Շիրվանզադե Ալեքսանդր՝   Նամուս

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last

Օ՜ֆ, ջան, ջան բալաս, մի՛ ասի, ոչ լսեմ, քոռանամ, — բացականչեց Մարիամ բաջին, երկու ձեռները ծնկներին խփելով:

էլ ինձանում կենդանություն չմնաց, — շարունակեց Գյուլնազը: — Վազ տվի առաջ, որ երեխիս առնեմ գազանի ճանկից, ամա ի՛նչ կարող էի անել: Աչքերը մարդ չէին տեսնում, նա կրծքիս մին կոփեց, մին կոփեց, որ շունչս կտրվեց, վայր ընկա:

Ջան, ջաան, ջան րալաս: .

Ուֆ, Մարիամ բաջի, Գյուլնազը էն մինութին տեղն ու տեղը հոգին փչեր, հազար անգամ լավ կլիներ, քան աչքերը բաց տեսներ, ինչ որ տեսավ: Ջալլաթբաշիի կռնատակին Սուսանիս երեսը հալավիդ ռանգի պես կապուտ կապտել էր: Աչքերն էլ արյունի չանախներ էին դառել, հենց էիր իմանում, որ այդ է, պիտի դուրս պրծնին:

Ախար, այ քարասիրտ, ի՞նչ է արել, — հարցնում եմ ես մազերս քանդելով, կուրծքս պատռելով, տե՛ս, այս էլ եղունգներիս տեղերը:

Այս ասելով, Գյուլնազը շապկի եզրը հետ քաշեց, և նրա սպիտակ կրծքի վրա երևացին մի քանի արյունոտ գծեր:

«Ի՞նչ է արել... նամուսս ցեխի մեջն է գցել, անունս տափն է կոխել, փափախս ոտնատակ է արել, այ ի՛նչ է արել: Դուրս է եկել գիշերվա կիսին Հայրապետի տղի հետ սովբաթ է անում, պաչպչվում է: Ա՛յ ինչ է անում»:

Լսելով յուր որդու անունը, Մարիամ բաջին մի ճիչ արձակեց:

Գյուլնազը շարունակեց.

«Սուտ բան է, աչքիդ է երևացել, այ մարդ», — ասում եմ ես, գլխապատառ մեջ ընկնելով, որ երեխիս առնեմ նրա ղարմախ-ղարմախ ձեռներից:

«Կորի՛ր, կորի՛ր, հեռացիր դու շ...շ... աղջիկ, — բղավում է վրես: — Չես հավատո՞ւմ, էլի չես հավատում, ես քեզ ասում էի, ասում էի, որ ականջովս է ընկել, սաղ քաղաքում խոսում են»:

Այս որ ասում է, մի ձեռով երեխիս մազերից բռնած, մյուս ձեռով կրծքիս մի պինդ կոփում: էլ նրանից դեն ինչ է լինում, ինչ չի լինում, ոչինչ չեմ իմանում: Աչքերս մթնում են, ուշքս գնում է, ընկնում եմ: Շատ եմ մնում թե քիչ, աստված գիտե, մեկ էլ աչքերս բաց եմ անում, տեսնում եմ, որ Սմբատս երեսիս ջուր է շաղ տալիս: Սուսանս մազերը թափված, կապտած երեսով անձրևի պես արտասուք է թափում աչքերից: Ինքն էլ, չիբուխ քաշելով, գիժ կովի պես պտույտ-պտայտ է անում:

Անունդ սև քարին գրվի: Սեյրան տղա, — աղաղակեց հանկարծ Մարիամ բաջին, կրծքին խփելով:

Լեզուդ պապանձվի, մի՛ ասի, մի՛ ասի, այ կնիկ, — ասաց Գյուլնազը, կրկին արտասվելով:

Չասեմ, բաս ի՞նչ անեմ: Նա, նա, էն սև երեսը բաս մեզ ուզում է խայտառակ անի՞: Բաս ուզում է էս քաղաքի մեջ, խալխի բերանում մեզ բերանի ծամոն շինի՞: Վայ քո օրին, Մարիամ կնիկ: Սեյրան տղա, թե տուն կգաս, կտեսնես, թե քո գլխին ինչ օյին բերել կտամ: Քո հերդ էս լեղին խմողը չի, նա կթափի գլխիդ: Ասում էի էս գիշեր, որ հալդ հալ չէր, Սեյրան տղա:

Դու լինես, էն աստոծը, Մարիամ բաջի, չլինի չիմանամ, որ Սեյրանին մի բան ասես, ես հենց դրանից եմ վախենում, տաքարյուն տղա է, ով գիտե, ինչ կանի, ինչ չի անի: Բարխուդարը, առանց էն էլ երդումաճաք իլավ, որ մարդիդ պիտի ասի: Դու լինես էս օրվա օրը, Մարիամ բաջի, էնպես արա, որ էս բանը քնի, թե չէ մին Շամախին կլինի, մին էլ մենք, մի մատ մեղր կդառնանք խալխի բերանում:

Մարիամ բաջին արխալուղի թևերը կրկին քաշեց յուր տեղը, մազերը ուղղեց, բարձրացավ տեղից, փեշերից ալյուրի փոշին թափ տվավ և ասաց.

Վեր կաց ոտքի, վեր կաց գնանք երեխիս մոտ:

Ինչ գնաս, տաքացած ընկած է... օրը անց է կենամ, հացդ կմնա:

Զահրումար ուտեմ հացի տեղ, վե՛ր կաց, ասում եմ:

Գյուլնազն և Մարիամ բաջին գնացին Սուսանի մոտ:

Սուսանը պառկած էր անկողնում: Երբ Մարիամ բաջին և Գյուլնազը ներս մտան, նա մի վայրկյան գլուխը հանեց վերմակի տակից, նայեց նրանց, և կրկին փաթաթվելով, երեսը պատին շուռ տվավ: Սուսանի ճակատը մինչև հոնքերը փաթաթված էր թաշկինակով, նրա թշերի վրա երևում էին կապույտ բծերԲարխուդարի տված ապտակների հետքերը: Երբ նա մի վայրկյան վերմակի տակից նայեց, արտասուքից ուռած աչքերը փայլեցին դառն թախծությամբ:

Մարիամ բաջին նստեց Սուսանի բարձի մոտ, ձեռը դրավ նրա ճակատին, և յուր դեմքին փորձառու բժշկի լրջություն տալով, ծանր եղանակով ասաց.

Կրակի պես էրվում է երեխիս ճակատը: է՛լ մի ուշացնի, Գյուլնազ, դալլաք Հապանին կանչել տուր, որ արյուն բաց թողնի խզատակից:

Հետո Մարիամ բաջին զգուշությամբ հետ քաշեց Սուսանի երեսից վերմակը և սկսեց հարց ու փորձ անել:

Մարիամ բաջին ցավդ առնի, ո՞ր տեղդ է ցավում, աչքերդ ինչո՞ւ ես խփել, գլուխդ չի՞ դըմդմում:

Սուսանը չպատասխանեց, միայն տնքտնքալով վերմակը կրկին քաշեց երեսին և սկսեց հեկեկալ խեղդված ձայնով:

Լաց մի՛ լինիր, բալաս, կլավանաս, ի՛նչ կա, փառք աստուծո, ի՛նչ անենք, հերը աղջկան կթակի էլի, մենք էլ քեզ պես շատ ենք թակվել ու հիվանդացել:

Բայց այս անգամ Սուսանի արտասուքի պատճառը յուր մարմնի ցավը չէր, այլ նա տանջվում էր բարոյապես: «Երանի թե ես էլ ձեզ նման թակվեի, խայտառակվեցի, աստված», մտածում էր նա:

Մարիամ բաջին և Գյուլնազը մի քանի րոպե խոսեցին, խորհեցին, վիճաբանեցին և վերջը այն եզրակացության եկան, թե անպատճառ և առանց հետաձգելու հարկավոր է դալլաք կանչել:

IX

Բարխուդարը առավոտը բազար գնալիս, Հայրապետին պատմեց երեկվա անցքը: «Թե որ տղիդ կապը չքաշես, — ավելացրեց նա, — որ մին էլ էս ղալաթները չանի, էլ ոչ ես, ոչ դու, Հայրապետ. մեր բարեկամությունը կկտրվի մինչև հավիտենական դուռը»:

Լսելով այս խոսքերը, Հայրապետը բազարի մեջ մնաց տեղն ու տեղը: Նա մի քանի վայրկյան ոչ կարողացավ շարժվիլ, ոչ կարողացավ խոսիլ, միայն գլուխը ծռեց դեպի աջ ուսը, հոնքերը վեր քաշեց, աչքերը չռեց, ծնոտը լախացրեց և ապշած սկսեց նայել Բարխուդարին, որ այդ միջոցին մի քանի քայլ առաջ էր գնացել: Տեսնելով որ յուր հարևանը կանգնեց, ինքն էլ հետ նայեց և նրա հայացքը ընկավ ուղիղ Հայրապետի դեմքին:

Հը՛մ, ցուրտ է, բաս, սառած կմնաս բաս չէէ՛: Ականջներդ բաց արա ու լավ լսիր, թե որ լակոտիդ ջլովը ձեռդ չառնես, մեր բանը վերջացած է:

Հայրապետը դարձյալ ոչինչ չպատասխանեց: Նա մի քանի վայրկյան ևս զարմացած մտիկ տվավ ու վազեց:

«Գնաց, որ տընգըզի, թո՛ղ տընգըզի, ա՛խ, թե իմ էլ ձեռս կընկնես, Սեյրան լակոտ, մեծ թիքադ ականջդ կթողնեմ», — ասաց Բարխուդարը և շարունակեց յուր ճանապարհը:

Հայրապետը, գնալիս, ճանապարհին ինքն իրան խոսում էր, զանազան հիշոցներ էր տալիս, հայտնի չէր ում, և ձեռներով ու գլխով անսովոր շարժումներ անում: Անցորդները տեսնելով նրան, կանգնում էին ու մտիկ անում զարմացած, «գժվե՞լ է էս մարդը, ինչ է» կրկնելով:

Վերջապես, Հայրապետը հասավ տուն: Սեյրանը տանը չէր: Հայրապետը մտավ խոհանոց Մարիամ բաջուն տեսնելու, բայց նրան ևս այնտեղ չգտավ: Նա կամեցավ անմիջապես գնալ Բարխուդարանց տուն, բայց հետո փոշմանեց և, մի քանի քայլ չանցած , կրկին վերադարձավ յուր սենյակը:

Քառորդ ժամից հետո ներս մտավ Մարիամ բաջին:

Քեզ նման կնկա սիրտը պիտի հանեմ, շամփրին քաշեմ ու թեժ կրակի վրա դես խորովեմ, դեն խորովեմ, որ բալքա սիրտս հովանա, — գոռաց Հայրապետը, հարձակվելով յուր ամուսնու վրա:

Մարիամ բաջին իսկույն հասկացավ նրա բարկության պատճառը:

Ես ի՛նչ մեղավոր եմ, այ մարդ, որ իմ գլուխս ես ծակում:

Բաս ես եմ ծնե՞լ էն լակոտին, հըմ, ես եմ ծնե՞լ:

Ծնողը ի՞նչ հող ածի գլխին:

Սև հող: Մեղավորը դու չես, բաս ո՞վ է: Դու չե՛ս, որ նրա հետ աղաչանք-պաղատանքով ես խոսում, դու չե՛ս, որ փայտը ձեռս վերցնելիս, գլխապատառ մեջտեղ ես մտնում, որ ես էն, էն շնին չի խրատեմ: Հըմ, գնա՛, դեհ հիմա սաղ քաղաքում խայտառակվիր, ըըը՛ ես քո էդ, էդ, էդ, մեղա քեզ, տեր ամենակարո՛ղ, հը՞մ, ասա, տեսնեմ, ինչո՞ւ ես ծնել:

Հայրապետը, վերջին հարցը կրկնելով, ուսերը վեր քաշեց, մոտեցավ Մարիամ բաջուն, բռնեց նրա թիկունքից և սկսեց թափահարել, անդադար կրկնելով. «ինչո՞ւ ես ծնել»:

Խաթի բալի մեջ չընկա՞նք: Այ մարդ, ֆիքր արա, տես ինչե՞ր ես դուրս տալիս, խելքդ ո՞րտեղ ես թողել:

Խելքս փափախիս տակն է: Մին էլ եմ հարցնում, ախար ինչո՞ւ ծնեցիր, հըմ, ինչո՞ւ, որ էսօրվա՛ օրը ինձ Բարխուդարի մոտ սև երես թողնի՞, հաա՞, այ ես քո էն... տե՛եեր աստված:

Մարիամ բաջին, տեսնելով, որ յուր ամուսինը շատ է երկարացնում, երեսը շուռ տվավ ու դուրս եկավ: Հայրապետը մինչև երեկո այս կողմ այն կողմ շուռ տվավ, դես վազեց, դեն վազեց, մինչև որ իրիկնադեմին Սեյրանը եկավ տուն :

Առանց մի խոսք ասելու, առանց որևէ հարց ու փորձի, Հայրապետը մի մեծ կոպալ խլեց, որ հարձակվի յուր որդու վրա: Վերջինը հենց սկզբից հասկացավ շարժողության պատճառը, փախավ դուրս, և ամբողջ օրն ու գիշեր չվերադարձավ տուն: Բայց և այնպես նա չազատվեց պատժից: Հայրապետը մյուս օրը երեկոյան բռնեց Սեյրանին և այնքան ծեծեց, որ ինքը հոգնեց, իսկ ծեծվողը ուշաթափվեց:

—————

Սուսանի հետ տեսնվելուց հետո Սեյրանը այլևս դադարել էր հաճախել Բարխուդարի խանութը: Նա վախենում էր, բայց որ ամենագլխավորն է, ամաչում էր երևալ ահարկու «ուստայի» աչքին: Առավոտը նա դուրս էր գալիս տնից, վերադառնամ էր երեկոյան: Հայրապետը ամեն օր շարունակում էր գործածել խրատելու սովորական միջոցըծեծը: Մարիամ բաջին աշխատում էր խելքի բերել Սեյրանին յուր մայրական քնքուշ խրատներով:

Այ գեդա, այ գեդա, խնայիր մեզ, անուններս տափը մի՛ կոխիր, խելքի ե՛կ, գնա՛ բանիդ:

Կթակի, չեմ ուզում:

Հուրսը քնել է, լավ է, բաշխել է, մի՛ վախենար:

Հըմ, մի վախենար: Սմբատն ասում է, ամեն օր անունս լսելիս, բեղերը կրծոտում է: Չէ, չեմ ուզում, լավ է քաղցած մեռնիմ, քան թե նրա երեսը տեսնեմ: Ես թակից չեմ վախենում:

Բաս ինչի՞ց ես վախենում:

Ամաչում եմ, ամոթ է:

Մին բան ես բռնել, որ չամաչե՞ս, սև երես գեդա:

Սեյրանի համար ամենացավալի բանն այն էր, որ չարագուշակ երեկոյից հետո չէր կարողանում տեսնել Սուսանին, հարցնել, իմանալ նրա դրությունը: «Ո՛վ գիտե, կարելի է նա նեղացած է ինձանից, որ ես համբուրեցի և այսքան չարչարանքների պատճառ դարձա», — ասում էր ինքն իրան Սեյրանը: «Բայց չէ, այստեղ համբույրը չի գլխավոր պատառը. ասում են, որ Բարխուդարը վաղուց է իմացել մեր տեսնվելը»: Ահ, մի անգամ էլ նա տեսնե Սուսանի երեսը, հարցնե, իմանա նրա միտքը, հետո ինչ ուզում են, թող անեն նրան...

Եվ այս նպատակին հասնելու համար գիշեր ցերեկ նա տածում էր, տեսակ-տեսակ ծրագիրներ էր կազմում: Ամեն երեկո մութն ընկնելուց հետո, նա վազում էր ու թաքնվում Բարխուդարանց տան պատերի տակ, որ գուցե Սուսանը բակը դուրս գալու Ժամանակ, նրան հանդիպի: Բայց իզուր, Սուսանը չէր երևում, կարծես նա չկար աշխարհում: «Չլինի թե հիվանդ պառկած է անկողնում», — մտածեց մի օր Սեյրանը: Բայց հետևյալ օրը նա կողմնակի կերպով հարցրեց այս մասին Սմբատից, և վերջինի խոսքերից երևաց, որ Սուսանը վաղուց է առողջացել:

Այսպես Սեյրանը մի ամբողջ ամիս անցկացրեց:

—————

Կեսօրվա ժամի մեկն էր: Արեգակը կիզում էր: Այն փողոցը, ուր գտնվում էին Բարխուդարի և Հայրապետի տները, դատարկ էր: Միայն երբեմն այս կամ այն տան դռներից դուրս էր գալիս շալի մեջ փաթաթված մի կին կամ օրիորդ շտապով մտնում հարևան տներից մեկը, ձեռքում շալի տակ մի ափսե պահած: Նա այսօրվա եփած կերակրից յուր հարևանի համար «ղոնշի փայի» (հարևանի բաժին) է տանում:

Արեգակի տաքությունից նույնիսկ թափառական շները քաշվել էին փողոցի կիսախարխուլ պատերի ստվերի տակ և, լեզուները մինչև արմատը դուրս բերած, «լահ էին թակում»: Օգուտ քաղելով նրանց թուլացած դրությունից, շնաճանճերը վրա թափված, անխնա կերպով կծոտում էին նրանց: Շները անդադար թափահարում էին իրանց դնչերը, որ ճանճերին փախցնեն. «տը՜զ» թռչում էին ճանճերը մի վայրկյան և կրկին նստում իրանց տեղը, որ նորից սկսեն ծծել խեղճ կենդանիների արյունը:

Մերթ ընդ մերթ փողոցի մելամաղձոտ լռությունը ընդատում էր ամբողջ քաղաքին ծանոթ, բուխարու հին գդակներ գնող, կարճահասակ, չալ միրուքով, սպիտակ ատամներով, հաստ ու կարմիր շրթունքներով, հնդիկ Բաշիրի հաստ ու խռպոտ ձայնը: «Քոհնա փըփախ, քոհնա փըփախ», — գոռում էր նա, կանգնելով այս ու այն տան դռների առաջ և, հոնքերը վեր քաշած, նայում դեպի բակը: Բակերում խաղացող մանուկները, լսելով նրա տարօրինակ ձայնը, «այ բաջի, այ դադաշ, ղարա Բաշիրը եկել է, որ մեզ տանի դևի մոտ», աղաղակում էին նրանք ու փախչում էին ներս: «Ղարա Բաշիրի» ձայնին հետևում էր նույնպես ամբողջ քաղաքին հայտնի «թեփ առնող» Թաղիի ձայնը: Ահա՛ հրեն էէ՛է, Թաղին, մի չվալ թեփ շալակած, մեջքից երկու ծալ ծռված, տնքտնքալով անցնում է այս փողոցից դեպի մյուսը, ուժասպառ ձայնով բացականչելով. «սաթտըղ քյափաակ օլան»: Եվ Թաղիի ձայնը, որ, կարծես, հորի խորքից է դուրս գալիս, տարածվելով «Խարաբա շահարի» առանց այն ևս մռայլ ավերակների վրա, կրկնապատկում էր նրանց մռայլությունը: Մարիամ բաջին այդ ժամանակ իրանց բակում պատի ստվերում նստած կար էր անում: Նա նստած էր երեսը դեպի բակի փլատակված պարիսպը դարձրած: Բակում ուրիշ ոչ չկար, միայն խոհանոցի առջև հավաքվել էին հավերն ու աքաղաղները և կուտկտում էին գետնին թափված խաշած բրինձները և երբեմն կչկչալով իրարու կտցահարում:

Քիիշշշ, քիիշշշ, ա՛յ անտեր մնաք, ո՛ւֆ, մարդու սիրտ կճաքացնեք դուք, — բացականչում էր շուտ-շուտ Մարիամ բաջին հավերի վրա, յուր կշռին դրած բարակ ճիպոտը գետնին չփացնելով:

Մարիամ բաջու միտքը այդ րոպեին զբաղված էր, այդ պատճառով նա շուտ-շուտ բարկանում էր հավերի վրա, որ խանգարում էին նրա մտածմունքները:

Մի քանի րոպե կարելուց հետո, Մարիամ բաջին հանկարծ ասեղը ցցեց կարի մեջ, մատնոցը մատից հանեց և կարի հետ շպրտելով մի կողմ, ձեռը մեկնեց մինդարի տակ, որի վրա ինքը նստած էր ծալապատիկ: Նա այնտեղից դուրս բերավ մի հին շորի փոքրիկ կապոց և բաց արավ նրա կշռկուռները: Դուրս թափվեցին կապոցի միջից մի բուռն չորացած ու սևացած սիսեռներ: Մարիամ բաջին վեր առավ քթախոտամանը, ցուցամատի և բութ մատի ծայրերով դուրս բերավ այնտեղից մի պտղունց քթախոտ: Մի երկու անգամ ախորժակով քաշեց, փռշտաց, հազաց ու երեսին խաչակնքեց, ասելով, «տեր աստված, դու չարը խափանես, բարին առաջ բերես»: Հետո, նա քթախոտամանը կրկին դրավ յուր տեղը, կրկին երեսին խաչակնքեց, այս անգամ երեք անգամ, և ջերմեռանդությամբ սկսեց «նոխուդ բացել», այսինքն սիսեռների վրա հմայել, քթի տակ տմտըմալով, «իլի-չիլի դա, տեր ամենակարող աստված, իմ Սեյրանիս բախտը իլի, թե որ երեխիս վերջը բարի է, էս նոխուդը բաց դուրս գա, թե չէ շառ է, փակ դուրս գա»:

Այս ասելով, Մարիամ բաջին աջ ձեռի ափով յոթ անգամ տրորեց սիսեռները և մատների ծայրերով բաժանեց երեք մասերի: Նա այս կողմը դարսեց, այն կողմը դարսեց սիսեռները, մի տեղ ավելացրեց, մի տեղ պակասեցրեց, հետո կրկին խառնեց ու մեկ էլ բաժանեց, այս անգամ ինը տեղ: Այնուհետև նա ձեռները սիսեռներից հեռացրեց, դեմքին լրջություն տվավ և, նայելով նրանց, սկսեց ինքն իրան խոսել:

«Դա բաց ճանապարհն է, էս մեկն էլ Սեյրանս է, տես, տես ինչպես է կանգնել ֆիքրի մեջ կորած: Հա՛, սա էլ Սեյրանիս առաջ մեկը կանգնած է, ո՞վ լինի, հը՞մ: — Հալբաթ Սուսանս է: Հետո, դե սրանք էլ Սեյրանիս ընկերներն են, ուֆ, աստված, ինչպես են չարերի պես երեխիս պատել չորս կողմից: Ձեզ տեսնեմ, որ բեբեգներդ ջուր լինի ու ձեոներիդ մեջ թափվի, յարաբ ի՛նչ եք ուզում երեխիցս: Հա, լավ, բաս էս մեկը ո՞վ է, տեր աստված, որ էդպես երեխիս առաջը կապում է սև թելի պես: Ուֆ, քո աչքն էլ հանեմ, ո՛րտեղից դուրս պրծար դու: Ով պիտի իլի, աստված, հըմ»:

Մարիամ բաջին, աջ ձեռի մատները ծռելով, դրավ ծնոտի վրա, իսկ ցուցամատով ծածկելով բերանը, խորը մտածողության մեջ ընկավ:

«Չէ, չէ, բաս նոխուդը պակաս է, ասաց նա ինքն իրան, ձեռը ծնոտից հեռացնելով: Մի-չորս, երկու-չորս, երեք-չորս, չորս-չորս: Դա էլ հինգ-չորս, դա էլ մին թաք: Դրուստ տասը-չորսը, մին թաք: Պակաս չի, մեկ էլ բաց անեմ»:

Նա կրկին խառնեց սիսեռները և կրկին միևնույն տեսակ բաժանեց:

«Փիեե, էլի բեբեք դուրս եկածը պըպզեց երեխիս առաջ», ասաց Մարիամ բաջին և սկսեց երրորդ անգամ բանալ: Հետո նա չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, վերջապես, մինչև տասնուհինգ անգամ բաժանեց և բաց արավ: Վերջապես, Մարիամ բաջին հոգնեց, ինքն իրան բարկացավ և սիսեռները հավաքեց:

«Անտեր մնաս, այ նոխուդ, մի խեր խաբար չես անում, կորի՛ր», ասաց, արագությամբ մի կողմ շպրտելով սիսեռների կապոցը, և կարը վերցրեց:

Այդ ժամանակ հանկարծ նա լսեց մի բարձրաձայն աղաղակ, որից հետո իսկույն մի գլխաբաց երիտասարդ, գդակը ձեռում բռնած, ներս թռավ:

Նամարդներ, ինձ մենակ եք տեսե՞լ, սպասեցե՛ք, ես ձեր գլխին մի օյին բերեմ, որ ճանաչե՛ք, թե ես ո՞վ եմ, — գոռում էր երիտասարդը, վազելով բակի մյուս կողմը, ուր խոհանոցն էր գտնվում:

Մարիամ բաջին հայացքը ձգելով երիտասարդի վրա, սարսափեց և տեղն ու տեղը անշարժ մնաց: Նրա ձեռները թուլացան, և կարն ընկավ գետնին:

Սեյրան, Սեյրան, էլի ո՞ւմի հետ, էլի ո՞ւմի հետ, — աղաղակեց նա, ուշքի գալով և տեղից վեր թռչելով:

Բայց Սեյրանը չէր լսում: Նա վազեց խոհանոց, մի երկայն կարմրագույն փայտ վերցրեց, մի վայրկյանում չուխան հանեց, փաթաթեց ձախ թևին և թռավ փողոց: Մարիամ բաջին հետևեց նրան:

Փողոցում սպասում էին երկու առողջակազմ երիտասարդներ նույնպես մի-մի փայտ ձեռներին և, իբրև վահան, ձախ թևերին չուխաները փաթաթած:

Սեյրանը գլխակոր վազեց նրանց դեմ: Կռիվը սկսվեց: Սեյրանը պաշտպանվում էր և, հաջող վայրկյաններ գտնելով, հարվածներ էր տալիս յուր հակառակորդներին: Մեջ ընկավ ոտաբաց և գլխի մազերը փետտելով Մարիամ բաջին:

«Ա՛յ ձեր մեջքը տափին կպչի, ա՛յ ձեր մերերը սևում մնան, ա՛յ ձեր աչքի լույսը ջուր դառնա, երեսներդ թափվի, ի՞նչ եք անում»:

Սեյրանի հակառակորդներից մեկը, փայտի մի հարված տալով Մարիամ բաջու ուսին, չթողեց մեջ մտնելու:

Ուֆ, ջիգարդ դաղվի, հարայ, ա՛յ հայ քրիստոնյաներ, էրեխիս սպանե՛ցին, վայիս հասեք, — գոռաց Մարիամ բաջին և ուժասպառ ընկավ գետնին:

Այդ վայրկյանին կռվողներին մոտեցավ մի ուրիշ բարձրահասակ երիտասարդ: Դա նույնպես զրահավորված էր փայտով: Հասավ թե չէ, երիտասարդը Սեյրանի հակառակորդներից մեկի թևին մի սաստիկ հարված տվավ:

Ուխա՛յ, ուխա՛յ, բոյիդ մեռնեմ, Սմբատ, ուխայ, մին էլ, — բացականչեց Մարիամ բաջին:

Հակառակորդի թևը թուլացավ, ձեռից փայտն ընկավ, նա սկսեց փախչել: Մյուս ընկերը անմիջապես հետևեց նրան: Սեյրանն և Սմբատը վազեցին նրանց հետևից, բայց հակառակորդները անհետացան փողոցի ծայրում:

Սմբատը և Սեյրանը հաղթության զգացմունքով վառված հետ վերադարձան: Մարիամ բաջին չէր դադարում աղաղակել և մազերը փետտել:

Հերիք է, սո՛ւս արա, տեսար հո ինչ բերինք նրանց գլխին, — ասաց Սեյրանը, փայտը դնելով պատի տակ, որ չուխան հագնի: — Թափվել են ինձ վրա, ուզում են, որ սպանեն, բաս ես սուս անե՞մ:

Ախար, այ մեռած, քեզ ի՞նչ ունես շառլատանների հետ, քեզ ո՞վ է ասում, որ նրանց հետ խառնվես:

Քիչ խոսիր, մի քիչ ջուր բեր, որ գլխիս արյունը լվանամ:

Մինչև այդ ժամանակ Մարիամ բաջին չգիտեր, թե Սեյրանի գլուխը վիրավորվել է փայտով: Տեսնելով նրա ճակատից հոսող արյունը, քիչ մնաց ուշաթափվեր:

էս օրվա օրը ո՛չ լուսանար մորդ համար, Սեյրան տղա, ախար նոխուդը զուր չէր թարս նշան տալիս, — գոչեց նա և վազեց խոհանոց ջուր բերելու:

X

Երեկո էր: Մարիամ բաջին վշտացած հոգով ընթրիքի պատրաստություն էր տեսնում: Հայրապետը դեռ խանութից չէր եկել:

Սեյրանը, գլուխը կարմիր թաշկինակով կապած, առանց չուխայի, սպիտակ չթից կարած բարակ արխալուղով նստած էր փողոցում, իրանց դռների առջև: Սմբատը և մի քանի ուրիշ հարևան երիտասարդներ նրան շրջապատած խոսում էին ցերեկվա անցքի մասին: Սեյրանի դեմքը տխուր էր, աչքերը գետնին հառած: Նա խոսակցությանը չէր մասնակցում:

Ախար, աա՛դա, մին ասեք տեսնենք էդ ղալմաղալը ի՞նչի համար էր, — հարցնում էր մի մոտ քսան ու երկու տարեկան երիտասարդ:

Դա հագած էր կարճլիկ արխալուղ, որի վրայից կապած էր լայն արծաթյա գոտի, սև մահուդյա չերքեսկա բուզմաներով և վազմաններով, մի փոքր սովորականից լայն վարտիք և երկայն կտուցներով մաշիկներ: Նա գլխին դրած էր կոլորակ մեխակագույն բուխարու գդակ: Երիտասարդի բեղերը սրած էին և ծայրերը մկան պոչի պես բարակացրած: Բայց նա, այսուամենայնիվ, չէր դադարում էլի մատերի ծայրերով նրանց ոլորելու:

Ես ինքս հենց էնտեղ էի էլի, աչքիս առաջ ընկավ կռիվը, — պատասխանեց Սեյրանի փոխարեն մի ուրիշը:

Դա էլ մի կարճահասակ երիտասարդ էր նույն ձևով հագնված և ծոծրակը մաքուր սափրած պարսկական եղանակով:

Դե՛, ես մեռնեմ լոթիանա, մի նաղլ արա տեսնենք, — դիմեց նրան մի երրորդը, որի գդակը այնքան ծուռ էր դրած, որ տեսնողը կկարծեր, թե հրես պիտի գլորվի գետին:

Կարճահասակ երիտասարդը հազալով, բեղերը ոլորելով, սկսեց հանդիսավոր կերպով.

Ադա, ես էի, Սեյրանը, Սմբատը, Թափտուղանց Ջահանգիրը, Շամչյանց Աթանեսը, Ճատտի-Կտուրանց Ենգիբարը, Ինքյաթանց Թաթին, Թութանանց Փափանը, Բեդալյանց Մարտիրոսը, Սատանաբռնողանց Պետրին: Դարա մահլումը «ալթի ղոզ» էինք խաղում: Քցողը Սմբատն էր: Ճատտի-Կտորանց Ենգիբարը մի մանեթ դրավ տափին, լողա-լողա ասեց Սմբատին, որ մին բաշ նրա մանեթին գցի: Ադա՛ Սմբատի բախտը բերավ, ղոչաղը էնպես գցեց, որ հաբի միջին դյուրյուստ չորս գցեց, ձեր արևը, ո՛չ էվալ ոչ պակաս: Ենգիբարի բերանը բաց մնաց, ախար մանեթ կասան հա, քիչ փող չիմանաք, մին դանա ջղջղալի Նիկոլայ ա: Հը՛մ. ի՞նչ անի, ինչ չանի, ճարը կտրված, մանեթը ետ վերցրեց:

Փա՛հ, նամարդ քյոփօղլի, — արտասանեց բեղերը սրած երիտասարդը: — Հե՜տո, հե՞տո:

Հետո, էլ ինչ հետո: Սմբատը ասում է. «ադա, ի՞նչ ես անում»: Ենգիբարը ասում է հանաք էի անում, գիժ եմ, որ էսքան փողով մի բաշ խաղ անեմ: Սմբատը թե` «դես տուր մանեթը ասում եմ, չես տալ, գլուխդ ձվի պես փշիր-փշիր կանամ»: Ճատտի-Կտուրանց Ենգիբարը թե` «ձայնդ կտրի, քո աթանցդ, անանցդ»: Դե, ի՞նչ ասեմ, ճանաչում եք էլի Ենգիբարին, ռեխը որ բացեց, էլ աստված ազատի: Ը՛հհ, տղերք, Սմբատի հուրսերը հավաքվեցին, ուշունցը ուշունցի հետևից: Ենգիբարը դա որ լսեց թե չէ, կատաղեց, կապուտ կապուտեց: Զալըմը ռեխը բացեց, մի խոսք դուրս բերավ, որ Սմբատի աչքերը արյունկոխեցին: Ասում է. «գնա հայասըզ աննամուս քրոջդ կապը հավաքի, որ գիշերները Սեյրանի հետ... սիլիկ բիլիկ չանի»...

Փահ, ադա, չկարացաք հենց տեղն ու տեղը նրա փորոտիքը թափե՞լ, — ընդհատեց պատմաբանի խոսքը գդակը ծուռ դրած երիտասարդը, ուսերը վեր քաշած, ծնոտը ծռելով, աչքերը չռելով, և ձեռները զարմացած առաջ տարածելով:

Մի կանգնի դե էլի, ախար մի տես ինչ իլավ, հետո էէ, — շարունակեց պատմաբանը: — Դե, Քյոխանց Սմբատին աթանց խոսք ասիլ կլինի՞: Բիրդան նրա աչքերը կարմրեցին, արյունով լցվեցին: Հենց նոր դանակը ուզում էր ջիբից հանել, մին էլ տեսնենք, մինչև դուրս բերիլը, Սեյրանը մին թյափիկ Ենգիբարի փորին: «Ա՛յ ես քո աթանցը, անանցը, ա՛թանց անեմ, անանց անեմ»: Ենգիբարը թախկ, ձկնի պես, թիր լափաշվեց տափին: Ամա էլի շուտ վեր կացավ, հետևից վազ տվավ Սատանաբռնողանց Պետրին: Մին մնութ չքաշեց, մին էլ տեսնենք երկուսն էլ փետները սրած, վյալգյահ արած, եկան փետ-փետի կռիվ անելու: Սմբատն ու Սեյրանը, առանց բանը երկարացնելու, մին բաշ տուն: Նա էր, որ եկան ղըրմզի-հոլ-հոլ դյագանադների կոթին թքերին ու աջըզ նամարդների ռեխը հետ տվին, փախցրին մինչև խոնջանները կտրվելը: Ամա քյոփօղլի Սատանաբռնողանց Պետրին Սեյրանի մոր ուսին մի փետ կոփեց, խեղճ կինը տունդուռուգի վրա նստեց:

Փա՛հ ես նրանց հերն անիծեմ, — գոչեց բեղերը մկան պոչի պես սրած երիտասարդը, — ադա նրանք մեր մահլի ջահիլների հետ փետ-փետի կռիվ անե՞ն: Տղերք, նամուսը մերն է, էլ ֆիքր անելու տեղը չի: Դուք մեռնեք, լոթիանա, էգուց մի մահլադավասի սարքենք, որ սաղ քաղաքը զարմանա:

Հարկավոր չէ, ես առանց դրան էլ փոշմանել եմ, — ասաց Սեյրանը, յուր հայացքը գետնից չհեռացնելով:

Ես էլ եմ փոշմանել, — ավելացրեց Սմբատը:

Ձեր բանը չի, դուք իսկի միք խոսիլ, տեղներդ դինջ նստեցեք սուս ու փուս: Մենք բանը գլուխ կբերենք առանց ձեզ էլ, — մեջ մտավ կարճահասակ երիտասարդը, դիմելով Սմբատին և Սեյրանին:

Բաս որ էդպես է, ես գնամ քյոռամալս եղեմ, — ավելացրեց գդակը ծուռ դրած երիտասարդը: — Ե՞րբ եք կռիվը սկսելու:

Հենց էգուց կեսօրից հետո, — միաբերան գոչեցին կարճահասակ և բեղերը մկան պոչի պես սրած երիտասարդները :

Այդ միջոցին փողոցի ծայրում երևեցավ Հայրապետը, որ, չուխայի տակ մի ինչ-որ բան բռնած, գալիս էր տուն:

Սեյրանն և Սմբատը անհապաղ մտան տուն: Մյուսները նույնպես հեռացան իրանց տները, խորհելով, ինչպես վաղը կռիվ սկսեն և վերջացնեն, որ իրանց «մահլի ջահիլների նամուսը տափը չկոխեն»:

XI

Օրը բոլորովին մթնեց: Մարիամ բաջին խոհանոցում ճարպի մոմը վառեց և բերավ ներս: Հայրապետը նստած էր պատի տակ, մինդարի վրա, մեջքը բարձին, մի ոտը ծալած, մյուսը մեկնած: Նա մի ձեռքում երկայն չիբուխն էր բռնել ու ծխում, մյուսում տերողորմյան էր չխչխկացնում:

Հայրապետը, ըստ երևույթին, շատ տխուր էր: Երբ Մարիամ բաջին աշտանակը դրավ մեջտեղ, աղոտ լույսը ընկավ նրա վրա: Այդ մշտապես ուրախ ու պայծառ դեմքը երբեք այդչափ թթված չէր: Մարիամ բաջին սովորական «բարի երեկոն» կրկնեց երկու անգամ և, Հայրապետից պատասխան չստանալով, հեռացավ սենյակի մի անկյունը: Սեյրանը դրսումն էր, վախենում էր, թե ամաչում նա, բայց չէր ուզում ներս գալ: Երկու ամուսինները նստած էին լուռ ու մունջ: Մարիամ բաջին հայացքը չէր հեռացնում Հայրապետի ճակատից, իսկ վերջինը առաստաղի մի կետից:

Բարի երեկո, — ներս մտավ մի բարձրահասակ մարդ:

Այ աստուծո բարին, Բարխուդար:

Հայրապետը և Մարիամ բաջին բարձրացան տեղներից:

Համեցե՛ք, համեցե՛ք, ախչի Մարիամ, մի փափուկ մինդար բեր:

Նեղություն մի՛ քաշիլ, նստիր, Հայրապետ, ես էս պատի տակն էլ կնստեմ:

Չէ, բաս որ էդպես է, անցկաց, տեղումս նստիր, մեջքդ բարձին տուր, — ասաց Հայրապետը, խորին պատկառանքով ցույց տալով յուր տեղը:

Մարիամ բաջին սփռեց մի մինդար Հայրապետի տակ, և երկու հարևանները նստեցին:

է՛հ փառք քեզ, աստված, — սկսեց Հայրապետը, աջ ձեռքը քսելով ճակատին:

Ի՞նչ կա, ի՞նչ չկա, Բարխուդար:

Վերջինը պատասխանելու փոխարեն Հայրապետի երեսին նայեց և աչքերով մի նշան արավ: Հայրապետը իսկույն հասկացավ, ինչ է նշանակում այդ նշանը:

Մարիամ, վե՛ր կաց, դուրս եկ, — դարձավ նա յուր ամուսնուն:

Մարիամ բաջին դուրս եկավ:

Ես չեմ սիրում, որ երբ տղամարդիկ մի շատ հարկավոր բանի վրա խոսում են, կանայք լսեն, — ասաց Բարխուդարը, ծխախոտի չորացած տերևը ձեռների ափերում տրորելով, որ չիբուխը լցնի:

Բարխուդարը խոսում էր սառն ու քիչ կոշտ: Նրա դեմքը արտահայտում էր տխրություն և բարկություն:

Ես էլ չեմ սիրում, Բարխուդար, կնիկարմատի բերանում ոսպ չի թրջվում, մի բան որ լսեցին, աշխարհը լսեց:

Նկատելով յուր հարևանի սառնությունը, Հայրապետն ինքն ևս աշխատեց, որքան կարելի է, յուր դեմքին լրջություն տալ, և տվեց:

էդպես է: Հայրապետ, ես եկել եմ քեզ մի քանի բաներ ասելու, թող հենց առանց պատեպատ ընկնելու սկսեմ, — ասաց Բարխուդարը, և չիբուխի ծայրը դրավ բերանը, մյուս ծայրը մեկնեց ճրագին, որ ծխախոտը վառի:

Իմ զահլեն տանում են բազի մարդիկ, որ իրանց ուզածը ասելու տեղ, սար ու քոլ են ընկնում:

Խոսք չկա, Հայրապետ, որ լավ միտդ է երկրաշարժի երեկոն:

Պարզ, ինչպես էս ճրագը:

Մի՞տդ է, որ էն երեկո միասին հավաքված անցկացրինք:

Լա՛վ:

Նա՞ էլ է միտդ, թե ինչ խոսեցինք:

Միտս է, ամա էնքան էլ պարզ չի, չէ՛, հըմ, կա՛ց, մի ֆիքր անեմ:

Մենք խոսեցինք մեր բարեկամության ու մեկ էլ Սուսանիս ու Սեյրանի մասին: Մի՞տդ է:

Աֆարիմ, Բարխուդար, ութ-ինը տարի է անցել, աֆարիմ, որ էդպիսի միտք ունիս:

Ես, Հայրապետ, էն երեկո խոսք տվի, որ եթե աղջիկս մեծանատղիդ տամ, — շարունակեց Բարխուդարը հանդիսավոր կերպով և ամեն մի բառ առանձին շեշտելով: -

էն օրվանից անցել է ինը տարի. հիմա, աստված պահի, տղադ մեծացել է, իմ աղջիկն էլ չափահաս է դառել: Ուրեմն թե իմ աղջկան, թե քո տղիդ պսակվելու վախտն է: Լավ: Ինչպես դու էլ ճանաչում ես, Հայրապետ, ես խոսքիս տերն եմ, թքածս լզողը չեմ:

Իսկի դրան խոսք կա՞, ինձանից հարցրու քո բնությունը:

էդ պատճառով էլ մի ամիս սրանից առաջ միտք էի անում, որ մի օր քեզ կանչեմ, խորհուրդ անենք, որ էդ բանը վերջացնենք:

Ես էլ եմ ֆիքր արել, Բարխուդար...

Կաց, խոսքս մի կտրիլ, ասելու բաներ շատ ունիմ, — ընդմիջեց Բարխուդարը յուր սովորական հրամայող ձայնով:

Ե՛ս մեղա աստուծո, հրամայիր, — ասաց Հայրապետը, ձեռը դնելով շրթունքների վրա ի նշան խոնարհ լռության:

Հայրապետ, տղադ, էն Սեյրան լակոտը, մի բան բռնեց, մի ղալաթ արավ, որ հիմա, միտս ընկնելիս արյունս խառնվում է, գլուխս շուռ է տալիս, աչքերս մթնում են: Ուզում եմ, որ դանակը վերցնեմ, նրան էլ, աղջկաս էլ էնպես կոտորեմ, որ մեծ թիքաները ականջները մնան, բայց...

Արժեն, արժեն, իմ արևը, արժեն:

Մի ամսից ավելի է, որ է՛ս բանը պատահել է, էլի դադար չունիմ: Հեշտ բան չիմանաս, Հայրապետ, քանի որ երեխաներ էին, ես ինքս էլ ուրախ էի, որ իրարու սիրում էին, չունքի էն ժամանակը չէին հասկանում: Բայց հիմա, Հայրապետ, չափահաս են, խելք ունին, պիտի հասկանան, որ իրանց արածը խայտառակություն է, բենամուսություն է:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Next Last