Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Արյո՛ւն, արյո՛ւն, — գոռացին բոլոր կիսավայրենիները միաբերան:

Հաշիմը հասկացավ այդ կատաղի ամբոխի տրամադրությունը: Նա զգաց, որ եթե Ասադին ինքը ների, մյուսները չեն ներիլ, չեն ներիլ գուցե և իրան: Բայց ինչպես հեռացնի Ասադից Ֆաթմային, որ միանգամայն կպել է նրան անբաժան, այնպես որ թշնամուն ուղղած ամեն մի հարված նախ կարող է նրան հասնել:

Մինչ նա այս րոպեական տատանման մեջ էր, իմամլուցիներից երեք հոգի աննկատելի կերպով բաժանվեցին խմբից և, ծառերի տակ թաքնվելով, շրջան տալով, հետևի կողմից մոտեցան Ասադին:

Այդ նկատեց այգեպանն և, յուր ժանգոտած խանչալը հանելով, կանգնեց վերջինի հետևում, վճռելով պաշտպանել նրան յուր կյանքի գնով:

Այնինչ Ասադն աշխատում էր ասպարեզից անվնաս հեռացնել Ֆաթմային, որ ինքը միայն կռվի թշնամիների հետ:

Ծերունու և երեք իմամլուցիների մեջ կռիվ բացվեց: Ասադն երեսը հետ դարձրեց և իսկույն հրացանը արձակեց: Լսվեց մի արաբական հիշոց, և Հաջի-Ալեաքպարի սև խափշիկներից մեկը, աջ ձեռով ծունկը բռնած, գոռալով նստեց գետնի վրա: Ասադն արձակեց երկրորդ անգամ, բայցանօգուտ:

Նույն վայրկյանին նա յուր մեջքի վրա զգաց մի սաստիկ սառնություն, որ թափանցեց ներս: Նա ամբողջ մարմնով դողաց, ակամա գոռաց և ընկավ ուղիղ Ֆաթմայի ոտների տակ:

Ալլա՛հ, ալլա՛հ, — լսվեց նրա խուլ ձայնը, և նրա աչքերի բիբերը, տարօրինակ կերպով պտտելով շրջանակների մեջ, դարձան Ֆաթմայի վրա:

Այսքանը միայն կարողացավ լսել և տեսնել խեղճ աղջիկը, ուրիշ՝ Ասադը ոչինչ չասաց և ոչ մի շարժում շարավ:

երբ իմամլուցիները, վայրենի կերպով գոռալով, առաջ վազեցին, որ իրենց վրիժառության արդյունքը մոտիկից տեսնեն, երբ Հաշիմը մոտեցավ յուր քրոջը վերցնելու, Ֆաթման ընկած էր Ասադի վրա և դառն ողբում էր...

1889 թ., Թիֆլիս.

ՏԱՍՆՈՒՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՆՑԱԾ

Պատմվածք

Դատավորները գալիս են...

Ամբոխը միահամուռ ոտքի կանգնեց, խուլ շշնջյուններն ընդհատվեցին, ծայրե ի ծայր լիքը դահլիճում թագավորեց լռություն:

Պահապան զինվորներն ավելի մոտիկացան վանդակապատին, որի հետևում կանգնած էր օրվա տխուր հերոսը: Նրա ոտներն ու ձեռները շղթայած էին: Նա դեռ պատանեկական հասակումն էր, բարակ, նորաբույս ընչացքը հազիվհազ ծածկում էր նրա ստորին շուրթը. նա գեղեցիկ էր, թուխ աչքերով, փոքրիկ ձեռներով և բավական նուրբ կազմվածքով: Նրա երեսի գծագրությունը չէր արտահայտում եղեռնագործի հոգի:

Առաջ ներս մտավ նախագահը, հետո քննիչ անդամները, հետո դատախազը, հետո քարտուղարները: Նրանց դեմքերը սառն էին, անտարբեր և, միևնույն ժամանակ, ահարկու հարյուրավոր ամբոխի համար:

Հանցավորն յուր հայացքն հառեց դեպի այն կողմ և մի րոպե չանցած լսվեց նախագահի անհողդողդ ձայնը.

Բաքվի նահանգական դատարանի քրեական բաժինը Գրիգոր Խանզադյանցին, մեղադրելով Սեյիդ-Ազիմի որդի Ղուրբան Ալիի սպանության համար, դատապարտեց...

Հանցավորը մի ցնցումն գործեց. նրա ձեռների շղթան մի թեթև շաչյուն արձակեց: Ամբոխը, ինչպես մի անձնավորություն, զսպեց յուր շնչառությունը:

Դատապարտեց՝ զրկել բոլոր անհատական և ստացական իրավունքներից, ենթարկել տաժանակիր աշխատանքի Տոմսկի նահանգի գավառներից մեկում տասնուերկու տարի ժամանակով, այնուհետև հավիտենական բնակության Ռուսիայի հեռավոր նահանգներում:

Մինչ թարգմանն այս խոսքերը կրկնում էր հանցավորին, դահլիճի մի անկյունից լսվեց կանացի մի սուր ճիչ:

Հանցավորը ոչինչ չպատասխանեց նախագահի հարցին, թե, արդյոք, գոհ է այդ վճռով: Պահապանները բաց արին վանդակապատը, և նա թուլացած, սփրթնած ցած իջավ սանդուղքով: Նրա դողդոջուն ոտը դահլիճի հատակին չհասած. կականելով առաջ վազեց և նրա պարանոցին փաթաթվեց ասիական հագուստով մի կին:

Դա դատապարտվածի հարազատ մայրն էր, որ յուր թևերի տակ գգվելով սնել ու մեծացրել էր նրան տասնուինը տարի, մինչև այն ժամանակ, երբ որդին բոլորովին անձնատուր եղավ կյանքի մոլություններին: Եվ երկու տարի չանցած երկրորդ տարփածուն ձգեց նրան փորձության մեջ:

Ո՛չ ամբոխի խնդիրքը, ո՛չ ոստիկանների խոսքը, ո՛չ սվինների սպառնալիքը չկարողացան մորր բաժանել յուր անդրանիկ որդուց: Նա խղճալի էր, բայց շատերն ավելի խղճում էին երիտասարդ դատապարտվածին: Ո՞վ չէր ճանաչում նրան N քաղաքում, ո՞ր մայրը չէր նախանձել նրա մորը, ո՞ր աղջիկը տասն անգամ չէր դիիտել նրան դռների հետևից, ասիական համեստության և ամոթխածության թանձր քողիշալի տակից, երբ սիրուն տղան անցնում էր փողոցով, գլուխը բարձր պահած, գդակը անփույթ կերպով ձախ ականջի կողմը թեքած, կուրծքը դուրս ցցած, ճակատը բաց, դեմքը հանդուգն, կրակոտ: Եվ նա, շատերի նախանձի այդ առարկան, հանկարծ զոհ դարձավ յուր մոլի կրքերին, հասարակական ստոր խավի ծնունդ մի անառակ թրքուհու ոտքի տակ դնելով ծնողների նամուսը և յուր ծաղիկ կյանքը:

Երբ Անթառամն ուշքի եկավ, յուր շուրջը կանգնած տեսավ միայն մերձավոր ազգականներին: Նա անզգայաբար թույլ տվեց, որ իրան կառք նստեցնեն և տանեն: Նա կգնա դատավորների մոտ, կաղերսի, որ վճիռը փոխեն, եթե չեղավ՝ նա կդիմի ավելի բարձր դատավորներին: Նա մինչև անգամ ոտաբաց կգնա թագավոր կայսեր մոտ, կընկնի նրա ոտներին: Նա բարի է, նա չի թույլ տալ, որ մի մայր գրկվի իր որդուց և այն էլ ինչ որդուց...

Տասներկու տարի, տասներկու տարի, անիխիղճ մարդիկ...

Մարտ ամսի վերշն էր: Վոլգա գետի ստորին մասերի սառույցն արդեն կոտրվել էր և Բաքվի ու Ռուսիայի մեջ նավագնացությունը սկսվել:

Եղանակը բավական ցուրտ էր. մանր, փոշիանման անձրև էր գալիս, ծովը խաղաղ էր, միայն նրա հեռավոր հորիզոնը ծածկված էր մոխրագույն թանձր մշուշով: Փորձառու մարդիկ հավատացնում էին, թե խորքում, ափերից շատ հեռու փոթորիկ կա: Իսկ «Կասպի» շոգենավի հանդուգն նավապետն արհամարհում էր թե՛ բնության սպառնալիքն և թե՛ մարդկանց խորհուրդները:

Շտապեցե՛ք, — հրամայում էր նա անվրդով ձայնով նավաստիներին, — կես ժամից հետո պիտի խարիսխը հանենք: Բոլոր ապրանքները բարձվա՞ծ են:

Բարձված են:

Որտե՞ղ են ճանապարհորդները:

Նավապետը վերջին բառն արտասանեց հեգնական եղանակով:

Ահա՛...

Նավահանգստի ծայրում հավաքված էր միատեսակ մոխրագույն կապույտ վերարկուներ հագած աքսորականների խումբը, թվով տասը հոգի, շրջապատված կրկնապատիկ զինվորներով: Հացի կապոցները ձեռներին բռնած, թշվառները մռայլ ու խոժոռ հայացքով նայում էին ջրի անհուն տարածությանը, որ այն օրվանից առմիշտ պիտի անջատեր նրանց հայրենիքից: Նրանք բոլորն օտար քաղաքներից էին բերված: Չկար մեկը, որ արտասուքով կամ գեթ ցավակցական հառաչանքներով ճանապարհ դներ նրանց: Ո՛վ գիտե, նահանգի որ գավառում և ո՛ր գյուղումն էին այդ րոպեին ողբում նրանց մայրերն ու քույրերը: Մտածում էին նրանք այդ մասին, թե ոչաստծուն էր հայտնի: Երբեմն նրանց տիրում էր մի կատաղի զվարճություն: Նրանք միմյանց հրում էին, կատակներ էին անում, հըռհըռ ծիծաղում էին: Կարծես, առաջիկա ճանապարհորդությունը մի զվարճալի զբոսանք էր խոստանում նրանց: Բոլորն էր ավազակներ էին, ո՛վ գիտե, քանի անմեղների մեջ թաթախած իրենց ձեռները:

Միայն մեկն էր բացառություն ներկայացնում այդ աքսորականների մեջ յուր հոգեկան դրությամբ: Նա կանգնած էր խմբից մի փոքր հեռու, ամենից տեսքով և ամենից երիտասարդ: Զինվորների շղթայակապ շարքի հետևում կանգնած էր նրա մայրն յուր մի քանի ազգականների հետ:

Երբ յուր բոլոր հույսերից զրկվեց, տեսնելով, որ աղի աղերսանքներն ոչ ոքի վրա չազդեցին: Անթառամին մնում էր հաշտվել յուր վիճակի հետ: Երեք ամիս չանցած Գրիգորին դուրս բերեցին յուր ծննդյան քաղաքից: Անթառամը հետևեց նրան մինչև Բաքու: Եվ ահա վերջին անգամն էր նա տեսնում յուր որդուն:

Գրիգորն աշխատում էր երևալ ուրախ, զվարթ և ճիգն էր թափում մխիթարել յուր մորը: Բայց նրա ամեն մի մխիթարական խոսքը կրկնապատկում էր Անթառամի տանջանքը:

Կուրծքը կիսով չափ բաց, աչքերը արտասուքից ցամաքած, նա յուր հոգեկան վիշտն արտահայտում էր միայն գլխի տարօրինակ շարժումներով: Եվ այդ շարժումներն ավելի ազդու էին, քան առաջվա արտասուքը, հեկեկանքն ու գոռումները: Նա ձգտում էր առաջ, ուզում էր մի անգամ ևս փաթաթվել յուր սիրեցյալի պարանոցին: Բայց բավական է, զինվորական կարգապահությունը սրտի թույլ զեղումներ չի սիրում:

Սվինների սպառնալից շարքը մի անխորտակելի պատնեշ է մոր և որդու միջև: Եվ որքա՛ն գեղեցիկ էր նա այն օրն յուր մոր աչքում, նույնիսկ աքսորականի տգեղ հագուստով, մի տարվա հոգեկան և մարմնական զրկանքներից հետո:

Շոգենավի սուլիչի առաձգական ձայնը լսվեց: Անթառամի աչքերը մթնեցին: Աքսորականներին հրամայեցին առաջ գնալ, և մոխրագույն խումբն անցավ շոգենավի տախտակամածի վրա:

Բարակ անձրևը շարունակվում էր: Ի՞նչ, նա, որ մեծացել է ծնողների խնամող հարկի տակ, գիշերը պիտի անցուցանի բա՞ց օդում, ծովի անհուն տարածությա՞ն մեջ, անձրևի՞ ներքո: Ոչ երբեք, թողե՛ք Անթառամին ծովը գցի իրան, խեղդվի, որ չտեսնի որդուն այդ դրության հասած: Բայց ո՞վ կթողնի և ինչո՞ւ. չէ՞ որ աստծու ձեռին ոչինչ անհնարին չկա և միթե չի՞ կարող նա ազատել Անթառամի որդուն:

Իսկ շոգենավը մեղմիկ սահում էր և նավահանգստից հեռանում: Անջատող պատնեշն այժմ ծովի խորությունն էր, այսինքն՝ ինքը բնությունը:

Եվ որքա՛ն արագ էր մեծանում այդ պատնեշը:

Ահա խարիսխը բարձրացավ ծովի հատակից, շոգենավն յուր կտուցը ծռեց դեպի հակառակ կողմը. աքսորականների մոխրագույն գլխարկներն են միայն երևում: Մի կարմրագույն լաթի կտոր այդ գլխարկներից վեր սավառնում էր օդի մեջ: Դա Գրիգորի վերջին բարևն էր:

Չքացավ կարմիր թաշկինակն ևս, և ամեն ինչ ձուլվեց, դարձավ մի անորոշ սև գունդ, որից բարձրանում էր թանձր նավթային ծուխն և սփռվում մուգ-կապտագույն ծովի տատանվող մակերևույթի վրա...

Անցան առաջին ամիսները: Անթառամն արդեն վերադարձել էր յուր ծննդյան քաղաքը, այնտեղ, ուր հանցանք էր գործել և ուր դատապարտվել էր հավիտենական աքսորանքի նրա որդին:

Օր-օրի վրա նա սպասում էր նամակի: Առաջին նամակը ստացավ միայն ինն ամիս անցած:

Գրիգորը նկարագրում էր նախ ծովային վտանգալից փոթորիկը, բացօթյա կյանքը, հետո ընդարձակ Ռուսիայի լայնատարած դաշտերը, ցուրտը, անձրևները, ձյունը, բուքը, մի խոսքով, բնության և մարդկության արհավիրքը, որ կրել էր նա յուր հնգամսյա ճանապարհորդության ընթացքում: Վերջապես, նրանց բերել են աքսորատեղին: Դա մի փոքրիկ ավան է քաղաքից հեռու: Այստեղ կան արքունական հանքեր և մի գործարան, ուր բոլոր աշխատավորներն աքսորականներ են: Ահա այս հանքերում և գործարանում պիտի աշխատի և Գրիգորը, ինչպես մի բեռնակիր մշակ, միշտ և անդադար, ամբողջ ցերեկը, ստորերկրյա մթին և խոնավ հանքերում, առանց իրավունքի գործարանի շրջապատից դուրս ոտք դնելու:

Տասն անգամ Անթառամն յուր երկրորդ որդուն ստիպեց այդ նամակը կարդալ: Նա այն օրն, ինչպես ասում էր ինքը, թաղում էր յուր որդուն: Նա հրավիրել էր բոլոր մոտիկ ազգականուհիներին, որ յուր ցավին ցավակից լինեն: Եվ այդ կանայք փոխանակ մխիթարելու, ավելի գրգռում էին նրա վիշտն իրենց կեղծ և անկեղծ հառաչանքներով, իրենց կարեկցական դարձվածքներով: Նամանավանդ կեղեքվում էր նրա սիրտը, երբ այդ կանանցից յուրաքանչյուրը հիշեցնում էր Գրիգորի սիրուն կերպարանքը, հարավային բորբոքուն երևակայությամբ նկարագրելով նրան կրկնակի գեղեցիկ գույներով:

Հետագա ձմեռը ստացվեց երկրորդ նամակը: Այս անգամ Գրիգորը մռայլ նկարագրություններ չէր անում: Երևում էր, որ նա արդեն սկսել է ընտելանալ աքսորականի վիճակին, մխիթարում էր յուր մորը, հիշեցնում էր, թե Սիբիրն էլ մի մարդաբնակ աշխարհ է, թե այնտեղ էլ մարդիկ են ապրում և այլն, և այլն: Եվ յուր դրությունն ավելի թեթև ցույց տալու համար դիմում էր համեմատական նկարագրությունների յուր բախտակիցների կյանքից: Մասնավորապես նա գրում էր մի նախկին հայ պաշտոնյայի մասին, որ աքսորված էր քսան տարով իբր թե կաշառակերության և եղեռնագործներին գողերին ու ավազակներին գաղտնի աջակցելու համար: Թե ի՞նչ է եղել այդ մարդն առաջ, աստված գիտե, բայց յոթ տարի աքսորականի կյանքի դառնությունները ճաշակելուց հետո, նա շատ մեղմ, բարեսիրտ և խեղճ մարդ է դարձել:

Այսպիսիներին տեսնելիս սիրտս մխիթարվում է, — ավելացնում էր Գրիգորն յուր նամակում:

Տարին անցնում էր տարու հետևից, ժամանակն Անթառամին ևս ընտելացնում էր յուր վիճակին, հարկավ, արտասուքն և լացը նրա կյանքի անհրաժեշտ պահանջը դարձնելով: Ամեն անգամ, որ նա հիշում էր (և ե՞րբ չէր հիշում) այն րոպեն, երբ որդու, կարմիր թաշկինակը սավառնեց օդում, նրա կրծքից դուրս էր հնչում ծանր հոգոց, և աղի կաթիլները ողողում էին նրա նիհարած այտերը: Բայց այդ լոկ մի դառն երազ էր համեմատությամբ այն պատկերի, որ միշտ կանգնած էր Անթառամի աչքի առջև, որ միշտ հալածում էր նրան:

Ահա նա, ուրախ, անհոգ դեմքով, բաց ճակատով, երիտասարդական հրով վառված աչքերով: Որքա՛ն ուրախացնում էր Անթառամին որդու այդ կերպարանքը, որքան հպարտանում էր և զմայլվում, տեսնելով նրան ընկերների շրջանում բոլորից սիրուն, բոլորից կայտառ, բոլորից աշխույժ: Այո՛, ամբողջ թաղի մեջ չկար մի ուրիշը նրա նման: Եվ այդ լոկ մայրական երևակայության արգասիք չէր, այլ մասամբ և իսկություն: Քանի-քանի ազգական կանայք ստիպել են Անթառամին՝ թալիսմաններ կապել Գրիգորի վզին, որ նա զերծ մնա չար աչք դիպելուց: Չօգնեցի՛ն նրան այդ թալիսմանները:

Արդյոք նո՞ւյնն է մնացել Գրիգորը Սիբիրում, թե՞ փոխվել է. չէ՞ որ անցել է յոթը տարի նրա աքսորվելուց: Սակայն Անթառամի երևակայությունը կենդանի պատկերացնում էր քսանուինըերեսուն տարեկան Գրիգորին այնպես, ինչպես նա տեսել էր առաջ և ինչպես անջնջելի դրոշմվել էր նրա հիշողության մեջտակավին պատանի, թարմ, քսանումեկ տարեկան Գրիգորին: Ցերեկն երևակայությամբ, գիշերն երազում, միշտ և անդադար այդ պատկերը կանգնած էր նրա աչքերի առջև:

Յոթ տարի անցավ, ուրեմն մնում է հինգ տարի: Անթառամը համբերություն կունենա հինգ տարի ևս կրել յուր վիշտը: Նա օրեր և գիշերներ էր հաշվում, թե երբ պիտի լրանա որոշված ժամանակն և երբ հիշում էր, որ տաժանակիր աշխատությունից ազատվելուց հետո ևս Գրիգորը չի կարող վերադառնալ հայրենիք, գլուխը թեքում էր կրծքին և անշարժ մնում:

Որդին աքսորվելուց հետո նա մի առժամանակ աստծուց երես էր դարձրել, համոզված, որ նա անարդար վարվեց յուր հետ: Բայց կարո՞ղ էր նա երկար միջոց անհաշտ մնալ նրա հետ, որ մխիթարության և սփոփանքի անսպառելի աղբյուր է ամենայն տեսակ թշվառների համար: Եվ ահա նա դարձյալ ամեն երեկո կանգնում էր եկեղեցու սյուներից մեկի հետևում, ձեռները բարձրացնում էր վերև, աչքերը հառում էր աստվածամոր պատկերին և երկար, երկար ժամանակ անշարժ մնում միևնույն դրության մեջ: Հանուն մայրական սիրո, նա աղերսում էր աստվածամորը` միջնորդ լինել, որ աստված նրան մի օր արժանացնի յուր որդու տեսությանը:

Չմեռնեմ, մի անգամ էլ տեսնեմ նրան, — կրկնում էր նա բյուր անգամ կրկնած միևնույն դարձվածը:

Այսպես անցկացրեց Անթառամը տասնևերկու տարի, միշտ հուսալով թե պետք է արժանանա որդու տեսությանն և միշտ ապրելով միմիայն այս հույսով:

Վերջապես, նա ստացավ վաղուց սպասած լուրը: Երջանիկ օր, օ՛ր, երբ տասներկու տարվա ընթացքում առաջին անգամ երևեցավ ուրախության ժպիտ Անթառամի թառամած դեմքի վրա: Գրիգորն ազատվել է տաժանակիր աշխատանքից, ազատվել է առավոտից մինչև երեկո մթին և խոնավ ստորերկրում աշխատելուց, ազատվել է եղեռնագործների, գողերի, ավազակների և կոպիտ զինվորականների հասարակությունից, նրանց հետ մի բնակարանում ապրելուց, մի ամանից ուտելուց, մի ամանից խմելուց, մի խոսքով, աքսորականի կապանքներից:

Իսկ ա՞յժմ...

Ահա ինչ էր ավելացնում Գրիգորն յուր նամակի վերջում:

«Հենց որ ժամանակս վերջացավ, կամանդիրը թուղթ տվեց: Ազատվեցի անիծված դժոխքից, եկա քաղաք: Հաց չունեի, շոր չունեի, համարյա տկլոր էի, ասացի ինչ անեմ:

Էստեղ մեկ մարդ կա քեարփուչի (աղյուս) զավոդ (գործարան) ունի. աղաչեցի, պաղատեցի, վայնաչարի տեղ տվավ ինձ: Իհարկե, նրա էլ խիղճն եկավ ինձ, ինչու որ ինքն էլ առաջ ինձ պես կատորժնիկ (աքսորական) է եղել: Հիմա, գոհություն արարիչ աստծուն, ես պրիկաշչիկ (գործակատար) եմ զավոդում, գլուխս մի կերպ պահում եմ, եթե ինձանից հարցնես, ողջ, առողջ եմ, սիրելի ծնող, շատ էլ ֆիքր մի անիր: Մեկէլ, սուտ-ղորթ, ասում են, որ նոր թագավորը թախտ (գահ) նստելու օրը մանիֆեստ (հրովարտակ) է դուրս բերել կատորժնիկների համար: Աստված հաստատ պահի: Իսկը չեմ իմանում՝ ո՛ր կատորժնիկների համար է թագավորի ողորմությունը: Երեկ ընկերներիցս մեկն ասում էր, ես էլ հույս աստծո, որ ազատվողների մեջ լինեմ: Կամանդիրին հարցրի, ասեց մանիֆեստը մինչև օրս չի հասել, չեմ իմանում կա, չկա: Էսպես իմանաք: Հենց որ հասավ, իսկույն կիմանամ, կգրեմ: Գոհություն աստծո: Կրկին աղաչանքս է, որ շատ էլ սիրտդ չմաշես, աղոթք անես մեղքերիս համար, ժամ գնաս, ջուխտ-ջուխտ (զույգ-զույգ) մոմ վառես: Սիրելի մայր, Միխակին, Թագուհիին, Սեյրանին և այլ բարեկամաց ու հարցանողաց շատ-շատ բարև: Հավիտյանս հավիտենից ամեն:

Մնամ քեզ կարոտ, հարազատ որդի սիբիրնիկ՝

Գրիգոր Խանզադյանց»:

Սակայն անցավ մի տարի ու կես ևս, իսկ Գրիգորի հետագա նամակների բովանդակությունը գրեթե անփոփոխ էր մնում: Կայսերական մարդասեր հրովարտակը տակավին սպասվում էր: Գրիգորը սրան նրան հարցնում էր, ոչ ոք մի որոշ պատասխան չէր տալիս: Բայց նա դարձյալ մխիթարում էր մորը, դարձյալ հույս էր տալիս յուր վերադառնալու մասին:

Եվ Անթառամն անհամբեր սպասում էր. օրերը նրա համար անցնում էին անտանելի դանդաղությամբ, մինչ կլրանար այն ժամանակամիջոցը, որ տևում էր բնականաբար Գրիգորի մի նամակից հետո մինչև մյուսի ստանալը: Ստացվում էր հաջորդ նամակը, և դարձյալ նույն անորոշ բովանդակությամբ:

Մի ամառային օր, իրիկնադեմին, Անթառամը նստած զավթում քառասունուերկու սևացած ու չորացած սիսեռների վրա գուշակում էր ապագան: Հանկարծ շնչասպառ ներս վազեց նրա երկրորդ որդին, Միխակը, և ուրախ-ուրախ գոչեց.

Ի՞նչ կտաս, որ ասեմ...

Անթառամը, չնայելով իր ծերությանը, աշխուժությամբ թռավ ոտքի, խլեց որդուց նամակը, որ սա բռնած ուներ յուր ձեռքում: Նա մոռացավ, որ ինքը կարդալ չգիտե:

Շո՛ւտ արա, հոգիս մի հանիր, կարդա՛, — գոչեց նա, նամակը վերադարձնելով որդուն:

Կարդաց: Նամակը գրված էր Գրիգորի տիրոջ կողմից: Սա հայտնում էր, թե Գրիգորն արդեն ազատություն է ստացել և իսկույն ուղարկվել հայրենիք և թե շուտով, երևի տեղ կհասնի:

Ճի՞շտ է, արդյոք: Միգուցե գրողը մի չար թշնամի է, որ կամեցել է դառն կատակ անել, միգուցե «ազատություն» բառը մի ա՛յլ, խորհրդավոր նշանակությամբ է գործածված նամակի մեջ:

Բայց աստված լսել էր Անթառամի աղերսանքը. նա չպիտի մեռներ, մինչև որ տեսներ յուր որդուն: Չանցավ նամակ ստանալու օրից մի շաբաթ, Միխակը մի օր դարձյալ տուն վազեց շնչասպառ և այս անգամ ձեռքումը մի հեռագիր... Գրիգորից: Համառոտ խոսքերով նա հայտնում էր, թե հասել է N... նահանգական քաղաքը և ամենաշատը մի ամսից հետո կլինի իր ծննդավայրում:

Մի ամիս, մի ամիս չմեռնեմ ու տեսնեմ, չմեռնեմ ու տեսնեմ...

Այս խոսքերը կրկնելով, Անթառամն այն գիշերը համարյա մինչև լույս չկարողացավ քնել, այնքան նա հուզված էր ուրախությունից: Ի՞նչպես. մի՞թե արդարև տասնուհինգ տարուց հետո նա կրկին պիտի գտնե յուր մեռած ու կորած որդուն:

Օրը կիրակի էր: Անթառամի որդիներըՄիխակը և Սեյրանը ճաշից հետո գնացել էին քաղաքի շրջակայքը՝ զբոսնելու: Նա նստած էր միայնակ թախտի վրա, պատուհանի առջև և, ձեռները կրծքին դարսած, յուր մռայլ ու անորոշ հայացքը հառել էր երկնքի հեռավոր հորիզոնին, ուսկից նա, կարծես, մի բան սպասում էր:

Նա մի քանի րոպե առաջ դարձյալ հմայել էր քառասունուերկու սիսեռների վրա և երեք կարգի բաժանված սիսեռների միջին կարգը դուրս էր եկելչորս, երկու, մեկ-մեկ իրարու հետևից, որ ասել էր ճանապարհ:

Չմեռնեմ, մի անգամ էլ տեսնեմ, չմեռնեմ, մի անգամ էլ տեսնեմ, — արտասանվում էին դարձյալ նրա ցամաքած շրթունքները:

Այնինչ նրա անորոշ հայացքը շարունակ հառած էր երկնքի հորիզոնին, ուր փոքր առ փոքր բարձրանում էին ամառային բամբակագույն ամպերի կույտերը և դիզվում միմյանց վրա: Անդադար շարժվելով, այդ ամպերը զանազան ձևեր էին ընդունումմերթ բարձրագագաթ լեռների, մերթ հրեշավոր կենդանիների: Եթե քառասունուերկու սիսեռների գուշակությունը պիտի կատարվի, թող ամպերն էլ գուշակեն թող նրանց բազմաթիվ կույտերից մինը կառքի ձև, ձիու կամ ուղտի կերպարանք ներկայացնի, այն ժամանակ Անթառամը կիմանա, որ ճանապարհը դատարկ չէ: Եվ ահա, հազիվ սնահավատ կնոջ մտքով անցել էր այս խորհրդավոր ցանկությունը, երբ կապտագույն հորիզոնի վրա ձգվեց մի սպիտակ գիծ, այնուհետև նա ծռվեց այս կողմ, այն կողմ և պատկերացավ... մի հսկայական ձյունագույն թափանցիկ ձի՝ քուլաքուլա ամպերից: Անթառամի սիրտը սկսեց ուժգին բաբախեի կարելի՞ բան է, որ այս բոլոր գուշակություններն ապարդյուն մնան:

Մի ամբողջ ժամ նա այս դրությամբ անշարժ նստած էր. փոքր առ փոքր նրա ջղերին տիրեց թուլություն և նա ընկղմվեց մի տեսակ թմրության մեջ: Երբեմներբեմն նա ցնցվելով սթափվում էր, նայում էր աջ ու ձախ, ականջ էր գնում դեպի դուրս և կրկին գլուխը թեքում կրծքին:

Հանկարծ նա ուժգին ցնցվեց, վեր ցատկեց տեղից և սկսեց ականջ դնել: Նրան թվում էր, թե լսում է ինչ-որ զանգակների թույլ հնչյուն, հետո ոչինչ չի լսում և տիրում է դարձյալ միևնույն լռությունը շրջակայքում: Բայց որ, եթե նրա ուղեղը խանգարված չէ, եթե նրա լսելիքը չի խաբում, արդարև լսվում է փոստային կառքի զանգակների ձայն և լսվում է հետզհետե ավելի պարզ ու որոշ: Ահա այն, վերջապես, բոլորովին մոտեցավ և, կարծես, հնչում է պատուհանի տակ: Հանկարծ զանգակների ձայնին խառնվեց կառքի անիվների դղրդյունը. խուլ փողոցն աղմկվեց մի քանի վայրկյան և ամեն ինչ դարձյալ լռեց...

Անթառամի ոտները ներքին հուզմունքից սկսեցին դողալ: Նա վազեց դուրս, որքան կարող էր շտապով ցած եկավ փոքրիկ սանդուղքով, ձեռներով ծնկները բռնած: Գավթի մեջտեղում կանգնած էր մի անծանոթ մարդ և կասկածանքով նայում էր դեսուդեն...

Այդ մարդը հագած էր սևագույն և կոպիտ մահուդից ռուսական ձևով կարած կապայի նման մի կարճ բան հասարակ զինվորականի կոշիկներ երկայն անկարուրդով և կոշտ կտավից կարած լայն վարտիք: Նա գլխին դրած էր սպիտակ ոչխարենուց կարած բոլորակ գդակ, որի բավական երկայն մազերը ծածկել էին նրա ճակատն ամբողջովին:

Այդ մարդը նիհար էր, կուրծքը ճնշված, ներս ընկած, մեջքը կորացած, մի ուսը մյուսից նկատելի կերպով բարձր, երեսը խորշոմած, միրուքը գզգզված, աչքերը խորն ընկած, այտերը, ծնոտը և կոկորդի ոսկորը նիհարությունից դուրս ցցված: Նրա ձեռները ոսկրոտ էին, կոշտ ու պինդ, ինչպես որմնադրի կամ տարին տասներկու ամիս քար կրող մշակի ձեռները, կապույտ ջղերը որոշ գծավորված երկաթագույն և կուչկուչված կաշվի տակից, մատների հոդերը դուրս ցցված, այնպես որ հիշեցնում էին մոխրախառն կրակի մեջ խորոված շագանակներ:

Արա ոտները ներքևի կողմից երևում էին ծուռ և երբ նա, յուր ձեռնափայտի վրա հենվելով, մի քանի քայլ առաջ եկավ, նշմարվեց, որ կաղում է փոքր-ինչ. կարելի էր կարծել, որ նրա ոտների ոլոգները իրանց տեղումը չեն կամ գարշապարներն ուռած են: Անախորժ, վերին աստիճանի անախորժ և, միևնույն ժամանակ կասկածավոր ու երկյուղալի տպավորություն էր գործում այդ մարդու ամբողջ կերպարանքն առաջին՝ հայացքից: Նրան տեսնողն և՛ կխղճար, և՛ կսարսափեր ակամա, իսկ եթե լսեր, որ ողորմություն է աղերսում, կմերժեր կամ եթե ողորմել կամենար, չէր մոտենար նրան, հեռվից կձգեր փողն և կհեռանար:

Անթառամը շտապելով և հազիվհազ իր դողդոջուն քայլերը փոխելով, անցավ այդ մարդու մոտով, առանց ուշադրություն դարձնելու նրա վրա:

Անծանոթը խոր խորշերի մեջ թաղված աչքերով ոտից գլուխ չափեց նրան ուշադրությամբ: Տարօրինակ և զարմանալի էր այդ աչքերի արտահայտությունը: Կարծես, նրանք վաղուց զրկվել էին կենդանությունից, կարծես, նրանց խոշոր բիբերն անշարժ էին, սպիտակ շրջանակները սառած, հողագույն կոպերը քարացած:

Նա նայեց Անթառամի հետևից, նայեց աջ ու ձախ, հաստաբուն թթենուն տան փոքրիկ փայտյա պատշգամբին, կիսավեր շրջապարսպին և գլուխն երկմտորեն շարժեց: Թվում էր, որ նա տատանման մեջ է. չգիտե ինչ անե, խոսե, թե լռե, առաջ գնա, թե ետ դառնա, բարկանա, թե ուրախանա:

Այնինչ Անթառամը հասավ դրսի դռներին, նայեց դեպի փողոց և կրկին շփոթված ետ դարձավ: Այս անգամ նա նկատեց անծանոթին և, չմոտենալով նրան, հուզված ձայնով հարցրեց:

Դո՞ւ ես կառապանը:

Անծանոթը լուռ էր:

Կառապանը դո՞ւ ես:

Անծանոթը լուռ էր:

Բաս ինչո՞ւ կանգնեց մեր դռների մոտ... Ուրի՞շ է եկողը... Նա չեկա՞վ...

Անծանոթը փայտի օգնությամբ մի քայլ առաջ դրեց: Նա դարձյալ լուռ էր և միայն յուր կիսակենդան և երկմիտ հայացքը չէր հեռացնում Անթառամի երեսից:

Ողորմած Աստված, ինչո՞ւ ես ինձ ծաղր անում, — գոչեց Անթառամը դառնությամբ, — ես սպասում եմ... Չէ, կանգնիր, այ մարդ, դու, ո՞վ ես... Տեր աստված... ավազակ... ի՞նչ ես ուզում ինձանից...

Այստեղ անծանոթն երկու ձեռները հենեց փայտի վրա, մեջքը քիչ թեքեց և հառաչելով արտասանեց հետևյալ խոսքերը.

Կատարվեց ասածս... ոչ ես ճանաչեցի, ոչ նա է ճանաչում...

Անթառամը սարսափած և անգիտակցաբար ետ կանգնեց: Այդ մարդու ձայնը նրա հոգու խորքում զարթեցրեց վաղուց, շատ վաղուց թմրած մի բան: Մի թույլ հիշողություն լուսավորեց նրա հոգին: Այդ նրա տասնութ տարի առաջ մեռած և մոռացված ամուսնու ձայնն է, այո՛, իսկ և իսկ այն թույլ, խեղճ ողորմելի ձայնը, միայն ավելի տկար: Բայց ի՞նչպես, կարելի բան է, որ մեռելը վեր կենա տասնութ տարվա գերեզմանի խորքից: Միթե նա երազու՞մ է կամ գուցե ցնորվե՞լ է:

Ես Գրիգորն եմ... չճանաչեցի՞ր...

Ճի՞շտ լսեցին, արդյոք, Անթառամի ականջները, թե՞ դարձյալ շարունակվում է նրա զառանցանքը: Սակայն նա կարող է երազում լինել, կարող է անգամ ցնորված լինել, բայց որ չճանաչի իր Գրիգորին, որ կարողանա մազու չափ խաբվել նրան տեսնելիս, դա անկարելի բան է: Եվ ոչ միայն նա, այլև ամենքը, որ մի անգամ տեսել են նրա գեղեցկադեմ, նրբակազմ որդուն, մի՞թե երբևիցե կարող են չճանաչել թեկուզ տասնուհինգ տարուց հետո:

Ինչպես քնից նոր զարթնած նա շփեց ձեռներով աչքերը, որ ավելի պարզ դիտե յուր առջև կանգնած տարօրինակ անձնավորությունը: Եվ կար մի անխուսափելի, մի անբաժան երեվույթ, որ խանգարում էր նրան տեսնել իսկությունը:

Դա Գրիգորի, նախկին Գրիգորի սիրուն կերպարանքն էր, այնպես, ինչպես տպավորվել էր նրա հիշողության մեջ: Սա է ահավասիկ Անթառամի իսկական որդին, այս սիրուն պատկերը, որ տասնուհինգ տարի շարունակ վառ պահել է նրա երևակայությունը, որ ձուլվել ու միացել է նրա հոգու հետ, որ գիշերը խլել է նրա քունը, ցերեկը՝ հանգստությունը: Եվ հանկարծ այդ մյուսը, այդ ավազականման տգեղ, այլակերպ անծանոթը հանդգնում է...

Դա մի օդերևույթ է...

Եթե իմանայի, որ մայրս էլ է ինձ մոռացել, Սիբիրը ինձ համար ավելի լավ կլիներ...

Բնական և խորին թախծությամբ արտասանված պարզ բողոքը հանկարծ սթափեցրեց մոլորված կնոջը: Քողն ընկավ նրա աչքերից. խաբուսիկ պատկերը չքացավ, դառն իրականությունն ամենայն մերկությամբ երևան եկավ մինչև այդ վայրկյան ցնորք համարված այլանդակ էակի կերպարանքով:

Նա ճանաչեց յուր որդուն, ճանաչեց նրա ձայնը, նրա աչքերը: Նրա ոտները թուլացան. հարվածն անսպասելի էր և սաստիկ: Նրա գլուխը պտտեց, աչքերը մթնեցին, գուցե նա տեղն ու տեղը գետին ընկներ, եթե որդու նիհար, ոսկրոտ ձեռները նույն վայրկյանին չգրկեին նրան:

Այս ամբողջ տեսարանը կատարվեց մի քանի վայրկյանում միայն:

Երբ որդին աջ կուռը վերցրեց մոր ուսից, նրա կապայի թևը մի փոքր ետ քաշվեց: Երևեցավ նրա բազուկը, որի վրա երկաթե կապանքը անջնջելի կերպով դրոշմել էր յուր կոշտ հետքը սև և լայն ապարանջանի ձևով:

Հիմա ճանաչո՞ւմ ես, — ասաց նա, պարզելով յուր բազուկը Անթառամի աչքի առջև:

Այդ բազուկի վրա կար ծննդյան մի մեծ և բոլորակ խալ:

Անթառամը բաց թողեց որդուն յուր գրկից, նայեց նրա ոտից մինչև գլուխ աղճատված կերպարանքին, ձեռները բարձրացրեց վեր և, յուր ալեզարդ գլխին մի ուժգին հարված տալով, գոչեց դառն ձայնով.

Երանի մեռնեի և քեզ չտեսնեի...

ԹԱՆԿԱԳԻՆ ԿԱՊԱՆՔ

Պատկեր

Օրն ամառային էր և իրիկնադեմ: Այրի Հռիփսիմեն իր ամուսնուց ժառանգած սեփական տան պատշգամբի վրա թեյ էր պատրաստում: Սմբատը, նրա միակ որդին, մի կողմ նստած, նայում էր դեպի գավիթ, որ զարդարված էր փոքրիկ գեղեցիկ պարտեզով:

Որդին տխուր էր և, կարծես, ինչ-որ մտատանջության մեջ. մի բան, որ հազիվ էր պատահում: Ժամանակ առ ժամանակ նա հառաչում էր և իր անորոշ հայացքը դարձնում դեպի պարզ մանիշակագույն երկինքը, ուր դանդաղորեն սահում էին ամառային նոսր ամպերը:

Մայրն արդեն նկատել էր որդու տխրությունը, բայց ինչ էր պատճառըչգիտեր: Թեյի բաժակը դնելով նրա առջև, ինքն էլ նստեց դեմուդեմ և յուր հայացքը հառեց որդու կիսադեմքին: Որքա՛ն երկյուղ, ակնկալություն և, միևնույն ժամանակ, քնքուշ սեր էր արաահայտում այդ հայացքը: Թվում էր, և այդ ճիշտ էր, որ մայրն ամեն վայրկյան պատրաստ էր յուր կյանքը զոհելու, միայն թե որդու տխրությունն որևէ ծանր պատճառ չունենա, միայն թե այդ լինի րոպեական անցողիկ տրամադրություն:

Սմբատը դատարկեց թեյի բաժակը, բարձրացավ տեղից և, շարունակ լռելով, դիմեց դեպի յուր սենյակը:

Սմբատ, — դարձավ նրան մայրն անվստահ եղանակով:

Սմբատը հետ նայեց և կանգնեց: Գավթում ոչ ոք չկար, թացի ծառայից, որ հեռվում ցնցուղով ջրում էր պարտիզի ծաղիկները: Մայր ու որդի կարող էին խոսել վստահ, որ ոչ ոք չի լսիլ նրանց:

Ի՞նչ ես ուզում, — հարցրեց որդին:

Որքան ևս աշխատեր մեղմ արտասանել յուր հարցը, այսուամենայնիվ, նրա ձայնի մեջ մայրն զգաց անսովոր խստություն:

Ուզում եմ տխրությանդ պատճառն ինձ էլ հայտնես:

Ես տխուր չեմ:

Ասաց որդին և անմիջապես շուռ եկավ, որ գնա, բայց մայրը խնդրեց սպասել:

Դու ինձանից թաքցնո՞ւմ ես միտքդ, — հանդիմանեց Հռիփսիմեն, — միթե չե՞ս իմանում, որ ինձ վշտացնում ես:

Շատ հետաքրքիրն ես, — պատասխանեց որդին տհաճությամբ, և այս անգամ նրա ձայնի կոշտությունն ավելի զգալի էր:

Սմբա՛տ...

Մի անսովոր դառն ժպիտ աղավաղեց որդու շրթունքներն, երբ մայրը կասկածելի հայացքով չափեց նրան ոտից մինչև գլուխ:

Այդ, վերջապես, անտանելի է, — գոչեց նա, նստելով յուր աթոռի վրա, — այդ կյանք չէ, մայր, որ ես քաշում եմ: Քո կասկածներն ինձ հալածում են: «Սմբա՛տ, ինչո՞ւ ես տխուր, Սմբա՛տ, ինչո՞ւ ես լուռ, Սմբա՛տ, ինչո՞ւ չես ուտում, ինչո՞ւ չես խմում»: Խոստովանվում եմ, այդ բոլորն ինձ արդեն ձանձրացրել է:

Next page