Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Ո՞վ, — հարցրի ես:

Օրիորդ Մարգարյանը, հասկացա՞ր հիմա, — պատասխանեց Բաբախանյանը, կանգնելով իմ դեմ: — Երկու տարի է տանջվում եմ, տանջում եմ և մորս, միմիայն նրա պատճառով, որ գոնե շաբաթը մի անգամ նրա երեսը տեսնեմ: Իսկ նա, հը՛մ, նա այնքան է հասկանում իմ զգացածը, որքան այս անշունչ սեղանը, քարասի՛րտ:

Հետո Բաբախանյանը սկսեց կողմնակի կերպով պախարակել Հախվերդյանին, որին յուր սիրտը նվիրել էր օրիորդը: Սակայն նա չէր հավատում, թե օրիորդը կարող է սիրել այդ ուսանողին, և աշխատում էր ինձ համոզել, որ սիրելու ոչինչ չկա Հախվերդյանի մեջ: Նա այնքան հափշտակվեց, որ յուր հակառակորդին վերագրեց մինչև անգամ անբարոյական դիտավորություններ, այսինքն, թե Հախվերդյանը վերջ ի վերջո պիտի խաբեր օրիորդ Մարգարյանին:

Ես այլևս չէի ուզում, որ նա այս ուղղությամբ շարունակի յուր խոսքը: Ի՛նչ, նա համարձակվի ամբաստանել մի մարդո՛ւ, որին ես աստվածացրել էի ինձ համար: Անշուշտ խեղճ վարժապետը դժբախտ էր բայց իմ ինչ գործն էր, որ նա դժբախտ է, քանի որ այդ երեք անձնավորաթյուններից թանկ էր ինձ համար միմիայն Հախվերդյանը: Եվ ես ամեն մի համեմատություն նրա և Բաբախանյանի մեջ ծիծաղելի էի համարում: Ինձ վրդովվեցնում էր անգամ այն, որ Հախվերդյանը յուր սիրտը նվիրել էր Մարգարյանին, մի օրիորդի, որ երբեք, երբեք արժանի չէր իմ իդեալին: Բայց թողնենք այս:

Մի առավոտ դեռ ուսումնարան չգնացած, ընկերս հանկարծ շտապով մտավ սենյակս:

Ի՞նչ է պատահել, — գոչեցի ես վախեցած:

Ընկերս մի քանի վայրկյան երկյուղալի դեմքով նայեց չորս կողմը, դռները փակեց և մի քանի վայրկյան ապուշի նման նայեց երեսիս:

Ի՞նչ է պատահել, — կրկնեցի ավելի բարձր ձայնով:

Ընկերս ձեռքով ծածկեց բերանս և շնչասպառ արտասանեց.

Հանդարտ:

Ինչո՞ւ:

Առանց պատասխանելու, նա կատվի արագությամբ հարձակվեց գրքերիս փոքրիկ պահարանի վրա և մի վայրկյանում ամեն ինչ տակն ու վրա արավ: Դասագրքեր, տետրակներ, Միլլ, Դարվին, Սպենսեր, Լասսալ, (դուք ծիծաղեցեք, բայց ես այն շրջանը մտնելուց հետո, այս հեղինակներովն էի զբաղված) Մարքս (որից ոչինչ չէի հասկանում) միմյանց խառնեց, թափեց հատակի վրա և սկսեց տնտղել: Ես տակավին ապշած նայում էի այս գործունեության, ոչինչ հասկանալով իմ ընկերի արածից և ասածից: Շնչասպառ, քրտինքը երեսից թափելով, մունդիրի կոճակներն արձակած, քնթի տակ չգիտեմ ում հիշոցներ տալով, նա քանի մի րոպեում սենյակիս մեջ, մի անասելի անկարգություն գցեց: Մեծ հատորներով գեղեցիկ կազմված գրքերը նա այնպիսի անգթությամբ էր շպրտում այս ու այն կողմ, որ, կարծես, հնադարյան բարբարոս լիներ:

Ես կռացա, անխնա կերպով շպրտվող գրքերից մինը վերցնելու, հանկարծ նրա ձգածներից մի մեծահատորը այնպես կպավ գլխիս, որ փոքր էր մնում ուշաթափվեի:

Բավական է, աստված սիրես, տեսնում ես, որ աղախինն է, գոչեցի ես ծիծաղելով:

Աղախինը, դու ոչինչ չես հասկանում, օ՛, այժմ աղախիններին էլ հավատ ընծայել չի կարելի: Սո՛ւս, լռի՛ր... երեկ Աբգարյանը կաթվածահար եղավ, տարան հիվանդանոց:

Մյուսներն առո՞ղջ են, հարցրի ես, ամենից ավելի հոգալով Հախվերդյանի մասին:

Առողջ են:

Հետո նա ինձ ստիպեց դուրս գալ յուր հետ տնից:

Բայց նա ուշադրություն չդարձրեց ասածիս վրա, և այնպես, սևացած քնթով և ճակատով շտապում էր առաջ:

Մեր հանդեպ գալիս էր Հախվերդյանը օրիորդ Մարգարյանի հետ: Ընկերս մոտեցավ նրանց, ինձ հետ թողնելով, ինչ-որ շշնջալով ասաց, դարձյալ հետ եկավ և թևիցս բռնելով, մղեց փողոցի դեպի մյուս մայթը:

Նա այնպիսի տարօրինակ շարժումներ էր անում գնալիս, որ կամա-ակամա դարձնում էր մեր վրա անցորդների ուշադրությանը: Եվ ես զգում էի, որ բոլոր անցորդները ծիծաղում են այդ երկու վազվզող գիմնազիստների վրա:

Գնանք այստեղից, մեզ հետևում են, — ասաց ընկերս և ստիպեց ինձ ճանապարհս դարձյալ փոխել:

Նույն պահին, երբ մենք մի մայթից անցնում էինք դեպի մյուսը, ընկերս հանկարծ կպավ մի մաքուր հագնված ծերունու: Հարվածը բավական սաստիկ եղավ, ծերունու ձեռից փայտը ընկավ և ինքը ճանապարհից դուրս մղվեց: Նա զարմացած և բարկացած նայեց մեր հետևից:

ԽԵԼԱԳԱՐԸ

Սարաֆյանի պատմությունը

Մենք նստած էինք Գարեգին Սարաֆյանի մոտ: Չեմ հիշում ինչպես, խոսք բացվեց զանազան հոգեկան հիվանդությունների մասին: Տանտերը չէր մասնակցում խոսակցությանը, նա զբաղված էր մեզ համար թեյ պատրաստելով, թեև ուշադրությամբ լսում էր խոսակցությունը:

Պարոններ, — հանկարծ դարձավ նա մեզ, — եթե կամենաք լսել, կպատմեմ ձեզ մի իրողություն, որ տեսել եմ իմ կյանքում: Նյութը վերաբերվում է ձեզ հետաքրքրող խնդրին:

Երեկոն ձմեռային էր. դուրսը ձյուն էր գալիս, իսկ վառարանում ուրախ-ուրախ վառվում էր կրակը: Հաճելի էր մեզ համար նստել տաք սենյակում և թեկուզ մինչև լույս զբաղվել ընկերական զրույցներով:

Սարաֆյանը մի քանի փայտ ավելացրեց վառարանի մեջ, մհ ծխախոտ վառեց, նստեց բազկաթոռի վրա և այսպես սկսեց իր պատմությունը:

Այն ժամանակ: պարոններ, ես նոր էի սկսել ուսուցչություն անել: Դուք գիտեք հայ վարժապետի դրությունը. ռոճիկս այնքան քիչ էր, որ հազիվ կարողանում էի չոր գլուխս պահել: Այս պատճառով ես ապրում էի ամենաաղքատ սենյակներում, ճաշում էի ամենաէժան պանդոկներում:

Մի անգամ ստիպված էի բնակարանս փոխել: Պաշտոնակիցներիցս մեկն ասաց, թե մի աղքատ հայ ընտանիք մի ավելորդ սենյակ ունի. կարող եմ վարձել և մեծ բարություն արած կլինիմ այդ ընտանիքին: Խնդրեցի նրան ցույց տալ այդ սենյակը:

Պաշտոնակիցս առաջնորդեց ինձ քաղաքի (թե որ քաղաքի, այդ ինքներդ գուշակեցեք) կենտրոնից հեռու մի նեղ փողոց: Մենք մտանք մի կեղտոտ բակ, որի խորքում շինված էր երկհարկանի մի տուն: Փայտյա նեղ, ծուռումուռ սանդուղքներով բարձրացանք վերին հարկը: Պաշտոնակցիս ասած աղքատ ընտանիքն այնտեղ էր բնակվում: Նա տարավ ինձ մի շատ մութ տեղ: Առաջին նվագ, պարոններ, ես ոչինչ չէի տեսնում: Հազիվ կարողանում էի խարխափելով հետևել առաջնորդիս: Բայց երբ աչքերս ընտելացան, նշմարեցի, որ գտնվում եմ մի լայն և երկայն նախագավթում, որի առաստաղը ցածր էր, հատակը կեղտոտ, պատերը փոշոտ, սարդի ոստայններով ծածկված: Աջ ու ձախ կողմերում երևում էին դռների ձևով մութ խորշեր, իսկ մի տեղից կտուրի միջով թափանցում էին լուսո բարակ շողեր:

Պաշտոնակիցս բաց արավ նախագավթի ծայրում գտնվող ապակյա դռները, ինձ հրավիրեց ներս: Նույն միջոցին ձախ կողմի ուրիշ դռներից դուրս եկավ մի մարդ: Դա մոտ քսանուհինգ տարեկան երիտասարդ էր կարմիր երեսով, շեկ մազերով և մանր, անդուրեկան աչքերով:

Սե՛րգո, բարով, — դարձավ պաշտոնակիցս նրան,— պարոնը սենյակ է ուզում:

Սերգո կոչվածը, ռուս մուժիկի պես ուսերը ծռելով, մոտեցավ և այնպես ամուր սեղմեց ձեռս, որ, կարծես, ուզում էր զգացնել տալ ինձ յուր ուժը:

Երևակայեցեք, պարոններ, հինգ քայլ երկայնությամբ, երկու քայլ լայնությամբ, մարդու հասակից մի թիզ բարձր մի արկղ և դուք կիմանաք ինչ էր այդ սենյակ ասված բանը: Առանց երկար խոսակցելու վարձեցի ես այդ արկղը, որովհետև, նախ՝ ես այդ օրն անպատճառ ստիպված էի նախկին սենյակիցս դուրս գալու, երկրորդ՝ արկղը շատ էժան էրամսական յոթը ռուբլի տաք սամովարով:

Մի ժամից հետո ես կոտրած չեմոդանս տեղափոխեցի և, հարմարվելով նոր բնակարանիս, շարունակում էի խաղաղ կյանքս: Բացի Սերգոյից, առայժմ ոչ ոքի երես չէի տեսնում: Միայն առավոտները մշեցի մի մշակ գրասեղանի տեղ ծառայող սեղանիս վրա դնում էր ժանգոտած սամովարը, արկղը սրբում և գնում էր: Առավոտյան ութ ժամին գնում էի ուսումնարան, դասերս ավարտում երկուսին, ճաշում էի պանդոկում և զբոսնում, իսկ մութն ընկնելիս տուն էի վերադառնում : Ովքեր էին բնակարանիս տերերը և ինչ մարդիկչգիտեի և չէի էլ ուզում իմանալ: Գիտեի միայն, որ նրանք կենում են սենյակիս աջ ու ձախ պատերի հետևում, լսում էի երբեմն կանանց և տղամարդկանց խառն ձայներ, ուրիշ ոչինչ:

Անցել էր մի շաբաթ: Մի երեկո ես չատ զբաղված էի: Սեղանիս վրա հավաքել էի աշակերտների ձեռագրները: Այդ երեկո պետք է կարդայի և ուղղեի տետրակների մի մեծ կապ: Արդեն կեսգիշերից անց էր, երբ գործս վերջացրի, պառկեցի քնելու, սովորությանս համեմատ կանթեղը նախապես հանգցնելով:

Շաա էի քնել թե քիչչգիտեմ, պարոններ, բայց հանկարծ մի տարօրինակ բան ինձ զարթեցրեց. այո՛, տարօրինակ և երկյուղալի բան: Ճակատիս վրա ես զգացի սառն և խոնավ մի ծանրություն և ամբողջ մարմինս ցնցվեց: Ես աչքերս բաց արի և ի՞նչ տեսա... ուղիղ անկողնակալիս մոտ, անշարժ և անխոս կանգնած է մի պատկեր: Փոքրիկ լուսամուտից ներս թափանցող գիշերային աղոտ լույսը հազիվ լուսավորում էր այդ պատկերը: Նա ոտից մինչև գլուխ հագած էր սպիտակ, թափանցիկ հագուստ: Նրա կուրծքը բաց էր, երկար մազերն անկանոն սփռված էին ուսերին:

Ձեզ հայտնի է, պարոններ, ես շատ էլ վախկոտ մարդ շեմ և ոչ էլ այնքան սնահավատ, որ հավատայի գիշերային ոգիների այցելությանը: Իսկ այն ժամանակ ես ունեի ավելի ամուր նյարդեր, քան թե այժմ: Սակայն դարձյալ սարսափն ինձ համրացրեց: Դա երազ չէր. ես լեզուս կծելով ցավ էի զգում, ոչ, երազ չէր: Այնինչ ճակատիս ծանրությունն ավելի ճնշում էր, ինչպես սառույցի ահագին բեկոր: Ես փորձեցի գլուխս բարձրացնել, նա կպել էր բարձին, ես փորձեցի գոռալ, ձայնս չէր հնազանդվում իմ կամքին: 0՛, տասը տարի է անցել այն օրից և այդ տեսարանն այժմս էլ հիշելիս սարսուռ եմ զգում:

Ականջիս հասավ մի բարակ և նվազ ձայն:

Տաքությունը սաստկանում է, այս գիշեր դու չորս անգամ կմեռնիս...

Ձայնը պատկանում էր գլխիս մոտ արձանացած պատկերին, իսկ այն խոնավ, սառն և ամուր բանը, որ ճակատիս կպել էր, նրա ձեռն էր:

Մի ուժգին շարժումով հեռացրի այդ ձեռը. ուզում էի վեր կենալ: Նույն վայրկյանին սենյակիս դռները բացվեցին, ներս սահեցին երկու ինչ-որ մութ, սև պատկերներ: Մի ակնթարթում այդ մութ պատկերները գրկեցին գլխիս մոտ կանգնած սպիտակ արարածին և անհայտացան, ինչպես գերեզմանային ուրվականներ:

Այս բոլորը կատարվեց ավելի կարճ միջոցում, քան ես պատմում եմ: Այնուհետև սենյակումս տիրեց երկյուղալի լռություն, լսվում էր միայն իմ ծանր շնչառությունը:

Գաղտնիքը, պարոններ, մի գրավիչ հատկություն ունի, գրավիչ մանավանդ երբ նա սարսափելի է: Այդ արտաքին ուժ չէ, նա բնակվում է մեր մեջդա հետաքրքրության անհաղթելի հոգին է, որ ոչ մի վտանգավոր անիմացականության առջև կանգ չի առնում:

Ես վախեցած էի, ես դողում էի, ատամներս սաստիկ զարկվում էին միմյանց, ինչպես ցրտից կաշկանդված, բայց, միևնույն ժամանակ, ներքին ուժը դրդում էր ինձ իմանալ, ինչ է կատարվում իմ շուրջը: Ես մոտեցա սեղանիս, խավարի մեջ մի կերպ գտա լուցկիամանը և կանթեղս վառեցի: Առանց մի բան հագնելու, միայն գիշերային հագուստով մոտեցա կիսով չափ բաց դռներին: Ես նայում էի դեպի գավիթ մի ձեռումս կանթեղը, իսկ մյուս ձեռով դուռն այնպես բռնած, որ եթե դրսից մի բան սպառնա, իսկույն ծածկեմ:

Մի տարօրինակ գործողություն էր կատարվում այնտեղ, նախագավթի խորքում: Կարծես, հատակի վրա քաշքշում էին մի ծանր մարմին: Խուլ աղմուկի միջից լսեցի կանացի մի սուր ճիչ: Այնքան ազդու և հուսահատական էր այդ ճիչը, որ, կարծես, մեկին այնտեղ խեղդում էին: Հետաքրքրության նույն անհաղթելի ուժից դրդված դուրս եկա սենյակիցս: Կանթեղիս լույսը ուղղել էի դեպի առաջ և քայլում էի դեպի այն կողմը, որտեղից լսվում էր սուր ճիչը:

Տեսարանը պարզվեց խավարի մեջ: Երկու սև պատկերները մի անկյունում ձգել էին այն սպիտակ պատկերին, մեկն ամուր բռնել էր ձեռները, մյուսն անընդհատ հարվածներ էր տալիս: Սպիտակ մարմինը հատակի վրա թավալվում էր այս ու այն կողմ, աղաղակում էր, ծվվում, գոռում, աշխատում էր դուրս պրծնել ծեծողների ձեռից: Ես բոլորովին մոտեցա. դա մի երիտասարդ առողջ կին էր, գիշերային հագուստով, գլխաբաց, ոտաբաց: Սև պատկերներից մեկն ալեխառն մազերով նիհար մարդ էր: Իսկ մյուսն ինձ ծանոթ էր. դա այն Սերգո կոչվածն էր, որ իմ ձեռս այնպես ամուր սեղմեց: Այժմ այդ կոպիտ երիտասարդն յուր բռունցքի ամբողջ ուժը ցույց էր տալիս հատակի վրա թավալվող կնոջ ուսերի վրա:

Ինչո՞ւ եք ծեծում, — գոռացի ես, բռնելով նրա ձեռը:

Նա կանգ առավ, նայեց երեսիս, ծերունին նույնպես, և երկուսն էլ, կարծես, ամաչելով, գլուխները թեքեցին իրենց կրծքին: Երիտասարդ կինը, հատակի վրա սողալով, հետ ու հետ քաշվեց և կպավ պատին: Նա դժվարությամբ էր շնչում, բերանից փրփուր էր գալիս, դեմքը թղթի պես գունատ էր, իսկ աչքերը, կարմրած, վառված աչքերն անմիտ հայացքով ուղղված էին դեպի ինձ:

Դա էր, ա՛յ, դա էր, — սկսեց նա գոռալ, — դուք ուզում էիք նրան քաշ տալ կտուրում, խեղդել, կաշին հանել, միսը խորովել, ահա՛: Անաստվածներ, ինչո՞ւ եք ծեծում ինձ, թողեք վազեմ, շորերս բերեք... լանդոն սպասում է... Ալբերտ հողեմ գլուխդ, Ալբերտ ինձ թողիր հա՞ա, փախար հա՞ա... Հայրիկ, փեշերդ սրբիր, պա, պա, պա, ինչ սիրուն տղա ես... շորերս... վահ, ամոթ ձեզ, ես տկլոր եմ, ցուրտ է... Ծածկեցե՛ք ինձ...

Եվ նա շապկի եզրը քաշելով ծածկեց սպիտակ կուրծքը և ավելի սեղմվեց պատին: Ես տակավին ապշած նայում էի, թեև կիսով չափ գուշակում էի սոսկալի տեսարանի իմաստը:

Պարոն, — ասաց ինձ ալեխառն մազերով մարդը, — դա իմ աղջիկն է, մի քիչ... ըըը.... տկար է...

Ներեցե՛ք, — կոշտ ձայնով ավելացրեց Սերգոն, — քույրս ձեզ անհանգստացրեց, ես մոռացա ձեզ ասելու, որ գիշերները ձեր սենյակի դռները կողպած պահեք:

Այս ասելով, նա աքացի տվեց քրոջը և գոռաց.

Վե՛ր կաց, փչացած, վեր կաց, կորի՛ր սենյակդ:

Բանը պարզվեց: Խելագարին պահում էին առանձին սենյակում, որի մուտքը նախագավթի ձախ կողմի դռներն էին՝ իմ դռներին կից: Գիշերը հանկարծ նրա կատաղությունը գրգռվում է, նա դուրս է փախչում և մտնում իմ սենյակը:

Ոչ ոք ինձ չէր զգուշացրել այդ վտանգավոր արարածի մասին, եթե ոչ, հարկավ, ես կամ չէի տեղափոխվիլ, կամ տեղափոխվելուց հետո զգույշ կլինեի:

Մի կերպ խաղաղացրի դժբախտին: Նա իր կամքով հանդարտ վեր կացավ և գնաց, փակվեց յուր սենյակում: Այս անսպասելի տեսարանը չխլեց իմ քունը, ես կարողացա քնել: Մյուս օրը մտածում էիմնա՞լ, թե՞ տեղափոխվել ուրիշ բնակարան: Վճռեցի մնալ, բայց զգույշ լինել:

Ես երբեմն պատահում էի խելագարին նախագավթում: Այնտեղ նա, ուսերին մի սև շալ գցած, միշտ բաց գլխով անցուդարձ էր անում ծանր և անլսելի քայլերով, ինչպես մի մռայլ ստվեր: Խաղաղ դրության մեջ նա բավական գեղեցիկ էր: Նա միջահասակ էր, դեմքի գույնը թարմ, անիմաստ աչքերը խոշոր, մոխրագույն: Գեղեցիկ էին նրա հոնքերն ու ճակատը: Երկար ժամանակ անլվա մնալուց և չսանրվելուց նրա թանձր մազերը խճճվել էին և նմանվում էին ոչխարի բրդի, իսկ կոկորդը և պարանոցը ծածկված էին կեղտի ծալքերով:

Նրա լռությունը, անմիտ հայացքները և դեմքը ծռմռվելն ինձ վախեցնում էին, ուստի բարվոք էի համարում հետը խոսել: Բայց նա ինձ չէր պատասխանում, միայն քթի տակ ինչ-որ մրթմրթում էր և, հետ ու հետ գնալով, մտնում սենյակը:

Մի անգամ տուն վերադառնալիս նախագավթի դռների մոտ նա ինձ տվեց քառակուսի ծալած թղթի մի կտոր և ասաց.

Կարդա՛, Ալբեբտի նամակն է:

Ալբերտն ո՞վ է, — հարցրի ես, կամենալով գեթ մոտավորապես իմանալ նրա իդեֆիքսը:

Ալբերտն իմ ծնողների աչքը հանեց, — պատասխանեց նա, — քո հոգին էլ պիտի հանի, բաս, բաս, Ալբերտը... կարդա՛ նրա նամակը...

Այս ասելով, նա ծափ տվեց է ոստոստալով վազեց յուր սենյակը: Ես շտապեցի բաց անել նրա տված թուղթը: Մատիտով ծուռումուռ տառերով գրված էին այնտեղ մի քանի անմիտ բառեր, որքան հիշում եմ այսպես... «ուղղական հոլով մարդ, սեռական հոլով Ալբերտ, աղավնին աղավնուն պաչում էր, ինձ էլ պաչեց»: Հետո նկարված էր մի մարդու գլուխ և տակին գրված. «Ծիծեռնակ, ծիծեռնակ, դու գարնան սիրուն թռչնակ... Արի գեղեցիկ...»:

Հարկավ, ոչինչ հասկանալ չէր կարելի այս խոսքերից: Բայց մի բան ինձ շատ հետաքրքրեցայդ Ալբերտ անունն էր: Խելագարը, երբ ամեն անգամ խոսեցնում էի նրան, այդ անունն էր կրկնում և ինձ էլ այդպես էր անվանում: Արդյոք, օրիորդի խելագարությունը կապ չունի այդ անվան հետ, մտածում էի ես: Մի օր փորձեցի նրա հետ խոսել Ալբեբտի մասին: Նա ինձ հայհոյեց, ասելով, թե ես սատանա եմ, ուզում եմ իրեն խաբել:

Երբեմն Սերգոն գալիս էր ինձ մոտ: Հետաքրքրությունը դրդում էր ինձ խոսել նրա քրոջ մասին, բայց ամոթը զսպում էր լեզուս: Ես տեղեկացա նրանց կյանքի մի քանի հանգամանքներին: Ընտանիքն ապրում էր շատ աղքատ: Տանն ամեն ինչ, որ արժեք ուներ, ծախված էր կամ գրավ դրված: Նրանց եկամուտի միակ աղբյուրը Սերգոյի մեծ եղբայրն էր, որ Բաքվում գործակատար էր և այնտեղից օգնում էր ծնողներին: Իսկ Սերգոն անգործ էր և, ինչպես երևում էր, վերին աստիճանի ծույլ և ինքնահավան արարած էր. Նրա՝ տարիքով տակավին երիտասարդ մայրը ժամանակից առաջ թառամել էր ծանր հոգսերի տակ: Նա էր կատարում տան գործերը: Երբեմն գալիս էր նրան օգնելու նրա մեծ քույրը, որն ամուսնացած էր մի դերձակի հետ:

Մի օր ցերեկով, նստած սեղանիս մոտ, բարեկամներիցս մեկին նամակ էի գրում: Այն սարսափելի տեսարանից հետո ես սենյակիս դռները ցերեկներն էլ կողպած էի պահում: Իմ ուշքը գրավեց մի ձայն, նայեցի. խելագարը, կրծքին մի հրացան սեղմած, խողովակի բերանը դռան ապակիի միջով ուղղել էր դեպի ինձ: Վեր թռա տեղիցս. մեջքս կռացած մոտեցա, բաց արի դռներն և ամուր բռնեցի նրա ձեռները: Հրացանը դատարկ էր, ջախջախված ու ժանգոտ:

Մի ուրիշ անգամ ես կարդում էի, մոռացել էի դռները կողպել: Հանկարծ մեկն ամուր քաշեց մազերս: Անկոչ հյուրը ներս էր մտել և, մի բութ դանակ ձեռին բռնած, ասում էր, թե պետք է գլուխս կտրի: Բայց այդ մի դատարկ սպառնալիք էր, խելագարի կատակներից մեկը: Նրա դանակը, եթե երեք օր էլ մի բանի քսեիր, մազի չափ չէր կտրիլ: Նա բարձր ձայնով ծիծաղեց, կրկնելով.

Վախկոտ, վախկոտ:

Ես հրավիրեցի նրան նստել: Այդ օրը նա երկար խոսեց ինձ հետ վայր ի վերո, այնուհետև մենք բարեկամացանք: Ես գտել էի նրա հետ վարվելու եղանակը: Ինչ որ ասում էր, ինչ անմիտ բանի վրա խոսում էր, ես լսում էի նրան խորին ուշադրությամբ: Ես չէի հակառակում նրան, ոչ մի կասկած չէի հայտնում, մանավանդ չէի ծիծաղում: Այդ դուր էր գալիս նրան, և նա արժանի էր համարում ինձ յուր հետ խոսել, գուցե ինձ իրան հավասարը համարելով: Պատահում էին րոպեներ, երբ, կարծես, նրա գիտակցությունն արթնանում էր, խավար միտքը պարզվում էր կայծակի անցողիկ լույսի պես: Այդ րոպեներին նրան տիրում էր մի տեսակ թախիծ, և նա լուռ նայում էր լուսամուտի միջով հեռու, հեռու, դեպի այն անվերջ հորիզոնը, որ երևում էր իմ անշուք սենյակից: Հետո նա ինքն իրան կրկնում էր.

Ես շատ լավ աղջիկ էի... ես շատ լավ աղջիկ էի...

Եվ հառաչում էր: Ո՛րքան ծանր էր ինձ համար այդ հառաչանքը, ո՛րքան սիրտ թափանցող: Ես ցանկանում էի իմանալ, արդյոք, այդ վայրկյանին զգո՞ւմ է նա յուր դժբախտությունը, զգո՞ւմ է նա յուր ուղեղի հիվանդությունը:

Դուք այժմս էլ լավ աղջիկ եք, — ասացի ես մի անգամ:

Նա ծիծաղեց, բերանը լայն բանալով և ցույց տալով սպիտակ ատամների շարքը: Հետո ուսիս խփեց և, կրկին մոտենալով լուսամուտին, ասաց բարձր ձայնով.

Իմ ոտք ու ձեռքը կապել են, ինձ բանտ են ձգել: Ալբերտն այնտեղ է, ա՛յ, ես էլ եմ ուզում, հեռո՛ւ, այն սարերի վրա, այն անտառներում վազել, վազվզել:

Եվ նա, գուցե կ՛արծելով թե յուր ցանկացած տեղերումն է, սկսեց կատաղի պտույտներ գործել, երբեմն դիպչելով փոքրիկ սենյակիս պատերին:

Պարբերաբար, ամիսը մեկ անգամ Մարթան կատաղում էր:

Երկու-երեք օր շարունակ նրա առջևը կանգնել չէր լինում: Ինչ որ ընկնում էր ձեռքը, կոտրում էր ու փշրտում, շպրտելով սրա ու նրա վրա: Նրա սենյակն իմ սենյակին կից էր. մեզ բաժանում էր միայն մի շատ բարակ միջապատ: Ես լսում էի երբեմն նրա ողորմելի ճիչը, երբեմն կատաղի քրքիջը և երբեմն ոտների սաստիկ դրմփոցը:

Մի օր նրա մայրը գունաթափված մտավ սենյակս:

Որդի, — ասաց նա, — նեղություն քաշիր, եկ, կարելի է քեզանից ամաչի:

Շտապեցի հետևել նրան: Խելագարն իր վրայի հագուստը պատռել էր, այժմ կրծոտում էր մատները: Սենյակում, բացի նրա եղբորից և ծնողներից, գտնվում էին նրա մեծ քույրը և մի անծանոթ նիհար երիտասարդ:

Սերգոն, մի խարազան ձեռին, անգութ կերպով հարվածում էր դժբախտին: Նա նույն րոպեին ինձ ավելի խելագար թվաց, քան թե յուր խելագար քույրը, իսկ նրա հայրը ճիգ էր թափում բռնել կատաղած աղջկա ձեռները: Ծերունու երեսից արյուն էր հոսում: Մարթան, ինչպես և է, ձեռք էր գցել վառարանի երկաթյա խառնիչը և խփել հոր գլխին: Ես աներկյուղ մոտեցա կատաղածին և բռնեցի նրա թևից:

Ամոթ է, Մարթա, խելոք կաց:

Հետո վրդովված հրեցի նրա եղբոր կրծքին, որն այնքան անգութ հարվածում էր դժբախտին: Մարթան ձեռը բարձրացրեց ինձ խփելու, հետո փոշմանեց և սկսեց մի ոտքի վրա պտտել և ոստոստալ: Այս գործողությունը տևեց այնքան ժամանակ, մինչև որ խելագարը բոլորովին հոգնեց: Նա թուլացած ընկավ անկողնակալի վրա և փոքր անցած, կարծես, քնեց: Մենք զգուշությամբ դուրս եկանք և դռները որսից կողպեցինք, հետևում հավաքելով մի քանի կոտրած աթոռներ, փայտյա տաշտեր: Խելագարի հայրը հարցնում էր ինձ, ինչպես վարվել նրա հետ և առհասարակ ինչպես ազատվել այդ դժբախտությունից: Ի՞նչ պետք է պատասխանեի: Ես լսել էի, որ արտասահմանում երբեմն հաջողվում է այդպիսիներին բժշկել. բայց այդ խորհուրդն իմ կողմից կլիներ մի տեսակ ծաղր. — խեղճերը հազիվ օրական ապրուստ էին հայթայթում, ուր մնաց իրանց աղջկա համար այդքան մեծ ծախսեր անելը: Միակ ելքը հոգեկան հիվանդների կայարան ուղարկելն էր, այն ժամանակ գոնե ամբողջ ընտանիքը չէր չարչարվիլ մեկի համար:

Ո՛նց, ես իմ աղջկան գժատո՞ւն ուղարկեմ, — գոչեց մայրը զայրացած, — աստված խելքս առե՞լ է:

Ուրեմն ի՞նչ պիտի անեք, այդպես թողնել խոմ չի կարելի, — ասացի ես:

Թե որ փող ունենայի, ես գիտեի, — պատասխանեց մայրը, — իմ աղջիկը շուտ կլավանար:

Ես հետաքրքրվեցի, արդյոք, ի՛նչ միջոցով նա կլավացնե յուր աղջկան:

Մայրը խորին ջերմեռանդությունով աչքերը վերև բարձրացրեց, երեսը խաչակնքեց և հառաչելով արտասանեց.

Գանձակի սուրբ Գեորգ կփրկե իմ աղջկանը, մեռնեմ նրա սուրբ զորութենին:

Նիհար, անծանոթ երիտասարդը հեգնորեն ժպտում էր: Պարզ էր, որ նա ծիծաղում էր սնահավատ կնոջ հույսերի վրա:

Այդ երիտասարդի հետ ես ծանոթացա և հրավիրեցի իմ սենյակը: Գալֆայանըայսպես էր նրա ազգանունըվաղուց ծանոթ էր խելագարի ընտանիքի հետ: Նա Մարթային տեսել էր առողջ ժամանակը:

Ուրեմն, քանի՞ տարի է նրա դժբախտանալըհարցրի ես:

Չորս տարի կլինի, — պատասխանեց Գալֆայանը, — եթե տեսած լինեիք ինչ գեղեցիկ, ինչ կրակոտ օրիորդ էր, ավելի կխղճայիք նրան:

Բայց գիտ՞եք, արդյոք, ինչիցն է պատահել նրա խելագարությունը :

Այն ժամանակ ես Ռուսաստանումն էի. ասում են սկիզբը սիրահարվելուց է: Այո՛, Մարթան մեկին սիրում էր:

Հարցն ավելի հետաքրքրելի էր դառնում: Գալաֆյանը շարունակեց.

Ես այդ տղային ճանաչում էի, սպասեցեք, նրա անո՞ւնը...

Ալբերտ է՞ր, — ընդհատեցի ես:

Ո՛չ, Ալբերտ անունը խելագարի խանգարված մտքի պտուղն է, իսկ նրա անունն Արշակ Ասպետյան էր: Նա ուսանող էր, մի շատ գեղեցիկ ու առողջ տղա: Մարթան ծանոթանում է նրա հետ և շուտով հափշտակվում: Երիտասարդը ցույց է տալիս փոխադարձ սեր, խոստանում է մինչև անգամ ամուսնանալ ուսումն ավարտելուց հետո: Բայց հենց որ ուսումն ավարտում է մոռանում է յուր սերը, իսկ օրիորդի սերը ավելի ևս բորբոքվում է: Այս անաջող սերն են համարում նրա խելագարության պատճառը: Այո, բայց այդ մի թույլ հիմք է եղել և ոչ թե իսկական պատճառ:

Ինչպե՛ս, ուրեմն, դուք չե՞ք հավատում, որ անհաջող սիրուց կարելի է խելագարվել:

Ոչ այնքան, որքան ուրիշները: Լսեցեք, պարոն, այն օրից, երբ Մարթան իմացել է յուր սիրածի գարշելի դավաճանությունը, խոսք չկա, սկսել է տրտմել: Նո՛ւ, հառաչանք, արտասուք, ախ ու վախ, հոգեկան խռովություն, այս բոլորը հաջորդել են միմյանց: Բայց այդ դեռ չի նշանակում խելագարվել: Ծնողներն իմացել են իրանց աղջկա տրտմության պատճառը: Այդ դեպքում ի՞նչ էր հարկավոր անել. պետք էր աշխատել ցրել դժբախտի թախիծը, զբաղեցնել նրա միտքը ուրիշ բաներով, մի խոսքով, չթույլ տալ նրան մի բանի վրա կենտրոնանալ մտքով: Բայց այսպես չի եղել: Կոպիտ հայրն ու այդ ինքնահավան Սերգոն, տգետ մայրն և ավելի տգետ ազգականները, մի խոսքով, նրա բոլոր շրջապատողները սկսել են նրան հալածել հենց այն կետում, որից, եթե խելոք լինեին, պետք է խույս տային: Երբ դժբախտը լռել է, նրանք խորհրդավոր կերպով միմյանց երեսին են նայել, երբ արտասվել է, նրանք հանդիմանել են, հետևել են նրա ամեն մի քայլին և ամեն րոպե հիշեցրել նրան յուր դժբախտությունը: Ասել են, որ նա առաջվանը չէ, որ նա փոխվել է, դեղնել է, քիչ է ուտում, քիչ է քնում: Նրա հոգին խռովված է: Փորձեցեք, պարոն, մի ամենաառողջ մարդու ասել, թե նրա դեմքը գունատ է, թե նա հիվանդ է, թող նույնը կրկնի երկրորդը, երրորդը, ամենքը, և դուք կտեսնեք, որ այդ առողջ մարդն իրավ սկսում է կասկածել, թե ինքը հիվանդ է: Այո՛, պարոն, հենց այդ երևակայությունը նրան կհիվանդացնի: Փորձեցեք խելքը գլխին մարդուն գցել մի այնպիսի շրջան, որտեղ ամենքը կասկածում են նրա ուղեղի առողջության մասին և իրենց կասկածն ամենակոպիտ կերպով ամեն րոպե հայտնում են, և դուք կտեսնեք, որ այդ խելքը գլխին մարդը հետզհետե կխելագարվի: Այսպես են վարվել և այդ խեղճ աղջկա հետ, Գիտեք, պարոն, շատ անգամ հասարակությունը կամ շրջանը խելագարներ է ստեղծում, բավական է, որ խելագարվողը յուր ուղեղում ունենա մի տկար շերտ, այո, մի թույլ սերմ: Մի սերմ որ ոչինչ ուժ և հետևանք չէր ունենալ, եթե նրա վրա ուշք չդարձնեին, այսպես ասած, չջրեին, չպարարտացնեին նրա հողը: Բայց, ասացեք խնդրեմ, մե՞ծ է այն մարդկանց թիվը, որ իրանց ուղեղում չունին այդ սերմն այս կամ այն ձևով: Շատ փոքր է, ես ավելին կասեմ, չկա և ոչ մեկը, այո, և ոչ մեկը, որովհետև մեզանից ամեն մեկի ուղեղում մի հիվանդություն կա: Մենք ամենքս խելագարության առաջին աստիճանի վրա ենք, զանազանությունն այն է, որ շրջանը մեկին հալածում է, բարձրացնում է վեր, իսկ մյուսին պահպանում:

Ձեր վերջին մտքի հետ համաձայնվել չեմ կարող, — ասացի ես, — ինչ վերաբերվում է Մարթային, անշուշտ շրջանը որևէ դեր կատարել է նրա խելագարության մեջ: Գուցե նա փութացրել է այդ խելագարությունը, որ վաղ թե ուշ պիտի կատարվեր:

Երբեք, երբեք չէր կատարվիլ, — ընդհատեց Գալֆայանը տաքացած, — կրկնում եմ, ուրիշ շրջանում Մարթան փրկված կլիներ: Այդ հիմարները միջոցներ ունեին նրա միտքը ցրելու, նրան զբաղեցնելու, կարող էին նրան ճանապարհորդության ուղարկել:

Ի՞նչպես, իմ տանտերերը առաջ հարո՞ւստ են եղել:

Հարուստ չէին, բայց մի բան ունեին: Մարթայի հայրը վաճառական էր, նոր էր սնանկացել: Այժմ եթե մի կտոր հացի կարոտ չլինեին, կարելի էր դարձյալ հուսալ, որ Մարթան կառողջանա, եթե մի քանի միջոցներ գործ դնեին:

Արտասահմա՞ն ուղարկել:

Ո՛չ, արտասահմանը հեռու է, կա ավելի մատչելի միջոցներ և իմ կարծիքով երկու ամենա գլխավորները: Լսեցե՛ք, մի փոքր առաջ, երբ Մարթայի մայրը հիշեց սուրբ Գևորգի անունը, ես մտքումս ծիծաղեցի: Բայց ես մասամբ սխալվեցի: Այժմ կարծում եմ, որ սուրբը կարող է օգնել:

Ի՞նչպես, — գոչեցի ես զարմացած:

Դուք նկատե՞լ եք, որ խելագարն ուզում է միշտ դուրս փախչել և խոսում է սարերի, ձորերի, անտառների մասին:

Նկատել եմ:

Գյանջի սուրբ Գևորգ ասված տեղում ես եղել եմ: Դա մի հրաշալի վայր է: Այնտեղ խելագարը կտեսնե յուր սիրած սարերը, ձորերը և անտառները: Կարելի է նրան ազատություն տալ այնտեղ, և ով գիտե, գուցե արձակ բնությունը բարերար ազդեցություն գործե նրա վրա: Այս մեկ միջոցը. կա և երկրորդը, որ նույնպես պետք է գործ դնել:

Ա՞յն է:

Մարթայի այժմյան խելագարությունը, բացի առածիցս, ունեցել է և երկրորդ պատճառը, ոչ թե պատճառ, այլ, եթե կարելի է այսպես ասել, մի տեսակ օժանդակող տարր... Դա կնոջ ֆիզիոլոգիական հատկությունն է... Է՛հ, պարզ ասեմ... նրա պահանջները.., տեսնո՞ւմ եք, պարոն, այդ խելագարը որքան առողջ է, որքան կենդանի: Խելոք ժամանակ նա ավելի առողջ էր և ավելի վառվռուն: Նրա աչքերից, կարծես, արյուն էր կաթում, շրթունքները միշտ բաց էին, այտերը միշտ վառված: Է՛հ, ինչ երկարացնեմ, նա հազիվ կարողանում էր յուր կիրքը զսպել... Վերջապես, դուք իմ միտքն ավելի լավ կհասկանաք, եթե մտածեք, որ Մարթայի կատաղությունը կրկնվում է պարբերաբար, ամիսը մի անգամ:

Մեր խոսակցությունն ընդհատվեց Սերգոյի երևալով: Բայց Գալֆայանի խոսքերը դրոշմվեցին իմ մտքում: Այնուհետև ես այդ երիտասարդներից մի բան ևս իմացա: Ծայրահեղ չքավորությունը սպանել էր Մարթայի հոր մեջ հայրական սերը, եղբոր մեջ՝ եղբայրական գութը: Այս վերջինս մի օր մինչև անգամ ուզեցել է սպանել Մարթային գաղտնի կերպով, որպեսզի թե՛ ինքը և թե մյուսնե՛րը ազատվեն ծանր բեռից: Իսկ մա՛յրը. նա դեռ սիրում էր աղջկան և հույս ուներ նրա առողջանալու մասին:

Սուրբ Գևորգն իմ Մարթային կփրկի, նա կփրկի, — կրկնում էր նա, անդադար երեսը խաչակնքելով:

Եվ նրա ձայնի մեջ այնպիսի խորին հավատ և անհաղթելի հույս էր զգացվում, որ երբեմն ես էլ էի հավատում:

Մի անգամ ես Մարթային հարցրի.

Կգնա՞ս սուրբ Գևորգ:

Գիտես, դու գիժ ես, ա՛յ, գիժպատասխանեց նա:

Next page