Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

III

Դարձյալ երեկո էր, դարձյալ մուեզինները ազան էին տալիս և քրիստոնյաների զանգերը հրավիրում էին աստծո տունը հավատացյալներին: Քաղաքի արևմտյան կողմից փչում էր մի հով զեփյուռ: Եվ որքան դուրեկան լիներ այդ զեփյուռը, կարծես, նա գաբրիստաններից7, մեռելների այդ մռայլ աշխարհից, հիշեցնում էր մահու սոսկալի ձայնը.

«Մի՛ հպարտանար, ո՛վ ինսան8, վասն զի քո վերջին ապաստարանը այստեղ է»:

Իսկ ինսանը հպարտանում էր, իմամլուցիներընամանավանդ:

Հաջի-Ալեաքպարի բարձրաշեն տան առջև խմբվել էին թվով մոտ տասը պարագլուխերիտասարդներ: Մեջտեղ կանգնած էր ինքը Հաջին, ուսերին ձգած դեղնագույն մետաքսյա աբան և ձեռին բռնած մի երկայն կարմրակեղև չիբուխ: Երիտասարդները, ձեռները գոտիների վրա դրած, խորին պատկառանքով լսում էին Հաջիի հետևյալ տրամաբանությունը.

Ամեն մի մարդ յուր թաղի պատվի նախանձախնդիրը պիտի լինի: Մենք, իմամլուցիներս, մեր պապերի պապերից սկսած, հպարտ և պատվախնդիր ենք եղել, այժմ նամանավանդ պիտի լինենք: Հայտնի է աստծուն, որ արյունս երակներիս մեջ բորբոքվում է, երբ հիշում եմ այն քյաֆրի տղա քյաֆրի այս փողոցներն այցելելը: Թքեցեք Հաջի-Քյարիմի որդի Հաջի-Ալեաքպարի երեսին, որ նա այն երեկո լրբի փորը ծխով չլցրեց: Բայց ի՞նչ անեմ, անիրավը նապաստակի նման փախավ ձեռքիցս: Ես, բարկացած, ատրճանակս ձգեցի կտուրը: Վերջապես, անցածն անցել է, «ետևից արձակողը գարշապարին կխփե», ասում է առածը: Այժմ պատիվը ձերն է, սարի-թորփաղցի տղայի մեկը հանդգնում է ձեր թաղի անունը խայտառակել, ձեր պարտքն է նրա ոտը կտրել այստեղից: Վալլա՛հ, բիլլահ, Հաջի չլինեի, այս րոպեիս, մետաքսյա աբաս դեն ձգելով, մի փայտ վերցնելով, մեն միայնակ կգնայի ամբողջ Սարի-Թորփաղի դեմ: Բայց ամոթ է, ձեզ պես երիտասարդները կանգնած, ինձ չպիտի թողնեք, որ միրուքս անպատվեն: Ճշմարի՞տ եմ ասում:

Այո, այո՛, Հաջի, ինչ ասել կուզի, որ իստակ ճշմարիտ եք հրամայում, — ասաց խորոված ծախող Հեյբաթը, որի մի աչքը դուրս էր եկել Մահառռամի կռվի ժամանակ:

Լսո՞ւմ եք, ջահիլներ, ամո՛թ մեր շիր ու շնորհքին, — մեջ բերեց Մեյթին, Իմամլուի ամենալավ փայտ խփողներից մեկը:

Թռչնորս Ասկյարը, որ երևելի քար գցող էր և երկու մարդու աչք էր հանել, մեկի էլ ոտը գոսացրել, ասաց, թե հետաձգելը երկչոտություն է, թե հենց այսօր իսկ պիտի թաղակռիվ սկսել Սարի-Թորփաղի հետ: Այս միտքը բոլորն ընդունեցին: Բայց Հաջին չէր շտապում. նա, պարագլուխ երիտասարդներին մեկ-մեկ ծխախոտ նվիրելով, ասաց.

Մի՛ վռազեք, բոլորովին մի վռազեք, այսօր շլինիվաղը լինի, զանազանություն չունի: Բայց մի բան կա:

Հրամայեցե՛ք, Հաջի, հրամայեցե՛ք, — ասացին միաբերան բոլոր պարագլուխները, ձեռները կրծքներին դրած, գլուխ տալով նորին հաջիության:

Դիցուկ հենց հիմա թաղակռիվ է, — շարունակեց Հաջին, չիբուխը բերնից հանելով և միրուքը շփելով, — իմ կարծիքով, մեր կռիվը մի կապեկի արժեք չի ունենալ, եթե այդ կռվից անվնաս դուրս կգա ինքը, սկզբնապատճառը:

Ասա՞դը, — հարցրին միաբերան բոլորը:

Այո՛, Ասադը, — պատասխանեց Հաջին, — երդվում եմ Ալիի սուրբ անունով, որ ձեր սրբազան պարտքն է նրան ոչնչացնել, ինչպես լինի, ոչնչացնել: Հեյբա՛թ, նախ և առաջ փայտդ նրա գլուխը պիտի ջարդ ու փշուր անի: Ասկյա՛ր, քար ձգելիս, նշանակ պիտի վերցնես նրան, նույնպես և ձեզանից յուրաքանչյուրը: Լսո՞ւմ եք:

Բա՛ր չեշմա, բա՛ր, չեշմա (աչքիս վրա), — ասացին ամենը մի առ մի, ձեռները դնելով իրենց աչքերի վրա և գլուխ տալով Հաջիին:

Կեցցե՛ք ջահիլներ, կեցցե՛ք, դուք իսկական տղամարդիկ եք, — հավանեց, Հաջին գոհ սրտով: — Հիմա շնորհ արեք գնանք մեր տուն չայ խմելու: Այնտեղ մենք կխորհրդակցենք կռվի մասին:

Պարագլուխները ամաչելով, քաշքշվելով, միմյանց երեսին նայելով, հետևեցին Հաջի-Ալեաքպարին և մտան նրա տունը:

IV

Առավոտ էր: Սարի-թորփաղցի ինը-մատնանի Մահմուդը, իր խանութի առջև կանգնած, Շիրազի պիսակավոր մորթուց կարած մի գդակ էր թրջում և ճիպոտով ծեծում: Այդ միջոցին իմամլուցի գդակ կարող Մեյթին դիտմամբ անցավ նրա առջևով: Մահմուդն. անգիտակցաբար մի քանի, կաթիլ ջուր սրսկեց, նրա վրա: Մեյթին կանգնեց և բերանից բաց թողեց մի շատ անվայել հիշոց: Մահմուղը ներողություն խնդրեց: Մեյթին, որ երեկոյան Հաջի-Ալեաքպարին և իր ընկերներին խոսք էր տվել կթվի առիթ տալրւ, մի ավելի սուր հիշոց, արտասանեց Մահմուդի երեսին: Մահմուդը նամուսով մարդ էր, Մեյթիին պատասխանեց ըստ կարգին և փոխարենը վերջինից ստացավ մի պինդ ապտակ:

Իմամլուցիները պատրաստ էին, մի, վայրկյանում թափվեցին Մահմուդի վրա: Մյուս կողմից եկան մի քանի սարիթորփաղցիներ, և սկսվեց մի թեթև կռիվ: Իսկույն գդակ կարողների խանութները փակվեցին: Ծեծված, ջարդ ու փշուր եղած սարի-թորփաղցիները շտապեցին իրենց թաղը: Ճանապարհին նրանք անցքը պատմեցին արծաթագործ Ասադին, որ կռվի սկզբնապատճառն էր:

Ասադը կռվելու տրամադրություն չուներ, բայց պարագլուխ էր, պարտավոր էր միջամտել յուր ընկերների վիրավորված պատիվը վերականգնելու համար:

Կայծակի արագությամբ ամբողջ բազարում լուր տարածվեց, թե քաղաքի Իմամլու և Սարի-Թորփաղ թաղերը ոտքի են կանգնել միմյանց դեմ, տեղի պիտի ունենա կատաղի կռիվ: Ոչ միայն կռվող թաղերի բնակիչները, այլև շատերը մյուս թաղերից կողպեցին իրենց խանութները եթե ոչ կռվին, գոնե հանդիսին մասնակցելու համար: Դա շամախեցիների հնավանդ սովորությունն է:

Հաջի-Ալեաքպարը, մեծ փողոցի անկյունում կանգնած, խրախուսում էր երիտասարդներին, որոնց թվումն էր և՛ Ֆաթմայի եղբայր Հաշիմը: Նախ, իրենց չուխաները հանած և թևերի վրա իբրև վահան փաթաթած, երկու կողմերից ասպարեզ մտան պատանիները: Շատ չանցած՝ մեջ մտան մեծերը, և թաղակռիվը սկսվեց:

Քաղաքի միջին շերտը ծածկվեց խուռն ամբոխով. Ներկա էին և՛ քրիստոնյաները. հեռվում հավաքված կամ բարձր կտուրների վրա կանգնած, նրանք ականատես էին, թե ինչպես երկու արյունակից և կրոնակից համայնքներ աշխատում են միմյանց արյունը թափել:

Կռիվը տեղի ուներ միջին, ամենաընդարձակ փողոցում: Հազարավոր քարեր երկու կողմից տեղում էին կռվողների գլխին: Բոլորը զինված էին երկայն փայտերով, բայց «փայտակռիվը» դեռ չի սկսվել, որովհետև ախոյանները տակավին հեռու էին միմյանցից: Կոտրատվող ապակիների զրնգոցը, ոտների տրոփյունը, կանանց և մանուկների ճիչը, ջահիլների վայրենի աղաղակները քանի գնում սաստկանում էին և ահռելի դառնում:

Մի քանի պոլիցիականներ միջամտեցին, որ կռվողներին բաժանեն, բայց, փայտի մի քանի հարվածներ ստանալով, ետ մղվեցան և փախան, մտան հանդիսականների մեջ: Անզոր անցավ և՛ աղսախկալների (ծերունիների) խրատն ու սպառնալիքը:

Թռչնորս Ասկյարն իր գնդակի նման արձակած քարերով արդեն երկուսի կուռը թուլացրել էր և փայտը ճեռից գցել:

Խորոված ծախող Հեյբաթը կատաղի գոռում էր, փայտը զարկելով գետնին, չուխա-վահանը բարձրացնելով և վեր ու վար թռչկոտելով:

Հանկարծ Իմամլուն թնդաց, գդակ կարող Մեյթին, Շիրազի փափախը աչքերին քաշելով, կարկտի պես թափվող քարերի տակ վազեց առաջ: Նրան հետևեցին Հեյբաթն ու Ֆաթմայի եղբայր Հաշիմը: Հակառակ կողմից, ավելի կատաղի գոռալով, վազեց ընդառաջ գդակ կարող Մահմուդը, որ Մեյթիից ապտակ էր ստացել:

Փայտի կռիվը սկսվեց:

Օդի մեջ ֆռֆռում էր մի կարմիր աստառով չուխա: Ամենի հայացքները հառված էին նրա վրա, ամենի ուշադրության կենտրոնը նա էր: Նա գոռում էր առյուծի պես, և նրա ձայնի դղրդոցը տարածվում էր հեռու ու հեռու:

Իմամլուն գրոհ տվեց, Սարի-Թորփաղը ետ մղվեց: Ընկան մի քանի վիրավորվածներ: Կանանց ճիչը սաստկացավ, մայրերը ողբում էին, հայրերը անիծում իրենց փուչ զավակներին: Թիֆա՛ն էր:

Եվ այս բոլորն ինչո՞ւ: — Մի աղջկա համար: Բայց ո՞ւր էր նա, ի՞նչ էր անում այդ սարսափելի րոպեին:

Ահմադ աղայի բաղնիսի կտրում հավաքված էին մի խումբ կանայք և, գմբեթների հետևում կուչ եկած, դիտում էին կռիվը: Ամենից առաջ, կտուրի ծայրում աներկյուղ, համարձակ կանգնած էր Ֆաթման, այո՛, ինքը Ֆաթման: Ախ, լավ է, որ մայրերը չգիտեին, թե նա է կռվի բուն պատճառը, եթե ոչ պատառ-պատառ կանեին նրան իրենց սիրեցյալ որդիների համար: Աշխատում էին Ֆաթմային հետ քաշել, չէին կարողանում: Եվ ո՞վ կարող էր, քանի-որ անհաղթելի գոյությամբ նրա ուշք ու միտքը, հոգին ու սիրտը բևեռված էին մի կետի վրա... կարմիր չուխան:

Ահա ամենը փախան, ասպարեզ բացվեց և մենմենակ մնաց, կարմիր չուխան: Իմամլուցիները սրընթալով վազեցին դիպի նա, ամենից առաք Հեյբաթը, Մեյթին, ու Հաշիմը: Արդյոք, կփախչի՞ կարմիր չուխան, թե՞ կդիմանա միայնակ այդ կատաղած ամբոոխին. արդյոք, Հաշիմը: կենդանի դուրս կգա՞ այդ կռվից: Ինչո՞ւ Ֆաթմայի եղբայրն էլ է մասնակցում. եթե նա չլիներ, այն ժամանակ, թող բոլոր իմամլուցիները կոտորվեին և մատաղ դառնային կարմիր չուխայի մի մազին:

Մինչ գեղեցիկ Ֆաթման տանջվում էր, այս մտքերից, կռիվը սաստկանամ էր ու սաստկանում: Սարի-թորփաղցիները, օգնություն ստանալով, հարյուրավոր բազմությամբ վազում էին առաջ: Հեյբաթը, Մեյթին և Հաշիմը շրջապատեցին կարմիր չուխային: Ֆաթման ակամա ճչաց, րոպեն վտանգավոր էր: Նա տեսնում էր, թե ինչպես, իր եղբայրը, Հաշիմը փայտի հարվածներ է տալիս կարմիր չուխայավորի գլխին: Մյուս կողմից խփում էին Հեյբաթն և Մեյթին: Ֆաֆման նկատեց, որ, կարմիր, չուխան ուշադրություն չի դարձնում Հաշիմի վրա և միայն պատասխանում է մյուս երկու ախոյանների հարվածներին: Անշուշտ նա խնայում, է, Հաշիմին: Ֆաթմայի սիրտը թրթռաց, այսպիսի վեհանձնություն միայն Ասադը կարող է ունենալ, ուրիշ ոչ ոք:

Մեյթիի ձեռից փայտը վայր՝ ընկավ, և նա ինքը փռվեց Ասադի ոտների տակ. նույն վիճակին արժանացավ, և՛ Հեյբաթը: Կեցցե՛ կարմիր չուխան: Նույն վայրկյանին Ասադի ճակատում փայլեց, մի կարմիր գիծ, որ, վայր իջնելով, արագ-արագ ծածկեց, նրա ամբողջ երեսն ու կուրծքը: Դա թռչնորս Ասկյարի քարի հետքն էր: Ֆաթմայի ոտները թուլացան: Բայց ահա, Ասադը, մի քիչ տատանվելուց հետո, գրպանից հանեց մի սպիտակ բան, փաթաթեց ճակատին և արյունաշաղախ երեսով, ավիլի կատաղի զորությամբ թռավ առաջ:

Իմամլուն փախավ: Ֆաթման բնազդմամբ հետ նայեց. բաղնիսի կտուրը դատարկվել էր, կանայք փախել էին: Նա մտիկ արեց, ներքև. սարիթորփաղցիները մոտենում էին ու մոտենում: Ասադի փայտը որին դիպչում էր` նա թավալվում էր գետին: Հանկարծ, նա չքացավ: Ֆաթմայի աչքերը մթնեցին. սպանեցի՞ն, արդյոք, նրան: Նա բարձր ձայնով օգնություն կանչեց և նստեց կտուրի ծայրում:

Մի քանի մարդիկ փողոցից մի երկայն սանդուղք դրեցին բաղնիսի պատին: Ֆաթման տեսավ, որ ներքևից ՀաջիԱլեաքպարի ծառաները բարձրանում են վերև: Նրակք արդեն հասել էին սանդուղքի ծայրին և աղաչում էին Ֆաթմային, որ մոտենա, բայց նույն վայրկյանին սանդուղքը նրանց ոտների տակ դողաց և ճռճռալով ընկավ փողոց, իր հետ տանելով Հաջիի ծառաներին:

Այդ պահին Ֆաթման գգաց, որ հետևից երկու ձեռներ գրկեցին իրան: Իկչպես հանկարծակի որսված մի ճնճղուկ, նա մի վայրկյան ճիգն արեց դուրս պրծնելու երկաթե ունելիքի պես ամուր սեղմած ձեռներից: Սակայն ուժերը դավաճանեցին նրան, և նա, թուլացած, անձնատուր եղավ անհայտ ձեռների զորությանը...

V

Եթե ոչ ոսոիկանությունն և աղսախկալները, գոնե բնությունը կարողացավ կռիվը ընդհատել: Վրա հասավ իրիկնային մութը, ջահիլների կատաղությունը շիջավ: Փոքր առ փոքր կռվին անմասնակից հանդիսականների բազմությունը ցրվեց, կռվողները հոգնած, ջարդուփշուր եղած, հետ քաշվեցին:

Հաղթող հանդիսացավ Սարի-Թորփաղը, բայց Իմամլուն պարծենում էր արծաթագործ Ասադի կռվի ասպարիզից անհայտանալու լուրով: Երկու կողմից վիրավորվել էին քսանուհինգ մարդ, որոնցից երեքի դրությունն անհուսալի էր:

Ջահիլները խումբ-խումբ փողոցների անկյուններում հավաքված, միմյանց հաղորդում էին կռվի մանրամասնությունները: Հաջի-Ալեաքպարին հավատացրին, թե արծաթագործ Ասադը սպանվել է կամ գոնե վիրավորվել: Հաջին հրամայեց ջահիլներին շարբաթ բաժանել:

Մինչ նրանք խմում էին շաքարախառն ըմպելիքը, մոլլա Ղանիի տնից լսվեց հուսահատ աղաղակների ձայն, և մի կին, մազերը փետելով, ոտաբաց, գլխաբաց վազեց փողոց:

Դա Ֆաթմայի մայրն էր:

Մարդի՛ կ, աղջիկս չկա, մարդի՛կ, աղջկաս փախցրել են, — գոռում էր խեղճ Զեյնաբը, ողբալով լուր գեղեցիկ դստեր կորուստը:

Այժմ միայն պարզվեց կռվի ասպարեզից Ասադի անհայտանալու պատճառը: Ուրիշ ո՞վ կարող էր Ֆաթմային փախցնել, եթե ոչ նա:

Իմամլուցիների գլխին սառն ջուր մաղվեց, ամենքն ամոթից չիմացան ուր թաքցնեն իրենց գլուխը:

Իսկույն ջահիլների միջից քսանի չափ կամավորներ առաջ եկան, խոստացան անպատճառ գտնել Ֆաթմային և տուն բերել: Բայց դրա համար նախ անհրաժեշտ էր մուտք ունենալ Սարի-Թորփաղ:

Մի քանի աղսախկալներ գնացին և թշնամի բանակի աղսախկալների հետ ժամանակավոր հաշտության դաշն կապեցին, որ հակառակորդները իրավունք ունենան անարգել անցնել միմյանց փողոցները:

Մեծ պետությունների պատերազմն յուր կանոններն ունե, թուրքերի թաղակռիվն էլ ունե յուր կանոնները չգրված, այլ պապերից ավանդորեն հարգված և պահպանված: Թշնամությունը, նրանց մեջ գործով երևան է գալիս միայն կռվի ասպարիզում, խաղաղության և զինադուլի ժամանակ հակառակորդները գեթ արտաքուստ հարգում են միմյանց:

Սակայն որոնող ջահիլները Ֆաթմային Ասադի տանը չգտան և ոչ էլ իրան, Ասադին: Որտեղ էին նրանքիմացողները չասացին, չիմացողները ուրախացան, լսելով իրանց պարագլխի նոր հերոսությունը: Իմամլուցիների պատիվը պահանջում էր, ինչպես և իցե, այն գիշեր ևեթ գտնել Ֆաթմային:

Ով ինձ սիրում է, թող հետևի ինձ, — գոչեց գունաթափված Հաշիմը:

Նա իսկույն վազեց տուն, իր ձին թամբեց, գցեց ուսովը հրացանը, կապեց մեջքին ատրճանակն ու խանչալը և դուրս եկավ: Քսան կամավորներից նրան հետևեցին միայն տասնուչորսը:

Ադա, դուք էլ գնացե՛ք, — հրամայեց ՀաջիԱլեաքպարը յուր երկու արաբ ծառաներին:

Սևամորթ խափշիկները ոստոստալով վազեցին տուն, մի-մի ահագին փայտ վերցրին՝ կոլորակ, գնդականման, բևեռոտ ծայրերով և մտան կամավորների շարքը: Խումբը բաժանվեց երկու մասի. մեկին պիտի առաջնորդեր Հաշիմը, մյուսին ղումարբազ՝ Հասանը: Վերջինը քաղաքի բոլոր խուլ ու մթին անկյունները լավ ուսումնասիրած էր, քսան տարի շարունակ «երեք-վեգ» (ուչաշըղ) ասված խաղը խաղալով Շամախու բոլոր սրիկաների հետ:

Ամեն ինչ պատրաստ էր: Ղումարբազ Հասանն իր խումբն առաջնորդեց քաղաքի դեպի ստորին մասըՍարդարի այգու կողմը, իսկ Հաշիմը համոզված էր, որ Ասադը Ֆաթմային տարել է կամ խաների գմբեթաշեն շիրիմների կողմը, կամ թթենիների այգիները:

Ամբողջ գիշերը Իմամլու թաղում տիրում էր մի խուլ աղմուկ: Շատերն անքուն նստեցին փողոցում, իրենց տան դռների առջև, որ տեսնեն` ջահիլների արշավանքն ինչ ելք կունենա:

Անքուն էր և Հաջի-Ալեաքպարը: Եվ նրա անքնությունը միայն մի պատճառ ուներ. նրա պատիվը և անունը չարաչար վիրավորված էին. նա ամբողջ թաղի դժգոհության և խուլ տրտունջների առարկան էր դարձել: Գործի էությունն ամենին հայտնվել էր, ամենը գիտեին, որ կռիվ հորդորողը նա է եղել և ինչից դրդված:

Անե՛ծք քեզ, չար Սադայել, անե՛ծք քեզ, չար Սադայել: Լահ իլլահ, իլլալլահ, Մահամմադի Ռասուլ Ալլահ, — կրկնում էր նա անդադար, հուզված անցուդարձ անելով իր տան պատշգամբի վրա:

Հաջիի ավագ կինը, Գյուլնիզարը, ամուսնուց թույլտվություն ստացած, գնացել էր յուր ծնողների մոտ գիշերելու: Նա սառնարյուն չէր կարող այդ գիշեր մի հարկի տակ մնալ այն՝ մարդու հետ, որ երկրորդը բավական չհամարելով, ուզում էր երրորդին ևս բերել և այն էլ այդպիսի խայտառակությամբ:

Կեսգիշերից անց լուր տարածվեց, թե Ֆաթմային գտել են և բերում են: Արթունները քնածներին ևս արթնացրին, և ամենը, դուրս թափվելով, դիմեցին մոլլա Ղանիի տան կողմը: Լուրը սուտ էր: Վերադարձել էր ղումարբազ Հասանն յուր խմբով և պատմում էր, թե քաղաքի ստորին կիսի բոլոր անկյունները պտտել է, Ասադի և Ֆաթմայի հետքն էլ չկա:

Հաշիմի խումբը դեռ չէր վերադարձել: Նրա մայրն ընկավ Հասանի ոտներին, աղերսեց, որ սա յուր խմբով օգնություն հասնի յուր որդուն: Ջահիլներից մի քանիսը, սաստիկ հոգնած լինելով, գնացին քնելու: Նրանց փոխարեն դուրս եկան ուրիշ կամավորներ, և Հասանը ուղեկիցների մեկուկես անգամ ավելի թվով արշավեց վերին կողմը:

VI

Վաղուց Ասադի գլխում միտք էր ծագել Ֆաթմային փախցնելու, եթե խաղաղ միջոցով ձեռք բերելը չհաջողվեր: Անակնկալ կռիվը խորտակեց նրա վերջին հույսը. նա գիտեր, որ կռվից հետո այլևս անկարելի էր սպասել, որ Ֆաթմայի մայրն ու եղբայրն և մանավանդ Հաջի-Ալեաքպարը որևէ զիջողություն անեն:

Ուրեմն պետք էր դիմել ծայրահեղ միջոցի: Հենց որ կռիվը սկսվեց, Ասադը թամքեց յուր նժույգն և վերցրեց երկփող հրացանը, ղարաբինա ատրճանակը և դաղստանցի Թեյմուրի շինած «յափունջի կիսող» խանչալը: Այս բոլորը նա հանձնեց գիժ Բեանդալիին և, մի մանեթ բաշխելով, պատվիրեց, որ հեռվից հեռու հետևե նրան կռվի ժամանակ:

Եթե հարցնող լինի, ոչինչ չպատասխանես, գիտե՞ս, — հրամայեց նա գիժ Բեանդալիին, որ իսկապես պատասխանելու ընդունակություն էլ չուներ:

Յուր հանդուգն մտադրությունը նա հայտնեց ամենամոտրկ ընկերներին և խնդրեց, որ օգնեն ձեռնարկությանը:

Ուրախությամբ կյանքներս կտանք, — ասացին հավատարիմ ընկերները, գովելով Ասադի հերոսությունը:

Դուք միայն կռվի ժամանակ, — պատվիրեց Ասադը, — աչք գցեցեք կտուրներին և Ֆաթմային ցույց տվեք ինձ: Մնացյալն իմ գործն է: Դուք խոմ ճանաչո՞ւմ եք, տեսել եք նրան քրոջ տունը գալիս: Նա անպատճառ դրսում կլինի...

Այս պայմանադրությունից հետո Ասադը թռավ կռվի ասպարեզը: Նա ինքն ամենից առաջ տեսավ Ֆաթմային: Հենց որ սարի-թորփաղցիները գրոհ տվեցին, հենց որ Մեյթին ու Հեյբաթը հաղթվեցին, նա, կռիվը տարած համարելով, վազեց Ահմադ աղայի բաղնիսի ետևը, գտավ ճանապարհն և բարձրացավ կտուր: Նա հրեց և ձգեց մի կտուրից մյուս կտուր ընդդիմադրող բաղնիսպանին, վազեց և... գիտենք ինչ արավ:

Օրն արդեն մթնել էր, երբ Ասադը, յուր թանկագին կողոպուտը ձիու վրա դրած, հասավ սարի-թորփաղցի Հաջի-Բախիշի այգին:

Այգեպան քեալբլահի Աբդուլլան շատ չար ու բարի տեսած, կյանքի բովով անցած մի փորձառու ծերունի էր: Նա ճանաչում էր Ասադին և միշտ տեսնելիս մտաբերում էր նրա հորը, որի հետ էր անցուցել յուր փոթորկալից երիտասարդությունը:

Տղա, այդ ի՞նչ է, — հարցրեց նա զարմացած, տեսնելով Ասադին երեսն արյունոտ, գլուխը փաթաթած և գրկում մի անշնչացած աղջիկ բռնած:

Ասադը համառոտ պատմեց եղելությունը, հինավուրց «իգիթը» (քաջը) հրավիրեց նրան իջնել ձիուց ու յուր թանկագին կողոպուտի հետ թաքնվել նրա խրճիթում:

Մինչ այգեպանի ջուր բերելը, Ֆաթման ուշքի եկավ, սթափվեց, աչքերը բաց արեց և կրծքից արձակեց մի խորին հառաչանք:

Ես եմ, Ֆաթմա, մի՛ վախենար, — խրախուսեց Ասադը մեղմ և քնքուշ եղանակով, որքան թույլ էր տալիս նրա կոշտ ձայնը:

Ֆաթման սարսափած ոտքի կանգնեց և գզգզված մազերով, գունաթափ, ձեռները գլխին խփելով, բացականչեց.

Վա՛յ մայր, վա՛յ եղբայր...

Նա վազեց դեպի դուրս: Ասադը հառաջեց նրան և ձեռներից բռնեց:

Իզուր մի՛ տանջիր ինքդ քեզ. մայրդ էլ կենդանի է, եղբայրդ էլ, քույրերդ էլ:

Ինչո՞ւ ես ինձ բերել այստեղ, — գոչեց Ֆաթման:

Ինչո՞ւ, մի՞թե Ֆաթման չգիտե ինչու, մի՞թե կարծում էր, որ Ասադը թույլ կտար նրան ուրիշի կին դառնալու, մի՞թե...

Ֆաթման փոքր առ փոքր հանգստացավ և սկսեց անխոս մնալ: Իսկապես նրա հուսահատ աղաղակները կիսով չափ արվեստական էին: Նա հոգով ուրախ էր կատարված անցքին. նրա երևակայությունը վաղուց ստեղծել էր մի այդպիսի հերոսություն Ասադի կողմից, և նա ցանկանում էր իրագործված տեսնել յուր երևակայածը: Միայն ծերունի այգեպանի ներկայությունը դրդեց նրան մի փոքր աղմուկ բարձրացնել, որպեսզի պատկառելի քեալբլահին չկարծե, թե երիտասարդ մուսուլմանուհին զուրկ է ամոթխածությունից:

Այսպես է Շիրվանի թրքուհու բնավորությունը:

Այգեպանը նրանց համար ընթրիք պատրաստեց, — հաց, պանիր, վարունգ և կանաչեղեն: Ամբողջ օրը թե՛ Ֆաթման և թե Ասադն անոթի էին անցուցել, ուստի այգեպանի համեստ իրիկնահացը նրանց համար Օրուջ-բայրամի «կաթնով փլավից» համեղ էր:

Փոքրիկ խրճիթը լուսավորված էր հնադարյան չիրաղի (ճրագի) աղոտ լուսով: Ծերունի քեալբլահին աշխատում էր յուր հյուրերին զվարճացնել, պատմելով օրվա եղելությանը համանման դեպքեր յուր կյանքից: Ասադը սփրթնած էր: Գլխի վերքը սաստիկ ցավ էր պատճառում, բայց նա աշխատում էր գսպել իրան, թեև մեծ դժվարությամբ:

Տղա՛, ինչո՞ւ շրթունքներդ դողդողում են, — հարցրեց այգեպանը, — չլինի վերքդ նեղացնում է քեզ: Սպասի՛ր, սպասի՛ր, թաշկինակի տակից արյուն է հոսում: Պետք է դեղ դնել, որ դադարի:

Այս ասելով, ծերունին իսկույն յուր հնամաշ արխալուղի աստառից մի կտոր պատռեց, վառեց ճրագի բոցի վրա և ձգեց գետնին: Երբ կտորը բոլորովին այրվեց, նա սև մուրը հավաքեց, ստիպեց Ասադին բաց անել ճակատն և մուրը թաշկինակով կապեց վերքի վրա:

Արյունն արդարև դադարեց:

Այս գործողության ժամանակ Ֆաթման օգնում էր ծերունուն, անդադար պտտվելով վիրավորյալի շուրջը:

Այժմ քնիր, — ասաց այգեպանը հայրական խնամքով, — ինչ վերաբերում է ապագայինվաղը կմտածենք:

«Երեկոյան բարիքից առավոտյան չարիքը լավ է», ասում է մեր պապերի խոսքը:

Գիշերը խաղաղ էր, մուգ-կապտագույն երկնքում պայծառ փայլում էին աստղերը, հեռվից ժամանակ-ժամանակ լսվում էին քաղաքային գիշերապահների աղաղակները: Նրանց ձայնակցում էին ՍարիԹորփաղի շները, դունչները դեպի երկինք բարձրացրած, աստղերի վրա պոռալով: Ծերունի այգեպանը, սնահավատությունից դրդված, վճռեց արթուն մնալ և ամբողջ գիշեր դրից խրճիթը պահպանել. շների պոռալը վատ բան էր գուշակում:

Ֆաթման, շորերը հագին, Ասադի չուխայի մեջ փաթաթված, քնած էր խրճիթի մի անկյունում:

Մյուս անկյունում, այգեպանի անկողնում պառկած էր Ասադը: Մի ձեռը հենած հրացանի վրա, մյուս ձեռը գլխատակին դրած, նա ոչ քնած էր, ոչ արթուն, այլ մի տեսակ թմրած դրության մեջ էր: Նրա վերքը դարձյալ ցավում էր և ցավում էր ավելի սաստիկ: Բայց նա աշխատում էր ոչ հառաչել և ոչ տնքալ Ֆաթմային չզարթեցնելու համար: Նրա գլխում պտրտվում էին ցերեկվա անցքերը: Մերթ նա երևակայում էր իրան կռվի ասպարեզում, աջ ու ձախ շրջապատված թշնամիներից, անձրևի նման տեղացող քարերի տակ, մերթ բաղնիսի կտրում, Ֆաթմային հափշտակելիս և մերթ ձիու վրա, յուր կողոպուտը գրկած, ապշած ամբոխի միջով արշավելիս:

Հետո նա սկսեց խորհել ներկայի և ապագայի մասին: Ի՞նչ պիտի անե նա վաղը, այգեպանի խրճիթում երկար թաքնվել անկարելի է, անշուշտ իմամլուցիները հանգիստ չեն մնալու, անշուշտ նրանք ամեն ջանք գործ կդնեն Ֆաթմային գտնելու, որ Ասադի արյունի գնով իրենց թաղի պատիվը վերականգնեն:

Նա մտքում վճռեց լուսաբացին վերցնել Ֆաթմային, գնալ մոտակա թուրք գյուղերից մինը, այնտեղ մի մոլլա գտնել և քեաբին անել (պսակվել):

Շուտով նրա ամբողջ մարմինը սկսեց դողալ: Նրա ատամներն ակամա զարնվում էին միմյանց, նա ցուրտ էր զգում: Ցուրտն անցավ, և նրա մարմնին տիրեց թմրեցուցիչ տաքություն: Նրա միտքը պղտորվեց. նա քնեց կամ, ուղիղն ասած, սկսեց զառանցել: Ահա Ֆաթման, գլխաբաց, ոտաբաց, ձի է նստում, Ասադին ևս հրամայում է նստել: Նրանք արշավում են հեռու ու հեռու, անծանոթ տեղեր: Մի ամայի դաշտում, գետնից երկայն և ձյունի պես ճերմակ միրուքով մի մարդ է դուրս գալիս, մոտենում է, յուր ձեռում՝ բռնած մի կարճ, սև փայտով խփում՝ է նրանց ուսին: Ֆաթման և Սաադը մի ակնթարթում տեղափոխվում՝ են մի փառաշեն տուն: Այստեղ սկսվում է նրանց հարսանիքը: Հյուրերը զվարճանում են, երաժիշտները նվագում են, պարիչները պարում են, ծառաները շարբաթ են բաժանում:

Այդ միջոցրն ներս է մտնում մի ոստիկան, հետո երկրորդը, և բոլոր բարեկամ հյուրերը դառնում են թշնամի իմամլուցիներ: Ֆաթմային հափշտակում են, Ասադի ոտներն ու ձեռները կապում են, երեսը դեպի հետ դնում են մի ավանակի վրա և երեսին մուր քսում: Նրան տանում են Իմամլու: Թշնամիները, շրջապատելով, քարեր են արձակում նրա վրա, ծաղրում են, շվացնում, թքում են երեսին: Մոտենում է Ֆաթմայի եղբայր Հաշիմը, — հետո գդակ կարող Մեյթին և մի քանի ապտակ են տալիս: Օհ, սարսափելի անպատվություն, ա՛խ, եթե նրա ձեռները բաց լինեին, բոլորի պատասխանը կտար: Բայց ահա ոստիկանապետը խփում է նրա ուսին մտրակով, խփում է մեկ, երկու, երեք անգամ...

Ասադն աչքերը բաց է անում...

VII

Խրճիթը տակավին մութն է, բայց դռներից երևում է, որ արևելքը շառագունել է: Ծանրացած գլուխը մի կերպ բարձրացնելով, Ասադն իր դեմուդեմ տեսնում է մի մարդ:

Ո՞վ ես դու, — հարցնում է նա:

Շտապ՛իր, տղա, վե՛ր կաց, գալիս են, — պատասխանում է մի ծանոթ ձայն:

Ասադը ոտքի է թռչում հրացանը ձեռին, վազում է խրճիթի մյուս անկյունը և տեսնում է, որ Ֆաթման դեռ քնած է:

Ո՞վ է գալիս, — հարցնում է նա:

Ծերունի այգեպանը նրա ձեռից բռնում է և խրճիթի դռների մոտ տանում: Առավոտյան աղոտ լուսավ Ասադը հեռվում, այգու գրեթե մյուս ծայրում նկատում է ինչ-որ մարդիկ. լսում է ինչ-որ խուլ սպառնալիքներ: Մարդիկ ավելի ու ավելի մոտենում են, ձայներն ավելի ու ավելի պարզ են լսվում: Ահա ծառերի բների հետևից փոքր առ փոքր որոշվում են եկողների դեմքերը. մի մասը ձիավոր է, մյուս մասը հետևակ, բոլորն էլ թրքեր են և իմամլուցիներ: Մեկը ոտով շտապում է ամենից առաջ:

Ասադը ճանաչում է Հաշիմին:

Մի ակնթարթում նա թռչում է ներս, հավաքում է մնացյալ զենքերն և, Ֆաթմային քնած թողնելով, դուրս է գալիս, խրճիթը կողպում է, թիկն է տալիս դռներին և կանգնած՝ սպասում է եկողներին: Փախչել և Ֆաթմային փախցնել անկարելի է. թշնամիները մոտիկ են, պետք է պաշտպանվել: Բայց ո՞ր մեկի դեմ պաշտպանվել, նրանք մոտ տասնուհինգ հոգի են, իսկ Ասադը միայն մի ծերունի օգնական ունի, որի միակ զենքը հիսնամյա ժանգոտված խանչալն է: Փույթ չէ, թող գա, ոչ ոք չի կարող Ասադի ձեռքից Ֆաթմային խլել, քանի նրա շունշը բերանումն է:

Վերջապես, իմամլուցիները դուրս եկան ծառերի հետևից և կանգ առեցին, խրճիթի դեմուդեմ կիսաշրջան կազմելով: Հաշիմն արագությամբ հանեց ուսովը գցած հրացանը և, նշանակ դնելով Ասադի կուրծքը, գոչեց:

Անշա՛րժ կաց:

Նրա օրինակին հետևեցին ղումարբազ Հասանը, ինը-մատնանի Սեյֆուլլան, շեկ Հեյդարը, սև Բաղիրը, քոռ Միթալլիմը և մի քանի ուրիշներ: Եվ Ասադն յուր դեմուդեմ տեսավ տասնից ավելի սև խողովակներ, որոնց մթին, մահաբեր ծակերը նայում էին ահռելի կերպով, ինչպես տարտարոսից վռնդված դևերի աչքեր:

Ծերունի այգեպանը վազեց առաջ, սկսեց կատաղած իմամլուցիներին խրատել, հաշտության հրավիրել, բացատրելով, միևնույն ժամանակ, թե տղամարդություն չէ մեկի դեմ քսան հոգով դուրս գալը:

Մեկը մի քար ձգեց նրա վրա և հայհոյելով ասաց, որ չխառնվի գործին:

Հեռո՛ւ, քեաֆթառ շուն, — գոչեց շիլ Նուրուլլան, — եթե ոչհոգիդ սատանայի բաժին կդարձնեմ:

Ծերունին ետ քաշվեց, ափսոսալով, որ ձեռին հրացան չունի, եթե ոչ ցույց կտար հանդուգն «երեխաներին», թե ով է քհալբլահի Աբդուլլան:

Հաշիմը պահանջում էր, որ Ասադն իր ձեռքով Ֆաթմային խրճիթից դուրս բերի և հանձնի նրան: Ասադը սկզբում փորձեց ազդել նրա խելքի, սրտի և մուսուլմանական զգացմունքների վրա: Նա հիշեցրեց կրոնի միությունն և Ղուրանի պատգամները, որ արգելում են ուղղափառին` ուղղափառի արյուն թափել: Բայց Հաշիմը ոչինչ չէր ուզում լսել: Նա մի բերան պահանջում էր, որ Ասադը կամավ վերադարձնե նրա քրոջը:

Իսկ եթե չտա՞մ, — գոչեց Ասադը, վերջապես հուսահատված:

Դիակդ ոտնատակ անելով կանցնեմ և կվերցնեմ, — պատասխանեց Հաշիմը վճռողաբար:

Այս ասելիս հրացանը նրա ձեռին դողաց:

Այգեպանը հորդորում էր Ասադին խնայել յուր երիտասարդ կյանքն և Ֆաթմային կամով հանձնել եղբորը: Ասադը չէր լսում նրան: Ճակատը թաշկինակով փաթաթած, երեսն արյունի չորացած կաթիլներով, կուրծքը կիսով չափ բաց, մի ձեռը հրացանին կրթնած, մյուսը կողքին հենած, մեջքը խրճիթի դռներին թեքած, նա կանգնած էր միևնույն տեղ և, կարծես, սպասում էր վերջին վճռական րոպեին: Նրա աչքերը կարմրած էին, գլուխը ծանրացել էր, ոտներն ու ձեռները դողում էին սաստիկ տաքությունից:

Էյ անխիղճ, խնայի՛ր ինքդ քեզ, ափսոս է քո երիտասարդությունը, — գոչեց իմամլուցիներից մեկը, որ, ակամա հիացած հանդուգն սարի-թորփաղցու առնական գեղեցկությունից, չկարողացավ զսպել յուր ներքին ձայնը:

Նրա ի՞նչն է ափսոսալի, ադա՛, լեցրո՛ւ շան բերանը ծխով, — ընդհատեց նրա խոսքը մի խռպոտ ձայն:

Իսկույն ինը-մատնանի Սեյֆուլլայի հրացանը պայթեց: Գնդակը, դռների ճեղքից փչող աշնանային քամու պես, վզզալով անցավ Ասադի գլխի վրայով և մտավ խրճիթի հետևի թթենիներից մեկի բունի մեջ: Իմամլուցին դրանով կամենում էր համառ սարի-թորփաղցուն վախեցնել: Սակայն, իզու՛ր. Ասադը պատրաստվել էր պաշտպանվել մինչև վերջին շունչը:

VIII

Հրացանի ձայնը Ֆաթմային զարթեցրեց: Դռներն ուժով բացվեցին, երիտասարդ աղջիկը դուրս վազեց, խիտ ու երկայն մազերն ուսերի վրա անկանոն թափված, կուրծքն եղունգներով անխնա պատռտելով և բարձրաձայն գոռալով: Նա վազեց և կանգնեց Ասադի առջև, երեսը դեպի իմամլուցիները:

Զգո՛ւյշ, — հրամայեց Հաշիմն յուր ընկերակիցներին, հրացանը ցած դնելով:

Կոտորվե՛ք դուք, կոտորվե՛ք դուք, — աղաղակում էր Ֆաթման, արդեն մոռացած յուր սովորական ամոթխածությունը:

Վազի՛ր այս կողմը, — գոչեց Հաշիմն, առաջ դիմելով, որ քրոջը առևանգի :

Բայց Ֆաթման, ավելի մոտեցավ Ասադին, պաշտպանելու մտքով, կանգնեց նրա առջև և պատասխանեց եղբորը.

Մի՛ մոտենար, մի՛ մոտենար, ես չեմ թողնիլ, որ նրա մի մազն էլ վնասվի: Նա մեղավոր չէ, ես ինքս եմ փախել նրա հետ, այո, ես ինքս, իմ կամքով: Հաշիմ, մի՛ մոտենար, ես չեմ թողնիլ, չեմ թողնիլ...

Տեսարանը սրատաշարժ էր: Երկու թշնամիների մեջտեղ կանգնած էր մի անհաղթելի պատնեշ, առանց որին խորտակելու, անկարելի էր որևէ ճակատամարտ:

Երբեք Հաշիմը չէր կարող երևակայել, թե Ֆաթման այդչափ պաշտպան կհանդիսանա յուր առևանգողին: Նա հավատացած էր, որ յուր քույրն ակամա է ընկել Ասադի ձեռքը, թե նա մի տկար գոհ է, որին փրկելու համար պիտի թշնամու արյունը խմել: Այժմ, տեսնելով Ֆաթմայի համառությունը, տեսնելով նրա հուսահատ պաշտպանությունը, մնաց ապշած: Մի վայրկյանում վրեժխնդրության կիրքը նրա սրտում տեղի տվեց ակամա խղճահարության: Նա, որ մի րոպե պատրաստ էր ամենայն սառնությամբ մահաբեր գնդակն ուղղել հանդուգն առևանգողի կրծքին, այժմ երեսը ետ դաձրած, երկմտության մեջ լուռ նայում էր յուր ընկերակիցների երեսին:

Ինքը, զոհ համարվածը ներում է հանցավորին, և հանցավորն այնքան վեհանձն է, այնքան անվեհեր, որ պատրաստ է մինչև վերջին շունչ պաշտպանել իր փախցրած աղջկան: Ուրեմն տմարդություն չի՞ լինիլ, արդյոք, ձեռք բարձրացնել մի այդպիսի երիտասարդի վրա և սպանել նրան յուր սիրեցյալի աչքի առջև: Այս էր արաահայտում Հաշիմի դեմքը: Եվ լուռ ակնարկություններ հասկացող շիրվանցիները, իսկույն գուշակելով նրա միտքը, մտիկ արեցին միմյանց երեսին:

Շիլ Նուրուլլան առաջինը վստահացավ հայտնել ամբոխի լուռ վճիռը, Նա քաշեց ձին և բարձրաձայն արտասանեց.

Հաշի՛ մ, նամուսդ մի՛ մոռանար:

Իմամլուցիների մեջ բարձրացավ մի խուլ աղմուկ: Նրանք վրդովված էին Հաշիմի մեղմանալուց: Ի՞նչպես կարելի է ներել մի հանդուգն թշնամու, մի մարդու, որ անպատվել է ամբողջ Իմամլուի անունը, փախցնելով թաղի ամենագեղեցիկ աղջիկներից մեկին: Ի՞նչ կասեն իմամլուցիները, ի՛նչ կասեն ուրիշ թաղեցիները: — Ո՛չ, ո՛չ, երբեք չի կարելի գործը հաշտությամբ վերջացնել: Միթե այս նպատակո՞վ են իմամլուցիները երեկ ամբողջ օրը կռվել, մի՞թե դրա համար են քսան մարդ ամբողջ գիշերն անքուն թափառել քաղաքի շրջակայքում: Պետք է թշնամուն պատժել, պետք է վրեժ հանել, առանց արյունի անկարելի է Իմամլուի պատիվը վերականգնել:

Next page