Թումանյան Հովհաննես՝   Պոեմներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last

IV

Փոխվեցավ այսպես վանականն անմեղ, —
Յուր խուցը դարձավ առավել նեղլիկ,
Եվ մեղմ աղոթքի անդորրության տեղ
Հայտնվեց հոգում անծանոթ մրրիկ:
Ո՛վ զարմանք, արդեն սիրալի սրտով
Մի գիշերվա մեջ կարոտել էր նա,
Եվ ափսոսում էր, թե ինչու շուտով
Գնացին վանքի հյուրերն երեկվա:
Կարոտել էր նա. և նրա աչքին,
Քավության ճերմակ շապիկը հագին
Միշտ երևում էր այն գերդաստանի
Վայելչահասակ դուստրը գեղանի: —
Երևում էր նա գլխակոր չոքած
Լուռ աղոթելիս սեղանի առաջ,
Կամ այստեղ նստած, կամ այնտեղ կանգնած՝
Թախծալի, քնքուշ դեմքով սիրատանջ:
Ամենայն անգամ նորա տեղերին
Մոտիկ գնալիս, կամ թե կանգնելիս
Ծնկներն ու սիրտը դողդողում էին,
Եվ մարմնին ախորժ թմբիր էր գալիս:
Երկար ժամերով քարացածանշարժ
Մի տեղ մնում էր նստած, գլխաքարշ
Ապրում էր մտքում երազած օրով,
Եվ ցնորմունքից ուշաբերվելով
Հաճախ անհանգիստ նա չարչարվում էր,
Լալիս էր ծածուկ, վանքից կորչում էր,
Եվ կատաղում էր, որ մի մարդ չըկար՝
Յուր ցավն սփոփեր, կամ գեթ հասկանար...

V

Արդեն հրեղեն գունդն արեգակի
Ուժասպառ, հոգնած դեպի մայր թեքվեց.
Փուլ եկավ դարձյալ սիրտն աբեղայի
Գիշեր է հասնում, նա տրտում երգեց.
Արևը թռավ.
Թռցըրեց, տարավ
Փայլուն շողերը.
Խավար գիշերը
Ծանրացավ ահա
Դաշտերի վերա:
Գերին արևի
Գլուխը դեպի
Արևմուտ ծռած
Մնաց սալարած:
Սպասում է նա,
Թե երբ կերևա
Երկնակամարից
Արևը նորից:
Ա՜խ, շուտո՜վ բացվիր,
Արև կենսաձիր.
Գարգարիր կրկին
Արևածաղկին:
Հեռացար և դու,
Անհայտ սիրատու.
Բոցոտ հայացքով
Լցրիր կըրակով
Սիրտս վշտահար,
Եվ քեզ հետ տարար
Ուշքս ու միտքս...
Մթնեց երկինքս.
Ես էլ ծաղկի պես
Սպասում եմ քեզ. —
Ահա շվարած
Գլուխս ծռած,
Ես էլ եմ նայում,
Քո ճամփեն պահում.
Ծագի՜ր դու նաև,
Իմ հոգուս արև:

VI

Գիշերվա մթնում նեղ լուսամուտից
Երևում է լույսն աղոտ լամպարի.
Յուր անձուկ խցում նստած է հանգիստ
Ժիր վերակացուն հին սրբավայրի:
Կծղել են երկայն մազ ու միրուքը
Այն խստակրոն ծեր վանականի,
Հանգել են աչքերն, և հեգ ծերուկը
Չունի երեսին մի գիծ կենդանի:
Արդեն չորացած երկայն մատներով
Յուր սև համրիչի հատերն է քաշում,
Եվ խաղաղությամբ, դրախտի հուսով
Կյանքի մնացած ժամերը հաշվում:
Մահի հարվածից նա չի սարսափում,
Եվ բան չի խլում մահը նրանից, —
Երկրի հետ նրան ոչինչ չի կապում,
Ողջ սպասում է նա գերեզմանից:

VII

Փոքրիկ դռնակը զգույշ բացվեցավ.
Մի մեռելատիպ, բայց երիտասարդ,
Աչքերը վառված սևաշոր մտավ.
Եվ հարցրեց նրան ծերուկը հանդարտ. —

Ծեր վանահայրը

Ի՞նչ ունես, որդյակ:
Երիտասարդ աբեղան

Հայրիկ, ներիր ինձ,
Այսպես տարաժամ որ քեզ մոտ եկա.
Սիրտս ուզում է դուրս թռչել տեղից...
Այլևս համբերել չըկարողացա...

Վանահայրը

Համբերություն տա թող բարձրյալը քեզ.
Բայց ինչո՞ւ համար հուզված ես այդպես:

Աբեղան

Ինձ ասա՜, հայր սուրբ, գաղտնիքը կենաց
Արդյոք օրենք է աստծուց սահմանա՞ծ...

Վանահայրը (ընդհատելով)

Այո ՜, տեր աստված աշխարքին, որդյակ,
Ապրելու համար տվել է օրենք,
Եվ մենք սրբությամբ, ինչպես օրինակ,
Այն օրենքները պիտի կատարենք:

Աբեղան

Կատարենք, հայր սուրբ... ապա, երբ որ կա,
Խնդրում եմ տիրոջ այն սուրբ օրենքով,
Որով ապրում են մարդիկը նորա,
Նաև մարդկային իմ իրավունքով...

Վանահայրը (ընդհատելով)

Էլ ի՞նչ իրավունք... դու պաշտոնյա ես,
Մի սպասավոր աստըծո տանը,
Պիտի տաճարի սեղանին նայես,
Աղոթես, ճգնես, այս է քո բանը.
Եվ դրա համար չես մնալ անմաս
Բոլորի վարձը այնտեղ կստանաս:

Աբեղան

Ես ծառայում եմ, և իմ պաշտոնում,
Տեսնում ես, ահա, պակասավոր չեմ.
Երկնքի վարձը չեմ արհամարհում,
Բայց մի՞թե երկրում ես պիտի կորչեմ...

Վանահայրը

Մի մազ չի կորչիլ գլխիդ մազերից.
Մի՜ սնուցանիր սրտումդ կասկած:

Աբեղան

Սակայն չէ՞ որ մեզ այս լեռ քարերի
ճգնության համար չըստեղծեց աստված:
Իմ օրերն այստեղ տխուր են անցնում.
Վառվում է սրտումս հուրը կենսական,
Ինչո՞ւ եք նրան դուք զոռով հանգցնում
Մահաշունչ գրկում խոպ առանձնության.
Կարոտ է հոգիս, թռչում է հրաթև
Այս մենաստանի բարձըր պարսպից,
Չեմ կարող մնալ ես այսուհետև,
Եվ երբեք, մինչդեռ զրկված եմ կյանքից...

Վանահայրը

Այստեղ է կյանքը, այս սուրբ հարկի տակ.
Աղոթի՜ր, ճգնի՜ր, կըգտնես, որդյակ:

Աբեղան

Չէ՜, չեմ գտնում, հայր, աղոթքների մեջ
Եվ ոչ հոգեբուխ մեղեդիների,
Դարձյալ մնում է նա սաստիկ մի տենչ,
Մի տենչ անկատար, անհասանելի.
Սարսափում եմ ես. — մոտ է վտանգը
Իմ մահն ինձանից մոտիկ է, մոտիկ.
Այստե՛ղ չեմ գտնում մխիթարանքը,
Որով շնչում են, ապրում են մարդիկ:

Վանահայրը

Ուրեմն չըկա, ինչ որ ուզում ես,
Եվ այդ ցնորք է, կամ փորձությունով
Նզովյալ չարը խարբալում է քեզ
Հոգի կործանող յուր պատրանքներով:

Աբեղան

Եթե նա չըկա, ոչինչ չեմ հարգում,
Ատում եմ և ինձ, իմ անձս միայնակ,
Ոչինչ չեմ գտնում այլևս աշխարքում
Լոկ խաբեություն և անմիտ տանջանք. —
Թող այնուհետև քանդվի նա իսպառ,
Նրա երեսին էլ կյանք չըծաղկի,
Թող մեռնեն մարդիկ, թող ուտեն իրար...
Ես էլ չեմ խղճում այստեղ ոչ ոքի:
Սակայն չէ, նա կա. անբա ՛խտ ալևոր,
Կուրծքդ երևի դեռ չէ եռացել,
Մենակ է աճել հասակդ բոլոր
Եվ առանց կյանքի հանգել, ծերացել.
Բայց երբ սոսկալի առանձնության մեջ
Ինձ պաշարում է սարսափը մահու
Եվ ունայնության մտքերն հոգեմաշ
Ինձ երևում են տխուր, ահարկու,
Շուրջս չեմ գտնում փրկության նշան:
Իսկ մահը, կարծես, չոքում է կրծքիս,
Միմիայն խորափոս, խավար գերեզման,
Միմիայն դժոխքն է երևում աչքիս,
Նա այն ժամանակ վրա է հասնում
Ինչպես լուսավոր շողն արևլուսի,
Փարատում հոգուս մռայլությունը,
Վանում մահաշունչ մտքերն մեկուսի,
Կյանքի ջերմությամբ լցվում է սիրտս...
Եվ ես զգում եմ, որ այն քաղցր ու նուրբ
Զգացմունքով է կենդանի մարդս.
Բայց ափսո ՛ս, որ դու չըգիտես, հայր սուրբ:

Վանահայրը

Այն սուրբ հոգին է, կամ մի սուրբ հրեշտակ,
Որ այցելում է, ո ՜վ արժանավորդ,
Եվ կյանքի մասին աստվածաբնակ
Այս սուրբ տաճարում քեզ տալիս հաղորդ:

Աբեղան

0 ՛, չէ ՜, չէ, հայր սուրբ, նա չէ իջանում,
Ինչպես սուրբ հոգին, աստծո խորանից,
Եվ ոչ հրեշտակի պաշտոն է տանում,
Բայց ես շա ՛տ հեռու, հեռու եմ նրանից:
Ա՛խ, նա պակաս է, նա չըկա այստեղ,
Մերժած է անգամ նրա անունը,
Եվ ահա դատա ՛րկ, դատարկ է ահեղ
Օրենքի պաշտպան աստուծո տունը:

Վանահայրը

Այդ խաղաղության թշնամին է չար,
Որ միշտ հեռու է ահիցը վանքի:

Աբեղան

Նա չար չէ, հայր, այլ միակ հաշտարար
Մարդու և կյանքի:

Վանահայրը

Ապա սո՞ւրբ է նա:

Աբեղան

Սո՛ւրբ, ինչպես աստված և յուր օրենքը
Եվ սիրելի է, որքան և կյանքը...
Ես մեղք չեմ անում, հավատա, հայրիկ...
Դուք ինչու համա՞ր ինձ այստեղ բերիք.
Ես ի՞նչ եմ արել, չէ՞ ես էլ եմ մարդ,
Նրանցից մեկը, որ այնքան ազատ
Ապրում են իրանց ցանկություններով,
Որ աղոթում են ուրախ սրտերով...
Ինչու համա՞ր է իմ աղոթքն այստեղ,
Ո՞ր մեղավորին կըտանե եդեմ...
Ինչու համա՞ր եմ չարչարվում անմեղ,
Եվ եթե այսպես ես այստեղ մեռնեմ,
Ձեզ կամ աստըծուն ի՞նչ շահ իմ մահից...
Ուզում եմ ապրել, հա՛յր. կյանք տվեք ինձ...

Վանահայրը

Կյանք տալը նրա ձեռքին է, որդի,
Մարդս ի՞նչ կաներ, որ շատ էլ ուզեր,
Բայց ասա ՜, տեսնենք իղձը քո սրտի
Ի՞նչ ես կամենում:

Աբեղան

Մի աղջկա սեր...

Վանահայրը

Պապանձվի ՛ր, ո ՜վ լիրբ, աչքիցս հեռացի՜ր,
Մի ՜ ապականիր և մեր աղոթքը,
Շուտո ՜վ, հեռացի ՜ր, կամ գետինն անցիր,
Չըպղծե տաճարի սյամը քո ոտքը:
Քո սրտին արդեն տիրել է չարը,
Հեռացի ՜ր, աստծո բարկությունը տար,
Որ չըկործանե և այս տաճարը
Քեզ հասանելի պատուհասն արդար:
Կամ ապաշխարիր պահքով, աղոթքով,
Հեռու հալածիր դիվական կիրքը,
Էլ այդպիսի բան չանցնի քո մտքով...
Շո ՜ւտ, առանձնացի ՜ր, կարդա սուրբ գիրքը:

Աբեղան

Չէ՛, էլ չեմ կարող. հերիք էր ինչ որ
Առանձնության մեջ տանջվեցի լռած,
Էլ չի բռնանալ այս տենչատոչոր
Սուրբ սիրո վրա քու սիրտը մեռած:
Արդ ես համարձակ խոստովանում եմ
Քո և աշխարքի առջև իմ սերը,
Եվ բոլոր հոգով արհամարհում եմ
Անցած դարերի խավար ծեսերը:
Դու էլ ես ապրել նախնյաց օրենքով, —
Ապրել ես միայնակ, մարդոց անօգուտ,
Այլև անկանոն, ցավալի կյանքով,
Մեղքեր ես միմիայն վաստակել հոգուդ:
Դու էլ, հնազանդ քո նախնյաց կարգին,
Ուխտեցիր տանել կյանքը վանական,
Բայց հաղթեց խավար բռնության կամքին
Միշտ ամենազոր օրենքը բնության...
Չէ ՜, չեմ ճանաչում, ես չեմ դավանում
Այնպիսի աստված, օրենք անիրավ,
Որ անարգում է սերն ամուսնական.
Օրհնի ՜ր, ծերունի, և մնաս բարյավ:
Սիրավառ սրտի համարձակ լեզվով
Ծերունու դիմաց խոսաց աբեղան,
Որ, բարկությունից սաստիկ դողալով.
Աստծո անունով նզովեց նրան:
Եվ մեծ դարբասը լուռ մենաստանի
Ծանըր ճռնչաց ու լայն բացվեցավ,
Վանքից մի հոգի հեռու ավանի
Ճանապարհն ընկավ. օրը լուսացավ...

ՀԱՌԱՉԱՆՔ
Հատվածներ
ՆԱԽԵՐԳԱՆՔ

Լեռնե ՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
Ու ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:

Ձե՛զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տըխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:

Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՛ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս՝
Սըրտիս ականջին խոսելով թաքուն...

Ո՛վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով, —
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՛ք իմ հեգ:

Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ:

Ձորե՛ր, ա՛յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:

Դուք էլ խոսեցե՛ք, դուք էլ պատմեցե ՛ք
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՛ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...

ՀԱՏՎԱԾ I

Մի քանի տարի սըրանից առաջ,
Երբ որ հայրենիք էի ես գնում,
Այն մըթին ձորում, ուր որ քաղցրավաչ
Մեղեդու ձայնով Դեբեդն է վազում,

Ժայռերի գլխին, ուր բազկատարած
Աղոթք են անում Հաղպատ-Սանահին,
Գիշերը հասավ, ու ես դադարած
«Ղոնաղ» մնացի ծեր այգեպանին:

Նա տրտնջալով ծերության ընդդեմ
Քըթքթում էր յուր ծառերի տակին.
«Բարի օր, պապի», ու խոժոռադեմ
Ծերը ետ նայեց ձեռքը ճակատին:
Մի կասկածավոր ու խիստ հայացքով
Զննելուց հետո հոնքերը կիտեց,
Սաստիկ սառնությամբ պատասխան տալով
Դեպի յուր դափեն ինձ առաջնորդեց:

Նրա ետևից անխոս գընացի,
Փընթփնթացնում էր նա իմ առաջին
«Մեր բանը պրծավ, երբ էս ձորերի
Մըտերը սրանք էլ եկան սովրեցին:

Սա էր մնացել, սա էլ անպատճառ
Մեր գլխին մի նոր կրակ է բերում, —
Նոր դրած բեգյար, կամ իզուր մի շառ,
Թե չէ ինչ ունի էս խուլ ձորերում:

Եկած կըլինի, որ խաբար տանի,
Թե խելքը գլխին դեռ քանի գյուղ կա,
Ով յուր դռանը անասուն ունի,
Կամ որի կնգա աչքերում յուղ կա:

Կամ հին գերեզման քանդող կըլինի,
Կամ թե կըհամրի ծմակի ծառերը,
Կամ նրա համար, թե օրը քանի՞
Ձու են ածում մեր գյուղի հավերը...

Ո՞վ գիտի, հիմա ով վեր է կենում
Գլխին էս տեսակ գդակ է դնում...»
Լռեց ծերունին ծանըր տնքալով
Ու առաջ գնաց թին դիմհար տալով:

Իսկ երբ որ հասանք աղքատիկ դափին՝
Ինձ հըրավիրեց, և յուր ունեցած
Շորի կտորը փռեց իմ տակին,
Ինքը առաջիս մնաց լուռ կանգնած:

Ճերմակ գլուխը ապա բարձրացրեց,
Հոնքերի տակից ազդու նայելով,
Որոտող ձայնով այսպես հարցըրեց
Զզվանք ու զայրույթն հազիվ պահելով:

Աղա ՜, հարցնելը ամոթ չըլինի,
Հրամանքդ ի՞նչ մարդ ես, կամ ո՞րտեղից ուր...
Եվ չըսպասելով մի պատասխանի՝
Ինքը շարունակ խոսեց կցկտուր.

Ով էլ որ լինիս՝ բարով ես եկել,
Անփորձանք լինի քո ճանապարհը,
Աստված կյանք տա ձեզ, որ հարցնեք դուք էլ,
Թե ինչ ցավ ունի խեղճ ռանչպարը:

Աղքատ մարդիկ ենք, մեր ձորերի մեջ
Անց ենք կացնում մեր սև-սև օրերը.
Թե որքան ենք զուրկ, որքան ենք մենք խեղճ,
Էդ հաստատ գիտե ինքըմիայն տերը:

Բայց դու էլ խելոք մի մարդ ես գիտուն,
Քո բարի աչքով տեսնում ես էլի,
Տկլոր ու սոված էսպես տարին բուն
Քարի-հողի հետ կռիվ ենք տալի:

Թե որ ձեռներս էլ մի բան է ընկնում,
Չենք կարողանում բերան հասցընենք...
Էսքան տանջվելով քրտինք ենք անում,
Էլ էն սևերեսն, էլ էն սովածն ենք...

Ի՞նչիցն է, պապի, այսքան ճոխ երկրում,
Ինչպես ասում ես, դժվար եք ապրում,
Վարձատրություն չե՞ք ստանում հողից,
Թե՞ նեղություն է գալիս մի տեղից:

«Մեր նեղությունը... քեզ ինչպե՞ս հայտնեմ,
Թող հաստատ լինի մեր թագավորը.
Ես ընչի տեր եմ, խոսեմ նրա դեմ,
Բայց աստված կտրի մեր քաշած օրը...

Ի՞նչ անես, ախպե ՜ր, ումի՞ց խռովես,
Պետք է համբերել, թե լավ թե օսալ...
Բայց դու չասացիր հրամանքդ ով ես,
Ուզում եմ քեզ հետ լիասիրտ խոսալ»:

Ես քաղաքումը կարդում եմ, պապի:
«Հա ՛, տիրացու ես, բա ինչո՞ւ չասիր...»
Կանչեց ծերունին ու իրեն դափի
Դռնից հեռացավ. «մի քիչ սպասիր»:

ՀԱՏՎԱԾ II

Մթնեց: Ծերանին լուռ չարչարանքով
Մի քանի կոճղեր դըրեց կըրակին,
Նորիզ բարևեզ իր երկրի կարգով
Ու բարի մաղթեց ջահել ղոնաղին:

Ու նըստոտեցինք իրար դեմ ու դեմ
Սաստությամբ վառվող կրակի շուրջը,
Մեր առջև ձորն էր թըշշում խավարչտին,
Մեր դեմը խաղում ձորերի շունչը:

Գիշերվան անքուն հավքերն են տըխուր
Ծըվում, ծըկլթում խավարի միջում,
«Որբն» է եղբորը կանչում ցավալուր,
Բուն է իր դաժան վայը կռընչում:

Ու ողջ միասին մի խորունկ թախիծ,
Մի մութ զարզանդ են գիշերին տալի...
Ահա տարածվեց հեռու ծըմակից
Եվ ձիգ ոռնոցը սովատանջ գիլի:

* * *

Ծանըր տընքալով թեք ընկավ ծերը,
Երկար կոթավոր չիբուխը լըցրեց.
Գիշերվա նըման կիտած նոթերը
Խուլ որոտալով էսպես հարցըրեց.

Ի՞նչ կա քաղաքում, դե ՜ պատմիր տեսնեմ,
Իմանամ, ես էլ ուրիշին ասեմ.
Մեռնող-ապրողից, թանգ ու էժանից,
Կամ նոր դուրս եկած գազեթից, բանից

Երեք թագավոր, ասում են, իբրև,
Խելքս չի կտրում, որ էսպես լինի,
Խորհուրդ են արել, որ այսուհետև
Իր թախտից զըրկվի, ով կռիվ անի:

Ո՞վ է իմացել էսպես հրաշք բան:
Էլ ի՞նչ թագավոր կամ էլ ի՞նչ իշխան,
Որ կռիվ չանի, ուրշին չըտիրի,
Մարդ չըկոտորի, երկիր չավերի...

Է՛հ, աստված սիրես, թող դրանց, պապի,.
Ես շատ եմ զըզվել քաղքից, գազեթից,
Ի՞նչպես եք ապրում, դու ձեզնից պատմի,
Ձեր օր ու կյանքից, ձեր ցավ ու դարդից:

Ի՞նչ ես կորցըրելընչի ման գալի,
Խոսեց ծերունին դառը խնդալով,
Բա մեռած հո չենք, ապրում ենք, էլի,
Ամեն մեռնողի երանի տալով:

Մեր ապրուստն ի՞նչ է. — մի կտոր չոր հաց,
Էն էլ հըրեն հա՛երկընքից կախված:
Մի մարդ որ նըրա երեսը պահի՝
Նըրա ապրուստը ի՞նչ պետք է լինի

Ես քեզ օրինակ: Էս խոր ձորերում
Էս է չորս քսան տարիս լըրացավ,
Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,
Ոչ էլ մի անգամ աչքըս լիացավ:

Ամռողջ ամառը առանց տաքիլեթ
Պըտիտ եմ գալի էս ձորի միջին,
Կըռիվս եմ տալի հազար ցավի հետ
Ու չեմ կարենումչեմ հասնում վերջին:

Վազներից էնքան օգուտ չի գալի,
Ինչ նրանց համար ես փող եմ տալի.
Գըլուխը քարը, գոնե փող լիներ,
Էլ ինչո՞ւ էսքան մարդ գանգատ կաներ:

Ջախ եմ հավաքում, կրակ եմ վառում,
Սրա համար էլ փող եմ վըճարում:
Էս դափեն ի՞նչ էմի երկու լատան,
Հինգ ու վեց անգամ տարան դատաստան:

Ասում են՝ գեջ ես կտրել դու մերին:
Իրանցն ասում են ու քեզ չեն լսում,
Մինչև չըտեսնես մեծին, պիսերին.
Հիմի տես նրանք ինչքան են ուզում:

Գողն էլ մի կըռնից, գելն էլ մյուս կըռնից,
Աչքըդ թեքեցիրբանիդ տերը չես.
Քաշում են տանից, քաշում են դըռնից,
Ու չես իմանում որ կողմը թըռչես:

Թե տանուտերին գանգատ եմ գնում,
Բան չեմ վաստակում բացի դուշմանից.
Գողերի հետքը իր տունն է տանում,
Համեցե ՜ք դիվան ուզիր սըրանից:

Նստեցնում է քեզ մի երկու բաժակ
Տաք ջուր խմեցնում կամ մի թաս օղի.
Դու գնա, պա ՜պի, միամիտ քընիր,
Ես աչքի լուսը կըհանեմ գողի...

Դարձել է աշխարքն, ա՜խպեր, առ ու փախ,
Սերը դարձել սուր ու ջուրըարին,
Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ,
Վայը եկել է տարել տըկարին:

Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան.
Տղեք են՝ փախած տանից, դիվանից,
Եկան ու ծեքին էլ ետ հեռացան:

Ո՞վ է մեղավոր... Միտք եմ անում, միտք,
Ու չեմ հասկանում ով է մեղավոր:
Հենց էն եմ տեսնումմութն, անգետ մարդիկ,
Էլ մենք ենք մեջտեղ տանջվում ամեն օր...

Մեր բանն էլ, ախպեր, էսպես է եկած,
Մենք լեզու չունենքուժեղը աստված:
Մեր հին ադաթից ընկել ենք, զըրկվել,
Նորն էլ չըգիտենք թե ինչ է եկել:

Էստեղ մեզ մոտիկ թավադներ ունենք,
Ամենքս, իմացիր, տասը տեր ունենք.
Փորներն ողողած, փոխկները թողած,
Կըռները կանթած՝ կըտերը կանգնած:

Մեկին մեր գյուղում մի թիզ հող ունի,
Թըքես մի ծերից մյուս ծերը կընկնի.
Ոչ ինքն է վարում, ոչ տալիս մեկին,
Բուռն է հավաքել գյուղացու հոգին:

Գնում է ուրշի ապրանքը տանում,
Թաքուն հավաքում իր հանդն է անում,
Աղմուկով քըշում իր հանդի միջից,
Շտրափ է առնում անմեղ տիրոջից:

Պարում է ձմեռն հարսանիքներում,
Կամ մեծավորի թեփշի է լիզում,
Մինչև մի քանի շահի է ճարում,
Էն էլ տանում է լափում Թիփլիզում:

Մի օր սա եկավ, թե չոբան Չատին
Ոչխարը թաքուն իմ հանդն է քաշել.
Չատին էլ կուլ չի գընաց թավադին.
Թող գա մի տեսնենքէդ ո՞վ է տեսել:

Աղաչանք արի, պաղատանք արի.
Ա՜յ տղա, ասի, ետ քա՜շվի, հեռի ՜,
Բեր ձեռը վեր կալ, անեծք չար բանին...
Բայց ի՞նչ հասկացնես բըռի չոբանին:

Չէ՛ որ չէ՛, ասավ, էն լեռ սարի պես
Գընաց դիք կանգնեց գեղի մեյդանում.
Էս դատաստանը, էս թավադն, էս ես,
Թող գա մի տեսնենք ինձ ինչ է անում:

Եկան իրարու, խոսք խոսքի հասավ,
Չատին մի քանի կոշտ խոսքեր ասավ.
Դե մարդիկ երբ որ կռիվ են անում,
Մեջտեղ փըլավ չեն իրար բաժանում:

Մեր տանուտերն էլ, աստված է օրհնել,
Էսպես մի բան էր պակաս նըրան էլ.
Մեկի պոչը միշտ մեկէլի տակին,
Եկավ տաքացած, ճիպոտը ձեռքին:

Եկավ էս Չատնիս հաչիցը կապեց,
Ինչքան որ գիտես՝ քո ասած թակեց,
Թե՝ պետք է կորցնեմ քեզ էնքան հեռու,
Որ էլ չըտեսնես արևը Լոռու:

Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք,
Գնացինք թավադի ոտը խընդիրքով,
Ինչքան օր տվինք, ավել խընդրեցինք
Բանը վերջացնի գեղական կարգով:

Ախպե ՜ր, ասացինք, ի՞նչ արիք իրար,
Խոսք եք կռվացրել, արին հո չարիք.
Համ ծեծել տըվիր, համ ըշտրափըդ առ,
Արի վերջացրու, բոլ էլավ, հերիք:

Սա ոտը դրեց վերի թարեքին.
Էսքա՛ն ու էսքան բերեք, որ ներենք...
Էս է ունեցածն աստըծու տակին,
Էլ չըկա, ա ՜խպեր, ո՞րտեղից բերենք:

Ինչ արինք՝ չարինք, չեկավ հավատի,
Գընաց ավելի բարձըր գանգատվեց,
Թե՝ ինքըս թավադ, թավադի որդի,
Ու չոբան Չատին ինձ ուշունց տըվեց...

Վերևից մի մարդ եկավ քննություն,
Միրուքը հաչա, աստղը ճակատին,
Եկավ, վեր եկավ, մըտավ քյոխվի տուն,
Ո՞րտեղ է, ասավ, էն չոբան Չատին...

Չատին էլ եկավ անճոռնի ու մեծ,
Էն փետի նըման մեջտեղը տընկվեց.
Ոչ օրենք գիտի, ոչ կարգն ու լեզուն,
Բերանը կապած սարի անասուն:

Քննությունն արին, բըռնեցին գյադին,
Թե` ի՞նչպես ուշունց կըտաս թավադին.
Բաց արին տեսան գըրած զակոնում,
Թե չոբան Չատին Սիբիր է գընում:

Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք,
Գնացինք թավադի ոտը խնդիրքով,
Ինչ ուզեց տըվինք, հետն էլ խընդրեցինք՝
Բանը վերջացնի գեղական կարգով:

Ա ՜խպեր, ասեցինք, ի՞նչ արիք իրար,
Խոսք եք կռվացրել, արին հո չարիք.
Համ ծեծել տըվիր, համ ուզածըդ առ,
Արի վերջացրու, բոլ էլավ, հերիք:

Հո ՜ գիտեք, ասավ, ես էլ խըղճի տեր,
Չեմ ուզում ընկնեմ արինն էդ տըղի,
Դըրա խիզանը մենակ էս գիշեր
Պետք է որ գըցի տեղը էս աղի...

Մարդը խիղճ ունի՝ էսպես է ասում.
Սըրանից ավել էլ ի՞նչ եք ուզում.
Բայց տըղամարդը, որ նամուս ունի,
Լավ է իմանում ինչ պատասխանի...

Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան:
Քանի ՛-քանի մարդ կորավ իր տանից,
Քանի ՛-քանի մարդ դառավ մարդասպան...

Ո՞վ է մեղավոր: Միտք եմ անում, միտք,
Ու չեմ հասկանում ով է մեղավոր.
Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում
Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր:

Մինը իր կամքին՝ ինչ ասես՝ անի,
Մյուսը խոսելու իրավունք չունի.
Ես չասեմ, դու հո կարդացող մարդ ես,
Էն ո՞ր աստվածն է կարգ դըրել էսպես...

Երկուսն էլ հայ են, ունեն մի հավատ,
Էլ ընչի մուժիկ, կամ էլ ի՞նչ թավադ.
Նրա արինը կարմի՞ր է մերից,
Թե՞ ավել հունար դուրս կըգա ձեռից:

Թե չէ՝ թավադ ես՝ ինչ ուզես անես,
Ես չըկարենամ քեզ մի խոսք ասե՞լ...
Է ՛հ, մի ՜ խոսեցնի, աստված կըսիրես,
Թե չէ մի ղաչաղ կըդառնամ ես էլ...

Լըռեց ծերունին: Իրար դեմ ու դեմ
Թիկնած էինք թեժ կըրակի շուրջը,
Մեր առջև ձորն էր թըշշում խավարչտին,
Մեր դեմը խաղում գիշերվան շունչը:

ԱՆՈԻՇ
ՆԱԽԵՐԳԱՆՔ
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐԸ

Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով:

Եկե՛ք, քույրե՛ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՛ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին...

Ափսո՛ս, Անո՛ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՛ս իգիթ քու յարին.
Ափսո՛ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՛ս էդ ծով աչքերին...:

Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր՝
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր:

Վուշ-վո՛ւշ, Անո ՛ւշ, վուշ-վո ՛ւշ, քուրի՛կ,
Վո՛ւշ քու սերին, քու յարին...
Վուշ-վո՛ւշ, Սարո ՛, վուշ-վո՛ւշ, իգի ՛թ,
Վո ՛ւշ քու սիրած սարերին...

Եկե ՛ք, քույրե՛ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ...
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր:

Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան:

Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների
Ալիքները պաղպաջուն:

ԱՌԱՋԻՆ ԵՐԳ

I

Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու՝ թևերն ահա փըռած տիրաբար՝
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:
Ուր որ հայրենի օջախի առաջ
Վաղո՛ւց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նըստած՝
Խոսում են Լոռու հին-հին քաջերից:

Դեպ էն սարերը, որ վես, վիթխարի,
Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա՛ շուրջպարի բըռնած երկընքում,
Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում
Պերճ Արագածի նազելի դըստեր,
Որ Դև-Ալ, Դև-Բեթ և այլ հըսկաներ,
Խոլ-խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
Փախցըրին բերին անառիկ Լոռի:

II

Է՛յ հին ծանոթներ, է՛յ կանաչ սարեր,
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,
Առաջըս եկան երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան:
Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում.
Անցե՛լ ձեր գըլխի հերվան ձյունի պես,
Բայց եկել եմ ես՝ նըրանց եմ կանչում:
Ողջո՛ւյն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջանում է ձեզ,
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում է հանդես:
Դո ՜ւրս եկեք կըրկին շիրմից, խավարից,
Դո ՜ւրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լըսեմ,
Կյանքով շընչեցե ՛ք, ապրեցե ՛ք նորից,
Լըցրե ՜ք պոետի հաճույքը վըսեմ...

III

Եվ մութ այրերից մամռուտ ժայռերի.
Թավուտ ծըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից:
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա ՛րմ, ցողապատ լեռների լանջում...
Սո ՛ւս... ակա ՜նջ արա, — հովիվն է կանչում...

IV

Աղջի ՜, անաստված, նըստի ՜ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր:
Ամա՛ն, էրեցիր սիրտըս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով.
Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով,
Ա ՜յ սարի աղջիկ,
Ա ՜յ սիրուն աղջիկ,
Ա ՜յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ:

Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նըման.
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման,
Ա ՜յ սև աչքնրով,
Ա ՜յ ծով աչքերով,
Ունքնրըդ կամար
Աղջիկ, քեզ համար:

V

Երգում է Սարոն, ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստի վըրանում:
Էն ո՞վ էր, նանի ՜, որ կանչում էր մեզ,
Դու չես իմանում... ականջ արա, տե ՛ս...
Հերի ՜ք է, Անո ՜ւշ, ներս արի դագեն,
Քանի ՜ դուրս թըռչես, նայես դես ու դեն,
Տեսնողն էլ կասիի ՛նչ աղջիկ է սա...
Հազար մարդի մոտ կերթա, կըխոսա:
Մըտի ՜կ, տուր, նանի ՜, էն սարի լանջին,
Ի ՛նչքան ավլուկ է տալիս կանանչին...
Նանի ՜, թող գընամ քաղեմ ու հյուսեմ,
Էն սարի լանջին «ջան գյուլամ» ասեմ:
Հանգի ՜ստ կաց, Անո ՜ւշ, դու հասած աղջիկ՝
Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
Նըստիր վըրանում, քու գործին մըտիկ,
Պարկեշտ կաց, աղջի ՜, ամոթ է, ամո ՛թ:
Ա ՛խ, սիրտըս, նանի ՜, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՛ծ, տըխու՛ր,
Մին թև է առնում, ուզում է թըռչի,
Չըգիտեմ՝ թե ո՛ւր, չըգիտեմ՝ թե ուր...
Նա ՜նի ջան, նա ՜նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա ՜նի ջան, նա ՜նի, կուժը թող առնեմ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ...

VI

Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր:

Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:

Ա՛յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խըմե՞ց էդ ջըրից:

Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա ՛վ
Վառված սիրտը էն յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի...

Աղջի ՜, քու յարն եկավ անցավ
Վառված, տարված քու սիրով,
Էրված ջիգյարն՝ եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջըրով...

Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Ա՛խ, իմ ազիզ յարն է լալի
Հոնգուր-հոնգուր էն սարում:

VII

Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ
Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած.
էն ե՛րբ էր՝ Անուշն իր կուժը առավ,
Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ...
Ամպերն եկել են սարերը պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի...
Ու ելավ տեղից պառավը հանկարծ.
Ո՞ւր կորար, Անո ՜ւշ, ա ՜յ մազըդ կըտրած...
Ու ձորի գըլխին, ձեռքը ճակատին,
Կանչում է, կանչում անահ զավակին:
Աղջի ՛, սևասի՛րտ, քու ահը կըտրի,
Աղջիկը մենակ ձո՞րը կըմըտնի.
Ամպը կոխել է, աշխարքը մըթնել,
Ի՞նչ ես կորցըրել՝ չես կարում գըտնել...
Աղջի, հե՛յ Անուշ, ա ՜յ աղջի՛, Անո՛ւշ...
Ծընկանը զարկում, հառաչում է «վո ՛ւշ».
Ու ձորի գըլխին մոլորված կանգնած
Նայում է ներքև սիրտը սևակնած:
Ամպերն եկել են սարերը պատել:
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի:

VIII

Թո ՜ղ, կանչում են ինձ... մերըս կիմանա...
Չէ ՜, Անո ՜ւշ, քի ՜չ էլ, մի ՜ քիչ էլ մընա...
Չէ ՜, թող ես գնամ... ա՛խ, ի՛նչ խենթ եմ ես...
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում...
Վաղո ՛ւց, վաղուց ես դու ինձ մոռացել....
Ես ե՛րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընո՛ւմ, անիրա ՜վ,
Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.
Ինձ չես լըսում,
Չես ափսոսում,
Էլ չես ասում՝
Ինչ կըլնեմ ես...
Ես կըվառվեմ,
Հուր կըդառնամ,
Ես կը հալվեմ,
Ջուր կըդառնամ,
Ես չըգիտեմ՝
Ինչ կըդառնամ,
Թե որ մին էլ
Էսպես մընամ...

Ասում են՝ ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին,
Ու չեկավ նա տես:
Խեղճը դողալով՝
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ:
Ջըրերի վըրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա
Ու լալիս կամաց,
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՛նց է մոռանում...

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last