Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Եթե չես ուզում, այսուհետև չեմ այցելի հանքերը...

Երկոսից մեկը, կամ ես, կամ դու, — արտասանեց Միքայելը երկդիմի և խորհրդավոր նայեց եղբոր երեսին:

Մի ժամ անցած, հանքերը դիտելուց հետո, Սմբատը դարձավ Զարգարյանին.

Դավիթ, հյուրասիրի՛ր ինձ այսօր վերջին անգամ թեյով:

Առանձին սենյակում, սպիտակ սփռոցով ծածկված սեղանի վրա, եռում էր փայլուն սամովարը, երբ Ալիմյան եղբայրները ներս մտան:

Հրավիրելով Սմբատին, Դավիթը, հարկավ, չէր կարող չհրավիրել և՛ Միքայելին: Այնինչ, հոգով դեմ էր, որ այդ մարդը ոտ դնի իր տունը: Խայտառակ լուրը լսելու օրից, նա զգում էր դեպի Միքայելն անհաղթելի նողկանք: Նա հրավիրեց և՛ Սուլյանին, նույնպես հակառակ ցանկության, որովհետև կառավարչի հետ հարաբերությունը լարված էր: Բանն այն էր, որ Սուլյանի համար վերին աստիճան՛ի անհաճո էր Զարգարյանի հանքերում լինելը: Մինչև այժմ նա գործում էր ինքնագլուխ, ծախսում էր` ինչպես կամենում էր, կարգադրում և հաշիվները կազմում ուզածին պես: Այժմ իր գլխի վրա զգում էր մի վերահսկող, որի կոպիտ շիտակությունը նրան շփոթեցնում էր:

Շուշանիկը, մաքուր հագնված, սեղանի քով սրբում էր թեյի բաժակները: Տեսնելով Միքայելին, ակամա ցնցվեց այնպես, որ քիչ էր մնում բաժակը ձևռքից գցե: Սեղմելով շրթունքները, ճիգ արավ թաքցնել դժկամությունը:

Այսօր առաջին անգամն էր Միքայելը նրան տեսնում մի քիչ նորաձև հագուստում: Թանձր մազերը խնամքով սանրված էին ու ծոծրակի վրա փնջված, և հերկալները հազիվ կարողանում էին պահել խոշոր հյուսքը: Նա թվաց այսօր Միքայելին հասակով ավելի բարձր, ավելի նազելի: Նրա ամբողջ էությունից բուրում էր թովիչ կանացիությունը` մայիսյան անուշ հովի պես: Նույնիսկ ձևերը փոխվել էին, ավելի սահուն դարձել և ավելի նրբացել: Կարծես այդ համեստ ու ամոթխած աղջկա մեջ զարթնել էր մի նոր ոգի, որի շողերը տարածվել էին շուրջը և նրա ամբողջ կերպարանքն ամփոփել իրենց մեջ:

Երբեք Միքայելը չէր կարող երևակայել, թե մի հասարակ աղքատ աղջկա առջև երբևե պիտի շփոթվի այնպես, ինչպես այսօր: Եվ պատճառներ կային շփոթվելու: Նա մեղավոր էր այդ աղջկա մոտմեկ, նա խայտառակված էր ամբողջ քաղաքումերկու, նա վախենում էր Շուշանիկի արհամարհանքիցահա գլխավորը: Զգաց մինչև անգամ մի տեսակ սարսափ, երբ մի վայրկյան աչքերը հանդիպեցին խելացի ու սիրուն աչքերին, որոնց մեջ այլևս առաջվա չափ պայծառություն չէր երևում:

Խոսակցությունը դարձյալ գործերի մասին էր, սկսվել էր դրսում, այժմ շարունակվում էր նույն եղանակով: Նոր կացարանների շինության մեջ Սմբատը նկատել էր թերություն, որ Սուլյանի անտեղի խնայողության հետևանքն էր: Նա հանդիմանում էր կառավարչին մեղմաբար, բայց հուզված էր, և երբեմն ձայնի մեջ հնչում էր բարկություն: Պարզ էր, որ Սուլյանը չէր նրա դժկամության բուն պատճառը: Ինժեներն արդարացնում էր իրեն, ասելով, թե միշտ սովոր է խնայել Ալիմյանների միջոցները, անտեղի ծախսերից խուսափել ու հենց այս պատճառով միշտ սիրելի է եղել հանգուցյալ Մարկոս աղայի աչքում:

Նրա կեղծիքը դուր չեկավ Միքայելին, որ գիտեր, թե որքան իսկապես Սուլյանը խնայում է ֆիրմայի շահերը:

Ի սեր աստծու, մի՛ խնայեք մեր միջոցները, եթե գործը չի պահանջում խնայել, — ասաց Միքայելը, — ևս գիտեմ, օրինա՛կ, որ շատ անգամ, կոպեկների հետևից ընկնելով, ռուբլիներ եք կորցնում:

Այս թեթև նկատողությունը խոր ազդեցություն ունեցավ Սուլյանի ոչ այնքան դյուրագրգիռ սրտի վրա: Նրան թվաց, թե մեջտեղ խառն է Դավիթ Զարգարյանի մատը:

Ոչ ոք չի կարող իմ ներկայությամբ ասել, թե ես երբևէ կորցրել եմ Ալիմյանների ռուբլիները, — արտասանեց նա սրտմտությամբ, մի կողմնակի թունավոր հայացք ձգելով Դավթի վրա:

Միթե՞, — ասաց Միքայելն անորոշ, — թողնենք այդ: Ասացեք խնդրեմ, պարոն Սուլյան, վերջին սպեկուլյացիայից ինչքա՞ն շահվեցաք:

Սուլյանն շտապեց իրեն զսպել և ժպտաց:

Ես սպեկուլյացիայով չեմ պարապում:

Զուր եք թաքցնում, — շեշտեց Միքայելը կծու եղանակով, — ձեր ձեռքից խլող չի լինիլ, մի՛ վախենաք: Գնել եք վեց ու քառորդով, վաճառել յոթ ու քառորդով: Զարգարյա ն, հաշվեցեք որքան է անում հարյուր հազար փթի վրա:

Ուղեղ հինգ հազար ռուբլի, — պատասխանեց Զարգարյանն անմիջապես, ոչ առանց չարախնդության:

Ուրախ եմ, շատ ուրախ եմ, — դարձավ Միքայելն ինժեներին, — գոնե այսուհետև իդեալիստների մոտ բուրժուաներին քիչ կհայհոյեք:

Ես բուրժուաներին չեմ հայհոյում, իսկ իդեալիստ բարեկամներ չունիմ:

Ուրեմն տարօրինակ է, շատ տարօրինակնկատեց Միքայելը գրգռված, — որ մարդիկ իդեալիստ են, քանի որ սոված են: Իսկ երբ ճանաչում են փողի համը, մեզանից մի քայլ էլ առաջ են գնում և էլի մեզ են ծաղրում:

Չեմ հասկանում, ինչո՞ւ համար եք դուք այդ ասում, Միխայիլ Մարկիչ, — հարցրեց Սուլյանը, տակավին ժպտալով:

Ինչո՞ւ համար... Հենց այնպես... Մի՞թե սուտ է, որ դուք, բարձրագույն ուսում ստացածներդ անում եք թաքուն այն, ինչ որ մենք տգետներս անում ենք համարձակ, առանց քաշվելու:

Բոլորը զարմացած նայում էին Միքայելին: Ոչ ոք չգիտեր, ինչու նա անսպասելի և անտեղի հարձակվում է ինժեների վրա: Մինչդեռ պատճառը պարզ էր, թեև շատ նուրբ: Հարձակվելով բարձրագույն ուսում ստացածների վրա, նա կողմնակի կերպով ուզում էր օրիորդի ներկայությամբ ցույց տալ իր արհամարհանքը դեպի այդ մարդիկ: Կար նրա հարձակման մեջ և մի նուրբ ասեղ, ուղղված դեպի հարազատ եղբայրը, որ այդ պահին, նրա աչքում կլանել էր Շուշանիկի բոլոր ուշադրությունը:

Նա գրգռված էր ոչ միայն Սուլյանի, այլև բոլոր ներկա եղողների դեմ: Նրան գրգռում էին նույնիսկ անդամալույծի մրմունջները, որ մերթ ընդ մերթ լսվում էին մյուս սենյակից: Սակայն Սմբատի լռությունն սկսեց նրան շփոթեցնել: Վճռեց զսպել իրեն: Զարգարյանն շտապեց խոսակցության նյութը փոխել: Պատմում էին, որ տեղացի մի հայտնի հանքատեր պատրաստվում է իր հանքերը հանձնել ինչ-որ անգլիական ընկերության: Սուլյանը մոռանալով Միքայելի կծու խոսքերը, սկսեց գործնական տեսակետից բացատրել, թե ներկա եղող պայմաններում մեծ սխալ է երկրի հարստությունները ծախել օտարներին, թեկուզ խոշոր կամարներով: Այստեղ նա երևաց իր կոչման բարձրության վրա, ցույց տվեց իր բոլոր տնտեսական հոտառությունը, ոգևորված նկարագրեց նավթային արդյունաբերության փայլուն ապագան: Եվ ոչ ոք չկարողացավ հերքել նրա մտքերը, ոչ նույնիսկ Սմբատը, որ վիճում էր նրա հետ:

Օգտվելով այդ վիճաբանությունից, Միքայելը, որ արդեն բավական խաղաղվել էր, դարձավ օրիորդին:

Դուք իմ դեմ բարկացա՞ծ եք:

Օրիորդը գլխով անորոշ շարժում արավ:

Ես պատրաստ եմ ներումն խնդրել, — շշնջաց Միքայելը:

Էլի թեյ ածե՞մ, — հարցրեց Շուշանիկը բարձր ձայնով, որ ցույց էր տալիս, թե չի կամենում շշնջյունով խոսել:

Այս բացարձակ արհամարհանքն արդեն բոլորովին կատաղեցրեց Միքայելին: Նա ոտքի կանգնեց, մոտեցավ լուսամատին, աչքերը հառեց հեռավոր բուրգերին, մատների մեջ ցնցողաբար խաղացնելով ժամացույցի շղթան:

Մի քանե րոպե նա մտազբաղ նայում էր: Երբ երեսը դարձրեց, արդեն Սուլյանը գնացել էր իր գործին, իսկ Զարգարյանը պատշգամբի վրա խոսում էր մի քանի մշակների հետ, ձեռքին բռնած ինչ-որ փոքրիկ նավթոտ տետրակներ:

Որքա՜ն փոփո՛խություն. այլևս Շուշանիկի դեմքի վրա չկար սառնություն: Նա ամբողջովին անձնատուր էր եղել խոսակցության: Աչքերը փայլում էին ներքին հաճույքից, ստեպ-ստեպ գլուխը հանդարտիկ ցած էր իջեցնում, թեթևակի կարմրելով, և մատներով խաղում սփռոցի ծոպերի հետ, — շրջապատող չոր ու ցամաք պրոզայի մեջ նրանք խոսում էին այնպիսի նյութերի մասին, որ միանգամայն չէին ներդաշնակում սև հեղուկի անախորժ հոտով տոգորված մթնոլորտին: Սմբատն արտահայտում էր իր սերը դեպի բնությունը, այնտեղ, ուր բնությունը ոչ մի հրապուրիչ բան չուներ:

Միքայելը փորձեց մասնա կցել զրույցին, հակառակ տրամադրված դեպի եղբայրը: Բայց իսկույն նկատեց Շուշանիկի դեմքի փոփոխությունը: Այդ աղջիկը չկարողացավ թաքցնել, որ միայն Սմբատի հետ է իրեն հաճելի զրուցել:

Ներս մտավ Զարգարյանը և Սմբատի առջև դրեց մի կտոր նավթախառն կավ: Դա նոր հորից հանված վերջին տիղմն էր, որ Սուլյանը շտապել էր ուղարկել իր տիրոջը. Միքայելը անփույթ վերցրեց հողը, հոտոտեց և ասաց,

Ինձ թվում է շատրվան է բացվելու:

Երևի, քո բախտից, — ավելացրեց Սմբատը, — խոստացի՛ր մի բան Դավթին, եթե շատրվան լինի:

Կարող ես նվիրել, ինչքան քեֆդ է, ինձ համար միևնույն է, — ասաց Միքայելը ոչ առանց հեգնության: Նա մոտեցավ օրիորդին հրաժեշտ տալու:

Սպասի՛ր, չէ՞ որ միասին պիտի գնանք, — ասաց Սմբատը:

Ես քաղաք չեմ գնում:

Եվ, առանց բացատրության տալու, շտապեց դուրս:

Կար ժամանակ, երբ մի որևէ կին նրան սառնության կամ անտարբերություն էր ցույց տալիս, ինքն էլ արհամարհանքով երես էր դարձնում նրանից, որպես մի էժանագին նյութից, որի մասին չարժե երկար մտածել: Նայել էր կանանց, ինչպես հագուստներին, չէր դուր եկել հագուստը կամ չէր սազել, իսկույն ձգել էր մի կողմ և նորը ձեռք բերել: Այսօր կյանքում առաջին անգամ զգաց իրեն վիրավորված և ստորացած մի կնոջ արհամարանքից: Նա կատաղում էր Շուշանիկի դեմ և անիծում ինքն իրեն, որ այնքան ուշադիր էր դեպի նրա սառնությունը:

Դուրս գալով Զարգարյանների տնից, նա ոտով անցավ սև բուրգերի միջով և մտավ մեծ ճանապարհը: Կես ժամ անցած կանգ առավ մի երկայն շինության առջև, որ կառուցված էր լայն ճանապարհի եզրին: Այդ շինությունը պատկանում էր նրա հեռավոր ազգականներից մեկին, մի աննշան հանքատիրոջ, որ ինքն անձամբ կառավարում էր հանքերը: Թանձր շոգու միջից հայտնվեց ալեխառն միրուքով ու մրոտ դեմքով մի նիհար մարդ` հագին կաշվե բաճկոն և գլխին լայն եզրով գլխարկ:

Օ՜օ, բարով, Միքայել, — դիմավորեց նա հյուրին, — այդ ո՞ր աստծուց է, որ մեզ հիշել ես:

Այս երեկո, Օսեփ ապեր, հյուրդ եմ:

Աչքիս վրա տեղ ունես:

Նա հյուրին առաջնորդեց իր բնակարանը, որ բաղկացած էր երկու փոքրիկ խոնավ սենյակներից` ցածր առաստաղով:

Ներիր, որ պալատս շքեղ չէ, բարեկամ, — ասաց Օսեփ ապերը կատակով, — ի՞նչ անեմ, անիծված հորերիս փորերը չորացել են, կաթիլ-կաթիլ են նավթ տալիս: Այսր րոպեիս էլի խողովակը ծռվեց նոր հորի մեջ, խաթաբալի մեջ ընկա: Տասը րոպե ինձ ներիր, իսկույն կգամ: Կանչիր ծառային, ինչ որ քեֆդ է, հրամայիր, որ պատրաստի քեզ համար: Ա՜խ, հոր փորողների վիզը կոտրվի...

Նա թողեց հյուրին մենակ և չքացավ:

Միքայելը հագուստով պառկեց անկողնակալի վրա և, ձեռները դնելով գլխատակին, աչքերը հառեց սևացած առաստաղին: Միայն այժմ էր պարզվում նրա համար իր արարքի ամենամթին խավարը, միայն այժմ էր խիղճը գործադրում իր ամենասուր ասեղները: Մի կողմից իր կրքերի զոհ Անուշը, մյուս կողմից անկոչ դատավորի արհամարհանքով լի կերպարանքը: Մի կողմից անսահման զզվանք, մյուս կողմից` բարոյական վեհերություն մի աղքատ աղջկա առջև: Այնտեղ` մոտիկ անցյալն իր բոլոր քստմնելի գույներով, այստեղ ներկան անորոշ, մթին, հուսահատական: Զզվելով Անուշից, մղվում էր դեպի Շուշանիկը: Ատելով մեկին, չէր ընդունվում մյուսից, և զգում էր իրեն մի տեսակ կախարդական շրջանի մեջ: Որպես կրակի մեջ օղակված կարիճ` մնում էր նրան սեփական թունավոր ասեղը ցցել կրծքին և ինքնասպանությամբ վերջացնել կյանքը: Բայց աներևույթ ձեռը նրան կաշկանդում էր և մի ներքին հզոր ձայն անընդհատ շշնջում, «դու փչացած ես, մաքրի՛ր քեզ»: Մաքրի՛ր, որ արժանանաս մաքուր էակի հարգանքին: Ա՜խ, այդ էակը, արդյոք, ի՞նչ է նրա բարոյական ուժը, որ այսպես ճնշում է նրան և ստիպում միշտ մտածել իր մասին: Ահա նա. կանգնած լուսավոր սեղանի քով, թեյ է պատրաստում հյուրերի համար, միշտ հայացքը հառած Սմբատի երեսին, միշտ նրան ականջ դնելով և նրա հետ խոսելով: Մի՞թե, ճշմարիտ, սիրում է: Եթե այո՛, մի՞թե չի նախագուշակում իր սիրո դժբախտ հետևանքը: Իսկ Սմբա՞տը, արդյոք կա՞ նրա սրտում զգացում այդ աղջկա վերաբերմամբ: Եթե կա, ինչո՞ւ պարզ չի արտահայտում: Սակայն, ո՞վ գիտե, գուցե արդեն արտահայտել է և այժմ Միքայելն անգիտակցաբար կատարում է մի ծիծաղելի դեր:

Նորից նրա վիրավորված ինքնասիրությունը բորբոքվեց: Նա կատաղում էր ոչ այնքան Սմբատի, որքան Շուշանիկի դեմ: Եթե այդ աղջիկը լիներ հարուստ, փայլուն ընտանիքի մի զավակ կամ առաջնակարգ գեղեցկուհի, հասկանալի կլիներ: Բայց նա ոչ այս է, ոչ այն. ուրեմն, ի՞նչ մի գաղտնի ուժ կա նրա մեջ, որ միաժամանակ հափշտակում է երկու եղբորը և ակամա ձգում նրանց մեջ խուլ գժտություն: Ո՛չ. չարժե մտածել այդ «ոչնչության» մասին, պրտի դեն շպրտել նրան մտքից: Քաղաքը լի է նրա նմաններով. առաջին պատահած աղջիկը կարող է փոխարինել նրան: Միքայելն ինքն է արվեստական կերպով այդ չնչին էակին իդեալացնում և գնում ինչ-որ անմատչելի բարձրության վրա:

Անիծվի ինձ նման հանքատիրոջ օրը, — լսվեց Օսեփ ապոր ձայնը, — որքան գլուխս պատերին եմ տալիս, բան չի դուրս գալիս:

Նա գլխարկը շպրտեց մի կողմ և մոտեցավ լվացարանին` լվացվելու:

Հը՞մ, ի՞նչ պատվիրեցիր ընթրիքի համար, — հարցրեց նա սապոնի փրփուրը քսելով երեսին:

Ոչինչ չեմ պատվիրել և ոչինչ էլ հարկավոր չէ: Խնդրեմ, նեղություն չքաշես, եկել եմ մի քիչ հանգստանալու այստեղ:

Շուտով սենյակի մթնոլորտը թվաց նրան սուղ, անտանելի: Նա մտածեց, որ այս պահին, երբ ինքը պառկած է ծերունու տխուր սենյակում, այնտեղ, այն լուսավոր սեղանի քով նրան մտքում ծաղրում է Շուշանիկը: Նա ոտքի կանգնեց, և այդ միջոցին մի մարդկային կերպարանք դրսից հայտնվեց լուսամուտի առջև և իսկույն չքացավ: Օսեփը մոտեցավ, նայեց և ոչ ոքի չտեսավ:

Դու գնո՞ւմ ես, — հարցրեց նա հյուրին:

Այո՛, ներիր, գլուխս ցավում է:

Ի՞նչ է պատահել քեզ, դու գունատ ես և հուզված, կարծես, դոդում ես: Չլինի՞ հիվանդ ես. ո՛չ, այդպես քեզ բաց չեմ թողնիլ իմ տնից:

Ես եկա քեզ մոտ գիշերելու, բայց հանկարծ միտս ընկավ, որ քաղաքում շատ կարևոր գործ ունեմ այս երեկո: Ցտեսություն:

Նա դուրս եկավ շտապ քայլերով: Նա համոզված էր, որ այժմ էլ Սմբատը, մաքուր սեղանի քով նստած, զրուցում է Շուշանիկի հետ: Եվ այս միտքը նրան հանգստություն չէր տալիս: Նա ուզում էր անպատճառ վերադառնա: Հարգարժանների մոտ, եթե ներս չմտնել, գոնե լուսամատից մի հայացք ձգել դեպի ներս:

Երեկոն մութն էր այնչափ, որ սև բուրգերը չէին երևում: Մեքենաների թանձր շոգին մթնոլորտը տոգորել էր խոնավությամբ և տարածել անդուրեկան հոտ: Նա դուրս եկավ սև հեղուկով ապականված մի շավիղ: Ստեպ-ստեպ սայթաքում էր, հազիվ կարողացավ հավասարակշռությունը պահել: Ակամա համեմատեց իր անցյալն այդ շավիղի հետ: Ամբողջ կյանքն ընթացել է այսպիսի սև, մթին, կեղտոտ ու լպրծուն ուղիով և ապականվել մինչև ոսկորների ծուծը: Մթության մեջ պատկերացան ընկերների շրջանը, զեխ գիշերները, անբարոյական կանայք: Եվ նորից զգաց մի անասելի զզվանք դեպի իր անցյալը:

Նրա առջև բացվեց մի դատարկ տարածություն: Բնազդաբար նայեց շուրջը: Հանքերը լուսավորում էին էլեկտրական լամպաներով, բայց մեքենաների շոգին նսեմացնում էր նրանց լույսը, ինչպես թանձր մշուշ: Ուշ գիշերներն այդ տեղերով անցնելը բավական վտանգավոր էր: Մութ անկյուններում միշտ թափառում էին անգործ սրիկաներ, որոնք հարմար ժամանակին հարձակվում էին մենակ անցորդների վրա, կողոպտում, վիրավորում, երբեմն էլ սպանում:

Հեռվում փայլեցին Զարգարյանների բնակարանի լուսամուտների կարմիր-դեղնագույն լույսով: Դարձյալ նա վրդովվեց իր դեմ. տեր աստված, ինչո՞ւ այսչափ հիմարանալ և կաշկանդվել մի անբացատրելի ուժից: Նա փախչում է իր կեղտերից, կարծես, այդ լուսո ճառագայթներում լվացվելու ու մաքրվելու համար: Հետ չդառնար արդյոք, մի վճռական քայլով վերջ տա երեխայական տատանումներին ու մտատանջությանը և նորից անձնատուր լինի նախկին կյանքին: Ճշմարիտ, ծիծաղելիք նույնիսկ վիրավորական է այսչափ: Ենթարկվել մի աղքատ ու աննշան աղջկա հրապույրին և այն էլ մի մարդու համար, որի աչքում կանայք վաղուց են կորցրել իրենց պոետիկական հրապույրը: Վճռված է, վաղը ևեթ նա հանքերից կվռնդի Զարգարյանին` իր ընտանիքի հետ: Թոդ գնա կորչի այդ աղջիկն իր հպարտությամբ ու արհամարհանքով...

Այնինչ, նա շարունակ քայլում էր առաջ, միշտ աչքերը հառած համեստ բնակարանի լուսամուտներին: Այժմ նա մոտենում էր ինչ-որ փլատակների, որոնց կողքով պիտի անցներ, և այնուհետև մնում էր ընդամենը երկու հարյուր քայլ մինչև Զարգարյանների բնակարանը: Նրան թվաց, թե երկու մութ պատկերներ ճանապարհի աջ եզրից անցան ձախը և մոտեցան փլատակներին: Նրա սրտում ծագեց երկյուղի պես մի բան: Ձեռը տարավ ծոցը և հավաստիացավ, որ ատրճանակը գրպանումն է: Քայլերը մի քիչ արագացրեց, բնազդաբար նայելով աջ ու ձախ:

Խառնաշփոթ մտքերի մեջ հանկարծ մի հարց ծագեց նրա գլխումինչո՞ւ Պետրոս Ղուլամյանը զուրկ է պատվի զգացումից: Ճշմարիտ, ահա մի մարդ, որի ընտանեկան պատիվը ցեխոտել են և նա մինչև այժմ ոչ մի կերպ վրեժ չի առնում իր թշնամուց: Նա ուսերն արհամարհանքով վեր քաշեց: Այդ վայրկյանին նա դարձյալ տեսավ երկու մթին պատկերները, որոնք չքացան փլատակների հետևում: Զգաստության համար հանեց գրպանից ատրճանակը և պահեց ձեռին պատրաստ: Մի քանի վայրկյան անցած, նա մտքում ծաղրեց իր երկչոտությունը, ատրճանակը դրեց գրպանը: Նորից հիշեց Պետրոս Ղուլամյանին:

«Աննամուս», — արտասանեց շշնջյունով:

Եվ ճիշտ նույն վայրկյանին պարանոցի վրա զգաց ինչ-որ պաղություն: Սարսռեց, որպես զազրելի սողունի շփումից: Կամեցավ հետ նայել, ձեռը տանելով ծոցի գրպանը, բայց չկարողացավ շարժվել: Երկու զույգ ձեռներ ամուր բռնել էին նրա թևերն աջ ու ձախ կողմերից:

Մեկն ինչ-որ բութ զենքի հարվածով թուլացրեց նրա աջ ձեռը: Նա մատը սեղմեց ատրճանակի ոտին, և մի ակնթարթ խավարը փարատվեց վառոդի լույսից: Գնդակը, սուլելով անցավ թաքնվեց փլատակների մեջ, վզզալով ինչպես թունավոր ճանճ: Նա փորձեց երկրորդ անգամ արձակել: Մի նոր հարված այս անգամ բոլորովին ուժասպառ արավ նրա ձեռը: Զենքն ընկավ գետին: Մեկը թեքվեց ցած և արագությամբ վերցրեց ատրճանակը` ասելով:

Հա՛յ, զենքը քեզ չի սազում:

Մի շարժվիր, գյավուր, եթե չես ուզում սասանվել, — լսվեց մի երկրորդ ձայն:

Եվ մի ձեռ փակեց նրա բերանը, թույլ չտալով գոռալ և օգնություն կանչել:

Սրիկաների երեսները ծածկված էին գլխոցներով: Խոսում էին նրանք թուրքերեն, արհեստաբար ձայները խռպոտ դարձնելով:

Նա ճիգ արավ կոկորդն ազատել անհայտ չարագործի մատներից, որ, կարծես, խրվել էին նրա մսի մեջ: Եվ մի վայրկյան ազատելով, գոչեց.

Կողոպտե՞լ եք ուզում, թե սպանե՞լ:

Այ մեկը, — պատասխանեց սրիկաներից մեկը:

Ա՛յ քո հավատը... լսվեց մի ուրիշ ձայն:

Այնպես խփեցե՛ք, որ չմեռնի:

Սրիկաները երեք հոգի էին:

Հարվածներն սկսեցին տեղալ կարկտի պես գլխին, ուսերին, կրծքին ու մեջքին:

Տեղի ունեցավ անհավասար մարտ, մի կողմից հանկարծակի զինաթափ եղած մեկը, մյուս կողմից` երեք հաղթանդամ տղամարդիկ:

Միքայելը կռվում էր ատամներով, ոտներով, գլխով:

Մեկը սրիկաներից սաստիկ ցավից գոռաց, մեջքից երկու ծալ թեքվելով: Այն ժամանակ մյուսները կատաղեցին:

Գյավո՜ւր, — գոչեց մեկը և ուժով թավալեց նրան գետին:

Սկսեցին նրան կոխոտել ոտների տակ:

Նա բռնեց մեկի ոտներից, թավալեց գետնին, հարձակվեց վրեն և սկսեց խեղդել: Հուսահատությունը նրան ներշնչել էր գերբնական ուժ: Թուրքը հեծեծում էր նրա տակ, ինչպես մորթվող եզ, ոտներն ուժգին թափով գետնին զարկելով: Եվ նա անշուշտ կսպաներ սրիկային, եթե շուտով բազկի վրա չզգար սուր պաղություն, հետո թաց ջերմություն: Նրա ձեռը թուլացավ, բաց թողեց հակառակորդի կոկորդը:

Նշանը դրեցինք, հերի՛ք է, բաց թողեք, — ասաց սրիկաների գլխավորը:

Միքայելի շնչառությանն արդեն սպառվում էր: Սկսեց բազկի վերքից մրմնջալ: Ամբողջ կյանքը մթության մեջ պատկերացավ նրա առջև իբրև ավելի խորին մթություն, իբրև անբարոյականության քաոս: Մի՞թե նրան վիճակված է այսպիսի խայտառակ մահով մեռնել, ինչ-որ անհայտ չարագործների ձեռքից: Եվ ինչո՞ւ, ո՞վ է վրեժխնդիր լինում նրանից:

Բեդրուս աղային ճանաչո՞ւմ ես... Նրա ղուլերն ենք... լսեց նա հանկարծ:

Ահա ինչ, ահա որտեղից է գալիս հարվածը: Պատվի վերջին զգացումից զուրկ համարված մարդն էլ է վրիժառության միջոց ունեցել: Այդ սրիկաները վարձվա՛ծ են Ղուլամյանից: Դա թեև տմարդի, բայց սոսկալի վրիժառություն է...

Բավական է, — ասաց վարձկան սրիկաների պարագլուխը, — թե չէ կմեռնի... էժան գնով: Բեդրուսը ժլատ է...

Նրանք շուտով աներևույթացան գիշերային խավարի մեջ, որպես նույն խավարի ծնունդներ:

Այժմ Միքայելի անշունչ մարմինը տարածվել էր նավթախառն ավազի վրա:

Հեռվում տակավին փայլում էին Զարգարյանների լուսամուտները կարմիր-դեղնագույն լույսով...

V

Նույն պահին, երբ կատարվում էր այս վայրենի գործողությունը, Ալիմյան ընտանիքի գլխին մի ուրիշ դժբախտության էր եկել:

Քաղաք վերադառնալով, Սմբատը լսեց, որ Արշակն առավոտից անհետացել է, հայտնի չէ ուր: Այն մարդը, որ նշանակվա՛ծ էր նրա վրա հսկիչ կամ, ինչպես Սրաֆիոն Գասպարիչը նրան անվանում էր «լյալա», ամբողջ օրը փնտրել էր, չէր գտել: Բանը պատահել էր այսպես. առավոտն Արշակը Սրաֆիոն Գասպարիչից փող է խնդրում. ծերունին, փողը նրան տալու փոխարեն, տալիս է հսկիչին: Արշակը կատաղում է, կռվում բոլորի հետ և բոլորին հայհոյում փողոցային հիշոցներով: Հետո վազում է և փակվում Սմբատի առանձնասենյակում: Հսկիչը չի համարձակվում նրա հետևից գնալ: Մի քիչ անցած, պատանին դուրս է գալիս այնտեղից գողնովի, ոչ ոք չի տեսնում նրան, բացի Անտոնինա Իվանովնայի աղախնից: Արշակը գունատված և հուզված գոչում է. «կասես բոլորին, որ էլ երեսս չեն տեսնիլ»: Աղախինն անմիջապես վազում է և այրի Ոսկեհատին հայտնում: Այրին իսկույն հսկիչին ուղարկում է որդու հետևից: Ամեն տեղ խեղճ մարդը փնտրում է պատանուն և չի գտնում:

Լսելով անախորժ լուրը, Սմբատը ձեռը խփեց ճակատին և շտապով անցավ իր սենյակը: Մոտեցավ գրասեղանին, շարժեց դարանը, որ իսկույն բացվեց առանց բանալիի: Նայեց և ապշած հետ կանգնեց մի քայլ: Միջին դարանը կոտրած էր, թղթերը տակն ու վրա արած:

Սմբատը նայե՛ց դարանի անկյունները, խառնեց թղթերը, բաց արավ մյուս դարանները, որոնեց սեղանի վրա, թղթապանակների մեջ և, որոնածը չգտնելով, թուլացած ընկղմվեց բազկաթոռի վրա: Առավոտը բանկից բերել էր ավել բավական խոշոր մի գումար, որ հանքերից վերադառնալուց հետո, նույն երեկո պիտի բաժաներ նոր շինության վրա աշխատող կապալառուներին և արհեստավորներին:

Դրամի կապոցն անհետացել էր: Կասկած չկար, որ գողացել էր Արշակը: Ահա, ուրեմն, նրա փախչելու պատճառը. պակասում էր գողությունըայս էլ արավ:

Նա թղթերը ժողովեց, դրեց դարանը, իջավ գրասենյակ և սպասող արհեստավորներին խնդրեց վաղը գալ վարձ ստանալու: Հետո կանչեց գործակատարներին և պատվիրեց Արշակին որոնել ամենուրեք, նույնիսկ անառականոցներում: Արդեն այնքան վատ գաղափար ուներ եղբոր մասին, որ կարծում էր, թե միայն անառակ կանանց համար պիտի շռայլի գողացած փողերը: Նա ոչ ոքի չհայտնեց գողության մասին, նույնիսկ Սրաֆիոն Գասպարիչին:

Նորից բարձրացավ վերև, ենթարկվեց մոր կծու կշտամբանքին: Այրին ասում էր, թե Արշակը մեղավոր չէ, որ տնից փախչում է: Վերջին ժամանակ նրան կատարելապես տանջում էինբանտարկել էին, ոտով-ձեռով կապել ինչ-որ «լյալայի» Հետ: Ծախսի փող չէին տալիս «խեղճ երեխային», Արշակը մազերը փետում էր, լաց լինում, սպառնում էր իրեն սպանել: Նա կատարել էր իր սպառնալիքը, կամ ծովն է ընկել, կամ պարանով խեղդվել, կամ ռևոլվերով իրեն սպանել: Տաքարյուն տղա է, անպատճառ կանի...

Իսկի էլ չի անիլ, — գոչեց Սմբատը վշտացած մոր կշտամբանքից, — նա ինքնասպանություն գործող տղա չէ: Կարող եմ հավատացնել, որ այժմ, անառակների հետ շնթռած, քեֆ է անում:

Ո՛չ, խելոք է որդիս, ո՛չ գիմ, — ասաց այրին, արտասուքը սրբելով, — մեկը փչացավ, մյուսն էլ նրա ճանապարհով է գնում: Իսկ դու, դու նրանցից ավելի վատ դուրս եկար, ավելի խորը խոցոտեցիր սիրտս...

Ազատվելով մոր ձեռքից, Սմբատն ընկավ քրոջ ձեռքը: Ներս մտավ թե չէ, տիկին Մարթան սկսեց ուղղակի հարձակվել նրա վրա:

Դու հորս որդուն չես թողնում օր տեսնի: Ընկել ես կնոջդ կոշիկների տակ. ինչ ուզում է, անում ես: Քանդեց իմ ծնողների տունն այդ կնիկը:

Մարթա, թո՛ղ այդ կնոջը հանգիստ, խոսք ունիս ասելու, ինձ ասա:

Քեզ ասելու ոչինչ չունեմ, կռիվս նրա հետ է, նա է քանդում մեր տունը: Մարկոս աղայի սիրած որդին գրպանում ծախսի փող չունենա, գնա իրենը ծո՞վը գցե, բաս այս կվերցնի՞ աստված...

Այո՛, գրպանում փող չունի, բայց սիրուհիներ պահում է, — ասաց Սմբատը դառն հեգնությամբ, — ինձանից թաքուն մորից ստացած փողերով:

Առաջինը սուտ է, Արշակը սիրուհիներ չունի, երկրորդը, եթե ունի էլ, շատ լավ է անում պահում է, թշնամիների աչքն էլ է հանում: Ո՞վ չունի մեր ժամանակում սիրուհիներ: Եթե իմ մարդը ինձ պես կնիկ ունենալով, պահում է սիրուհիներ, ինչո՞ւ Արշակի պես ջահելը չպիտի պահի... Ժամանակիս սովորությունն է:

Սմբատը զայրացած և ապշած նայեց քրոջ երեսին: Այդ հանդուգն պարզախոսությունը վիրավորեց նրան մինչև հոգու խորքը, դիպչելով արյունակցական գգացմանը: Նա ամաչեց:

Լռի՛ր, լռի՛ր, Մարթա...

Բայց Մարթան արդեն կորցրել էր չափավորության զգացումը:

Ո՜ւխ, — արտասանեց նա, — սուրբը դու ես, դո՛ւ ոտից մինչև գլուխ: «Լռի՛ր». իսկի էլ չեմ լռիլ: Ի՞նչ կա, ումի՞ց պիտի քաշվեմ: Չլինի՞ թե քեզանից: Ինչպե՞ս չէ, քեզ էլ ենք լավ ճանաչում: Դու որքան կարող ես, շատ-շատ գնա Բալախանի...

Ակնարկն այնքան հանդուգն էր, որ Սմբատը չկարողացավ իրեն զսպել և բարձրաձայն գոռաց.

Լռելո՞ւ ես, հիմար կին, թե՞ չէ...

Ի՞նչ է, սրտիդ դիպան, հաա՞: Մի՛ վախենա, ես իսկի էլ քեզ չեմ նախատում: Այդ տեսակ կնիկ ունեցողը կարող է անել, ինչ որ քեֆն է...

Այրի Ոսկեհատն ընկավ աղջկա ու որդու մեջ և աղերսեց վերջ տալ կոպիտ վեճին:

Սմբատը դուրս գնաց, բայց նրան սպասում էր ուրիշ տեսարան: Անտոնինա Իվանովնան սաստիկ հուզված էր: Մի փոքր առաջ սկեսուրը նրան վիրավորել էր: Վշտացած մայրն իր սրտի թույնը թափում էր առաջին պատահողի գլխին: Հանդիպելով հարսին բնակարանները բաժանող միջանցքում, նա անխոհեմաբար արտասանել էր մի քանի վիրավորական խոսքեր ռուսերեն լեզվով: Խոսքեր, որոնց իսկական իմաստը չգիտեր: Հարսը հասկացել էր միայն կոպիտ հիշոցները, առանց հասկանալու նրանց շարժառիթը: Իսկ շարժառիթը սովորական էր այն օրից, երբ նա ոտ է դրել Ալիմյանների տունը, ընտանիքի թշվառություններին վերջ չկա:

Անտոնինա Իվանովնան ներվային կին չէր, բայց այս անգամ այնքան վիրավորվել էր, որ տեսնելով Սմբատին` հեկեկաց:

Այս կյանք չէ, այլ դժոխք, — կրկնում էր նա:

Ո՛չ, դժոխք չէ, այլ քաոս, — արտասանեց Սմբատը:

Նյարդերն այլևս անզոր էին դիմանալ ընտանեկան փոթորկին: Գլուխը պտտում էր, արյունը պղտորվել էր: Վախեցավ, մի գուցե ընդհարումն ավելի սուր կերպարանք ստանա և ակամա կրկնակի վշտացնի կնոջը, որին այս դեպքում անմեղ վիրավորված էր համարում սկեսուրի կողմից:

Նա շտապեց դուրս: Նա փախչում էր և՛ կնոջից, և՛ մորից, և՛ եղբայրներից ու քրոջից: Ի՜նչ չնչին և ծաղրելի կյանքգտնվել երկու հակառակ տարրերի մեջ և կատարել ինչ-որ անզոր նշանակի դեր` երկու կողմից տեղացող կրակի համար: Ահա՛ թե կյանքի դրաման երբեմն որպիսի, ըստ երևույթին, չնչին բաներից է հյուսվում: Ի՞նչ անել, արդյոք, բաժանվել մորի՞ց, թե՞ կնոջից: Ո՛չ այս կարող է անել, ո՛չ այն: Մեկի հետ կապված է հայրական կտակով և որդիական սիրով, մյուսի հետ` զավակներով: Թող փիլիսոփաները տեսականորեն վճռեն դելեմն, բայց Սմբատն անզոր է նրան վճռելու...

Նա կառք նստեց, դիմեց դեպի ծովեզրը, գնաց Բաիլով թերակղզին: Սառը և լուսնկա երեկո էր: Ծովը հանդարտ էր, միայն եզերքի թեթև ալիքները, շփվելով ավազոտ ափերին, տարածում էին մեղմիկ շառաչյուն, որ հիշեցնում էր մետաքսի խշխշյուն: Նոսր կաթնագույն մշուշով տոգորված մթնոլորտը` խոնավ է: Պայծառ լուսնի շողերը անցնելով այդ մշուշի միջով, ծովի մակերևույթը չէին լուսավորում, այլ սքողում էին մի նուրբ շղարշով, որի ներքո նավերի անթիվ կայմերը ներկայացնում էին խորհրդավոր անտառ: Մերթ ընդ մերթ լսվում էին շոգեշարժ նավակների շվիկների սուլոցները, որ, սուր նետերի պես օդը ճեղքելով, տարածվում էին հեռու ու հեռու:

Գործնական քաղաքը դեռ չէր նիրհել: Այնտեղ տիրում էր խուլ դղրդյուն: Այդ դղրդյունի միջից լսվեց մի զիլ ձայն, որ հետզհետե սաստկանալով, իջավ ցած ու ցած և կորավ, չքացավ մթնոլորտի մեջ: Ո՞վ գիտե ուր երդում էր մի պարսիկ, իր սրտի ուրախությունը թե վիշտը բարձրաձայն հողորդելով ամենակուլ տարածությանը:

Սմբատի կառքը բարձրանում էր մի բարձրավանդակով, և քանի գնում, ծովն ավելի ու ավելի ընդարձակվում էր նրա առջև: Երկու կառք սլացան նրա մոտով և առաջեցին: Մի խումբ զվարճամոլներ, ով գիտե` ինչ քեֆից հետո, դուրս էին եկել մաքուր օդ շնչելու: Մեկը տեղական հասարակ շվու վրա նվագում էր Cavaliera rusticana-յից մի թաղծալի կտոր: Նվագողը ոգևորված էր: Մեղմ և ախորժալուր հնչյունները թափանցում էին մարդու սիրտը: Կարծես, այդ հնչյունները լուսնից էին գալիս և կազմում աննման մի ներդաշնակություն մելամաղձիկ երկնի հետ:

Եվ այս բոլորն ազդում էր Սմբատի գրգռված հոգու վրա, բորբոքում նրա սրտի վերքերը: Թվում է նրան, որ այս պահին բոլորը բախտավոր են, բացի իրենից:

Հասնելով թերակղզու ծայրը, կառապանը կառքը հետ դարձրեց, առանց հարցնելու Սմբատի կամքը:

Նա վերադարձավ տուն: Ուղարկված գործակատարները դեռ ոչ մի լուր չէին բերել Արշակի մասին: Ոսկեհատը լալիս էր և անիծում իր վիճակը: Մարթան, մի անգամ ևս մորը լարելով Անտոնինա Իվանովնայի դեմ, հեռացել էր: Իսկ Անտոնինա Իվանովնան քաշվել էր իր սենյակը և խորհրդակցում էր եղբոր հետ` իր անելիքի մասին:

Տանը տիրում էր մի անհյուրընկալ սառնություն, որ ճնշեց Սմբատի հոգին: Նա շտապեց դուրս գալ նորից: Այս անգամ, ոտով մի քանի փողոցներ անցնելով, մտավ քաղաքի առաջին ճաշարաններից մեկը: Նստեց ընդարձակ սենյակի մի խուլ անկյունում և պահանջեց մի շիշ գարեջուր: Մյուս սենյակից լսվում էր բիլիարդի գնդակների չխչխկոցը: Շուրջը նստած էին փոքրիկ սեղանների քով թվով մոտ քսան եվրոպացիներ, մեծ մասամբ շվեդացիներ ու գերմանացիներ: Խմում էին, ընթրում, զվարճախոսում, ծխելով իրենց կարճլիկ ծխաքարշերից:

Սմբատի զգացումները շուտով սկսեցին բթանալ թմրեցուցիչ գարեջրի ազդեցությամբ: Մի պահ նրա աչքերից հեռացավ այն սև ուրվականը, որին համարում էր իր անհաջող սկսված ու դժբախտ շարունակվող ամուսնական կյանքը: Մոռացավ նաև Արշակին: Արժե՞ միթե մտածել նրա մասին: Կվատնի փողերն ու վաղ թե ուշ կվերադառնա տուն: Ինչ ասել է եղբայրական սեր, եթե ոչ մի հին նախապաշարում: Նույնն է և որդիական սերը: Բոլորը դատարկ, անիմաստ զգացումներ են, որ մարդիկ արվեստականորեն զարգացրել են իրենց մեջ դեռ վայրենության դարերում: Այո՛, կեղծ են բոլոր արյունակցական զգացումները, ինչպես կեղծ է առհասարակ մարդկային զգացումների իննսուն տոկոսը: Միայն մի զգացում է արմատական, անկեղծ, բնածին և անջնջելիեսասիրությունը: Հեռո՜ւ նախապաշարումներ, պետք է եսամոլ լինել: Սպասավո՛ր, գարեջուր: Այս լավ չէ, ուրիշը բեր, բե՛ր և մի բաժակ կոնյակ, բե՛ր երկրորդը, երրորդը:

Հաջորդ էջ