Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Նրանք նախ փոխ տալու ժամանակ դրամագլխի վրա բարդում էին պատկառելի տոկոս, օրինակ, 4050, շատ անգամ 6070, ապա գինու կամ խաղողի գինը նշանակում էին իրանց ցանկացածի համեմատ: Գյուղացին չէր կարող չհամաձայնվել աղա Գուլամյանցների առաջարկած պայմանների հետ, որքան ևս նրանք դժվար իրագործելի և ծանր լինեին: Գյուղացին ուրիշ ելք չուներ: Նա կամ պիտի յուր այգու բերքը ծախեր աղա Գուլամյանցներին, կամ թե չէ ինքը պիտի վաճառահաներ Ռուսաստան: Վերջինն ավելի դժվար իրագործելի էր, քան թե աղա Գուլամյանցների ճնշող պայմաններին ենթարկվելը: Գինին Ռուսաստան վաճառահանելու համար հարկավոր էր նախ ունենալ տակառներ գնելու, ճանապարհածախք վճարելու և ուրիշ զանաղան պատրաստությունների համար ազատ դրամ և երկրորդ, գեթ մի երկու ամիս ազատ ժամանակ Ռուսաստան գնալ գալու համար: Այս երկուսից ոչ մեկը չուներ գյուղացին, ճարահատյալ ստիպված էր աղա Գուլամյանցների հարստահարող ճանկերում ճնշված մնալ տարին տասներկու ամիս: Կար մի ուրիշ ճանապարհ գյուղացիների համար, որը կարող էր նրանց ազատ պահել այդ ճանկերից: Բայց նրանք այնքան տգետ էին որ այդ ելքի մասին մտածել անգամ չգիտեին: Գյուղացիները կարող էին, հավաքվելով միասին, ընդհանուր ուժերով իրարու օգնել և իրանց գինիները վաճառահանել առանց աղա Գուլամյանցների միջնորդության: Սակայն եթե գյուղացիներն այդ հասկանային էլ, դարձյալ ընդունակ չէին կատարելու, այն փոխադարձ անհավատարմության շնորհով, որով հայտնի են առհասարակ գյուղացիները:

Աղա Գուլամյանցների երկրորդ եղբայրնաղա Աբրահամը, մշտապես յուր ընտանիքով ապրում էր Ռուսաստանում և շատ հազիվ էր պատահում, որ վերադառնար յուր հայրենիքը, այն էլ շատ կարճ ժամանակով: Ես գոնե մանկությունիցս սկսած երբեք չէի տեսել նրան: Ինչպես պատմում էին, աղա Գուլամյանցների մեջ նա ամենախելոքն և ամենաճարպիկն էր առուտուրի մեջ և իբր թե նրա շնորհիվ էր դիզվել նրանց հարստությունը:

Իսկ ամենից կրտսերն էր աղա Մակարը: Ծառան ինձ պատմեց, թե աղա Մակարը մի ինչ-որ հարսանիքում տեսել է մի խիստ գեղեցիկ օրիորդ և շատ հավանել: Այն օրվանից նա աշխատում է այդ օրիորդի հետ նշանվել: Օրիորդի ծնողները թեև շատ աղքատ են, բայց Մակար աղան հավանել է նրան այնչափ, որ այդ պակասությունը նրա աչքին բոլորովին չի երևում: Սակայն, չնայելով յուր դիրքին, աղա Մակարը չի կարողանում նպատակին հասնել, որովհետև օրիորդը, սիրահարված լինելով քաղաքում մի տղայի վրա, չի ուզում ուրիշ մարդու հետ պսակվել: Ծնողներն առաջին անգամ հափշտակվելով աղա Մակարի առաջարկութենով, շատ են աշխատում համոզել աղջկան, բայց չեն հաջողում: Ամեն անգամ, երբ օրիորդի մոտ Մակար աղայի մասին խոսում են, նա երեսը ծածկում է ու լաց լինում, ասելով, թե շուտով կցանկանա մեռնել, քան թե թողնելով յուր սիրած տղային, պսակվել Մակար աղայի հետ: Հայրը հայհոյում է, ծեծում է, քաղցած է պահում օրերով խեղճ աղջկան, բայց ոչինչ չի օգնում, նա համառում է յուր ասածի վրա և մինչև անգամ մի օր փորձ է արել իրեն թունավորելու: Այդ օրից մայրը, տեսնելով, որ հնար չկա աղջկան համոզելու, անցել է նրա կողմ, և խնայելով յուր միակ զավակին, նույնպես չի համաձայնվում տալ նրան աղա Մակարին: Այս հանգամանքն, իբրև արտաքո կարգի երեվույթ, Շ... քաղաքի մեջ մեծ աղմուկ է բարձրացրել և շատերն սկսել են ծիծաղել աղա Մակարի վրա, որ նա, յուր հարստությամբ լինելով քաղաքի առաջին մարդկանցից մեկը, չի կարողանում մի աղքատ ընտանիքից մի աղջիկ ուզել: Մակար աղան յուր անսահման ինքնասիրությունը վիրավորված զգալով, երդվել է անպատճառ պսակվել այդ աղջկա հետ, որ այդպիսով դադարի քաղաքի մեջ ծիծաղի առարկա լինելուց: Սա նպատակին հասնելու համար գործ է դնում ամեն տեսակի ներելի և աններելի միջոցներ: Մեծ դեր է կատարում այդ գործում տեր-Վահակը, որի ձեռքից շատ էին անցել մեր քաղաքում այդպիսի գործեր: Տեր-Վահակն ամեն մի անհնարին բան յուր խորամանկութենով հնարավոր է դարձնում, չնայելով, որ յուր բռնած գործերի համար տարենն երկու անգամ տեղային առաջնորդը նրան փիլոնից զրկում է: Սակայն այս անգամ նա երկյուղ չունի և գործում է շատ համարձակ:

Ես այս բոլոր մանրամասնություններին, իմ չափաղանց հետաքրքիր բնավորության շնորհիվ տեղեկացա նույնիսկ հենց առաջին գիշերը Գալուստ անունով ծառայից, որը, չգիտեմ ինչ էր տեսել ինձանում, հենց առաջին օրից սկսեց խիստ հավատարմությամբ վերաբերվել դեպի ինձ: Օգտվելով այդ հավատարմութենից, հետաքրքրությանս բավականություն տալու համար, ես փորձեցի հարց ու փորձ անել շուկայում և հետո եկեղեցում մեզ պատահած ծերունու մասին: Բայց հենց իմ առաջին հարցը ծառային զարմացրեց: Նա ինձ վրա ձգեց մի կասկածավոր հայացք: Իսկույն հասկացա, թե այստեղ անշուշտ մի նշանավոր գաղտնիք կա, որ շատախոս Գալուստն անգամ լռություն է ուզում պահել: Ես առայժմ բարվոք համարեցի լռել...

IV

Առավոտը դեռ ամենքը քնած էին, երբ ես զարթեցի, որ պատրաստվեմ մագազին գնալու: Գլխավոր գործակատար Գրիգորը սովորականին համեմատ, եկել էր մագազինի բանալիներն աղա Մակարից վերցնելու: Ինչպես գործնական մարդ, աղա Մակարը շատ վաղ էր զարթնում առավոտները: Նա բանալիները տվեց Գրիգորին, իսկ ինձ հրամայեց թեյ խմել և սպասել յուր հրամանին:

Որովհետև աղա Գուլամյանցների ընտանիքը, բացի մի քանի արտաքին աննշան փոփոխություններից, դեռ ապրում էր հին, ասիական եղանակով, այս պատճառով կանայք միշտ քաշվում էին տղամարդկանցից: Պատճառը Մակար աղան էր, որ այս կողմից շատ խիստ էր վարվում և հրամայել էր կանանց օտար տղամարդկանց չերևալ: Նույնիսկ իրանից, աղա Մակարից քաշվում էին կանայք: Ծառան պատմում էր, որ մինչև այն օրը աղա Մակարը մի անգամ կարգին չի տեսել յուր եղբորաղա Ստեփանիկնոջ կերպարանքը, չնայելով որ մի քանի տասնյակ տարիներ է, որ մի տան մեջ են ապրում:

Աղա Ստեփանն ուներ երկու աղջիկմեկը մոտավորապես 12, մյուսը 14 տարեկան: Միայն սրանք չէին քաշվում ոչ ոքից, հետևաբար և՛ ինձանից: Թամարըմեծ քույրըթեև այնքան գեղեցիկ չէր, որ տեսնողին հենց առաջին անգամից գրավեր, բայց և այնքան էլ տգեղ չէր, որի վրա անտարբեր աչքով մտիկ տալ լիներ: Մյուս քույրըԹագուհինթեև յուր դեմքի գծագրությամբ շատ չէր զանաղանվում Թամարից, բայց նրանից ավելի գրավիչ էր, ծառա Գալուստի կարծիքով: Սակայն այսծառայի կարծիքն էր, իսկ եթե ինձ հարցնեք, Թամարն անհամեմատ ավելի դուրեկան էր, քան Թագուհին: Նրա երկայն և մի կապ հյուսած շագանակագույն մազերը, փայլուն և կրակոտ սև աչքերը, սև հոնքերը, ինչ թաքցնեմ, ինձ ավելի էին հիացնում, քան Թագուհու ավելի բարձր և ավելի հպարտ ու նուրբ կազմվածքը: Թամարն ու Թագուհին այն ժամանակ ուսանում էին Շ...քաղաքի նոր բացված հայոց օրիորդաց ուսումնարանում: Այս պատճառով նրանք ևս շուտ էին զարթնել, որ պատրաստվեն ուսումնարան գնալու:

Մակար աղան ինձ հրամայեց ուղեկցել նրանց մինչև ուսումնարան և հետո այնտեղից ուղղակի գնալ մագազին: Ճանապարհին, կարծես, սատանան հենց խթում էր ինձ, որ ես անպատճառ խոսեմ իմ աղայի սիրուն աղջկերանց հետ: Բայց ինչպես խոսք բանալինքս էլ չէի իմանում:

Թամար խանում, ձեր ուսումնարանում ի՞նչ են սովորեցնում, — վերջապես, համարձակվեցի արտասանել ամոթխածությամբ:

Հայոց լեզու, ռուսաց լեզու, վայելչագրություն, թվաբանություն, — շարեց կրակոտ Թամարն իրարու հետևից արագ:

Թանաբանությո՞ւն, ի՞նչ ասել է թանաբանություն, Թամար խանում, — հարցրի ես, դիտմամբ ինձ չհասկացող ձևացնելով, թեև գոնե անունն էլ գիտեի:

Ախչի, Թագուհի, լիսիմ ե՞ս, թվաբանությունը թանաբանություն ա ասում, հա՛ հա՛, հա՛, — կչկչաց Թամարը, յուր քրոջ ուսին խփելով:

Ի՞նչ ես ծիծաղում Թամար խանում, չեմ իմանում, հարցնում եմ էլի, — խոսեցի ես, նեղացած ձևանալով:

Թանաբանություն չան ասիլ, թվաբանություն կասան, ա՛յ էրվես, էլ քո տերտերից հե՞նչ ես սորվալ, որ թվաբանությունը չես իմանում, — պատասխանեց Թամարը կատարյալ տեղային բարբառով, աջ ձեռքի հինգ մատները բաց անելով և ինձ ճանկ անելով:

Ի՞նչ տերտեր, Թամար խանում,— կրկին հարցրի ես, կամենալով խոսակցությունը շարունակել:

Ա՛յ, էն տերտերը, որ ամուիս համար ուզում ա զոռով աղջիկ ուզի:

Սաղմոս, ավետարան, նարեկ, ճարտասանություն, — շարեցի ես էլ իմ ստացած գիտությունները:

Բաս շեյթանություն չի սովորացուրա՞լ, — հարցրեց ուրախ Թամարը դարձյալ կչկչալով:

Ի՞նչ շեյթանություն:

Ա՛յ, ուրիշների տներում գիշերցերեկ հավայի հաց ուտել, բազարներում պապիրոս ծխել, էլ չեմ իմանում ինչ:

Ես վարժապետիստեր-Վահակիթուլությունները վաղուց գիտեի, այս պատճառով բոլորովին չզարմացա Թամարի խոսքերի վրա:

Մենք հասանք ուսումնարան: Ես, գրքերը հանձնելով Թամարին, գնացի մագազին: Բոլոր գործակատարներն եկել էին, առուտուրն արդեն սկսվել էր: Ես իսկույն բռնեցի ինձ համար նշանակված տեղը: Օրր շաբաթ էր: Շ... քաղաքի վաճառականական խանութներում այդ օրն առուտուրը համեմատաբար շատ կենդանանում է, որովհետև մոտակա գյուղերի բնակիչները քաղաք բերում են զանաղան կենսական պիտույքներյուղ, պանիր, կաթ, հավ, ձու և այլն, վաճառում են և գոյացած փողերով առնում այն, ինչ որ իրանց հարկավոր է: Աղա Գուլամյանցների մագազինը, ունենալով գյուղացիներից բազմաթիվ ծանոթներ, այդ օրը մի առանձին կերպարանք էր ստանում: Ոչ մի մագազին, ոչ մի խանութ շաբաթ օրերն այնպես չէր լեցվում մուշտարիներով: Գործակատարները շատ կտորներ չափելուց հոգնում էին:

Քիչ ժամանակից հետո Մակար աղան ֆսֆստալով եկավ: Գործակատարներն, ինչպես սովոր էին, վեր թռան իրանց տեղերից և ամեն մեկը, խորը գլուխ տալով, բևեռվեց յուր տեղում արձանի պես: Փոքր առ փոքր մուշտարիներն եկան, առուտուրը տաքացավ: Ես ամեն կերպ աշխատում էի անգործ չմնալ, թեև, գործերին անտեղյակ լինելով, ոչինչ չգիտեի կատարել: Այն գործակատարը, որի մոտ ես կանգնած էի, պատվիրեց ինձ ծախած ու չափած կտորները ծալել և թղթերի մեջ փաթաթելով, հանձնել մուշտարիներին: Այդ գործը մի առանձին հմտություն չէր պահանջում. ես մի երկու կտորներ փաթաթելուց հետո իսկույն ընտելացա նրան: Ես բթամիտ տղա չէի, ունեի քիչ թե շատ ընդունակություն շուտ բան սովորելու, բայց այդ զահրումար «արշին բանացնելը», այսինքն` կտորներ չափելը մի փոքր դժվար էր, և ես առաջին օրը շատ աշխատեցի, չկարողացա սովորել: Մոտս կանգնած գործակատարի ձեռների ճարպիկությունը նախանձս շարժում էր: Նա այնպիսի արագությամբ էր ձեռքում պտտեցնում արշինն, որ ես բոլորովին զարմացած էի: «Ախ, երբ կլինի, որ ես էլ այդպես չափել կարողանամ», — մտածում էի, աչքիս տակով մտիկ տալով նրա ձեռներին:

Մակար աղան նույնպես զբաղված էր: Նա մոտենում էր այս ու այն գործակատարին, մտիկ էր անում, սովորեցնում էր այս այսպես անել, այն այնպես չափել կամ ծախել և այլն: Երբեմն մոտենում էր մուշտարիներին և նրանց հետ զանաղան հանաքներ անելով զբաղեցնում էր, «որ չփախչեն»: Մի խոսքով, այն օրն ես նրան շատ ուրախ, շարժուն և զվարթ տեսա: Պետք է ասած, որ աղա Մակարը մի քանի ինքնուրույն շարժողություններ ուներ, որոնցով կարելի էր իմանալ նրա հոգեկան տրամադրությունը: Ուրախ և գոհ ժամանակը նա սովորություն ուներ յուր մսալի և կլորիկ երեսի վրա խաղացնել մի տեսակ ինքնուրույն ժպիտ: Այդ ժամանակ նրա աչքերը կուշտ և ուրախ կատվի աչքերի նման փայլում էին, հոնքերը բարձրանում, հաստլիկ շրթունքները ստեպ-ստեպ բաժանվում իրարուց, և նրանց տակից երևում էին սպիտակ ատամները: Նա քայլում էր շուտ-շուտ ըմբշամարտության հրապարակի վրա խաղացող փահլևանի նման, թևերը օդի մեջ շարժելով և լըխլխացնելով յուր չաղ մարմինը: Նրա մարմինն այնքան հաստ էր, որ քիչ էր մնում երկայնությունն ու լայնությունը հավասարվեին: Նա խոսում էր գործակատարների հետ ուրախ և մեղմ, պարգևելով նրանցից յուրաքանչյուրին մի-մի պայծառ ժպիտ: Իսկ երբ տխուր էր լինում, խիտ հոնքերը գցում էր ցած, նեղ ճակատը կնճռոտում, աչքերը փոքրացնում, ձեռները մեջքին դնում և գլուխը քաշ գցելով սկսում էր արագ քայլերով ման գալ: Մարդ եմ ասում, որ կարողանար այդ միջոցներին կանգնել նրա առջև, եթե որևէ սխալ էր գործել այդ ժամանակ: Մակար աղան բաց կաներ յուր բերանը և տեղային բոլոր փողոցային հիշոցները կթափեր նրա գլխին թե՛ հայերեն և թե՛ թուրքերեն լեզվով:

Այդ օրը Մակար աղան շատ զվարթ տրամադրության մեջ էր: Նա խոսում էր ամենքի հետ քաղցրությամբ, մինչև անգամ ես ևս այդ օրն արժանացա նրա առանձին ուշադրության: Շուտ-շուտ նա մոտենում էր ինձ և, տեսնելով, որ ես լավ չեմ ծալում կտորները կամ կարգին չեմ փաթաթում թղթերի մեջ, առնում էր ձեռիցս կտորը և ինքը կապում, քաղցրությամբ սովորեցնելով ինձ: Մակար աղայի ուրախության պատճառը հայտնի էր. առուտուրն այնքան հաջող էր այդ օրն, որ մենք գյուղացի մուշտարիների ձեռքից հանգստություն չունեինք:

Բայց մի դեպք, որ ինձ համար ծիծաղելի էր և այդ ժամանակ անհասկանալի, փոխեց Մակար աղայի հոգեկան ուրախ տրամադրությունը: Մի, ինչպես մեզանում ասում էին, «աշխարհ տեսած» գյուղացի, որը մի քանի տարի գյուղում տանուտերի պաշտոն կատարելով և շփվելով չինովնիկների հետ մի փոքր ինքն էլ մտավորապես տաշվել էր և ռուսերեն էլ կոտրատում էր, — հինգ արշին մահուդ էր առնում: Մահուդը չափելուց հետո գործակատարը կտրեց և ուզում էր ծալեր հանկարծ գյուղացին բռնեց նրա ձեռը:

Պոժոլստա, — ասաց նա, — մի անգամ էլ չափիր մահուդը:

Գործակատարը տրտնջալով երկրորդ անգամ չափեցուղիղ դուրս եկավ, և սկսեց գյուղացուն պախարակել նրս կասկածի համար: Սակայն գյուղացին չբավականացավ:

Պոժոլստա, գոսպոդին փրկաշիք, տուր ես չափեմ, — ասաց չարաճճի գյուղացին կես ռուսերեն և կես հայերեն լեզվով, կարծես, կամենալով ցույց տալ, թե շատ էլ բռի շինականներից չէ ինքը:

Գործակատարը տվեց նրան արշինն ու մահուդը: Գյուղացին չափեց: Դուրս եկավ ուղիղ չորս ու կես արշին:

Տեսնո՞ւմ ես, հենց ասում ես, «սուտ ես ասում»: Աղբեր, էսպես ժուլիկություն կլինի՞, որ դուք եք անում, — ասաց գյուղացին ձայնը բարձրացնելով:

Մակար աղան, հեռվից տեսնելով, իմացավ բանն ինչումն է և մոտեցավ գյուղացուն:

Հը՛մ, ի՞նչ է, ապեր, ինչի՞ ես ղալմաղալ բարձրացրել:

Ինչ անեմ, որ ղալմաղալ չանեմ, աղա, գործակատարդ մահուդս պակաս է կտրել, հինգ արշինի տեղ չորս ու կես է տալիս:

Իմ գործակատարն այդպիսի ղալաթներ չի անիլ, մտածիր ինչ ես ասում:

Աղա՛, չես հավատում, ա՛ռ, ինքդ չափիր:

Տուր տեսնեմ:

Մակար աղան առավ մահուդն ու արշինը և գործակատարի երեսին մի տեսակ խորհրդավոր հայացք ձգեց: Վերջինը նույն տեսակ հայացքով պատասխանեց նրան:

Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, սա էլ քեղ փեշքեշ, — ասաց Մակար աղան, չափելով մահուդը և մի քառորդ արշինի չափ էլ հինգ արշինից ավելի ցույց տալով գյուղացուն, մոտեցրեց մինչև նրա քիթը: — Չե՞ս ամաչում, որ սուտ ես ասում, ապեր:

Բայց «ապերն» այն ապերներից չէր, որ հեշտությամբ ձեռք քաշեր Մակար աղայից: Նա կրկին վերցրեց արշինն և սկսեց չափել մահուդը:

Մեկ, երկու, երեք, չորս, էս էլ քեզ ավելի աղա, մտիկ տո՛ւր, չե՞ս ամաչում, որ սուտ ես ասում:

Մակար աղան բարկացավ: Գյուղացու հանդգնությունն նրան խիստ վիրավորեց: Բայց այս անգամ զսպեց իրան:

Ուրեմն դու քո էդ տրեխներով, ուզում ես ինձ խաբեբա շինել, էլի, — ասաց նա, աչքերը չռելով:

Տրեխներով եմ, թե չաքմեքովէդ քո բանը չէ, ես հախս եմ ուզում:

Հախիցդ էլ ավելի են տալիս քեզ, էլ ի՞նչ ես բղավում:

Ավելը քեզ լինի, իմը տուր:

Ա՛յ տղա, մեկ էլ չափիր, — դարձավ Մակար աղան մահուդ կտրող գործակատարին:

Գործակատարը չափեց:

Մեկ, երկու, երեք, չորս, այս էլ ուղիղ հինգ, էլ ի՞նչ ես ուզում, ապեր:

Ինձ տո՛ւր, — ասաց գյուղացին և մի անգամ էլ չափեց մահուդը: — Մեկ, երկու, երեք, չորս, էս էլ դրուստ կեսէլ ի՞նչ ես ուզում, աղա, — ծաղրեց նա:

Մի անգամ էլ Մակար աղան չափեց և դարձյալ դուրս բերեց հինգ արշին ու մի չարեք:

Ա՛յ մարդ, այսքանն էլ ավելի է, էլ ի՞նչ ես զահլես տանում:

Ծիծաղս եկավ: Չարաբախտ մահուդի երեք մարդու ձեռքում երեք զանաղան երկայնություն ստանալն ինձ կախարդություն թվաց: Վերջապես, երկար վիճաբանելուց հետո, Մակար աղան մի կերպ ճանապարհ դրեց գլխացավ գյուղացուն, մահուդը հետ վերցնելով:

Հենց որ վերջինն ոտը մագազինի դռներից դուրս դրեց, Մակար աղայի կատաղությունը սաստկացավ: Նա բաց արավ յուր հիշոցների տոպրակը և սկսեց թափել միմյանց հետևից մահուդ չափող գործակատարի գլխին:

Տասն անգամ քեզ ասել եմ՝ իմացիր ի՛նչ մարդու հետ գործ ունիս: Ամեն մուշտարու հետ չի կարելի այդպես անել: Աշխարհում միամիտները քիչ չեն, որ դու հետ եկածներին ես ուզում խաբել: Մի անգամ էլ քո անզգուշութենով ինձ խաթաբալի մեջ կգցես, այն ժամանակ աստված ազատի, խայտառակ կլինիմ ամբողջ քաղաքում:

Լավ էր, որ շուտ-շուտ մուշտարիներ էին ներս մտնում, եթե ոչ գուցե Մակար աղան մինչև երեկո յուր զուռնան փչեր խեղճ գործակատարի ականջներին, որն երկյուղից սառել էր ու պատի տակ բևեռվել: Իրիկնադեմին մագազինը կողպելու ժամանակ Մակար աղայի դեմքը կրկին փոխվեց, երբ գործակատար Գրիգորը բաց անելով դրամարկղը և նույն օրվա ծախսից առաջացած փողերը համարելով դարսեց նրա առջև: Նրա աչքերը կրկին սկսեցին փայլել, մի վայրկյանում անհետացավ նրա դեմքի մռայլությունը, ինչպես քամու շարժումից ցրվում են թեթև ամպերն երկնքի երեսից: Նա միանգամ ևս ինքը համարելով փողերը, ագահությամբ և շտապով դրեց գրպանը, կարծես, վախենալով, որ միգուցե մեկը խլի նրա ձեռքից:

Կիրակի երեկոները Մակար աղան սովորություն ուներ եկեղեցու ջահերից մեկն յուր հաշվով վառել տալ, գանձանակի թասերը, փոխանակ սովորական հինգ կոպեկանոցի, ձգել մի-մի աբասի և, վերջապես, եկեղեցու դռանը կան գնած բոլոր աղքատների ձեռքին մի-մի սև փող դնել: Այս բոլորը կատարելուց հետո, դռներից դուրս գալով, նա միշտ մի տեսակ խորը հոգոց էր հանում, երեսը խաչակնքելով: Կարծես նրա ուսերից ընկնում էր մի ահագին ծանրություն: Ինձ թվում էր, որ նա այդ ժամանակ զգում էր թեթևություն: Եկեղեցուց մինչև տուն հասնելը նրա դեմքը փայլում էր մի տեսակ պայծառ, ուրախ Ժպիտով: Եվ ինձ համար շատ անգամ հաճելի էր այդ րոպեներում նայել նրա երեսին: Նրա մշտական թթված դեմքի վրա ժամանակ առ ժամանակ երևացող ուրախ ժպիտը, ճշմարիտն ասած, ինձ շատ քաղցր էր թվում: Իսկապես շատ է մելամաղձոտ մարդ չէր Մակար աղան: Ընդհակառակը, կարելի էր ասել, ուրախ բնավորություն ուներ: Բայց այդ հայտնի էր միայն նրա մոտիկ ընկերակիցների շրջանում, որոնց հետ սովորություն ուներ շատ հաճախ զանաղան տեսակ զվարճություններ սարքելու: Իսկ մագազինում և տանը շատ հազիվ էր պատահում տեսնել նրան հոգեկան ուրախ տրամադրության մեջ և այն էլ այն ժամանակ միայն, երբ առուտուրը հաջող էր անցել կամ մի որևիցե նյութական շահ էր ստացել մի տեղից: Տանը տխուր ժամանակը նա շատ անգամ օրերով չէր խոսում ոչ ոքի հետ, և ոչ ոք էլ չէր կարող նրան խոսեցնել, հավատացած լինելով, որ սրանով ավելի կգրգռեն նրա բարկությունը: Տնացիներն այնքան հպատակվել էին Մակար աղայի կամակոր բնավորությանը, որ նրա տխուր եղած ժամանակ իրանք ևս տխրում էին, իսկ ուրախ ժամանակ իրանք ևս ուրախանում էին, այնպես որ կարծում էիր ամբողջ ընտանիքի հոգեկան տրամադրությունը կախված լիներ միակ այդ մարդու հոգեկան տրամադրությունից: Ամենքը Մակար աղայի տուն գալու ժամանակ նայում էին նրա երեսին և նրա դեմքի այս կամ այն արտահայտության համապատասխան սկսում շարժվել, խոսել և այլն: Միևնույնն անում էին և մագազինի գործակատարները: Օրինակ, երբ այն օրը գյուղացու մահուդի մասին նա բարկացած գոռում էր գործակատարներից մեկի վրա, ամենքը սկսեցին նույնպես իրանց դեմքերը թթվեցնել: Ինչո՞ւ: Որովհետև Մակար աղան չէր սիրում ուրախ ժամանակը տեսնել յուր հպատակներից որևէ մեկի դեմքը թթված կամ, սրա հակառակ, տխուր ժամանակը տեսնել նրանց ուրախ դեմքով: Սկզբում գործակատարների այս կապկությունն ինձ շատ խորթ էր թվում, բայց հետո փոքր առ փոքր սովորեցի և այնուհետև ինձ համար սովորական բան դարձավ, և ես ամեն անգամ Մակար աղայի երեսին նայելիս անգիտակցաբար դեմքս իսկույն փոխում էի նրա դեմքի արտահայտության համապատասխան:

V

Անցել էր մի քանի ամիս: Ես շարունակում էի ամեն առավոտ վաղ գնալ մագազին և երեկոյին վերադառնալ Մակար աղայի հետ տուն: Բավական ընտելացել էի իմ պաշտոնին, արշինով չափելը, մուշտարիների հետ քաղաքավարությամբ խոսելու, կամ, ինչպես Մակար աղան ասում էր, «նրանց պոչից բռնելու ու բաց չթողնելու» հնարը և ուրիշ իմ պաշտոնին վերաբերյալ հարկավոր բաներն ես բոլորովին սովորել էի: Գրիգորն ինձ վրա մինչև անգամ զարմացել էր: Նա գովում էր իմ աշխատասիրությունն և ընդունակությունն ու ասում, թե շատ բաներ, որ ինքը սովորել է տարիների ընթացքում, ես սովորում եմ մի քանի ամիսներում: Մյուս գործակատարները նույնպես հավանում էին ինձ, նամանավանդ գովում էին իմ արագաշարժությունը, որի պատճառով անունս դրել էին «յորղա Խաչի», այսինքն` արագընթաց Խաչի: Այս մականունը մինչև այսօր էլ վրես է մնացել, և ես իսկի էլ չեմ վշտանում, որովհետև այդ նշանակում է, որ ես ծույլ մարդ չեմ:

Բայց ամենից ավելի ես աշխատում էի Մակար աղայի ուշադրությունը գրավել ինձ վրա, ձեռք բերել նրա կողմից քիչ թե շատ համակրություն: Այս նպատակով ես ամեն ջանք գործ էի գնում, որ ոչ մի սխալով չգրգռեմ նրա բարկությունը դեպի ինձ, այլ ընդհակառակը որքան կարելի է սիրելի դառնամ նրա աչքում: Ես ուսումնասիրում էի նրա բոլոր հատկությունները, որպեսզի նրանց համեմատ վարվեմ նրա հետ: Ինչ տեսակ խոսակցություն, ինչ տեսակ շարժողություն, մինչև անգամ ինչպես ուտել, խմել, նստել, վեր կենալ, որ նրան հավանելի էին, նույն տեսակ էլ ես էի աշխատում խոսել, շարժվեի նստել, վեր կենալ և այլն: Ես այս ամենը աչքի առջև ունեի, որովհետև ամեն օր տեսնում էի, թե ինչպես Մակար աղան բարկանում էր գործակատարների վրա ամենաչնչին սխալների համար և շատ անգամ սպառնում արձակել պաշտոնից այն գործակատարին, որը գործել էր այս կամ այն չնչին սխալը: Օրինակ, մի օր նա մեկին մի քանի ապտակներ տալուց հետո քիչ մնաց, որ դուրս աներ մագազինից միայն նրա համար, որ խեղճը սխալմամբ մահուդի մի կտորը դրել էր չիթերի շարքում: Մի խոսքով, չափաղանց մանրակրկիտ և բարկացկոտ մարդ էր Մակար աղան: Հարկավոր էր շատ մեծ զգուշություն նրան դուր գալու համար: Եվ ես ամեն կերպ աշխատում էի զգույշ վարվել:

Այսպիսով փոքր առ փոքր ինձ հաջողվեց Մակար աղայի ուշադրությունը գրավել ինձ վրա, և օրեցօր հավանելի դառնալ նրա աչքում: Նա հետզհետե սկսեց ինձ հանձնել այնպիսի գործեր կատարել, որոնք գործակատարի կողմից պահանջում էին քիչ թե շատ հավատարմություն: Օրինակ, փող էր տալիս այս կամ այն վաճառականի մոտ տանելու կամ փոստ ձգելու, ուղարկում էր զանաղան տեղերից ապառիկներ ստանալու և այլն:

Մակար աղան ինձ համար մի ձեռք նոր հագուստ էր առել, որովհետև իմը չափաղանց պատառոտված էր: Նա յուր անվան լայաղ չէր համարում այդ ցնցոտիների մեջ տեսնել ինձ: Բավական փոխվել էի ես այդ նոր հագուստի մեջ. էլ առաջվա հաչին չէի, ամեն անգամ մագազինում դրած ահագին հայելուն մտիկ տալիս ինքս ինձնով հիանում էի և զարմանում: «Ահա ինչ ասել է փող, մտածում էի, մարդուս բոլորովին փոխում է, ինչպես էի առաջ և ինչպես եմ այժմ: Հիմա ո՞վ կարող է ասել, որ ես կոշկակար Սարգսի տղան եմ: Չէ, ով ինչ ուզում է թող ասե, իսկ ես կասեմ, փողը շատ լավ բան է և նրան ձեռք բերելու համար ամեն տեսակի միջոցներ գործ դնել արժե: Բայց ինչպես ձեռք բերել փող աշխատելու հնարը, ինչպես: Մակար աղան յուր խելքով չի աշխատում փող, այլ հենց փողի միջոցով: Ուղիղ էր ասում հայրս, թե «փողը փող է աշխատում, իսկ ղոչաղ տղան գլուխն է քորում»: Բայց, ինչևիցե, շտապել հարկավոր չէ, ես դեռ փոքր եմ, ժամանակ շատ կա, կարող եմ մի օր ես էլ մարդ դառնալ:

Մակար աղան սովորություն ուներ մագազինում բացված հակերից մնացած թոկերի կտորտանքը, փսիաթներ կամ կոտրտված արկղները էժան գներով տալ գործակատարներին, որպեսզի սրանք, աշխատանքով ծախելով, շահվեն: Սովորաբար այս շահը Մակար աղան հանձնում էր այն գործակատարներին, որոնք երկար տարիներ հավատարմաբար ծառայել էին: Այդ բանը շատ շահավետ էր: Պատմում էին, որ շատ գործակատարներ այսպիսով զանաղան մեծ մագազիններում բավական գումար են վաստակում: Մակար աղայի մագազինում այդ արտոնությունն ունեին Գրիգորն և մի ուրիշ գործակատար, որն ամենից հինն էր: Հույս դնել եկամտի աղբյուրի վրաիմ կողմից ապարդյուն կլիներ: Բայց և այնպես, պակաս չէի մտածում նրա մասին, և նախանձում էի Գրիգորին ու այն մյուս գործակատարին: Պետք է ասած, որ այն օրից, երբ ես մտել էի աղա Գուլամյանցների մագազինը, մի անգամ իմ մեջ կենդանություն ստանալով շահասիրության ոգին, օրեցօր քանի գնում՝ այնքան զորեղանում էր, այնպես որ մի քանի ամիսներում ինձ այնտեղ հասցրեց, որ ես պատրաստ էի դիմել ամեն տեսակ միջոցների, միայն թե այդ միջոցներն ինձ համար արդյունավետ հետևանք ունենային: Շատ անգամ ես պատրաստ էի մինչև անգամ մատնել գործակատարներին Մակար աղայի մոտ, եթե հավատացած լինեի, որ մատնությունը կարող էր ինձ օգուտ բերել գեթ նրանով, որ իմ վարկը քիչ թե շատ բարձրացներ Մակար աղայի աչքում և գրավեր նրա վստահությունը դեպի ինձ: Ես ամեն օր մտածում էի այս կամ այն գործակատարի մեջ գտնել որևէ անհավատարմության նշույլ դեպի աղա Գուլամյանցների շահերը, հետևում էի նրանց, որպեսզի մի որևիցե պակասություն տեսնեմ և իսկույն հայտնեմ Մակար աղային: Մի անգամ պատահեց մի այնպիսի դեպք, որն առիթ տվեց ինձ այնուհետև գրավել Մակար աղայի վստահությունը: Մի առավոտ, չգիտեմ ինչու, Մակար աղան մագազին չեկավ: Մուշտարիներ էլ չկային: Այդպիսի ժամանակներում գործակատարները, թողնելով իրենց սովորական տեղերը, խմբվում էին միասին և խոսում, ծիծաղում ու զվարճանում: Խոսակցության առարկան գլխավորապես լինում էր Մակար աղան, որի մասին գործակատարները հազար տեսակ դատողություններ էին անում, քննելով նրա բնավորությունը, կյանքը, վարվողությունն և այլն: Մեկը գովում էր Մակար աղայի մի հատկությունը, մյուսը, պախարակելով այդ հատկությունը, ցույց էր տալիս նրա մի ուրիշ լավ կամ վատ հատկությունը, բայց վերջ ի վերջո ամենքն էլ միշտ գալիս էին այն եզրակացության, թե նա շատ էլ համակրելի մարդ չէ:

Ես գործակատարների խոսակցության չէի մասնակցում, այլ մի կողմ քաշված ականջ էի դնում: Չնայելով, որ մագազինում ոչ ոք չկար, նրանք խոսում էին շատ ցածր ձայնով, գրեթե շշնջյունով:

Գրիգոր, Մակար աղան ի՞նչպես վերջացրեց յուր հաշիվները այն ծերունու հետ, — հարցնում էր գործակատարներից մեկը:

Ի՞նչ ծերունու:

Այ, այն Թոթովյանցի, որի հետ քանի ժամանակ է քաշքշվում են երեք եղբայր աղա Գուլամյանցները մուրհակների մասին:

Ի՞նչպես պիտի վերջացնեին, մուրհակները Մակար աղան հետ առավ և մի կոպեկ էլ նրան չտվեց: Այժմ խեղճ ծերունին ընկել է աղքատության մեջ և, ինչպես ասում են, մինչև անգամ օրվա մի կտոր չոր հացին էլ կարոտ է մնացել: Խեղճը կաչաղակ է դառել և գիշեր-ցերեկ, այստեղ-այնտեղ նստած, խոսում է ու խոսում, ոչ ոք նրա խոսքին չի հավատում: Ասում են, կարելի է շատ հոգսից ծերության օրերում խելքից էլ զրկվի:

Հախն է, ինչո՞ւ էր կյանքի այդ ժամանակը, մի ոտը գերեզմանի մեջ, այնպիսի կեղտոտ բաների մեջ խառնվում:

Ի՞նչպես կարող էր չխառնվել, քանի որ ամբողջ կյանքն այդպիսի խաբեբայություննհրով է անցկացրել: Առակն ասում է. «Կուժը ջրի ճանապարհին կկոտրվի»: Աթոյանցի տունը քանդեցին քանի կենդանի էր, փողերը ձեռքից խլեցին և փոխարենը կեղծ մուրհակներ տվեցին մեռնելու ժամանակ, այն էլ բարձի տակից գողացան և ողորմելու ընտանիքը ձգեցին մուրացկանության մեջ:

Ասում են, մեծ գումարի են հասնում Աթոյանցի փողերըմոտ մինչև 75 հազարի:

Այո, 75 հազար: Մուրհակներ գրողն էլ Ռուսաստանի գործակատար Համբարձումն է եղել, — ասաց Գրիգորը: — Նա ինձ պատմել է, թե ինչպես են ստորագրել այդ մուրհակները աղա Գուլամյանցները և պառավ Թոթովյանցը:

Հետաքրքրական է, — ասացին բոլորը:

Մակար աղան վերցրել է գրիչն և, յուր ձեռագիրը փոխելով, ամենքի փոխարեն ինքը ստորագրել է ջոկ-ջոկ ձեռագրով այնպիսի խորամանկությամբ, որ յուր իսկական ձեռքի հետքն անգամ չի կարելի եղել նշմարել: Աթոյանցն, ինչպես հին վաճառական և չափաղանց միամիտ մարդ տեղեկություն էլ չի ունեցել մուրհակներ գրելու կարգ ու կանոններից: Համբարձումը հավատացնում էր, որ երբ ինքը մուրհակննրը մի առ մի տանում էր և տալիս, Աթոյանցը մինչև անգամ նրանց ստորագրությանն էլ մտիկ չէր անում, միշտ կրկնելով, թե աղա Գուլամյանցներն ազնիվ մարդիկ են, նրանք ուրիշի փողին թամահ չեն անիլ, կարելի է նրանց հավատալ առանց մուրհակների էլ:

Իսկ պառավ Թոթովյանցի մուրհակները ի՞նչ մուրհակներ են, որ նա ստացած է եղել աղա Գուլամյանցներից, — հարցրեց գործակատարներից մեկը:

Աղա Գուլամյանցները միշտ Աթոյանցից փողերը վերցնելիս են եղել ծերունի Թոթովյանցի միջոցով: Նա է իբրև միջնորդ գնացել Աթոյանցի մոտ և փողերը ստացել և նրա շնորհիվ է իսկապես Աթոյանցը հավատացել աղա Գուլամյանցներին այդչափ մեծ գումար: Մի անգամ արդեն մոլորվելով թե Գուլամյանցներն ազնիվ վաճառականներ են և երբեք իրանց թույլ չեն տալ ուրիշի փողերն ուտել, Թոթովյանցն աղա Գուլամյանցների հետ առաջուց մտածած է եղել Աթոյանցից դուրս կորզել բոլոր սրա փողերը և փոխարենը մուրհակներ տալ, պայմանով, որ գումարի մի մասը Գուլամյանցները տան Թոթովյանցին: Թոթովյանցն իրան հասանելի մասը, քան յուր սեփական փողերըընդամենն երեսուն հազար մանեթհանձնել է աղա Գուլամյանցներին տարեկան 20 տոկոսիքով և փոխարենը նրանցից մուրհակներ վերցրել: Երբ ամեն ինչ վերջացել է, այսինքն՝ Աթոյանցը մեռել է, և ծերունին նրա բարձի տակից աղա Գուլամյանցների և յուր անունով 75 հազար մանեթի մուրհակները գողացել է ու տվել աղա Գուլամյանցներին, այն ժամանակ սրանց ոտք ու ձեռքը բոլորովին բացվել են: Այս անգամ աղա Գուլամյանցները սկսել են մտածել Թոթովյանցի պարտքից մի կերպ ազատվելու մասին: Բայց Թոթովյանցն այնպիսի պտուղ չի եղել, որից հեշտությամբ ազատվել կարողանային: Աղա Գուլամյանցները շատ են աշխատել պառավի ձեռքից մի կերպ դուրս բերել իրանց 30 հազար մանեթի մուրհակը, բայց չի հաջողվել. ծերունին նրանց հետ զգուշությամբ է վարվել: Վերջապես, Մակար աղայի համբերությունը հատել է, և նա մի օր խոսք է տվել յուր եղբայրներին շուտով, ինչպեսևիցե, Թոթովյանցից վերցնել մուրհակները:

Next page