Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Բայց հանկարծ փոխվեց և գոչեց:

Սուրբ Գևորգ կգնամ. գնանք հենց այս րոպեին: Ինձ բաց թողեք, մենակ կգնամ, ա՛յ, այնտեղ, այն սարերը: Ալբերտ, ազատի՛ր ինձ այս բանտից, Ալբերտ, ինձ այստեղ խեղդեցին:

Նա ձեռը տարավ օձիքին այնպես ծանր շնչալով, որ կարծես հիրավի խեղդվում էր: Ես հիշեցի Գալֆայանի խոսքերը: Արդյոք, եթե մի երևակայական Ալբերտ վերցնի տանի նրան սարերը անտառները, նա չի՞ առողջանալ:

Իմ դրությանը միանգամայն անտանելի էր դառնում: Ոչ մի ընկեր կամ ծանոթ չէր ուզում գալ ինձ մոտ: Այն գիշերվա տեսարանն ով որ լսում էր, սարսափում էր և իսկույն խորհուրդ տալիս տեղափոխվել այդ սենյակից: Իսկ ես չէի ուզում վիրավորել խելագարի ծնողներին: Բացի նրանից, որ իմ վճարած ամսական յոթը ռուբլի վարձը մի զգալի օգնություն էր աղքատ ընտանիքի համար, ես համարվում էի Մարթայի զսպող ուժը: Եվ իրավ խելագարը ոչ ոքին այնպես չէր հպատակվում, որքան ինձ:

Գարնան սկզբին տանտիրուհիս ինձ ասաց, թե արդեն փող են ձեռք բերել և շուտով մտադիր են գնալ սուրբ Գևորգ: Նա ուրախ էր. ես էլ ուրախացա: Մի շաբաթ չանցած ես բաժանվեցի ընտանիքից: Այդ օրը խելագարը անդադար մտնում էր սենյակս և դուրս գալիս:

Մարթա, մնաս բարև, ես գնում եմ, — ասացի ես:

Գնաս բարև, — պատասխանեց նա:

Գուցե ես սխալվում էի, բայց այդ րոպեին նա ինձ շատ ախուր թվաց: Կարծես, նրա խավար մտքի մեջ ուրախ հիշատակ էի զարթեցրել և այժմ զրկում էի նրան այս վերջին մխիթարությունից:

Անցել էր երեք տարի: Այդ ժամանակվա ընթացքում ես ոչ մի անգամ չէի տեսել խելագարին, նրա եղբորն էլ չէի հանդիպում ոչ մի տեղ: Արդեն մոռացել էի նրանց մասին, երբ ճակատագիրը մեզ նորից մոտեցրեց, այս անգամ բոլորովին ուրիշ հանգամանքներում:

Միևնույն քաղաքում երկար տարիներ ապրելն ինձ ձանձրացրել էր: Ուսուցչի պաշտոնով ինձ հրավիրեցին Բաքու: Ուրախությամբ գնացի: Արդեն մի ամիս էր այնտեղ էի:

Մի երեկո գնացի թատրոն: Ադամյանը նոր էր եկել Բաքու և այդ երեկո պետք է դուրս գար Համլետի դերում:

Ներկայացումը դեռ չէր սկսվել: Հանդիսականներն անց ու դարձ էին անում թատրոնի երկայն նախագավթում, որը բաղնիսի մուտքի էր նմանվում, երաժշտությունը թնդացնում էր թատրոն ասված մի քառակուսի անշուք շենք: Ես պատի տակ կանգնած դիտում էի անծանոթ հասարակությունը: Հանկարծ իմ աչքի առջևով անցավ մի զույգ: Դա թուխ և խոշոր դեմքով քառասուն տարեկան տղամարդ էր, եվրոպական տարազով հագնված, մի առողջ տիկնոջ հետ:

Առաջին նվագ ես ապշեցի: Ոչ, անկարելի բան է: Մի՞թե դա Մարթան է, այն դժբախտ խելագարը: Բայց նմանությունն անհերքելի էրնույն հասակը, նույն կազմվածքը, նույն աչքերը, նույն մազերը, մի խոսքով, նույն Մարթան, միայն ավելի գիրացած: Կարող էի չհավատալ աչքերիս, տեսածս խաբուսիկ երևույթ համարել, եթե զույգի հետևից չտեսնեի Մարթայի մորն ու Սերգոյին:

Որդի, այդ դո՞ւ ես, — կանգնեց իմ առջև Մարթայի մայրը, թասակրավն ուղղելով:

Դո՞ւք, այստե՞ղ, — գոչեցի ես անկեղծ ուրախությունով:

Սերգոն ձեռս ամուր սեղմեց: Թե՛ նա և թե՛ նրա մայրը հագած էին նոր հագուստ, առաջվա աղքատության հետքը չէր երևում նրանց վրա: Մայրը, մի քանի հարց տալուց հետո, շտապով գնաց աղջկա հետևից: Իսկ որդին մնաց ինձ մոտ:

Մենք այժմ այստեղ ենք ապրում, — պատասխանեց Սերգոն իմ զարմացական հարցին: — Մեծ եղբայրս մեզ այստեղ բերել տվեց մեր գործերն այժմ հաջող են գնում, ես էլ հաշվապահ եմ մի բուրժուայի կանտորում:

Այդ բոլորն ինձ համար այնքան հետաքրքրական չէին, որքան Մարթայի վիճակը: Նա առողջացե՞լ է, ինչպե՞ս: Ես ուզում էի հարցնել եղբորը, բայց ինչպե՞ս:

Ներկայացումն սկսվեց: Սերգոն շուտով հեռացավ: Ես մտա դահլիճ և, աչքերով որոնելով Մարթային, տեսա նրան հետևի էժան օթյակներից մեկում նստած: Արմունկը հենած օթյակի կողքին, նա մտիկ էր անում մերթ բեմին, մերթ պարտերի հասարակությանը: Իսկ օթյակի խորքում տեղավորված էր այն խոշոր դեմքով տղամարդը և սև հագուստով մի կին: Ի՛նչպես փոխվել էր Մարթան, ի՛նչպես գեղեցկացել, դեմքն ի՛նչ խելոք արտահայտություն ուներ:

Խաղամիջոցին ես նախագավթում բռնեցի Սերգոյին:

Ասացեք, խնդրեմ, — ասացի ես, վերջապես, չկարողանալով համբերությունս զսպել, — ձեր քույրն ամուսնացե՞լ է:

Արդեն վեց ամիս է:

Ես լռեցի: Նա շարունակեց.

Դուք երևի զարմանում եք. իհարկե, իրավունք ունեք: Այո, առողջ է, բոլորովին առողջ: Գիտե՞ք, մայրս չէր սխալվում, սուրբ Գևորգը նրան օգնեց:

Պատմեցեք, խնդրեմ, ես հետաքրքրությունից խեղդվում եմ, — գոչեցի ես, բոլորովին մոռանալով ամենայն համեստություն :

Նա սկսեց պատմել: Այն օրը, երբ Մարթային հայտնիում են, թե գնում են սուրբ Գևորգ, նա սաստիկ ուրախանում է: «Գնանք, շուտով գնանք», ասում է նա անդադար: Մայրն ասում է, թե եթե խելոք կկենա, կտանի, իսկ եթե ոչ, այն ժամանակ նրան կկողպեն սենյակում, իսկ իրանք կգնան առանց նրան: Նա լսում է մոր խոսքը: Մինչև այդ ժամանակ երկու-երեք ամիսը մեկ անգամ հազիվ կարողանում էին նրան ստիպել երեսը լվանալ, իսկ դուրս գալու օրը նա ինքը լվացվում է և հագնում սնդուկում պահած հագուստը:

Մենք վախենում էինք, — շարունակեց Սերգոն նախագավթի անկյունում, ուր մեզ լսող մարդ չկար, — որ նրա կատաղությունը ճանապարհին կբռնի. հայրս մեզ հետ չէր, ես էի և մայրս: Ի՞նչ պետք է անեի, հետս մի պարան էի վերցրել, հենց որ սկսեր, պիտի վերցնեի և կապեի նրա ոտք ու ձեռքը: Բայց մենք երկու օր ճանապարհ գնացինք, և այդ ժամանակ Մարթան ոչ մի ավելորդ շարժում չգործեց, ոչ մի խոսք չասաց: Համեստ երեխայի պես նա լսում և կատարում էր մեր ասածը... վերջապես, եկանք սրբատեղը: Մարթան սկսեց գանգատվել, թե գլուխը սաստիկ ցավում է և թե ուզում է ման գալ: Գարնան ամենալավ ժամանակն էր, սրբատեղը շատ գեղեցիկ զբոսավայր ունի: Սկզբում մենք վախեցանք, բայց հետո ես սիրտ առա: ԳալֆայանըԴուք նրան հիշո՞ւմ եքգնալուց առաջ ինձ ընկերաբար խորհուրդ տվեց, որ սրբատեղում մենք Մարթային կատարյալ ազատություն տանք և երբեք չհանդիմանենք կամ մի բանով չսպառնանք նրան: Ես հետևեցի նրա խորհրդին, վերջապես, ձանձրացել էի գիշեր-ցերեկ խելագարի հետևից ման գալուց: Օրը մինչև երեկո Մարթան մենակ զբոսնում էր հով տեղերում, արեգակի տակ, սարերի և ձորերի մեջ և հետ էր գալիս այն ժամանակ, երբ հոգնում էր: Մայրս ամեն առավոտ ստիպում էր նրան գնալ սրբի շիրիմին երկրպագություն տալ, մոմ վառել, մինչև անգամ աղոթել: Այս բոլորը նա կատարում էր հլու, հնազանդ, կարծես թե ութսուն տարեկան սնահավատ պառավ լիներ: Երբ վերջացնում էր ուխտը, դարձյալ բաց էր ընկնում և թափառում էր ուր ուզում էր: Այսպես անցավ հինգ ամիս, և Մարթան ոչ մի անգամ չկատաղեց: Միայն մեզ շատ զարմացնում էր նրա լռությունը: Ամբողջ օրը նա ոչ ոքի հետ չէր խոսում և ոչ էլ ինքն իրան հետ, ինչպես լինում էր առաջ: Մեկ էլ մի բան. տղամարդ տեսնելիս երեսը ծածկում էր ու փախչում: Մայրս ուրախությունից չէր իմանում ինչ անի: Նա ցանկանում էր երկար ժամանակ մնալ սրբավայրում, բայց աշունն արդեն մոտենում էր, և մենք պետք է տեղափոխվեինք: Մենք վճռել էինք այլևս չվերադառնալ այն քաղաքը, որտեղից դուրս էինք եկել: Եղբայրս նամակով հրավիրել էր մեզ այստեղ: Մարթան ուրախացավ: Նա ասում էր, թե շատ է հոգնել, ուզում է գնալ քաղաք: Մենք եկանք այստեղ, Մարթան համարյա առողջացել էր, բայց նրա լռությունը շարունակվում էր: Մի շաբաթ եղբայրս ման ածեց նրան նավթային հանքերը, գործարանները և մակույկով ծովի վրա: Նրա լեզուն սկսեց բացվել, նա հետաքրքրված հարցնում էր ամեն մի նոր տեսած բանի մասին: Անցավ երկու տարի, և Մարթան բոլորովին առողջ էր: Մի անգամ ծովափում նրան տեսել էր մի վաճառական և հավանել: Նա ինձ հետ ծանոթացավ, եկավ մեր տուն և ինքն յուր բերանով խնդրեց մորիցս Մարթայի ձեռքը: Մենք համաձայնվեցինք, իսկ Մարթան թեև ոչինչ չասաց, բայց երևում էր, որ համաձայն էր: Ահա՛, պարոն Սարաֆյան, այդ վաճառականն այժմ մեր փեսան է, չե՞ք կամենալ, արդյոք, ծանոթանալ:

Հաջորդ խաղամիջոցին Սերգոն ինձ տարեց Մարթայի և նրա ամուսնու մոտ: Մարթան նայեց ինձ և չճանաչեց: Նա ինձ մոռացել էր, ես էլ ծանոթություն չտվեցի:

Ամբողջ երեկո իմ միտքն զբաղված էր Մարթայռվ, ես անդադար նայում էի դեպի նրա օթյակը. Հասավ այն տեսարանը, երբ Օֆելիան խելագարվում է: Բնազդաբար աչքերս հառեցի Մարթայի վրա: Երաժշտությունը նվագում էր տխուր մեղեդին: Օֆելիան արտասանում էր իր անկապ մոնոլոգը: Մարթան ուշադիր լսում էր: Տեսարանը նրան գրավել էր: Օթյակի հետևում երևեցավ Սերգոն: Ես նկատեցի, որ նա ուզում է քրոջ ուշքը բեմից հետ դարձնել: Հա՞, այժմ նա խելոքացե՞լ է, գիտե՞ ինչպես վարվել քրոջ հետ: Բայց ինչո՞ւ է այդ երեկո թատրոն բերել, չէ՞ որ Մարթայի նյարդերը դրանից կարող էն վտանգվել: Ես մտքումս մեղադրեցի Մարթայի ամուսնուն, բայց հետո իմացա, որ նա ոչինչ չգիտեր յուր կնոջ տխուր անցյալի մասին:

Նոր տարիի օրը Սերգոյի հետ Մարթային այցելություն արի: Նրա բնակարանը բավական ընդարձակ էր, տան կահկարասիքը նոր, մաքուր, երևում էր, որ նրա ամուսինն ունևոր մարդ էր: Ամեն տեղ նկատելի էր կարգ ու կանոն, տանտիկնոջ օրինակելի տննեսության կնիքը: Մարթայի ամուսինը, Պետրոս Գասպարյանը լեռնական գյուղացու որդի էր: Մանկությունից ապրելով քաղաքում և առևտրական գործերով պտտելով Ռուսաստանում, նա յուրացրել էր քաղաքակրթական մի քանի արտաքին ձևեր: Ժամանակակից քաղաքացի երևալու համար նա կնոջը մի քիչ ազատություն էր տալիս, ծովափում նրա հետ թևանցուկ զբոսնում էր, տանում էր թատրոն, ցիրկ և այլն: Նկատվում էր, որ նա ներքուստ պարծենում էր Մարթայի գեղեցկությունով, եվրոպական ձևերով և անպայման հավատում նրա ճաշակին: Բայց, չնայելով այո բոլորին նա բնավորությամբ մնացել էր տակավին կոշտ, իսկ սրտով պարզ: Մարթայի սկեսուրը մի նահապետական խստաբարո կին էր և յուր հարսին սիրում էր այն չափով, որ չափով հարսը կարող էր բախտավորեցնել նրա որդուն: Նույն աչքով էր նայում նրա վրա և Պետրոսի այրի քույրը, որ ապրում էր եղբոր տանը:

Ես Մարթայի հետ վարվում էի ինչպես հեռու և միանգամայն նոր ծանոթ և ոչ մի բանով առիթ չէի տալիս անցյալը հիշելու: Պետրոսը սիրում էր նրան և շատ խանդոտ էր երևում: Գիտեի, որ մի ամենաչնչին բանն անգամ կարող էր նրա մեջ կասկած հղացնել: Յոթն ամիս ես շաբաթը մեկ կամ երկու անգամ այցելեցի Մարթային և միշտ նրա եղբոր հետ:

Մի անգամ պարոններ, նկատեցի, որ Մարթայի ամուսինն անսովոր տրամադրության մեջ է: Կարծեցի, որ շուտով կանցնի, բայց ո՛չ, տրամադրությունը շարունակվում էր: Ես իմացա, որ պատճառը գործերը չեն. բախտն այդ կողմից նրան հաջողում էր, և նա օր-օրի վրա հարստանում էր: Միևնույն ժամանակ, տեսնում էի, որ այդ փոփոխությունը նրա մեջ զգում են և՛ Սերգոն ու նրա մայրը, ուստի և շատ զգույշ են վարվում նրա հետ: Ես սկսեցի ուշ-ուշ այցելել նրանց, որովհետև նկատեցի, որ իմ ներկայությունը Մարթայի և Պետրոսի մոտ մի տեսակ դժգոհություն է պատճառում Սերգոյին և յուր մորը:

Այնինչ` Պետրոսն ինձ հետ սովորականից ավելի քաղաքավարի էր վարվում, բարեկամաբար հանդիմանում էր ուշ-ուշ այցելելուս համար: Նրա հարաբերությունը միայն Մարթայի հետ էր փոխվել: Նա երբեմն խորհրդավոր դեմքով գաղտնի նայում էր կնոջը, երբ վերջինս խոսում էր կամ մի բան անում: Նույն տեսակ խորհրդավոր հայացքներ փոխանակում էին միմյանց հետ և՛ նրա մայրն ու քույրը: Իսկ Մարթայի մայրը խղճալի դեմքով նայում էր նրանց և գաղտնի հառաչում:

Երկու ընտանիքներին սկսել էր բաժանել մի սև գիծ: Նրանք խորթ աչքով էին նայում միմյանց վրա:

Օրը կիրակի էր: Ես միայնակ զբոսնում էի քաղաքային այգում: Հեռվից տեսնելով ինձ, մոտեցավ ու բարևեց Մարթայի ամուսինը և սկսեց հետս ման գալ: Նկատելի էր, որ նա մտքում մի բան ունի, ուզում է խոսել, բայց չի վստահանում: Վերջապես, երբ մենք հոգնած նստեցինք մի նստարանի վրա, նա դարձավ ինձ.

Պարոն Սարաֆյան, դուք շա՞տ ժամանակ եք ապրել... քաղաքում:

Նա հիշեց այն քաղաքի անունը, ուր ես տեսել էի խելագար Մարթային:

Վեց տարի, — պատասխանեցի ես:

Ուրեմն, դուք իմ կնոջ ընտանիքին պետք է այնտեղ տեսած լինեիք, — ասաց նա, խեթ-խեթ նայելով երեսիս ,— դուք վաղուց ծանոթ եք նրանց հետ, ես գիտեմ...

ես չգիտեի ինչ պատասխանել: Պետրոսը լռեց, ձեռնափայտի ծայրը ցնցողաբար խփելով գետնին:

Պարո՛ն Սարաֆյան, — սկսեց նա նորից, միայն ոչ հանդարտ, այլ հուզված ձայնով, — դուք ազնիվ մարդ եք, ես ձեզ շատ եմ հարգում... Ես էլ պարզ մարդ եմ, սուտ ասել չեմ սիրում: Ասացեք, իմ կնիկը աղջիկ ժամանակ հիվա՞նդ է եղել:

Պարզ մարդու հարցն ինձ դրեց նեղ դրության մեջ: Ի՞նչ պատասխանեի:

Ես խույս տվեցի ուղիղ պատասխանից:

Հավատացեք, չեմ իմանում, եղել է ձեր կինը հիվանդ, թե ոչ... ամեն մարդ իր կյանքում հիվանդանում է, ինչո՞ւ նա չպիտի հիվանդանար...

Դուք իմ միտքը չհասկացաք, պարոն Սարաֆյան, — ընդհատեց նա, — ես հասարակ հիվանդության մասին չեմ խոսում... Է՛հ, ինչ եմ երկարացնում, դրուստը հարցնեմ, դուք տեսե՞լ եք իմ կնոջը գժված ժամանակը:

Ո՞վ է ասում, որ նա գժված է եղել, — գոչեցի ես, կեղծ զարմանալով:

Սակայն ուղղասեր լեռնականին անկարելի էր շեղել յուր նպատակից: Ոչ մի խորամանկ կամ վայրիվերո պատասխան չգոհացրեց նրան: Բևեռի պես նրա ուղեղում ցցվել էր մի հարց, և նա, ինչպես և է, ուզում էր լուծել այդ հարցը: Նա ինձ հավատացրեց, թե ինքն ամեն ինչ լսել է, ամեն ինչ գիտե: Գիտե, որ ես ապրել եմ նրանց ընտանիքում, եղել եմ խելագարին զսպողներից մեկը: Թե ով էր պատմել նրան այդ բոլորը, որ չար օձն էր թափել նրա պարզ սրտի մեջ յուր թույնընա այդ ինձ չասաց:

Խղճալի էր նույն րոպեին այդ մարդը. շատ բան կտայի, եթե կարողանայի ցրել նրա սոսկալի կասկածը: Բայց ի՞նչպես խաբեի նրան: Ես թաքցրի Մարթայի սիրո մասին Գալֆայանից լսածս: Ասացի միայն, թե Մարթան ունեցել է հոգեկան թախիծ, ուրիշ ոչինչ, թե նրա սիրտը պղտորված է եղել, բայց ուղեղն անվնաս, թե այդ սովորական մի դեպք է, չարժե դրա մասին մտածել, անցած գնացած բան է: Ես սուտ չէի ասում. այն ժամանակ ես հավատացած էի, որ Մարթայի ուղեղը ծանր հիվանդություն չի ունեցել, եթե ոչ՝ կարծում էի ոչ մի բան նրան չէր բժշկիլ:

Շատ շնորհակալ եմ, — շատ շնորհակալ եմ, որ ինձ մխիթարում եք, — արտասանեց նա, ոտքի կանգնելով, և, ձեռս սեղմելով, ավելացրեց. — դուք իմ բարեկամն եք:

Ասաց նա և, գլուխը կրծքին թեքած, տխուր հեռացավ...

Այնուհետև ես դադարեցի այցելել Պետրոսի ընտանիքը: Ցավալի էր ինձ համար տեսնել նրան այդ վտանգավոր կասկածի մեջ: Ես զգում էի, որ նա միշտ տանջվում է, որ իրեն խաբված ու վիրավորված է համարում: Բայց ավելի վշտալի էր Մարթայի դրությունը: Նա վաղ թե ուշ պետք է հասկանար, պետք է նկատեր շրջապատողների կասկածը: Տե՛ր աստված, մտածում էի ես երկյուղովդ ի՛նչ կպատահի նրան այն ժամանակ, կդիմանա՞ արդյոք չարագուշակ փոթորկին, թե՞ կնկճվի դժբախտ անցյալի հիշատակների ներքո:

Ինձ վախեցնում էր Պետրոսի պարզ և անշեղ բնավորությունը, մանավանդ նրա խստաբարո մոր նախապաշարմունքները: Թող այդ մարդիկ լինեին խոհեմկմոռանային ամեն ինչ, անուշադիր թողնելով չար մարդկանց ասածները: Բայց ցավալին այն է, որ նրանք չգիտեին, թե ինչ է մարդկային սրտի և հոգու օրենքները:

Ինչո՞ւ մեզ մոռացաք, — բռնեց ինձ Պետրոսը մի անգամ փողոցում, — ես ուզում եմ ձեզ շուտ-շուտ իմ տանը տեսնել: Արի, հենց հիմա գնանք:

Եվ նա ինձ ստիպեց հետևել իրան: Ճաշի ժամանակ էր: Մարթան սեղանատանը զբաղված էր: Նրա սկեսուրը և մարդու քույրը նստած էին հյուրասենյակում: Ինձ տեսնելով, նրանք շշնջացին միմյանց մեջ, բայց և ուրախությամբ ընդունեցին:

Ներս մտավ Մարթան և, ինձ բարևելով, անցավ սեղանատուն: Չգիտեմ ինչու, ես չէի կարողանում նրա երեսին ուղիղ նայել: Կարծես, նրա առջև մի բանով մեղավոր էի: Երբ նա երեսը դարձնում էր սեղանից, այն ժամանակ միայն նայում էի նրան, կամենալով գուշակել, արդյոք, մի բան հասկացրել էն: Նրա դեմքը մի քիչ դեղնած էր, հոնքերի մեջտեղում երևում էր մի նոր խորշ: Նա սովորականից քիչ էր խոսում, երբեմն բոլորովին չէր խոսում: Բայց այդ փոփոխությունն ես վերագրեցի ուրիշ պատճառի. ես նկատել էի նրա իրանի անբնական ձևը...

Խոսակցությունը չէր կապվում: Ես աշխատում էի Պետրոսին զբաղեցնել քաղաքային լուրերով: Սակայն մի թեթև շշուկ, մի որևէ շարժում կնոջ կողմիցխլում էր նրա ուշադրությունն, և իմ խոսքը կիսատ էր մնում: Դրությունս փափուկ էր, զղջում էի այնտեղ գտնվելուս համար: Չար կասկածը մի անգամ արդեն թափանցել էր նրանց սիրտը և այնտեղ կատարում էր յուր գործը: Կարո՞ղ էր Մարթայից անհայտ մնալ այդ կասկածը: Պատահեց մի շատ սովորական դեպք: Մարթան ափսեները ծառային տալիս անզգուշաբար ձեռքից գցեց հատակի վրա: Դա մի հասարակ անփթություն էր: Նա շփոթված ոտքի թռավ և գունատվեց: Պետրոսը բնազդումով տեղից վեր կացավ: Նրա այրի քույրը մի ճիչ արձակեց և նույնպես թռավ տեղից: Իսկ մայրն, աչքերը վեր բարձրացնելով, հառաչեց: Նրա շրթունքների շարժումից երևում էր, որ մտքում աղոթում է: Մարթան սաստիկ վախից դողում էր: Ամենքն իրանց հայացքը հառել էին նրա վրա, իսկ նրա հոգին ճնշվում էր այդ ընդհանուր հայացքի տակ, ինչպես մի սեղմիչի ներքո: Հետո նա սկսեց կոտրված ափսեները հավաքել:

Լռությամբ սկսված ճաշը լռությամբ էլ վերջացավ: Ես շտապեցի ազատվել անախորժ տեսարանի ծանրությունից:

Նույն օրն երեկոյան ես գնացի Սերգոյի մոտ: Նրա մայրը, ձեռները կրծքին ծալած, նստած էր թախտի վրա: Խեղճ կինը լալիս էր: Ինձ տեսնելիս շփոթվեց: Անմիջապես Սերգոյին կանչեցի մյուս սենյակ և պատմեցի կասկածս ու երկյուղս:

Այո՛, — ասաց նա, — փեսաս ամեն բան իմացել է, չգիտեմ ով է պատմել նրան:

Թող անիծվի այն չար լեզուն, — գոչեցի ես հուզված, — բայց այդ չէ կարևորը: Այժմ հարկավոր է մի բան անել. պետք է այդ վատ կասկածը արմատախիլ անել թե՛ Պետրոսի և թե նրա մոր ու քրոջ սրտից, եթե ոչ Մարթային վտանգ է սպառնում:

Այո՛, վտանգ է սպառնում, գիտես. նրանք կարծում են, թե Մարթան հիմա էլ խելագար է. չգիտեք ինչեր են խոսում: Անցյալ օրն ես ինքս ականջովս լսեցի Մարթայի սկեսրոջ խոսքը. «սևանար այն օրը երբ աստծու պատիժը ոտք դրեց իմ տունը»: Դուք գիտե՞ք, Պետրոսն այժմ Մարթային ոչ մի տեղ չի տանում, այո, ոչ մի տեղ և հյուր էլ չի ընդունում. ես զարմանում եմ, որ նա ձեզ հրավիրում է: Իսկ մեզ հետ նա սկսել է արդեն բոլորովին կոպիտ վարվել: Հինգ օր առաջ մի դատարկ բանի համար նրա մայրն իմ մորը մի կոպիտ հիշոց տվեց: Այժմ խեղճ կինը չի համարձակվում այնտեղ գնալ: Ամեն օր նստած լաց է լինում:

Իսկ Մարթա՞ն, նա զգո՞ւմ է յուր շրջապատողների կասկածը:

Զգում է և մեկէլ օրը ինձ գանգատվում էր: Այդ հիմարները մինչև անգամ վախենում են նրանից: Գիշերները ոչ ոք չի համարձակվում նրա հետ միայնակ մնալ: Նույնիսկ Պետրոսը հանգիստ չի մնում նրա հետ: Մարթան ասում է, որ երբեմն գիշերները նա մի քանի անգամ զարթնում է և զարմացած մտիկ անում չորս կողմը: Այս վերջին օրերս Մարթան ինքն էլ հանգիստ չի կարողանում քնել. նրան թվում է, թե ուզում են իրան սպանել, նա շատ է վախենում:

Ցավալին այն է, — ասացի ես ոգով վշտացած, — որ Մարթայի դրությունը... հասկանո՞ւմ եք:

Այո՛, — լրացրեց Սերգոն, — նա հղի է, հինգ ամիս է արդեն:

Այդ վիճակում շրջապատողների վարմունքը ավելի է սպառնում նրա հոգեկան առողջությանը:

Հասկանում եմ, բայց ասացեք, ի՞նչ կարող եմ անել ես:

Դուք և ձեր մայրը միշտ պետք է նրա մոտ լինեք, աշխատեք, որքան կարելի է, հեռու պահել նրան այդ շրջանի կասկածից մինչև որ տագնապն անցնի:

Հեշտ է ասել... Այդ մարդիկ չեն ուզում մեր երեսն անգամ տեսնել, իսկ դուք ուզում եք մենք միշտ Մարթայի մոտ լինենք: Մայրս քիչ է մնում խելագարվի աղջկա կարոտը քաշելով, իսկ ես... ես ինքնասեր մարդ եմ, չեմ կարող այն տգետ գյուղացիների վիրավորանքը տանել... Ոչ, ոչ. չեմ կարող, ես... կսպանեմ Պետրոսին:

Ես աշխատեցի այդ գոռոզ արարածին համոզել, թե այդպիսի դեպքերում նրա ինքնասիրությունը բոլորովին ավելորդ է, թե նա պարտավոր է, չնայելով վիրավորանքներին, պաշտպանել յուր քրոջը սպառնացող վտանգից: Բայց նա մնաց անխախտ յուր ասածի վրա:

Ես թքեցի և վշտացած հեռացա:

Պարոններ, երկար կլինի պատմել ձեզ այն բոլորը, ինչ որ այնուհետև կատարվեց: Ամեն բան ես իմանում էի Մարթայի կյանքից, մերթ ինքս տեսնելով, մերթ Սերգոյից լսելով: Պետրոսը, յուր խստաբարո մոր կամքով, ամբողջ օրը պահում էր Մարթային տանը փակված, չնայելով որ հղի կնոջ համար ազատ օդը և զբոսանքն անհրաժեշտ էին:

Մի օր Մարթան վշտացած հարցնում է սկեսուրից ինչու նա նրա եղբոր ու մոր հետ լավ չի վարվում և ինչու չի ուզում, որ նրանք այցելեն: Կոպիտ և գռեհիկ պառավը պատասխանում է, թե նրանք հավիտյան ոտք չպիտի դնեն յուր տունը:

Ինչո՞ւ, — հարցնում է Մարթան:

Քեզնից հարցրու, ինչո՞ւ նրանք իմ որդուն անբախտացրել են:

Հետո պառավն ամեն ինչ պատմում է նրան և ավելացա նում է.

Դու խելագար ես:

Մարթան ուշաթափվում է և ընկնում: Այն օրից նրան տիրում է ծանր տրտմություն, որ այլևս նրանից չի բաժանվում: Մութ կերպով զարթնում է նրա ուղեղում տխուր անցյալը, ապա հետզհետե բարդվում են բոլոր խավար հիշատակներըմի անգամ հիվանդ եղած ուղեղը նորից սկսվում է պղտորվել և մթնել:

Մի օր Պետրոսը դարձյալ ինձ հանդիմանեց փողոցում, որ այլևս իրան չեմ այցելում: Ես նուրբ կերպով ակնարկեցի նրա անբնական դրության մասին:

Կգամ ձեր որդու կնունքին, — ասացի ես, ժպտալով:

Իմ որդո՛ւ, — կրկնեց նա, — աստված տա, որ նրա ծնունդը հաջող լինի:

Նա հառաչեց: Նա տանջվում էր հոգեպես և շատ ծանր էր տանջվում: Ես սկսեցի նրա հետ պարզ խոսել, կամենալով մի անգամ ևեթ ցույց տալ նրա կասկածի անհիմն լինելը: Նա դառն հեգնությամբ լսում էր իմ ասածը: Նրա վրա ոչ մի համոզիչ խոսք չէր ազդում: Նա գոչեց վշտացած ձայնով.

Պարոն Սարաֆյան, իմ կնոջ ցավը դուք գիտեք, բայց միայն դուք եք իմացել, և այս գաղտնիքը թող մնա մեր մեջ:

Կարող եք իմ համեստությանը հավատալ բոլորովին, — պատասխանեցի ես, — բայց հավատացեք նույնպես, որ ձեր կինն առողջ է, կատարելապես առողջ:

Մարմնով շատ առողջ է, բայց այս տեղը...

Նա ձեռը տարավ ճակատին և, կրծքից մի խոր հոգոց հանելով, գլուխը քաշ գցեց:

Երեկ երեկոյան, մայրս եկեղեցուց գալիս, նրան «ողորմի աստված է» ասում: Մտիկ է տալիս մորս երեսին խեթ-խեթ և պատասխանում, «դուք ինձ ուզում եք սպանել»: Նա կարծում է, թե քույրս կամ մայրս թշնամացել են յուր հետ, ուզում են նրան անպատճառ թունավորել: Նա չայն էլ կասկածով է խմում, կերակուրն էլ կասկածով է ուտում:

Դուք ինքներդ եք առիթ տալիս նրան կասկածելու, դուք զուր նրան հալածում եք, — ասացի ես վրդովված:

Նա ձեռով մի շարժում արավ և հուզված հեռացավ:

Ես հետաքրքրությունս չէի կարողանում զսպել: Մի անգամ ես գնացի Պետրոսի մոտ կեսօրից հետո:

Մարթայի հղիության վերջին ամիսն էր, օր-օրի վրա սպասում էին կնոջ կյանքի խորհրդավոր ժամերին:

Մայրը խնդրել, աղաչել էր, և նրան թույլ էին տվել այդ օրերն աղջկա մոտ լինել:

Պետրոսը յուր քրոջ և մոր հետ նստած շշնջալով խոսում էր: Մարթան յուր մոր հետ մյուս սենյակումն էին: Առաջին րոպե ես զղջացի այցելությանս մասին: Բայց Պետրոսն ինձ ընդունեց գրեթե գրկաբաց, հրավիրեց յուր սենյակը: Ես վճռել էի վերջին փորձն անել նրա կասկածը փարատելու: Խնդրեցի նրան գոնե այժմ Մարթայի հետ վարվել շատ մեղմ և զգույշ, որովհետև օրերը տագնապալի էին:

Այժմ մենք շատ զգույշ ենք, շատ զգույշ, — պատասխանեց նա, — երեխայի պես ենք վարվում հետը: Ինչ որ ուզում է անում ենք, ոչ մի բանում չենք հակառակում: Բայց նա միշտ զարմացած խեթ-խեթ մտիկ է տալիս մեր երեսին և գլուխը շարժում:

Թեյի ժամանակ ամենքս միասին էինք: Որքա՛ն փոխվել էր Մարթան վերջին ժամանակ. այո՛, ես առաջին հայացքով հազիվ ճանաչեցի նրան: Ճշմարիտ է, Պետրոսը, նրա մայրն ու քույրը շատ զգույշ ու մեղմ էին վարվում նրա հետ, բայց այդ ավելի սաստկացնում էր Մարթայի թախիծը և ավելի կասկածամիտ դարձնում նրան: Մի վայրկյան նա նայեց երեսիս, և այդ թախծալի աչքերի մեջ ես կարդացի նրա հոգու սոսկալի մրրիկը: Մերթ նա շրթունքները սեղմում էր և երեսը հետ դարձնում, մերթ նայում էր մոր երեսին: Նրա ձեռները թեթևակի դողում էին: Մայրն աչքը չէր հեռացնում նրա երեսից: Իսկ մյուսները, չնայած իրենց զգուշությանը, դարձյալ երբեմն բոթում էին միմյանց և զանազան նշաններով իրար հետ խոսում: Ո՛չ, սարսափելի հալածանքն արդեն մի անգամ սկսվել էր և որքան էլ փոխվեին ձևերըդարձյալ մնում էր հալածանք:

Այդ օրվա իմ այցելությունը վերջինն եղավ:

Մի շաբաթ անցած Մարթայի ծննդյան ժամերը հասան: Նա ազատվեց անփորձ, մինչև անգամ բժիշկ հրավիրելու կարիք չեղավ: Բայց հենց այդ րոպեից սկսվեց նրա դառն փորձը և վերջացավ այնպես ողբալի...

Պարոններ, ով ծանոթ է կնոջ կազմի հետ, հարկավոր չէ նրան ասել, թե որքան տագնապալի է նրա դրությունն ամենահաջող ծննդից հետո անգամ: Այո, ամենաառողջ և ամենաամուր նյարդեր ու ջղեր ունեցող կնոջ կյանքն անգամ այդ ժամանակ ենթակա է վտանգի:

Իսկ Մարթա՞ն... կարո՞ղ էր նրա վրա չազդել շրջապատողների այն լուռ հալածանքը, որ շարունակվում էր ավելի ուժով: Փորձը շատ ծանր է լինում, որպեսզի անհետևանք մնար: Բավական է լինում մի թույլ նշան, և ահա գուշակվում է մոտալուտ կատաղությունը: Հենց երկրորդ օրը երեկոյան, կարծեմ Մարթան ուժաթափվում է: Տաքության աստիճանն սկսում է արագ-արագ բարձրանալ: Նա սկսում է զառանցել: Մի շատ սովորական երևույթ նրա դրության մեջ գտնվող բոլոր կանանց համար... Սակայն շրջապատողների ամրացած կասկածն այդ զառանցանքները վերագրում է ոչ թե մարմնի տկարությանը, այլ հոգու հիվանդությանը: Մի ամբողջ օր տևում է զառանցանքը, և ողորմելին յուր բերանով պատմում է յուր տխուր անցյալի անհայտ մասն ևս: Հետո նա մի փոքր ուշքի է գալիս, սկսում է անիծել յուր կյանքը, յուր շրջապատողներին: Սկսում է լաց լինել, գոռալ և գրգռվելով մի ապտակ է տալիս ամուսնուն:

Այստեղ Սարաֆյանը կանգ առավ: Մենք տակավին ուշադիր սպասում էինք պատմության շարունակությանը: Տխուր հառաչելուց հետո նա ավելացրեց.

Մնացյալն այլևս չեմ պատմիլ: Կավելացնեմ միայն, պարոններ, որ ճակատագիրն ավելի գութով վերաբերվեց ցնորվածին: Մարթայի տաքությունն ավելի ևս սաստկանում է, նա ամբողջ մարմնով, կարծես, սկսում է այրվել. Բժիշկները չեն կարողանում օգնել: Իններորդ օրը խելագարն ազատվում է յուր տանջանքից, մահվան անկողնի մոտ լսելով յուր նորածին մանկան լացը...

ՇՐՋԱՆԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾԸ

Պատմվածք

I

Գիմնազիայում Պետրոս Մարդանյանը հայտնի էր իբրև լուռ, անտարբեր պատանի: Նա հեռու էր պահում իրեն ընկերական շրջաններից, թատրոն էր գնում միայնակ, դասեր էր պատրաստում միայնակ: Եվ այս պատճառով ընկերները նրան չէին սիրում:

Նույնն էր նա և՛ մայրաքաղաքում: Մտնելով համալսարան, նա ոչ մի կապ չհաստատեց կովկասցի ուսանողների հետ: Հայերը աշխատեցին թեքել նրան իրանց կողմըչեղավ, վրացիները փորձեցինդարձյալ անհաջող: Առաջարկեցին նրան գրվել գոնե ուսանողական գանձարանի անդամմերժեց:

Թքենք նրա վրա, — վճռեցին ուսանողները, — նա միշտ եղել է եսասեր, այդպես էլ կմնա:

Եվ բոլորն երես դարձրին նրանից: Ինքն էլ երես դարձրեց ամենից: Ապրում էր ընկերական բոլոր խավերից հեռու, առանձնացած: Ոչ ոք չէր ճանաչում նրա բնակարանը: Ոչ ոք չգիտեր, թե ինչ է անում, ինչով է պարապում դասերից ազատ ժամանակ: Միայն մի քանի անգամ տեսան նրան լեհացի ուսանողների հետ: Սխալմամբ ենթադրեցին թե օտարազգիների հետ կապ ունի: Այդ ավելի գրգռեց հայրենակիցներին: Ո՞ր օտարազգի շրջանն է կարոտ որևէ Մարդանյանի մասնակցությանը:

Խո՛զ, խո՛զ, — գոռում էին հայ ուսանողները, մանավանդ աղքատները, — մենք փող չունինք, մեզանից հեռու է փախչում, վախենում է պարտք խնդրենք: Թքել ենք, թող յուր հոտած եսի մասին մտածի:

Եվ ահա այդ եսասեր, անտարբեր և ժլատ համարված երիտասարդը յուր ուսանողական կյանքի տարիների վերջին փոխվեց: Նա այժմ ավելի խույս չի տալիս յուր ընկերներից, ընդհակառակը, ձգտում էր նրանց մոտենալ: Սրան նրան հրավիրում էր յուր մոտ, խոսում է այն բաների մասին, որոնցով բնավ չի հետաքրքրվել, հայրենի երկիր, ժողովուրդ, երիտասարդությունայսպիսի բառեր են լսվում նրա բերանից, նա հարցուփորձ է անում յուր ուսանող հայրենակիցների մասին, աշխատում է իմանալ ինչ ժողովներ են կազմում, ինչի մասին խոսում, դատում: Առանձին փափագով ուզում է իմանալ ուսումնավարտների ձգտումները:

Էհե՛, այդ ի՞նչ է նշանակում, — զարմացած հարցնում էին իրարուց ուսանողները:

Ամենքը զանազան ենթադրություններ էին անում. մեկն ասում էր, թե նա հասկացել է յուր սխալը, ուզում է ուղղել, մյուսը, թե ընդհանուրի ատելությունր ծանր է թվացել նրան:

Պարոննե՛ր, — ասաց մի օր ֆիլոլոգ Գալումյանը, — այդ մարդու անկեղծությանը մի հավատաք: Ես գիտեմ քամին ո՛ր կողմից է փչում: Նա ուսումն ավարտած է, գիտե, որ այսուհետև իրենից ակնկալություն չունինք: Բայց չի ուզում յուր դիպլոմի հետ ընկերների ատելությունը հայրենիք տանել: Նա աշխատում է այժմ մի կերպ շոյել մեր սիրտը: Հասկացա՞ք:

Next page