Թումանյան Հովհաննես՝   Բանաստեղծություններ, քառյակներ, թարգմանություններ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 Next Last

Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Դընամ եմ ես վեր-
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ:

Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու:

Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,
Ե՜վ փառքը, և՜ գանձ,
Ե՜վ քեն, և՜ նախանձ
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին:

Եվ էն ամենը, արդ նայում եմ ես
Տեսնում եմ նորից
Իմ լերան ծերից
Էնպես հասարա՛կ, դատարկ են էնպե՛ս...

Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով
Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև...
Փետրվարի 7.

ԱՎԵՐԱԿՈԻՄ

Մոլոր, մենակ ես շրջում եմ
Ավերակում հայրենի,
Աչք եմ ածում ու հիշում եմ
Անցած կյանքը վաղեմի:
Է՛, այստեղ էլ ժամանակով
Շեն ու կենդան է եղել,
Ուրիշ օրով, ուրիշ կյանքով,
Ուրիշ մարդիկ են ապրել:

Ահա նըրանց տեղ-տըները
Լուռ-լուռ փոսեր ցիրուցան,
Ահա նըրանց շիրիմները,
Մամռոտ, անշուք, աննըշան:
Ահա մեծի ապարանքը
Ու ամրոցը կիսավեր,
Ահա նըրանց խաղաղ վանքը,
Աղոթում է կարծես դեռ...

Մթընշաղը գետինն առել,
Լուռ է աշխարհքարարած.
Բեկորներին աչքերս հառել
Մըտածում եմ շըվարած:

Հին դարերի մըշուշի մեջ
Նըշմարում եմ ես ահա
Փարթամ քաղաք, տներ անվերջ...
Մեծ պալատներ... ու սըրահ...

Ու սըրահը ճոխ զարդարված
Վառվում է ուշ գիշերով...
էն սըրահում, լուսավորված
Բյուրեղյա թանկ ջահերով՝
Հայրենիքի ազատանին
Հավաքվել է խընջույքի,
Տոն է տոնում, տո՛ն հաղթության
Իր հավատի ու զենքի...

Ու փափկասուն տիկինները
Հանդիսավոր ընթացքով
Ճեմ են առնում, աչք են ածում,
Սեր են թափում հայացքով:
Պարիկները պար են պարում
Ու դոփում են համարձակ,
Ու թընդում են մեծ սըրահում
Երգ ու նըվագ ներդաշնակ...

«Վո՛ւյ...», «վո՛ւյ...», բուն էր, վայեց ահա...
Մութն է: Ու ես գըլխիկոր
Էն ավերակ քաղքի վըրա
Կանգնած, ինչպես մի բեկոր...

* * *

Ցոլուն աստղեր, ջինջ եթերում
Ապրում եք դուք միշտ պայծառ,
Ձեզ չեն հասնում, ձեզ չեն տիրում
Ցածի մըրրիկն ու խավար:

Ես էլ այդպես շատ ցընորքներ,
Շատ երազներ ունիմ հուր,
Որ ապրում են կյանքից շատ վեր,
Միշտ անարատ, միշտ մաքուր:

Ու միշտ մաքուր գիտեն սիրել,
Լուռ վըշտանալ ձեզ նըման,
Էն լուռ վըշտով, հուր սիրով էլ
Թըռչել, մարել հավիտյան:

* * *

Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ գարնանը կուգային:
Կանանչ կապա են հագել,
Կանանչ ճամփա են եկել,
Կանանչ մարգին ման կուգան:
Կանչե՜, հավի՜կըս, կանչե՜,
Կանչե՜, լավի՜կըս, կանչե՜,
Կանչե՜, կանչիդ ես ղուրբան:

Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ ամառը կուգային:
Կարմիր կապա են հագել,
Կարմիր ճամփա են եկել,
Կարմիր վարդին ձեն կուտան:
Երգե՜, հավի՜կըս, երգե՜,
Երգե՜, լավի՜կըս, երգե՜,
Երգե՜, երգի՜դ ես դուրբան:

Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ աշնանը կուգային:
Դեղին կապա են հագել,
Դեղին ճամփա են եկել,
Ու խաշամին ման կուգան:
Խոսե՜, հավի՜կըս, խոսե՜,
Խոսե՜, լավի՜կըս, խոսե՜,
Խոսե՜, խոսքիդ ես ղուրբան:

Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ ձմեռը կագային:
Ճերմակ կապա են հագել,
Ճերմակ ճամփա են եկել,
Ճերմակ ձյունին ման կուգան:
Ձենե՜, հավի՜կըս, ձենե՜,
Ձենե՜, լավի՜կըս, ձենե՜.
Ձենե՜, ձենիդ ես ղուրբան:

1910

PARODIA

Հովհ. Հովհաննիսյանի «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՜»
բանաստեղծության

«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՜...»

Տեսե՞լ ես արդոք այն բլուրները,
Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
Ուր թալանում են մերոնք ու այլերը,
Ուր հոսում է միշտ արցունք ու արյուն:

Տեսե՞լ ես արդոք այն այգիները,
Ուր իբրև գոհար խաղողն է հասնում,
Որից դատարկ են նըստում տերերը,
Որ միշտ ցեցերի գըրպանն է լըցնում:

Տեսե՞լ ես ծերուկ ժայռերի միջով
Կատղած անցնելիս գետը փըրփըրած.
Վախե՞լ ես անցնել կոտրած կամուրջով,
Նստե՞լ ես արդյոք ափին մոլորված:

Տեսե՞լ ես գյուղը հովտի մեջ մենակ
Ու շուրջը փըռված հին աղբակույտեր.
Տեսե՞լ ես ոնց են այնտեղ շարունակ
Կըռվում, կեղեքում քյոխվեն ու տերտեր:

Եվ դու տեսե՞լ ես նրա գանձն անգին,
Հարավի դուստրըխղճուկ արարած,
Լռության կնիքն իրեն շըրթունքին
Ու ինքը ամբողջ կեղտի մեջ կորած:

Տեսե՞լ ես նրա եպիսկոպոսին՝
Դեմքին գոհության տափակ կնիքը.
Գիտե՞ս ինչ զարդ է թաղման հանդեսին,
Եվ կամ ի՞նչ արժե մատի մատնիքը:

Եվ դու տեսե՞լ ես նրա գազեթը,
Որ ազատ միտք է վաճառում հային.
Զգո՛ւյշ, բարեկամ, չըվիճես հետը,
Թե չէ՝ կըմատնի քեզ պոլիցիային...

«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՜...»

ՍՈԽԱԿԻ ՎԻՇՏԸ
(Ժողովրդական)

Մի օր տեսավ օտար թըռչուն՝
Սոխակ կուլար կուց-կուց արուն.
Ինչո՞ւ, ասավ, սոխակ սիրուն,
Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն.
Ինչո՞ւ, մինչ ե՞րբ դու երերուն,
Տըխուր կուլաս չոր թըփերուն,
Աշխարհ ամեն վառ քո սիրուն,
Էդ ճըռվռան քո երգերուն,
Հապա ինչո՞ւ դու օրն ի բուն,
Էս լուս ու մութ առավոտուն,
Էս շատ անուշ զով հովերուն
Ախ ու վախով կուլաս արուն:
Ի՞նչ կըխոսես, օտար թըռչուն,
Խենթ ու խելառ դու ցընորուն.
Ձըմե՜ռ նստեց մեր սարերուն,
Կըտրեց ջրիկ աղբյուրներուն,
Կըտրեց հոտիկ ծաղիկներուն,
Կըտրեց ձենիկ իմ ձագերուն,
Ի՞նչպես չըլամ կուց-կուց արուն:
Էլի ասավ օտար թըռչուն.
Հերիք դու լաս, սոխա՜կ սիրուն.
Հերիք դու լաս կուց-կուց արուն.
Էլի կուգա քեզ նոր գարուն,
Արև ծագե էս վայրերուն,
Հալին ձյուներ մեր սարերուն,
Բացվին ջըրեր աղբյուրներուն,
Ու շուրջ առած քո ձագերուն
Բարև կուտաս ծաղիկներուն:

1911

ԳԱՐՆԱՆ ՀՐԱՎԵՐ

Բացվում են գարնան
Օրերը պայծառ.
Կըգա՞ս, իմ ընկե՜ր,
Գնանք դեպի սար,
Գընանք դեպ այնտեղ, երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, երկինք ու արև...

Փըթթում են գարնան
Ծաղկունքը վառ-վառ.
Վե՜ր կաց, վե՜ր, ընկե՜ր,
Ելնենք դեպի սար.
Հազար գույներով, հազար-հազար ցեղ
Ժըպտում են նրանք ու բուրում այնտեղ...

Կանչում են գարնան
Հավքերն անհամար.
Գնա՜նք, իմ ընկե՜ր,
Թռչենք դեպի սար,
Երգենք նրանց հետ, երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, ծաղիկ ու արև...

ՄԱՆՈԻԿՆ ՈԻ ՋՈԻՐԸ
(ժողովրդական)

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով:
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,
Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

Դու ո՞ր սարեն կուգաս, ջըրի՜կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ:
Ես էն սարեն կուգամ մըթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին:

Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՜կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ:
Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ:

Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՜կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ:
Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան:

ԿԱՔԱՎԻ ՈՂԲԸ
(ժողովրդական)

Ա

Կըտուցը լիքը արին
Կաքավը նըստել քարին,
Ձեն է տալիս, կըղկըղում,
Գանգատ անում հավքերին.
Ա՜յ քուրիկնե՛ր,
Ա՜յ հավքե՛ր:

Բուն շինեցի էն սարում,
Ձագ հանեցի աննըման.
Իջավ՝ խաղա մարգերում,
Եկան կալան ու տարան,
Ա՜յ քուրիկնե՛ր,
Ա՜յ հավքե՛ր:

Էն կարկաչուն վըզիկը
Սուր դանակով զարկեցին,
Էն կարմըրիկ կըտուցը
Հուր կըրակին ձըգեցին,
Ա՜յ քուրիկնե՛ր,
Ա՜յ հավքե՛ր:

Էն մանրաքայլ տոտերը
Կըտրատեցին ծունկն ի վար,
Էն խատուտիկ փետուրը
Ո՜րն արին ձոր, ո՜րը՝ սար,
Ա՜յ քուրիկնե՛ր,
Ա՜յ հավքե՛ր:

Էն, որ սարերն էր հասել,
Քամին եկավ գում արավ,
Էն, որ ձորերն էր անցել,
Հեղեղն ելավ ու տարավ,
Ա՜յ քուրիկնե՛ր,
Ա՜յ հավքե՛ր:

Բ

Էլ ո՞նց անեմ, էլ ի՞նչ անեմ էն բընում.
Հանգիստ չունեմ, դադար չունեմ էն բընում:
Զօրը մենակ՝ չեմ դիմանում էն բընում,
Գիշերն անտակ՝ չի լուսանում էն բընում,
Անցած օրերն եկել նորից էն բընում,
Գել են դառել, ուտում են ինձ էն բընում:
Էլ չի մընում իմ սըրտիկը էն բընում,
Ցավով լիքը, լացով լիքը էն բընում:

Գ

Սև կաքավիկ, ո՞ւր պիտի դու նըստես հիմա:
Չորուկ բարդի ծառի վրա:
Սև կաքավին, թե որ նըրա տերը գա՝ ո՞ւր:
Լացող ուռու ճյուղքին տըխուր:
Սև կաքավիկ, էն տեղից էլ քշեն որ քե՞զ:
Կըրակ կըլնեմ. կէրեմ ինձ ես...

Դ

Վա՛յ կաքավիկ,
Սև կաքավիկ,
Չալիկ-մալիկ
Սիրուն հավիկ:

Վա՛յ քո ճուտին,
Էն խորոտին,
Վա՛յ սըգավոր
Իր մոր սըրտին:

Էլ չես կարդում
Հանդ ու արտում,
Մեր սարերից
Կորար տըրտում:

Վա՛յ կաքավիկ,
Սև կաքավիկ,
Վա՛յ իմ կորած
Սիրուն հավիկ:

1913

ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹՅՈԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՐՑԻ ՎՐԱ

Հողմերի առջև ցըրված, հալածված,
Քարեքար զարկված, տանջված ու հյուծված
Ի՞նչ է ուզում նա դալուկ շրթունքով,
Անվերջ բողոքով, անզոր խնդիրքով.
Իր փա՞ռքն է ուզում, թե թագն ու գահո՞ւյք...
Իր կյանքն է ուզում, իր պատիվն, իր գույք:

Ո՛վ, ամո՛թ, ամո՛թ... ամո՛թ ամենքին,
Ամո՛թ և մարդուն և ժամանակին:
Շունն էլ չըպիտի էն խընդրեր շանից,
Ինչ մարդն է խնդրում իրեն նմանից
էս առատ-արձակ աշխարհքի միջին
Իր կայնքն, իր պատիվն, իր գույքը չընչին...

Ափսո՛ս էն պայծառ, պարզ արեգակին,
Ափսո՛ս էն զառվառ ծըլին ու ծաղկին,
Ափսո՛ս աստղերին, ծովին ալեծուփ,
Ափսո՛ս դաշտերին, լերանց երկնահուպ.
Ինչպե՛ս սըրանց մեջ ծընան հըրեշներ
Էսքա՛ն մարդատյաց, անխիղճ ու անսեր...

Ո՜չ, հանգի՛ստ, հոգի՜ս, իզուր չի ոչինչ.
Ո՜չ ծիլ ու ծաղիկ, ո՜չ արևը ջինջ,
Ո՜չ խոսքն հանճարեղ, ո՜չ երգը քնքույշ:
Կա մեծ ու զըվարթ իմաստուն մի ույժ,
Որ Մութն աշխարհքից տանում է մարդուն
Դեպի Լույս աշխարհք, սեր, եղբայրություն...

Ամեն մի չարիք ունի իրեն վերջ
Ու կա հատուցում ամեն գործի մեջ.
Կա մխիթարանք տառապող հոգուն,
Լացող աչքերին կա հանգիստ ու քուն,
Եվ դարձ կա նըրան, որ վառեց խարույկ,
Խըլեց ուրիշից կյանք, պատիվ ու գույք:

* * *

Տաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան.
Սիոով մնաց Սայաթ-Նովան:

Ապրիլի 7.

* * *

Թեպետև թախտը մեզ շատ հարվածեց
Երկար դարերով, ահեղ հարվածով,
Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,
Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,

Վկա է սակայն բովանդակ երկիր,
Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին,
Եվ ուր հասնում է հայի գիրքն ու գիր
Կենդանի է դեռ հայության ոգին:

Եվ թարմ աղմուկով մանկունք մեր մատաղ
Առաջ են խաղում լուսավոր տենչով,
Եվ թնդում են դեռ հայի երգն ու տաղ
Հարազատ լեզվով, հայրենի շընչով:

Եվ իր փըլատակ տըների տակից
Ելնում է ահա հզոր ժողովուրդ,
Իր վեհ ճակատին տանջանք ու թախիծ,
Խորունկ հայացքում մեծ կյանքի խորհուրդ:

Ո՛վ դուք սրբազան Մասիս, Արագած,
Էդ ձեր երկնամուխ գոհար թագերով,
Եվ, որ նրանցից վերև խոյացած
Փայլատակում եք լույս-պըսակներով

Սահակ ու Մեսրոպ, և շատ պանծալիք,
Որ լցրիք հայոց աշխարհքն ու սրտեր
Լուսավոր կյանքի սիրով երջանիկ
Ու ձըգտում տըվիքձըգտել դեպի վեր,

Քանի որ դուք կաք, քանի կըմնաք,
Հոյակապ սյուներ հայության ոգու,
Մենք միշտ անսասան առաջ տի գնանք,
Ինչքան մեր ճամփան լինի ահարկու:

Եվ տոն կըտոնենք էսպես խնդագին,
Եվ թող իմանա բովանդակ երկիր
Ապրում է անմեռ հայությունը հին,
Ապրում են անմահ իրեն գիրքն ու գիր:

ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ
(հատված)

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.
Արևը
Սիրուն աղջի՜կ, ի՞նչ ղըրկեմ քեզ:
Աղջիկը
Ես ծաղիկներ կուզեմ պես-պես:
Արևը
Ա՜յ աղբյուրներ, ա՜յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
Դո՜ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՛ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք
Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին:
Ջրերը
Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,
Էս ի՛նչքան ուշ...
Աղջի՜, աղջի՜, ծիլ-ծաղիկներ,
Քա՞նի քընեք, վե՜ր կացեք, վե՜ր,
Խընկածաղիկ,
Ծընկածաղիկ,
Արևքուրիկ
Շար-շարուրիկ
Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Աղավնարոտ,
Կոճղեզ, ճանդուկ,
Քուրդ, ճարճատուկ,
Հարսնածաղիկ,
Ոսկեծաղիկ,
Խաշխաշ, ծըծուկ,
Վարդ, երիցուկ,
Մուշկվաղմեռուկ,
Պուտ, վառվըռուկ,
Շըրվան, մըրվան,
Շուշան, ռեհան,
Ապրեմ-չապրեմ,
Բուրեմ-մարեմ...
Քանի՞ քընեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին. հով ըստվերում,
Ժայռի տակին, հովիտներում,
Կանաչ խոտով,
Անուշ հոտով,
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք:
Ծաղիկները
Բարև, բարև, կարմիր արև,
Ա՛խ, ի՜նչ լավ է դեպի վերև
Ազա՛տ, լո՛ւյս, տա՛ք,
Կապո՛ւյտ, հըստա՛կ...
Արևը
Սիրո՞ւմ եք ինձ...
Ծաղիկները
Ա՛խ էնպես եմ սիրում, էնպե՛ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես...
Ես քեզ հետ եմ ուր որ գընաս...
Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս...
Արևը
Ապա եթե ձեզ համբուրե՞մ....
Ծաղիկները
Ես հաճույքից կըկարմրեմ....
Ես կըբուրեմ...
Ես կըմարեմ...
Արևը
Ա՜յ անուշներ,
Ա՜յ քընքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ,
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գունի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լըցնեմ շողով,
Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թըրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,
Ա՜յ անուշներ,
Ա՜յ քնքուշներ...
Աղջիկը
Էս ի՛նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, ղեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՛ր, ողջ ինչ համա՛ր...

1914

ՎԵՐՋԻՆ ՏԱԳՆԱՊԸ

Վեր է կացել հին վիշապը նոր թափով,
Վեր է կացել վերջին մոլի տագնապով,
Արյունըռուշտ, ոճիրներով ահավոր
Մահ է շընչում լէռներն ի վեր ալևոր:

Ու նրա դեմ ելած անզուսպ, անսահման,
Հորձանք տալով ամեն կողմից՝ հայության
Հին-հին հույսերն ու հուզմունքը դարավոր
Ծառս են լինում լեռներն ի վեր ալևոր:

Ծառս են լինում քաջ խմբերով անձնվեր,
Ծառս են լինում տանջվողներով կիսամեռ,
Ծառս են լինում անընկճելի ու արի
Մինչև ճերմակ գլուխները լեռների:

Ու լեռները պառավ մոր պես վերստին
Արնոտում են գլուխները իրենց հին,
Միշտ խորհելով ամպերի տակ սևակնած,
Որ հենց իրենց հառաչանքն են կուտակված....

Ու ամպերում, բարձըր ուսից Մասիսի
Սլանում է մեծ արծիվը հյուսիսի
Շիտակ դեպի բարձունքները հայկական,
Իր հետևից հայի բախտն ու ապագան:

1915

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց՝ կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՜վ գյուղերից, և՜ շեներից՝ տըխո՛ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՛ծ հայրենիք,
Զըրկվա՛ծ հայրենիք:

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Ողբի՛ հայրենիք,
Որբի՛ հայրենիք:

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՛ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ.
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին
Հույսի՛ հայրենիք,
Լույսի՛ հայրենիք:

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՛ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՛ր հայրենիք,
Հըզո՛ր հայրենիք...

Փետրվար.

«ՁԵՌԱՑ»

Արգո պարոններ, հայրեր սրբազան,
Վաղուց ենք կռվել ես ու իմ Մուսան,
Նրանից հետո էլ չեմ կտրող ես
Սահուն ու ձեռաց հորինել էնպես:

Արգո պարոններ, հայրեր սրբազան,
Վաղուց ենք ջոկվել ես ու իմ Մուսան.
Ես եկա դեպի աղմուկներն անվերջ,
Քեֆեր ու ճառեր, ժողովներ ու վեճ,
Դարձա թամադա ու քաղաքագետ...
Իսկ նա ինձանից հեռացավ անհետ...
Ասում են, իբրև, թափառում է նա
Բյուրակնյան հայոց լեռների վրա.
Դեռ չի մոռացել, դեռ հիշում է ինձ,
Տանջվում է, մաշվում սիրուց, կարոտից:

Բայց ճամփաները շատ են արյունոտ,
Չի կարողանում ետ դառնա ինձ մոտ:
Երբ ճամփաները դիակների տեղ
Բուրյան ծաղիկներ կփռեն շքեղ,
Երբ էլ գաղթանան չի լինիլ քաղցած,
Երբ խոսք ու ժողով կլինեն բաց-բաց,
Ողջի հետ հայն էլ կապրի ինքնորեն
Եվ կպահանջի նոր երգեր գրեն
Նա ետ կդառնա նոր աշխույժ առած,
Ես էլ էն օրը կըգրեմ «ձեռաց»:

Մարտ.

* * *

Շուռ է գալիս ծանր քարը
Մեր մոր կըրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար...
Հե՛յ, ջա՜ն տղերք, ուս տվեք, ո՛ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՛յ ջա՜ն տղերք, ուժ տվեք, ո՛ւժ,
Քարը մոտ է գլորման:

Մտիկ տվեք՝ ինչ վեհ պատկեր
Մեծ հիացման արժանի,
Էսքան դարեր նա քարի տակ
Դեռ շընչում է կենդանի.
Ու աչքերը, թեև լացոտ,
Լիքն են կյանքով ու հույսով,
Ու հույսերը համակ ազնիվ
Լիքը բարով ու լուսով...
Հե՛յ, ջա՜ն տղերք, ուս տվեք, ո՛ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՛յ ջա՜ն տղերք, ուժ տվեք, ո՛ւժ,
Քարը մոտ է գլորման:
Տեսե՜ք, թեև ծվեն-ծվեն
Ծիրանի է իր հագին,
Ու ցոլում է իր ճիգերեն
Ազնվական իր հոգին...
Ամեն շարժում դեպի կյանքն է,
Ամեն ձըգտում՝ դեպի վեր,
Աչքերն էն կողմ, ուր ծաղկում են
Ընտիր ազգերն ու ցեղեր...
Հե՛յ, ջա՜ն տղերք, ուս տվեք, ո՛ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՛յ, ջան տղերք, ուժ տվեք, ո՛ւժ,
Քարը մոտ է գլորման:

Հունիսի 14.

ԱՂԹԱՄԱՐԻ ԿՂԶՈԻՄ

Սըրտիս խորքերեն
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ լըսում
Ո՜նց է մի աղջիկ
Մեղմ ու հանդարտիկ
Անվերջ արտասվում:

Կոպիտ աշխարհ է,
Մարդը միշտ չար է,
Կյանք է կործանում,
Կյանքն էլ կործանված՝
Որ անցավ գնաց,
Էլ ետ չի դառնում...

Սըրտիս խորքերեն
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ ասում
Ո՜նց է մի աղջիկ
Մեղմ ու հանդարտիկ
Անվերջ արտասվում:

Թամա՛ր... Ա՛խ, Թամա՛ր...
Իզո՛ւր... ոչ մի բառ...
Չի պատասխանում:
Սերը որ կորավ,
Սիրտը որ մեռավ,
Արցունքն է մնում...

Սըրտիս խորքեր են
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ լըսում
Ո՛նց է մի աղջիկ
Մեղմ ու հանդարտիկ
Անվերջ արտասվում...

Հունիսի 16.

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև...

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ:
Հանգե՛ք, իմ որբե՛ր... իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա...

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ...
Հանգե՛ք, իմ որբե՛ր... իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ....
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա...

ԲԱՐՁՐԻՑ

Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից՝
Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին:

Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝
Մարդկային ամեն հընարքներից վեր,
Վե՛ր ամեն շուքից և շամանդաղից՝
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ:

Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝
Անչար, անաչառ, անդորր ու անհույզ՝
Պարզ, ամենատես, հայացքովը նա
Ճառագեց ներքև՝ աշխարհքի վըրա:

Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՛կ, անվե՛րջ,
Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ,
Եվ աստվածները նըրանց զանազան,
Եվ սուրբերը խիստ, խըտրող ու դաժան:

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.
Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,
Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,
Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած:

Ու ոչ մի երկիր չըկա հանգչելու
Խոր, արարչական հանգիստն անխըռով,
Ու ոչ մի անկյուն չըկա շընչելու
Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով...

Անպատում վըշտով վերըստին նայեց
Իմ էս մեծ սըրտին՝ աշխարհքից էլ մեծ, —
Անսահմա՛ն աշխարհք, և սեր ընդհանուր,
Եվ մարդը ուրախ, և երգ ամենուր...

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու
Խոր, արարչական հանգիստն անխըռով,
Էնտեղ հանգչելու, էնտեղ շընչելու
Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով...

Դեկտեմբերի 20.

1916

ԳԵՐՈԻԹՅԱՆ ՄԵՋ
(Նմանության)

Բաբելոնի գետեզերքին նըստել էին նրանք գերի,
Հիշում էին իրենց Սիոնն, Երուսաղեմն ու լալիս,
Կախել էին տավիղները վեր՝ ճյուղերին ծառերի,
Հիշում էին անցած փառքերն, անցած երգերն ու լալիս:
Առե՜ք տավիղն, երգե՜ք, տեսնենք երգերը ձեր Սիոնի.
Ասում էին գերիչները Իսրայելի որբերին,
Ու՝ սըրբելով նըրանք լացը իրենց տխուր աչքերի՝
Տավիղն առած երգում էին օտար գետի ափերին:
Ո՛վ սըրբազան Երուսաղեմ, ըսկիզբը մեր երգերի,
Եվ քեզ, Սիոն, մեր սըրբություն, թե մոռանանք մենք երբեք,
Թող մոռանա մեզ մեր աջը, հավետ մընանք մենք գերի,
Թող չըտեսնենք մենք հավիտյան ոչ խնդություն և ոչ երգ...
Ո՛վ անօրեն դու Բաբելոն, երնեկ բազկին ոխառու,
Որ կըզարկի աչքիդ առաջ զավակներըդ քարերի,
Երնեկ օրին, երբ կըզարթնի Իսրայելի Եհովան
Ու կըլսի հառաչանքը մեր գերեվար քընարի...
Էսպես նըրանք երգում էին իրենց վըրեժն ահարկու,
Ու զարմանքով հարցնում էին գերիչները մեկմեկու.
Մի՞թե դեռ էլ կենդանի է Իսրայելը աշխարհում,
Մի՞թե նըրան չըսպանեցինք պատերազմի դաշտերում...

ԴԺՈՂՔԻ ՀԱՆԴԵՊ

Հո՛ւշ. հասավ օրը՝ վերջի՛ն, ահավո՛ր.
Սըրով ու հըրով բացվում են էսօր
Հայոց դըժոխքի դըռներն ամրափակ,
Սարսափի պիտի աշխարհքը համակ...
Եվ մարդն ամայի գիլից ու շանից,
Որ մարդ է ծընվել՝ մարդու նըմանից:
Ո՛ւհ, ինչքա՛ն մութն է, գարշահոտ ու պաղ...
Ինչքան ոսկորնե՛ր, կըմախքնե՛ր անթաղ...
Էլ ի՞նչ կա հեռվում... հեռվի խավարում...
Ո՞վ է իմանում... ո՞ւմ աչքն է զորում...
Մեջտեղը մենակ, ժեռուտ բարձունքին,
Հողմերի առջև կանգնած է մի կին. —
Որդու արյունը իր ձեռքն են տըվել.
Խըմի՜ր սուլթանի կենացը դու էլ...
Եվ նա, որ մարդ էր ու մայր էր երեկ,
Այժըմ, էն ժայռին կանգնած կիսամերկ,
Անուժ ու ապուշ խելագար է մի,
Բաժակը ձեռքին, որ պիտի խըմի...
Կանգնած է մենակ, և լոկ մոլեգին
Հողմերն են ոռնում ու նըրանք չորս դին...
Բայց՝ հո՛ւշ, լռությո՛ւն... մըթին, ահավոր
Երկինք են նայում կըմախքները չոր,
Ու իրենց կարկամ շըրթունքները բաց՝
Խոսք են ասելու աշխարհքի դիմաց,
Խո՛սք, որ չի լըսված դեռևս լուսնի տակ...
Սարսափի պիտի աշխարհ բովանդակ...
Եվ մարդն ամաչի գիլից ու շանից,
Որ մարդ է ծընվել՝ մարդու նըմանից...

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հոդվածի փոխարեն

Երբ խոսում են Վըրաստանի
Թըշնամանքից արյունոտ,
Զարմանք է ինձ պատում հայտնի,
Եվ խորին ցավ, և ամոթ:

Ո՞չ ապաքեն գիտեն նըրա
Ոսոխները մինչ անգամ,
Աղ ու հացն է սիրել միշտ նա,
Միշտ աշխարհքին բարեկամ:

Թեև պատած հազար վերքով՝
Շատ ցավեր է նա տարել,
Բայց խաչակիր իրեն ձեռքով
Դեռ ոճիր չի կատարել:

Եվ իր ձեռքը եթե համառ
Տարածում է հին վըկան,
Ոչ թե դաժան գործի համար,
Այլ դեպ պայծառ ապագան:

Եվ ինչպե՞ս չեն տեսնում ոմանք
Նըրա ընթացքն աննըկուն,
Ո՞նց են ասում. — իր բախտի տակ
Նա ընկել է անկանգուն:

Ո՞չ ապաքեն Կովկասն անսաստ
Պատ է կանգնած մինչ երկին,
Որ չըհաղթի բուքը նըրան,
Ինչքան սուրա մոլեգին:

Ո՞չ ապաքեն Պոնտոսը հար
Շունչ է հոսում հով ու զով,
Որ նա հավետ մընա դալար,
Խորշակներից ապահով:

Եվ չե՞ն լըսել դեռ վըրացու
Երգը զըվարթ ու անհոգ,
Ո՜նց է ծաղրում նա մահացու
Ամեն հարված անողոք:

Երբ խոսում են իր անկումից,
Թըշնամանքից արյունոտ,
Զարմանք է ինձ պատում անվերջ,
Եվ խորին ցավ, և ամոթ:

ՆՎԱՐԴԻ ԱԼԲՈՄԻՑ

Լուսապըսակ
Իմ Արուսյակ,
Ի՛նչ գեղատես
Ու ի՛նչ զըվարթ
Վառվըռում ես
Իմ աստղազարդ,
Պայծառ ու պերճ
Գիշերվա մեջ...

Այո՜, թեև
Չեղավ արև
Էս պաղ կյանքում
Ու երկնքում,
Բայց բյուր արեգ
Ու բյուր ցերեկ
Միշտ արժեր
Էսքան շըքե՛ղ,
Հըրաշագե՛ղ,
Մի գիշեր...

Հոկտեմբերի 27.

<Վ. ԲՐՅՈԻՍՈՎԻՆ>

Մեզ մոտ եք եկել ձյունի աշխարհից,
Կոչում դեպ բարին, դեպ վսեմն ու սեր,
Մեր ցավոտ սրտում զարթնում են նորից
Երջանիկ կյանքի իղձեր ու հույզեր:

Աշխարհից աշխարհ թող ձեն տան իրար,
Որոնք իշխում են մարդկանց սրտերին,
Ազգերն ինչ ունեն ազնիվ ու պայծառ,
Թող ի մի բերեն էս դառն օրերին:

Եվ թող սրտերի դաշըն կապեն կուռ,
Ամուր շաղկապեն անսահման սիրով,
Շնչեն կենդանի մի շունչ ընդհանուր,
Կյանքը ջերմացնեն հոգեղեն հըրով:

Եվ թող մի պայքար լինի կյանքի մեջ՝
Թե ով ավելի ուժգին կըսիրի,
Եվ թող մի մրցում լինի միշտ անվերջ՝
Բարու, գեղեցկի ու վեհ գործերի:

Եվ բանաստեղծի խոհերն իմաստուն
Քանզի խոսքեր չեն ապարդյուն ուսին,
Եվ քանզի մարդը կարող է մարդուն
Սիրելերջանիկ ապրել միասին:

1917

ԻՄ ԱՐՓԻԿԻՆ

Ա՛խ, Արփիկ ջան, որ արփի ես
Բացվում հոգուս երկընքում,
Գիտե՞ս քանի արփի բացվեց
Քեզնից առաջ էս կյանքում...

Քո լույս ու կույս շաղով-շողով
Թարմ շաղախված իմ սըրտում
Անքուն վախով, թաքուն դողով
Էս սև ամպն է պըտըտվում...

Բայց դու փայլի՜ր, խաղա՜, շողա՜,
Կյանքը լինի քեզ եդեմ,
Ցոլա՜, ժըպտա՜, հուր բոց տեղա
Արևմուտքի մութի դեմ:

Տիեզերք է իմ մեծ հոգին,
Դու իր ափին բոցավառ,
Սա անդունդներ ունի մըթին,
Դու անըստվեր ու պայծառ,

Ա՛խ, Արփի՜կ ջան, քանի՛-քանի՛
Սիրտ կա թաղված ոտիդ տակ,
Քանի՛ արփի կա գեղանի
Սուզված խավարն անհատակ...

Հունվարի 1.

ԱՆՈԻՇԻ ԱԼԲՈՄԻՑ

Երազեցի շարունակ
Իմ կյանքի մեջ ես մանկուց,
Ու մընացի միշտ մենակ
Պատրանքի մեջ՝ ես մանկուց:

Ես չըգտա ոչ մեկին
Երազներից իմ շըքեղ,
Եվ ոչ մի մարդ, ոչ մի կին՝
Հերոսներից իմ շըքեղ:

Երազեցի շարունակ
Իմ կյանքի մեջ ես մանկուց,
Ու մընացի միշտ մենակ՝
Պատրանքի մեջ՝ ես մանկուց:

Հունվարի 5.

ԵՐԵԽԻ ՆՄԱՆ

Երեխի նըման մըտա ես աշխարհ,
Անվերջ միամիտ, անխելք անձնըվեր.
Սըրտումըս ինչ կար, ձեռքիս ինչ որ կար՝
Բաժնեցի մարդկանց՝ անսեր, անտարբեր:

Երեխի նըման խաբեցին ինձ շատ,
Երազուն ու խենթ երեխի նման.
Տարան իմ հավատն ու սերը անհատ,
Խընդացին վըրես իմ դեմ հանդիման:

Երեխի նըման վարվեցին ինձ հետ,
Մի խորթ ու օտար երեխի նըման.
Ամեն հաճույքիս նայեցին միշտ խեթ,
Վըրդովմունք տըվին ամեն մի վայրկյան:

Երեխի նըման տանջեցին ինձ բիրտ
Ընկեր, մերձավոր, և եղբայր, ու կին.
Ես էլ հուսահատ, զըզված խորասիրտ
Երեխի նըման թողի ամենքին...

Եվ ահա էսպես՝ հոգնած ու վըշտոտ,
Դադարգուն եղա, ամենքից փախա.
Ամենքից փախած գալիս եմ ձեզ մոտ
Ու դուք էլ, ավա՛ղ, ինձ պես երեխա:

Հունվարի 8.

ԳՐԱԴԱՐԱՆՍ

Բազմած են շուրջըս նրանք ամեն օր
Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի,
Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի:
Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր,
Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր:

Հունվարի 20

ԱՐՓԵՆԻԿԻՆ

Հիշո՞ւմ ես Բորժոմն, այծյամնե՛ր, ժայռե՛ր...
Ինչաես որ թողիր՝ էս ժամին էլ դեռ
Վայրենի՛, չրքնա՛ղ կանգնած են ու կան:
Եվ հիշում են միշտ էն գիժ աղջըկան,
Որ իր կուսական զըվարթ աղմուկով,
Արծաթ ծիծաղով, ճիչով ու երգով
Լըցնում էր անտառն իրենց շըրջակա
Ու... հիմա չըկա՛... ու հիմա չըկա՛...

Հունվարի 31.

ԱՐՓԵՆԻԿԻ ԱԼԲՈՄԻՑ

Դու չըգիտե՞ս՝
Ինչու եմ ես
Անբուժելի
Տըխուր էսպես:

Ինչ ունեի լավ ու պայծառ՝
Ընկա՛ն, հանգա՛ն, մի-մի, մի-մի.
Օրորանս էլ՝ միակ, որ կար,
Արնոտ եղավ ու թըշնամի...

Դու չըգիտե՞ս՝
Ինչու եմ ձեզ
Քընարիս հետ
Գըրկել էսպես...

Մըթնեց հոգուս երկինքն անհուն,
Սիոտըս պատեց մեծ շափառուկ.
Մեռա՛ն, կորա՛ն շուրջս ու հեռուն,
Քընարս է լոկ մնացել... և դուք...

Փետրվարի 5.

ԱՇԽԵՆԻ ԱԼԲՈՄԻՑ

Մայրըդ էն օրն ասում էր ինձ,
Թե՝ զուր թողիր տունը ձեռից,
Էնքան էժան ու էնքան հեշտ,
Էնքան հարմար, անհըրաժեշտ...

Նա տակավին չի իմանում,
Թե աշխարհքն էր ինձ պատկանում.
Նույնիսկ ձըրի, առանց փողի,
Սիրտըս չուզեցձեռից թողի...

Հունիսի 17.

ԱՆՈԻՇԻ ԱԼԲՈՄԻՑ

Կանցնեն օրերն, Անուշ ջան,
Կանցնի քո հերն, Անուշ ջան,
Ու կըտանի իրեն հետ
Իր ցավն ու սերն, Անուշ ջան:

Ցավը՝ անտակ ծովի տես,
Սերը՝ անհագ սովի պես.
Ծովի միջին ու սովի՝
Անբախտ Սայաթ-Նովի պես:

Նոյեմբերի 7.

ԱՆՈԻՇԻ ԱԼԲՈՄԻՑ

Քոշաքարում ես վազել եմ
Եղնիկի հետ երագ, Անուշ,
Զըմրուխտ սարում երազել եմ
Չընաշխարհիկ երազ, Անուշ:

Զըմրուխտ սարը ամպ է պատել,
Իմ արևի լույսը վատել,
Աստծուն խնդիրք արի շատ էլ՝
Ինձ չըտըվեց մուրազ, Անուշ:

Իմ մուրազը շատ էր շըքեղ,
Դըրախտ պիտեր քաղաք ու գեղ.
Երգը հոսեր հառաչքի տեղ,
Սերն ու բարին՝ Արազ, Անուշ:

Շատն են եկել էսպես անցել,
Հազա՛ր ափսոս էն մարդկանց էլ.
Ես էլ կերթամ, քիչ է մնացել,
Էսքա՛ն վաղ ու վըռազ, Անուշ:
Նոյեմբերի 20.

ԱՐՓԵՆԻԿԻ ԱԼԲՈՄԻՑ

Երկա՛ր, երկա՛ր ման եկա
Ոտքով, մըտքով ես կյանքում,
Երկու, երկու բան գըտա
Չար ու դըժար էս կյանքում:

Վաղո՛ւց, վաղուց կար ասված,
Բայց կյանք տըվի ես բառին.
Դարձավ, դարձավ ինձ աստված
Գեղեցիկը ու բարին:

Դըստրիկ, դըստրիկ իմ անգին,
Դու գեղեցիկ ու բարի,
Աշխույժն . . . իմ կյանքի
Եվ իմ վըշտոտ քընարի:

Նայի՜ր, նայի՜ր սըրտաբաց
Էս լեն արձակ աշխարհին,
Առատ, առատ տարածված
Գեղեցիկը ու բարին:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 Next Last