Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Ուրեմն դու կատակ չե՞ս անում:

Գրի՛ր:

Նազիմյանը ոտքի կանգնեց:

Ցտեսություն, — ասաց նա, — երբ գինուց կարթնանաս, կխոսենք:

Ուրեմն, դու ուզում ես, որ ամեն ինչ ես անեմ: Շատ լավ. այսօր իսկ Հելենան կիմանա քո պատմությունն այդ կնոջ հետ:

Դու այդ չես անիլ:

Կանեմ, երդվում եմ ինչով կամենաս:

Բայց գիտե՞ս, արդյոք ինչպես է վերաբերվում ինձ քո քրոջ աղջիկը, — ասաց Նազիմյանը, վերից վար մի խոր հեգնական հայացք ձգելով Մերսիմյանի անտաշ մարմնի վրա:

Նա քեզ համարում է ազնիվ ու մաքուր մարդ, բայց իմ խոսքին կհավատա, որովհետև գիտե, որ շահ չունեմ քեզ զրպարտելու և, վերջապես, ձեռիս փաստ կա:

Ես այդ չէի ուզում ասել:

Ահ, գիտեմ, նա սիրահարված է քեզ վրա, հարվածը նրա համար կլինի ծանր, բայց ոչինչ, ժամանակը կբուժե վերքը: Հելենան այնքան հիմար չէ, որ չհասկանա, թե չի կարելի սիրել մի մարդու, որ իր հարազատ զավակին փողոց է նետում...

Տիրեց մի քանի վայրկյան լռություն:

Նազիմյանը, ձեռը ճակատին սեղմած, խորհում էր: Մերսիմյանը վարից վեր նայում էր նրա կանոնավոր կազմվածքին, գեղեցիկ գլխին և արիստոկրատիկ ձեռներին: Նա միշտ հոգու խորքում նախանձել էր այդ մարդուն, որ այնքան դուր էր գալիս կանանց:

Նստի՛ր և գրիր, — կրկնեց նա միանգամ ևս:

Գիտես ի՞նչ, սիրելիս, — ասաց վերջապես Նազիմյանը, մի ձեռը հենելով սեղանի եզրին, — ինչպես տեսնում եմ, այժմ քեզ հետ պիտի խոսել ուրիշ լեզվով: Լսիր, ես վճռել եմ ամուսնանալ օրիորդ Մարկոսյանի հետ և ամուսնանալու եմ անպատճառ, ինչ էլ լինի: Այս մեկ: Երկրորդ, երեկվանից իմ ապագա աները ինձ մտցրել է իր գործերի մեջ: Թող հայտնի լինի քեզ, որ այսուհետև ես ոչ միայն Մարկոսյանի ընտանիքի անդամ եմ, այլև լիազոր հավատարմատար:

Դո՞ւ, — գոչեց Մերսիմյանը այլայլված:

Այո, ես:

Հավատարմագիր ունե՞ս:

Նազիմյանը դուրս բերեց գրպանից մի մեծ թերթ, բաց արավ և գրեց Մերսիմյանի առջև:

Ինչ ես ուզում ասել դրանով, — հարցրեց Մերսիմյանը:

Այն, որ մենք միմյանց շատ լավ ենք ճանաչում և չենք կարող իրարու խաբել: Այսօր ես Մարկոսյանի երկաթե պահարանում գտա քո ստորագրությամբ ոչ ավելի ոչ պակաս տասնումեկ մուրհակ: Այդ մուրհակներից մեկի ժամկետը լրանում է վաղը չէ մյուս օրը, մյուսինըհինգ օրից հետո...

Գիտեմ, լրանում է, բայց քեզ ինչ:

Ես Մարկոսյանի լիազոր հավատարմատարն եմ: Մերսիմյան, դու կարող ես գնալ իմ հարսնացուին իմ մասին պատմել ինչ որ քեֆդ է, բայց լարել նրան իմ դեմ չես կարող: Գալով նրա հորը, այդ մենք կփորձենք, ծերունին մեզնից որին է հավատում, քեզ թե ինձ: Իսկ այժմ լսիր, դու քո բոլոր մուրհակները պետք է մինչև վերջին կոպեկը վճարես: Հետևաբար վաղը չէ մյուս օրը 12 ժամին ես քեզ կսպասեմ գրասենյակում: Դու կբերես հինգ հազար ռուբլի և մուրհակդ հետ կստանաս: Դեհ: Շամպայնի փողը ես կվճարեմ:

Նա քայլերն ուղղեց դեպի դռները և դուրս գնաց:

Ոտքի թռնելով, Մերսիմյանը մնաց տեղն ու տեղը անշարժ: Հինգ հազար ռուբլի: Ինչպե՞ս, որտեղի՞ց: Նրա դրամարկղում կա ընդամենը երեք հարյուր ռուբլի... և ոչ ոքից ստանալիք կամ հույս ստանալու:

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Հետևյալ օրը Մերսիմյանը ժողովարան գնաց սովորական ժամանակից երկու ժամ առաջ: Նա ուզում էր այնտեղ հանդիպել Նազիմյանին, որ չէր սիրում երկար մնալ ժողովարանում, չունենալով թուղթ խաղալու սովորություն:

Այն հանգամանքը, որ Նազիմյանը այժմ Մարկոսյանի լիազոր հավատարմատարն է, տակնուվրա արավ Մերսիմյանի մտքերը:

Ուրեմն վաղը անպատճա՞ռ պիտի վճարեմ մուրհակս, — հարցրեց նա, Նազիմյանի թևից բռնելով և մի կողմ տանելով:

Կարծում եմ:

Ես փող չունեմ, պետք է մուրհակը նորոգել:

Տեսնվե՞լ ես փեսայիդ հետ:

Նրա մոտից եմ գալիս:

Հրամայե՞ց նորոգել:

Ոչ:

Ի՞նչ ասաց:

Որ այսուհետև ինքն այլևս գործերով չի զբաղվելու և ամեն ինչ քեզ է հանձնել: Խնդրում եմ , պարտքիս վճարումը հետաձգել մի ամսով:

Ցավում եմ, որ չեմ կարող այդ անել:

Ուրեմն ուզում ես ինձ նեղը գցել:

Նազիմյանը աչքերը լայն բանալով, նայեց ընկերոջ երեսին շինծու զարմացմամբ, որ սակայն շատ բնական թվաց դիմացինին:

Այդ դո՞ւ ես ասում, բարեկամս: Երեկ դու չէի՞ր, որ քիչ էր մնում ատրճանակ սեղմեիր ճակատիս: Թույլ տուր հարցնել, սպառնալիքդ կատարեցի՞ր:

Կկատարեի, եթե հետևանքի մասին աներկբա լինեի: Բայց հրապույրդ չափազանց զորեղ է Հելենայի համար:

Չափազա՛նց մինչև անգամ, — կրկնեց Նազիմյանը ժպտալով, — ինչ հիման վրա ես այդ կարծում:

Ես Հելենային ենթարկեցի թեթև քննության

Ե՞վ

Համոզվեցի, որ դու նրան ոչ միայն սիրահարեցրել ես քեզ վրա, այլև կախարդել, այո, ուրիշ խոսք դժվարանում եմ գտնել: Նա քեզանով է ապրում ու շնչում այժմ, քեզ է միայն երազում: Նա չի հավատալ ոչ մի, պարսավանքի...

Բայց չէ՞ որ դու գրավոր փաստ ունես ձեռքումդայդ կնոջ նամակը

Նա կարհամարհի ամեն ինչ, այնքան կուրացած է քեզանով:

Կարող ես ազդել նրա հոր վրա, եթե արդեն վճռել ես ինձ կործանել:

Օ՛օ, դու նրան էլ ես խելքից հանել, այդ հիվանդոտ կամակորին: Նա քեզ համարում է ազնվության տիպար և հավատում է այնպես, որպես երբեք իր կյանքում ուրիշ մեկին չի հավատացել:

Էէ, աշխատիր ուրեմն գործել քրոջդ միջոցով: Նա կարող է ազդել թե՛ իր ամուսնու և թե՛ աղջկա վրա:

Քույրս վաղուց է կորցրել իր ազդեցությունը ամուսնու վրա:

Այդ մի դառն խոստովանություն էր Մերսիմյանի համար: Նա գիտեր, որ ինքն է գլխավոր պատճառը, որ իր քույրը կորցրել է ազդեցությունն ամուսնու վրա: Գիտեր, որ իր մուրացկանությամբ վաղուց ձանձրացրել է Մարկոսյանին էլ այդ պատճառով ծերուհին ատում է ոչ միայն նրան, այլև նրա քրոջը:

Շատ ցավում եմ, որ այդպես է, — ասաց Նազիմյանը, ձեռը ճգնավորի հեզությամբ սեղմելով իր կրծքին, — շատ ցավում եմ... Ցտեսություն: Ես գնում եմ երեկոյան հեռագիրները կարգավոր, տեսնենք ինչ է խոսվում առաջիկա պատերազմի մասին

Արշակ, — գոչեց Մերսիմյանը գունատվելով, և բռնեց ընկերոջ ձեռը:

Հանդարտ, սիրելիս, տեսնողները կարող են կարծել, որ մենք վիճում ենք թշնամաբար:

Այդպես սառը մի խոսիր, — մռնչաց Մերսիմյանը, — էս ավելի եմ վրդովվում:

Սիրելիս, ինչ կարիք կա թակարդ ընկած արջի պես մռնչալու: Էհ, գիտեմ, որ ֆիզիկապես ուժեղ ես, կարող ես ինձ ծեծել, բայց կրթված մարդուն վայել է խոհեմությունը մոռանալ, մանավանդ մի հասարակական տեղում, կամենում ես ճշմարտությունը գիտենալ: Լսիր. Մարկոսյանը քո մուրհակը չի փոխիր սիրելիս, ինչո՞ւ չհասկանալ նրա գրությունն էլ. մարդու մատյանները քո հաշվում ցույց են տալիս անվերջ փոխառություններ և ոչ մի հատուցում, հասկանո՞ւմ ես, ոչ մի վճարում:

Արշակ, — ասաց Մերսիմյանը զգալի չափով ընկճված ձայնով, — գործերս վատ են գնում, հասկացիր. շատ վատ... Այսօր ես տասը մարդու եմ դիմել և բոլորից մերժում եմ ստացել: Այլևս ոչ ոք չի ուզում ինձ օգնության ձեռք մեկնել: Ամենքը մատի փաթաթան են դարձրել իմ փեսայի հարստությունը ու նրա մոտ են ուղղում ինձ: Ես Մարկոսյանին տված մուրհակներիս մասին չեմ հոգում: Նրանք ինձ համար այնքան էլ վտանգավոր չեն, վաղը ես ուրիշ վճարելիք ունեմ, Բանկին, հասկանո՞ւմ ես, երկու հազար՝ հինգ հարյուր ռուբլի: Բայց այդքանն էլ չունեմ: Հույսս դարձյալ փեսայիս վրա է: Ես գիտեի, որ նա այս անգամ բացե ի բաց պիտի մերժի, բայց, բայց... էհ, մտածում էի: Գուցե կարողանամ մի անգամ էլ կոտրել նրա համառոտ թյունը: Արշակ, մոռացիր երեկվա ինցիդենտըհուսահատությունը երբեմն մարդուն ստիպում է անխոհեմ միջոցների դիմել...

Մինչ Մերսիմյանը արտասանում էր իր վերջին խոսքերը, Նազիմյանը նորեն սուր հայացքով նայեց նրա աչքերին: Նա արդեն հասկացել էր ընկերոջ միտքը:

Այդպես, ուրեմն, — արտասանեց նա դարձյալ Ժպտալով, — այդպես... Դե բարեկամս, ես շատ լավ գիտեի՝ ինչ բանից է ծագում քո ասպետությունը, հրաշալի քեռի հարսնացուիս: Դու ուզում էիր դիմել մի ծայրահեղ միջոցի՝ շահագործել իմ անհատական գաղտնիքը: Ով գիտե, գուցե կարողանայիր նպատակիդ հասնել: Գուցե փեսադ երախտապարտ գտնվեր և մի անգամ էլ իր քսակը բանար քեզ համար: Ոչինչ, բավական օրիգինալ միջոց էր: Բայց չհաջողվեց: Նետդ քարին դիպավ: Այժմ թույլ տուր քեզ մի թեթև հարց տալ. երեկ ճաշին դու մի քանի անգամ ինձ անվանեցիր օձ, իսկ դո՞ւ ինչ ես, կարելի՞ է իմանալ...

Մերսիմյանը շփոթված երեսը մի կողմ դարձրեց:

Նազիմյանը ձեռը դրեց նրա ուսի վրա և, երեսին նայելով, ավելացրեց:

Վախկոտ աղվես գայլի մորթով: Ցտեսություն, ես գնում եմ ընթերցարան: Դե լավ, արյունդ մի պղտորիր, ես չեմ վիրավորվում:

Նա հանգիստ հեռացավ Մերսիմյանից, ճանապարհին աջ ու ձախ բարևելով իր ծանոթներին սովորական սիրալիր ժպիտն երեսին:

Մերսիմյանը նշեց նրա հետևից մի քանի վայրկյան տակավին շփոթված: Ապա, ուշքը ժողովելով, նստեց մերձակա բազկաթոռներից մեկի վրա և ծխախոտ վառեց: Այդպես, ուրեմն, նա տվել էր մի հարված, փոխարենը ստացավ կրկնակի, Նազիմյանը նրա դիմակը պատռեց ավելի ճարպիկ, քան ինքը նրանը: Այժմ ո՞վ է երկուսից ավելի ստորը: «Ես, թե նա, ե՛ս, թե նա», կրկնեց մտքում նա մի քանի անգամ և չկարողացավ որոշել:

Նա ձեռքով մի հուսահատական շարժում արավ և ոտքի կանգնեց: Ի՞նչ պիտի անե այժմ: Կատարե՞լ արդյոք իր սպառնալիքը: Բայց չէ՞ որ նա իր զենքը տվեց Նազիմյանին, կարելի՞ է այսուհետև խաբել նրան կամ վախեցնել:

Նա անցավ ընթերցարան:

Նազիմյանը, երկայն սեղանի քով նստած, ոտ ոտի վրա ձգած, հեռագիրներ էր կարդում: Զգալով ընկերոջ լուռ ներկայությունն իր հետևում, նայեց վարից վեր և ամեն բան հասկացավ: Այլևս Մերսիմյանը նրա աչքերի մեջ չտեսավ կծու հեգնանք, որ այնպիսի դաժանություն էր տվել այդ ժպտուն դեմքին: Եվ ինչո՞ւ պիտի լիներ, Մերսիմյանն ընկած էր, իսկ Նազիմյանը ընկածին հարվածելը ավելորդ էր համարում ոչ ասպետական զգացումից դրդված, այլ այն մշտական երկյուղից, որ հատուկ է. ծայրահեղորեն զգաստ բնույթներին:

Քաղաքական աշխարհում ոչ մի հետաքրքրական երևույթ, — ասաց նա, հեռագիրները շպրտելով սեղանի վրա:

Նրանք միասին դուրս եկան վեստիբյուլ: Մերսիմյանը դուրս բերեց ծոցի գրպանից նամակը և տվեց Նազիմյանին:

Ինչի՞ս է հարկավոր այդ կնոջ նամակը, — ասաց Նազիմյանն ամենայն անտարբերությամբ:

Մերսիմյանը ապշած նայեց նրա երեսին:

Երեկ, մեր փոթորկալի ճաշից հետո, — բացատրեց Նազիմյանը, — ես գնացի նրա մոտ, էհ, բարեկամ: երբեք չպետը է քրքրել ուրիշի բարոյական տիղմը, առանց սեփականի մասին մի լավ մտածելու: Բայց ես քեզ չեմ մեղադրում, մանավանդ այդ կնոջը:

Ի՞նչ ես ուզում ասել, — հարցրեց Մերսիմյանը, նախագուշակելով սակայն, որ ընկերն իր ամենազորեղ հարվածը թողել է վերջի համար:

Այդ կինն երբեք ինձ չի սիրել: Նա միայն առիթ է փնտրել քեզ հետ ծանոթանալու, ահա նրա քեզ գրած նամակի իսկական նպատակը: Դեհ, դեհ, չարժե շփոթվել ու կարմրել: Բարոյականություն ասված բանը շատ առաձգական հասկացողություն է: Նա իակապնս ձև է և ոչ նյութ, իսկ ձևերը տարբեր են լինում: Հասարակությանն աչքերով է դա անում: Նրա համար բարոյական է ամեն ինչ, որ արտաքուստ վայելել: Բավական է, որ նրա տեսողությունը չվիրավորես, նա չի աշխատում ներքինդ թափանցել: Բայց եթե վերարկվիդ օձիքը մաշված է, նա կկարծե, որ ներքնահագուստդ կեղտոտ է: Ամեն բան ձևի վրա է հիմնված:

Ես ոչինչ չեմ հասկանում քո ասածներից:

Բավական է: Մենք պատանիներ չենք, ես կրկնում եմ, չեմ մեղադրում ոչ քեզ և ոչ մանավանդ նրան: Մտածեցեք նախ գործի մասին: Ասա այժմ, ի՞նչ ես կամենում ինձնից:

Արշակ

Դե լավ, կարճ կապենք չէ որ մեջտեղ մուրհակների խնդիր կա: Կամենո՞ւմ ես գնալ փեսայիդ մոտ, Էհ, ինչ կա, գուցե մեզ հաջողվի մի բան անել: Ասա, գնո՞ւմ ենք, թե չէ: Շտապենք, հետո ուշ կլինի:

Գնանք, — ասաց Մերսիմյանը, չկարողանալով թաքցնել իր ուրախությունը:

Այդպես, ուրեմն, ծառայության փոխարեն ծառայություն, չէ՞, հաճելի ծառայություն:

Նրանք իջան ընդարձակ սանդուղքով, հագան վերարկուները և դուրս եկան փողոց:

Մարկոսյանի բնակարանը հեռու չէր: Անցնելով երկու փողոց, բարձրացան երկհարկանի տան վերին հարկը: Կեղտոտ հագնված ղարաբաղցի սպասավորը կեղտոտ ձեռներով քաշեց նրանց ուսերից վերարկուները, մտերմական եղանակով ասելով.

Լո՛խ էլ տանն են:

Այժմյան միլիոնատերը երեսուն տարի առաջ գործակատար էր մի թուրք նավատիրոջ մոտ: Շատ բաներ Էին պատմում նրա մասին, բայց ասում Էին միայն այն մարդիկ, որոնք հոգով փափագել Էին լինել Մարկոսյան և չէին կարողացել, իսկ ընդհանրապես նրա անցյալը մոռացության էր տրվել:

Ընտանիքը սեղանատանն էր:

Ընկերներն անցան շռայլ կահավորված, էլեկտրական ճրագներով լուսավորված հյուրասենյակը և մտան մի ընդարձակ սենյակ: Այստեղ, արծաթե սամավարի շուրջը ժողովված, թեյ էին խմում Աղաջան Մարկոսյանը, տիկին Նազլուն, օրիորդ Հեղինեն և մի հեռավոր ազգական, որ, նորեկներին տեսնելով, անմիջապես ոտքի ելավ և հրաժեշտ տվեց: Արտաքինի կողմից դա մի տարօրինակ զույգ էր, որ քաղաքում դարձել էր անգործ մարդկանց սրախաղությունների առարկա: Մարդը փոքրամարմին էր, նիհար, նեղ երեսով և կարճ ու հասալիկ ընչացքով, գյուղական տափակ դեմքերից մեկը: Տասը տարի էր արդեն՝ ստամոքսի կատարից ու ոսկրացավից կուչ էր եկել, կծկվել էր, դեմքի թառամ ու կանաչած գույնով հիշեցնում էր կճպած ալ արևի տակ չարացած բադրիջան: Ընդհակառակը՝ կինը պարթևահասակ էր, գեղեցիկ դեմքով, կարմիր այտերով, թեև մի քիչ կոշտ, բայց կանոնավոր կազմվածքով, առողջ և տակավին կայտառ, ինչպես լավ խնամված մատակ

Նազիմյանը համբուրեց նրա խոշոր ադամանդով զարդարված ձեռը և ժպիտը երեսին նստեց հարսնացուի կողքին: Հեղինեի դեմքը պայծառացել էր նրան տեսնելու վայրկյանից, նա իր փեսացվի վրա սիրահարվեց ծանոթության առաջին իսկ օրից, զգալով նրա գերազանցությունը մյուս բոլոր ծանոթ երիտասարդներից: Արտաքուստ Հեղինեն իր հոր կանացի պատճենն էր: Իր հիվանդոտ դեմքով, տափակ կրծքով և քթի արմատի վրա միացած սև ունքերով:

Էհ, ի՞նչ նոր խաբար կա աշխարհում, — հարցրեց Աղաջանը դարաբաղյան շեշտադրությամբ:

Նազիմյանը հաղորդեց օրվա հետաքրքրական լուրը, մի խումբ հայ և թուրք հանքատերեր ստորերկրյա խողովակների միջոցով ամիսներ շարունակ նոբելի պահեստներից նավթ են քաշել: Այժմ գողությունը բացվել է, և գողերի անունները բերանից բերան են անցնում:

Էլի՞, — գոչեց Մարկոսյանը քսու ու խուլ ձայնով, որ կարծես դատարկ կարասի խորքից էր գայիս:

Լուրն իսկապես նրան ուրախություն պատճառեց: Իր շրջանի մարդկանց ստորություններն առհասարակ նրան ուրախացնում էին: Այնուամենայնիվ նա ավելացրեց.

Շունշանորդիներ, խայտառակեցին մեր Բաքվի ազնիվ անունը:

Եվ հետաքրքրվեց գիտենալ՝ ինչ պատիժ է սպասում գողերին: Նազիմյանը, ուսերը տարակուսանքով վեր բարձրացնելով, խորհրդավոր ժպտաց:

Հասկացա, հասկացա, — արտասանեց Աղաջանը տեղական վարք ու բարքերը լավ ուսումնասիրված մարդու եղանակով, — հարգս հարգաց, պատիվս արժանավորաց: Յոթը պատվիրանքը կատարած կլինեն, — ավելացրեց նա ծիծաղելով, — դեհ, մենք ճանաչում ենք մեր պրիստավներին ու քննիչներին: Ամա ի՞նչ ետ եկածներն են մերոնք. Իրանք հրամայում են գողանալ, հետո պրիկաշչիկներին կամ մշակներին են բերան տալիս:

Մի անգամ ևս Մերսիմյանը մտածեց Հեղինեի ապագայի մասին: Միամիտ օրիորդ, որպիսի սիրով ու հավատով է հառել երջանկությամբ լի աչքերը իր փեսացուի երեսին, ինչպես է աշխատում կարելույն չափ մերձենալ նրան, սեղմվել, չնայելով մոր հանդիմանական հայացքներին: Պարզ է, որ նա արդեն անդառնալի ձուլվել ու միացել է հոգով ու սրտով Նազիմյանի հետ: Պարզ է, որ բաժանել նրանց՝ կնշանակի խորտակել խեղճ աղջկա կյանքը: Եղավ մի վայրկյան, երբ Մերսիմյանը մոռացավ իր հաշիվները, կամենալով պատռել ընկերոջ դիմակը և ցույց տալ Հեղինեին, թե ում է հանձնում իր ճակատագիրը: Բայց նայեց ընկերոջ երեսին և սթափվեց: Արդեն խղճի հետ պայմաններ կապելու սովորությունը վաղուց էր նրա մեջ արյուն ու մարմին դարձել: Էհ, միևնույն է. Հեղինեն չի հավատալ և եթե հավատա էլ, կների: Չէ՞ որ նա կին է և սիրահարված կին: Կների նույնիսկ նրա մայրը, գուցե և հայրը: Քի՞չ են եղել դեպքեր, որ նահապետական համարված մայրը իր աղջկա թևը բռնած մտցրել է փեսացուի ննջարանը, ուր դեռ սիրուհու անուշահոտ, յուղերի բույրը չի չքացել, լավ գիտակցելով, որ վաղ թե ուշ այդ ննջարանում աղի արցունքներ է թափելու աղջիկը իր ամուսնու անցյալի կրկնությունները տեսնելով: Մի՞թե քիչ են եղել և կան տղամարդիկ, որոնք չեն քամահրում իրանց կանանց փողերով ավելացնել սիրուհիների թիվը:

Թող կորչի տխմար առաքինությունը, պետք է մուրհակների մասին մտածել: Վերջապես, կա և մի ուրիշ ոչ պակաս շարժառիթ լռելու Նազիմյանի սիրուհին շատ գրավիչ է... Նազիմյանը նրան թողնում է և չի կարող չթողնել: Այդ կինը Նազիմյանին չի սիրում և իսկապես երբեք չի սիրել: Այսքանը շատ լավ գիտե Մերսիմյանը: Ոչ, ոչ, դժվար է խելքով մրցել Նազիմյանի հետ: Պետք է ընկերաբար վարվել, ինչպես վարվել է մինչև այժմ... Երեխան: Այդ արդեն Նազիմյանի գործն է: Նա խելոք է և ոչ այնքան էլ անսիրտ: Նա կմտածի իր պարտականության մասին: Փող կա, և նրանով կարելի է բոլոր դժվարությունները դյուրացնել: Իսկ երբ երեխայի ապահովության հարցր լուծվիմաՎյրը... Եվ իսկապես նա շատ գեղեցիկ է... Այսօր Մերսիմյանը նրա մոտից դուրս գալիս զգաց, որ չի կարող գտնել մի ավելի սիրունը ավելի հաջող պայմաններով... Զգաց նաև, որ գեղեցկուհու աչքերը նայեցին իրան ավելի քան երախտագիտությամբ: Օօ, կանայք, կանայք, բավական է մի անգամ սայթաքվեք, և արդեն գլխիվայր գլորվում եք անդունդը: Այսօր մեկը, վաղը նրա ընկերը...

Նազլուն խոսք բաց արավ հարսանիքի մասին: Մի կարևոր խնդիր դեռ վճռված չէր: Նազլուն ուզում էր երկու տեսակի խրախճանք տալմեկն ասիական երաժշտությամբ Աղաջանի ազգականների և «ասիացի» բարեկամների, մյուսը եվրոպական երաժշտությամբ՝ «բարձր» դասակարգի համար: Նա արհամարհում էր իր շինական ամուսնու ազգակցական կապերը: Լինելով ինչ-որ մասնավոր փաստաբանի աղջիկ, համոզված էր, թե իր իբր ազնվական տոհմի դեմ մեղանչել է, որ թույլ է տվել իրան ամուսնանալու մի նախկին գործակատարի հետ: Այս էր պատճառը, որ ամուսնու անվերջ նախատինքները նրա վրա ոչ մի ներգործություն չէին ունեցել: Նա արհամարհում էր այդ նախատինքները որպես մի շինականի գռեհկության բնական արտահայտություն: Նա միշտ կռվում էր ամուսնու հետ իրենց կենցաղավարության մասին և միշտ հաղթող էր հանդիսանում:

Այս անգամ Աղաջանը համառությամբ պնդեց, թե պետք է ամենքին անխտիր հրավիրել մի երեկո և բոլորին նստեցնել միասին:

Ես քեզ նման ռիստոկրատ չեմ, — ասաց նա, — ես գեղից դուրս եկած մարդ եմ, չեմ կարող հորս տրեխները մոռանալ:

Բայց անկարելի է, մա՛րդ, չի լինիլ, գոչեց Նազլուն, — ես չեմ կարող քո Վանեսանց Զառնիշանին Օմմբալովի կամ Սիփալովի կանանց հետ կամ Գյուքոնց Բաղդասարին Աղազատովի հետ նստեցնել: Չի սազիլ

Կսազի, Էնպես կսազի, որ քեփդ գա: Այ, ասեմ ինչ կանես: Քո հավանած ռիստոկրատներին կնստեցնես իմ ազգականների հևա մէջամեջ: Եթե մերոնք էշ, ավանակներ են, ձերոնք էլ ջորիներ են, վնաս չունի, կհասկանան:

Նա ուզում էր այս խոսքերով խայթել իր աներձագին, որի առողջ ու կայտառ դեմքն այսօր առանձնապես գրգռում Էին նրա նախանձը: Նա արդեն գուլշակել էր իր սովորական հոտառությամբ, թե ինչու համար է եկել ինժեները:

Մերսիմյանը հասկացավ ու լռեց: Աղաջանին նրա չարությունը ավելի գրգռեց:

Փուհ, գլուխս մի ցավացնիր, — ընդհատեց նա կնոջը, որ ուզում էր հակաճառել նրան, — արա ինչ որ քեփդ է:

Նա ոտքի կանգնեց, թողնելով թեյի բաժակը, կիսատ և կուզե կուզ, մրթմրթալով դուրս գնաց:

Մերսիմյանը մի հուսահատական հայացք ձգեց, ընկերոջ վրա:

Նազիմյանը վեր կացավ և հետևեց Աղաջանին:

Նազլուն սկսեց գանգատվել եղբորը, իր ամուսնու դեմ: Վերջին ժամանակ մարդը միանգամայն անտանելի է դարձել Ամենաչնչին հակաճառությունից գրգռվում է և ուղղակի թունավորում ընտանիքի կյանքը:

Ինձ տեսնողը կասե, թե բախտավոր եմ, բայց, կյանք չունեմ: Ի սեր աստծո, այսօր ոչինչ չխնդրես նրանից: Երեսիս ամոթը թափվեց, շարունակ քո դեմ է գանգատվում:

Եկավ սպասավորը և Մերսիմյանին հրավիրեց Աղաջանի առանձնասենյակը: Աղաջանը անմիջապես հարձակվեց նրա վրա, ժամանակ չտալով անգամ նստելու:

Էլի՛ ուզողությո՞ւն, էլի՞: Ախպեր, մինչև ե՞րբ, հերիք չէ՞: Քանդեցիք ինձ, պրծաք, էլ ձեռք չե՞ք վերցնելու քույր ու եղբայր: — Քառասունհինգ հազարի հաշիվ կա ոտքիդ, հերի՞ք չէ: Ախար մին ասա տեսնեմ, մեծ-մեծ բաներ ես բռնում, հողեր ես առնում, հորեր ես քանդում, կանտոր ու բուխալտեր ես պահում, ո՞վ ես, ինչի՞ տեր ես: Ախպեր, խրված եմ էէ, խրված եմ մինչև կոկորդս, հոգի, հավատ, երկինք, չունեմ, չունեմ, չունեմ..» պըյ, պըյ, պըյ

Նա կանգ առավ, շունչ քաշեց, ապա շարունակեց

Էէ՛յ լավ, ասենք փեսադ եմ, հետո՞: Ուզում ես մի կտոր հաց տամ, քեզ պահե՞մ: Աչքիս վրա, ամեն օր եկ, աստծո տվածից կեր, գնա, հալալ լինի քեզ էլ, մորդ էլ: Էլ գիշքիհարի՞ս որն է: Լյազգի՞ ես, թե ղաչաղ: Դե որ ղաչաղ ես, մի խանչալ վերցրու, մի անգամ մորթիր, ազատիր էլի, էլ ինչու՞ւ ես չարչարում, պըյ, պըյ, պըյ

Նա սաստիկ հազաց, կծկվեց, կուչ եկավ և գրեթե աներևութացավ սեղանի տակ:

Մերսիմյանը կամեցավ պաշտպանվել, բայց զգաց, որ կարող է գործն ավելի փչացնել: Արդարև, Աղաջանը հենց մի հակաճառության էր սպասում, որպեսզի ավելի սաստկացնի իր նախատինքները:

Նազիմյանը լուռ նայում էր սեղանի մի կետին, դեմքի վրա հարգանքի և հեզության ժպիտը, սրտի խորքում ծաղրի և արհամարհանքի զգացումը դեպի այդ գռեհիկ չինականը:

Աղաջանն իր վերջին թուքը ձգեց Մերսիմյանի կողմը, չխնայելով հատակին սփռած Խորասանի թանկագին գորգին: Նա բերանը սրբեց և գլուխը բարձրացրեց սեղանի հետևից, որջից դուրս սողացող փորսողի պես:

Լավ, — շարունակեց նա, ավելի գրգռված,-իմացանք, որ ուսում ունես, գիտնական ես, հանցու ի՞նչ, հենց պետք է քերթես Էլի մեզ: Ես որ գեղական տեղով իմ հալալ արյուն քրտինքով մի կտոր հաց եմ աշխատել առողջությունս կորցնելով, խե, դու Էդ ուսումնական տեղովդ չես կարո՞ղ: Հենց հազիր-հազիրդանա եփած տոլմա պիտի ուտեք ու էդպես չաղանաք: Ախպեր, ձեր ինժեներներն ինչ ցավ ու կրակ դարձան մեր գլխին կամ ձեր էդ դիպլոմավորներն ի՞նչ են անում: Գալիս են թե չէ, բիրդան ուղում են միլիոն չի դառնալ, էն էլ ուրիշների փողով:

Արշակ ջան, — դարձավ գրգռված միլիոնատերը իր փեսացուին, որի ներկայությունը մի վայրկյան մոռացել էր, — թող քեփիդ չդիպչի: Տեղն եկավ, ասացի: Ախար ո՞նց չասեմ: Դե որ ուսումնականն էլ վերջը պիտի վաճառական դառնա, էլ ինչո՞ւ են ոսկոր մաշում, ուսում առնում, էն է թող բաղկալի դուքան բաց անեն ու նստեն էլի: Էլ ինչո՞ւ գնացիր, — նորեն նա դարձավ Մերսիմյանին, — մին բեոլուք փողերս փչացրիր, եկար: Էդ կրծքիդ զնաչոկի համա՞ր: Որ ես իմ կրծքի վրա չունեմ, քեզանից պակա՞ս եմ. Մախլաս: Ինչ ուզում ես ասա, ուրիշի փողը հալալ չէ, հալալ չէ, հալալ չէ..:

Վերջին բառերն արտասանելիս նրա ձայնի մեջ զգացվեց ինչ-որ խոր թաքնված վիշտ:

Նազիմյանն ու Մերսիմյանը նայում էին միմյանց երեսին, չհամարձակվելով նայել այդ մարդու երեսին, որ ինքը վաղուց զրկվել էր մարդկանց երեսին ուղիղ նայելու երջանկությունից: Այդ կոպիտ շինականը համարձակվում էր նրանց նախատել, և նրանք հարկադրված էին լսել ու լռել, որովհետև եթե խոսեին -մեկը պիտի վաղն ևեթ սնանկանար, մյուսը պիտի զրկվեր միլիոնների ժառանգությունից:

Թափելով իր սրտի թույնը, Մարկոսյանը կամաց-կամաց հանգստացավ ու լռեց: Մերսիմյանի հլու լռությունը հաղթանակ տարավ Նազիմյանի ներկայության շնորհիվ:

Գնա ախպեր, — ասաց վերջապես Մարկոսյանը, — ինչ որ Արշակն ուզում է, թող անե: Ես իմ իրավունքները նրան եմ տվել: Եթե փող կա, թող տա

Նազիմյանը ոտքի ելավ և հրաժեշտ տվեց

Փողոց դուրս գալով, Մերսիմյանը գոչեց.

Այ տանջանք, այ խայտառակություն, ամբողջ մարմինս քրտինքի մեջ է:

Վնաս չունի, հավատացած եմ, որ առաջին անգամը չես այդ տեսակ բաղնիք ընդունում: Էհ, եղբայր, չպիտի մանրազգաց լինել: Նա ուներ իրավունք:

Բայց գոնե խնդիրս կատարվա՞ծ է:

Այդ է հետաքրքրականը: Այո, համարյա թե չկատարված է:

Այդ դեպքում թքում եմ այդ մարդու նախատինքների վրա: Շնորհակալ եմ, բարեկամս, դու ինձ ազատում ես կործանումից

Դեռ ոչ, մի՛ շտապիր:

Մերսիմյանը ցնցվեց: Կանգ առավ մայթի վրա և նայեց ընկերոջ երեսին:

Ես իմ ընկերական պարտականությունը կատարեցի, — ասաց Նազիմյանը, ձեռը դնելով նրա ուսի վրա, — այժմ հերթը քոնն է:

Հրամայիր: Վաղվա օրն ինձ համար այնքան սպառնողական է, որ պատրաստ եմ կատարել քո բոլոր պայմանները:

Իմ պայմանը քեզ հայտնի է: Ասա խնդրեմ, ինչպե՞ս ես հավանում իմ... սիրուհուն... նախկին սիրուհուն... Կարծեմ, Էլիզր բավական սիրուն է, էէ՞... Ափսոս մթան մեջ չավ չեմ տեսնում աչքերդ, նրանց մեջ կարող էի կարդալ իմ հարցիս պատասխանը: Բայց ոչինչ, ես արդեն գիտեմ ամեն բան: Համոզված եմ, որ ոչ միայն չես վիրավորվիլ, այլև գուցե... Դե լավ, շատ էլ մի՛ նեղվիր: Կառք նստիր և իսկույն գնա նրա մոտ: Տուր նրան սիրտդ և բեր ինձ համար ազատություն: Սուս, ոչ մի խոսք, ես այսօր ճաշից հետո ամեն բան իմացա: Այո, այո, նա քեզ շատ է հավանում, ինձնից միայն երեխայի ապահովությունն է պահանջում: Ես խոստացել եմ, մնում է քանակությունը որոշել: Ես սակարկություն սիրողներից չեմ: Քեզ եմ լիազորում որոշել, բայց շատ էլ շռայլ չլինեսՀամաձա՞յն ես:

Մերսիմյանը ոչինչ չասաց:

Լռությունն այս դեպքում կատարյալ համաձայնություն է: Է՛յ, կառապան, սպասիր: Դեհ, նստիր ու շտապիր: Ես քեզ կսպասեմ կլուբում: Երեկ ճաշեցինք կռվելով, այսօր կընթրենք բարեկամաբար:

Նա գրկեց Մերսիմյանին ընկերաբար և մոտեցրես կառքին:

Շատ չուշանաս, — ասաց նա և հեռացավ:

Մերսիմյանը նստեց կառք և աներևույթացավ գիշերային խավարի մեջ:

Երկու ժամ դեսուդեն պտտվով, սրա ու նրա հետ զրուցելով, Նազիմյանը հոգնեց և անցավ սեղանատուն:

Հազիվ նա նստել էր սեղանի քով, երբ ներս մտավ Մերսիմյանն աչքերը վառված, դեմքը կարմրած: Նա զվարթ էր:

Գիտես, — ասաց նա, նստելով Նազիմյանի դեմ, — դու շատ գարշելին ես:

Մենք ընկերներ ենք: Նրանք սկսեցին ընթրել:

ԳԱՂԱՓԱՐԻ ԳԵՐԻՆ

Նա անցնում էր քաղաքի բազմամարդ փողոցով, որը անգործ ամբոխի համար զբոսավայր էր:

Նրա քայլվածքը հանդարտ էր, բայց անկանոն, ներվային: Թվում էր, որ նա ինքն էլ չգիտե ուր է գնում կամ ինչու: Հագած էր նա իր սովորական մաշված ու խունացած վերարկուն լայն թևերով, լայն փեշերով, կեղտոտ օձիքով: Հնամաշ, ժապավենները վաղուց դեղնած գլխարկի տակից նրա խորն ընկած, մտախոհ աչքերը ուղղված էին դեպի անորոշ տարածություն: Շուրջը խոսում էին, ծիծաղում, աղմկում, ոչինչ էր լսում է նա հրում էր անցորդներին, հրվում էր ուժգին և... ոչինչ:

Նա այդ ամբոխից չէ և չունի ոչ մի կապ նրա հետ: Ինքն իր մեջ պարուրված, նա ճանաչում է միայն իր հոգու աշխարհը և արտաքինը նրա համար գոյություն չունի: Նրա երկայն ու թանձր մազերը, նիհար ուսերի վրա սփռված, նրա կերպարանքին տալիս են թափառական դարվիշի տեսք: Պակասում են միայն տապարն ու քեշկյուլը: Նրա տոպրակի չափ, լայն գրպանները լիքն են լրագրերով ու գրքերով: Իսկ, մի մեծ գիրք նա բռնած ունե իր կռնատակին և այնպես ամուր, որ, կարծես, վախենում է միգուցե անցորդները խլեն նրա ձեռքից:

Քսանուհինգ տարի է արդեն անտանելի մտքերը տանջում են նրան, որդերի պես կրծոտելով նրա սիրտն ու հոգին:

Քսանուհինգ տարի է նա դարձել է այդ մտքերի կամազուրկ ստրուկը և չի ընդունում ոչ մի օրենք, ոչ մի իշխանություն, բացի նրանց երկաթե ճիրաններից:

Դեռ պատանի հասակին չհասած զգաց, որ կյանքի բարձրագույն երջանկությունը մտքի անկախության և հոգու ազատության մեջ է: Ոչ ոսկին, ոչ սերը, ոչ բարեկամությունը, ոչ դիրքը, ոչ մի բան չի կարող տալ մարդուն այն հաճույքը, որ տալիս է միտքը, երբ նա գործում է, ստեղծագործում և հափշտակում ամբոխին:

Մի անգամ դպրոցական աշակերտները կատակով հարցրին՝ չէ՞ր կամենալ արդյոք դառնալ Ալեքսանդր Մակեդոնացի: Նա ամենայն լրջությամբ և զգացված պատասխանեց.

Կկամենայի, բայց ոչ երկրներ գրավելու, այլ մարդկանց հոգիներին տիրանալու համար:

Նրան ծաղրում էին: Սակայն եղան և այնպիսիները, որոնք նրա համար գուշակեցին փայլուն ապագա կամ փիլիսոփայության, կամ գրականության ասպարիզում: Նա հափշտակվեց և ավելի խոր հավատաց իր ներքին ձայնին: Ինչ էր ասում այդ ձայնը: Նա շշնջում էր.

Դու, Միսակ Ավալյան, սովորական մահկանացու չես, մեկը միլիոններից: Քո ճակտին դրոշմած է անմահության կնիքը: Դու կոչված ես մարդկանց հոգիներին տիրանալու քո խելքով, խոսքով ու գրչով: Դու հանճար ես քո ազգի համբավը զարդարելու համար:

Եվ ահա քսանուհինգ տարի է նա այդ ձայնի գերին է: Ինչե՞ր չի կրել նա հանուն իր բարձր «կոչման»: Ի՞նչ դառնություններ, ի՞նչ նյութական զրկանքներ և բարոյական տառապանքներ: Ահ, եթե գրի առնե բոլորը, ինչ որ ապրել է ու զգացել, դուրս կգա մարտիրոսագրության մի ստվար հատոր, որ կարող է սարսուռ ազդել ընթերցողների վրա: Նա այդպես էլ ասում էր:

Իմ կյանքը, — կրկնում էր մերձավոր բարեկամների մոտ, — մի ողբերգություն է անթիվ գործողություններով: Տեսարանները միմյանցից սոսկալի են: Կգա ժամանակ, երբ ես կտամ նրանց գեղարվեստական նկարագիրը, և մարդիկ կտեսնեն ինչ ահռելի տառապանքների է մատնված գաղափարին նվիրված մարդը:

Այսօր նրա ֆանատիկոսյան ճակատն ավելի կնճռոտ է, շրթունքներն ավելի սեղմված, նրա վտիտ կերպարանքը, կարծես, ինքը մարմնացած թշվառությունն է: Անցորդները նրան համարում են բախտի անիվի տակ ջախջախված մեկը, որ չգիտե ուր տանի իր ողորմելի անձը, նայում են նրան մերթ կարեկցությամբ, մերթ արհամարհանքով: Ոմանք կանգ են առնում և հետաքրքիր հայացքով հետևում են նրա երերուն քայլերին: Կարծես, սպասելով, թե ահա, ահա նա ուժասպառ պիտի թավալվի գետնի վրա: Նրան ամեն օր տեսնում են զբոսավայրում, և միշտ մենակ, միշտ խորասուզված իր մտքերի մեջ, միշտ կռնատակին մի գիրք կա և շատերը, որ նրան համարում էին հոգեկան հիվանդ և խղճում են ասելով.

Next page