Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Դու ինչո՞ւ ես լռում, Սրափիոն, — դարձավ իրավաբանը Բարսամյանին: — Միթե ճիշտ չէ՞, որ հայ երիտասարդությունը... է:

Այստեղ կրթված երիտասարդը մի անվայելուչ ածական գործ դրեց, որ իրեն էլ ամաչացրեց:

Բարսամյանը ոչինչ չպատասխանեց, ոտը ոտի վրա դրած նա հանգիստ ծխում էր, հեգնական մի ժպիտ երեսին, նայելով դեպի այն կողմը, ուր բժիշկը թեյ էր պատրաստում:

Վերջապես, երբ իրավաբանի և ուսուցչի վիճաբանությունն ավելի տաքացավ, նա ծխախոտը հանգցրեց, ոտը ոտի վրայից վերցրեց և արմունկները դնելով ծնկների վրա, հանդարտ եղանակով ասաց.

Պարոններ, ձեր վիճաբանությունը, ինչպես տեսնում եմ, շատ հետաքրքրական է դառնում: ես կցանկանայի ձեզ մի եղելություն պատմել, որ շատ մեծ կապ ունե վիճելի առարկայի հետ: Վաղուց ալս եղելությունն ինձ տանջում է, այո՛, տանջում է, որովհետև նրա մեջ կա թաքնված մի գաղտնիք, որ մինչև այսօր ես չեմ կարողանում բացատրել ինքս ինձ համար: Թույլ կտա՞ք արդյոք պատմել ձեզ, գուցե դուք կարողանաք հասկանալ այս գաղտնիքը:

Տաք սենյակ, ազատ մարդիկ, հյուրասեր տանտեր, ինչո՞ւլ չպիտի թուլ տային:

Մանավանդ, որ դու գիտես պատմությունդ հետաքրքրական դարձնել, — ասաց բժշկապետը:

Այդ չգիտեմ, բայց ինքը եղելությունը հետաքրքրական է, պատասխանեց Բարսամյանը: Ուրեմն համբերություն կունենա՞ք լսելու:

Ամենը խոսք տվին մինչև վերջը լսել և Բարսամյանը այսպես սկսեց յուր պատմությունը:

Ես գիմնազիստ էի: Նոր յոթերորդից անցել էի ութերորդը: Ձեզ համար, պարոններ, հասկանալի է, թե ինչ ասել է վերջին դասարան գիմնազիստ: Ապագայի վառ հույսերն ինձ ոգևորում էին, ես ուրախ էի, որ շուտով, վերջապես պիտի ազատվեմ ընտանեկան կապանքներից, պիտի լինիմ մայրաքաղաքի ազատ ուսանող:

Ուսանո՛ղ, ստուդե՛նտ, ո՞ւմ սիրտը մի անբացատրելի բուռն զորությամբ չէ լցրել այս անունը, ո՞վ չէ կարծել, որ ամեն ինչ այդ կախարդական բառի մեջ է ամփոփված, և անհոգ զվարճություն, և գիտություն, և փառք, և սեր, և ընկերական կապ... Ամեն ինչ:

Մի երեկո, դասերս պատրաստած, սեղանիս մոտ նստած, երևակայում էի իմ ապագա կյանքը, հակկարծ իմ դասընկերներից մեկը, որի հետ շատ մտերիմ բարեկամներ էինք, ներս մտավ և առանց բարևելու, ասաց.

Գնա՛նք:

Ո՞րտեղ:

Գնանք, հետո կիմանաս:

Ախար ո՞րտեղ:

Այնտեղ, եղբայր, որաեղ չես եղել մինչև այժմ... Ասում էին դեռ արժանի չէ Բարսամյանը... Խենթե՛ր, մարդ ճանաչել չգիտեն, աստված վկա... Խստությունը հարկավոր է, ո՞վ է ասում հարկավոր չի... Բայց ոչ ամեն մարդու վերաբերմամբ... Տո՛, վե՛ր կաց է՛է: Ի՞նչ ես ապուշի պես նստել ու երեսիս մտիկ անում...:

Այս ասելով, ընկերս թևիցս բռնեց և ուժով ինձ բարձրացրեց: Իսկ որ ես ապշած էի, չգիտեի, թե նա ի՞նչ է ուզում ինձանից, ո՞ւր է տանում: Եվ քանի հարցնում էի, այնքան անհասկանալի էր դառնում նրա պատասխանը:

Գնա՛նք, գնա՛նք, գնա՛նք, կրկնում էր նա մի գլուխ և թևիցս քաշում:

Լավ, գալիս եմ, համաձայնեցի ես վերջապես, բայց մտիկ արա, եթե վատ տեղ տարիր, ձեռիցս չես պրծնի, դու ես իմանում:

Ընկերս խորհրդավոր կերպով Ժպտաց, մենք միասին դուրս եկանք:

Նա տարավ ինձ քաղաքի ետ ընկած թաղերից մինը: Մենք մտանք մի նեղ և մթին փողոց, հետս մի ուրիշը, երրորդը, չորրորդը, ծռվեցինք աջ, ձախ և վերջապես, մի փոքրիկ աան առջև կանգնելով, ընկերս մտիկ արավ չորս կողմը և շշնջաց.

Դե՛հ, մտնենք:

Մտանք, բայց ո՞ւր, չգիտեի: Տեսնում էի, որ մի փոքրիկ գավիթ է, սալահատակը կեղտոտ, ցեխոտ և հոտած: Մի մեծ գամփռ, մեր ոտի ձայնը լսելով հարձակվեց մեր վրա: Ընկերս փաղաքշանքով կրկնեց մի քանի անգամ շան անունը, նա լռեց և սկսեց քնթի տակ մրմռալ:

Մոտեցանք երկու լուսավոր պատուհանների, մեր հանդեպ դուրս եկավ երկար մազերով մի երիտասարդ և առաջնորդեց մեզ ներս: Ես դեռ ապշած էի, շվարած: Այն տեղը, որ մտա կամ ճիշտն ասած, թևիցս բռնած ընկերս տարավ, սենյակի նման մի բան էր: Մի անկյունում սեղանի վրա աղոտ լուսով վառվում էր մի կանթեղ: Մի մարդ այն կանթեղի մոտ նստած, բարձրաձայն մի գիրք էր կարդում, այս միայն կարողացա նշմարել առաջին վայրկյան, ուրիշ ոչինչ: Ծխախոտի թանձր ծխով տոգորված կիսախավար մթնոլորտի մեջ դժվար էր մի բան որոշել: Տիրում էր մի խլացուցիչ աղմուկ, ամեն կողմից լսվում էին վիճաբանության ձայներ թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց:

Ընկերս քաշեց ինձ առաջ, հանկարծ սլկվեցի և քիչ էր մնում, որ երեսն ի վայր փռվեի սենյակի մեջ. կարծեմ ոտս դրել էի հատակի վրա թափված խնձորի և նարինջի կճեպներից մեկի վրա: Լսվեցին բարձրաձայն ծիծաղի ձայներ, ես ավելի շփոթվեցի, աջ ու ձախ նայելով և մտքումս անիծելով ընկերոջս: Հետզհետե աչքերս ընտելացան սենյակի մթնոլորտին, տասնից ավելի երիտասարդ օրիորդներ և տղամարդիկ, ո՛րը նստած, ո՛րը մի հնամաշ թախտի վրա թեքն ընկած, որը պառկած, ո՛րը սեղանի վրա նստած, ոտները քաշ արածիրենց աչքերը հառել էին ինձ վրա:

Պարոններ և օրիորդներ, — խոսեց ընկերս բարձր ձայնով, — ահա Բարսամյանը, իմ լավ ընկերս, ներկայացնում եմ ժողովին կարող եք հավատալ, ինչպես ինձ...

Այս ատենաբանությունից հետո, նա հրեց ինձ առաջ: Ես մոտեցա և առանձին-առանձին ներկայացա ամեն մեկին: Մի, մազերը խուզած, փոքրահասակ օրիորդ, ծխախոտը բերանին դնելով և ակնոցը ուղղելով, ամուր սեղմեց ձեռս. մի շեկ մազերով և փոքրիկ աչքերով երիտասարդ աջ ձեռի փոխարեն ձախը տվեց ինձ. պառկածներից ոչ մեկը չշարժվեց տեղից, միայն ձեռները գլուխների վրա բարձրացրեցին դեպի ինձ. իսկ մեկը ոտը մեկնեց և դրեց ընկերոջս ափի մեջ:

Ընկերս ինձ, ինչպես մի անշունչ մեքենայի, նստեցրեց յուր մոտ, սենյակի մի անկյունում:

Տանտերը այն երկար մազերով երիտասարդն էր, որ մեր առաջը դուրս եկավ:

Նա մոտեցավ ինձ և քաղաքավարությամբ թեյ առաջարկեց. ես չընդունեցի:

Դեմոկրատ է, բայց է՞հ, ա՛յնպես, շատ էլ խելքով հեռու չի գնացել, — շշնջաց ընկերս ականջիս, — հայ ուսումնարանի վարժապետ է, ի՞նչ կարող է լինել: Բայց լավ գործիչ է. «շրջանը» նրան հանձնել է գործել հասարակ դասի մեջ, գործակատարներ, արհեստավորներ, մշակներ և այլն: Հասկացա՞ր...

Ոչինչ չհասկացա եղբայր, — պատասխանեց ես շշնջյունով:

Կհասկանաս, կհասկանաս:

Հետո ընկերս շարունակեց մի առ մի համառոտ նկարագրել սենյակի մեջ հավաքվածներին: Դուք, պարոններ, թույլ տվեք ինձ, որ իմ պատմության մեջ գործող անձանց կեղծ անուններ տամ: Դա անհրաժեշտ է, որովհետև վախենում եմ... միգուցե... թյուրիմացություն տեղի ունենա, համաձա՞յն եք:

Բժիշկը, իրավաբանը և ուսուցիչը, որ հետաքրքրությամբ լսում էին Բարսամյանի պատմությունը, պատասխանեցին թե բոլորովին համաձայն են: Բարսամյանը մի նոր ծխախոտ վառեց և շարունակեց:

Այսպես, պարոններ, ընկերս, ինչպես մի քաջ չիչերոնի, մի առ մի հայտնեց ինձ յուրաքանչյուրի ով և ինչ լինելը:

Այն կարդացողը, — ասաց նա, — Մեհրաբյանն է, Պետերբուրգի տեխնոլոգիական ճեմարանի ուսանող է. այն տեղի շրջաններին (այս բառը նա շեշտեց) լավ ծանոթ էՍերպուխով, Մաչալով, Ֆիդիչկին, բոլորին անձամբ, գիտե՞ս, անձամբ ճանաչում է... մի խոսքով, «Ի նոցանե է», (այս բառն էլ շեշտեց): Այն թախտի վրա պառկածը, — շարունակեց ընկերս, ցույց տալով մռայլ դեմքով և երկար միրուքով մի երիտասարդ, — Պետրովսկիյ Ակադեմիայից է... միշտ լռում է, խոսելու հետ բան չունի, իսկական «գործիչներից» է:

Այն ռուսը, որ նստած է ծխող օրիորդի մոտ, Պտաշկինն է, նոր է եկել, ծանոթանում է մեր «շրջանների» հետ: Ծխող օրիորդն այստեղացի է, օրիորդ Ղորղանյան, «շրջանը» նրան նշանակել է կանայք գրավելու համար: Այն գեղեցկադեմ, կարմրերես օրիորդը գիմնազիոնի աշակերտուհի է. անցյալ օրը քսանուհինգ մանեթ փող բերավ «շրջանի» գործերի համար. օրիորդ Սարդարյանն է, հայրը բուրժուա է, մոր արկղից կր վերցրել: Սիրում եմ այսպիսի բաներ, մի հիվանդ (այս բառն էլ ընկերս շեշտեց) կար, պիտի ուղարկվեր արտասահման բժշկվելու, ուղարկեցինք: Իսկ այն սև երեսով, նեղ ճակատով օրիորդը Մելքոնյանն է. նրա մոտ նստածները «երկրորդականներից» են, է՛հ, սեմինարիստներ են: Նա՛, այդ կողքիդ նստածը, գիտե՞ս ով է, Հախվերդյանր շատ աներկյուղ է, ծայրահեղ, բայց խելոք է և շատ զգույշ: Նրա մոտ նստած օրիորդը վարժուհի Մարգարյանն է, կարծեմ Հախվերդյանի հետ սիրահ... բայց քույր և եղբոր պես... Այստեղ մենք ամեններս քույր և եղբոր պես ենք... ազատություն է: Տե՛ս, գրանիտի պես պիտի ամուր լինիս հաա՛, հասկանո՞ւմ ես, սպասիր, սո՛ւս : Հախվերդյանն է խոսում, պետք է վիճաբանել:

Մոռացա ասել, որ կանթեղի մոտ նստած երիտասարդը, այսինքն՝ Մեհրաբյանը, կարդում էր Ջոն Ստյուարտ Միլլի հեղինակությունը «կնոջ ազատության մասին»: Նա արդեն դադարել էր կարդալուց և գիրքը մի կողմ դրած վիճաբանում էր Հախվերդյանի հետ: Պարոններ, ես երբե՛ք չեմ մոռանա այդ վիճաբանությունը, չեմ մոռանալ մանավանդ այն գեղեցիկ, ազատամիտ, բարձր և ոգևորիչ միտքը, որ արտահայտեց այն երեկո Հախվերդյանը կանանց ազատության մասին: Կնոջ դրությունը նա համարում էր մարդկային պատմության ամենավատ արատը: Կինը հարստահարության, բռնակալության և վայրենության զոհ է: Եվ Հախվերդյանը ոչ միայն պաշտպանում էր այդ զոհի անպայման անկախությունը, այլև պահանջում էր, որ այնուհետև կինը լինի հասարակական կյանքի ղեկավարը: Բավական է, որքան տղամարդը բռնակալեց բնությանն... այժմ իրավունքը կնոջն է պատկանում:

«Մենք պարտավոր ենք, — ասում էր նա, ոգևորված, ձեռն ուժգին խփելով սեղանի ծայրին, — պարտավոր ենք չոքել նորա առջև, ներումն խնդրել և ասել. «Եկ, այսուհետև ասպարեզը քոնն է»»: Նա այնքան հափշտակվեց, որ Միլլին անգամ «երկչոտ բուրժուա» համարեց, որովհետև անգլիացի իմաստասերը համարձակ չի խոսում, որովհետև նա պահանջում է կնոջ համար միմիայն մի պայմանավոր ազատություն, այնինչ՝ Հախվերդյանն ամեն մի պայման նոր կապանք էր համարում: Նա ավելի ոգևորվեց, երբ խոսք ընկավ մասնավորապես հայ կնոջ վիճակի մասին, կեղեքվող, անմեղ թռչուն, գերի վայրենի «ինքնակերների, ֆիջիացիների, դամալների, հայ տղամարդկանց»:

Ես հետաքրքրությամբ լսում էի Հախվերդյանի ատենաբանությունը և պետք է ասեմ, որ նրա խոսքն ազդու էր, գրավիչ, իմաստալի: Հիշում եմ, ամենը լսում էին ուշադրությամբ և ոչ ոք չէր հակաճառում նրան: Իսկ օրիորդները միանգամայն հափշտակվել էին, մանավանդ Մարգարյանն: Ես նկատում էի, թե ինչպես այն վարժուհու սև աչքերը փայլում էին գոհունակությամբ, շրթունքները ժպտում էին խորին հոգեկան հաճությունից: Նա ոչ թե լսում էր Հախվերդյանին, այլ յուրաքանչյուր խոսքը կլանում էր ագահությամբ, ինչպես վաղ առավոտյան ցողազարդ ծաղիկը ծծում է արևի առաջին ջերմությունը: Եվ ես զգում էի, որ նույն րոպեներին նրա առողջ և բարձր կրծքի տակ սիրտը բաբախում էր ուժգին: Նա իր աչքերը անընդհատ հառած ուներ Հախվերդյանի վրա, իսկ նրա վրա հառած էին ուրիշի երկու աչքեր: Դա տանտերն էր, ուսուցիչ երիտասարդը, որին, հուսով եմ պարոններ, թույլ կտաք նույնպես կեղծ անուն տալ... ասենք... Բաբախանյան (կարծեմ վատ ազգանուն չէ): Թե ի՛նչ էր կատարվում խեղճ վարժապետի հոգու մեջ, աստված գիտեր, բայց ես, նայելով նրա դեմքին, չէի հավատում ընկերիս խոսքին, թե, գոնե այդ րոպեներին, նրա սրտում տիրող զգացմունքը եղբայրական սերն է...

Հախվերդյանը ավարտեց յուր խոսքը: Կրկին աղմուկ բարձրացավ: Պետրովսկիյ Ակադեմիայի ուսանողը... Աբգարյանը (այս էլ թող սրա անունը լինի) քնթի տակ ինչ-որ է մռնչեց, ես ոչինչ չհասկացա: Մեկը ասաց, թե կինը մարմնապես տկար արարած է, և հենց այս բնական պատճառով, շատ բարոյական գործեր նրան մատչելի չեն կարող լինել: Այս նկատողությունը կպավ օրիորդների սրտին. նրանք սկսեցին բողոքել նկատողին և ծաղրել: Ծխող օրիորդը մի խրոխտ հայացք ձգեց նրա վրա, որով նա, կարծես, ուզում էր ասել «մի մոռանալ, որ ես այստեղ եմ»: Իսկ սև երեսով, սև աչքունքով, մազերը կարճ խուզած, գրպանը լրագրներով լիքը օրիորդ Մելքոնյանը ոտքի կանգնեց, բռնեց հանդուգն նկատողություն անողին, որ մի նիհար սեմինարիստ էր, և բռնելով նրա թեվից, ուժգին քաշեց յուր կողմը, ասելով.

Արի ուժներս փորձենք:

Նու, նու, սկսեցե՛ք տեսնենքհորդորեց Պտաշկինը: Օրիորդը ավելի ուժգին քաշեց սեմինարիստին: Վերջինը ծիծաղելով խտղտեց նրա... կռնատակը: Օրիորդը գոռաց, քրքջաց, և երկուսը միասին թավալվեցին հատակի վրա:

Բոլորը ծիծաղեցին բարձրաձայն: Պտաշկինը «բրավո, բրավո» գոչելով, ծափահարեց օրիորդ Մելքոնյանին: Խոստովանում եմ, առաջին անգամ տեսնելով մի քսան տարեկան օրիորդի նույն հասակի երիտասարդի հետ այդպես մարտնչելիս, ես զարմացա: Ինձ տարօրինակ և անախորժ էր թվում այդ միջավայրը: Այնինչ՝ ընկերս բոթեց կողքիս և ասաց.

Տեսնո՞ւմ ես, այստեղ միշտ այդպես է, պարզ, ընկերաբար. մենք այն քո ճանաչած բուրժուաների, արիստոկրատների, հարստահարող վաճառականների պես չենք: Ամեն բանում հավասարություն, ազատություն... հասկանո՞ւմ ես:

Օ՛ պատանեկություն, օ՛ կյանքի երջանիկ և վտանգավոր պահ... ես սկսեցի հավանել, մոռացա ամոթխածություն, շփոթություն և խառնվեցի ընդհանուր հոսանքին:

Կանանց հարցը վճռվեց, վիճաբանությունը շարունակվեց այլ հարցերի մասին: Այս անգամ ընկերս ևս մասնակցեց խոսակցության միայն ես էի լուռ: Խնդիրը հասարակ ամբոխի մասին էր: Դուք, պարոններ, գուցե զարմանում եք ասածիս վրա, կամ կարծում եք, որ ես կատակ եմ անում: Քա՛ք լիցի, այն սենյակում, այն ընկերության մեջ, ուր ես ընդունվեցի, այն երեկո և հետո միշտ այսպիսի բարձր խնդիրների մասին էինք խոսում: Ավա՛ղ, անցան այդ օրերը, անցան, մի դառն հետք թողնելով սրտիս մեջ, մի անբացատրելի հարցով ծանրաբեռնելով ուղեղս: Բայց, հեռո՛ւ զգայնություն, հեռո՛ւ բանաստեղծություն, չոր իրողությունը միայն բավական է իմ պատմության համար:

Մեկը հարց ձգեց, թե արդյոք ինչ միջոցներ ավելի հարմար են ամբոխի մեջ որոշ գաղափարներ տարածելու համար:

Ես կարծում եմ, — ասաց Մեհրաբյանը, — մեր գաղափարները (այս բառերը նա շեշտելով ասաց) տարածելու ամենադյուրին միջոցը տպագրությունն է: Տպագրական խոսքի ազդեցությունը, պարոններ և օրիորդներ, զորեղ է, շատ զորեղ է խավար ամբոխի վրա: Գիրը ռամիկի համար մի տեսակ խորհրդավոր նշանակություն ունե, իսկ նա ավելի խորհրրդավորին է ենթարկվում, քան թե պարզ, առօրյա իրականին:

Ճշմարիտ է, — մեջ մտավ ռուս Պտաշկինը, — գրածը ազգում է, ինչպես և մեզանում փորձել ենք, բայց, պարոններ, խոսքը, կենդանի խոսքը ավելի ազդու է, մանավանդ արևելյան երկրներում, ուր ժողովուրդի բնավորությունը դյուրավառ է: Ես լսել եմ, որ ձեր աշուղները կամ պարսիկների դարվիշները իրանց խոսքով գրգռում են ամբոխին: Դարվիշներ, աշուղներ պատրաստեցեք, պարոններ:

Գեղեցկադեմ օրիորդ Սարդարյանը ասաց, թե համաձայն է Պտաշկինի հետ: Ծխող օրիորդը ասաց, թե նույնպես համաձայն է:

Ես հակառակ եմ երկուսիդ էլմռնչեց Պետրովսկիյ Ակադեմիայի ուսանող Աբգարյանը:

Ինչո՞ւ, ինչո՞ւ, հարցրին օրիորդները:

Չեմ հավատում ո՛չ տպագրական, ո՛չ կենդանի խոսքի զորության: Դատարկ բաներ են. գո՛րծ է հարկավոր կատարել, գո՛րծ, գո՛րծ:

Ասաց Աբգարյանը և լռեց, և ամբողջ երեկո չխոսեց:

Բրա՛վո Աբգարյան, — գոչեց օրիորդ Մելքոնյանը, որի գրպանը, ինչպես ասացի, լիքն էր տպագրական խոսքով, լրագրերով:

Գո՛րծ է հարկավոր, բրավո, այ ես այդ սիրեցի:

Հետո նա, դառնալով դեպի մեզ, ավելացրեց.

Երկչոտնե՛ր, դողում եք, հա՞ա, տեսնում եմ: Ո՛չ, ո՛չ, ո՛չ, եթե ուզում եք բան առաջացնել, նախ պիտի քանդեք, բրա՛վո, Աբգարյան...

Ինձ համար խնդիրը քանի գնում անհասկանալի էր դառնում: Չգիտեի հարցի բուն իմաստը:

Ի՞նչ մտքեր, ի՞նչ գաղափարների մասին էր խոսքը: Ի՞նչը պիտի քանդել, ի՞նչը շինել: Այս ամենը, ինչպես և այն բոլոր անձինք, այն սենյակի անկարգությունը, աղմուկը, գոռումը, գոչումը, բոլորը, բոլորը ինձ համար մի անորոշ խառնակություն, մի քաոս էին ներկայացնում: Ես չէի հասկանում, թե ինչի՞ մասին էին վիճում այդ մարդիկ, ի՞նչ են ուզում, ո՞ւր են դիմում, ինչո՞ւ են հավաքվել, ինչո՞վ պիտի վերջանա այդ բոլորը: Ոչինչ, ոչինչ և ոչինչ չէի հասկանում: Միայն ինձ տիրել էր մի անբացատրելի արբեցություն, և ես շվարած էի, և ոգևորված, և հիացած: Սկսեցի նույնպես խոսել, չգիտեի ինչու համար, վիճել, չգիտեի ում հետ և ինչի դեմ: Ընղհանուր հոսանքը ինձ կլանել էր, այդ փոքրիկ սրընթաց աղմկալից գետը քշում էր ինձ յուր ալիքների մեջ: Եվ ինձ ախորժելի էր թվում, առանց իմ սեփական զորության և կամքի, առաջ լողալ արագ, արագ...

Վերջապես աղմուկը դադարեց: Պտաշկինը և Մեհրաբյանը գնացին, ասելով, թե պիտի ուրիշ ժողով այցելեն: Նրանց հետ գնացին գեղեցկադեմ և ծխող օրիորդները: Վերջինը դուրս գալիս մեր ձեռքն այնպես ամուր սեղմեց, որ մի քանի օրիորդներ ցավից ճչացին: Կարծես նա փորձով ուղում էր ցույց տալ, թե կինն ինչպես ամեն բանի, նույնպես և մկանունքների ուժով հավասար պիտի լինի տղամարդու հետ, և է: Մի քիչ հետո դուրս եկավ և սեմինարիստն երեք «երկրորդականների» հետ: Սենյակում մնացինք տանտերը, Հախվերդյանը, վարժուհի Մարգարյանը, սև երեսով օրիորդը, ընկերս և ես: Որքան ակամա էի եկել, նույնքան ակամա կլիներ, եթե մեկը ստիպեր ինձ շուտով դուրս գալ այնտեղից: Ես դեռ ցանկանում էի երկար ժամանակ մնալ այնտեղ, խոսել, լսել, վիճել: Շնորհակալ եմ, ընկերս չէր շտապում, ես կարող էի մնալ, թեև առանց նրան ևս իրավունք ունեի մնալ, քանի որ ընտանեկան էի «շրջանում»: Բայց սենյակում մնացողները չշարունակեցին բարձր հարցերի մասին խոսել:

Մարիամ, հավանեցի՞ր ընկերներիս, — դարձավ Հախվերդյանը վարժուհի Մարգարյանին:

Շատ հավանեցի, — պատասխանեց օրիորդը:

Պտաշկինը խելոք դեմք ունի, համակրելի է, — մեջ մտավ սև երեսով օրիորդը,— բայց Աբգարյանը նրանից լավ է: Նա ուրիշ մարդ է, շատ ուժեղն է երևում... Այդպիսիներին եմ սիրում ես, քիչ խոսում է, շատ գործում:

Սիրո՞ւմ ես, կարելի է սիրահարվել ես արդեն, հը՞մ, Սոփիո, — ասաց կատակով տան տերը:

Բաբախա՛ն, դու հիմար ես, քանի անգամ եմ քեզ ասել, որ այդպիսի հանաքներ չանես ինձ հետ, — գոչեց օրիորդը, բռունցքը մոտեցնելով վարժապետի քնթին: Տխմա՛ր, քեզ ո՞վ է իրավունք տվել իմ մասին այդ կարծիքը ոմւենալ: Սիրահարվել, չռռտո տվա սիրահարվել, կարծես, ես եիսեյնայա բարիշնա եմ...

Մի՞թե վատ բան է սիրահարվելը, օրիորդ, — համարձակվեցի ես հարցնել:

Օրիորդը ծուռ-ծուռ նայեց ինձ վրա և պատասխանեց հեգնաբար:

Իմ անունս Սոփիո է, ոչ թե օրիորդ:

Այո՛, պարոն, սիրահարվելը շատ լավ բան է թույլ, անգործ մարդկանց համար, իսկ ով գաղափարի է ծառայում, նա չի կարող սիրահարվել, նա միայն կարող է սիրել եղբայրաբար ամենին, հայ, թուրք, ռուս, ջհուդ, ամբողջ մարդկությանը: Կը չոռտու սիրահարվողներին...

Հախվերդյանը, ընդմիջելով «ամբողջ մարդկությանը սիրող» օրիորդի վսեմ տրամադրությունը, հարցրեց, արդյոք շարունակո՞ւմ է մարմնամարզությամբ պարապել:

Ինչպես չէ, — պատասխանեց օրիորդը, — ամեն առավոտ և երեկո: Մկանունքներս այժմ, տե՛ս, երկաթի պես են: Կկամենա՞ս փորձել ուժս:

Այս ասելով նա մի հարված տվեց Հախվերդյանի ուսին և նրա երկու ձեռներից բռնելով, փորձեց աթոռի վրայից բարձրացնել, չկարողացավ, ուստի բավականին թեքվեց դեպի երիտասարդը, այնպես որ նրանց գլուխները շփվեցին:

Վարժուհի Մարգարյանի ականջները կարմրեցին ներքին հուզմունքից: Իսկ Սոփիոն թողնելով Հախվերդյանին դարձավ տանտիրոջը.

Ի՞նչ ունիս ուտելու, Բաբախան:

Եվ, առանց պատասխանի սպասելու, մոտեցավ պահարանին, բաց արավ դռները և մի կտոր հաց ու պանիր վերցնելով, սկսեց շտապով ուտել, տղամարդի քայլերով ետ ՈԼ առաջ շրջելով:

Էյ դու, ձրիակեր, — գոչեց ընկերս ծիծաղելով:

Օրիորդը բարկացած պատասխանեց.

Լռիր, Թաթոս (ընկերիս ազգանունը Թաթոսյան էր), թե չէ գլուխդ կջարդեմ: Այստեղ իմը, քոնը չկա, ով քաղցած է, նա պիտի ուտի: Բաբախան, խաղող չունե՞ս:

Ունեի, բայց վիճաբանության ժամանակ մեկը պահարանիցս թռցրել է, չեմ իմանում ով է:

Այս կատակը շատ դուր եկավ մեզ. ծիծաղեցինք: Հետո Բաբախանյանր վազեց դուրս և մի քանի րոպե անցած բերավ խաղող, երշիկ, պանիր, հաց ու մի հատ էլ ձմերուկ:

Այդ երեկո ես տուն վերադարձա մի անորոշ, բայց շատ ախորժելի տպավորության տակ:

Ընկերս ճանապարհին, մինչև տուն ոգևորված խոսում էր «շրջանի» մասին:

Տեսա՛ր, ես քեզ ասում էի, որ չես փոշմանիլ: Պետք է այսուհետև գաս:

Ամբողջ գիշեր համարյա թե չքնեցի. Պտաշկինի խորհրդավոր այցելությունը, սակավախոս Աբգարյանի բացականչությունները, Սոփիոյի տղամարդկային վարմունքը, Բաբախանյանի սերը, Հախվերդյանի գեղեցիկ մտքերը, խառնիխուռն վիճաբանությունները, Միլլը, Պրուդոնը, Լասսալը... այս բոլորը, ի մի խառնված, մի անվերծանելի մթություն էին ձգել իմ ուղեղի մեջ: Ինչպես ճոխ հանդեսից վերադարձած մի հարբած մարդ, ես չէի կարողանում ինքս ինձ հաշիվ տալ, թե ո՛րտեղ էի եղել, ի՛նչ էի լսել, ի՛նչ էի խոսել, ի՛նչ էի տեսել: Ինչո՞ւ Աբգարյանը լուռ էր և շարունակ նայում էր սենյակի հատակին, ի՞նչ էր անում այդտեղ Պտաշկինը, ինչո՞ւ նա ծափահարեց Սոփիոյին, երբ նա երիտասարդի հետ թավալվեց հատակի վրա: Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ: Այս խառնիխուռն հարցերը հուզում էին միտքս, բաբախել էին տալիս սիրտս, ես չէի կարողանում խավարի միջից մի ելք գտնել:

Մի բան միայն պարզ էր ինձ համար, որ Հախվերդյանը գրավել էր իմ սիրտն ու հոգին, որ ես սիրեցի նրան, նրա քաղցր պերճախոսությունը, նրա ուղիղ, անշեղ տրամաբանությունը, նրա ձայնի կախարդիչ ուժը, մինչև անգամ նրա ամեն մի շարժվածքը: Որքա՛ն ուժ կար այդ ուսանողի խոսքի մեջ, որքա՛ն խելոք, ազդու և ոգևորիչ էր նա: Նա իմ աչքում բարձր էր բոլորից, նույնիսկ Պտաշկինը և Աբգարյանը, որոնց մասին ընկերս ավելի մեծ գաղափար ուներ, Հախվերդյանի մոտ թվում էին թզուկներ, գաճաճներ: Հավատացե՛ք, պարոներ, ես մինչև անգամ նախանձում էի օրիորդ Մարգարյանին, որ կարողացել էր գրավել այդ ուսանողի սիրտը: Այո, մի քանի ժամվա ընթացքում այդ մարդն ինձ ստրկացրեց յուր ուժին և խելքին, ես սիրեցի նրան, ի՛նչ եմ ասում, նա դարձավ իմ իդեալը...

Մինչ Բարսամյանը պատմում էր, իրավաբանը, ուսուցիչը և բժշկապետը լուռ և ուշագրավ լսում էին: Րոպե առ րոպե առաջին երկուսը նայում էին վերջինի երեսին, որ իմանան արդյոք տանտերը չի՞ ձանձրացել: Բայց ոչ մեկը նրանցից այնքան անհամբեր ուշադրությամբ չէր հետևում Բարսամյանի պատմության, որքան բժիշկը: Բազկաթոռի վրա նստած, աչքերը հառած պատմիչի երեսին, նա, մերթ ծխելով, մերթ միրուքը շփելով, լռում էր և լսում էր, կարծես, աշխատելով ոչ մի խոսք, ոչ մի բառ բաց չթողնել պատմությունից: Երբեմն նրա դեմքի վրա նշանակվում էր մի փոփոխություն, նրա հոնքերը սեղմվում էին, աչքերն՝ արտահայտում էին ինչ-որ հոգեկան անհանգստություն, և նկատելի էր, որ նա աշխատում էր զսպել իր հետաքրքրությունը, անտարբեր ձևանալ: Բայց չէր հաջողվում, քանի պատմությունը շարունակվում էր, այնքան՝ բժշկապետի հետաքրքրությունն ավելի էր գրգռվում:

Բարսամյանը ոտը ոտի վրա դրեց, ծխախոտի թանձր մուխը բաց թողեց բերանից և շարունակեց.

Այսպես, պարոններ, ես ծանոթացա և ընդունվեցի այն շրջանում, որի մասին մինչև այն օրը ոչինչ տե՛ղեկություն չունեի: Այն երեկոյից հետո ես շարունակում էի այցելել այդ բարեկամներին: Եվ որքան շատ էի տեսնում, այնքան սիրում էի իմ նոր ընկերներին և այնքան ավելի ենթարկվում էի Հախվերդյանի ազդեցության: Մենք կարդում էինք, խոսում, դատողություններ անում, վիճաբանում էինք մեկը մյուսից բարձր և բարդ խնդիրների մասին: Ես արդեն այնքան ընտելացել էի իմ նոր ընկերության, որ ժողովներում չէի ներկայանում անխոս ունկնդիր: Ո՛չ, ես նույնպես սովորեցի վիճել, դատել, մտքեր հայտնել համարձակությամբ: Երբեմն մինչև անգամ կարողանում էի լինել պերճախոս և գրավել ժողովի ուշադրությունը: Եվ ինքս ինձ վրա զարմանում էի, թե ես ինչպես սկսեցի, ե՛ս, որ սովորաբար ամոթխած էի, համարձակությունից զուրկ և երկչոտ: Մի բան միայն ինձ չափազանց վրդովեցնում էր, ի՛նչ եմ ասում, կատարելապես տանջում էր: Երևակայեցեք, ոչ միայն Հախվերդյանը կամ Պտաշկինը, այլև օրիորդները, սեմինարիստները վիճելու ժամանակ իրենց ասածն ապացուցանում էին զանազան երևելի հեղինակների և փիլիսոփաների մտքերով: Նախանձը ինձ խեղդում էր: Դեռ այդ ոչինչ. ինձ նման գիմնազիստ, մի վիզը ծուռ տղա, որ այն տարի պիտի ավարտեր գիմնազիոնը, միշտ խոսում էր ռեալական փիլիսոփայության անունով: Պատմում էին այդ գիմնազիստի համար, թե նա իսկ և իսկ ճգնավորի կյանք է վարում, թեյ չէ խմում, օրվա մեջ վեց ժամ քնում է, տասնուհինգ ժամ պարապում, չէ ընթրում, չէ զբոսնում և ծիծաղում է շատ հազիվ:

Մի օր այդ միևնույն գիմնազիստը մեծ աղմուկ հանեց մեր ժողովում: Նա կարդաց յուր մի հեղինակությունը (ամեն ոք կարող էր մի բան գրել և կարդալ ժողովներում): Այդ փիլիսոփայության վերնագիրը շատերին վրդովեցրեց: Պտաշկինը քնթի տակ ծիծաղեց, Աբգարյանը դժգոհությամբ մռնչեց և ասաց թե ատելով ատում է փիլիսոփայությանը և փիլիսոփաներին: Սև երեսով օրիորդը ասաց թե «Կըչոռտու կրիվովո Գամլեդա»:

Միայն Հախվերդյանի, իմ պաշտելի Հախվերդյանի միջամտությունն ստիպեց լռել և համբերությամբ լսել «Կրիվոյ Գամլետի» գրվածքը: Գիմնազիստը կարդաց յուր հեղինակությունը, տեր աստված, տեր աստված, հիշում եմ ինչպես այսօրվա օրը, ո՛րքան մռայլ էին նրա խոսքերը:

Հեղինակը յուր այս տխուր տրամաբանությունը հաստատում էր փաստերով, անցյալի և ներկայի, պատմական՝ և իրական, բնագիտական և փիլիսոփայական, ֆիզիկական և ֆիզիոլոգիական փաստերով:

Սև երեսով և ծխող օրիորդները հակառակեցին: Դարձյալ ներս մտավ Հախվերդյանը, լայն ճակատից երկար մազերը հետ քաշեց և յուր դեմքի վրա սովորական ներողամիտ ժպիտը խաղացնելով, ամենալուրդ կերպով քննեց գիմնազիստի ասածները, ջարդ ու փշուր արավ նրա բոլոր փաստերը և ապացուցեց հակառակը, բոլորովին հակառակը: Ապացուցեց այն, ինչ որ ես ցանկանում էի հոգով և մտքով:

Այդ երեկո իմ իդեալը մի աստիճան ևս բարձրացավ իմ աչքում, որովհետև նա հերքեց և Պտաշկինի արհամարհական կարծիքը, մի կարծիք, որ իմ սիրտը խոցել էր:

Սկսած այդ օրից, ես ինձ շրջապատեցի բոլոր այն գրվածքներով, որոնց հեղինակների անունները այնպես ստեպ հիշվում էին հաճախակի: Չգիտեի, ո՛ր մեկից սկսել, ուզում էի բոլորը միասին կարդալ, բոլորը ուսումնասիրել: Բայց և ոչ մեկը չկարողացա մինչև վերջը կարդալ, որովհետև շատ բան չէի հասկանում: Հուսահատված դիմեցի Հախվերդյանի խորհրդին:

Կարդա՛ այն, ինչ որ հասկանում ես, — ասաց նա, — հետո չհասկանալին հասկանալի կդառնա քեզ համար:

Ես հարցրի, ինչո՞ւ այն, որ ես չեմ հասկանում, վաղուց հասկացել և ուսումնասիրել են իմ ընկերները, մինչև անգամ օրիորդները:

Է՛հ, եղբայր, — պատասխանեց Հախվերդյանը, — անուններ հիշելը դեռ ոչինչ չի նշանակում:

Պետք է ասել, որ Հախվերդյանը դեպի ինձ վերաբերվում էր ոչ այնպես, ինչպես իրավունք ուներ, այսինքն՝ ինչպես մի հսկա դեպի մի թզուկ: Ո՛չ, այլ ինչպես դեպի յուր հավասարին, դեպի յուր նման մի մարդու: Եվ այդ վարմունքը ավելի ստրկացնում էր ինձ նրա առջև, այդ ընկերական հարաբերության մեջ ավելի զգալի էր ինձ համար նրա զորությունը: Բայց թողնենք այս:

Այստեղ Բարսամյանը մի քանի րոպե լռեց, բազկաթոռը մոտեցրեց մեջտեղ դրած կլոր սեղանին, որի շուրջը նստած էին իրավաբանը և ուսուցիչը և աչքերը աջ ձեռով հովանավորելով կանթեղի լույսից, նայեց դեպի սենյակի անկյունը: Բժշկապետ Մարությանցը այստեղ, կիսախավարի մեջ, ձեռները խաչաձև կրծքին դարսած, մեջքը պատին տված, անշարժ նայում էր յուր կոշիկների ծայրին:

Ինչո՞ւ ես հեռու կանգնել բժիշկ, գուցե իմ պատմությունը ձանձրացնում է քեզ, ասաց Բարսամյանը:

Ոչ, ոչ, շարունակիր, խնդրեմ, պատասխանեց Մարությանցը, աշխատելով յուր շփոթմունքը թաքցնել: Բայց մի բան էի ուզում հարցնել:

Հարցրու:

Այդ Հախվերդյանը, քո իդեալը, ո՞րտեղ էր ուսանում:

Համալսարանում:

Ո՞ր քաղաքում:

Չեմ կարող ասել:

Ո՞ր ֆակուլտետում:

Չեմ կարող ասել:

Շարունակի՛ր, ասաց բժշկապետը և դարձյալ յուր հայացքը դարձրեց կոշիկների վրա:

«Մի երեկո, շարունակեց Բարսամյանը, ես միայնակ գնացի Բաբախանյանի մոտ: Ժողով չկար, հենց այնպես գնացել էի, որ մի փոքր ժամանակ անցկացնենք: Երբ ներս մտա, Բաբախանյանը հանկարծակի քնից սթափվածի նման, գլուխը շտապով բարձրացրեց և երկու ձեռներով առջևի դրած մի թուղթը ծածկեց:

Ես եմ, գոչեցի ծիծաղելով:

Նստի՛ր, կարդացե՞լ ես, ասաց նա, ցույց տալով մի տպագրած թերթ, որ իմ ներս մտնելու ժամանակ կարդում էր ինքը:

Ես ծանոթ էի այդ թերթի բովանդակության հետ. Պտաշկինի բերած թղթերից մեկն էր:

Հավատո՞ւմ ես, — հարցրեց Բաբախանյանն այն խորհրդավոր եղանակով, որ ինձ համար շատ պարզ էր:

Ես ասացի, թե հավատում եմ Պտաշկինի գաղափարներին ու նրա երջանիկ մարգարեության և ոգևորված եմ:

Իսկ դո՞ւ, — հարցրի Բաբախանյանից:

Ես, այո, ինչո՞ւ, — պատասխանեց նա կմկմալով:

Հետո նա թերթը ծալեց, ձգեց սեղանի արկղի մեջ և իմ դեմ առ դեմ նստելով ասաց.

Բարսամյանը չնեղանաս, ես ուզում եմ քեզանից մի բան հարցնել:

Հարցրո՛ւ, — ասացի ես, զարմանալով նրա տարօրինակ ձևերի վրա:

Ասա, խնդրեմ, ինչո՞ւ ես դու այցելում այդ մարդկանց:

Ես մնացի ապշած:

Ի՞նչպես թե ինչու, միթե քեզ հայտնի չէ՞:

Ի՞նձ, ինձ ոչինչ հայտնի չէ, ես ոչինչ չեմ հասկանում այդ մարդկանց արածից և խոսածից: Դու զարմանո՞ւմ ես. իրավունք ունիս: Բայց անկեղծ խոսենք, ի՞նչ նպատակ ունեն այդքան գոռումգոչումները: Միթե կարծում ես մի բան դո՞ւրս կգա այդ բոլորից: Ոչ, ոչ, հազար անգամ ոչ:

Ես ասացի, թե ինչո՛ւ տունը ընդունում է «գոռողգոչողներին»:

Ինչո՞ւ, ահա հենց իմ ցավս էլ դրանումն է, Բարսամյան:

Այս ասելով, Բաբախանյանը վեր կացավ ոտքի և սկսեց հետ ու առաջ շրջել: Նա վրդովված էր, նրա մուգ-մեխակագույն աչքերի մեջ փայլեց, մի տեսակ հուսահատություն, շրթունքները դողացին, և նա սկսեց ցնցողաբար դողացող ձեռով շփել յուր նորաբույս սև միրուքը և բարակ ընչացքն:

Իմ հետաքրքրությունս սաստիկ գրգռվեց. պարզ էր, որ այդ մարդը տանջվում էր հոգեպես: Մենք արդեն ընկերներ էինք, մեր մեջ գաղտնիք չպիտի լիներ: Ես համարձակ խնդրեցի նրան, որ բացատրի յուր ցավը:

Բացատրե՞մ, — գոչեց նա հուզված ձայնով, — ի՞նչ բացատրեմ, միթե քեզ համար պարզ չի՞ ամեն ինչ: Խոմ ամենքին հայտնի է, ես չեմ էլ թաքցնում, և ի՞նչ թաքցնելու բան կա, միայն դու ես, որ միամիտ և անգետ ես ձևացնում քեզ:

Ես հավատացրի, թե ոչինչ ինձ հայտնի չէ:

Ուրեմն, իմացիր, — պատասխանեց նա, շարունակ անցուդարձ անելով հուզված, — դու հարցնում ես, թե չեմ հավատում ժողովների հետևանքին, ինչո՛ւ եմ սենյակս տալիս: Լսի՛ր, ես ստիպված եմ: Այս ես ոչ ոքին չեմ ասել, բայց գիտեմ, որ ամենքը զգում են:

Ստիպվա՞ծ ես, ո՞վ է ստիպում, — հարցրի ես:

Համբերի՛ր: Ամենից հետաքրքրականն է այդ Պտաշկինը, հարցնող լինի, ինչո՞ւ է եկել, ինչո՞ւ է բերել այն թղթի կտորները: Չեմ ուզում ասել, բայց շատ թանկ է նստում ինձ այս խաղը: Մյուս սենյակում մայրս հիվանդ պառկած անեծք է կարդում գլխիս, ամեն անգամ, երբ այստեղ աղմուկը սկսվում է, սպառնում է մինչև անգամ գանգատվել: Բայց ես թաքցնում եմ ձեզանից իմ ցավը: Ա՛խ եթե նա չլինե՛ր:

Next page