Թումանյան Հովհաննես՝   Պոեմներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last

Սև սարերի ետև նըրանք
Տառապում են խավարում,
Լույս են ուզում ու ազատ կյանք
Աստծու ազատ աշխարհում:
Կանցնենք թափով
Սարերն ամպոտ,
Կերթանք խըմբով
Մենք նըրանց մոտ:
Է՛յ, հերիք էր, չար բռնակալ,
Քանի՞ տանջես խեղճերին.
Խեղճը պիտի ապրի դարձյալ,
Վայն եկել է քու օրին...

Ազատության որդիքն ենք մենք՝
Թըռած դեպի ապագան:
Էսպես խըմբով սըլանում ենք,
Ո՞վ կըփակի մեր ճամփան.
Կայծակ կըլնենք
Կիջնենք ամպից.
Հեռո՛ւ ճամփից,
Հեռո՛ւ ճամփից...
Հե՛յ, գալիս ենք, ո՜վ տանջվածներ,
Գալիս ենք մենք զինավառ,
Ե՜վ ազատ օր, և՜ կյանք, և՜ սեր
Ողջ բերում ենք ձեզ համար:

VI

Դողդոջ ու գունատ պառավները լուռ
Ականջ են դընում: Սարսափ ու սարսառ
Պատել են նրանց, և սարսափահար,
Տեղները սառած, նայում են իրար.
Ի՛նչ է կատարվում իրենց հին տանը,
Ի՛նչ երգ է երգում իրենց Վահանը,
Ի՛նչ երգ են երգում էս տղերքը նոր,
Ի՛նչ երգ են երգում անզո՛ւսպ, ահավոր...
Ամբողջ գիշերը կըրակի վըրի
Էն շամփրի նըման, անքուն ու ցավոտ,
Պըտուտ են գալիս անկողնի միջին,
Պըտուտ են գալիս մինչև առավոտ:
Վահա՜ն ջան, Վահա՜ն, ի՞նչ երգեր են էդ.
Ի՛նչ վըտանգավոր երգեր եք երգում...
Էդ ո՞ւր ես ուզում գընաս դըրանց հետ...
Ի՞նչ է աատահել, ի՞նչ կա էն երկրում...
Է՛հ, մայրի՜կ, դու էլ՝ ի՛նչ երգեր են էդ...
Ջահել տըղերանց երգեր են, էլի...
Ջահել տղերք ենք, միտքներըս թըռչում՝
Հազար մի հեռու տեղ են ման գալի...
Ու ժողովները դարձան աղմըկոտ.
Աշնան հավքերի էն տարմի նըման,
Որ ղըժվըժում է՝ չըվելուց առաջ
Դեպի արևոտ կողմերը գարնան:
Մի օր էլ հանկարծ աղմուկը լըռեց,
Վահանը չեկավ էն գիշերը տուն:
Չըկա մյուս օրն էլ, չըկա՛ ոչ մի տեղ,
Ամեն հարցուփորձ անցավ ապարդյուն:
Եվ ահա նամակ կորած Վահանից:
Բանում են ըշտապ, դողդոջ ձեռքերով.
Ասում է՝ իզուր էլ մի՜ փնտրեք ինձ.
Էլ մի՜ փնտրեք ինձ ու մընաք բարով...
Դուք ինձ կյանք տըվիք, դուք ինձ մեծացրիք.
Բայց քանի էսքան ցավ կա աշխարհքում,
Իմ կյանքն իմը չի, իմ սիրտն իմը չի,
Չեմ կարող հանգիստ մընալ ձեր գըրկում:
Ցավի աշխարհքում արնոտ ու ահեղ
Ուրիշ նոր կյանք է բացվել ինձ համար.
Ուրիշ հայրեր են մընում ինձ էնտեղ,
Ուրիշ մայրեր են կանչում անդադար...
Ներեցե՛ք, որ ձեզ թողնում եմ էդպես
Անկա՛ր, անխընդում, ծերության օրով,
Ներեցե՛ք ձեր խենթ, խելագար որդուն,
Մոռացեք նըրան ու մընա՛ք բարով...

VII

Որդու նամակը ծընկանը դըրած,
Արցունքը ցամքած էն մաշված դեմքին,
Խաղաղ իրիկվան դեմ ու դեմն ահա
Նըստած է մայրը իր դատարկ շեմքին:
Կատուն է կողքին մըռռում միալար,
Փոքրիկ Սերիկն էլ, կուչ եկած իր մոտ,
Էնպես միամի՛տ, տխո՛ւր, դալկահար
Պռըշկել է մոր դեմքին արցունքոտ:
Նայում է մայրը, նայում է հեռուն,
Էն անհայտ հեռուն, ահավո՛ր, անվե՛րջ,
Ուր գընաց իրեն զավակը սիրուն,
Գընաց «նրանց» մոտ, արյան ծովի մեջ...
Ո՛վ քաղցրահայաց սուրբ Աստվածածին,
Ո՛վ արագահաս զինվոր սուրբ Սարգիս,
Դուք օգնեք խեղճին, հասնեք նեղվածին,
Դուք տաք հովություն արար աշխարհքիս.
Հարեհաս լինեք «նրանց», ամենքին,
Ամենքի հետ էլ իմ ճար ու մեկին...
Աղոթք է անում իր մեկի համար,
Աշխարհքի համար, ամենքի համար,
Մինչև թըռչում է ճաճանչը ետին,
Մինչև որ մութը առնում է գետին...

VIII

Մըթնեց: Կըտրել է ամեն ձեն ու ձուն:
Գիշերվան կես է, խաղաղ լըռություն:
Հին գինետանը, իրենց անկյանում,
Երեք ծերունի զրույց են անում:
Ի՞նչ ես միտք անում, Մարտիրոս ախպեր.
Լա՛վ կըլնի վերջը... բաժակըդ մի բե՛ր...
Բե՜ր մի-մի բերան
Կյանք խընդրենք նրան...
Տեր աստված բարի ճամփա տա իրեն,
Նըրա բաց աչքը լինի միշտ վըրեն...
Վատ բանի համար հո չի գընացել...
Ի՛նչ ես մոլորված նըստած մընացել,
Բաժակդ էլ լիքը առաջիդ է դեռ...
Վերցըրո՛ւ, խըմի՛ր, Մարտիրո՜ս ախպեր

ՀԻՆ ԿՌԻՎԸ
ԵՐԿՐՈԻՄ
ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հեքիաթն ասում է, թե՝ մի աշխարհքում
Բըխում էր առատ ջուրն անմահական,
Բայց ագահ վիշապն առաջը փակում,
Ծարավ էր թողնում աշխարհքն աննըման:

Նա զոհ էր ուզում սիրուն աղջիկներ,
Որ ջուր բաց թողնի ծարավ աշխարհքին,
Եվ, անմահության ջըրի փոխարեն,
Մարդիկ շատ դարեր արցունք խըմեցին:

Մինչև մի տղա, Լույս երկրից եկած,
Կըռվեց էն գերի աշխարհքի համար,
Հաղթեց, ազատեց աղբյուրը փակված,
Տանջվող հոգիներ փըրկեց անհամար:

Ո՜չ, հեքիաթ չի սա լիքը հըրաշքով,
Եղած թե չեղած մըթին աշխարհքում,
Ճըշգրիտ դեպք է սա տեսած իմ աչքով,
Եվ հեքիաթ չկա մեր անբախտ կյանքում...

Մեր երջանկության աղբյուրը փակած՝
Մեր վարդ քույրերին հոշոտում է նա...
Ա՛խ, ի՛նչքան արյուն, արցունք է թափված
Մեր սիրուն երկրի սարերի վըրա...

I

«Լո՜-լո՛, լո՜-լո՛, մերն են սարեր,
Ծաղկոտ սարեր Տարոնի,
Ծաղկոտ սարեր, ազատ օրեր,
Սերն ու գըգվանք սիրունի...
Լո՜-լո՛, լո՜-լո՛»...

Գըլո՜ւխ տըվեք, գոռոզ սարե՛ր,
Անց է կենում Մուսաբեկ,
Գըլո՜ւխ տըվեք, վախկոտ հայե՛ր,
Չընչին գյուղեր ու օբեք:
Ո՞ւր կա ոսկի, ո՞ւր սիրուն կին,
Առաջ բերեք գըլխարաց.
Ո՞վ կա ընդդեմ նըրա կամքին,
Ո՞վ է կյանքից կշտացած...
Մըշու երկրում թուր է զարկում՝
Դողում են Վան իր թափից,
Դողում են Վան, մինչ Արզըրում,
Ահեղ թափից, սարսափից...

II

Գըլուխ տըվե՛ք, վախկոտ հայե՛ր.
Զըրը՞նգ, եկավ Մուսաբեկ.
Հե՛յ, դո՜ւրս արի, քեշիշ բաբա՜.
Ո՞վ կա տան մեջ, դուրս եկե՛ք...
Ու սըրահի կեսմութի մեջ
Գուճհուպ եկավ քահանան,
Դողդոջելով, ծերուկ ու խեղճ,
Բըռնած սարսափն իր մահվան:
Հավա՞ն ես ինձ, քեշիշ բաբա՜,
Հապա նայիր մի վերև...
Աստված է քեզ հավնել, աղա՜,
Աստված կյանք տա ու արև:
Դե բե՜ր, հապա՜, որ հավ՛ան ես,
Աղջիկդ բե՜ր, տուր ինձ կին.
Դե՛հ, շո՛ւտ արա. քեշի՜շ բաբա,
Դուրս բեր սիրուն Շողիկին:

Լուռ կանգնած է ծեր քահանան,
Դեմքը դեղին, միրքի պես,
Ծիծաղո՛ւմ է լացի նըման,
Թե լալիս է ժըպտերե՛ս...
Հա՜, հա՜, հա՜, հա՛... Հավա՞ն չես ինձ...»
Խընդաց խումբը՝ հա՜, հա՜, հա՛...
Ու սոսկալի էն ծիծաղից
Սարսափն ընկավ տան վըրա:

Ո՛վ չի հավան Մուսաբեկին...
Մի Մուսաբեկմի աշխարհք...
Բախտավոր ենք՝ ես... իմ որդին...
Ո՞վ է տեսել էսպես փառք...
Միայն թե, աղա՜, գութ արա մեզ,
ժամանակ տուր երկու օր,
Որ պատրաստվենք բեկին վայել.
Ոտիդ հողն ենք նորից նոր...
Մի երկու օ՛ր... բայց իմացի՜ր,
Ետ եմ գալու ես նորից.
Երկի՛նք թըռիր, գետի՛նն անցիր,
Չես ազատվիլ իմ ձեռքից...
«Լո՛-լո՛, լո՛-լո՛, մերն է Տարոն
Վայելքներով իր բոլոր...
Լո՛-լո՛-լո՛-լո՛...»: Հանգավ «լո՛լո՛» — ն
Սարի ետև հեռավոր:

III

Ի՛նչ է ղողանջում զանգակը գուժկան,
Գյուղի զանգակը էս անվախտ ժամին.
Կարկո՞ւտ է գալիս մըթնած երկընքից,
Հրդե՞հ է ձըգել գյուղը թըշնամին...
Ի՞նչ է պատահել, ծերունի տերտեր,
Ի՞նչ ես վրդովում էս հոգնած խալխին:
Եկե՛ք, իմ որդի՛ք, եկե՛ք, իմ որբե՛ր,
Երկինքը փըլավ իմ ճերմակ գլխին...

Ու լաց է լինում զանգակը ժամի,
Գալիս է կանգնում ամբողջ Տալվորիկ,
Ու ձայն է տալի, գոչում ծերունի
Իրենց քահանան ձայնով զարհուրիկ:
Եկե՛ք, ընկե՛րհարևաննե՛ր,
Իմ Շողիկի հարսնիքին.
Ծաղի՛կ բերեք ալ ու կարմիր
Իր անթառամ պըսակին...
Դուստր եմ պահել ես նազելի,
Սըրտիս խընդում, աչքիս լուս.
Քուրդը եկավ դուստրըս խըլի,
Կյանքը խըլի ծերանուս:
Հայր եք դուք էլ, զավակի տեր,
Մի ճար գըտեք իմ ցավին...
Ու ծերերը՝ չո՛ր, ալեհե՛ր,
Հառաչում են խմբովին.
Ափսո՛ս Շողիկ, սիրո՛ւն Շողիկ,
Մեր աչքի լուս, մեր ալ ծաղիկ
Վա՛յ խե՜ղճ ծնող, ծեր քահանա.
Քըրդի ճամփեն տատասկ դառնա...

Հընչում է դարձյալ զանգակը ժամի,
Կանչում է, գոչում հայրը ծերունի.
Հավա՛ր ձըգեք հեռու տեղեր,
Ազգ ու ազինք իմանան,
Դըրոշ բանան, զորքեր կապեն,
Թող գա՛ն, հասնեն օգնության...
Եվ զուր ծերունու աչքերը անզոր
Հըրաշք են փընտրում մըշուշոտ հեռվում,
Լուռ են ու դատարկ ճամփեքը բոլոր,
Փոշի չի ելնում հայոց դաշտերում:
Լալիս է սակայն զանգակը կըրկին
Ու գոչում է ծերն առավել ուժգին.
Լըսի՛ր, աստվա՛ծ, եթե մի օր
Բույր եմ խընկել քո անվան,
Թե դու էլ ես ծե՛ր, ալևո՜ր,
Ու գութ ունիս հայրական...
Բայց ծածկում է դեմքը աստված`
Հայից դարձած ու խըռով,
Սև-սև գիշերն իջնում է ցած,
Լիքը անքուն ցավերով...

IV

Հայի գիշե՛ր, հայի գիշե՛ր,
Ցավի անդունդ անհատակ...
Աղջի՜կս, ինչո՞ւ չես քընում դեռ,
Ի՞նչ ես լալիս տեղի տակ:
Չ՜իտեմ, մայրի՜ կ, ինչու էսպես
Քուն չի գալի էլ աչքիս.
Աչքըս քանի փակում եմ ես՝
Քուրդն է կանգնած առաջիս...
Քնի՜ր, բալա՜ս, մի՜ վախենար,
Աստված կա դեռ երկնքում.
Քուրդ ու տաճիկ, զարկ ու ավար
Շատ ենք տեսել մեր կյանքում...
Մայրի՜կ, մայրի՜կ, չե՞ս իմանում,
Ո՞վ է լալիս դուրսն անտեր...
Մայրի՜կ, մի տես՝ չի լուսանո՞ւմ...
Ա՛խ, ինչ ծանր է էս գիշեր...
Քնի՜ր, բալա՜ս, Որբնէ մենակ
Իր Սըհակին որոնում,
Է՛, քեզ նըման, մի ժամանակ
Նա էլ աղջիկ է լինում,
Հավանում է չար տաճիկը,
Գալիս եղբորն ըսպանում,
Ճարը հատած հեգ աղջիկը
Աստծուն աղոթք է անում.
Ո՛վ տեր աստված, թևեր տուր ինձ,
Թեթև թևեր թռչունի,
Թռչե ՛մ, կորչեմ էս աշխարհքից,
Անգութ ձեռից դուշմանի...
Էն օրվանից ման է գալի
Թևեր առած, անդադար,
Կանչո ՛ւմ, կանչո ՛ւմ, ձեն է տալի
Իր Սըհակին ջըրատար...
Քնի ՜ր, բալա ՜ս, աստված դեռ կա,
Աղոթք ասա մըտքիդ մեջ,
Հիմի շուտով լիսն էլ կըգա,
Էս գիշերն էլ ունի վերջ...

Թրը ՜խկ... թրը ՜խկ...
Ո՞վ է ծեծում
Կեսգիշերին դուռն էդպես...
Թրը ՜խկ, թրը ՜խկ...
Հե՛յ, չե՞ս լըսամ,
Վեր կաց, տերտե ՜ր, ներս թող մեզ...

Ու անլեզու քըրդի նըման
Սարսափն հանկարծ ընկավ տուն,
Տեղի տակին կըծիկ եկան
Մանուկները դեռ անքուն:
Մարեց մայրը լեղապատառ,
Աղջիկն հանգավ մոր գըրկում,
Իսկ դուռն ուժգին ու անդադար
Հա ՜ զարկում են ու զարկում:

Լույսը ձեռքին ծերը գունատ
Դողդողում է, երերում...
Ձեռքը փակին տարավ հանկարծ,
Դուռը բացվեց խավարում,
Շառաչեցին, շողշողացին
Զենքերն լուսում էն աղոտ,
Ու զինավառ ներս խուժեցին
Երեք ջահել անծանոթ:
Օրհնյա՜ի տեր, հայի լեզվով
Ողջանեցին ու մըտան.
Մութ խըրճիթը լըցվեց լուսով
Անակընկալ խընդության:
Էսպես անժամ, ղարիբ եղբա ՜րք,
Ո ՞ւսկից եք դուք գալիս ինձ...
Հեռու տեղից, Կովկասից...
Բայց մեր երկիր ամեն անկյուն
Մահվան երկյուղ ու վտանգ...
Դըրա համար մենք եկանք...
Իսկ դուք չունե ՞ք ձեր աշխարհքում
Տուն, տեղ, ծընող, քույր կամ կին
Ունենք, թողինք ամենքին...

Հայի գիշե՛ր, անքո՛ւն գիշեր,
Լի՛ տանջանքով ու մաութով,
Հայի գիշե՛ր, անհո՛ւն գիշեր,
Լի ՛ ահավոր խորհուրդով...

ՍԱՍՈԻՆՑԻ ԴԱՎԻԹԸ

I

Առյուծ-Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նորա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով:
Սասմա սարերից շա ՛տ ու շատ հեռու
Թընդում էր նըրա հըռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էրմի Առյուծ-Մըհեր:

II

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նըստած էր իշխան
Քառասուն տարի: Քառասուն տարում
«Ա՛խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ:
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
Հասել են կյանքիս աշնան օրերը,
Շատով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և ՜ անուն, և ՜ սարսափ, և ՜ ահ.
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև....
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի...
Ու միտք էր անում հըսկան ծերունի:

III

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնըվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին:
Ողջո ՛ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա:
Բայց լավ իմանաս, լեռների ՜ արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ:
Իր կամքը լինի, ասավ Մըհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք:
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ:
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան:

IV

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր:
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա:
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամա առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքոմ քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես:
Չէ ՜, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ:
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ.
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին:
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ:
Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին:
Թագավո ՜ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա:
Դո ՜ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա:

V

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, — թե մըժեղ:
Բայց վա ՛յ խեղճ որբին աշխարքի, վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա:
Ձենով Օհանին ուներ մի չար կին:
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի ՜նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր...
Հո ՛ղեմ գըլուխը... ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ...
Մի կուռ կորցըրո ՜ւ, կարգի ՜ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի...
Ու հետն սկըսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում...
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած:

VI

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՛յ ջան, սարե՜ր,
Սասման սարե ՛ր...»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան:
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք:
Կաղկա ՛նձ ու ոռնո ՛ց, աղմո ՛ւկ, աղաղա՛կ...
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս են հըրես անհամար գազան.
«Վա ՛յ, հարա ՛յ, փախե ՛ք...»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ:
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
Վա՛հ, էս մարդիկը ի ՛նչ վաղ են քընում.
Հե՛յ ուլատեր, հե ՜յ գառնատեր,
Ելե ՜ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներտասն եմ բերել,
Ով տասն ուներքըսանն արել...
Շուտով ելե ՜ք, եկե՛ք տարե ՛ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք:

Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց:
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
Տո ՜ Ձենով Օհան, տո ՜ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի ՜ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա ՜լխին լեղաճաք կանի:

VII

Ելավ Օհանը, Դավթի մոտ գընաց.
Հորեղբայր Օհան, հեռո ՛ւ եկ, կամա ՛ց,
Ուլեր կըփախչեն: — Մին էլ էնտեղից
Մի բոզ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ:
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քըշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր:
Օ ՛ֆ, ի՛նչ դըժար է, հորեղբայր Օհան.
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե ՛լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե ՛լ...
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել:
Դավի՜թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ:
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան:

VIII

Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման:
«Է ՛յ ջան, սարե՜ր,
Սասման սարե՛ր,
Ի՛նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր...»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր:
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան:
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բըռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպ Սասմա քաղաք:
Ոռնո ՛ց, մըռընչյո ՛ւն, աղմո՛ւկ, աղաղա՛կ...
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՛նչ տեսան,
Հենց քաղքի վըրա անհամար գազան...
«Վա ՛յ, հարա՛յ, փախե՛ք...»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ:
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
Վա ՛հ, էս քաղքըցիք ի ՛նչ վաղ են քընում:
Հե ՛յ կովատեր, հե ՛յ գոմշատեր,
Ելե ՜ք, շուտով բացեք դըռներ,
Ով մինն ուներտասն եմ բերել,
Ով տասն ուներքըսանն արել:
Շուտով ելե ՛ք, եկե՛ք, տարե՛ք,
Ձեր եզն ու կով գոմերն արեք:
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց:
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
Ամա ՛ն, քեզ մատաղ, ա ՜յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ:
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էս քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի:

IX

Դավիթ չըդառավ, մի կըրա ՛կ դառավ:
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն:
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղքի սահմանից
Ու դառավ որսկան: Գնաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա ՛ր, ահագի՛ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին:
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,
Պառավը վըրեն սաստիկ բարկացավ.
Վա ՛յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե ՛ս:
Ձեռից ու ոտ՛ից ընկած մի ծեր կին
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում:
Թե որսկան ես դու-նետ-աղեղըդ առ ՜,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ եսգընա, էնտեղ որս արա:
Ի՞նչ ես, ա ՜յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում:
Ո ՞րտեղ է հապա սարը մեր որսի...
Գընա ՜, հորեղբայրդՕհանը կասի:

X

Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին:
Հորեղբա ՜յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՜յր, տար ինձ որսասար:
Վա ՛յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր:
Էն սարը, որդի ՜, գընաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գընաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար:
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է ՛յ գիդի օրերո ՛րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել...
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց...
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գրած:
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա...
Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ...
Ես ի ՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա...
Վեր կաց, հորեղբա՜յր, նետ-աղեղդ առ,
Կապրճըդ կապիր, գընանք որսասար:
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՛նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար...

XI

Գիշերը հասավ, մընացին էնտեղ:
Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց,
Դավիթը մընաց մըտքի ծովն ընկած:
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլոււն կըրակ է վառվում:
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գընաց,
Գընաց ու գընա ՛ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա ՛րզ, քուլա-քուլա ՛,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա:
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
Ե ՜լ, հորեղբա ՜յր, քանի՞ քընես,
Ե ՜լ, էն պայծառ լուսը մի տես:
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին,
Ե ՜լ, հորեղբայր, անուշ քընից.
Էն ի՞նչ լուս է բըխում քարից:
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին.
Է՛յ, որդի ՜, ասավ, մեռնեմ իր լուսին,
Են մեր Մարութա սարն է զորավոր:
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան:
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում:
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում...

XII

Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
Անո ՜ւշ հորեղբայր, հորեղբա ՜յր, ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա ՜:
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից:
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն:
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ:
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը ՜խկ հա թըրը ՜խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր:
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական.
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից:

XIII

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
Հապա՛ չես ասիլ՝ Դավիթը կրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել:
Մելիք զայրացավ.
Գընացե ՜ք, ասավ,
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք:
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան:
Ու Կոզբադին առավ զորքեր.
Գըլխի ՜ս վըրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի:
Ասավ, Մըսրա աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան:
Ջա ՜ն Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա Դավթին զարկեց գետին:
Ու Կոզբադին փըքված, ուռած,
Շնորհակալ եմ, քույրե ՜ր, գոռաց,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն ժամանակ պիտի պարեք...

XIV

Էսպես երգով,
Զոռով-զորքով
Գոռ Կոզբադին մըտավ Սասուն.
Օհան լըսեց՝ կապվեց լեզուն:
Աղ ու հացով,
Լաց ու թացով
Առաջն ելավ,
Խընդիրք արավ.
Ինչ որ կուզես՝ առ, տա ՜ր, ամա ՜ն.
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառը դադած դեղին ոսկին,
Միայն թե գըթա մեր խեղճ ազգին,
Մի ՜ կոտորիր, մի ՜ տար մահու,
Վերև՝ աստված, ներքևը՝ դու...
Ասավ, բերավ շարան-շարան
Վարդ աղջիկներ, կանայք Սասման:
Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,
Մարագն արավ, դուռը փակեց,
Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան:
Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին.
Սև սուգ կալավ հայոց ազգին:

XV

Հե՛յ, ո ՞ւր ես, Դավի՛թ, հայոց պահապան,
Քարը պատըռվիդո ՜ւրս արի մեյդան:
Քանդած հոր վանքը որ շինեց նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից,
Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ,
Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ:
Պառավն էր. եկավ՝ անե ՛ծք, աղաղա ՛կ.
Վա՛յ, խելա ՜ռ Դավիթ, շաղգամի տեղակ
Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ,
Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ.
Կորեկըս արիր գետնին հավասար,
Էս էր մընացել ձըմեռվան պաշար,
Էս էլ կըտրում ես,
Էլ ո՞նց ապրեմ ես:
Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա ՜ռ գընա ՜,
Քու հոր աշխարքին տիրություն արա ՜,
Քու հոր գանձը կե ՜ր,
Թողել ես անտեր,
Մըսրա թագավոր ղըրկել է՝ տանի:
Էլ ի՞նչ ես վըրես բարկանում, նանի ՜,
Էդ ի՞նչ ես ասում, ես չեմ հասկանում,
Մըսրա թագավոր մեր ի՞նչն է տանում:
Մըսրա թագավոր մեր ի՛նչն է տանում...
Մըսրա թագավոր քու աչքն է հանում,
Դանդալոշ Դավիթ. ղըրկել է հըրեն,
Եկել են Սասմա քաղաքի վըրեն
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալի բովանդակ Սասուն.
Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,
Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան:
Ի՞նչ ես, ա ՜յ պառավ, էլ ինձ անիծում.
Ցույց տուր մի տեսնեմո՞րտեղ են ուզում:
Ո ՛րտեղ են ուզո՛ւմ... Մահըս տանի քե ՛զ.
Դո ՜ւ պետք է էն հոր զավակը լինե՛ս...
Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում...
Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած:
Շաղգամը թողեց Դավիթ ու գընաց:
Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին,
Չափում է ոսկին թեղած առաջին,
Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել,
Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել,
Կանգնել է հեռու, ձեռները ծոցին:
Տեսավ, աչքեըը արնով լըցվեցին:
Վեր կաց, Կոզբադին, հեռո ՜ւ կանգնիր դու,
Իմ հոր ոսկին էես եմ չափելու:
Կոզբադին ասավ. — Է՛յ, Ձենով Օհան,
Կըտաստո ՜ւր խարջը էս օխտը տարվան,
Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա,
Մըսրա-Մելիքին կը պատմեմ, կըգա,
Ձեր Սասմա երկիր քար ու քանդ, կանի,
Տեղը կըվարի, բոստան կըցանի:
Կորե ՜ք, անզգամ դուք Մըսրա շըներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր...
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,
Կուզեք մեր երկիր դընեք խարջի տակ...
Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս էլ դեռ գընում է թըռած:
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին:

XVI

Վա՛յ, վա՛յ, հորեղբա ՜յր, ի ՛նչ ասեմ ես քեզ.
Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան...
Հորեղբայրն ասավ. — Ա ՜յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա:
Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա,
Սասմա քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի:
Դու կա ՜ց, հորեղբա ՜յր, թող գա, ե ՜ս կերթամ,
Կերթամ, ե՜ս նըրան պատասխան կըտամ:
Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց:
Գընացե ՜ք, ասավ, ազատ ապրեցե ՜ք,
Սասունցի Դավթին արև խընդրեցեք:

XVII

Էսպես ջարդված, արյունլըվա
Փախան, ընկան հողը Մըսրա
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին:
Մըսրա կանայք հեռվից տեսան,
Հեռվից տեսան, ուրախացան
Ու ծափ տըվին կըտերներին.
Եկա՛ն, եկա՛ն, բերի՛ն, բերի՛ն...
Մեր Կոզբադին գնաց Սասուն,
Կանայք բերավ քառսուն-քառսուն,
Կարմիր կովեր բերավ կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան...
Հենց մոտեցան, նըկատեցին,
Ծափ ու խընդում ընդհատեցին,
Քըրքըջացին
Ու կանչեցին.
Է՛յ, Կոզբադին մեծաբերան,
Էդ ո՞րտեղից լերան-լերան,
Լերան-լերան կըգաս փախած,
Հաստ գըլուխըդ կիսից ճըղած:
Էն դո՞ւ չասիր՝ գընամ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսան,
Քառսուն բեռնով ոսկի հանեմ,
Հայոց երկիր ավեր անեմ:
Գացիր Սասուն քանց գել գազան,
Ետ ես գալի քանց շուն վազան...
Ու Կոզբադին խիստ բարկացավ.
Սո ՜ւս կացեք դուք, լըրբե ՜ր, ասավ.
Ձեր մարդիկն եք տեսել դուք դեռ,
Դուք չեք տեսել Սասմա ծըռեր:
Սասմա ծըռեր լերան-լերան,
Նետեր ունեն մի-մի գերան.
Սասմա երկիր քար ու կապան,
Դըժար սարեր, ձոր ու ծապան.
Նըրանց խոտերինչպես կեռ թուր,
Զորք ջարդեցին երեք հարյուր...
Ասավ ու էլ չառավ դադար,
Վըռազ-վըռազ, գըլխապատառ
Վազեց իրեն թագավորին:
Խընդաց թագվորն իր աթոռին:
Ապրե ՜ս, ապրե ՜ս, քաջ Կոզբադին,
Արժե՝ կախեմ ես քու ճըտին
Մեր ղուզղունի մեծ նըշանը
Պարգև քու մեծ հաղթությանը:
Ո՞ւր են, հապա առաջըս բեր
Սասմա ոսկին ու աղջիկներ:
Ասավ Մելիք, ու Կոզբադին
Գըլուխ տըվավ մինչև, գետին.
Ապրա ՛ծ կենաս, մեծ թագավոր,
Զոռով փախա ես ձիավոր,
Ո՞նց բերեի Սասմա ոսկին:
Մի խենթ ծընվեց հայոց ազգին,
Ոչ ահ գիտի, ոչ տեր ու մեծ,
Գըլուխս էսպես տըվավ ջարդեց.
«Չե ՜մ տալ, ասավ, իմ հոր ոսկին,
Չեմ տալ կանայք իմ հայ ազգին,
Սասմա երկիր ձեզ տեղ չըկա...
Քո թագավոր, ասավ, թո ՜ղ գա,
Թող գա՝ ինձ հետ կըռիվ անի,
Թե ղոչաղ է՝ զոռով տանի»:
Կատաղեց, փըրփրեց Մըսրա թագավոր.
Կանչեցե ՛ք, ասավ, իմ զորքը բոլոր.
Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,
Հազար հազար մարդ անբեղ, անմորուք,
Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած,
Հազար հազար մարդ նոր թախտից ելած,
Հազար հազար մարդ թուխ միրուքավոր,
Հազար հազար մարդ սիպտակ ալևոր,
Հազար հազար մարդ, որ փողեր հընչեն,
Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն...
Կանչեցե ՛ք, թող գան, հագնեն զե ՛նք, զըրա ՛հ,
Կըռիվ տի գընամ ես Դավթի վըրա,
Սասունն ավերեմ,
Հեղեղեմ, բեր՛եմ:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last