Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Նա խմում էր բաժակ-բաժակի հետևից: Մենակ էր, ազատ կնոջ անախորժ ձայնից, մոր անվերջ բողոքներից, երեխաների աղմուկից: Ա՜խ, երանի ամուրիներին: Ի՜նչ հաճելի է ռեստորանի մթնոլորտը, այս անծանոթ հյուրերի զվարթ դեմքերը: Այստեղ ամեն ինչ պարզ է և հասկանալի, իսկ տանը` բարդ, մթին:

Նա գլուխը դրեց կոների վրա` սեղանի եզրին: Մտքերը խառնաշփոթվել էին, այլևս չգիտեր ում մասին մտածի: Բոլորը և ամեն ինչ խառնվել էին նրա գլխում և դարձել անթափանցելի քաոս...

Մեկը ծխախոտի թանձր ծխի միջից մոտեցավ նրան, գդակը ձեռին, և կամացուկ արտասանեց նրա անունը: Նա գլուխը բարձրացրեց և տեսավ այն գործակատարներից մեկին, որոնց պատվիրել էր Արշակին գտնել:

Գտա՞ք այն անպիտանին, — հարցրեց նա, շիշը բարձրացնելով, որ բաժակը լցնի:

Այսօր տասներկու ժամին նրան տեսել են երկաթուղու կայարանում մի կնոջ հետ, գնացքի ժամանակ:

Մի կնոջ հե՞տ, — կրկնեց Սմբատը, — ախ, անպիտա՜ն, գարշելի՜... Պետք է փնտրել ու գտնել, անպատճառ գտնել: Է՜է, ինչո՞ւ եք եկել, ո՞վ ասաց, որ առանց գտնելու գաք...

Եկել եմ հայտնելու, որ հանքերից ձեզ խնդրում են...

Հրդե՞հ, — գոչեց Սմբատը, — է՛, ի՞նչ անեմ թող այրվի ամեն բան, թող այր՛վի, ոչնչանա...

Հրդեհ չկա, ուրիշ բանի համար են կանչում:

Շատ լավ, շատ լավ: Ասում եք` Արշակին տեսել են կայարանո՞ւմ: Ուրեմն, նա փախել է այդ կնոջ հետ: Պետք է ոստիկանությանը հայտնել, ամեն կողմ հեռագիրներ տալ, մարդիկ ուղարկել: Ա՜խ, անբարոյակա՜ն, փչացա՜ծ մանուկ: Սպասավո՛ր, ստացիր խմածիս փողը... Ես իսկույն կգնամ ոստիկանատուն: Ոստիկանատո՞ւն, — ավելացրեց նա, հանկարծ եղանակը փոխելով, — ի՞նչ հիմարություն: Ինչո՞ւ պիտի գնամ, մի՞թե պարտավոր եմ գնալու: Էհ, թող կորչի անիծվածը, նա իմ եղբայրը չէ, ես եղբայր չունեմ: Դուք էլ հեռացեք այստեղից, լսո՞ւմ եք, հեռացեք, թողեք ինձ հանգիստ: Սպասավոր, կոնյակ բեր...

Գործակատարն ապշած նայում էր. առաջին անգամն էր տիրոջը տեսնում այդպես հարբած:

Եթե կամենաք, ես կգնամ ոստիկանատուն, — ասաց նա, գդակը ձեռների մեջ ճմլտելով, — իսկ ձեզ խնդրում են անպատճառ և իսկույն գնալ հանքերը...

Է՜հ, հանքերը, հանքերը, ձանձրացրին ինձ այդ հանքերը: Սպասավոր, տելեֆոն ունե՞ք:

Կա:

Գործակատարը տելեֆոնի թելը միացնել տվեց Ալիմյանների հանքերի հետ, կանչեց Սուլյանին: Սմբատը խոսեց ինժեների հետ և իմացավ Միքայելին պատահած դժբախտությունը:

Ծեծե՞լ են. էէ՜յ, վիրավորե՞լ են, բայց ո՞վ, — գոչեց նա, մոլոր քայլերով հեռանալով տելեֆոնից:

Լուրը բավական սթափեցրեց նրան: Տրորեց ճակատը, կարծես, քնից արթնանալու համար, հրամայեց գործակատարին գնալ, ոստիկանատանը հայտնել Արշակի կորստյան մասին, իսկ ինքը դուրս եկավ, կառք նստեց և հրամայեց քշել դեպի հանքերը:

Սառն օդն արթնացրեց նրա թմրած ուղեղը: Եղբոր ծեծվելու լուրը նոր միայն սկսեց ազդել նրա վրա: Ո՞վ գիտե, գուցե սպանված է, Սուլյանը թաքցրեց: Կարող էր ինքնասպանության գործել. վերջին ժամանակ շատ էր խորասուզվել ինքն իր մեջ: Հարկավ, տանջվում էր վիրավորված պատվի զգացումից: Տեր աստված, այս ի՞նչ խայտառակ դրություն է. մեկը ծեծված և անպատիվ եղած ամբողջ քաղաքում, մյուսը` հիվանդոտ, գող և փախստական, քույրը` կռվարար, չարասիրտ, մայրը` թույլ իր զավակների բարք ու վարքերի վերաբերմամբ: Իսկ ի՞նքը, ի՞նչ էր անում այն ճաշարանում: Հարբում էր իր վշտերը մոռանալու համար: Այդ ի՞նչ չար ոգի է մտել Ալիմյան ընտանիքի մեջ և քայքայում է նրան: Ո՞վ է անիծել այդ խեղճ ընտանիքին: Ինչո՞ւ հարստությունը երջանկացնելու փոխարեն դժբախտացնում է նրան: Վերջապես, այս ի՞նչ ընտանիք է, ավանդությունները մոռացված, բարոյական կապերը խախտված, ի՞նչ պիտի լինի այս քաոտիկ դրության վերջը...

Այս ծանր մտքերի տակ Սմբատը հասավ հանքերը:

Ծեծն այնքան սաստիկ էր եղել, որ Միքայելի կյանքին վտանգ էր սպառնում: Բաց օդի տակ նա մնացել էր ուշաթափ երկար ժամանակ: Ուշքի գալով, իրեն տեսել էր մի քանի մշակների ձեռների վրա: Նորից ուշաթափվելով և նորից ուշքի գալով, աչքերը բաց էր արել և գլխի վրա նշմարել էր Սուլյանի ու Դավիթ Զարգարյանի հուզված դեմքերը, նաև մի զույգ անկեղծ ցավակցությամբ լի սիրուն աչքեր:

Անմիջապես լուր էին տվել տեղական ոստիկանությանը, բժիշկ էին հրավիրել վերքերը կապելու: Նա խնդրել էր, որ ոստիկանապետն իրեն քննության չենթարկի, անհայտ չարագործներ էին, կողոպտելու համար ծեծեցին և անհետացան: Ոչ մեկին չի ճանաչում:

Տեսնելով Սմբատին նա արտասվեց երեխայի պես:

Երեքը մեկի վրա, երեքը մեկի վրա, — կրկնեց նա, կարծես վախենալով, որ եղբայրը կմեղադրի իրեն պարտության համար:

Նրա ամբողջ մարմինը ծածկված էր կապույտ բծերով, բազուկը դանակի հարվածով վիրավորված, դեմքն անխնա ճանկռոտված: Ամենից վտանգավորը գլխի վերքն էր: Բժիշկն ասում էր, թե այդ վերքից կարող է առաջանալ արյան բորբոքում: Անհրաժեշտ է համարում անպայման անդորրությունը:

Զարգարյան ընտանիքը շրջապատել էր նրան, ամեն ոք աշխատում էր մի բանով օգտակար լինել:

Հետևելով հոգու բնական բարի ձգտումներին, Շուշանիկը մոռացավ իր վիրավորանքը և սկսեց հարազատ քրոջ խնամքով ծառայել հիվանդին այնպես, ինչպես շատ հիվանդ բանվորների էր ծառայել: Դեպքը բացառիկ էր. ներելի էր մի օրիորդի ցավակցել մի օտար երիտասարդի, որ պառկած էր կից սենյակում, ջարդված, վիրավոր և հուսահատ: Ուստի տնեցիները դեմ չէին, որ նա ծառայի հիվանդին:

Հետևյալ օրը ճակատի վերքն սկսեց Միքայելին նեղել: Հարկավոր եղավ քաղաքից հրավիրել վիրաբույժ: Քննեց և գլուխը տարակուսաբար շարժեց, վերքը բավական խոշոր էր և խորը, վտանգը ուղեղին էր սպառնում: Հիվանդը ստեպ-ստեպ ուշաթափվում էր:

Սմբատն ուղևորվեց քաղաք` դժբախտ լուրը մորն զգուշությամբ հաղորդելու: Այրին տակավին հուսահատ դրության մեջ էր: Չէր հավատում, թե Արշակին տեսնող է եղել կայարանում: Շարունակ կրկնում էրաշխարհը տակն ու վրա արեք, խեղճ երեխայիս մարմինը գտեք»: Նույնը կրկնում էր և՛ նրա աղջիկը: Եվ երկուսն էլ իրենց սրտի թույնը թափում էին Անտոնինա Իվանովնայի գլխին, տեղի անտեղի բարձրաձայն հայհոյելով նրան, որ իր հետ մի շարք դժբախտություններ բերեց ընտանիքի գլխին:

Նոր լուրը, հարկավ, սաստիկ ներգործեց այրիի վրա: Նա ուշաթափվեց: Նրան ուշքի բերեց Մարթան, և իսկույն մայր ու աղջիկ ճանապարհ ընկան դեպի հանքերը Իսահակի ուղեկցությամբ: Հասան այն ժամանակ, երբ բժիշկները սպասում էին ուղեղի բորբոքման:

Իսահակ Մարութխանյանը, չափազանց հետաքրքրված, թաքուն հարցնում էր բժիշկներին, կմեռնի՞ արդյոք Միքայելը, թե՞ կապրի: Բժիշկներից մեկը հուսահատությամբ գլուխը շարժեց: Եվ ոչ ոք Մարութխանյանի կանաչ-դեղնագույն աչքերի մեջ չնշմարեց ուրախության փայլը:

Իրիկնադեմին Միքայելը գիտակցությունը կորցրեց, սկսեց զառանցել սաստիկ տաքությունից: Ամբողջ մի ժամ ինքն իրեն խոսում էր, տրորվելով անկողնի մեջ: Մերթ նստում էր, մերթ պառկում, շարունակ վերմակը վրայից հեռացնելով: Նրա անկապ խոսքերն այրիի համար մասամբ պարզեցին զգուշաբար թաքցրած գաղտնիքը: Արդեն Մարթան մի քանի անգա՛մ ակնարկել էր նրա մոտ եղբոր և տիկին Ղուլամյանի մեջ եղած հանցավոր կապի մասին: Այրին մի առանձին նշանակություն չէր տվել լուրին, ժամանակները փոխվել են, այն շատ առաջ էր, երբ կինը հավատարիմ էր ամուսնուն: Այժմ ամենքը դավաճանում են: Ի՞նչ անենք, որ Անուշ Ղուլամյանի թուլությունից օգտվողը նրա որդին է: Երիտասարդ է, ամուրի, «տաքարյուն», թող ապրի, «քեֆ անի»: Նա մտքում դեռ մի փոքր էլ պարծեցավ որդու քաջությամբ: Ղոչաղ տղա է, որ կարողանում է կնոջը մարդու ծոցից հանել, միայն պետք է զգույշ լինի, «թաքուն անի» ամեն բան, որ ոչ ոք չիմանա:

Միքայելն իր զառանցանքի մեջ կրկնում էր, «կորի՛ր, խայտառակ, անպատկառ, դու ինձ անպատվեցիր, դու ինձ կեղտոտեցիր, սպանեցիր բարոյապե՛ս, կորի՛ր, կորի՛ր»... Հաջորդ խոսքերից Սմբատն արդեն հասկացավ, որ Պետրոս Ղուլամյանն է ծեծել տվել Միքայելին:

Զառացանքն անցավ կես գիշերից հետո: Հիվանդը լռեց ու նիրհեց: Առավոտը, աչքերը բանալով, պղտոր հայացքը հառեց մոր երեսին: Չնայելով տակավին շարունակվող տագնապին, զգում էր ինչ-որ թեթևություն: Գլխի վերքը երեկվա չափ ցավ չէր պատճառում: Երբեք մայրական դեմքն այնքան հաճելի չէր թվացել նրան, երբեք այնքան գգվանքի կարոտ չէր զգացել, որքան այդ օրը: Նա զգացվեց, բռնեց մոր ձեռը և սեղմեց կրծքֆն:

Ներս մտավ Շուշանիկը` թեյի սկուտեղը ձեռին, մոխրագույն շալն ուսերին գցած: Նրա այլևս մտախոհ դարձած աչքերը կարեկցաբար դարձան դժբախտ մոր կողմը, լռիկ հարցնելով, արդյոք, ինչպե՞ս է այսօր հիվանդը: Այրին գաղտնի սրբում էր տամուկ աչքերը սև մետաքսյա թաշկինակով: Հիվանդի դեմքով սահեց խորին երախտագիտության ժպիտ: Սպիտակ թաշկինակով կապված ճակատի տակից կարմրած աչքերը հառեց օրիորդի վրա: Մտաբերեց այն օրը, երբ հանդգնել էր այդ անարատ և բարեսիրտ էակի վերաբերմամբ արտահայտել կեղտոտ միտումներ: Բարկացավ մտքում ինքն իր դեմ, որ դեռ երեկ զարմանում էր, թե ինչու այդ աղջիկն աղքատության մեջ այնքան հպարտ է, ինքնասեր, անմատչելի: Ա՜խ, ինչպե՞ս հասկացնի այժմ, թե պատրաստ է հենց այս դրության մեջ չոքել նրա առջև, հազար անգամ ներում խնդրել, նույնիսկ համբուրել հագուստի փեշերը, ինչպես սրբություն:

Երբ Շուշանիկը, սովորական «բարի լույս» ասելով, սկուտեղը դրեց սեղանի վրա և հանդարտ քայլերով դուրս գնաց, հիվանդը դարձավ մորը.

Հավանո՞ւմ ես այդ աղջկան:

Շա՜տ...

Հիվանդի պղտոր աչքերի մեջ փայլեց ուրախություն, որ սակայն, նույն վայրկյանին փոխվեց տրտմության: Ուրիշ ոչինչ չասեց, երեսը դարձրեց պատին և հառաչանքը խեղդեց վերմակի տակ: Մի փոքր անցած, մայրը լսեց նրա զսպված հեկեկանքը:

Իրիկնադեմին նորից սկսեց զառանցել: Վիրաբույժը նոր էր փոխել վերքերի սպեղանին և քաղաք վերադարձել: Հիվանդը մի քիչ նիրհել էր: Այրին, վիշտը փարատելու համար, խնդրել էր Շուշանիկի մորն ու հորաքրոջն իր մոտ, և նրանց հետ կամացուկ զրուցում էր:

Հիվանդը նախ սկսեց տնքտնքալ, հետո վերմակը դեն շպրտեց և առողջ ձեռը զարկեց պատին: Այժմ զառանցանքի միտքն ա՛յլ էր: Տիկին ԱննանՇուշանիկի մայրըլսեց իր աղջկա անունը, զարմացավ, կրկին լսեցցնցվեց: «Ե՞ս ներում խնդրեմ, ե՞ս, ե՞ս, Միքայել Ալիմյա՞նս, Շուշանիկ, Շուշանիկ, ֆի, ի՛նչ վատ անուն է»: Եվ, մի փոքր անցած, «սուս, գալիս է շալն ուսերին գցած, ճակատը բաց, աղքատ ու հպարտ, չեմ տալ քեզ, չեմ տալ, Սմբատ»: Այնուհետև լռեց և հետո, ձայնն ավելի բարձրացնելով, գոչեց. «սուտ եք ասում, այո՛, սուտ եք ասում, ոչինչ զանազանություն չկա մեր մեջ, Սմբատն ինձանից լավ չէ, ես վատ մարդ չեմ»:

Ճիշտ այդ վայրկյանին ներս մտավ Սմբատը, մոտեցավ անկողնակալին, լսելիքը լարեց: Հատուկտոր դարձվածները շաղկապելով, կազմեց ամբողջ գաղափար եղբոր գաղտնի զգացումների մասին, գուշակեց, որ նա հափշտակված է Շուշանիկով: Նա և՛ խղճաց եղբորը, և՛ զգաց դարձյալ նախանձ: Ինչո՞ւ, մի՞թե կա որևէ նախանձի արժանի բան այդ բարոյապես ընկած, խայտառակված, ծեծված և կիսամահ երիտասարդի մեջ:

Ամբողջ գիշեր Սմբատը մոր հետ անքուն անցկացրեց հիվանդի անկողնակալի մոտ: Եղան վայրկյաններ, երբ կարծում էր, թե եղբայրը մեռնում է: Նրա սիրտն էր մորմոքվում այն մտքից, թե Միքայելը կարող է երիտասարդ կյանքը վերջացնել այդպես խայտառակ:

Հետևյալ օրը բժիշկների նոր քննությունը հաստատեց, որ տագնապն անցել է, բայց պահանջվում է անդորրության: Սմբատն ուղևորվեց քաղաք՝ Արշակի մասին լուր իմանալու:

Ամբողջ օրը հիվանդի դրությունը լավ էր, գիշերը սա քնեց անվրդով, իսկ մյուս առավոտ զարթնեց բավական կազդուրված: Կեսօրվա դեմ նրան պաշարեց ինչ-որ տենդային ոգևորություն: Շարունակ խոսում էր մոր հետ, ներումն էր խնդրում, որ այնքան ցավ ու տանջանք էր պատճառել նրան իր վատ կյանքով: Ասում էր, թե այսուհետև այլևս աշխատկու է ուղղել իրեն, թե ամեն բանից ձանձրացել է, միայն թե առողջանա... Օ՜օ,, նա չի ուզում մեռնել...

Ճաշից հետո եկան բժիշկները և հայտնեցին, թե ալյևս հիվանդն առողջանում է: Այրին մի փոքր հանգստացավ: Շտապեց Սմբատի հետ ուղևորվել քաղաք: Նրան թվում էր, թե Արշակի մասին քաղաքում վատ լուր է ստացվել, իրենից թաքցնում են և թե ինքը կարող է անձամբ իմանալ այդ լուրը:

Հիվանդին հանձնեցին Դավիթ Զարգարյանի խնամքին, հակառակ Սուլյանի ցանկության, որ ձգտում էր ամեն կերպ ծառայել իր տիրոջը` նրա սիրտը շահելու համար: Հոգու խորքում ինժեներն ուրախացավ, երբ մի քանի օր առաջ լսեց բժիշկների կարծիքը: Այժմ, երբ Միքայելն առողջանում էր, նա բարվոք էր համարում ցույց տալ նրան անսահման կարեկցություն:

Մի գիշեր ևս խաղաղ քնելուց հետո, հիվանդը զարթնեց այնքան կազդուրված, որ կամեցավ ոտքի վեր կենալ: Սակայն բժիշկը պատվիրեց մի օր էլ պառկած մնալ:

Իրիկնադեմին խմբովին այցելեցին նրան իր նախկին ընկերները, բոլորն էլ բավական հարբած, բացի Պապաշայից: Այդ օրը Պապաշան իր հանքերում ճաշ էր տվել մի եկվոր խմբագրի, որի լրագրում հաճախ նա անվանվում էր «հայտնի բարեգործ»:

Քյազիմ-բեգը ցույց տվեց, թե կատաղած է անհայտ սրիկաների դեմ: Օ՜օ, նա անպատճառ կիմանա ովքեր են այդ չարագործները և մի լավ պատժել կտա: Իշխան Նիասամիձեն, ձեռը դնելով դաշույնի վրա, երդվում էր բոլորին կոտորել: Մելքոնն ու Մոսիկոն դեմքերով զանազան նշաններ էին անում միմյանց և հեգնաբար ժպտում: Բանն այն է, որ նրանք գուշակում էին, թե ով պիտի լինի Միքայելին ծեծել տվողը:

Իրավաբան Փեյքարյանը պնդում էր, թե` եթե չարագործները գտնվեն, անպատճառ կաքսորվեն «за покушение на убийство».

Գտնելը դժվար չէ, հաստատելն է դժվար, — երկդիմի ակնարկեց Մոսիկոն և, բութ մատները թաքուն դնելով ականջների ծակերը, ցուցամատները բարձրացրեց վերև:

Ես էլի կասեմ, վերը, ըըը, խաղաղությունը լյավ պեն ա, — ասաց Պապաշան:

Չնայելով տխուր այցելության, պատկառելի ամուրին շատ ուրախ էր տրամադրված: Խումբն սկսեց նրա վերաբերմամբ սրախոսել, հետո նրա հետ կատակներ անել: Գրկում էին նրան, կողերին բոթում, համբուրում, բարձրացնում վերև: Իսկ նա, ժպիտը երեսին, կրկնում էր.

Նուշ ա, նուշ ա...

Այդ ասել էր, թե ընկերների կատակները հաճելի են իրեն:

Շտապիր շուտով վեր կենալ, Մեխակ, — ասաց Մոսիկոն, — Պապաշան մեծ ճաշկերույթ պիտի տա այս օրերս: Իռլանդիայից երկու գիտնական ճանապարհորդներ են գալիս, նրանց համար ուզում է բանկետ սարքել և, եթե կարելի է, իր վիճելի նավթահողերը նրանց վզին կապել: Ճառ պիտի ասի Բագվի համաշխարհային նշանակության մասին... Պապաշան այժմ կոսմոպոլիտ է դարձել... Ազգասիրությանը խեր չբերեց...

Միքայելը սկզբում քաղաքավարության համար կեղծ ժպտում էր: Բայց շուտով ձանձրացավ խմբի շաղակրատանքից. զգում էր պարզ, որ շատերն իրեն ծաղրելու համար են եկել, մանավանդ Մոսիկոն, որին նա չէր սիրել: Նա չափից դուրս վրդովվեց, երբ քնահարբ թղթամոլը, գիտակցաբար թե անզգուշությամբ, հիշեց Գրիշայի անունը և ակնարկեց հաշտության մասին:

Երևի, սրախոսությանդ նյութը սպառվել է, — ասաց նա խորին սրտմտությամբ:

Ինչո՞ւ, բավական կա, եթե կամենաս.

Ուրեմն, ինձ հանգիստ թող...

Ձերդ պայծառափայլություն, գնանք, մեր բարեկամը վատ է տրամադրված, — դարձավ Մոսիկոն իշխան Նիասամիձեին:

Միքայելին թվաց, թե Մոսիկոն ինչ-որ ծաղրական նշան արավ Նիասամիձեին իր վերաբերմամբ: Նրա նրբացած նյարդերն արդեն անզոր էին հանդուրժել ամենաթեթև ծաղրը, ուստի չկարողացավ իրեն զսպել և ասաց.

Այո՛, շատ վատ եմ տրամադրված, միայն ոչ վեհանձն մարդկանց դեմ:

Ի՞նչ ես ուզում ասել, — հարցրեց Մոսիկոն:

Այն, որ հետևիցս հազար ու մի բան ես ասում, ծաղրում ինձ իբրև վախկոտի և գալիս ես առերես ցավակցություն հայտնելու: Դա մարդավարություն չէ, բարեկամ...

Նկատողությունն արդարացի էր: Մոսիկոն զգաց իր մեղքը նա իր լեզուն չէր զսպել ընկերոջ վերաբերմամբ նույնիսկ Սուլյանի մոտ, որ այժմ ներկա էր և որ անզգուշություն էր ունեցել իր լսածը Միքայելին հաղորդելու: Այնուամենայնիվ, նա չուզեց խոսքի տակ մնալ և պատասխանեց.

Եթե մարդավարության մասին սկսենք խոսել, կարող ենք շատ հեռու գնալ, այն ժամանակ, ով գիտե, ինչ բաներ կբացվեն: Լավն էն է, որ ես լռեմ:

Ո՛չ կարող ես խոսել, ասա, ինչ ուզում ես, — շեշտեց Միքայելը գրգռված, — լավ կլինի, որ մի օր անկեղծ լինենք:

Անկեղծ, ո՛չ, բարեկամ, անկեղծությունը հնացած բան է, ես փտած ապրանք առնող չեմ: Փորձիր մի րոպե անկեղծ լինել, կտեսնես տակից ինչ հոտած ձկներ են դուրս գալիս:

Ակնարկը պարզ էր և հասկանալի: Միքայելն ավելի վրդովվեց:

Ձերդ պայծառափայլություն, — դարձավ նա կծու հեգնությամբ իշխան Նիասամիձեին, — այս խոսակցությանը վերջ տալու համար չե՞ք կարող մի բան պատմել Թիֆլիսի անգլիական կլուբի կյանքից:

Մոսիկոն ցնցվեց: Պատմում էին, որ մի օր նա անգլիական կլուբում թղթախաղի ժամանակ ինչ-որ թեթև զեղծումն է թույլ տվել իրեն: Նկատել են և քաղաքավարությամբ վռնդել կլուբից:

Մեր Բագվումն այնքան խոսելու նյութ կա, — նկատեց չափազանց վիրավորված, — որ կարծեմ Թիֆլիս գնալն ավելորդ է:

Օրինա՞կ, — հարցրեց Միքայելը, շրթունքները կրծոտելով:

Օրինակ, մի՞թե խոսակցության առարկա չի կարող լինել, թե ինչպե՞ս մեզանում կանայք երբեմն բեղեր են ունենում, կամ ինչո՞ւ մի բռի խանութպան կարողանում է սրիկաների միջոցվ Օթելոյի դեր կատարել...

Բոլորը լուռ նայեցին միմյանց երեսին, հետո Միքայելին: Նկատողությունը վերին աստիճանի հանդուգն էր և թունալի: Ամենքը սպասում էին Միքայելի ավելի վիրավորական պատասխանին: Քյազիմ-բեգը բեղերը հաճույքից սրում էր, որ վեճի ամենախիստ պահին պիտի առիթ ունենար միջամտելու և ընկերներին նախատելու: Իշխան Նիասամիձեն դեմքով նշաններ էր անում Մոսիկոյին, որ լռի: Իսկ Պապաշան, շոգից հոգնած ոչխարի պես, գլուխը դեսուդեն էր ծռում: Նա ուրախ կլիներ ազատվել անախորժ վեճին վկա լինելուց, զարմանալի մարդիկ են այդ «ջահելները», ասեն մի չնչին բան նրանց սրտին դիպչում է:

Միքայելը մի վայրկյան դողալով, գրգռված, նայեց հակառակորդի երեսին, ապա նրա կատաղությունն ավելի ընդարձակվեց և տարածվեց դեպի բոլոր ընկերները:

Ի՞նչ եք ուզում ինձանից, — գոչեց նա, ինքն իրեն մոռանալով, — ինչո՞ւ եք եկել, ո՞վ է, ձեզ խնդրել գալու: Գնացե՛ք... ձեր բոլորի բարեկամությունը ինձ ձանձրացրել է: Գնացեք... Դուք իմ ընկերները չեք...

Այս անսպասելի հարձակումը բոլորին ապշեցրեց. վիրավորողը մեկն էր, իսկ Միքայելը կատաղում էր ամենքի դեմ:

Յավաշ, յավաշ, — ասաց Քյազիմ-բեգը հեգնաբար, — մենք ի՞նչ մեղք ունենք:

Դուք բոլորդ նման եք միմյանց, բոլորդ...

Աֆերիմ, սիրեցի պարզախոսությունդ, աֆերիմ, իմ արևը, գրաստն ես ասում:

Իհարկե, ըըը, դրուստն է ասում, — փորձեց Պապաշան վեճը կատակի դարձնելու, — մենք լա, ըըը, մարդ չենք, մարդանման վըեր ըըը...

Պարոննե՛ր, — մեջ մտավ Մելքոնը վիրավորված, — ես հասկանում եմ` ինչու է մեր ընկերությունն Ալիմյանին ձանձրացրել: Ես այստեղ սև նավթի փոխարեն, այսպես ասած, մանիշակի անուշ բուրմունք եմ զգում, թարմություն, անմեղություն: Հըմ, Սուլյան, ինչո՞ւ ես դեսուդեն մտիկ անում: Կարծեմ, ամենից առաջ դու ես հասկացել բանի էությունը: Հիշո՞ւմ ես ասածներդ...

Ինժեները նեղն ընկավ: Բանն այն է, որ նա հարուստ երիտասարդների անչափ հետաքրքրությանը գոհացում տալու, նրանց դուր գալու և, որ ամենագլխավորն է, Դավիթ Զարգարյանին մի քիչ վրեժխնդիր լինելու համար, ինչ-որ վատ ակնարկներ էր արել Շուշանիկի վերաբերմամբ:

Մելքոնի անզգույշ խոսքերը նրան վախեցրին: Շփոթված նայեց Միքայելի այլայլված դեմքին և խոսակցությունը կտրելու համար ասաց.

Պարոննե՛ր, ինչո՞վ կկամենաք ձեզ հյուրասիրեմ:

Բավական է, ինչքան հյուրասիրվեցինք, գնա՜նք, — ասաց Քյազիմ-բեգը:

Յոլա գնա, ըըը, ջահելներ եք, ըըը, ցտեսություն, Մեխակ ջան, վաղը երկաց, ըըը, մոտս եկ, — արտասանեց Պապաշան, տակավին չկամենալով լուրջ նշանակություն տալ ընկերների վեճին:

Բոլորը դուրս գնացին: Քյազիմ-բեգը երգում էր.

Բըլ մուժ սը ռագամի՛, բիլ օն մալաթցա՛...

Միքայելը ոտքի կանգնեց կատաղած: Բայց ուշ էր, Քյազիմ-բեգի ձայնը արդեն դրսից էր լսվում.

Անպիտաննե՜ր, — գոռաց Միքայելն այնպես, որ բոլորը լսեցին նրա ձայնը...

VI

Վերջապես ոստիկանությունը հայտնեց, թե Արշակը գտնվել է Թիֆլիսում և շուտով կհանձնվի ընտանիքին: Փախստականին բռնել էին հենց այն միջոցին, երբ մի ինչ-որ կնոջ հետ թև-թևի տված թատրոն էր մտնում: Անծանոթ կինն անհետացել էր, իսկ Արշակին հետևյալ օրն իսկ ուղարկել էին Բագու:

Պատանուն տուն բերեցին կառքով երկու ոստիկաններ: Նրա աչքերի կոպերը երկար անքնությունից ուռել էին, դեմքը ավելի թառամել: Հիշեցնում էր անտուն, անտեր և հասարակական ստորին խավերում դեգերող մի շրջմոլիկի:

Ոսկեհատը հեկեկալով հարձակվեց նրա վրա, սեղմեց կրծքին: Կշտամբեց, բայց միայն այն պատճառով, որ մորը չէր հայտնել, թե ուր է գնացել: Անվերջ համբույրներով արտահայտեց թուլասիրտ ծնողի անվերջ ներողամտությունը: Խրախուսվելով այդ համբույրներից, Արշակը զգաց, թե դեռ կարող է ընդդիմադրել ավագ եղբորը: Ահա ինչու շատ էլ չվախեցավ, երբ Սմբատը գրեթե ուժով քաշեց, տարավ նրան մի խուլ սենյակ:

Մեծ եղբայրն ստիպում էր ամեն ինչ խոստովանել, փոքրը համառում էր: Արշակը ոչ ոքի պարտավոր չէ հաշիվ տալու, նա ազատ է, ինքնագլուխ:

Ձեռ քաշիր ինձանից, ես ստրուկդ չեմ, — գոչեց նա, փորձելով փախչել:

Այստեղից դուրս չես գնալ, մինչև որ չես խոստովանիլ մեղքդ:

Արշակի աչքերը պսպղացին, բռունցքները սեղմվեցին:

Թո՛ղ ինձ, ասում եմ, թո՛ղ, — գոռաց նա, ոտները հատակին զարկելով:

Եթե չես խոստովանիլ, պալիցիային կհայտնեմ գողությունդ կբանտարկեն ու հետո կաքսորեն:

Սպառնալիքը ներգործեց. Արշակը վախեցավ և խոստովանեց, թե ինքն է կոտրել սեղանի դարակը և վազերը վերցրել:

Դա գողություն չէ, այլ «վերցնել», հարկավոր էր, վերցրեց, իր հոր փողերն են, ուրիշինը չեն:

Մոտ երեք հազար ռուբլուց նրա գրպանում մնում էին երկու հարյուրանոց և մի քանի հատ մանր թղթադրամներ: Կարևորը Սմբատի համար փողերը չէր, այլ տխուր փաստը, այն, թե ո՞վ է եղել գողության մասնավոր շարժառիթը և ո՞ւմ վրա են փողերր ծախսվել: Այս կետի վերաբերմամբ Արշակը ցույց տվեց զարմանալի համառություն:

Քեզ հետ կին է եղել, — պնդում էր Սմբատը:

Չի եղե՛լ, չի՛ եղել, չի՛ եղել, — կրկնում էր Արշակը:

Սմբատը վճռեց դիմել ստի օգնության: Նա ասաց, թե «այդ կինը» բռնված է և այժմ բանտում նստած: Արշակը ցնցվեց. աչքերի ուռած կոպերը բարձրացան վերև, անշարժ մնացին, քթի պնչերը կապտեցին ու սկսեցին դողալ: Կուրծքը ուժգին բարձրացնում էր ու ցած իջնում:

Ի՞նչ ասացիր, — գոչեց, — Զինաիդան բանտո՞ւմն է, իմ Զինա՞ն, այդ անկարելի է...

Այո՛, քո Զինան, այդ քնքուշ ու սիրուն կինը հիմա նստած է բանտում գողերի ու մարդասպանների հետ:

Անաստվածնե՜ր, նա մեղավոր չէ, ես եմ մեղավոր, ես եմ փողերը գողացել ու ծախսել: Նրա մոտ եղած փողերն իրենն են, հորից է ստացել... Ես նրան փող չեմ տվել, այո՛, չեմ տվել, նա ինքը հարուստ է...

Արդեն այս խոսքերով Արշակն իրեն մատնում էր:

Բայց ո՞վ է այդ Զինաիդան, ո՞րտեղացի է, ի՞նչ պտուղ է:

Պտուղ չէ , պարոն, հարսնացուս է, հասկացի՛ր, հարսնացուս:

Այժմ ցնցվողը Սմբատը եղավ: Ահա ինչ, ուրեմն այդ պատանին հարսնացու էլ ունի:

Ինչո՞ւ չպիտի ունենամ, ումի՞ց եմ պակաս, կամ ո՞վ կարող է ինձ արգելել: Ես պիտի Զինայի հետ Թիֆլիսում պսակվեի, հենց նրա համար էլ գնացել էի: Ինչո՞ւ չթողեցիք... Ես նրան ազնիվ խոսք եմ տվել, պիտի կատարեմ, ինչպես ջենտլմեն, թեկուզ բանտ գցեք, կախաղան բարձրացնեք, պիտի կատարեմ: Սիրում եմ Զինային, հասկանո՞ւմ ես, ինչ ասել է... սեր... Օ՜օ, ես ինձ կսպան եմ, եթե մեզ բաժանեք:

«Ազնիվ խոսքե եմ տվել և այդ ազնիվ խոսքը տասնուվեց տարեկան պատանին կատարում է գողության միջոցով:

Բայց գոնե ասա, ի՞նչ շրջանի աղջիկ է այդ Զինան, ո՞վ:

Նրա ծնողները Մոսկվայումն են: Շատ ազնիվ աղջիկ է: Այստեղ առաջ մի լավ ընտանիքում գուվերնանտկա էր աշխատում: Ես ստիպեցի, որ պաշտոնը թողնի: Այստեղ Զինայի պես աղջիկ չկա, ֆրանսերեն խոսում է ինչպես փարիզուհի: Ինձ էլ սովորեցնում է, ինչպե՞ս կարելի է այնպիսի աղջկան բանտ գցել: Ես ուզում եմ նրա հետ պսակվել և պիտի պսակվեմ: Ծիծաղում ես, հաա՞, բաս ինչո՞ւ դու պսակվեցիր առանց ծնողներիդ կամքի և հակառակ մեր կրոնի: Իմ Զինան էլ քո կնոջ պես կրթված է: Ի՞նչ էիր մտածում, պիտի գնայի ու մի քթի մազ հայ աղջկա հետ պսակվեի, որ բերանից սխտորի հոտ փչեր, ֆի դոն, մովե...

Սմբատը չգիտեր` ծիծաղեր, բարկանար, թե՞ գժատուն ուղարկեր եղբորը: Այնինչ, Արշակը քանի գնում խրոխտանում էր: Սկսեց պահանջել, որ իսկույն, առանց մի րոպե հետաձգելու, հարսնացուին ազատեն բանտից: Զինաիդան այնտեղ կխելագարվի, այնքան քնքուշ է, այնքան բարի սիրտ ունի: Ա՜խ, Զինա՜, Զինա՜...

Լի՜րբ, — գոչեց Սմբատր այլևս չկարողանալով զայրույթը զսպել, — դու մեր ժամանակի իսկական ծնունդն ես, դու մեր կյանքի այժմյան քաոսի զավակն ես...լ ի՜րբ... Այդ Զինան բանտարկված չէ, բայց դու երբեք նրա երեսը չես տեսնիլ...

Արշակն ուրախացավ, որ իր սիրեցյալն ազատ է, բայց ինչո՞ւ նրա երեսը չի տեսնել, ո՞վ կարգելե նրան: Նա ոչ ոքից կախում չունի, ա՜յ, ինչ կասի, ո՛չ ոքից:

Ես ազատ քաղաքացի եմ... Է՜է, այն հին դարերում էր, երբ մեծերը և ուժեղները պստիկներին և թույլերին ստրկացնում էին: Մի կարծիլ, թե մենք Ասիայում ենք ապրում, ուրեմն ամեն բան կարելի է անել: Այժմ անհատական ազատության ժամանակն է, տասնուիններորդ դարի վերջը, հասկանո՞ւմ ես. ֆեն դը սիեկլ...

Ֆեն դը սիեկլ, — կրկնեց Սմբատը դառն ծիծաղելով, — ափսոս միայն որ այդ «ֆեն դը սիեկլը» կլինի և՛ քո կյանքի վերջը, և դա երբեք չես հասնիլ քսաներորդ դարին: Նայի՛ր հայելուն. մի՞թե չես զգում, որ ոտքի վրա կենդանի փտում ես, ամբողջ մարմինդ որդնել է... Մի՞թե չգիտես, ողորմելի...

Իսկի էլ չեմ փտում: Դու կարծում ես` նա է մարդ, որ հաստ փոր ու կարմիր թշեր ունի: Ներողություն, մեր դարը ներվային դար է, զգացում ունեցողներն ու մտածողները միշտ ինձպես դեղնած են լինում: Գալով հիվանդությանս, է՜է, սովորական բան է: Դու ինձ ասա, ո՞ր արիստոկրատն է մեր ժամանակում ազատ իմ ախտից...

Նա խոսում է այնքան ոգևորված և այնքան լուրջ, որ ակամա շարժեց եղբոր ժպիտը: Բայց շուտով Սմբատի արյունը դարձյալ գլխին խփեց և նա գոչեց.

Լի՜րբ, աներես, լռի՛ր, քանի որ խելքս գլխիս է:

Ներս վազեց այրի Ոսկեհատը և ընկնելով որդիների մեջ, սկսեց պաշտպանել Արշակին: Նա կարծում էր, թե Սմբատն ուզում է եղբորը ծեծել:

Երեխաս դեռ չի հանգստացել, — ասաց նա, մի ձեռով գրկելով Արշակին, — ո՞վ գիտե, քաղցած էլ է, դու խրատելու ժամանա՞կ ես գտել:

Ա՜խ մայրիկ, — գոչեց Սմբատը խորին հանդիմանությամբ, — այդ տղային փչացնողը հենց դու ես: Այդքան երես տալ չի լինիլ: Չեմ հասկանում, այդ ի՞նչ մայրական սեր է...

Քեզ էլ եմ սիրել, որդի, — հառաչեց այրին, — բայց տասներկու տարեկան չկայիր, հայրդ քեզ խլեց ինձանից, ուղարկեց օտար երկիր: Ասաց, «թող գնա, հեռու լինի փչացած ընկերներից, մարդավարի մարդկանց մեջ ապրի»: Տվեց քեզ Մոսկվայում Բագատուրովներին: Տարեն երկու ամսով երեսդ ցույց էիր տալիս ինձ ու էլի հեռանում, արտասուքն աչքերումս թողնելով: Սիրում էի քեզ աչքիս լույսի պես, բայց որ հեռացար, սկսեցի մխիթարվել Միքայելով ու հետո Արշակովս: Լա՛վ կրթեցին քեզ, ինչ ասե՛մ, լա՜վ մարդկանց մեջ ապրեցիր: Խլեցին քեզ ծնողներիցդ, օտարացրին, գնացիր պապերիդ հավատը խայտառակեցիր: Դու ինձ համար կորած էիր, ի՞նչ անեի, որ մյուս որդիներիս չսիրեի: Արշակ, Արշակ, արա, ի՛նչ որ ուզում ես, բայց մի բան չանեսեղբորդ օրինակին չհետևես: Վայ ինձ ու քո հոր գերեզմանին, եթե դու էլ նրա ճանապարհով գնաս: Դու միշտ կարող ես քեզ ուղղել, Սմբատը չի կարող. հիմա տեսնում եմ, որ չի կարող, այ իմ ցավն ու տանջանքը:

Նա սկսեց արտասվել, գլուխը դնելով փոքր որդու ուսերին:

Սմբատը լուռ դուրս գնաց: Նա լռեց, որովհետև զգաց, որ մայրն իր տեսակետից միանգամայն իրավացի է, լռեց, որովհետև զգաց, որ ճիշտ` իր սխալն անուղղելի է:

Հետևյալ օրը, կանուխ զարթնելով, նա ուղևորվեց հանքերը: Միքայելն արդեն վեր էր կացել անկողնից, միայն ճակատի վերքը կապած էր թաշկինակով:

Գնա՜նք քաղաք, — առաջարկեց Սմբատը:

Միքայելն աչքերը թթվացրեց, նա չէր ուզում քաղաք տեղափոխվել: Բայց ի՞նչ օգուտ. Շուշանիկն այլևս չէր երևում: Եվ առավոտ երեկո զուր էին նրա աչքերը որոնում օրիորդին, այժմ կերակուր ու թեյ մատուցում էր տիկին Աննան:

Արդեն անհարմար էր մնալ օտար հարկի տակ. թեև բնակարանը Սուլյանինն էր, բայց Միքայելին ծառայում էր Զարգարյան ընտանիքը:

Դուրս գալուց առաջ Միքայելը անցավ անդամալույծի սենյակը, հարցրեց առողջության մասին: Շնորհակալություն հայտնեց բոլորին, որ այնպես խնամել էին նրան: Երբ հերթը հասավ Շուշանիկին, Միքայելի գունատ դեմքը մռայլվեց:

Գիտե՞ք, ինձ դո՛ւք ազատեցիք մահից, — ասաց նա, անվստահ սեղմելով օրիորդի ձեռքը:

Դա նրա սրտի բռնի թելադրությունն էր, որին չկարողացավ դիմանալ:

Քաղաքից նա Զարգարյանների համար ուղարկեց նվերներ, չմոռանալով երեխաներին և անդամալույծին: Շուշանիկի համար ընտրել էր ոսկե ապարանջան` ադամանդներով զարդարված: Եվ որպեսզի օրիորդը նվերը չմերժի, նա ուղարկեց ոչ իր, այլ մոր կողմից.

Այժմ դու պիտի քաղաքումն էլ ինձ օգնես, — դարձավ մի օր Սմբատը Միքայելին, — գործարանն ուզում եմ բանեցնել, մենակ ես չեմ կարող բոլոր գործերին հետևել:

Միքայելը մտածեց մի փոքր և պատասխանեց.

Ուրախությամբ կկատարեմ, ինչ գործ որ կունենաս: Բայց կխնդրեի, որ Սուլյանին տեղափոխես քաղաք, իսկ ինձ նշանակես հանքերի կառավարիչ:

Այն մարդը, որ առաջ երկու ժամ շարունակ չէր կարողանում հանքերում մնալ, այժմ ուզում էր այնտեղ ապրել: Շարժառեթը, շատ պարզ էր Սմբատի համար:

Լավ, — ասաց նա, — արա՛, ինչպես ուղում ես:

Նույն օրն ևեթ Միքայելն առմիշտ տեղափոխվեց հանքերը:

Տխուր դեպքերը հաջորդում էին միմյանց: Սմբատը գրեթե ամեն օր որևէ առիթով ընդհարվում էր կնոջ հետ:

Թաթախման օրն էր: Իրիկնադեմին Ոսկեհատը, լուսամուտն առջև նստած, նայում էր դեպի փողոց: Լսում էր մերձակա եկեղեցու տոնային ուրախ զանգահարությունը: Այսօր ծանոթ հնչյունները նրան պատճառում էին անսահման տրտմություն: Այսօր առաջին անգամ նա պիտի նստեր ուրախ սեղանի առանց ամուսնու: Բայց այս չէր նրա դառնության բուն հիմքը: Նայում էր եկեղեցի շտապողներին և տխուր հառաչում, մերթ աչքերը վեր բարձրացնելով, մերթ գլուխը շարժելով: Ծնողներն իրենց երեխաների և տատերն ու պապերն իրենց թոռների ձեռներից բռնած ուրախ-ուրախ դիմում էին եկեղեցի: Միայն Ոսկեհատն է զուրկ ընդհանուր բախտից, և ինչո՞ւ, տեր աստված, ինչո՞ւ, չէ որ նա ևս տատ է. թոռնիկներ ունի:

Հաջորդ էջ