Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Այո, արդեն հասել ենք մեր կայարանը, — ասաց Տարաշչենկոն, հրացանը վերցնելով:

Գնաք բարով, խնդրեմ վատ հիշատակ չտանեք իմ մասին:

Օօ, ոչ, ընդհակառակը, շատ շնորհակալ ենք, — ասաց Տարաշչենկոն:

Միայն մի բան ասեմ, — ավելացրեց Պաստուխովը, — Ուդելնոյի Վեդոմստվոյի կառավարիչը ձեզ խաբել է, գինին տասնհինգ տարվա չէր, նույնիսկ հինգ տարվա չէր:

Սպաները դուրս եկան վագոնից, Պաստուխովը խրոխտ քայլերով, Տարաշչենկոն երերվելով:

Մինչ Ալթունովը զբաղված էր ուտելիքների և ըմպելիքների մնացորդը զամբյուղի մեջ ժողովելով, ևս գլուխս դուրս բերեցի լուսամուտով, որ կարդամ կայարանի անունը: Սպաներն անցան լոսւամուտի տակով, հաղորդելով միմյանց իրենց տպավորոլթյոլններր Ալթունովից:

Բարի մարդ է, — լսեցի Տարաշչենկոյի ձայնը:

Խորամանկ արմյաշկա է, իր թթված գինով ուզեց մեզ կաշառել, — ասաց Պաստուխովը, հրացանը ուսին ձգելով:

Ես քնից նոր արթնացած ձևանալով իջա ցած:

Ալթունովը երջանիկ տրամադրության մեջ էր: Մեջքի վրա պառկած, ոտքերը դիմացի պատիկին հենած, ծխում էր ու ինչ-որ քթի տակ մրթմրթում, իբր թե երգում է: Նրա մուգ դեմքը կարմրել ու կապտել էր, խոշոր աչքերը լցվել էին արյունավ, պարանոցի երակները փքվել էին:

Ահ, — գոչեց նա, — դուք զարթնեցի՛ք: Վերջապես ազատվեցի այդ սոխերից: Կերան, խմեցին, կորան: Ափսոս արթուն չէիք պետք է տեսնեիք: Թե ինչ կատարվեց այստեղ: Ես այդ խրտվիլակների գլխին մի լավ խաղ խաղացի, երբեք չեն մոռանալ:

Եվ նա պատմեց իր խաղը: Բանից դուրս եկավ, որ իմ տեսածներն ու լսածները երազ էին: Հյուրասիրելով սպաներին, նա «բավական քանակությամբ» թույն է ածել ուտելիքների և ըմպելիքների մեջ: Նա ոչ միայն չի թաքցրել իր ատելությունը դեպի զինվորականությունն առհասարակ, այլև սաստիկ նախատել է նրանց, որ այդքան վայելուչ պաշտոնների ու արհեստների մեջ «արյան դաշտն են իրանց կյանքի համար ասպարեզ ընտրել»: Նա պարսավել է Ռուսիայի արտաքին ու ներքին քաղաքականությունները, այժմյան ռեակցիան, փոքր ազգերի հալածանքը և այլն, և այլն: Նա պաշտպանել է ժողովրդի իրավունքները, պետական դումայի անձեռնմխելիությունը: Մամուլի կատարյալ ազատությունը և հազար ու մի այդպիսի ազատամիտ բաներ:

Գիտեք, — ավարտեց Ալթունովն իր խոսքը, ոտքի կանգնելով, — երևակայել չեք կարող, թե նրանք ինչպես ամաչեցին: Նրանք ոչինչ չկարողացան ասել: Նրանք մինչև անգամ համաձայնվեցին ինձ հետ և ցավ հայտնեցին որ, լինելով պետական ծառայության մեջ, չեն կարող համարձակ խոսել:

Ես, իհարկե: ձևացրի, թե հավատում եմ Ալթունովի ասածներին: Չէ՞ որ ես քնած եմ եղել, ոչինչ չեմ լսել ու տեսել:

Հաջորդ կայարանում մեր կուպեն մտան երկու ինչ-որ թուրքեր մի-մի դաշույն մեջքներին կապած:

Մեկը նրանցից շիկահեր երիտասարդ էր սափրած երեսով: Հագած էր սև ատլասյա արխալուղ, վրեն կարճ պիջակ, ոտքերին երկայնավիզ կոշիկներ, գլխին դրած էր Բուխարայի մորթուց կարած Փոքրիկ գդակ:

Մյուսը ծեր էր, դեմքը խոշոր կնճիռներով ծածկված, թեև ընչացքը ներկած էր և ծայրերը խնամքով սանրած: Նա հագած էր երկայն չուխա լայն փեշերով, ուսերի վրա չուխայից կարճ մոխրագույն վերարկու՝ պղնձյա ոսկեփայլ կոճակներով:

Ես նորեն բարձրացա իմ տեղը, որպեսզի չխանգարեմ նորեկներին միմյանց քով տեղավորվելու վարի նստարանի վրա: Ալթունովը կարողացավ հարմար վայրկյան որսալ ականջիս շշնջալու.

Ահա մի զույգ ևս ցանկալի հյուրերինչ ասել կուզե: Չէ, ես էլ պիտի պառկեմ քնելու, եթե միայն կարելի է քսել դրանց գարշահոտության մեջ:

Ներս մտավ կոնդուկտորը կուպեի մոմը վառելու:

Ինչո՞ւ այդպես ուշ, — դիտողություն արավ Ալթունովը, թեև ուշ չէր, — կարծեմ կարող եք ձեր պարտականությունը ժամանակին կատարել:

Կոնդուկտորը, որ կանգնած էր նստարանի վրա, վառ լուցկին ձեռին, նայեց վերից վար մի տեսակ արհամարհանքով և ասաց:

Ես չգիտեի, որ դուք այստեղ եք:

Նրա հեգնական տոնը Ալթունովի ինքնասիրությունը վիրավորեց: Ուղեկիցս ձեռքերը գներով պանթալոնի գրպանները և գլուխը հպարտ բարձրացնելով, գոչեց.

Կոնդուկտո՛ր, բարեհաճեցեք մարդկանց ճանաչել և համապատասխան տոնով խոսել նրանց հետ:

Ճանաչում եմ, — պատասխանեց կոնդուկտորը, առանց երեսը Ալթունովին դարձնելու, — առաջին անգամը չէ, որ ձեզ նման ճամփորդ եմ տեսնում:

Կոնդուկտո՛ր, քաղաքավարի եղեք:

Համենայն դեպս ձեզնից չպիտի սովորեմ քաղաքավարություն:

Ալթունովը բորբոքվեց:

Լսում եք, լսում եք, — դարձավ նա թուրքերեն, — ահա այդպես են այդ գռեհիկները, միշտ կոպիտ: Ես հենց առաջին կայարանից կհեռագրեմ երկաթուղու գլխավոր կառավարչին, որ իմ ամենամտերիմ բարեկամն է ու գիտի ես ով եմ:

Կարող եք հեռագրել, որքան կամենաք, — պատասխանեց կոնդուկտորը, նստարանից իջնելով, — այդ տեսակ սպառնալիքներ մենք ամեն օր լսում ենք:

Եվ, մի հեգնական ժպիտ պարգևելով ուղեկցիս, դուրս գնաց:

Վայրենի՛, — գոչեց Ալթունովը, մի ոտը հատակին զարկելով և բռունցքն օդի մեջ բարձրացնելով: — Սպասի՛ր, անասուն, երբ քեզ պաշտոնից կզրկեն, այն ժամանակ կիմանաս, թե ով է Արկադիյ Մարկովիչ Ալթունովը: Ես դեռ երեկ Կովկասյան կառավարչապետի օգնականի հետ «Օրիանտ» հյուրանոցում ճաշելիս խոսում էի երկրի անկարգությունների մասին: Հարկավոր է միայն չմոռանալ գնացքի համարը և այդ անպիտան կոնդուկտորի անունը հարցնել մեկից: Ես իսկույն հեռագիր կկազմեմ:

Եվ, ծոցից դուրս բերելով հուշատետրը, ինչ-որ գրեց այնտեղ, արտասանելով, — հանդուգն, լիրբ, անասուն...

Այսպիսով, բավականաչափ զգալ տալով նորեկներին իր ընկերական դիրքի բարձրությունը (երկաթուղու կառավարչի հետ մտերիմ բարեկամ լինելը և հենց երեկ կովկասյան կառավարչապետի օգնականի հետ «Օրիանտ» հյուրանոցում ճաշելը) նա պառկեց մեջքի վրա և սկսեց ինչ-որ կտոր երգել Գեյշա օպերետից:

Երբ բոլորովին հանգստացավ, դարձյալ գլուխը բարձրացրեց, նստեց և նորեկներին հարցրեց.

Ո՞րտեղ եք բարեհաճում գնալ:

Եվլախ, — պատասխանեց երիտասարդ թուրքը:

Երևի առևտրական գործերով:

Մենք առևտրով չենք պարապում, — ասաց երիտասարդը մի տեսակ վիրավորված եղանակով:

Հապա՞:

Մենք կալվածատերեր ենք:

Կալվածատերե՛ր, — գոչեց Ալթունովը, կարծես ուրախանալով, — ներեցեք, ձեր ազգանո՞ւնը:

Բեքիխանով Ռահիմ-բեգ:

Եվ որպեսզի իր բեգությունը ապացուցանե, երիտասարդը մորթու գդակը քաշեց աչքերի վրա, ծոծրակը բանալով, և վիզը քորեց:

Կարո՞ղ եմ իմանալ ձեր անունն ու ազգանունը, — դարձավ Ալթունովը ծերունի թուրքին, որ մինչև այդ լուռ էր:

Ալլահյար-բեգ Մյոզքադարով, — պատասխանեց երիտասարդը ծերուհու փոխարեն:

Երևի գնում եք ձեր կալվածքները: -Այո:

Ալթունովը շտապեց ուրախություն հայտնել, որ հանդիպեց իր «եղբայրակիցներին», վասնզի ինքն էլ կալվածատեր է: Միևնույն ժամանակ, նա գրպանից դուրս բերեց ոսկյա և ադամանդյա մենագրերով զարդարված արծաթյա տուփն ու ծխախոտ առաջարկեց:

Ներեցեք, ձեր կալվածքը ո՞րտեղ է գտնվում, — հետաքրքրվեց երիտասարդ Ռահիմ-բեգ Բեքիխանովը, չհրաժարվելով ընդունել սիրալիր առաջարկված ծխախոտը:

Քութայիսի նահանգում:

Մեծ է, — քորեց նա իր գլուխը:

Այնքան էլ չէ, ութ հազար հինգ հարյուր դեսյատին, կեսը վարելահող, կեսը անտառ: Իսկ ձերը:

Իմը փոքր է, հազար դեսյատին, իսկ Ալլահյար-բեգ Մյուլքագարովինը մեծ է, շատ մեծ:

Է՛հ, — հառաչեց Ալթունովը, — մեծ թե փոքր, ներկայումս կալվածները օգուտ չեն բերում:

Մանավանդ Վրաստանում: Այդ «անհանգիստ» երկրի գյուղացիները միանգամայն երես են առել, հարկ չեն վճարում: Ալլահը գիտե ինչ կլիներ Ալթունովի գրությունը, էթե չունենար մի չորս-հինգ տներ Թիֆլիսում և մի չորս հազար դեսյատինի չափ հող էլ Բեսարաթիայում:

Ձեր տները մեծ են, — հետաքրքրվեց Բեքիխանովը:

Բավական:

Թիֆլիսի ո՞ր փողոցների վրա են:

Քուռի ձախ ափերում են, ճշմարիտն ասած, փողոցների անունները չգիտեմ:

Դուք էլ վերջին անկարգություններից վնաս կրեցիք Վրաստանում, — խոսեց վերջապես Ալլահյար-բեգ Մյոզքադարովը, ուսերը վեր քաշելով, որպեսզի վերարկուն չընկնի:

Ինչպես չէ, ինչպես չէ, — գոչեց Ալթունովը, — բոլոր անտառներս այրեցին կամ կտրատեցին, այնպես, որ այժմս ես չգիտեմ կալվածք ունեմ, թե՞ ոչ: Իսկ դուք, երևի նույնպես վնասվել եք, — շտապեց հարցնել:

Տունը քանդվի տունս քանդողների, — հառաչեց Ալլահ յար-բեգը:

Ո՞վքեր էին:

Ձեր հայերը:

Հայ-թուրքական ընդհարումների Ժամանակ:

Հենց այդ անիծյալ տարին նրանք սրիկաների և գլուխ կտրողների փոխարեն ինձ պատժեցին: Այրեցին տներս, գոմերս, ամբարանոցներս, թալանեցին գույքս... Հարյուր հազար ռուբլու վնաս հասցրին ինձ

Կարծես Ալթունովն իսկ և իսկ մի այդպիսի առիթի էր սպասում, որ լիովին արտահայտվե: Անմիջապես բորբոքվեց, կարմրեց ու սկսեց կատաղի խոսքերով պարսավել այդ ընդհարումները: Նա ասաց, թե Կովկասի «հերոսական պատմության մեջ 1905 թվականը» կբռնե մի շատ ամոթալի էջ, նա պնդեց, թե դա մի սոսկալի վայրենություն էր, որ կատարվեց, մի խայտառակ եղբայրասպանություն, որի համար պիտի ամաչեն ապագա սերունդներր և այլն, և այլն, և այլն

Բայց, լսեցե՛ք, — շարունակեց նա, — ես ինքս թեև ծագումով հայ եմ, սակայն ճշմարտությունը ամենից ավելի եմ սիրում, մեղավորները հայերն են, այո՛, հայերը:

Դուք էլ եք մեղավոր, մենք էլ, — ուղղեց երիտասարդ բեգը, ձեռը տանելով արխալուղի տակ, որ մեջքը քորե:

Ո՛չ, ոչ, դուք մեղավոր չեք, ոչ:

Ինձ թվում է, որ մեղավորը Շեյթանն է, — ուղղեց ծերունի բեգը, կամենալով փրկել հայրենակցիս ազգայնական ինքնասիրությունը, որ պատրաստ էր անդունդը գլորվել:

Շեյթանն ինքնըստինքյան, — համառեց Ալթունովը, — բայց ես էլի պնդում եմ, որ հայերն են մեղավոր, պետք է արդարասեր լինեի ինչ անենք, որ ես ծագումով Հայ եմ, ճշմարտությունն ամենից առաջ, ես կարող եմ թուրքերին ավելի սիրել, քան իմ հայրենակիցներին: Այնպես չէ՞, Ալլահյաբրեգ մեկը մյուսին չի խանգարում:

Չի խանգարում: — պատասխանեց ծերունին ուսերը տարակուսանքով վեր քաշելով, — բայց ես կարծում եմ, որ ամեն մարդ պարտավոր է նախ և առաջ իր միլլաթը սիրել, հետո ուրիշներին: Բացի դրանից, ես կարծում եմ, որ քրիստոնյան մահմեդականին չի կարող սիրել այնպես, ինչպես իր կրոնակցին:

Ո՛չ, ոչ սխալվում եք, բեգ, — գոչեց Ալթունովը, մի անգամ այն հափշտակվելով, — կարող է սիրել և շատ ավելի: Խոսքս, իհարկե, պատրիոտների մասին չէ, խոսքս օրինավոր մարդկանց մասին է: Մեկը հենց ես, ձեր խոնարհ ծառան: Երդվում եմ պատվովս, որ ես թուրքերին ավելի համակրելի, ավելի վեհանձն, ավելի ասպետ, ավելի անշահասեր ժողովուրդ եմ համարում, քան հայերին, վրացիներին և ռուսներին:

Այդ լավ եք խոսում, — դարձյալ համառեց ծերունին, — Բայց երբ որ մի թուրք է մեռնում, դուք էլ երևի ձեր հայրենակիցների պես, չեք ասում «մեռավ», այլ «սատկեց»: -Բե՛գ, աղաչում եմ, մի՛ վիրավորեք իմ զգացումները, — գոչեց Ալթունովը, հանկարծակի միանգամայն հրավառվելով, ինչպես զտված բամբակ, — մի՛ համարեք ինձ մեկն այն տխմարներից, որոնք իրենց քթից հեռու բան չեն տեսնում: Ձեզ հետ մարդ է խոսում և ոչ անասուն:

Գիտեմ, որ մարդ եք, իսկական մարդ, այդ երևում է ձեր շիր ու շնորհքից: Բայց ասացեք խնդրեմ, մի՞թե դուք մեզ կեղտոտ ու հոտած ժողովուրդ չեք համարում:

0օ, ձե՛զ, քավ լիցի: Ես շատ լավ գիտեմ, որ մահմեդականներն առհասարակ անհամեմատ ավելի մաքրասեր են, քան բոլոր քրիստոնյա ազգերը: Ասացեք, խնդրեմ, ո՞ր ազգի կրոնն է պատվիրում ամեն անգամ, գիտեք, այն բանից հետո, բաղանիք գնալ և լվացվել: Ոչ մի ազգի կրոնը, ոչ մի ազգի: Իսկ սրբազան ղուրանը հրամայում է: Բացի դրանից, դուք առավոտ-երեկո նամազ անելիս ձեռքներդ ու ոտքներդ լվանում եք, իսկ մենք քրիստոնյաներս, հազար ու մի կեղտոտ բաների դիպչելով, ձեռքներս ապականում ենք, Հետո մտնում ենք եկեղեցի ու երեսներս խաչակնքում, երբեմն էլ նշխարք վերցնում, ուտում ենք:

Դուք թուրք բարեկամներ ունի՞ք, — ընդհատեց Ալլահյար-բեգը Ալթունովի բարեկամական զգացմունքների զեղումը, կանխապես կոկորդը մաքրելով և թքելով հատակի վրա:

Իհարկե, ունե, այդ ի՞նչ հարց է: Կովկասի բոլոր խաներն ու նշանավոր բեգերը Ալթունովի մտերիմ բարեկամներն են: Դեռ երեկ նա Թիֆլիսի «Լոնդոն» հյուրանոցում շամպանիայով և երաժշտությամբ ճաշում էր իշխաններ Ուցմիևի և Աղալարովի հետ: Նա իր ժամանակի մեծ մասը թուրք արիստոկրատների հետ է անցկացնում:

Գիտեք, — ավելացրեց նա, ձայնը ցածրացնելով, — ես հայերի ու ռուսների հետ չեմ սիրում նստել, վերկենալ:

Ինչո՞ւ, — հարցրեց Ռահիմ-բեգը, նույնպես թքելով հատակի վրա և ոտով սրբելով:

Հենց այնպես, ինքս էլ չգիտեմ, երևի իմ պապերի երակներում թուրքի արյուն է եղել:

Ճշմարիտ, ձեր ազգանունն էլ կարծես թուրքի է, Ալթունով, — նկատեց Ալլահյար-բեգը:

Կարծեմ, իսկապես թուրք էլ եղել է իմ պապի հայրը:

Դուք վրացիների հետ լա՞վ եք, — հետաքրքրվեց Ռահիմ-բեգը:

Ի՞նչ, ո՞ւմ հետ, — հարցրեց Ալթունովը, իբր թե չհասկանալով դիմացինի հարցը:

Վրացիների

Ալթունովը բարձրաձայն հեգնորեն ծիծաղեց:

Արհամարհո՞ւմ եք նրանց:

Իհարկե:

Ինչո՞ւ:

Թողնենք:

Ո՛չ, ո՛չ հետաքրքրական է, — համառեց երիտասարդ բեգը, — որովհետև ես էլ մի քանի վրացի ծանոթներ ունեմ:

Գիտեք, ես վրաց ազգի մասին խոսք չունեմ: Շատ համակրելի, ազնիվ, մաքուր ազգ է, հյուրասեր, աշխատասեր:

Ուրեմն, ումն եք արհամարհում:

Ազնվականներին:

Ինչո՞ւ:

Գոռոզ են, ամբարտավան և ծույլ: Բացի դրանից, շատ մեծ կարծիք ունեն իրենց գեղեցկության մասին: Երևակայեցեք, ի՞նչ հանդգնություն, նրանք իրենց թուրքերից էլ ավելի գեղեցիկ են համարում:

Շարունակեցեք, էլ ո՞ւմ եք արհամարհում:

Ինտելիգենցիային: Վրաց ինտելիգենցիային, օօ, անտանելի է, շովինիստ, մեծախոս, կռվարար:

Իսկ նրանց օֆիցերնե՞րը, չինովնիկնե՞րը:

Նրանք էլ իսկի մի բանի նման չեն, օֆիցերները՝ սկանդալիստ, չինովնիկները՝ արբեցող:

Ուսանողնե՞րը:

Չեմ ճանաչում: Բայց պետք է, որ նրանք էլ մի բանի պիտանի չլինեն:

Արհեստավորնե՞րը:

Ճանաչում եմ, չգիտեն իրենց արհեստը, խաբեբաներ են:

Կանա՞յք: Գեղեցի՞կ են, չէ՞:

Հաա՛, դրա մասին խոսք չունեմ: Շատ շատերի հետ եմ բարեկամ: Բայց այն էլ ասեմ, որ եթե վաղը, մյուս օրը թուրք կանայք իրանց չադրան դեն գցեն, վրացուհիների աստղը կխավարե...

Դուք գյուղացիների մասին ոչինչ չասացիք, չէ՞ որ կալվածատեր եք, հետաքրքրականը այդ է ձեզ համար — , հարցրեց Ալլահյար-բեգը:

Ես դիտմամբ չասացի, — գոչեց Ալթունովը, նորեն գրգռվելով, — որովհետև արյունս պղտորվում է, երբ հիշում եմ վրացի գյուղացիներին: Այդ տեսակ ըմբոստ տարր աշխարհի ոչ մի կողմում չեք գտնիլ: Նրանք չե՞ն, որ անտառները կտրատեցին ու այրեցին: Ատում եմ ամբողջ հոգովս:

Ուրեմն, ոչ ոքի չեք սիրում վրացիների մեջ, — նկատեց Ռահիմ-բեգը:

Ասացի, որ վրաց ազգը սիրում եմ:

Բայց՞ուզում էի ես միջամտել, սակայն բարվոք համարեցի լռել, թողնելով, որ հայրենակիցս իր սայլը քշի մինչև վերջը:

Բարեբախտաբար գնացքը հասավ Եվլախ կայարան, ապա թե ոչ համոզված էի, որ Ալթունովը շատ պիտի առաջանար և, պարսավելով աջ ու ձախ բոլորին, դեպի թուրքերն ունեցած իր սիրո ու պաշտամունքի շտեմարանն սպառեր մինչև վերջը:

Բեղերն իրենց նոր բարեկամից բաժանվեցին շատ սիրալիր:

Ռահիմ-բեգը մինչև անգամ հրավիրեց նրան իր կալվածքը հյուր և խոստացավ նրան մի սիրուն նժույգ նվիրել:

Միայն ոչ այժմ, աշնանը մեզ մոտ ճանապարհները անանցանելի են, եկեք գարնանը կամ ավելի լավ է ամառվա վերջերին, — զգուշացրեց Ալլահյար-բեգը. ավելի քան կես տարով հետաձգելով Ռահիմ-բեգի հյուրընկալությունը:

Շատ շնորհակալ եմ, — ասաց Ալթունովը, ըստ երեվույթին, լավ ըմբռնելով այդ տեսակ հրավերների իսկական արժեքը: — Իսկ եթե դուք էլ բարեհաճեք այցելել իմ համեստ կալվածքը անտառներս կարգի բերելուց և տներս վերաշինելուց հետո, երջանիկ կլինեմ ձեզ հետ որսի գնալու: Իմ անտառներում մեծ քանակությամբ փասյաններ և թուրաջներ կան:

Թուրքերը դուրս ելան:

Դարձյալ լուսամուտից նայեցի, այս անգամ ուղղակի հետաքրքրվելով, թե ինչ պիտի խոսեն իմ հայրենակցի մասին:

Ի՞նչ կասես, Ալլահյար-բեգ, — լսեցի երիտասարդ Բեքիխանովի հարցը:

Թամիզ մարդու նման չէ, — պատասխանեց Ալլահյար-բեգ Մյովքադարովը, — ես նրա ոչ մի խոսքին չհավատացի:

Ես էլ:

Անմիջապես ցած իջա իմ տեղից, որպեսզի Ալթունովն իմանա, որ քնած չէի և ամեն բան լսում էի ու տեսնում: Բայց նա բնավ չշփոթվեց:

Տեսա՞ք,-դարձավ նա ինձ, տակավին ոգևորված,-տեսաք ինչպես ոչնչացրի այդ հոտածներին, ֆիդոն, օդեկոլոն էլ չկա մոտս, որ օդը մի քիչ մաքրեմ:

Այո, նա ուղղակի նրանց ավազակներ անվանեց: Նա ասաց, որ թուրք տարրը մեր երկրի քաղաքակրթության համառ մի մեծ խոչընդոտ է, որ նա գռեհիկ է, ֆանատիկ, հետադեմ, ոչ մաքրասեր և այլն, և այլն, և այլն...

Բայց ես ձեր ասածները չլսեցի, — համարձակվեցի նկատել, հազիվ կարողանալով ծիծաղս զսպել:

Ալթունովը, զարմացած ձևանալով, աչքերը լայն բաց արավ և գոչեց.

Չլսեցի՛ք, անկարելի է, ինչպե՞ս չլսեցիք:

Այո, չլսեցի:

Ուրեմն, քնած եք եղել: Շատ ցավում եմ, պետք է տեսնեիք նրանց դեմքերի ապուշ արտահայտությունը, երբ բոլորն ասացի: Գիտեք, երիտասարդ բեգը համաձայնվեց ինձ հետ:

Իսկ ծերունի՞ն, — հարցրի ես, թույլ տալով ուղեկցիս ասել՝ ինչ կամենում է:

Ծերունին կատաղեց: Նա ձեռը սեղմեց իր դաշույնի դաստակի վրա և գռռաց. «Հայ, լռի՛ր»:

Ահա ի՞նչ, ուրեմն ընդհարվել եք:

Ոչ, ծերունին իսկույն զսպեց իրեն, երբ, հանդիսաձևով դուրս բերեցի նագանս և դրեցի քովս:

Նա ետ արավ պիջակի կուրծքը և, ցույց տալով ինչ-որ ռևոլվերի կոթ, շարունակեց.

0օ, թող միայն փորձեր: Ցույց կտայի նրան, թե ինչ ասել է Ալթունով, երբ նրան կատաղեցնում են:

Դրսից լսվող աղմուկն ընդհատեց ուղեկցիս հոխորտանքը, որ, երևի, երկար պիտի շարունակվեր: Ներս մտավ այն կոնդուկտորը, որի հետ Ալթունովը ընդհարվել էր և որին շուտով պիտի արձակեին պաշտոնից: Նրա ետևից եկավ մի նոր ճամփորդ, որ ամբողջ կոկորդով գոռում էր.

Այդ այլանդակություն է, խայտառակություն: Ոչ մի օրինավոր ճամփորդ չի կարող տանել այդպիսի բաներ:

Հանգստացեք, իշխան, դուք առանց տեղի չեք մնալ, — համոզում էր կոնդուկտորը բորբոքված ճամփորդին:

Չէ՛, ասացեք խնդրեմ, այդ ի՞նչ կարգ ու կանոն է, աա, ի՞նչ կարգ ու կանոն, — շարունակեց իշխան կոչվածը, ականջ չդնելով կոնդուկտորին և ձեռքերն ուժգին թափով շարժելով օդի մեջ, — փող ենք տալիս, տոմսակ գնում, և հանկարծ տեղ չկա: Աա՛, այդ ինչ կարգ ու կանոն է:

Բայց դուք ոտքի վրա չեք մնալ, իշխան, հավատացեք, չեք մնալ, զուր եք բարկանում: Ահա այս կուպեում միայն երկու հոգի կա, ուրեմն, երկու ազատ տեղեր կան, կարող եք բռնել:

Իշխան կոչեցյալը մի վիթխարի տղամարդ էր ահագին քթով: Հագած էր չերքեզի կապա լայն փեշերով ու լայն թևերով: Ուսերի վրա ուներ չուխայից կարճ տառատոկ ոսկեթել ծոպերով: Գլխին դրած էր անասելի մեծությամբ մի գդակ, որ նրան լեռնային ավազակի տեսք էր տալիս:

Անկարգությո՛ւն, այլանդակությո՛ւն, ուրիշ ոչինչ,-չէր հանգստանում իշխանը:

Մեջ մտավ Արկադիյ Մարկովիչ Ալթունովը, որ չէր դադարում ջախջախիչ հայացքներ ձգել հակառակորդ կոնդուկտորի վրա:

Ձերդ պայծառափայլությունը միանգամայն իրավացի է զայրանում, — ասաց նա, — մի ժամ առաջ այդ միևնույն սուբյեկտը հանդգնեց ինձ էլ կոպիտ ու անվայել պատասխաններ տալ: Ես այդ մասին արդեն գրել եմ երկաթուղու կառավարչին, որ, ի միջի այլոց ասած, իմ մտերիմ բարեկամն է և որի հետ դեռ երեկ ճաշում էի «Անոննա» ճաշարանում, մի քանի ուրիշ ժեներալների ընկերակցությամբ:

Աա՛, դուք տվեք, թույլ տվեք հարցնել, — դարձավ նրան իշխանը:

Արկադիյ Մարկովիչ Ալթունով, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարիչը շատ խստապահանջ է իր ստորադրյալների վերաբերմամբ, միևնույն ժամանակ, սիրալիր է իր բարեկամների հետ: Հետևաբար, կասկած չունեմ, որ նա, ստանալով իմ նամակը իսկույն ևեթ գոհացում կտա ինձ, պաշտոնից ազատելով այդ կիսավայրենուն:

Ապա, դառնալով կոնդուկտորին, սպառնաց,

Սպասեցե՛ք, սպասեցեք, շուտով կիմանաք, թե ով եմ ես:

Այս անգամ նրա սպառնալիքը ազդեց կոնդուկտորի վրա:

Խեղճ մարդը ոչինչ չասաց: Միայն, դառնալով իշխանին, մեղավոր տոնով հարցրեց.

Ձերդ պայծառափայլություն, գո՞հ եք ձեր տեղով.

Գոհ եմ, գոհ եմ, գնացեք: Իրեղեններս տեղավորեցի՞ք:

Ահա այստեղ են, մեկ, երկու, երեք:

Լավ: Բայց ո՞ւր կորավ բեռնակիրը, ես նրա վարձը չեմ տվել:

Ձերդ պայծառափայլություն, ե՞րբ դուք սկսեցիք զուլալ, նա վախեցավ, իրեղենները թողեց ու փախավ: Ես եմ ներս բերել:

Փախավ, Հա-հա-հա, փախավ, — քահ-քահ ծիծաղեց իշխանը բարձրաձայն, բաց անելով տերտերի գրպանի չափ բերանը և ցույց տալով սևացած ատամները: -Վախեցավ, որ ծեծեմ, հը՞:

Այո:

Եվ կծեծեի, ղմերթիմանի, կծեծեի, Քեզ էլ կծեծեի, եթե տեղ չտայիր: Դե՛հ, վերցրեք այս և տվեք բեռնակրին:

Սակայն, քսան կոպեկ ստանալով, կոնդուկտորը տատանվեց դուրս գալ կուպեից:

Ձերդ պայծառափայլություն, — ասաց մի հաշտարար հայացք ձգելով Ալթունովի վրա:

Հը՛, էլի, ի՞նչ ես ուզում, կացո...

Խնդրեմ միջնորդեք պարոն ճամփորդի մոտ, որ իմ մասին գանգատ չգրե կառավարչին կամ վարչությանը: Ես գիտեմ, դեռ չի գրել, բայց կարող է գրել: Ձերդ պայծառափայլություն, առանց այդ էլ ծառայողներիս դրությունը նախանձելի չէ: Ընտանիքի տեր եմ, եթե հանկարծ զրկվեմ պաշտոնից, ո՞ւր պիտի գնամ: Թող չգանգատվի:

Ալթունովի դեմքը փայլեց ներքին հաճույքից:

Կացո՛, մի գրեք էլի, ի՞նչ է, — ասաց իշխանը, քիթը կնճռոտելով և ձեռքն օղի մեջ շարժելով:

Եթե ձերդ պայծառափայլությունը խնդրում է, կարող եմ ներել

Խնդրում եմ, կացո՛, խնդրում եմ, վա՛...

Թողեք ինձնից ներողություն խնդրե...

Էհ՛դարձավ իշխանը կոնդուկտորին, ձեռը զարկելով նրա ուսին, — ներողություն խնդրիր...

Խնդրում եմ:

Դե՛հ, վերջացավ, դե գնա...

Շնորհակալություն հայտնեցեք իշխանին, գնացեք և այսուհետև լավ ճանաչեցեք ճամփորդներին, — ներեց Ալթունովն իսկ և իսկ հրամանատար ժեներալի տոնով:

Շնորհակալ եմ, — արտասանեց կոնդուկտորը և դուրս գնաց:

Իշխանը վերցրեց ուսի տառատոկը, քաշ արավ պատին, նստեց և իր ահագին ոտները գրեց իմ նստարանի վրա:

Ինձ թվաց, որ նորին պայծառափայլությունը մի տեսակ արհամարհանքով է վերաբերվում դեպի հասարակ մահկանացուները, ուստի, նրա հպարտությունը չգրգռելու համար երեսս դարձրի լուսամուտի կողմ և սկսեցի դիտել շրջակա ամայի դաշտերը և լերկ լեռները: Բայց շուտով պարզվեց, որ նա վերին աստիճանի պարզ մարդ է, և բնավ չի պարծենում իր իշխանական տիտղոսով:

Հայտնվեց նաև, որ նրա ազգանունը Մերկվելիձե է, որ նույնպես կալվածատեր է և որ նրա կալվածքը նույնպես Քոլթայիսի նահանգումն է:

Ես կարծեցի, որ Ալթունովը, հանգամանքից օգտվելով, անմիջապես կսկսի խոսել իր ութ հազար դեսյատին վարելահողի ու անտառի մասին, մանավանդ որ իշխան Մերկվելիձեի հարևանն է: Ամենևին, նա այդ մասին բառ անգամ չարտասանեց, չնայելով, որ գյուղացիներն այրել էին նրա անտառները:

Սակայն այդ բնավ նրան չխանգարեց խոսակցության ուրիշ նյութեր գտնելու և գրավելու իշխանի բարեկամությանը: Սկսեց նա հայտնել իր անսահման սերն ու հարգանքը համայն վրաց ազգին՝ առանց որևէ դասակարգի բացառության: Ամենից շատ նա գովեց ու գովաբանեց ազնվականությունը, համարելով նրան «ասպետական» դասակարգ: Շատ անփույթ ձևով հիշեց մի շարք հայտնի իշխանական անուններ, որոնց հետ վաղուց, շատ վաղուց դու-ով է խոսում և որոնք ուրիշ կերպ չեն անվանում նրան, եթե ոչ «մեր թանկագին Արշակը»: Նկարագրեց մի շարք քեֆեր, դուդուկով ու զուռնայով «Եդեմ» և «Ֆանտազիա» այգիներում:

Պարզվեց ինձ համար, որ իշխան Մերկվելիձեն բացի պարզ մարդ լինելուց, զերծ է ազգայնական տենդենցներից և բոլոր ազգերին ու ազգություններին վերաբերվում է հավասար անտարբերությամբ:

Սակայն անհանգիստ Ալթունովն այնուամենայնիվ չկամեցավ դադարել շոյելու իշխանի ազգայնական ինքնասիրությունն ու ասաց:

Բայց, ձերդ պայծառափայլություն, ես դարձյալ կասեմ, ուր հայերը մեղավոր են վրացիների առջև:

Ինչու՞, կացո՛, — հետաքրքրվեց իշխանը, վերցնելով ահագին գդակը և շպրտելով մի կողմ այնպես, որ կարծես այլևս հարկավոր չէր իրեն:

Խոսքս մեր կապիտալիստների մասին է: Նրանք կլանում են Վրաստանը, օգտվելով ազնվականների նեղ վիճակից և մեկը մյուսի ետևից գնելով նրանց տոհմական կալվածները:

Այդ ճիշտ չէ, ճիշտ չէ, — գոչեց իշխանը, հանկարծ տաքանալով, — մեղավորը ոչ հայերն են, ոչ օտարները: Կացո, հանգամանքներն են մեղավոր, մեկ էլ ինքներս, վրացի ազնվականներս:

Այդ ինչպե՞սհարցրի ես:

Այնպես, մենք ծախում ենք, կապիտալիստները գնում են: Որ չծախենք, ո՞վ կարող է զոռով գնեն:

Բայց ինչո՞ւ են գնում, — ասաց Ալթունովը, — հայերը չպիտի գնեն:

Խնդրում, աղաչում ենք գնել վաա՛, — ավելի տաքացավ իշխանը, — օրինակ, մեկը ես: Տասնհինգ տարի է բանկին տոկոսներ եմ վճարում, քանդվեցի, վա՛: Պարտքերի մեջ ա՛յ, մինչև կոկորդս եմ խրվել: Վճռեցի, վերջապես, կալվածքս ծախել: Սատանան տանի, գոնե մի երկու տարի կուշտ կապրեմ ու այդ անպիտան գյուղացիներից կազատվեմ: Առաջարկեցի բանկին վերցնել իր իսկական գնով -մերժեց: Առաջարկում եմ գյուղացիներին պակաս գնովմերժում են: Փող չունենք: ասում են, վա՛, ես մեղավո՛ր եմ, որ նրանք փող չունեն: Ինձ էլ հենց փող է հարկավոր ապրելու համար, ազգասիրությունը ինչի՞ս է պետք: Այժմ ինձ հարցրեք, ո՞րտեղից եմ գալիս և ո՞ւր եմ գնում:

Երևի Բաքու եք գնում, — ասացի ես:

Հաա՛, հա, իսկ և իսկ Բաքու, ինչո՞ւ եմ գնում, կացո՛, կարոտել եմ նրա մազութի հոտին: Գնում եմ կալվածքս մեկին առաջարկելու:

Ո՞վ է այդ մեկը, — հարցրեց Ալթունովը:

Նավթա-արդյունաբեր Մարալյանցը, նա փող շատ ունե: Անցյալ տարի նա Եվլախի մոտ գնեց մի մեծ կալվածք: Լսեցի, որ այժմ այնտեղ է: Երեկ Քութայիսից եկա նրան տեսնելու, չկար: Ասացին՝ գնացել է Բաքու: Հիմա վազում եմ այնտեղ: Դե՛հ, ուրեմն, էլ ի՞նչ մեղք ունեն հայերը կամ ուրիշները: Եթե կամենաք, մենք դեռ շնորհակալ ենք նրանցից, որ չեն թողնում թանկերին մեր կալվածներն աճուրդով կես գնով վաճառելու:

Ալթունովը լուռ էր:

Բայց ինձ համար միանգամայն անհաս կանաչի է այն, որ մի ակնարկ անգամ չարավ իր Քութայիսյան կալվածքի մասին: Այս բանն ինձ այնքան հետաքրքրեց, որ չկարողացա ինձ զսպել և հարցրի.

Ասա՛, խնդրեմ, պարոն Ալթունով, ձեր կալվածքը, որ նույնպես Քութայիսի նահանգումն է գտնվում, տոհմակա՞ն է, թե՞ վրացիներից գնված:

Նա թեթև ցնցվեց և նայեց ինձ մի տեսակ, կես-կատաղի ու կես-աղերսական հայացքով:

Ի՞նչ, — գոչեց իշխան Մերկվելիձեն, ձեռը բարեկամաբար դնելով Ալթունովի ուսի վրա, — դուք էլ եք կալվածատեր:

Այո, — պատասխանեցի ես հայրենակցիս փոխարեն, — պարոն Ալթունովը Քութայիսի նահանգում ունե ութ հազար գեսյատին մի կալվածք, որի կեսը վարելահող է, մյուս կեսը անտառ: Թեև անտառները գյուղացիների ձեռքով այրված են ու կտրատված, բայց այնտեղ մեծ քանակությամբ կաքավներ ու փասյաններ կան:

Ութ հազար գեսյատին, — գոչեց իշխան Մերկվելիձեն ապշած, — կացո, այդ տեսակ մեծ կալվածք Քութայիսի նահանգում ոչ ոք չունե: Բայց չէ, կարելի է մի քանի կալվածքներ գնել եք ու միացրել:

Այո, ոչինչ, դատարկ բան է, — արտասանեց Ալթունովը անորոշ և դարձյալ նայեց երեսիս:

Սակայն սպասեցեք, — ուշքը ժողովեց իշխանը, — ես Քութայիսի նահանգի բոլոր կալվածատերերին անձամբ մի առ մի ճանաչում եմ: Որքան հիշում եմ այնտեղ Արկադիյ Մարկովիչ Ալթունով անունով կալվածատեր չկա, այն էլ ութ հազար դեսյատին ունեցող:

Այս անգամ ես նայեցի Ալթունովի երեսին, խոստովանում եմ, ոչ առանց նենգության:

Հանկարծ նա գլուխը բարձրացրեց և ականջ դրեց դեպի դուրս:

Ահ, — գոչեց, արագությամբ ոտքի ելնելով, — այդ ի՞նչ աղմուկ է: Կարծեմ կանայք օգնության են կանչում:

Ես մի ոստումով դուրս վազեցի կուպեից:

Օգնություն, գալիս եմ, գալիս եմ, — գոչեց իշխանը ահեղ ձայնով և ձեռը տարավ դաշույնին:

Դուրս եկանք նրբանցք:

Ոչինչ չկար: Այնտեղ երկու դեռահաս օրիորդներ և մի պատանի բարձրաձայն ծիծաղում էին: Պարզվեց, որ նրանց ծիծաղի առարկան մի թուրք կին է, որ անցնում է դաշտով ձի նստած, երկու երեխա գրկում պահած և երրորդին ձիու գավակին կապած:

Ա՛հ, — ասաց Ալթունովը, ինքն էլ ծիծաղելով, — այնպիսի աղմուկ էր, որ ես կարծեցի ավազակներ են հարձակվել և խեղդում են... կանանց... հասկանո՞ւմ եք, կանանց...

Կացո, այստեղ ավազակներն ի՞նչ գործ ունեն, — գոչեց իշխան Մերկվելիձեն, — ինձ էլ զուր անհանգստացրիր:

Գիտե՞ք, ձերդ պայծառափայլություն, — արդարացավ հայրենակիցս, — այս ճանապարհի վրա ամեն բան սպասելի է: Վերջերս ավազակությունն այնքան է զարգացել, որ սրիկաները երկաթուղու գնացքներն են կանգնեցնում և ճամփորդներին կողոպտում:

Ճիշտ է, — համաձայնվեց իսկույն իշխանը, չգուշակելով Ալթունովի խորամանկությունը, որ ինձ էլ խաբեց:

Վերադարձանք կուպե, և այլևս խոսք չեղավ Ալթունովի ութ հազար դեսյատին կալվածքի մասին:

Այս անգամ Ալթունովը բարձրացավ կուպեի վերին մասը, իր տեղը սիրալիր զիջելով իշխանին: Շատ չանցած լսվեց նրա անդորր խռմփոցը: Նա քնեց, չնայելով, որ քունը համարում էր «կես մահ»...

Իշխանը պառկեց, փաթաթվեց տառատոկի մեջ և նույնպես խռմփացրեց միայն ոչ Ալթունովի պես հանդարտ, այլ անասելի աղմուկով:

Զարթնեցին ուղեկիցներս առավոտյան այն ժամանակ, երբ գնացքն արդեն Բաքու էր հասել: Իշխանը մեզ ողջերթ մաղթեց և դուրս եկավ վագոնից:

Մնաք բարով, իշխան, մնաք բարով, — գոչեց Ալթունովը նրա ետևից, — հույսով եմ, որ մեր բարեկամությունը հաստատ կլինի: Օ՛հ, — դարձավ նա ինձ անմիջապես, — վերջապես ազատվեցինք այդ տխմարի ընկերությունից: Ա՛յ ստախոս: Ասում է կալվածք ունիմ Քութայիսի նահանգում: Ես Մերկվելիձե անունով կալվածատեր չեմ ճանաչում: Արժե՞ր վիճաբանել այդ ստախոսի հետ:

Բայց ինձ համար արդեն պարզ էր, թե որն է նրանցից ստախոսը:

Երբ գնացքը նորեն շարժվեց, մեր կուպեում երևացին երկու հրեական միմյանցից խիստ տարբեր տիպերմեկը հին, մյուսը նոր: Մեկը նիհար էր, կուրծքը ներս ընկած, արծվաքիթ, խիստ թանձր և խիստ սև մազերով: Նրա մորուքը սկսվում էր ուղիղ աչքերի տակից և վերջանում էր չգիտեմ ուր: Մյուսը գեր էր, առողջ կրծքով, կարմիր երեսով, շեկ մազերով, սպիտակ, ինչպես պինդ խաշած ձու:

Ալթունովը մի արհամարհական հայացք ձգեց նորեկների վրա, իհարկե, գաղտնի, և ասաց ինձ հայերեն:

Հիմա էլ Իսրայելի զավակների ձեռքն ընկանք: Թյու, դրանց հետ չեմ խոսելու: — Եվ իրավ, մոտ կես ժամ նա իրան պահեց ինչպես անմատչելի դալայլամա, հազիվ ինձ ևս մի քանի հատուկտոր խոսքեր ուղղելով: Միայն չմոռացավ այդ կարճ միջոցում չորս անգամ գրպանից դուրս բերել ոսկյա և ադամանդյա մենագրերով զարդարված արծաթե ծխախոտատուփը այնպես, որ հրեաները տեսնեն:

Հայտնի է, որ հրեաները ճամփորդության ժամանակ տանել չեն կարող լռակյաց ուղեկիցներին և ընդունակ են անգլիացիներին անգամ շատախոս դարձնելու:

Ինչպես երևում է, Թիֆլիսիցն եք գալիս, — դիմեց ինձ շիկահեր հրեան:

Եվ, բավարար պատասխան ստանալով, նա դարձավ Ալթունովին:

Դուք նո՞ւյնպես:

Հայրենակիցս իսկույն ևեթ կա կզեց և խզեց իր լռությունը: Եվ սկսվեց: Մի ժամ չանցած նա արդեն բարեկամացել էր երկու տարբեր տիպերի հետ:

Մասնավորից սկսելով, Ալթունովն անցավ հասարակական խնդիրներին: Թողնելով հասարակականը, վազեց դեպի քաղաքականը, այնտեղից դեպի՝ կրոնականը: Որոնեց, գտավ և որոշեց նախաքրիստոնեական եբրայեցիների կատարած հսկայական դերը պատմության մեջ, հատկացնելով այդ դերին ամենափայլուն էջեր: Աստվածաշունչը համարելով գիրք գրոց, Թալմուդը դրեց ավետարանի կողքին ու երկուսին էլ հավասար երկրպագեց: Չլինեին նրանք, կռապաշտությունը պիտի թագավորեր մինչև այժմ ամենուրեք և նրա հետ միասին բարբարոսությունը:

Next page