Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Որ այդպես է, էլ ինչո՞ւ ինձ խանգարեցիր կարդալու: Կյանքումս այս տեսակ հետաքրքրական գիրք չեմ տեսել:

Նա նստեց և շարունակեց ընթերցանությունը: Ելենան այևս ոչինղ չասաց: Խոսելով յուր որդու հետ, մտքով նա զբաղված էր յուր ծրագրով, որ վաղուց նա կազմել էր և մշակել:

Նա մի քանի րոպե լուռ մտածեց, անցուդարձ անելով, հետո վերցրեց զվխարկը պահարանի վրայից և դուրս գնաց: Նա գիտեր՝ որտեղ և ում մոտ է ծառայում Զինան: Նստեց տրամվայ և քսան րոպե չանցած արդեն նրա մոտ էր:

Վերջապես, շնորհ բերիք, — գոչեց Զինան, անկեղծ ուրախանալով, երբ տեսավ յուր նախկին տիրոջ քրոջը, որին ինքը հաճախ այցելում էր, — դուք վաղուց էիք խոստացել ինձ այցի գալ: Շնորհակալ եմ:

Դա այլևս առաջվա Զինան չէր: Նրբացել էր, սիրունացել: Գիտեր հագնվել ինչպես «կրթված»: Փոխվել էին նաև նրա խոսելու ոճը, շարժումներն ու ձևերը:

Նա հրավիրեց հյուրին յուր առանձին սենյակը, որի կահկարասուն նախանձեց Ելենան: Նրա պաշտոնը նույնն էր, ինչ որ նախկին տերերի մոտ, բայց կատարում էր ավելի մաքուր և ավելի նուրբ գործեր, ուստի նրա ձեռքերը տաշվել էին և հղկվել, ինչպես մի քնքուշ տիրուհու ձեռքեր:

Ինչպե՞ս են իմ նախկին տերերը, — հարցրեց նա մի տեսակ զգալի հեգնությամբ ընդգծելով վերջին բառը: — Ես նրանց ոչ մի տեղ չեմ հանդիպում: Ուզում եմ ասել` թատրոններում: Գիտեք, ես հիմա շաբաթը մի անգամ թատրոն եմ գնում, երկու անգամ էլ սինեմատոգրաֆ: Իմ տիրուհին, իշխանուհի Օրբելյանին, ինձ հետ վարվում է ինչպես յուր հավասարի հետ: Նա շատ ազնիվ կին է: Ես էլ նրան սիրում եմ քրոջս պես:

Ելենան պատասխանեց.

Ձեր նախկին տերերն այժմ ապրում են ավելի բախտավոր, քան առաջ:

Այո՞, — հարցրեց Զինան նույն կիսահեգնական և կիսաբարեկամական տոնով: — Ուրախ եմ, շատ ուրախ եմ:

Այո, շատ բախտավոր են, այն էլ ձեր շնորհով:

Իմ շնորհո՞վ, ասացե՛ք խնդրեմ:

Իհարկե: Չէ՞ որ դուք տվիք նրանց մի բան, որ չունեին և սաստիկ ցանկանում էին ունենալ:

Հասկացա, դուք երեխայի մասին եք խոսում, — արտասանեց Զինան այնպիսի անտարբերոլթյամբ, որ, կարծես, խոսքը մի չնչին առարկայի էր վերաբերում: — էհ, ի՞նչ են խոսում իմ մասին:

Ձեր մասին նրանք ոչ միայն չեն խոսում, իսկի չեն էլ մտածում, — շտապեց օգտվել Ելենան, լավ ճանաչելով փարթամ ընտանիքների աղախինների շինծու գոռոզությունը:

Զինան վիրավորվեց:

Բա՛հ, — գոչեց նա արհամարհանքով, — չեն մտածում: Թող չմտածեն, շատ հարկավորս է:

Ելենան ավելացրեց.

Դե, իհարկե, դուք նրանց հավասար չեք. աղախին և տիրուհի:

Ներեցեք, ես այժմ աղախին չեմ, այլ տնտեսուհի, եթե կամենաք, իսկի տնտեսուհի էլ չեմ, այլ իշխանուհի Օրբելյանիի համար օգնական: Չե՛ն մտածում: Հարցրեք, ես նրանց մասին մտածո՞ւմ եմ: Իսկի էլ չէ: Ակն ընդ ական...

Բայց երեխան ձերն է, ոչ թե այդ ավազակի աղջկանը, — աշխատեց Ելենան Զինայի արհամարհանքը փոխել ատելության:

Ես երեխա չունիմ, — պատասխանեց Զինան, որին սարսափեցնում էր այն միտքը, թե մի օր այդ երեխային կարող են կապել յուր վզին:

Ելենան չհուսահատվեց:

Այո, — ասաց նա սատանայական հեգնությամբ, — այդ էլ ճշմարիտ է: Նրանք ձեր երեխային գնել են փողով և այժմ նա նրանց սեփականությունն է. այնպես, ինչպես այս կոշիկներն ինձ համար, կամ, այ, այն գլխարկը ձեզ համար:

Այս անգամ նետը դիպավ նշանին, բայց ոչ այն կողմին, դեպի ուր ուղղված էր:

Գնել են, գնել են, — գոչեց Զինան, գրգռվելով, — բայց ո՞ւր են նրանց տված փողերը:

Իհարկե, դրել եք բանկ և տոկոս եք ստանում:

Դուք ծաղրում եք ինձ, Ելենա Գավրիլովնա, ես բանկում մի կոպեկ չունիմ: Հասկանո՞ւմ եք, մի կոպեկ էլ: Եթե կամենաք, ես մինչև օրս իսկի ոչ մի բանկի երես չեմ էլ տեսել:

Հարա ի՞նչ արիք այն հազար ռուբլին:

Պոլիկարպը փչացրեց, — պատասխանեց Զինան և հառաչեց տխուր:

Պոլիկարպն ո՞վ է:

Իմ նշանածը: Ես ձեզ չե՞մ պատմել:

Հապա՞, հապա՞, — հետաքրքրվեց Ելենան, նախազգալով, որ այդ Պոլիկարպից կարելի է օգտվել:

VII

Զինան պատմեց յուր ռոմանը: Հայտնվեց, որ Պոլիկարպը մի յունկեր է և նրա նշանածը «աստծու ու մարդկանց առաջ»:

Բայց անգութը խաբեց ինձ: Ասաց՝ հետո պիտի պսակվի, փողերս առավ, փչացրեց: Անիծվի՛ նա: Ինչպե՛ս սիրում էի նրան: Այժմ էլ սիրում եմ: Ինչքա՛ն եմ տանջվել, աստված իմ, ինչքա՛ն. թե՛ հոգով, թե՛ մարմնով: Քանի-քանի անգամ ուզեցել եմ մկնդեղ ընդունել: Գիտեք, ես նրա պատճառով երկու երեխա եմ փչացրել արգանդումս՝ մեկը չորս, մյուսը վեց ամսական:

Եվ Զինան արտասվեց:

Ելենան ուրախացավ մտքում: Այդ նորությունը նրա համար մի անսպասելի զենք էր, որ ինքը Զինան գցեց նրա առաջ: Նա շտապեց վերցնել այդ զենքը և անմիջապես ուղղել պարզամիտ կնոջ կրծքին:

Նա ասաց.

Այդպես, ուրեմն, դուք այժմ ոչինչ չունեք, աղքատ եք: Ցավալի է, շատ ցավալի:

Եվ, մի կեղծ հառաչանք արձակելով կրծքից, ավելացրեց.

Դե, եկեք ու աշխարհիս բաները հասկացեք: Մայրն աղքատ և ուրիշների մոտ ծառադե, ինչ էլ լինի ծառաեք, — իսկ զավակն ապրում է ինչպես մի փոքրիկ իշխան և այսօր-վաղը պիտի ժառանգն ահագին հարստություն: Աստվա՛ծ իմ, ի՛նչ անարդարություն:

Եվ շարունակեց նույն ուղղությամբ, չթողնելով Զինայի հուզմունքն անցնե: Ոչ, ոչ, աղքատները շատ էլ անտեր ու անպաշտպան չեն: Գոհություն աստծու, օրենքներ կան և դատարանների դռները բաց են ամենքի համար հավասար: Ահա հենց նորերս պատահեց համանման մի բան: Մի հարուստ մարդ, վաճառական թե կալվածատեր, Ելենան մոռացել է, այո, մի հարուստ մարդ բռնաբարում է յուր սպասուհուն, հղիացնում և դուրս անում յուր տնից, գրպանը դնելով մի քանի կոպեկ: Խեղճ կինը մնում է փողոցներում: Գնում է հասարակաց ծննդարան ազատվում: Ի՛նչ անե երեխային: Դեսուդեն է ընկնում:

Բարեբախտաբար, — շարունակեց Ելենան, ուրախությամբ տեսնելով, որ յուր հնարած պատմությունը հետաքրքրում է Զինային, — աշխարհում դեռ բարի մարդիկ բոլորովին չեն անհետացել: Մի ազնիվ փաստաբան նրան խորհուրդ է տալիս դիմել դատարանին և հանձն է առնում պաշտպանել նրան:

Փողո՞վ, — ընդհատեց Զինան:

Լսեցեք: Այդպիսի բարի փաստաբաններ միշտ կարելի է գտնել: Դիմում է: Դատավարների ներկայությամբ նա երեխային դնում է հարստի առաջ ու ասում. «քոնն է, վերցրու, պահիր»: Դատավորները կատաղում են հարստի դեմ ու վճռում, որ նա կամ պսակվի յուր սպասուհու հետ կամ երեխային ապահովե ու մորն էլ նշանակե խոշոր ամսական:

Նշանակո՞ւմ է, — հարցրեց Զինան:

Այո, իհարկե, ինչպե՞ս կարող էր դատարանի վճիռը չկատարել: Նշանակում է ամսական երեք հարյուր ռուբլի:

Երե՛ք հարյուր ռուբլի ամսական, — գոչեց Զինան հափշտակվելով մի այդպիսի հեռանկարով, — աստված իմ, մի՞թե այդ կարելի է:

Ինչո՞ւ չի կարելի: Ամեն մարդ պարտավոր է տալ յուր ունեցածի չափ: Հարստի համար հարյուրները նույնն են, ինչ որ մեզ համար կոպեկները:

Ուրեմն եթե դատարանին դիմեմ, ձեր եղբորն է՞լ կստիպեն ինձ ամսական նշանակել:

Իհարկե, կստիպեն: Բայց ես չէի կամենալ, որ եղբորս դատարան քաշեք: Գիտեք, ես հարազատ քույր եմ, եթե նրան տեսնեմ մեղադրյալների նստարանի վրա, շատ կտանջվեմ, շա՛տ...

Որ այդպես է, էլ ինչո՞ւ համար այդ ասացիք, — հիասթափվեց Զինան:

Օրինակ էր, բերեցի էլի: Բայց դուք կարող եք դատարան կանչել նրա կնոջը: Մեղավորն իսկապես նա է: Յուր արգանդը աստված չորացրել է, ուրիշի բերքը խլեց: Օօ՛, չգիտեք ինձ օձ է:

Սխալվում եք, Ելենա Գավրիլովնա, տիկին Լիդիան լավ կին է: Ես այս ամեն տեղ կասեմ, ամեն տեղ...

Ելենան ցնցվեց այդ պաշտպանությունից, նա հակառակն էր սպասում լսելու: Բայց չշփոթվեց:

Զարմանում եմ, — ասաց նա արհամարհանքով, — ինչպե՞ս կարելի է լավ անվանել մի կնոջ, որ ձեզ զրկել է ձեր հարազատ զավակից:

Նա չի զրկել, ես ինքս եմ հրաժարվել իմ երեխայից: Ի՞նչ բան է երեխան: Աղքատի համար գլխացավանք: երբ ուզենամ կարող եմ երեխա ունենալ, դա դժվար բան չէ:

Ախ, — կեղծեց Ելենան, անգետ ձևանալով, — ես չգիտեի, որ դուք ինքներդ եք հրաժարվել: Էհ, որ այդպես է, մնում է ձեզ լռել ու նստել ձեր տեղը: Դուք մի կոպեկ էլ չեք ստանա ձեր զավակի ապագա ժառանգությունից:

Բայց արդեն հեռանկարն այնքան գրավել էր Զինային, որ այլևս լռել չէր կարող:

Եթե կարելի լիներ առանց դատարանի մի գումար ստանալ, — ասաց նա, հառաչելով, — ինչո՛ւ չէ, ես չէի հրաժարվիր

Առանց դատարանի ոչինչ չեք կարող ստանալ: Ուզում եքփորձեցեք: Շատ կարելի է եղբայրս ուզենա մի բան տալ, բայց կնիկը չի թույլ տալ: Նա մինչև անգամ կստիպե եղբորս ձեր վզակոթին տալ ու դուրս անել:

Վերջին դարձվածը ասվեց որոշ նպատակով:

Ի՞նչ, — գոչեց Զինան, — մի՞թե կհամարձակվի: Ես ձեր եղբորը ամբողջ աշխարհի առաջ կխայտառակեմ: Ո՞վ է նա: Այ, դուք ինքներդ ասացիք, որ դատարանը այն, հարստին ստիպում էր պսակվել յուր սպասուհու հետ: Ի՛նչ: Դուք կարծում եք, եթե ձեր եղբայրը կամենա, ես էլ կկամենա՞մ նրա հետ պսակվել: Թքել եմ: Նա իմ Պոլիկարպի մի եղունգին չարժե: Եթե ես համաձայնվեցի, կարծում եք սիրելո՞ւց էր: Ինչպե՛ս չէ. թքել եմ: Այնպես էլի, մի րոպե խելքս կորցրի: Մեկ էլ, որ ինձ փող էր հարկավոր ծնողներիս ուղարկելու ու ասացի. «Լավ, վերցրու ինձ, բայց փող տուր»: Նա տվեց, ես էլ... Ահա թե ինչ: Մյուս օրը ես նրանից զզվում էի և էլ չթողեցի: ԵԱ այժմ ատելով ատում եմ այդ սևամորթ ասիացիներին, կարծես ծնվելիս նրանց մանկաբարձուհիների ձեռքերը մրոտ են եղել: Առաջ էլի հավանում էի, շատ էի լսել, ասացի փորձեմ... Իսկ այժմ... թյո՛ւ, ահա թե ինչ...

Եվ սկսեց վրդովված անցուդարձ անել:

Ելենան ձևացավ, թե պատրաստվում է հրաժեշտ տալու և ասաց.

Էհ, որ այդպես է, դուք գիտեք, ես իմն ասացի:

Սպասեցեք, ո՞ւր եք շտապում, մտածենք, տեսնենք ինչ կարելի է անել:

Ոչ, ոչ, պետք է գնամ, առանց այն էլ ավելորդ բաներ շատ խոսեցի: Աշխարհումս ճշմարտությունը պաշտպանելը ձեռնտու չէ: Ո՛վ գիտե, մեկ էլ տեսար մի օր գնացիք այդ իշխանի աղջկա մոտ ու ասացիք. «Ինձ ձեր մարդու քույրն է ուղարկել, ես եկել եմ ձեզ դատի կանչելու»:

Հայտնի նպատակով արված ենթադրությունը ունեցավ ցանկալի ազդեցություն: Զինան դարձյալ վրդովվեց:

Ի՞նչ եք ասում: Ելենա Գավրիլովնա, դուք ինձ վիրավորում եք: Մի՞թե ես այդքան հիմար եմ կամ անազնիվ: Ի՞նչպես կարելի է ազգականների մեջ թշնամություն գցել: Ներեցեք, ես էլ քիչ թե շատ հասկացող եմ...

Ի՛նչ գիտեմ, կյանքումս արած լավություններիս փոխարեն այնքան սև երախտամոռություն եմ տեսել, որ այլևս ոչ ոքի չեմ հավատում: Դեհ, ես գնացի:

Ասաց Ելենան, երերվեց աջ ու ձախ, բայց չվերկացավ:

Ուրեմն, ի՞նչ եք ասում, դատարանին դիմել է՞լի, — հարցրեց Զինան:

Այ, տեսնո՞ւմ եք, — կեղծ վրդովվեց Ելենան, — ես ձեզ խորհուրդ տվեցի՞: Չէ՞ որ ես միայն իմ կարծիքը հայտնեցի: Աստված իմ, աստված, արի ու բարեկամական զգացումներդ հասկացրու այդ մարդկանց...

Լավ, լավ, Ելենա Գավրիլովնա, ես ձեզ վշտացնելու համար չասացի, այլ այնպես: Բայց ես կդիմեմ դատարանին, անպայման կդիմեմ:

Այս խոսքերի հետ Զինան աշխատեց յուր մեջ գրգռել թշնամական զգացում դեպի Լիդիան:

Ահ, ի՛նչ հիմարն եմ ես, որ մինչև հիմա լռել եմ: Ո՞վ է այդ կինը, ի՞նչ իրավունքով է պահում իմ երեխային յուր մոտ: Այո, ես հենց այդպես էլ կասեմ դատարանին: Թող ես խայտառակվեմ, բայց նա էլ կխայտառակվի:

Այ, այդպես խոսեցեք, որ ես էլ գովեմ, — խրախուսեց նրան Ելենան, — թե չէ թշնամիներդ կարող են ասել, որ դուք պատվի զգացում չունեք: Եվ ես ինքս ինձանից կամաչեմ, տեսնելով, որ իմ ծանոթը, որին սիրում եմ հարազատ քրոջ պես, պատվի զգացում չունե:

Ե՞ս չունեմ պատվի զգացում, — ավելի գրգռվեց Զինան, — այդ դեռ կտեսնենք: Ես իմ երեխային կխլեմ այդ խրտվիլակի ձեռքից և տասը հազարով էլ ետ չեմ տալ: Նրանք կուզե՛ն, կուզե՛ն, բայց ես չեմ տալ, պրծավ գնաց: Ի՛շ, չեն մտածում իմ մասին, կեղտոտ ասիացիներ:

Դե լավ, Զինա, դուք ինձ էլ եք վիրավորում: Չէ՞ որ ես էլ ասիացի եմ:

Դուք քաղաքավարություն գիտեք, այ, եկել եք այցելության, դուք ասիացի չեք:

Ելենան վերջապես ոտքի կանգնեց:

Ցտեսություն, — ասաց նա, — շատ նստեցի: Էհ, ինչ որ էլ ուզենաք անել, առանց փաստաբանի չանեք, կարող եք խաբվել: Բայց չլինի թե ջհուդ փաստաբանի դիմեք: Ջհուդները կաշառվող են:

Դուք հանգիստ կացեք, ինձ խաբելն՝ այնքան էլ հեշտ չէ: Միայն Պոլիկարպն ինձ խաբեց: Բայց նա էլ վերջն էլի կգա, ոտքերս կընկնի: Առայժմ այն անառակ Կատյայի ետևիցն է ընկած: Մի հատ խաղարկու տոմսակ ունե, այն էլ կփչացնի, կգա յուր Զինայի մոտ: Գնաք բարով: Այս օրերս ես կմտնեմ ձեզ մոտ և կասեմ, ինչ արի:

Ելենան գնաց:

VIII

Երբ նրանք դատարանի կոչնագիրը ստացան, կարդացին, առաջին պահ չհավատացին իրենց աչքերին:

Մոռացե՞լ էին նրանք Զինային, թե՞ միանգամայն հանգիստ էին, թե երբեք նա նրանց չի անհանգստացնիլ: Ոչ այս, ոչ այն. նախկին սպասուհու ուրվականը շարունակ կանգնած էր նրանց առջև: Շատ բան էր սպասում Լիդիան Զինայից, բայց ոչ դատարան:

Ի՛նչ, նրան մեղադրում են «ուրիշի երեխան սեփականացնելու մեջ»: Եվ ո՞վ է մեղադրողը: Նա, որ ամենայն հանգստությամբ կամեցել էր շպրտել այդ երեխային փողոց և որ այնքան ուրախացավ, երբ մի բարի ձեռ հանձն առավ նրան ազատելու այդ ծանր բեռից: Եվ այժմ այդպիսի մի կին ետ է պահանջում այն, ինչից ազատվելու համար Լիդիայի փեշերն էր լզել: Եվ այժմ Լիդիան պիտի զրկվի՞ Սերժից: Եվ այժմ ուզում են դաշույնի ծայրով դուրս գջլել նրա սիրտն ու դեն ձգել...

Լիդիան գունատվեց թղթի պես: Նրա թևերն անզոր ընկան կողերին, ծնկները ծալվեցին: Մեջքը կռթնելով պատին, նա ճիգն արավ խոսելու և միայն կարողացավ արտասանել խեղդված ձայնով.

Ես կործանվեցի...

Մի քանի րոպե Գուրգենը ոչինչ չկարողացավ ասել: Ամոթի զգացումը, սերը դեպի Լիդիան, սերը դեպի Սերժը, երկյուղը հասարակական՝ դատիցմի վայրկյանում միացան իրարու և կաշկանդեցին նրա լեզուն:

Նա նստեց աթոռի վրա ընկճված, ոչնչացված, ձեռները հենած նրա կռնակին, և հայացքը բևեռեց հատակի մի կետին:

Այդպես, ուրեմն, նրան քաշում են դատարան: Եվ ոչ մենակ նրան, այլև Լիդիային: Նա պետք է հրապարակորեն հաշիվ տա յուր հանցանքի համար: Այո, իհարկե, պետք է տա, այլապես անկարելի է գործը պարզել: Հակառակորդի փաստաբանը, դատավորները, դատախազը, բոլորը, բոլորը պիտի հետաքրքրվեն այդ գործով ինչպես մի զբաղեցուցիչ ռոմանով: Պետք է բաց անեն նրա ինտիմ կյանքի գիրքը և կարդան ծայրեիծայր, առանց մի տող բաց թողնելու, առանց նրան խնայելու:

Բայց այդ բոլորը դեռ ոչինչ: Ի՞նչպես պետք է կրե այդ խայտառակությունը Լիդիան:

Նա՛, որ այնպիսի վեհանձնությամբ ծածկեց ընտանեկան ամոթը օտարներից:

Առաջինը Լիդիան ժողովեց ուշքը:

Շտապիր գնալ այդ կնոջ մոտ և ազատել երեխային:

Բայց ես չգիտեմ նրա հասցեն:

Գնա հասցեների բյուրոն և հարցրու:

Արդյոք, հարմա՞ր է, — տատանվեց Գուրգենը: — Ես իմ մասին չեմ հոգում, այլ...

Լիդիան հասկացավ նրա միտքը...

Այո, — ասաց նա, դիմելով յուր սովորական առողջամտության օգնությանը, — դու ունիս իրավունք: Դա կարող է գործը փչացնել: Ի՞նչ անենք, ուրեմն:

Իմ կարծիքով՝ նախ և առաջ անհրաժեշտ է խորհդակցել մի հմուտ փաստաբանի հետ: Ես իսկույն կերթամ Սինոփյանի մոտ: Նա ինձ ցույց կտա գործելու եղանակը: Այո, այո, նա խելոք մարդ է և հմուտ փաստաբան:

Արա, ինչ որ ուզում ես, միայն երեխայիս ազատիր: Նա իմն է, և ոչ մի մարմնավոր մայր չի կարող նրան սիրել այնպես, ինչպես ես եմ սիրում:

Լիդիա, — գոչեց Գուրգենը, — ես նորից թողություն խնդրելու պահանջ եմ զգում: Դու...

Ազատիր երեխային, — ընդհատեց նրա խոսքը Լիդիան, — և ես ոչինչ չեմ ուղում, ոչինչ: Նրա մեջ է ամփոփված իմ կյանքը:

Գուրգենը լուռ անցավ յուր սենյակը, հագուստը փոխեց և շտապեց դուրս:

Քանի մի րոպեում կառքը նրան հասցրեց փաստաբանի բնակարանը:

Բարեբախտաբար Սինոփյանը տանն էր: Նա անմիջապես ընդունեց Գուրգենին:

Հուսով եմ, ձեր այցելությունը կապ չունի իմ արհեստի հետ, — ասաց նա՝ ոտքի կանգնելով և սեղմելով Գուրգենի ձեռը:

Ունի:

Այդ ինձ չի ուրախացնում: Նստեցեք, խնդրեմ: Պատրաստ եմ ծառայելու:

Դա մոտ հիսուն տարեկան մի մարդ էր՝ միջահասակ, նուրբ կազմվածքով, կիրթ և մեղմ ձևերով: Իբրև փաստաբան նա համարվում էր մեկն առաջիններից: Իբրև մարդ հարգված էր հասարակությունից և յուր արհեստակիցներից: Նրա խոսքը ոչ այնքան զորեղ էր, որքան նուրբ, երբեմն նույնիսկ սրամիտ: Խոսում էր նա դատարաններում, ինչպես և կյանքում, միշտ հանդարտ, անվրդով: Երբեք չէր դիպչում հակառակորդի անձնավորությանը, չէր գրգռում դատավորներին, որոնք միշտ նրան լսում էին հաճույքով: Շատ քիչ էր պատահում, որ նախագահը ընդհատեր նրա խոսքը կամ որևէ նկատողություն աներ: Կար ինչ-որ համակրելի գիծ նրա դեմքի վրա, որ մարդկանց տրամադրում էր դեպի նա բարեկամաբար: Գուցե դա նրա մի քիչ դուրս ցցված շրթունքների մանկական ժպիտն էր, որ ցույց էր տալիս նրա առողջ, գեղեցիկ, կանոնավոր ատամները:

Գուրգենը պատմեց բոլորը, առանց մի կետ թաքցնելու, առանց իրան խնայելու:

Է՛է, բարեկամ, — ասաց Սինոփյանը լուրջ և ուշադիր լսելուց հետո, — զուր եք ռմբակոծում ձեզ: Դուք ոչ առաջինն եք և ոչ վերջինը: Չէ՞ որ մենք ամենքս վավաշոտ ասիացիներ ենք... Միայն մի հարց. որքան ինձ հայտնի է, դուք սիրում եք ձեր ամուսնուն:

Այո, սիրում եմ, — առանձին շեշտով արտասանեց Գուրգենը:

Ի՞նչպես, ուրեմն...

Մի՛ հարցնեք, — ընդհատեց Գուրգենը, ամոթից ճնշվելով, — ես ինքս էլ չգիտեմ, ինչպես պատահեց: Խենթություն, անասնական կրքերի բորբոքում, ատավիզմ, անվանեցեք ինչ կամենաք, միայն աղատեցեք ինձ այս փորձանքից, ես ոչինչ չեմ խնայիլ...

Ո՞վ է ձեր հակառակորդի պաշտպանը:

Չգիտեմ:

Կարդացե՞լ եք նրա խնդրագիրը:

Ոչ, կոչնագիրը կես ժամ առաջ ստացանք: Ոչինչ չգիտեմ:

Մտադի՞ր եք գնալ դատարան, թե՞ կամենում եք գործը հաշտությամբ վերջացնել:

Գերադասելի է, իհարկե, հաշտությունը, թեև ինձ համար ծանր է այդ կնոջ հետ բանակցության մեջ մտնելը: Ես հոգում եմ ոչ այնքան իմ, որքան ամուսնուս մասին: Նա չի կարող նստել մեղադրյալների նստարանի վրա...

Երևի, ուզում եք ասել, որ տիկինը չի կարող լսել ուրիշների ներկայությամբ ձեր դավաճանության մանրամասները, որոնք անշուշտ թաքցրել եք նրանից:

Ներեցեք, իմ կինը գիտե բոլոր մանրամասները, և պատմել եմ ես ինքս...

Իհարկե, իհարկե, — ընդհատեց Սինոփյանը, ժպտալով, — իբրև ազնիվ մարդ, դուք, մի անգամ զղջալով, պարտք եք համարել խոստովանել բոլորը: Բայց այլ է տանը դեմառդեմ, առանց վկաների, այլ է դատարանում, օտարների ներկայությամբ: Այնուհետև, չէ՞ որ աչքի առջև պիտի ունենալ և՛ մամուլը ու նրա ընթերցողներին: Եթե դուք լինեիք մի աղքատ զույգ, ո՞վ կհետաքրքրվեր ձեր ընտանեկան դրամայով կամ կոմեդիայով: Բայց դուք հարուստ եք և քաղաքում հայտնի, ուստի պետք է սպասեք, որ լրագիրները կթմբկահարեն հանուն իրենց հինգ կոպեկների:

Սինոփյանը կանգ առավ, մի փոքր մտածեց և ավելացրեց.

Շատ բարի, ես կօգնեմ ձեզ ուժերիս չափ, առայժմ ոչ իբրև փաստաբան, այլ իբրև խորհրդատու բարեկամ:

Աղաչում եմ:

Տվեք ինձ մի օր ժամանակ: Այսօր ես կմտնեմ դատարան, կկարդամ այդ կնոջ խնդրագիրը: Պետք է իմանալ ինչ է պահանջում ձեզնից: Հետո անհրաժեշտ է իմանալ՝ ով է հանձն առել նրա դատի պաշտպանությունը: Կա որոշ էտիկա փաստաբաններիս համար, որին պարտավոր ենք հպատակվել:

Շնորհակալ եմ: Ուրեմն, վա՞ղը:

Վաղը ճիշտ այս ժամին՝ ես ձեզ կսպասեմ: Բարևեցեք ձեր ամուսնուն և իմ կողմից ասացեք, որ չհուսահատվի: Չկա տխուր դրություն, որ ելք չունենա: Դատարանն այնքան էլ սարսափելի չէ, որքան կարծում եք:

Գուրգենը հրաժեշտ տվեց և շտապեց տուն:

Երբ նա կառքով մտազբաղ անցնում էր փողոցներով, զբոսնող ամբոխի միջից մի կին բարևեց նրան:

Ելենան էր: Գուրգենը բնազդաբար զգաց մի ատելություն դեպի հարազատ քույրը և չպատասխանեց նրա բարևին:

Լիդիային նա հանդիպեց սեղանատանը Սերժի հետ նախաճաշ անելիս:

Պապա, — ասաց վեց տարեկան մանուկը, — ասա մամային, որ չտխրի: Դու որ տանը չէիր, ննջարանում լաց էր լինում: Ինձ տեսավ, աչքերը սրբեց: Էյ, մամա, կարծում ես, ես հիմար եմ, ոչինչ չե՞մ հասկանում: Չէ, հիմա ես էլ երեխա չեմ: Դայակն այսօր ինձ ասաց. «Սերգեյ Գուրգենովիչ»: Պապա, շուտով ես էլ քեզ պես բեղեր կունենամ:

Մանկան շաղակրատանքը մի հույզ գցեց Գուրգենի սիրտը: Նա կշտամբանքով նայեց Լիդիային և փոխարենը ստացավ նրա հարցական հայացքը:

Համբերեիր մինչև վաղը, — պատասխանեց Գուրգենը: Եվ, գրկելով մանկանը արտասովոր ջերմությամբ և համբուրելով նրան, նստեց նախաճաշ անելու:

IX

Հետևյալ օրը որոշյալ ժամին Գուրգենը մտավ փաստաբանի մոտ:

Բարեկամ, ձեր գործն այնքան էլ հասարակ չէ, որքան կարելի էր կարծել առաջին պահ, — ասաց Սինոփյանը, ուղղելով իր պենսնեն, որ շարունակ սահում էր ցած:

Ես կարդացի այդ կնոջ խնդրագիրը: Նա այնքան մեղադրանքներ է բարդում ձեզ վրա, որ արդարանալու համար քիչ ջանքեր չեն հարկավոր ձեր կողմից:

Օրինա՞կ, — հարցրեց Գուրգենը անհանգիստ:

Ե՛վ դուք նրան հարբեցրել եք, և սպառնացել եք սպանելու, եթե չհամաձայնվի, և՛ ֆիզիկական ուժ եք գործ դրել: Այնուհետև խլել եք ուժով նրա զավակին ու իրան դուրս շպրտել: Հետո հակառակ նրա կամքի, մկրտել եք երեխային լուսավորչական:

Այդ բոլորը սուտ է, — գոչեց Գուրգենը, — սուտ է:

Կարո՞ղ եք ապացուցանել, որ սուտ է:

Ապացուցանելու կարիք չկա: Նա ինքը կխոստովանի, երբ դատարանում ճակատճակատի կկանգնենք:

Լսեցեք, բարեկամ. այդ բոլորը, իհարկե, սուտ է և գուցե այդ կինը խոստովանի էլ դատարանում, եթե թույլ տան նրան: Բայց բանն այն է, որ նրան թույլ չեն տալ այդ անելու: Նա յուր դատը հանձնել է այնպիսի մեկին, որի հետ այնքան էլ դյուրին չէ գործ ունենալ: Դա հայտնի Լազմանովն է:

Եվ Սինոփյանը նկարագրեց Զինայի փաստաբանին: Լազմանովը կամ Լազմանյանն այն քաղցած գայլերից է, որոնք իրենց ահռելի ստամոքսը առժամանակ կերակրում են դատարանների կեղտոտ փշրանքներով, սպասելով մի չաղ որսի, որպեսզի իրանց սուր ճանկերով հոշոտեն նրա մարմինը: Նրանք հանձն են առնում ամեն տեսակի գործեր՝ լինեն այդ գործերն արդար թե անարդար, մաքուր թե՛ անմաքուր: Միևնույն ժամանակ իրենց օրորում են դիպվածների քաղցր հուսով: Հանկարծ կույր բախտն յուր անիվը շուռ է տալիս նրանց կողմը և հագուրդ է տալիս նրանց ախորժակին:

Ես ճանաչում եմ մի քանիսին, — շարունակեց Սինոփյանը, — որոնք երկար տարիներ ապրել են կես-կուշտ, կես-քաղցած և մի օր հանկարծ գտել են մի միամիտ զոհ և, կողոպտելով նրան, ապահովել են իրենց զազրելի գոյությունը: Այդ տեսակ մի զոհ կարող եք դառնալ դուք ներկա դեպքում: Հետևաբար ձեր գրպանին սպառնում է մեծ արշավանք...

Ուրեմն այդ Լազմանովին կարելի՞ է կաշառել:

Բաա, իհարկե: Կարելի է: Բայց այդ երբեք չպիտի անել:

Ինչո՞ւ:

Առաջինը, որ նա կպահանջե մի գումար, որին չարժե գործը: Երկրորդ, դիմել կաշառքի օգնության, կնշանակե կամավոր ընդունել բոլոր մեղադրանքների ճշմարտությունը: Այնինչ դուք սուտ համարեցիք ձեր հակառակորդի մեղադրանքները: Այսպես թե այնպես, կաշառքի միջոցը ամենաանհարմարն է և, միևնույն ժամանակ, ոչ անվտանգ:

Ես վտանգներից չեմ վախենում: Ես մտածում եմ միայն իմ կնոջ մասին: Պատրաստ եմ ամեն բան անել, միայն թե նա ինձ հետ չնստե մեղադրյալների նստարանի վրա և չլսե այն, ինչ որ անխուսափելիորեն պիտի ասվի դատարանում:

Ես հասկանում եմ ձեր տրամադրությունը, բայց լսեցեք: Դուք, իհարկե, կարող եք տալ, որքան պահանջեն: Ունիք, գոհություն աստծու: Բայց դա կդառնա ձեր հակառակորդների ձեռքում մի սուր նշտար ձեր առատ արյունը շարունակ հոսեցնելու և, ո՞վ գիտե, միանգամայն ցամաքեցնելու համար:

Ուզում եք ասել շանտա՞ժ:

Իսկ և իսկ: Վճարելով մի անգամ, դուք ստիպված կլինեք վճարել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ և այսպես անվերջ: Կարո՞ղ եք համբերությամբ տանել մի այդպիսի դրություն:

Ոչ:

Հիանալի: Երկրորդ դրություն, կարո՞ղ եք երեխային վերադարձնել այդ կնոջը շանտաժից ազատվելու համար:

Այդ բոլորովին չեմ կարող:

Զգում եմ: Ահա հենց այդ է պատճառը, որ ես ձեր գործը համարում եմ բարդ:

Ուրեմն ի՞նչ անեմ: Ի՞նչ խորհուրդ եք տալիս:

Համբերեցեք, — պատասխանեց Սինոփյանը հանգիստ, — կմտածենք, կորոշենք: Շտապելու կարիք չկա: Այդպիսի դեպքերում սառնությունը մարդու առաջին օգնականն է:

Եվ, վերցնելով սեղանի վրայից մի արկղիկ, առաջարկեց Գուրգենին:

Ծխեցեք, հազվագյուտ սիգարներ են: Իմ կլիենտներից մեկն է բերել ինձ համար արտասահմանից:

Շնորհակալ եմ, ես սիգար չեմ ծխում, — ասաց Գուրգենը, մի ուրիշ արկղից վերցնելով մի ծխախոտ և վառելով: — Ազատեցեք ինձ այս նեղ դրությունից, և ես այդ արկղիկը կլցնեմ ոսկիներով:

Սինոփյանը ժպտաց հեգնորեններողամտաբար: Նրա խելացի դեմքն ընդունեց այնպիսի արտահայտություն, որ Գուրգենն զգաց յուր անտակտությունը:

Էէ, բարեկամ, դուք հարուստներդ ձևված և կարված եք միևնույն չափով: Դուք կարծում եք, թե ամեն ինչ կարելի է գնել փողով, նույնիսկ ոգևորությունը: Ես հարուստ չեմ, ճշմարիտ է, բայց ագահ էլ չեմ: Ես մտածում եմ, միայն` ո՛ր աստիճանի հետաքրքրական է ձեր գործն իբրև գործ: Իսկական փաստաբանը նույնն է, ինչ որ արտիստը: Նա միայն այն գործն է լավ պաշտպանում, որ նրան տալիս է հոգեկան հաճույք, նրան տրամադրում է, ոգևորում, հափշտակում:

Բայց իմ դատի մեջ չկա ոգևորության նյութ:

Կարծո՞ւմ եք: Իսկ ինձ թվում է, որ կա և մեծ նյութ ոգևորության: Ինձ հետաքրքրում է գործի ոչ այնքան իրավաբանական, որքան հոգեբանական կողմը և կարծում եմ, որ ես կարող եմ ձեզ, մանավանդ ձեր ամուսնուն պաշտպանել ոչ ինչպես արհեստավոր, այլ իբրև արվեստագետ:

Ձեր խոսքերն ինձ ուրախացնում են: Կնշանակե, դուք հավատում եք, որ արդարությունը շատ էլ հակառակորդի կողմը չէ: Իսկ ես հավատում եմ ձեր տաղանդին և հմտությանը: Պատրաստ եմ վարվել այնպես, ինչպես թելադրեք:

Դա ամենալավ ճանապարհն է: Այժմ բարի եղեք լսելու իմ կարծիքը: Նախ և առաջ անհրաժեշտ է, որ դուք և ձեր ամուսինը պահեք ձեզ սառը, անտարբեր: Թող ձեր հակառակորդները չզգան, թե դուք վախեցած եք դատից կամ հուզված: Զգուշացնում եմ, մենք կարող ենք գործը տանուլ տալ:

Այսինքն ինչպե՞ս, — ցնցվեց Գուրգենը:

Դատարանը կարող է երեխային խլել ձեզնից և տալ այդ կնոջը: Դա ավելի քան հավանական է:

Դուք ինձ հուսահատեցնում եք, պարոն Սինոփյան:

Լսեցեք մինչև վերջը և չեք հուսահատվիլ...

Եվ Սինոփյանը, սիգարի ծուխը քուլաքուլա բաց թողնելով գլխից վեր, սկսեց բացատրել յուր միտքը:

Եթե Գուրգենն ու Լիդիան մինչև դատը հաշտություն առաջարկեն իրենց հակառակորդին, կտուժեն ոչ միայն նյութապես, այլև բարոյապես: Նրանց գլխին հավիտյան կանգնած կլինի երեխայից զրկվելու վտանգը ինչպես Դամոկլյան սուր: Նկարագրից երևում է, որ Զինան բոլորավին չի սիրում յուր զավակին: Նրա հոգսը երեխան չէ, այլ յուր գրպանը: Չպիտի մոռանալ և նրա փաստաբանին, որին երեխայի այս կամ այն կողմին պատկանելն այնքան է հետաքրքրում, որքան Գուրգենին յուր ծխախոտի ծխի ուղղությունը:

Թոռ դատն սկսվի ու վերջանա, — շարունակեց Սինոփյանը, ավելի ու ավելի ոգևորվելով, — թող երեխան անցնե այդ կնոջ ձեռքը: Ի՞նչ նյութական շահ պիտի ունենա նա: — Շատ-շատ ամսական քսանուհինգ կամ հիսուն ռուբլի, որ դատարանը կպարտավորեցնի ձեզ վճարել երեխայի ապահովության համար: Մի հասույթ, որով այդ կինը չի կարող գոհացնել յուր փաստաբանի ախորժակը...

Հետևա՞նքը, — հարցրեց Գուրգենն անհամբեր:

Հետևանքը կլինի տեսարանի կատարյալ հեղաշրջումը: Այն կինը և այն փաստաբանը, որ մինչև դատը գայլեր էին, կդառնան գառներ դատից հետո: Եվ մի գեղեցիկ օր մայրը, երեխայի ձեռքից բռնած, կգա ու կկանգնի ձեր դռների առջև ու կասե. «ետ վերցրեք սրան և տվեք ինձ մի շոշափելի վարձ, ես բոլորովին կհրաժարվեմ իմ զավակից»: Դուք կձևանաք, իհարկե, դարձյալ անտարբեր, իբր թե այլևս չեք հետաքրքրվում երեխայով: Երբ վաճառողն է գալիս գնողի մոտ, ապրանքի գինն ընկնում է: Եվ դուք այն ժամանակ կվճարեք այնքան, որքան ձեր քեֆն է...

Պարոն Սինոփյան, երեխան ապրանք չէ:

Ապրանք է, բարեկամ, ապրանք այդ կնոջ համար: Այլապես նա մինչև այժմ լուռ չէր մնալ: Հավատացեք, նա ձեր տված գումարը ծախսել է, վերջացրել է և այժմ փողի կարիք ունե ու դիմում է այդ միջոցին: Իսկ փաստաբանը նրան ամեն օր տալիս է դյուրին հարստանալու հրապուրիչ հեռանկարն ու ավելի ու ավելի լարում ձեր դեմ: Բարեկամ, իբրև հայր, դուք կարող եք ենթարկվել ձեր զգացումներին, բայց մենք՝ փաստաբաններս, իրերը վերլուծում ենք սառը բանականությամբ:

Ահ, իմ զգացումները բևեռված են միայն մի կետի վրա, — գոչեց Գուրգենը, — դա իմ կնոջ վիճակն է: Չեք կարող երևակայել, պարոն Սինոփյան, թե նա ո՛րքան է տանջվում: Երեխայից զրկվելու միտքը նրան խելակորույս է արել: Ողբում է ինչպես մի մայր, որի զավակին կախաղան պիտի տանեն: Երեկ գիշեր երեք անգամ գոռալով զարթնեց և գրկեց ու անվերջ, անվերջ համբուրեց երեխային:

Եվ, աշխատելով զսպել յուր հուզմունքը, որպեսզի չարտասվի, շարունակեց,

Կարո՞ղ եք երևակայել, որ մի կին օտար արգանդի բերքը սիրե այդպիսի կրակոտ սիրով: Այնինչ` այդ մանուկը մի անբուժելի վերք է նրա կանացի անձնասիրության վրա... Չեմ հասկանում, չեմ հասկանում:

Էէ, բարեկամ, — արտասանեց փաստաբանը, գլուխը շարժելով, — բարդ է, շատ բարդ կին էակի հոգեբանությունը: Եվ միամիտ է նա, որ կհավատացնի ձեզ, թե գեթ կիսով չափ ուսումնասիրված է այդ անհատակ օվկիանոսը:

Նրանք մի քանի վայրկյան լռեցին: Գուրգենը մտածեց և, մի վճռական շարժում անելով, ասաց.

Ինչ լինելու է, թող լինի, ես հետևում եմ ձեր խորհրդին:

Դատարա՞ն:

Դատարան:

Ես հանձն եմ առնում պաշտպանել ձեզ և ձեր գործը... մինչև վերջը:

Շնորհակալ եմ:

Գուրգենը վերկացավ, սեղմեց փաստաբանի ձեռը:

Next page