Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Ա՜խ, ամոթալի օր, երբեք Միքայելը չի ներիլ իրեն իր այդ անվայել վարմունքը, ամեն բան կների, բացի այդ մեկից: Այո՛, այդ աղջիկն իրավունք ուներ ասելու, թե միայն հարստությունը ներշնչեց Միքայելին հանդգնություն` վիրավորելու նրա ամոթխածությունը: Բայց թող այդպես լինի: Այժմ Միքայելն ինքն աղքատ է գրեթե այնչափ, որ չափ Դավիթը: Աղքա՞տ: Այո՛, իհարկե, աղքատ է: Վճռված է, ոչ մի կոպեկ հայրական հարստությունից, ոչ մի կոպեկ: Եվ այդ բոլորի փոխարեն նա միայն մի բան է ցանկանում. ազատվել այդ աղքատ աղջկա արհամարհանքից, համոզել նրան, թե այժմ ինքն էլ զզվում է իր անցյալից:

Փոքր առ փոքր գլուխը հոգնեց ծանր մտքերից, նյարդերը թուլացան և աչքերը փակվեցին: Երազը ձուլվեց իրականության հետ, Շուշանիկի կերպարանքը պատկերացավ նաև երազի մեջ: Այժմ նա գտնվում է մի մթին վայրում: Չորս կողմ մինչև երկինք բարձրանում են ինչ-որ սև ծառեր, սուր գագաթներով, հաստ բներով: Իսկ այնտեղ, հեռու, շատ հեռու խավարի մեջ պսպղում է մի պայծառ լույս: Նա ձգտում է դուրս գալ խավարից, դիմում է դեպի լույս: Բայց ոտները կաշկանդվել են: Նա ամեն քայլափոխում խրվում է ինչ-որ կեղտոտ տիղմի մեջ, հազիվ կարողանալով ոտքի վրա մնալ: Իսկ հեռավոր լույսի մեջ պարզվում է հեզ ու հպարտ կերպարանքը, այո, հեզ ու հպարտ, հեզ, իրենից ավելի աղքատների վերաբերմամբ, հպարտհարուստների հետ: Հպա՜րտ. իսկ այդ ո՞վ է: Սմբատը, մի՞թե նա հարուստ չէ, ինչո՞ւ Շուշանիկը խոնարհվում էր նրա առջև: Տեր աստված, այդ ի՞նչ է, նրանք գրկվում են, համբուրվում: Ո՛չ, այդ անկարելի է: Լույսը մեծացավ, ընդարձակվեց, գույնը փոխեց, շուրջը տարածվեց բոսորագույն, շողեր` արյունի հեղեղի պես: Այդ ի՞նչ տարօրինակ ձայն է: Աա՜, Շուշանիկի հոր աղաղակը: Ո՛չ, դա մարդկային ձայն չէ, այլ ինչ-որ գազանային մռնչյուն, որին արձագանք է տալիս անտառի խորքերից մի ուրիշը. հետո երրորդը, չորրորդը, և ամբողջ անտառը թնդում է այդ մռնչյուններից:

Նա զարթնեց, նստեց անկողնի մեջ, աչքերը տրորեց: Այդ ի՞նչ է. մի՞թե այդպես շուտ լուսացավ, այդ ի՞նչ բոսորագույն լույս է, որ հեղեղել է նրա սենյակը: Մռնչյունները շարունակվում են: Բա՜, այդ հանքային մեքենաների շվիկներն են: Նրանք արձակում են անսովոր, անհանգիստ սուլոցներ: Այդպես սուլում են միայն հրդեհի ժամանակ:

Կայծակի արագությամբ նա ցած թռավ անկողնից, մոտեցավ լուսամուտին: Սկզբում թվաց նրան, որ այրվում է այն տունը, ուր գտնվում էր ինքը: Նա այնքան շփոթվեց, որ չիմացավ հագնվի, թե մերկությամբ դուրս վազի: Մի՞թե, ճշմարիտ, հրդեհ է, թե երազ: Նա բաց արավ լուսամուտի փեղկերը, նայեց կրակի կողմ, ցնցվեց, արձանացած մի վայրկյան: Կրակը հեռու չէր այն բնակարանից, ուր կենում էր Անտոնինա Իվանովնան` երեխաների հետ և Զարգարյանները:

Սարսափն անցավ ուղեղին, խելքը մթագնեց: Սակայն զգում էր որ այդպիսի դեպքերում սառնասրտությունն է առաջին անհրաժեշտ պայմանը: Նա մի կերպ շտապով հագնվեց և վազեց դուրս: Իսկ սուլոցները շարունակվում էին ավելի ու ավելի զորանալով, որպես մարդակային աղերսանքներ, հուսահատական, ահարկու: Դա մի տեսակ դիվային համերգ էր, որքան զորավոր, նույնքան աններդաշնակ և իր աններդաշնակության մեջ զարհուրելի գիշերվա խավարում:

Գրասենյակում լամպարը դեռ վառ էր, բայց Դավիթ Զարգարյանը այնտեղ չէր: Անտարակույս կրակն Ալիմյանների հանքերի վրա է: Մշակներն արդեն զարթնել էին և շփոթված վազում էին դեպի կրակը ցիրուցան, որպես մրջյունները, որոնց բնի վրա մի չար ձեռ ջուր է թափել:

Մեզ մո՞տ է, — հարցրեց Միքայելը բարձրաձայն՛:

Նոմեր հինգերորդն այրվում է, — պատասխանեցին խավարի միջից մի քանի քնահարբ ձայներ:

Հինգերորդ համար բուրգը, այն, որ գտնվում է Անտոնինա Իվանովնայի բնակարանից ընդամենը քսան թայլ հեռու:

Ընդարձակ բակը լցվել էր սև ուրվականներով: Նրանք նկուղներից դուրս էին բերում բահեր, թիեր, դույլեր, երկաթե ձողեր, ջրմուղներ և այլ հրդեհաշեջ գործիքներ:

Մի պահ Միքայելն իրարու հակասող կարգադրություններ էր անում, տակավին անտեղյակ կրակի ուղղությանը: Երբ հասավ հրդեհի վայրը, արդեն ահարկու վայնասուն էին տալիս բոլոր հանքերը` քսան քառակուսի վերստ տարածության վրա: Թվում էր, որ այդ սոսկալի «ույվույները» գալիս էին մթին երկնքից. թվում էր, որ դա քաղցած գիշակերների մի արշավանք էր: Այդպես էր ընդունված, երբ մի հանքից գալիս է հրդեհի ազդ, մյուս հանքերը պիտի հետևեն նրան` հանքային` բանկչությանն զգուշացնելու համար:

Հրդեհն արդեն բավական ընդարձակվել էր: Այրվում էր ամենաարդյունաբեր հորերից մեկի բուրգը: Կրակը վիթխարի աշտարակի վրայի մասից սրընթաց բարձրանալով` շտապում էր ընդգրկել ամբողջությունը: Երկնքի հորիզոնի վրա ձգվել էր մթին ծխի մի լայն ժապավեն, որ քամու ուղղությամբ տարածվում էր հեռու ու հեռու:

Մշակները շրջապատել էին հսկա խարույկը և կազմել կենդանի օղակ, զարհուրած դեմքերի, ապշած աչքերի: Աշխատում էր միայն մի խումբ, որ ճիգն էր անում այրվող բուրգի տակից դուրս քաշել մեքենան, միակ բանը, որ հնարավոր էր ազատել կրակի լափից:

Միքայելի առաջին միտքն էր գտնել եղբոր զավակներին ու կնոջը: Կար մի ուրիշ ավելի զորավոր միտք, բայց նա վայկենաբար վճռեց, որ պարտավոր է ամենից առաջ արյան մերձավորներին օգնության հասնել, իսկ հետո... Առանց տատանվելու նա վազեց այն պատշգամբը, ուր այնքան հառաչանքներ էր արձակել կրծքից, նայելով դիմացի լուսամուտներին: Կրակը դեռ չէր մերձեցել բնակարանին, բայց նրա հրեղեն լեզուներն արդեն ձգտում էին դեպի այն կողմ: Մշակներն աշխատում էին բուրգի և բնակարանի միջև գտնվող նավթային լճակն ապահովել կրակից, եթե նա վառվեր, բոլոր շինությունները կորած էին:

Տղե՛րք, հետևեցեք ինձ, — բոռաց Միքայելը, ճեղքելով մշակների շարքը և վազելով առաջ:

Շրջանից բաժանվեցին երեք հոգիՉուպրովը, Ռուսուլը և Կարապետը, որ տակավին չգիտեին, թե վտանգը որ կողմումն է վտանգավոր մարդկային կյանքի համար, որ նրանց համար առաջին տեղն էր բռնում: Ամենից առաջ երևաց Չուպրովը, հրելով ընկերներին աջ ու ձախ իր հուժկու բազուկներով: Ամբոխը, տեսնելով հսկային սանդուղքի վրա, ոգևորվեց: Խիզախ աշխատավորի կերպարանքի, քայլվածքի ու կեցվածքի մեջ կար մի տեսակ ասպետական գեղեցկություն, արժանի Ֆիդիասի ստեղծագործությանը: Քանի մի վայրկյան կարմիր շապիկը, որ, կարծես, բոցերից էր հյուսված, փայլփլեց բոսորագույն լուսո ներքո և չքացավ, որպես օդային երևույթ:

Ծուխն արդեն շրջապատել էր ամբողջ տունը: Քանի մի րոպե ևս, ամեն մի օգնություն կլիներ ապարդյուն: Եթե անգամ հուրը չներխուժեր շինության մեջ, այնտեղ գտնվող թշվառները պիտի խեղդվեին ծխից: Սոսկալի է նավթային հրդեհը, բնավ, ոչ նման սովորական հրդեհներին: Հանքերում ու գործարաններում կրակը տարածվում է հողմի արագությամբ, իր ճամփին լափելով ամեն ինչ, վասնզի այդտեղ չկա իր, որ չայրվի` ամենուրեք տարածված և ամենուրեք թափանցող նավթի ու գազի շնորհիվ: Երբեմն մարդիկ հազիվ լսում են ահարկու ազդը սուլոցների, երբ արդեն նրանց կյանքը վտանգի մեջ է: Դեռ լավ է, երբ կրակն սկսում է բուրգից կամ որևէ շինությունից, իսկ եթե սկսվել է նավթամբարից, կորուստն անխուսափելի է: Ամբարների ազատ տարածության մեջ կուտակված գազը, ընդհարվելով մի չնչին կայծի, պայթում է հարյուրավոր թնդանոթների զորությամբ և բոցերի հեղեղը վայրկենաբար տարածում է ամենուրեք, որպես արգելաններից ազատված ծով:

Չուպրովը պատշգամբի վրա հետ մղեց Միքայելին ասելով.

Այս ձեր տեղը չէ:

Նա շտապեց ներս: Այլևս նա գիտեր, որ այնտեղ կան մարդկային արարածներ, որոնց պետք է փրկել: Ովքեր են այդ մարդիկ, միևնույն է նրա համար, պետք է ազատել: Արհամարհել ամեն վտանգ և ազատելայս էր հեռավոր հյուսիսից եկած մուժիկի պարզ սկզբունքը:

Լճակը բռնկվեց բուրգից տարափող կայծերից: Կրակն անմիջապես կլանեց նրան, չորս կողմ տարածելով ծխի սև ու թանձր ամպերը:

Չուպրովը լսեց ամբոխի աղաղակը և բնազդմամբ զգաց, որ վտանգը գալիս է բնակարանի ներսը: Նա առաջին սենյակումն էր, որ ոչ ոք չկար: Երեսը խաչակնքելով վազեց հաջորդ սենյակը...

Անտոնինա Իվանովնան առաջին անգամն էր տեսեում նավթային հրդեհ: Կես գիշերին, զարթնելով շվիկների ձայներից, միանգամից հասկացավ նրանց նշանակությունը: Չէ՞ որ ամեն գիշեր տասներկու ժամին սուլում են, երբ բանվորների հերթափոխն է: Նա այն ժամանակ սթափվեց, երբ լուսամուտներից ներս հոսեցին կրակի ծիրանագույն շողերը: Շտապով հագնվեց մի կերպ, վազեց խոհանոց, զարթեցրեց ծառային, հետո աղախնին և երբ վերադարձավ, արդեն վտանգի մեջ էր: Նա չկամեցավ երեխաներին դուրս տանել մերկ, չըմբռնելով, որ նավթային հրդեհի ժամանակ ամեն ուշացած շարժում վտանգ է սպառնում: Սկսեց հագցնել նրանց, չնայելով ծառայի և աղախնի թախանձներին` շտապել դուրս: Ծառան փախավ` իր անձն ազատելու...

Չուպրովն առաջին և երկրորդ սենյակների դռների մեջ ընդհարվեց Դավիթ Զարգարյանի հետ: Նա մի ձեռով բռնել էր Վասյային, մյուսով գրկել Ալյոշային: Ծուխն արդեն կուրացնում էր նրան, ոչինչ չէր տեսնում, քայլում էր առաջ մթության մեջ: Մի վայրկյան ևս, և պիտի շփոթվեր ու ուղին կորցներ: Չուպրովը մի ձեռով խլեց նրանից Ալյոշային, մյուսով փետուրի պես բարձրացրեց Վասյային: Մանուկներն ապշել էին, չգիտեին ինչ է կատարվում: Չէին լալիս սարսափի զորությունից կաշկանդված:

Մամա՜, — պոռաց Վասյան, ամուր գրկելով Չուպրովի պարանոցը :

Դավիթը, շունչն ուղղելով, հետ գնաց: Մեկը բռնեց նրա թևերից և հետ մղեց: Ո՛վ էր, չգիտցավ: Քանի մի վայրկյան անցած դռների մեջ երևաց Կարապետը, որ ուսերի վրա դուրս էր բերում Անտոնինա Իվանովնային: Կարապետի հետևից երևաց Ռասուլը, տիկնոջ աղախնին շալակած:

Միքայելը պատշգամբից իջավ ցած այն ժամանակ, երբ համոզվեց, որ ներսում ոչ ոք չմնաց:

Այժմ դուրսը տիրում էր դժոխային խառնաշփոթություն: Մշակներն ավելի գոռում ու աղաղակում էին, քան գործ կատարում: Միմյանց հրամայելով, վազում էին հետ ու առաջ, վայր ընկնում, վեր կենում նավթի ու տիղմի մեջ թրջված ու ցեխոտված: Եվ նրանց նավթաթաթախ ու մրոտ դեմքերը բոցերի լուսո ներքո փայլում էին հղկած բրոնզի գույնով:

Ուրախության մի աղաղակ բարձրացավ, երբ դրսում երևացին` Չուպրովը երկու երեխաներին իր կրծքին սեղմած, Ռասուլն աղախնին շալակած և Կարապետն իր գլխից վեր Անտոնինա Իվանովնային բարձրացրած: Երեք հսկաներ, օրվա անձնազոհ հերոսներ , որ փրկել էին «մեծ աղայի» ընտանիքը: Այնինչ, չգիտեին , որ կա մի ուրիշ ընտանիք` ավելի մեծ վտանգի մեջ...

VII

Կիզանուտ հեղուկով տոգորված փայտաշեն բուրգն այժմ մի հսկայական ջահ էր, ծայրե ի ծայր վառված, կույր տարերքի զորությանը նվիրված վիթխարի մի կերոն: Կրակն արագ-արագ լափում էր բուրգի տախտակները, որոնք ճարճատելով արձակում էին դեպի երկինք բյուրավոր կայծեր: Փամփուշտների պես վեր բարձրանալով, կայծերը ծխերի մեջ գործում էին կատաղի պտույտներ և թափվում աջ ու ձախ: Գոյացել էր մի զմայլելի հրեղեն տարափ: Երկրի վրա հողմը կայծերը ժողովում էր և, ավլելով, տանում կիտում շինությունների պատերի տակ, անկյուններում ու խոռոչներում այնպես, որպես կիտում է ձյունը փոթորկի ժամանակ:

Կային միամիտ մշակներ, որ ճգնում էին բուրգը հանգցնել ջրով, մի բան, որ անհնարին էր. կրակը ծիծաղում էր ջրի մի մազաչափ հոսանքի վրա, որ կարկաչելով դուրս էր վազում ռետինե խողովակներից, ձեռնաշարժ ջրմուղի միջոցով: Բոցերի ահռելի լեզուները, ընդհարվելով բնության հակառակ տարրի հետ, արձակում էին դիվային քրքիջներ, կարծես, ծաղրելով թշնամու անզորությունը: Ջուրը մի վայրկյանում շոգի դառնալով, ավելի բորբոքում էր կրակը, քան կռվում նրա հետ:

Փորձառու բանվորներն աշխատում էին նավթամբարներն ազատել հրեղն անձրևից, առանձնապես բուրգից ոչ հեռու գտնվող գետնափոր շտեմարանը: Մոռանալով ամեն վտանգ, նրանք ժողովվել էին հողային տանիքի վրա և թրջված թաղիքներով ծածկում էին բաց տեղերը, ուսկից դուրս էր գալիս նավթային գազը: Մի թույլ շփում բոցի, և նավթամբարը պիտի պայթեր, օդը ցնդելով քառասուն մարդկային դիակներ: Մի ուրիշ խումբ զբաղված էր այն երկաթե ամբարների շուրջը, որ այնքան սարսափներ էին պատճառել Շուշանիկի հիվանդ հորը:

Ազատելով Սմբատի ընտանիքը, Դավիթն անցավ տան մյուս բաժինը: Այդ մասը բավական հեռու էր հրդեհից, այս էր պատճառը, որ Դավիթը կարևոր համարեց նախ ուրիշներին օգնություն հասցնել, ապա իր մերձավորներին:

Պատշգամբի ծայրում Դավիթը հանդիպեց քրոջը: Այրին փոքրիկներին դուրս էր բերել այդտեղ և այժմ զբաղված էր իր լաթերով: Նա գոռաց շփոթված այրիի վրա, բռնեց ձեռքից, ձգեց սանդուղքից ցած, գրկեց փոքրիկներից մեկին, մյուսի ձեռքից բռնեց, շտապեց դեպի բակը: Հետո նորեն բարձրացավ պատշգամբ: Խոհանոցի առջև տեսավ պառավ աղախնին, որ ճգնում էր դռների միջից դուրս բերել իր սնդուկը:

Կորի՛ր, հիմար, թող այդ, ինքդ ազատվիր, — գոչեց Դավիթը, — ո՞վ կա ներսում:

Կան, կան, — պատասխանեց պառավը, շնչասպառ և ավելի ամուր կպավ սնդուկից, որ պարունակում էր նրա լաթերը:

Հրդեհն սկսվելիս ընտանիքը քնած էր, Շուշանիկը նույնպես: Առաջինը զարթնեց օրիորդը և զարթնեցրեց մորն ու հորաքրոջը: Նա կարող էր իսկույն դուրս բերել փոքրիկներին, բայց մայրը չթողեց, չվստահանալով նրան: Տիկին Աննային մեծ ջանք էր հարկավոր զարթեցնել անդամալույծին, ապա մի կերպ հագցնել վերարկուն Շուշանիկի օգնությամբ: Մինչ նրանք զբաղված էին Սարգսով, կրակն արագ-արագ մոտենում էր:

Դավիթը վազեց ներս: Այստեղ ծուխն այնքան թանձր չէր, որքան Անտոնինա Իվանովնայի բնակարանում: Դավիթն անցավ եղբոր սենյակը, հավատացած լինելով, որ Շուշանիկն ու իր քույրն էլ այնտեղ են: Այդտեղ, սեղանի վրա լամպարի մթագնած լուսո ներքո նրա աչքերի առջև բացվեց հետևյալ տեսարանը. — Աննան գրկել էր Շուշանիկին և ճգնում էր անջատել նրան Սարգսից: Այնինչ` անդամալույծն առողջ ձեռը փաթաթել էր թախտի մի ոտին և գոռում էր.

Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ...

Արդեն քառորդ ժամ էր, որ նրանք կռվում էին, և ոչինչ չէր օգնում: Կիսախելագարն այժմ հավատացած էր, որ հասել է օրհասական վայրկյանը և ահա նրան ուժով տանում են դուրս` խարույկի մեջ ձգելու:

Դավիթը հետ մղեց Աննային, բռնեց Շուշանիկի թևից և մի ուժգին թափով անջատեց նրան Սարգսից: Պետք էր նախ առողջներին փրկել, ապա հիվանդին, որի կյանքն այլևս արժեք չուներ: Առանց ուշ դարձնելու, Շուշանիկի հուսահատական ճիչերի վրա, նա քաշեց օրիորդին դեպի դուրս: Բայց դռների մոտ Շուշանիկն ազատվեց, հետ վազեց և նորեն գրկեց հորը: Այժմ Սարգիսը թավալվել էր հատակի վրա: Նրա դեմքը կորցրել էր բոլորը, ինչ-որ բնական էր ու մարդկային: Նա մի մարմնացած անասնական սարսափ էր, զոհի մատնված կենդանի, որ անիմաստ աչքերը հառած դահճի երեսին, սպասում է դանակի օրհասական հարվածին:

Դուք փախեք, ես կբերեմ սրան, — գոչեց Դավիթը:

Եվ ուժով դուրս մղեց Աննային ու Շուշանիկին:

Այդ վայկյանին դեպի փողոց նայող լուսամատի ապակիները կրակի ուժից դղրդյունով փշրվեցին: Ծուխը հեղեղի պես ներս հոսաց: Աննան դուրս փախավ սարսափի բնազդից դրդված: Շուշանիկը մնաց անշարժ:

Սկսվեց նորեն մի անօրինակ պայքար երեքի մեջ: Շուշանիկը ճգնում էր հորը բարձրացնել հատակից, հայրն ամուր կպել էր թախտի ոտներին: Դավիթն աշխատում էր նրանց անջատել միմյանցից: Այնինչ, բոցերի առաջին ալիքներն արդեն լիզում էին լուսամուտի առաստաղը, իսկ ծուխը հետզհետե թանձրանում էր ու դառնում հեղձուցիչ: Դավթի ուժերն սպառվում էին: Այժմ անդամալույծն ինքն էր գրկել աղջկան իր առողջ ձեռով և այնպես ամուր, որպես երկաթե գոտի: Այդ միակ ձեռի մեջ էր կենտրոնացել նրա քայքայված կյանքի ամբողջ ուժը, որ այնքան զորեղ է մահամերձի մեջ: Մնում էր երկուսին միասին քաշել դուրս: Սարգիսը կրծոտում էր Դավթի ձեռները, գլուխն ուժգին զառնում էր հատակին, գոռալով.

Անաստված, ավազակ, մարդասպան, դահիճ, և այլն, և այլն...

Վերջապես, Դավթին հաջողվեց մի կերպ դուրս քաշել երկուսին միասին մյուս սենյակ, երբ անդամալույծի ննջարանի առաստաղն արդեն վառվել էր: Առաջին վտանգն անցավ, բայց նրանք դեռ ազատված չէին: Ծուխը մթագնեց նրանց աչքերը: Ազատվելով հոր երկաթե բազկից, Շուշանիկը գոչեց.

Դու բռնիր գլխից, ես ոտներից: Այդպե՛ս... շո՛ւտ... շո՛ւա... ոչինչ չեմ տեսնում...

Հազիվ նրանք երկու քայլ էին արել, Աարգիսը վերջին թափով ազատվեց նրանց ձեռներից և փռվեց հատակի վրա: Օգտվելով վայրկյանից Դավիթը գրկեց Շուշանիկին և բարձրացրեց ուսերի վրա, բայց ծխի թանձրության մեջ չգիտեր, որ կողմն են դռները:

Ճիշտ այդ վայրկյանին երկու ձեռներ խլեցին նրանից Շուշանիկին...

Միքայելը չդիմացավ տիկին Աննայի հուսահատական աղաղակներին ու փոքրիկների լացին, վազեց վտանգի վայրը` հետ թողնելով Չուպրովին ու նրա ընկերներին: Նա, այդ եսամոլ, մինչև ոսկորների ծուծն ապականված համարված երիտասարդը դիմեց դեպի մահ` կրակի ճանկերից խլելու համար մի աննշան, աղքատ աղջկա է...

Ամբոխը սանդուղքի վրա տեսնելով իր տիրոջը, աղաղակեց ուրախությունից ու հիացումից: Տասնյակ ձեռներ տարածվեցին առաջ` նրա կենդանի բեռը խլելու: Շուշանիկն ուշաթափվել էր Միքայելի ուսերի վրա և չէր զգում ում ձեռների մեջ է գտնվում իր կյանքը: Նրա խիտ մազերը հերկալներից ազատվել էին ու թափվել Միքայելի ուսերի վրա, նրա տնային թեթև ու ճերմակ շրջազգեստը մրոտվել էր ու պատառոտվել: Հոլանի բազուկներն անզոր ընկած էին Միքայելի մեջքի վրա:

Միքայելը ոչ ոքի չտվեց անշունչ մարմինը: Իջնելով սանդուղքից, մոտեցավ Աննային և Շուշանիկին դրեց նրա ոտների առջև:

Բուրգն արդեն մերկացել էր: Ընկավ նրա գագաթին տեղավորված երկաթե անիվը, ընկան կողերի այրվող տախտակները, և օդի մեջ ցնցվեցին չորս հսկայական հրեղեն սյուներ: Այժմ ամբոխը դիտում էր արդյոք ո՞ր կողմը պիտի ընկնեն այդ սյուները: Մեկը թեքվել էր դեպի ստորերկրյա նավթամբարի կողմը: Նման դեպքերում հրեղեն սյուները վարի կողմից սղոցում են նրանց անկման անվտանգ ուղղություն տալու համար: Մի խումբ մշակներ, սղոցներով զինված փորձեցին մոտենալ բոցերի ահարկու աշտարակին և հետ ցատկեցին կիզիչ տաքությունից:

Միքայելն ուշադրություն չէր դարձնում հրդեհի վրա, իսկ ամեհի գազանը քանի գնում ուռչում էր ու մեծանում: Ա՜հ, թող այրվի, բոլորը, բոլորն ինչ որ այրվող է, նախ պետք է մարդկային կյանքներն ազատել:

Բոսորագույն լուսո հեղեղի մեջ նա ճանաչեց Անտոնինա Իվանովնային, վազեց դեպի նա և հարցրեց.

Որտե՞ղ են երեխաները:

Ուղարկեցի մի ապահով վայր:

Բայց ինքներդ վտանգավոր տեղումն եք, փախե՛ք:

Բոլո՞րն էլ ազատված են:

Դավիթը ներսն է անդամալույծի հետ:

Քրտինքը հոսում էր Միքայելի երեսից: Հագուստը թրջվել, նավթոտվել էր ու ցեխոտվել ոտքից մինչև գլուխ: Ոչնչով չէր տարբերվում մշակներից: Հոգնածություն չէր զգում: Վազում էր մերթ աջ, մերթ ձախ` տեսնելու համար` որ կողմից պիտի դուրս գա Դավիթն անդամալույծի հետ: Շուշանիկին ազատելով, զգում էր անձնազոհության մի նոր ավելի զորավոր պահանջ, փրկելով մեկի կյանքը, փափագում էր փրկել և՛ մյուսներին :

Մեկը, ամբոխը ճեղքելով մոտեցավ նրան գունատ, շնչասպառ և դողալով:

Սմբատն էր:

Մի՛ վախենար, — ասաց Միքայելը, — թե՛ տիկինը և թե՛ երեխաներդ ազատված են: Ահա տիկինը ամբոխի մեջ է:

Սմբատը մոտեցավ ամուսնուն: Ղավիթը ժամանակին տելեֆոնով հրդեհի մասին իմաց էր տվել քաղաք: Սմբատը կլուբից շտապել էր հանքերը:

Անտոնինա Ւվանովնայի ատամներն ահից զարկվում էին իրարու. դողում էր ամբողջ մարմնով: Բայց չէր ուզում հեռանալ հրդեհի վայրից: Չէ՞ որ նրա զավակներին ազատողն այժմ ինքն էր վտանգի մեջ, չէ՞ որ տմարդություն կլինի թողնել նրան անօգնական: Կրակի ճարճատյունը, խորտակվող ու փլչող շինությունների դղրդյունը, կայծերի տարափը, ամբոխի աղաղակները, ծուխը, մուրը, արնագույն լույսերը, երկնի խավարը, երկրի ժխորը նրա աչքերի համար զարհոլրելի քաոս էին գոյացրել, որի նմանը երազել անգամ չէր: Քաոս, ուր միայն մի բան պարզ էր նրա համարմարդու ապիկարությունը կույր տարերքների զորության դեմ: Այժմ նավթային ճահիճը ներկայացնում էր մի հսկայական թոնիր, ասկից բոցերը վազում էին վեր, արձակելով մի տեսակ ստորերկրյա խուլ թնդյուններ, և կորչում անհետանում երկնի սևության մեջ:

Որքան հրդեհն ընդարձակվում էր, այնքան ամբոխի շարժուն օղակը մեծանում էր ու լայնանում, որպես ծովի ալիքները մրրկի մեջ պտտվող նավի շուրջը: Հրդեհի ու մարդկանց մեջ բացված տարածությունը ծածկվել էր տիղմի, մրի ու նավթի լպրծուն զանգվածով: Մարդիկ սլկվում էին, սայթաքում, ընկնում, երբեմն երկնչելով որպես դիվահարներ, երբեմն բարձրաձայն գռռալով երկյուղից, մի գուցե ջարդվեն հազարավոր ոտների տակ:

Աննան շարունակ աղաղակում էր. «օգնեցեք, օգնեցեք». — նրա այրի տալը կուրծքն էր ծեծում, այս ու այն կողմ վազելով: Ահ, ազատեցեք նրա եղբորը, որբերի միակ սննդարարին ու հովանավորին: Չէ՞ որ նա, բացի այդ մարդուց, ուրիշ պաշտպան չունի:

Ուշքի գալով, Շուշանիկի առաջին ձգտումը եղավ, վերադառնալ նորեն այնտեղ, ուր մաքառում էր կրակի դեմ հորեղբայրն իր հորն ազատելու համար: Բայց մայրը, բռնելով նրա թևից, հետ քաշեց: Նրա խիտ մազերը թափվել էին ուսերի վրա, երեսը մրոտվել էր, աչքերը, կարծես, սպառնում էին դուրս գալ շրջանակներից: Նա ոտները զարկում էր գետնին, կատաղած կրծոտում էր արգելողների ձեռները, որ ազատվի և վազե առաջ ու ընկնե կրակի կոկորդը: Այլևս դա այն ամոթխած, լռիկ աղջիկը չէր: Մերձավորների վտանգալի վիճակը նրան ներշնչել էր առնական անվեհերություն: Մերթ կատաղում էր, մերթ անիծում մարդկանց, մերթ աղերսում: Եվ թվում էր նրան, որ ոչ ոք սիրտ ու խիղճ չունի, ոչ ոք չի կարեկցում նրան: Ամբոխը, որ այնքան սիրել էր նրան և որին սիրել էր ինքը, նայում էր հուսահատ աղջկան և տեղից չէր շարժվում: Իսկ կրակն արագ-արագ կլանում էր կացարանը: Տաքությունն այնքան սաստիկ էր, որ պատշգամբին մերձենալու հնար չկար, ուր մնաց ներս մտնելը: Նույնիսկ Չուպրովը, Ռասուլը և Կարապետը տատանվում էին, թեև բարի և համակրելի աղջկա աղեկտուր աղաղակները մորմոքում էին նրանց անվեհեր սրտերը:

Անտոնա Իվանովնան գրկեց Շուշանիկին, բայց ի՛նչպես հանգստացներ մի զգայուն էակի, որի մերձավորներն աչքերի առջև այրվում են և գուցե արդեն այրվել են:

Նայում էր Սմբատի երեսին. մի՞թե չի կարելի որևէ խելացի կարգադրություն անել: Սմբատը չէր համ արձակվում հրամայել մշակներին վտանգն արհամարհել ու նետվել կրակի մեջ: Գիտեր, որ ոչ ոք չի լսիլ նրա հրամանը և յուրաքանչյուրի համար նախ և առաջ սեփական կյանքն է թանկ: Մի պահ Շուշանիկի աղերսսղի ձայնն այնքան ներգործեց նրա վրա, որ մտածեց. «արժե՞ այսքան ամուր կառչել կյանքին»: Նա մի վճռական շարժումն արավ դեպի առաջ և նույն վայրկյանին նրա աչքերի առջև պատկերացան որբացած Վասյան ու Ալյոշան, պառավ մայրն արցունքն աչքերին, քույրը, եղբայրները, ամբողջ էգոիզմը մարդկային: Ահ, ո՛չ, նա ինքնիշխան չէ, նա իրավունք չունի սեփական կյանքի վրա:

Տղերք, — գոռաց նա բարձրաձայն, — ազատողին հազար ռուբլի...

Դարձվածն անցավ բերնե բերան: Կիսամերկ և կիսանոթի ամբոխի համար դա մի մեծ հրապույր էր, բայց ոչ ոք չենթարկվեց նրան:

Տղերք, երկու հազար, երեք հազար...

Դարձյալ աղմուկ, իրարանցում և ոչ մի օգնություն:

Այժմ կարող էր աճուրդը բարձրացնել`որքան կամենար: Ամբոխը մի րոպեում ընտելացավ հրապույրին, մարսեց, բայց չենթարկվեց: Նա հենց այդ առատ խոստման մեջ զգում էր վտանգի մեծությունը: Նույնիսկ Չուպրովը հեգնորեն ժպտում էր, ցույց տալով կրակի ահարկու ալիքները:

Հանկարծ ամբոխի օղակից անջատվեց մեկը: Նա ոտից մինչև գւուխ ներկայացնում էր նավթից ու մրից կազմված մի զանգված: Վազեց քանի մի քայլ առաջ և, հանդիպելով բոցերի հարվածին, հետ ցատկեց: Խլեց մի մշակից մի թրջված թաղիք, փաթաթվեց նրա մեջ և, տան շուրջը մի կիսաշրջան անելով, անհայտացավ ծխերի թանձրության մեջ:

Ամենից առաջ Անտոնինա Իվանովնան ճանաչեց նրան, ճչաց և Շուշանիկին ամուր սեղմեց կրծքին: Քանի մի ակնթարթ անցած աապարիզում փայլեց Չուպրովի կարմիր շապիկը և նույն վայրկյանին երևացին Ռասուլն ու Կարապետը:

Բայց ի՞նչ էր կատարվում ներսում:

Հանձնելով Շուշանիկին Միքայելի պաշտպանությանը, Դավիթը հետ դարձավ, գրկեց անդամալույծին և ճիգն արավ նրան բարձրացնելու: Այժմ Սարգիսը փաթաթվել էր Շուշանիկի գրասեղանի ոտքերին: Այստեղ արդեն մութը փարատվել էր բոցերի լույսից: Սեղանն ընկավ, բայց Սարգիսը չբաժանվեց նրանից: Դավիթը քաշեց եղբորը սեղանի հետ միասին մինչև դռները, բայց այդ կողմից այլևս հնար չկար դուրս գալու, իսկ հակառակ կողմն արդեն կրակի մեջ էր: Մնում էր մի ելք -քաշել Սարգսին ծայրի սենյակը, որ Դավթի ննջարանն էր: Այնտեղից դեպի հրդեհի հակառակ կողմը կար մի լուսամուտ, փրկության միակ ճանապարհը: Հարկավոր էր միայն չհուսահատվել և չշփոթվել: Դավիթը սառնարյուն էր, բայց ուժերն արդեն դավաճանում էին նրան:

Նա Սարգսին մի կերպ պոկեց գրասեղանից և հիշոցների տարափի տակ քաշեց նրան ու տարավ իր սենյակը: Այդտեղ ծուխը համեմատաբար նոսր էր: Դավիթը մի փոքր շունչ առավ, հետո գրկեց եղբորը, բարձրացրեց և դիմեց դեպի լուսամուտ, որի փեղկերը բարեբախտաբար բաց էին: Նույն պահին, երբ ուզում էր Սարգսին դնել լուսամատի հատակի վրա և ինքն էլ բարձրանալ, անդամալույծը թարթափելով, աշխատեց ազատվել նրա ձեռներից ու նրան էլ թեքեց մինչև հատակ: Գոնե ուշաթափվեր այդ մարդը: Բայց խելագարի անասնական սարսափը նրան տվել էր գերբնական ուժ: Կարծես, այժմ գործում էր նրա երկու ձեռն անգամ: Երբեք Դավիթն այդ կենդանի կմախքի մեջ չէր երևակայել այդչափ ուժ. նրա ձեռները թուլացան, բաց թողեցին անդամալույծին: Թողնել եղբորը և ազատել սեփական կյանքը, օօ՜, ոչ, նա չի կարող, ի՞նչ պիտի պատասխանե Շուշանիկին: Իսկ դուրս տանել, այդ կենդանի դիակըայլևս անհնարին էր: Այնինչ, բոցերը կից սենյակից մերթ ցույց էին տալիս իրենց բոսորագույն լեզուները, մերթ հետ սուզվում օձերի պես:

Լսվեց մի զորեղ Ճայթյուն: Դավիթը նայեց վեր: Առաստաղը դեռ չէր բռնկվել. բայց միջին դռներն արդեն այրվում էին: Վայրկյանը ճակատա գրային էր: Վերջին ուժերը Ժողովելով, Դավիթը բռնեց եղբորը, բարձրացրեց, դրեց լուսամուտի հատակի վրա: Այս արդեն մի մեծ քայլ էր դեպի փրկություն: Դավիթը խրախուսվեց, այնինչ բոցերը, մաքառելով օդի ներհակ հոսանքի հետ, կամաց-կամաց կլանում էին հատակն ու առաստաղը:

Քրտինքը ողողել էր Դավթի ամբողջ մարմինը: Նա բարձրացավ վերև, ձեռներից բաց չթողնելով եղբորը: Այդ վայրկյանից լսվեց մի թնդյուն, որին հետևեցին ամբոխի աղաղակները: Մի պահ տիրեց խավար, ապա երկիրն ավելի պայծառ լուսավորվեց: Պարզ էր, որ կրակը բռնկել էր նավթային ամբարներից որևէ մեկն ու պայթեցրել:

Հարկավոր էր Սարգսին իջեցնել, բայց ինչպե՞ս: Ձգել նրան վար վտանգավոր էր, լուսամուտը գետնի մակերեսից այնքան բարձր էր, որ կարող էր Սարգսի գլուխը դիպչել քարերին ու ջարդվել: Կամ իջնել և հետո նրան իջեցնելավելի վտանգավոր էր. Սարգիսը վայրկյանից օգտվելով` պիտի թավալվեր հետ և այնուհետև այլևս փրկության և՛ ոչ մի հույս:

Ո՞վ կա, օգնեցեք, — գոռաց Դավիթը:

Բայց ո՞վ պիտի լսեր նրա ձայնը խլացուցիչ գանգյունների մեջ, թանձր ծխի ու կրակի փոթորկված օվկիանոսում: Այնուամենայնիվ Դավիթը հույսը չկորցրեց, գոռաց երկրորդ, երրորդ, չորորդ անգամ, գոոաց այնքան, որ, վերջապես, ձայնը խեղդվեց կոկորդում: Այլևս նրա ձեռները թուլացան, հուսահատ գլուխը թեքվեց կրծքին: Փրկության եզրում նա տեսավ իր և իր եղբոր գերեզմանը մոխիրների մեջ ու մոխիրներից:

Բայց մի վերջին ճիգ ու վերջին աղաղակ ևս և ահա հրաշք. ժխորի միջից, կարծես, մեկն արձագանք է տալիս նրա ձայնին: Այո, այդ իրականություն է: Ահա լուսամուտի առջև նկատեց մի մարդկային կերպարանք:

Միքայելն էր. թաղիքի մեջ փաթաթված, ցեխոտ ու մրոտ ոտքից մինչև գլուխ: Նա բռնեց անդամալույծի ոտներից, և ազատվողն իր մարմնի ամբողջ ծանրությամբ ընկավ ազատողի վրա: Դավիթն անմիջապես վար ցատկեց, ընկավ գետնի վրա, ոտքի ելավ: Մի վայրկյան նայեց Միքայելի դեմքին, ապշեց: Նրա սիրտը լցվեց երախտագիտության զգացումով. ի՜նչ, այդքան բազմության մեջ միայն նա՞ եղավ անվեհեր, միայն նա՞ վճռեց նետվել դժոխքի մեջ` ինչ-որ երկու կիսամահ մարդկային արարածներ փրկելու:

Դավիթը կամեցավ բարձրացնել եղբորը: Անդամալույծն արդեն .ուշաթափվել էր: Միքայելը բարձրացրեց նրա ոտները, Դավիթը` գլուխը, և շտապեցին դուրս բերել նրան ծխի սահմաններից: Երկուսն էլ հոգնած էին չարաչար: Երկիրը լպրծուն էր. մեծ ջանք էր հարկավոր չսայթաքելու համար: Ազատում էին մի մարդ, որի կյանքը ոչ մի բանի պետք չէր և ընդհակառակն թույն էր մերձավորների համար:

Բայց ոչ. այնտեղ, կրակից հեռու ողբում էր այդ մարդուն մի էակ, որ հավասարորեն թանկ էր Դավիթի և Միքայելի համար:

Նրանք հասան մի տեղ, ուր ծուխը հանկարծ թանձրացավ: Բա՜, մի՞թե փրկության համար նրանք պիտի խեղդամահ լինեն: Դեպի ո՞ր կողմ գնալ. — ա՞ջ, թե ձախ, առա՞ջ, թե հետ: Մթություն ամենուրեք:

Միքայելն աղաղակեց և իսկույն նրա աչքերի առջև նկատվեցին երեք հսկա պատկեր: Դարձյալ Չուպրովը, Ռասուլն ու Կարապետը:

Այլևս դժվարություն չկար: Սարգսի անշունչ մարմինը վերցրեց Կարապետը, Ռասուլն օգնեց Դավթին: Չուպրովը կամեցավ Միքայելին բարձրացնել իր ուսերի վրա, բայց հետ նայեց ու տեսավ, որ երիտասարդն ընկել է գետին երեսն ի վար և չի կարողանում վեր կենալ:

Նա ոտքի կանգնեցրեց Միքայելին:

Թևիս ձեռ մի տուր, — ասաց Միքայելը և ինքը հենվեց հսկայի թևին:

Մի րոպե անցած ամենքը արդեն կրակի սահմաններից դուրս էին:

VIII

Հինգերորդ բուրգի սյուներն ընկան մեկը մյուսի հետևից, ճարճատելով և չորս կողմ տարածելով կայծերի հեղեղ: Ամբոխը ցրվեց մրրկից հալածված փոշու պես: Նավթի մուգ մեխակագույն ծխին հաջորդեց փայտի կապտագույն ծուխը: Լուր տարածվեց, թե հինգ մշակներ, բոլորն էլ երիտասարդ, մնացին հրեղեն սյուների տակ ու սպանվեցին: Սարսափ տիրեց ամենքին, բայց ոչ երկար ժամանակ: Դժոխային աշխատանքը ծխերի և մրերի գեհենում վաղուց էր բթացրել ամբոխի ներվերը: Ի՞նչ է նշանակում հինգ մարդկանց մահը կենդանի դիակների աշխարհում: Այդ արդեն աշխատավորի ճակատագիրն է` հալածված ոչ միայն մարդկային ագահության մագիլներից, այլև կույր տարերքների ճիրաններից:

էժան պրծանք, — ասաց մի ծերունի մշակ, որի աչքերը վաղուց էին կուրացել անթիվ ոճիրների ու մահերի տեսքից:

Այնինչ այնտեղ, քսան-երեսուն քայլ հեռու արդեն մերկանում է մի ուրիշ բուրգ, հետո, երրորդը, չորրորդը, հինգերորդը և, ահա գոյացել է վիթխարի ջահերի մի ամբողջ անտառ: Երկաթե նավթամբարները մեկը մյուսի հետևից պայթելով աջ ու ձախ տարածել են բոցերի ծով և իրանք ընկել են կողերի վրա: Գոյացել է հրեղեն մի գետ, որի առաջն առնելու համար չկա մարդկային ոչ մի հնարավորություն: Բացի մեկիցթողնել նրան իր քմահաճույքին և անշարժ դիրքը, նրա ամենակործան ընթացքը: Նա դիմում է մի մեծ ճահիճ, որ գոյացել է հորդառատ անձրևներից և հորերից դուրս բերված ջրերից: Այստեղ կատաղի կռիվ են մղում երկու թշնամի տարրերը: Ճահիճը կլանում է բոցերի ալիքները և ինքն էլ արագարագ շոգիանում, եռալով և արձակելով ճարճատյուններ, նման մարդկային հոսահատական ճչերին:

Հաջորդ էջ