Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Նա նայեց կնոջը և նրա դեմքի վրա կարդաց վիրավորիչ կարեցկություն: Նայեց հյուրին-նույն արտահայտությունը: Որպես դաժանորեն դատապարտված մեկը նա ցանկությունզգաց հարձակվել անողոք դատավորների վրա և խեղդամահ անել նրանց: Նա պատրաստ էր արտասանել ամենագռեհիկ, ամենավիրավորական մի հայհոյանք իր կնոջ ու նրա եղբոր հասցեին, բայց ամոթի զգացումը՝ թույլ չտվեց նրան այդ անելու: Թուլացած և ուժասպառ նա նստեց աթոռի վրա գրասեղանի քով և գլուխը գրեց ձեռների ափերի մեջ: Քսանուհինգ տարի նա աշխատել է այդ սեղանի քով մոլեռանդ տոկունությամբ, հիվանդոտ երևակայությամբ իր ոտների տակ ստեղծելով նախանձելի համբավի պատվանդանը: Եվ ահա, այսօր, նրան շոշափելի փաստերով ապացուցում են, թե փխրուն է այդ պատվանդանը, և նա պետք է տապալվի գետին և կործանվի: Ինչ-որ մի բուք բարձրացավ ներսից և սկսեց խեղդել նրա կոկորդը: Նա պահանջ զգաց բարձրաձայն հեկեկալու ինչպես մի մանուկ, որի աչքերի առջև ջարդուփշուր էին արել նրա ամենաթանկագին խաղալիքը: Բայց կեղծ ինքնասիրությունը, որ այնքան ստրկացրել էր նրան, այս անգամ ևս օգնության հասավ: Նա կարողացավ զսպել իրան, բայց կատաղությունից սկսեց կրծոտել իր ձեռները:

Հյուրը նրա ոսկրոտ թիկունքների ցնցումներից զգաց անտանելի հոգեկան տանջանքը: Մի վայրկյան զղջաց, որ այնքան խիստ վարվեց ողորմելի մարդու հետ: Բայց նայեց շուրջը, ուր տիրում էր հուսահատական չքավորությունը, նայեց քրոջ հյուծված կերպարանքին և նորեն լսեց նրա լացը: Եվ ասաց իրեն, թե պարտավոր էր այդպես վարվել, և ոչ մի մխիթարական խոսք, ոչ մի խրախուսանք:

Դռները աղմուկով բացվեցին, ներս վազեցին Ավալյանի զավակները-երկու պղնձագույն էակներ իրանց ցնցոտիների մեջ: Աղքատությունը կարծես ծծել էր նրանց կյանքի հյութը դեռափթիթ հասակում: Նրանց նիհար, հիվանդոտ դեմքերի վրա չկար մանկական աշխուժության և ոչ մի նշույլ: Վաղաժամ թախիծը պարուրել էր նրանց աչքերի պայծառությունը:

Նրանք կանգ առան սենյակի մեջտեղում և նայեցին նախ իրենց մորը, ապա հորը: Հասկացան անմիջապես, որ նրանք դարձյալ ընդհարվել են և դարձյալ միմյանց վիրավորել: Սովորական տեսարան, որ ամեն օր կրկնվելով, մանուկ տեսողության համար դարձել էին անհրաժեշտություն: Նրանք բնազդորեն միշտ եղել էին մոր կողմը, որովհետև նա էր միշտ լաց լինում և տանջվում նրանց աչքերի առջև:

Ինչո՞ւ եկաք, — ասաց քեռին, — գնացեք, խաղ արեք դրսում... Դեհ, շուտ:

Եվ բռնելով նրանց թևից, դուրս տարավ և դռները փակեց:

Աստված իմ, — արտասանեց մայրը, աչքերը սրբելով, — ես նրանց համար դեռ ոչինչ չեմ պատրաստել ուտելու:

Նայեց եղբորը մի հայացքով, որ միաժամանակ արտահայտում էր և՛ աղերս, և՛ երկյուղ, և՛ ամոթ:

Եղբայրը դուրս բերեց գրպանից մի քանի ռուբլի և գաղտուկ տվեց նրան:

Մինչև երբ, — արտասանեց քույրը, խոր հառաչելով: Այդ պահին Ավալյանը գլուխը բարձրացրեց և, ոտքի ելավ, գոռալով:

Մուրացկա՛ն, ես թույլ չեմ տալ, երբե՛ք, հետ տուր այդ փողերը, հետ տուր, ինչպե՞ս համարձակվեցիր վերցնել:

Ինչե՞ր ես խոսում, Միսակ, չէ՞ որ ես քո կնոջ եղբայրն եմ:

Այդ միևնույն է, չեմ ուզում: Ես ինքս կգտնեմ փող, հետ վերցրու քո ողորմությունը: Գրավ կդնեմ ինձ և չեմ թողնիլ, որ երեխաներս մուրացկանությամբ ապրեն: Աա, դուք ինձ համարում եք ողորմելի: Ես ձեզ արգելում եմ խղճալ ինձ: Կգնամ, իսկույն փող կբերեմ, իսկ հետո կտեսնեք ով է մեզնից ավելի ողորմելի: Ե՞ս, թե դու, ե՞ս, թե դու

Նա վերցրեց գլխարկն ու վերարկուն և դուրս վազեց խելագարի պես:

Քույրը տարակուսանքով նայեց եղբորը:

Մի վախենար, — ասաց եղբայրը, — այդ լավ նշան է, նա բժշկվում է:

Տեսնենք

Ամբողջ մի շաբաթ Ավալյանն անճանաչելի էր: Նրան պաշարել էր անսովոր եռանդ: Դուրս էր գալիս տնից առավոտները կանուխ և վերադառնում էր ճաշին: Գրասեղանին չէր մոտենում, չէր գրում և ոչ էլ կարդում էր:

Կնոջ ու երեխաների վրա չէր գոռում, չէր հանդիմանում նրանց, թե խանգարում են նրան պարապելու: Լուռ էր, սովորականից ավելի մտազբաղ, տխուր:

Մի օր նա, տուն վերադառնալով, ասաց.

Այժմ դու կարող ես հանգստանալ, ես գործ գտա: Ինձ տվել են երկու մասնավոր դասեր մի հարուստ ընտանիքում:

Ահ, փառք աստծու, — չկարողացավ թաքցնել իր ուրախությունը կինը, — այժմ գոնե օրվա հացը կունենանք:

Այո, կունենանք, կունենանք, — կրկնեց Ավալյանը ներվայնաբար:

Արդարև, մի քանի ամիս նրանք հաշտ էին: Կարելի էր կարծել, որ խռովություններն առմիշտ փախել են այդ ընտանիքից, ուր նրանք բույն էին դրել տասներկու տարի: Ոչ մարդն էր բորբոքվում ու գոռում, ոչ կինն էր գանգատվում: լալիս: Շուտով երեխաների վրա երևացին նոր հագուստներ և ոտներին նոր կոշիկներ:

Բայց Միսակը շարունակ լուռ էր, կնոջ ոչ մի հարցին չէր պատասխանում, երեխաներին չէր փաղաքշում:

Մի անգամ նա տուն վերադարձավ արտաքոստ կարգին գրգռված և ասաց,

Ես դասերից հրաժարվեցի: Կինը սարսափեց:

Ինչո՞ւ, — հարցրեց նա դողալով:

Հենց այնպես, չեմ ուզում պարապել: Չեմ կարող, տանջվում եմ:

Նա մոտեցավ գրասեղանին և դուրս բերեց այնտեղից իր անավարտ ձեռագիրը:

Տեսնո՞ւմ ես. — գոչեց, ձեռը զարկելով ձեռագրին, — ես չեմ կարող զավակս թաղել գերեզմանում, չեմ կարող: Թող քո եղբայրը չպարծենա, թե ինձ շիտակ ճանապարհի վրա դրեց իր ողորմելի համոզումներով: Ինձ ուղղել ոչ ոք չի կարող, ոչ ոք: Ահա նա, գալիս է իմ կարծեցյալ ուսուցիչը: Տես, ինչ ինքնագոհություն է արտահայտում նրա կոշտ դեմքը, հա՛, հա՛, հա, երևակայում է, որ ինձ կորստից փրկել է: Ոչ, ոչ, երկրին մեխված հոգի, դու չես կարող ինձ իմ բարձունքից իջեցնել մինչև քո ողորմելի աստիճանը: Իմ աշխարհն այլ է, քեզ համար անմատչելի, անհասկանալի: Հեռացիր, մի խանգարիր ինձ այլևս, դեհ, շուտ-շուտ հեռա՛ցիր, կորի՛ր:

Հյուրը բևեռվեց դռների շեմքի վրա:

Թողեք ինձ, ահա իմ տեղը, — շարունակեց Ավալյանը, ձեռն ուժգին սեղանին զարկելով, — այստեղ եմ սկսել ապրել, այստեղ էլ պիտի մեռնեմ: Ես չեմ կարող օրվա հացի ստրուկը դառնալ, հասկանո՞ւմ եք, չեմ կարող: Բավական է որքան տանջվեցի այս մի քանի ամիսները: Այսօր հրաժարվեցի դասիցս և այժմ դարձյալ նույն Ավալյանն եմ... Ես իմ կոչման գերին եմայո, այո, իմ գաղափարի...

Հյուրը նայեց նրան խորին կարեկցությամբ և ասաց.

Դու հիվանդ ես և անբուժելի:

Նույն տարվա աշնանը Ավալյանը հիվանդացավ: Նրա վտիտ ու հյուծված մարմինը չդիմացավ թոքերի բորբոքմանը: Նա վախճանվեց, թողնելով զավակներին անոթի, մեկը նրա գերեզմանի վրա ասաց.

Ննրան սպանեց ամբոխի տգիտությունը

Թիֆլիս, հունվար, 1904 թ.

ՋՀՈՒԴԻ ԱԿԱՆՋԸ

Կովել քաղաքի կայարանում մեր վագոնը լցվեց հրեաներով: Եղանակն անձրևային էր, անախորժ, մինչև անգամ ցուրտ, թեև օգոստոսը դեռ չէր վերջացել: Բոլոր ճանապարհորդները թրջված էին, բոլորի իրեղենները ցեխոտված, որովհետև կայարանն անկարգ էր, իսկ պլատֆորմը ծածկոց չուներ:

Սկսվեց այնպիսի իրարանցում, որի նմանը չէինք տեսել Թիֆլիսից մինչև Լեհաստան, անցնելով Կովկասի վառվռուն տարրերի միջով: Առաջին պահ չէինք լսում ոչ միայն մեքենայի խուլ թնդյունը և կառքերի ձանձրալի դղրդյունը, այլև իրարու ձայնը:

Ներս խուժելով, հրեաները կատվի արագությամբ իրենց բազմաթիվ կապոցները տեղավորեցին, գտնելով այնպիսի անկյուններ ու խորշեր, որոնց մասին ևս մինչև այդ ժամանակ գաղափար չունեի: Այսպես է հրեան: Ով շատ է ճանապարհորդում, նա շուտ է հարմարվում անհարմարություններին: Իսկ ո՞վ չգիտ՞ե, որ աշխարհի երեսին ոչ ոք այնքան չի ճանապարհորդում, որքան հրեան: Չէ՞որ այդ անբախտ ժողովրդի ճակատին պատմությունը գրել է.

Թափառի՛ր հավիտյան:

Երբ իրարանցումը մի փոքր դադարեց, մեզ մոտեցավ մոխրագույն վերարկուով ու մեխակի գույնի, լայն ճխլտված գլխարկով մի մարդ և, տասն անգամ ներողություն խնդրելով, նստեց իմ դեմ: Իսկապես բոլոր տեղերը բռնված էին, բայց մարդն այնուամենայնիվ նստեց, աշխատելով կարելույն չափ իր մարմինը փոքրացնել:

Տեսե՞լ եք արդյոք մի տղամարդ, որի դեմքը ներկայացնե գեղեցկի և տգեղի զարմանալի խառնուրդ: Երևակայեցեք հորիլլոյի դնչից և ամենագեղեցիկ դեմքի մի հյուսվածք, և դուք կունենաք մոտավորապես նորեկ հարևանիս պատկերը, նրա քառակուսի ծնոտը, տափակ քիթը, լայն բերանը, հաստ շրթունքները, խոշոր կինամոնագույն աչքերի խելացի արտահայտության և կանոնավոր կազմված գլխի, սիրուն ճակատի և նուրբ հոնքերի գեղեցկության հետ:

Նստեց թե չէ այդ մարդը, սկսեց ոտքից մինչև գլուխ զննել մեզ խիստ հետաքրքիր հայացքով, չմոռանալով նայել իրեղեններիս: Հրեայի ախտ դարձած հետաքրքրություն, որ ուզում է անպատճառ իմանալ, ո՞վքեր են իր ուղեկիցները, ի՞նչ դիրք ունին, ո՞ւր են գնում և ինչո՞ւ: Հենց այս հատկությունն է, որ ճանապարհորդության մեջ նրան դարձնում է մերթ ցանկալի և համակրելի ընկեր, մերթ ձանձրալի և ատելի ուղեկից:

Վերջապես նորեկը հեռացրեց մեզանից իր խուզարկու հայացքը, երևի գուշակելով, որ մեզ շատ էլ դուրեկան չէ այն:

Ֆեյլդման, — դարձավ նա իր ազգականներից մեկին, — քսանմեկ կխաղա՞ս:

Այ-վա՛յ, ժամանակ չկա, — պատասխանեց Ֆեյլդմանը, որ նստած էր մեր կողքի փոքրիկ բազմոցի վրա, — վերջապես ես քաղցած եմ, ուտել եմ ուզում:

Դա մի փոքրիկ, շատ փոքրիկ, արագաշարժ և արագախոս ծերուկ էր, պստիկ, ճերմակ միրուքով ու թավ, սև ունքերով: Նա անմիջապես իր ոտների տակից «այ-վայ» անելով դուրս բերեց և ծնկների վրա դրեց մի զամբյուղ, ուտելեղենով լիքը: Շուտով մեր վագոնում տարածվեց կանաչ սոխի և ինչ-որ ապխտած ձկան հոտ: Ֆեյլդմանն ուտում էր կապիկի պես, այսինքն՝ երկու ձեռները մոտեցնելով բերանին քիչ-քիչ, բայց արագ-արագ և արագ-արագ ճպճպելով աչքերը:

Էհ, բաս ի՞նչ անեմ, տխուր է, — ասաց հարևանս, անգիտակցաբար իր լայն գլխարկը բարձրացնելով ծոծրակի կողմը:

Այդ միջոցին տասը տարեկան աղջիկս ծիծաղելով ասաց.

Հայրի՛կ, չե՞ս տեսնում, այդ մարդու մի ականջը չկա: Նայի՛ր:

Արդարև, հարևանիս ձախ ականջը կտրած էր մինչև բլթակը, և այս թերությունը նրա կերպարանքին տալիս էր ավելի տարօրինակ տեսք:

Ես կարծեցի, որ փոքրիկի անմեղ ծիծաղը կդիպչի այդ մարդուն և շտապեցի զսպել նրան: Բայց պատահեց հակառակը: Հրեան սիրալիր ժպտաց, բաց անելով իր լայն բերանը մինչև վերջին ատամները: Եվ այդ ժպիտը նրա դեմքից քշեց այն բոլորը, ինչ որ անասնական էր: Մատը թափ տալով օդի մեջ, նա հայրական եղանակով ասաց,

Մադմուազել, մի՛ ծիծաղիր ականջիս վրա, առնետները կբարկանան: Գիտե՞ս, նրանք են կերել օրը ցերեկով իմ ականջը: Ախ, նրանք սոված են, շատ են սոված, այդ գարշելի, հոտած առնետները: Հեյ մե՛յ, ի՞նչ կուշտ ծիծաղում ես, երանի քո հասակին

Ապա նա, իր տեղը լայնացնելով, դարձավ ինձ.

Ո՞ւր եք գնում:

Առայժմ Վարշավա:

Գործո՞վ:

Ոչ, հենց այնպես:

Ի՞նչ ազգից եք, — շարունակեց նա, տեղն ավելի լայնացնելով:

Հայ:

Աա՛, հա՞յ եք, — գոչեց նա, կարծես ուրախանալով և, միևնույն ժամանակ, տեղն ավելի լայնացրեց, ո՞րտեղից եք գալիս:

Թիֆլիսից:

Թիֆլիսից գնում եք Վարշավա,-արտասանեց նա դառն հեգնական ծիծաղով, — կնշանակե դժոխքից գնում եք գեհեն:

Մի՞թե:

Կատարելապես, — գոչեց հրեան և այս անգամ տեղն այնպես ուղղեց, որ այլևս որդիս հարկադրվեց վեր կենալ:

Ես ասացի, որ մենք միայն մի օր ենք մնալու Վարշավայում:

Օօ՛, և ո՛չ մի ժամ, ո՛չ մի ժամ չմնաք, պարոն: Վատ է, շատ վատ այնտեղ:

Եվ բացատրեց, թե ինչու է վատ այնտեղ: «Ազգերը և դասակարգերը» խառնվել են միմյանց և ոտքի կանգնել: Փողոցներում ստեպ-ստեպ իջնում է կարմիր դրոշակ: Նրա գույնը խիստ գրգռում է «ոմանց», ինչպես որսորդի աչքերը օրհասական արջին: Ատրճանակ, դաշույն, հրացան, ռումբ, լրտեսություն, մատնություն, կողոպուտ, — ահա ինչեր են տիրում այնտեղ: Որտեղ նայում ես-արյո՛ւն:

Եվ մեծ մասամբ մեր արյունը, հասկանո՞ւմ եք, մերը, ազգերից ամենաբախտավորինը: Օօ՛, երկու հազար տարի է ծծում են մեր սրբազան արյունը և դեռ չեն կշտացել անիրավները: Մի գնաք այդ անիծյալ քաղաքը, որովհետև այնտեղ հրեաներ կան: Առհասարակ փախեք Ռուսաստանից: Ես էլ ստիպված եմ գնում: Ընտանիքս Քիշինևից տարա այնտեղ, կարծում էի ավելի ապահով կլինի: Բայց աստված իմ, աստված իմ, ե՞րբ պիտի վերջապես խելքի գան բռնակալները:

Նա լռեց, ծանր ու երկարատև մի հառաչանք արձակեց կրծքից: Ապա իր խելոք և խոր թափանցող աչքերը նրանց մեջ արդեն վառվել էր պատմական վիշտըդարձրեց դեպի լուսամուտը:

Աղմուկը չէր դադարում: Այժմ հրեաները զբաղված էին մի տեղ թուղթ խաղալով, մյուս տեղ՝ ուտելով: Նրանք վիճում էին բարձրաձայն, այնպես որ կարծում էիր, թե ահա, ահա պիտի պայթի կռիվ և պիտի ջարդոտեն միմյանց քիթն ու պռունգը: Բայց գոռում-գոչումներին հետևում էր բարձրաճ ձայն ծիծաղ, ապա վայրկենական դադար, ապա դարձյալ գոռոցներ և հայհոյանքներ:

Դրսում անձրև չկար, մենք անցել էինք նրա սահմանը: Կառախումբն արդեն կտրում էր Լեհաստանի դաշտերն ու անտառները: Աջ ու ձախ երևում էին գյուղեր, ագարակներ մերթ ընդ մերթ ամառային դղյակներ, — մի Ժամանակվա փարթամ Լեհաստանի բեկորները: Ոչխարների հոտերը և ձիերի երամակները արածում էին աշնանային դեղնագույն կանաչը, անտառների մեջ ցրված: Գյուղացիները հերկում էին ոսկեգույն հողը, ուշադրություն չդարձնելով անցնող կառախմբի վրա: Գեղջկուհիները իրանց կապույտ գոգնոցների մեջ Ժողովում էին կաղամբ, գետնախնձոր, եգիպտացորեն, որ մեծ մասամբ երկաթուղու գծի մոտ էին ցանված: Տեղ-տեղ, խոշոր տերևների միջից ժպտում էին հասուն դդումներ, իսկ արևածաղկի դեղին աչքերն ապուշ-ապուշ նայում էին մայր մտնող արեգակին: Ծծելով նրա վերջին ճառագայթները:

Աշխատանքը եռում էր, բայց կյանքը մեռած էր: Մարդկանց հոգնած դեմքից չէր նկատվում զվարթություն, այն, ինչ որ բանաստեղծի երևակայությունն է հորինում գյուղական կյանքի համար: Չէր երևում, որ այստեղ մարդիկ պարում են ու երգում և իրենց կայտառ քրքիջը միացնում բնության երգեհոնին, այնպես, ինչպես ես տեսա Բելգիայի սքանչելի մարգերում: Մռայլ դեմքերի և կորացած մեջքերի վրա զգացվում էր քաղաքական հեղձուցիչ մթնոլորտի ճնշումը: Արդեն Վարշավայում պայթող ռումբերի թնդյունը արձագանք էր գտել Լեհաստանի գյուղերում: Արդեն իր գոռոզությամբ և պատմական կամակորությամբ նշանավոր ժողովուրդն արթնացել էր հարյուր տարվա թունավոր նիրհից և ականջ էր դնում դեպի հյուսիս: Նա բռունցքները սեղմում էր կատաղի, ատամները կրճտում էր բորբոքված և մռնչում վանդակի մեջ փակված վագրի պես: Բայց... տակավին անզոր...

Սիրով, է Լեհաստանն իր երկրի մակերևույթից հազիվհազ բարձրացող բթածայր բլուրներով, խիտ անտառներով, ոչ խոր ձորերով, պարզ գետակներով և ոչ պարզ երկունքով: Այնտեղ երկիրն այնքան դաժան և մերկ չէ, որքան բուն Ռուսիայում, այդ անվերջ անապատներում: Այնտեղ գյուղացու, տնակը ռուս մուժիկի խրճիթից տարբերվում է, որովհետև տնակ է իր եվրոպական ձևով և եվրոպական մաքրությամբ: Զգում ես, որ երկիրը բռնած է մի ընդունակ ազգ, որի Հարուստ պատմությունը միայն արյունոտ էջերից չի կազմված և որի զավակների միակ պարծանքը անցյալի ու ներկայի կրած բռնությունը չէ...

Հրեան հայացքը հեռացրեց պատուհանից: Ես ևս: Նա նայեց աղջկաս մեղմ հայացքով, որքան թույլ էր տալիս դեմքը և ասաց.

Աա՛, մադմուազել, էլի դու ականջիս ես նայում: Օօ՛, ծիծաղի՛ր, ծիծաղիր, քանի որ կարող ես. շուտով այդ ապրանքը կթանկանա:

Եվ արագությամբ դարձավ ինձ.

Պարոն, կորած ականջս պատմություն ունի, կարո՞ղ եք երևակայել:

Ձեր ակա՞նջը:

Այո՛, իմ այս անիծյալ ականջը, — կրկնեց նա երկու մատների ծայրով քաշելով կարմիր բլթակը, որ չորացած բակլայի էր նման, — կկամենաք լսել: Բնորոշ է, պարոն, շատ բնորոշ մեր ժամանակների համար, Աա՛, ի՞նչ կասեք, չէ որ պետք է մի բանով զբաղվել ճանապարհին: Ֆեյլդմանը դեռ խփշտում է: Հետո երևի չքանալու է: Չէ՞, Ֆեյլդման, դու կարծեմ պիտի ննջես:

Երեք կայարանից հետո կասեմ, — պատասխանեց Ֆեյլդմանը, յուղոտ մատները սրբելով մի գույնզգույն կեղտոտ թաշկինակով:

Ես ոչ միայն համաձայնվեցի լսել հարևանիս պատմությունը, այլև հետաքրքրվեցի: Հրեայի պատմածը չի կարող անմիտ լինել:

Լսեցեք, — սկսեց նա, գլխարկը դնելով ծնկների վրա, — բայց դեռ թույլ տվեք կապոցներս ուղղեմ: Ըհը՛, այսպես, լսեցեք, — շարունակեց նա, այլևս միանգամայն ապահովելով իր համար ընդարձակ տեղ, — ես հրեա եմ, ոչ ջհուդ եմ, բառիս իսկական իմաստով: Իսրայելի զավակը, անունս է Ահարոն Այզելման: Եվ ինչպես ջհուդ, իհարկե, առուտուրով եմ պարապում: Ի՞նչ արած, հայր Աբրահամը մեզ համար հող չի թողել, որ մշակենքԱյնպես չէ՞: Ֆեյլդման:

Եվ, հի՛, հի՛, հի՛,-ծիծաղեց Ֆեյլդմանը իր փոքրիկ դեմքը ցցելով օդի մեջ և աչքերը փակելով:

Ես ունիմ, ա՛հ, ի՛նչ եմ ասում, ունեի անիծված քաղաքներից ամենաանիծյալ Օդեսայում պատրաստի հագուստեղենի և մաշկեղենի խանութ: Ի՞նչ խանութ, ահագին մագազին էր, հինգ աչք ուներ, մեծ հայելի ապակիներով: Բայց առաջ ես մի հասարակ դերձակ էիայս է գլխավորը: Ունեի մի փոքրիկ ցածր խանութ, որ գտնվում էր քաղաքի մեծ փողոցներից մեկում, մի հարուստ մագազինի մոտ: Այդ մագազինի տերն էր Սերգեյ Պախոմովիչ Ագրինցևը: Վաճառում էր նա պատրաստի հագուստեղեն, մաշկեղեն և զանազան ասվյա կտորներ: Ախ, երանի ես հարևան չլինեի, չտեսնեի այդ հարստությունը և չմոլորվեի: Ով գիտե, գուցե այն ժամանակ ավելի բախտավոր կլինեի: Ֆեյլդման, այնպես չէ:

Աստված մեզանից լավ գիտե, ինչ որ եղավ, պետք է լիներ, — ասաց Ֆեյլդմանը, բառերը կոտորակների նման օդն արձակելով: — Ծխի՛ր:

Հարևանս վերցրեց՝ իր ընկերոջ առաջարկած ծխախոտը, վառեց և շարունակեց.

Այդ Ագրինցևը Օդեսայի գազաններից մեկն էր: Ապրանքը վաճառում էր իր ուզած գնով, ապառիկ ոչ ոքի չէր տալիս, միևնույն ժամանակ գնողների հետ վարվում էր կոպիտ: Մարդը կուշտ էր, կարիք չուներ ուրիշներին շողոքորթելու: Բայց գլխավորն այն է, որ մաշկեղենի առուտուրի մեջ մրցակից չուներ: Ապրանքն ստանում էր առաջին ձեռքից: Սիբիրի բոլոր նշանավոր վաճառականների հետ անմիջական հարաբերության մեջ էր: Մի խոսքով, հսկա էր, գոնե իմ աչքում: Իսկ եսես մի քոսոտ ջհուդիկ էիդերձակ: Ճշմարիտ է՞, Ֆեյլդման:

Աստծու օրենքի պես:

Խանութս պարոն Ագրենցևի մագազինին կպած էր, ի՞նչ ասեմ, ինչպես մի կեղտոտ կարկատան մի նոր և փառավոր մուշտակի: Այս բանը նրան դուր չէր գալիս: Նա ուզում էր ինձ դենը շպրտել, բույնս քանդել, մեծացնել և միացնել իր մագազինին: Բացի դրանից, նա չափազանց ատում էր մեր ցեղը, աչքով աչք չուներ մեզ տեսնելու:

Բայց ես էլ հիմար չէի: Այդ բանը շատ լավ իմանալով, ես վաղօրոք տեղս ամրացրել էի: Տանտիրոջս հետ ունեի տասներկու տարով նոտարի մոտ կապած պայմանագիր: Եթե նա ժամանակից թեկուզ մի շաբաթ առաջ ինձ դուրս աներ, պարտավոր էր վճարել երկու հազար ռուբլի տուգանք:

Դուրս անե՛լ, հիի՛, ոչ, Ահարոն Այզելմանը նպատակ ուներ: Նրա գլխում հղանում էր մի մեծ, հանդուգն ծրագիր: Ես տեսնում էի, որ հարևանս շատ է չաղանում, չափից դուրս: Եվ բոլորովին անարժան: Այդ մարդը, պարոն ոչ խելք ուներ, ոչ ճարպկություն: Նա վաճառական չէր: Կարդալ-գրելում կարդում էր, ինչպես կառապան: Այնինչ, ես օր չէր անցնում, որ մի կամ երկու լրագիր չկարդայի: Գիտեի առուտուրը որտեղ է ծաղկած, որտեղ է ընկած, բորսայում ինչ թղթեր են բարձր, որոնք են ցածր, մի խոսքով, ի՞նչ որ կարելի էր իմանալ լրագիրներից, իմանում էի:

Երբ հարևանիս, ինչպես հարկն է, լավ ճանաչեցի և նրա գործերին տեղեկացա, տեսա, որ ասպարեզից ոչ թե սա ինձ, այլ ես նրան կարող եմ քշել: Օօ՛, պարոն, ինչու կեղծել, այսպես է հրեան: Նա վաճառականության մեջ երբեմն Դավիթ է, որ կռվում է Գողիաթի հետ. թեև միշտ էլ հաղթող չի լինում, բայց կռվում է: Դա նրա ախտն է պապերից ժառանգած: Ինչևէ: Ես ունեի սրա ու նրա ձեռքում տոկոսով տված մի փոքրիկ գումար, որ խնայել էի ասեղիս ծայրով: Շատ քիչ էր: Բայց ունեի և մի բարեկամ Շմուլ Մոզեր անունով: Նա այժմ էլ կա, փառք աստծու, մահից ազատվեց: Ճարպիկ մարդ է այդ Մոզերը, խելքը գլխինԱյն ժամանակ նա մի հասարակ միջնորդ էր...

Սրա ու նրա համար ցորեն էր առնում ծախում, — ՛ լրացրեց Ֆեյլգմանը, — լեզու ունի, որ ածելոԼ նման է կրտ-րում: Հայրն էլ այնպես էր:

Կաց, Ֆեյլդման, ես բոլորը կասեմ, — շարունակեց հարևանս: — Ահա՛, պարոն, միտքս հայտնեցի Շմուլ Մոզերին: Իհարկե, իսկույն հասկացավ և ոգևորվեց: Մենք վճռեցինք մրցել Ագրինցևի հետ, Շմուլ Մոզերն իր ունեցած երեք հազար ռուբլին միացրեց իմ փոքրիկ դրամագլխին և ինքն իսկույն ուղևորվեց Սիբիր: Ես լուր տարածեցի, թե վճռել եմ խանութս քանդել, մեծացնել: Եվ, իրավ, այս մասին բանակցում էի տանտիրոջ հետ: Հարևանս ինձ հրամայեց «խելոք կենալ»: Ես կատակով ասացի. «Ձերդ մեծապատվություն, միշտ խելոք լինելը ձանձրալի է, ուզում եմ մի քիչ գժվել», մի օր, տեսնելով, որ խանութիս ցուցանակը վերցրել եմ, պատվերներ չեմ ընդունում և լուսամուտները փոխել եմ տալիս, դարձավ ինձ.

Այզելմա՛ն:

Հրամայեցեք, Սերգեյ Պախոմովիչ:

Դու ինձ հետ կատակ մի անիլ:

Ինչպե՞ս կհանդգնեմ, ձերդ մեծապատվություն:

Ասում եմ, կատակ մի անիլ, ես գիժ մարդ եմ:

Ի՞նչ եք ուզում, — հարցրի ես, տեսնելով որ այլևս շարժել եմ իմ գոռոզ հարևանի հետաքրքրությունը:

Ուզում եմ, որ դու այստեղից կորչես, քանի որ դեռ գլուխդ չեմ ջարդել:

Ո՞ւր կհրամայեք կորչել, ձերդ վաճառականական գերազանցություն:

Ուր ուզում ես, թեկուզ Երուսաղեմ: Ես արդեն զզվել եմ քո հոտից:

Անցագիրս տվեք, գնամ:

Ո՞րքան արժե:

Հազար երկու հարյուր:

Ախ, դու սատանայի ռեխ եբրայեցի:

Այդ միայն տուգանքն է:

Էլ ի՞նչ ես ուզում:

Մի՞թե չգիտեք, ձերդ մեծապատվությունխանութիս վերանորոգման ծախքը: Ուղիղ ինը հարյուր ռուբլիի էլ այն է:

Ես քո դունչը կջախջախեմ, անիծյալ Հուդա իսկարյովտացի, — բռնկվեց Ագրինցևը:

Ջախջախեցեք, Սերգեյ Պախոմովիչ, բայց ամեն մի դունչ որքան էլ ատելի լինի, ուտել է ուզում:

Նա մի քանի օր գոռգոռաց, հայհոյեց պապերիս, նախահայրերիս, կրոնս, հավատս, բայց համաձայնվեց վճարել թե տուգանքը և թե ծախսերս: Ինձ էլ միայն այդ էր հարկավոր: Խանութս դատարկեցի, բայց ես իմ գործն արդեն տեսել էի, դիմացի տանը, ուղիղ Ագրինցևի դեմուդեմ վարձել էի չորս աչք:

Գործը շատ բարդ չէր, որ մեծ դժվարություն քաշեի: Ապրանք շուտով ստացա Վարշավայից, Իսկ ընկերս հրաշքներ էր գործում Սիբիրում: Մի տարի անցած նա գրավեց մի քանի խոշոր առևտրական տներ և ձեռք բերեց մեծ վարկ: Դա մի զարմանալի հաջողություն էր. ունենալով ընդամենը յոթ հազար ռուբլի դրամագլուխ, վայելում էինք հիսուն հազար վարկ: Բայց հաջողությունը մեզ չմոլորեցրեց, վճռեցինք արթուն լինել և գործն ընդարձակել պահանջի համեմատ: Բախտը ժպտում էր մեզ, մենք շատ շատ անցանք քաղաքի հայտնի վաճառականների շարքը: Ա՛խ, երջանիկ օրեր, որ այնքան թանկ արժեցաք ինձ ապագայում

Հրեան տխուր հառաչեց և ձեռով դրստեց իր լայն ճակատը:

Կառախումբը կանգ էր առել: Մի քանի ճամփորդներ դուրս եկան, նրանց փոխարինեցին նորերը: Եկան ի միջի այլոց, նաև երկու նիհար և խիստ միմյանց նման երիտասարդներ լայն վերարկուներով և փոքրիկ գլխարկներով: Դես անցան, դեն անցան և վերջը կանգնեցին անցքում ու սկսեցին զննել ուղևորներին:

Ֆեյլդմանը կապկի արագությամբ մոտեցավ մեզ ու շշընջաց.

Գրպանահատներ են, որսի են եկել: Վերջապես, աղմուկը հանդարտվեց, հարևանս շարունակեց:

Ագրինցևը սկզբում մեզ վերաբերվում էր արհամարհանքով: «Տե՛ս, այդ քոսոտ երուսաղեմցիները ուզում են մրցել Ագրինցևի հետ, չգիտեն, որ կարող եմ կոշիկիս քթով նրանց կոյանոց շպրտել»:

Ճիշտ այս խոսքերն էր նա ասել իմ բարեկամներից մեկին: Եվ ուշադրություն չէր դարձնում մեզ վրա, մինչև անգամ մեր խանութի կողմը չէր նայում: Իսկ ես, ընդհակառակը, առաջվա պես խոնարհ էի ու համեստ: Գլուխ էի տալի Ագրինցևին ամեն անգամ պատահելիս այնպես, ինչպես մենք հրեաներս միայն սովոր ենք գլուխ տալ: Հիշում էի հանգուցյալ հորս խոսքերը. «Տե՛ս, չլինի թե կյանքումդ շահես որևէ քրիստոնեի թշնամություն: Միշտ խոնարհվիր, միշտ գետնին նայիր, այդ քեզ չի ստորացնիլ, բայց կպաշտպանե փորձանքներից»:

Եվ խոնարհվում էի: Միևնույն ժամանակ, աշխատում էի ամենայն եռանդով: Այժմ հասարակ դերձակի գլուխը ներկայացնում էր խոշոր հաշիվների և պես-պես ծրագրերի շտեմարան: Շմուլ Մոզերն ինձանից ավելի հանդուգն էր. միշտ դրդում՝ էր լայնացնել ու լայնացնել գործը: Ապրուստիս մեջ շատ քիչ փոփոխություն էի մտցրել, հագնվում էի առաջվա պես համեստ, բայց այլևս ինքս չէի կարում ինձ համար, ժամանակն ավելի թանկ արժեր, ընտանիքս այժմ կենում էր երկուսի փոխարեն չորս սենյակում: Չէի խմում, չէի շռայլում, կանանց վրա աչք չունեի: Բայց զավակներիս ուսման համար ոչինչ չէի խնայում. Այժմ մեծ որդիս համալսարանումն է:

Սկսեցի, հակառակ հարևանիս սովորության, ապառիկ ապրանք բաց թողնել: Բայց, իհարկե, գիտեի ում: Դրա համար ունեի առանձին ցուցակ, որից դուրս ամենքին մերժում էի: Դա եղավ մրցման առաջին միջոցը Ագրինցևի դեմ. Ինքս ոտքի վրա մնալու համար պատրաստ էի նրան գլորել գետին: Երկուսս միասին միևնույն շրջանում, միևնույն փողոցում, միևնույն առուտուրը չէինք կարող վարել:

Կար և մի ուրիշ միջոցքաղաքավարություն գնողների հետ: Վա՛յ այն վաճառականին, որ չգիտե ժամանակին ժպտալ, ժամանակին տխրել, ժամանակին ձևանալ բթամիտ, նայելով իր գնողի տրամադրությանը: Եթե գնողդ ցորենի առևտրական է, ասա՛, որ Մովսիսի ստացած պատգամների մեջ այդ առուտուրն էլ կա. եթե պետական պաշտոնյա է, առանց նրան երկրագունդը կդադարի պատել արեգակի շուրջը, եթե ոստիկանապետ է, թող կորչեն բոլոր հեղափոխականները, որ կործանեցին առուտուրը, իսկ եթե զինվորական է, թող տարտարոսը գլորվի նենգամիտ Անգլիան, որ միշտ դավեր է լարում «մեր հայրենիքի» դեմ և այլն, և այլն: Եվ ես, այսպես էի անում:

Մլուս կողմից, ո՛չ մի կոպտություն ինձ չէր շփոթեցնում կամ վիրավորում: Տեսնում ես, որ գնողը, հետդ խոսելիս, երեսիդ էլ չի նայում, խոսում է եզակի դեմքով, ինչպես սպասավորի հետ: Գրողը տանի, ով գիտե, ինչ-որ նախկին սպա է կամ պաշտոնաթող և գողության մեջ բռնված ինտենգանտ, կամ սրա պես մի խրտվիլակ: Գոհություն աստծու, այսպիսիների թիվը մեծ է սքանչելի Ռուսիայում: Ես մտածում էի՝ թող գոռոզանա, փքվի, մի օր կտրաքվի: Ես կշոյեմ առայժմ նրան, միայն թե ինձանից մի բան գնե: Եվ «ձերդ պայծառափայլություն, ձերդ գերազանցություն, ազնվություն» և այլն, ինձ համար այնքան սովորական էին, որքան ռուս զինվորի բերանում «լսում եմ»: Սակայն չնայելով այս բոլորին, երբեմն լսում էի այնպիսի վիրավորիչ խոսքեր, որոնք արյունս էին բորբոքում: Օօ, քանի՛-քանի անգամ են երեսիս շպրտել — «անհավատ, հեթանոս, կապիկի դունչ, քոսոտ շուն» և այլն, և այլն: Այզելման, կուլ տուր մանկությունից սկսած մինչև գերեզման, որովհետև կուլ է տվել քո հայրն էլ, քո պապն էլ, քո ամբողջ ցեղը, դարեր շարունակ:

Ա՜խ, քրիստոնյա պարոն, — գոչեց նա, հանկարծ բորբոքվելով և տեղից վեր թռչելով, — երկու հազար տարի է մեզ հայհոյում եք և անարգում, ի՞նչ եք առաջացրել, ասացեք: Եվ ո՞վքեր են անարգում, Աբրահամի և Մովսիսի աստված, բոլոր աստվածներից վեհը: Մարդկության տականքըկաշառակեր պաշտոնյաները, գող գանձապետները, լրտեսները, արբշիռները, որդերը, աղբակույտի ճանճերը, կոյանոցի սողունները: Արարածներ, որոնցից գեհենը պիտի գարշի և Կայենը զազրի: Մարդասեր Եհովա, գոռոզանում են իրենց խաչով, չեն ուզում հասկանալ, որ այդ խաչը մենք ենք կառուցել: Հալածում են մեզ մի մարդասերի անունով, և չեն ուզում հասկանալ, որ նա ինքն արյան գնով կռվել է հալածանքի դեմ: Ես հարցնում եմ. ո՞ւր էին այդ քրիստոնյաները, երբ մենք պաշտում էինք իսկական աստծուն, երբ դավանում էինք կրոններից բարձրագույնը, երբ ունեինք իմաստուններ և մարգարեներԳլուխներ ենք տվել աշխարհին, որոնց միշտ պիտի երկրպագություն տաք, ո՛վ գոռոզներ և ամբարտավաններ: Ահա՛ հենց այժմ, սկսվել է մի մեծ շարժում, որ պիտի տակնուվրա անի մարդկության կյանքը: Աա՛, դուք կարծում եք, որ մենք վաճառականներ լինելով՝ իսկի բան չենք հասկանում սոցիալիզմից, ո՞վ է նրա առաջին մարգարեն, դարձյալ մի հրեա: Իսկ սիոնիզմը: Աա, այժմ այլևս չե՞ք ծաղրում, ով քրիստոնյաներ: Սպասեցեք, ամբարտավաններ, եթե հին Երուսաղեմը չգրավենք, նորը կկառուցանենք...

Մի միլիարդ չորս հարյուր միլիոն դրամագլուխ ունեինք Ամերիկայում և Անգլիայում, — մեջ մտավ Ֆեյլդմանը, — թող այժմ էլ ասեն, թե հրեան գծուծ է, հի՛, հի՛, հի՛

Մենք կստիպենք ձեզ հարգել մեզ, կստիպենք, հի՛, հի՛, հի՛

Կաց, Ֆեյլդման, — փոխեց եղանակը Այզելմանը, — ես բոլորն ասացի: Ա՛հ, ներեցեք, պարոն, սիրտս լիքն էր: Գիտեմ, դուք այն քրիստոնյաներից չեք, որոնց հետ խոսելն երկյուղալի է: Այնպես չէ՞, Ֆեյլդման, հայերը մեր բարեկամներն են, մենք պատմական եղբայրներ ենք: Ագրինցևը գոչեց նա, նորից տաքանալով, — հիշում եմ այսօրվա պես այն վիրավորանքը, որ դու ինձ հասցրիր: Պարոն, լսա՞ծ եք Ուռուսով իշխանների մասին: նշանավոր մարդիկ են: Մի օր նրանցից մեկին ծախեցի մի օձիք և մի զույգ թևեր հազար երկու հարյուր ռուբլով: Նա Ագրինցևի կթան կովն էր, իմ ձեռքն ընկավ, որովհետև Ագրինցևը չէր կարողացել լավ շոյել նորին իշխանության սիրտը: Բայց օհ, այդ հազար երկու հարյուր ռուբլին ինձ որքա՛ն տանջանքներ տվեց: Պատմեմ տեսեք: Հենց նույն օրերը ես ընտրվել էի տեղական ժողովարանի անգամ: Երեկո էր. ես կնոջս և մի երկու ծանոթներիս հետ՝ ընթրում էի սեղանատանը: Մեզանից ոչ հեռու, մի ուրիշ սեղանի մոտ նստած էր Ագրինցեն իր ծանոթների հետ: Նա հարբած էր և բարձր ձայնով պարսավում էր հրեաներին, այսպես են, այնպես են: Սովորական զրպարտություններ: Մեր սեղանի մոտ կար մի տաքարյուն փաստաբան: Չհամբերեց մարդը, բողոքեց: Եվ նրա ու Ագրինցևի մեջ վեճ բացվեց:

Քեզ ով է խոսեցնում, որ մեջ ես ընկնում, — գոռաց Ագրինցևը:

Դուք պարոն, — ասաց սեղանակիցս,-ի՞նչ իրավունքով եք զրպարտում մեզ:

Լռի ր, քոսոտ ջհուդ, լռի՛ր:

Մենք վրդովվեցինք, Ագրինցևը դարձավ ինձ.

Աա, Այզելման, դու էլ այստե՞ղ ես, ժողովարանի անդամ ես ընտրվել: Շնորհավորում եմ: Բայց հեռո՛ւ, հեռո՛ւ նստիր մեզանից, հոտ է փչում:

Հետաքրքրական է իմանալ, — ավելացրեց Ագրինցևի ընկերներից մեկը, — որ նույնպես հարբած էր, — հրեուհիները երբևէ մաքրո՞ւմ են իրենց եղունգները:

Կինս գունատվեց: Նա կուշաթափվեր, եթե ես նրան ժամանակին չտանեի դահլիճ, երբ մենակ վերադարձա սեղանատուն, տեսա, որ վեճը սուր կերպարանք է ստացել: Ագրինցևը ոտքի էր կանգնել շիշը ձեռքին և սպասում էր հարձակվել սեղանակիցներիս վրա: Ես միջամտեցի: Եվ ահա այդ միջոցին, պարոն Ագրինցևն ինձ ապտակեց: Օօ, այսօր էլ երեսս այրվում է այդ հրապարակական վիրավորանքից, Լսո՞ւմ եք, պարոն, նա ապտակեց ինձ հարյուր մարդկանց և մի այդչափ էլ կանանց ներկայությամբ:

Next page