Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Այդ կծու նկատողությունը արհեստի վերաբերությամբ մանրավաճառ Թորոսը, կարծես, հենց դիտմամբ էր անում, որ խեղճ դարբնին վիրավորի: Դարբինը խիստ ամոթխած մարդ էր: Լսելով այդ կոշտ խոսքերը, կարմրեց և ոչինչ չկարողացավ պատասխանել:

Երևում էր, որ ինքն ևս զգում էր յուր ոչնչությունը հպարտ հակառակորդի առաջ:

Հայրս երկար վիճաբանությանը վերջ դնելու և հարցը միանգամից վճռելու համար հարցրեց.

Այժմ, պարոններ, ասացեք, ինչ խորհուրդ եք տալիս Խաչիի համար, ինչ պարապմունքի տամ նրան, որ մարդ դառնա:

Վաճառականության, — պատասխանեց ամենից առաջ մանրավաճառ Թորոսը:

Բայց վաճառականության համար ախար փող է հարկավոր, իսկ ես, ինչպես գիտեք, աղքատ մարդ եմ:

Տուր նրան մի հարուստ վաճառականի խանութ գործակատարի պաշտոնով, նա այնտեղ առևտուրը քիչ թե շատ սովորելուց հետո, ինքը կարող է վերջ ի վերջո սովորել փող ձեռք բերելու հնարը և ժամանակով վաճառական դառնալ: Միայն հարկավոր է համրերութուն ունենալ, ուրիշ ոչինչ...

Այդ ինչպե՞ս կարելի է, էլի ես չեմ հասկանում, թե դատարկ ձեռքով մարդ ի՞նչ կարող է անել, — հետաքրքրվեց հայրս, իսկ որ չկարողանալով Թորոսի խոսքերից բան հասկանալ:

Աշխարհում անկարելի բան չկա, — հակառակեց մանրավաճառը: Ես ինքս տասը տարի մի մանրավաճառի մոտ գործակատար եմ եղել դատարկ ձեռքով. ինչպես տեսնում եք, ինքս այսօր մանրավաճառ եմ և, փառք աստուծո, մոտ տասը հազարի կարողություն ունիմ: Բայց ես դեռ ոչի՛նչ, համեմատելով ուրիշների հետ: Մտիկ տվեք մեր քաղաքի ամենաերևելի վաճառականներին, նրանցից ո՞ր մեկն է լիք գրպանով եղել առաջ: Ամենքն էլ իրենց ժամանակին գործակատարներ կամ խանութի ծառաներ են եղել, իսկ այժմ ամեն մեկը հարյուր հազարների առուտուր է անում: Վաճառականությունը մի այնպիսի գործ է, որ ինքն է սովորեցնում սիրողին փող աշխատելու հնարը. հարկավոր է միայն գտնել նրա գաղտնիքը, այնուհետև ամեն ինչ ինքնըստինքյան հեշտանում է:

Ի՞նչ գաղտնիք է այդ, պարոն Թորոս, — հարցրին բոլորը գրեթե միաբերան:

Ձեզ համար արդեն ուշ է հասկանալ այդ գաղտնիքը, ձեր ժամանակն արդեն անցել է, իսկ Խաչին կարող է շուտով հասկանալ: Թող միայն սիրով դիպչի գործին և թող սրանից առաջ իմ տված խրատներն յուր ականջում միշտ պահի, երբեք չմոռանա, այնուհետև գաղտնիքը հեշտությամբ կպարզվի:

Մինչդեռ նրանք այս վիճաբանության մեջ էին, ես ևս սկսել էի արդեն մտքումս խորհել իմ ապագայի մասին: Մանրավաճառ Թորոսի խոսքերն ինձ համար խիստ խորհրդավոր էին. ես չէի հասկանում այդ խոսքերի նշանակությունը: «Այն ինչ գաղտնիք է, որը կարող եմ գտնել վաճառականության մեջ», մտածում էի ինքս ինձ: Այդ գաղտնիքը սկսեց ինձ խիստ հետաքրքրել, այնպես որ փոքր էր մնում, որ ես համարձակվեի բերան բանալ և խնդրել հորս, որ նա հետևի Թորոսի խորհրդին և թույլ տա ինձ մտնել գործակատար մի վաճառականի մոտ, որպեսզի իմանամ, թե ինչումն է կայանում փող ձեռք բերելու գաղտնիքը: Բայց ես ինչպես կարող էի բերան բանալ իմ մեծերի մոտ: Այդ կլիներ իմ կողմից մի աններելի հանդգնություն, և ես հեշտ չէի պրծնիլ հորս ձեռքից: Բարեբախտաբար, առանց իմ միջամտության, բանը փոխվեց իմ ցանկացածի համաձայն: Երկար վիճաբանություններից հետո ամենքը, իհարկե, բացի դարբին Մարութիցորը մինչև վերջը լռություն էր պահումհամաձայնվեցին, որ ինձ համար լավ կլինի մտնել վաճառականական ասպարեզ, քան թե որևիցե արհեստ սովորել: Հայրս վճռեց հանձնել ինձ մեր քաղաքի այդ ժամանակվա ամենահայտնի վաճառական աղա Գուլամյանցների մանուֆակտուրայի մագազինը գործակատարի պաշտոնով:

Թեև ես չգիտեի այն ժամանակ, թե ինչ ասել է վաճառականի գործակատար և ինչումն է կայանում նրա պարապմունքը, բայց խիստ ուրախացա հորս այդ վճռով: Առաջինը, ինձ հետաքրքրում էր մանրավաճառ Թորոսի ասած գաղտնիքը և երկրորդ, ճշմարիտը խոստովանած, երբեք ես հակումն չունեի դեպի որևիցե արհեստ: Ճշմարիտ է, ես այն ժամանակ խիստ տհաս էի, որ կարողանայի ճիշտ գաղափար ունենալ արհեստների նշանակության մասին, որովհետև իմ տասնևյոթ տարին դեռ չէր լրացել, սակայն ուղեղս այնքան էլ անզարգացած չէր, որ չկարողանար գեթ հասարակ համեմատություններ անել: Ես նույն րոպեին սկսեցի մտքումս համեմատել դարբին Մարութին մանրավաճառ Թորոսի հետ, ակամա երևակայելով իմ ապագան իրականացած այդ երկու մարդկանց մեջ: Մեկը սրանցից իմ աչքի առաջ կանգնած էր առողջ, չաղ, ինքը մաքուր, հագուստը նույնպես մաքուր և նոր, փորը կուշտ, գրպանը միշտ լիք, հարգանքը և պատիվը հասարակության մեջ համեմատաբար ավելի, որին ամենքը ուշադրությամբ ականջ էին դնում, թեև խոսեր հիմարություն, որը հանդեսներում յուր ընկերների մեջ առաջին տեղն էր նստում, ինչպես և նույն օրը մեր տանը: Մյուսընրա մոտ կոշտ ու կոպիտ, միշտ տխուր, դեմքը նիհար, և ժամանակից առաջ պշկած, վիզն և երեսը սևացած, ձեռները քարի նման կոպտացած, միշտ կեղտոտ և անվայելուչ հագուստի մեջ, որը հասարակության մեջ, ինչպես և նույն օրը մեր տանը, ոչ մի հարգանք կամ համակրություն չէր վայելում: Որին խոսելու ժամանակ ոչ ոք չէր կամենում լսել, որ շատ անգամ ծիծաղի առարկա էր դառնում: Նա գիշեր ու ցերեկ ֆիզիկապես աշխատում էր տնային կենդանուց ավելի, բայց և այնպես, հազիվհազ կարողանում յուր ընտանիքը կերակրել: Որքա՛ն զանաղանություն սրա և առաջինի մեջ:

Հասկանալի էր, որ այդ երկուսից առաջինի կյանքը նախանձելի էր, և եթե մեկը նույն րոպեին ինձ հարցներ, «Խաչի, ո՛րը կկամենաս լինել. մանրավաճառ Թորոս, թե՞ դարբին Մարութ», պարզ է, որ առանց երկար մտածելու կցանկանայի լինել Թորոս: Այս պատճառով ես խիստ ուրախացա, երբ հայրս ինձ դիմեց.

Խա՛չի, վաղը ես քեզ կտանեմ վաճառական աղա Գուլամյանցների մագազինը: Այնտեղ դու գործակատար պիտի լինես: Արի՛, Թորոս աղայի և մյուսների ձեռը համբուրիր, նրանց բարի և անկեղծ խորհրդի փոխարեն:

Ես խոնարհությամբ կատարեցի հորս կամքը, բոլորի ձեռքը մի առ մի հերթով համբուրելով: Խոստովանում եմ, երբ հերթը հասավ դարբին Մարութին, հազիվհազ կարողացա զսպել զզվանքս, տեսնելով նրա կեղտի ծալքերով ծածկված ձեռքը: Ես դժվարությամբ իմ շրթունքների ծայրերը հասցրի նրա կոպիտ մատներին: Մանրավաճառ Թորոսը ճակատս համբուրելով և օրհնելով, մի անգամ ևս կրկնեց յուր խրատը:

Խոնարհ և հլու հպատակ կլինիս աղա Գուլամյանցներին, կկատարես բոլորը, ինչ որ կհրամայեն: Թեքվիր և ծռվիր ինչպես օձ, բայց պահիր քեզ խեղճ ինչպես մի ոչխար և դու շուտով կմտնես աղա Գուլամյանցների գրպանը: Ապրե՛ս, որդիս, ու զորանաս:

II

Ուրախութենից գրեթե ամբողջ գիշեր շարունակ անկողնիս մեջ տրորվում էի այս ու այն կողմ, ստեղծելով երևակայությանս մեջ հազար տեսակ պատկերներ իմ ապագա կյանքից և հորինելով զանաղան տեսակ ծրագիրներ... Լուսադեմին քունը հաղթեց ինձ, և ես մի երկու ժամ քնեցի:

Արեգակը բավական բարձրացել էր, երբ զարթնեցի: Շտապով վեր թռա անկողնից, երեսս լվացի և սկսեցի շորերս հագնել որպեսզի պատրաստ լինեմ հորս առաջին հրավերին, որի հետ ես այն օրը պիտի գնայի աղա Գուլամյանցների մագազինը: Հայրս հենց առաջին երեկո, մեր հյուրերի ցրվելուց հետո, արդեն գնացել էր մագազին և այնտեղ իմ մասին խոսել:

Թե ինչ պայմաններով ես պիտի ծառայեի աղա Գուլամյանցների մոտ, որքան ռոճիկ պիտի ստանայիայս ինձ չհայտնեց հայրս: Միայն, երբ մենք հասանք մագազին, և նա ձեռս բռնելով հանձնեց Մակար ադային, այսքանը լսեցի նրա բերանից իմ մասին.

Այսահետև, Մակար աղա, էլ սա իմ որդին չէ, այլ քոնը, հանձնում եմ նրան ոտով գլխով քեզ: Վարվի՛ր նրա հետ, ինչպես դու գիտես, միայն թե ժամանակով մարդ դառնա քո ձեռքում:

Մարդ դառնալը կախված է իրանից: Եթե խոնարհ, ղոչաղ, խոսք լսող կլինի, իհարկե, ժամանակով մի կտոր հացի տեր կդարձնեմ, իսկ եթե չէմեղքն յուր վզին: Իմ ձեռքում շատերն են մարդ դառել և շատերն էլ մարդ դառնալու մոտիկ են, եթե քո որդին էլ լավ կծառայի ինձ, իմ հրամանները խոնարհությամբ կկատարի, կարող է ժամանակով նրանց նման լինել:

Աղա Գուլամյանցը այս խոսքերն արտասանեց մի այնպիսի անդորր ինքնավստահությամբ և աներկբա եղանակով, որ ես ակամա զգացի, թե կանգնած եմ մի գերբնական ուժի առջև, որը, հիրավի, եթե ուզենա, կարող է ամեն ինչ անել ինձ համար:

Հայրս գլուխ տվեց ու հեռացավ, ես մնացի մագազինում:

Մագազին ասված բանըր մի լայն և ընդարձակ խանութ էր չորս մեծ դռներով և մի քանի պատուհաններով: Նա լիքն էր զանաղան տեսակի թանկագին և էժանագին ապրանքներով, սկսած ամենաընտիր արտասահմանյան նուրբ գործվածներից, մինչև Ռուսաստանի ամենահասարակ կտորները: Դեռ մինչև այն օրը կյանքումս տեսած չլինելով այդչափ հարստություն միատեղ, ես բերանս բաց, շվարածի նման, նայում էի այս ու այն կողմ, ինչպես մի գյուղական մանուկ, որ առաջին անգամ մտնելով քաղաք, աչքերը ճըլզած չգիտե բարձրաշեն տներից ո՛ր մեկի վրա դադարեցնե յուր ուշադրությունը: Բայց ամենից ավելի գրավեցին իմ ուշադրությունը զաստոյկայի վրա շարած ապակյա պահարանների մեջ կանոնավոր կերպով դասավորված զանաղան տեսակի ոսկեղենները և թանկագին քարեղենները, որոնց գրավիչ փայլը, կարծես մի տեսակ կախարդական զորութենով, կաշկանդում էր իմ ուշքն ու միտքը: Առաջին անգամ այստեղ գրգռվեցին իմ մեջ շահասիրական զգացումներ, և ես սկսեցի հոգով նախանձել աղա Գուլամյանցներին, որոնց բախտը պարգևել էր այդչափ հարստություն: «Ախ, եթե իմը լիներ այդ հարստությունը, — սկսեցի մտածել ինքս ինձ, նայելով ագահ աչքերով թանկագին իրեղեններով լի պահարանների վրա, — որքա՛ն բախտավոր կարող էի լինել ես: Գոնե միայն այսքան ոսկեղենների կեսն ունենայի, ինչեր չէի կարող անել նրանցով: Ամենից առաջ ձեռք կբերեի մի քանի ձեռք լավ հագուստներ թե՛ ինձ համար և թե՛ մեր տնեցիների համար: Կարող էի մինչև անգամ խանութ բաց անել և ինքս էլ վաճառական դառնալ, տարեկան մի անգամ ուրիշների պես Ռուսաստան գնալ, լավլավ քաղաքներ տեսնել:

Մինչդեռ այս մտածմունքների մեջ իմ պատանեկական երևակայության մեջ կառուցանում էի շքեղ օդային ամրոցներ, հանկարծ մեկը շլնքիս ապտակ տվեց: Հետ նայեցի, տեսնեմ Մակար աղան է:

Ի՞նչ ես հայվանի պես ռեխդ ծռել ու նայում, արի այստեղ:

Այս ասելով, նա կոպտությամբ բռնեց թևիցս և քաշեց զաստոյկի ներսի կողմը, ուր շարված էին մի քանի գործակատարներ մաքուր հագնված:

Գրիգոր, այս տղան այսօրվանից մտել է ինձ մոտ ծառայելու: Լավ մտիկ արա սրան, տե՛ս, մագազինում ինչ նրա անելու գործ կա, հանձնիր, որ կատարի: Կարդալգրել գիտե, կարող է հաշիվներ արտագրել, բայց առայժմ հարկավոր չէ նրան այսպիսի գործեր հանձնել, թող մի քանի ժամանակ ուրիշ բաներով պարապի, մինչև որ տեսնենք ինչ պտուղ է:

Աղա Գուլամյանցն այս ասում էր գործակատարներից մեկին, մի կարճահասակ, 2224 տարեկան երիտասարդի:

Մագազինի առջև, մայթի վրա գործակատարներից մի քանիսը զբաղված էին Ռուսաստանից նոր ստացված ապրանքների հակերը բանալով: Գրիգորն ինձ պատվիրեց մի ուրիշ փոքրիկ տղայի հետորը, ինչպես երևում էր, մագազինում մանր գործեր էր կատարումբացված կտորները ներս բերել և հավաքել մագազինի մի անկյունում: Ես մի կողմ ձգեցի գդակս և սկսեցի կատարել այս առաջին պատվերը: Որպեսզի իմ ղոչաղությունը ցույց տամ Մակար աղային, որն այդ ժամանակ մտիկ էր անում ապրանքներին, սկսեցի որքան կարող էի եռանդով գործել: Մինչդեռ ինձ հետ կրող մյուս տղան ամեն անգամ վերցնում էր երկու կամ երեք կտոր ապրանք ես աշխատում էի երկու անգամ նրանից ավելի բարձրացնել և երկու անգամ արագ վազել: Ես կարծում էի, թե շուտով Մակար աղայի բերանից կլսեմ մի գովասանական խոսք իմ աշխատասիրության մասին, բայց սխալվեցի: Մակար աղան ոչ միայն ինձ չգովեց, այլ մինչև անգամ ուշադրություն էլ չէր դարձնում ինձ վրա: Ես, մտաբերելով մանրավաճառ Թորոսի խրատը, թե «համբերիր», չվհատվեցի և շարունակեցի ավելի ու ավելի եռանդով գործել:

Կեսօրվա ժամանակ էր: Չնայելով, որ եղանակը գարնանային էր, շոգն ուղղակի անտանելի էր: Քրտինքը շատ վազվզելուց, սկսեց երեսովս աղբյուրի նման թափվել: Ջեռներս, որ մինչև այն օրը սովորած չէին երկար աշխատության, շատ ապրանք կրելուց բոլորովին թուլացան, ոտներս շատ գնալ ու գալուց հոգնեցին և ծալծլվում էին: Բայց ես ուշադրություն չէի դարձնում և որքան կարելի էր աշխատում էի մինչև վերջը քաջությամբ կատարել ինձ հանձնված գործը: Առաջին օրն էր, հարկավոր էր աշխատասիրություն ցույց տալ:

Վերջապես, ապրանքները վերջացան: Ես Գրիգորի պատվերով կանացի զգուշությամբ հավաքելով հակերից մնացած թոկերի կտորտանքը, փսիաթները մի կողմ դնելով և ավլելով մագազինի առաջը, ձեռներս ու երեսս լվացի ու իմ տեղը կանգնեցի:

Մագազինում գործակատարներից յուրաքանչյուրն ուներ յուր որոշ տեղը: Գրիգորը, ինչպես ավագ գործակատար, բռնած ուներ ամենաառաջին տեղը, այն է դրամարկղի մոտ: Նա աղա Գուլամյանցների խանութի գանձապահն էր: Նա էր ստանում փողը մուշտարիներից և նշանակում հաշվեմատյաններում, նույնպես նրա ձեռքին էր մագազինի բոլոր ծախքը: Գրիգորից հեռու աստիճանաբար կանգնած էին մնացյալ գործակատարները թվով չորս հոգի, մեկը ոսկեղենների մոտ, մյուսը մի քանի քայլ հեռու սրանից, մանուֆակտուրայի ապրանքների թանկագին կտորների մոտ, երրորդն ու չորրորդը համեմատաբար էժանագին ապրանքների կողմ: Աղա Մակարն ինձ հրամայեց տեղ բռնել սրանց բոլորի վերջում և պատվիրեց ամենավերջին գործակատարին, որ ինձ սովորեցնե առուտուրի եղանակը, այսինքն՝ մուշտարիների հետ խոսելու և վարվելու ձևը, չիթ կամ ուրիշ կտորներ չափելու արվեստը և այլն :

Ինչ վերաբերում է այն պատանուն, որն ինձ հետ միասին դրսից ներս ապրանք էր կրում, կանգնած էր զաստոյկայից դուրս դեպի դռան կողմը: «Ուրեմն մի բան տեսել է իմ մեջ Մակար աղան, որ հենց առաջին օրն ինձ իրավունք է տալիս մտնել զաստոյկայի ներսը» — մտածեցի ես: Ես նկատեցի դռան մոտ կանգնող պատանու դեմքի վրա դժգոհության ժպիտ և իսկույն հասկացա, որ նա ինձ նախանձում է:

Իրիկնադեմին աղա Գուլամյանցը, վերադառնալով շուկայից, հրամայեց մագազինը կողպել: Գործակատարները կատվի արագությամբ կատարեցին նրա հրամանը, և մի րոպեում բոլորս դրսում շարվեցինք նրա շուրջը: Ես ամեն կերպ աշխատում էի աղա Գուլամյանցի աչքին երևալ, նրա ուշադրությունն ինձ վրա դարձնել: Մի քանի պատվերներ տալով, նա արձակեց բոլորին, ինձ հրամայեց յուր հետ տուն գնալ:

Օրը դեռ այնքան չէր մթնել: Ցերեկվա շոգից հետո երեկոյան զովարար օդը թափանցելով իմ թոքերի մեջ, կարծես, մի տեսակ դուրեկան և թմրեցուցիչ հեղուկ էր տարածում հոգնածությունից թուլացած նյարդերիս մեջ: Ես գնում էի աղա Գուլամյանցի հետևից, ի նշան խոնարհության, մի քանի քայլ հեռու պահելով ինձ նրանից: Ոտներս հազիվհազ էի առաջ շարժում ամբողջ օրն ոտքի վրա անցկացնելուց հետո: Ժամանակ առ ժամանակ աղա Գուլամյանցը յուր գլուխը բարձրացնելով և երեսը շուռ տալով, հետ էր մտիկ տալիս: Մեր անցած փողոցը քաղաքի գլխավոր շուկան էր, որին տեղացիները անվանում էին Գուրջի-բազար: Այստեղ տիրում էր սաստիկ աղմուկ և դղրդոց: Մրգավաճառ թուրք խանութպանները, որն անկանոն կերպով պաշարել էին խանութների առաջը զանաղան տեսակ մրգեղեններով, իրանց երկարաձիգ արխալուղների փեշերը դեպի հետ ծալած, թևերը հավաքած մինչև արմունկները, կիսավայրենի ձայներով գոռում ու բղավում էին, հրավիրելով անցորդներին էժան գներով գնել թարմ մրգեղեններ:

Եկե՛ք, ա՛յ անցնող աղաներ, էժան եմ ծախում Ախսուի թարմ սալորը, գրվանքան երկու կոպեկ, գրվանքան երկու կոպեկ, — լսվում էր մի կողմից:

Այստեղ եկեք, ինձ մոտ վազեք, ա՛յ էժանագին ապրանք սիրող աղքատներ, հասած թութ, համեղ թութ, հինգ գրվանքան երկու կոպեկով եմ ծախում, եկեք, թառաշ արեք, այ խելք ունեցող աղքատներ, — գոռում էր մյուսը:

Թութ ծախողի գոռոցն անհետևանք չմնաց: Ես նկատեցի, որ փայտի վրա հենվելով մոտենում էր նրան մի միջահասակ մարդ, որի բոլորովին ճերմակած մազերն և դանդաղ քայլափոխությունը հաստատում էին, որ ահա այսօր-վաղը նա կմտնի գերեզման: Ծերունու երկայն և դեպի ցած բուսած բեղերը, խառնվելով բամբակագույն միրուքի հետ, բոլորովին ծածկել էին նրա ատամնազուրկ բերանը: Նրա դեմքը գունատ էր ինչպես անշունչ դիակի կերպարանքը, աչքերը պշկած էին և խորը փոսերի մեջ թաղված: Ես նկատեցի այդ մարդու կերպարանքի վրա մի տեսակ մռայլ ժպիտ. մի ժպիտ, որ բացի ծերունական դառն կյանքի ծանրութենից, արտահայտում էր և մի ուրիշ անբացատրելի վիշտ: Ես վերջերում շատ անգամ եմ առիթ ունեցել այդ տեսակ ժպիտներ նկատել միայն այն մարդկանց դեմքերի վրա, որոնք իրանց կրծքի տակ թաքցրած ունին անզոր ոխ կյանքի դեմ: Որոնք տարիների ընթացքում տանջվում, հալվում են այդ ցավերի ճնշման ներքո, չունենալով հնար, գեթ երբեմն թեթևացնել իրանց կուրծքը, դուրս թափելով նրանց՝ լեզվի արտահայտությամբ:

Ծերունին գալիս էր մեր աջ կողմից և, որպեսզի մրգավաճառ թուրքին մոտենար, հարկադրված էր անցնել ուղիղ աղա Գուլամյանցի առջևով, որը գնում էր, ինչպես ասացի, ինձանից մի քանի քայլ առաջ: Ծերունին մոտեցավ: Աղա Գուլամյանցը, նկատելով նրան, երեսը շուռ տվեց հակառակ կողմ և ճանապարհից քիչ շեղվեց, կարծես կամենալով, որ ծերունին իրան չնկատե: Ես նրա դեմքի վրա, երեսը շուռ տալու Ժամանակ, նկատեցի մի անախորժ ժպիտ: Պարզ էր, որ նա խույս էր տալիս ծերունուց, որն այդ ժամանակ մի խորը, թափանցող հայացք ձգեց նրա վրա:

Մենք մի քանի վայրկյանում առաջ անցանք, իսկ ծերունին հետ մնալով շարունակում էր մրգավաճառի առջև կանգնած նայել մեր հետևից, երբեմն շարժելով յուր դողդոջուն գլուխն անբավական ձևով: Մենք հեռացանք. ծերունին յուր հնամաշ արխալուղի գրպանից հանեց մի մեծ թաշկինակ և սփռեց գետնի վրա: Մրգավաճառը, կշռի թևը լցնելով թութով, կշռեց և շուռ տվեց թաշկինակի մեջ:

Ինձ սկսեց ակամա հետաքրքրել ծերունու աղա Գուլամյանցի վրա ձգած խորհրդավոր հայացքը: Ես մտածեցի, որ նրանց մեջ անշուշտ մի որևիցե գաղտնիք կա:

Փողոցի ծայրում գտնվում էր հայոց եկեղեցին: Ես առաջուց գիտեի, որ աղա Գուլամյանցը խիստ աստվածապաշտ և եկեղեցասեր քրիստոնյա է համարվում մեր քաղաքում և, լսելով զանգահարության ձայնը, գիտեի, որ անշուշտ կմտնի եկեղեցի:

Եկեղեցու դռանը մենք հանդիպեցինք տեր-Վահակին, որը շրջապատված մի քանի տիրացուներով ու բարեպաշտ ծերունիներով, ինչ-որ բանի մասին տաքացած խոսում էր:

Օրհնյա տեր, — ասաց Գուլամյանցը, ձեռները պարսկական ձևով դնելով կրծքին:

Աստված օրհնի, աղա Մակար, — պատասխանեց քահանան, խաղացնելով յուր դեմքի վրա մի կեղծ ժպիտ և մոտենալով մեզ:

Հըմ, շո՞ւտ կօրհնես ժամը, թե՞ չէ:

Հենց ձեր հրամանոցն էի սպասում, աղա Մակար, այս րոպեիս կսկսեմ: Ա՛յ տղա, Խաչի, այդ ի՞նչ է, չլինի թե Մակար աղայի մոտ ես մտել ծառայելու, — հարցրեց ինձ տեր-Վահակը:

Այո՛, — պատասխանեցի ես:

Շատ լավ ես արել, խոնարհ և հնաղանդ եղիր, լավ ծառայիր: Մակար աղան շատ ազնիվ աղա է, նա կարող է քեզ ժամանակով մարդ դարձնել: Վատ տղա չէ Խաչին, — դարձավ տերտերը Մակար աղային, — ղոչաղ ու խելոք է, միայն երբեմն ականջները հարկավոր է քաշել, որ մեծերի խրատը չմոռանա:

Այդ թողնենք, տեր-հայր, ես քեզ հետ հարկավոր գործ ունիմ, նրա մասին խոսենք, — դարձավ հանկարծ աղան տեր-Վահակին ու, թևից բռնելով, տարեց նրան մի կողմ:

Ես քաշվեցի մի կողմ. նրանք սկսեցին խոսել:

Երբեմն նրանց խոսակցութենից իմ ականջին հասնում էին հատուկտուր դարձվածներ կամ ընդմիջյալ խոսքեր, օրինակ, «աղջիկը չի ուզում, թարսվել է» կամ «քսան հատ կանաչ կարմիրանոց» և այլն:

Վերջապես, նրանք ավարտեցին խոսակցությունը, և մի քանի րոպեից հետո ժամասացությունն արդեն սկսված էր: Աղա Գուլամյանցն ամենից առաջ սեղանի հանդեպ կանգնած ջերմեռանդությամբ ծունր էր դնում ու աղոթում. Ես ևս սկսեցի աղոթել, նախ և առաջ կրկնելով մի անգամ տերունական աղոթքը, «Հայր մերը», նույն եղանակով, ինչպես ուսումնարանում սովորեցրել էր ինձ տեր-Վահակը:

Ճշմարիտն ասած, ես չբավականացա միայն այդ պաշտոնական «Հայր մերով». ինձ թվում էր, որ նրանով աստծուց շատ քիշ բան է խնդրվում առհասարակ: Ես կարծում էի, եթե բոլորն ինչ որ ասված է այս աղոթքի մեջ, աստված կատարիես մի շատ էլ մեծ մարդ չեմ դառնալ, իսկ ես ուղում էի, ինչպես և այժմ էլ ուզում եմ, մեծ մարդ դառնալ: Օրինակ, նրա մեջ ասված է. «Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր»: Մի՞թե այս մի մեծ բան է, մտածում էի ես, եթե աստված ամեն օր կերակրե ինձ այնպես, ինչպես մինչև այսօր է կերակրել: Չէ, հարկավոր է ուրիշ բաներ էլ խնդրել աստծուց, միևնույնն է խնդրում եմ, ավելի լավ է շատ բաներ կխնդրեմ, կկատարվի խնդիրսլավ, չի կատարվիխոմ ինձանից մի բան չի պակսիլ»: Եվ ես սկսեցի հազար տեսակ բաներ մուրալ աստծուց, ձեռներս պարզերով և աչքերս համեստությամբ բարձրացնելով դեպի վեր:

Աոաջին իմ բաղձանքն էր, որ աստված ինձ այնքան շնորհ տա, որ ես աղա Մակարի աչքում սիրելի դառնամ, օրեցօր նրա մոտ առաջանամ, հասնեմ Գրիգորի աստիճանին, այսինքն՝ մինչև մագազինի դրամարկղը: Այնուհետև, ավելի ու ավելի առաջանալով, վերջապես, ինքս էլ մի օր աղա Գուլամյանց դառնամ, նրա նման հարստություն դիզեմ, փառավոր տներ շինել տամ, կառքեր, ծառաներ, գործակատարներ պահեմ և, վերջապես, մեր քաղաքի մեջ աղա Գուլամյանցի պես ամենքի համար նախանձի առարկա լինիմ: Այս տեսակ և հազար ու մի ուրիշ բաներ էի խնդրում աստծուց, վերջումն էլ խոստանում էի, որ եկեղեցի շինել կտամ, եթե նա իմ աղոթքը կատարի, երբ պատահմամբ, երեսս դեպի աջ շուռ տալով, տեսնեմ մի ծերունի եկեղեցու սանդուղքով դժվարությամբ ցած է իջնում: Ես իսկույն ճանաչեցիդա այն ծերունին էր, որին պատահել էինք մի փոքր առաջ շուկայում: Իջնելով եկեղեցու հատակը, ծերունին երեք անգամ համբուրեց դռան մոտի առաջին սյունը և, զգուշությամբ փայտը դնելով պատի մոտ, բուխարայի մորթուց կարած երկայն ու սրածայր գդակը ձեռքին, գնաց եկեղեցու մեջտեղը: Ես մոռացա իմ աղոթքը և նայում էի ծերունուն: Մի բան, կարծես, քաշում էր իմ հայացքը դեպի նա:

Վաղեմի տաճարի հնամաշ և մրոտած սյուները, վերևից գրկելով իրարու, տարածել էին եկեղեցու պատառոտված փսիաթներով ծածկված խոնավ հատակի վրա իրանց մութ շվաքը: Իսկ պատուհաններից զուրկ, մաշված պատերը մռայլ և տխուր կերպարանք էին ստացել: Նայելով ծերունու թառամած ու գունատ երեսին և կնճռոտված ճակատին, ինձ թվում էր, որ նրա հոգեկան տրամադրությունը բոլորովին համապատասխանում էր եկեղեցու մռայլ տեսքին: Մոտենալով մեջտեղի սյուներից մեկին, նա գդակը, կարծես անզգայաբար, ձգեց հատակի վրա և երկու դողդոջուն ձեռները բարձրացնելով դեպի վեր, սկսեց աղոթել: Նա կանգնած էր աղա Գուլամյանցից ոչ այնքան հեռու, հետևի կողմում, այնպես որ, եթե աղան երեսը հետ դարձներ, հայացքը պիտի ընկներ ուղղակի ծերունու դեմքին: Մի քանի րոպե ծերունին, երեսը դեպի վեր բարձրացրած, աղոթում էր, անշարժ արձանի նման, ժամանակ-ժամանակ յուր ցամաքած շրթունքները դողդողացնելով: Ես ապուշի նման նայում էի նրա երեսին, երբեմն երեսս անգիտակցաբար դարձնելով և՛ դեպի աղա Գուլամյանցը: Անցան առաջին րոպեները, ծերունին, խոնարհեցնելով գլուխը, մի քանի անգա՛մ խ՛աչակնքեց երեսը և սկսեց ծունր դնել: Այդ ժամանակ ես մի բան նկատեցի: Ամեն անգամ երբ ծերոնին եկեղեցու հատակը համբուրելուց հետո բարձրանում էր, մի տեսակ սուր և սպառնալի հայացք էր ձգում աղա Գուլամյանցի կողմը և երկու ձեռներով յուր նիհար կրծքին խփում: Թե ինչ էր արտահայտում ծեըոմնոլ այդ շարժմունքը, ինձ համար անհասկանալի էր, միայն պարզ էր, որ նրա աղոթքի մեջ խառն էր և աղա Գուլամյանցի անունը:

Ժամասացությունը վերջացավ: Տեր-Վահակը, ավարտելով վերջին «յերթայք խաղաղությամբ և տեր յեղիցի ընդ ձեզ և ընդ ամենեսյան ամենը», սուրբ ավետարանը պահեց, որ բարեպաշտ ժողովուրդը համբուրե: Ես վերցրի գդակս ու բանալիները և եկեղեցուց դուրս գալով, դռանը սպասում էի աղա Գուլամյանցին:

Մի քանի րոպեից հետո մենք «խաղաղությամբ և տերը մեզ հետ» ճանապարհվեցինք տուն: Ծերունին ինձ խիստ հետաքրքրում էր, իմ միտքն այնքան զբաղված էր նրանով, որ բոլորովին չիմացա, թե ինչպես հասանք տուն:

III

Փառավոր և շքեղ էր այն տունը, ուր բնակվում էին Գուլամյանցները: Բարձր, երեքհարկանի, սպիտակ քարից կառուցած շինության առջև բացվում էր մի ընդարձակ այգի բազմատեսակ մրգատու ծառերով և գեղեցիկ ծառուղիներով, որոնք ավարտվում էին մի մաքուր և լայն հրապարակի շուրջը: Այս հրապարակի վրա շինված էր մի մեծ ավաղան, որի մեջտեղում գտնվող բարձր շատրվանից անդադար բարձրանում էին մաքուր ջրի պարզ և փայլուն շերտեր: Ես առաջին անգամ էի տեսնում մի այդպիսի զմայլեցուցիչ տեսարան և այս պատճառով մինչև տուն հասնելը մի փոքր կանգ առա և հիացած նայում էի:

Նախանձի ոգին դարձյալ գրգռվեց իմ մեջ: «Երանի քեզ, աղա Գուլամյանց, — ասացի մտքումս, — որ կյանքդ անց ես կացնում այդ շքեղ և զվարճալի տեսարաններով շրջապատված տան մեջ: Մարդիկ ասում են, թե դժոխք և արքայություն կան մյուս կյանքում, բայց ողորմելիները կույր են, նույն դժոխքն ու արքայությունը չեն կարողանում տեսնել հենց այս աշխարհում: Ահա դրախտը, ուր ապրում են աղա Գուլամյանցները: Մի տեղ խոնավ բնակարան, տկլոր ընտանիք, մերկ զավակներ, վիշտ, տանջանք, դառնություն, մի կտոր հացի համար գիշեր-ցերեկ պատերազմ հազար տեսակ խոչընդոտների հետ, քաղցածություն, սով, հիվանդություն և կեղտոտություն: Մյուս տեղ շքեղ տներ, հարուստ այգի, կուշտ և առողջ ընտանիք, ուրախություն, հարստություն, զվարճություն, անհոգ կյանք և շռայլ ապրուստահա՛ ինչ տեղ է դժոխքն ու արքայությունը: Այս աշխարհում ով որ փող ունե, նա արքայության մեջ է, ով որ փող չունե, նա դժոխքի մեջ է: Փողը գերբնական ուժ է, նա ամեն բան տալիս է մարդուն, ուրեմն հարկավոր է ամեն կերպ աշխատել այս ուժը ձեռք բերելու համար»...

Մինչդեռ ես դարձյալ իմ պատանեկական երևակայության մեջ թաղված զվարճանում էի գրավիչ տեսարաններով, հանկարծ ականջիս հասավ աղա Գուլամյանցի հրամայողական ձայնը.

Խաչի, բարձրացի՛ր վերև:

Ես բարձրացա վերև: Աղա Գուլամյանցը ծառային հրամայեց ինձ թեյ խմեցնել:

Թեյ խմելուց հետո ինձ աղա Գուլամյանցը կանչեց յուր առանձնասենյակը: Ճիշտ չեմ կարողանում մտաբերել, թե ինչ էի զգում այն րոպեին, երբ աղա Գուլամյանցի առանձնասենյակը հասնելու համար անցնում էի նրա ընդարձակ և զարդարուն դահլիճով: Բայց շատ լավ հիշում եմ, որ այդ ժամանակ նախանձը քանի գնում ավելի ու ավելի զարգանում էր իմ մեջ, ամեն մի քայլափոխում հանդիպելով այնպիսի առարկաների, որոնք վկայում էին աղա Գուլամյանցների հարստությունը և պատկերացնում ինձ նրա ապրուստի շքեղությունը:

Խաչի՛, — դարձավ ինձ Մակար աղան, դժվարությամբ բարձրացնելով յուր ծանր ու հաստլիկ մարմինը, կարմիր մետաքսով ծածկված բազկաթոռից և սկսելով ման գալ սենյակում, — հայրդ այսօրվանից քեզ հանձնել է ինձ գործակատար: Ես մանկությունից ճանաչելով քո հորը, չմերժեցի նրա աղաչանքը և համաձայնեցի քեզ ընդունել ինձ մոտ, չնայելով որ ես գործակատարներ ունեմ և ավելորդ մարդ ինձ հարկավոր չէր: Հայրդ ինձ հետ պայմանավորվեց և ես ընդունեցի, որ դու ինձ մոտ մնաս ոչ թե մի կամ մի քանի տարի ժամանակով, այլ մշտական, որքան որ մենք իրարու, հարկավոր կլինենք: Ուրեմն, այսօրվանից ոտով-գլխով ինձ ես պատկանում և իմացիր, որ պարտավոր ես այսօրվանից մոռանալ քո ծնողներին և բոլորովին հպատակվել ինձ և իմ կամքին: Շաբաթական մի անգամ իրավունք եմ տալիս քեզ տեսնել ծնողներիդ, այն էլ կիրակի օրերը, երբ գործ չես ունենալ, կգնաս կարճ ժամանակով և էլի շուտով կվերադառնաս: Մի խոսքով, այսօրվանից դու կատարելապես ինձ ես պատկանում հոգով և մարմնով, ես դառնում եմ թո տերը, ծնողը, գլխավորը, աղան և ամեն ինչ. Դու պիտի կատարես այն, ինչ որ ես կհրամայեմ և ինչպես ես կկարգադրեմ: Եթե ասեմ մածունը սև էչհամարձակվես հակառակել, թե նա սպիտակ է: Եթե ասեմ նստի՛րպիտի նստես, ասեմ վեր կա՛ցվեր կենաս, կե՛րուտես, ծիծաղի՛րծիծաղես, լացի՛րլաց լինես: Ինչ երկարացնեմ, եթե կրակի մեջ էլ ուղարկեմ, պիտի գնաս: — Լսո՞ւմ ես:

Լսում եմ, աղա:

Զգուշացնում եմ քեզ, եթե այդ բոլորը կկատարես, խոնարհ, խոսք լսող, աշխույժ, գործ կատարող և հավատարիմ կլինիսես շուտով քեզ կառաջացնեմ, և ժամանակով մի կտոր հացի տեր կլինես, իսկ եթե ոչայն ժամանակ մեղքը քո վզին, քեզ կարձակեմ դատարկ ձեռքով: Գլխավոր պարտքդ պիտի լինի ամեն ժամ ու րոպե իմ շահերն աչքի առջև ունենալ և աշխատել նրանց միշտ պաշտպանել: Ես առևտրական մարդ եմ, գաղտնի գործեր ունիմ, դու պարտավոր ես նրանց մասին ոչ ոքի նույնիսկ քո ծնողների մոտ չխոսել: Լեզուդ թող համր լինի ուրիշների մոտ իմ գործերի վերաբերությամբ, իսկ ուրիշների գործերի մասին ինձ մոտ ազատ և արձակ: Եթե մի տեղ կամ մի մարդուց իմ մասին լավ կամ վատ խոսք լսես, պարտավոր ես իսկույն գալ և ինձ հայտնել:

Ես կաշխատեմ բոլոր ձեր պատվերները կատարել ամենայն զգուշությամբ, — ասացի ես, խոնարհությամբ գլուխ տալով:

Եթե կկատարեսքեզ համար լավ կլինի, եթե ոչինձ շատ էլ վնաս տալ չես կարող: Դե՛հ, գնա և խոսքերս ականջումդ լա՛վ պահիր: Իմացիր, որ ես բարկացող մարդ եմ և սովորություն չունիմ ասածներս երկրորդ անգամ կրկնել: Եթե մի անգամ սխալվեցիր կամ իմ տված պատվերները մոռացարայն ժամանակ վա՛յ քեզ:

Կրկին անգամ գլուխ տվեցի և հեռացա:

Այդ երեկո ես անցկացրի ծառաների հետ, որոնցից, շնորհիվ իմ հետաքրքիր բնավորության, տեղեկացա աղա Գուլամյանցների ընտանեկան և առևտրական մի քանի գործերին:

Աղա Գուլամյանցները երեք եղբայրներ էին: Ամենամեծը նրանցից աղա Ստեփանն էր, որ տարվա գրեթե մեծ մասը անց էր կացնում Շ... գավառի զանաղան գյուղերում: Աղա Գուլամյանցների վաճառականության գլխավոր տարրը կազմում էր գինու առուտուրը: Ամեն տարի նրանք ուղարկում էին Ռուսաստանի զանաղան կենտրոնական քաղաքները մեծ քանակությամբ գինի: Շրջակա գլխավոր գյուղերի այգեգործությունը մեծ կապ ուներ նրանց հետ. Չկար խաղողի այգի ունեցող մի գյուղացի, որն այսպես թե այնպես կապված չլիներ Գուլամյանց առևտրական տան հետ: Ամբողջ Շ... գավառի գինու արտահանությունը չնչին բացառությամբ գտնվում էր նրանց ձեռքում և, ինչպես պատմում էին, նրանց հարստության մեծ մասը գոյացել էր գինու առուտուրից: Օգտվելով այն հանգամանքով, որ գյուղացիները առհասարակ գարնան ժամանակը փողի մեծ պակասություն են զգում և ունենալով միշտ պատրաստի դրամագլուխ, — աղա Գուլամյանցներն ամեն տարվա այդ ժամանակին գյուղացիներին կանխիկ վճարում էին ահագին տոկոսներով փողեր և պարտավորեցնում նրանց գրավոր կապակցություններով, որ նրանք աշնանն այգիներից գոյացած խաղողը կամ պատրաստի գինիները ծախեն իրանց վրա: Որովհետև չկար մի ուրիշ դրամատեր, որ կարողանար մրցել աղա Գուլամյանցների հետ, այս պատճառով վերջինները գյուղացիների հետ վարվում էին այնպես, ինչպես կամենում էին:

Next page