Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Պապաշան ժպտում էր. հաճելի էր նրա սրտին երիտասարդ ընկերների անուշ կատակը:

Պարոններ, — գոչեց Գրիշան, որի դեմքն այդ պահին միանգամայն փոխվել էր, — այստեղ մի անպիտան մարդ կա, որին պիտի դուրս գցել մեր միջից:

Նա մոտեցավ Միքայելին և, փորը դուրս ցցելով, կանգնեց նրա դեմ և բարձր ձայնով գոչեց.

Անազնիվ, գող, ավազակ, ստոր, խաբեբա:

Եվ թույլ չտալով հակառակորդին սթափվելու, բոլոր ուժով ապտակեց նրան:

Տիրեց ընդհանուր ապշություն: Մի քանիսը բռնեցին Գրիշայի թևերը: Հարված կրողն ապտակի թափից պտույտ եկավ, թեքվեց մինչև հատակ, հազիվ կարողանալով ոտքի վրա մնալ: Հարվածն այնքան զորեղ էր, որ երբ Միքայելն ուշքի եկավ, արդեն իրեն տեսավ շրջապատողների գրկում ամուր սեղմված: Սեղանատանը գտնվող բոլոր սպասավորները և կողմնակի անձինք ապտակի հնչյունին երես դարձրին, մոտեցան խմբին:

Գրիշան սառն էր և արհամարհանքով նայում էր հակառակորդին, ձեռքերը վարտիքի գրպանները դրած: Միքայելը գոռում էր, ուժ անելով ազատվել բռնողների ձեռքերից: Նրա երեսը կապտել էր, ականջների բլթակները դեղնել էին դեղին կեռասի պես, բերանը փրփուր էր կոխել: Նրա կուրծքը դուրս էր ցցվել, կոկորդի երակներն ուռել էին ու կապտել: Նա ոտները ուժգին զարկում էր հատակին, աղաղակելով.

Թողե՛ք, անաստվածներ, թողե՛ք, թե չէ կտրաքեմ...

Ձայնը խեղդվում էր կոկորդում: Ապտակն այրում էր երեսը, որպես շիկացած երկաթե հպումը: Ի՜նչ ամոթ, ի՜նչ խայտառակություն և որտեղ: Միայն Գրիշան կարող էր վիրավորանքն այդպիսի էֆեկտով հասցնել: Ա՜ա, բոլորը ծաղրում են Միքայելին, բոլորը դեմքերն արտահայտում են ցավակցություն: Նա, Միքայել Ալիմյանը, այսպես անպատի՞վ լինի, այսքան բազմության մե՞ջ, բարեկամների ու թշնամիների մո՞տ: Անաստվածնե՛ր, թողեք գոնե մի անգամ ատրճանակն արձակի:

Գրիշային հեռացրին:

Մի կերպ հեռացրին և՛ Միքայելին:

Սեղանատունն ավելի ու ավելի էր լցվում հանդիսականներով: Սկսվեց թեր ու դեմ խոսակցություն: Ոմանք անցան Գրիշայի կողմը, արժեր այդ Ալիմյանին մի անգամ խայտառակել, շատ էր փքվել: Մեծամասնությունը Միքայելին էր պաշտպանում: Շատերը պախարակում էին երկուսին էլ հավասար: Գիմնազիոնի մի քանի ուսուցիչներ և դատարանի անդամները պահանջեցին իսկույն արձանագրություն կազմել և վաղն ևեթ երկուսին էլ վռնդել կլուբից:

Միքայելին ուժով կառք նստեցրին, սլացրին տուն:

Սմբատը գունատվեց, լսելով եղբոր անպատվությունը:

Այրի Ոսկեհատը մի սուր ճիչ արձակեց:

Անտոնինա Իվանովնան արհամարհական հայացք ձգեց հասարակական ապտակ ուտողի վրա:

Ալեքսեյ Իվինովիչը արտասանեց.

Վայրենի Ասիա:

Արշակը գոռաց.

Ես այդ Հաբեթյանին կսպանեմ: Ես կպաշտպանեմ Ալիմյանների պատիվը:

Քյազիմ-բեգը, թևից բռնելով, չթողեց նրան դուրս վազելու:

Միքայելը պահանջում էր, որ ընկերները գնան և հենց այս րոպեին Գրիշային մենամարտության կանչեն:

Դու երբեք չես մենամարտիլ, — ասաց Սմբատը դրական եղանակով և, դառնալով հյուրերին խնդրեց հանգիստ թողնել Միքայելին:

Ամբողջ երեկոն Ալիմյան ընտանիքն անցկացրեց հուզված և գրգռված: Այրին անընդհատ լալիս էր:

XVII

Առավոտը կանուխ Սմբատը մտավ եղբոր սենյակը: Հակառակ սովորականին, Միքայելն արդեն զարթնել էր: Գիշերն անց էր կացրել գրեթե անքուն:

Ի՞նչ ես ուզում ինձանից, — գոչեց նա, եղբորը տեսնելով:

Սմբատը նայեց նրա բորբոքված աչքերին և հանդարտ նստեց աթոռի վրա:

Ես եկել եմ մոտդ ոչ իբրև եղբայր, այլ իբրև ընկեր, բարեկամ, — ասաց նա, — աղաչում եմ, ասա, ի՛նչ է պատահել քո և Գրիգոր Հաբեթյանի մեջ: Անկարելի է, որ պատճառը չնչին լինի...

Դու ինձ օգնել չես կարող, ինչո՞ւ պատմեմ:

Ուրեմն գործն այդքան բա՞րդ է:

Թո՜ղ ինձ հանգիստ, աստված սիրես:

Սմբատը մի ծխախոտ վառեց և սկսեց ծխել, ինչ-որ խորհելով:

Միքայելն անց ու դարձ էր անում, ձեռները վարտիքի գրպանները դրած:

Գիտե՞ս ինչ, Միքայել, դու կարող ես ինձանից գաղտնիքներ ունենալ, այդ շատ բնական է: Բայց խնայիր մորդ: Դու լռում ես, այդ խեղճ կինը կարծում է, թե դժբախտությունը շատ մեծ է: Նա հազար ու մի ենթադրություններ է անում:

Արդեն լռությունը նույնիսկ Միքայելի համար անտանելի էր: Նա ինքը զգում էր պահանջ գաղտնիքը մեկին հաղորդելու Սմբատի առնական ձայնը և բարեհամբույր դեմքը նրան խրախուսեցին և ակամա տրամադրեցին անկեղծ լինել:

Նա սկսեց ակնարկներով, մութ խոսքերով, սկսեց տատանվելով և շփոթվելով: Բայց այս երկար չտևեց: Երբ տեսավ, որ Սմբատն այնքան էլ չզայրացավ, որ նա սիրահարվել է ամուսնացած կնոջ վրա և ավելի պարզախոս դարձավ: Սակայն դեռ թաքցնում էր իր կրքերի զոհ կնոջ անունը: Աշխատում էր իրեն ներկայացնել մի տեսակ ռոմանտիկական ասպետ, կիրքը պատկերացնում էր իբրև իդեալական սեր, հանցավոր կապին տալիս էր ինչ-որ երկնային խորհրդավորություն:

Սմբատը լուռ լսում էր: Պատմողի փքուն խոսքերի և ոսկեզօծ նկարագրությունների մեջ որոնում էր էականը, կա՞ արդյոք, իսկական սեր: Եվ, հակառակ նույնիսկ իր ջերմ փափագին, չէր գտնում: Որքան ևս Միքայելն աշխատեր իրականը քողարկել, երբեմն շեղվում էր և ասպարեզ հանում անասնական կրքերի գլխավոր գերը երևակայական սիրո մեջ:

Բայց ո՞վ է այդ կինը, որ այդքան հրապուրել է քեզ, երևի, մի հազվագյուտ էակ է...

Հարցը շփոթեցրեց Միքայելին միայն այն պատճառով, որ նա զգաց, թե չափազանց բարձրացնելով իր սերը, ակամա բարձրացրեց մինչև երկինք և սիրո առարկային:

Հայ կին է, բավական հայտնի, — կարողացավ նա միայն պատասխանել:

Եվ ի՞նչ կապ ունե Հաբեթյանի հետ քո սերը...

Այդ կինը Գրիշայի քույրն է:

Տիկին Ղուլամյա՜նը, — գոչեց Սմբատը, ցնցվելով:

Միքայելը քանի գնում ոգևորվում էր: Սուտ էր ասում, բայց այնքան հափշտակված, որ ինքն էլ չէր զգում սուտը: Իրականը թաքցնելով` նկարագրում էր վեպերի մեջ կարդացածը համանման դեպքերի մասին: Եղբոր լռությունը համարում էր հավանության նշան: Ահա ինչու ապշեց, երբ լսեց.

Միխա՛կ, քո արածն անբարոյականություն է:

Եվ Սմբատի ձայնի մեջ զգացվեց սրտի խորին հուզումը:

Միքայելը, ա՛յն Միքայելը, որի կամակոր հոգին չէր հանդուրժում ոչ միայն հանդիմանության, այլև սոսկ հակաճառության, շրթունքները զայրույթից կրծոտեց, բայց լռեց: Հրապարակական անպատվությունը բավական խեղճացրել էր նրան:

Սիրո անունով, — շարունակեց Սմբատը, — ես արդարացնում եմ ամեն դրություն: Կարելի է սիրել ամուսնացած կնոջ, բայց քո պատմածի մեջ ես սեր չեմ տեսնում: Երկուսդ էլ միմյանց խաբել եք և գողացել ուրիշների պատիվը, ահա ինչու արաձդ անբարոյական է...

Միքայելը ձեռով խորին դժկամության նշան արավ և մոտեցավ լուսամուտին: Եղբոր խոսքերը նրան թվացին ծանր և դառն, որովհետև զգաց նրանց արդարացիությունը:

Կես մամ առաջ Սմբատը նրան համարում էր մարդկային կոպտության մի զոհ: Այժմ նրա առջև կանգնած էր արդար զայրույթի մի արժանի պատժյալ: Ո՛չ, դա արդեն անբարոյականություն չէ, այլ ուրիշ, ավելի վատ բանդա հիվանդություն է, ախտ, կեղտոտ շրջանի մի վիժմունք: Խաբել մտերիմ ընկերոջ և նրա պատվի գնով հաճո՞ւյք վայելելահա ինչումն էր բուն ախտը Սմբատի հայացքներով:

Նա վեր կացավ և հանդարտ քայլերով դուրս գնաց: Զգում էր, որ եղբայրական սերն իր սրտում տեղ է տալիս զզվանքի զգացման: Եվ դեռ Միքայելի պես մի մարդու խորհուրդ, է տալիս ամուսնանալ: Ով ո՞վ պիտի դառնար նրա զոհը:

Տասը ժամից սկսած Միքայելի ընկերները միմյանց հետևից եկան իրենց ցավակցությունը հայտնեն և իմանան ինչ է մտադիր անելու: Ադիլբեկովն ու Նիասամիձեն տեսնվել էին Գրիշայի հետ և բացատրություն պահանջել: Վիրավորողը չէր հայտնել իր ապտակի շարժառիթը և միայն բարկացած ասել էր. «ինքը գիտե` ինչու համար խփեցի»:

Միքայելը նույնպես հրաժարվում էր բացատրություն տալուց և այսպիսով կրկնապատկում ընկերների հետաքրքրությունը: Գլուխները շարժելով, տարակուսաբար նայեցին միմյանց երեսին: Արդեն, երևի, պատճառը շատ մեծ է և խորհրդավոր, որ ոչ մի կողմը չի ուզում հայտնել:

Իշխան Նիասամիձեն ակնարկեց մենամարտության մասին, ձեռը խրոխտաբար դնելով դաշույնի դաստապանի վրա: Միքայելն ասաց, թե իր ասածից հետ չի կանգնում և կրկին անգամ խնդրեց իր ընկերներին գնալ և իսկույն Գրիշայի հետ մենամարտության ժամանակը որոշել:

Ադիլբեկովը քայլերն ուղղեց դեպի դռները: Նա հույս ուներ վկա լինելու մի ասպետական տեսարանի, որի մասին գաղափար ուներ միայն վեպերից ու բեմական ներկայացումներից:

Սպասի՛ր, — ասաց սպան, հետ կանչելով տաքարյուն թուրքին, — գործը պետք է վարել արվեստաբար:

Նա բարկացած էր Գրիշայի դեմ, ինչո՞ւ հենց նրա երեկույթի երեկոն ընտրեց ապտակի համար և զրկեց նրան հարուստ «պարտնյորներից»: Նա մի փոքրիկ դասախոսություն արավ մենամարտության մասին և իրեն էլ առաջարկեց Միքայելի կողմից սեկունդանտ:

Մելքոնն ու Մովսեսն այն կարծիքին էին, թե Գրիշան կարող է Միքայելից ներում խնդրել ընկերների մոտ, և խնդիրն այսպիսով կլուծվի: Ի՞նչ կարիք կա գործը բարդացնելու:

Իրավաբան Փեյքարյանը պնդում էր, թե մենամարտությունը մի քիչ հնացած սովորույթ է: Դատարան կա, օրենքներ կան, ergo Հաբեթյանի վարմունքը կարելի է պատժել:

Պապաշան կրկնում էր. «ըըը դատարկ բան է»: Նրա կարծիքով չարժեր մի ապտակի համար աշխարհ դղրդացնել:

Ջահիլ էր, տաքացավ, ըըը, ձեռ բարձրացրեց: Ի՞նչ բան է մի սիլլան: Քո յաշին ես ըըը այնքան ըըը սիլլա եմ կերել, վըեր երեսիս կաշին լա տվարի կաշի ա ըըը կտրալ...

Ներկա էր և Ալեքսեյ Իվանովիչը: Նա վրդովված էր «կոպիտ ասիականության» դեմ: Պետք է խնդրել նահանգապետին, որ Հաբեթյանին ադմինիստրատիվ կերպով աքսորի Արխանգելյան նահանգ կամ ավելի հեռու տեղ: Օրինավոր հասարակություններն այդ տեսակ վայրենիներին չեն պահում իրենց մեջ:

Բայց Նիասամիձեն, Ադիլբեկովը և սպան կրկնում էին.

Մենամարտությունը վրիժառության միակ ազնիվ միջոցն է:

Ո՛չ, — լսվեց հանկարծ դռների կողմից, — մենամարտությունն ազնիվ միջոց չէ:

Սմբատն էր, որ մի դառն հեգնական ժպիտ դեմքին, մոտեցավ, թեթևակի գլուխ խոնարհեց և նստեց եղբոր սենյակի մի անկյունում:

Սպան բացատրություն պահանջեց. Սմբատը բացատրեց.

Պարոննե՛ր, մի մոլորեցրեք իմ եղբորը: Մենամարտություն ասված բանը, արդարև, մի ժամանակ ունեցել է իր իմաստը, այժմ իմաստը ոչնչացել է, մնացել է միայն ձևը: Դիմակահանդեսներն էլ են ունեցել իմաստ և խոր իմաստ, այժմ նրանք ի՞նչ են. անբարոյականության հանդեսներ: Ունենալ ճարպիկ ու հմուտ ձեռ, չի նշանակում ավելի խորը զգալ պատիվ ասված բանը: Մարդկային պատիվը սրի ծայրում չի գտնվում, այլ հոգու խորքում:

Ես ձեզ անպատվել եմ, — գոչեց նա, ընդհատելով սպայի խոսքը, որ ուզում էր հակառակել, — դուք ինձ մենամարտության եք կանչում: Ես ձեզանից ավելի ճարպիկ եմ: Դուք սպանվում եք: Ո՞ւր մնաց լոգիկան ու արդարությունը, ինչո՞վ մաքրվեց ձեր պատիվը: Ո՛չ, պարոններ, մարդուն չի վայելում աքաղաղներից օրինակ վերցնել:

Ergo, դատարան, ուրիշ ոչինչ, — մեջ մտավ իրավաբանը:

Ո՛չ, — դարձավ նրան Սմբատը, — դատարանը հիմնված է այն մարդկանց համար, որոնք դատելու ընդունակություն չունեն:

Իսկ ի՞նչ կասեք ընկերական դատի մասին, — խոսեց Մելքոնը, — իմ կարծիքով, Գիշային մենք, ընկերներս միայն կարող ենք արժանի պատիժ տալ:

Խորին հեգնության մի ժպիտ անցավ Սմբատի դեմքով: Ընկերական դատ: Օ՜օ, նա շատ է տեսել այդպիսի դատեր և այժմ չի կարող ընկերական դատավորների կոմիկական լրջությանն առանց ծիծաղի հիշել: Նրանք միշտ հիշեցրել են նրան օպերետային նոտարներին և դատավորներին: Ո՛չ, այդ հաստատությունը լուրջ մարդկանց համար չի մտածված: Ընկերական դատին դիմում են թուլամիտները, այո՛, թուլամիտները, ուրիշների կարծիքի ստրուկները: Նրանք, որոնք չգիտեն իրենց արածը գնահատել: Ինքնասեր և առողջամիտ մարդը երբեք չի հարցնիլ ընկերոջը. «ի՞նչ կասես, բարեկամ, ես խելո՞ք եմ, թե հիմար, բարոյակա՞ն, թե անբարոյական»: Նա ինքը գիտե իր գինը:

Մենք միմյանց հետ կռվում ենք և վեց տարեկան երեխաների պես, վազում ուրիշների գլխին. «ի սեր աստծո, ասացեք, մենք ինչո՞ւ կռվեցինք» կամ «ո՞րն է մեզանից խելոք»: Չեմ կարծում, որ ավելի ծիծաղելի դրություն լինի:

Դրուստ է ասում, աֆերիմ, ըըը, շատ դրուստ է ասում, — հավանեց Պապաշան, — ընկերական դատս ո՞րն է, մոռացի՛ր ըըը, Մեխա՛կ ջան, մոռացի՛ր...

Դուք բոլորը հերքեցիք, — ասաց իրավաբանը, — բայց դատն ինչպե՞Ս պարզել: Ո՞ւմ դիմել:

Ո՞ւմ դիմել: -Մեր ներքին դատավորին: Ինչպե՞ս պարզել դատը: Ինքնաքննությամբ:

Բոլորը նայեցին միմյանց երեսին, չհասկանալով Սմբատի միտքը:

Այո՛, — շարունակեց Սմբատը, — այս է մեր դատարանը, նաև մեր պատժարանը: Պարոննե՛ր, յուրաքանչյուր մարդ բաղկացած է երկու տարրերից: Մեկը գործողն է, մյուսը` քննողը: Գործողն իր վարմունքների մեջ շատ հազիվ է ղեկավարվում քննողի թելադրությամբահա մեր սխալների աղբյուրը: Մեր արածների ինը տասներորդականը բնազդման ծնունդ են: Եվ, դժբախտաբար, շատ անգամ կյանքի նույնիսկ ամենաբարդ խնդիրները բնազդումով ենք վճռում և հետո... հետո դառն զղջում:

Նա մի վայրկյան կանգ առավ, շրթունքները կրծոտեց, որ իր մեջ խեղդի ինչ-որ դառնություն:

Գործեցե՛ք, ինչ սխալ կամենում եք, հետո առանձնության ժամանակ հարցրեք ձեր ներքին դատավորին, և նա ձեզ կտա վարմունքի ամենախիստ, բայց և ամենաճիշտ քննությունը: Միայն եղեք անկեղծ ձեզ հետ: Միայն մի՛ թույլ տվեք, որ քննադատի ձայնը խլանա ձեր մեջ կողմնակի ձայներով: Իսկ այս շատ դյուրին է, երբ բնազդումը նիրհած է:

Մի քանիսը նրա միտքը չհասկացան, իսկ մյուսները պնդեցին իրենց ասածը:

Միքայելը ոչինչ չէր ասում:

Ուրեմն չե՞ք թողնում ձեր եղբորը Գրիշայի հետ մենամարտել:

Հարցրե՛ք եղբորիցս, ես միայն իմ կարծիքը հայտնեցի, — պատասխանեց Սմբատը:

Բարեկամ, — ասաց իրավաբան Փեյքարյանը, — ձեր ասածները գեղեցիկ են, բայց միայն գեղեցիկուրիշ ոչինչ: Իմ խելքս էլ նույնն է թելադրում, բայց ա՛յլ է խելքի թելադրածը, ա՛յլ է զգացմունքների պահանջը: Փիլիսոփայությամբ պատիվ վերականգնե՜լ չի կարելի:

Դրա դեմ խոսք չունիմ, իմ ասածն առողջ տրամաբանության ծնունդ է, — ասաց Սմբատը և լռեց:

Այդպես ուրեմն, ձեզ մնում է զիջանել փիլիսոփայության: Քանի որ մեր ընկերոջ զգացումները լռում են, — ասաց սպան և ոտքի կանգնեց:

Ի՞նչ կասես, — հարցրեց Ադիլբեկովը Միքայելին:

Տատանվո՞ւմ ես, — արտասանեց Նիասամիձեն կիսահեգնաբար...

Թողեք ինձ հանգիստ, հետո իմ վճիռը կհայտնեմ, — ասաց վերջապես Միքայելը:

Բոլորը դուրս գնացին դժգոհ իրենց ընկերոջ անորոշ վարմունքից:

Զգալի էր, որ Սմբատի խոսքերը Միքայելի վրա գործեցին որոշ ազդեցություն: Երբ ընկերները հեռացան, նա դարձավ եղբորը.

Բայց ինչպե՞ս մաքրեմ իմ պատիվը:

Օգտվելով տրամադրությունից, Սմբատը չթողեց, որ տպավորությունը պաղի և դարձավ ներկա դեպքին:

Նա համաձայն էր, որ Գրիշայի ապտակը ծանր վիրավորանք է, բայց ինչո՞ւ համար է Միքայելն ուզում այդ մարդուն մենամարտության կանչել կամ ուրիշ կերպ պատմել: Նրա համար, որ Գրիշան իրավունք է համարել զգալ նրա հասցրած անպատվությունը և ենթարկվել իր վայրենի ինստինկտին: Բայց եթե նա վայրենաբար է վարվել Միքայելի հետ, չէ՞ որ Միքայելը նրա վերաբերմամբ ավելի քան վայրենի է եղելանասուն: Եվ նա՞ է դեռ ուզում Հաբեթյանից հաշիվ պահանջել: Նա՞, որ առաջին վիրավորողն է եղել, այն էլ գողնովի:

Խնդրեմ, խնդրեմ, — շարունակեց Սմբատը, վրդովված, տեսնելով, որ եղբայրն ուզում է բողոքել, — առանց տաքանալու: Ժամանակ է հասկանալու, որ չի կարելի ամեն խնդիր գոռոցներով և բռունցքներով վճռել: Մի րոպե քեզ դիր Հաբեթյանի տեղը: Չէ՞ որ կմտածեիր, «ի՜նչ, իմ մտերիմ ընկերը, որին ես հավատացել եմ, այդպես ինձ անպատիվ անի և ես գոնե մի ապտա՞կ էլ չտամ նրան»: Եվ կտայիր, միայն չգիտեմ այդպիսի էֆեկտով, թե չէ: Ո՛չ, սիրելիս, պետք է լոգիկաբար վարվել և խնդիրը պարզելու փոխարեն ավելի չխճճել:

Այո՛, կուլ տալ ապտակը և հասարակական ծաղրի առարկան դառնալ, այս է քո լոգիկան, չէ՞...

Տիրեց րոպեական լռություն: Սմբատը ցնցողաբար մատներով պտտեցնում էր ժամացույցի լարիչը: Միքայելը, գլուխը կրծքին թեքած, եղունգներն անխնա կրծոտելով, անց ու դարձ էր անում: Նա դեռ գունատ էր, ինչպես աշնանային տերև, և մերթ ընդ մերթ ցնդվում էր, սարսուռ զգալով վիրավորանքը հիշելուց:

Միամիտնե՛ր, — գոչեց Սմբատը, կարծես, ինքն իր համար, — դուք ամեն մոլորություն հասարակական կարծիքի տեղ եք ընդունում: Ովքե՞ր են կազմում ձեր հասարակական կարծիքը, այդ Քյազիմնե՞րը, Մոսիկոնե՞րը, Նիասամիձենե՞րը, Մելքոննե՞րը, թե՞ Պապաշաները:

Սիրելիս այդ մարդիկ միայն մի բարոյական հաճույք ուսենդատել ուրիշներին և ծաղրել: Նրանք չպիտի լինեն քո դատավորը, ո՛չ, այլ դու ինքդ: Աշխատիր այսուհետև քեզ մաքրել, փոխի՛ր կյանքդ արմատապես, հասկանո՞ւմ ես, արմատապես, և այն ժամանակ ծաղրվելու փոխարեն ինքդ կծաղրես ուրիշներին:

Նա կանգ առավ, նայեց եղբոր երեսին, որ հետզհետե փոխվում էր, և շարունակեց ավելի զգացված:

Մեխա՛կ, նույնիսկ եղեռնագործի համար ուղղվելու ճանապարհ կա: Ուղղի՛ր ինքդ քեզ, և թող ուրիշները որքան ուզում են չարախոսեն: Այն ժամանակ դու կհասկանաս, ինչ երջանիկ զգացում է արհամարհանք ասված բանը: Լսի՛ր, Մեխա՛կ. մի՞թե քո սրտում չի մնացել մի առողջ թել, քո հոգու մեջ մի մաքուր անկյուն: Մի՞թե կյանքի մեջ չես տեսնում ավելի բարձր հաճույք քան անասնական կրքերին ծառայելը... Լսի՛ր, դու կյանքի միայն մի երեսն ես տեսել, կա և ուրիշը: Դու ընդունել ես մինչև այժմ աշխարհի քաղցր թույնը, բայց կա և դառը թույն: Քաղցրը սպանում է, դառը` մաքրում...

Նա դարձյալ կանգ առավ, շունչն ուղղելու համար: Նա ոգևորվել էր Միքայելի ուշադրությունից: Մի ժամ առաջ հյուրերի մոտ նա խոսում էր խելքի թելադրությամբ: Այժմ խոսում էին զգացումները: Թվում էր նրան, որ իր խոսքերն ազդում են եղբոր ապականված հոգու վրա և ստիպում նրան, վերջապես, բանալ աչքերը և լուրջ նայել կյանքին:

Պատմելով քո կրքերի մասին, — շարունակեց նա դառնությամբ, — դու վիրավորեցիր սիրո զգացումը: Եթե սիրեիր, խնդիրն այս կերպարանքը չէր ստանալ: Դու կզոհեիր այդ կնոջն ամեն բան, և դա կլիներ քո պատիժը: Մի նայիր ինձ զարմացած: Ես պատճառ ունեմ այսպես խոսելու: Մարդկային եսամոլությունն անսահման է և, խրատելով քեզ, ես չեմ կարողանում մոռանալ իմ ցավերը: Մեխակ, քո դրությանը չեմ նախանձում, բայց ինքս ավելի վատ դրության մեջ եմ այժմ: Ա՞յժմ, ո՛չ, ահա յոթ տարի է... Քո ապագան դեռ քո առջև է, իսկ իմը հավիտյան աղավաղվել է: Քեզ կույր կիրքն է խաբել, ինձ խաբել է պայծառ սերը: Ի՞նչ եմ ասում, սե՞ր, ո՛չ, այլ միայն սիրո պահանջը: Դու չար դևի զոհն ես, ես բարի հրեշտակի:

Նա լռեց, հառաչեց, ճակատը տրորելով: Սեփական դժբախտության զգացումը նրա մեջ խառնվել էր եղբայրական կարեկցության զգացման հետ, և նա չգիտեր` որի վրա կանգ առնի:

Հանկարծ նկատեց մի անսպասելի և անիմանալի բան: Արտասուքի քանի մի կաթիլներ, դուրս գալով Միքայելի աչքերից, գլորվեցին գունատ այտերի վրա: Ի՞նչ է նշանակում այդ, — բորբոքված պատվասիրության կայծե՞ր, բարկությո՞ւն, թե զղջում: Ինչ և լինիփչացած մի երիտասարդ արտասվում է, և այդ վատ նշան չէ: Կնշանակե դեռ կա նրա սրտում չապականված անկյուն, մի առողջ մասնիկ:

Սմբատը մոտեցավ նրան, ձեռը դրեց ուսին և հուզված ձայնով ասաց.

Մեխա՛կ, դու վատ ես սկսել, կարող ես լավ վերջացնել, իսկ ե՞ս ես գուցե ընդհակառակը...

Եվ, երեսը դարձնելով` հանդարտ քայլերով դուրս գնաց:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

I

Այրի Ոսկեհատն իրեն համարում էր աշխարհի երեսին մայրերից ամենաանբախտը: Մեծ որդին աղավաղեց իր երիտասարդ կյանքը, ամուսնանալով օտարուհու հետ: Այժմ նրա ո՛չ խորին պատկառանքը, ո՛չ անկեղծ որդիական սերը չեն կարող Ոսկեհատի սրտից չնշել արմատացած վիշտը: Թող Սմբատը, որքան ուզում է, լինի խելոք, աշխատասեր, խնայող, բարի, նրա արած սխալն արժե շատ հանցանքների իր մոր աչքում: Նա ինքը կրում է իր սխալի հետևանքները, նա տխուր է, մռայլ, ի՞նչպես կարող է բախտավոր լինել նրա մայրը:

Միքայելն արդեն անուղղելի որդի է: Նրա կենցաղը հուսահատեցնում է Ոսկեհատին, շռայլում է, առանց վաստակելու, մաշելով օրերը թղթախաղի սեղանների մոտ, անվայել զվարճությունների մեջ, անբաժան ընկերների հետ: Օր-օրի վրա նրա առողջությունը քայքայվում է: Այժմ ի՞նչ է մնացել մի ժամանակվա առողջ ու գեղեցիկ Միքայելից: -Մի զույգ խորը թաղված աչքեր, կաշի ու ոսկորուրիշ ոչինչ: Ի՞նչպես Ոսկեհատը չողբա նրա մասին:

Աղջիկը, Մարթան, բախտավո՞ր է արդյոք: Ո՛չ, նրա կյանքը մի ուրախալի բան չի ներկայացնում Ոսկեհատի համար: Մի որդին դեղնած, մաշված, հինգ տարեկան է, դեռ օրինավոր ման գալ չէր կարողանում, մյուս որդին նույնպես հիվանդոտ, օր-օրի վրա սպասում են մեռնելուն: Ասում են, նրանց հայրը վարակված է եղել ինչ-որ հիվանդությունով: Ա՜խ, այդ մարդը, հարուստ, աչքաբաց, խելքը գլխին, բայց միշտ լալիս է, միշտ գանգատվում, թե աղքատ է, և կնոջն էլ է ստիպում գանգատվել: Ամեն օր Մարթան գալիս է արտասուքն աչքերին, աղաչում, որ իրեն բաժին տան հոր ժառանգությունից: Կռվում է մոր հետ, թունավորում նրա առանց այն էլ անբախտ կյանքը, սպառնում է ինչ-որ դատ բանալ եղբայրների դեմ: Է՞հ, դա էլ աղջիկ...

Ոսկեհատը հույս ուներ մխիթարվել գոնե փոքր որդովԱրշակով: Բայց այս վերջին հույսն էլ չի արդարանում: Արշակը, որի լեզուն հազիվ ազատվել է մանկական կապանքներից, արդեն սկսել է այն ոճով խոսել մոր հետ, որպես չի խոսել նույնիսկ Միքայելը:

Նախատինքին նախատինքով է պատասխանում, սպառնալիքի դեմ սպառնալիք կարդում, խրատներն ու աղերսները ծաղրում ու արհամարհում: Դպրոցից տուն է գալիս թե չէ, նախաճաշ է պահանջում: Վայ, եթե մի րոպե ուշացրին, կատաղում է, փրփրում, բոլորին հայհոյում և քիչ է մնում երբեմն դատարկ ափսեն մոր գլխին շպրտի: Հետո անհետանում է ամբողջ օրով: Գիշերները երկու ժամից առաջ տուն չի գալիս, իսկ շատ անգամ մինչև լույս էլ դրսերումն է մնում: Քանի-քանի անգամ Սրաֆիոն Գասպարիչը և Միքայելը նրան տեսել են անբարոյական պատանիների հետ ծովի վրա մակույկով շրջագայելիս, այգիներում կասկածելի կանանց հետ զբոսնելիս, նույնիսկ հարբած, իսկ մի անգամ էլ ծեծվելիս թուրքերի ձեռքում:

Տեր աստված, տեր աստված, այս ի՞նչ երկնային պատիժ է, ի՞նչ մեծ մեղք է գործել Ոսկեհատը: Եվ կան դեռ անխելք կանայք, որ նախանձում են նրան: Ա՜խ, չի ուզում նա այդքան հարստությունը. խլեցե՛ք նրանից այդ տները, քարվանսարաները, հանքերը, գործարանները և փոխարենը տվեք միայն մայրական բախտ:

Սրաֆիոն Գասպարիչը պնդում էր, թե չպիտի Արշակի ձեռը փող տալ, թե հենց փողն է նրան փչացնում:

Փողը նրա հասակի տղայի ձեռքին մի սուր դանակ է: Պահիր նրան տկլոր, քաղցած, կտեսնես, որ կխելոքանա:

Այրին չէր լսում նրան: Ի՞նչ. Արշակին փող չտալ. էլ ո՞ր օրվա համար է նրա հայրն այսքան հարստություն դիզել: Վերջապես ամոթ չէ՞, որ նա գրպանում փող չունենա, երբ բոլոր ընկերներն ունեն:

Սակայն մի օր Ոսկեհատը փորձեց կատարել եղբոր խորհուրդը: Եվ ի՞նչ դառն փորձ էր այն: Նախընթաց երեկո Արշակը թղթախաղում տանուլ էր տվել, այսօր պարտավոր էր վճարել պարտքը: Առավոտը նա մտավ մոր սենյակն այն ժամանակ, երբ այրին նոր էր հագնվում:

Մոտդ փող կա՞, — հարցրեց նա, ձեռները վարտիքի գրպանները դնելով:

Չէ ի՞նչ ես անում, չէ որ երեկ տվեցի:

Դու ասա, փող կա՞ մոտդ:

Չկա:

Արշակը գլխաբաց վազեց ներքև, մտավ գրասենյակ, կանգնեց երկաթե վանդակապատի առջև, որի հետևում նստած էր Սրաֆիոն Գասպարիչը, շքանշանը կրծքին: Բեղերը ոլորած, դեմքը խոժոռաձ այնպես, որ կարծես պատրաստ էր առաջին պատահողի հետ կռվելու:

Քեռի՛, սնդուկդ բաց արա, տեսնեմ...

Ծերունին հեգնորեն ժպտաց: Արդեն նա վաղուց էր սպասում այն օրին, երբ կկարողանա մերժել պատանուն փող տալու:

Չե՞ս լսում, սնդուկդ բաց արա, — կրկնեց Արշակը, վիրավորված մորեղբոր ժպտից:

Չեմ կարող:

Ուրեմն, բանալին տուր, ես բաց կանեմ:

Բան չկա սնդուկում:

Բանկից բերել տուր:

Գնա Սմբատին ասա, հետո: Առանց հրամանի ես ծախս չեմ անում:

Սմբատն ո՞վ է:

Սմբատը ֆիրմայի գլխավորն է, ներկայացուցիչը և քո հոգաբարձուն:

Ա՜յ նորություն, -գոչեց Արշակը, արդեն կատաղելով: -Ե՞ս, գնամ Սմբատից իրավո՞ւնք ստանամ իմ փողերի համար: Միքայելը ծախսի ինչքան քեֆն է, իսկ ես մի հարյուր ռուբլու համար նրան աղաչե՞մ... բա՛ց արա սնդուկդ, ասում եմ...

Ծերունին համառեց: Այն ժամանակ Արշակը գոռաց, ոտները խփեց հատակին, հայհոյեց Սմբատին էլ, Միքայելին էլ, ծերունուն էլ և կրկին վազեց վերև: Այս րոպեին, առանց հետաձգելու, թող նրան տան հարյուր, ոչ, հարյուր բավական չէ, երկու հարյուր, երեք հարյուր ռուբլի:

Փող չունիմ, որդի, չունիմ, — կրկնեց այրին, թեյի բաժակը, դառնացած, հեռացնելով բերանից:

Եվ սաստիկ զղջաց: Պատանին բաց արավ մունդիրի կոճակները, հանեց գրպանից ատրճանակը և ուղղեց իր կրծքին: Կա՛մ փող, կա՛մ մահահա թե ով է Արշակ Ալիմյանը:

Իմ պատիվը կարող է արատավորվել: Օրենքով թղթախաղի պարտքը պիտի վճարել քսանուչորս ժամում: Ես Ալիմյանների անունը կոտրել չեմ ուզում, հասկանո՞ւմ ես...

Այրին ոչին չէր հասկանում: Նա միայն տեսավ փայլուն զենքը որդու ձեռքում, արձակեց մի սուր ճիչ և, ուշաթափվելով, տարածվեց տաճկական շքեղ թախտի վրա:

Կանչեցին Սմբատին, և միայն նա կարողացավ ատրճանակը խլել Արշակից:

Երբ այրին ուշքի եկավ, առաջին խոսքն էր.

Փող տվեք նրան, աստված սիրեք, տվեք` ինչքան ուզում է:

Բայց Արշակն արդեն չքացել էր: Երեք օր նրան փնտրում էին, չէին գտնում: Այրին փետտում էր մազերը, կեղեքում կուրծքը, անիծում եղբորն ու մեծ որդուն: Ինչ-որ հարյուրերկու հարյուր ռուբլու համար կործանեցին նրա զավակին: Արշակն իրեն ծովն է գցել ու խեղդվել, փնտրեցե՛ք նրա դիակը:

Չորրորդ օրը պատանուն գտան իր դասընկերներից մեկի տանը երեսնիվայր հագստով քնած: Գիշերվա կեսին եկել էր այնտեղ, ապաստան խնդրել, ցեխոտ, հարբած ու ծեծված:

Անկանոն կյանքն ու անքուն գիշերներն արդեն իրենց կնիքը դրել էին տասնուվեց տարեկան պատանու դեմքի վրա: Զուր կլիներ նրա աչքերի մեջ որոնել պատանեկական անապական հոգու արտափայլում: Նա թվում էր հասակից առնվազն տասը տարով մեծ: Օր-օրի երեսը դալկանում էր, երկայնանում, աչքերի տակ, կապտավուն խորշերը լայնանում էին, ճակատի երակներն ավելի ու ավելի որոշ գծավորվում:

Մի օր Սմբատը միմյանց հետևից լսեց երկու անախորժ նորություններ: Առավոտն Անտոնինա Իվանովնան նեղ ու երկայն անցքի ծայրում, որ նրա բնակարանը բաժանում էր տան մյուս բաժիններից, հանդիպել էր մի անվայել տեսարանի, Արշակը տիկնոջ երիտասարդ աղախնին գրկել, համբուրել էր այնքան գրգռված, որ չգիտեր թե իր արտասանած կրքոտ խոսքերը կարող էին լսվել:

Պատմելով եղելությունը Անտոնինա Իվանովնան նկարագրեց և համանման ուրիշ դեպքեր, որոնց ինքը պատահաբար վկա էր եղել: Նա սկսեց պախարակել Ալիմյանների ամբողջ ընտանիքը, իբրև բարոյապես փչացած մի շրւան, ուր ամեն ինչ քայքայվում է ու նեխվում և ուր չի կարող ոչ մի առողջ անհատ մնալ:

Սմբատին վիրավորեց կնոջ ծայրահեղ կարծիքը: Հոգու խորքում նա ակամա մասամբ համաձայն էր այդ կարծիքի հետ, բայց ինչո՞ւ չի ցավում այդ կինը, այլ միայն պարսավում է:

Ինչո՞ւ պիտի ցավեմ, — գոչեց տիկինը, — քանի որ ոչ ոք այս տանն իմ մասին չի ցավում: Այս ընտանիքի մեջ ես օտար եմ, ինչպես մի անկոչ հյուր, ոչ մի կապ իմ և նրա մեջ չեմ տեսնում: Ինձ թվում է, որ ձեր եղբայրները պատրաստ են ամեն քայլում ինձ վիրավորել:

Ձեզ, տիկին, ամեն բան թվում է, այս ընտանիքի վերաբերմամբ դուք բարոյական դայլտոնիզմ ունեք: Դուք կատաղում եք իմ եղբոր դեմ. բայց ինչո՞ւ չեք կատաղում ձեր աղախնի դեմ: Գուցե նա է առիթ տվել...

Տիկինը մի սուր հայացք ձգեց Սմբատի երեսին և դառն հեգնությամբ ասաց.

Ուզում եք դարձյալ ինչ-որ թունավոր ակնարկնե՞ր անել:

Ինչո՞ւ ակնարկ, կարող եմ պարզ խոսել: Մի՞թե սուտ ասած կլինեմ, եթե ասեմ, որ այդ Դունիաներն ու Գլաշկաներն են Վոլգայի ափերից այստեղ անբարոյականության սերմեր բերում ու ցանում: Օ՜օ, ի սեր աստծու, խնդրում եմ միտքը ձեր ուզածի պես չմբռնեք, ես գիտեմ ինչ եմ ասում և երբեք Դունիաների ու Գլաշկտների մեղքը չեմ վերագրել մի ամբողջ ազգի, հասկանո՞ւմ եք ինչ եմ ասում: Իսկ դուք... դուք միշտ հակառակն եք անում...

Վեճն այս եղանակով շարունակվեց և խոշորացավ, մարդ ու կին միմյանց ուղղեցին վիրավորական դարձվածքներ:

Երբեք ընտանեկան խռովությունն այնչափ չէր ազդել Սմբատի վրա: Հուզմունքից նա մինչև անգամ արտասվեց: Կնոջ դեմքի կնճեռները, թառամած այտերը և երիտասարդական հյութից զրկված ձայնն ավելի էին բորբոքում նրա կատաղությունը:

Կես ժամ անցած, նա, սիրտը թույնով լի, կանգնած էր գրասենյակի առջև և մտախոհ դիտում էր փողոցով անցնողներին: Քառորդ ժամ էր, նրա առջև անց ու դարձ էր անում մի երիտասարդ, շուտ շուտ նայելով նրան: Երբեմն կանգ էր առնում, ուզում էր մոտենալ, բայց չէր վստահանում: Վերջապես, նա գրավեց Սմբատի ուշադրությունը:

Գո՞րծ ունիք ինձ հետ, — հարցրեց Սմբատը:

Ուզում էի ձեզ երկու խոսք ասել:

Խնդրեմ:

Անծանոթը ո՛չ աղքատի էր նման, ո՛չ` կասկածելի մարդու: Նա խնդրեց Սմբատին մի րոպեով մտնել գրասենյակ: Այստեղ նայելով շուրջը, նա ցածր ձայնով ասաց.

Պարոն Ալիմյան, բարոյական պարտք եմ համարում ձեր ուշադրությունը դարձնել ձեր փոքր եղբոր վրա...

Արշակի՞:

Այո՛:

Ի՞նչ է պատահել:

Նա հիվանդ է:

Հիվա՜նդ, — կրկնեց Սմբատը, արդեն անծանոթի խորհրդավոր արտասանությունից գուշակելով, թե խոսքն ինչ տեսակ հիվանդության մասին է:

Այո՛, Արշակը հիվանդ է և չի ուզում բժշկվել, ամոթից, իհարկե: Կարծեմ, միտքս հասկացաք, ուրիշ ասելիք չունեմ, ներողություն, ես պարտքս կատարեցի...

Ասաց, գլուխ տվեց և դուրս գնաց:

Աշխարհում շատ կան մարդիկ, որոնք միշտ անհրաժեշտ են համարում իրենց «բարոյական պարտքը կատարել» ուրիշների հոգու հանգստությունը խանգարելու համար: Նրանք իրենք բախտավոր չեն կյանքում, ուստի մի առանձին հաճույքով են հաղորդում ուրիշներին չար լուրերը:

Սմբատն ընկավ տարակուսանքի մեջ: Ի՞նչ ասաց այդ մարդը. չլինի՞ թե հոգեկան հիվանդ էր կամ կատակասեր: Այսպես թե այնպես, պետք է ստուգել անծանոթի ասածը:

Սմբատը բարձրացավ վերև: Արշակը նոր վերադարձել էր դպրոցից և արագ-արագ նախաճաշ էր անում այնպես, որ կարծես, գլխին ոստիկան էր կանգնած և շտապեցնում էր:

Գնանք իմ սենյակը, քեզ հետ գործ ունեմ, — ասաց Սմբատը:

Արշակը կարծեց, թե առավոտվա դեպքի մասին իրենից հաշիվ է պահանջելու: Նա ասաց, թե ժամանակ չունի, շտապում է հինգերորդ դասին:

Գնանք իմ սենյակը, քեզ հետ գործ ունեմ, — ասաց Սմբատը հեգնությամբ, — այժմ դու պիտի ապրես և ոչ թե ուսում առնես: Վեր կաց, դռները կողպիր, որ հանկարծ մայրիկը ներս չմտնի:

Արշակը լռությամբ կատարեց նրա հրամանը:

Հաջորդ էջ