Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Այրին համառոտ պատմեց այն, ինչ որ արդեն գիտեր սրբազանը, պատմեց հուզված և մերթ ընդ մերթ սև թաշկինակը հպելով աչքերին:

Իմ որդին մեղավոր չէ, ո՛չ, ո՛չ, — կրկնեց նա, ավարտելով իր ասելիքը, — նա երեխա է եղել, նրան խելքից հանել են և փորձանքի մեջ գցել...

Միամիտ կին. նա դեռ հավատացած էր, թե որդա սխալը կարելի է ուղղել ամենայն դյուրությամբ, բավական է, որ ինքը կամենա ուղղել: Նա կարծում էր, որ այն պսակն է միայն սուրբ, անխախտելի, որ կապված է երկու ազգակիցների ու կրոնակիցների միջև, և այն զավակներն են միայն օրինական և սիրելի, որ ծնվում են այդ միությունից:

Սրբազանը նեղն ընկավ: Նրանից պահանջվում էր համոզել Սմբատին, որ իր ուխտը դրժե, թողնե կնոջը, ձգզե զավակներին: Ի՞նչպես համոզել այդ չափահաս, համալսարանն ավարտած տղամարդին այդ անելու, ի՞նչ խոսքերով ու հորդորներով ազդել նրա վրա: Սրբազանի առանց այդ ևս ծանր շնչառությունն ավելի արագացավ: Նա մինչև անգամ քրտնեց իր գիրուկ ուսերի վրա ծանր և անսովոր բեռան տակ: Այնուամենայնիվ նա կարողացավ խոսել: Եվ խոսեց նախ մայրենի եկեղեցու պատմական և քաղաքական նշանակության մասին, նկարագրեց նրա կրած տառապանքները, ապա ապացուցեց կրոն սիրելու և նրան հավատարիմ մնալու անհրաժեշտությունն «ազգի պահպանության» համար. բայց երբ հասավ խնդրի էական կողմին, հայացքն ուղղեց բրոնզե ջահին ու լռեց:

Այրին ծանր ու տխուր հառաչեց, զգալով, որ խնդիրն ավելի բարդ է, քան կարծում էր ինքը: Եվ նա դարձյալ դիմեց իր սովորական զենքի օգնությանը` թախանձանքներին ու աղերսներին:

Ազատվի՛ր հորդ անեծքից, որդի՛ ազատվի՛ր և մեզ էլ ազատիր, — կրկնեց նա հարյուր անգամ կրկնածը:

Փորձը ծանր էր Սմբատի համար, անախորժ և եթե շարունակվեր պիտի դառնար զազրելի: Նա կրծոտում էր իր շրթունքները, որ մի կերպ խեղդի իր մեջ կատաղությունը, որպեսզի մի որևէ ավելորդ բառով չվիրավորե իր մորը եպիսկոպոսի ներկայությամբ:

Սրբազան, — խոսեց նա վերջապես, — բարի եղեք համոզել մորս, թե հրեշ է այն մարդը, որ իր հարազատ զավակներին կձգե փողոց: Ես սիրել եմ հորս, սիրում եմ մորս, բայց ի՞նչպես զոհեմ այդ սիրույն մի ուրիշ, ավելի զորավոր սերհայրականը: Սրբազան, ամեն մի մարդ ինքն է պատասխանատու թե՛ այս, թե՛ մյուս աշխարհում իր անհատական կյանքի համար: Եթե իմ արածը ոճիր է իմ ազգի, կրոնի և գերդաստանի դեմ, ես և միայն ես պիտի կրեմ նրա պատիժը: Գալով իմ հոր անեծքին. ես կաշխատեմ նրանից ազատվել ուրիշ ճանապարհով, ես կաշխատեմ լինել օրինավոր մարդ, ազնիվ, անարատ իմ գերդաստանի և ուրիշների համար, բայց ձգել իմ զավակները` երբե՛ք, երբե՛ք, երբե՜ք...

Որ այդպես է, զավակներդ վերցրո՛ւ, իսկ նրանց մորը արձակիր...

Մո՜րը, — գոչեց Սմբատը, այլևս չկարողանալով զսպել իրեն, — ի՞նչ կանեի՛ր, մա՛յր, եթե քեզանից խլեին քո զավակներին: Ո՛չ, սրբազա՛ն, զուր է ձեր միջամտությունը, ես չեմ կարող մորս պահանջը կատարել:

Այդ ասելով, նա ոտքի կանգնեց ցույց տալու համար, որ այլևս ավելորդ է համարում այդ մասին խոսելը:

Սրբազանն ուրախ էր, որ խնդիրը շատ էլ չի բարդանում և կարող է այժմ թեթևացնել իր շնչառությունը: Աջող վայրկյան որսալով, ոտքի կանգնեց, պահպանիչ ասաց, հասկացնելով մյուս սենյակում սպասողներին, թե նուրբ տեսակցությունը վերջացել է:

Սրբազանն ստացավ «աջահամբույրը» և հեռացավ նույն հանդիսավորությամբ, որով եկել էր:

Այրին լալիս էր, Սրաֆիոն Գասպարիչը մխիթարում էր նր ան:

Քառորդ ժամ անցած, Սմբատը դարձյալ հոր սենյակումն էր: Նա դառնացած էր, բայց միևնույն ժամանակ զգում էր մի տեսակ հոգեկան թեթևություն: Առաջին փոթորիկը, որին հոր թաղումից հետո սպասում էր ամեն րոպե, անցավ պակաս զորավոր, քան կարծում էր: Նա կարողացավ դիմադրել մորը: Վաղը նա կակնարկե, թե ցանկանում է կնոջն ու երեխաներին բերել Մոսկվայից: Այրին, իհարկե, կզայրանա, կաղերսե, լաց կլինի, բայց փույթ չէ, այդ սկիզբն է, հետո կամա ակամա կընտելանա իր հարսին ընդունելու մտքի հետ: Իսկ հետո՞, վերջացա՞վ դրանով խնդիրը: Օ՜, ո՛չ, այդ չէ էականը, կընտելանա՞ արդյոք ինքը` Սմբատն իր կացությանը, նույնիսկ եթե կարողանա մոռացության տալ հոր անեծքը:

Նա այլևս չկարողացավ պարապել, սկսեց թղթերը ժողովել:

Ներս մտավ սպասավորը և հայտնեց, թե «ուստա Բարսեղը» ուզում է աղային տեսնել:

Ո՞վ է ուստա Բարսեղը:

Մեր վարձողներից մեկը:

Թող գա:

Այցելուն այն դեղին մազերով մարդն էր, որ հոգեհացի ժամանակ մոտեցավ «ադվակատ» Մուխանին և խնդրեց այն երեկո գնալ իր տուն: Նա կանգնեց դռների մոտ, ձեռները դրեց կրծքի վրա և խոնարհ գլուխ տվեց, թեքվելով մինչև հատակը: Հետո աջ ու ձախ նայելով, գողնովի մոտեցավ և ժպտուն դեմքի վրա խաղացնելով մի շողոքորթ ժպիտ, ձեռը պարզեց տանտիրոջը: Առաջին հայացքից իսկ այդ մարդու կերպարանքն ու ձևերը վատ տպավորություն գործեցին Սմբատի վրա:

Ի՞նչ եք կամենում, — շտապեց նա հարցնել:

Հրամանոցդ առողջությունը, Սմբա՛տ-բեգ, — լսվեց մի խուլ ձայն:

Գո՞րծ ունիք:

Մի պզտիկ հաշիվ ունենք, Սմբատ-բեգ...

Նստեցե՛ք...

Հյուրը գլուխ տվեց, բայց չնստեց:

Հրամանքդ, ինչպես տեսնում եմ, ինձ մոռացել ես, — ասաց նա իր ապակյա աչքերը հառելով տանտիրոջ երեսին. — իհարկե, աղա ջան, քա՛նի տարի է... բայց մենք, ցավդ առնեմ, հրամանոցդ շատ լավ ենք հիշում: Այսչափ երեխա էիք, ա՛յ, — շարունակեց մարդը, ձեռով ցույց տալով մի արշին բարձրություն հատակից, — պզտիկ, պզտիկ: Հետո մի քիչ մեծացար, գնացիր Մոսկվա ու գնացիր, աստված պահի, այժմ տղամարդ ես, այն էլ ի՛նչ տղամարդ... Լա՞վ ես, աղա ջան...

Շնորհակալ եմ: Դուք ասացիք` ինչ-որ հաշիվ ունիք. ի՞նչ հաշիվ է:

Ուստա Բարսեղը, կարծես, հարցը չլսեց և շարունակեց նույն անվրդով եղանակով.

Գալիս էիր մոտս, պզտիկ-պզտիկ զանգուլակներ էիր ուզում կատվի վզին կապելու համար: Այ, հենց սենյակի տակն է մեր խանութը, ցավդ առնեմ, ոտքով որ խփեսծառայիդ գլխին կդիպչե...

Հիշում եմ, հիշում եմ, — ընդհատեց Սմբատն անհամբեր, — ուստա Բարսեղն եք, արծաթագործ... Ասացե՛ք ի՞նչ հաշիվ ունիք, ուստա Բարսեղ:

Մի օր եկաք, թե «ինձ համար ձուկ բռնելու չանգալ շինե, ուստա Բարսեղ»: «Աչքիս վրա, ասացի, ցավդ առնեմ»: Նստեցի ու մի օր տանջվելով, մի լավ արծաթե չանգալ շինեցի, բաշխեցի... Ուրախացար, ցավդ առնի ուստա Բարսեղը...

Ուստա Բարսեղ, հաշիվ էիք ասում:

Մյուս օրը չանգալը բերիր, թե «ուստա Բարսեղ, ասում են, արծաթը ղալբ է»: Չեմ իմանում, որ մոլթանին էր ասել, որ ուստա Բարսեղը ղալբ արծաթը խալիսի տեղ է ծախում... Միտդ է...

Ի՞նչ հաշիվ ունիք ուստա Բարսեղ, — գոչեց Սմբատը, ձայնը բավական բարձրացնելով բարկությունից:

Հաշի՞վը, — կրկնեց հյուրը, իբր թե անփույթ. — հա, մոռացա, գլուխս խոսքով խառնվեց: Հաշիվը, Սմբատ-բեգ, Միքայել Մարկիչի անունով... Պզտիկ հաշիվ է, շատ պզտիկ, ցավդ առնեմ... Բայց դե Միքայել Մարկիչը ջահելություն է անում... Երեք օր է աղաչում, պաղատում ենք, չի հատուցանում...

Չի հատուցանում: Ուրեմն փո՞ղ է պարտական ձեզ...

Հայա՜, ցավդ առնե ուստա Բարսեղը, պարտական է, որ չտա էլ, իհարկե ոչինչ չենք ասիլ, ջանին ղուրբան, բայց դե պարտական է մուրհակով...

Մուրհակո՞վ...

Թամի՜զ... до востребования...

Գումա՞րը:

Հրամանոցդ համար դատարկ բան, մի ձեռք հագուստհ փող. մի գիշերվա ծախք... Բայց դե մեզ պես քյասիբ-քյուսուրի համար խազնա, թագավորություն, Հարուն Ալ Ռաշիդի բոստանը, հա՛, հա՛, հա՛...

Նրա ծիծաղը հնչեց այնքան չոր ու անախորժ, որ Սմբատը զզվանքի պես մի բան զգաց: Սակայն նա արդեն հետաքրքրվել էր այցելուի ասածներով:

Հապա ցույց տվեք տեսնեմ Միքայելի մուրհակը, — ասաց նա, ձեռը պարզելով այցելուին:

Ուստա Բարսեղը, աջ ու ձախ նայելով, ձեռը տարավ ծոցը, դուրս բերեց այնտեղից մի հնամաշ թղթապանակ: Ինչ-որ թղթերի միջից զգուշությամբ դուրս բերեց մի մուրհակ: Բաց արավ և ծայրից ամուր բռնելով, պահեց Սմբատի աչքերի առջև:

Այո՛, այդ Միքայելի ստորագրությունն է, — ասաց Սմբատը, — բայց մի՛ վախենաք, չեմ խլիլ ձեր ձեռքից, գումարն եմ ուզում գիտենալ:

Սմբատն ապշեց, մուրհակը յոթ հազար ռուբլի էր: Մի գումար, որ կասկածելի էր, թե համապատասխանե արծաթագործի կարողությանը:

Ուստա Բարսեղ, դուք այժմ էլ ձեր արհե՞ստն եք գործածում:

Հա՜յա , ցավդ առնեմ, զարգյար էինք, զարգյար էլ մնացինք. չխկումըխկ ենք անում, օղլուշաղ պահում, հինգ երեխա ունենք... բայց երեք տարի է մի պզտիկ պահարան ենք դրել, մեջը մի քանի արծաթեղեն ու ոսկեղեն շարել, մենք մեզ խաբում ենք. իբրև թե մենք էլ առևտուր ենք անում:

Երևի, Միքայելը ձեզնից ոսկեղե՞ն է վերցրել...

Չէ՛, ազիզ արևդ վկա, նաղդ փող ենք տվել կանաչ-կարմրանոցներ: Ազիզ արևդ վկա, երեխաների բերանից ենք խլել ու տվել:

Ուստա Բարսեղ, — արտասանեց Սմբատը, մի սուր հայացք ձգելով մարդու երեսին, — դուք ուղիղ յոթ հազա՞ր եք տվել Միքայելին, թե՞ պակաս:

Ուստա Բարսեղը մի քիչ շփոթվեց, բայց միայն մի վայրկյան: Շուտով ուշքը ժողովեց և ժպտալով պատասխանեց.

Ցավդ առնեմ, իհարկե, մի քիչ պակաս ենք տվել, բայց դե գումարը յոթ հազար արծաթե դրամ է:

Ես ձեզ խնդրում եմ ասել, զուտ դրամ ո՞րքան եք տվել: Չէ՞ որ մուրհակի մեջ տոկոս էլ կա:

Տոկո՜ս, իհարկե, առանց տոկոսի բան կլինի՞, բայց Միքայել Մարկիչի պարտքը դրուստ յոթ հազար ռուբլի է:

Ե՞րբ է մուրհակի ժամանակը լրանում:

Ժամանա՞կը... հա՛, ժամանակը այսօր տասնուվեց օր է հանգուցյալ Մարկոս աղան «դովոս տրեբովանի է» եղել, աստված նրա հոգին լուսավորե: Ազիզ արևդ վկա, օր ու գիշեր աղոթք ենք արել նրա կյանքի համար, բայց ի՞նչ արած, մահը մերն է, մենք մահինը. աստված այդպես կամեցավ:

Ի՞նչ եք ուզում ասել, ուստա Բարսեղ, ես ձեզ չեմ հասկանում:

Արևի լույսի պես պարզ է: Աղա Միքայելը խոստացել է պարտքը վճարել հոր մահից հետո, ձեռաց մի քանի օր անցած:

Սմբատը ցնցվեց, հասկացավ եղբոր վատթար արարքը, որդին հոր մահն աճուրդի էր դուրս բերել: Անտարակույս այս Բարսեղը մի արյունարբու վաշխառու է, որ, օգտվելով շվայտ երիտասարդի նեղ դրությունից, մեկին հարյուրով պարտք է տվել ծերունու մահից հետո ստանալու պայմանով: Ո՞րն է ավելի գարշելի, տվո՞ղը, թե՞ վերցնողը:

Շատ բարի, — ասաց նա, — այսօր սպասեցեք, եղբորս հետ կխոսեմ, հետո կգաք...

Չէ՛, չէ՛, ցավդ առնի ուստա Բարսեղը, Միքայել Մարկիչը չպիտի գիտենա, որ հրամանոցդ մոտն ենք եկել, ամա՛ն, ամա՛ն, նա գիժ է, մեզ կսպանի, հինգ երեխաների տեր ենք...

Հեռացե՛ք: Վաղը եկեք, կստանաք ձեր փողերը:

Հա՛, ցավդ առնեմ, էգուց վերջացնենք: Հինգ երեխա ունենք, պառավ մայր, քույրեր, եղբայրներ, քրոջ աղջիկներ, եղբոր տղերք, մին սյուրու: Դատաստանից զահլեներս է գնում, հաշտությունը լավ բան է, ինքը Քրիստոսն է ասել: Աստված լուսավորի Մարկոս աղայի հոգին, երևելի մարդ էր, մեզ շատ էր սիրում, ամեն օր գալիս էր խանութս: Մենք էլ ձեր հրամանոց ծառաներն ենք, ձեր շվաքումն ենք ապրում: Ներողությո՛ւն, գլուխդ ցավացրինք, ծառայությո՛ւն, մի՛ նեղանար, առանց ասելուդ էլ գնում ենք... էգուց կգանք, ծառայություն...

Եվ ուստա Բարսեղը երեսը դեպի Սմբատը, հետ ու հետ քայլելով, մեջքից թեքված, դուրս գնաց:

Նույն օրը երեկոյան Սմբատի ու Միքայելի մեջ տեղի ունեցավ առաջին ընդհարումը: Միքայելն առանց քաշվելու խոստովանեց, որ Բարսեղից վերցրել է ընդամենը մի հազար ռուբլի, փոխարենը տվել յոթ հազար ռուբլու մուրհակ: Ի՞նչ աներ, փողի կարիք է ունեցել: Նա արել է այն, ինչ որ շատ շատերն են անում ժլատ հայրերի զավակներից: Նա չէր կարող պաս ու ծոմ պահել, լինելով միլիոնատիրոջ զավակ այն ժամանակ, երբ նրա ընկերները ծախսում էին հազարներով ու տասնյակ հազարներով: Այսօր նա վերջապես իրավունք ունի ազատ ու ինքնագլուխ ապրելու, և ահա մի բռնակալի տեղ մյուսն է ասպարեզ եկել: Ո՛չ, այդ անտանելի է և վիրավորական: Հայրը թողել է մի ապօրինի կտակ, նա, իհարկե, լուռ չի մնալ, կանե, ինչ որ հարկավոր է, իսկ առայժմ թո՛ղ Սմբատը, առանց բացատրության սպասելու վճարե ուստա Բարսեղին, այլապես գործը կերթա դատարան...

Սմբատն սկսեց բացատրել եղբորը, թե ինքը երբեք չի մտածել նրա բռնակալը դառնալու, թե նրանք հավասար եղբայրներ են և պարտավոր են միմյանց վրա ազդել բարի խորհուրդներով: Միքայելի այժմյան կենցաղն արժանի է խորին պարսավանքի. այդ կյանք չէ, որ նա վարում է, այլ հոգեկան սնանկություն, բարոյական անկում, մարմնի քայքայում: Թո՛ղ նայե Միքայելը հայելուն: Այդպես շարունակել չի կարելի, այդ վիրավորանք է գերդաստանի պատվին:

Վերջապես, մենք չունենք բարոյական իրավունք հանգուցյալի դառը քրտինքով ձեռք բերած հարստությունը ծովը թափելու մեր հաճույքի համար:

Դառը քրտինքո՜վ, — կրկնեց Միքայելը կծու հեգնությամբ. — դու համոզվա՞ծ ես, որ մեր հայրն իր միլիոններն արդար ճանապարհով է վաստակել:

Մի՞թե դու համոզված չես, — գոչեց Սմբատը զարմացած՛:

Ե՞ս: Ես համոզված եմ, բայց դուո՛չ:

Ի՞նչ ես ուզում ասել:

Այն, որ դու մտքումդ մեր հորը համարում ես հարստահարիչ և չես խղճահարվում գալ տիրանալ նրա հարստությանը:

Միքայե՜լ:

Զո՜ւր ես վիրավորվում: Կամենաս ցույց կտամ Մոսկվայից գրած նամակն երդ այն օրից, երբ հանգուցյալը քեզ զրկեց թոշակից: Դու գրում էիր, թե մեր ժամանակներում արդար աշխատանքով երբեք չի կարելի հարստանալ: Դու մեղադրում էիր մեր հորը աշխատավորներին հարստահարելու, ագահության և ժլատության մեջ, իսկ ես պատասխանում էի, թե Մարկոս Ալիմյանի հարստությունն ուրիշների քրտինքի արդյունքը չէ, այլ բախտի բերմունք, բնության մի պագև, վիճակախաղ... Ես պաշտպանում էի, դու` հարվածում էիր, ասա՛, այժմ ո՞վ է մեզանից ավելի արժանավոր ժառանգ, ե՞ս` իմ շռայլ ու զեխ աննպատակ կյանքով, թե՞ դու` քո տնտեսական աշխարհայացքով և գրքերից քաղած փիլիսոփայությամբ:

Չգիտեմ, գուցե ավելի դու, քան ես...

Այո՛: Ես: Թո՛ղ, ուրեմն, որ ես օգտվեմ նրա հարստությունով, հեռացի՛ր գործերից, հանձնելով ինձ հարստահարությամբ և կեղեքումով դիզված հարստությունը: Դու ուսում ունիս, ես թերուս եմ, դու խելոք ես, ես հիմար, դրամը հիմարին է հարկավոր, խելոքն ինքը կարող է վաստակել: Ահա պարծենում ես քո պարկեշտությամբ ու ժուժկալությամբ, բայց մոռանում ես քո և իմ պայմանները կյանքի: Տասներկու տարեկան էիր, երբ հեռացար վատ շրջաններից, գնացիր Մոսկվա: Այնտեղ դու ապրել ես ընտիր ընտանիքներում, կրթվել ես լավագույն ուսուցիչների ձեռքի տակ, համալսարան ես մտել և ավարտել: Իսկ ինձ պահել են այստեղ, այս ապականված քաղաքում և քո պատճառով զրկվելով բարձր ուսումից, ընկել եմ վատ միջավայր...

Իմ պատճառո՞վ, — ընդհատեց Սմբատը:

Այո՛, մի՞թե չգիտեիր: Այն օրը, երբ մեր հայրն իմացավ, որ դու միացել ես մի օտարուհու հետ, երդվեց մյուս որդիներին ոչ միայն Ռուսաստան չուղարկել, այլև իր աչքից չհեռացնել: Ահա ինչո՛ւ ես զրկվեցի այն առաքինությունից, որով այսօր պարծենում ես: Այո՛, այո՛ դու խելոք ես, դու ունիս բարձրագույն ուսում, դա քեզ կարող ես ապահովել քո արդար աշխատանքով, իսկ ես չեմ կարող, որովհետև տգետ եմ, հիմար և աշխատանքի անընդունակ: Ինձ, և ոչ թե քեզ է վայել շռայլել ուրիշների քրտինքով վաստակած հարստությունը:

Բայց ես պարտավոր եմ անել այն, ինչ որ կտակել է մեր հայրը:

Միքայելը բարձրաձայն ծիծաղեց:

Պարտավո՜ր եմ անել այն, ինչ որ կտակել է մեր հայրը, — կրկնեց նա, ձեռները իրարու զարկելով և գլուխն աջ ու ձախ երերելով, — ա՛յ ա՛յ ա՛յ. ի՜նչ գովելի հնազանդություն, ի՜նչ զմայլելի առաքինություն: Պարտավո՜ր ես, ուրեմն կատարի՛ր նախ և առաջ հորդ կտակի գլխավոր կետը, բաժանվի՛ր կնոջիցդ ու երեխաներիցդ...

Այդ քո գործը չէ:

Թո՛ղ այդպես լինի, եթե կամենաս, ես այլևս չեմ խոսիլ այդ մասին, բայց միայն մի պայմանով, որ դու էլ ինձ չձանձրացնես քո հորդորներով ու խրատներով, որոնք ոչ մի արժեք չունեն ինձ համար:

Բայց ես պարտավոր եմ ձանձրացնել, որովհետև այդ ոչ միայն մեր հոր, այլև մեր մոր կամքն է:

Ինչո՞ւ: Որովհետև ես շառլատան եմ, իսկ դու օրինավոր մարդ, ես անբարոյական եմ, դու բարոյական, չէ՞: Նեղություն կրիր, բարոյական մարդ, գնա հենց այս րոպեիս, գնա մայրիկի սենյակը տես խեղճ կինն ո՛ւմ պատճառով է արտասուք թափումի՞մ, թե՞ քո... Ցտեսությո՛ւն, վաղն առանց այլևայլի կվճարես ուստա Բարսեղին իմ պարտքը, մուրհակը հետ կվերցնես, ինձ համար կպատրաստես հինգ հազար ռուբլի: Ես ունիմ ուրիշ պարտքեր էլ: Բոլորը կվճարես ու կգրես իմ հաշվին:

Նա դուրս գնաց, արհամարհանքով լի մի հայացք ձգելով եղբոր վրա:

Սմբատը վրդովված ձեռը զարկեց սեղանին և ոտքի ելավ: Ահա ի՜նչ. նույնիսկ այդ մինչև ոսկորների ծուծն ապականված երիտասարդը կշտամբում է նրան, երեսովը տալիս նրա անուղղելի սխալը: Ի՞նչ կարող է անել այդ մարդու վերաբերմամբ, ի՞նչպես «ճանապարհի բերել», քանի որ ինքը չի կատարում իր վրա և իր վերաբերմամբ դրված ծանր պարտքը:

«Բայց այնուամենայնիվ ես քեզ չեմ թողնիլ քո կամքին», վճռեց նա մտքում:

IV

Ի՜նչ, տարիներ շարունակ կատարել հասարակ գործակատարի կրավորական պաշտոն, տառապել մի կամակոր և մանրակրկիտ ծերունու սուր հայացքների տակ, հնարել ամեն անգամ պես-պես ստեր ավելորդ ծախսերն արդարացնելու համար, և հաճախ անմաքուր ձեռներով մոտենալ հայրական սնդուկին, և կամա-ակամա փափագել հարազատ ծնողի մահն այն հույսով, որ այդ մահով պիտի ազատվի կապանքից: Ի՜նչ, մեռնի վերջապես հայրը, թողնելով ահագին ժառանգություն և հանկարծ ինքը զրկվի օրինական իրավունքներից և ընկնի մի նոր հսկողի ու կշտամբողի հովանավորության տա՞կ:

Ո՛չ, ո՛չ, այդ անտանելի է, վիրավորական, այդ մի հարված է Միքայելի համար, որին նա չի կարող հանդուրժել: Ի՞նչ պիտի ասեն նրա ընկերներն ու բարեկամները: Մի՞թե իրավունք չեն ունենալ նրան ծաղրելու ու ծաղրակոծելու: Ո՛չ, ո՛չ, նա չի կարող լուռ ու մունջ հպատակվել մեծ եղբոր կամքին, նա հավասար ժառանգ է: Ի՜նչ անմիտ կտակ: Նրանից պահանջում են փոխել իր կենցաղը, ապրել մի կիսացնոր ծերունու ճաշակով, ամուսնանալ մի ինչ-որ հայ աղջկա հետ` իր ժառանգական իրավունքներին տիրանալու համար: Ամուսնանալ մեր ժամանակներում, երբ բոլոր նրա ընկերներն ամուրի և ազատ են, երբ ամուսնացածները բացարձակ զղջում են, ինչպես օրինակ` Մելքոն Ավրումյանը և ուրիշ շատ շատերը: Ինչո՞ւ համար մի ծանր լուծ վերցնե իր վզի վրա, որ ավելորդ բերաննե՞ր աշխարհ ձգե, որ ամեն օր լսե` «պապա, պապա», այդ հիմար, ծիծաղելի բառը, որ այնքան հաճելի է տափակ գլխի տեր մարդկանց, և այնքան ձանձրալի նրանց համար, որոնք ճաշակ ունին կյանքի բարիքները վայելելու` իրենց ազատությունը պահելով: Ո՛չ, Միքայելն այժմ անկախ է, ազատ և ուզում է այդպես մնալ: Նա ամուրի կյանքից դեռ չի կշտացել:

Այս խորհրդակցության մեջ Միքայելն զգում էր, որ օր-օրի վրա իր սրտում զարգանում է ատելությունը դեպի Սմբատը: Եվ նա ծրագիրներ էր հորինում` որևէ միջոցով ազատվելու համար ավագ եղբոր իշխանությունից:

Սմբատն արդեն վճարել էր նրա պարտքը ուստա Բարսեղին և մուրհակը վերցրել ու տվել նրան, բայց պահանջած հինգ հազար ռուբլին մերժում էր:

Կեսօրվա դեմ էր: Միքայելը կես ժամ առաջ Սմբատից դարձյալ փող էր խնդրել և դարձյալ մերժում ստացել: Այժմ հուզված անցուդարձ էր անում իր սենյակում, որ Ալիմյանների բնակարանում ամենից շքեղ էր կահավորված: Այստեղ կային Բելուջիստանի ամենաընտիր գորգեր, Խորասանի և Քիրմանի նրբագործ շալերով և պես-պես ոսկեթել հյուսվածքներով զարդարված բարձեր, բարձիկներ, բազմոցներ: Մետաքսե թանձր վարագույրներով սքողված լուսամուտներից մեկի առջև դրված էր մեծ գրասեղանը, ծանրաբեռնված ահագին արծաթե թանաքամանով, տեսակ-տեսակ փղոսկրե տուփերով, ցամքիչներով, շքեղակազմ գրքերով, բրոնզե արձանիկներով, և զանազան ալբոմներով: Անկյունում դրված էր շքեղ պահարանը, որ լի էր ռուս բանաստեղծների ու վիպասանների երկերով` ոսկեզօծ կազմերում: Աչքի էին ընկնում նաև թարգմանական երկեր, որոնց թվում և Բոկկաչիոյի «Դեկամերոնը»: Կամարաձև դռների միջից երևում էր ննջարանը, հատակը փափուկ գորգերով ծածկված: Այնտեղ մի անկյունում դրված էր անկողնակալը` ծածկված թանկագին հյուսվածքներով, մետաքսե վերմակներով: Հինգ-վեց մեծ ու փոքր բարձեր դարսված էին միմյանց վրա սիմետրիկ ձևով, այնպես որ կազմում էին մի տեսակ բուրգ: Այդ, կարծես, մի թանկարժեք և փարթամ հարճի անկողին լիներ այն տարբերությամբ, որ առջևի պատը զարդարված էր զենքերով: Մյուս սենյակում երևում էր տուալետի սեղանը` լի բազմաթիվ անուշահոտ յուղերի ու ջրերի սրվակներով, սանրերով, խոզանակներով, մկրատներով և այլն...

Այդ սենյակների կահավորության մեջ մեծ դեր է խաղացել Ոսկեհատը: Նա էր իսկապես ստիպել մարդուն չխնայել ոչինչ որդու հաճույքի համար: Տան համար ծախսվածը կորած չէ, բացի դրանից` այդպիսով կարելի է Միքայելին ընտելացնել հետզհետե ընտանեկան կյանքին և հղացնել նրա մեջ ամուսնանալու ցանկություն: Այնինչ Միքայելի համար սենյակների արդուզարդն ուրիշ ոչինչ էր, եթե ոչ սնափառության նյութ: Գոհ էր, որ ընկերներից ոմանք նախանձում են, որ կարող է նրանց գինի խմացնել, ոսկեզարդ «հազար փեշաներով» և թղթախաղի սեղանը բանալիս նրանց առջև դնել ոսկե աշտանակներ:

Դռները բացվեցին, ներս մտավ Իսահակ Մարութխանյանը մի շատ քաղցր հաճոյական ժպիտ իր կարմիր երեսին:

Վերջապես, — գոչեց Միքայելը ռուսերեն և ձեռով նշան արավ փեսային նստելու: — Հը՜ը, ասա՛ տեսնենք ինչ նորություն:

Նայելով թե ի՞նչն է հետաքրքրում քեզ, — պատասխանեց Մարութխանյանը և նստեց բազկաթոռի վրա, կանխավ հետ դարձնելով ռեդինկոտի փեշերը, որ չճխլտվի:

Ուրիշ ի՞նչ կարող է ինձ հետաքրքրել, բացի այդ հիմար կտակից:

Հասկանալի է, — արտասանեց Մարութխանյանը, դանդաղորեն հանելով իր ձեռնոցները և ձգելով իր գլխարկի մեջ և նայելով աջ ու ձախ ավելացրեց. հույսով եմ, որ մեր խոսակցությունը ոչ ոք չի լսի:

Ոչ ոք, եթե կամենաս դռներն էլ կկողպեմ:

Վատ չէր լինի:

Միքայելը մոտեցավ և բանալին շուռ տվեց:

Խնդիրր շատ պարզ է, — սկսեց Մարութխանյանը, վերցնելով Միքայելի սեղանից մի գլանակ, -նախ և առաջ դու պիտի ինձ ազնիվ խոսք տաս, որ ինչ-որ այստեղ խոսենք, մեր մեջ կմնա:

Ավելորդ նախազգուշացում: Ես իմ թշնամին չեմ:

Ապրես: Դու գիտես, սիրելիս, որ ես այստեղի ձեր գռեհիկ վաճառականներից չեմ: Ես իրավաբան եմ, թեև առանց բարձր ուսման, բայց ավելի գիտեմ օրենքները, քան որևէ մի երդվյալ հավատարմատար: Ես ունեմ հռչակ թե՛ այստեղ և թե՛ Թիֆլիսում: Ուզում եմ ասել, եթե ես մի վատ բան անում եմ` զգույշ, մտածելով, տասն անգամ չափելով և հետո կտրելով:

Արձակելով գլխից վեր գլանակի առաջին ծուխը, նա իր դեղին-կանաչագույն աչքերը հառեց Միքայելի երեսին և հարցրեց.

Ուզո՞ւմ ես, որ հորդ կտակը ճանաչվի ապօրինի և կորցնի իր զորությունը:

Անպայման, — պատասխանեց Միքայելը դրականապես:

Շատ գեղեցիկ: Բայց դրա համար հարկավոր են մի շարք պայմաններ:

Օրինա՞կ:

Նախ և առաջ կամքի հաստատություն, սառնասրտություն, հետո կեղծելու, սուտ ասելու վարպետություն:

Սուտ ասելու վարպետությո՞ւն: Մի՞թե այդ անհրաժեշտ է:

Անպայման: Տասնուիններորդ դարը, սիրելիս, խաբեբայության դար է, իսկ այդ դարը դեռ չի վերջացել: Այժմ խաբում են ամենքը և ամենից ավելի նրանք, որոնք ըմբոստանում են խաբեբայության դեմ:

Հետո՞: Ծրագիրդ բացատրիր:

Իսկույն: Մեծ եղբայրդ, Սմբատը ահա երեք օր է դատարանի որոշումով ձեռք է բերել իր ժառանգական իրավունքների ճանաչումը: Այժմ դու նրա ստրուկն ես բառիս իսկական նշանակությամբ: Նա կարող է քեզ մի կտոր հաց տալ կամ չտալ: Այսպե՞ս է, թե ո՞չ:

Ենթադրենք, որ այդպես է:

Ենթադրելու բան չկա, կտակի իսկական իմաստով այսպես է: Հայրդ քեզ նշանակել է ամսական հարյուր ռուբլիմի խոհարարի ռոճիկ: Դու կարող ես ժառանգական իրավունք ձեռք բերել միայն ամուսնանալուց հետո: Իսկ ամուսնանալ կարող ես, եթե կյանքիդ եղանակը փոխես, այսինքն լուրջ, խելոք մարդ դառնաս, հա՜ հա՜ հա՜... Դա մի շատ առաձգական կետ է կտակի մեջ և ցույց է տալիս կտակ թելադրողի միամտությունը և գրողի տգիտությունը: Ասա, խնդրեմ, եթե դու բոլորովին փոխես կենցաղդ և դառնաս լրջմիտ, պարկեշտ, չխմես, չխաղաս, կանանց հետևից չընկնեսի՞նչպես կարող ես ապացուցանել, որ փոխվել ես: Սմբատը եթե կամենա, միշտ կընդդիմանա, միշտ կասե, թե դու նույնն ես, ինչ որ էիր հորդ մեռնելու ժամանակ: Այս մեկ: Երկրորդ` կկամենա՞ս, արդյոք, ամուսնանալ: Համոզված եմ` ոչ: Դու այն տիպերից ես, որոնց համար ամուսնություն բառը նույնն է, ինչ որ ինձ համար Աիբիրը կամ Սախալինը: Է, ի՛նչ ժամանակ է ամուսնանալու, քանի որ քեզ և քեզ նմանների համար կան շատ ապուշների կանայք: Ուրեմն դու տեսնում ես, որ կտակի այդ կետը քո թշվառությունն է, կախաղանի սապոնած պարանը... Եվ ահա իմ ծրագիրը գալիս է քեզ օգնության: Որքան ևս նա շտապ լինի կազմված, որքա՜ն ևս թույլ, այդ անիրավ կտակից լավ է և կարող է դրությունդ փոխել այսպես կամ այնպես:

Ասա ո՞րն է քո ծրագիրը:

Մի ուրիշ կտակ, այսպես ասած, կոնտր-կտակ:

Ո՞րտեղ գտնենք այդ կտակը:

Ահա հենց բանն էլ այդ է. «ո՞րտեղ»: Ենթադրենք, որ այդ կոնտր-կտակը շինվում է քո լիակատար համաձայնությամբ: Իմ ծրագրով և երկու այնպիսի օգնականների մասնակցությամբ, որոնցից յուրաքանչյուրը վարպետ է իր արհեստի մեջ և մինչև այժմ դեռ չի բռնվել որևէ հանցանքի մեջ: Ասա ինձ համաձա՞յն ես, ուզո՞ւմ ես դառնալ լիուլի ժառանգ քո հայրական կարողությանը, թե՞ բարվոք ես համարում մնալ ստրուկ և ծառայել եղբորդ կամքին:

Շուտ արա, վերջացրու, ի սեր աստծո, — գոչեց Միքայելը, կարծելով, որ իր քեռայրը կատակ է անում:

Կոնտր-կտակը կկազմվի, իհարկե, հետին թվականով, այսինքն հորդ մահից մի կամ երկու ամիս առաջ: Նա, իհարկե, կունենա հանգուցյալի իսկական ստորագրությունը: Այս այնքան էլ դժվար չէ, որքան կարող ես կարծել: Դու միայն կտաս ինձ հանգուցյալի որևէ ձեռագիրը, մանավանդ նրա ստորագրությունը մի որևէ թղթի տակ, մնացյալն արդեն իմ և իմ օգնականների գործն է: Համաձա՞յն ես:

Բայց ի՞նչ բովանդակություն կունենա կոնտր-կտակը, — հետաքրքրվեց Միքայելը, համոզվելով, որ, Մարութխանյանը կատակ չի անում:

Շատ հետաքրքրական, շատ հոգեբանորեն ճիշտ, շատ պարզ և շատ արդարացի բովանդակություն, — պատասխանեց Մարութխանյանը, ուղղելով իր կարմրագույն փողկապը: Նախ, ժառանգության չափը: Ես հանգուցյալի թողած անշարժ գույքերը գնահատում եմ, ամենացածր գները վերցրած երեք ու կես միլիոն: Չորս հարյուր հիսուն հազար ռուբլի էլ տոկոսաբեր թղթեր և մի այդքան էլ զուտ դրամ բանկերում: Կոնտր-կտակի զորությամբ` զուտ դրամը, տոկոսաբեր թղթերի հետ, քեզ է տրվում այս տան կահ-կարասիքի հետ միասին: Իսկ անշարժ գույքերը, այն է նավթային հանքերը, տները և գործարանը, այսինքն նրանց արժողությունը կամ եկամուտը հավասարաբար բաժանվում է երեք տեղ. մի մասը դարձյալ քեզ, մյուսը` փոքր եղբորդ, Արշակին, երրորդը` քրոջդ` այսինքն իմ կնոջը... Գալով մորդ, նա ստանում է ամբողջության յոթերորդ մասը, ինչպես ընդունված է օրենքով: Կարծեմ, ավելի արդարացի և օրինավոր կտակ երևակայել անգամ դժվար է:

Իսկ Սմբատը...

Խելքի մոտիկ բան չի լինի հիշել նրա անունը կտակի մեջ: Ամենքը գիտեն, որ նա հորից անիծված է ու հալածված, ուրեմն բնական է, որ նա մոռացվի: Դատը տանելուց հետո, մենք նրան կնշանակենք մի որոշ ամսական կամ կտանք մի գումար, և դրա համար բոլորը կգովաբանեն մեր վեհանձնությունը:

Բայց կկարողանա՞նք տանել դատը:

Կամ կկարողանանք կամ ոչ: Եթե չկարողանանք, կնշանակե կոնտր-կտակի կեղծիքը պարզված է և մենք կենթարկվենք քրեական պատժի...

Ո՛չ, ո՛չ, ես այդ չեմ կարող անել, — գոչեց Միքայելը սարսափած:

Մարութխանյանը հեգնորեն ժպտաց:

Բայց մենք դատը կտանենք անտարակույս, — ասաց նա ամենայն անդորրությամբ: Լսի՛ր: Ո՞վ պետք է քննե դատը, եթե ոչ նահանգական դատարանը: Ահա հենց այստեղ է թաքնված շան գլուխը: Բայց որից կամ ինչից են կախված մեր այժմյան դատարանի որոշումները: Միայն հիմարներն ու ապուշներն են հավատում արդարադատությանը: Իսկ ես, մոտից ճանաչելով դատարանի անդամներին մեկիկ-մեկիկ, գիտեմ, թե որքան թույլ է յուրաքանչյուրի ձեռքը: Կաշառք, ահա այն մեծագույն զորությունը, որ ղեկավարում է մեր դատարանի խիղճն ու օրենքները: Իսկ ես գիտեմ ինչ ձևով պետք է կաշառել դատարանի անդամներին և պաշտոնյաներին, սկսած դռնապանից մինչև նախագահը:

Իսկ եթե չկարողանա՞նք կաշառել, — հարցրեց Միքայելն անհամբերությամբ:

Այն ժամանակ կա մի ուրիշ միջոց: Հաշտություն:

Ո՞ւմ հետ:

Սմբատի:

Ի՞նչ ձևով:

Նախ վախեցնելով նրան լուրերով կոնտր-կտակի մասին: Այս առթիվ ես արդեն մի թեթև լուր տարածել եմ: — Ապա, ասպարեզ ձգելով կոնտր-կտակը: Սմբատը, տեսնելով հանգուցյալի ստորագրությունը և լսելով իմ վկայությունը, կսարսափի, և մենք նրան կսեղմենք պատին:

Ուրեմն դու ինձ առաջարկում ես խարդախությա՞ն դիմել:

Սիրելիս, — ասաց Մարութխանյանը, դարձյալ փողկապն ուղղելով, — աշխարհի երեսին կան բազմաթիվ կեղծ հասկացողություններ և կեղծ զգացումներ: Խարդախություն ասվածը մի առաձգական բան է: Խարդախություն չէ՞ արդյոք, խայտառակել ծնողների անունը, դավաճանել նախահայրերի կրոնին, ծախել զավակների ապագան, ինչ-որ անառակի փաղաքշանքներին, պարսավել հարազատ հորը` նրա կենդանության ժամանակ, իսկ մեռնելուց հետո` գալ տիրանալ նրա հարստությանը, զրկելով ու կողոպտելով օրինական ժառանգներին: Ես կեղծելով ուզում եմ վերականգնել արդարությունը, ինչպես մի դիպլոմատ, որ սուտ ասելով ու խաբելով փրկում է իր հայրենիքը վտանգից: Բայց ինչո՞ւ եմ ես երկարացնում` կամքը քոնն է. չես ուզում, ես ի՞նչ կարող եմ անել, գնա ու եղբորդ ձեռներից ջուր խմիր, ինչպես հիմար ոչխար...

Արդյոք կնոջդ բաժինը շատ մեծ չե՞ս վերցրել:

Բաժինը բաժին, իսկ իմ աշխատա՞նքը, մի՞թե անունս վտանգի ենթարկելով արժանի չեմ մի բան ստանալու:

Եթե գիտես տասն անգամ չափելմի անգամ կտրել, ուրեմն վտանգավոր գործի չես ձեռնարկել...

Ապագան գիտե... Այդ գործում ոչ այնքան ես պիտի դեր խաղամ, որքան դու: Բայց երկար վիճաբանելու կամ տատանվելու ժամանակ չէ, այո կամ ոչ:

Լավ, արա, ինչ որ ուզում ես, միայն հանձն առ գործը մինչև վերջն առանց ինձ տանել: Ես դատարանները վազվզելու գլուխ չունեմ և առհասարակ քո ծրագիրն ինձ շատ մութն է թվում:

Կպարզվի: Դու միայն տուր ինձ հանգուցյալի որևէ ստորագրությունը, կամ, լավն է, մի քանիսը...

Լավ, — համաձայնեց Միքայելը, — այսօր ևեթ կգտնեմ և կտամ...

Հաջորդ էջ