Շիրվանզադե Ալեքսանդր՝   Քաոս

Լուռ մտախոհության մեջ էր, հիշում էր կարդացած վեպերից պես-պես արյունահույզ տեսարաններ, համեմատում էր իրեն այս կամ այն հերոսուհու հետ: Հիշում էր օրիորդական անցյալը, պատանեկական հասակը: Ուրա՜խ և անհո՜գ ժամեր: Ինչե՞ր չէր անում դասընկերուհիների հետ, ի՜նչ կատակներ, գժություններ, երբ մանավանդ խմբովին վերադառնում էին «պտույտից»: Նայել այս ու այն գեղեցիկ երիտասարդին, ժպտալ, ծիծաղել, միմյանց բոթելով, մի քանի թռուցիկ սիրային խոսքեր արտասանել լսելի ձայնով, «պարացնել խեղճերին», ցույց տալ, թե սիրահարված են երիտասարդի վրա: Երբեմն նույնիսկ նամակներ գրել, տեսակցություն նշանակել: Եվ այս բոլոր մանկական կատակների հեղինակն ու ղեկավարն էր Աննա Կորոլկովան, մաքսային չինովնիկի աղջիկը: Նա էր բոլորից ավելի տաքարյունն ու համարձակը:

Ախ, երջանի՜կ ժամանակամիջոց, որ այնքան կարճ տևեց: Տասնուչորս տարեկան չկար Անուշը, երբ ուսումը ձանձրացրեց նրան: Եվ ի՞նչ ուսում, ո՞վ էր դաս պատրաստում: Անուշը, ինչպես և շատերը նրա ընկերուհիներից, միայն ձևի համար էր դպրոց գնում: Ծնողները միայն մոդի համար էին նրան այնտեղ ուղարկում, հենց այնպես, որպեսզի ուրիշներից հետ չմնա:

Դուրս եկավ չորրորդ դասատնից, ոչինչ հետը չտանելով, բացի այդ պատանեկական հիշողություններից:

Դիմացի տան դռները բացվեցին: Գեղեցկուհի հարևանուհին դուրս եկավ, կարմիր հովանոցը կռնատակին, ձեռնոցները հագնելով և հետևից կանչելով, «մո՛պսիկ, մո՛պսիկ»: Դուրս թռավ գնդակի արագությամբ մի մոխրագույն շնիկ, սև տափակ դնչով վզին փաթաթած փոքրիկ բոժոժներ: Ճանապարհորդությունից հետո գեղեցկուհին ավելի թարմացել էր, ավելի գեղեցկացել: Այսօր միանգամայն բորբոքեց նա Անուշի նախանձը` իր ազատ վարք ու բարքով: Կարծես, հենց այդ նախանձն ավելի բորբոքելու համար, գեղեցկուհին մոտեցավ լուսամուտին և հարցրեց.

Ի՞նչ եք այս հրաշալի եղանակին տանը նստել:

Նրանք ծանոթացել էին մի հասարակական երեկույթում:

Ի՞նչ անեմ դուրս գամ...

Զբոսնեցե՛ք ծովափում, մաքուր օդ շնչեցե՛ք: Ախ, ներողություն, կարծեմ ձեզանում ընդունված չէ առանց ամուսնու տնց դուրս գալ, — ավելացրեց գեղեցկուհին անուշ հեգնությամբ:

Ընդհակառակը, մեզանում ընդունված չէ ամուսնու հետ տնից դուրս գալը, եթե ակնարկում եք ասիական բարքերը:

Այո՞, չգիտեի, մեզանում այսպես էլ կարելի է, այնպես էլ, — նկատեց գեղեցկուհին, աչքերը խորհրդավոր թարթելով:

Եվ գլուխն անուշիկ շարժելով, բաց արավ մետաքսյա հովանոցը, մի ձեռով վայելչագեղ բարձրացրեց շրջազգեստի փեշերը, հեռացավ կանչելով.

Մոպսի՛, մոպսի՛կ...

«Մեզանում այսպես էլ ընդունված է, այնպես էլ», կրկնեց Անուշը մտքում: Այո՛, ձեզանում ընդունված է, ինչո՞ւ մեզանումո՛չ: Ինչո՞ւ միայն հայ կինը լուռ ու մունջ դիմանում է ամուսնու անառակություններին և չի ուզում նրան պատմել: Ինչո՞ւ միայն նրա համար է այնքան դժվար դավաճանել ամուսնական առագաստին: Երևի դա անկրթության և վախկոտության նշան է...

Զանգի հնչյունն ընդհատեց նրա մտքերը: Ցնցվեց, ոտքի կանգնեց:

Եկողը Միքայել Ալիմյանն էր:

Լուռ հրավիրեց երիտասարդին նստել դեմուդեմ: Խոսեց դիմացի հարևանուհու մասին: Միքայելը ծանոթ էր զույգին և նոր հանդիպել ու խոսել էր գեղեցկուհու հետ: Գիտեր նրա պատմությունը, գիտեր շատ ուրիշ համանման պատմություններ: Եվ այն, ինչ որ մի քանի րոպե առաջ անցնում էր Անուշի մտքով, այժմ բացարձակ ասաց Միքայելը: Ասաց և համարձակ պախարակեց հայ կնոջ երկչոտությունը: Նրա ոճը և՛ հեգնական էր, և՛ լուրջ, և՛ հանդուգն:

Անուշը չէր հակառակում նրա ասածներին, միայն երբեմն անուշ կատակով արտասանում էր. «լավ, հերիք է, ի՞նչ աներեսն եք»: Եվ ուրիշ ոչինչ: Բայց մտածում էր. այո՛, հայ կինը լուռ ու մունջ դիմանում է մարդու անառակություններին, բայց նա՛ էլ հողային էակ է, նա՛ էլ սիրտ ունի, արյուն ունի: Նա էլ կարող է մի օր դուրս գալ համբերությունից:

Եվ չէր վիրավորվում Միքայելի կրքոտ հայացքներից: Ընդհակառակը, այդ հայացքները խորին հաճույք էին պատճառում նրան: Միքայելը հազիվ զսպում էր իրեն: Ներսում եռացող կիրքն այրում էր նրան և դրդում դեն ձգել միանգամից մանկական անվստահությունը: Զգում էր անդիմադրելի փափագ հարձակվել տիկնոջ վրա, գրկել այգ գիրուկ իրանը, փաթաթվել այդ վավաշոտ պարանոցին, ինչպես արեգակից տաքացած օձ, և մի երկարատև բոցավառ համբույր դրոշմել այդ թեթևակի շառագունած այտերին:

Տիկինը մատների մեջ խաղացնում էր մի ոսկե ապարանջան, որ հանել էր սպիտակ, փափուկ բազկից: Մի անգամ, Միքայելի աչքերին նայելիս, ձեռները թուլացան, ապարանջանն ընկավ ծնկների վրա, սահեց մետաքսյա շրջազգեստի վրայով և անհայտացավ մի ակնթարթ, փայլելով:

Միքայելն արագ թեքվեց ցած, Անուշը նույնպես, հետ մղելով իր բազկաթոռը: Մինչ նրանք գորգի վրա որոնում էին ապարանջանը, արեգակի շողերը լուսամուտի ապակիների միջով ընկել էին Միքայելի գլխին ու Անուշի պարանոցին: Տիկինը մարմնի մեջ զգաց վերին աստիճանի գրգռեցուցիչ ջերմ: Նրա մազերի ծայրերը շփվում էին Միքայելի ճակատինայնքա՜ն գլուխները մոտիկ էին միմյանց, այտերի վրա զգում էր երիտասարդի կրքոտ շունչը: Այնինչ, Միքայելն այրվում էր ոտից մինչև գլուխ ավելի սաստիկ, քան այն գիշեր օպերետային դերասանուհու մոտ` թևը-թևին սեղմելիս: Չգիտեր այժմ ինչո՛ւ է թեքվել, ի՛նչ է որոնում, նայում էր գաղտուկ տիկնոջ ուռուցիկ կրծքին, սպիտակ երկծալ կոկորդին և շրթունքները կրծոտում: Աչքերը վառվել էին, ուղեղը մթագնել էր, որպես տենդային տաքության մեջ: Մի վայրկյան ևս, և գուցե չզսպեր իրեն, գրկեր տիկնոջ գլուխը, սեղմեր կրծքին բորբոքված կրքերի բոլոր թափով:

Անուշը գլուխը բարձրացրեց, ապարանջանը գտել էր... Նա կամեցավ հագցնել իր բազկին, առաջացավ ինչ-որ դժվարության.

Թույլ տվեք, — ասաց Միքայելը, որ տակավին դողում էր հուզումից:

Անուշը ձեռը մեկնեց, մի քիչ էլ ամբողջ իրանով թեքվելով առաջ: Արդեն այսքանը բավական էր Միքայելի համար, որպեսզի նրա սրտից չքանա կասկածի վերջին նշույլը: Այժմ Անուշի այտեը գունատվել էին, աչքերը պսպղում էին, կուրծքն ուժգին բարձրանում էր ու իջնում: Նրա աչքերից չէր հեռանում հարևան գեղեցկուհու ուրախ, համարձակ, երջանիկ կերպարանքը:

Միքայելը նրա փափուկ բազուկը սեղմել էր ձեռների մեջ ամուր: Որպես թե ճիգն է անում ապարանջանի ծայրերն ագուցանել միմյանց:

Անուշը մերթ ընդ մերթ քաշում էր ձեռը, որպես թե կամենում էր բազուկն ազատել:

Միքայելի ձեռների տաքությունն այրում էր նրա կաշին:

Ա՜խ, այս արեգակն էլ, — ասաց նա, — ծիծաղելով, մի քիչ տեղից բարձրացավ, թողնելով բազուկը Միքայելի ձեռների մեջ, և ծածկեց լուսամուտի փեղկը:

Արեգակի շողերի հետ չքացավ երիտասարդի ուղեղի վերջին լուսո շառավիղը: Խոլ կիրքը կլանեց նրան ամբողջովին: Վավաշամոլ արյունը բռնկվեց, խփելով գլխին, որպես ուժգին եռացող ջուրը փակ կաթսայի կափարիչին: Նրա ատամները բացվել էին, շրթունքներն անասնական հեշտանքից դողդողում էին, որպես վառարանի առջև պահած թուղթ: Շունչը հուր էր արտադրում, իսկ աչքերը կորցրել էին մարդկային ամեն արտահայտություն: Նա մարմնացած կիրք էր, այրող, անասնական կիրք...

Անուշը փորձեց նրա ձեռներից ազատվել, մի թույլ ճիչ արձակելով: Երևի փորձը շատ չնչին էր, թե ոչ, տիկինը ֆիզիկապես նրա չափ և գուցե ավելի ուժեղ էր: Միքայելը քաշեց նրան իր կողմը, այս անգամ արդեն կոպտաբար:

Ի՞նչ եք անում, գժվեցի՞ք, — գոչեց Անուշը և ազատվեց նրա ձեռներից:

Նրանք նայեցին միմյանց: Միքայելն ամաչեց: Բայց երկուսն էլ դողում էին եռացող կրքերի ուժգնությունից: Անուշը շտապով լուսամուտի փեղկը բաց արավ, նայեց դեպի փողոց:

Քանի մի վայրկյան Միքայելն անշարժ կանգնած էր: Նայում էր տիկնոջ ուսերին, պարանոցին, ցիրուցան եղած խիտ մազերին, հետո վերցրեց գտակն ու գնաց, արտասանելով.

Մնաք բարով:

Սկզբում Անուշը ուրախ էր Միքայելի չերևալուն և մտքում պախարակում էր իրեն, որ թույլ տվեց երիտասարդին այնքան առաջ գնալու: Անցան առաջին օրերը, և նա սկսեց անհանգստանալ: Միգուցե Միքայելին վիրավորեցի: Բայց ինչո՞վ, մի՞թե նրանով, որ չկամեցավ վերջապես մոռանալ ինքն իրեն և ընկնել օտար տղամարդի գիրկը: Սակայն ի՞նչ կլիներ, եթե ընկներ իսկ:

Այստեղ Անուշը կանգ էր առնում և մտախոհության մեջ խորասազվում: Ամուսինն արդեն այնքան զզվելի էր թվում, որ տեսնել անգամ չէր ուզում նրա երեսը: Երեխաները, դիրքը, հասարակական կարծիքըահա ինչն էր կաշկանդում նրան: Ախ, ինչո՞ւ այնքան դժվար է մեղանչելը: Այնինչ, կրքերը քանի գնում այնքան սաստկանում են: Նա սպասում է Միքայելին, սպասում է անհամբեր, սրտի բաբախումով: Իսկ Միքայելը չի երևում: Ամեն օր Անուշը որոշ ժամին նստում է սովորական տեղում և նայում դեպի փողոց ու դիմացի լուսամուտները: Հարևան գեղեցկուհին թռչկոտում է ուրախ ու զվարթ, սենյակից-սենյակ և շարունակում դավաճանել ամուսնուն: Իսկ Միքայելը դեռ չի գալիս:

Վերջապես, մի օր եկավ: Ներս մտավ ոչ առաջվա պես զվարթ ու ժպտուն, այլ լուրջ ու տխուր դեմքով: Նա զղջում է իր արածի մասին, եկել է ներում խնդրելու: Եվ զղջալ ստիպում է այն սերը, որ տածում է դեպի համակրելի էակը: Անուշի նախանձը գրգռվում է. ո՞վ է այդ համակրելի էակը, որին սիրում է Միքայելը: Ի՞նչպես է հանդգնել սիրել մեկին և վատ միտումներով այցելել մյուսին:

Ո՞վ է նա, ո՞վ է, — հարցնում է Անուշը հետաքրքրված:

Չեք ճանաչի, մի սիրուն գերմանուհի է, — պատասխանում է Միքայելը:

Անուշը նախանձից շրթունքները կրծոտում է: Նա չգիտեր, որ դա ուրիշ ոչինչ է, եթե ոչ խորամանկություն Միքայելի կողմից: Հնարելով սիրուն գերմանուհուն, նա ուզում էր նախանձի միջոցով վերջնական հարվածը տալ տիկնոջ պարկեշտության վերջին մնացորդին:

Անուշն աշխատում էր լուրջ ձևանալ, զսպելով կրքերը, բայց իզուր: Նա խոսում էր Ալիմյանի հետ կողմնակի բաների մասին, բայց միտքը զբաղված էր սիրուն գերմանուհով: Որքան Միքայելն անտարբեր էր ձևանում, այնքան տիկինը տաքանում էր: Նա սկսեց դարձյալ խոսել իր ընտանեկան դառն դրության մասին առանց այլև՛ս զսպելու իրեն: Մերթ հառաչում էր, գլուխը կրծքին թեքելով, մերթ ձեռով վճռական շարժումներ անելով, արտասանում էր. «Է՛հ, ինչ արած», կամ «աշխարհի երեսին անհոգս մարդ չկա» և այլն, և այլն:

Միքայելը դարձյալ անտարբեր էր: Նա գտել էր տիկնոջ թույլ երակը: Նա հրաժեշտ տվեց, ասելով, որ իրեն սպասող կա և դուրս գալիս մի հեգնական ժպիտ պարգևեց տիկնոջը:

Այդ օրը երեկոյան Անուշը, իր ննջարանում առանձնացած, խորհում էր ապագայի մասին: Անտանելի էր այլևս կենակցությունը Պետրոսի հետ: Երեխա էր, սխալվեց, խաբվեց: Քի՞չ են խաբվում կանայք, նա էլ խաբվեց, մի՞թե մինչև մահ պիտի տուժիՊետրոսն է մեղավոր ոտից մինչև գլուխ և դեռ նա է միայն դավաճանում: Ո՞ւր է արդարությունը: Ո՛չ, Անուշը չի կարող այլևս կոպիտ, տգեղ, զզվելի մարդու հետ ապրել: Նա կգնա թեմական առաջնորդի մոտ, կընկնի ոտները, կաղաչի, որ նրա համար Էջմիածնից ապահարզանի իրավունք բերել տա: Եթե ձրի չի միջամտիլ, Անուշը կկաշառի նրան: Այդ հոգևորականներըփողով միշտ միացնում են անմիանալին և բաժանում անբաժանելին:

Սակայն դա Անուշի ուղեղի վերջին խոսքն էր: Այնուհետև կրքերն ամբողջովին կլանեցին նրան, ճիշտ այնպես, ինչպես ինը տարի առաջ: Միքայելի շինծու անտարբերությունը դարձավ նրա համար անվերջ տանջանքների աղբյուր: Պետք էր մի կերպ վերջ տալ այդ տանջանքներին: Եվ վերջ տվեց:

Օրերն անցնում էին, Անուշն ու Միքայելը ծծում էին բուռն կրքերի արբեցուցիչ հյութը: Չէին մտածում իրենց արածի մասին, չէին անգամ խոսում: Սիրո հարատև ջերմությունը և կրքի անցողիկ հուրը դարձել էին հոմանիշ: Կյանքի երջանկությունը զգում էին փոխադարձ խոլական հեշտանքի մեջ: Առանց մտածելու արտասանում էին. «սիրում եմ», և հավատացած էին, թե սիրում են, թե հենց այդ է իսկական սերը, որ դրվատում են վիպասանները և աստվածացնում բանաստեղծները:

Սակայն փոքր առ փոքր իրականության շողերն սկսեցին մուտք գործել մթագնած ուղեղների մեջ: Անցավ բուռն հեշտանքի պահը, և մի օր Անուշը փոքր-ինչ սթափվեց: Այժմ միայն սկսեց պարզ ակնարկել Միքայելին այն բանի մասին, որի վերաբերմամբ կամեցել էր խոսել, հանդուգն քայլն անելուց առաջ և չէր վստահել խոսելու: -Նա ուզում է բաժանվել Ղուլամյանից և...

Եվ չշարունակեց, առաջին անգամի համար այսքանն էլ բավական էր: Մի՞թե Միքայելը չի հասկանում, չգիտե՞, թե կինն ինչպես կարող է տանջվել, ապրելով չսիրած մարդու հետ միևնույն հարկի տակ, սրտով ու հոգով նրանից բաժան, ուրիշին նվիրված:

Միքայելը լուռ լսեց նրա ակնարկը, ապա գրկեց, համբուրեց և դուրս եկավ: Եվ այդ օրից նրան պաշարեց անսովոր մտահոգություն: Անուշի ցանկությունըբաժանվել մարդուցնրան նեղը գցեց: Ի՞նչ հիմարության, հա՜, հա՜, հա՜, խլել մարդուց նրա օրինական կնոջն ու հետը ապրել: Ի՞նչ կասի հասարակությունը: Եվ այն էլ մի կնոջ հետ, որ, հա՜, հա՜, հա՜, երկու երեխա ունի, որ արդեն ինը տարի է ամուսնացած է և թարմությունը կորցրած...

Քնքո՜ւշ բեղիկներ, ինչո՞ւ այս խորհրդածությունների Ժամանակ կորցնում էիք ձեր հրապույրը: Ինչո՞ւ Անուշը դառնում էր մի առօրյա, սովորական էակ, նման մյուս կանանց, առանց արտաքո կարգի արժանիքների: Նմա՞ն: Ո՛չ, այդ էլ սխալ է...

Ահա թե ինչ պատահեց մի օր: Համբուրելով Անուշին, Միքայելը հանկարծ շրթունքների վրա զգաց մի անախորժ խտղտում և նույն վայրկյանին բաց թողեց տիկնոջ գլուխը, որ անզոր թեքված էր իր կրծքին: Նայեցին միմյանց երեսին: Անուշը սովորաբար աշխատում էր Միքայելի դեմքի վրա և աչքերի մեջ կարդալ նրա հոգու ելևէջները: Այս անգամ, սակայն, չգուշակեց նրա իսկական զգացումը: Նրան թվաց, որ երիտասարդը պատրաստվում է նոր թափով հարձակվել իր վրա, այնպես, ինչպես սովորաբար անում էր, գրկել, համբուրել: Եվ նա ինքը հարձակվեց, գրկեց ու սկսեց խելագարի պես համբուրել:

Միքայելն աննկատելի աշխատում էր չդիպչել նրա շրթունքներին: Թվում էր նրան, որ բեղիկների անախորժ շփումն այս անգամ կգրգի ավելի զգալի ձևով հրել իրենից Անուշին: Եվ այն ժամանակ, հարկավ, տիկինը պիտի վիրավորվեր ու վշտանար: Ի՞նչ անբնական երևույթ: Զարմանալի է, այո, զարմանալի, որ հենց այդ բեղիկները նրան խելքից հանեցին: Ի՞նչ անբնական երևույթ, ի՞նչ ծաղր բնության: Կինը պետք է կին լինի իր բոլոր արտաքին հատկանիշներով. իսկ բեղիկնե՞րը... ֆո՜ւ... Իսկ այդ կոպիտ բարիտո՞նը... ֆո՜ւ...

Բոցակեզ կրքերի հնոցի մեջ այդ վայրկյանները միայն ծխի մութ կետեր էին, որ հայտնվում էին և իսկույն չքանում: Իսկ հնոցը վառվում էր դեռ նախկին ուժով: Պատահում էր, որ Միքայելը քիչ էր մնում իր գրկի մեջ խեղդեր Անուշին, եթե միայն ուժը պատեր խեղդելու: Եվ երբ բաժանվում էր նրանից, սիրտը լցվում էր ինքնագոհության շլացուցիչ զգացումով: Բաա՜, նա մի անդիմադրելի, սրտակեր առյուծ է, մի անզուգական դև, որի հրապույրն ընդունակ է կուրացնել ամենաառաքինի կանանց ու ձգել նրա գիրկը, ինչպես ձգեց այդ կնոջն այդպես շուտ և այդքան հեշտ... Ինչո՞ւ, ուրեմն, միայն այս հաղթությամբ բավականանալ և ավելի հեռու չգնալ...

XI

Անցել էր երկու շաբաթ Քյազիմբեգի մոտ տեղի ունեցած օրգիայից: Այդ օրից Սմբատին չէր հաջողվում Միքայելին տեսնել տանն այնպես, որ կարողանար հետը լրջորեն խոսել կոնտր-կտակի մասին: Ճշմարիտ է, խնջույքի հետևյալ օրը Միքայելը նրան դրականապես հայտնել էր, թե դիմում է դատարան, բայց մինչև այժմ դեռ այս մասին լուր չկար:

Տասը տարի էր Միքայելը գիշերը ցերեկ և ցերեկը գիշեր էր դարձրել: Տուն էր գալիս գիշերվա երեքչորս ժամից ոչ առաջ, քնում էր մինչև երեկո, զարթնում, մի բաժակ թեյ խմում և անհայտանում: Թե ուր և որպիսի կյանք էր վարումայժմ այո գաղտնիք չէր Սմբատի համար: Այժմ նա ճանաչում էր այն սպանիչ մթնոլորտը, ուր հալվում էր նրա եղբոր երիտասարդ կյանքը:

Նա ուզում էր տեսնվել Միքայելի հետ և խնդիրը լուրջ հողի վրա դնել: Կոնտր-կտակը կրում էր հանգուցյալի իսկական ստորագրությունը: Նա ինքն ասաց Միքայելին, թե կեղծիքը, եթե իրավ կեղծիք է, շատ ճարպիկ է ձեռնարկված: Նա եղբորն ընդունակ չէր համարում այդչափ վտանգավոր խարդախության: Եվ համոզված էր, որ ուղիղ ճանապարհից շեղողն այս դեպքում փեսա Մարութխանյանն է. մի մարդ, որին ատում էր ամբողջ հոգով: Այդ մարդը ոչ միայն Միքայելին և Արշակին էր լարել նրա դեմ, այլև իր կնոջը: Գրեթե ամեն օր Մարթան գալիս էր մոր մոտ և բողոքում, որ Սմբատը «խլել է» նրա մասը ժառանգության: Մի անգամ նա այս մասին խոսեց Սմբատի հետ և ասաց մի քանի կոպիտ խոսքեր: Քույր և եղբայր վշտացրին միմյանց, և Մարթան դուրս եկավ ծնողների տնից արտասուքն աչքերին:

Նույն օրը Սմբատը վճռեց տանը մնալ, սպասել Միքայելի զարթնելուն: Իրիկնադեմ էր արդեն, երբ վերջապես սպասավորը հայտնեց, թե Միքայելը զարթնել է: Սմբատը շտապեց նրա սենյակը: Միքայելը մետաքսե խալաթը հագին, թեյ էր խմում: Նա ընդունեց եղբորը գլխի թեթև շարժումով, որպես մի օտար ու աննշան հյուրի: Գունատ էր, ինչպես միշտ, աչքերի տակերը կապտած, երեսը թորշոմած:

Սմբատը խնդրեց նրան մի անգամ էլ ցույց տալ կտակը: Միքայելը ասաց, թե կտակը մոտը չէ, այլ դատարանում, սակայն մի քանի րոպե անցած հանեց գրպանից բանալիների կապոցը և բաց արավ սեղանի անթիվ դարաններից մեկը:

Սմբատը հանեց ծոցի գրպանից հոր մի քանի ստորագրերը զանազան պայմանագրերի և հաշիվների տակ, ուշադիր համեմատեց կտակի ստորագրության հետ: Մազու չափ տարբերություն չկար: Նույն գլխատառերը, տառերը, ընդգծումը և նույն երկայնությունը ստորագրի: Կասկածի վերջին նշույլը պիտի փարատվեր: Բայց մի բան դարձյալ շփոթեցնում էր Սմբատին: Եթե արդարև ճիշտ է կտակը, ինչո՞ւ ուշացնում են և չեն ներկայացնում դատարանին, չէ որ նա մի քանի անգամ դրականապես հայտնել է, թե կամավոր մի թույլ զիջումն անգամ մտադիր չի անելու: Եթե Միքայելը տատանվում է, Մարութխանյանը չպիտի տատանվիայդ մարդու համար գրպանի շահը բարձր է բոլոր ազգակցական և բարոյական շահերից:

Միքայելը դարձյալ առաջարկեց նրան հաշտությամբ գործը վերջացնել: Եվ նա այս անգամ էլ դրականապես մերժեց: Բանն այն է, որ քաղաքում արդեն լուր էր տարածվել, թե նա ապօրինի է տիրացել հայրական ժառանգությանը: Պարզ էր, որ եթե զիջողություն աներ, մարդիկ ավելի պիտի համոզվեին, թե իրավ նա ապօրինի ժառանգ է: Նա սկսեց համոզել Միքայելին, թե դատարանը կապացուցանի կոնտրկտակի կեղծիքը, և նա կկորչի իր դաշնակցի հետ: Այդ դաշնակիցը վտանգավոր մարդ է, փույթ չէ, որ նրանց փեսան է: Նա իր ամբողջ կարողությունը դիզել է խարդախ միջոցներով:

Ես Մարութխանյանին շատ լավ եմ ճանաչում, — ընդհատեց Միքայելը, — բայց այս դեպքում նա խարդախ չէ: Վերջապես, ի՞նչ գործ ունեմ նրա հետ. ես ուզում եմ լինել հարուստ, ինքնագլուխ, ազատ, և ոչ թե քո ողորմելի պրիկաշչիկը...

Կատարիր մեր հոր կամքը և կլինես ինձ հետ հավասար ժառանգ:

Այսինքն` ամուսնանամ, հա՜, հա՜, հա՜: Դու շա՞տ բախտավոր ես, որ ինձ խորհուրդ ես տալիս ամուսնանալ: Հը՞մ սրտիդ հիվանդ տեղին դիպա, հաա՞: Էէ՜, բարեկամ, որքան ուզում ես ինձ շառլատան համարիր, բայց ես էլ քիչ թե շատ խելք ունիմ:

Ես բախտավոր եմ իմ զավակներով:

Զավակներո՞վ, — այդ կարող է լինել, բայց շատ քիչ է: Ինչո՞ւ չես ասում «և նրանց ծնողով»: Դժվար է, չէէ՞: Այո՛, որով Հետև սուտ ասած կլինես:

Իմ կինը շատ խելոք և առաքինի կին է:

Հենց քո դժբախտությունն էլ այդ է: Եթե խելոք և առաքինի չլիներ, հանգիստ խղճով կարող էիր երես դարձնել, իսկ այժմ վախենում ես հասարակական կարծիքից...

Ես հասարակական կարծիքից երբեք չեմ վախեցել, ապացույց, որ հենց հակառակ այդ կարծիքի եմ ամուսնացել:

Ուրեմն զավակնե՞րդ են արգելում: Տեսնո՞ւմ ես. որ կողմ նայում եսթարսություն: Մեկը զավակներին է սիրում, կնոջն ատում, մյուսի կինն է դավաճանում` երրորդ` ուղղակի չի հաշտվում կնոջ բնավորության հետ: Եվ այսպես, որ կողմ նայում եսընտանեկան դրամա: Իսկ դու ուզում ես, որ ես էլ մի այդպիսի խղճալի հերոս դառնամ: Ո՛չ, բարեկամ, ավելի լավ է շառլատան մնալը: Վերջապես, ինչի՞ս է հարկավոր կինը, քանի որ ուրիշների կանայք կան: Հենց այսօր, մի ժամից հետո ես կլինեմ ուրիշի կնոջ մոտ...

Միքայել, քո անբարոյականությունը չափ չունի...

Ի՞նչ, ինչ ասացի՞ր, անբարոյականությո՞ւն, հա՜, հա՜, հա՜: Հիանալի բառ: Գիտե՞ս ինչ, սիրելիս, գալուդ օրից դու իմ վերաբերմամբ բռնել ես ուսուցչի դիրք: Իհարկե, իրավունք ունես, քանի որ, հա՜, հա՜, հա՜, օրինավոր կտակի մեջ մեր հայրը քեզ վրա պարտք է դրել` ինձ ուղիղ ճանապարհի բերել: Բացի դրանից, չէ՞ որ մեծ եղբայրս ես, այն էլ մեծ ուսումով: Իսկ ես ո՞վ եմ: Թերուս, տգետ, անբարոյական: Բայց լսի՛ր. ես ատելով ատում եմ այն բանը, որ մտքումդ ինձ համարում ես փչացած: Այն երեկո Ադիլբեկովի տանը արյունս գլխովս էր տալիս, երբ ինձ վրա ներողամիտցավակցական հայացքներ էիր ձգում: Զգում էի, որ դու մտքումդ ինձ խղճում ես: Օ՛, շատ եմ տեսել քեզ պես հերոսներ: Ահա մեր քաղաքի բոլոր բժիշկները, իրավաբանները, ինժեներները, նրանք էլ են խոսում ուրիշների բարոյականության մասին, քանի որ նոր են, իսկ հետո, երբ մտնում են կյանքի մեջ, երեսներն ուռցնում են ու կարմրեցնում, բարոյական սկզբունքները թափում են ծովը, գրպանները լցնում, ուղեղները դատարկում: Ընկերանում են երեկվա մաքսանենգին էլ, իրենց աղաներից գողացած փողերով մարդ դարձած պրիկաշչիկներին էլ, կեղծ սնանկացածներին էլ, անկեղծ ապուշներին էլ, ինձ նման փչացածներին էլ: Մտնում են միևնույն ճահճի մեջ և, երևակայելով, որ ժամանակի թևերի վրա եթերք են բարձրանում, օր-օրի վրա խրվում են մինչև իրենց կոկորդը: Նայիր, սիրելիս, իդեալներ կունենաս, չլինի նավթահորի մեջ թաղես, զգո՛ւյշ, և միայն քո մասին մտածիր... Ցտեսություն, ես պիտի գնամ ուրիշի կնոջ մոտ... Իսկ կտակը... իսկական է: Եթե չես ուզում դատարանները քաշքրշեն քեզ, առայժմ վաղը ինձ համար պատրաստիր հինգ հազար ռուբլի... Ցտեսություն...

Նա անցավ ննջարանը` հագուստը փոխելու:

Սմբատն աչքով ուղեկցեց նրան մինչև դռները, ուսերը թոթափելով: Արդյոք, դա մի գեղեցիկ պաճուճապատանք չէ ասեղներով լի, որին պիտի զգույշ մոտենալ` ձեռները չխայթելու համար: Ինչևէ, այդ երիտասարդը զուրկ չէ խելքից, նույնիսկ սրամտությունից: Բայց այնուամենայնիվ Սմբատը չի խաբվիլ այդ խարդախ թղթով, կպահպանի իր իրավունքները: Չի խաբվիլ և՛ այդ պերճախոսությունով, կաշխատի ուղիղ ճանապարհի բերել հարազատ եղբորը:

Մյուս օրը Միքայելը մտավ գրասենյակ և կրկնեց, թե իրեն հինգ հազար ռուբլի է հարկավոր: Սմբատը մերժեց:

Շատ լավ, — ասաց Միքայելը, — Մարութխանյանից կվերցնեմ ապագա ժառանգությանս հաշվին:

Այդ օրից երկու եղբոր հարաբերություններն ավելի լարվեցին: Մարութխանյանն անընդհատ գրգռում էր Միքայելին ոչ այնքան դատ բանալու եղբոր դեմ, որքան ձանձրացնելու ամեն օր կոնտր-կտակի միջոցով: Այդ մարդուն կատաղեցնում էր Սմբատի սառնությունը, և նա գիշեր-ցերեկ խորհում էր, ի՞նչ միջոցներ գտնի հակառակորդին հաղթելու համար: Մի՞թե Սմբատը պիտի անպատիժ վայելի այդ ահագին հարստությունը, նա, որ չի աշխատել, չի մտածել և հանկարծ տիրացել է միլիոնների: Ո՛չ, դա անարդարություն է, և Մարութխանյանը երբեք չի թույլ տալ այդ տղային հանգիստ վայելելու հայրական փողերը: Նա գիտեր, որ Սմբատն ատում է իրեն, մտքում համարելով խարդախ: Եվ այս հանգամանքն ավելի էր բորբոքում նրա թշնամական զգացումը: Սակայն նա չէր կորցնում իր սառնասրտությունը և արտաքուստ տակավին վարվում էր Սմբատի հետ բարեկամաբար: Իսկապես նա ինքը հույս չուներ կոնտր-կտակի զորության վրա: Դա մի միջոց էր Սմբատին վախեցնելու և գրգելու, որ գեթ մասամբ գոհացնի իր քրոջը, տալով նրան ժառանգությունից մի որևէ մաս: Մյուս կողմից` կտակը հնարել էր. Միքայելին իր ձեռների մեջ առնելու համար, և արդեն առել էր: Այժմ նրանք իբրև դաշնակիցներ կապված էին այլևս խարդախ ձեռնարկության բոլոր հետևանքներով և Մարութխանյանը զգում էր, որ Միքայելն առանց նրան ոչ մի քայլ չի կարող անել: Իսկ այս հանգամանքը ձեռնտու էր նրան մի այլ նպատակի համար: Նպատակ, որին հասնելն ավելի դյուրին էր համարում, քան Ալիմյանի ժառանգությունից մի բան ստանալու և գուցե ավելի արդյունավետ...

Մարութխանյանը քաղաքում վայելում էր հարգանք: Թե ինչ անցյալ էր ունեցել և ինչ միջոցներով հարստացելայս մոռացվել էր բոլորի կողմից: Նա բավական հայտնի գործարանատեր էր, խելոք վաճառականայսքանը հերիք էր: Նա գիտեր իր դիրքը պահպանել բոլորի մոտ և ոչ մի առիթ ձեռքից բաց չէր թողնում` իր վարկն այսպես կամ այնպես բարձրացնելու համար:

Ահա այսպիսի առիթ համարեց նա թեմական առաջնորդի ներկայությունը և մի օր նրան հրավիրեց ճաշի իր գործարանը, որ գտնվում էր Սև քաղաքում:

Սև քաղաքը, արդարև, սև էր, որպես կախարդական մի աշխարհ, որ կրում էր իր վրա աստվածային անեծքի դրոշմը, գիշեր-ցերեկ ծխնելույզներից առատորեն դուրս սլացող մուրը ներկում և ապականում էր ամեն ինչ, որ կար այստեղ, սկսած շինանյութերից մինչև երկինքն ու թռչունները: Մթնոլորտը մշտապես տոգորված էր թանձր ծխով, որի միջով արեգակի ճառագայթները հազիվհազ տարածում էին երկրի վրա մի տեսակ պղնձագույն լույս: Փողոցները լի էին նավթային փոսերով ու ճահիճներով, որ շրջապատված էին ամեն տեսակ աղտեղություններով: Այստեղ մրից սևացած խոզերը խորդալով ու միմյանց դնչահարելով, ուտելիք էին որոնում, իսկ չքավոր կանայք դույլերով նավթ հավաքում: Գետնի երեսին և գետնի տակ տարածված էին անթիվ մետաղային խողովակներ: Լսվում էր նրանց միջով հոսող նավթի ձայնը, որ հիշեցնում էր մերթ ծղրիդների երգը գիշերային խավարի մեջ, մերթ մուրճի ծանր հարվածները մի աներևույթ դարբնոցում: Դա նավթային արդյունաբերության զարկերակներն էինբյուրավոր մարդկային էակների դժոխային աշխատանքի և միայն մի քանի տասնյակ բանվորների հարստության չափ:

Մարութխանյանի գործարանը գտնվում էր Սև քաղաքի կենտրոնում: Դա մի ընդարձակ շինություն էր, զանազան բաժանմունքներով: Բակը շրջապատված էր մարդու հասակից քիչ բարձր քարե պարսպով և լի անթիվ պարագաներով: Երևում էին երկաթե նավթային շտեմարաններ, լայն, բարձր, գմբեթաձև, այս ու այն կողմ ճյուղավորված խողովակներ գետնի վրա և օդի մեջ, ջրմուղներ, կոտրած կաթսաներ, ինչ-որ անիվներ, ծորակներ: Մերթ ընդ մերթ շինություններից դուրս էին գալիս ինչ-որ մարդկային էակներ, կեղտոտ, ոտից մինչև գլուխ թաթախված սև հեղուկի մեջ, կիսամերկ, մռայլ, որպես վայել էր սև աշխարհի բնակիչներին:

Մի երկհարկանի տան ընդարձակ պատշգամբի վրա ժողովվել էին քաղաքի հայտնի հայ գործարանատերերը, հանքատերերը, խանութպանները, տոկոսառուները և ինժեներները:

Նորին սրբազանությունը չէր երևում: Հյուրերը նրան էին սպասում, որ սեղան նստեն: Այստեղ էր և Միքայելը` իր բոլոր ընկերների հետ: Մարութխանյանը ոչինչ չէր խնայել ճաշը կարելիին չափ բազմամարդ և շքեղ դարձնելու: Նա հրավիրել էր նույնիսկ թղթակից Մարզպետունուն, այն մտքով, որ ճաշի նկարագրությունը տպվի լրագրում:

Այստեղ էր նաև Պետրոս Ղուլամյանը: Միքայելն անվրդով մոտեցավ նրան, սեղմեց ձեռը, հարցրեց առողջության, ընտանիքի և գործերի մասին: Պետրոսը հաճույքից հալվում էր, որ միլիոնատերի որդին այնքան ուշադիր է դեպի մի հասարակ խանութպան: Բայց որովհետև ավելի գործնական էր, քան փառասեր, ուստի դարձյալ ակնարկեց նավթային հողի մասին: Եվ Միքայելն այս անգամ խոստացավ Սմբատի նոր գնած գետնից մի կտոր էժան գնով տալ նրան, խանութպանի աչքերը փայլեցին շահամոլության կրքից:

Նորին սրբազանությունը ժամանեց: Հյուրերը հրավիրվեցին նստել սեղանի քով, որ երկու շար բացված էր մի ընդարձակ դահլիճում: Սեղանապետ ընտրվեց Սրաֆիոն Գասպարիչ, որը հագել էր նոր մունդիր, երեսը նոր սափրել տվել, և բեղերը սանրել առանձին խնամքով:

Միքայելն իր ընկերների հետ բռնեց սեղանի վերջին անկյունը: Այստեղ նրանք կարող էին ազատ խոսել, ծիծաղել, զվարճանալ: Միայն Պապաշան թույլ չտվեց իրեն նրանց միանալ և իբրև ամենահարուստ ու ամենապատվավոր հյուր, տանտիրոջ առաջարկությամբ, նստեց սրբազանի մոտ: Այսօր նա տրամադրված էր շատ լուրջ: Շրջանը նեղ ընկերական չէր, այլ հասարակական, իսկ նա ամբողջ քաղաքում հռչակված էր ազգասեր, բարերար և հասարակական շահերի անկեղծ նախանձախնդիր... Երբ սեղանապետն առաջարկեց սրբազանի կենացը, Պապաշան կամեցավ «երկու խոսք» ասել և ոտքի կանգնեց:

Սրբազան, ըըը, պարոններ, ըըը, — սկսեց նա, — մունք հայերս դե որ լա՛ ըըը մի եկեղեցի օնինք:

Օնինք, — շնջաց Գրիշան ընկերական շրջանում:

Ես լա ընդրա հարազատ զավակը լինելով, ասում եմ, վըեր ըըը պարտավոր ենք պաշտել, ըըը, դրա համար էլ խմում եմ լա...

Դարդուբալա՛, — շշնջաց դարձյալ Գրիշան:

Ընդրա ըըը ըսպասավորին կենացը, ցանկանալով ըը, վըեր...

Պապաշան կանգ առավ, նայեց սեղանապետի բեղերին: Այնտեղ խոսքեր չգտնելով, ցուցամատը սուզեց գինով լի բաժակի մեջ, ուր լողում էր մի ճանճ:

Մի խոսքով, — շարունակեց, ճանճը մատի ծայրով գցելով հատակի վրա, — ինչ ըըը գլուխներդ ցավացնեմ ըըը լա մեր սրբազանին կենացը, խնդրում եմ, լոխ էլ երկենաք ոննի...

Բոլորը տեղերից բարձրացան, գոչելով.

Կեցցե սրբազանը, կեցցե՛ Առաքելյանը...

Սրբազանն առաջարկեց «տեղական համայնքի» կենացը: Նույնպես ատենաբանեց: Դրվատեց «համայնքին», գովեց նրա «ընտիր դասի» ազգասիրությունը, բարեսրտությունը, առատաձեռնությունը, առաքինությունը, անհուն խելքը:

Զո՞ւյգ, թե՜ կենտ, — հարցնում էր Մոսիկոն Մելքոնին:

Հետո սրբազանը դարձավ նոր սերնդին, խոսեց երիտասարդության մասին, հայտնեց իր համոզմունքն էլեկտրական լույսի վերաբերմամբ, համեմատեց նրան տեղացիների խելքի հետ: Ասաց, թե տեղական երիտասարդությունը բոլոր հայ երիտասարդությունից լուսամիտ է, աստվածավախ է և հզորամիտ:

Այդ միջոցին Գրիշան չարաչար հայհոյում էր օպերետային դերասանուհուն, որ դավաճանել էր նրան: Մելքոնը գանգատվում էր, թե մի շաբաթ է իր կինը հիվանդ է, և ինքն ստիպված է երեկոները տասը ժամից հավի պես տանը թառ լինել: Իսկ Մոսիկոն համոզում էր նրանց երեկոյան «մի թեթև վերտուշկա» սարքել:

Սրբազանը նստեց տեղը, քրտինքը սրբելով:

Դարձյալ քանի մի ընդհանուր կամ պաշտոնական կենացներ, և սեղանը տաքացավ: Հերթը հասավ ազատամիտ Տեր-Աշոտին և պահպանողական Տեր-Սիմոնին, որոնք միմյանց ջգրու առաջարկում էին իրենց հարուստ ծխականների կենացը:

Մարզպետունին սաստիկ չարացել էր մտքում: Ոչ ոք չէր առաջարկում մամուլի կենացը: Այնինչ, նա արդեն մտքում շարադրել էր այս մասին ատենաբանություն, որ պիտի ասեր իբրև մամուլի ներկայացուցիչ:

Շշնջյուն տարածվեց, թե Պապաշան մտադիր է սեղանի տաք միջոցին ստորագրություն բանալ Էջմիածնի օգտին:

Արդարև, շատ չքաշեց, նա ոտքի կանգնեց և սկսեց ատենաբանել: Խոսքերը քանի գնում ուժով էին դուրս գալիս կոկորդից, մերթ նայում էր բաժակին, մերթ սրբազանի վեղարին, մերթ փողկապն ուղղում: Ճառի միտքը հասկանալի էր. ստորագրության թերթը դրած է սենյակի անկյունում, կլոր սեղանի վրա: Ցանկացողները թող մոտենան և ստորագրեն:

Ուրիշների փողերով ազգասիրություն է անում, — շշնջացին մի քանիսը: Ոմանք կամացուկ դուրս սլկվեցին: Նույնը կփափագեր անել և Մարութխանյանը, բայց ո՞ւր փախչեր իր տնից:

Հաջորդ էջ