Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Քաղաքից եկանՍրաֆիոն Գասպարիչը, գլխավոր հաշվապահի հետ, հետո Արշակը` Սուլյանի և, փոքր անցած, Անտոնինա իվանովնան` իր եղբոր հետ:

Դավիթը նրանց համար տանը պատվիրել էր առանձին նախաճաշ: Նա շտապեց Շուշանիկին կանչելու, որ գա Անտոնինա Իվանովնային զբաղեցնի: Մի քանի րոպե անցած` ամբոխը հարգանքով ճանապարհ էր տալիս այն աղջկան, որ շատերի համար էր նամակներ գրել ու կարդացել, շատերի համար կարել ու կարկատել է և շատերի վերքերի սպեղանին փոխել այդ կարճ միջոցում: Օդը բարձրացան ֆուրաժկաներն ու փափախները, դեմքերը ժպտացին այնպես, որպես միայն կարող է ժպտալ նավթային ծովը լուսնի շողերից:

Добрая, славная барышня, — լսեց Անտոնինա Իվանովնան երախտագետ մուժիկների ձայնը:

Եվ նրան թվաց, որ նույնիսկ արեգակը կարող է նախանձել այն տպավորությանը, որ գործեց մի համեստ աղջկա երևալն այդ կոպիտ ամբոխի վրա:

Շուշանիկը մոտեցավ նրան, հարգանքով բարևեց: Նա չէր ուզում դուրս գալ, բայց դուրս եկավ, չէր ուզում Սմբատին հանդիպել, բայց եկավ հենց նրան տեսնելու հույսով: Սակայն ցնցվեց, երբ Անտոնինա Իվանովնան անկեղծ բարեկամությամբ սեղմեց նրա ձեռը: Ամոթի զգացումը նրա մեջ տեղի տվեց խղճի խայթոցի, որ այդ կնոջ առջև մեղավոր էր իր ապօրինի զգացումներով: Նա ավելի ցնցվեց, երբ տիկինը բռնեց նրա թևն ընկերաբար և խնդրեց միասին շրջել ամբոխի մեջ:

Հենց առաջին հայացքից տիկինը հետաքրքրվել էր տարօրինակ հասարակությամբ: Նրա աչքերի առջև տարածվել էր սև կերպարանքների մի բանակ, ուր տիրում էր ազգերի, կրոնների, լեզուների ու տարազների խառնուրդ: Խառնուրդ, որ առաջին անգամն էր նա տեսնում: Նա փափագեց մերձենալ մթին ծովին, նայել խրը, տեսնել, ինչ է կատարվում հատակում:

Ֆո՛ւ, սատանան տանի, այստեղ ամեն ինչ ապականվում է, — ասաց Ալեքսեյ Իվանովիչը:

Նա շինելի փեշերը հավաքել էր ու բռնել փորի վրա, որպեսզի չշփվեն նավթահոտ ցնցոտիների հետ:

Այո՛, բայց միայն դրսից, — նկատեց Շուշանիկը լուրջ:

Կերա՞ր, — շշնջաց Անտոնինա Իվանովնան եղբոր ականջին, — պետք է զգույշ խոսել այդ աղջկա մոտ:

Բայց բավական պիկանտ է, — ասաց Ալեքսեյ Իվանովիչը:

Անտոնիա Իվանովնան մի սաստող հայացք ձգեց նրա երեսին և ունքերը կիտեց: Շուշանիկը նրան ներշնչում էր համակրանք և հարգանք: Այդ աղջիկը նրան թվում էր սև աշխարհում մենակ բուսած մի հազվագույտ ծաղիկ: Այսօր, ավելի ուշադիր դիտելով նրան, դատապարտում էր մտքում իրեն, որ առաջին հանդիպման ժամանակ հետը վարվել էր անփույթ, հեգնաբար: Ո՛չ, այդ աղջիկը նման չէր իր շրջանի կանանց: Ռուսիայից գալուց հետո առաջին անգամ է տեսնում այդպիսի խոհուն կանացի դեմք, որ կրում է մտավոր զարգացման դրոշմ:

Նա սկսեց խոսել Շուշանիկի հետ ամբոխի մասին, աշխատելով ծանոթանալ օրիորդի մտավոր ու բարոյական աշխարհի հետ: Հարցուփորձ էր անում մշակների նիստ ու կացի, տնտեսական ու բարոյական վիճակի մասին: Շուշանիկը պատմում էր, ինչ որ գիտեր, պարզ խոսքերով, առանց սև գույնի նկարագրելու դառն աշխատանքի տակ հեծով ամբոխի դրությունը: Տիկինն իր անկեղծ վարմունքով կամաց-կամաց գրավում էր նրա համակրանքը և ակամա, անգիտակցաբար ենթարկում նրան իր մտավոր գերազանցության հրապույրին: Նա նույնպես օրիորդին թվում էր դրամի գործնական աշխարհը ճակատագրի քմքով ընկած մի բացառիկ էակ, որից միայն և միայն Սմբատը կարող է բարձր լինել: Եվ Շուշանիկը չէր սխալվում. ուսումով, կրթությամբ, ընտանեկան վիճակով Անտոնինա Իվանովնան ամբողջ քաղաքում ներկայացնում էր բացառություն: Գլխավորապես հենց այս էր պատճառը, որ նա բոլորի խոսակցության առարկան էր դարձել:

Ամբոխը, Դավթի նշանով, բազմեց սեղանների քով և կազմեց մի քանի երկայնաձև մթին քառակուսիներ: Անտոնինա Իվանովնան շարունակ, թևը Շուշանիկի թևին գցած, շրջում էր, անցնում սեղանից սեղան, դիտում, ուսումնասիրում, խնդրելով օրիորդին թարգմանել տեղացի մշակների ասածները: Իսկ մշակները հրում էին միմյանց, բարձրաձայն ծիծաղում ուրախ-ուրախ, ավելի ու ավելի հարմարեցնելով իրենց տեղերը: «Մեծամեծների» ներկայությունը նրանց չէր նեղում, բոլորն էլ կամենում էին ազատություն տալ իրենց տարիներով կաշկանդված կամքին: Իսկ սրա համար հարկավոր էր դիմել ըմպելիքների օգնության, Դավիթը մոտենում է սեղաններին ու կրկնում.

Տղերք, խմեցեք, ինչքան քեֆներդ է, գինի, արաղ շատ եմ բերել տվել, բայց չհարբեք հա՜ա՜, էս է ասում եմ...

Այնինչ, մշակները շտապում էին շշերը միմյանց հետևից դատարկել: Սրախոսում էին խմելու մասին մի ժարգոնով, որ միայն նավթահանքերի բնակչությանն էր հասկանալի:

Ադա, — ասում էր մեկը, ցույց տալով իր կոկորդը, — տրուբաս գըսարիցա իլավ, ռըզշիրիդելը դես տուր, լենացնեմ...

Ադա, կռանդ բեց ըրա, վըեր չանս լեցնեմ, — ասում էր մյուսը:

Տղերք, ղզղաններղ լյավ տքացրեք, էլ ըտենց տոպկա չեք տեսնիլ...

Յավաշ, պառը գլխներիդ չի կյա...

Ադա, շուռ տուր բըրաբանը...

Հայ մշակների մեջ կար մի պատկառելի ծերունի` Գասպար անունով: Նա մի ժամանակ եղել էր գյուղական տանուտեր ու հարուստ և «գիտեր մեծամեծների հետ նստել, վեր-կենալը»: Նա մեկ-մեկ առաջարկում էր «աղաների» կենացները և գոռում` «հուռա՜ա»: Ամբոխը ձայնակցում էր նրան, բաժակները վերև բարձրացնելով: Երբ հերթը հասավ ինժեներ Սուլյանի կենացին, տիրեց անհարմար լռություն: Ամբոխը չկարողացավ կեղծել: Ոմանք մի քիչ գինի կում անելով, բաժակները հետ դրեցին, իսկ շատերը բոլորովին չխմեցին:

Գյադա մարդ է, — շշնջում էին միմյանց ականջին, — մեջն աղայություն չկա:

Այնինչ, Սուլյանը, ժպիտը երեսին, մի ձեռը կողքին հենած, մյուսով բեղերը ոլորելով նայում էր քծնությամբ Միքայելի դեմքին, շարունակ հետևելով նրան: Այսօր ինժեները մտադիր էր նրա միջոցով Սմբատին խնդրել, որ Ալիմյան ֆիրմն իր համար գնե մի բաժին ինչ-որ նոր կազմվող նավթային ընկերության մեջ:

Դարբասի առջև կանգնեց Սմբատի կառքը: Սև ծովը խլրտվեց, ոտքի կանգնեց: Գալիս էր այն մարդը, որը, հանքերը ոտ դնելու օրից, աշխատել էր բանվոր դասի կյանքը բարվոքել: Ա՜խ, որքան նա փոխվել է վերջին ժամանակ. դեմքը կարմրել է և մի փոքր ուռել, աչքերը լայնացել են ու արյունով լցվել: Մի՞թե այդպես շուտ են ազդել նրա վրա անքուն գիշերներն ու սուր ըմպելիքները.

Հուռաա, — գոչեց ամբոխը Գասպարի նշանով:

Սմբատը ձեռով նշան արավ, որ ոչ ոք տեղից չշարժվի: Բայց հոգով ուրախ էր, որ ամբոխն այսպես հարգում ու սիրում էր իրեն: Մոտեցավ Միքայելին, հարցրեց` արդյոք գո՞հ է իր կարգադրությունից:

Ո՛չ, — պատասխանեց Միքայելը հակիրճ:

Ինչո՞ւ:

Ես կեղծ բաներ չեմ սիրում:

Կե՞ղծ, — զարմացավ Սմբատը:

Այո՛, ես այդ բոլորը կեղծ եմ համարում: Իրենց փողերով խեղճերի համար տոնախմբություն եք սարքում ու կարծում եք մեծ բարության եք անում:

Ես բնավ այդպես չեմ կարծում:

Ո՛չ, կարծում ես: Դուք, բոլոր դեմոկրատներդ, այդպես եք... Ես բուրժուա եմ, ես այդպիսի բաներ չեմ սիրում...

Նա հեռացավ: Սմբատը զարմացած նայեց հետևից, ուսերը վեր քաշելով:

Անտոնինա Իվանովնան շարունակ դիտում էր ամբոխը: Վաղաժամ թառամած դեմքերը, կոր մեջքերը, ներս ընկած կրծքերը նրան ներշնչում էին կարեկցություն: Առհասարակ մի ժամ էր նրան պաշարել էին անսովոր մտքեր ու զգացումներ: Ամբոխի մթին արտաքինի տակ տեսնում էր ավելի մթին հոգեկան աշխարհ, կարոտ լուսո ամենաթույլ շողերին: Նա մտածում էր. ինչո՞ւ օգնության չգալ այդ խեղճերին: Այլևս մարդիկ ո՞ր օրվա համար են ուսում ստանում, եթե չեն կարող կամ չեն ուզում ստացած լուսո գեթ թույլ շողերը տարածել այս մութ աշխարհը:

Եվ այստեղ, այդ պահին, նա առաջին անգամ սկսեց նախատել իրեն, որ մինչև հիմա նշանակություն էր տվել ազգերի ու կրոնների տարբերությանը: Ամաչեց այն բոլորից, ինչ որ գրգռված րոպեին ասել էր Սմբատին: Իսկ նա շատ բան էր ասել, շատ վիրավորական խոսքեր: Ի՞նչ, մի՞թե միայն ինքն էր ասել, առանց որևէ շարժառիթի: Ո՛չ, ինչո՞ւ է այսքան իրեն մեղադրում, մի՞թե ինքը պակաս է վիրավորվել Սմբատից, նրա մռայլ ճակատը հետզհետե պազվում էր, կապույտ աչքերը վառվում էին անսովոր հրով: Նրա մտքում սկսեցին պատկերանալ այն բոլոր վիպական հերոսուհիները, որոնց սիրել էր մայրենի վեպերում և որոնցով մի ժամանակ հափշտակվել էր: Ահա այն աշխարհը, որին օգնելու գաղափարը դրվատել են իր ազգի ամենաընտիր հեղինակները, ամենամաքուր մտածողները:

Նրա սիրտն սկսեց բաբախել բարձր մարդասիրական զգացումներից: Եվ այդ պահին նա պատրաստ էր ներել սկեսուրին, տալոջն ու բոլոր ազգականուհիներին, որոնցից նա իրեն արհամարհված էր զգում: Նա տեսնում էր ազգերի ու լեզուների մի խառնուրդ, տոգորված միևնույն ցավերով ու վշտերով: Մրի ու նավթի սև քողը սփռվել էր հավասար ամենքի վրա ու կազմել տխուր միօրինակություն: Մի՞թե մանրակրկիտ չէ այն մարդը, որ այդ մռայլ հարթության տակ տեսնում է ինչ-որ խորդուբորդներ, մեկին սիրում, մյուսին արհամարհում, մեկին օգնում, մյուսին բարձիթող անում, համարելով իր արյանն «օտար»:

Օրիորդ, — դարձավ նա Շուշանիկին, — հանքերում դժբախտություններ պատահո՞ւմ են մարդկանց:

Շատ:

Մեծ մասամբ, իհարկե հրդեհից:

Շուշանիկը պատասխանեց, թե հրդեհներն ինքնըստինքյան, բայց առհասարակ այստեղ մարդկային կյանքն ապահով չէ: Կան ուրիշ անթիվ պատահարներ: Երեկ մեկի մատը մնաց պարանի տակ և արմատից թռավ, մեկել օրը մի անփորձ մշակի մեքենայի դողը ոլորեց, ջարդեց ու սպանեց: Իսկ սովորական հիվանդությունները տանում են մեծ թվով զոհեր:

Լսել եմ, դուք միշտ օգնում եք մշակներին, և նրանք ձեզ պաշտում են, ինչպես մի բարի հրեշտակի, — ասաց տիկինը կես-հեգնությամբ և կես-լուրջ:

Շուշանիկը շփոթված, ակամա, երեսը մի կողմ դարձրեց: Երբեք նա իր չնչին ծառայությունների մասին չէր մտածել.

Գիտեք, ինչ, — շարունակեց Անտոնինա Իվանովնան, նայելով օրիորդի աչքերին, — ինձ թվում է, որ դուք. եթե կամենաք շատ բաներ կարող եք անել մշակների համար: Օրինակ կարող եք Միքայել Մարկիչին համոզել, որ նա հիվանդանոց էլ բաց անի:

Ես իրավունք չունեմ նրա գործերին խառնվելու:

Այդ այդպես է, բայց մի՞թե բարի գործեր կատարելու համար իրավունք է հարկավոր: Ես էլ իրավունք չունիմ, բայց պիտի խառնվեմ... ձեր կողմից էլ: Այ, խնդրեմ, խնդրեմ... ինձ թվում է, որ նա ձեր խնդիրն ավելի շուտ կկատարի, քան իմը... Այո՛, այո՛, պիտի խնդրեմ ինքս էլ, ձեր կողմից էլ, թեկուզ թույլ էլ չտաք... Աա՜, դուք կարմրեցի՞ք, կնշանակեես ճշմարիտ եմ ասում:

Դավիթը Շուշանիկին կանչեց` քաղաքից եկած հյուրերի համար սեղան պատրաստելու:

Քառորդ ժամ անցած, հյուրերը հրավիրվեցին առանձին սենյակ: Սրաֆիոն Գասպարիչը բաժակ առաջարկեց Ալիմյան ֆիրմայի գործերի աջողության մասին: Տա աստված, որ ֆիրման օր-օրի վրա ծաղկի, մեծանա և «հազարավոր մարդկանց կերակրի»:

Մեր ֆիրման ոչ ոքի չի կերակրում և չի էլ կերակրել, — ասաց Միքայելը տարօրինակ սրտմտությամբ:

Այդ միայն ես գիտեմ, նկատեց Սրաֆիոն Գասպարիչը խորհրդավոր:

Ո՛չ, դու չգիտես, քեռի... ես այսօրվա ճաշն էլ օյինբազություն եմ համարում:

Բոլորը զարմացած նայեցին նրան: Սմբատը չգիտեր ինչպես բացատրի եղբոր անսովոր տրամադրությունը:

Այո՛, օյինբազություն եմ համարում, — կրկնեց Միքայելն ավելի տաքացած, — այստեղ ես անկեղծություն չեմ տեսնում:

Միքայե՛լ, — ասաց Սրաֆիոն Գասպարիչը, — ջահել ես, ականջ դիր մի բան պատմեմ: Երբ ես ույեզդնի նաչալնիկ էի, նորին գերազանցության Վիսսարիոն Պրակոֆիևիչ Աֆանասևը, աստված հոգին լուսավորի... մի օր...

Մշակների միաձայն աղաղակները ընդհատեցին նրա խոսքը, Դավիթը Սրաֆիոն Գասպարիչի խոսքերը հաղորդել էր նրանց, և այժմ աղաղակում էին «հուռռա՛ ...»:

Դե՛հ, ուրախացեք, — գոչեց Միքայելը և դուրս վազելով գոռացլռի՛ր, հիմար ամբոխ...

Նախաճաշը տևեց շատ կարճ միջոց, ուտում էին ոտքի վրա կանգնած: Միքայելի տարօրինակ տրամադրությունը խլեց բոլորի ախորժակը: Անտոնինա Իվանովնան դուրս եկավ պատշգամբ, առավ Միքայելի թևը և սկսեց նրա հետ խոսել:

Հյուրերը դուրս եկան բակը:

Տղերք, դո՛ւրս, — գոչեց Դավիթը, — այժմ պիտի տեսնեմ, ով կարող է գործի գնա...

Ամբոխը միահամուռ հետևեց նրան, դուրս եկավ փողոց:

Գասպար ապեր, — դարձավ Դավիթը նախկին տանուտերին, — դու հին չոբան ես, այծերին ոչխարներից ջոկիր...

Աչքիս վրա: Տղերք, էն մեծ տախտակներից երկուսը բերեք այստեղ:

Փողոցում կար մի փոքրիկ և շատ նոսր նավթային լճակ, շրջապատված հողային թմբով: Գասպարը հրամայեց հաստ ու երկայն տախտակները ձգել մի ափից մինչև մյուսը և ծայրերն ամրացնել հողով ու քարով: Գոյացավ մի կամուրջ: Գասպարն ասաց, թե մշակները, բացի թուրքերից, մեկ-մեկ պիտի անցնեն այդ կամուրջով: Ով ընկավհարբած է:

Կատակը շատ դուր եկավ մշակներին, որ իսկույն բարձրացրին անասելի աղաղակ:

Դե՛հ, մեկ, երկու, երեք, — գոչեց Գասպարը զորավարի եղանակով, և առաջինն ինքն անցավ հաջող:

Սկսվեցին ծիծաղ, քրքիջ, հրումներ, ոստոստումներ, բոթոցներ, գոռում-գոչյուններ: Մեկ-մեկու հետևից մշակները զգույշ անցնում էին կամրջով: Աշխատում էին չսայթաքել, օրորվելով աջ ու ձախ: Սրանց սև պատկերներն անդրադառնում էին լճակի անշարժ մակերևույթի վրա, որպես միգային ստվերագծեր: Ժամանակ առ ժամանակ հարբածները կորցնում էին հավասարակշռությունը, երերվում լարագնացի պես և ընկնում: Սև հեղուկի թանձր շիթերը բարձրանում էին նրանց անկումից և սփռվում ափերում կանգնածների վրա:

Բոլորը ծիծաղում էին, և ամենից ավելի ընկնողները: Երբեմն այս կամ այն կատակասերն սկսում էր պարել լճակի մեջ, ինքն իրեն ծափահարելով:

Քաշեք մի կողմ, բանը պրծած է, — հրամայում էր Գասպարը:

Ամբոխը գոռաց.

Չուպրո՜վը, Չուպրո՜վը:

Կամրջի ծայրին հայտնվեց մի ռուս բանվոր, բարձրահասակ, լայն թիկունքով: Նա աջ ուսի վրա նստեցրել էր մի հայ բանվորի, ձախի վրա` մի լեզգի բանվորի: -Երկուսն էլ հարբած էին և գրկել էին միմյանց: Չուպրովը խլեց մեկից «հարմոնիան» և սկսեց նվագելով անցնել կամուրջով, իր կապտագույն փոքրիկ ուրախ աչքերը հառած մյուս ափին: Նրա թևերը հոլանի էին, կուրծքը բաց կարմիր շիլա շապիկը ուռել էր թեթև քամուց, նա ինքն էլ բավական հարբած էր, բայց հավասարակշռությունը պահում էր: Այնինչ, կամուրջը չէր դիմանում ծանրությանը: Չուպրովը ցած եկավ և մի քանի հսկայական քայլեր անելով լճակի մեջ, անցավ իր բեռան հետ մյուս ափը:

Ամբոխը դարձյալ բարձրացրեց աղաղակ.

Ռասո՜ւլը, Ռասո՜ւլը...

Դա մի բարեկազմ լեզգի էր: Հասնելով կամրջի մեջտեղը, հանեց պատյանից դաշույնը և սկսեց պարել ոգևորված Չուպրովի հարմոնիայից: Սուրը փայլում էր նրա շուրջը, ծնկների տակ, գլխի վրա, այտերի մոտ: Մի վայրկյան նա կանգ առավ հոգնած, երերվեց, քիչ էր մնում ընկնի: Այդ պահին մի մեծ ձեռ բռնեց նրա ոտներից, մի ուրիշը կռնատակից և, բարձրացնելով նրան, անցկացրեց մյուս ափը:

Մալադե՛ց Կարապետ, — գոչեց Չապրովը...

Տարբեր կրոնների, տարբեր լեզուների, տարբեր ցեղերի պատկանող այս երեք բանվորների մեջ կար մի ամենին հայտնի մտերմություն: Նրանք հռչակված էին իրենց անվախությամբ, վայելում էին բոլոր մշակների հարգանքն ու նախանձը: Գործի էին գնում միասին, վերադառնում էին միաժամանակ, բնակվում էին միևնույն սենյակում, գիշերում միևնույն թախտի վրա: Հրդեհների ժամանակ միշտ նրանց կարելի էր տեսնել ամենից առաջ, ամենավտանգավոր տեղերում: Երբ նրանք երևում էին հրդեհի վայրում, ամբոխին տիրում էր ոգևորություն, բոլորը սիրտ էին առնում: Երբ մեկը վտանգի էր ենթարկվում, մյուսներն իրենց կյանքի գնով ձգտում էին ազատել նրան կորստից: Երբ ուրախ էր մեկը, ուրախ էին և մյուսները, և ընդհակառակը: Նրանք իրարու հետ կատակներ էին անում, միմյանց ծաղրում, բայց վա՜յ այն մշակին, որ կհանդգներ նրանցից մեկին վիրավորել: Իսկույն փայլում է Ռասուլի դաշույնը, ասպարեզ էին գալիս Չուպրովի հուժկու բազուկները և Կարապետի լայն թիկունքները: Մի անգամ նրանք ընդհարվեցին հարևան հանքատիրոջ մշակների հետ և երեք հոգի քսան մարդու դիմադրեցին:

Այդ բոլորը պատմեց Դավիթ Զարգարյանն Անտոնինա Իվանովնային և պատմեց, կարծես, ոչ առանց նպատակի: Տիկինը լսում էր հետաքրքրված և... մտածում:

Ամբոխը ցրվեց: Մյուս օրն առավոտը նա կտեղավոխվի նոր կացարանները:

Դավիթը հյուրերին առաջարկեց` մյուս շինությունները ևս նայել: Դրսում սպասում էին մի քանի կառքեր: Բոլորն ընդունեցին նրա հրավերը: Բակն ու պատշգամբը դատարկվեցին:

Արդեն մի ամբողջ ժամ էր Միքայելն առիթ էր որոնում Շուշանիկի հետ առանձին տեսնվելու: Օգտվելով հյուրերի բացակայությունից, նա անցավ այն սենյակը, ուր օրիորդը մի մշակի օգնությամբ հավաքում էր սեղանը:

Նա ներս մտավ տենդային հուզման մեջ, նշան արավ մշակին հեռանալ և դռները փակեց:

Շուշանիկը ցնցվեց: Տեր աստված, էլի այդ մարդն ի՞նչ է ուզում նրանից: Նա ամոթից և երկյուղից սկսեց դողալ այնպես, որ ձեռքից բաց թողեց բաժակները և կոտրեց: Փախչե՞լ, թե՞ մնալ: Բ՛այց դռները փակ են: Էհ, թող ինչ լինելու է` լինի: Նա չպիտի վախենա, նա կարող է իրեն պաշտպանել:

Միքայելը մոտեցավ, կանգնեց դեմուդեմ, սեղանի մյուս կողմում:

Ասեց եք խնդրեմ, — ասաց նա երերուն ձայնով, — դուք ո՞վ եք, որ մեր գործերին խառնվում եք, հը՞ը, ո՞վ եք: Դուք ի՞նչ իրավունքով եք Անտոնինա Իվանովնայի միջոցով ինձ խնդրում այս անել, այն անել մշակների համար, ըըը՞: Չլինի՞ կարծում եք, թե ես էլ ձեր սիրաձ մարդասերներից կամ դեմոկրատներից եմ: Ո՛չ, ես ատելով ատում եմ բոլոր բարեգործներին, ես ոչինչ, ոչինչ չեմ ուզում անել բանվորների համար և չեմ անիլ: Ես իմ քեֆի մարդ եմ, ուզածս եմ անում: Կամենաք հենց վաղը կհրամայեմ քանդել Սմբատի շինել տված տները և մշակներին կթողնեմ բաց օդի տակ: Այո՛, կանեմ... Կամենաք ձեր տունն էլ քանդել կտամ, այդ բոլոր հանքերն էլ կրակ կգցեմ: Ինձ համար գրոշի գին չունի մարդկանց կարծիք..,. Ի՞նչ իրավունքով եք ինձ խորհուրդներ տալիս...

Սպասեցե՛ք, պարոն Ալիմյան, ես երբեք...

Մի՛ կեղծեք, աստված սիրեք: Դուք Անտոնինա Իվանովնայի հետ խոսել եք: Կարելի է դուք այն էլ ասեք, թե ինձանից չե՞ք փախչում կամ Սմբատին չե՞ք սիրում: Էէ՜, ամաչո՞ւմ եք... Իսկ ես ոչինչից չեմ ամաչում, բոլորը կասեմ... Լսեցե՛ք... Դուք կամեցաք, որ ես ստորանամստորացա, կամեցաք` արժանանամ ընկերներիս արհամարհանքինարժանացա, փախչեմ հասարակությունից` փախա: Այժմ ուզում եք, որ ձեր գործակատա՞րը դառնամ: Ներեցե՛ք, չեմ կարող...

Շուշանիկը չգիտեր ինչպես պատասխանի այդ անկապ խոսքերին: Նա ուզում էր խոսել, բայց գրգռված Միքայելը չէր թույլ տալիս նրան բերանն անգամ բանալու:

Ո՞վ եք դուք, ո՞վ է ձեր հորեղբայրը, ձեր բոլոր ընտանիքը կամ հենց ամբողջ հասարակությունն ինձ համար: -Ոչնչություն, քամի, այ, իմ նավթահորերի գազը... Ես արհամարհում եմ մարդկանց կարծիքները: Ես Միքայել Ալիմյանն եմ, հարուստ, ինքնագլուխ իշխան: Քեֆս կտա, կօգնեմ մարդկանց, չի տակջարդեմ ոտնատակ կանեմ: Ես ատելով ատում եմ բոլոր կանանց... Հա՜-հա՜-հա՜. «որքա՜ն զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»: Իմ և Սմբատի մեջ: Այո՛, կա: Նա խելոք է` ես հիմար, նա կրթված է` ես անկիրթ, նա բարոյական մարդ է` ես անբարոյական: Հետո, ինչ եք ուզում դրանով ասել: Բայց... բայց ես էլի ձեզ արհամարհում եմ... Հա՜-հա՜-հա՜, կոտր ընկած մի վաճառականի աղջիկ, ժամանակակից օրիորդ, գեղեցկուհի, համեստ, հրեշտակի պես հեզ, ինտելիգենտ իդեալներ երազող, հա՜-հա՜-հա՜...

Նրա ծիծաղն անբնական էր, նույնիսկ երկյուղալի Շուշանիկի համար: Նա, կարծես, զառանցում էր, չգիտեր իր ասածների միտքը: Շունչը հետզհետե սպառվում էր, մերթ նստում էր, մերթ վեր կենում, անգամ ձեռն ուժգին զարկելով սեղանին:

Նա շարունակեց նույն ուղղությամբ, նույն անկապ խոսքերով, օ՜օ, նա գիտե, այժմ Շուշանիկը ինչ է մտածում: Թող այնքան հիմար չհամարի Միքայել Ալիմյանին: Ո՞ւմ չի հայտնի, որ անվարձ կանայք այն տղամարդկանց են սիրում, որոնք «խորհրդավոր» են կամ դժբախտ, կամ քիչ են խոսում, կամ խելոք են ձևանում: Բայց բոլոր տղամարդիկ միմյանց նման են, եթե լավ ճանաչես: Ինքը` Միքայել Ալիմյանը կարող է վատ էլ լինել, լավ էլ, չար էլ, բարի էլ, վախկոտ էլ, քաջ էլ: Բոլորը կախված է հանգամանքներից: Նա րոպեի մարդ է, շատ անգամ մի բան մտածում է, անում է հակառակը:

Հենց այն օրն էլ այդպես էի, հիշո՞ւմ եք այն օրը: Իհարկե, չեք մոռանալ: Բայց ես... ես իսկույն մոռանում եմ վիրավորանքը: Գիտեք, ես փչացած եմ, ընկած, զզվելի, ինչ կամենաք, բայց այստեղ, ա՜յ, այս կրծքի տակ զգացմունք կա, հասկանո՞ւմ եք: Ես ընդունակ եմ մի ժամում ձեզ և՛ ստորացնել և՛ բարձրացնել, և՛ տապալել, և՛ ձեր ոտների տակ տապալվել: Հասկացե՛ք այս բանը, ճանաչեցե՛ք ինձ, վերջապես: Հայրս ինձ գիժ էր համարում, բայց տեսա՜ք ես քանի՜-քանի՜ վիրավորանքներ ստացա և ինձ զսպեցի: Ես օրինավոր մարդ չեմ, էէ՜, շատ հարկավո՞րս է: Բայց, համբերեցե՛ք, մի օր ինձ համար... Ուզում էի գրազ գալ, որ դուք ինձ հաղթել չեք կարող... դուք բարոյական, ես անբարոյական...

Ես ձեզ հետ մրցելու ո՛չ ուժ ունիմ, ո՛չ ցանկություն:

Դուք ինձ զզվանք եք ցույց տալիս:

Իմ զզվանքը ձեզ համար չի կարող նշանակություն ունենալ: Դուք հարուստ եք, ես աղքատ...

Ես ձեզ խնդրում եմ հարստության և աղքատության մասին չխոսել...

Ինչպե՞ս չխոսել, քանի որ ինքներդ մի քիչ առաջ պարծեցաք, թե հարուստ եք, ամեն բան կարող եք անել: Բա՛ց արեք դռները...

Ես ձեզ այդ ասացի՞... Ի՞նչ է նշանակում... Ես ոչինչ չասացի, բայց կարելի է, ո՞վ գիտե... Ես այնքան գրգռված եմ, որ չգիտեմ ինչ եմ խոսում:

Այդ երևում է: Բաց արեք դռները: Տանն ինձ սպասում է կոտր ընկած վաճառականը, անդամալույծ հայրս:

Այս խոսքերը բոլորովին զինաթափ արին Միքայելին:

Օրիորդ, — արտասանեց նա, այժմ ինքն իր դեմ բարկանալով, — ես չգիտեի, որ ձեզ կարող է վիրավորել ամեն մի խոսք... Ներեցեք, ես ամեն մի բառ չեմ կարող մի ժամ մտածելուց հետո ասել... բերանիցս թռավ: Իսկ եթե կամենում եք ճշմարտությունն իմանալ, լսեցե՛ք. հարստությունը շատ մարդկանց է փչացնում... Երևի, այժմ կհավատաք...

Մի՞թե, — արտասանեց Շուշանիկն աներկյուղ հեգնությամբ, — ինչո՞ւ բոլորին չի փչացնում ...

Գիտեմ, իմ եղբոր մասին եք խոսում... Բայց դեռ վաղ է, սպասեցե՛ք, ո՞վ գիտե, ինչ կպատահի... նա դեռ նոր է փողի համն առնում... Իսկ ես արդեն զզվել եմ...

Քանի գնում` այդ մարդն անհասկանալի էր դառնում: Մերթ հանկարծ կատաղում էր ու ձայնը բարձրացնում, մերթ շփոթվում ու բառերը շփոթում: Եվ Շուշանիկը չգիտեր նրա ո՞ր խոսքին կամ տոնին հավատա, որին` ո՛չ: Միևնույն Ժամանակ, այժմ նա ակամա հետաքրքրվում էր հենց նրա անհասկանալիությամբ: Մի՞թե բոլորը, ինչ որ ասում է, կեղծ է: Կոմեդիա: Վերջապես, ի՞նչն է ստիպում այդ մարդուն խոսել այդպես: Մի փչացած մարդ, առանց խորին պատճառի այդպես չի բորբոքվիլ: Ի՞նչ է նշանակում այդ: Վիրավորված ինքնասիրությո՞ւն, սե՞ր, կի՞րք, ատելությո՞ւն, թե՞ զղջում: Կարծես, բոլորն էլ խառնվել են միմյանց: Նրա դեմքն անգամ անհասկանալի է դարձել, մերթ թվում է տգեղ ու հրող, մերթ գեղեցիկ: Իսկ այդ սպին նրա ճակատի վրա, խայտառակության այդ անշնչելի դրոշմը, կարծես, այլևս գարշ տպավորության չի անում...

Բայց այդ ի՞նչ է: Այն մարդը, որ կատաղի արտահայտում էր սրտի թույնը, այժմ բոլորովին անհասկանալի դարձավ: Թուլացած, ընկճված նստեց աթոռի վրա, նայեց մոլոր հայացքով Շուշանիկի երեսին, դրեց գլուխը սեղանի ծայրին և հեկեկում է: Այո՛, հեկեկում է, ինչպես երեխա: Այդ արդեն կոմեդիա չէ, մարդ չի կարող արհեստական կերպով այդպես արտասվել: Բայց արտասուք և Միքայել Ալիմյանի՜նչ հակադրություններ:

Բեռները հենած աթոռի մեջքին, աչքերը լայն բաց արած Շուշանիկն ապշած նայում էր: Եվ այն, ինչ որ տեսնում էր, թվում էր նրան երազ այնքան անբնական էր նրա աչքում:

Միքայելն արագությամբ ոտքի կանգնեց, աչքերը սրբեց: Նա բաց արավ դռները և ասաց.

Գնացե՛ք, այսուհետև ձեզ հանգիստ կթողնեմ, գնացեք... Բայց մոռացեք բոլոր ասածներս... Հենց այնպես, հիմար էի, անքնությունից էր, հիվանդ եմ...

Եվ դարձյալ մոտենալով սեղանին, ընկղմվեց աթոռի վրա:

Տեր աստված, — դիմավորեց Շուշանիկին Անտոնինա Իվանովնան, կառքից ցած գալով, — այսօր դուք կատարելապես հիվանդ եք: Գնանք ձեր տուն, ես ուզում եմ ձերոնց հետ ծանոթանալ: Տվե՛ք ինձ ձեր թևը...

Իմ թևը մի՛ առնեք, արժանի չէ, — ասաց Շուշանիկը, ձեռը ցնցողաբար խլելով տիկնոջից:

Անտոնինա Իվանովնան նայեց նրա երեսին զարմացած և հետո ներքևի շուրթը սեղմեց ատամներով, գլուխը խորհրդավոր շարժելով: Նա բոլորովին սխալ հասկացավ օրիորդի հոգեկան դրությունը, սխալ և վիրավորական...

II

Անցավ երկու-երեք շաբաթ: Քաղաքում կյանքը շարունակվում էր նույն ուղղությամբ: Տիկին Մարթան գրեթե ամեն օր գալիս էր և մորը լարում հարսի դեմ: Ոսկեհատը ստեպ-ստեպ ընդհարվում էր Անտոնինա Իվանովնայի հետ: Ընդհարման առիթները շատ էին, բայց մշտականը երեխաներն էին: Մայրն աշխատում էր նրանց հեռու պահել ընտանիքի վատ ազդեցությունից, տատը ձգտում էր տիրանալ նրանց: Այստեղից առաջանում էին ընտանեկան անընդհատ փոթորիկներ, որոնց դեմ Սմբատը միանգամայն իրեն անզոր էր զգում: Մերթ մորն էր հանդիմանում, մերթ կնոջը: Երկու կողմն էլ պաշտպանում էին իրենց իրավունքերը եռանդով:

Նա մեզ բոլորիս ատում է, ուռած ու փքված է, — ասում էր այրին, — վիզիտներ չի անում, երեխաներին տանը փակած է պահում, ոչ ոքի մոտ չի թողնում գնան: Մոտս մի բարեկամ կին գալիս, առաջը չի դուրս գալիս, մի բաժակ թեյ չի առաջարկում: Ինձ ծաղրում են ազգականներս... Ես ապրուստ չունեմ, որդի, դու էլ չունես, ձեռ քաշիր այդ կնոջից:

Անտոնինա Իվանովնան բացատրում էր իրողությունն այլ կերպ: Նա ոչ ոքի չի ատում. չի արհամարհում, պատրաստ է բոլորի հետ հաշտվել, բայց թող նրանից անկարելին չպահանջեն: Նա ունի իր հայացքները, ճաշակը, ինքնասիրությունը: Չի կարող ժամերով նստել այս ու այն անկիրթ ազգականուհու հետ, լսել նրա բամբասանքները, ինքն էլ բամբասել: Նա չգիտե նրանց հետ վարվելու, մինչև անգամ խոսելու ձևը: Նա չի ուզում իր սիրտը բացատրել այդ կանանց, որոնք ուժով ներմուծում են նրա հոգեկան աշխարհը, կամենում են իմանալ` ո՛ր ժամին է քնում, որ ժամին զարթնում, ինչ է մտածում, ո՛ւմ սիրում, ի՛նչ ատում: Պահանջում են, որ նա այցելի աննպատակ, շռայլ ընտանեկան երեկույթներն ու ճաշերը, հագնվի այնպես, ինչպես ուրիշները, սիրե այն կերակուրները, որ սիրում են ազգականուհիները, չարախոսի նրանց թշնամիներին, կեղծավորի բարեկամներին, նույնիսկ թուղթ խաղա...

Ես ինձ վերստեղծել չեմ կարող, թեկուզ կամենամ էլ: Իմ և այդ կանանց մեջ ահագին անդունդ կա, չեմ ուզում և չեմ կարող կեղծիքով լցնել այդ անդունդը: Եվ ոչ էլ ձեր մայրն է կարող: Ուրեմն ինչու միմյանց խաբենք...

Սմբատը փախչում էր տնից` այս գանգատներից ազատվելու համար: Առավոտն իջնում էր գրասենյակ, կարգադրում էր անհրաժեշտ գործերը և անհայտանում: Ոչ ոքի չէր հաղորդում սրտի դառնությունները և անվայել էր համարում հաղորդելը: Ո՞վ կհասկանա նրա կյանքի ամբողջ դրաման` իր բոլոր նրբություններով: Միայն նա, ով համանման վիճակի մեջ է: Իսկ այսպիսի մի երկրորդը դեռ չկա ամբողջ քաղաքում: Ուրիշ տեղերում շատ կան, բայց այստեղ միակն է, թող միայն ինքն իմանա իր ցավերը:

Արշակը Զինաիդային գտնելու հույսը թողել էր և, Ալեքսեյ Իվանովիչի շնորհիվ, գտել Էլմիրային: Դա մի նորեկ կոկետուհի էրմայրաքաղաքի հաճույքների դպրոցն անցած մի գեղեցկուհի: Մի արկածախնդիր, որ եկել էր «ոսկե քաղաքում» բախտ որոնելու: Տեսնվելով նոր սիրուհու հետ գիշերները, ցերեկները Արշակը թափառում էր հյուրանոցից հյուրանոց և ամենուրեք որոնում նորանոր զվարճություններ: Ալեքսեյ Իվանովիչի պաշարն անսպառ էր. ամեն օր իր աշակերտի համար պարզվում էր աշխարհային մի որևէ նոր գաղտնիք, ծանոթացնելով նրան «կյանքը սիրողների» ամենանուրբ և ամենահուզիչ հաճույքների հետ: Այժմ պատանին փողի պակասություն չուներ: Սմբատը տալիս էր առատ, մասամբ մոր անվերջ թախանձանքներից ու արցունքներից հարկադրված, մասամբ իր գլուխն ազատելու համար:

Իհարկե Մարութխանյանը դադարել էր Ալիմյաններին այցելել, չէ որ Միքայելը նրան «անամոթաբար» վռնդեց իր տնից: Նա այլևս այդ ընտանիքի հետ ոչինչ կապ չունի, բայց սպասիր «անպատկառ մանուկ», մի օր Մարութխանյանը ցույց կտա քեզ իր ասեղները:

Ամեն երեկո նա իր կաբինետում համարակալի վրա զանազան հաշիվներ էր անում: Հանում էր երկաթե սնդուկից ինչ-որ թղթեր, նայում ստորագրությանը, կարդում, հրճվում և հետո ծալում խնամքով ու դնում նորից իրենց տեղը, կրկնելով.

«Հիմա՜ր տղա...»:

Երբեմն կնոջից տեղեկություններ էր հարցնում Ալիմյանների ընտանեկան գործերի մասին (առևտրականը նրանցից լավ գիտեր): Հետաքրքրվում էր եղբայրների հարաբերություններով, մասնավորապես հարցնում էր Միքայելի մասին. ինչո՞ւ քաղաք չի գալիս, մի՞թե հանքային գործերն են նրան այդչափ զբաղեցնում:

Մեջտեղ անպատճառ մի և կլինի, — ասում էր խորհրդավոր: Նա մի առանձին հաճույքով վերագրում էր Միքայելին ամենագարշ հատկանիշներ, ամենաստոր միտումներ: Մի օր Մարթան հաղորդեց, թե Անտոնինա Իվանովնան տեղափոխվում է հանքերը: Իսահակը, կանաչ-դեղնագույն աչքերն ակնոցների տակից սևեռելով կնոջ երեսին, ասաց.

Չե՞ս տեսնում, որ մեջտեղը մի և կա:

Նա կարծում էր, որ իր կինը, չափից դուրս ատելով Անտոնինա Իվանովնային, չի խղճահարվիլ մի ամենակեղտոտ ակնարկ ընդունելու եղբոր կնոջ վերաբերմամբ: Բայց Մարթան վրդովվեց մինչև հոգու խորքն ամուսնու ակնարկից և բորբոքված գոչեց.

Չհամարձակվե՛ս, իմ եղբայրը քեզ պես մարդ չէ՛...

Ես ոչինչ չասացի... Ես միայն ուզում եմ, որ եղբայրդ ամուսնանա:

Եվ այդ օրից նա նույնը կրնկում էր ամեն օր, ստիպելով Մարթային, որ համոզի Միքայելին ամուսնանալ: Մի անգամ, վերջապես, կինը զարմացած հարցրեց.

Չեմ հասկանում, ինչո՞ւ ես դու այդպես հոգս անում նրա ամուսնանալու մասին...

Հաշիվներ ունեմ...

Ի՞նչ հաշիվներ:

Է՜հ մի օր կիմանաս էլի, դեռ վաղ է...

Այնինչ, Միքայելը ոչ միայն ամուսնանալու տրամադրության չուներ, այլև կյանքի սերը, կարծես, օր-օրի վրա թուլանում էր նրա մեջ: Նա գործերը ամբողջովին հանձնել էր Դավիթ Զարգարյանին, որից հաշիվ անգամ չէր ուզում ընդունել: Նա ոչ միայն քաղաք չէր գնում, շատ անգամ տնից էլ դուրս չէր գալիս:

«Ինչո՞ւ, ի՞նչ պատահեց այս մարդուն» հարցնում էր մտքում Դավիթը և պատասխանը փորձում էր կարդալ Միքայելի դեմքի վրա: Ա՜խ, նա կույր չէր և ոչ հիմար. վաղուց արդեն զգում էր, որ Միքայելը հետամուտ է Շուշանիկին, որ օրիորդը ոչ միայն չի քաջալերում նրան, այլև փախչում է նրանից: Նա մտքում գովում էր իր եղբոր աղջկա հպարտությունը, բայց միևնույն ժամանակ, վախենում էր: Միքայելը կանանց վերաբերմամբ անզուսպ է, կարող է խիստ միջոցների դիմել` մի աղքատ աղջկա անտարբերությունը պատժելու համար: Ի՜նչ ստորության ընդունակ չէ մի բարոյապես ընկած մարդ, մանավանդ, երբ ձեռքում ունի փողի պես ամենազոր միջոց: Օ՛օ, ո՛չ, ո՛չ, թող միայն համարձակվի այդ մարդը, Դավիթը կյանքը չի խնայիլ` Շուշանիկի պատիվը պաշտպանելու համար:

Հաջորդ էջ