Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Բանից դուրս է գալիս, որ «ձայների առավելությամբ» հրաշքներ կարելի է գործել, օրինակ՝ մեկի խելոք հռչակել, մյուսին՝ հիմար, մեկին բարոյական, մյուսին` անբարոյական, մեկին գեղեցիկ, մյուսին՝ տգեղ, մեկին տաղանդավոր, մյուսին՝ անշնորհք, մեկին պատվավոր, մյուսին՝ անպատիվ:

Դրա համար ուրիշ բան հարկավոր չէ, բավական է քվեարկել և վերջացավ: Եթե դուք, դիցուք, ուզում եք որ ձեր բարեկամը գեղեցիկ կամ խելոք, կամ պատվավոր ճանաչվի, գրեցեք մի ընկերության անդամ, վճարեցեք 100 ռուբլի, բերեք ձեզ հետ 20 սպիտակ քվեներ և դուք ձեր նպատակին հասաք: Ընդհակառակը, եթե ձեր մի թշնամուն ուզում եք պատժել, բերեք 20 քվեներ, և ժողովի ձաների առավելությամբ կվճռի, որ նա անպատիվ մարդ էթեկուզ շատ պատվավոր լինի, կամ անճոռնի է -թեկուզ Ապոլլոնի պես գեղեցիկ լինի, կամ հիմար էթեկուզ Նապոլեոնի չափ խելոք լինի: Այս ուղղությամբ ումին կամենաք կալելի է մինչև անգամ գիժ հռչակել, բավական է քվեարկել, սևացնել, և խեղճ մարդուն, հայդա՛, գժատուն... Շուտով, երևի, ձայների առավելության սիրահար մեր երևելի գործիչները սկսեցին ամուսնանալ, ճանապարհորդել, քնել, ուտել, խմել, տրեպակա պարել, ոստոստալ քվեարկությամբ և ձայների առավելությամբ...

Ի նկատի ունենալով «ձայների առավելության» այս գերբնական զորությունը հարցեր վճռելում, ես կարևոր եմ համարում առաջարկել պատկառելի ընկերության ապագա ժողովին քվեարկությամբ վճռել հետևյալ հասարակական մեծ նշանակություն ունեցող անլուծելի հարցերը.

ա) Վերջապես, Համբարձում Առաքելյանը հանճա՞ր է, թե՞ ոչ:

բ) Ստեփանոս Մալխասյանը ե՞րբ է չափահաս դառնալու:

գ) «Մշակը» քանի՞ խմբագիր ունի:

դ) Նրա պաշտոնական խմբագիրը միևնույն առարկայի մասին քանի՞ կարծիք ունի:

ե) Ո՞վ է ավելի մեծ մարդ, Խաչատուր Մալումյա՞նը, թե՞ Բիսմարկը:

[ԹԱՄԱՇԱ]

Հարգո խմբագիր, դուք ինձ առաջարկում եք նկարագրել այն օպերետային ներկայացումը, որ անցյալ մարտի 22-ին տեղի ունեցավ Թիֆլիսի քաղաքային խորհրդարանի դահլիճում, հօգուտ, ներողություն, ի բարոյական անկումն Հայոց հրատարակչական ընկերության: Ճշմարիտն ասած, մեծ պարտք եք դնում ինձ վրա. դա մի դժվար գործ է: Բայց կփորձեմ կատարել այդ պարտքը և կաշխատեմ նկարագրել այդ երևելի հանդեսը ֆոտոգրաֆիկական ճշտությամբ, եզրակացությունները թողնելով ընթերցողներին:

***

Օրը շաբաթ էր, երեկոյան յոթ ժամը: Ես կատարում էի իմ սովորական զբոսանքը Գոլովինսկիյ պրոսպեկտում: Մեկ էլ տեսնեմ դեմուդեմ վազում է Կոլոլ թաղի պատվավոր քաղաքացի խարազ Սարգիսի տղա հաստափոր, հաստավիզ, է՛հ, թող չնեղանա բարեկամս, մի քիչ էլ հաստագլուխ Գևոն: Պետք է ասած, որ այն օրից, երբ Գևոն ապօրինի ճանապարհով ուրիշների բիձայից ժառանգություն է ստացել, այլևս նրան չեմ հանդիպում իմ բարեկամ տներում, ուր նա սովորաբար գալիս էր ձրի ճաշեր և ընթրիքներ անուշ անելու:

Բարով, Գևո ջան, — էդ ո՞ւր ես շտապում, — հարցրի ես, տեսնելով բարեկամիս քրտնած և հևալով:

Գնա՛ կորիր, քո գլուխը չունիմ, — պատասխանեց Գևոն, ինձ մի կողմ հրելով և ինքն առաջ վազելով: Թե Գևոն իմ գլուխը չունի, այդ ևս վաղուց գիտեի, վասնզի նա իսկի գլուխ էլ չունի, բայց դարձյալ հետաքրքրվեցի, որ իմանամ նրա այս անգամվա գլուխ չունենալու պատճառը:

Մուլա՛փ, թե ախպեր ես, — հարցրի, — էլի ի՞նչ է պատահել:

Էն է պատահել, որ դուն ռենեգատ իս:

Վա, վա, Գևո ջան, էդ ինչ խուրը տկեմեն իս դուրս տալի, ռենեգատս վուրն է:

Ռենեգատն էն է, վուր ինքը քելեխ չի սիրի ու ուրիշի գլխին էլ հարամ կոնե: Մի գնա, էէ՛, ձլիվ փուրս կշտսցել է, էկիլ իք ու կերածս գլխիս հառամ իք անում: Դուն ռենեգատ իս, դուն ազնիվ ու մաքուր գործիչ չիս:

Հասկացա, իժո՞ւմ:

Իժում, էլ ինչ իժում: Իժումն էն է, վուր էս իրիկուն քիզ ու քիզ նմաններին պիտի սիվցնինք, վունց որ դուն իս մեր երիսը սիվցնում խալխի առաջ...

Ի՛նչ սիվցնիլ, ի՞նչ իս ասում:

Ընտրություն է, բաս չի՞ս իմացի, արա թե ղոչաղ իս, արի հետս ու միր սիվ կենճիքը համբրի:

Ասաց բարեկամս ու վազեց դեպի Թիֆլիսի քաղաքային խորհրդարանի դահլիճը: Ես մատս կծեցի ու հետևեցի նրան: Մտնում եմ դահլիճի նախասենյակը և ի՛նչ եմ տեսնում: Մեջտեղ կրակ բռնածի պես դեսուդեն է վազում օրվա հերոս սև Սանդրոն:

Սանդրո ջան, վո՞ւնց ին միր բանիրը, — շնչասպառ գոչում է Գևոն:

Դիփունանցն էլ բերիլ իմ, — պատասխանում է Սանդրոն հանդիսավոր եղանակով:

Գևոն փաթաթվում է Սանդրոյի վզին, ու պաչպչվում են: Նայում եմ շուրջս և սարսափում: Գլուխս սկսում է պտույտ գալ ղանձիլի, սոխի, սխտորի, թթու դրած բոխու հոտից: Լսում եմ բղկոցների, օրոշտալու ձայներ, և ինձ թվում է, թե ջհուդի բաղնիք եմ ընկել: Ըստ երևույթին նույնն են զգում մի խումբ տիկիններ ու օրիորդներ, որովհետև բոլորն էլ թաշկինակներով ծածկել են իրանց քթերը:

Այդ ի՞նչ է պատահելհարցնում եմ մի թաշկինակավոր տիկնոջ:

Մի՞թե չգիտեք, այսօր ներկայացում է հոգուտ Հայոց հրատարակչական ընկերության, մենք էլ եկել ենք թամաշան տեսնելու: Տեսեք, պարոն Մաղքոս, դուք մեզ մոտեցաք, այն մյուս խումբ տիկիններն ու օրիորդները թարս-թարս են մտիկ տալիս մեզ և ձեզ: Զգույշ, չլինի՞ թե ձեզ սևացնեն:

Տիկին, — պատասխանում եմ ես, — ես ո՛չ ընտրող եմ, ո՛չ ընտրվող, որ սևացնեմ, կամ ինձ սևացնեն: Թող ինչքան ուզում են ինձանից նեղանան, բայց ես Էսթետիկական ճաշակ ունեմ, թույլ տվեք ձեր շրջանում մնալ:

Հետզհետե հասարակությունը բազմանում է: Ես բարձրանում եմ վերնահարկը: Դահլիճը շատ լուսավորված է, բայց դարձյալ տիրում է մթություն, որովհետև այնքան սև դեմքեր և մեծ քթեր կան, որ ամեն լույս ընդունակ են մթնացնելու:

Ամբիոն է բարձրանում կլորիկ, կարմիր աչքերով, դեղին ականջներով, կարմիր երեսով մոտ 45 տարեկան մի պարոն: Դա հայտնի քելեխբաշին է, որ գիտե միաժամանակ հինգ տեղ քելեխ ուտել: Եվ այնքան յուղալի քելեխներ է կերել, որ երեսից, աչքերից, ճակատից և ամբողջ փայլուն դեմքից դմակի յուղ է թափվում: Նա զանգահարում է: Ժողովականները ներս են գալիս: Երևում են մի խումբ չեզոք մարդիկ, որոնք ոչ մի հետին միտք չունեն, ոչ մի քելեխի հետ կապ չունեն և եկել են լոկ թամաշայի համար: Ներս է մտնում հայ գրականության ներկայացուցիչների փոքրիկ խումբը՝ 810 հոգին համեստաբար նստում ուր որ պատահում է:

Նրանց հետ ներս են մտնում թաշկինակավոր տիկնիկներն ու օրիորդները և համեստաբար նստում, ինչպես վայել է կրթված գեղեցիկ սեռին:

Վերջապես դահլիճը դղրդում է, և երևում է մի ահագին փիղ: Նրա ճակատին մեղրամոմի մխով գրված է. Ես եմ վիթխարի մղդսին: Նրա հաստ պարանոցին նստած է գեղարվեստների մանրացում, տիեզերահռչակ Համբարձի ամին: Քնքշության և գրացիայի ներկայացուցիչը, հանդիսավոր օրվա առիթով, հագել է կարմիր ֆրակ, սպիտակ ժիլետ, դեղին գուլպաներ: Ֆրակը կարված է Թավրիզի առաջնորդարանի մահուդից, ժիլետը` Բարեգործական ընկերության կրկնակի անդորրագրերից: Դեմքը, վերին աստիճանի հրապուրիչ է, ճակատը փայլում է ապոլլոնյան հպարտությամբ, աչքերը կայծեր են արձակում, կայծեր, որոնցից յուրաքանչյուրը մի-մի գեղեցկուհու սրտում հրդեհ է առաջացնում:

Նրա հետևում նստած է գիտության մարմնացում, նույնպես տիեզերահռչակ Ստեփան ափուն: Նա հագած է սև քղամիդ, մի ձեռին պահած մի մեծ պատյան, մյուսում` մի եղեգնա գրիչ և խորասուզված գրում է. Ես և իմ անցյալը, վերնագրով մի շարադրություն: Մերթ ընդ մերթ նրա մեջ զարթնում է բնական ձգտում` դեն ձգել մատյանն ու գրիչը, վեր կենալ քղամիդի փեշերը վեր քաշել և փղի վրա մի սիրուն կանկան պարել: Բայց լրջամիտ Ապոլլոնը ամուր բռնել է նրա փեշերից և թույլ չի տալիս:

Գեղեցիկի և գիտության հետևում տեղավորված է դեղին աչքերով, տափակ ճակատով և ճյուղունդրի պես կարմիր երեսով ու ականջներով մի 35 տարեկան մարդ, որ խիստ նման է Թամամշևի քարվանսարայի շկափչիկի: Դա ինքն է Բիսմարկի և Մոլթքեի մտերիմ բարեկամ քաջամարտիկը: Նա զինված է ոտից մինչև գլուխ և աջ թևի վրա բռնած է մի վահան, նրա աչքերից մեղր, ներողություն, հուր է թափվում, իսկ դեմքից ալիզարին, ներողություն կրակնա սոսկալի է և շարունակ բեղերը սրելով, մարտի հայցքներ է ձգում իր շուրջը: Նրա ախ երեսի վրա նշմարվում է մի սպի: Դա մի նշանավոր ճակատամարտում ստացած վերքի հետքն է, որ ունի մարդկային աջ ձեռքի ափի դրոշմը, նրա կրծքին քաշ է արած մի ոսկե ժետոն, որի վրա փորագրված է, ապրիլի 9-ին արքունական թատրոն:

Խեչո, մի վախենա, էստի իմ,-ասում է մեկը:

Դա Սանդրոն է, որ մի դագանակ ձեռին, փղին բիզ-բիզ անելով ներս է քաշում: Փղի կարճլիկ պոչից քաշ է ընկել մեր Գևոն:

Սանդրոն գոռում է.

Ճանապարհ տվեք մաքուր և անարատ գործիչներին...

Ճանապարհ տվեք

Դահլիճը թնդում է ծափահարություններով: Փիղը մաքուր և անարատ գործիչներին ցած է բերում դահլիճի աջ կողմում, այնինչ՝ գործիչները ազատամիտ՝ լինելով, պիտի ձախ կողմը բռնեին: Բայց փիղը ինչ գիտե պառլամենտական կարգ ու կանոնը, նաև մաքուր ու անարատ գործիչները չգիտեն, որ աջ և ձախը պառլամենտում նախագահի կողմից է հաշվում: Քելեխբաշին երեսի յուղը սրբելով, զանգակ է հնչեցնում և հրավիրում նախագահ ընտրել: Խուժանը գոռալով, միմյանց հրելով, ոտքի է կանգնում և քվեարկում: Ձայների ահագին մեծամասնությամբ ընտրվում է մի մարդ՝ սափրված, եղած, փայլուն երեսով: Նա ունքեր չունի, ոսկրոտ ճակատի տակ աչքերի փոխարեն երևում են երկու բիզով փորած ծակեր: Նա հանդիսավոր բազմում է նախագահական բազկաթոռի վրս: Նրա աջ կողմում նստում է յուղալի երեսով քելեխբաշին, իսկ ձախ կողմում մի ինչ-որ տկճոր, միթամ քարտուղարն է...

Կարդում են ինչ-որ տեղեկագիր: Գրականության ներկայացուցիչները միամտաբար կարծելով, թե իրանք գրականության հիմնարկության մեջ են, ոտքի են կանգնում խոսելու: Բայց նախագահը նրանց կարգի է հրավիրում, բացատրելով, թե գրականները օպերետային ներկայացումներին մասնակցելու իրավունք չունեն:

Տեղեկագիրը հաստատվում է միաձայն: Սանդրոն մատներով դհոլ է ածում փղի փորի վրա. գիտության մարմնացումը քղամիդի փեշերը բարձրացնելով, սկսում է կանկան պարել: Մարսը բեղերը սրում է և ձախ երեսը բաց անում: Գեղարվեստը բացականչում է.

Լոխ էլ մերոնք են, լոխ էլ մաքուր ու անարատ են, հունց որ ես:

Հիմա տրեպակա, — ասում է նախագահը:

Հա, ընտրութոն, ընտրութոն, — գոռում է Համբարձի ամին, և բոլորը սոսկում են:

Քվեարկում են, և ձայների ահռելի մեծամասնությամբ ընտրվում են՝ մի ոչխար, մի փոդրաթչի ու վաշխառու, քելեխբաշին և մղդսին: Փիղը իր առջևի թաթերը դնում է նախագահի սեղանի վրա, հասարակությանը շնորհակալություն է հայտնում, հետո սկսում է երգել Այսմավուրքից մի ռոմանս: Մարսը Ժետոնը բարձրացնում է գլխից վերև և գոռում,

Ուռա՛:

Ժողովականների չեզոք մասը շտապում է հեռանալ դահլիճից: Մնում են մաքուրներն ու անարատները:

Գրականության ներկայացուցիչների և թաշկինակավորների փոքրիկ խումբը նույնպես ուզում է հեռանալ: Բայց այդ միջոցին նրանք լսում են, թե օպերետը վերջացել է, այժմ պիտի ֆարս խաղացվի:

Բայց այս մասին մյուս անգամ:

ՖԱՐՍ

Համաձայն իմ խոստման, տալիս եմ մարտի 22-ին ներկայացված ֆարսի ռեցենզիան: Ֆարսը բաղկացած էր մի գործողությունից, վերնագիրն էր «Հարյուրը մեկի դեմ» կամ «Առնետների արշավանքը», հեղինակություն՝ ազգիս ամենահանճարեղ վիպասան Նամալյանի: Դեռ խաղամիջոցին, այսինքն օպերետից հետո, Գևոն (նույն և Վանոն) մոտեցավ ինձ և հաղթական եղանակով ասաց.

Վո՞ւնց էր, տեհա՞ր ինչ ղադա կենճիք ունինք:

Տեհա, ախպեր, զոռբա իք, էլի, իմ արիվը:

Ապա հիմա աչքնիրդ բազմնչու արա ու տիս, թե ինչ օյին պիտի խաղանք, այ, Էն ռենեգատի գլխին, վուր ջլիզ միր աչքի փուշն է դարձիլ:

Այս ասելով, Գևոն գլխով ցույց տվեց ինձ մի երկար մազերով մարդու, որ հեռվում կանգնած, բանից բեխաբար, ծխում էր: Ապա նա դարձավ սև Սանդրոյին ու գոչեց.

Աֆարիմ, միր կենճիբաշի, միր աչքի լույս, միր գլխի տեր ու տիրական, միր հավատ ու հույս, միր գլավնոկամանդուշի, սիվ Սանդրո, քո սպիտակ հոգուն մատաղ

Բրավո, — բղավեց շկափչիկը խրոխտ պատերազմական եղանակով:

Բրավո, — կրկնեցին Մեղրի քաղաքի կամավոր զինվորները: (Այս առիթով տես Մեղրի քաղաքի նկարը «Տարազի անցյալ համարում):

Մաշ կթողնի վուր կուցացկությունը տանո՞ւլ տա, — պարծեցավ Սանդրոն, աչքերը պսպղացնելով:

Մըռռբըռռ, — մռնչեց փիղը, կնճիթը բարձրացնելով:

Մղդսի ախպեր, Էդ մասին մի փիլիսոփայական տրակտատ կգրես իմ լրագրի համար, — պատվիրեց քելեխբաշին:

Մղդսին քրտնեց, վաղօրոք երևակայելով, թե ինչ ֆիզիկական աշխատանք պիտի գործ գնի այդ տրակտատը գրելիս: Բայց ձեռաց, տեղնուտեղը նա կամեցավ Սանդրոյին պատվել, կնճիթը ծռեց, կանգնեց հետևի թաթերի վրայ ու սկսեց մազուրկա պարել: Գրանգիյոզնիյ Համբարձի ամին թռավ նրա ուսերը և սկսեց երգել մի սերենադա, հեղինակություն՝ բանաստեղծ Ալիքյանը և երաժշտություն՝ Աբդուլբաղիի: Շկափչիկը ոոկե ժետոնը ձգեց Սանդրոյի ոտների տակ և չոքեց նրա առջև:

Տեսարանը սրտաշարժ էր: Սանդրոն զգացվեց և արտասվալի ձայնով երգեց.

«Ախ, ասումիս դիմացիր, յար,

«Ո՞նց դիմանամ, միթե ե՞ս եմ քար...

Չգիտեմ ինչով կվերջանար այդ տարօրինակ անտրակտը, եթե չլսվեր ոեժիսորի զանգակի ձայնը, որ կլոուններին հրավիրում էր բեմ:

Երբ վերջիններս հավաքվեցին բեմի վրա, ռեժիսորը դիմեց ժողովին, հարցնելով.

Պարոններ, մի քանի կանկանների սիրահար ժողովականներ ուզում են նոր հարց զարթնեցնել համաձա՞յն եք

Վո՞ւնց չինք համաձայն, ինչ հարցնել կուզի, — գոռաց դահլիճի մեծ մասը, որ վաղօրոք արդեն գիտեր, թե ինչ հարց է:

Այդ ի՞նչ հարց է, — հարցրին գրականության ներկայացուցիչները:

Քեզանից մեկը պատկառելի ընկերությանս ամենապատկառելի վարչության ճակատին դրոշմել էր զրպարտող և անվանարկող ածականը: Պետք է իմանալ՝ ճի՞շտ է դրոշմել, թե մի քիչ սխալվել է:

Բայց այդ այսօրվա հերթական հարցերի մեջ չկա, դա կանոնադրության դեմ է, ապօրինի է, — ընդդիմացան գրականները:

Պատերազմական դրության ժամանակ, — խոսեց շկափչիկըօրենքները խախտվում են և գործս դրվում են բացառիկ կանոններ: Հարկավոր է դատապարտել այն ռենեգատին, որ մեր գլխին հառամ է անում մեր քելեխը:

Բայց բարոյական օրենքներ կան, որ պետք է հարգել, — ասացին գրականները, — ոչ մի պատերազմում ընդունված չէ թշնամու վրա հարձակվել քամակից, այն էլ հարյուրով մեկի դեմ: Եթե ուզում էիք այդ հարցը քննել, պետք է ձեր թշնամուն նախազգուշացնեիք:

Ի՞նչ եք երկարացնում, կարդացե՛ք դոկումենտները, — գոռաց մի գինեվաճառ, որ գյուղացի այգետերերի գինիները գնելիս միշտ դոկումենտներով է օգտվում նրանց բերքերից:

Դոկումենտները, դոկումենտները, — գոռացին մյուսները:

Հա, դոխտուրները, դոխտուրները կարդալ, — բղավեց Սանդրոն:

Քելեխբաշին (իմա ֆարսի հեղինակ Նամալյանը), երեսի յուղը սրբելով, ոտքի կանգնեց և կարդաց այն «դոկումենտները», որ պետք է, ըստ էության Վանոյի, ջարդուփշուր անեին քելեխակերների թշնամուն: Կարդաց զգացված, ոգևորված: Բանից երևաց, որ այդ «դոկումենտները» դեռ ամիսներ առաշ քելեխակերների թշնամին, ինքն իր ստորագրությամբ տպել է «Տարազում»: Իսկ այժմ տաղանդավոր կլոունները նրանցից մի ֆարս են շինել և խաղում են վերնահարկի առջև:

Այդ խոմ հին բան է, — գոչեցին շատերը հիասթափված, ոչինչ չգտնելով դոկումենտների մեջ, բացի այն, որ վարչությունը զրպարտել է քելեխակերների թշնամուն:

Այս քի՞չ բան է, քի՞չ բան է, — տաքացավ քելեխբաշին:

Այո՛, շատ է, շատ-շատ է ձեր անամոթությունը ապացուցելու համար, — գոչեցին ոմանք:

Վեր կացավ քելեխասերների թշնամին և, փորը ծիծաղից բռնելով, նկարագրեց քելեխբաշիի, գինեվաճառների օյինբազությունը և ցույց տվեց ֆարս հնարողի անշնորհքությունը:

Կորչի վարչությունը, կորչի նրա նախագահը, ամո՛թ նրանց, — բացականչեց վերնահարկի հասարակությունը, որի վրա մեծ հույսեր ունեին կլոունները:

Այստեղ պատահեց մի չտեսնված, չլսված, մի անբնական բան, որտեղից որ է քելեխբաշիի մեջ զարթնեց մի տարօրինակ զգացումամոթի զգացումը: Նա մի քիչ գունատվեց, բայց միայն մի քիչ, հետո էլ ավելի առատությամբ սկսեց յուղ հոսալ նրա կարմիր երեսից և դեղին աչքերից:

Գրականները և թաշկինակավոր տիկիններն ու օրիորդները բարձրաձայն ծիծաղում էին: Շկափչիկը բարկացավ նրանց վրա և կամեցավ մի սոսկալի հայացքով զսպել նրանց: Սակայն իզուր, ծիծաղը քանի գնում սաստկանում էր: Այն ժամանակ շկափչիկը ոտքի կանգնեց և, ձեռը ուժգին զարկելով սեղանին, գոչեց,

Ի՞նչ եք ծիծաղում, ես այդ դոկումենտները «Տարազում» չէի կարդացել, ծուլություն էի արել:

Գրացիան բռնեց նրա փեշից և ականջին շշնջաց. — Խեչո, սուտ մի ասիլ, կարդացել ես, դու բոլորը կարդում ես, ինչ որ գրում են «Տարազում»:

Սուս, քո բանը չի, կլումբոզ, — զսպեց նրան Խեչոն, — այո՛, ես ծույլ չեմ, բայց ժամանակ չունեմ, ես զբաղված եմ Բիսմարկի և Սոլիսբրիի հետ նամակագրությամբ: Ներկայումս խորհրդակցում ենք Կրետեի հարցի մասին: Բայց ես կասեմ ձեզ, որ պետք է զրպարտել, ներողություն, դատապարտել այդ անիծյալ ռենեգատին: Գիտե՞ք ինչու (լսեցեք, լսեցեք), որովհետև նա հանդգնում է իմ մասին գրել, թե ես իբր քելեխասեր եմ: Այնինչ՝ ձեզ հայտնի է, ես ով եմ (ծափահարություններ աջակողմյաններից, շվոցներ ձախակողմյաններից): Հարկավոր չէ երկար խոսել նայեցեք ձախ երեսի անջնջելի վերքին (լսեցեք, լսեցեք), նայեցեք այս ժետոնին (սարսափ աջակողմյանների մեջ), կարդացեք «Ռազմագիտական կրկնակի նահանջը Սպանդարյան ճակատամարտից» վերնագրով պատմությունը իմ մասին և կճանաչեք, թե ես ով եմ (օօօ՛օ): Այո, դատապարտել այդ անիծյալ երկար մազավորներին, ես ատելով ատում եմ նրան...

Քո հոգուն մատաղ, Խաչան ջան, բլբուլ է, բլբուլ, — գոչեց Սանդրոն հիացած:

Գրականների և թաշկինակավոր տիկինների ու օրիորդների շրջանում ծիծաղը արդեն Հոմերական դարձավ: Նրանց էսթետիկական զվարճությունը անսահման էր: Ծիծաղում էր և վերնահարկը, Կլոունները շփոթվեցին: Հանկարծ լսվեց մի սոսկալի դղրդոց: Հերթը այժմ փղինն էր: Նա կամեցավ ատենաբանություն անել, բայց քրտնեց, չկարողացավ, կնճիթը բարձրացրեց, աջ ու ձախ հանդիսականներին գլուխ տվեց, կամեցավ Նարեկից մի արիա երգել: Այդ էլ չեղավ, սայթաքեց, ամբողջ մարմնով թավալվեց գիտության ու գրացիայի վրա և ճանճերի պես ճխլտեց նրանց: Խեղճ Համբարձի ամիի և Ստեփան ափայի դիակները դուրս տարան:

Բայց ֆարսը դեռ շարունակվեց: Փելեխբաշին կաշվից դուրս էր գալիս, որ գոնե վերնահարկին զսպե, որ նա չշվացնե, այլ ծափահարե ֆարսին, բայց իզուր: Շկափչիկ Խեչոն ուղղակի կորցրել էր իրան, թռչում էր վայր ու վեր, ձեռներն ու ոտները շարժում, տրտինգ էր տալիս գիժ մոզու պես, բայց ոչինչ չէր օգնում: Քելեխբաշին խաբվածի պես տրորվում էր իր տեղում: Փիղը փառանչում էր ու մռնչում, քթից մեղրամոմի ծուխ արձակելով: Ոինչ չէր օգնում:

Ռեժիսորը զանգակը հնչեցրեց և գոռաց.

Վստահություն, պարոններ, վստահություն, որ իմ խումբը հաջորդ ֆարսը լավ կխաղա:

Հա, ուստայութի՛ն, ուստայութի՛ն, — աղաղակեց Սանդրոն:

Ի՛նչ բստայութին, — գոչեց մի գինեվաճառ, վստահություն բառը բստահություն, այսինքն՝ բստել (բոթել) հասկանալով: Եվ քամակից գողնովի մոտենալով քելեխականների թշնամի «ռենեգատներից» մեկին, հետևից կամեցավ բստել (բոթել): Բայց վերնահարկից բռունցքները բարձրացրած` ներքև վազեցին մի քանի տաքարյուն երիտասարդներ, որ մի լավ «դհոլ» ածեն փղի, գինեվաճառի, քելեխբաշիի և շկափչիկ Խեչոյի փորին: Բարձրացան աղմուկ, շփոթություն, գոռում-գոչյուններ:

Թե ախպեր ես, Սանդրո, օգնության հասիր, — գոռում էր Խեչոն, փղի փորի տակը մտած և ժետոնը իբրև վահան բռնած, պաշտպանվելով:

Բայց Սանդրոն աներևույթացել էր:

Տաքարյուն երիտասարդներին զսպեցին: Փիղը օդի պակասությունից ուշաթափվել էր:

Ո՞նց է, Վանո, էէ, Գևո, — դիմեցի ես բարեկամիս:

Սուս, ես էստի չեմ, — ասաց նա մի ծակուռ մտնելով:

Վա, վո՞ւնց թե էստի չիս, մի դուրս արի, երեսդ տեհնիմ, — ասացի ես, քաշ տալով նրան սեղանի տակից:

Վերջապես հայտնվեց Սանդրոն և գոռաց.

Էէստի իմ, մի՛ վախենաք

Բայց այլևս օգնության կարիք չկար տաքարյուն երիտասարդները կամավ հեռացել էին, ուստի Սանդրոն սկսեց խրոխտանալ: Նա ծակուծուկից դուրս քաշեց լեղապատառ եղած քելեխբաշիին, շկափչիկին, գինեվաճառին, հավաքեց նրանց ուշաթափված փղի փորի վրա: Փնտրեց, գտավ ոտնատակ եղած և ցեխոտված մի ծակ դրոշակ և, բարձրացնելով փղի փորի վրա, բացականչեց.

Կեցցե՛ կուցացկութինը...

Շկափչիկ Խեչոն ծակը մտած նապաստակի պես դեսուդեն նայեց և, համոզվելով, որ վտանգը անցել է, գոչեց.

Հաղթությո՛ւն:

Բայց ինքն իր ձայնից վախեցավ և երեսը ծածկեց Վանոյի փեշերի տակ:

Այսպես վերջացավ երեկույթը:

Հօգուտ հրատարակչական ընկերության գանձարանի` մնաց զուտ արդյունք 500 ռուբլի: Իսկ հօգուտ նրա վարչության՝ մնացին զրպարտիչ և անվանարկող ածականները

ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

Շնորհավոր նոր տարի, ցանկանում եմ և մաղթում`

Տաճկահայերին. — Հովբ երանելու համբերություն:

Ռուսահայերին. — Մի մսխալ մարդկային զգացում:

Պարսկահայերին. — Անշավիղ «Շավիղներից» և խաչագողներից փրկություն:

Հայ եկեղեցուն. — Մի խարազանահար Բարդուղիմեոս և Աշգեան էֆենդիների համար:

Հայ գրականությանը. — Մի միջոց մղդսիներից և տիրացուներից ազատվելու:

Հայ հեղինակներին. — Աստված փրկե և ազատե ձեզ Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերությունից:

Հայ թատրոնին. — Մաքրություն ապականված բեմի:

Նոր թատրոնին. — նոր ճաշակ:

Հայուհյաց բարեգործական ընկերության. — Մի մեծ կապոց չթի և քիսայի կապաների, սպիտակ ժիլետների և հարդյա գլխարկների՝ ձմեռվա ցրտերին, ձյունին և բուքին տաճկահայերին բաժանելու համար: Նաև մի պերճախոս խոհարար, որ քաղցած և կիսամերկ հայ կանանց բացատրե պաղպաղակ, կրեմ, պլոմբիր, տորտ, կեքս և այլ անուշահամ ուտելիքներ պատրաստելու եղանակը:

Կովկասյան բարեգործական ընկերության խորհրդին. — Մի քանի մեծահարուստ անդամներ, որ գաղթականների օգտին չնվիրեն. իրենց մի ժամվա եկամուտը... Երկու հարյուր ռուբլի:

Հրատարակչական ընկերության անդամներին. — Ազատվել ընկերության գրասենյակից շարունակ Պոտապենկո, Իվանենկո, Անիշչենկո, Գրիշենկո, Տիշչենկո-Սիշչենկո և այլ այսպիսի երևելի հեղինակների գրվածները ստանալուց:

Հրատարակչական ընկերության խմբագրական մասնաճյուղին. — Մղդսիներից ազատություն, մի քիչ հայերեն լեզու, մի մազաչափ գրականական ճաշակ...

Նույն ընկերության վարչությանը. — նոր տարվա համար նոո պրոգրամ՝ հայ հեղինակներին առաջ հարստահարելու, հետո զրպարտելուց:

«Մուրճին». — Մի ծանր հարված այժմյան «Մշակի» քաչալ գլխին:

«Новое обозрение». — Պակաս համլետություն և մի քիչ էլ դոնքիշոտություն:

«КАВКАЗЬ»-ին. — հանելիի պես վայրահաչներից զերծ մնալ...

«Արձագանքին». — Մի խելացի փաստաբան, որ իր դատը «Տարազի» դեմ 73 % տանուլ չտա:

«Մշակին». — Մի բուռն յուղ կոկորդին քսելու, որ «Տարազի», դառը պիլոզները կուլ տա և լռե...

Նույն լրագրի սրբագրիչին. — Մի աման ձրի փլավ:

Նույն լրագրի մի աշխատակցին. — նոր երես նոր թատրոնի համար:

Նույն լրագրի нето-ից զուրկ խմբագրին. — Տես Հրատարակչական ընկերության վարչության զրպարտիչ նախագահին:

Հրատարակչական ընկերության վարչության զրպարտիչ նախագահին. — Տես «Գյուղատնտեսական ընկերության չաչանակին»:

Չաչանակին. — Տես մածնա-պանրային օրգանի խմբագրին:

Մածնա-պանրային օրգանի խմբագրին. — Տես «Ժպտուն չինովնիկին»:

Ժպտուն չինովնիկին. — Տես Հայուհյաց ըկերության խոհարարին:

Հայուհյաց, ընկերության խոհարարին Տես նորագույն թամադային:

Նորագույն թամադային. — Տես Ալեքսանդր Քալանթարին:

Ալեքսանդր Քալանթարին. — Տես ամեն տեղ ուր կա մեղր ու եղ:

Վերջապես յոթերեսանի Յանուսին՝. — Նվիրում եմ մի օրինակ Մոլիերի «Տարտյուֆ»-ից:

ՊԱՏՎԻՐՎԱԾ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

Կատարում է Տարազի պատվերը: Խմբագրության տված ցուցակի համեմատ այսօրվա հանդիսավոր տոնի առթիվ մաղթում եմ:

Ներսիսյան դպրոցին.-Ազատություն ազատամտությունը հարստահարող ցեցերերից...

Նույն դպրոցի ուսուցչական խմբին,-մի քիչ մանկավարժական հոտառություն:

Բաքվի մարդասիրական ընկերությանը,-Միշտ մնալ անուշադիր դեպի Թիֆլիսից եկած կուսակցական ինտրիգները, ինչպես անուշադիր է այժմ...

Կովկասի բարեգործական ընկերությանը,-Հետևել Բաքվի մարդասիրական ընկերության բուն քրիստոնեական ուղղությանը, թույլ տալ խորհրդի քարտուղարին բարեգործությունը շփոթել լվացարարության հետ, և վերջապես ազատվել վնասակար միջատների չար միտումներից...

Հայուհյաց ընկերությանը,-Շարունակել այժմյան պես միշտ վարչության դռները փակ պահել ազատամտությունը կաչաղականության հետ շփոթող սևափետուր թռչուններից:

Հայոց գրքերի խայտառակչական ընկերության վարչության և խմբագրական մասնաժողովին,-Առաջին-շարունակել համառությամբ ընկերության դռները փակ պահել ճշմարտության և ազնվության առջև և աշխատել շատացնել իր պատմության մեջ սև էջերի թիվը: Երկրորդին, — շարունակել խարազանով դուրս վանել ընկերության գրքերից հայերեն լեզուն... և ընդունել միշտ այնպիսի անդամներ, որ հայոց լեզվի այբուբենը նոր են սկսում սովորել: Այդ ավելի ձեռնտու է...

Բաքվի նոր թատրոնական կոմիտեն. — 1) Ազատ մնալ նախկին կոմիտեի սխալներից. 2) Զոհ չդառնալ «սխալ հաշիվների». 3) Զգուշանալ Պոլիսը սիրած «պատգամավորների» բարեկամական ցույցերից. 4) Գտնել սիրահարների դերերի համար դերասան:

Քաղաքագլուխ Եվանզալյանին. — Զգույշ, զգույշ, և օպոզիցիայի ծղրիդները կլռեն:

Новое обозрение»-ին. — Ուժ անաչառության անշահասեր պաշտպան երրորդությանը:

«Тифлисский листок»-ին Սուր ասեղների անսպառ պաշար, սուտ ասողների կողերը միշտ այդպես ծակելու համար:

«Кавказъ»-ի այժմյան խմբագրին. — Մազաչափ արդարամտություն:

«Իվերիային». — Մի կաթիլ խելք...

Կվալիին. — Չշեղվել...

Իշխ. Ակակի Ծերեթելիին. — Ազատություն Մառի ճանկերից:

Մառին. — Ներողամիտ վերաբերվել դեպի թեթևամտությունը:

«Տարազին». — Տասնապատկումն բաժանորդների արդեն եռապատկված թվին:

«Մշակին». — Երկու տարեկան մանուկների շնորհավորականներ:

«Մուրճին». — Ավելի ուժ սալի վրա ավելի տափակացնելու սուտ ազատամիտների, ազատամիտ ստախոսների, կեղծավորների և նորագույն եզվիտների գլուխները...

«Բազմավեպին». — Զգուշանալ «Մշակի» պաշտպանած գրականական գողերից:

«Հանդես Ամսօրեային». — Ոչ թե առաջարկել խուզարկելու պոստատները, այլ «Բազմավեպի» գրական գողերի գրվածները:

ԱՃՈՒՐԴ

(Բաքվի կյանքից)

Նոյեմբերի 15-ը Բաքվի համար պատմական էր: Մի շաբաթ առաջ արդեն քաղաքը լեցվել էր եկվորներով: Հյուրանոցներում ազատ սենյակներ չկային: Երեկոները ժողովարանի ընդարձակ դահլիճներում ասեղ գցելու տեղ չկար: Երևում Էին զանազան ազգերի, կրոնների, երկրների ներկայացուցիչները: Կովկասի բոլոր քաղաքներից եկել Էին հեշտ հարստանալու ջերմ փափագ ունեցողները: Եկվորների մեջ տիրապետող տարրը կազմում էին թիֆլիսեցիները: Ինձ հետաքրքրում էր միմիայն նրանց հոգեբանությունը: Լսել եմ, որ նրանք կազմել են մոտ յոթ ընկերություններ, միմյանցից մեծահնչուն ու մինչև անգամ քաղցրահնչուն անուններով՝ «Թնդանոթ» «Կապանք», «Ջանավար» և այլն ավելի զոռբա անուններ: Ուզում եմ իմանալ ովքեր են այդ սոսկալի մարդիկ, որ կազմել են այդ ընկերությունները: Պտտում եմ կլուբի սենյակները: Ամենուրեք ծանոթ դեմքեր:

Ըհը, Մաթո՛ս, դո՞ւ էլ ես այստեղ, — հարցնում եմ իմ վաղեմի ծանոթներից մեկին, որի գրպաններում միշտ մկներ էին խաղում, քանի գոնե ես Թիֆլիսում էի: Տեսնում եմ Մաթոսս հպարտացել է, բարևիս ակամա է պատասխանում: Դու մի ասա, մարդը ընկերություն է կազմել և ուզում է նավթարդյունաբեր դառնալ:

Եկել եմ աճուրդին մասնակցելու, — հազիվհազ պատասխանում է Մաթոսը, աշխատելով իր նիհար մեջքից կպած փորը դուրս ցցել որպեսզի տեսնողները չասեն, թե այդ փորը, եթե կամենա, չի հաստանալ ու տկճոր դառնալ:

Բայց դու և աճուրդ:

Ի՞նչ կա, որ զարմանում ես:

Ախար փող է հարկավոր:

Մեր ընկերությունը իրեն դրամարկղում արդեն ունի 60 հազար, եթե կամենա, կարող է գումարը հասցնել վեց հարյուր հազարի: Դու ինձ նավթահող տուր, նավթահող...

Բայց ինչպե՞ս եք հավաքել:

Հավաքել ենք, Էլի:

Մաթոս ախպերը չէ բացատրում, բայց ես իսկույն ուրիշներից իմանում եմ գաղտնիքը: Բանից երևում է, որ ախպար Մաթոսը մեղրավաճառ Առաքելի, փայտավաճառ Թաթոսի հետ կազմել է ընկերություն, տպել է լրագրերում հայտարարություն և բերանացի համոզել Թիֆլիսի մսավաճառներին, խարազներին, դերձակներին, բախալներին, կոշկակարներին, ածխավաճառներին, որ համաձայնեին վերջապես մի ամսում միլիոնատեր դառնալու, ընկերության դրամարկղը մտցնելով միմիայն հնգական ռուբլի:

Փորձը աջողություն է ունեցել, դյուրահավատ թիֆլիսցիները գրվել են «Ջանավար» ընկերության անդամ, տալով նրան իրենց վերջին կոպեկները: Եվ Մաթոսը Առաքելի ու Թաթոսի հետ այդ փողերով եկել են աճուրդին մասնակցելու, հող վերցնելու, նավթահանք բանալու: Այն վարդագույն հույսով, որ իրանք պիտի դառնան... Դիրեկտորներ:

Չէի իմանում, որ այդքան ղոչաղ ես, Մաթոս ջան, — հայտնում եմ զարմանքս բարեկամիս և մոտենում ուրիշներին:

Գրեթե բոլոր թիֆլիսեցիները հին բարեկամներս են կամ գոնե ծանոթներս: Նրանց մեջ կան և՛ վարկ ունեցող վաճառականներ, և՛ ինժեներներ, և՛ նախկին ազատամիտներ, ուսուցիչներ, և՛ լրագրի թղթակիցներ, և՛ տիրացուներ, մի հատ էլ ժամհար, ով ասես: Ես չգիտեմ, որին բարևեմ, որի քեֆը հարցնեմ, այնքան շատ նն:

Ճարահատյալ բոլորից հեռանում եմ, մի անկյունում կանգնում ու դիտում: Ինձանից ոչ հեռու կանգնած են երկու վաղեմի նավթարդունաբերողներ, մեկը բուն Բաաքվեցի, մյուսը ղարաբաղցի, և խոսակցում են.

Ադա, դա հիեչ ջուռա-ջուռա մարդիկ են եկել, — ասում է բաքվեցին, — ադա, դրանք ովքե ր են...

Հինչ գիդամ, քմատաղ, լոխ էլ ուզում ըն մըլիոնատեր տեռնալ...

Ադա, մի ասատեսնամ, դա Հովա՞:

Հո՞ւրն ես ասում:

Այն էն ուզուն լուլաղը, — բայց տալիս է բաքվեցին մի հարուստ թիֆլիսեցու, թր Թիֆլիսում մեծ հավակնություն ունի արիստոկրատ երևալու և միշտ արիստոկրատ օջախներում է պտտում...

Հինչ գիդամ, բուրավոյ մաստերի է նման...

Ուզուն ղուլաղ-ը, որ Թիֆլիսում հազիվ յոթ մարդկանց բարևից մեկին պատասխանում է, Բաքվի կլուբում բազմաթիվ միլիոնատերերի մեջ այնքան է ճնշվել ու խեղճացել, որ փալանը կորցրած ձիու է նման: Չքացել է նրա մշտական գոռոզությունը: Նա մեջքից երկու ծալ թեքված մի ստրկական ժպիտ երեսին սեղմում է նախկին սայլապանների, խոհարարների ու մրգավաճառների ձեռը, վասնզի նրանք միլիոնատերեր են:

Զարմանալի դեմոկրատիկ քաղաք է Բաքուն, և այս, իմ կարծիքով, նրա գխավոր՝ արժանավորությունն է: Նրա համար չկա ո՛չ անցյալ, ո՛չ ծագում: Նա, մի հսկայական կաթսա է, որի մեջ ընկնողը ձուլվում է ու խանձվում մյուսների հետ և կազմում մի ընդհանուր զանգված: Ճշմարիտ է, միայն փողն է այստեղ մարդկանց երկրպագության գլխավոր առարկան, բայց որովհետևնա արդյունք է մեծ՝ մասամբ անհատական եռանդի, ճարպկության, եթե ոչ խելքի: Ուստի այս վերջին հատկությունները գերադասում են ծույլ ազնվականության, և ցեղական անիմաստ և անարյուն գոռոզությունից: Ահա ինչու Թիֆլիսից եկած ազնվականները, հայտնի ընտանիքների զավակները այնչափ են միայն այստեղ հարգելի, որչափ հաստ է նրանց, գրպանը: Եթե. նրանք չգիտեն իրանց, տարեկան եկամուտը հարյուրհազարներով հաշվել, կարող են, որքան կամենան, փքվեն, իրանց, անցյալով, ծագումով, հայրերի ու նախահայրերի ձիրքով կամ հերոսությունով, բաքվեցու համար ամեն ինչ աճուրդով է որոշվում, շատ է վճարում, նա է և՛ մեծը, և՛ խելոքը, և՛ ազնվականը, և՛ գեղեցիկը, և՛ տաղանդավորը...

Ուստի զարմանալի չէր ինձ համար, որ Բաքվի կլուբում բարեկամացել էին ու ընկերացել այն թիֆլիսեցիները, որոնք իրանց քաղաքում ոչինչ հարաբերություն չունին միմյանց հետ: Այստեղ արիստոկրատ և դեմոկրատ, հայտնի ընտանիքի զավակ և մի խարազի որդի թև-թևի տված էին շրջում, միասին ընթրում ու միասին գալիս ու գնում: Ահա և աճուրդի օրը: Արքունական կալվածների վարչության փոքրիկ դահլիճը առավոտյան 12 ժամին արդեն լի է բազմությունով: Եվ ի՞նչ բազմություն, ռուս, հայ, անգլիացի, ֆրանսիացի, լեհացի, թուրք, վրացի: Բոլորը խառնվել են միմյանց: Յուրաքանչյուրը մի ահագին ծրար ձեռին փողով լի, մոտենում է դահլիճի անկյունում կանգնած սեղանին և դնում նահանգապետի առջև: Բանկերում այդ օրը փող չի մնացել, բոլորը դատարկվել են: Ոմանք թուղթ փող չգտնելով, ոսկի են բերում: Ահա ամբոխը ճեղքելով, մի ահագին ձեռնարկղ ոսկով լի ձեռին, հազիվհազ կարողանում է ոտները փոխել մի նավթարդյունաբեր: Նրա բեռան ծանրությունը կլինի մոտ 3-4 փութ: Քրտինքը թափվում է նրա երեսից, նա կարմրել է, հազիվհազ շունչ է քաշում, աչքերը քիչ է մնում դուրս պրծնեն: Բայց նա ժպտում է: Տասնևյոթ տարի սրանից առաջ ես նրան տեսել եմ սայլապանի դերում, մրոտ ձեռքերը կրծքին դարսած՝ գրասենյակների առջև կանգնած, իր վարձին սպասելիս: Այժմ նա 4-5 միլիոնի կարողություն ունի, բայց սայլապանի սիրտը դեռ մնացել է նրա մեջ: Նա կասկածոտ է և գուցե ժլատ, նա բարվոք է համարում մոտ 60 տարեկան հասակում հասարակ մշակի բեռան ծանրությունը կրել, քան հինգ ռուբլի տալ մի артелщики-ի, որ 3-4 փթանոց ձեռնարկղը բերի աճուրդավայրը...

Next page