Շիրվանզադե Ալեքսանդր՝   Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ

Եվ դուք չպատասխանեցի՞ք, — հարցրի ես հարևանիս:

Ա՛խ, պարոն: Ինչպե՞ս պատասխանեի, — գոչեց նա, դարձյալ ոտքի ելնելով, — եթե շունը կծում է, մի՞թե այդ նշանակում է, որ մարդն էլ պիտի կծի, ես, իհարկե բողոքեցի հասարակությանը, դիմեցի դատարանին. Փաստաբանը լրագիրներում տպեց նամակ: Եվ վերջ ի վերջո ես ինքս ստիպվեցի վերջ տալ վեճին, վախենալով հետևանքներից:

Հրեան մի քանի վայրկյան լռեց իր հուզմունքը զսպելու համար, ապա շարունակեց.:

Ագրինցևը քանի գնում, այնքան ավելի կատաղում էր: Արդեն ես քշում էի նրան ասպարեզից: Օ՛օ, Շմուլ Մոզեր, Շմուլ Մոզեր, դու այժմ սնանկ ես, անցյալ պասկեքին կոպեկ չունեիր, որ մորդ համար մացա գնեիր: Բայց համոզված եմ, որ մի օր դու կդառնաս Մորգան կամ Շվար և ամբողջ հարավային Ռուսիայի առուտուրը ձեռքումդ կունենաս, Օօ՛ Շմուլ Մոզեր, Շմուլ Մոզեր, դու վաճառականության Սողոմոնն ես. Դու էիր, որ շարունակ հորդորում էիր ինձ ընդարձակել մեր գործերը: «Տես ասում էիր, ես այդ անիծյալ քրիստոնյային պիտի մերկացնեմ և փողոցները ձգեմ: Նա անարգում է իմ ազգը, ընտանիքը, հավատը, իմ բոլոր սրբությունները: Ես նրան պիտի կործանեմ»:

Եվ կործանում էինք, պար՛ոն, կործանում էինք այդ Սերգեյ Պախոմովիչ Ագրինցևին: Օօ՛, այնպես արագ, որ ես ինքս էլ զարմանում էի: Նա ատամները կրճտում էր և երկար փառահեղ միրուքը փետում: Մենք նրան հարկադրել Էինք արդեն ապրանքը ապառիկ բաց թողնել: Բայց ամեն մարդու բան չէ, պարոն, ապառիկ ծախելը: Ողորմելին չգիտեր, որ շատ անգամ գոռոզ արտաքինի և շքեղ հագուստի տակ թաքնված է ինքը չքավորությունը: Եվ տալիս էր այդպիսիներին ու կորցնում էր անիրավը...

Այնուհետև մենք նրան ստիպեցինք ապրանքի գինը իջեցնել 20 տոկոսով: Այս էլ մի մեծ հարված էր նրա համար, որովհետև մենք գիտեինք ապրանքն ավելի էժան գնել և ավելի էժան տեղափոխել, մի խոսքով, առաջին անգամ նա կորցրեց տասնհինգ հազար և այնուհետև սկսեց խելքն էլ կորցնել: Իսկ ծախսերը չէր պակսեցնում: Եվ ինչպե՞ս էր ծախսում, աստված իմ: Սեփական կառք ուներ, Մոսկվայից բերել տված, որ սև մարմարիոնի պես էր փայլում արեգակի տակ: Նժույգներ ուներ, որոնցից ամեն մեկն արժեր հազար հինգ-հարյուր ռուբլի: Եվ խմում էր. սիրում էր ուրիշներին էլ հրավիրել: Մի երեկո կլուբում երաժիշտներին և ծառաներին հարբեցրեց կոնյակով: Իսկ կինը, տեր աստված, կինը, մի սաժեն բարձրություն ուներ, մի արշին լայնություն, փոքրիկ նեղ աչքերով, կատարյալ մոնղոլուհի: Շատ էր սիրում մեծամեծներին: Ամիսը մի կամ երկու անգամ երեկույթներ էր սարքում: Ինքը նահանգապետի կինը չէր մերժում նրա հրավերը: Դե, իհարկե, այդպիսի մի բարձրաստիճան հյուրին խոմ չէր կարելի տապակած ձկով կամ երշիկով հյուրասիրել: Շմուլ Մոզերը, ձեռքերը միմյանց քսելով, հրճվանքով կրկնում էր.. — Բարեկամդ անդունդն է գլորվում.... Եվ գլորվում էր:

Նույն ժամանակներն ես օր ու գիշեր հանգիստ չունեի: Որքան հաջող են գնում հրեայի գործերը, այնքան նա քիչ է քնում, Զարթնում էի, պարոն, վեց ժամին, յոթին արդեն մագազինումս էի: Կողպում էինք տասներկու ժամին: Իսկ Ագրինցևը փաշա էր. գալիս էր մագազին տասնմեկից ոչ առաջ և երեկոյան ութ ժամին արդեն թղթախաղի սեղանի մոտ էր: Սիրուհիներ պահելը վաղուց գիտեինք: Դեռ մի Փոքրիկ սկանդալ էլ պատահեց, որը ծածկելու համար նա կաշառեց ոստիկանապետին: Գործակատարների հաշիվները չէր քննում: Եվ գողանում էին անիրավները:

Ես գնում եմ, Այզելման, — ընդհատեց հարևանիս խոսքը Ֆեյլդմանը, երբ կառախումբը կանգ առավ:

Ծերուկը բեռնավորվեց իր բազմաթիվ կապոցներով և մեզ գլուխ տալով չքացավ:

Այժմ, — շարունակեց հարևանս, — ես մոտենում եմ պատմությանս կորիզին: Լավ լսեցեք, պարոն, տեսեք ձեր քրիստոնյաներն ինչպես են վրեժ առնում մեզնից: Ագրինցևն այժմ հարբում էր շուտ-շուտ: Ոչինչ, այդ սովորական բան է Ռուսիայում, չէ՞ որ նա տարենը մի քանի անգամ Մոսկվա էր գնում: Լսում էի նրա գոռոցները գործակատարների վրա: Եվ ի՞նչ խոսքեր, աստված իմ: Երբեմն մինչև անգամ ծեծում էր խեղճերին: Բայց պետք է խոստովանել, հետո փող էր բաշխում նրանց:

Մի օր ճաշից հետո, Ագրինցևը հանկարծ մտավ մեր խանութը: Առաջին անգամն էր պատիվ անում մեզ: Նկատեցի իսկույն, որ բարեկամս բավական թրջված է և մի քիչ օրորվում է: Գործակատարներիս աչքով նշան արի զգույշ մնալ: Իսկ ՇմլոԽ Մոզերին խնդրեցի բնավ չխոսել: Շատ թունավոր լեզու ունի անպիտանը: Բարեբախտաբար, օրվա այն միջոցին էր, երբ գնորդներ չեն լինում:

Ագրինցևը, ներս մտնելով, կանգ առավ դռների մոտ, ձեռքերը գրեց պանթալոնի գրպանները, հետո փորը դուրս ցցեց և արտասանեց.

Զալինկին Ջուխտո՛ւմ:

Իբր թե ծաղրում էր մեր աղավաղած եբրայերենը, որով երբեք չէինք պարծենում: Ես պատասխանեցի».

Милостиво просим!

Այզելման, ուզում եմ խոզաբունդ տեսնել:

Համեցեք, — ասացի ես քաղաքավարի: — բնավ չվշտանալով նրա վիրավորական խոսքից: — Շնորհ արեք ներս գալու:

Օ՛օ, էլեկտրական լո՞ւյս: Ո՛ր ժամանակիդ:

Արդեն մի քանի ամիս է:

Այդ ի՞նչ իրավունքով:

Ինչպես թե ի՞նչ իրավունքով, Սերգեյ Պախոմովիչ:

Հարցնում եմ, ո՞վ է քեզ իրավունք տվել:

Փողր և իմ ցանկությունը, — պատասխանեցի ես: Ագրինցևը ծիծաղեց:

Աա՛, ուրեմն դու փող էլ ունես, ցանկություն էլ: Իսկ ես կարծում էի, որ միայն գողացած ապրանք ունիս:

Ինչպե՛ս թե գողացած ապրանք, — գոչեցի ես, — իմ խանութում այդպիսի բան չկա:

Ուրեմն ո՞րտեղ ես թաքցնում իմ ապրանքը, ասա՛, դու չես սովորեցնում գործակատարներին, որ մաշկերս գողանան և քեզ ծախեն, աա՞:

Այդ մի այնպիսի անամոթ զրպարտություն էր, որին չէի կարող դիմանալ: Ուստի տաքացա և Ագրինցևին անվանեցի ստախոս:

Աա՛, Իսրայելի շուն, — գոռաց նա այնպես, որ հարևաններս հավաքվեցին, — աա՛, սատկած կատու, խոզի փորոտիք, ես քո ատամները կջարդեմ, տո՛ւր ապրանքս, տո՛ւր, ասում եմ:

Հարևաններս միջամտեցին և աշխատեցին խաղաղեցնել նրա զայրույթը: Ամենքը հավատացրին նրան, որ «Այզելման և Մոզեր» առևտրական տունն երբեք չի ստորացնիլ իրան գողացած ապրանք գնելու չափ:

Ագրինցևը սթափվեց մի փոքր: Ես լուռ էի, որովհետև նահանգապետը նրա կողմն էր, իսկ ես մի հրեա: Սկսվեց մի ուրիշ տեսարան: Ագրինցևը կամեցավ ծխել և լուցկի պահանջեց:

Ես ունեի մի գործակատար: Վիտալի Ռաբինովիչ էր անունը: Ոսկի էր այդ երիտասարդը, մագազինիս հոգին, աջ թևս: Խելոք էր նա, պարոն, ընդունակ, եռանդուն: Միշտ կարդում էր ընտիր գրքեր: Խեղճ մոր միակ զավակն էր: Ա՛խ, ես նրան սիրում էի հարազատ որդուս չափ: Կորա՛վ թշվառը, իր անձը զոհեց ինձ, անպիտանիս: Ա՛խ, ներեցեք, ես չեմ կարող նրան հիշել առանց արտասուքի:

Հրեայի խոշոր աչքերից դուրս ցայտեցին երկու կաթիլ և գլորվեցին այտերի վրա: Նա ոտքի կանգնեց՝ իր խորին հուզմունքը զսպելու համար:

Անցան մի քանի լուռ և ծանր րոպեներ: Հրեան սրբեց աչքերը, զսպեց իրան և նորից նստեց:

ներեցեք, — ասաց նա, — ես շատ էլ թույլ մարդ չեմ, բայց այս մեկ կորուստը ինձ համար ծանր էր: Ռաբինովիչը չուներ հալածանքներ քաշած հրեայի փորձառությունը և սառնությունը: Նա դեռ չէր զրկվել ինքնասիրության կրքից, ինչպես մեզանից շատերը: Հպարտ էր, սիրում էր իր ցեղակիցների ոտնատակ եղող պատիվը: Դժբախտաբար հենց նա առաջ եկավ և լուցկի տվեց: Վառելով իր թանկագին սիգարը, Ագրինցևը նայեց ոտքից մինչև գլուխ Ռաբինովիչին արհամարհական հայացքով և ասաց.

Դու է՞լ ջհուդ ես:

Ոչ, պարոն, — պատասխանեց Ռաբինովիչը, գլուխը հպարտ բարձրացնելով, -ես հրեա եմ:

Այդ միևնույն աղբն է:

Ներեցեք, պարոն, միևնույնը չէ: Ջհուդներ կան բոլոր ազգերի մեջ, իսկ մենք հրեաներ ենք: Վերջապես, բավական է, պարոն, հեռացեք, ես իմ տիրոջ պես չեմ կարող տանել ձեր վիրավորանքները:

Աա՞, ի՞նչ, — պոռաց նորից Ագրինցևը, — չե՞ս կարող տանել: Աա, ուրեմն դու հեղափոխական ես: Ախ դո՛ւ գարշելի, հոտած:

Պարոն, — չկարողացավ իրեն զոպել Ռաբինովիչը, — գարշելին դուք եք և անարգ հոտը ձեր բերանից է գալիս: Փորձեցեք շարունակել ձեր հայհոյանքը, և ես ցույց կտամ ձեզ

Այո ասելով, Ռաբինովիչը ձեռը տարավ գրպանը: Շմուլ Մոզերը բռնեց նրա թևից և տարավ մագազինի խորքը: Ես կարծում էի, որ Ագրինցևը կհարձակվի նրա վրա և տեղն ու տեղը կխեղդի նրան: Բայց այդ չպատահեց: Հետո միայն իմացա, որ այդ մարդկանց խրոխտությունը իրենց քաջությանը չի համապատասխանում: Նրանք քաջ են միայն խեղճերի համար: Ռաբինովիչի ատրճանակը սանձահարեց նրա լրբությունը: Այնուամենայնիվ, վերջին խոսքը նա ասաց, դառնալով ինձ:

Ես, ինչպես իմ տերության հավատարիմ հպատակ և ուղղափառ քրիստոնյա, պարտքս կհամարեմ հայտնել ում հարկն է:

Ի՞նչ հայտնել, պարոն, — հարցրեց Շմուլ Մոզերը:

Այն, որ ձեր այս խոզաբունը լիքն է հեղափոխականներով: Աա՛, անպիտաններ, ուրեմն հայր Վլադիմիրը զուր չի ասում, թե դուք խորշում եք ուղղափառներից, Դուք «գոյ» եք անվանում մեզ, ձեր թալմուդը մեզ պիղծ է կոչում: Աա՛, մենք պի՞ղծ ենք: Եթե պիղծ ենք, ապա ինչո՞ւ համար եք ձեր պասեքին գողանում մեր երեխաներին, սիրտը ծակում և արյունը քամում, որ ձեր մացա-ին խառնեք, աա՞, ասացե՛ք:

Ո՞վ կարող էր այդ խելացնորին համոզել, որ այդ բոլորը զրպարտություն է: Նա գոռում էր ու պնդում ասածը: Վերջապես, հարևաններս ազատեցին մեզ նրանից:

Հետևյալ օրը խուզարկեցին ոչ միայն Ռաբինովիչին, այլև ինձ, Շմուլ Մոզերին, բոլոր գործակատարներիս թե՛ տանը և թե՛ մագազինում: Իհարկե, ոչինչ չգտան: Բայց այդ բանը բավական վնաս տվեց մեզ: Քաղաքական ահաբեկությունը այն ժամանակ մեծ էր, մարդիկ վախենում էին իրենց ստվերից: Ոչ միայն գնողներս պակասեցին, այլև բանկերում սկսեցին մեզ վրա ծուռ աչքով նայել

Շմուլ Մազերն ինձ մխիթարում էր:

Մի՛ վախենար, մեր բանը շուտ կդրստվի, բայց Ագրինցևի գործերը շատ վատ են, քանի որ այդպիսի միջոցների է դիմում:

Նա իրավունք ուներ, շուտով այդ երևաց: Հիմարությունն առհասարակ ինքն է իր համար փոս փորում: Ագրինցևը, տեսնելով, ուր մեզ չբանտարկեցին, լուր տարածեց, թե մենք կաշառել ենք ոստիկանությանը: Կաշառելը, պարոն, հրեաների քաղաքացիական պարտականություններից մեկն է: Բայց քաղաքական գործերում մենք զգույշ ենք

Լուրը հասավ ոստիկանապետին, հետո նահանգապետին:

Երկուսն էլ դադարեցին այցելել Ագրինցևի տունը, մինչև անգամ ընդհատեցին նրա հետ ամեն մի ծանոթություն: Այս մի մեծ հարված էր Ագրինցևի համար: Լսեցի, որ նա մի քանի անգամ գնում է նահանգապետին բացատրություն տալու, չի ընդունում: Մեջ է ընկնում պատվարժան ավագ քահանա Վլադիմիրը, և հազիվ կարողանում է ոստիկանապետին միայն հաշտեցնել «պատրիոտ» Ագրինցևի հետ: Այդ հայր Վլադիմիրն էլ մի պատիժ էր տեղական հրեաների համար: Ամեն կիրակի իր քարոզներով գրգռում էր ռուս ամբոխին մեր դեմ: Եվ հաջողություն ունեցավ:

Ագրինցևը դիմեց մի ուրիշ միջոցի, իր գործակատարների բերանով տարածեց, թե ես ու Շմուլ Մոզերը լրտեսներ ենք: Մի օր ինձ մոտ եկան երկու անծանոթ երիտասարդներ և բացատրություն պահանջեցին: Մեջ ընկավ Ռաբինովիչը և նրանց բավարարություն տվեց: Իհարկե, մենք կարողացանք մաքրել մեր անունը, բայց չէ որ այս տեսակ զրպարտություններն անհետևանք չեն մնում, գտնվեցին թեթևամիտներ, որ մեզնից երես դարձրին:

Բայց այդ մեր գործին վնաս չբերեց: Վերադարձան մեր բոլոր հին գնորդները, երբ հասկացան, որ մենք կրկնակի զրպարտված ենք:

Նույն միջոցին Ագրինցևի գործերը քայքայվել էին այնպես, որ մեծ խելք էր հարկավոր նրանց ուղղելու համար: Այնինչ Ագրինցևը զրկվել էր իր մեծ գլխում ամփոփված փոքրիկ ուղեղի մնացորդից էլ: Դուրս եկավ, որ այդ մարդը պարտքերի մեջ խրված է ավելի, քան մենք կարող էինք սպասել: Մի օր նրա մուրհակը բողոքի ենթարկվեց: Դա ողբերգության սկիզբն էր. շարունակությունը շուտով տեսանք: Մարդը կորցնում էր իր վարկը արագ-արագ: Ֆաբրիկաներն արդեն կրճատել էին նրա կրեդիտը, իսկ մեկը միանգամայն մերժել էր: Այս բոլորը մենք շատ լավ գիտեինք և նպաստում էինք: Աշնան սկզբին նա նոր ապրանք չստացավ, իսկ հինը ամառվա ընթացքում կերվել էր ցեցից:

Ագրինցևն անզոր էր կանգնել անկման կես ճանապարհին: Հարբում էր նա այժմ բոսյակի պես: Մագազինը փոխեց կնոջ անունով, որովհետև ինքն արդեն սնանկ էր ճանաչված:

Կառքերն ու ձիերը ծախվեցին: Կինը ամաչում էր տնից դուրս գալ կամ հյուրեր ընդունել:

Ագրինցևն երբեմն կանգնում էր իր անցյալ փառքի դռների առջև և ձեռքով ինչ-որ սպառնալիքներ ուղարկում դեպի մեր կողմը: Ես դեռ վախենում էի նրանից, և այժմ ավելի քան առաջ: Հուսահատությունը սարսափելի է, պարոն: Ահա ինչու չէի կարողանում խղճալ այդ մարդուն:

Խղճա՞լ, ոչ, նա շատ էր անարգել մեզ: Մի օր Շմուլ Մոզերն ասաց.

Այզելման, մենք արդեք, վարձատրված ենք:

Ի՞նչ ես ուզում ասել, — հարցրի ես:

Ագրինցևը խանութը փակում է վաղը:

Տեսնում եմ: Հետո՞:

Նա կորած է: Անցյալ շաբաթ մեր սինագոգը շուն գցողների մեջ տեսել են և՛ Ագրինցևին:

Այդ արդեն ես չգիտեի:

Անցավ կես տարի ևս: Ագրինցևը չքացել էր ասպարեզից: Բայց մենք նրան չէինք մոռացել, և ինչպե՞ս կարող էինք մոռանալ մի մարդու, որ դեռ մի քանի տարի առաջ առաջնակարգ քաղաքացիների շրջանումն էր: Իսկ ա՞յժմ... այժմ, ով գիտե, ո՞ւր: Մի օր, հարգելի պարոն, պատահեց հետևյալը: Մադմուազել և դուք, պատանի պարոններ, լավ լսեցեք, զվարճալի է: Որքան շատ են տանջվում ծնողները, այնքան պիտի խելոքանան զավակները: Հենց այս է պատճառը, որ հրեան ծեր է և խոհեմ օրորոցից սկսած:

Այո, պարոն, պատահեց այն, որ ես ամբարտավանությունը ցեխի մեջ տեսա:

Նստած էի մագազինումս: Շմուլն ու գործակատարների, մի մասը գնացել էին ճաշելու: Հանկարծ դռների առջև հայտնվեց մի մարդկային կերպարանք: Այնքան այլանդակ էր նա, որ ես առաջին րոպեին չճանաչեցի: Կարծեցի թափառական մուրացկաններից է, որոնց դեմքը հարատև սովը այնքան աղավաղում է:

Հարգելի պարոն, ես եղել եմ Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, ճանաչում եմ Ռուսիայում կենող բոլոր ազգությունները և կարող եմ ասել, որ ոչ մի ազգ այնքան շուտ չի հաշտվում ճակատագրի հարվածների հետ, որքան ռուսը: Երեկվա հարուստը այսօր կառապան է, և այս նրա համար, կարծես, սովորական բան է: Երեկ նա շամպայն էր խմում, այսոր, փույթ չէ, սիվուխա կխմի: «Ոչինչ» — ասում է նա և շուտով ամեն բան մոռանում:

Դուք արդեն գուշակեցիք, որ հյուրս Ագրինցևն էր: Հագնված էր նա այնպես, ինչպես, տեսած կլինեք, հագնվում է օղիի գերի ռուս փոքրիկ չինավնիկը, երբ պաշտոն չունի և թափառում է դատարանների առջև, սրան ու նրան իր ծառայությունն առաջարկելով: Այն տարբերությամբ, որ չինովնիկի անցյալից մնացել է «ֆուրաշկայի» կոկարդն ու կարմիր ժապավենը, իսկ Անգրինցևի հարստությունից՝ մի մուշտակ, հնամաշ, օձիքի մազերը թափված, փեշերն ու կուրծքը կեղտի բծերով ծածկված:

Նա հարբած չէր այդ օրը: Դեմքը լուրջ էր, եթե կարող է այդ լուրջ լինել, ինչ ասեմ, մի մեծ կապույտ-կարմրագույն ուռուցք:

Բարով, Այզելման, — ասաց նա օղիի քայքայված ձայնով, որի մեջ, սակայն, դարձյալ զգացվում էր արհամարհանք դեպի ինձ:

Պատիվ ունեմ, Սերգեյ Պախոմովիչ, — պատասխանեցի ես առանց հեգնության, այնպես, որ կարծես, ոչինչ փոփոխություն չէր պատահել նրա ճակատագրի մեջ: Ես մինչև անգամ չզլացա ոտքի կանգնել այդ փողոցային շրջմոլիկի համար:

Այզելմ՛ան, ես եկել եմ քեզ մի բան առաջարկելու:

Ասաց պարոնը և ձգվեց աթոռի վրա, ոտներն երկարացնելով և ձեռքերը խոթելով պանթալոնի գրպանը:

Հրամայեցեք:

Առաջինը՝ արի հաշտվենք: Այսինքն՝ դու ինձանից ներումն խնդրիր, և ես կներեմ: Աստված վկա, կներեմ:

Լսո՞ւմ եք, պարոն, դեռ նա պիտի նրանից ներումն խնդրի, դեռ նա պիտի ինձ ներեր:

Գործակատարներս, քիթ-քթի տալով, սկսեցին ծիծաղել:

Նո՛ւ, խնդրի՛ր, — կրկնեց նա, — ուղղափառ ռուսը չար չէ: Որքան էլ կատաղի, սիրտը բարի է, ախ պահել չգիտե: Էս անցյալը մոռանում եմ, դու էլ մոռացիր, աա՞...

Սերգեյ Պախոմովիչ, ես ձեր դեմ ոխ չունիմ, կարող եք հանգիստ լինել, — ստեցի ես մի փոքր:

Աա՛, այդպե՞ս, շատ լավ, շատ լավ: Ուրեմն, ես քեզ ներում եմ: Թողնենք այդ: Դատարկ բան է: Չարժե խոսել անցյալի մասին: Մեր կյանքը գետ է, երբեք ետ չի դառնում, մեր հոգին էլ այսպես պիտք է լինի: Աա, դու ուզում ես ասել, որ քեզ մի քանի անգամ հայհոյել եմ: Ի՛նչ կա. այժմ դու կարող ես ինձ հայհոյել: Կլսեմ: Դրանից իմ հոր ոսկորները գերեզմանում տրեպակա չեն պարիլ: Այզելման ես եկել եմ առաջարկելու ահա թե ինչ. արի ընկերանանք և միասին տանենք մեր գործը: Աա՛, ի՞նչ կասես:

Ընկերանա՛նք, դու և ե՞ս, Սերգեյ Պախամովիչ:

Այո , հենց ես ու դու, ի՞նչ կա:

Մարդը կատակ չէր անում, ես էլ լուրջ խոսեցի:

Բայց ես մի պիղծ ջհուդ եմ, Սերգեյ Պախոմովիչ, մի կեղտոտ և հոտած անհավատ: Եվ ինչպե՞ս դուք, ուղղափառ քրիստոնյա, կարող եք ձեզ ստորացնել, ընկերանալով ինձ հետ:

Դե, լա՛վ, մի ծաղրիր ինքդ քեզ, լավ չէ, ազգային պատվի զգացում ունեցիր:

Բայց ի՞նչ կասի հայր Վլադիմիրը, եթե ես ունենամ ազգային պատվի զգացում: Նա չի" գժվի, երբ մեր խանութի ճակատին կկարդա միասին գրված «Ագրինցե և Այզելման»: Աա՞, նա ձեզ կանիծի, այդ բարեպաշտ քրիստոնյա հայրը

Հայր Վլադիմիրին ես ուղարկեցի սատանաներին, այլևս նա իմ տուն չի գալիս:

Հասկանում եմ, այլևս փորը չի կարող կշտացնել ձեր տանը: Խելոք մարդ է, ուրեմն...

Ագրենցևը հասկացավ իմ վիրավորանքը և կուլ տվեց:

Հը՛, ասա, — շարունակեց նա, — ե՞րբ ենք պայմանագիրը ստորագրում: Ասում ես պիղծ ջհուդ ես: Ես էլ այդ մասին շատ եմ մտածել, բայց և այնպես վճռել եմ ընկերանալ: Ի՞նչ անենք, ջհուդներն էլ ինձ նման մարդիկ են: Իսկապես ես նրանց դեմ ոչինչ չունիմ: Կարող են իրենց սինագոգում որքան քեֆներն է «ալելույա» կանչել: Ջհուդ ես, ես է, հենց այն պատճառով եմ ուզում ընկերանալ քեզ հետ, որ ջհուդ ես:

Օօ՛, ջհուդները դևեր են վաճառականության մեջ: Նրանց հետ ոչ ոք չի կարող մրցել: Աա՛, ի՞նչ կասես, շնորհակալ չե՞ս, որ քեզ այսքան պատիվ եմ անում:

Ռաբինովիչը մոտեցավ և ականջիս շշնջաց.

Թողեք այդ խրտվիլակին շպրտեմ փողոց: Նա դարձյալ մեզ անարգում է:

Բայց ես ուզում էի Ագրինցևի հետ խոսել. այժմ նա ինձ հաճույք էր պատճառում:

Օ՛օ, — ասացի ես, հազիվ զսպելով ծիծաղս, — շատ և շատ շնորհակալ եմ: Լա՛վ, ընկերանանք: Ո՞ւր է ձեր դրամագլուխը:

Ինչպես թե դրամագլուխը:

Այո , ո՞րն է ձեր դրամագլուխը:

Իմ դրամագլուխն է անունս և ազգանունս:

Հետո՞:

Հետո այն, որ ես ուղղափառ քրիստոնյա եմ: Ինձ հետ ընկերանալով, դուք կարող եք բոլորովին հանգիստ լինել, որ ոչ մի քրիստոնյա ձեզ չի վիրավորիլ: Մի խոսքով, ես Սերգեյ Պախումովիչ Ագրինցևն եմ:

Այս անգամ արդեն ծիծաղս չկարողացա զսպել:

Այզելման, — վիրավորվեց Ագրինցևը և ոտքի թռավ, — դու ինձ չես հավատո՞ւմ: Զգուշացիր, Այզելման, ես դեռ առյուծ եմ:

Պետք էր ճշմարտությունն ասել, և ես ասացի, չվախենալով նրա կատաղությունից: Ժամանակն էր, որ ես վրեժս առնեի իմ թշնամուց, որ այնքան անարգել, այնքան հալածել էր ինձ:

Ես ասացի, վաճառականությունը կանոններ ունի, որոնց մոռացողը չարաչար պատժվում է: Մի մարդ, որ իր կոպտության, գոռոզության և շռայլության շնորհիվ կորցրել է ամեն ինչ, չի կարող նույնիսկ խոսել վարկի մասին:

Դուք ոչ միայն փողով եք սնանկ, Ագրինցև, — շարունակեցի ես, — այլև խելքով: Երբ դուք հարբում էիք և մեզ հրեաներիս հրապարակորեն անարգում, մտածո՞ւմ էիք, արդյոք, որ մի օր պիտի այդպես ստորանաք իմ առջև: Ո՛ւր է այժմ ձեր անցյալը: Կարողություն չեմ ասում, այլ գոռոզու՛թյուն: Ո՞ւր են ձեր ուղղափառ հավատակիցները. ինչո՞ւ Մոսկվայի քրիստոնյա ֆաբրիկանտները ավելի առաջ բողոքեցին ձեր մուրհակները, քան Վարշավայի հրեաները: Եթե դուք մարդ լինեիք, ես ձեզ չէի կործանիլ մինչև այդ աստիճան: Ցույց կտայի ձեր փրկության ճանապարհը: Ախ, Սերգեյ Պախոմովիչ, Սերգեյ Պախոմովիչ, մի՞թե այժմ էլ խելքի չեք եկել, մի՞թե այժմ էլ ուզում եք ինձ ծաղրել: Բայց չէ՞ որ դուք եք արժանի ծաղրի: Ոչ, ոչ, պարոն, ոչ ծաղրի, այլ ցավակցության: Նայեցեք ձեզ ոտքից մինչև գլուխ, ինչ օրի եք հասել: Զգո՞ւմ եք, արդյ՞ոք, որ կորած եք հավիտյան:

Կարող եք երևակայել, պարոն, այն մարդը, որ կարելի է ասել, կյանքում չգիտեր ինչ ասել է արտասուք, հանկարծ արտասվեց, ինչպես մի ողորմելի կին: Այստեղ ես նրան խղճացի, բայց միայն մի քանի րոպե: Կարո՞ղ էի մոռանալ հենց միայն այն օրը, երբ նրա կինը անպատվել էր կնոջս, գլխարկ պատրաստող ֆրանսուհու մոտ, անվանելով նրան... Օ՛օ, ես պատրաստ էի այդ ամբարտավան քրիստոնյային կոշկիս կրունկով խփել և գցել ցեխի ամենաթանձր տեղը: Թող նա այնտեղ խեղդվեր, ավելի լավ վիճակի արժանի չէ՞ր:

Շարունակեցեք, Սերգեյ Պախոմովիչ, շարունակեցեք, — ասացի ես կծու հեգնությամբ, — արտասուքը մաքրում է մեր հոգին կեղտերից: Անշուշտ հայր Վլադիմիրը ձեզ ասած կլինի, որ զղջալը քրիստոնեի պարտավորություններից մեկն է:

Բայց, ավա՛ղ, նա չէր զղջում:

Դու ծաղրում ես ինձ, անհավատ, — գոչեց նա, արտասուքն արագ սրբելով և ոտքի կանգնելով, — ես քեզ ցույց կտամ:

Ես հանդարտ ձայնով պատասխանեցի.

Ո՛չ, Սերգեյ Պախոմովիչ, ո՛չ, ես այլևս ձեզանից երկյուղ չունիմ: Դուք անզոր եք: Լսեցե՛ք, դուք այժմ փող չու՛նիք, վարկ չունիք, խելք չունիք, իսկ պատվի մասին չխոսենք: Դուք ընկած եք, ով քրիստոնյա, այնպես, ինչպես միայն ձեր նմաններն են ընդունակ ընկնելու: Եվ որովհետև ձեր ուղղափառ քրիստոնյաները ձեզ չեն օգնում, ե՛ս կօգնեմ: Լսեցեք, ես ձեզ կընդունեմ ինձ մոտ դռնապանԿնշանակեմ ամսական քսանուհինգ ռուբլի ռոճիկ, որ ինձ պահպանեք խուլիգաններից: Ուտելիքդ էլ կտամ: Մի վախենաք, ես ձեզ սոխով և ապխտած ձկով չեմ կերակրիլ: Այն ես կշարունակիմ ուտել: Ես ձեզ կտամ ձեր բորշչը, կվասը և սիվուխան:

Հարվածս զորեղ էր: Ագրինցևը վայրկենաբար գունատվեց: Նրա ուռած երեսն ավելի այլանդակվեց. Երկյուղալի էր նա: Բռունցքները սեղմելով հարձակվեց վրաս, բայց նույն վայրկյանին երկու առողջ երիտասարդական ձեռքեր բռնեցին նրան ետևից, Ռաբինովիչն էր, որ ուզում էր դուրս վռնդել այդ կեղտն իմ խանութից: Ես դարձյալ թույլ տվեցի:

Ներս մտավ Շմուլ Մոզերն, և մի վայրկյանում բոլորը հասկացավ:

Ագրինցևն ուշքի եկավ, սթափվեց: Այն ժամանակ կատարվեց ուրիշ տեսարան: Նա մոտեցավ ինձ, այս անգամ ընկճված ու խեղճացած:

Ասա՛, — գոչեց նա տարօրինակ ձայնով, — ասա՛ ինչից եք ստեղծված դուք, ջհուդներդ: Ասա՛, ինչի՛ց, մի՞թե միևնույն նյութից, որից ես և ուրիշները: Ասա՛ ինչից են շինված քո գլուխն ու քո լեզուն, քո աչքերը, քո ձեռքերը, ոտքերը: Ինչո՞ւ քո լեզուն ավելի լավ է խոսում, ինչո՞ւ դու ինձանից լավ ես տեսնում, ինձանից լավ լսում, ինչո՞ւ կիսիս չափ չկաստասն իմ չափ եռանդ ունիս: ինչո՞ւ դու ոտքով ավելի արագ էիր կատարում գործերդ, քան ես կառքով, ինչո՞ւ դու կարողանում էիր առավոտներն ինձանից ավելի վաղ զարթնել, գիշերները ինձանից ուշ քնել, ինչո՞ւ դու գիտեիր գուշակել, թե մի տարի հետո, որ ապրանքն է թանկանալու, որն է Էժանանալու, Ինչո՞ւ դու բոլոր վաճառականների գործերին տեղյակ էիր, իսկ ես իմ հաշիվներին էլ վերահասու չէի, ասա, ի՞նչ կա քո աչքերի մեջ, որ այդպես լավ են տեսնում: Ասա, որ ես դուրս գջլեմ եղունգներովս: Ասա, ի՞նչ կա քո ականջների մեջ, որ այնպես լավ են լսում հեռվից: Ասա Այզելման, ինչո՞ւ դուք հրեաներդ անհաղթելի եք: Ինչո՞ւ ձեզ ոչ ծեծն է ցավ պատճառում, ոչ հալածանքը հուսահատեցնում, ոչ անարգանքն ընկճում, Ասա՛, պատասխանիր, ես չեմ բարկանում, տեսնում ես, այլ խնդրում եմ...

Տարօրինակ հարցեր են, այնպես չէ: Ես կամեցա ինչ-որ ասել, բայց Շմուլ Մոզերն ինձ առաջեց,

Ես կպատասխանեմ, — ասաց նա հանդարտ ձայնով և մոտեցավ Ագրինցևին, — Ասում եք ինչ նյութից է ստեղծված հրեան: — Միևնույն նյութից, միևնույն աստծու ձեռքով: Հող է այդ նյութը և հող պիտի դառնա, թե ձեր ավետարանով և թե մեր թալմուդով: Բայց դուք, ով քրիստոնյաներ, այնքան հունցել, այրել, ծեծել, կռել եք մեզ, որ դարձել ենք պողպատ: Հազար ինը հարյուր տարի է, դուք հրեայի դարբինն եք, և պետք է ասած, երևելի վարպետ եք ձեր գործում: Դուք եք, որ սրել եք հրեայի լեզուն, նրբացրել եք նրա տեսանելիքը և լսելիքը: Հարցնում եք, ինչո՞ւ ենք մենք ձեզանից ավելի շուտ զարթնում, ձեզանից ուշ քնում: Ինչո՞ւ, որովհետև առավոտները ձեր կազակների ձիերի տրոփյունն է մեզ զարթեցնում, իսկ գիշերները ոստիկանների ջվոցներն է խափանում մեր քունը: Մենք այդ տրոփյունն ու այդ շվաքները ձեզանից լավ ենք լսում, որովհետև ձեր լսելիքը դեռ կոպիտ է: Ոչ, այդ չէ միայն, մենք ստիպված ենք քիչ քնել բնավ չքնեի որովհետև քնում են միայն տեր ու պահապան ունեցողները, իսկ մեր գլխին հավիտյան կախված է բռնության սուրը: Մենք վազում ենք-ձեր կառքը մեզ չի հասնում, որովհետև մենք հալածվողներ ենք: Իսկ հալածվողների ոտները փետուրից են: Ախ, կար Ժամանակ, երբ մենք էլ ձեզ նման գոռոզ էինք և անբարտավան, անցա՛վ, կործանվեց ամեն ինչ, ցրվեց մեր բույնը, դարձյալ ձեր ձեռքով, ով քրիստոսի աշակերտներ: Եվ մենք ցրվեցինք աշխարհի բոլոր կողմերը: Դժոխք է մեզ համար տիեզերքը, և այդ դժոխքի ամենասոսկալի վայրն է մեզ վիճակվել... Ռուսիան: Ի՞նչ եք ուզում իմանալ, ինչո՞ւ: մենք հաջող ենք վաճառականության մեջ. Բարի քրիստոնյա, ի՞նչ կլիներ մեր դրությունը, եթե այդքան էլ չուենայինք: 9է՞ որ մեր միակ ապավենը ճարպկությունն է, Միակ միջոցը գոյության: Ա՞յն էլ ուզում եք խլել: Խլեցե՛ք, մենք ուրիշը կգտնենք: Զարմանում եք, թե ինչպես մենք ձեզ այդ օրին հասցրինք: Շատ, պարզ է: Մենք ուզում ենք ապրել, իսկ դուք արդեն ապրում էիք: Մենք բախտ էինք որոնում, իսկ դուք արդեն անեիք այն: Մենք դժգոհ էինք մեր վիճակից, իսկ դուք գոհահա ձեր դժբախտության հիմքը: Ձեր խելքը և եռանդը նիրհում էր ձեր անբարտավանության մեջ, իսկ մենք արթուն էինք և պիտի կռվեինք: Այսպիսի հանգամանքներում դժվար էր ձեզ թավալել գետին ու խեղդեր Ոչ: Եվ մենք թավալեցինք ու խեղդեցինք ձեզ: Ի՞նչ եք ուզում այժմ մեզանից: Ընկերանա՞լ: Շատ բարի, համեցեք ընկերանանք: Բայց ամեն մի ընկերություն հիմնվում է իրավունքների հավասարության վրա: Տվե՛ցեք ձեր իրավունքները մեզ էլ, կամ վերցրեք հազարավոր շղթաները մեր ձեռքերից ու ոտքերից, և մենք կարող ենք ընկերանալ: Վերջապես, մեր վարք ու բարքերի մեջ կա ահագին անդունդ, նախ լեցրեք այն -հետո: Դուք, պարոն Ագրինցև, ծնված եք գռռալու, հայհոյելու, հարբելու, ծեծելու, կոարատելու և մատնելու համար: Ախ, ի՞նչ երևելի ոստիկան կլինեիք դուք, եթե ժամանակին հասկանայիք: Նայեցե՛ք ձեր այդ խոշոր բազուկները, կարծես, ստեղծված են մեզ խեղճերիս բռնելու և բանտ դնելու համար: Եվ դուք ուզում էիք, որ մենք չկարողանանք հաղթել ձեզ վաճառականության մեջ: Ի՞նչ կոպիտ մոլորություն: Մեր հայրերը և մեր նախահայրերը, մեր հարյուրավոր սերունդները առևտրի մեջ են մաշել իրենց խելքը:

Ագրինցևը, այդ անհամբեր և ոչ ոքի հակաճառությանը չընդդիմացող մարդը, լուռ լսում էր Շմուլ Մոզերի թունավոր խոսքերը: Երբ ընկերս ավարտեց, նա նայեց շուրջը նախանձի և չարության սուր հայացքով: Ապա մոտեցավ ինձ մի քանի քայլ և ասաց.

Այդ շան ձագին ես չեմ պատասխանիլ: Իմ հաշիվը քեզ հետ է: Ահա ինչ կասեմ քեզ, Այզելման. տեսնում եմ այս դանակը: Սա քեզ համար է...

Նա գրպանից հանեց մի մեծ դանակ, ցույց տվեց և նորից դրեց գրպանը: Աստված իմ. այս վայրկյանիս էլ աչքերիս առջև փայլում է նրա դեղնագույն կոթը:

Անցան ամիսներ: Այդ միջոցներին հրեաների դրությունը սոսկալի էր: Ինչ-որ անհայտ չար ոգիներ գործում Էին եռանդով: Պատրաստվում էր այն դժոխային անցքը, որի մասին գիտեք, պարոն, և որը հետո պիտի կրկնվեր ավելի զորեղ կերպով:

Մենք հիմար չէինք, գուշակում էինք: Երբեմն ժողովներ էինք անում, խորհրդակցում, բայց ի՞նչ կարող էինք անել: Մեր թշնամին պարզ էր ով է. նա զորեղ էր, իսկ մենք` տկար: Պետք է դիմեինք իր իսկ օգնությանը և մեր դրությունն այս անգամ հիշեցնում էր առասպելական մկներին:

Նահանգապետը մերոնցից մի քանիսին ասել էր.

Հրեաները երազումն էլ վտանգ են տեսնում: Բայց ոչ մի երկրում այնքան նրանք բախտավոր ու ապահով չեն, որքան Ռուսաստանում: Նրանք իրենք են ուրիշներին հալածում ու ճնշում: Նրանք խռովարարներ են:

Եվ այլն, և այլնպատմական խոսքեր, որ վաղը, մյուս օրը բեմերից պիտի արտասանվի իբրև ծաղր և ամոթ:

Մի երեկո խանութիս առջև նկատեցի Ագրինցևին, մի խումբ կասկածելի մարդկանցով շրջապատված՝ նա ինչ-որ խորհրդակցություն ուներ նրանց հետ: Երբեք քաղաքի կենտրոնական փողոցներում այդպիսի դեմքեր չէի տեսել: Դա մարդկության այն տականքն էր, որ թափառում է մթին խորշերում, կեղտ՛ոտ անկյուններում:

Ես մոտեցա դռներին և պարզ լսեցի այս խոսքերը.

Այս ամենահարուստ մագազիններից մեկն է մեր քաղաքում: Մի ահագին սնդուկ կա ոսկով լի: Բոլորը ձերը կլինի: Բայց տիրոջը ձեռք չտաք, նա իմն է

Աչքերս մթնեցին, ոտքերս դողացին: Եթե Ագրինցևը նկատեր իմ սարսափը, պիտի խնդար չարությամբ: Ես հեռացա խանութիս խորքը և հայտնեցի բոլորը Շմուլ Մոզերին: Խորհուրդ կազմեցին գործակատարների հետ: Ես այն կարծիքին էի, որ պետք է մեր կանանց ու երեխաներին հեռացնենք Օդեսայից, իսկ ինքներս մնանք մեր կայքը պաշտպանելու: Այսպես էլ արինք: Ես իմ ընտանիքին ուղարկեցի Քիշինյով՝ կնոջս ծնողների մոտ, իսկ Շմուլ Մոզերն իր մորը՝ Բենդեր: Նա շատ էլ չէր հավատում համառ լուրերին և ոչ էլ այդ պարզ սպառնալիքներին: Արդեն հրեաները շատ են հալածվել, ավելի տանջել նրանց չի կարելի: Խեղճ մարդ, չգիտեր, որ այլ էր մեր կարծիքը, այդ էր որոշումներ արձակողների տրամադրությունը...

Պարոն, ես ձեզ չեմ ձանձրացնիլ, պատմելով այդ աղետալի օրերի անցքը: Դուք բավական տեղյակ եք, թեև շատ բան չգիտեք:

Next page