Թումանյան Հովհաննես՝   Պատմվածքներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last

Օ՛հ, օ՛հ, օ՛հ, էդ ծառաների բանն էլ մի՛ ասի, — էս ու էն կողմից սկսեցին բողոքել տիկին հյուրերը:

Մի կես ժամ խոսեցին դեսից-դենից, ծառաներից, քաղաքի նորություններից: Հենց էդ խոսակցության ժամանակ ներս մտավ քրտնած Գիքորը:

Աղջիկ պարոն, միրգը բերի:

Հա, լավ, գնա՛, — հրամայեց տիկինը կարմրելով, իսկ հյուրերն սկսեցին ծիծաղել:

Աղջիկ պարոն, խազեինն ասում էր` բալը թանգ ա, հարկավոր չի...

Էս խոսքերի վրա հյուրերից ոմանք պոռթկացին ու թաշկինակով բերաններին հուպ տվին, ոմանք էլ տանտիկնոջ խայտառակությունը ծածկելու համար վկայեցին, թե իրավ բալը շատ թանկ է, էս ժամանակին ով է բալն առնում: Ապա սկսեցին հանդիմանել, թե ի՞նչ հարկավոր է միրգը, հո ուտելու համար չեն եկել, ի՞նչ են նեղություն քաշում...

Տանտիկինը, մինչև ականջակոթերը կարմրած, աշխատում էր մի կերպ եղածն ուղղի:

Ով գիտի ինչ է ասել, չի հասկացել էս հիմարը:

Ով սուտ ասի` գետինը մտնի, — երդվեց Գիքորը, ու ամեն բան լրացավ:

6

Հյուրերին ճամփա դնելուց ետը տիկին Նատոն բարկացած, բարձր-բարձր խոսելով վեր էր քաղում մրգի սեղանը: Նա հայհոյում էր Գիքորին, մեկ-մեկ թվում էր, թե ինչեր է անում նա, անիծում էր իր բախտը, իր ամուսնուն:

Քա՛, խամ է, որդի, կսովորի, որդի... ինչի ես սիրտդ շուռ բերում... Ախ աստոծ, ի՞նչի չես հոգիս առնում, — հառաչում էր պառավ դեդին:

Երանի մի իմանամ` մարդու սրտի էս նեղացած ժամանակը դու ինչ ես խոսում... Խամ է, դե գնացեք դուք շինեցեք, ես հո ձեր գերին չեմ, — ձենն ավելի բարձրացնելով պատասխանեց պառավին հարսը ու շարունակեց իր տրտունջն ու անեծքը մինչև ամուսինը տուն գար:

Ամուսնու ոտնաձայնը որ լսեց` սկսեց արտասվել, ավելի բարձր խոսել ու ամանները իրար գլխով տալ:

Ասում եմ` դուրս արա կորչի. ես ծառայի բանն էլ կանեմ. թե խնայում ես` փող տաս, կարգին ծառա բռնես... Լավ է մարդ ծառայի տեղ էլ քաշ գա, քան թե ամեն օր էսենց սիրտը շուռ բերի... Իմ թշնամին հո չե՞ս...

Ի՞նչ է պատահել, — հարցրեց բազազը` տան մեջտեղը կանգնելով:

Ի՞նչ պետք է պատահի. էս էր մնացել, որ խալխի մոտ էլ մարդ գետինը մտնի, էս էլ արիր. էլ ի՞նչ պատահի, — վրա թռավ տիկինը ու պատմեց բալի պատմությունը:

Վա՜հ, — բացականչեց բազազը:

Ա՛խ աստո՜ծ, — հառաչում էր բարի պառավը` դես ու դեն ընկնելով:

Բազազը Գիքորին ձեն տվեց: Թմփթըմփացնելով Գիքորը ներս ընկավ:

Մոտիկ արի, — կանչեց բազազը:

Գիքորը վախեց նրա գույնից, մնաց տեղը կանգնած:

Քեզ ասում եմ` մոտիկ արի...

Գիքորն էս անգամ շարժվեց, բայց դարձյալ մնաց տեղը կանգնած:

Տո՜, արջի քոթոթ, ես քեզ ասում եմ` աղջիկ պարոնին ասա, դու գալիս ես ղոնաղներին ասում, թե բալը թանգ է՞ր...

Ես... ես... աղջիկ պարոնին.. — ուզում էր արդարանա Գիքորը, բայց խոսքը բերանում` ապտակը հասավ, աչքերը կայծակին տվին, գլուխը դիպավ կողքի պատովն ու վեր ընկավ:

Հենց ընկած տեղն սկսեց բազազը ոտքել, անդադար կրկնելով — «բալը թանգ էր, հը՞... բալը թանգ էր, հը՞...»:

Պառավ դեդին դողդողալով մեջ ընկավ, աշխատում էր ետ քաշի կատաղած որդուն, աղջիկ պարոնն էլ եկավ, երեխաներն էլ սկսեցին ճչալ, բազազը ետ կանգնեց հևալով ու կրկնելով — «բալը թանգ էր, հը՞», — աչքերը միշտ չռած անկյունում կծկված Գիքորի վրա, որ դողալով ու ցավագին մրմնջում էր.

Վա՜յ, նանի ջան, վա՜յ... վա՛յ, նանի ջան, վա՜յ...

7

Տեսան տանը չի կարողանում ծառայի` խանութ տարան Գիքորին: Էնտեղ ապրանք պետք է տային մուշտարիների հետ տանելու, չիթ պետք է ծալեր, խանութը սրբեր, իսկ պարապ ժամանակը մուշտարի կանչեր:

Եվ ահա Գիքորը հաց է տանում խանութը: Կերակրամանը ձեռքին, մաշված ու տժգույն, մեծ-մեծ ոտնամանները քաշ տալով անց է կենում կամարջով: Նայեց ներքև: Քարվանսարաների բարձր պատերին զարկելով ծառս էր լինում Քուռը, ոլորվում, պտտվում ու ճնշվելով խեղդվում, խուլ թշշում կամուրջի տակին:

Ափից մոտիկ պտտում էր մի կանաչ նավակ: Երկու հոգի կային նրա մեջ. մինը ուռկան էր ձգում, մյուսը նավն էր կառավարում:

Ա՛յ հիմի կհանի, — ասավ Գիքորն ու կանգնած նայում է ձկնորսներին: Ուռկանը դատարկ դուրս եկավ:

Էս մինն իմ բախտից, — ասավ Գիքորն ուռկանը ձգելիս: Գիքորի բախտը դատարկ դուրս եկավ:

Էս մինն էլ մեր Զաննի բախտիցը: Էս էլ դատարկ դուրս եկավ:

Էս մինն էլ Գալոյի բախտիցը: — Գալոն էլ էր անբախտ:

Էս մինն էլ բաս...

Բայց էդ ժամանակ մոտիկ քարվանսարի դռանը աղմուկ բարձրացավ: Մի պարսիկ կապիկ էր պար ածում երգելով:

Ա՛յ արի, արի, մեյմուն,

Ճիպոտդ սարի, մեյմուն,

Պառավի պես կուզի-կուզ,

Ջահելի պես պարի, մեյմուն:

Ժողովուրդը հավաքվել էր գլխին ու վազում էին չորս կողմից: Գիքորն էլ վազեց: Աշխատեց կանգնած ժողովրդի արանքը մտնի, առաջ անցնի, չկարողացավ: Վիզը ձգեց, պճեղների վրա կանգնեց ու ճգնում էր անպատճառ տեսնի, թե ինչ է կատարվում մեջտեղը:

Ի՞նչ ես ներս խցկվում, տո լածիրակ, գնա քու բանին, — ասավ մի կինտո ու զարկեց գլխին:

Գիքորը հանկարծ սթափվեց ու վազեց դեպի խանութը:

8

Իրիկունը Գիքորը կուչ էր եկել խոհանոցում: Դեռ արտասուքը չէր ցամաքել նրա երեսին, դեռ այրվում էին խազեինի ապտակների տեղերը, դեռ նոր էր լռել աղջիկ պարոնի ձենըշվշըվացնելով ներս մտավ Վասոն` բազազի աշկերտը: Գիքորին նկատելով` նա իսկույն կանգ առավ ու մասխարա դեմքին լրջություն տալով, սպառնալի հարցրեց.

Կլուբամն ուշացա՞ր, տո արջի քոթոթ, թե գուբերնատի մոտ վռազ գործ ունեիր...

Գիքորը գլուխը չէր բարձրացնում:

Ասա մի տեսնեմ է, տո՜...

Գիքորը լուռ էր:

Չե՞ս իմանում, տո՜: Ո՞րտեղ էիր է՜, որ էսօր ինձ քաղցած սպանեցիր. որ մեռնեի` հետո՞...

Էսպես խոսելով կամաց-կամաց մոտեցավ, մի քիչ կանգնեց ու հանկարծ զարկեց Գիքորի գլխին: Գիքորը երկու ձեռքով գլուխը պաշտպանեց ու սեղմվեց պատին: Վասոն պատրաստվում էր մի ուրիշ ձևի հարված էլ հասցնելու, բայց դուրսը բարձրացավ խազեինի ձայնը: Գալիս էր:

Աբա տես հիմի քեզ ի՞նչ է անում, — սպառնաց Վասոն:

«Հիմի ինձ կսպանեն», անցավ Գիքորի մտքովը, ու խեղճի հոգին տապ արավ:

Խազեինը արդեն բավականին ծեծել էր խանութում, այժմ միայն հրամայեց հաց չտան, որ իմանա, թե ինչ բան է քաղցածությունը:

Վտանգն անցավ:

Գիքորը հանգստացավ, թեև լսում էր աղջիկ-պարոնի ձայնը, որ ճչում էր. — Ախր ընչի՞ ես պահում, դուրս արա կորչի էլի, դուրս արա կորչի՛...

9

Գիքորը կծկվեց վերմակի մեջ, գլուխը կոխեց տակը, տապ արավ:
«Լուսնյակ գիշեր, բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թե տուն չունեմ, վա՛յ, տուն չունե՜մ...»

իր երգը երգելով Վասոն հաց էր ուտում: Գիքորը վերմակի տակից երբեմն զգույշ ծիկրակում, թաքուն նայում էր նրան, կրկին աչքերը ծածկում: Նա էն օրը հաց չէր դրել բերանը. ծեծվել ու լաց էր եղել, այժմ էլ քաղցած պառկեց, ու քունը չէր տանում:

Հը՞, ո՞նց ա, սոված քունդ չի՞ տանում հա՛, էդպե՛ս... -նկատեց չարաճճի Վասոն ու մի կտոր հաց ու պանիր տվավ Գիքորին: — Դե, առ, տեղի տակին թաքուն կեր, խազեինը չիմանա:

Գիքորը հափշտակեց հաց ու պանիրը, գլուխը կոխեց տեղի տակը, թաքուն ուտում էր ու մտածում: Մտածում էր իրենց տան վրա, էն օրերի վրա, երբ ազատ խաղում էր հանդերում ու լիասիրտ հաց ուտում, մտածում էր էն երեկոների վրա, երբ հերն ու մերը կռվում էին իրեն քաղաք բերելու համար... մերը լաց էր լինում, չէր ուզում...

Ա՜խ, նանի ջան, ի՜նչ լավ էր սիրտդ իմացել, — հառաչում էր Գիքորը տեղի տակին ու հաց ու պանիրը ուտում, ականջը սրած, թե խազեինը հո չի գալի:

Իսկ առավոտը կանգնած էր խանութի դռանը:

10

Խանութի դռանը կանգնած ձեն էր տալի Գիքորը, մուշտարի էր կանչում ու բարձր ձենով գովում իրենց ապրանքը:

Կանչի է՜, տո՜. ի՛նչ ես մնջվել, մնացել կանգնած: Բերանումդ հո ջուր չկա՞:

Է՜ստի համեցե՛ք, է՜ստի համեցե՛ք... — կանչում էր Գիքորը:

Ներսը ծիծաղից թուլանում էին:

Նրան սովորեցրել էին, որ մուշտարի քաշի դեպի իրենց խանութը: Եվ նա հաճախ բռնում էր էս կամ էն անցորդի փեշից, կոպիտ ու համառ սկսում էր քաշել դեպի խանութը, ու բաց չէր թողնում, մինչև որ մարդը դուրս էր գալի համբերությունից: Գալիս էր դարձյալ իր տեղը կանգնում ու կանչում:

Ամառվա տոթ օրերին, խանութի դռանը երկար կանգնելուց հոգնած, նա երբեմն նստած քնում էր խանութի առաջին դարսած չթերի վրա:

Էդ ժամանակ չարաճճի ընկերները կամ հարևանները բռնոթի էին բռնում նրա քթի տակը:

Նա փռշտալով վեր էր թռչում:

Շոգից թմրած վաճառականները զվարճանում էին: Իսկ խազեինը կուշտ ծիծաղելուց հետո ձայն էր տալի.

Քնում ե՞ս, տո, արջի քոթոթ, կանչի է՜...

Է՜ստի համեցե՛ք, է՜ստի համեցե՛ք, — ձեն էր տալի Գիքորը:

11

Մի օր էլ Գիքորը երբ մուշտարի էր կանչում` դիմացից երկու գյուղացի դուրս եկան: Նա վազեց, փաթաթվեց գյուղացիներին:

Ա՜յ տղա, իսկի ճանաչեցի ոչ, էս ի՜նչ բան էր, — զարմացած բացականչեց գյուղացիներից մինը ու դարձավ ընկերին.

Բաղո, դու կճանաչեի՞ր...

Ես աչքերիցը կճանաչեի, — պարծեցավ ընկերը:

Ճշմարիտ որ Գիքորը շատ էր փոխվել, շատ էր մաշվել: Ինքն էլ էր փոխվել, շորերն էլ: Դժվար էր ճանաչելը:

Ա՜յ տղա, էս կարգին մարդ ա դառել... հալա սրա շորերին, սրա շնորհքին... — հիանում էին գյուղացիները:

Համբոյի հողը մեր գլխին. տես, նա իր տղին ո՜րտեղ հասցրեց, մեր տղերքը էնտեղ խոզ են արածացնում...

Այնինչ Գիքորը իրար ետևից հարցնում էր.

Իմ մերը ո՞նց ա... մեր էրեխեքը ո՞նց են... իմ հերն ընչի՞ չեկավ... մեր կովը ծնել ա, թե չէ... մեր գեղումն ո՞վ ա մեռել...

Ամենն էլ լավ են, շատ բարով կանեն, — պատասխանեցին գյուղացիք: — Էն ա Սուքնանց Ղուկասը մեռավ, մին էլ Պուճարանց պառավը, մնացածը լավ են:

Բա իմ հերն ընչի՞ չի գալի:

Քու հերը լավ ուզում ա, ամա ո՞նց գա: Ինքը մենակ մի մարդ ա, սաղ տան ջափեն վրեն...

Բա բան չեն ղարգե՞լ...

Ինչ ունեն, որ ինչ ղարգեն, դու ձեր տան բանը գիտես ո՞չ: Էս տարի էլ հացը բարակ էր, խեղճ հերդ զոռով ծերը ծերին ա հասցնում: Նրանցից ի՞նչ ես ուզում: Թե ունիս, դու ղարգի. հրեն խարջ են ուզումձեռին գռոշ չունի:

Հո մեր տանիցը օքմի չի՞ հիվանդացել:

Չէ՜, էն ա ձեր Ծաղիկ կովը Միրզանց գոմի փլեկովը ներքև ընկավ, սատկեց:

Ծաղիկը սատկե՞ց...

Խեղճ մերդ էնքան լաց էլավ` աչքերն ուռան:

Էս ասելով, գյուղացիներից մեկը մի նամակ հանեց տվավ Գիքորին ու ասավ.

Հիմի ի՞նչ ես ասում. մենք էլ քեզ տեսնիլ չենք, գնալու ենք. թե մորդ կամ քվորդ համար բան ես ղարգելու, տուր տանենք:

Ո՞րտեղից բան ղարգեմ, դեռ փող չեմ ստանում... ամա... Ամա ի՞նչ...

Ուզում եմ` ես էլ գամ ձեզ հետ: Համ մեր գեղին, համ մերոնց կարոտել եմ, համ էլ...

Վա՜յ, վա՜յ, մենք հենց իմացանք մարդ ես դառել, խելոքացել ես... էդ տեսան բան կասե՞ն: Էստեղ քեզ համար աղավարի ապրում եսշորերդ թազա, ոտն ու ձեռդ իստակ... Մենք ասում ենք մեր էրեխանցն էլ տեղ անես` բերենք, դու էդ ի՞նչ ես ասում: Էն որ ասել են` «խոզի գլուխը դրին խալիչին, գլորվեց ետ ցեխն ընկավ», հալալ քեզ համար են ասել:

Էսպես հանդիմանեցին գյուղացիները, խրատեցին, մնաս բարով ասին ու գնացին:

Նրանց գնալուց ետը Գիքորն իր անկյունը քաշվեց ու բաց արավ հոր նամակը:

«Իմ սիրելի որդի Գիքոր ջան: Ի քաղաքն Թիֆլիզ:

«Մենք ողջ և առողջ ենք, միայն քու առողջութինն ենք ուզում, ամեն: Քեզ շատ կարոտով բարով են անում ապին, նանը, Զանին, Մոսին, Միկիչը, Գալոն, ամեն: Մեր սիրելի որդի Գիքոր. ահա իմացած լինես, որ տեղներս շատ նեղ ա և խարջը սաստիկ ուզում են և փող չենք ճարում, և նանն ու Զանին տկլոր են և տեղներս շատ նեղ ա: Գիքոր ջան, մի քանի մանեթ փող ղարգի և մի գիր ղարգի քու որպիսութենիցը: Եվ իմացած ըլես, որ Ծաղիկը սատկեց, և նանն ու Զանին տկլոր են»:

Նամակը կարդաց ու տեղը կանգնած միտք էր անում Գիքորը, դարդ էր անում իրանց տան համար: Սիրտը էրում էին նամակի տողերը:

Նանն ու Զանին տկլոր են... Տեղներս նեղ ա...

Կանչի է՜, տո, ի՞նչ ես վերացել, ուշքդ հետները գնա՞ց... — ձեն տվին ներսից:

Է՜ստի համեցե՛ք, է՜ստի համեց՛եք, — կանչում էր Գիքորը խանութի դռանը կանգնած:

12

Ձմեռը եկավ: Սառն աղմուկով ձյունախառն բուքը թռչում է քաղաքի վըրով: Փողոցներում սուրում, սուլում, հոսան է անում: Վզզալով մտնում է անկյունները, աղքատի ու տկլորի է ման գալի, պանդուխտ ու անտեր երեխա է որոնում:

Ահա գտավ Գիքորին:

Մի բարակ բլուզ հագին, խանութի դռանը կանգնած ձեն էր տալի նա.

Է՜ստի համեցե՛ք, է՜ստի համեցե՛ք...

Հրե՜սսս... — չարախինդ սուլելով ցուրտը, աներևույթ թրի նման, զարկեց անցավ ոսկորները: Գիքորը դողաց:

Առանց էն էլ նա շատ էր մաշված. էդքանն էլ հերիք էր նրան: Ու անկողին ընկավ:

13

Հիվանդ պառկած էր Գիքորը բազազ Արտեմի խոհանոցում: Պառավ դեդին օրը մի քանի անգամ ներս էր մտնում, իրեն-իրեն խոսելով:

Ի՞նչ կուզես, որդի՜, Գիքո՜ր:

Ջո՜ւր...

Դեդին ջուր էր տալիս: Հիվանդը դողդոջուն ձեռներով բռնում, ագահ խմում էր ու կրկին ուզում:

Էս սիրտս հովացնում չի, դե՜դի... ես մեր աղբրի սառը ջրիցն եմ ուզում, դե՜դի... ես մեր տունն եմ գնում... ես իմ նանին եմ ուզում...

Բազազ Արտեմը ցավի մեջ էր ընկել: Նա դես-դեն ընկավ, նրանց կողմերից մարդ գտավ, ապսպրեց, որ Համբոն գա, իսկ Գիքորին տարավ քաղաքային հիվանդանոցը:

Էնտեղ շատ հիվանդներ կային շարքերով պառկած: Տխուր տնքում էին ու օճորքին նայում անզոր հայացքներով:

Գիքորին էլ պառկեցրին նրանց շարքում:

Էստեղ գտավ նրան հայրը:

Էդ ինչ ես էլել, Գիքոր ջան, — մղկտալով վրա ընկավ Համբոն:

Գիքորը տաքության մեջ չիմացավ հոր գալը:

Գիքոր ջան, բա եկել եմ, է՜, Գիքոր ջան... ես քու ապին եմ, է՜...

Հիվանդը ոչինչ չհասկացավ: Նա զառանցում էր ու զառանցանքների մեջ կանչում էր–«Միկի՜չ, Զանի՜, ապի՛, նանի՜...»:

Էստեղ եմ, Գի՜քոր ջան, նանը ղարգել ա, որ քեզ տանեմ մեր տունը... գալիս չե՞ս... Միկիչն ու Զանին հրեն կտերը կանգնած քեզ ճամփա են պահում: Ի՞նչ ես ասում, դե խոսա է, Գիքոր ջան...

Է՜ստի համեցե՛ք, է՜ստի համեցե՛ք, — բացականչեց հիվանդը, զանազան անկապ, կցկտուր խոսքեր ասավ ու ծիծաղում էր տաքության մեջ:

14

Մի երկու օրից ետը Համբոն գնում էր իրենց գյուղը:

Նա թաղել էր Գիքորին ու գնում էր: Կռան տակին տանում էր շորերը, որ մերը լաց լինի վրեն: Շորերի գրպաններում մի բուռը փայլուն կոճակներ, նախշուն թղթեր, չթի կտորներ ու մի քանի քորոց գտան: Էն էլ երեի, քրոջԶաննի համար էր հավաքել ու պահել...

Գնում էր Համբոն ու մտածում: Շատ ժամանակ չէր անցել, որ էդ միևնույն ճամփով քաղաք եկավ իր Գիքորի հետ: Ահա էստեղ էր, որ նա ասավ.

Ապի, ոտներս ցավում են...

Եվ ահա էն ծառը, որի տակ նստեցին հանգստանալու... Ահա էնտեղ էր, որ ասավ.

Ապի, ծարավ եմ...

Ահա էն աղբյուրն էլ, որ ջուր խմեցին...

Ամենը, ամենը կան, մենակ նա չկա...

Մյուս օրը, երբ Համբոն անցնում էր լեռները` հեռվո՛ւմ երեվաց իրենց գյուղը:

Գյուղից դուրս կանգնած սպասում էին նանը, Զանին, Միկիչը, Մոսին, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից կանչում էր.

Ալի՜, ալի՜, հե՜ Գիքոլ...

18971908

ԵՐԿԱԹՈԻՂՈԻ ՇԻՆՈԻԹՅՈԻՆԸ

1898 թվին նոր էր բացվել Թիֆլիսից Կարս գնացող երկաթուղին: Լոռու գյուղերից մեկում մի իրիկնադեմ Ուհանես բիձու դռան գերանների վրա նստոտած զրույց էինք անում: Ուհանես բիձեն մեզ պատմում էր, թե ինչպես սկսվեց երկաթուղու շինությունը:

«Մի տարի ես ու մեր Սիմոնը ներքի ճալումը ճիպոտ էինք կտրում»: Էսպես էր պատմում նա:

«Մին էլ տեսանք մի քանի սիպտակ շլապկավոր մարդիկ ներքևից դուրս եկան ու ջուրնիվեր, ջուրնիվեր գնացին:

Ասի` հե՛ Սիմոն:

Թե` ի՞նչ ա:

Ասի` էստեղ մի բան կա:

Թե` ի՞նչ պըտի ըլիլ, ճամփորդ մարդիկ են, կարելի ա ճամփեն կորցրել են, իրենց համար գնում են:

Ասի` չէ, էստեղ մի բան կա, ետնա կիմանաս:

Եկանք տեսանք Տերսանց ջաղացի կտերը մի սիպտակ փետ տնկած:

Ասի` հե՛ Սիմոն:

Թե` ի՞նչ ա:

Ասի` հիմի տեսնում ե՞ս:

Թե` էս ի՞նչ ա որ:

Ասի` հալա դեռ կաց, ետնա կիմանաս...

Սրանից մի քանի ժամանակ անցկացավ -մին էլ տեսնենք կազեթ եկավ, թե` բա՜ երկաթուղու ճամփեն դեսն են տանում...

Ասի` հե՛ Սիմոն:

Թե` ի՞նչ ա:

Ասի` հիմի տեսա՞ր` խոսքս որտեղ դուրս եկավ...

Ա՛յ լեզուդ պապանձվեր հա՜, — ձայն տվեց էն կողմից որսկան Օսեփը:

Ա՜յ տղա, ընչի՞ ես էդպես ասում, ի՞նչ մի վնաս բան ա երկաթուղին, — մեջ մտան մի քանի գյուղացի:

Վնաս չի, բա ինչ ա, եկավ ձորերումը ծղրտաց, էլ պախրա չմնաց, կխտար չմնաց, ձենիցը խրտնեցին, փախան կորան:

Պախրեն ու կխտարը չէ որ, հավատա` ես էլ կկորչեմ, — խոսքն առավ մի հովիվ, որ դագանակին հենված կանգնած էր: — Գնում եմ քարի գլխին կանգում եմ, ձորերին մտիկ եմ անում, որ էն քարափները քանդելիս տեսնում եմ, սրտիս ծերը մղկտում ա, ոնց որ թե մարդի երեխեն թշնամու ձեռին քրքրելիս ըլեն, ու մարդ կարենա ոչ թե օգնի...

ՉԷ, շատ բան կփչանա, — սրա հետ էլ հառաչեցին մի քանիսը:

Ու սկսվեց վեճը երկաթուղու վրա, թե երկաթուղին օգուտ էր բերելու, թե վնաս:

Էդ վեճի ժամանակ երկաթուղու գծի վրա աշխատող օտարականներից մինը ձորիցը դուրս եկավ ու մոտեցավ մեզ:

Բարի իրիկուն ձեզ:

Աստծու բարին, ուստա:

Ինձ մի չափ ալյուր է հարկավոր, ձեզանից ո՞վ ալյուր կծախի, — դիմեց օտարականը ամենքիս:

Ո՞րտեղացի ես, ուստա, — հարցրեց Ուհանես բիձեն:

Օսմանլվի հողիցն եմ:

Ուհանես բիձա, հալա մի հարցրու տես ո՞ր քաղաքիցն ա, — խնդրեց մի գյուղացի:

Քու քաղաքի անունն ի՞նչ ա, բարեկամ, — կրկին հարցրեց Ուհանես բիձեն:

Սըվազ:

Սըվա՛զ, — երկարացնելով ու խորհրդավոր կերպով կրկնեց Ուհանես բիձեն:

Ի՞նչ ասավ, Ուհանես բիձա:

Սըվազ...

Պա՜հ, քու տունը չքանդվի... — ծափ տվին ու ծիծաղեցին մի քանի գյուղացի:

Էնտեղից էստեղ քա՞նի ամսվա ճանապարհ է, — շարունակում էր հարցուփորձը Ուհանես բիձեն:

Երեք ամսվա:

Պա հո՛... — միաբերան զարմացան ամենքը:

Համեցեք, ղարիբ ախպեր, նստիր, հաց բերեն, հաց անուշ արա:

Չէ, շնորհակալ եմ, վռազ եմ. ձեզանից ո՞վ ալյուր կծախի, մի չափ ալյուր տա` գնամ:

Ախչի, մի չափ ալյուր դուրս բերեք, — դռնից ձեն տվեց Ուհանես բիձեն. — գլուխ-գլուխ լցրեք:

Հարսներից մինը մի չափ ալյուր դուրս բերեց, ուզեց դատարկի մեջը, բայց նա թող չարավ:

Ի՞նչ արժե...

Ածա, դեռ ածա տոպրակիդ մեջը:

Չէ, առաջ մի գինն իմանանք:

Դեռ ածա, հետո կիմանաս թե որ թանգ ըլի, դարտարկելը հեշտ ա:

Ուստեն իր տոպրակը բաց արավ, հարսն ալյուրը մեջը դատարկեց ու գնաց:

Դե հիմի ի՞նչ տամ, — հարցրեց ուստեն, ծոցից քսակը հանելով:

Ոչինչ, ուստա, ոչինչ չի հարկավոր, քեզ փեշքեշ, մեր աշխարքումը ղարիբից հացի փող չեն առնիլ, էդ տեսակ ադաթ չկա... — ասավ Ուհանես բիձեն ու շարունակեց իր չիբուխը ծխել:

Ուստեն մի քիչ շփոթվեց, չեմ ու չում արավ ու գնաց:

Ուստի գնալուց հետո մի կարճատև լռություն տիրեց, ապա թե խոսեց մի գյուղացի:

Էն օրը մինն էկել ա թե` մածոն եմ ուզում: Հարսները մածոն դրին առաջին, կերավ պրծավ, հիմի վեր ա կացել, թե` ինչ արժե...

Ասում եմ` ի՞նչը...

Թե` մածոնը...

Ասի` ա՜յ մարդ, գլխիցս քաշվի, էդպես բաներ մի խոսիլ, թե չէ ոչխարի էլած կաթն էլ կցամաքի...

Ա՜յ տղա, բա ի՞նչպես անենք... էն լա՞վ ա, որ ով գա մուֆտա ուտի ու տանի՞... էս վրա քանիսն են գալի, գիտե՞ս թե չէ... էն օրը մնին էլ ես եմ մի խան ալյուր չափել տվել... էդ ո՞ւր կերթա, — մեջ ընկավ Ուհանես բիձու փոքր ախպերը:

Որ գա` մին էլ տուր... — գլուխը վեր քաշելով հանդարտ խոսեց Ուհանես բիձեն:

Օջախդ շեն կենա, — վռչացին մի քանի ծերեր:

Աչքս լուս էլի՜. Սըվազից սկսած ով գա` չափի տուր. կասես ես նրանց համար եմ աշխատել... Ով գալիս ա` բարով, հազար բարի. բան ա ուզում` փողը բերի` տանի...

Ու սկսեցին վիճել: Ուհանես բիձեն էլ տաքացավ, աղմուկը մեծացավ:

Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ... Ձորերում սուլում էր երկաթուղին:

Նոր էր մտել նա մեր ձորերը:

1898

ԵՂՋԵՐՈԻԻ ՄԱՀԸ

Անտառը հառաչանքով լիքն էր:

Աշնան չարագուժ ցրտերն ու անգութ որսկանները մտել էին նրա մեջ: Իր մահաբեր թույնը թափելով` սուլում էր դառնաշունչ քամին: Նրա շնչից գունատված տերևները դողդողում էին, անհասկանալի լեզվով ցավալի սվսվում, դալկանում, դեղնում ու իրանց-իրանց թափվում, և թափվելով` տխուր շրշում, անզոր հառաչում էին: Այստեղ ու այնտեղ որոտում էր որսկանի հրացանի ձայնը. անտառը թնդում, արձագանք էր տալիս, և ամեն արձագանք տալով` կարծես թե ահագին «վա՛յ» էր կանչում իր խոր թավուտներից: Ճիշտ որ վա՜յ...

Կորչում էին նրա պայծառ օրերը, ընկնում էին նրա դալար զարդերը, հալածվում ու կոտորվում էին նրա սիրուն երեները` և... հառաչում էր նա: Չէ՛ որ նա էլ գիտե զգալ, չէ՛ որ այստեղ էլ կենդանության շունչ կա, ցավ ու կսկիծ կա:

Ահա վերջին տագնապի մեջ է անտառի չքնաղ թագուհին: Որսկանի ձեռքից փախած` նա վայր է ընկել բրնուտում: Գնդակատեղից դեռ հոսում է նրա արյունը, իր աչքով տեսնում է, զգում է այն սոսկալի փոփոխությունը, որ կատարվում է իր մեջ, իր շուրջն էլ փոխվում է, ինքն էլ այն չի, ինչ որ առավոտն էր... Բայց այս ի՛նչ զարհուրելի բան է. ինչու էլ այն չի. ինչու էլ չի կարողանում կանգնել, փախչել... Օրհասական ջանքեր է անում, տանջվում է, տանջվում, և ճգնում է պարզել, թե ախար ի՞նչ պատահեց, այն ի՞նչ էր... Եվ շփոթ ու աղոտ հիշում է, որ արածում էր իր հորթուկի հետ... հանկարծ մի բան որոտաց... մի տաքություն զգաց ու վայր ընկավ... ականթոթափել կանգնեց... իր սիրուն հորթուկը... Բայց հիշողության թելը կորավ, ուշքը խառնվեց, ույժ չկա...

Նա զգաց, որ ծարավից պապակում էր, այրվում էր ներսը... Հիշեց ներքև` ձորակում վազող վտակը, խոնարհած ճյուղերի տակ կարկաչող այն վճիտ-պսպղուն ալիքները... Նրա մտքով կայծակի արագությամբ միասին եկան ու անցան հովասուն անտառներում անցկացրած օրերը, և մշուշապատ առավոտները, երբ նա առողջ ու թեթև իջնում էր այն ձորակն ու կուշտ-կուշտ խմում էր սառը ջրերից... Այժմ էլ փափագում էր սաստի՜կ-սաստի՜կ, բայց որքան աշխատում էր` չէր կարողանում բարձրանալ: Ամեն շարժվելով ճղփում էր նրա տակ լճացած արյունը և կրկին սկսում էր ծորել գնդակատեղից: Բայց արյունը բարակեց, ցավն էլ առաջվա նման չէր նեղացնում, նա թմրեց, զգաց, որ քունը տանում էր մի տեսակ, խավարը թանձրանում էր շուրջը, և հետզհետե աչքերը մթնում էին:

Արևն իր վերջին շողերը քաշել էր լեռների ետևը: Ամեն ձեն ու ձուն կտրել էր անտառում:

Գիշերվան ցուրտն ընկավ: Սթափվեց եղջերուն, լիակուրծ ու ագահ շունչ քաշեց, լայն-լայն բաց արավ շշմած աչքերը... վերևը փոքրիկ լույսեր ցոլացին: Այդ աստղերն էին երկնքում: Նա հասկացավ, որ գիշերը հասել էր: Վերջին ուժերը հավաքեց, ջանք արավ, շարժվեց, մինչև անգամ ծնկները բարձրացրեց և... կրկին ընկավ մի ծանր ու անզոր թառանչով: Նա լսեց իր թառանչը, և այդ վերջին ձայնն էր, որ նա լսեց այս աշխարհքում:

1899

ԱՐՋԱՈՐՍ

Ա

Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում: Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստը արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է: Մի լուսնյակ գիշեր է: Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են:

Մին էլ Ավագը թե` «Ա՛յ տղա, էն ո՞վ է, հրե մի մարդ է գալի վերի կռնիցը»:

Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ` մի մարդ է գալի վերևիցը: Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս` խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է դնում, երկու ոտանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի:

Ասի` Ավագ, էս օքմին չի, արջ է:

Թե` բո՛հ, չէ չէ պոզեր:

Ա՛յ տղա, ասի` արջ է:

Ես` հա, սա` չէ. ես` հա, սա` չէ: Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է, ու ձեռներիս էլ հրացան չկա: Մին էլ էն տեսանք` առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս` խոզի կես տեղը: Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա:

Ալաբա՛շ, բռնի հա՛ բռնի, հրես հա՛, հրես:

Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք: Մի հաստլիկ մերուն ունեինք. ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի: Վազ տվինք փոսերի վրա: Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում. առաջներս խտըտած ձորն է ընկնում: Վերջը` շատ տեղը նեղացրինք, չէ՜, թող արավ, փախավ:

Առավոտը ասի` Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան բերեմ:

Թե` դե՜, լավ:

Բ

Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի. տանը մի հին հրացան ունեինք, վեր կալա եկա: Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է: Ման էկա. որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի` մի քիչ մոշ ուտեմ: Միամիտ մոշ ուտելիս` հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս բռնեց:

Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել:

Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի: Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն անեմ: Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի:

Ես ձգեցի, նա ձգեց. տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ խլեմ: Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ: Որ թանթլիկն ուսովս պատ տվավ, հրացանը բաց թողեց: Էնքան արի` հրացանի ծերը փորին դեմ առավ, չախմախը ձեռս գցեցի, ասի` էս է, բանը պրծավ: Վերի ոտը քաշեցի` չըրթկացրի, տրաքեց ոչ: Մտիկ տամ, տեսնեմ` քարը վեր է ընկել, կորել: Էնտեղ մեջքս կոտրեց: Հրացանը բաց թողի, ասի` խտըտիցն ազատվեմ. եղավ ոչ: Բռնեցինք իրար:

Գ

Դես քաշեցինք, դեն քաշեցինք: Տեսնեմ` անտերն էս է, ինձ ուտում է: Ձեն տվի` «Ա՛լաբաշ հե՜յ... Ա՛լաբաշ հե՜յ...»

Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է: Եկավ, հասավ: «Ա՛լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ...»: Հա՛յ քեզ մատաղ, շո՛ւն. որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի: Ամա ի՛նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին:

Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել: Մին էլ տեսա` կում արավ ու մարդի պես երեսիս մի մեծ թքեց-թո՜ւ: Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ հասցրեց, ու ինձ կորցրի:

Տեսա` էլ ազատվելու դուռը չկա, ասի` ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ: Բերանսիվեր տակին վեր ընկա: Որ տակին վեր ընկա, շունն ավելի կատաղեց: Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է` օգուտ չի անում: Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա: Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց: Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց: Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ թե չանչեց, էլ գիտեմ ոչ` ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ:

Դ

Շունն էլ գնաց. մնացինք ես ու ինքը: Հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում: Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ: Թե իմանում է, որ շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ` քոթքաթաղ է անում, թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտի: Էս միտք անելիս մին էլ էն տեսա` գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց. ականջ է դրել: Ես էլ շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմ: Գլուխը վեր քաշեց, մի քիչ կացավ` մին էլ ականջ դրավ: Էլ ետ շունչս պահեցի: Սա որ տեսավ` ես էս է մեռած եմ, ինձ թող արավ մրթմրթալով գնաց: Աչքս ծերպ արի, ասի` մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնում: Ասում եմ` հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմ:

Գնաց` մոտիկ ցախ ու մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավ: Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա դրավ, էլ ետ գնաց: Գնաց, մի թեթև ցըցչորի կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին էլ ետ գնաց:

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last