Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Եվ, մատը բարձրացնելով օդի մեջ` ցույց տվեց թանկարժեք նվերը: Այսպիսով նա ցանկանում էր շարժել ամենքի նախանձը, բայց չհաջողվեց: Ոմանք ծաղրեցին Միքայելի թեթևամտությունը. ի՞նչ կարիք կա բենեֆիսից առաջ նվերներ տալու. դա մեշչանական սնամոլություն է:

Սմբատն ամաչեց եղբոր արածից, սակայն շտապեց զսպել իր դժկամությունը: Այլևս բոլորր հարբել էին, բացի հույնից և հրեաներից: Լեհացին շտապեց հեռանալ աննկատելի: Սրահը լցվել էր ծխախոտի ծխով, կերակուրների ծանր հոտով:

Ախ, շատ շոգ է, — ասաց երգչուհին, հասկացնել տալով, թե ժամանակն է վեր կենալու:

Բանն այն է, որ ծխախոտի ծուխը վնասում էր սնգույրին, իսկ շոգից պուդրը շարունակ իջնում էր, և նա ստիպված էր ամեն րոպե նորեն բամբակը դուրս բերելու քսակից:

Այո՛ շոգ է, — կրկնեց Մոսիկոն, կամենալով բաճկոնը հանել:

Նրա ձեռները բռնեցին և արգելեցին:

Լուցկի եմ ուզում, — գոռաց Մելքոնը, որի նախանձը շարժել էր Միքայելի նվերը երգչուհուն: — Մի փոքրիկ ֆեյերվերկ դիցուհու պատվին:

Դատարկ ափսեի վրա փաթաթել էր պսակի ձևով մի քանի թղթադրամներ և մեջը դրել երգչուհու լուսանկարը: Պսակը վառեց լուցկով, և լուսանկարի շուրջը լուսավորվեց մանիշակագույն բոցով. թղթադրամները թրջված էին բենեդիկտինի մեջ: Էֆեկտը բավական մեծ եղավ. բոլորը ծափահարեցին, երաժշտությունը թնդացլուսանկարի հետևում անվնաս էին մնացել մի քանի հարյուրանոցներ: Մելքոնը ծիածանագույն պսակը ներկայացրեց գեղարվեստին, այսինքն` գեղեցկուհուն:

Էտո դիկո՛, նո օչեն օրիգինալն, օչեն, — հիացավ երգչուհին, բարձրաձայն ծիծաղելով և հարյուրանոցները ձգելով քսակի մեջ:

Խորային երգչուհիները ագահ աչքերով դիտում էին տեսարանը և անզոր նախանձում պրիմադոննային: Հանկարծ նրանք ծվացին ինչ-որ դուետ: Պապաշան նրանց բաժակների մեջ ձգեց երկու-երկու ոսկի և հետո գաղտագողի համբուրել, նրանցից մեկի պարանոցը:

Բրավո, Պապաշա, բրավիսիմո, — գոչեց երգչուհին, որի արթուն աչքից ոչինչ չէր խուսափում:

Սեղանը քանի գնում այնքան խառնաշփոթվում էր:

Գրիշան բարկացած, երկու անգամ շամպանիայի բաժակը դատարկեց երաժիշտների վրա: Նա կատաղած էր, որ երգչուհին զբաղված է Միքայելով ավելի, քան իրանով: Մոսիկոն խորային երգչուհիների հետ կոպիտ կատակներ էր անում, երբեմն ուրախ տրամադրված ձիու պես խրխնջալով կծոտում էր նրանց ուսերը, շարժելով հնարյուն Պապաշայի նախանձը: Մելքոնը շուտ-շուտ համբուրվում էր սրա ու նրա հետ, ինչպես գավառական արբշիռ թղթակից: Քյազիմ-բեգը հաճախ մոտենում էր և համբուրում երգչուհու «եթերային ձեռիկը», տակավին չհամարձակվելով ավելի վեր բարձրանալ: Իշխան Նիասամիձեն քայքայված տենորին տարավ դուրս և գլխին մի դույլ սառը ջուր թափեց, ասելով թե Թիֆլիսի կինտոներն այդպես են անում: Լեզգի հյուրը, որ մի հաստապարանոց շիկահեր երիտասարդ էր, զբաղված էր մտքում խորային երգչուհիներին իրարու հետ համեմատելով, որն է ավելի լավ և ո՜րը... Հաշտարար դատավորի պաշտոնակատարը վերջին ճառն արտասանելիս, այնքան ոգևորվեց, որ, բաժակը զարկեց շշին և փշրեց:

Սմբատը մտածում էր, որ այլևս ուշ է, պետք է, վերջապես, հեռանալ այս այլանդակ միջավայրից: Բայց անհասկանալի մի ուժ տակավին ստիպում էր նրան մնալ: Այստեղ նա հաճույք չէր զգում, բայց և չէր էլ ձանձրանում: Բոլորը, ինչ որ կատարվում էր, դեմ էր նրա բարոյական սկզբունքներին, նրա ճաշակին, բայց և այնպես ուներ մի դիվային զորություն, որ, հրելով նրան, միևնույն ժամանակ պահում էր կաշկանդված:

Ոտքի ելավ սպան և, շամպանիայի շիշը վերցնելով, մոտեցավ երգչուհուն: Նա բաց էր արել «կիտելի» կոճակները, մի ձեռը դրել կապտագույն անդրավարտիքի գրպանը: Նա բարձր ձայնով ուշադրություն խնդրեց: Ոչ ոք` չլսեց նրան: Նա ձեռը զարկեց սեղանապետի ուսին և գոռաց.

Լսի՛ր, բարեկամ, լսեցե՛ք պարոններ...

Եվ մի վայրկյան գրավելով սեղանի ուշադրությունը, ասաց.

Պարոննե՛ր, ես Մոսկվայում տեսել եմ, ինչպես են պաշտում գեղարվեստը մեր գիժ հարուստները: Դուք չգիտեք, դուք ասիացիներ եք... Լսեցե՛ք, լսեցե՛ք, ապակյա բաժակի եզրերը կոպիտ են գեղարվեստը հարգելու համար... Հասկացա՞ք ինձ, սատանան տանե, թե՞ չէ...

Երգչուհին չգիտեր սպան ինչ է ուզում անել, վախեցավ, նայելով նրա հարբած աչքերին: Այդ օֆիցերներն ամեն տեղ սկանդալներ են սարքում:

Պարոննե՛ր, կար մի ժամանակ, որ ես էլ լողում էի շամպանիայի մեջ, ավա՛ղ հայրական հարստություն: Թույլ տվեք, սատանան տանի ձեզ, թույլ տվեք ինձ մի քիչ վերակենդանացնել իմ անցյալը...

Նա թեքվեց և բռնեց երգչուհու մի ոտը:

Այդ ընդունված է ամեն տեղ, ուր գիտեն, սատանան տանե, կյանքն այրել բենգալյան հուրի նման:

Երգչուհին արդեն հասկացել էր նրա միտքը, ուստի ինքը հանեց իր կոշիկներից մեկը և տվեց սպային:

Կեցցե՜ Մելպոմենը, որ այսպիսի զմայլելի ոտիկ ունե, — գոչեց սպան և կոշիկը լցնելով փրփրալի հեղուկով, բարձրացրեց գլխից վեր ու աղաղակեց. — հանուն գեղարվեստի և նրա սիրույն...

Հուռռա՜, հուռռա՜, — պոռացին ամենքը:

Եվ խմեցին մի-մի կոշիկ շամպանիա, բացի Սմբատ Ալիմյանից, որ նման տեսարանների մասին լսել էր ու մինչև այդ օրը չէր տեսել: Երգչուհին ծիծաղից թուլացել էր, տեսնելով իր կոշիկն այդ բարձրագույն պատվին արժանացած:

Ֆա՜հ, դա մեզ համար նորություն չէ, շատ ենք արել, — ասաց Գրիշան սպային և գրպանից դուրս բերելով մի զույգ նոր մետաքսյա կոշիկներ, թեքվեց ու հագցրեց երգչուհու ոտներին:

Որպես խելացի ու գործնական կին, երգչուհին զգաց, որ բանն արդեն չափազանցության է հասնում և ով գիտե ինչ կարող է պատահել: Նա հանկարծ ոտքի կանգնեց, մի ձեռը սեղմեց ճակատին, մյուսը կրծքին, գլուխը ցած թեքեց, գունատվեց, Միքայելը վախեցած գրկեց նրան:

Ի՞նչ պատահեց, ի՞նչ պատահեց, — գոչեցին ամենքը:

Երգչուհին ուշաթափվում էր, աչքերի բիբերը ծռվել էին դեպի վեր, շրթունքները կպել էին ատամներին:

Կուրծքս, կուրծքս...

Հարկավ, բոլորը շրջապատեցին նրան:

Հաքիմ, ըըը, հաքիմ, ըըը բերեք, — արտասանեց Պապաշան շփոթված:

Բերեցին օդեկոլոն, երեսին ջուր սրսկեցին, Քյազիմ-բեգը վազեց տելեֆոնով բժիշկ հրավիրելու. ոչինչ չօգնեց: Երգչուհին շարունակ կրկնում էր.

Տուն տարեք ինձ, տուն եմ ուզում...

Շատերը փափագեցին նրան ուղեկցել, մանավանդ Միքայելն ու Գրիշան, սակայն նա աննկատելի ճարպկությամբ կռթնեց տենորի ուսին, մյուս ձեռքով գրկելով խորային երգչուհիներից մեկին: Ճար չկար, նրան դուրս տարան և նստեցրին Քյազիմ-բեգի կառքը: Ա՜հ, պարոններ, ներեցեք, նա ձեզնից շատ ու շատ շնորհակալ է, ցավում է, որ ներվերը չդիմացան, հիվանդացավ, օ՜օ, երբեք չի մոռանալ ձեր տված հարգանքն ու պատիվը: Նա ամենքիդ սիրում է ջերմ սիրով ու հույսով է, որ չեք մոռանալ նրա բենեֆիսը...

Գլուխս, օօօ՜, սիրտս, քշիր, կառապան, քշի՛ր, շուտով սենյակս հասցրու ինձ, հրաշալի քեռի և դու աննման ընկերուհի...

Երբ կառքն անհետացավ գիշերային մթության մեջ, երգչուհին հանկարծակի այլափոխվեց, ձեռը զարկեց տենորի ուսին և բարձրաձայն ծիծաղելով գոչեց.

Տեսա՜ր... դեհ ասա, ե՞ս կարող եմ ավելի լավ կատարել դրամատիկ դերեր, թե՞ դու... ապուշներ, հավատացին...

Հրաշալի էր, իմ դիցուհի, զմայլելի... Այդ հարյուրանոցներից մեկը տուր ինձ, վաղը հյուրանոցին պիտի վճարեմ սենյակիս վարձը...

Երգչուհին տվեց նրան թղթադրամը, ասելով.

Երևի, վաղն այն կողքիս նստած էֆիոպներից մեկը կգա ինձ այցելության, մի քիչ լաց կլինեմ, հետո...

Հյուրերը գլխիկոր վերադարձան սեղանատուն: Միքայելը տխրեց: նա նմանվում էր մի մանկան, որ հազիվ-հազ բռնել էր թռչնակը, որ իսկույն թռավ, անհետացավ հետը տանելով ոսկե օղակը:

Քեֆը խափանվեց, այլևս չարժեր նստել:

Իսկ ե՞ս, ե՞ս, ինձ ո՞վ կուղեկցի իմ համարը, — դարձավ ամենքին երկրորդ խորային երգչուհին, մի սևաչյա, սևահեր հրեուհի, քրքրված ու մաշված:

Պապաշան, Պապաշան, — գոռացին այս ու այն կողմից:

Անկարելի է, ոչ մի քայլ, — ընդդիմացավ Քյազիմ-բեգը, — ոչ ոքի թույլ չեմ տալ հեռանալու, իսկական քեֆը նոր է սկսվում:

Պարոննե՛ր, — ասաց Գրիշան, — այժմ ես հրաժարվում եմ թամադայությունից:

Կեցցե՜ հանրապետությունը, — պոռացին ոմանք:

Լռե՜լ, — գոռաց սպան:

Նորեն տրաքեցին շամպանիայի շշերը, նորեն սազանգարները նվագեցին, և քեֆը փոխվեց մի օրգիայի, որ Սմբատը երազել անգամ չէր կարող:

Պապաշան ռեդինկոտը հանեց, շպրտեց սազանդարների գլխին և սկսեց «ղարաբաղի» պարել: Նրա օրինակին հետևեցին Մոսիկոն և Մելքոնը: Իշխան Նիասամիձեն պահանջեց «լեկուրի» և չեքրզկի փեշերը հետ ծալելով, մեջ ընկավ իր լայնածավալ միրուքով: Տիրեց անասելի աղմուկ, իրարանցում, ուր ոչինչ չէր կարելի հասկանալ, յուրաքանչյուրն իր ձայնն էր միայն լսում:

Քյազիմ-բեգը կատաղությունից բեղերն էր կրծոտում: Այդ «շան աղջիկը» սուտ ասաց, ոչ մի տեղը չէր ցավում, դա մի փորձ էր ամենքից ազատվելու և ոչ ոքի չպատկանելու այս գիշեր: Վաղը պետք է նրանից բացատրություն պահանջել: Եթե հաստատվի, որ երգչուհին կեղծ է հիվանդացել, պիտի պատժել: Իսկ պատժելու ձևը, օօ՜օ, Քյազիմ-բեգը գիտե շատ լավ: Նա բենեֆիսի առաջին կարգի բոլոր տոմսակները կգնե, կբաժանի թոկից փախած սրիկաներին: Հենց որ երգչուհին կերևա բեմի վրա, սրիկաները կսկսեն շվացնել, ոռնալ և ձգել նրա վրա փտած վարունգներ, խնձորներ, տանձեր, վարթուգալի կճեպներ, հոտած ձկնիկներ, սատկած մկներ և այլն և այլն: Թող այն ժամանակ զգա, որ կովկասցիների հետ կատակ անելը շատ էլ դյուրին բան չէ: Իսկ առայժմ պետք է հյուրերին մի առանձին զվարճություն տալ...

Նախ նա ստիպեց խորային երգչուհուն վազել Պապաշայի հետևից, թռչել ու նստել նրա ուսերի վրա: Կատակն հաջողվեց, բոլորը ծիծաղից փորները բռնեցին: Հետո նա սպասավորներին հրամայեց.

Ադա՛, բերեք այստեղ մի լողարան:

Օօ՜օ, օօ՜օ, — բացականչեցին ամենքը միաձայն, գուշակելով բանի էությունը:

Պրիմադոննայի հեռանալը բոլորին սթափեցրել էր և այժմ, որ գրեթե լուսաբաց էր, յուրաքանչյուրն զգում էր իր արածը: Միայն Սմբատն էր մթության մեջ, ոչ ըմպելիքների ազդեցությունից, այլ միջավայրի անծանոթությունից: Նա տեսնում էր, բայց պարզ չգիտեր, ինչ է կատարվում իր շուրջը, նայում էր մերթ մեկի, մերթ մյուսի երեսին: Եվ բոլոր դեմքերն արտահայտում էին ինչ-որ արտաքո կարգի բան և, կանխավ, արդեն նրանց հոգնած արյունը նորեն հուզվում էր, նորեն բորբոքվում: Գիտեին, որ երբ Քյազիմ-բեգը ոգևորվում է, այլևս նրա ֆանտազիան սահման չունի: Պապաշան բեղերը սրում էր ու երիտասարդանում: Այդ հիսուն ու հինգ տարեկան առողջ գյուղական արյունը հին գինու ուժ ուներ, չէր փրփրում, այլ բոցավառվում էր:

Դռների մեջ լսվեց դղրդոց: Լեզգի սպասավորները տնքալով ու հևալով, ներս էին մղում մի մեծ մարմարյա լողարան: Հետո բերեցին մի քանի դյուժին շշեր շամպանիա, սազանդարների ճարպոտ դեմքերը փայլեցին հաճույքից: Ամենից շատ նրանք էին ճանաչում Քյազիմ-բեգի քմահաճույքները: Լողարանը մղեցին սենյակի կենտրոնը:

Քյաբուլի՛, — դարձավ Քյազիմ-բեգը սազանդարներին, մտավ լողարանի մեջ, դաշույնը մերկացրեց և սկսեց պարել:

Նա պտտում էր, թեքվում, բարձրանում, թռչում վեր, դաշույնի ծայրը դնում էր աչքի տակ, անց էր կացնում ծնկների տակով այնպես ճարպիկ ու արագ, որ բոլորը հիացել էին: Քառորդ ժամ պարելուց հետո, նա դուրս ցատկեց լողարանից, դաշույնը դրեց պատյանի մեջմոտեցավ խորային երգչուհուն և իր հուժկու գրկի մեջ առավ նրան:

Արդեն լույսն սկսել էր բացվել, բայց լամպաները դեռ վառ էին: Պապաշան իջեցրեց լուսամուտների վարագույրները և սպասավորներին հրամայեց հեռանալ: Նրա առաքինության ու պարկեշտության զգացումը վիրավորվում էր այդ, ծառաների ներկայությունից:

Այժմ միայն Սմբատը հասկացավ, թե ինչ տեսարանի վկա պիտի լինի: Կամեցավ թողնել ու հեռանալ: Բայց անծանոթ ուժն անհաղթելի զորությամբ դարձյալ կաշկանդեց նրա կամքը:

Կարաո՜ւլ, օգնեցե՛ք, կարաո՜ւլ, — գոռում էր խորային երգչուհին:

Բայց Քյադիմ-բեգը խելքը կորցրել էր: Ոմանք խնդրեցին նրան` թողնել իր մտադրությունը, թեև ներքուստ բոլորն էլ փափագում էին ճաշակել տեսարանի արյունահույզ հաճույքը:

Քրիստոնյանե՛ր, ազատեցե՛ք ինձ, — գոռում էր հրեուհին իր քայքայված, անախորժ ձայնով:

Սպան հեռվում կանգնած, բեղերը ոլորում էր, այ, դա քեֆ է, Մոսկվայումն էլ այդ անում են:

Դժվար էր Քյազիմ-բեգից խլել երգչուհուն: Նա արդեն մերկացնում էր խեղճին, հրամայելով սպասավորներին շամպայնի շշեր դատարկել լողարանի մեջ:

Հարգանքը դեպի կնոջ ամոթխածությունը և սպառնալի տեսարանի այլանդակությունն ստիպեցին Սմբատին միջամտել: Նա խնդրեց Գրիշային թույլ չտալ երգչուհուն լողարանի մեջ ձգելու: Երկու տարի առաջ, Գրիշան ինքն էր տվել առաջին օրինակը: Այն ժամանակ նա անառականոցում գարեջրի մեջ լողացրեց մի պոռնիկ, որ հետո հիվանդացավ և քիչ էր մնում մեռներ թոքերի բորբոքումից:

Դու չե՞ս ուզում տեսնել, — հարցրեց նա Սմբատին:

Ո՛չ, այդ վայրենություն է, տգեղ, անճոռնի:

Բայց Քյազիմ-բեգը քեզ համար է անում այդ:

Ես չեմ ուզում, ես զզվում եմ, — գոչեց Սմբատը, գրգռվելով: -Եթե վախենում ես Քյազիմից, հույսդ դիր իմ օգնության վրա:

Գրիշայի անձնասիրությունը խոցոտվեց, ի՜նչ, նա վախենա որևէ մեկից: Բայց այդ կինը խեղճ չէ, նա ինքն ուրախ է լողալ շամպայնի մեջ, միայն կոտրատվում է` իրեն թանկ վաճառելու համար:

Մի թույլ տուր, խնդրում եմ, — պնդեց Սմբատը:

Լա՛վ:

Գրիշան մոտեցավ Քյազիմ-Բեգին, ձեռը դրեց նրա ուսի վրա և ասաց թուրքերեն:

Քյազիմ, թո՛ղ այդ կնոջը, բավական է:

Դու ո՞վ ես, — արտասանեց կրքամոլը, որի կրակոտ աչքերը պսպղում էին:

Ես Գրիշան եմ:

Գնա՛, կորիր...

Խնդրում եմ:

Թո՛ղ ինձ...

Այժմ այլևս բոլորի ուշադրությունը Գրիշայի վրա էր: Միակ մարդն էր, որից Քյազիմ-բեգը քիչ թե շատ վախենում էր, և նկատելի էր, որ Գրիշան արդեն կորցնում է իր սառնասրտությունը.

Ես խնդրում եմ քեզ, Ադիլբեկով, — դարձյալ նա փորձեց համոզել թուրքին:

Ադա՛, կապի՛ր, ռեխդ, — գոռաց Քյազիմ-բեգը, — ուզում եմ անել, պիտի անեմ:

Գրիշան ուժեղ ձեռով հրեց նրան և, կանգնելով նրա ու երգչուհու մեջտեղը, կատաղի աչքերը հառեց թուրքի երեսին և ատամների միջից արձակեց.

Դու մոռացա՞ր, որ ես Գրիշան եմ:

Եվ ձեռը տանելով ծոցի գրպանը, դուրս բերեց մի փոքրիկ ռևոլվեր:

Քյազիմ-բեգը սթափվեց ոչ երկյուղից, այլ ամոթից, մի թե տանտիրոջը վայել է կռվել հյուրերի հետ` մի ինչ-որ քածի պատճառով:

Լա՜վ, ես կատակ էի անում, — ասաց նա և դառնալով` սպասավորին, հրամայեց. — կորցրե՛ք լողարանն այստեղից:

Կինը, ազատվելով Քյազիմ-բեգի երկաթե բազուկներից, կիսամերկ, հոգնած, շնչասպառ ընկղմվեց թախտի վրա:

Տեսարանը խափանվեց, բայց ոչ ոք չհամարձակվեց դժկամություն հայտնել:

Քյազիմ-բեգը երգչուհուն թույլ տվեց գնալ, սեղմելով նրա ձեռի մեջ երկու հատ հարյուրանոց և հրամայելով ծառաներին կես դյուժին շամպանիա դնել նրա կառքի մեջ:

Տանն ինքդ վաննա կընդունես, — ասաց նա:

Երգչուհին ծիծաղեց, մոռանալով ամեն ինչ: Նա մինչև անգամ համբուրեց Քյազիմ-բեգին և դուրս թռավ, երգելով ու պարելով:

Միքայե՛լ, կշտացա՞ր, թե չէ, — դիմեց Սմբատը եղբորը:

Ֆինալը դեռ մնում է:

Օրը բոլորովին լուսացել էր, թեև արեգակը դեռ չէր երևում:

Հյուրերը սազանդարների հետ դուրս եկան փողոց:

Այժմ նրանց պարագլուխը Մոսիկոն էր: Զարմանալի էր այդ մարդու բնույթը, որքան մյուսները խմելով հարբում էին, թուլանում էին, այնքան նա, ընդհակառակը, արթնանում էր ու թարմանում: Այժմ նա անճանաչելի էր. խոսում էր ամենից ավելի, երգում էր, պոռում, թռչկոտում:

Եղանակը հանդարտ էր և ոչ ցուրտ: Ծովի հայելանման մակերեսն անդրադարձնում էր երկնքի մուգ կապտագույն կամարը: Դեպի ձախ փայլում էին «Սև» ու «Սպիտակ» կոչված քաղաքիկների բյուրավոր էլեկտրական լամպարները, ինչպես խոշոր ադամանդներ, հետզհետե աղոտանալով բնության լույսից: Հարյուրավոր գործարանների ծուխն ուղիղ գծով բարձրանալով երկնակամարըերկինքը, սքողել էր սև շղարշով: Դեպի աջ երևում էր Բաիլով կոչված թերակղզին` իր ծովային զորանոցներով և գողտրիկ եկեղեցիով, որի սոխաձև գմբեթները երկնակամարի վրա նկարվել էին որպես միգային աշտարակներ, որոնք, կարծես, լուռ խորհրդակցության մեջ էին արարչի հետ: Այնտեղ ավելի հեռու, լեռան հետևից ցցվել էին նավթային բուրգերի սուր գագաթները:

Փողոցներում արդեն անցնում էին մշակներն ու արհեստավորները, շտապելով գործիորը տխուր ու գլխակոր, որը զվարթ` երգելով: Լսվում էին գործարանների շոգեշունչ շվիների սուլոցները, խուլ որպես առյուծի բառաչյուն, սուր` որպես օձի ֆշշոցը: Եվ շոգին, դուրս գալով ծորակներից, քանի մի վայրկյան փայլում էր օդի մեջ ալեբաստրի գույնով ու չքանում: Հեռու հորիզոնում այրվում էր ինչ-որ գործարան և կատաղի բոցերը ճեղքում էին սև ծխերի թանձրությունը:

Ահա, վերջապես, Աֆշերոնյան թերակղզա հետևից բարձրանում է բոսորագույն արեգակը որպես հալած բրոնզի մի հսկայական գավաթ, հանդարտ, հպարտ, ինքնավստահ, որպես տիեզերքի գերիշխան և լողալով ինքն իր մեջ որպես հրեղեն ծով, բարձրագույն ամպերի դիզերը վառվում են աբեթի պես և լուսավորվում, լուսավորելով երկնակամարը: Բյուրավոր ճառագայթները զմայլելի բոցեղեն ծովից տարածվում են հեռու ու հեռու, վանելով գիշերային մթության մնացորդը: Ոսկեզօծվում են նավերի կայմերն ու առագաստները, տների ճակատները, ապակյա լուսամուտները, շրջակայքի լերկ և ավազոտ լեռները, գերեզմանները, եդեմներն ու խաշերը և այն քարաշեն հսկայական աշտարակը, որի վրա դրոշմված է մի առասպելական հերոսուհու կյանքի ողբերգը:

Աստղերը հետզհետե կորցնում են իրենց փայլը, էլեկտրական լույսերը հանգչում, ձայներն ու դղրդյունները սաստկանում: Նավերն ու շոգենավերը, որ իրենց խարիսխների վրա հանգստանում են ամառային երթևեկությունից հետո, մեղմիկ օրորվում են ծովի երեսին` որպես վիթխարի կարապներ: Պատանի ձկնորսները պատրաստում են ուռկաններն ու կարթերը, որ իրենց օրվա պարենը հայթայթեն: Նավաստիները լվանում էին իրենց նավերի տախտակամածները, երգելով այն առողջ, առնական ձայներով, որոնց մեջ զգացվում է անապական ջրերի տարերային զորությունը: Անթիվ հակերով ու տակառներով ծանրաբեռնված փայտյա երկայն կայարանների վրա աշխատում են հազարավոր բանվորներ նավերը դատարկելով, նավերը լցնելով միշտ մեջքից թեքված, միշտ նայելով դեպի երկիր որպես անբան գրաստներ, որոնց բնությունը ձեռներ չի տվել:

Աջ կողմից լսվում էր փոքրիկ բոժոժների մետաղային մեղմ ու ներդաշնակ հնչյուններ, որ հիշեցնում են ինչ-որ երկնային նվագածություն: Ուղտերի մի երկայն շարք բարձրանում է քաղաքից դեպի ավազոտ լեռները` մի նեղ շավղով, որ տանում է հեռո՜ւ, հեռո՜ւ, երկրի խորքերը, ուր տակավին շոգին մուտք չի գործել: Նայելով բիբլիական կենդանիների կարավաններին, մարդ կարծում է, թե գտնվում է հնադարյան անապական աշխարհում:

Նայելով դեպի ձախ, անթիվ շոգենավերին, գործարաններին, էլեկտրական լույսերին` ժամանակակից քաղաքակրթությունն է աղաղակումշոգու և երկաթի գոռոզ թագավորությունը: Մի կողմ Ասիա, մյուս կողմ` Եվրոպահակադրությունների մի կատարյալ քաոս, ուր նորը կատաղի կռիվ է մղում հնի դեմ:

Սմբատը դիտում էր աննման տեսարանն ու հրճվում: Բայց նրա հրճվանքի մեջ կա զորավոր թույնի մի կաթիլ, որ փոթորկում է նրա հոգին և, սիրտն սկսում է աղի արցունք թափել: Բնության թովիչ արթնումը հիշեցնում է նրան իր կյանքի վաղաժամ նիրհը: Մոռանում է շուտով բոլորը` և՛ Միքայելին իր խմբով, և՛ հայրական գործերը, և՛ կեղծ ու ոչ կեղծ կտակները և՛ եղբոր օր-օրի վրա սաստկացող սպառնալիքները: Ամեն ինչ և ամենքին, բացի զավակներից: Ա՛հ, մի՞թե բյուր անգամ նա երջանիկ չէր լինի. ապրելով կիսամերկ, կիսանոթ, լիներ ազատ, չունենար ամուսնական ձախորդ վիճակը, ինքն իր մոլորությամբ չխորտակեր իր կյանքը, ութ տարի առաջ...

Նա նստեց ծովափի մի նստարանի վրա հոգնած ու ուժասպառ ոչ գիշերվա անքնությունից կամ ոգելից ըմպելիքներից, այլ հոգեկան տառապանքներից: Ամենուրեք, ուր նայում էր, տեսնում էր երկու անմեղների դառը կշտամբանքով և կսկծալի աղերսով դեմքերը, այդ երկու զույգ աչքերը, որոնց շողերը մի-մի ասեղներ էին նրա սրտի մեջ: Ո՛չ, ո՛չ նա երբեք նրանց չի ձգիլ ճակատագրի հաճույքին, երբեք չի անջատվիլ նրանցից ո՛չ հանուն հայրական անեծքի, ո՛չ հանուն կրոնի, ո՛չ մայրական աղերսների և ո՛չ հասարակական նախապաշարումների ու արհամարհանքի:

Աղավնիներն ու ճնճղուկները թռչկոտում են այս ու այն կողմ` իրենց համար կեր որոնելով: Ա՛հ, նույնիսկ թռչուններն աշխատանքի մեջ են և միայն մի խումբ մարդիկ, թմրած դանդաղաքայլ անցնում են ծովափով, ըստ երևույթին անփույթ ու անհոգ, բայց իրոք կյանքից հոգնած ու ձանձրացած երիտասարդ հասակում: Նրանց համար օրը նոր է վերջանում, գիշերը նոր է սկսվում, զեխությամբ, հարբեցողությամբ լի օրը, հիվանդոտ, անբան գիշերը: Առջևից թառ ածելով ու երգելով գնում են ասիական երաժիշտները: Հետևից գալիս են մի քանի դատարկ կառքեր, հուսալով տանել «աղաներին» իրենց տները և ստանալ առատ վարձ: Աջ ու ձախ գնացող գործավորները նայում են խմբին անտարբեր: Հարստահարվածի ու ընկճվածի անզոր կատաղության հետ նրանց գունատ ու վտիտ դեմքերն, արտահայտում են և մի տեսակ արհամարհանք, ազնիվ աշխատանքի արհամարհանքը դեպի ձրիակերությունը: Ոչ ոք կանգ չի առնում շվայտության պատկերով զվարճանալու, վասն զի գործարանների սուլիչները հրամայողաբար գործի են կանչում նրանցը և նրանք չունին իրավունք մի վայրկյան անգամ ուշանալու:

Հանկարծ երեք մշակ, խումբը ճեղքելով, վազում են առաջ: Բարձրանում է միահամուռ ծիծաղ: Ոմանք ծափահարում են, ոմանք քարեր արձակում մշակների հետևից: Ասիական երաժիշտները նվագում են ինչ-որ եվրոպական քայլերգ: Մշակների ուս¬րի վրա նստած են Գրիշան, Մոսիկոն և Միքայելը: Գդակները վեր բարձրացրած ու գոռգոռալով, նրանք ոտներով անխնա հարվածում են բանվոր գրաստների փորերն ու կողերը: Ինչո՞ւ չէ. նրանք մի ռուբլի են տվել մարդկային էակներին, որ կատարեն անասնի պաշտոն, իսկ մի ռուբլին մշակի երկու օրվա վարձն է: Եվ մշակներն ուրախ են, ծիծաղում են ու քրքչում, աղաներն են, թող քեֆ անեն, աղային ամեն ինչ ներելի է:

Սմբատը լուռ նայում է ծովի հեռավոր հորիզոնին, ուր առավոտյան նոսր, մանիշակագույն մշուշի մեջ նշմարվում է մի փոքրիկ կղզի: Վաղը, մյուս օրն այդ կղզու հետևից կերևա շոգենավը, որ բերելու է նրա զավակներին ու կնոջը, այլ խոսքով նրա ուրախությունն ու վիշտը:

Մի վայրկյան երեսը ծովից դարձնելով, նա նկատեց պատանիների մի խումբ, որ երգելով ու աղաղակելով մոտենում էր ծովային լողարաններից մեկին: Մեկը բաժանվեց խմբից և սկսեց շտապով հեռանալ: Արշակն էրՍմբատի կրտսեր եղբայրը, ռեալական դպրոցի աշակերտը ծպտյալ հագուստով: Սմբատը հետևեց պատանուն և բռնեց փողոցի մեջտեղում:

Դու օրվա այս միջոցին ի նչ գործ ունես այստեղ:

Իսկ դո՞ւ ինչ գործ ունես, — հանդգնեց պատանին, թևն ազատելով եղբոր ձեռից:

Հա՛, ուրեմն դո՞ւ էլ ես սկսել:

Ինչպես և դու: Տարբերությունը մեր մեջ այն է, որ ես ժամանակին եմ սկսել, իսկ դու ուշացել ես:

Պատանու հանդուգն պատասխանը կատաղեցնելով հանդերձ, շվաթեցրեց Սմբատին:

Կորի՛ր տուն, — գոռաց նա:

Քո բանը չէ: Չկարծես թե քեզանից էի փախչում, դու ո՞վ ես, դու ի՞նչ իրավունք ունես ինձ վրա: Իմ մեծը Միքայելն է... ես նրանից էի փախչում:

Սմբատի ձեռները թուլացան, բաց թոին պատանուն: Ահա ի՜նչ, ասել է Մարութխանյանը այդ տղային էլ է շեղել ճանապարհից և լարել իմ դեմ...

Արշակը վազեց, միացավ ընկերներին և անցավ լողարան: Ամբողջ գիշեր զվարճացել էր, հարբել, արթնացել և այժմ գնում էր ծովային ջրերի մեջ թարմանալու:

Միքայելի խումբը վճռեց զբոսնել ծովի վրա` նույնպես թարմանալու համար: Վարձեցին ներկած երկու գույնզգույն մակույկներ և նստեցին սազանդարների հետ: Հակառակ խմբի թախանձանքին, Սմբատը մնաց ծովափում` մի կապարային ծանրություն սրտի վրա: Արդյոք, բարվոք չէ՞ր լինի, եթե նա ևս իր պատանեկությունն ու երիտասարդությունը վարեր այնպես, ինչպես այդ մարդիկ: Այն ժամանակ թերևս չգործեր անուղղելի սխալը: Նրանք չունեն բարոյական սկզբունքներ, բայց միշտ կարող են շտկել իրենց. մոլորված են, բայց ժամանակ ու միջոց ունեն ճանապարհի գալու: Մինչ ի՞նքը... Ահ, երանի մնար ծնողների թևերի տակ, թերուս, նույնիսկ տգետ, քան օտար երկրում հանդիպեր այն էակին, որին իբրև թե սիրեց և որին այժմ ատում է, որից իբրե թե սիրված էր, և որն այժմ ատում է նրան իր հոգու ամբողջ զորությամբ:

«Այո՛, ամբողջ զորությամբ», — կրկնեց նա մտքում, — այս իր խոսքերն են, որ կրկնում է ամեն օր:

Չհեռագրե՞լ արդյոք, որ այդ կինը մնա իր ծննդավայրում... Սակայն զավակները, այդ մի զույգ անմեղ ու զմայլելի դեմքե՞րը...

VIII

Երբեք Ալիմյանների տունն այդքան անկոչ հյուրեր չէր ընդունել, որչափ Մարկոս աղայի մահվան քառասունքից հետո:

Ամենից առաջ եկավ թեմական առաջնորդը և դարձյալ խոսեց եկեղեցու կարիքների մասին: Հարկավոր է թեմի մի գյուղում եկեղեցի կառուցանեք, եթե ոչգյուղական համայնքը կորած է: Լութերականները մտել են և Քրիստոսի փարախից մեկիկ-մեկիկ գողանում են անմեղ գառնուկներին:

Այրի ոսկեհատը սրբազանին ներկայացրեց մի բավական կլորիկ գումար: Երեք օր անցած մի լրագրում նորին սրբազանության ստորագրությամբ տպվեց շնորհակալական նամակ «հօրինակ այլոց հավատացելոց»:

Ներկայացան առանձին-առանձին Տեր-Աշոտը և Տեր-Սիմոնը, Մեկը ֆերաջեի թևից հանեց մի ստորագրաթերթ և դրեց Սմբատի առջև: Պետք է մի բան նվիրել այսինչ «հայտնի գործիչի և հրապարակախոսի անմահ երկերը հրատարակելու գործին», մի գործիչ, որ եթե աշխարհ եկած չլիներ, հայ ազգը կորած էր: Մյուսը տխուր գույներով նկարագրեց մի խմբագրի նյութական վիճակը, մի խմբագիր, որ եթե ծնված չլիներ, եկեղեցին հիմնահատակ կլիներ:

Սմբատը երկուսին էլ մի բան տվեց գլուխն ազատելու համար: Մի քանի օր հետո այս մասին էլ լրագրում լուրեր տպվեցին: Մի լրագրում գովված էր Տեր-Աշոտը և խայտառակված էր Տեր-Սիմոնը, իբրև «խավարամիտ», մյուս լրագրում գովված էր Տեր-Սիմոնը և խայտառակված էր Տեր-Աշոտը, իբրև «ծակ ազատամիտ»:

Ներկայացավ մի երիտասարդ և հայտնեց, թե երգեցողության պրոֆեսորներն ասել են, որ նա անզուգական տենոր է. պետք է գնա Իտալիա, փող չունի: Ներկայացավ մի ուրիշը և, ցույց տալով մի խծբծանք, ասաց, բոլորը նրան խորհուրդ են տալիս գնալ մայրաքաղաք` նկարչական ձիրքը մշակելու: Եկան և գալիս էին տիրացուներ, գաղթական քահանաներ, աղքատ աշակերտներ, և բոլորը նպաստ էին խնդրում: Հասավ այն տեղը, որ Սմբատը հրամայեց սպասավորին այլևս ոչ ոքի չընդունել տանը: Այն ժամանակ արշավանքն ուղղվեց դեպի գրասենյակ: Զարգարյանը բարկացած ամենին վռնդում էր: Այնուհետև մուրացկաններն սկսեցին հալածել Սմբատին փողոցում, կլուբում, խանութներ մտնելիս և ամեն տեղ, ուր երևում էր:

Հերթը հասավ թղթակից Մարզպետունուն: Հազիվ, երկար հետևումներից հետո, հարմար րոպե գտավ և Ալիմյանին մենակ բռնեց գրասենյակում: Նրա բախտից հաշվապահ Զարգարյանն էլ այնտեղ չէր, գնացել էր բանկից փող բերելու:

Մարզպետունին սկսեց հեռվից: Մի ժամանակ հայերը կարծում էին, թե ազգը պահպանվում է կրոնով: Եվրոպական քաղաքականության «համասփյուռ ճառագայթները տարածվեցին և մեր վրա»: Այժմ ազգին հարկավոր են, իհարկե, ոչ միայն ավետարան ու շարական, այլև գիտություն, արվեստ, մանավանդ գրականություն:

Խոսելով այս ուղղությամբ, Մարզպետունին կամացուկ շոշափեց խնդրի նուրբ կողմը: Հայտնվեց, որ մի գիրք է շարադրել և փող չունի հրապարակելու: Եթե մի լուսամիտ մեկենաս դուրս գար, չի ասում նվեր, — ո՛չ, ո՛չ, Մարզպետունին նվեր վերցնողներին չէայլ պարտք տար, յուր «համեստ երկը» կձգեր մայրենի աղքատիկ գրականության գանձարանը: «Պատահաբար» ձեռագիրն էլ մոտն էր, հանեց, սեղանի վրա դրեց: Վերնագիրն էր «Մահացյալ անմահներ»: Խոսքը հինգերորդ դարի «փայլուն աստղերի» մասին է: Եթե հեղինակն աջողություն գտնի, պիտի անցնի մեր ժամանակներին, որովհետև «այժմ էլ կան անմահներ»:

Հակառակի պես հենց այս շահագրգիռ րոպեին ներս մտավ Զարգարյանը և մի կապոց թղթադրամ դրեց Սմբատի առջև: Մարզպետունին գիտեր, որ հաշվապահն իրեն չի սիրում: Նայեց փողերին ու փողկապն ուղղեց:

Այդ ի՞նչ է, պարոն թղթակից, գի՞րք եք լույս ընծայում, — ասաց Զարգարյանը հեգնաբար:

Հեղինակն շտապեց ձեռագիրն իր կողմը քաշել:

Բարեկամ, խնայեցեք թուղթն ու թանաքը, բարեկամ, դուք գրող չեք, այլ մրող... Գործով զբաղվեցեք...

Այդ ձեր խելքի բանը չի:

Սմբատը տվեց հեղինակին հիսուն ռուբլի: Հեղինակը դրամը դրեց «Մահացյալ անմահների» մեջ, գլուխ տալով և, մի սպառնական թունալի հայացք ձգելով Զարգարյանի վրա, դուրս գնաց.

Ինչո՞ւ տվեցիր, — ասաց հաշվապահը:

Մարդ է, տերը նրա հետ, գուցե կարոտության մեջ է...

Զարգարյանը դառն հեգնությամբ ժպտաց: Կարոտություն, ա՜խ պարոն Ալիմյան, դուք դեռ երիտասարդ եք, դուք դեռ չեք հասկանում, ինչ ասել է իսկական կարոտություն, այո՛, ներեցեք, չեք հասկանում: Իսկական կարոտությունը դռնե-դուռ չի ընկնում, ձայն չի հանում, չի գոռում ու լալիս ուրիշների մոտ, այլ միայն զգում է, միայն տառապում:

Նրա ձայնը դողում էր, աչքերի մեջ երևում էր անսովոր փայլ. յոթ տարի էր նա ծառայում էր այս գրասենյակում, և ոչ ոք չգիտեր, որ աղքատը, բուն աղքատը հենց այդ մարդն է: Ամսական քառասուն ռուբլով պահում էր վեց հոգուց բաղկացած մի ընտանիքանդամալույծ եղբորը, նրա կնոջն ու աղջկանը և այրի քրոջը երկու զավակների հետ: Եվ երբեք ոչ ոք այդ մարդուց չէր լսել գանգատ` իր վիճակի դեմ: Դա այն լռիկ ու համեստ հերոսներից էր, որոնք ուրիշների համար ուտում ու մաշում են իրենց սիրտը և հետո մի օր չքանում աշխարհի երեսից, առանց որևէ հետք թողնելու: Բացի գուցե երախտագիտական զգացումից երախտագետ բարերարվածների սրտերում: Նրանք կյանքի տառապանքները կրում են լուռ ու մունջ, խեղդում են իրենց կոկորդում դառն արցունքները, վախենալով թունավորել մերձավորներին տված մի կտոր հացը:

Սակայն չքավորության լուծը, որ մինչև այժմ Զարգարյանը կրել էր անտրտունջ, այլևս սկսել էր դառնալ նրա համար անտանելի: Ահա ինչու նա վերջին ժամանակ հուզվում էր: Վտիտ ուսերը, որոնց վրա բարձված էր ահագին ընտանիքի հոգսը, չէին դիմանում ծանր բեռան և ավելի ու ավելի կորանում էին: Պետք է մի օր նյարդերը խորտակվեին, որպես չափից դուրս ամուր ձգված լարեր: Ա՜խ, մանկության հասակից այդ լարերի վրա հնչել էր միայն կարիքը: Այնինչ, մյուս կողմից` երբեք չէր լռել անձնասիրության ձայնը, աղքատի անզոր հպարտության ձայնը, որ սոսկալի դիսսոնանս է նրա կյանքի սրտաճմլիկ ողբերգի մեջ:

Նա զսպեց իրեն, նստեց պարապելու, բայց չկարողացավ: Գրիչը ձգեց սեղանի վրա: Պարզ էր, այսօր մի արտաքո կարգի վիշտ ուներ: Սմբատը գաղտնի դիտում էր նրա տարօրինակ շարժումները, զգալով, որ նա դարձյալ մի բան ուզում է ասել և չի վստահում:

Պարոն Սմբատ, — խոսեց, վերջապես, Զարգաբյանը, ոտքի կանգնելով, — խնդրեմ ինձ արձակեք պաշտոնից:

Սմբատը զարմացած նայեց նրա երեսին: Յոթ տարի այդ մարդն անվրդով ծառայել է և այսօր ուզում է դուրս գալ: Անշուշտ, խոշոր պատճառ կա:

Դուք ավելի լավ պաշտո՞ն եք գտել, — հարցրեց նա:

Ո՛չ, ես դեռ պաշտոն չեմ գտել:

Կնշանակե, հարստացել եք:

Այո՛, պարտքերով:

Ես չեմ հասկանում, ինչո՞ւ եք ուրեմն ուզում թողնել ձեր պաշտոնը:

Նրա համար, որ ես այսուհետև այստեղ ավելորդ եմ: Լսել եմ, որ ուզում եք հաշիվները նոր սիստեմով պահել, իսկ ես մասնագետ չեմ:

Հաջորդ էջ