի կեսին էր, երբ ես առաջին անգամ տեսա Րաֆֆիին: Ես նոր էի Թիֆլիս եկել, և առաջին ջերմ փափագս էր տեսնել այն մարդուն, որ, իմ կարծիքով, հայ ազգի վշտերի ու դառնությունների ամենաեռանդուն թարգմանը և նրա նվիրական գաղափարների ամենատաղանդավոր արտահայտիչն էր: Նրա ոգևորիչ գրիչը ինձ վրա խոր տպավորություն էր գործել: նրա անունը ինձ համար անզուգական էր: Այդ անունով ես շատ անգամ էի կռվել և թշնամացել վիպասանի գաղափարի հակառակորդների հետ:

Երեկո էր, երբ ես մի բարեկամի հետ մտա Րաֆֆիի մոտ: Այդ ժամանակ վիպասանը բնակվում էր Սոլոլակի թաղում, մի փոքրիկ հայ բուրժուայի տանը:

Անցնելով բավական ընդարձակ մի բակ, մենք փայտյա սանդուղքով բարձրացանք բակի խորքում գտնվող տան վերին հարկը: Առաջին բանը, որ այստեղ աչքի ընկավ, տրոպիկական ծառերը, ծաղիկները և բույսերն էին, որ մի փոքրիկ անտառ էին կազմում պատշգամբի մի ծայրից մյուսը: Ոտ դնելով այստեղ, մենք զգացինք վերին աստիճանի ախորժելի մի բուրմունք, որ տարածել էր օդի մեջ բազմատեսակ ծաղիկների անուշ խառնուրդը: Բուսականությամբ հարուստ արևելքում ծնված բանաստեղծն իր անշուք բնակարանը շրջապատել էր բնության գեղեցիկ և գույնզգույն ժապավենով, որ մի առանձին հրապույր էր տալիս նրան արտաքուստ:

Բնակարանը բաղկացած էր երկու ոչ այնքան մեծ սենյակներից, որոնք միմյանցից բաժանված էին փոքրիկ նախասենյակով: Մի քանի սևագույն աթոռներ, մի հատ ասիական թախտ՝ պարսկական գորգով ծածկված և բարձերով զարդարված, պատի առջև դրած մի պահարան գրքերով լիայս էր Րաֆֆիի կաբինետի ամբողջ կահ-կարասին: Այնուհետև լուսամուտների հատակների վրա, անկյուններում, դուրսը և ներսը, ամեն տեղ ծաղկամաններ:

Սենյակում տիրում էր կիսախավար: Գրասեղանի վրա վառվող կանաչագույն լուսամփոփով ծածկված մի զույգ մոմերի լույսը տարածվել էր հաստակազմ գրքերի վրա, որոնց մեջ աչքի էին ընկնում հայկազյան բառարանի ահագին հատորները: Այդ սեղանի քով նստած էր մի մարդ, բավական մեծ գլխով, լայն, բարձր, կնճռոտ և քունքերի մոտ դուրս ցցված ճակատով, թանձր ու սև ունքերով, խիտ բեղերով ու կարճլիկ մորուքով, ուր հազիվ նշմարվում էին մի քանի սպիտակ թելեր: Նրա դեմքի գույնը թուխ էր, արտահայտությունը առաջին անգամ տեսնողի համար անհյուրընկալ, շրթունքները սեղմված, աչքերը հիվանդոտ:

Դա էր այն մարդը, որի «Կայծեր»-ր մի քանի ամիս էր արդեն բոցավառել էր հայ երիտասարդության սրտերը, ամեն տեղ հուզմունք բարձրացնելով և ազնիվ զգացմունքներ չարժելով: Տեսնելով Րաֆֆիին նստած, ինձ թվաց, որ նա բարձրահասակ է և հաղթանդամ: Բայց երբ նա ոտքի կանգնեց մեզ ընդունելու, երևաց միջին հասակից էլ քիչ ցածր, կարելի է ասել, մի փոքրահասակ մարդ:

Ինձ տիրեց մի տարօրինակ զգացում, գուցե նման բարեպաշտ մարդու երկյուղածությանը, երբ առաջին անգամ ոտ դրի այդ մարդու սենյակը: Ես պանսիոնի աշակերտուհի չէի, որ բանաստեղծություններով հափշտակված, նրանց հեղինակներին երևակայեի երկնային հրեշտակներ, օժտված թե՛ բարոյական և թե՛ արտաքին ամենագեղեցիկ հատկություններով: Բայց և այնպես ես ոչ միայն Րաֆֆիի գաղափարների երկրպագուն էի, այլև սիրում և հարգում էի նրա անձնավորությունն իսկ հեռվից հեռու, անտես, անծանոթ: Մինչդեռ չպիտի թաքցնել, այդ անձնավորության մասին գավառներում շատ էլ նպաստավոր կարծիք չէր տիրում: Սակայն թվում էր ինձ. մի մարդ, որ այնքան ընդունակ է բարձր գաղափարների թարգման լինելու, մի մարդ, որ այնպիսի մաքուր զգացումներ է ներշնչում ժողովրդինչի կարող լավ հոգի չունենալ: Գիտեի նույնպես, որ սովորաբար միևնույն չափն են գործածում թե հասարակ մահկանացուների և թե՛ բացառիկ անհատների բարոյական արժեքը որոշելիս: Զգում էի, որ եթե Րաֆֆիի անձնականի մասին լավ կարծիք չի տիրումմեղավորը ամբոխի շտապ եզրակացությունն է, մի կարճատես, կիսակիրթ ամբոխի, որ չէր կարող թափանցել իր բարոյական և մտավոր առաջնորդների ներքին աշխարհը, հոգեբանորեն բացատրել նրանց կարծեցյալ թերությունները:

Րաֆֆին գրում էր, ուստի մեր այցելությունը շատ էլ հարմար ժամանակ չէր և պետք է անախորժ լիներ նրա համար: Բայց մի դուրեկան ժպիտ լուսավորեց այդ ըստ երևույթին մռայլ մարդու թախծալի դեմքը, երբ նա մեզ տեսավ: Իր ցավագար աչքերը շփելով, նա սեղմեց մեր ձեռքը, հրավիրեց նստել և իսկույն ծառային հրամայեց մեզ համար թեյ բերել:

Մեր խոսակցությունը սկզբում դանդաղ, հետո դարձավ ամփոփ ու կենդանի և տևեց մինչև ուշ երեկո: Այդ ժամանակ էր, որ «Մեղու» լրագիրը իր աշխատակից Հայկունիի բերանով (Հովակիմ Գեղամյանց) արշավանք էր սկսել Րաֆֆիի դեմ: Վիպասանի երկրպագուները վրդովված Էին այդ արշավանքով: Ես ինքս շատ անգամ անզուսպ կռիվներ էի ունեցել Բաքվում մեղվականների հետ, որոնց ատելությունը Րաֆֆիի դեմ այդ ժամանակ հասել էր գագաթնակետին: Ինքը վիպասանը սաստիկ վշտացած էր Հայկունիի հարձակումներից: Բնական էր, որ նրա խոսակցությունը պտտեր այն գրականական բանակռվի շուրջը, որ տիրում էր այդ մասին «Մշակ» և «Մեղու» լրագրների մեջ:

Նա պարզում էր իր հակառակորդների արշավանքի բուն շարժառիթը, որ մինչև այդ ժամանակ ինձ համար շատ էլ պարզ չէր: Եվ որքան նա շատ էր հարձակվում մեղվականների վրա, այնքան այդ մարդիկ ինձ համար անախորժ էին դառնում, թեև մյուս կողմից շատ էլ ախորժալի չէին վիպասանի միակողմանի դատողությունները և անձնական, կրքոտ հարվածները:

Եթե այս մարդիկ, — ասում էր նա, — միայն կարճատես, հետադեմ և անմիտ լինեին, ես այդքան չէի վրդովվիլ: Բայց նրանք խորամանկ էլ ենահա ինչ է ատելի, նրանք ոչ մի տող առանց վատ նպատակի չեն գրում: Նրանք ղեկավարվում են եզվիտական ձգտումներով, թեև զուրկ են եզվիտների խելքից: Նրանք միջոցներ չեն խնայում, նրանց համար ամեն մի վատ միջոց ներելի է, միայն թե վնասեն ինձ: Ուշադրությամբ կարդացել եք այդ Հայկունիի հոդվածները:

Այո՛, մասամբ:

Եթե դուք այստեղի գործերին տեղյակ լինեիք, այդ հոդվածների մեջ կգտնեիք շատ ստոր ակնարկներ, այո՛, նույնիսկ մատնություն:

Դուրս թափելով իր սրտի առաջին թույնը, Րաֆֆխն հանգստացավ և այնուհետև երևան եկավ մի հեգնասեր, նույնիսկ սրամիտ մարդ: Խոսակցության նյութը նույնն էր, բայց որպիսի սառնությամբ էր նա ծաղրում իր հակառակորդներին: Մի կարճ համեմատություն, մի թեթև նկարագիր պատկերացնում էր այդ մարդկանց ամբողջ բարոյական աշխարհը: Եվ իր սառն հեգնությամբ Րաֆֆին ավելի էր ազդում ինձ վրա, քան կատաղի հարձակումներով:

Ով ուզում է հայ գրականությանը ծառայել, — փոխեց նա դարձյալ իր խոսելու տոնը լրջության, — պետք է առաջ սովորի դիմանալ սև նախանձի և ատելության հալածանքներին: Ամեն մի հայ իրան առնվազն մի Նապոլեոն է համարում, և դուք չեք կարող ապացուցել, որ նա պետք է հասարակ զինվոր լինի: Պատմական անմիաբանությունը մեր լրագիրկերի համար թութակի երգ է դարձել, բայց ոչ ոք մեզանում այնքան նախանձոտ և չարհոգի չէ, որքան լրագրական գաճաճները: Ամենացավալին այն է, որ գիտությունն ու կրթությունն էլ չեն օգնում հային: Քանի-քանի համալսարանականներ կան, որոնց դավանած սկզբունքները պատիվ չէին բերիլ մեր հին խալիֆաներին անգամ: Պետք է հենց այնպիսիների դեմ կռիվ մղել, հենց նրանց մտրակել, եթե ոչ տգիտությունը իրան արդարացնելու պատճառներ շատ ունե: Եվ մենք կկռվենք, գոնե ես վճռել եմ անդադար կռվել, թող ինչքան ուզում են հայհոյեն: Մի մարդ, որ հավատում է իր քարոզած գաղափարների անպայման սրբությանը, նրա համար դժվար չէ հալածվելը: Մեր կողմն է նոր սերնդի անկեղծ համակրությունը և ոգևորությունը, նրանց կողմն է հինը, քարացածը և նեխվածը: Թող որքան ուզում են կատաղեն, փրփրեն, ոչինչ չեն կարող անել ժամանակի պահանջների դեմ

Զարմանալի հավատ և եռանդ էին զգացվում վիպասանի այդ խոսքերի մեջ: Այդ րոպեին նա իմ աչքերում երևում էր կյանքի դառը փորձերի քուրայում ձուլված և կարծրացած մի մարտիկ, որին անկարելի էր շեղել մի անգամ արդեն բռնած դիրքից: Ոչ մի բան այնքան չէր կարող խրախուսել մի երիտասարդի, որ իր սրտում զգում էր գրականական ասպարեզը մտնելու անհաղթելի փափագ, ոչինչ, քան մի այդպիսի մարդու խորին հավատով արտասանված այդ խոսքերը:

Ես դուրս եկա Րաֆֆիի բնակարանից ամենալավ տպավորության տակ: Թվում էր ինձ, որ այդ մարդու եռանդը, տոկունությունը, հավատը և ինքնավստահությունը կարող են ամենաթերահավատ մարդուն անգամ ոգևորություն ներշնչել:

II

Այդ օրից մեր մեջ սկսեց ծանոթություն, որ քիչ ժամանակ անցած փոխվեց բարեկամության: Ես այցելում էի Րաֆֆիին շաբաթը մի երկու անգամ, մեծ մասամբ կիրակի օրերը, երբ նա չէր զբաղվում, իսկ հաճախ հանդիպում էինք փողոցում:

Րաֆֆիի սովորական հյուրերը մի քանի երիտասարդներ էին, իսկ այցելում էին նրան շատերը: Գրեթե ամեն օր նրա մոտ լինում էին յոթ-ութ մարդ, մեծ մասամբ գավառացիներ, ուսանողներ, նույնիսկ հասարակ մշակներ: Նա ձանձրանում էր այն այցելուներից, որոնք գալիս էին լոկ հետաքրքրությունից դրդված և խլում էին նրա ժամերը: Գավառացիներից շատերը երբեմն չէին բավականանում ժամանակ խլելով, այլև կատարյալ ասիական համարձակությամբ պահանջում էին, որ նա իր գրքերից մի-մի օրինակ նվիրե, կանխապես, իհարկե, նրանց ճակատին գրելով «նվեր այսինչին, հեղինակից»: Այդ մարդիկ, որոնց մեջ կային և ունևորներ, ասում էին, որ գրքերը վերցնում էին իբրև հիշատակ «Հայոց ազգի ամենաառաջին վիպասանից», պարծենալու համար, և կարծում էին, որ դրանով մեծ հաճույք են պատճառում հեղինակին:

Այցելուների թվում երբեմն ես պատահում էի մի զառամյալ ծերունու, որ տնքտնքալով ամեն կիրակի առավոտյան սանդուղքով բարձրանում էր վեր:

Հակովբ, բարով, — ասում էր նա ընտանեբար ներս մտնելով և ընկղմվելով աթոռի, երբեմն էլ տանտիրոջ բազկաթոռի վրա:

Դա. Հակովբ վարժապետ Բելախյանցն էր, Րաֆֆիի նախկին ուսուցիչը: Նա գալիս էր «յուր Հակովբի առողջությունը հարցնելու»: Աշակերտ Հակովբը վարժապետ Հակովբին որդիական երախտագիտությամբ էր ընդունում, ամեն անգամ նրա ձեռքի ափի մեջ սեղմելով մի-մի թղթադրամ

Րաֆֆիի երկրպագուների մի խումբ աշխատում էր կատարել վիպասանի քսանուհինգամյա հոբելյանը: Այս հանգամանքը մի նոր անհանգստություն էր պատճառել վիպասանի թշնամիներին, որոնք ամեն ջանք գործ էին դնում հոբելյանը խանգարելու: Նրանց ցանկությունը կատարվեց, թեև նրանցից անկախ պատճառներով...

Հոբելյանը խափանվեց, բայց այն երկու-երեք հազար ռուբլիները, որ հայ հասարակությունը սիրով և ցանկությամբ նվիրեց Րաֆֆիին, մնացին մշտական փուշ վիպասանի թշնամիների աչքում:

Սև նախանձը բորբոքվել էր մարդկանց սրտերում, և նրանք չգիտեին ինչ անեին Րաֆֆիին վնասելու ոչ միայն բարոյապես, այլև նյութապես: Այսպես է կազմված հայի բնավորությունը, և չգիտեմ ինչ գերբնական ուժ կարող է մաքրել նրա հոգին նախանձի կապանքներից: Րաֆֆին հրապարակորեն հռչակվում էր մերթ «խաչագող», մերթ «գրականական փերեզակ», որ կարծես հայ հասարակության քսակի համար ստեղծվել էր իբրև մի երկնային պատիժ:

Այդ արշավանքը վիպասանի դեմ առ միշտ պետք կմնա մի անջնջելի արատ հայ մամուլի պատմության վրա: Մամուլի, որի զարգացմանը այնքան նպաստել էր Րաֆֆին, իր տաղանդի ուժով ճանապարհ հարթելով նրա համար ժողովրդի խավերում:

Լսե՞լ եք, — դարձա ես մի օր ծիծաղելով Րաֆֆիին, — ձեր թշնամիները պնդում են, թե դուք բանկում ոչ ավելի, ոչ պակաս քսան հազար ռուբլի դրամագլուխ ունեք, բոլորը վաստակել եք գրականությամբ և ստացել եք հոբելյանի առիթով:

Մի՞թե, — գոչեց նա ժպտալով,-ես շատ ուրախ եմ, բայց իմ թշնամիները չե՞ն ասում, թե չեկը ում մոտ է:

Վրդովեցուցիչն այն է, որ մերոնցից ոմանք էլ հավատում են այդ առասպելական ստին: Այսօր ես այդ մասին վեճ ունեի մեր ծանոթներից մեկի հետ:

Իզուր, — շարունակեց Րաֆֆին ավելի զվարթ եղանակով, — չպիտի հերքել: Ես ինքս այդ մասին լռում եմ: Թող իմ թշնամիները հավատան, որ ես հարուստ եմ, դա նրանց ավելի կտանջի, քան եթե համոզված լինեին, որ ես աղքատ եմ այնպես, ինչպես այժմ: Այդ տեսակ մարդկանց ամենամեծ ցավ պատճառողը իրանց հակառակորդների նյութական ապահովությունն է: Բայց խոմ իմ մոտիկ բարեկամները գիտեն իմ իսկական դրությունը, այդ ինձ համար բավական է:

Իսկ նրա իսկական դրության մասին մոտիկ բարեկամներին հետևյալն էր հայտնի: Նա ամուսնացած էր, ուներ երկու զավակ, որոնք իրանց մոր հետ բնակվում էին Պարսկաստանում: Ուներ երկու թե երեք չքավոր եղբայրներ, ծերունի մայր, որ իր որդիներից առանձին էր ապրում, ինը քույր, բոլորն էլ չքավոր և բոլորն էլ օգնության կարոտ: Ի՞նչ էր նրա եկամուտը, որ կարողանար ոչ թե ազատ դրամագլուխ կազմել, այլ գոնե մի կերպ կառավարել այդ ահագին ընտանիքը:

«Մշակ»-ի խմբագրությունից, ինչպես հետո մի օր ինձ ասաց Գրիգոր Արծրոլնին, նա ստանում էր տարեկան ութ հարյուր ռուբլի և ճաշում էր խմբագրի մոտ: Առանձին հատորներով լույս տեսած գրքերը այդ ժամանակ նրան տալիս էին տարեկան միջին թվով հազար երկու հարյուր ռուբլի: Այդ էր նրա ամբողջ հարստությունը: Բայց այն էլ հենց նույն օրերը կիսով չափ պակասել էի, երբ նա թյուրիմացություններ էր ունեցել Արծրունիի հետ, հեռացել էր նրանից և զրկվել ռոճիկից:

Այդ բոլորի մեջ, որ Րաֆֆին մերթ ընդ մերթ պատմում էր իր բարեկամներին, նյութական կարոտությունը այնպիսի խոշոր տեղ է բռնում, որ կամա-ակամա ամեն քայլում պետք է այդ խնդրին դիմել: Ես չեմ պատմիլ նրա անցյալը, վախենալով, մի գուցե հիշողությունս ինձ մոլորեցնե: Առաջ կբերեմ միայն այն փաստերը, որոնք խոր են դրոշմվել իմ մտքի մեջ: Եթե չեմ սխալվում, դեպքը պատահում է յոթանասնական թվականների սկզբներին, այսինքն այն ժամանակ, երբ Արծրունին վիպասանին դեռ չէր հրավիրել «Մշակ»-ի մշտական աշխատակիցը լինելու:

Ես կենում էի Թիֆլիսի հետ ընկած թաղերից մեկում, — պատմում էր Րաֆֆին մի օր ճաշից հետո, երբ մենք գնում էինք ոտով Մուշտայիդ զբոսնելու, — մի աղքատ հայ ընտանիքի մոտ: Այդ ժամանակ ես պարապվում էի մի այնպիսի եռանդով, որ միայն նոր սկսող հեղինակը կարող է ունենալ: Գիշեր-ցերեկ ես նստած էի սեղանիս քով: Հացի գրչից, ես մոռացել էի ամեն ինչ, ինչպես կարող է մոռանալ մի սիրահարված պատանի իր նազելիի գրկում ամբողջ աշխարհը: Այն ինչ ապրում էի օր-օրի վրա, մի օր քաղցած, մի օր կիսակուշտ: Տաք կերակուրը ինձ համար հազվագյուտ բան էր: Իմ սնունդն էր մեծ մասամբ մի կտոր հաց, մի քիչ պանիր, իմ սիրածըծխախոտ և թեյ: Առանց ծխելու ես պարապվել չէի կարողանում, ինչպես այժմ էլ: Ծխում էի չորս հատը մի կոպեկանոց պապիրոս, երբեմն էլ սոլդաթի մախորկա և ծխում էի խնամքով ու ախորժակով: Չեմ հիշում, որ այդ ժամանակ մի հատ պապիրոս դեն ձգած լինեմ առանց ավարտելու նրան մինչև մունդշտոսկ: Իսկ եթե լինում Էին կիսատ պապիրոսներ, հավաքում էի սեղանիս գզրոցի մեջ և հետո ծխում: Գալով թեյին՝ դա արդեն մի այնպիսի շքեղություն էր ինձ համար, որին շաբաթներով չէի արժանանում: Երիտասարդության դառն, բայց երջանիկ օրեր: Այդ բոլոր նեղությունները ես կրում էի անտրտունջ, ոչ ոքին չգանգատվելով և ոչ ոքի չհայտնելով իմ դրությունը

Մի անգամ ես պարապվեցի մինչև ուշ գիշեր: Հանկարծ գլուխս պտտեց, աչքերս մթնեցին: Հիշեցի, որ ամբողջ օրը անոթի եմ եղել: Պտրեցի իմ սենյակի բոլոր անկյունները, իհարկե, ոչինչ չգտա, որովհետև երբեք ինձ մոտ ավելորդ հացի կտոր չէր լինում: Հակառակի պես ծխախոտս էլ վերջացել էր: Պառկեցի անկողին, որ քնով մոռանամ իմ քաղցը: Այստեղ իմացա, որ քունը թշնամի է դատարկ ստամոքսին: Ի՞նչ անեի, գրպանումս մի հատ Նիկոլաևսկի մեծ երեքկոպեկանոց ունեի, գնացի փողոց մի բան գնելու: Երկմտության մեջ էի, ի՞նչ գնեմ՝ ծխախո՞տ, առանց որի գլուխս պտտվում էր, թե՞ հաց, առանց որի քիչ էր մնում ուշաթափվեի: Գիշերը շատ ուշ էր, խանութները վաղուց կողպված էին: Մոտեցա մի հացթուխի խանութին, զարկեցի դռներին: Հացթուխը շուռ եկավ անկողնում, երազում մրթմրթաց, կրկին զարկեցի, նա զարթնեց և սկսեց Վանի բարբառով ինձ հայհոյել: Բայց իմ խնդիրը մեղմացրեց նրան, դռների արանքից վերցնելով երեք կոպեկանոցս, մի ֆունտ հաց տվեց ինձ...

Այսպիսի օրեր էր քաշել Րաֆֆին: Հիշում եմ՝ այդ դեպքը նա պատմում էր ծիծաղելով, առանց որևէ անախորժություն արտահայտելու դեպի այդ օրերը:

Բայց ահա և մի ուրիշ դեպք, որ վիպասանը պատմում էր ինձ մի օր, հազիվհազ կարողանալով զսպել իր հուզմունքը: Թշվառությունները հաճախ թշվառությունների հետևից են գալիս և երբեմն նրանք այնպես են բարդվում, որ մարդ ընկնում է անել դրության մեջ: Կամքի տեր մարդիկ մաքառում են ճակատագրի ամենազորեղ հարվածների դեմ, բայց պատերազմը անհետևանք չի մնում նրանց բնավորության վրա:

Նյութական ամենավերջին կարոտության մեջ, Րաֆֆին նամակ նամակի հետևից է ստանում Պարսկաստանից, մերթ իր մորից, մերթ քույրերից և մերթ եղբայրներից: Ամեն կողմից դիմում են նրա օգնության այն ժամանակ, երբ ինքը օրերով անոթի էր մնում:

Տեսնել ամենամոտիկ արյունակիցներիդ կարոտությունը, զգալ, որ պարտավոր ես նրանց օգնել և չկարողանաս օգնել-դա էր կատարյալ թշվառությունը: Բայց այդ բոլորը չէ: Ճակատագիրը այնպես է կարգադրում, որ իմ եղբայրներից մեկը Պարսկաստանից գա Թիֆլիս ինձ վրա հույս դրած, այստեղ հիվանդանա քաղաքի մի անկյունում և կարճ ժամանակից հետո մեռնի: Եվ մեռնի մի այնպիսի օր, երբ ես ոչինչ չունեի՝ նրան թաղելու համար: Այսօրվա պես միտս է, որ ես երեք անգամ վճռեցի դիմել Գրիգոր Արծրունիի օգնությանը, երեք անգամ մոտեցա նրա դռներին և երեք անգամ էլ ետ դարձա: Խորին ինքնասիրությունը ինձ թույլ չէր տալիս իմ ցավը հայտնել նույնիսկ մի մարդու, որ առանց բացատրության կարող էր զգալ իմ դրությունը:

Վերջապես չգիտեմ ինչպես, Րաֆֆին ճարում է երեք ռուբլի և գնում է մի դագաղ: Երեկոյան մութին նա իր եղբոր դիակը դնում է կառք և մի քահանայի ու երկու մշակի հետ տանում թաղելու:

III

Րաֆֆիի թշնամիներին մեծ ուրախություն պատճառեցին Արծրունիի հետ 1884 թ. ունեցած թյուրիմացությունները: Այդ ժամանակ քանի դեռ Արծրունին Թիֆլիսումն էր, և «Մշակ»-ը կաղալով մի կերպ, շատ անգամ առանց խմբագրական հոդվածների, լույս էր տեսնում, Րաֆֆին մտածում էր անկախ մի գրականական ամսագիր հիմնել: Երբ Արծրունին գնաց արտասահման, Րաֆֆին թողեց այդ միտքը և, ընկերանալով Ներսես Աբելյանի և Գաբրիել Միրզոյանի հետ, վճռեց «Մշակ»-ը շարունակել: Գործը արդեն վերջացած էր, լրագիրը պայմանով հանձնված էր նրանց, և այդ ամենին հայտնի էր:

Թշնամիներր այստեղ ևս գլուխ բարձրացրին և սկսեցին հարվածել ո՛չ միայն Րաֆֆիին, այլև նրա ընկերակիցներին: Պարզ էր, որ Րաֆֆիի անունը նրանց աչքում դարձել էր մի սոսկալի ուրվական, որ գիշեր-ցերեկ հանգստություն չէր տալիս նրանց, միշտ վախի ու սարսափի մեջ պահելով պահպանողականների ամբողջ բանակը:

Հանգամանքները այս անգամ էլ կողմնակի ծառայություն արեցին թշնամիներին: Կառավարության կողմից «Մշակ»-ի համար առաջարկված նոր խմբագիրը չհաստատվեց: Այդ լրագրի գոյությունը ենթարկվեց ճակատագրի հաճույքին, մինչև որ Արծրունին վերադարձավ արտասահմանից և նորից յուր ձեռքն առավ նրա ղեկը:

Այդ ժամանակ Րաֆֆիի մեջ կրկին միտք հղացավ մի ամսագիր հրատարակելու: Սակայն շուտով նա այդ միտքը բոլորովին թողեց, սկսեց «Կայծեր»-ի երկրորդ հատորի մասին մտածել: Միևնույն ժամանակ նրա գլխում հղացավ «Սամվել»-ի գաղափարը, որը ներշնչում էր նրան հայոց դպրոցների փակման խնդիրը: Նա ասում էր, թե պատմական անցյալի և ժամանակակից դեպքերի մեջ կա մի զարմանալի նմանություն:

— «Սամվել»-ի կարդացողը կմտածի և անշուշտ կգտնի այդ նմանությունը, այն ժամանակ իմ գաղափարը հասկանալի կլինի նրան: Ես պատմական վեպը պատմական փաստերի համար չեմ գրում, այլ ինձ գրավող ժամանակակից շարժման համար:

Անցան ամիսներ, և վիպասանը դեռ չէր սկսել գրել «Սամվել»-ը: Առայժմ նա ուսումնասիրում էր իր ապագա վեպի գլխավո հերոսին, կարդալով պատմական գրքեր: Նրա ուշ ու միտքը զբաղված էին այդ հերոսով: Նա շարունակ նրա մասին էր խոսում, հրճվում էր, ոգևորվում և պնդում, թե «Սամվել»-ը պետք է լինի նրա chef d'oeuvre-ը: Մանավանդ լեզվի կողմից այդ վեպը, իր ասելով, պետք է լիներ ամենակատարելագործվածը:

Ես ցույց կտամ իմ լեզուն ձախ ու ծուռ քննադատող պարոններին, որ Րաֆֆին էլ գիտե գրաբար, գուցե ամենից լավ: Այդ մարդիկ չեն ուզում հասկանալ, որ ես իրանցից ավելի եմ հոգում լեզվի մաքրության մասին: Ինձ հայ կաբան չեն համարում և կարծում են, որ հայկաբան լինելու համար անպատճառ պետք է փքուն ոճով գրել: Չեն հասկանում, որ ժամանակակից մատենագիրր, մանավանդ վիպասանը չէ կարող Մովսես Խորենացիի բարբառը գործածել, թեև աշխարհաբարի վերածած:

Մեր գրականության մեջ իրանց հատուկտոր գրվածքներով սխոլաստիկները Րաֆֆիի հեգնության և ծաղրի մշտական առարկան էին: Նա վրդովվում էր, երբ մեկն ասում էր, թե այդ մարդիկ հայոց լեզվի պաշտպաններն են: Նա հարձակվում էր նույնպես և այն մարդկանց վրա, որոնք, հանուն հայկաբանության, հալածում են ամեն մի նորամուծություն հայոց կենդանի աշխարհաբարի մեջ:

Այդ ողորմելիների համոզմունքով, կարծես հայոց լեզուն կարող է ժամանակակից ուղղությամբ զարգանալ բոլորովին բացառիկ կերպով: Կարծես նա չպիտի ենթարկվի առաջադիմության այն անխուսափելի օրենքներին, որոնց ենթարկվել են բոլոր ազգերի լեզուները: Սամովարը անպայման պետք է դարձնել ինքնաեռ, սիգարըգլանակ, տելեֆոնը-հեռախոս, ֆոնոգրաֆըձայնախոս: Զզվում եմ այդ տեսակ պեդանտներից:

Նա ատելով ատում էր այն գրագեսւներին, որոնք կարծում են, թե որքան շատ գրաբար բառեր գործ ածեն, այնքան լավ է:

Գրաբար բառեր գործ ածելը հեշտ է, բայց մարդ պետք է ճաշակ ունենա նրանց ընտրելու համար, պետք է երաժշտական լսողություն ունենա, որ ըմբռնի, ո՞ր բառը որտե՞ղ կարող է քաղցր հնչել և որտե՞ղ անախորժ: Այս կողմից ինձ համար ատելի են մանավանդ մի քանի թարգմանիչներ: Անցյալ օրը ձեռքս վերցրի թերթելու մանկավարժ Փիլիպոս Վարդանյանցի մի նոր թարգմանած գիրքը: Այդ մարդը աշխատասեր է, է՛հ, նա էլ ուզում է օգնած լինի հայոց գրականությանը: Իհարկե, շատ շնորհակալ ենք: Բայց գիտեք, նա ինձ ինչ է հիշեցնում, — գյուղից քաղաք տեղափոխված և շուտով հարստացած մի վաճառականի: Նրա կոշիկները եվրոպական են, արխալուղը ասիական, իսկ գտակը ոչ այս, ոչ այն: Նրա սևացած և կոշտ մատները զարդարված են ադամանդյա մատանիներով: Ինչպես երևում է, մանկությունից հայերեն լեզուն նրա համար խորթ է եղել: Հետո սկսել է հայերեն սովորել և հանկարծ ընկել է գրաբարի աշխարհը և այժմ ինչ որ գրաբար բառեր գիտե, խցկում է ամեն տեղ: Երբ կարդում եմ նրա թարգմանությունները, ինձ թվում է, որ ատամներովս ավազ եմ ծամում: Երևակայեցեք այն բանաստեղծի գրությունը, որի երկերը ավազոտ լեզվով են թարգմանվում: Ինձ մեղադրում են, որ ես գրելիս ռսերեն եմ մտածում: Կարճատեսներ, մտածեցեք ինչ լեզվով կամենաք, միայն ձեր մտածածը նախ մի բանի նման լինի, հետո հասկանալի: Եթե իմ լեզվի մեջ երևում են ռսերենի նման դարձվածներ, այդ չի նշանակում, որ ես նրանց ուղղակի ռսերեսից եմ թարգմանել, այլ որովհետև հայոց լեզուն ուրիշ ձև չունե այս կամ այն միտքը արտահայտելու և միակ հայկականը իմ գործածածն է: Զարմանալին այն է, որ ռուսաբանության մեջ ինձ մեղադրում են նույնիսկ այն մարդիկ, որ իրանք իմ քառորդի չափ հայերեն չգիտեն: Իրանք չեն ամաչում գերմանաբանությունը խառնելով ռուսաբանության հետ, ստեղծել մի հավաքական անճոռնի բարբառ, իսկ ինձ մեղադրում են հակահայկաբանության մեջ, ինձ, որ ծնվել եմ բուն ժողովրդի մեջ, սնվել եմ այնտեղ և մանուկ հասակիցս սկսած անգիր սովորել հինգերորդ դարի գրականությունը:

Առհասարակ Րաֆֆին այս միջոցներին լեզվի խնդրով շատ էր զբաղված և շարունակ այս մասին էր խոսում:

Ահա հայ վիպասանի դրությունը, — ասում էր նա մի տեսակ դառնությամբ, — մի կողմից նա պետք է գաղափարի և ձևի մասին մտածի, մյուս կողմից մի աղքատ լեզու մշակելու համար գլուխ տրաքացնի: Լուսավորված ազգերի մեջ ամեն մի առարկա իր որոշ անունն ունի, իսկ մենք դեռ նոր ենք զբաղվում առարկաների անուններ ստեղծելով: Ասում են՝ գրաբար գրքերում շատ առարկաների անուններ կան: Մեր ժամանակակից կյանքը այնքան տարբերվում է պատմական կյանքից, որ գրեթե ոչինչ նմանություն չէ մնացել ոչ մեր կերակրների, ոչ մեր հագուստների և ոչ տան կահ-կարասիների մեջ: Ինչպե՞ս գրաբար անունները հարմարացնես այժմյան առարկաներին: Մի դժոխային աշխատություն է մեզանում վեպ գրելը: Դեռ հրապարակախոսը կարող է մի երկու հարյուր բառով յուր գլուխը պահել, իսկ վիպասանը ինչ հող ածե գլխին, որ ստիպված է հազար ու մի բան նկարագրել: Երբ ես թարգմանում էի Զախեր-Մազոխի «Կայենի կրակը», այնպիսի խոչընդոտների էի հանդիպում այս կամ այն առարկայի անունը հայերեն թարգմանելիս, որ կատաղում էի...

Րաֆֆին ոչ մի հայ բանաստեղծի և վիպասանի լեզուն ու ոճը չէր հավանում: Այդ կողմից նրա քննադատությունը շատ անգամ ծայրահեղության էր հասնում: Նա դեմ էր Սունդուկյանցի և Պռոշյանցի գավառաբարբառներին, իսկ Պատկանյանի ոտանավորների մեջ չէր ներում գրաբարի և աշխարհաբարի խառնուրդը: Նույնիսկ «Մայր Արաքսի» լեզուն նրան պակասավոր էր թվում: Շահ-Ազիզի լեզուն նա համարում էր աշխարհաբարի մանկական թոթովանք: Աղայանցի լեզվի պարզությունը և ճշտությունը ընդունում էր, բայց համարում էր հասակավորների համար թույլ և աղքատ: Այսքան խիստ էր նա դեպի ուրիշները:

IV

Րաֆֆիի մեջ այս կամ այն վեպի գաղափարը ծնվում էր կյանքի մեջ տեղի ունեցող քիչ թե շատ խոշոր երևույթների ազդեցությամբ: Արևելյան պատերազմը և հայկական խնդիրը առաջ բերեցին «Խենթը» և «Դավիթ-Բեկ»-ը տաճկահայերն հալածանքը — «Ջալալեդդին»-ը և «Կայծեր»-ը, հայոց եկեղեցական դպրոցների վիճակը — «Սամվել»-ը: Նույնիսկ մամուլի մեջ վաճառական դասի մեջ ծագած վեճը ստիպեց նրան գրել «Մինն այսպես, մյուսը այնպես»: Այս վերջին վեպը թերի մնաց, չգիտեմ ինչպես էր, որ ավարտված դուրս եկավ հեղինակի մահից հետո:

Ես չեմ ասում, որ Րաֆֆին անպայման առանձնակի երեվույթի էր սպասում, որ մի վեպ գրի: Ո՛չ, այլ նա այն ժամանակ էր ավելի ջերմ փափագ զգում իր գաղափարներով ասպարեզ գալու, երբ հասարակության միտքը քնած չէր: Եթե հայկական խնդիրը վերջերում չմոռացվեր և հասարակությունը նախկին եռանդով ու ոգևորությամբ վերաբերվեր դեպի նաԿայծեր»-ի երկրորդ հատորը այդքան չէր ուշանալ: Առհասարակ հասարակության տրամադրությունը մեծ ներգործություն ուներ Րաֆֆիի վրա: Նա այն վիպասաններից չէր, որոնք իրենց ներշնչումը ստանում են անմիջապես բնությունից և կյանքից, որոնք իրանք են խնդիրներ ցուցանում և աշխատում կամ լուծել, կամ արծարծել: Այդ տեսակ գրողները երբեմն իրանց ժամանակակից հասարակության մեջ առանձին ժողովրդականություն չեն ստանում: -Ամբոխը մեծ մասամբ ընդունում է այն, ինչ որ ներկայում հետաքրքրում է նրան, ինչով զբաղված է նրա միտքը: Րաֆֆին ինքը խնդիրներ չէր հորինում, այլ միշտ ձգտում էր հրապարակի վրա նոր զարթնած և մտքեր հուզող խնդիրներին լուծում տալ: Նա ժողովրդի բարոյական և մտավոր հետաքրքրության ջերմաչափն էր և պատասխանում էր այն հարցերին, որ ծագում էին և տարածվում նրա մեջ: Ահա նրա ահագին ժողովրդականության գաղտնիքը:

Երբ ասպարեզ մտած մի միտք ոգևորում էր նրան, վեպի գաղափարը արդեն պատրաստ էր, և նա գրիչը ձեռն էր վերցնում: Եվ բավական էր, որ գաղափարը կար, մնացյալը նրա համար երկրորդական էր: Նա վաղօրոք պատրաստում էր խնդրի լուծումը, հնարում էր ամբոխին մատչելի տենդենցիան և երբ սկսում էր գրել, նրա գլխում առաջին տեղը ամուր բռնած էր լինում այդ տենդենցիան, որ պետք է այսպես թե այնպես անցներ վեպի մեջ: Հետևաբար, գեղարվեստական կատարելագործման, մանավանդ հոգեբանական ճշմարտության մասին շատ էլ չէր մտածում կամ բնավ չէր մտածում: Ահա ինչո՛ւ նա միշտ շտապում էր իր մտքերը շուտ արտահայտելու, այս պատճառով գործ էր ածում գրելու մի այնպիսի մեթոդ, որ հազիվ թե գեղարվեստին բարձր նշանակություն տվող մի բանաստեղծ-վիպասանի պատիվ բերեր: Ի՞նչ էր անում նա: — Գրում էր վեպի առաջին գլուխները, արտագրում էր մի անգամ և իսկույն տալիս էր տպագրության, մտածելով, որ շարունակությունը ինքնըստինքյան չի հակասիլ սկզբին: Գոնե այս ձևով էր գրում այն վեպերը, որոնք նախ տպվում էին լրագրներում և հետո առանձին գրքերով լույս տեսնում: Այդպես էր գրել նա, ի միջի այլոց, և «Դավիթ-Բեկ»-ը: Նա ինքը խոստովանում էր, որ այդ վեպի շատ գլուխները թխել է գրաշարի ներկայությամբ, որ դռների առջև կանգնած «նյութի» է սպասելիս եղել «Մշակ»-ի համար:

Ուղիղն ասած, վիպասանի այս սովորությունը ինձ վշտացնում էր, ուստի մի օր ես դարձա նրան և զգուշությամբ ասացի.

Ինձ թվում է, որ անհամեմատ, ավելի հարմար է վեպը առաջ բոլորովին ավարտել, մշակել և հետո հանձնել տպագրության, քան թե կտոր-կտոր գրել: Միայն այսպիսով կարելի է, իմ կարծիքով, գեղարվեստական ամբողջություն պահել վեպի մեջ:

Ձեր ասածն ինձ էլ հայտնի է, բայց երբ լրագրի համար ես գրում և ստամոքսդ կերակուր է պահանջումանիրագործելի է: Ասում են, որ Տուրգենևը իր վեպերը մշակում էր և արտագրում առնվազը ութ անգամ և հետո տպագրում: Հավատում եմ, բայց Տուրգենևը հարուստ էր և ժամանակ ուներ գեղարվեստի մասին երկար մտածելու: Տվեք ինձ այն եռանդը և ժամանակը, որ ինձանից խլում են արտաքին հանգամանքները, ես այդ եռանդն էլ, այդ ժամանակն էլ կնվիրեմ իմ վեպերի գեղարվեստական մշակմանը: Ո՛չ, վիպասանը պետք է նյութապես ապահովված լինի:

Այս պատճառաբանությունը սկզբում ինձ զինաթափ էր անում, բայց նա կորցրեց իր նշանակությունը, երբ Րաֆֆին սկսեց գրել «Սամվել»-ը: Նա այդ ժամանակ նյութապես բավական ապահովված էր. գրքերը վաճառվում Էին և հոբելյանի առթիվ հավաքած փողերից էլ մի մասը դեռ մնում էր: Այսպես թե այնպես, նա կարիք չուներ օրական բանվորի դեր կատարելու: Բայց երեի նախկին սովորությունը խոր արմատ էր ձգել նրա մեջ: Նա շարունակում էր գրել կտոր-կտոր: Այդ սովորության հետևանքը ես մանավանդ տեսա «Ղարիբ Մշեցի» վերնագրով վեպիկի մեջ: Դեռ այդ վեպիկը չսկսած Րաֆֆին ասում էր, որ նա կլինի շատ փոքր, մինչև անգամ մի պատկերի չափ և կբռնի «Արձագանք» շաբաթաթերթի երկու, շատ-շատ երեք բանասիրականը: Բայց երբ սկսեց գրել, դուրս եկավ չորս, հինգ, վեց բանասիրական, իսկ վեպիկը դեռ շարունակվում էր:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 Next Last