Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ և վիպակներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Next Last

Ահա այստեղ նա ոգևորվեց և գրավեց դատավորների ուշադրությունը, նույնիսկ թմրած ծերունու հետաքրքրությունը շարժելով այնքան, որ նա մի քանի րոպե գլուխը բարձրացրեց, ունքերը վեր քաշեց և ականջ դրեց:

Երբ երկու դատավորներից մեկը հարուստ է, մյուսը աղքատ, մեծ մասամբ հարուստն է տուժում բարոյապես: Թույլերն ունին մի զորեղ զենքամբոխի կարեկցությունը, որի դեմ շատ անգամ աշխարհի զորավորները տկար են, Մարդկային կանխակալ կարծիքը յուր համակրանքը աղքատին տալով, հակակրանքով ճնշում է հարստին: Օրենքների խորին իմաստն է՝ կեղևն իրենից դեն ձգել և նրանց էության մեջ որոնել ճշմարտությունը: Եթե մեղադրյալները հարուստ ենչի նշանակում, թե անմաքուր են: Եթե մեղադրողը աղքատ գեղջկուհի էչի նշանակում, թե բարոյականության տիպար է:

Մեղադրողի պաշտպանն ասաց, թե յուր պաշտպանյալը շահագործվել է, և այս մասնավոր փաստը հաստատելու համար դիմեց քաղաքատնտեսական գիտությունների օգնությանը: Մի թեթևսոլիկ թռչնի պաշտպանության համար հրապարակ դուրս բերեց շատ գործածվելուց տաշված ու մաշված թնդանոթներ և սկսեց նրանցից ռմբակոծել կապիտալի պողպատյա պատվանդանը: Եվ նրա բարձրացրած խլացուցիչ որոտներից մնաց դարձյալ այն, ինչից պետք է սկսեր նա յուր պաշտպանողականըմի նախկին աղախին և յուր նախկին տերերը: Մեկը վաճառել է յուր աշխատանքը, մյուսները գնել են: Մի առօրյա հասարակ առևտուր, որից գոհ են եղել թե գնողը և թե մանավանդ վաճառողը: Ապացույց, որ առևտուրը տևել է ամբողջ երեք տարի: Ո՞վ էր խլել վաճառողի կամքը՝ հեռանալ գնողներից ամեն վայրկյան, երբ տեսել է, որ իրեն հարստահարում են: Ո՛չ ոք: Ուրեմն խոսել շահագործման մասին այս դեպքումկնշանակե քամի ծեծել տնտեսական փիլիսոփայության մտրակով, մի բան, որ չի կարող հետաքրքրական լինել դատարանի համար...

Հետևաբար պետք է դառնալ մյուս մեղադրանքներին:

Բռնաբարո՛ւմ: Դյուրին է բարդել մարդու վրա մի այդպիսի ծանր մեղք, բայց ապացուցանել դժվար է և անհնարին: Յուրաքանչյուր բռնաբարման առաջին և անմիջական հետևանքն է բողոքը: Ո՞ւր է ներկա դեպքում բռնաբարվողի բողոքը բռնաբարողի դեմ: Չկա: Պարզ է, որ մոլորությունը փոխադարձ է: Նա թե մեկինն է, թե մյուսինը: Արդ, եթե այդ մոլորությունը հանցանք է մեկի համար, ինչո՞ւ չպիտի լինի հանցանք և մյուսի համար: Եթե քավում է մեկը, ինչո՞ւ չպիտի քավի և մյուսը:

Բայց քավելու կարիք չկա, որովհետև չկա և՛ հանցանք:

Մանո՛ւկը: Ահա այն առանցքը, որի շուրջը պտտում է ներկա դատը: Վերցրեք նրան ասպարեզից, և դատն ինքնըստինքյան կչքանա:

Ո՞վ է ավելի հարազատ մայր նրա համար. նա՞, որ աշխարհ է բերել նրան, թե նա, որ ընդունե՞լ է. նա՞, որ բերելու օրը ձգել է ճակատագրի հաճույքին, թե՞ նա, որ շպրտվածը վերցրել է փողոցային ցեխի միջից, լվացել, մաքրել, զուգել-զարդարել ու տեղավորել յուր կարոտ սրտի լավագույն անկյունումմայրության սրբազան վայրում: Նա՞, որ կամեցել է սպանել նրան յուր արգանդում, թե՞ նա, որ միայն այդ մտքից սարսափել է: Նա՞, որ վաճառել է փողով, թե նա, որ գնել է ազնվագույն զգացումների արժեքով: Վերջապես, նա՞, որ վեց տարվա ընթացքում և ոչ մի անգամ հետաքրքրվել է մանկան վիճակով, թե նա, որի համար այդ վիճակն եղել է քնքուշ հոգացողության և անսահման սիրո առարկա:

Պնդել, որ աղքատությունն է ստիպել մեղադրողին հրաժարվել յուր զավակից, կնշանակե մաքրելու փոխարեն ավելի արատավորել նրա բարոյական պատկերը: Աղքատությունը կարող է ճնշել մայրական զգացումը, բայց երբեք խեղդել և սպանել: Շատ դեպքերում նա սրում է և հիվանդության աստիճանի նրբացնում այդ զգացումը: Չե՞ն եղել մայրեր, որ իրենց ցամաքած արյունի վերջին կաթիլներով են սնել և մեծացրել իրենց զավակներին: Ահ, աշխարհի գանձերը չեն կարող մայրերի ոսկրոտ կրծքերից կորզել հարազատներին, եթե միայն այդ կրծքերի տակ կա ծնողական զգացում:

Նայեցեք, մի՞թե այդ կինը մոր տպավորություն է գործում, մանավանդ այնպիսի մոր, որ վեց տարի զուրկ է եղել զավակի տեսությունից: Այդ գեղեցիկ, բայց արտահայտիչ դեմքը, այդ շինծու ատելությամբ լի հայացքը, այդ անընդհատ հոգացողությունը` երևալ տխուր և կարեկցության արժանի, ինքնըստինքյան ապացուցանելու համար են` թե ներկա դատի մեջ կա կեղծիք: Ո՞ր է մայրական կարոտի դրոշմը նրա ճակատի վրա: Ո՞ւր է տառապած հոգու մռայլը նրա աչքերի մեջ: Ոչ, ոչ, Զինաիդա Պրոխորովային այստեղ բերողը մանկան կարոտը չէ, այլ ուրիշ բան:

Ի՞նչ է այդ բանը:

Ուշադիր լսելով մեղադրողի պաշտպանի ճառը, դժվար չէ գտնել այն մագնիսը, որ թե՛ պաշտպանյալին, թե պաշտպանողին ձգել, բերել է այստեղ: Ահ, զուր չէին կրկնվում այդ ճառի մեջ աղքատություն, հարստություն բառերը: Մարգարե չպիտի լինել գուշակելու համար, որ եթե իմ պաշտպանյալները լինեին ոչ հարուստ, երբեք, երբեք նրանց չէին քաշիլ դատարան և նստեցնիլ մեղադրյալների նստարանի վրա: Ոչ, պարոնայք դատավորներ, Զինաիդա Պրոխորովային այստեղ բերողը մայրական սերը չէ, այլ շահը, շահը և շահը: Բայց ես չեմ ոզղում ներկա անարդար դատի ամբողջ պատասխանատվությունը գցել նրա վրա: Քա՛վ լիցի: Ես գիտեմ, որ չնայելով դատի խորամանկ նպատակին, նա ինքը մի պարզամիտ կին է: Նա գործում է ուրիշների թելադրությամբ: Թելադրողներից մեկը ձեր առջև է, պարոնայք դատավորներ, իսկ մյուսը թաքնված է կուլիսների ետևում: Դժբախտաբար, ես չեմ կարող ասպարեզ հանել ներկա բանսարկության այդ գլխավոր հերոսուհու անունը: Դա ընտանեկան գաղտնիք է: Բայց առանց այն էլ, պարոնայք դատավորներ, ձեզ համար միանգամայն պարզ է, որ այսօրվա դատը չունե բարոյական և ոչ մի մեղադրանք, ուստի ես խնդրում եմ ազատել իմ պաշտպանյալներին այդ պատասխանատվությունից և գործին նայել միայն նյութական տեսակետից...

Ավարտելով յուր ճառը, Սինոփյանը խնդրեց դատավորներին մերժել Զինայի պահանջը և երեխային թողնել Լիդիայի և Գուրգենի մոտ:

Ոտքի կանգնեց դատախազը: Խոսեց նա մի ամբողջ ժամ: Խոսեց չոր ու ցամաք ոճով: Կրկնեց շատ բաներ Լազմանովի ասածներից, ավելացրեց մի քանի դիտողություններ: Խնայելով Լիդիային, չխնայեց Գուրգենին և նրա բարոյական պատկերը ներկայացրեց մռայլ գույներով:

Մեծ ուրախություն պատճառեց Սինոփյանին այն հանգամանքը, որ դատախազը չխոսեց Սերժին լուսավորչական մկրտելու մասին: Նա ինքն էլ չխոսեց այս մասին և չխոսեց դիտմամբ:

Երբ դատախազը ավարտեց յուր խոսքը, նախագահը դարձավ Լիդիային և Գուրգենին.

Մեղադրյալնե՛ր, արդյոք, կկամենա՞ք ձեր վերջին խոսքն ասել:

Ո՛չ, — ասաց Գուրգենը:

Ո՛չ, — կրկնեց Լիդիան:

Նախագահը ոտքի կանգնեց:

Դատը ընդհատվում է տասը րոպեով:

Եվ հեռացավ: Նրան հետևեցին մյուս երկու դատավորները:

Անցան Լիդիայի և Գուրգենի համար հավիտենականության չափ տասը րոպեները, նիստը նորից բացվեց: Նախագահն ասաց.

Դատարանը որոշեց, որ երեխան բերվի այստեղ:

Ախ ոչ, ախ ոչ, — լսվեց Լիդիայի ձայնը, և նա թուլացած՝ ընկավ Գուրգենի ձեռների վրա:

Սինոփյանը շտապեց ջուր մատուցանել, և երկու հանդիսական փաստաբանների օգնությամբ, Լիդիային տարավ հարևան սենյակներից մինը:

XIV

Պապա, ո՞ւր ես տանում ինձ, — հարցրեց Սերժը մի քանի անգամ, երբ կառքը նրանց սլացնում էր դատարան:

Թատրոն ենք գնում, սիրելիս, թատրոն, — գտավ վերջապես Գուրգենը:

Մամա՞ն էլ այնտեղ է:

Այնտեղ է:

Եվ մեծ ճիգ գործ դրեց Գուրգենը, որպեսզի չհեկեկա փողոցում, սեղմելով կրծքին յուր զավակին:

Ահ, ի՛նչ մեծ թատրոն է, — հրճվեց Սերժը, երբ հոր ձեռը բռնած, բարձրանում էր դատարանի ընդարձակ սանդուղքով:

Մաման օթյակո՞ւմն է:

Այո:

Սանդուղքի ծայրում կանգնած էր Սինոփյանը հանգիստ դեմքով: Նա սպասում էր Գուրգենին:

Ինչպե՞ս է, — հարցրեց Գուրգենը...

Բոլորովին հանգիստ: Ի սեր աստծո, մի հուզվեք, կլինի այնպես, ինչպես ասել եմ:

Ես ինձ կզսպեմ, սիրտ տվեք նրան...

Երբ մտան դահլիճ, Լիդիան նստած էր յուր տեղում, գլուխը կրծքին թեքած, ձեռքերը դրած ծնկների վրա:

Ո՞ւր է մաման, — հարցրեց Սերժը, այս ու այն կողմ նայելով:

Ահա նա, — ասաց Գուրգենը մոտեցնելով նրան Լիդիային:

Մամա, մամա, ես էլ եկա, — գոչեց Սերժը և, հոր ձեռը բաց թողնելով, վազեց փաթաթվեց Լիդիայի պարանոցին, առանց քաշվելու ներկա եղողներից:

Ըստ երևույթին, Լիդիան պատրաստված էր այդ տեսարանին: Նա իշխել էր իրան և դատապարտում էր յուր րոպեական թուլությունը: Սինոփյանի հուսադրիչ խոսքերը նորից կազդուրել էին նրան, նորից հույս ներշնչել:

Նա գրկեց Սերժին լռորեն, սեղմեց կրծքին ջերմագին: Ա՛հ, ո՞վ կարող է բաժանել նրանց, ո՞ր անողոք օրենքը կամ կոպիտ ուժը: Սերժը նրանն է, դատավորները կզգան այդ և չեն խլի նրանից յուր կյանքը...

Լազմանովն արդեն հրճվում էր յուր հաղթանակով: Նա դատը տարած էր համարում:

Երեխային անպատճառ կվերադարձնեն Զինայինայս ամեն մի կասկածից դուրս է: Բայց ո՛րքան գումարի կդատապարտեն մեղադրյալներին հօգուտ մեղադրողիահա գլխավորը: Նա գիտեր, որ յուր պահանջը մեծ է, բայց դիտմամբ էր այդ մեծ գումարը նետել մեջտեղ, որպեսզի դատավորները գեթ մասամբ հարմարեցնեն իրենց դատավճիռը պահանջի քանակությանը: Չեն որոշել ամբողջ գումարը, թող որոշեն նրա կեսը, քառորդը...

Միևնույն միտքն էր զբաղեցնում և՛ Զինային դատավարության սկզբից: Նրա սիրտն սկսեց ուժգին բաբախել այն վայրկյանին, երբ Լազմանյանն արտասանեց «կամ միանվագ հարյուր հիսուն հազար ռուբլի, կամ տարեկան տասնուհինգ հազար»: Այդքանը նա ոչ միայն չէր պահանջիլ, եթե մնար յուր կամքին, այլև չէր երազիլ անգամ պահանջելու: Նրան հարկավոր էր այնքան, որքան կարող էր Պոլիկարպին նորից յուր գիրկը գցելու, — դարձյալ մի հազար ռուբլի: Նա ուրախությամբ կհրաժարվեր և՛ երեխայից, և՛ փողերից, եթե իմանար, որ վաղ թե ուշ Պոլիկարպը նորից կսիրե իրան, միայն այս անգամ առանց ակնկալության:

Բայց կար նրա հոգու խորքում մի անկյուն, որ տակավին անապական էր մնացել: Դա երախտագիտության զգացումն էր, այն խոր, անկեղծ համակրանքը դեպի Լիդիան, որ երբեք չէր չքացել նրա մեջ: Նույնիսկ այժմ, երբ կանգնած էր նրա դեմ ճակատ առ ճակատ որպես թշնամի, չէր ատում նրան, և շարունակ կրկնում էր յուր մտքում.

«Նա ինձ ազատել է խայտառակությունից, փող է տվել, ծանր բեռս վերցրել է յուր վրա»:

Նա զգում էր, որ եթե առանց դատի էլ դիմեր յուր նախկին տերերի օգնությանը, մերժում չէր ստանալ: Համենայնդեպս Լիդիան նրան դատարկ ձեռքով բաց չէր թողնիլ: Բայց չդիմեց, որովհետև չթողեցին դիմելու՝ նախ Ելենան յուր խորհուրդներով, ապա Լազմանովն ահագին գումար կորզելու վարդագույն հույսերով:

Դատավարությունը նրա համար սկզբից ևեթ ձանձրալի էր: Չգիտեր, թե ինչու են հարկավոր այդ բոլորըդատավորների հանդիսավոր մուտքը, նրանց անվերջ հարցուփորձը, փաստաբանների երկար ճառերը, վերջապես այդ լղար, բարձրահասակ երիտասարդ դատախազն յուր կոմիկական լրջությամբ: Նա պատրաստ էր հեռանալու դատարանից, ամեն ինչ թողնվելով փաստաբանին, բայց վախենում էր, որ այդ կարող է դատավորներին բարկացնել:

Այն վայրկյանին, երբ երեխայի դատարան բերվելը պահանջելիս Լիդիան ճչաց և նվաղեց, Զինայի մեջ կատարվեց վայրկենապես մի տարօրինակ բան: Լիդիան նրան թվաց այնքա՛ն խղճալի, այնքան արժանի կարեկցության, որ ինքն էլ պահանջ զգաց նրա նման ճչալու և նվաղելու: Նա զսպեց իրեն, որպեսզի չարտասանե որևէ հիմար խոսք:

Այլևս նրա դեմքից չքացել էր շինծուարհամարական ժպիտը և նրա շարժումներն ու ձևերը կորցրել էին իրենց արվեստական գոռոզությունը: Նրա գեղեցիկ դեմքն ստացավ անսովոր լրջություն, որ խառն էր տխրության հետ: Նրա աչքերի մեջ երևաց իմաստալի արտահայտություն, որի նմանը երբեք չէր ունեցել:

Երեխային տեսնելիս՝ նա զգաց կարեկցություն և դեպի նա, բայց ոչ իբրև մայր, այլ իբրև սոսկ կին: Այդ սիրուն հագնված, առողջ, կայտառ մանկան «մամա, մամա» գոչելով Լիդիայի պարանոցին փաթաթվելն այնքան բնական, այնքան սրտառուչ թվաց նրան, որ նա հուզվեց ոչ իբրև մայր այլ իբրև սոսկ կին:

Լազմանովը մոտեցավ նրան և ասաց.

Երեխային ձե՛զ կտան, այս գիտեմ. բայց թե որքան կորոշեն նրա պահպանության համարչգիտեմ: Թույլ տվեք բողոքել, եթե քիչ որոշեն...

Զինան ուշադրություն չդարձրեց յուր պաշտպանի վրա: Կարծես, չլսեց անգամ նրա խոսքերը:

Ես կբողոքեմ, անպատճառ կբողոքեմ, — ասաց Լազմանովը, զարմացած դիտելով Զինային, որ շարունակ զբաղված էր յուր մտքերով:

Նա չզգաց, և չէր էլ կարող զգալ, թե այդ պահին ի՛նչ է կատարվում յուր պաշտպանյալի մեջ:

Դատավորները գալի՛ս են, — կրկին լսվեց պրիստավի ձայնը ընդհանուր խոսակցության ու շշուկների մեջ:

Լիդիան ցնցվելով ոտքի կանգնեց, ավելի ամուր սեղմելով Սերժի ձեռը, որ բաց չէր թողել երեխայի գալու վայրկյանից:

Նիստն ազդարարվեց բացված: Ամենքը բռնեցին իրենց տեղերը:

Մամա, — շշնջաց Սերժը:

Լռի՛ր, սիրելիս, լռի՛ր, — սաստեց նրան Լիդիան:

Մամա, սա թատրոն չէ, ես վախենում եմ, — կրկնեց մանուկը սեղմվելով մորը:

Գուրգենը գրկեց նրան մի ձեռով, շարունակ նայելով Լիդիային, որի արտաքին հանգստությունը նրան ավելի էր վախեցնում, քան նվաղիլը: Այժմ յուր մասին նա բնավ չէր մտածում: Զգալով, որ ինքն է այդ բոլորի սկզբնապատճառը, զգում էր իրեն կրկնակի հանցավոր Լիդիայի առջև: Ա՛հ, որպիսի՛ գոհունակությամբ նա ինքը մեն-մենակ կկրեր խայտառակ դատի ամբողջ ծանրությունը:

Դա՞ է ձեր մանուկը, — հարցրեց նախագահը:

Այո՛:

Տիրեց խորին լռություն:

Լիդիան զսպեց յուր շունչը, ավելի ու ավելի ամուր սեղմելով Սերժի ձեռը:

Նախագահը հանդարտորեն դուրս բերեց ժիլետի գրպանից պենսնեն, դրեց քթին, վերցրեց սեղանի վրայից ձեռի տակ գտնված թուղթը և կարդաց դատավճիռը:

Երբ նա սովորական բանաձևն անցնելով, արտասանեց` «դատարանը որոշեց», Լիդիան անգիտակցաբար այնպես ամուր սեղմեց Սերժի ձեռը, որ մանուկը ճչաց ցավից:

Որոշեց՝ վերցնել երեխային խորթ մորից և հանձնել հարազատ մորը, Զինաիդա Պրոխորովային, — հնչեց նախագահի սառը, անհողդողդ ձայնը:

Այլևս Լիդիան հետևյալ խոսքերը չլսեց: Նրա աչքերը մթնեցին, ձեռքերը թուլացան, բաց թողեց Սերժին: Նրան թվաց, թե առաստաղը խորտակվում է յուր գլխին և, մի սուր ճիչ արձակելով, ընկավ Սինոփյանի գիրկը, որ տեսարանը նախագուշակելով, կանխավ մոտեցել էր նրան:

Մամա, մամա, — գոչեց Սերժը և դառնագին հեկեկաց:

Թուղթն ընկավ նախագահի ձեռքից:

Զինան կանգնած էր անշարժ և դիտում էր հեռվից: Ոչ ոք չգիտեր, թե ի՛նչ է կատարվում նրա մեջ:

Պարոնայք դատավորներ, — լսվեց ընդհանուր շփոթության մեջ Սինոփյանի ձայնը, — դուք տեսնում եք այս երկու կանանցից ո՛րն է հարազատ մայրն այս մանկան:

Տեսարանը նախագահի վրա ազդել էր: Արտասուքի երկու խոշոր կաթիլներ ընկան պենսնեի տակից նրա ալեխառն մորուքի վրա:

Նիստը փակում եմ, — արտասանեց նա դողդոջուն ձայնով, — դատավճիռը վերջնական ձևով կազդարարվի մի շարաթ հետո...

Դատավորները վերկացան տեղներից, ամենքը հուզված:

Ոչ, ոչ, չեմ ուզում, — լսվեց հանկարծ Զինայի ձայնը, — երեխան իմը չէ: Ես հրաժարվում եմ նրանից էլ, փողից էլ. չեմ ուզում:

Նա վազեց դեպի Լիդիան:

Տիրո՛ւհի, տիրո՛ւհի, ներեցեք ինձ, ես մեղավոր եմ ձեր առջև: Ես չէի ուզում, նա՛ սովորեցրեց ինձ, Ելենա Գավրիլովնան: Պահեցեք երեխային, նա ձերն է: Ես ոչինչ չեմ ուզում:

Լազմանովը ապշած, զայրացած կրծոտում էր յուր շրթունքները:

Գուրգենը, Սինոփյանի օգնությամբ, դուրս տարավ Լիդիային և Սերժի հետ կառք նստեցրեց:

Շաբաթն անցավ: Ազդարարվեց միևնույն դատավճիռը:

Չնայելով Լազմանովի ջանքերին, Զինան մնաց անդրդվելի: Նա շարունակ կրկնում էր.

Երեխան իմը չէ, իմը չէ: Ես չեմ ուզում նրան, ոչ էլ փող:

Ամբողջ շաբաթ Լիդիան հիվանդ պառկած էր և Սերժին չէր թողնում հեռանալ յուր անկողնակալի մոտից:

Երբ նրան պատմեցին բոլորը, խնդրեց Զինային կանչել յուր մոտ: Նա փաթաթվեց յուր նախկին սպասուհու պարանոցին և համբուրելով նրան, մի քանի անգամ կրկնեց.

Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, լինենք քույրեր:

Բայց Սինոփյանը չտարվեց այդ տեսարանով: Նա ասաց Զինային.

Դուք դատարանի միջոցով կհրաժարվեք երեխայից, տալով ձեր ստորագրությունը, իսկ ես կապահովեմ ձեր կյանքը ցմահ:

Այդպես էլ արին:

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Next Last