Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Շուշանիկը նստած էր լուսամուտի առջև, ձեռները ծնկներին դրած, գլուխը կրծքին թեքած: Մոր համառ հարցերին ու մրմունջներին պատասխանում էր գլխի բացասական շարժումներով և խնդրում հանգիստ թողնել իրեն: Եվ ի՞նչ ասեր, մի՞թե բոլորը խոստովաներ: Օ՜օ, ո՛չ, խեղճ կինն ամոթից կխելագարվի, թե լսի, որ նրա աղջիկը սիրահարված է ամուսնացած մարդու վրա: Թո՛ղ, մայրիկ, թո՛ղ նրան հանգիստ: Նա ոչ մի ցավ ու հոգս չունի: Թո՛ղ, որ գնա երեխաներին դաս տա, աղախնին օգնե, հորը ձառայի:

Եվ նա, այլևս չկարողացավ զսպել իրեն, հեկեկաց ու վազեց դուրս:

Մայրն ապշած նայեց հետևից, ծանր հառաչելով:

VIII

Երբեմն Անտոնինա Իվանովնան իրեն հարցնում էր, արդյոք, կյանքի մանր պակասություններին խոշորացույցով չի նայում և աննշան բաներից ստեղծում իր համար մեծ դժբախտություն: Արդարև, եթե չի կարող շրջանն իրեն հարմարեցնել, ինչո՞ւ չհամակերպվել: Եթե չի կարող սիրել ամուսնուն, ինչո՞ւ չհարգել նրան իբրև օրինավոր մարդու:

Սակայն այս մտքերը ծխի պես օդն էին ցնդում, երբ մտածում էր, թե ինքը մի ծանր բեռ է Ալիմյանների համար, երբ մանավանդ Սմբատի աչքերի մեջ նշմարում էր հազիվ զսպված ատելությունը: Հաճախ հարցնում էր իրեն, ինչպե՞ս եղավ, որ կյանքը կապեց այդ մարդու հետ: Եվ միշտ հանգում էր նույն պատասխանին, թե դա մի պատահական դեպք էր, վիճակախաղ: Մի չար ոգի րոպեաբար մթագնեց նրա ուղեղը և դրդեց նրան ընկնել դեռ լավ չճանաչած մի երիտասարդի գիրկը: Այն ժամանակ նա կարծում էր թե այդ մարդու սերը կարող է լինել անշեջ, կարծվում էր նաև, որ ահա գտավ վաղուց որոնած մեկին, որին կարող էր իր ուզած ձևը տալ: ինչպես կակուղ մոմի: Բայց նետը քարին դիպավ: Նա հանդիպեց իր չափ անշեջ մի բնավորության, որ չէր ուզում զիջանել շատ անձնական նախապաշարումներ: Երկուսն էլ ուսում առած, զարգացած` ունեին տարբեր դրոշակներայս չէ՞ր, արդյոք, փոխադարձ գժտությունների առաջին հիմքը: Իսկ երբ ավելի ծանոթացան միմյանց, առաջ եկան բյուրավոր հակասություններ: Մանր դեպքերը խոշորացան, պարզվեց այն անդունդը, որ անջատում է երկու միմյանցից հիմնավորապես տարբեր շրջանների մարդկանց:

Ով գիտե, գուցե նա սիրեր այդ մարդուն երկար տարիներ, եթե սիրվեր նրանից: Բայց այն պահին, երբ զգաց նրա սառնությունը, ինքնասիրության կայծը բորբոքվեց նրա մեջ: Իսկ հետո, երբ Սմբատն սկսեց արդեն ուղղակի նրա երեսովը տալ տարիքը, նախանձի վիրավորված զգացումն ավելի զարգացրեց նրա մեջ թշնամություն: Իբր թե թառամել է, իբր թե, մի երկու տարի իր մարդուց մեծ լինելով, արդեն ծեր է նրա համար...

Ծեր եմ, գնա երիտասարդ կանանց հետևից ընկիր, — ասաց նա դեռ հինգ տարի առաջ:

Սմբատը զղջաց իր կոպիտ նկատողության համար: Նա չէր ուզում ընկնել ուրիշ կանանց հետևից: Նա ասաց, «խաբվել» է և պարտավոր է իր սխալի հետևանքները կրել:

«Խաբվել» — ահա մի բառ, որ ասեղի պես ցցվում էր Անտոնինա Իվանովնայի սիրտը: Ո՛չ, նա ինքը խաբվեց և միայն ինքը: Դեռ Մոսկվայում, իր մայրենի շրջանում, նրանք կենակցում էին մի կերպ զավակների սիրո անունով: Այնտեղ Սմբատն ավելի զիջող էր, ավելի մեղմ, նույնիսկ հարմարվող: Այնտեղ գոնե միայն նա էր Անտոնինա Իվանովնայի դատավորը: Իսկ այժմ մի օտար կին, շրջապատված իր հոգուն ու մտքին խորթ անձերով, ինչպե՞ս, կրե բոլորի հալածանքները:

Ինձ թվում է, որ ուսումը ձեզ վրա շատ քիչ ներգործություն, է ունեցել: Ձեր հայացքները, կարծես, ոչնչով չեն տարբերվում ձեր շրջանի աշխարհայացքից: Դուք հնության ու նախապաշարումների դեմ կռվելու տեղ նրանց պաշտպան եք հանդիսանում: Դուք ձեր շուրջը լույս տարածելու փոխարեն ինքներդ կլանվում եք խավարից: Մի մոլեռանդ պառավ հալածում է ինձ, դուք նրան կողմնակի խրախուսում եք, մի՞թե այդ է ձեր ուսման ու զարգացման ուժը... Մի՞թե ներելի է այդքան մոլեռանդ լինելը...

Այս ասում էր Անտոնինա Իվանովնան մեծ պասի առաջին շաբաթ օրը, երբ նա երեխաներին տարել էր եկեղեցի և հաղորդություն տվել: Այդ օրն այրի Ոսկեհատի համար դառն օրերից մեկն էր: Նա լալիս էր, որ իր որդու զավակները խորթ են իր մայրենի եկեղեցուց: Նա ընդհարվեց որդու հետ հարսի ներկայությամբ: Անտոնինա Իվանովնան դիմադրեց նրան, և հարս ու սկեսուր միմյանց ուղղեցին վիրավորական դարձվածներ: Սմբատը ոչ մեկին չպաշտպանեց: Միայն հետո առանձին Անտոնինա Իվանովնային ասաց, թե պառավն իր տեսակետից բոլորովին իրավացի է, թե նա ուրիշ կերպ չի կարող մտածել: Այս էր, որ վիրավորեց տիկնոջը և դրդեց այս անգամ իր հանդիմանությունը հիմնել ամուսնու «մոլեռանդ հայացքների» վրա:

Զարմանում եմ, — գոչեց Սմբատը կծու հեգնությամբ, — զարմանում եմ, որ դուք ամեն բան ինձանից ես պահանջում: Դուք ուզում եք, որ միայն ես լինեմ զիջող, վեհանձն և մոռացկոտ: Եթե ուսումն ու զարգացումը կարող են մարդու մեջ իսպառ մեռցնել բոլոր դարավոր ավանդությունների հետքը, ինչո՞ւ ձեր մեջ չեն մեռցնում: Ինչո՞ւ դուք մի մոլեռանդ և ծեր կնոջ հետ մրցում եք գրեթե հավասար զենքով, իսկ ինձանից պահանջում եք անպայման հնազանդություն ձեր բոլոր ավանդություններին... Դրեք ձեր զենքը մի կողմ, ես էլ կդնեմ: Ես զոհել եմ էականը, դուք, զոհեցեք ձևականը: Համառություն մի արեք, ես էլ չեմ անիլ: Փոխադարձ զիջողությունահա իմ ուզածը: Դուք ձերն եք պնդում, ինչո՞ւ ես էլ իմը չպիտի պնդեմ: Ինչո՞ւ եք օգտվում ձեր զորեղ զենքից...

Ուժը գործ է դրվում համառության դեմ: Ես մոլեռանդ կին չեմ, բայց, տեսնելով իմ շուրջը մոլեռանդություն, ուզում եմ օգտվել իմ զենքից: Ես չէի մրցիլ, մինչև անգամ հիմարություն կհամարեի այս տեսակ մրցում, եթե ձեր մայրը, քույրն ու բոլոր ազգականներն ինձ հարազատ աչքով նայեին: Բայց ոչ միայն նրանք, այլև ձեր ամբողջ հասարակությունն ինձ գաղտնի արհամարհում է և ձեզ անարժան համարում: Ես քիչ եմ եղել այդ հասարակության մեջ, բայց շատ եմ զգացել: Նրա արտաքին ձևական հարգանքի տակ ես նկատել եմ խորին ատելություն:

Որովհետև կասկածամիտ եք, որովհետև ձեր երևակայությունը թունավորված է...

Ո՛չ իմ սիրտն ինձ չի խաբում այս հանգամանքում: Մարդ պիտի հիմար լինի, որ չզգա այն, ինչ որ ես եմ զգում... Կարո՞ղ եք երդվել ձեր զավակներով, որ ես սխալվում եմ...

Սմբատը լոեց: Կնոջ խոսքերի մեջ զգաց որոշ չափի ճշտություն:

Կես ժամ անցած Անտոնինա Իվանովնան իր սրտի դառնությունն արտահայտում էր եղբոր մոտ: Իսկապես նա Ալեքսեյ Իվանովիչին համարում էր անզոր որևէ խելացի խորհրդով իրեն օգնելու, բայց և այնպես շատ անգամ էր խորհրդակցում նրա հետ իր անելիքի մասին: Ուրիշ ոչ մի բարեկամ չուներ, որին հասկացներ իր վիշտը:

Գիտե՞ս ինչ, — ասաց Ալեքսեյ Իվանովիչը, դեմքին փիլիսոփայական արտահայտություն տալով, — կուզես հայհոյիր ինձ, դարձյալ կասեմ, որ մարդկանց չես ճանաչում, այսպես ասած, հոգեբան չես: Ասիացիները չափազանց համառ են, իսկ համառ մարդկանց հետ համառությամբ մրցել չի կարելի: Նրանց վրա կարելի է ազդել միայն, այսպես ասած, սիրով ու փաղաքշանքով: Ո՛չ Սմբատ Մարկիչը կբաժանվի երեխաներից, ո՛չ դու կարող ես բաժանվել: Արի դու լսիր իմ ծրագիրը և կատարիր...

Քո ծրագի՞րը, — կրկնեց Անտոնինա Իվանովնան հետաքրքրված:

Այո՛, իմ ծրագիրը, սիրելի քույրիկս, որովհետև ծրագիր եմ կազմել քո մասին:

Նա պենսնեն ուղղեց, նստեց քրոջ դեմ և, ոտը ոտի ձգելով շարունակեց.

Մեր երկաթի դարում, այսպես ասած, գոյության կռիվը հատել է իր զենիտին: Այժմ միայն նա է կարող ապրել, ով ունի երեք ժամանակակից զենքերից մեկըփող, տաղանդ և հնարագիտություն: Դու փող չունիս, այսինքն` սեփական փող, այս մեկ: Դու տաղանդից զուրկ եսայս երկու: Մնում է հնարագիտությունը: Հնարագետները, սիրելիս, շատ տեսակների են լինում, և նրանց մեջ, իմ խորին համոզմունքով, պատվավոր տեղ է բռնում, այսպես ասած, կենսական հնարագետը: Դու այս երևելի շնորհից էլ զուրկ ես ու զուրկ: Ահա ինչու, լսի՛ր սիրելիս, եթե հավանեսընդունիր, ես ուզում եմ գալ օգնության իմ ծրագրով: Եթե ոչդու քեզ, ես ինձ համար:

Նա կտրեց սիգարի ծայրը ժամացույցի շղթայից քաշ արած փոքրիկ մկրատով, վառեց, բաց թողեց ծխի մի քանի քուլաներ:

Դու պիտի հաշտվես Ալիմովի հետ, — շարունակեց, բեղերը շփելով, — այո՛, պիտի հաշտվես: Մի՛ ցնցվիր, լսի՛ր, հետո: Նախ և առաջ դու ցույց կտաս սկեսրիդ, այդ, այսպես ասած, անդրպատմական վհուկին, հարգանք, այսինքն կեղծ հարգանք: Նո՛ւ, նու, հասկանում եմ, ուզում ես ասել, թե կեղծել չես կարող, գիտեմ, բայց լսի՛ր: Այո՛, ցույց կտաս կեղծ հարգանք և կամաց-կամաց, այսպես ասած, կկոտրես նրա սրտի ասեղը: Հետո պառավին կդարձնես, այսպես ասած, մի տեսակ կամուրջ դեպի կողակցիդ սիրտը: Բարձրանալով այդ կամրջի վրա, կամացուկ կպարզես սեփական դրոշակդ և, այսպես ասած, կպաշարես Սմբատ Մարկիչի հավատարմությունը: Հետո քիչ-քիչ կհամոզես նրան, թե երեխաները չեն դիմանում այստեղի կլիմային: Եվ իրավ, այս ի՞նչ դժոխային կլիմա է, քամի, փոշի, նավթ... Հա՛, կասես հիվանդանում են, պետք է նրանց տեղափոխել: Կասես ժամանակ է նրանց ուսում տալու, այստեղ օրինավոր դպրոց չկա, էտցետերա, էտցետերա, էտցետերա... Եվ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե նույնը կրկնելով, վերջը կհամոզես, թե դու նրանց պիտի տանես Պետերբուբգ: Հասկանո՞ւմ ես, Պետերբուրգ և ոչ Մոսկվա, որովհետև Մոսկվան հայրենիքդ է, եթե անունը տաս, բարեմիտ կողակիցդ կխրտնի...

Հետո՜, հետո՜, — կրկնեց Անտոնինա Իվանովնան անհամ¬բեր:

Էհե՜, տեսնում եմ, որ ոգևորվում ես, — շարունակեց Ալեքսեյ Իվանովիչը, սիգարն ուղղահայաց մոտեցնելով բերանին, որպեսզի մոխիրը չթափվի, — այդ լավ նշան է: Հետո, իհարկե, կհամոզես, որ երեխաներիդ անունով մի խոշոր գումար, ենթադրենք երկու կամ երեք հարյուր հազար մտցնի Պետերբուրգի բանկերից մեկը, է՜հ, մի գումար էլ, այսպես ասած, իր թանկագին կիսի, այսինքն քո անունով: Սպասի՛ր, ի՞նչ ես պտուտակի պես պտույտ-պտույտ անում բազկաթոռի վրա: Այո՛, հետո, այսպես ասած, տաքտիկադ քիչ քիչ առաջ կտանես ու... Անդորրագրերը նրանից, այսպես ասած, ազնիվ եղանակով կվերցնես... դե, թող վերջացնեմ է՜է... Այն ժամանակ, ես քո խոնարհ ծառան, այստեղ եմ, հո այստեղ: Քեզ կտանե՛մ երեխաներիդ հետ Պիտեր, այսպես ասած, հողմի թևերով: Դու կսկսես ծախսել քեզ հատկացրած գումարը: Ալիմովը փոքր առ փոքր կմոռանա երեխաներին: ժամանակն ու տարածությունը սիրո, եթե կարելի է այսպես ասել, սղոցներն են: Իսկ դու է՜է, կմոռանաս ու կմոռանաս Ալիմովին: Այն Ժամանակ, քույրիկս, կհիշես, որ մարդու կյանքում կա, այսպես ասած, և երկրորդ երիտասարդություն, իսկ Պետերբուրգը գիտես, որ Ասիա չէ...

Բավակա՜ն է, — գոչեց քույրը խորին զզվանքով, — բավակա՜ն է: Գիտեի որ փչացած մարդ ես, բայց չգիտեի, որ այդքան վատ ես ճանաչում ինձ: Դիմել կեղծիքի, խաբեբայության, ստորանալ, կորզել նրանից փողերը և այդ փողերով... Լռի՛ր, դու ավելի վատ կարծիք ունես իմ մասին, քան թշնամիներս...

Հավատացնում եմ քեզ, որ ավելի հանճարեղ ծրագիր հազիվ թե ինքը Թալեյրանը կարողանար հնարել:

Ահա ինչ, Ալեքսեյ, ժամանակ չէ՞ արդյոք, որ դու վերադառնաս Մոսկվա, — հարցրեց քույրը, խոսքը հանկարծ փոխելով, որ միանգամից վերջ տա նրա շաղակրատությանը:

Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել:

Այն կա, սիրելիս, որ դու այստեղ ապրելով ուրիշների հաշվին, ավելի ատելի ես դարձնում իմ դրությունը:

Ուրիշների հաշվի՞ն, — ծիծաղեց Ալեքսեյ Իվանովիչը, — բարեկա՛մ, այստեղ գալուց դեն, այս տանը ես ճաշել եմ ընդամենը երկու անգամ, այն էլ սկեսրիդ հետ վիզավի նստած... սքանչելի դեսերտ...

Բայց քանի՞ անգամ ես Ալիմովներից փող վերցրել:

Քո թանկագին կողակցից և ոչ մի անգամ:

Իսկ Միխայիլ Մարկիչի՞ց:

Միխայիլ Մարկիչն իմ, այսպես ասած, անձնական մտերիմ բարեկամն է: Սիրում է ինձ եղբոր պես, ես էլ նրան, նա իսկական ջենտլմեն է, այսինքն` էր, վերջին ժամանակ մի քիչ փոխվել է: Այդ Գրիշա անունով գարշելիի ապտակը, այսպես ասած, ուղիղ իմ ինտերեսներին դիպավ: Էլ շատոլաֆիտը, մանախորը, շամպանիան հասարակ գինու տեղ չեմ գործածում: Բայց ոչինչ, հույս ունիմ, որ, այսպես ասած, մոլորյալ ոչխարը դարձի կգա: Ուրեմն չե՞ս հավանում ծրագիրս: Լա՛վ, մտածի՛ր, հետո էլի կխոսենք: Ցտեսություն, Արզաս Մարկիչն ինձ սպասում է...

Մի օր Անտոնինա Իվանովնան ամուսնու մասին լսեց եղբորից մի նորություն, որ թե՛ նրան զարմացրեց և թե՛ ցավ պատճառեց:

Դու սուտ ես ասում, — գոչեց նա, զայրացած անգամ:

Ո՛չ զուտ ճշմարտություն եմ ասում: Երեկ երեկոյան երկրորդ անգամ տեսա «Անգլիա» հյուրանոցում, այսպես ասած, յոթերորդ աստիճանում: Աչքերը կարմրել էին ոչխարի պոլոճիկի պես, ոտները զանազան աշխարհագրական գծեր էին քաշում հատակի վրա, գլուխն ուսերի վրա չէր կանգնում, ապստամբվել էր մարմնի դեմ:

Եթե ճիշտ ես ասում, խղճում եմ նրան:

Եթե խղճում ես, կարող ես և սիրել: Կանայք շատ անգամ առաջ խղճում են, հետո սիրում: Հաշտվի՛ր, ա՞ա...

Լսի՛ր, Ալեքսեյ, — գոչեց քույրը, շրթունքները կրծոտելով, — եթե այս շաբաթ դու չես հեռանալ այս քաղաքից, գոնե բնակարանդ պիտի փոխես:

Այս խոսքով, սիրելի քույրիկս, ուզում ես, այսպես ասած, դռներդ փակել իմ առջև, չէ՞...

Եթե ուզում ես ճիշտ իմանալ, — այո , միայն ոչ իմ, այլ ուրիշի դռները:

Դու կատարյալ գրագուն ես դարձել, սիրելիս, այդ քեզ չի սազում:

Միխայիլ Մարկիչը քեզանից երես է դարձրել, այժմ դու նրա փոքր եղբորն ես հարստահարում: Ամոթ է վերջապես...

Իսկի էլ ամոթ չէ: Այժմ ես Արզաս Մարկիչի, այսպես ասած, վերահսկողն ու դաստիարակն եմ: Կարծեմ, այս կրկնակի պաշտոնի համար ունեմ իրավունք նրանից վարձ ստանալու:

Այդ ճիշտ էր. Ալեքսեյ Իվանովիչն այժմ Արշակի համար հսկիչ և դաստիարակի դեր էր կատարում, միայն կամավոր և վերին աստիճանի ազատամիտ հսկիչի: Պատանին որոնում էր իր Զինային, իսկ Ալեքսեյ Իվանովիչը օգնում էր գտնելու... թատրոնում, ցիրկում, կուլիսների հետևում, հյուրանոցներում: Իբրև դաստիարակ` նա իր աշակերտին սովորեցնում էր «մայրաքաղաքյան» ձևեր և նիստ ու կաց:

Մի երեկո վարժապետ ու աշակերտ թատրոնից դուրս գալով, մտան մերձակա հյուրանոցը ընթրիք անելու: Այնտեղ նրանք հանդիպեցին Սմբատին, որ, մի քանի հասակակիցների հետ նստած, զվարճանում էր: Արշակը կամեցավ հեռանալ, Ալեքսեյ Իվանովիչը չթողեց: Ի՞նչ կա վախենալու, Սմբատ Մարկիչը ոչինչ չի ասիլ, տեսնելով նրան «պատվավոր» ազգականի հետ: Եվ նա գրեթե ուժով պատանուն նստեցրեց ճաշարանի անկյունում:

Նո՛ւ, այսօր աղքատիկ ենք ընթրո՞ւմ, թե եվրոպիեն, — հարցրեց նա բուն գաստրոնոմի եղանակով:

Ինչպես կամենաս:

Գարսո՛ն, — գոչեց Ալեքսեյ Իվանովիչը, նայելով իր քթի ծայրին, — մենյու... ընտրիր, — դարձավ Արշակին, կերակուրների ցուցակը սպասավորից առնելով և նրան տալով:

Դու ընտրիր ինձ համար էլ, քեզ համար էլ:

Պատանին այժմ ուտում ու խմում էր «դաստիարակի» ճաշակով:

Ալեքսեյ Իվանովիչը նախ հանդիմանեց սպասավորին, որ իսկույն չի փոխում սփռոցը, մի քանի անգամ արտասանեց «ֆիդոն», ապա սկսեց կերակուրներ ընտրել: Մի քառորդ ժամ նա բացատրում էր սպասավորին, թե այսինչ կերակուրն ինչպես պիտի պատրաստել տալ, մի քառորդ ժամ էլ խոսեց խմելիքի մասին:

Այդ ո՞ւմ ես նայում, — հարցրեց նա, տեսնելով, որ Արշակն աչքերը չի հեռացնում Սմբատի սեղանից:

Նայում եմ եղբորս և զարմանում, թե ինչ տեսակ մարդկանց հետ է այժմ նստում, վեր կենում: Վա՜յ Ալիմովների անունին:

Աա՜ա, ուրեմն այդ մարդիկ արհամարհանքի են արժանի: Բայց, սիրելիս, այդպես մի նայիր: Գլուխդ բարձրացրու, ծռիր մի կողմ և անշեղ հայացքով մտիկ արա, այսպես ասած, ուղիղ նրանց ոտներին: Այդ կնշանակե, որ արհամարհում ես նրանց: Աա՜, այ այդպես, հիանալի է, վկա է աստված, դու արժանի էիր Պիտերում ծնվելու: Գարսո՛ն, խավյարը շուտով բեր...

Եվ նա, պենսնեն մի կողմ դնելով, սկսեց առայժմ ոչնչացնել թարմ խավյարը կանաչ սոխի հետ:

Արզաս, — շարունակեց նա դաստիարակել իր աշակերտին, — ուտելիս չի կարելի ամբողջ իրանով սեղանին թեքվել, այդ օրիենտալ է: Գլուխդ միշտ բարձր և կուրծքդ միշտ սեղանից հեռու պահիր: Կեր, այսպես ասած, անփույթ եղանակով, ժպտա, ծիծաղիր, զվարճախոսիր, այնպես, որ իբր բոլորովին քաղցած չես: Այո՛, այդպես, սիրելիս, հիանալի՛ է... մի փոքր առաջ ես թատրոնում ուզեցա նկատողության անել քո բարևելու եղանակի առթիվ, բայց անհարմար էր: Լսի՛ր, երբ կանանց ես բարևում, միշտ պիտի աշխատես, այսպես ասած, նրանց երեսին նայել ուղիղ և ժպտալ: Հետո գդակդ վերև մի՛ բարձրացնիլ, այլ դեպի մի կողմ, և հանկարծակի, այսպես ասած, ներվային շարժումով: Վերցրու, մի կիսաշրջան արա ու հետո դիր գլխիդ: Պետք է ասած, որ այս քաղաքում ոչ ոք չգիտե կանանց բարևելու նորագույն ձևը, և դու առաջին օրինակը կտաս: Ահա ամառը կգնանք Ֆրանսիա, և Փարիզում ամեն բան կսովորես: Գնալու՞ ենք, թե՞ չէ, ասա:

Իհարկե, իհարկե, ես արդեն քեզ հրավիրել եմ, և պիտի գնանք:

Նու, բարեկամ. կարծեմ, քեզ այնքան փող չեն տալ, որ ինձ էլ կարողանաս հետդ ման ածել, աա՞:

Ո՞վ կհամարձակվի չտալ:

Ո՞վ, իհարկե թանկագին փեսաս... նու, եղբայր, այդ մարդը բոլորիդ, այսպես ասած, գերի է դարձրել: Իսկ ինքը, տես, ինչպես է քեֆ անում, այն էլ, այսպես ասած, ընտանիքի տեր լինելով:

Նա անում է, ես էլ կանեմ: Նա ինձ չի կարող արգելել: Ես իմ փողերն եմ ծախսում:

Իմ կարծիքով էլ այդպես է, բայց դու բավականաչափ, այսպես ասած, էներժիկ չես: Պահանջի՛ր, եղբայր, պահանջի՛ր, և նա կտա: Դու նրա հետ հավասար ժառանգ ես: Գարսո՛ն, այս գինին շատ էլ ընտիրներից չէ, հինը, հինը չունե՞ք: Նու՛, այդ էլ բեր, փորձենք...

Սմբատը վիճում էր սեղանակիցների հետ և, կարծես, չէր նկատում եղբորն ու աներձագին: Նրա սեղանին մոտեցավ մի հարբած երիտասարդ, բարձրահասակ, հաղթանդամ, կարմրադեմ: Ձեռները վարտիքի գրպանները դնելով, հայացքը հառեց Սմբատի երեսին, աջ ու ձախ երերվելով:

Տե՛ս, Ալեքսեյ Իվանովիչ, սկանդալ է լինելու, — շշնջաց Արշակը սեղանակցին:

Ո՞վ է այդ վայրենին, իմ կարծիքով շատ բութ երես պիտի ունենա, — ասաց Ալեքսեյ Իվանովիչը, նայելով անծանոթի ոտներին:

Պետրոս Ղուլամյանի քրոջ որդին է, քաղաքի առաջին սկանդալիստը:

Աա՜, — արտասանեց Ալեքսեյ Իվանովփչը, շտապելով հայացքն անծանոթից հեռացնել:

Հանկարծ հարբածը գոչեց.

Դուք ի՞նչ փիլիսոփայություն եք անում ազնվության մասին: Ալիմովներն իրավունք չունին այդ ապրանքի մասին խոսելու:

Խոսքն ուղղված էր Սմբատի հասցեին, որ իսկապես ազնվություն բառ անգամ չէր արտասանել, խոսելով ու վիճելով սեղանակիցն երի հետ: Նա նայեց անծանոթի երեսին ցածից վեր, զարմացած:

Համեցե՛ք, պատրաստ է, — գոչեց Ղուլամյանի քեռորդին, բռունցքը դնելով սեղանի եզրին:

Պարոն, ես ձեզ չե՛մ ճանաչում, ո՞վ իրավունք տվեց ձեզ մոտենալ իմ սեղանին:

Ո՜վ, ո՜վ, հա՛, հա՛, հա՛, թքել եմ ձեր միլիոնների վրա: Ասա խնդրեմ, ո՞վ է եղել քո հայրը, որ այդքան պարծենում ես:

Պարո՛ն, հեռացե ք այստեղից:

Հարցնում եմ, ո՞վ է եղել քո հայրը, մի դռնապան, ջրկիր, հա՜, հա՜, հա՜...

Հեռացե՛ք, եթե ոչ... գոչեց Սմբատը, անգիտակցաբար բռնելով դատարկ շշի կոկորդը:

Սկսեց իրարանցում: Բոլոր սեղանակիցները վեր կացան, բացի Սմբատից, որ տակավին չգիտեր` ինչ է ուզում այդ մարդն իրենից: Բռնեցին հարբած երիտասարդին, կամեցան քաշել մի կողմ, բայց նա, իր ուժեղ ձեռներով բռնողներին հրեց աջ ու ձախ և նորից մոտեցավ Սմբատին:

Երեքիդ էլ միասին կջարդե՛մ, քուֆտա կշինեմ, — մռնչաց նա, ձեռով մի շրջան անելով դեպի Արշակի ու Ալեքսեյ Իվանովիչի կողմը: -Էյ, եկե՛ք, թե ուզում եք, օգնեցե՛ք այս անպիտանին:

Լսեցի՞ր, Արզաս, վայրենին մեր կողմն էլ է, այսպես ասած, քարեր շպրտում: Զգո՜ւյշ. պետք է պոլիցիա կանչել, որ սկանդալիստին դուրս տանի: Գարսո՜ն...

Սմբատը գունատված ոտքի կանգնեց պաշտպանվելու: Հարբած հաղթանդամը բռունցքը բարձրացրեց, որ նրան խփի, բայց նույն վայրկյանին գինու մի շիշ, օդի մեջ պտույտներ գործելով, դիպավ նրա կրծքին: Նա մի քայլ հետ դրեց, ապա, գլուխը բարձրացնելով, նայեց այն կողմը ուսկից ստացավ հանկարծակի հարվածը: Եվ իր առջև տեսավ տասնուվեց տարեկան մի պատանի սփրթնած, խելագարի աչքերով:

Արզաս, Արզաս, — գոչում էր Ալեքսեյ Իվանովիչը, հազիվ կարողանալով պահել կատաղած Արշակին, որ ուզում էր շշի հետևից ափսեն ուղղել հակառակորդի ճակատին: -Արզաս, դու գինով ապականեցիր շապիկդ, հանդարտվի՛ր, այդ վայրենին ուժեղ է, այսպես ասած...

Իրարանցումը սաստկացավ: Հաղթանդամի վրա հարձակվեցին բոլոր սպասավորները, բռնեցին և ուժով քաշեցին դեպի դուրս: Դռների մեջ ուժգին թափով ազատվեց նրանց ձեռներից և հարձակվեց պատանու վրա: Աստված գիտե, թե հարվածն ինչ դրության կհասցներ Արշակին, եթե նրա հասակը վիթխարու բարձրացրած ձեռից ցած չլիներ: Վիթխարին սեփական հարվածի ուժգնությունից մի պտույտ գործեց և երեսնիվայր փռվեց հատակի վրա: Մոտ տասը հոգի հազիվ կարողացան նրան ուժով դուրս տանել և հանձնել ոստիկաններին:

Հյուրանոցի տերը ցավակցություն հայտնեց Ալիմյաններին:

Սմբատն անցավ կից սենյակը և, ընկղմվելով գահավորակի վրա, արտասանեց:

Այս ի՞նչ է նշանակում:

Այդ նշանակում է, որ հիմա իմ փոխարեն քեզ պետք է խրատել, — պատասխանեց Արշակը, որ անմիջապես նրա հետ մտավ նույն սենյակը, դռները հետևից ծածկելով:

Աա, այդ դո՞ւ ես, շառլատան: Կորի՛ր այստեղից, քեզ ո՞վ խնդրեց ինձ պաշտպանել, գլխիցդ մեծ բաներ ես բռնում, կորի՛ր...

Իսկի էլ գլխիցս մեծ բաներ չեմ բռնում: Ես պաշտպանեցի Ալիմովների պատիվը: Ես ոչ քեզ պես փիլիսոփա եմ, ոչ Միքայելի պես վախկոտ, իմ երակների մեջ իսկական արյուն է հոսում, հարցրո՛ւ Ալեքսեյ Իվանովիչից...

Սմբատը նայեց նրա երեսին, լռեց: Պատանու անկեղծ հուզմունքը նրան մեղմացրեց, չէ՞ որ, իրավ, իր եղբորն պաշտպանելու համար շիշն արձակեց այդ կոպիտ երիտասարդի վրա:

Ես ուզում էի նրան սպանել, — շարունակեց Արշակը խրոխտաբար, — նա պատրաստվել էր քեզ և ինձ ծեծելու: Նա Ղուլամյանի քրոջ որդին է, Միքայելից վրեժ առնելու տեղ, ուզում է քեզանից և ինձանից առնել:

Ի՜նչ խայտառակություն, ի՜նչ անպատվություն, — արտասանեց Սմբատը, ձեռը զարկելով սեղանին: Ես ի՞նչ գործ ունիմ այստեղ, ո՞վ ինձ բերեց... Ինչո՞ւ:

Ինչո՞ւ, այդ ինձ էլ է զարմացնում... Դու ինձ խրատում ես, և հանկարծ...

Բավակա՜ն է, — ընդհատեց Սմբատը, — լռի՛ր ասում եմ: Այդ քո գործը չէ, հասկանո՞ւմ ես, — դու երեխա ես, չես կարող ըմբռնել իմ վիշտը:

Եվ մի փոքր լռելուց հետո շարունակեց.

Գիտե՞ս ինչ, Արշակ, թույլ եմ տալիս քեզ ամեն բան անելու, հասկանո՞ւմ ես, ամեն բան, միայն Զինաիդայի հետ չամուսնանաս: Պատճառը մի՛ հարցնիր, ես ինքս չեմ կարող բացատրել: Բայց չամուսնանաս, լսի՛ր, երբեք չամուսնանաս: Քեֆ արա, հարբիր, շռայլիր, ես քեզ փող կտամ որքան ուզում ես, մաշի՛ր կյանքդ, այրի՛ր սիրտդ, փտեցրո՛ւ մարմինդ, բայց մի՛ ամուսնանար... Գնա՜, կորի՛ր... Այնտեղ քեզ սպասում է ֆանֆարոնը, ձրիակերը... Քույրն ինձ է դժբախտացրել, եղբայրը քեզ է հարստահարում: Բայց ոչ, նա չարժե իր քրոջ կոշիկներին: Նա ոչնչություն է, իսկ քույրն ամբողջություն, միայն իմ կյանքը թունավորող ամբողջություն, դո՛ւրս, թո՛ղ ինձ մենակ իմ ցավերի հետ...

Նա գրեթե ուժով վռնդեց եղբորը դուրս, փակեց դռները և նորից ընկղմվեց գահավորակի վրա: Եթե մեկը դռների արանքից նայեր, կտեսներ, որ երեսներւկու տարեկան տղամարդը հանդարտ լալիս է, ինչպես կին...

Մյուս սենյակում Ալեքսեյ Իվանովիչը հյուրանոցի տիրոջը վրդովված գանգատվում էր ասիական վարք ու բարքերի դեմ: Այս ի՞նչ երկիր է, ուր պատվավոր մարդկանց մազի չափ հարգել չգիտեն: Այստեղ բարձր ուսում ստացածներն էլ վայրենանում են:

Սատանան տանի քեզ, — դարձավ նա Արշակին, — պենսնես գցեցիր, կոտրեցիր, այժմ կատարյալ կույր եմ: Չէ, եղբայր, Սմբատ Մարկիչն իրեն բոլորովին կորցրել է, այսպես ասած, ղեկը ձեռից բաց է թողել: Նստենք, ես հիացած եմ քո քաջությունով, այո, ճիշտ իսպանացի ես, զուր չեմ ասել...

Նրանք նստեցին նույն սեղանի քով:

Այս ի՞նչ է, — ասաց Ալեքսեյ Իվանովիչը, գինու շիշը էլեկտրական լույսի դեմ պահելով, — շարտրյոզ է, թե՞ ֆու, կարծեցի շամպանիա է... Ամեն ինչ խավարվեց...

Սպասավոր, շամպանիա, Ռեդերեր, — գոչեց Արշակը:

Դու կարծում ես շամպանիան խավարը կփարատի՞, — ժպտաց Ալեքսեյ Իվանովիչը, — а чтож, փորձենք: Նո՛ւ, ունայնություն ունայնությանց, մոռացի՜ր ինցիդենտը: Իսկական ջենտլմենը, այսպես ասած, վայրենիների կոպիտ արարքները շուտ է մոռանում:

Սմբատը գիտեր, որ կյանքի կանոնավոր շավղից շեղվում է: Գիտեր և դարձյալ հետ չէր կանգնում: Մոլի կենցաղը հետզհետե բթացնում էր նրա նյարդերը և նրա հոգեկան աշխարհը ձգում ինչ-որ անփարատելի մթություն: Հյուրանոցների արբեցուցիչ մթնոլորտում, նոր ձեռք բերված զվարճասեր ընկերների շրջանում գտնում էր գեթ ժամանակավոր մոռացում: Եվ այսքանը բավական էր: Ի՞նչ փույթ, որ արթուն ժամերին ավելի սաստիկ էր ազդում վիշտը և անխնա դատապարտում իր նոր կենցաղը:

Երբեմն հիշում էր մի աղքատիկ շրջան, ուր անց էր կացրել բավական խաղաղ ժամեր, ուր նրա մտքերն ու զգացումները հանդիպել էին հարգանքի և համակրության: Եվ նրա առջև պատկերանում էր պայծառ լուսավորված մի սեղան և եռացող սամավարի մոտ մի սիրուն դեմք, համեստ: Բայց հպարտ... Այդ րոպեներին նրա ականջներին հնչում էին քեռու խոսքերը...

Ինչո՞ւ ճիպոտդ քոլիցդ չպոկեցիր:

Կրծքից արձակելով դառն հառաչանք, ձեռով բացասական տխուր շարժում էր անում, կարծես, հեռացնելով իրենից սիրուն կերպարանքը: Պետք է մոռանալ և չմտածել այդ աղջկա մասին, չէ՞ որ ուշ է, չէ՞ որ այսուհետև ոչ մի զիջում չի կարող օգնել:

Նայում էր իր կնոջ մշտապես դժգոհ դեմքին, լսում էր մոր անվերջ բողոքները, քրոջ չարամիտ դրդումները, հիշում էր հոր վերջին խոսքերը, վերարտադրում էր իր յոթամյա լուռ տանջանքները, նորից քայլերն ուղղում դեպի հյուրանոց: Թող այսպես լինի, թող նա վերջացնի նրանով, ինչով սկսել են իր եղբայրները: Մարդկանց կեղծիքի և շողոքորթության տակ զգում էր քողարկված արհամարհանք դեպի իր ամուսնական վիճակը, աշխատում էր համոզել իրեն, թե այդ արհամարհանքը մի կիսակիրթ շրջանի նախապաշարումների ծնունդ է, բայց, այնուամենայնիվ, ճնշվում էր ամբողջ հոգով: Երբեմն մտածում էր. այլևս ի՞նչ օրվա համար է հարստությունը, եթե ինքը դժբախտ է: Ավելի լավ չէ՞ր լինիլ, եթե զրկվեր հոր ժառանգությունից, մնար հեռու այս ճնշող շրջանից և լուռ կրեր իր տառապանքները, ինչպես կրել էր յոթ տարի շարունա՛, բոլորից, նույնիսկ ամենամտերիմ բարեկամներից, թաքցնելով իր վշտերը: Բայց զգում էր, որ արդեն ընտելացել է դրամի հրապույրին, զգում էր նաև երկյուղ աղքատությունից, հիշելով իր քաշած չքավոր օրերը: Եթե հարստությունը չի կարող բուժել նրա վերքը, գոնե ժամանակ-ժամանակ մոռացնել կտա վշտերը: Պետք է, ուրեմն զվարճանալ և ինչո՞ւ չզվարճանալ...

Եվ նա սկսեց շռայյել հայրական փողերն այնպես, ինչպես մի ժամանակ շռայլում էր Միքայելը: Նա սկսեց և թուղթ խաղալ, ծանոթանալ թատրոնական կուլիսների հետևի կյանքին: Չէ՞ որ դժբախտ է և մի կերպ պիտի աշխատի խեղդել սրտի կսկիծները...

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

I

Հանքային նոր կացարանների կառուցումն ավարտվեց բարեկենդանին: Տեղափոխվելու նախընթաց երեկո Զարգարյանը գնաց քաղաք: Սմբատը տվեց նրան մի բռա թղթադրամ և պատվիրեց մյուս օրը մշակներին հյուրասիրել:

Գումարը բավական մեծ էր. կարելի էր հանդիսավոր խնջույք սարքել: Զարգարյանը այսպես էլ որոշեց անել:

Ինչպես կամենաք, — ասաց Միքայելը, — բայց իմ կարծիքով, չարժե հասարակ դեպքից ինչ-որ տոնախմբություն շինել:

Հասարակ դե՞պք, — զարմացավ Զարգարյանը, — կարծեմ մշակների համար այդպիսի պալատներ տեղափոխվելը փոքր բան չէ: Տեսեք ուրիշ հանքատերերի մշակներն ինչ խոզաբներում են բնակվում:

Նոր կացարանների թիվը երեք էրամեն մի հանքախմբի մշակների համար առանձին: Դավիթը որոշեց հանդեսը սարքել այն տանը, որ ամենից մեծն էր և ավելի մոտիկ գրասենյակին: Դա մի երկարաձև շինության էր, մի հարկանի, բայց դե տնից բաժանված նկուղներով, որոնք չպիտի երկրի խոնավությունը և գազը թույլ տային վերև թափանցելու: Առաստաղները բարձր էին, լուսամուտները լայն, պատերը ծածկված յուղաներկով: Յուրաքանչյուր մշակի համար դրված էին առանձին անկողնակալ ու նստարան: Տունը շրջապատված էր լայն պատշգամբով, որ հարմարեցված էր ամառային կացության համար: Չորս կողմը, տարածվում էր մաքուր, ընդարձակ ու հարթ բակը, շուրջը պատած քարե պարսպով: Բակի մի ծայրում կառուցված էր մի մեծ դահլիճ, որ կարող էր ծառայել թե՛ իբրև ուսումնարան և թե՛ իբրև թատրոն: Մյուս ծայրում մի փոքրիկ բաղնիք, մի բան, որ նույնպես նորություն էր հանքային մշակների համար:

Միայն այս մեկ տունը մեզ նստել է հիսուն հազար ռուբլի, — ասում էր Զարգարյանը:

Վաղ առավոտից պատշգամբի վրա դարսվեցին մրոտ տոպրակներ, զամբյուղներ և թաշկինակներ` լի զանազան պաշարեղենով: Բակում արհեստավորներն իսկույն շինեցին ժամանակավոր սեղաններ` երկայն տախտակներից: Եղանակը բավական տաք էր, մշակները կամեցան դրսում ճաշել:

Զարգարյանի կոր մեջքն այսօր, կարծես, ուղղվել էր, դեմքի վրա խաղում էր գոհունակության ժպիտը, նիհար ոտներն ուրախությունից ծռվում էին ման գալիս: Նա մշակների հետ կատակներ էր անում և պատվիրում, որ այսօր կրակի հետ զգույշ վարվեն: Տասնումեկ ժամին բոլոր շվիկները սուլեցին, թե ժամանակն է գործերը դադարեցնել: Կես ժամ անցած` բակը լցվեց սև ուրվականներով: Մրոտ դեմքերի վրա նշմարելի էր անսովոր զվարճություն, դեղնած շրջանակների մեջ աչքերի բիբերը փայլում էին տենդային ուրախությամբ: Շատերն օրվա հանդեսը նմանեցնում էին գյուղական ուխտագնացության, հառաչում էին, ախ քաշում, հիշելով իրենց ծննդավայրը, բայց և միմյանց հրում էին, ծիծաղում, և Ալիմյաններին օրհնում:

Դա մարդկային ամբոխ չէ, այլ ինքը դառն աշխատանքը, հազար ու մի կենսական հոգսերի ու վշտերի մարմնացումը: Եկել էր գեթ մի քանի ժամով թոթափելու իր հոգուց մռայլության փոշին, և կեղտի, մրի ու ցնցոտիների տակից ծիծաղելու: Սակայն ուր ոտք էր դնում, այնտեղ մտցնում էր սևություն ու մռայլ: Նույնիսկ արեգակի պայծառ շողերը մթնում էին` ընկնելով մարդկային մթին ծովի վրա: Բայց փույթ չէ. մթին ծովն այսօր գոհ է շատ քիչ գոհ` եղանակի ջերմությունից, երկնի պայծառությունից և մանավանդ այն փշրանքից, որ պարգևում է նրան հարուստ տերերի քիմքը:

Միքայելը լուռ, գունատ, անցնում էր լուսնոտի պես, սենյակից սենյակ, գավիթ, փողոց, ամենուրեք ակամա որոնելով մի կերպարանք, որ անհաղթելի տիրել էր նրա հոգուն: Իսկ այդ կերպարանքը արդեն տասն օր էր չէր երևում, ո՛չ պատշգամբի վրա, ո՛չ լուսամուտի առջև: Նա ամաչում էր ինքն իրեն խոստովանել, թե այսօրվա հանդեսին չհակառակեց` հենց Շուշանիկին տեսնելու գաղտնի հույսից դրդված:

Հաջորդ էջ