Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Սմբատը դարձավ Զարգարյանին և հարցրեց, արդյոք չե՞ն հայտնել մշակներին, թե առաջիկա ամսի մեկից նրանց ռոճիկները պիտի ավելացնեն: Դուրս եկավ, որ Սուլյանը դեմ է և՛ այս բանին: Նրա կարծիքով, Ալիմյանի մշակներն առանց այդ էլ բավական խոշոր ռոճիկներ են ստանում: Բայց այս ձևով էլ չկարողացավ հաճելի թվալ Սմբատին: Պաշտպանելով Ալիմյանի շահերը, ցույց տալով իրեն այդ շահերի վերաբերմամբ ժլատ, կարծում էր, որ իր առջև կանգնած է դարձյալ Մարկոս աղան: Սխալվեց, և այս անգամ մտքում վճռեց տակտիկան փոխել: Նա սկսեց ցույց տալ իրեն ազատամիտ մշակների դրության վերաբերմամբ և գովեց այն ծրագիրը, որ հնարել էր Սմբատը նոր կացարանների համար: Փոփոխությունն այնքան ճարպիկ էր, որ Սմբատն անգամ չնկատեց և սկսեց խորհրդածել նրա հետ:

Դուրս գալով գրասենյակից, բակում հանդիպեց մի խումբ մշակների, որ եկել էին հաշիվ խնդրելու: Պատրաստվում էին գնալ հայրենիք: Նրանք վերցրին իրենց մազոտ մորթե գդակները և սև կարտուզները: Աշխատանքը բոլորի վրա դրել էր բնորոշ դրոշմ: Մեկի մի ուսն էր բարձր մյուս ուսից, երկրորդի ոտներն էին ծռվել, երրորդի կուրծքն էր ներս ընկած և մեջքը կորացած: Նավթի և մրի տակ անկարելի էր որոշել նրանց դեմքերի իսկական գույնը: Բայց աչքերի շրջանակները դեղնած էին խոնավ խրճիթներում քնելուց, և այդ դեղնությունը սև ֆոնի վրա ավելի խիստ էր աչքի ընկնում:

Սմբատը հրամայեց Սուլյանին նրանց հաշիվները տալ, տալ նաև յուրաքանչյուրին քսանական ռուբլի պարգև: Հրամանը տրվեց շշնջյունով և ռուսերեն: Սև խումբը ոչինչ չհասկացավ: Նա իր հայացքը հառել էր Սմբատի երեսին ակնածությամբ: Ձեռները պիզակի գրպանները դրած, լայնեզր գլխարկն աչքերին քաշած, առողջ թիկունքներով, խելացի, համակրելի առնական դեմքով նա այդ աշխատավոր մարդկանց ներշնչում էր ակամա երկյուղ, նաև համակրանք:

Մի վայրկյան Սմբատը երեսը մի կողմ դարձրեց և տեսավ մի սրտաշարժ տեսարան: Բակի հեռավոր կողմում, մի հողային փոքրիկ թմբի վրա, երկու երկաթյա նավթային ամբարների առջև կանգնած էր Շուշանիկը, անբաժան մոխրագույն շալն ուսերին: Նրա առջև կանգնած էր մի երիտասարդ մշակ, որ արեգակի շողերի մեջ երևում էր իբրև մթին սիլուետ: Օրիորդը փոխում էր մշակի ձեռի վերքի սպեղանին, մրոտված թաշկինակը խնամքով կապելով նրա բազկին:

Իրիկնադեմ էր արդեն: Աշնանային արեգակը շտապում էր մայր մտնել, երկինքը վերջին անգամ ոսկեզօծելով: Գանգուր մազերը թափվել էին օրիորդի ականջների վրա, քնքուշիկ ընդգրկել գունատ այտերը և կազմել մի գեղարվեստական շրջանակ: Ծիրանագույն շողերը տարածվել էին նրա վրա և շրջապատել մի նուրբ ոսկե փոշով:

Մշակը հեռացավ, գլուխ տալով: Օրիորդը ձեռները դրեց ծոցը, հայացքը հառեց հեռու: Նա չէր տեսնում Սմբատին, բավական հեռու լինելով: Անշարժ, գլուխը թեթևակի ուսին ծռած, այժմ հիշեցնում էր հին դպրոցի մի նկար, որ տեսել էր Սմբատը Պետերբուրգի Էրմիտաժում և խոր տպավորություն էր գործել նրա վրա: Նա հիացած նայում էր, չքաշվելով Սուլյանից, որ շարունակ խոսում էր, ձգտելով մերձենալ միլիոնատեր երիտասարդի սրտին: Այո՛, դա մի ամայի դաշտում բուսած մի հատիկ մանիշակ է: Ոչ վառվռուն վարդ, որ հենց առաջին անգամից գրավում է անցորդի հայացքն իր գույնով և ոչ էլ գոռոզ շուշան, — ինչպես է օրիորդի անունը, այլ իսկ և իսկ մանիշակ, հրապուրիչ ինքն իր հեգությամբ և նուրբ բուրմունքով:

Ծիրանագույն շողերի մեջ գանգուր մազերի ծայրերը ճակատի վրա ներկայացնում էին մի տեսակ թափանցիկ ոսկեթելեր: Արեգակը, վերջին անգամ հիանալով նրանով, կարծես, ափսոսալով, թաքնվեց հեռավոր լեռների հետևում: Օրիորդը դեռ կանգնած էր: Շուրջը ոչինչ չէր նկատում: Կարձես, նրա պայծառ աչքերը դեմուդեմ կուտված բարձր սև բուրգերի գագաթներից վեր որոնում են ինչ-որ բան երկնի վրա, դեպի արևմուտք:

Հանկարծ նա ցնցվեց, սթափվեց, ով գիտե ինչ երևակայությունից: Նրա ականջին հասավ Սմբատի բարեհնչյուն ձայնը: Նա երեսը դարձրեց այն կողմ և աչքերով հետևեց երիտասարդ տղամարդին, որ այժմ գնում էր դեպի հանքերը: Հետևեց, մինչև որ նա անհայտացավ սև բուրգերի հետևում: Եթե այդ պահին մեկը կանգնած լիներ օրիորդի մոտ, կլսեր կրծքի խորքից դուրս թռած երկարատև ծանր հառաչանքը, իսկ պայծառ աչքերի մեջ կնշմարեր խորին հոգեկան թախիծ...

Նույն երեկո նա անսովոր ուշադրությամբ լսում էր հորեղբոր պատմությունը` Սմբատի ամուսնության մասին: Լսում էր այն բարոյական տանջանքները, որ կրել էր հանգուցյալ Մարկոս աղան իր որդու սխալ քայլի պատճառով: Այժմ գալիս է Սմբատի կինը` երեխաների հետ: Սմբատը տխուր է: Ինչո՞ւ...

Ոչ ոք չնկատեց, ինչպես փոխվեց Շուշանիկի դեմքի գույնը, ինչպես նա նախ կարմրեց, ապա գունատվեց, ինչպես մի թույլ հառաչանք թռավ նրա կրծքից: Այլևս կիսատ թողեց հորեղբոր խոսքը, անցավ մյուս սենյակ, մոտեցավ լուսամուտին, վերցրեց խաղի թղթերը և սկսեց հմայել: Նա չէր հավատում գուշակության, բայց, այնուամենայնիվ, տանը պատահած հիվանդության միջոցներին միշտ հմայում էր և միշտ տխրում, երբ թղթերը լավ չէին ցույց տալիս:

Այս անգամ ևս նա տխրեց ավելի սաստիկ, քան երբևէ: Թղթերը դրեց մի կողմ, նստեց անկողնակալի վրա և աչքերը հառեց հատակին:

Շուշանի՛կ, — լսեց մոր ձայնը, — հայրդ խորոված է ուզում:

Եվ այդ օրն առաջին անգամ նա դժկամությամբ անցավ խոհանոց:

Ճիշտ նույն պահին Սմբատը, առանձնացած իր սենյակում, խորին մտախոհության մեջ էր: Միայն վաղվա հանդիպումը չէր նրա մտորումների առարկան, այլև մի քանի ժամ առաջ տեսած պատկերը, երբեք նրա վրա ոչ մի հայ կին տպավորություն չէր գործել: Այժմ նրա առջև ամեն վայրկյան պատկերանում էր մի աղքատ ընտանիքի զավակ, մի համեստ աննշան աղջիկ: Հաճախ, հանքային գրասենյակում եղած ժամանակ, կից սենյակից լսում էր անդամալույծի անվերջ տրտունջները և երեխաների լացը: Մանկական աղաղակների և հիվանդի տխուր մրմունջների մեջ լսվում էր օրիորդի մեղմիկ ձայնը, որ անդորր տպավորություն էր գործում նրա փոթորկված հոգու վրա: Այդ ձայնի ազդեցությամբ նրա մեջ ծագում էին անսովոր մտքեր: Մտքեր, որոնք դիամետրալ կերպով հակասում էին նրա նախկին գաղափարին` հայ կնոջ մասին: Եվ նա ամաչում էր այդ գաղափարից, զգալով խղճի խայթոց...

Այս երեկո, մի քանի ժամ առաջ տեսած պատկերի տպավորությամբ, նրա ներքին աշխարհում կատարվում էր տարօրինակ հեղաշրջում: Զգում էր, որ իր մեջ խախտվում է մեկն այն ամուր համոզումներից, որ կազմվել էին պատանի հասակից: Ունե՞ր նա իրավունք արհամարհել հայ կնոջը, հայ աղջկան և գնալ կյանքը կապել օտարի հետ: Ահա վաղը գալիս է նա, որին գերադասեց բոլոր կանանցից: Արդարացրե՞ց արդյոք, գեթ մազի չափ, այն հույսը, որ դրել էր նրա վրա, տվե՞ց այն երջանկությունը, որ երևակայում էր գտնել, ծնողների նվիրական զգացումները ոտնատակ անելով: Չի՞Բ պատահում, արդյոք, այն իդեալին, որ մի ժամանակ վառում էր ու բորբոքում նրա երևակայությունը: Եվ եթե գտել է, արդյոք, կրկնակի դժբախտ չէ՞...

Առավոտյան արդեն տասը ժամն էր, երբ զարթնեց: Մի կապարային ծանրություն նստել էր նրա սրտի վրա: Ճնշում էր ու ճնշում անխնա: Շտապով խմեց մի բաժակ թեյ: Մի ժամից հետո պիտի գար փոստակիր շոգենավը, որ բերում էր նրա զավակներին ու կնոջը: Մտավ մոր սենյակը: Այրին տխուր, ձեռները կրծքին ծալած, նստած էր լուսամատի մոտ: Նայեց որդու երեսին, և սիրտը մորմոքվեց: Զգաց, որ նրա հոգու մեջ տեղի ունի փոթորիկ, որ նա այնքան ուրախ չի, որքան հուզված:

Գնա, որդի, գնա բեր, ես քար չեմ, — ասաց այրին, աշխատելով ուրախ ձևանալ:

Շնորհակալ եմ, — արտասանեց Սմբատը և համբուրեց նրա դալուկ ձեռը...

Կայարանում արդեն հավաքվել էր մի մեծ բազմություն, երբ Սմբատը հասավ այնտեղ: Մի խումբ ծանոթներ դիմավորեցին նրան խոնարհ բարևելով: Երբ իմացան, որ եկել է ընտանիքին դիմավորելու, շնորհավորեցին: Եվ նա զգաց շատերի կեղծիքը: Այդ մարդիկ հետևից հազար ու մի բան էին ասում նրա ամուսնության մասինայս նա գիտեր, իսկ առերես շնորհավորում էին: Նա շտապեց հեռանալ խմբից:

Օրը բավական սառն էր, հյուսիսային քամին երկնքի ծխագույն թանձր ամպերը հալածում էր դեպի հարավ: Ծովն ալեկոծվում էր, և նրա աղի ալիքները Սմբատի միտքը տանում էին դեպի հեռավոր հորիզոն, որ թաղված էր մշուշի մեջ: Սիրտն սկսեց նորից բաբախել, երբ մտածեց, որ նավը կարող է փոթորկի ենթարկված լինի: Գիշերվա անքնությունից նյարդերը հոգնել էին: Նա պատրաստ էր լաց լինել ինչպես երեխա, այնքան սիրտը լցվել էր:

Հորիզոնի վրա մշուշի մեջ նկարվեց հազիվ նշմարելի մի կիսակամար: Դա շոգենավի նավթային ծուխն էր, որ ծխնելույզից դուրս գալով, կազմում էր կիսաշրջան և հետո տարածվում ծովի մակերևույթի վրա: Կես ժամ ևս, և Սմբատը պիտի գտնվեր սիրո և սառնության միջև: Նա անհանգիստ անցուդարձ էր անում, աշխատելով խույս տալ ծանոթներից: Նրան թվում էր, որ բոլորն իրենց մտքում ծաղրում են կամ ցավակցում:

Վերջապես շոգենավը երևաց ծովի ալեկոծվող մակերևույթի վրա: Լսվեց շոգեշվիկի հեռավոր թույլ ձայնը, որ խեղդվում էր ալիքների մռնչյունի մեջ: Ծովային բանվորներն սկսեցին շտապով բաց անել կայարանի սյուներին փաթաթված հաստ պարանները, պատրաստվելով ընդունել մոտեցող նավին: Քամին ալիքները մղում էր և ուժգին զարկում նավի երկաթե կողերին, դանդաղեցնելով նրա ընթացքը: Տախտակամածի վրա երևացին մի խումբ ճանապարհորդներ: Սմբատն աչքերը հառել էր խմբի վրա և աշխատում էր որոշել նրանց, որոնց սպասում էր: Նավի սուր դունչը, հսկայական թրի պես ճեղքում էր ջուրը, կռվելով կուտակվող ալիքների դեմ: Սպիտակ շիթերը կատաղի ուժով բարձրանում էին վեր, մինչև տախտակածամը և նորից անզոր հետ թափվում:

Սմբատը նշմարեց մի երիտասարդ տղամարդ, որ բռնած էր երկու գրեթե հասակակից մանուկների ձեռներից: Նա ճանաչեց իր զավակներին և նրանց քեռուն: Մի սպիտակ թաշկինակ ծածանվեց օդի մեջ` մանկական գլուխներից վեր: Սմբատը գդակը բարձրացրեց:

Հազիվ նավաստիները սանդուղքն ամրացրին նավի կողին, Սմբատն ամենից առաջ բարձրացավ նավը: Գրկեց զավակներին: Մեկը յոթ, մյուսն ութ տարեկան էր: Դրանք հարավային և հյուսիսային տիպերի գեղեցիկ խառնուրդ էին: Նրանց մազերը պարզ-կինամոնագույն էին, աչքերը նախշուն, ունքերը սև, դեմքերի գույնը սպիտակ: Ցրտից նրանց առողջ երեսները կարմրել էին: Սմբատը համբուրում էր մերթ մեկին, մերթ մյուսին:

Կշտացա՞ք, — գոչեց երեխաների քեռին, — այժմ եկեք մենք համբուրվենք:

Եվ իր գիրկը լայն բանալով ձմեռային չինելի տակից, գրկեց և համբուրեց, մի քայլ հեռու կանգնած էր երեխաների մայրը: Դա մի ոչ բարձրահասակ կին էր, շիկահեր, կապույտ աչքերով, մի քիչ ցցված այտերով և փոքրիկ քթով: Տարիքն արդեն իրենց կնիքը բավական որոշ դրոշմել էին նրա բերանի անկյուններում և աչքերի տակ: Ծովային ցրտից ու հողմից կարմրած թշերը ներդաշնակում էին սպիտակ խոշոր ատամներին: Այնինչ, Սմբատի համար նա վաղուց էր կորցրել իր հրապույրն իբրև կին, մնալով` միայն մայր զավակների:

Ամուսինները բավականացան միմյանց ձեռ տալով:

Տանջվեցինք ճանապարհին, — եղավ կնոջ առաջին խոսքը:

Փոթորի՞կ էր:

Սաստիկ, — պատասխանեց կնոջ եղբայրը, — քիչ էր մնում նավն ընկղմվեր, և ի՞նչ անպիտան նավ է:

Ալեքսեյ Իվանովիչ Վինոգրադովըայսպես էր երիտասարդի անունըոչինչ արտաքին նմանություն չուներ քրոջ հետ: Սևահեր էր, գեր, դեմքի ավելի ուղիղ գծերով, խոշոր կինամոնագույն աչքերով, որոնք ստեպ-ստեպ ճպճպում էին պենսնեի տակից: Ձայնը, խոսելու եղանակը և բոլոր ձևերն արտահայտում էին խորին ինքնահաճություն: Մինչդեռ քրոջ դեմքի վրա կարդացվում էր ինչ-որ դառն դժկամություն կյանքից:

Դուք մենա՞կ եք եկել մեզ դիմավորելու, — հարցրեց տիկինը:

Մենակ, — պատասխանեց Սմբատը, միշտ նայելով երեխաներին:

Տիկնոջ դեմքով սահեց արհամարհական ժպիտ:

Երևի ձերոնք արժանի չեն համարել... — արտասանեց նա, ուղղելով ուսերին գցած մուշտակը:

Սմբատը լուռ բռնեց երեխաների ձեռներից, ցած բերեց կայարան:

Իսկ մեր իրե՞րը, իրե՞րը, — անհանգիստ հարցրեց տիկնոջ եղբայրը:

Սմբատը պատվիրեց շոգենավի գործակատարին կարգադրություն անել իրերի մասին:

Այնտեղ ես ցիլինդր ունիմ, զգույշ ուղարկեցեք, որ չջարդվի, — պատվիրեց իր կողմից տիկնոջ եղբայրը:

Կառք նստելիս նա հարցրեց.

Երևի ձեր սեփական կառքն է, չէ՞:

Ո՛չ, վարձովի է:

Եղբայրը նայեց քրոջ երեսին: Պարզ էր, որ նա մտքում ասում էր, «դու չէի՞ր ասում, թե շատ հարուստ է»:

Այրի Ոսկեհատն իսկույն առաջ դուրս չեկավ: Իսկ երբ երևաց հյուրասենյակում, Սմբատը նրա աչքերի մեջ նկատեց արտասուքի թարմ հետքեր: Այրին գրկեց որդու զավակներին, սեղմեց կրծքին: Բայց զգալի էր, որ այդ գրկումը բռնազբոսիկ է: Հարսին նա միայն ձեռ տվեց, առանց մի բառ ասելու: Կրկին նայելով թոռներին, գրավվեց նրանց գեղեցիկ աչքերով, նորից գրկեց և սեղմեց կրծքին, այս անգամ արդեն ոչ բռնազբոսիկ:

Հոգնած են, գիշերը չեն քնել, — ասաց հարսը:

Եվ կամացուկ ազատեց երեխաներին այրիի գրկից: Սմբատը նայեց մոր երեսին և զգաց, որ նա չափազանց վիրավորվեց:

Այդ վայրկյանից դրվեց հարս ու սկեսուրի ապագա հարաբերությունների հիմքը: Նրանք ատեցին միմյանց, հենց առաջին հայացքից:

XIV

Երբեք Պետրոս Ղուլամյանը չէր մտածել, թե այն, ինչ որ ինքն է անում, կարող է անել և՛ իր կինը: Նա այն համոզմունքի էր, թե Անոը բնավ չի հանդգնիլ մարդուն վրեժխնդիր լինել իր պատվի գնով: Սիրուհիներ պահելը, մտածում էր նա, մեր ժամանակում նոր բան չի փող ունեցողի համար: Կանայք այս պատճառով իրենց ամուսինների օրն այլևս չեն սևացնում: Եթե աշխարհ չտեսած արհեստավորները երբեմն դավաճանում են իրենց կանանց, ո՞ւր մնաց մի վաճառական, որ տարենը երկու անգամ Մոսկվա է գնում և աչքով տեսնում, ինչպես են ապրում լուսավորված մարդիկ:

Բայց Անուշի երկարատև սառնությունը մի օր, վերջապես, կասկած ձգեց նրա սիրտը: Այդ կինը, չնայելով, որ ամիսներով Պետրոսի քաղցր խոսքին չի արժանանում, վերջին ժամանակ, կարծես կյանքից գոհ է ավելի, քան երբևէ: Զուգվում է, զարդարվում, հետևում արտաքինին այնպես, որպես երբեք չի հետևել և... երիտասարդանում: Օ՜օ, ինչ հիմարն է Պետրոսը, ինչո՞ւ մինչև այժմ ուշ չի դարձրել այս հանգամանքի վրա: Կասկածը քանի գնում նրա մեջ զորանում էր: Իսկ այն գիշեր, երբ Անուշն այնպես խիստ հրեց նրան իրենից և փախավ մյուս սենյակ, այլևս զգաց պահանջ իր դրությունն ստուգելու: Մի օր սովորական ժամանակից վաղ տուն եկավ: Ալիմյանը ևես ժամ առաջ էր միայն հրաժեշտ տվել: Պետրոսը չվհատվեց, չար կասկածն ասում էր, թե անպատճառ մի բան կա:

Այն օրը նա երկրորդ անգամն էր փորձում ժամանակից վաղ տուն գալ: Անսպասելի դեպքը նրա համար պարզեց ամեն ինչ: Դռների մոտ նա հանդիպեց աղախնին: Միամիտ կինը, որ խիղճն արդեն մաքուր չէր տիրոջ վերաբերմամբ, այնքան շփոթվել էր, որ չիմացավ նամակն ինչպես թաքցնի շալի տակ: Պետրոսն անփույթ ձևով ծրարն առավ նրանից, առանց երկար տատանվելու բաց արավ և կարդաց Անուշի կրքոտ տողերը, որ զուրկ էին ամեն խոհեմությունից: Կասկածը փոխվեց համոզմունքի, և խաբված այրը վազեց ներս կնոջից այնպիսի խիստ միջոցով հաշիվ պահանջելու:

Արտահայտելով սրտի առաջին թույնը կոպիտ բռունցքի միջոցով, առանձնացավ և սկսեց լրջորեն մտածել անելիքի մասին: Պարզ է, որ մի կին, ամուսնուն դավաճանելով, արդեն ինքնստինքյան որոշում էր իր դատավճիռը: Նա կամ պիստի արտաքսվի մարդու տնից կամ շանսատակ լինի: Այսպես են անում նամուս ունեցող այրերը: Պետրոսն ուրիշ ելք չգիտե և չի ուզում ճանաչել: Կան մարդիկ, իհարկե, որոնք խեղճությամբ հաշտվում էն իրենց խայտառակ դրության հետՊետրոսն այդպիսիներին միշտ արհամարհել է: Ոչ ոք իրավունք չուներ նրա պատիվն արատավորելու և ոչ նույնիսկ միլիոնների ժառանգ մի երիտասարդ: Ա՜ա, լակոտ, կարծում ես, որ հարստություն ունես, ամեն բան քեզ կներվի՞: Ով գիտե, քանի-քանի ընկերների մոտ ես պարծեցել, ով գիտե, այժմ որքան են ծաղրում Պետրոս Ղուլամյանին: Սպասի՜ր, քեզ անպատիժ թողնելը հանցանք է...

Իսկ առայժմ պետք է տանջել Անուշին, տանջել և հետո վռնդել: Միևնույն ժամանակ պետք է աշխարհին ապացուցանել, որ Անուշը դավաճանեց նրան, ապա թե ոչ, եթե կնոջը հեռացնի, հիմարները նրան կմեղադրեն, կասեն, Անուշն ինքն է փախել մարդուց:

Մի օր Պետրոսը կանչեց իր մոտ Գրիշային և կնոջ ներկայությամբ բոլորը պատմեց նրան: Տաքարյուն երիտասարդը, հարկավ, բորբոքվեց, կատաղեց փեսայի դեմ, անվանեց նրան անամոթ զրպարտող: Պետրոսը նամակը տվեց նրան կարդալու: Եվ, վերջապես, Անուշն ինքը չկարողացավ ժխտել հանցանքը եղբոր մոտ: Գրիշան երդվեց հոր գերեզմանով պատժել Միքայել Ալիմյանին, հայհոյեց քրոջը, անգամ թքեց երեսին և հեռացավ...

Ցերեկները Պետրոսը միշտ տանն էր անցկացնում: Խանութ գնում էր միայն երեկոները, մութն ընկնելիս, այն էլ դրամարկղի փողերը ստանալու համար: Կնոջից փախչում էր, վախենալով տեսնել նրան: Իսկ Անուշն ամբողջ օրը փակված էր իր սենյակում: Չգիտեր ինչ աներ, փախչել մոր մոտ չէր ուզում. ամոթը կաշկանդում էր նրան: Մի անգամ խայտառակեց ծնողներին, ընկնելով հոր գործակատարի պարանոցին: Մյուս անգամ ի՞նչպես հարվածեր խեղճ պառավ մորը: Վերջապես, կընդունի՞ արդյոք նրան իր տունը Գրիշան, եթե մայրն անգամ ընդունի...

Նա տանջվում էր և ճիգ էր անում սիրտը թեթևացնել զավակների սիրով: Խայտառակ օրից հետո անբաժան էր երեխաներից: Մի կողմից երկյուղն ամուսնուց, մյուս կողմից` ծանր հանցանքի գիտակցությունը դրդում էին նրան փնտրել անմեղ էակների հովանավորությունը: Ապականված հողին ձգտում էր մաքրության ճառագայթների մեջ լվանալ իր կեղտը և չէր գզում, որ իր համբույրներով արատավորում է նրանց: Եթե Պետրոսը վռնդեր նրան իր տնից, տալով երեխաներին, դա խնդրի ամենաբախտավոր լուծումը կլիներ նրա համար: Բայց Անուշը համոզված էր, որ երբեք այս տեսակ մեղմ պատժի չի արժանանա: Այս էր, որ գրգռում էր վերջին ժամանակ նրա մեջ թմրած մայրական սերը: Սա էր, որ դրդում էր նրան գրկել, համբուրել զավակներին այնպեսի խանդաղանքով, որ, կարծես, ահա շուտով պիտի բաժանվի նրանցից: Եվ մանկական գլուխները թրջվում էին դառն արցունքներով, որոնք արտահայտում էին մի մեղսագործ հոգու վշտցած զղջումը:

Այժմ Անուշի համար Ալիմյանը մի չար հոգի էր: Մտավ նրա թմրած կյանքի մեջ, արագությամբ տակն ու վրա արավ ամեն ինչ և առմիշտ սպանեց նրան բարոյապես: Տեր աստված, տեր աստված, արժե՞ր մի այդպիսի մարդու համար այսքան կուրանալ և այսպես ընկնել...

Նույն միջոցներին Միքայելը բարոյապես տանջվում էր ոչ պակաս, քան իր հոմանուհին: Անուշը նրան նամակով հաղորդել էր բոլոր եղելությունը: Նույնիսկ իր ծեծվելը չէր թաքցրել: Այդ կոպիտ, գռեհիկ խանութպանը միայն մի ծեծով չի բավականանալ: Նա կպատժի կնոջը և կպատժի չարաչար: Նա կարող է անգամ սպանել նրան: Այն ժամանակ հասարակությունը վերահասու կլինի պատժի պատճառներին: Ալիմյանի անունը կանցնի բերանից բերան և, ով գիտե, գուցե և դատարանները:

Ի՞նչ է պատահել քեզ, — հարցնում էին ընկերները նրան:

Ոչինչ, — թաքցնում էր Միքայելն իր տխրության պատճառը:

Միայն Մարութխանյանին հաղորդեց իր ցավը և խնդրեց նրա խորհուրդը: Գործնական մարդը նեղն ընկավ, ի՞նչ խորհուրդ տար: Նրա կարծիքով, երիտասարդ հասակին ներելի է ամեն տեսակ սխալ կանանց վերաբերմամբ: Ժամանակն ամեն ինչ կբուժի: Ղուլամյանը կհաշտվի իր վիճակի հետ: Անուշը կմոռանա Միքայելին, իսկ Միքայելը կմոռանա նրան, ու կմոռանա: Գլխավորն այն էր որ հասարակությունը ոչինչ չիմանար:

Այդ միջոցներին Մարութխանյանը սաստիկ զբաղված էր կոնտր-կտակի խնդրով: Նա դեռ գործը չէր հանձնել դատարանին և, զարմանալի է, որ միշտ Միքայելին հորդորում էր ձանձրացնել Սմբատին, չնայելով, որ բոլորովին հույս չուներ, թե Սմբատը որևէ զիջում կանե: Միքայելը նրան վաղուց էր լիազորություն տվել վարել գործն իր ցանկացածի պես: Սակայն նա դարձյալ տատանվում էր: Պարզ էր, որ նա այժմ ուրիշ դիտավորություն ուներ:

Միքայելի մտամոլոր դրությունը նրան պատճառեց անհուն ուրախություն: Նա սկսեց այցելել աներձագին ամեն օր: Գալիս է, խոսք բաց անում Ղուլամյանների մասին, հուզում, գրգռում Միքայելին: Եվ այդ րոպեներին հանկարծ խոսքը փոխում էր, մեջ էր բերում կտակի խնդիրը: Միքայելը կրկնում էր, թե իրավունք է տալիս նրան անելու, ինչ որ կամենում է: Մարութխանյանը երբեմն հանում էր ծոցի գրպանից ինչ-որ թղթեր և ստորագրել տալիս: Միքայելը շատ անգամ ստորագրում էր առանց թղթերը կարդալու, մինչև անգամ չնայելով նրանց բովանդակության... Այդ բոլոր թղթերը, Մարութխանյանի ասելով, կարևոր էին գործի համար... Եվ Միքայելը չէր էլ հետաքրքրվում, թե ինչ թղթեր են... Նա միայն ստորագրում էր` գլուխը ձանձրույթից ազատելու համար:

Այժմ մեծ մասամբ նա տանն էր լինում: Ամոթի զգացումը թույլ չէր տալիս նրան երևալ հասարակության մեջ: Գուցե խայտառակ դեպքն արդեն հայտնի է ամենին, և բոլորը բամբասում են նրան:

Օրերն անցնում էին, և նա այլևս Անուշի մասին լուր չէր ստանում: Սկզբում վախեցավ, մի գուցե Պետրոսը կնոջ գլխին փորձանք է բերել: Բայց եթե այդպիսի բան լիներ, չէ՞ որ լուը կհասներ իրեն: Ծեծո՞ւմ է իր կնոջը Պետրոսը: Թող ծեծի. Անուշի ամուր մարմինը կարող է դիմանալ նրա բռունցքներին: Շատ հավանական է, որ Պետրոսը բամբասանքից վախենալով, արդեն կուլ է տվել վիրավորանքը և լռել: Եթե այդպես է, ուրեմն ինչ պատճառ կա վախենալու: Շատ-շատ մոխրագույն բեղիկները մի ամիս կտանջվեն և հետո կհանգստանան:

Եվ այս մտքից խրախուսված, Միքայելն սկսեց պատահածը մոռանալ: Շուտով նա անձնատուր եղավ սովորական կենցաղին, որպես անուղղելի արբեցող, որ արթնանում է թե չէ նորից սկսում է հարբել: Տարբերությունն այն էր, որ այժմ հետաքրքրվում է գործերով կամ ցույց էր տալիս, թե հետաքրքրվում է, բայց ոչ քաղաքային, այլ հանքային գործերով: Ժամանակ առ ժամանակ կառքով մենակ գնում էր հանքերը, որպես թե սաստիկ զբաղված էր նոր փորվող հորի դրությամբ:

Հարկավ, Սմբատն ուրախ էր եղբոր այս փոփոխությանը, բայց ստեպ-ստեպ հանքեր գնալը կասկածելի էր թվում նրան: Չունի՞ արդյոք այս երևույթը մի ուրիշ ավելի զորեղ շարժառիթ քան գործերով հետաքրքրվելը:

Կասկածն ավելի ամրացավ Սմբատի մեջ, երբ Միքայելը մի օր նրա մոտ գովեց Շուշանիկի արտաքինը: Ի՛նչ գեղեցիկ աչքեր, ի՛նչ սիրուն նայվածք, ի՛նչ նուրբ շրթունքներ և ճակատ:

Ես ուզում եմ նրա հետ մոտիկ ծանոթանալ, — ավելացրեց Միքայելը, — բայց ինչպես երևում է, հպարտ է:

Նա միայն համեստ է, — նկատեց Սմբատը հակիրճ և ընդհատեց խոսակցությունը:

Մի ուրիշ անգամ Միքայելն ասաց օրիորդի մասին մի քանի արյունահույզ խոսքեր: Սմբատը վրդովվեց և գոչեց հանկարծ.

Հանգիստ թո՛ղ այդ աղջկան...

Օհօ՜, աչքերդ կարմրեցին, ձայնդ դողաց, չլինի թե սիրահարված ես: Սիրելիս, քեզ չի վայելում, հասկանո՞ւմ ես, նա իմն է:

Կատակը Սմբատին թվաց զզվելի, և նա պահանջեց եղբորից, որ օրիորդի մասին խոսի հարգանքով:

Ինչ ուզում ես ասա, — նկատեց Միքայելը, — նա ինձ դուր է գալիս, համեղ դեսերտ է...

Ես քեզ խնդրում եմ հանգիստ թողնել այդ աղջկան, — կրկնեց Սմբատը հուզված, և նրա ձայնի մեջ զգացվեց ատելություն:

Խոսակցությունը տեղի ուներ կառքի մեջ, հանքերից վերադառնալու ժամանակ: Միքայելը լռեց և մինչև քաղաք հասնելը երկու եղբայր այլևս ոչ մի խոսք չասացին:

Սմբատն այժմ բնակվում էր թեև մոր ու եղբայրների հետ միևնույն տանը, բայց գրեթե բաժան: Ընդարձակ տան մեջ նրա ընտանիքին հատկացրել էին հինգ մեծ սենյակներ: Մի նեղ և երկայն անցք երկու բնակարանները բաժանում էին միմյանցից: Հարս ու սկեսուր հանդիպում էին միայն ճաշի միջոցին: Թեյ էին խմում, ընթրում, նախաճաշում առանձին: Փոխադարձ սառնությունը, որ սկսվել էր առաջին օրից, չէր մեղմանում և ոչ մի կողմից: Նույնիսկ երեխաները չէին կարողանում իբրև հաշտության օղակ ծառայել: Մայրը մեծ մասամբ նրանց պահում էր իր աչքերի առջև: Տատը թեև արդեն սիրում էր նրանց, բայց հոգու խորքում չէր հաշտվում այն մտքի հետ, թե նրանք իր հարազատ թոռներն են:

Մի անգամ Սմբատը, մտնելով մոր սենյակը, տեսավ, որ այրին լուսամատի առջև նստած լաց էր լինում: Կարծեցի թե նա դարձյալ հիշում է հանգուցյալ ամուսնուն: Սակայն այրիի դառնության պատճառն այս անգամ ա՛յլ էր: Նա ասաց, թե մի փոքր առաջ կանչում է իր մոտ թոռներին և մի րոպե անցած աղախինը գալիս է նրանց մոր կողմից և տանում:

Ամեն օր այսպես է անում կնիկդ, ամեն օր, — ավելացրեց այրին, «կնիկդ» բառն արտասանելով հեգնությամբ, — կույր չեմ, տեսնում եմ, որ չի ուզում, երեխաներդ ինձ սիրեն:

Սմբատն անցավ կնոջ սենյակը: Այնտեղ Անտոնինա Իվանովնան աչքունքը թթվեցրած նամակ էր գրում ընկերուհիներից մեկին:

Ո՞ւր են Վասյան և Ալյոշան, — հարցրեց Սմբատը:

Իրենց սենյակում:

Ուղարկեցե՛ք մորս մոտ:

Հենց հիմա նրա մոտ էին:

Թողե՛ք էլի գնան, խաղան:

Դասեր են պատրաստում, դեռ չեմ պարապել նրանց հետ...

Անտոնինա Իվանովնա՛, — արտասանեց Սմբատը մի քիչ ձայնը բարձրացնելով, — այդպես մի՞ վարվեք մորս հետ:

Անտոնինա Իվանովնան գրիչը դրեց և աչքերը հառեց ամուսնու երեսին:

Այդպես մի՛ վարվեք, — կրկնեց Սմբատը, — դուք կարող եք նրան չսիրել և նա ձեզ, բայց երեխաների զգացմունքները բռնաբարելու իրավունք չունեք:

Ես նրանց զգացումները չեմ բռնաբարում:

Դուք նրանց մեջ զարգացնում եք ատելության դեպի իմ մայրը: Ես այդ վաղուց եմ նկատել:

Սխալվում եք. ես միայն չեմ ուզում, որ նրանք ուրիշների ազդեցության ենթարկվեն:

Այդ ի՞նչ ասել է:

Այն, որ տան մեջ կրթություն ասած բառը բացակայում է:

Մի՞թե, — գոչեց Սմբատը հեգնությամբ:

Այո: Նայեցեք ձեր փոքր եղբորը: Արշակին... ես չեմ ուզում, որ իմ երեխաներն էլ նրա պես կրթվեն:

Ես չեմ պաշտպանիլ իմ եղբոր կրթությունը, բայց իմ մայրը չի կարող վատ ազդեցություն ունենալ մեր երեխաների վրա:

Ով գիտե...

Անտոնինա Իվանովնա, իմ մայրը, ճշմարիտ է, տգետ կին է, բայց բարի է, պարկեշտ, առաքինի և խելոք... Նա ձեր սկեսուրն է, և դուք պարտավոր եք նրան հարգել...

Այո, պարտավոր եմ նրան հարգել: Իսկ նա.... նա պարտավոր է ինձ ատել, արհամարհել... այնպես չէ՞...

Նա նահապետական կին է:

Դա նահապետականություն չի, այլ բնածին ատելություն: Բայց շատ բնական, շատ հասկանալի... Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման... Նա ինձ ատում է, ես չեմ կարող նրան սիրել և հարգել...

Նա հենց ձեռքի տակ դրած նամակի մեջ գրեթե նույնն էր արտահայտում: Հայտնում էր բարեկամուհուն բացարձակ, թե սաստիկ զղջում է Կովկաս գալու համար: Ոչ մի բան նոր շրջանում չի համապատասխանում նրա հայացքներին: Հարստությունը նրան չի շլացնում և չի կարող շլացնել: Երբ ամուսինների մեջ համերաշխությունը չքացել էոսկին անզոր է նրանց բախտավորեցնելու համար: Նա չի սիրում Ալիմովին և չի սիրվում նրանից: Նա միայն կատարում է իր պարտքը երեխաների վերաբերմամբ: Կմնա Կովկասում միառժամանակ, մինչև որ կհաջողի որևէ պայման կապել մարդու հետ:

Սմբատը ոչինչ չասաց այլևս, լուռ անցավ իր սենյակը:

Այդ գիշեր նա անցկացրեց անքուն գրեթե մինչև լույս: Սիրել զավակներին, չսիրել նրանց մորըահա այն սոսկալի դիլեմաս, որ տանջում էր հոգին տարիների ընթացքում: Ծառի բնից բաժանված, ամուր գրկել էր նորածիլ ճյուղերը, տատանվում էր օդի մեջ անհեն, չէր ուզում ճյուղերը բնից պոկեր բայց չէր էլ կարողանում բաժանվել նրանցից:

Ինչո՞ւ սիրեց այդ կնոջը: Ինչո՞ւ չհասկացավ, որ մարդկային կյանքում ահագին դեր են խաղում ծնունդը, շրջանը, ավանդություններն ու սովորությունները: Նրա հոր ոտները դեռ կրում էին ասիական քոշերի հետքերը, իսկ ինքը ճգնում էր մի քանի դար նրան առաջեր միայն մի սերունդ առաջելու փոխարեն: Էվոլյուսիոն ո՞ր օրենքով արդյոք: Կրթությունը տարբեր շրջանների անհատների մեջ ստեղծում է մի տեսակ հավասարությունհամաձայն էր նա: Բայց չէ՞ որ նույն կրթությունն անզոր է դարերով կազմակերպված ազգային կամ տեղական հատկանիշների հակադրությունը ջնջել, ինչպես անկարող է սևահերին շիկահեր դարձնել և ընդհակառակը...

Նա զգում էր, որ այսուհետև փոխադարձ սառնությունը պիտի փոխվի փոխադարձ ատելության: Կյանքն ընդհանրապես և ամուսնական կյանքը մասնավորապես համարում էր մանրությունների մի հյուսվածք: Անձնական դժբախտ փաստերով փորձել էր, որ ամենաչնչին բաներից առաջանում է ամենախոշոր տհաճություն: Ահա դրամայի հիմքը: Եթե իր և կնոջ մեջ պատահում էին հակադիր ցանկությունների, հակադիր ձգտումների, հակադիր ճաշակների ընդհարումներ, դժվար չէր երևակայել, թե որպիսի ընդհարումներ պիտի տեղի ունենան իր կնոջ և իր մոր մեջ: Պատկերացնում էր երկու հակառակ տարրերմեկը դրական, մյուսը բացասական և երևակայում իրեն մեջտեղ: Գուշակում էր, որ այն բոլորը, ինչ որ անելու է մայրը, արժանանալու է կնոջ ծաղրին ու արհամարհանքին, նույնիսկ այն, որ մի նահապետական կին դեռ լավ չի սովորել պատառաքաղ գործածելը: Եվ ընդհակառակը, այն բոլորը, ինչ որ անելու է կինը, հանդիպելու է մոր ատելությանը:

Եվ ահա ընդամենը երկու շաբաթ է նրանք միասին են, արդեն փոխադարձ ատելությունն արտահայտվում է:

XV

Հանքերը տեղափոխվելուց հետո, Զարգարյանների նյութական պայմանները թեթևացել էին: Ընտանիքը գոհ էր իր վիճակից, և բոլորը զգում էին, երախտագիտություն դեպի Սմբատ Ալիմյանը: Միայն անդամալույծը շարունակ բողոքում էր, թե չորս կողմից փչում է նավթի հոտ և փչացնում նրա ախորժակը, թե գիշերներ հանգիստ չի կարողանում քնել շոգու աղմուկից և այլն և այլն:

Գոհ էր անչափ նաև Շուշանիկը, բայց բոլորովին տարբեր պատճառներով: Նրա պայծառ աչքերի մեջ երևում էր անսովոր թախիծ, սակայն ոչ բոլորովին այն թախիծը, որ աղքատ կյանքի դառնությունն էր արտահայտում: Նրա սիրուն դեմքի վրա խաղում էր այն խորհրդավոր ստվերը, որ ցոլանում է նորահաս կնոջ հոգու երազները: Ա՜խ, կյանքի ծանր պայմանները թույլ չեն տվել այդ երազներին ժամանակին զարթնելու: Եվ դիտող աչքն այդ ստվերը կնշմարեր մանավանդ այն ժամանակ, երբ օրիորդը սովորական ժամերին, կանգնած պատշգամբի ծայրում, նայում էր հեռու ու հեռու, դեպի երկնի անվերջ հորիզոնը... փույթ չէ, որ այդ պահին նրա սիրտը լցվում էր անհուն դառնությամբ, երևակայությունը նրան տանում էր դեպի մի տխուր, անհուսալի ապագա, նա զգում էր, որ այժմ և միայն այժմ է սկսել ապրել իբրև բանական էակ:

Մի անգամ նա հորեղբորը խնդրեց, որ թույլ տա իրեն դրա սենյակում նրա պաշտոնը կատարելու: Ամբողջ օրը Դավիթը հանքից հանք պտտելով հազիվ կարողանում էր հաշիվներով զբաղվել: Առաջարկությանն արավ հոր ներկայությամբ: Անդամալույծի աչքերը պլշեցին: Նայեց աղջկան ոտից մինչև գլուխ զայրացած և հայհոյեց. ի՞նչ, որ նախկին երկրորդ կարգի վաճառական Սարգիս Զարգարյանի աղջիկը գնա ծառայի՞: Այդ անկարելի է, հապա ո՞ւր է նրա հորեղբոր նամուսը:

Հաջորդ էջ