Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Այլ էին Սմբատի զգացումները: Մռայլ մտքերի մեջ խորասուզված, գլուխը կրծքին թեքած, կանգնած էր որպես մի տեսակ դատապարտյալ: Որքա՜ն հիշողություններ էին վերականգնել նրա մեջ, որպիսի ծանր մտքեր էին ալեկոծում նրա ուղեղն այն հարազատ միջավայրում, ուր շատ տարիներ էր չէր եղել և որն այսօր կարծես հրում էր նրան որպես մի խորթ, անհարազատ տարր: Շա՞տ տարիներ. ո՛չ, ընդամենը ութ տարի: Բայց թվում էր նրան, որ իր կյանքի այս վերջին քառորդում ապրել էր, խորհել, զգացել ավելի, քան առաջ: Եվ ինչ-որ անխորտակելի պատնեշ այդ ութ տարիները բաժանում էին նրան անցյալից: Եվ ոչինչ նմանաթյուն գոյության այդ երկու շրջանների մեջ, ոչ մի աննշան կապ: Դեռ մի շաբաթ առաջ նա կարծում էր, թե առմիշտ անզատվել էր մերձավորներից և երբե՛ք, երբե՛ք չպիտի վերադառնա ծնողների հարկի տակ: Հայրն անիծել էր նրան և զզվանքով հեռացրել իրենից և ինքն էլ կարծում էր, որ արդեն մոռացել է նրան: Իսկ երբ ստացավ ծերունու մահամերձ լինելու հեռագիրը, մի վայրկյանում ամեն ինչ տակն ու վրա եղավ նրա սրտի մեջ: Երկու տող գիրը վայրկենաբար ալեկոծեց նրա մեջ սառած որդիական զգացումները` որպես ուժեղ ձեռքով արձակված մի քար նիրհած լիճը, և նա նորեն իր հոգու խորքում զգաց ջերմություն դեպի անցյալը: Եվ այժմ նա հոր դագաղի առջև լալիս էր և լալիս էր անկեղծ, դառն արցունքներ թափելով սրտի մեջ: Կծու վիշտը մերթ ընդ մերթ ցնցում էր նրան ոտքից մինչև գլուխ: Թվում էր նրան, թե ինքը, միայն և միմիայն ինքն է պատճառը ծերունու մահվան, ինքը` իր անուղղելի սխալով: Չէ՞ որ այդ երկաթե առողջության տեր մարդը կարող էր ապրել դեռ շատ տարիներ, չէ՞ որ հոգեկան տանջանքներն էին վաղաժամ քայքայել նրա մարմինը...

Սակայն վշտանալով, ողբալով ու ինքն իրեն դատապարտելով հանդերձ, նա այժմ էլ զգում էր, որ իր և այն ծանոթ միջավայրի այս մերձավոր և ընտանի դեմքերի մեջ բարձրացած պատնեշն անխորտակելի է...

Բեմ բարձրացավ եպիսկոպոսը և սկսեց փքուն խոսքերով դրվատել հանգուցյալի քանի մի բարեգործական նվերները, որ ոչինչ էին նրա հարստության համեմատ:

Էջմիածնի վանքին հինգ հազար, ճեմարանին հինգ հազար, մեր Մարդասիրական ընկերությանը տասը հազար, ուսումնարանին մի հազար, աղքատանոցին երեք հազար: Թո՛ղ օրհնվի հանգուցյալի անբասիր հիշատակը, թո՛ղ աստված բյուր ի բյուրոց վարձատրե նրա ազնվազարմ ժառանգներին, թո՛ղ հանգուցյալի այս լուսապայձառ և երկնաճանաչ գործը ծառայե օրինակ բոլոր ազգայնոց համար:

Եվ այլն, և այլն, և այլն...

Պատարագն ավարտվեց, հոգեհանգիստը կատարվեց, դիակը դուրս տարան:

Երբ թաղման հանդեսը վերջացավ, արդեն երեք ժամն էր:

Հակառակ նորամուծ սովորության, այրի Ոսկեհատը պահանջել էր, որ հանգուցյալի հիշատակին այնպիսի մի հոգեճաշ տրվի, որի նմանը եղած չլիներ: Սմբատը համաձայնություն էր տվել հակառակ իր հայացքներին, չկամենալով մորը վշտացնել:

Հուղարկավորների մեծ մասը ցրվեց, բայց և այնպես սգավորների ընդարձակ բնակարանը լցվեց: Բոլորը քաղցած էին և անհամբեր սպասում էին ճաշի` նույնիսկ պատարագի կեսից սկսած: Սպիտակ մաքուր սփռոցների վրա դարսած առատ ուտելիքները և գինու փայլուն շշերն ամենքի ախորժակն էին գրգռում: Տեր-ՍիմոնըԱլիմյանների քահանան, որ պատվավոր քաղաքացիների հետ անցել էր առանձին սենյակ, առաջարկեց հանգուցյալի հոգու բաժակը: Նրան ձայնակցեցին «ազատամիտ» Տեր-Աշոտը և «պահպանողական» Տեր-Սահակը, և «աստված հոգին լուսավորե» դարձվածքն անցավ սենյակից սենյակ և շատերին տրամադրեց լավ խմելու: Գինու և օղիի բաժակները դատարկվեցին, դանակպատառաքաղներն սկսեցին գործել, մետաղի ու ափսեների հնչյունները խափանեցին ընդհանուր լռությունը: Տեսարանն սկզբում հիշեցնում էր Էջմիածնի վանական ճաշարանը` իր քարե սեղաններով: Հյուրերն ուտում էին անխոս, աչքի տակով ծուռ-ծուռ իրարու նայելով և իրարուց ամաչելով կամ իրարուց խրախուսվելով: Բայց գինու շշերի առաջին շարքը գլուխները տաքացրեց և թրջված լեզուները բացվեցին, ինչպես թառամ բույսերն անձրևի ցողից:

Սմբատը, որ վաղուց չէր տեսել նման հանդեսներ, անցնում էր սենյակից սենյակ և հետաքրքրությամբ դիտում: Նա ինքը քաղց չէր զգում և զարմանում էր ուտողների ախորժակի վրա: Շատերն սկսեցին գինու ազդեցությամբ կատակներ անել ու ծիծաղել, միմյանց հյուրասիրելով, որպեսզի իրենք ևս առիթ ունենան խմելու: Սմբատի զգացումները վիոավորվում էին: Մի կոշկակար ամեն անգամ բաժակը դատարկելիս, հարևանին արմունկով բոթում էր և աչքով անում` դեմուդեմ նստած իր արհեստակցի կողմը, ձեռքը քսելով կրծքին. օխայ, ի՜նչ անուշ է հարստի գինին: Կային այնպիսիները, որ բերանները կերակուրով լեցուն ցինիկ անեկդոտներ էին պատմում և ծիծաղ շարժում: Ոմանք արդեն կարմիր գինով ներկել էին ճերմակ սփռոցները և վրեն աղ սփռել: Նրանք, որոնք կշտացել էին, բղկոցն էին տալի: Մի քանի գործակատարներ զանազան միմոսություններով աշխատում էին միմյանց ծիծաղեցնել: Նրանց զվարճության գլխավոր առարկան «ադվակատ» Մուխանն էրդեղնագույն, ուռած քթով մի մարդ, որ կերակրի յուրաքանչյուր պատառը կուլ էր տալիս մերթ գինով, մերթ օղիով: Մազերը փոշիոտ, գզգզված, ալեխառը միրուքս խճճված շատ գործածված ավելի պես, աչքերի շրջանակները կարմիր, կեղտոտ, հնամաշ անգույն ռեդինկոտը կուչկուչված, նա հիշեցնում էր ասիական բաղնիսի մոխրատան բնակչին: Առավոտից մինչև երկու-երեք Ժամը Մուխանը հաշտարար դատարանի առջև սրա ու նրա համար հատը տասը կոպեկով խնդրագիր էր հորինում կամ օրենքներ բացատրում, իսկ այնուհետև օրվա վաստակածը հանձնում էր օղետներին ամենայն բարեխղճությամբ:

Գործակատարները գցում էին նրա վրա հացի գնդիկներ: Նրանց նշանակն էր` «ադվակատի» աղյուսագույն պարանոցի խոշորագույն խուլինջը: Ստեպ-ստեպ նրա դողդող ձեռներից հատակի վրա էր ընկնում մերթ դանակը, մերթ պատառաքաղը, անձեռոցիկը կամ մսի կտորները: Եվ երբ ցածր էր թեքվում` ընկածը վերցնելու, հացի գնդիկները կարկտի պես էին տեղում նրա պարանոցի վրա:

Մի անգամ, երբ գնդիկներից մեկը դիպավ քթին, բերանը բաց արավ հայհոյելու, մի ձեռ հետևից փակեց նրա բերանը:

Շատ մի կոնծիր, — շշնջաց նրա ականջին մի կարճահասակ մարդ դեղնագույն մազերով և ապակու պես փայլուն աչքերով, — քեզ հետ գործ ունեմ... երեկոյան ութ ժամին կգաս մեր տուն...

Ասաց փոքրահասակ մարդը և իսկույն չքացավ.

Եղանակը պարզ էր, օրը ջերմ, լուսամուտները բաց: Դեպի մուտքը թեքվող արեգակի շողերը խուրձերով ներս էին թափվել և լուսավորում էին բազմաթիվ գլուխների խայտաբղետ շարքերը: Ամբոխի շունչը, կերակուրների գոլորշին, ծխախոտի ծուխը, փորս, կեղտն ու քրտինքը, միմյանց խառնվելով, սենյակում գոյացրել էին ստորին տեսակի պանդոկային մթնոլորտ, ծանր, անախորժ: Շատերն էին արդեն հարբել, բղկոց էին տալիս պարսիկների պես, ցույց տալով, որ իբր չեն ուզում, և դարձյալ ուտում էին. ով գիտե մեկ էլ երբ պիտի տեսնեն այդպիսի առատ սեղան:

Մարդկանց ագահությունը և զվարթ, ուրախ դեմքերը, ոմանց անամոթ բարձրաձայն ծիծաղներն ակամա զզվանք էին ներշնչում Սմբատին: Վաղուց նա չէր տեսել այդպիսի նողկալի տեսարան: Անցնելով «ադվակատ» Մուխանի մոտով, նկատեց, որ արբշիռը գինին թափել է սպիտակ սփռոցի վրա և աղամանն է փնտրում` կարմիր լճակը աղով ծածկելու համար: Նրա աջ ու ձախ կողմերում նստած դերձակները բարձրաձայն քրքջացին, լայն բանալով կերակրով լի բերանները, ինչպես շնաձկներ:

Ես ձեզ քարշ կտամ զերձալի տակ, շուն շան... կատաղեց Մուխանը:

Սմբատը, զզվանքը զսպելով, շտապեց անցնել «պատվավորների» սենյակը: Այդտեղ էլ ուտում էին ախորժակով, բայց արժանավայել, խմում էին շատ, բայց ոչ շտապով և ոչ աղմկալի, ծիծաղում էին, բայց ցածր ձայնով: Տեր-Աշոտ ազատամիտը ոգևորված խոսում էր ազգի, եկեղեցու նորագույն պահանջների մասին: Նրա ազատամիտ հայացքները կատաղեցնում էին պահպանողական Տեր-Սիմոնին, որ առհասարակ ատելով ատում էր իր երիտասարդ պաշտոնակցին: Շուտով նրանց մեջ սկսվեց մի թեթև վիճաբանություն, որ հետզհետե տաքացավ: Բանն այն է, որ յուրաքանչյուրն աշխատում էր փայլել իր գիտությամբ հարուստ սեղանակիցների ուշադրությունն ու համակրանքը գրավելու համար: Այնինչ` հարուստները լսում էին վիճաբանությունն արտաքուստ ուշադիր, իսկ մտքով զբաղված իրենց գործերով և Մարկոս աղայի թողած հարստությամբ: Մեկը նավթահոր էր փորել տալիս և երեկ խողովակը ծռվել էր հորի մեջ, մյուսի գործակատարը գողություն էր արել, երրորդը վաղը պիտի բանկից ազատեր իր մուրհակները, մի ուրիշն էլ մտածում էր արդյոք լավ չի լինիլ, որ ինքն էլ իր հանքում գետնի տակով խողովակ անցկացնելով, հարևանի նավթը գողանա, ինչպես ասում էին ոմանք: Մի խոսքով ոչ մեկը գլուխ չուներ Տեր-Աշոտի լուսավոր գաղափարները լսելու...

Հոգեհացին ներկա էին նաև Միքայելի մտերիմ ընկերներից մի քանիսը: Ամեն ինչ նրանց վրա նորաձև էր, սկսած կոշիկների սուր ծայրերից և տափակ կրունկներից մինչև գլուխների մազերի սանրվածքը և բեղերի սրածայր ցիցը դեպի վեր:

Մեկը նրանցից շշնջալով նկարագրում էր իր հարևանի համար մի նորեկ օպերետային երգչուհու կուրծքն ու ոտները...

Երեկ հետը ծանոթացա կուլիսների հետևում, խնդրեց, որ այցելեմ... նրա կենացը...

Դա քաղաքում հայտնի զվարճամոլ Գրիգոր Հաբեթյանն էր, որին համառոտ կոչում էին «Գրիշա»: Կարմիր, մսալի երեսով, հաստ շրթունքներով, վառվռուն սև աչքերով մի երիտասարդ էր, որ սիրում էր աղմկալի քեֆեր, կոտրտել, ջարդել, սրա ու նրա վրա շշեր շպրտել, թուղթ խաղալ, շամպայնը խմել շշից, գիշերները փողոցներում թառ ու դուդուկ ածել տալ, ոստիկանների հետ կռվել, հետո նրանց կաշառել: Նրա մի կողմում նստած էր նիհար, դալուկ դեմքով Մելքոն Ավրումյանը, քսան ու վեց տարեկան մի հանքատեր, որի աչքերի մեջ փայլում էին կիրքն ու այն սոսկալի ախտը, որ նրան դարձրել էր կմախք: Մի կողմում նստած էր քնահարբ դեմքով, թմրած աչքերով Մովսես Բաբախանյանը, որի ուղեղն ու զգացումները բացառապես թղթախաղին էին նվիրված:

Ինձ էլ կծանոթացնես, այնպես չէ՞, — ասաց Մելքոն Ավրումյանը:

Ընթրիք երկու դյուժին շամպանիայով, — պայման դրեց Գրիշան:

Գալիս է:

Որտե՞ղ:

Շոգենավի վրա:

Ա՛ֆերիմ, բայց այդ քիչ է:

Էլ ի՞նչ ես ուզում:

Օրկեստր...

Եղավ:

Ընթրիքից հետո բարկազ, մինչև Նարգին կղզին... Լուսին գիշեր է:

Համաձայն եմ:

Այդ ի՞նչ եք քչփչում, — մեջ մտավ քնահարբ Մովսես Բաբախանյանն օրոշկտալով:

Մելքոնը պատմեց պայմանադրությունը:

Մենամարտություն, — շշնջաց Մովսես Բաբախանյանը և ձեռը տարավ ծոցի գրպանը:

Նա հանեց մի հարյուրանոց թղթադրամ, սեղմեց բռունցքի մեջ:

Զո՞ւյգ, թե՞ կենտ, — հարցրեց, հազիվ թմրած աչքերի կոպերը բարձրացնելով:

Կենտ, — պատասխանեց Գրիշան:

Նայեցին թղթադրամի թվահամարինկենտ էր: Մովսես Բաբախանյանը դրամը տվեց Գրիշային:

Միքայելը նստած էր նրանից հեռու, Իսահակ Մարութխանյանի մոտ: Թվում էր նրան, որ ընկերները ծաղրում են իրեն: Շատ անգամ էր պարծեցել նրանց մոտ, թե հոր մահից հետո պիտի այնքան ծախսե, որքան ոչ ոք դեռ չի ծախսել: Եվ այսօր հանկարծ հայտնվում է, որ նա լիազոր ժառանգ չէ, այլ իր եղբոր ստորադրյալը` հետին գործակատարի ամսականով:

Ի՞նչ անեմ, ասա՛, Իսակ, ի՞նչ անեմհարցնում էր նա ստեպ-ստեպ Մարութխանյանին:

Դեղին-կանաչագույն աչքերն ակնոցների տակից նայում էին այդ պահին շատ մտախոհ: Պարզ էր, որ Մարութխանյանի գլուխը զբաղված էր շատ արտաքո կարգի լուրջ խնդրով: Հանկարծ նա կամացուկ իր անշարժ գլուխը թեքեց Միքայելի կողմը և շշնջաց.

Իրիկնադեմին ե՛կ մեր տուն, խոսելիք ունեմ...

Ուրեմն հույս կա՞, — արտասանեց Միքայելը մի փոքր ուրախանալով:

Ե՛կ, կխոսենք...

Հոգեճաշն ավարտվեց, տերտերները պահպանիչ ասացին, հյուրերն սկսեցին ցրվել, բացի Միքայելի ընկերներից ու բարեկամներից: Նրանք դեռ չգիտեն Մարկոս աղայի կտակի բովանդակությունը, ուզում էին գիտենալ:

Տան ընդարձակ բակում խռնվել էր խեղճերի ահագին բազմություն: Հանգուցյալի գործակատարներն ու ծառայողները նրանց կերակուր էին բաժանում: Տիրում էր անասելի աղմուկ և իրարանցում: Կեղտոտ, կիսամերկ մուրացկանները միմյանց հրում էին, զարկում, հայհոյում, աշխատելով իրարու առաջել և մոտենալ խոհանոցին:

Պղնձե հսկայական կաթսաների հնչյունները, շերեփների զրնգոցը, ծառայողների գոռում-գոչյունները, քաղցած խուժանի կառաչյունը, իրարու խառնվելով ասիական բազարի տպավորություն էին գործում: Կոպտությունը, կեղտը, կերակուրների գոլորշին, ցնցոտիների հոտը նողկանք էին ներշնչում կուշտ և անտարբեր դիտողին: Մի կույր հայ, փայտով անխնա հարվածում էր աջ ու ձախ իր համար ճանապարհ բանալով դեպի այն կողմ, ուսկից կերակուրների հոտն էր գալիս: Մի պատանի պարսիկ, նրա փեշերից քաշելով, աշխատում էր ինքն առաջ ընկնել: Մի ռուս անդամալույծ սայթաքեց, ընկավ մի ասորի կնոջ վրա և կատաղությունից խածնեց նրա գարշապարը: Մի կարմրերես լեզգի, որի թևերը մինչև արմունկները կտրած էին, հարձակվում էր սրա ու նրա վրա և ատամներով խլում մսի կտորները և գրեթե առանց ծամելու կուլ էր տալիս: Թափառաշրջիկ շների մի ոհմակ խառնվել էր մուրացկաններին և մռմռալով կրծոտում էր գետնի վրա թափված ոսկորներն ու լակում կերակրի կեղտոտ հեղուկը: Մերթ ընդ մերթ գործակատարներն ու ծառաները միահամուռ ուժերով հարձակվում ու հետ էին մղում խուժանը, բայց ոչինչ չէր օգնում որևէ կարգապահություն վերականգնելու:

Վերջապես բոլոր ուտելիքները բաժանվեցին, խոհանոցի դռները փակվեցին, բայց խուժանը դեռ չէր արտաքսվում և այս նշանակում էր, որ տակավին կա մի բան, որին պետք է սպասել: Ահա դեպի տան երկրորդ հարկը տանող սանդուղքի վրա հայտնվեց Սրաֆիոն Գասպարիչի հանդիսավոր կերպարանքը: Նա հրամայեց ծառաներին` մեկիկ-մեկիկ մուրացկաններին թույլ տալ իրեն մոտենալու: Ձեռքում բռնած ուներ մի մեծ գույնզգույն թաշկինակ` արծաթե դրամներով լի: Այրիացյալ տիկին Ոսկեհատն էր կարգադրել սեփական դրամից հարյուր ռուբլի բաժանել մուրացկաններին` հանգուցյալի հիշատակին:

Սրաֆիոն Գասպարիչը թաշկինակը շարժեց, դրամները հնչեցին: Արծաթե ախորժալուր ձայնն էլեկտրական տոկի պես անցավ խուժանի մարմնով, ցնցեց նրան: Քանի մի վայրկյան նա անշարժ էր և ապշած նայում էր վաղեմի աստիճանավորի դյութական թաշկինակին: Բայց ահա նա շարժվեց, դղրդաց և, խուլ աղաղակ բարձրացնելով, դիմեց դեպի թաշկինակը` որպես գիշակեր թռչունների երամ: Այլևս ո՛չ ծառաներն ու գործակատարները և ո՛չ փողոցից եկած ոստիկանները չկարողացան զսպել խեղճերի մերկանդամ բանակը:

Ծերունին շրջապատվեց: Հարյուրավոր կեղտոտ, առողջ և գոս, առնական և կանացի ձեռներ միաժամանակ բարձրացան վեր և օդի մեջ կազմվեց մի շարժուն անտառ կաշվից ու ոսկորից: Կային անդամալույծներ, զուրկ երկու ոտներից: Ձեռների վրա սողալով, սրա ու նրա ոտները կրծոտելով, ճգնում էին իրենց համար ճանապարհ բանալ: Կային թոքախտավորներ, որ անզոր էին առաջ շարժվելու, այնքան հյուծվել էին նրանց մարմինները, կային բորոտներ անդամ, որոնցից խուժանը չէր զգուշանում: Պատանիներն արմունկների հարվածով միմյանց քիթ ու ծնոտներն էին ջարդում: Կանայք, ճչալով ու հայհոյելով, իրարու մազերն էին քաշկռտում: Պարսիկներն օրհնում էին հանգուցյալի հիշատակը և աղերսում նրա համար երկնային դրախտ: Քրիստոնյաներն անզուսպ հայհոյում էին «անհավատներին», անխնա ծեծելով նրանց: Խլացուցիչ ժխորի մեջ լսվում էին զանազան լեզուներով ամենակեղտոտ ածականներ, ամենազազրելի հիշոցներ, որ դարերի ընթացքում կազմվել էր ցեխի ու կեղտի ձուլարանում, ուր ապրում են ու շնչում մարդկային մերկությունն ու անոթությունը: Մարդկության ամոթն էր այդ և դաժանությունը, անարգանքը բնության և ծաղրը տիրող կարգ ու կանոններին և ապիկար օրենքներին:

Տեսարանը հետաքրքրել էր հյուրերից շատերին: Պատշգամբի վրա ժողովված, նայում էին դեպի վար և... զվարճանում, տեսնելով ապականության մեջ տրորվող մարդկային հոգին ու մարմինը: Դրանք մեծ մասամբ հարուստների զավակներ էին, որոնք իրենց անվանում էին «ոսկե երիտասարդություն»:

Զո՞ւյգ, թե՞ կենտ, — ասում էր շարունակ Մովսես Բաբախանյանը մեկին կամ մյուսին և խոշոր թղթադրամները մերթ առնում էր ու մերթ տալիս:

Այստեղ էր նաև ազատամիտ լրագրի թղթակից Արմենակ Մարզպետունին, թուխ դեղնագույն դեմքով, մեծ քթով մի երիտասարդ, հագին երկայն վատ կարված ռեդինկոտ, որի անթիվ ծալերը ցույց էին տալիս, որ նոր է սնդուկից դուրս բերվել: Տեսարանը նրան թելադրում էր մի հոդված, որ պիտի կրեր «Հակադրություն» վերնագիրը: Նայում էր վարքաղցի ու մերկության սոսկալի պատկեր, ուր մարդիկ շներից չէին տարբերվում: Նայում էր վերկշտության ու անհոգության կենդանի մարմնացում: Այնտեղ կիսամերկ մարմիններ, կեղտոտ ու գզգզված մազերով ողորմելի գլուխների մի քստմնելի ճահիճ: Այստեղ վերջին տարազի հագուստներ, ոսկե շղթաներ, թանկարժեք «բրելոկներով», ադամանդյա մատանիներ ու փողկապի քորոցներ: Կարելի է խղճալ ստորինին, գրչով համակրել նրան, սակայն գրավիչը վերինն է: Թղթակիցը մոտեցավ Սմբատին, որ դիտում էր իր սեփական փշրանքներից խլրտող խուժանը, և ասաց.

Պարոն Սմբատ, ես այսօր ևեթ մտադիր եմ թաղման հանդեսը նկարագրել և ուղարկել «Կայծակ» լրագրին, որ, ինչպես գիտեք, ամենից հարգվածն է ու տարածվածը:

Ինչպես կամենաք, — արտասանեց Սմբատն անտարբեր, նույնիսկ չնայելով թղթակցի երեսին:

Մեր պարտքն է ասպարեզ հանել հանգուցյալի օրինակելի բարեգործությունը... Քարոզն այստեղ միայն լսեցին... գրվածքը կկարդան աշխարհի բոլոր անկյուններում... Ուստի թույլ տվեք նախքան գրելը մի քանի լրացուցիչ տեղեկություններ իմանալ ձեզանից...

Մի ուրիշ անգամ, պարոն, այսօր դրա ժամանակը չէ, — ասաց Սմբատը և երեսը դարձնելով հեռացավ:

Թղթակիցը նրա հետևից մի կատաղի հայացք ձգեց և մտքում ասաց, «ա՛յժմ ես գիտեմ ի՛նչ պետք է գրել, հղփացած բուրժուա՛»:

Մոտեցավ ազատամիտ Տեր-Աշոտը:

Ցտեսությո՛ւն, Սմբատ Մարկիչ, թույլ տվեք կրկին ու կրկին ասել, որ ձեր հայրն իր անունն անմահացրեց:

Պարոն Սմբատն իր հանգուցյալ հոր արածների արժեքը մեզնից լավ է գնահատում, — միջամտեց պահպանողական Տեր-Սիմոնը, որ քայլ առ քայլ հետևում էր Սմբատին` տնային քահանայի իրավունքով:

Սմբատը` քաղաքավարի, բայց սառը սեղմեց մեկի ու մյուսի ձեռքը, և, երեսը դարձնելով, հեռացավ:

Բազմաթիվ նախանձոտ հայացքներ ուղեկցում էին նրան ամենուրեք: Այնինչ այդ պահին նա իր սրտի վրա զգում էր մի այնպիսի ծանրություն, որի նմանը երբեք չէր զգացել...

III

Հոր առանձնասենյակում նստած, Սմբատը կարգի էր բերում հանգուցյալի հաշիվները:

Սեղանի վրա փռված էին անթիվ թղթերպայմանագրեր, հաշվեթղթեր, մուրհակներ: Ծանոթանալով հանգուցյալի գործերին, մտքում որոճում էր այն ընթացքը, որ պիտի բռներ իր համար միանգամայն նոր և անծանոթ առևտրական ասպարեզում: Սակայն չէր կարողանում իր ուշքը հարատև կենտրոնացնել միայն այս խնդրի վրա: Կար մի ուրիշ բան, որ բռնությամբ կաշկանդում էր նրա միտքը: Մերթ նրա առնական դեմքով սահում էր դառն ժպիտը, մերթ մռայլ ճակատը պայծառանում էր:

Սեղանի վրա թանաքամանին հենած էր մի մեծ լուսանկար: Ահա նրանք, այն թանկագին էակները, որ տարիներ շարունակ անջատել էին նրան մայրենի միջավայրից և ծանրացրել հոր անեծքը նրա հոգու վրա: Սոսկալի դիլեմա. նա ատում էր իր կնոջը և սիրում զավակներին: Տասնուհինգ օր էր ընդամենը բաժանվել իր սրտի ամենանուրբ ու ամենազգայուն թելերից, հոգու ամենաթրթռուն շողերից և այժմ որքա՜ն կարոտ, դառնություն ու վիշտ: Այո՛, նա միշտ սիրել է իր զավակներին, բայց երբեք այդչափ, երբեք: Եվ ահա նրան ուզում են ստիպել բաժանվել նրանցից, բաժանվել հավիտյան` հանուն ինչ-որ տխմար օրենքների, ինչ-որ վայրենի նախապաշարումների: Ի՜նչ, մի՞թե հնարավոր է դուրս գջլել սիրտը կրծքի տակից, անջատել հոգին մարմնից և... ապրել:

Ո՛չ, ոչ. նա չի սիրում իր կնոջը և վաղուց է եկել այն եզրակացության, որ երբեք չի սիրել նրան և ոչ էլ սիրվել նրանից: Դա մի սխալ էր, մի անզգուշություն, որ նա գործեց առանց ինքն իրեն հաշիվ տալու, առանց իր զգացումների խորքը վերլուծման ենթարկելու, ինչպես արել և անում են շատ շատերն իրենց երիտասարդ հասակում:

Իսկ երբ զգաց, որ մոլորվել է, արդեն ուշ էր, շատ ուշ: Ի՜նչ, նա որպես ազնիվ մարդ չպիտի կապվեր օրինական կապով այն ազնիվ ծնողների մաքուր և անապական աղջկա հետ, որին զրկել էր կուսությունից, հրապուրելով նրան և նրանից հրապուրվելով: Վերջապես, նա պիտի փողո՞ց նետեր այն փոքրիկ անմեղին, որի ծննդյան պատճառն էր, իր հարազատ զավակին: Եվ ինչո՞ւ, ո՞ր բարոյական իրավունքով: Ո՛չ, ո՜չ, որքան ևս դառը լիներ մոլորությունը, այնքան քաղցր էր նրա հետևանքը: Եվ ահա նա ամուսնացավ, նրա ծնողների սև նախապաշարումներն ու անմիտ ավանդությունը զոհելով ազնվության զգացմանը և բարոյական մարդու տարրական պարտականությանը: Ի՞նչ փույթ, որ նա վռնդվեց ծնողների հարկից և արժանացավ հոր անեծքին:

Այսօր նա վերադարձել է այդ հարկի տակ, մնում է անեծքը: Պե՞տք է կրել այդ անեծքը, թե՞ սիրտը կրծքի տակից դեն շպրտելով, ազատվել այդ անեծքից: Հետո՞. մի՞թե ավելի մեծ, ավելի դաժան մի անեծք չպիտի ծանրանա նրա հոգու վրաանմեղների հավիտենական անեծքը: Ո՛չ, ո՜չ, նա կարող է ատել նրան, որին մի Ժամանակ կարծում էր թե սիրում է և վաղուց արդեն ատում է, բայց ի՞նչպես բաժանվե հարազատ զավակներից, քանի որ ամեհի գազանն անգամ դեն չի շպրտում իր զավակներին: Ավելի դյուրին չի՞ լինիլ, արդյոք, կրել մի համառ ու խավարամիտ հոր անեծքը, կրոնակիցների ծաղրն ու արհամարհանքը, քան դառնալ անազնիվ մարդ, անսիրտ ծնող և կրել հոգու վրա սև արատ և խղճի վրա կապարյա ծանրություն:

Սմբատը նորեն ու նորեն վերցրեց նվիրական լուսանկարը և հպեց իր շրթունքներին: Նա չէր նկատում, որ այդ պահին մեկը հանդարտիկ մոտենում է իրեն անլսելի քայլերով:

Այրին մի վայրկյան կանգ առավ որդու հետևը, զգացվեց նրա հայրական սիրով ու գլուխը տխրորեն շարժեց: Բայց դա անցողիկ մի վայրկյան էր, մի թույլ շող, որ անցավ խավարի միջով և շուտով տեղի տվեց ավելի զորավոր ուժի: Եվ այրիի արյունաքամ շրթունքները դողացին ու նրա կրծքից դուրս թռավ մի ծանր հառաչանք:

Քո զավակնե՞րն են, — հարցրեց նա, ձեռը դնելով որդու ուսի վրա:

Սմբատը ցնցվեց, գլուխը բարձրացրեց և նայեց մորը, որ հագած էր ոտքից մինչև գլուխ սգավորի զգեստ:

Ասա՛, քո զավակնե՞րն են, — կրկնեց այրին:

Այո՛, մա՛յր, իմ հարազատ զավակներն են, — պատասխանեց Սմբատը, լուսանկարը դնելով իր տեղը:

Ո՛չ, հարազատ չեն, ո՛րդի, ո՛ չ:

Մա՜յր... արտասանեց Սմբատը հանդիմանորեն:

Այո՛, այո՛, քեզանից են, բայց քոնը չեն:

Մայր այդպես մի խոսիր, դու էլ ծնող ես, դու էլ ունիս զավակներ, դու էլ սիրել ես նրանց:

Այո՛, սիրել եմ և սիրում եմ, բայց լսիր, ո՛րդի...

Այրին հանդարտ նստեց որդու դեմուդեմ, ձեռները դրեց կրծքի վրա և խորին կարեկցությամբ լի հայացքն ուղղեց նրա երեսին: Այդ հայացքը թեթևակի շփոթեցրեց Սմբատին, բարկության հետ մի տեսակ անցողիկ ատելություն զգաց նա դեպի իր ծնողը: Թվաց նրան, որ գտնվում է ոչ սիրող մոր, այլ մի անողոք դատավորի առջև:

Որդի, — սկսեց այրին, ծանր հառաչելով, — բավական է, ինչքան խայտառակեցիր քեզ, ծնողներիդ ու ամբողջ մեր գերդաստանը: Դու խելոք տղա ես, մանկությունից եղել ես մտածող ու աչքաբաց: Հայրդ գիտեր այդ և դրա համար քեզ հանձնեց իր գործերը: Չե՞ս մտածում, որ արարմունքդ դեմ է մեր հայրերի ու պապերի ավանդություններին և մեր եկեղեցու սուրբ օրենքներին: Տասնուհինգ օր առաջ հայրդ նստած էր ահա այդտեղ, քո նստած բազկաթոռի վրա: Խեղճ մարդ, երբեք այնպես մտահոգ ու տխուր չէր եղել: «Ոսկեհա՛տ, ասաց նա, երազ եմ տեսել, շուտով մեռնելու եմ, ի՞նչ անեմ Սմբատի վերաբերմամբ, չեմ ուզում մեռնել անհաշտ»: Նա սկսեց լաց լինել, հեկեկալ երեխայի պես, հետո ձեռքը դնելով ուսիս վրա, երդվեցրեց ինձ ծնողներիս գերեզմանով, մեր զավակների ու եղբորս սիրով, որ ոտներդ ընկնելով, աղաչեմ, պաղատեմ քեզ խելքի գալ: Նա իր կտակի մեջ քիչ է գրել, բայց շատ է ասել: Գիշեր-ցերեկ նրա ուշքն ու միտքը դու էիր միայն, դու, ո՛րդի:

Եվ այրին, մետաքսե սև թաշկինակով սրբեց արտասուքը:

Մայր, — արտասանեց Սմբատը, զսպելով և իր բարկությունը, և իր ատելությունը, — ուրեմն դու ուզում ես, որ հարազատ զավակներիս փողո՞ց ձգեմ, ինչպես մի անպետք լաթ:

Քա՜վ լիցի, որդի, ինչո՞ւ ես փողոց ձգում: Հայրդ փափագում էր, որ միայն անունդ խլես նրանցից և այդ օտարազգի կնոջից: Թող ապրեն, ինչպես ուզում են: Գոհություն երկնավորին, հանգուցյալն այնքան հարստություն է թողել, որ դու կարող ես նրանց ապահովել մինչև մահ: Թող ուտեն քո ժառանգության մի բաժինը: Տերը նրանց հետ...

Մայր, ես հասկացա քեզ, բավական է, այլևս ո՛չ մի խոսք այդ մասին, — ընդհատեց որդին տրտմությամբ:

Նա ոտքի ելավ և ձեռները դնելով անդրավարտիքի գրպանները, մոտեցավ լուսամուտին: «Ո՛չ մի խոսք». բայց ի՞նչպես չխոսե մի մայր, որ որդու սիրուց տանջվել է ութ տարի շարունակ և որի վրա մի տանջված հայր սուրբ պարտականություն է դրել մոլորյալ որդուն ուղիղ ճանապարհի բերելու: Ի՞նչպես չխոսե մի մայր, քանի որ նրա սիրեցյալ զավակի վրա կարող է ծանրանալ հայրական անեծքը: Եվ Ոսկեհատը շարունակեց: Նկարագրեց իր տառապանքները, ամուսնու տանջանքները, ազգականբարեկամների դառը կշտամբանքները, ծանոթների պարզ ու խուլ ատելություններն ու արհամարհանքները, ազգի և եկեղեցու անեծքները...

Սմբատը լսում էր լուռ, հուզված, անդադար անցուդարձ անելով: Երբ մայրն ավարտեց իր ասելիքը, նա ձեռն ամուր զարկեց ճակատին և մազերը ճանկելով, արձակեց մի դառն ու երկարատև հառաչանք: Ապա ասաց.

Մայր, ասացիր ինչ որ ուղում էիր ասել: Այժմ թո՛ղ ինձ հանգիստ, թո՛ղ որ մենակ մտածեմ իմ անելիքի մասին:

Բայց այսօր, չէ՞, այսօր կվճռես անելիքդ, — համառեց այրին:

Ներս մտավ Սրաֆիոն Գասպարիչը և սկսեց քրոջը հանգստացնել: Դեռ ժամանակը չէ այդ ծանր խնդիրը վճռելու, Թող սուգի օրերն անցնեն, հետո ինքը կխոսե Սմբատի հետ, կբացատրե բոլոր հանգամանքները և կհամոզե, որ չի կարող հոր վերջին ցանկությունը չկատարել: Իսկ այսօր պետք է ընդունել թեմական առաջնորդին, որ ցանկություն է հայտնել «սգավորին անձամբ մխիթարելու»:

Մարդ է ուղարկել խնդրելու, որ տանն սպասես, — դարձավ նա քեռորդուն:

Արդարև, մի Ժամ անցած, սպասավորը հայտնեց, թե եպիսկոպոսն արդեն իջնում է կառքից:

Նորին սրբազանության մուտքը հանդիսավոր էր: Գալիս էր ինչ-որ մի երիտասարդ վարդապետի, քաղաքի բոլոր քահանաների և երկու երեսփոխների ուղեկցությամբ, կարծես ցույց տալու համար իր դիրքի բարձրությունը: Երկու հակառակորդներըկարմրերես, ամրակազմ, սև ու փայլուն միրուքով Տեր-Սիմոնը և նիհար դեմքով, վտիտ մարմնով, ակնոցավոր Տեր-Աշոտը, սրբազանի թևերի տակ մտած, օգնում էին նրան բարձրանալու գորգերով ծածկված սանդուղքը:

Ճիշտ հիսունհինգ տարեկան էր սրբազանը, միջահասակ, գեր, պարարտ, կլորիկ, ինչպես լավ կերակրված մի խոզ: Նրա մսալի ու լայն երեսը ձգել էր վար մինչև կուրծքը մոխրագույն միրուքը, որ թևատարած բազեի էր նմանվում: Փայլուն մետաքսե վեղարի ետևից երևում էին մի զույգ խիստ շարժուն աչքեր, ուռած ու կարմիր կոպերով, որոնց մի մասը ծածկված էր խիտ ու երկայն հոնքերով: Հաստլիկ և ծայրը մի քանի կոշտ մազերով զարդարված քթի աջ ու ձախ կողմերում երևում էին երկու լերդագույն ուռուցքներ, որ իբրև թշեր էին: Դա նրա երեսի միակ մասն էր առատաբույս միրուքից ազատ: Պարանոցից կախված էր մի ծանրակշիռ ոսկե շղթա, որի վրա հանգիստ բազմած էր մի մեծ ականակուռ խաչ:

Մինչ նա ծանր ու բարակ բարձրանում էր, երկայն արծաթակոթ գավազանի ծայրը զարկելով սանդուղքի աստիճաններին, աչքերը մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ պտտելով, զննում էին հարուստ տան մուտքը:

Սմբատը սանդուղքի ծայրում թեքվեց համբուրելու սրբազանի աջը, որ ծածկված էր մազերով և գծավորված կապույտ-կարմրագույն երակներով, որոնցից կարծես արյունը պատրաստ էր դուրս ցայտել մի թեթև հպումից:

Սրբազանը հառաչեց շունչ առնելու համար` մտքումն անիծելով իր հաստ փորը: Բայց թող շրջապատողները կարծեն, որ այդ հառաչանքը խորին վշտակցության արտահայտություն էր դեպի սգավոր երիտասարդությունը:

Հանդիսավոր թափորը, որի սկիզբը սրբազանն էր, իսկ վերջը մի Տաճկաստանի գաղթական քահանա գորտագույն կարճ փերաջեով, դիմեց դեպի հյուրասենյակ` Սմբատի և Սրաֆիոն Գասպարիչի ուղեկցությամբ: Այստեղ նորին սրբազանությանն սպասում էին այրի Ոսկեհատը, Մարթան և քանի մի ազգական ծեր կանայք: Բոլորն էլ համբուրեցին սրբազանի աջը և ստացան նրա օրհնությունունը:

Տեր-Սիմոնն ու Տեր-Աշոտը սրբազանին բազմեցրին թավշե բազկաթոռի վրա, ուր նա թաղվեց մինչև վեղարի ծայրը, ինչպես մի ձուլածո ռումբ բամբակի մեջ:

Նորին վեհափառություն Ամենայն Հայոց Հայրապետը, — սկսեց եպիսկոպոսը հանդիսավոր շեշտով, — հաճել է օրհնության կոնդակ հղել առ ձերդ ազնվություն, ազնվազարմ Սմբատ Ալիմյան: Եկա, որ ձեզ մատուցանեմ սուրբ գիրս այս և իմ կողմից համրաբար կրկին ու կրկին շնորհակալություն մատուցանեմ հանգուցյալի բարի հիշատակին և ձեզ ևս օրհնեմ հանուն ձեր երջանկահիշատակ ծնողի եկեղեցաշեն և ազգօգուտ նվիրատվության:

Եվ ծոցից դուրս բերելով մի մեծ ծրար, բարձրացրեց վեր և ավելացրեց.

Կարդացե՛ք, տե՛ր հայրեր...

Միաժամանակ Տեր-Սիմոնն ու Տեր-Աշոտը հարձակվեցին ծրարը խլելու: Տեր-Աշոտն իր հակառակորդից ավելի թեթևաշարժ ու ճարպիկ էր, ուստի նա կարողացավ խլել ծրարը:

Տեր-Սիմոն, դու կարդա, քո ձայնը բամբ է, — հրամայեց սրբազանը:

Տեր-Աշոտը շրթունքները կրծոտելով, ծրարը հանձնեց իր հակառակորդին:

Տեր-Սիմոնը կարդաց: Այրին սկսեց լաց լինել, նրան հետևեցին մյուս պառավները, թեև ոչ մի բառ չէին հասկանում կոնդակից:

Այս օրհնյալ տունն արժանի է հայրապետական օրհնության, — ասաց սրբազանն ընթերցումն վերջացնելուց հետո, կոնդակն իր ձեռքով Սմբատին հանձնելով: Մի՛ լաք, քույրե՛ր, այլ ցնծացեք, քանզի այսօրվանից երկնավոր թագավորի աջը պիտի լինի այս գերդաստանի վրա: Թող ամենաբարձրյալ աստված հանգուցյալի հոգին դասեսցե ի շարս սրբոց և մարգարեից:

Այս ասելիս, սրբազանը ջերմեռանդորեն բարձրացրեց աչքերը դեպի վեր: Կես ճանապարհին նրա հայացքը կանգ առավ առաստաղին կախված ահագին բրոնզե և ոսկեզօծ ջահի վրա: «Մարդ գիտենա ի՜նչ արժե այդ», ասաց նա իր մտքում:

Այնուհետև սկսեց խոսել Էջմիածնի մասին, խորհուրդ տվեց այրի Ոսկեհատին առաջիկա մեռոնօրհնությանն այցելել Մայր Աթոռը: Ասաց, թե ինքն էլ այնտեղ է լինելու թեմի ժողովրդի համար աղոթելու և նորին Վեհափառությանը մատուցելու նրա հավատարմության հավաստիքը առաքելական մայր եկեղեցուն:

Մեղք ունիմ, սրբազա՛ն, մեծ մեղք, մեր սուրբ կրոնի դեմ, չեմ կարող պարզերես Էջմիածին գնալ, — ասաց այրին, մի նշանակալի հայացք ձգելով իր շուրջը:

Սրբազանը ծանոթ էր Ալիմյանների ընտանեկան պատմությանը, ուստի, հասկանալով այրիի միտքը, դարձավ իր հետ եկած հոգևորականներին.

Տեր հայրեր, և դու հա՛յր սուրբ, անցեք մյուս սենյակ:

Հրամանն իսկույն կատարվեց և ներկա մնացին, բացի սրբազանից ու Ոսկեհատից, Սմբատն ու Սրաֆիոն Գասպարիչը:

Այրին խոսեց: Այո՛, մեծ է Ալիմյան գերդաստանի վրա ընկած արատը, մինչև որ չչնջվի այդ արատը, ոչ ոք այդ գերդաստանի անդամներից չունե իրավունք իրան «հայ քրիստոնյա» համարելու: Սմբատը նախազգացել էր, որ մայրն այդ խնդրի մասին պիտի խոսե սրբազանի հետ, ուստի կանխավ վճռել էր լինել սառնարյուն և չվշտացնել ծնողին որևէ կոշտ ընդդիմադրությամբ:

Հաջորդ էջ