Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Մի ինչ-որ սուր միտք անցավ Սամսոնի ուղեղով: Բայց աշխատեց իսկույն ևեթ ազատվել այդ մտքից, որ ծանր էր, դաժան, գարշելի: Նա ճեռով մի բացասական շարժումն արավ, մոտեցավ Մելանիային, երկու մատով բարձրացրեց ծնոտը, նայեց ուղիղ աչքերի միջին և արտասանեց.

Մելա՛նիա, հասկանո՞ւմ ես ինչ ես ուզում ինձանից:

Եվ, անցնելով սենյակի մյուս ծայրը, հետ եկավ ու ավելացրեց.

Զգո՛ւյշ, Մելա՛նիա, եթե ուզենամ վատ մարդ լինել, շա՛տ վատ կլինեմ, իմացի՛ր, շա՛տ վատ:

Այս ասվեց հասարակ եղանակով, բայց այնպիսի համոզիչ ուժով, որ Մելանիան մի վայրկյան սարսափեց: Նայեց ամուսնու երեսին և զգաց, որ, արդարև, եթե Սամսոնը կամենա, կարող է շատ վատ ամուսին դառնալ: Նրա խորշոմած մռայլ ճակատը այդ պահին սքողված էր տարօրինակ ստվերով: Կիսաթառամ աչքերի մեջ երևում էր տանջող խանդի կուրությունը, որ կարող է անգամ հանցանք գործել:

Բայց այնուամենայնիվ Մելանիան չզղջաց: Նա ասաց.

Ինչ ուզում ես, արա՛, միայն փոխվիր: Կամ հին մարդ եղիր, կամ նոր մարդ, կամ բռնակալ, կամ դավաճանող:

Ասաց, կարծես, հակառակ իր կամքի, միայն ենթարկվելով ինչ-որ տարերային ուժի ազդեցության...

IX

Այսպես, ուրեմն, Սամսոնը շատ է սիրում Մելանիային: Իսկ Մելանիան, ընդհակառակը, ուզում է ատվել նրանից: «Ուզում եմ, որ հարբած տուն գաս, հայհոյես ինձ, ծեծես»: Եթե Սամսոնը այդ չի կարող անել, թող վարվի նրա հետ այժմյան ամուսինների պես: «Խաբիր ինձ, դավաճանիր, աչքիս առջև սիրուհիներ պահիր»:

Եթե Սամսոնը մինչև այժմ կասկածում էր, այսօր համոզվեց, որ ինքն արդեն ատելի է դարձել Մելանիայի համար: Ահա ինչու Մելանիան պահանջում է, որ Սամսոնն ատի նրան. նա փոխադարձություն է պահանջում:

«Կամ հին մարդ եղիր, կամ նոր մարդ, կամ բռնակալ, կամ դավաճանող», — հնչում էր Սամսոնի ականջին Մելանիայի վերջին խոսքերը, Ո՞րը լինել, բռնակա՞լ, թե՞ դավաճանող: Դավաճանել Մելանիային: 0, ո՛չ. այս չի կարող անել Սամսոնը: Նրա հայացքով տղամարդուն ներելի է անել ամեն ինչ, քանի որ ամուրի է, իսկ երբ մի անգամ մարդ ամուսնացավ, պիտի հավատարիմ մնա ամուսնական առագաստին: Ոչ, Սամսոնը դավաճանել չի ուզում, նա մինչև անգամ զզվում է այս մտքից: Եվ վերջապես, ինչպես դավաճանել:

«Ինչպե՞ս», կրկնում էր Սամսոնը դառն կսկիծով: Այս բառի մեջ նա զգում էր մի թունալի հեգնություն, մի սոսկալի ծաղր, Դավաճանել. այո՛, Սամսոնի համար հասկանալի է, թե ի՛նչ էր ուզում ասել Մելանիան այս բառով...

Նա շրթունքները անխնա կրծոտում էր մի ծանր, անտանելի մտքից, մի ցավի գիտակցությունից, որի համար դեղ չկար. ուհ, անիրավ օրենքներ բնության, միթե չկա ոչ մի փրկարար միջոց ձեր քայքայիչ զորության դեմ: Չկա, նա բոլոր միջոցները փորձել է արդեն և հիասթափվել...

Ուրեմն բռնակա՞լ դառնալ: Փակե՞լ Մելանիային տանը, գոռա՞լ, հայհոյե՞լ, ծեծե՞լ: Եվ ինչո՞ւ չէ: Եթե մինչև այժմ Սամսոնը կատարյալ ազատություն է տվել կնոջը՝ ապրել ուզածին պես, արել է հակառակ իր հայացքների, միայն այն պատճառով, որ սիրել է նրան, չի կամեցել, կամ ավելի ճիշտը, չի կարողացել վշտացնել այդ երեխային: Այժմ Մելանիան ինքն է ասում, թե ձանձրացել է այդ ազատությունից:

Հարգանքի զգացումը ավելի է ճնշում նրան, քան ատելության ուժը: Սամսոնի «լավ մարդ» լինելը տանջում է նրբան: Օ՛հ, այժմ միայն Սամսոնը հասկանում է այս բանը: Լավ մարդու դեմ մեղք գործելը այնքան հեշտ չէ, որքան «բռնակալի կամ դավաճանողի» դեմ: Խիղճը թույլ չի տալիս: Թող Սամսոնը վատ մարդ դառնա. մանավանդ վատ հռչակվի հասարակության մեջ, այն ժամանակ Մելանիան իրան ազատ կհամարի և... Իսկ այժմ կաշկանդված է...

Այս մտքերի ազդեցությամբ Սամսոնն զգում էր այնպիսի կսկիծ, որի նմանը երբեք չէր զգացել: Այնինչ նա դառն օրեր էր տեսել: Եղել էր աղքատ, անպաշտպան, կրել էր մարդկային արհամարհանքների ծանրությունը: Դառնալով վաճառական, երկու անգամ մոտիկից տեսել էր առևտրական աշխարհքի համար այն սոսկալի վիշապի աչքերը, որ կոչվում է սնանկություն: Լսել էր պարտատերերի ծաղրն ու հայհոյանքները: Իբրև սիրող որդի, քառասունութ ժամ դիտել էր մահամերձ մոր տանջանքները: Իբրև սիրող հայր, կրել էր աոաջին զավակի մահվան հարվածը: Նա տեսել էր և ուրիշ շատ թշվառություններ, բայց երբեք այնպես չէր տանջվել, որպես այժմ, երբե՛ք:

Նա երևակայում էր իրեն բռնակալ ամուսնու դերի մեջ և ինքն էլ սոսկում էր բոլորից, ինչ որ կարող էր և ընդունակ էր անելու այդ դիրքում: Մինչև այժմ նա խանդել էր, այո , բայց խանդել էր միայն Մելանիայի երիտասարդությանը: Իսկ այժմ հանկարծ առաջ է գալիս մի գարշելի, մի դժոխային կասկածարդյոք, Մելանիան չի՞ դավաճանել:

Եվ եթե դավաճանել է, ո՞վ է նրան մոլորեցնողը: Վերջին ժամանակ նա այնքան հեռու է պահում իրեն տղամարդկանց ընկերությունից, որ դժվար է կասկածել որևէ մեկի մասին:

Փիրուզյա՞նըանցավ հանկարծ Սամսոնի մտքով: Ինչո՞ւ չէ. մի՞թե նա երիտասարդ չէ: Բայց ոչ, այդ անկարելի է, ի՛նչ անպիտան, ի՛նչ հանցավոր միտք: Փիրուզյանը հարգում է Սամսոնին այնքան, վերաբերվում է Մելանիային այնպիսի պատկառանքով, Մելանիան սառն է դեպի նա այնչափ, որ ամոթ է անգամ կասկածել նրանց հարաբերությունը:

Սակայն, որքան Սամսոնը աշխատում էր դուրս հանել մտքից այդ մարդուն, այնքան նրա երիտասարդ ու թարմ կերպարանքը սպառնում էր նրան...

Այսպես տևեց մի ամբողջ շաբաթ: Բանը հասավ այնտեղ, որ Սամսոնը ցանկացավ կրճատել Փիրուզյանի այցերը: Այս նպատակով նա դրականապես հրաժարվեց անտառի կապալից հենց աճուրդի օրը: Փիրուզյանը չհասկացավ նրա իսկական միտքը, միայն մութ կերպով զգաց, որ Սամսոնի մեջ վերջին օրերը կատարվում է ինչ-որ փոփոխություն: Նա զգուշացավ և մի քիչ կրճատեց իր այցերը:

Այժմ Սամսոնը կասկածով էր վերաբերվում Մելանիային, հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին: Նա տակավին չէր վարվում իբրև բռնակալ, բայց արդեն մոտ էր այդ աստիճանին: Եվ մերձենում էր առանց ինքնաբեր որոշման, այլ այնպես, անգիտակցաբար: Նա կարծում էր, որ Մելանիան զղջում է իր արածների մասին և շուտով կսկսի բողոքել մարդու մի քանի թեթև խստությունների դեմ: Բայց պատահեց հակառակը: Մի օր Սամսոնը Մելանիային արգելեց ինչ-որ պարերեկույթ գնալու հենց այն պահին, երբ տիկինն արդեն հագնված էր և դրսում սպասում էր լծված կարեթը: Մելանիան իսկույն ուսերից դեն ձգեց մուշտակը, ասելով.

Շա՛տ լավ, եթե չես թողնում՝ չեմ գնալ:

Սամսոնը զղջաց, նա փորձում էր միայն իր ուժը:

Գնա՛, քանի որ պատրաստվել ես, — ասաց նա:

Բայց Մելանիան սկսեց նրա առջև մեկ-մեկ դեն ձգել իր արդուզարդը,

Գնա՛, ասում եմ, — կրկնեց Սամսոնը:

Որ արգելում ես, ի՞նչպես գնամ:

Չեմ արգելում:

Ո՛չ, արգելում ես:

Սամսոնը բարկացավ, ձայնը բարձրացրեց:

Ասում եմ քեզ, որ թույլ եմ տալիս:

Թույլ ես տալիս, բայց ինքդ գոռում ես: Ունիս իրավունք, գոռա՛:

Մելա՛նիա, — գոչեց Սամսոնը, ձայնը ավելի բարձրացնելով. — մի՛ հանվիր:

Արդեն հանվել պրծել եմ: Մազերս էլ բաց արի: Ը՛հը, կատաղում ես, աչքերդ կարմրում են, բռունցքներդ սեղմում ես: Չլինի՞ թե ուզում ես ծեծել, հաա՞. ծե՛ծիր, ունիս իրավունք:

Այնինչ՝ Սամսոնը ոչ կատաղած էր, ոչ աչքերը կարմրել էին, ոչ մանավանդ բռունցքները սեղմել: Նա միայն բարկացած էր:

Ծեծե՞լ, — կրկնեց նա, — ժամանակ-ժամանակ այնպիսի բաներ ես ասում, որ ձեռներս քոր են գալիս:

Ավելի լավ, ավելի լավ: Ես դեմ շեմ, ծեծի՛ր, ծեծի՛ր, ինչքան քեֆդ է: Ես մի խեղճ, անպաշտպան կնիկ եմ, ծեծի՛ր...

Եվ նա սկսեց հեկեկալ, ընկնելով թախտի վրա: Սամսոնը ակամա մեղմացավ. ավելի, նա պատրաստ էր մոտենալ, գրկել ու համբուրել Մելանիային, մինչև անգամ ներումն խնդրել: Բայց զսպեց իրեն. թող չկարծի այդ կինը, թե իր ամուսինը շատ էլ թուլամորթ է: Նա ասաց.

Դու խելագարվել ես:

Խելագարվել եմ, այո՛, — հաստատեց Մելանիան,— իմ տեղը ո՛վ չի խելագարվիլ: Ուրեմն, փակիր ինձ տանը, մի՛ թողնիր դուրս, կարող եմ գժություններ անել հասկանո՞ւմ ես, կարող եմ գժություններ անել...

Այսպիսի տեսարանները կրկնվեցին մի քանի անգամ: Եվ ամեն անգամ Մելանիան, կարծես, աշխատում էր Սամսոնին տրամադրել այնպես, որ մարդը կորցնեի համբերությունը, կատաղի և վերջապես, բռունցքը բարձրացնի նրա գլխին: Իսկ Սամսոնը դեռ կարողանում էր իրեն զսպել: Նա ուրիշ բան էր մտածում...

X

Այն օրից, երբ Սամսոնի սրտում կասկած ծագեց, կամենում էր Մելանիայի հետ խոսել Փիրուզյանի մասին: Նա ուզում էր իմանալ կնոջ կարծիքը այդ մարդու վերաբերմամբ և գուցե հենց սեփական խոսքերով բռնել նրան:

Մի օր նա հարցրեց.

Մելա՛նիա, ինչո՞ւ Արտյուրն էլ առաջվա պես շուտ-շուտ չի գալիս մեր տուն:

Ես ի՞նչ գիտեմ, հարցրու իրանից:

Իսկ ես գխտեմ: Նա քեզանից վիրավորվել է:

Ինչո՞ւ:

Լավ չես ընդունում նրան, — պատասխանեց Սամսոնը և երկիմաստ հայացքով նայեց կնոջ երեսին:

Ես, թե՞ դու, — արտասանեց Մելանիան, չշփոթվելով ամուսնու համառ հայացքից:

Այո, ճշմարիտ ես ասում, ես էլ լավ չեմ ընդունում նրան: Ուզո՞ւմ ես միտքս իմանալ. այո, շատ ուրախ եմ, որ նա հիմա քիչ-քիչ է երևում իմ տանը:

Պատճա՞ռը:

Հենց այնպես: Մինչև անգամ լավ կլինի, որ իսկի էլ չգա այսուհետև:

Դու այդ ուզո՞ւմ ես:

Իսկ դու չե՞ս ուզում:

Ինձ թո՛ղ, աստված սիրես: Ազգականը քոնն է, դո՛ւ ասա, ուզո՞ւմ ես, որ նա իսկի չգա մեր տուն:

Ուզում եմ, — պատախանեց Սամսոնը հանկարծ, փորձի համար:

Լավ, — ասաց Մելանիան և լռեց:

Հետևյալ օրը Փիրուզյանն եկավ: Սամսոնը տանը չէր: Մելանիան հրամայեց սպասավորին՝ հայտնել, թե պարոնը և տիկինը տանը չեն: Մինչդեռ սպասավորը նախասենյակում հաղորդում էր այս խոսքերը Փիրուզյանին, նա անմիջապես գոչեց.

«Ժորժիկ, Ժորժիկ, ապա թե կարող ես ինձ բռնիր»: Եվ սկսեց վազվզել, բարձրաձայն ծիծաղել:

Մի ժամ անցած՝ նա իր արարքը պատմեց Սամսոնին:

Ուրեմն Արտյուրն իմացավ, որ դու տա՞նն ես, — հարցրեց Սամսոնը զայրանալով:

Այո, տանը և առողջ:

Սամսոնի աչքերը կատաղությունից փայլեցին:

Մելա՛նիա, դու քանի գնում, խելքդ կորցնում ես, — գոչեց նա, — ինչո՞ւ համար ես ինձ խայտառակում իմ ազդականի մոտ:

Ինքդ ուզեցիր, որ նա մեր տունը ոտ չդնի:

Ես... կատակ էի անում:

Կատա՞կ, հա՞ա, դու... կատա՞կ, — հեգնաբար ծիծաղեց Մելանիան, — մի՞թե դու կատակ անել էլ գիտես, չէի իմանում, ներողություն:

Ես քեզ փորձելու համար ասացի, թե չեմ ուզում Արտյուրին մեր տանը տեսնել:

Ինձ փորձելու համա՞ր:

Մելա՛նիա:

Ինձ փորձելու համար, — կրկնեց Մելանիան, ինքն իրեն կորցնելով, — ա՛ա, ուրեմն, ուրեմն... դու ինձ կասկածո՞ւմ ես:

Այո՛, կասկածում եմ. չի՞ կարելի քեզ կասկածել ինչ է:

Մելանիայի աչքերը պսպղացին, նա կամեցավ հեկեկալ, բայց ճիգ արավ և իրեն զսպեց: Նա միայն ասաց.

Այդ էր պակաս... կասկածել ինձ...

Ինչո՞ւ, դու կին չե՞ս, ինչպես բոլոր կանայք:

Ես մի անբախտ կին եմ, ուրիշ ոչինչ, — արտասանեց Մելանիան շնչասպառ:

Անբա՛խտ, — կրկնեց Սամսոնը դառն հեգնանքով, — եթե դու անբախտ ես, կկամենայի իմանալ՝ ով է բախտավոր քո ծանոթներից: Օրը մի տեսակ կերակուր ուտո՞ղը, թե տարին մի ձեռք հագուստ չունեցողը: Ո՞ւմ է նախանձում ամբողջ քաղաքը, քե՞զ, թե՞ մի ուրիշին:

Սամսոն, միամիտ մի՛ ձևանալ: Դու շատ լավ գիտես, թե բախտավորությունը լավ ուտել-խմելու ու շքեղ հագուստների մեջ չէ:

Կկամենայի գիտենալ՝ այն ի՞նչ է, որ մեր դարում չի կարելի ունենալ դրամի զորությամբ:

Ի՞նչ է, — կրկնեց Մելանիան սրտի կսկիծով, — ի՛նչ է...

Եվ մի սուր հայացքով ուղիղ նայեց ամուսնու աչքերին: Սամսոնը հասկացավ նրա թունալի, բայց արդարացի միտքը: Հասկացավ և շրթունքները կրծոտելով, լռեց:

Լռո՞ւմ ես, — մրմնջաց Մելանիան և նույն վայրկյանին մի երկարատև հարվածող ծիծաղ դուրս թռավ նրա կրծքից:

Մելա՛նիա, — գոչեց Սամսոնը խռպոտ ձայնով, — դու չափ ու սահմանդ կորցնում ես: Մելա՛նիա, մարդ չպիտի մոռանա իր անցյալը:

Այս արդեն Մելանիայի կծու ակնարկի պատասխանը չէր, այլև մի տեսակ փախուստ բուն խնդրից...

Ի՞նչ ես ուզում ասել դրանով, պա՛րզ խոսիր...

Ժամանակն է հասկանալու, որ քեզ նման երիտասարդ ու գեղեցիկ կանայք հազարավոր են, իսկ քեզ պես ապրում է հազարից մեկը... Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում...

Հասկանո՞ւմ է, արդյոք, Մելանիան: Ինչպե՞ս չհասկանալ, երբ մարդը խոսում էր այնքան պարզ, երբ նրա յուրաքանչյուր բառի, ձայնի ամեն մի հնչյունի մեջ զգացվում է միլիոնատիրոջ թունալի արհամարհանքը դեպ մի կնոջ չքավոր անցյալը: Մելանիան զինաթափ եղավ, գլուխը թեքվեց կրծքին, ձեռները թուլացան: Այսպես, ուրեմն, հարվածի փոխարեն հարված և ավելի զորեղ: Եթե նա Սամսոնից երիտասարդություն է պահանջում, Սամսոնն էլ պահանջում է նրանից հիշել անցյալը: Նրան ողորմություն են արել, դուրս բերել չքավորությունից և հարուստ ու շքեղ ապարանք մտցրել: Նա երախտամոռ է և իր վիճակի համար փոխանակ շնորհակալ լինելու՝ հանդիմանում է բարերարին:

Մի քանի վայրկյան Մելանիայի մտքերը շփոթվեցին: Սակայն մի բան նրա համար պարզ էր ավելի, քան երբևէ, այն, որ վերջապես, հասել է ժամանակը, երբ պիտի երես առ երես կանգնի այդ մարդու դեմ, անդիմակ, և ասի բոլորը, ինչ որ կուտակվել է սրտում վերջին երկու-երեք տարվա ընթացքում:

XI

Նա ձեռքով տրորեց ճակատն ու աչքերը, կարծես, ուշը ժողովելու համար: Աա՛, ուրեմն Սամսոնը նրան բարերարությո՞ւն է արել, ամուսնանալով նրա հետ:

Եթե երեսովս պիտի տայիր աղքատությունս, ինչո՞ւ ամուսնացար, — գոչեց նա, — ինչո՞ւ ամուսնացար:

Երևի նրա համար, որ դու էլ երեսովս տաս ծերությունս, — հեգնեց Սամսոնը:

Ես ունիմ իրավունք, դու չունիս: Դու քո կամքով ամուսնացար, իսկ ինձ ամուսնացրին, Հասկացի՛ր զանազանությունը: Դու ինձ փողով գնեցիր իմ ծնողներից.... I

Թող չծախեին... Բայց լռիր, բավական է:

Լռե՞լ: Ոչ, առանց այդ էլ երկար ժամանակ է լռել: Հիմա առիթ են տալիս խոսելու և պիտի խոսի: Նա միշտ տանջվել է, միշտ, թեև ուրիշները նախանձել են նրան այսինքն նրա ադամանդներին ու տուալետներին, կառքերին ու ձիերին, ճաշերին ու ընթրիքներին: Նա ծիծաղել է, երգել, նվագել, թռչկոտել, բայց տանջվել է:

Ինչո՞ւ, ինչո՞ւ ես տանջվել, — հարցրեց Սամսոնը:

Որովհետև չեմ կարողացել քեզ սիրել, ուզեցել եմ սիրել, չեմ կարողացել:

Շնորհակալ եմ, որ գոնե ուզեցել ես սիրել:

Ես կատակ չեմ անում, — շարունակեց Մելանիան, — սրտիս ցավն եմ հայտնում: Մա՛րդ. դու ապրել ես ու վերջացրել կյանքդ, իսկ ես նոր եմ սկսում ապրել, հասկանո՞ւմ ես, նոր-նոր միայն: Չէ՞ որ քսանուչորս տարեկան եմ, ա՛նաստված, ինչպե՞ս ապրեմ քեզ հետ: Ինչո՞վ ես ուզում ինձ բախտավորեցնել: Բազմաթիվ ծառաներո՞վ, այս շքեղ տնո՞վ, թանկագին հագուստներո՞վ, ոսկով ու քարեղենո՞վ: Լսի՛ր, ես այն կանանցից չեմ, հասկանո՞ւմ ես, չեմ էլ ուզում լինել: Չեմ ուզում ուտել ամուսնուս հարստությունը, սիրել ուրիշներին: Ի՞նչ ես աչքերդ պսպղացնում: Ի՞նչ ես կատաղում, մի՞թե չգիտես, որ կան այս տեսակ կանայք: Ես ինքս ճանաչում եմ օրիորդներ, որ երազում են գտնել հարուստ ու ծեր ամուսիններ, որպեսզի նրանց փողերը ծախսեն, իսկ սիրեն ուրիշներին: Այո՛, կան, շատ կան այդպիսիները, քեզ էլ է հայտնի, որ կան: Բայց ես չեմ ուզում նրանց օրինակին հետևել, հասկանո՞ւմ ես, չեմ ուզում:

Նա միայն աշխատել է ինքն իրեն խաբել: Սկզբում, երբ սկսեց ճանաչել իրեն, հասկանալ իր անբախտությունը, ուզում էր իր նման շատշատերի պես լուռ խոնարհվել ճակատագրի առջև: Բայց չկարողացավ: Հետո փափագեց աշխարհ տեսնել, իմանալ՝ ինչպես են ապրում ժամանակակից հարուստ կամ արիստոկրատ համարված կանայք. Մի տարվա մեջ նա շատ բան տեսավ, շատ բան ուսումնասիրեց և այն, ինչ որ տեսավ ու ուսումնասիրեց, շուտով զզվեցրեց նրան: Այնուհետև աշխատեց գլուխը խաբել հասարակական գործերով: Եվ ահա կես տարի, միայն կես տարի անցած՝ այսօր այս էլ է նրան զզվեցնում: Մարդիկ երեսին կեղծավորում են, հետևից ծաղրում, երեսին խելոք, լուսավորված կին համարում, հետևիցփառամոլ, paravenue, выскочка: Նրան չարախոսում են, թե «սիրեկան է փնտրում»: Այժմ նա ուզում է բոլորից և ամեն բանից երես դարձնել ու ապրել ինքն իր սրտի համար, ապրել սիրող կնոջ կյանքով, Եվ հանկարծ... սեր չկա... պահանջ կա, բայց սեր չկա: Իսկ քանի որ սեր չկա, ինչի՞ է նման կյանքը և ի՞նչ օգուտ հարստությունից:

Ասա՛, ի՞նչ օգուտ, որ այն էլ երեսովս ես տալիս: Չեմ ուզում քո հարստությունը, չեմ ուզում, երդվում եմ Ժորժիկիս անունով: Խլիր բոլորն ինձանից և փոխարենը տուր ինձ կյանք, ո՛չ թե հարուստ, այլ բախտավոր կյանք: Ես զգալ եմ ուզում ու ապրել: Ես ուզում եմ իմանալ, ինչ ասել է երիտասարդական սեր, ինչ ասել է առհասարակ սեր...

Ասա, որ ուրիշ տղամարդ ես ուզում, — ընդհատեց Սամսոնը կոպտաբար:

Եվ հոգու խորքում զգաց, որ զրպարտում է:

Մի՞թե եթե Մելանիան ուրիշ տղամարդ ուզենա, չի կարող գտնել գաղտնի, և մի՞թե եթե այդպիսի հանցավոր միտք ունենա, այդքան պարզ կխոսի: Ո՛չ, Սամսոնն ավելի ճիշտ կասեր, եթե գոնե նույն խոսքերն արտասաներ առանց «ուրիշ» բառի:

Եթե նույնիսկ այդպես լիներ, — գոչեց Մելանիան անսովոր համարձակությամբ, — ի՞նչ կա զարմանալու, միթե չե՞ս զգում, որ ունիմ իրավունք:

Մելա՛նիա, — գոչեց Սամսոնը, բոլորովին բորբոքվելով խելակորույս կնոջ հանդուգն խոսքերից, — խայտառակ կին, բավակա՛ն է...

Ինչո՞ւ խայտառակ: Որ ուրիշների պես չեմ թաքցնում զգացածս ու մտածածս: Որ երեսիդ չե՞մ շողոքորթում ու հետևիցդ խաբում ու անպատվում քեզ: Ասա՛, դու ինքդ երիտասարդ հասակումդ չե՞ս սիրել: Եթե չես սիրելդու մարդ չես, եթե սիրել եսապրել ես: Բայց ի՞նչ եմ ասում: Դու սիրել էլ ես, սիրահարվել էլ ու ուրիշ բաներ էլ արել: Միտդ բեր ասածներդ, հիշիր ինչեր էիր պատմում երբեմն, անկեղծության րոպեներին: Աա՛, ամաչո՞ւմ ես: Ինչո՞ւ չթողեցիր, որ ես էլ սիրեմ, ես էլ ապրեմ: Ինչո՞ւ նոր ծլող ծաղիկը կտրեցիր ոսկի մկրատովդ: Ինչո՞ւ ինձ խլեցիր ծնողներիս գրկից այն ժամանակ, երբ ես երեխա էի: Ինչո՞ւ, ասա՛, ինչո՞ւ:

Նա թուլացած ընկղմվեց գահավորակի վրա և սկսեց հեկեկալ:

Սամսոնը մի ձեռը բազկաթոռի կռնակին հենած` մյուսը սեղմել էր ճակատին և նայում էր հատակի մի կետին:

Հեկեկանքը դադարեց: Մելանիան, աչքերը սրբելով, ոտքի կանգնեց, մի վայրկյան մտածեց՝ անշարժ կանգնած: Հետո ձեռով մի դրական շարժումն անելով անցավ արագ քայլերով յուր ննջարանը, որ կից սենյակն էր: Բաց արավ պահարանը, վերցրեց այնտեղից բոլոր յուր ակնեղենները, վերադարձավ և շպրտեց հատակի վրա, գոչելով.

Սրանցո՞վ ես պարծենում, սրանցո՞վ: Վերցրո՛ւ, քեզ լինի, չեմ ուզում...

Այժմ Սամսոնը նստած էր գահավորակի վրա լուռ, անշարժ: Չգիտեր ինչ ասի, լեզուն կաշկանդվել էր: Կնոջ խոսքերի մեջ նա զգում էր որոշ չափի ճշմարտություն, մանավանդ իր անցյալի վերաբերմամբ, որի դառն հետևանքը կրում էր այժմ: Գունատ էր, որպես աշնան ծառից պոկված տերև: Աչքերը անգիտակցաբար հառեց ցիրուցան սփռված օղերի, ապարանջանների, վզնոցների, մատանիների ու քորոցների վրա, որոնց խոշոր ու մանր ադամանդները գորգի վրա պսպղում էին նուրբ մանիշակագույն փայլով: Եվ, կարծես, այս շինծու աստղերի մեջ էր որոնում իր թշվառության հիմքը: Միթե այսպես չէ՞: Միթե իր կյանքի լավագույն շրջանը այս ադամանդներին տիրանալու համար չէ՞ր գործադրել: Նա կամեցավ առաջ հարստանալ, հետո բախտավորվել: Ինչպե՞ս չհասկացավ, որ տիրելով մեկին, զրկվում է մյուսից, օրեցօր քայքայվում և, գլուխը քաշ ոսկիներ հավաքելով, անգիտակցաբար մերձենում է գերեզմանին:

Ինչպե՞ս չգուշակեց, թե փողով կյանք չի կարելի գնել, թե ժամանակը գետ է, որի ջուրը երբեք հետ չի դառնում: Ինչո՞ւ յուր գոյության վառվռուն շրջանը անցկացրեց սիրուհիների ու անառակ կանանց գրկերում, իսկ կնոջ համար պահեց նրա ողորմելի մնացորդը: Եվ ահա այսօր նրա երեսին են շպրտում այս ադամանդներն ու փոխարենը պահանջում երիտասարդություն... առնական ուժ: Պահանջում է այն, որ նա միայն ունի իրավունք պահանջելու, որովհետև նա սիրուհի չէ, այլ կյանքի հավիտենական ընկերուհի...

Շնորհակալ եմ, — հնչեց նրա ականջին Մելանիայի արդեն փոքր-ինչ հանդարտված ձայնը, — շնորհակալ եմ արած լավություններիդ համար: Բայց այսուհետև չշարունակես, խնդրում եմ, պահանջում: Այժմ քո բարերարությունը ինձ տանջում է, հասկանո՞ւմ ես, ուղղակի տանջում...

Եվ մի վայրկյան կանգ առնելով, ավելացրեց.

Վաղը կգրեմ ծնողներիս, որ այսուհետև էլ իրավունք չունեն քեզանից օգնություն ստանալու: Ես չեմ ուզում հարստահարվել, դու էլ մի՛ հարստահարվիր...

XII

Մելանիան կատարեց իր խոսքը: Հետևյալ օրն իսկ գրեց մանրամասն նամակ մորը: Նկարագրեց իր ընդհարումը Սամսոնի հետ. պարզեց մինչև այժմ գաղտնի պահած վիշտը, վերջապես, հայտնեց պարզապես, թե այժմ անբախտ է, այնքա՛ն անբախտ, որ հազիվ թե կարողանա այսուհետև ապրել այդ մարդու հետ:

Երեք օր անցած՝ պատասխանի փոխարեն անձամբ եկան նրա ծնողները: Երևի, արդեն շատ ազդու էր դրված Մելանիայի նամակը: Դա մի ոչ այնքան ծեր զույգ էրմարդը գեր-գեր, մոտ հիսուն տարեկան, կինը մարդուց հազիվ չորս-հինգ տարով փոքր, տակավին թարմ, նույնիսկ գեղեցիկ:

Նրանք անմիջապես բացատրություն պահանջեցին իրենց աղջկանից: Մելանիան ասաց, թե բոլորը գրել է նամակում և ուրիշ ասելիք չունի:

Սամսոնը ընդունեց իր զոքանչին ու աներոջը սառը, չկամեցավ նրանց հետ խոսել իր ընտանեկան ընդհարման մասին: Զույգը վշտացավ: Հետևյալ օրը նա որոշեց խնդիրը, ինչպես էլ լինի, բոլորովին պարզել: Այս անգամ Մելանիան համառոտ ու դրական եղանակով կրկնեց բոլորը, ինչ որ գրել էր նամակում: Նա այլևս չի կարող Սամսոնի հետ ապրել, նրա հաց նուտել. խիղճը տանջում է, զգում է իրեն ստորացած մի մարդու առջև, որին չի սիրում և երբեք չի սիրել և չի կարող սիրել:

Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, — գոչեց տիկին Նազանին՝ Մելանիայի մայրը:

Որովհետև ծեր է, — պատասխանեց Մելանիան այնքան լուրջ ու կտրուկ եղանակով, որ թույլ չէր տալիս ոչ մի հակաճառություն:

Հը՛մ, — փնթփնթաց Սերգեյ Արտեմիչը՝ Մելանիայի հայրը, — լա՛վ պատճառ է, օրհնյա՛լ լինիս:

Մելանիան մի սուր հանդիմանական հայացք ձգեց հոր երեսին և հարցրեց.

Քանի՞ տարեկան ես, պապա:

Քառասունուիննս լրացավ անցյալ ամիս:

Իսկ դո՞ւ, մամա:

Քառասունչորս:

Քառասունինըքառասունչորս, զանազանությունը հինգ տարի. հիսունչորսքսանչորս, զանազանությունը երեսուն տարի: Պապա, աղջկադ ամուսինը քեզանից ծեր է: Ասա, ինչո՞ւ ինձ տվեցիք այդ մարդուն:

Սամսոն Ֆրանգուլյանը քաղաքի ամենալավ փեսացուներից մեկն էր. խելոք, օրինավոր մարդ ու միլիոնների տեր...

Եվ ծեր, — ավելացրեց Մելանիան անսովոր համառությամբ:

Չեմ հասկանում, ինչ ես մի գլուխ կրկնում ծե՛ր, ծե՛ր, ու ծե՛ր, — գոչեց տիկին Նազանին, — լա՞վ կլիներ՝ եթե քեզ տված լինեինք մի քաղցած երիտասարդի:

Այո, մամա, ավելի լավ կլիներ:

Այժմյան փչացած երիտասարդներից մեկի՞ն, — հարցրեց Սերգեյ Արտեմիչը:

Թեկուզ մի շառլատանի, — պնդեց Մելանիան նույն համառությամբ:

Սերգեյ, — դարձավ տիկին Նազանին իր կողակցին, — դու հեռացիր, թող մեզ մենակ:

Սերգեյ Արտեմիչը հասկացավ ամուսնու միտքը և շտապեց կատարել նրա հրամանը:

Նազանին նստեցրեց աղջկան իր մոտ, գահավորակի վրա և մի ձեռով գրկեց նրա մեջքը, մյուսով շոյելով մազերը, ասաց.

Հիմա կարող ես սիրտդ բաց անել: Ես կնիկ եմ, ամեն բան կհասկանամ, մի՛ ամաչիր:

Մա՛մա, թո՛ղ ինձ, — արտասանեց Մելանիան, երեսն ամոթով մի կողմ դարձնելով, — առանց այդ էլ ես շատ բան ասացի:

Տիկին Նազանին բարվոք համարեց ուղղակի դիմել բուն խնդրին:

Մելա՛նիա, — ասաց նա, հառաչելով, — մի բան հարցնեմ, չնեղանաս: Ասա՛, քեզ խելքից հանող չկա՞: Էհ, ո՛վ գիտե, Թիֆլիսն է:

Ի՞նչ ես ուզում ասել:

Էհ, մեջտեղը մի ուրիշ տղամարդ չկա՞:

Հը՛մ, — արտասանեց Մելանիան, դառնությամբ գլուխը երերելով, — գիտեի, որ ա՛յդ պիտի հարցնես: Ո՛չ, մամա, ես ոչ ոքի չեմ սիրում և չեմ էլ ուզում սիրել, քանի որ այս տանն եմ ապրում:

Երգվի՛ր:

Երդվում եմ Ժորժիկիս անունով:

Ոչ ոքի չես սիրում ու էլի մարդուդ հետ չես ուզում ապրել: Չեմ հասկանում: Ծեծո՞ւմ է քեզ Սամսոնը:

Երանի թե ծեծեր...

Հետդ վա՞տ է վարվում:

Ո՛չ:

Ատո՞ւմ է քեզ:

Ընդհակառակը, հիմա ավելի է սիրում:

Ազատություն չ՞ի տալիս:

Այնքան է տալիս, որ ես ինքս զզվել եմ:

Սրտիդ ոլզածը չի՞ կատարում:

Կատարում է:

Կարելի է սիրուհինե՞ր է պահում:

Ո՛չ, ո՛չ, մամա, այդ բոլորից և ո՛չ մեկը:

Ուրեմն կամ ես ծերացել եմ ու ոչինչ չեմ հասկանում, կամ դու խելագարվել ես:

Մամա՛, միամիտ մի ձևանար, դու էլ կին ես, հասկացի՛ր դրությունս: Մի րոպե միտդ բեր այն ժամանակը, երբ դու իմ հասակի էիր: Միտդ բեր ու երևակայիր քեզ մի հիսունուչորս տարեկան մարդու գրկում:

Հիսունչորս տարին տղամարդի համար ծերություն չէ:

Բայց... Սամսոնը ծեր է, հասկացի՛ր, ծեր...

Այդ ոչ ոք չի կարող ասել, նրան տեսնելով:

Բայց ե՛ս եմ ասում, հասկանո՞ւմ ես, ե՛ս... Ա՛խ, մամա, ի սեր աստծու, խնայի՛ր ի՛նձ, մի՛ ստիպիր...

Մայրը նայեց աղջկա աչքերին և այնտեղ կարդաց նրա խոսվի վերջը: Նա գլուխն անզոր թեքեց կրծքին:

Ուրեմն, — արտասանեց նա կակազելով, — ուրեմն... Մելանիա...

Երեխանե՞րը... առաջ, մամա, բայց հիմա... Ահ, բավակա՛ն է, վերջապես...

Այն, ինչ որ արտահայտում էին երիտասարդ կնոջ հուսահատական շարժումները, այնքան համոզիչ էին և այնքան միևնույն ժամանակ վշտալի, որ Նազանին բոլորովին զինաթափ եղավ և ուժասպառ թիկն տվեց գահավորակին: Ավելի՛, նա զգաց խղճի խայթ. զգաց և կարեկցեց աղջկան:

Նույն օրն երեկոյան նա առանձնացավ իր կողակցի հետ, երկար ու երկար խորհրդակցեց: Բայց խնդիրն անլուծելի էր: Տիկին Նազանին փորձեց մարդուն համոզել՝ Սամսոնից բացատրություն պահանջելու: Սերգեյ Արտեմիչը դրականապես մերժեց:

Ամոթ է, — ասաց նա, — որ հարցնեմ էլ, միևնույն է, ոչինչ չի ասիլ...

Հապա ի՞նչ անենք:

Չգիտեմ:

Երկուսն էլ անզեն ու անզոր նայեցին միմյանց երեսին: Երկուսն էլ զգացին, որ գործված սխալն անուղղելի է և որ իրանք իրանց ձեռքով դժբախտացրել են իրանց հարազատ զավակին...

XIII

Սուր վիրավորանքի հետ Սամսոնը զգում էր նաև խղճի սուր խայթոց: Որքան համարձակ լինեին Մելանիայի խոսքերը, այնքան իմաստն արդարացի էր: Մեղադրանքը պարզ էր, հիմնավոր և... անհերքելի: Ա՛խ, եթե միայն ծերությունը լիներ... Բայց ի՛նչ կարելի է առարկել մի անողոք ու սոսկալի փաստի դեմ, որի ծանրությունը նա զգում է առանց Մելանիայի մութ ակնարկների էլ: Ինչո՞վ իրան պաշտպանի, քանի որ գիտե՝ սիրելը քիչ է, պետք է ունենալ նաև սիրելու իրավունք, այսինքն՝ միջոց:

Դեռ ամուսնության երկրորդ տարին նա զգաց, որ շուտով պիտի զրկվի այդ միջոցից: Եվ երբ զգաց, որ սկսում է զրկվել, շատ մտածեց, շատ աշխատեց ու չգտավ ոչ մի հնար բնության հարվածի դեմ: Նա համոզվեց, վերջապես, որ ոչ ոք, ոչ ոք չի կարող օգնել իրեն այս դեպքում, թեկուզ զոհի իր բոլոր միլիոնները: Ճակատագրի դա՛ռն հեգնանք, անբախտությունը սկսվեց հենց այն պահուն, երբ նա հույս ուներ ապրել մի նոր, ավելի հանգիստ, ավելի երջանիկ կյանքով...

Ի՞նչ անել այժմ, երբ նրանից պահանջվում է անկարելին: Բաժանվե՞լ Մելանիայից, ազատությո՞ւն տալ պահանջողին՝ գնա ուր ուզում է ապրի, ում հետ նա կամենում է: Բավականանա՞լ ամուսնական կյանքի այն առաջին երկու-երեք կիսաբախտավոր տարիներով, երբ դեռ ուներ փոքրիշատե իրավունք իբրև ամուսին:

Մի պահ զգաց, որ եթե բարոյական քաջություն ունենա, պարտավոր է այդպես անել, չէ՞ որ չի կարելի առանց իրավունքի բռնի տիրանալ մի թարմ էակի կյանքին: Սակայն... միայն մի պահ, հետո ինքը սարսափեց իր մտքից: Բաժանվե՞լ Մելանիայից, մի էակից, որ զարդարում է նրա կյանքը և հյութ տալիս նրա չոր ու ցամաք գոյությանը: Գցել նրան մի ուրիշի գի՞րկը և, դիտելով հեռվից, տանջվե՞լ բարոյապես, դառնալ ծաղրի ու խոսակցության առարկա՛... Օ՛օ, ոչ, ոչ, այդ անկարելի է, այդ վեր է նրա ուժերից: Ուրեմն ի՛նչ. ստիպել երիտասարդ կնոջը կենակցե՞լ իր հետ, մի մարդո՞ւ, որին չի սիրում և երբեք չի՛ կարող սիրել, գուցե, իրավ, հակառակ իր ջերմ ցանկության: Միթե անգթությո՞ւն չէ այդ: Իսկ նա ոչ միայն գործում է այդպիսի անգթություն, այլև Մելանիայի երեսովն է տալիս այդ անգթությունը, համարելով նրան բարերարություն:

Եվ, հալածվելով այս մտքից, Սամսոնը տանջվում էր: Արդեն առաջ էլ չէր սիրում հասարակություն, իսկ այժմ բոլորովին երես դարձրեց նրանցից: Ոչ մի տեղ չէր գնում, ոչ ոքի չէր ընդունում, իսկ աներոջ ու զոքանչի հետ խոսել անգամ չէր ուզում: Բնազդմամբ գուշակում էր, որ Մելանիան պարզել էր նրանց իր վշտի գաղտնի պատճառը. մի բան, որից այնքան ամաչում էր Սամսոնը: Ա՛հ, սարսափելի՛ դրություն. ո՞ւմ հայտնի իր ցավը, ո՞վ կկարեկցի նրան և, որ ամենագլխավորն է, ո՞վ կարդարացնի նրա կապը Մելանիայի հետ: Ոչ ոք: Նա այս լավ գիտեր, ուստի լուռ ու մունջ փակվել էր ինքն իր մեջ: Երբեմն նրա սրտում ծագում էր հուսո նշույլ. գուցե Մելանիան զղջա, ներում խնդրի անողոք կշտամբանքի համար և հաշտվի իր վիճակի հետ, դադարելով պահանջել անկարելին, անբնականը: Բայց այս հույսն էլ նրան ոչինչ լավ ապագա չէր խոստանում: «Հետո՞»... կրկնում էր նա, և գլուխը թուլացած թեքում էր կրծքին, ձեռները ընկնում էին ցած: Այո՛՛, հետո՞, իսկ նրա անզորությո՞ւնը, որ անբուժելի է...

Տիկին Նազանին և Սերգեյ Արտեմիչը բարվոք համարեցին խնդիրը թողնել անորոշ և հեռանալ այն քաղաքը, որտեղից եկել էին: Զգում էին, որ իրենց ներկայությունը անչափ նեղում է Սամսոնին, այնինչ ցավը դարմանվելու և ոչ մի միջոց չէին կարողանում գտնել:

Ճանապարհ ընկնելու օրը Նազանին մի անգամ ևս փորձեց համոզել Մելանիային, թե ուրիշ հնար չկա, պետք է հպատակվել ճակատագրին: Բայց զուր: Մելանիան սառն եղանակով հարցրեց.

Մամա, եթե մի օր վերադառնամ քեզ մոտ, կնդունե՞ս ինձ:

Նազանին սարսափեց: Բայց զգում էր, որ դուստրը արդեն անսահման դժբախտ է, ուստի ճարահատյալ պատասխանեց.

Ո՞ր ծնողը իր զավակին կթողնի փողոցում:

Մելանիան զգացվեց, փաթաթվեց մոր պարանոցին, համբուրեց և հետո սկսեց հեկեկալ, կրկնելով.

Ախ, ի՛նչ անբախտն եմ, ի՛նչ անբախտն եմ:

Մի օր, նախաճաշից հետո սպասավորը Սամսոնին հայտնեց, թե Փիրուզյանը հարցնում է, կընդունի՞ նրան արդյոք: Սամսոնը հրամայեց ընդունել:

Next page