Թումանյան Հովհաննես՝   Պատմվածքներ

Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last

Տեսնեմ` մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցի: Միտք արի որ` թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրի: Ասի, քանի ուշքը քոթակումն է, վեր կենամ կորչեմ: Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա, փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արի:

Հիմի տապ արած տեղիցս մտիկ եմ անում: Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցի: Եկավ տեսավ փետերի տակին մարդ չկա: Քոթուկը խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու` թո՜ւ հա թո՜ւ, թո՜ւ հա թո՜ւ, մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՜:

Թո՜ւ հա թո՜ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը: Ես էլ վեր կացա, դուրս պրծա դեպի Ավագը: Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ ածած լինեմ: Ետ եմ մտիկ անում, ասում եմ տեսնեմ, հո արջը գալիս չի: Հասա մեր խոզի նիստը: Էս Ավագը թե` ա՛յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղել: Ասի` էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի, էսենց բան եկավ գլուխս: Թե` բա հրացանդ ո՞ւր է:

Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է, թողել եմ տեղը:

Ե

Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինք: Հրացանիս քարը շինեցի, պնդացրի, ասի` Ավա՜գ, էլի պետք է գնամ: Թե` ա՜յ տղա, ձեռը վեր կալ, կբռնի կգզի: Ասի` հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնի:

Թե` դու գիտես:

Հրացանս վեր կալա, քարը պնդացրի ու գնացի: Տանձի էլ կաթոցի ժամանակն է: Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան եղա. գտա ոչ: Միտք արի` ախպեր, սա ուր կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչ: Վեր կացա, ասի ներքևեմ մոշուտների վրա:

Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը՛, արջի հետքը առաջիս: Հետքն ընկա գնացի. գնամ` տեսնեմ հրես մի բարդի կրծել է, կրծել ու թողել: Գլխի ընկա, որ սրանում մեղր կա: Վերև մտիկ տամ, ճանճը արկանոցից բանում է: Ասի` հիմի թե իրեն գտնեմ էլ ոչ, էս հո որս է ու որս: Մի քիչ էլ գնացի, տեսնեմ առաջիս մի մորմոնջաբուն է քանդել, բայց հողը դեռ թաց է: Տեսա որ մոտեցել եմ: Էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտս: Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացի: Հենց ոտս փոխեցի, մի թըմփթըմփոց եկավ: Կանգնեցի... Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ` հրես տակին տանձ է ուտում: Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազում: Մին էլ որ կանգնեց տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալա: Տեսնեմ հրացանի ծերը տըմբտըմբում է: Չէ՜, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի... Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա՛ կտաս, ընկավ ներքի ձորը: Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ սա ջրին է վազում. ասի` բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեցպրծավ, էլ ապրիլ չի:

Մին ասի` ետևիցը գնամ, մին էլ ասի` անեծք չար սատանին. վիրավոր արջը գեշ է, կբռնի, կփչացնի: Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավ:

Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ...

ԳԱԲՈ ԲԻՁՈԻ ՇԵՐԱՄԱՊԱՀՈԻԹՅՈՒՆԸ

Ես ու Գաբո բիձեն անցնում էինք Լոռու ձորով:

Հե՜յ, տիրացու, — ձայն տվավ նա:

Համմե՛:

Հրամանքդ շատ: Ես տեսնում եմ, որ էս մեր նոր ուսում առածները շատ աշխարհքից դուրս մարդիկ են, դու սրան ի՞նչ կասես:

Ինչո՞ւ, Գաբո բիձա:

Ընդուր համար, որ հենց գիտեն` ամեն բան իրենք են հասկանում, իրենցից առաջ էլ ոչ մարդիկ են էլել, ոչ բան են հասկացել: Մին էլ կտեսնես նստեցին ու գլխիդ գելի ավետարան կարդացինհա՛ էս ճանճ պահի՛ր, էս աբրեշումի ճիճու պահի՛ր, էսպես մածուն շինի՛ր, էսպես ցանի՛ր, էնպես հնձի՛ր... Տո՛, հեր օրհնած, մի առաջ հարցրո՛ւ, տես` էդ բաները դրանք էլ միտք են արել թե չէ, նրանցից ետը` թեկուզ ուշունց տուր:

Ետո մի՞տք եք արել որ, Գաբո բիձա:

Ախպեր, ա՜յ, ես հիմի օրինակի համար` մինն ասեմ, դու տես` մենք էլ հացակեր մարդիկ ենք, բան ենք հասկանում թե՞ չէ: Մի աշունք մեր Դավոն գնաց քաղաքը խոզ ծախելու: Մի ճանանչ մարդ աբրեշումի ճիճվի սերմ էր տվել թե` տարեք ձեր տեղը բհամ բերեք: Ճամփա պահեցինք մինչև գարունքը բաց էլավ: Գարունքը որ բաց էլավ, ոնց որ խրատ էր տվել` էս ճիճվի սերմը բերինք մեր խիզանի ծոցում դրինք, որ տաքանան, դուրս գան: Դուրս էկան ասեղի ծերի չափ մանր սև զադերմի խոսքով մոնը քեզ օրինակ: — Գաբո բիձեն այստեղ հանկարծ ձայն տվեց: — Տիրացո՛ւ:

Համմե՛:

Էդ ձեր ուսումնականները թե գիտենաբրեշումի ճիճուն ի՞նչ կուտի:

Թթան տերև:

Ապրե՛ս, դրուստ ա: Գնացի ձորիցը մի շալակ թթան տերև բերի, կապեցի մենծ տան ամբարի ոտիցն ու ճիճուն վրեն ածի: Ինչքան մարդ էկավ թամաշա, ոչ մնի տուն չթողինք` որ աչքով չտան, ասինք` թող մի տեսնենք ինչ ա դուրս գալի: Ա՜յ տղա, էդ անտեր ճիճուները մի քանի օր կացան ու կոտորվեցին: Հիմի թե ասենք նրանից էր, որ գոմշի ձագը շատ էր մոտ կապած, ոտնատակ էր տալիս, թե նրանի՞ց էր, որ հավերը տուն էին թափումմե-մեն կուտ ուտում, դե ո՞նց անենք: Խո չէինք կարող հավերը կոտորել կամ ձագն սպանիլ: Թե ասենք անձրևիցն էր, որ երդիկովը ներս էր թափվում, մին էլ մարդ միտք ա անում, թե բա քաղաքումն անձրև չի գալի՞... Մի խոսքով` բան գլուխ չեկավ: Տեսանք, որ մեր երկրումը աբրեշումի ճիճուն անում չի, բան չի դառնում: Դե՛, զարմանալի ի՞նչ կա որ. Էնպես երկիր կա` ղուշ չի ապրում, էնպես երկիր կա` ցորեն չի դուրս գալի. ամեն մի աշխարհք մի տեսակ բնություն ունի. ամա էս մեր նոր ուսումնականները էսքանն էլ չեն հասկանում:

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԾԵՐՈԻՆԻՆ

Այդ դո՞ւ ես, — ասաց նա և գլուխս թեթև, շոյելով շարունակեց իր ճամփան առանց կանգնելու:

Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի:

Քո ծնված օրից:

Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ:

Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց:

Վա՛հ, մի՞թե...

Ես քո պապին էլ եմ տեսել. ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ:

Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ:

Է՛հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր:

Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ:

Հա՜, հա՜, հա՜ հա՜, զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ...

Դե որ այդպես է, պատմի՛ր, խնդրում եմ, պատմիր ծերունի. ի՞նչ տեսակ մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից:

Ինչ տեսակ մարդի՞կ...

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին: Այդպես` քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում... Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին: Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու... Օ՛, շատ եմ ծիծաղել նրանց վրա:

Վա՜յ, խե՛ղճ պապեր:

Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրային տարփանքներին, ես տեսել եմ նրանց կայտառ զավակների խաղերն ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները, մասնակցել եմ նրանց զվարթ խրախճաններին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու մեծագործությունները...

Ո՜վ բարի ծերունի:

Հա՜, նրանք ինձ հետ էին: Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ գերեզման, մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ, որը ծերունի, որը սրահար, որը ցավագար... Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել ու ամեն մեկը մի տեղ մնացել:

Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու:

Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի` նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի` նրանից առաջ եմ ես, ո՜ր քարը վերցնես` տակին եմ եղել, ինչ մեռել գտնես` այն ես եմ թաղել:

Եվ դեռ այդպես արա՞գ ես գնում. ես չեմ կարողանում քեզ հասնել:

Հա՜, հա՜, հա՜, հա՜, հոգնեցի՞ր... տեսնում եմ, արդեն քեզ էլ եմ թողնում: Օ՛, դու վաղ ես ծերացել... Ե՜կ, ե՜կ...

Սպասի՜, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ կարողանում գալ:

Ե՛կ, ե՜կ...

ԱՀՄԱԴԸ

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այնտեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարճի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգը ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե` Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ...

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր թե հարևանը հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր, տալի: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:

Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:

Աստված լինի քո օգնականը, բալա ջան, — խոսում էր պապս: — Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա... Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան, աստված բարի ճամփա տա, ոտդ ոչ դիպչի քարի...

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս` իմացրու, որ մենք էլ ուրախանանք, թե պակասություն ունենաս` իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ: Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան, — ձեռքը ճակատին դրած ետևից ձայն էր տալիս պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

Ահմադը ո՞ւր գնաց, նանիհարցրի իմ տատին:

Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:

Իրենց տունը ո՞րն է...

Ուրիշ տեղ է:

Ահմադը ո՞վ էր որ...

Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր... Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց...

Բա էլ չի՞ գալու:

Չէ՜, բալա ջան, գնա՜ց...

ԳՐԱԶԸ

1

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր:

Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից: Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը` հայը:

Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում են այն խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում: Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում:

Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ, առաձգական ձայն — «Հավար հե՜յ...» Այդ գուժավոր ձայնը ձգվելով` տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ բինեքում իրարով են անցնում:

2

Թուրք Ղափըչօղլին իր բինեն զարկել, ձվար էր արել Մութը Ձորի մի կողմը: Այնտեղից խրոխտ ու սպառնալի նայում էր դիմացը վեր եկած հայերին: Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին: Դատաստանից փախածները նրա մոտ էին ծածկվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում:

3

Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ: Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով:

Էս դիմացի հայերին լա՛վ է տղերքը տակնուվրա չեն անում, — իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ:

Էդքան էլ խեղճ մի գիտենալ դրանց, — պատասխանեց տանտերը:

Դրա՞նց...

Հա՜, դրանց: Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում, որ մենակ էն մի տղի դեմը դուրս գա:

Փա՛ հա՛, — բացականչեց վրդոված ավազակը ու շրըխկալով վրա նստեց:

Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը:

Կապուտ ձին փեշքեշ:

Ձեռքդ տուր:

Նրանք ձեռք-ձեռքի խփեցին ու գրազ եկան:

4

Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները:

Մի մթնագիշեր էր. անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար: Քնած էր հայերի բինեն: Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հեյ-հե՜յ...» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ:

Գիշերվա մի ժամանակը մի թմփթըմփոց անցավ վրանների մոտից: Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիաները փախան, տավարը ցրվեց: Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, հեղեղին ու ամպի որոտմունքին, հորինեցին մի դժոխային գիշեր:

Շունը տարա՜ն, բինեն պահեցեք, հե՛յ... — գոռաց աժդահա հովիվ Չատին:

Շունը տարա՜ն... — Ձայն տվին ամեն կողմից ու սև սարսափը կալավ բինին: Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի` «շունը տարան»:

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում ընկնում են բինեն, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար: Շներն ընկնում են նրանց ետևից: Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են բինից: Այնուհետև խառնված, անշուն թինին ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ քշում են անասունները:

Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան մթնումը խառնվեց իրար ու իրար խառնված ընկավ դեպի ներքև:

Ակնակիր մթնում ոչինչ չէր երևում: Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ: Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում, և հովիվների աղաղակը, որ կանչում էին` «Տարա՜ն, տարա՜ն... Ալաբաշ հե՜յ...»:

Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին ու էլ ոչինչ չէր լսվում:

Անձրևը միալար շրըփում էր և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում:

5

Լուսադեմին տղերքը վերադարձան: Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսոցն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ: Ապրանքն ական ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատնի վրանը, որ հաց ուտեն:

Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը:

Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել ու հետաքրքրված սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում:

Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.

«Ա տղա, նա էլ մեր կունենա՜...

Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜...

Ա տղա, կասի, տղես ետ չեկավ...

Ա տղա, ճամփա կպահի` ետ չի գնա՜լ...»

Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք: Այնինչ` հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ:

Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր: Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին ու ամենքը մի կռան վրա փախան: Մընին քշեցի, տարա քարափին դեմ արի: Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց թե` գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում: Ոնց թե միջիցդ կես եմ անումդագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՜ռ հա կտաս...

Ա՜յ տո՛ւր, — բացականչեցին սարվորները:

Շրըխկալով փռվեց, — վերջացրեց Չատին իր պատմությունը:

Հա՜, հա՜, հա՜, հա՜, — քահ-քահ խնդացին սարվորները:

6

Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել: Մի օր շները հաչեցին. դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի բինի ներքևից:

Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա:

Չոբան Չատնի վրանն եմ ուզում, — ասավ քուրդը: Բերին չոբան Չատնի վրանը: Չատին հաց դրեց հյուրի առաջ: Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ: Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց.

Խեր ըլի, ընչի՞ համար է եկել քիրվա:

Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ, — խոսեց հյուրը:

Սպանել են, — պատասխանեց հովիվը:

Ասում են` դու ես սպանել:

Դրուստ է:

Ես նրա հայրն եմ, — ասավ ծերունին: — Եկել ես, որ նրա արինը քեզ հալալ անեմ: Դու նրան ճամփին չես սպանել, իր ոչխարումը չես սպանել, իր տանը չես սպանել... Քանի անգամ ասի` ա՜յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից. ուրիշները քեզ համար չեն աշխատել... ինձ չլսեց: Երևի էդպես մահը մոտեցել էր, — ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց:

Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում, — չորս կողմից ձայն տվին սարվորներն ու իրենք էլ լռեցին:

Արինը քեզ հալալ, — բացականչեց ծերունին, — միայն մայրը... գիտես էլի, մայր է... չի հանգստանում... Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի:

Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց:

Դե մնաս բարով, զավակս, — հրաժեշտ տվավ ծերունի քուրդը:

Գնաս բարով, քիրվա՛:

ՄԱՅՐԸ

Ա

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց: Եվ էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը:

Ծիծեռնակը բուն էր շինել մեր սրահի օճորքում: Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին:

Ե՛վ գարունն էր բացվում, և՜ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ:

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը: Ձու էր ածել, ճուտ էր հանել, ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում ճուտերին:

Բ

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցումը կերակուր բերավ ճուտերի համար: Ճուտերը ճվճվալով դեղին կտուցները դուրս հանեցին բնից:

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև:

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից: Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ էր, դուրս պրծավ մեր կատուն, ճուտն առավ ու փախավ:

Փի՜շտ, փի՜շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով ու կտցահարելով, բայց չեղավ: Կատուն մտավ ամբարի տակը: Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի եղավ մի բան անել:

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք, երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դունչը լիզելով:

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին: Այնտեղ լուռ վեր եկավ: Մին էլ տեսանք, հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման: Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին:

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց: Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում ոչ այս դեպքը, ոչ այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1909

ԵՂՋԵՐՈԻՆ

Մի սեպտեմբերի մեր գյուղացի որսկան Օսեփը ինձ գիշերակաց որսի տարավ Եղնուտի կիրճը: Գիշերներն էդ կիրճով եղջերուներն իջնում են ձորերն ու հովիտները, արածում են, արշալույսից առաջ ջուր են խմում ու էլ ետ իրենց «պնդոցն» են տալի:

Գնում էինք գիշերը մնանք բոստանչի Օվակիմի դափումը, որ լուսադեմին հասնենք որսատեղը պահելու:

Ես էի, որսկան Օսեփն էր ու մեր գյուղացի մի տղա, որ Օսեփի շալակտարն էր:

Մենք գնում էինք էն դաժան հրճվանքով, որով միայն որսի են գնում: ճամփին որսից էինք խոսում:

Որսը բախտի պես բան է, — ասում էր Օսեփը: — Մին էլ տեսար երևութք էլավ ու քամի դառավ կորավ: Անսովոր մարդը նրան հեշտ չի նկատիլ. կշփոթվի, կդողդողա, կփախցնի: Աչքդ առնելուն պես պետք է թվանքդ բացվի. թե չէ որ ուզեցիր նշան դնես, մինչև աչքդ ճպես, նա սարն անց կացավ:

Հապա դուք ի՞նչպես եք որսի ման գալի, ուստա Օսեփ:

Լավ որսկանը ման չի գալ, նա որսը կպահի, — պատմում էր որսկանը: — Գիտի, ո՞ր ժամանակին, ի՞նչ տեղ որսը ժաժ կգա` կգնա էն տեղը կպահի: Թե ման էլ գա, քիչ, էն էլ էնպես ման կգա, որ որսն իր քամին չառնի, թե չէ որսն էնպես սուր հոտառություն ունի, որ թե քու քամին (հոտը) նրա վրա էլավպրծար, որտեղ որ է հոտդ առավ կորավ:

Էսպես խոսելով իրիկունը հասանք բոստանչի Օվակիմի դափին: Ծերունի բոստանչին փետ էր հավաքել, կրակը վառել ու կողքին թինկը տվել:

Բարի րիգան, Օվակիմ բիձա:

Այ աստծու բարին ձեզ, դուք բարով եկաք. ա՜յ տղա, էդ ինչ լավ ղոնախներ եք: Ես հենց մենակ միտք էի անում, թե մի զրիցընկեր ըլի... էս հենց աստոծ հասցրեց ձեզ... — ուրախացած գոռգոռում էր Օվակիմ բիձեն:

Դու էն ասա` որս ա ժաժ գալի թե չէ, 0վակիմ բիձա, — անհամբեր հարց տվավ որսկանը:

Այ տղա, մի անտեր պախրի բուղա կա, Օսեփ ջան, գիշերները գալիս ա լոբին ուտում ու գնում: Էնքան լոբիս փուչ արավ. թվանք չունեմ, շուն չունեմ... Պախրա մի ասիլմ՜ի սար ասա: Չարդախ ունի (պոզեր), ոնց որ մի կաղնի:

Էդ մինը ոչինչ. բա իսկի բուղագոռոցի ձեն չի գալի՜:

Այ տղա, էլ ասում ես, ինչ անես, քնահարամ են արել: Երեկ գիշեր էս վերի մատներումը հենց գոռում էին, որ գետինը որոտում էր:

Հա՛յ հող ու ջրի աստոծ հա՜, — աղաղակեց որսկանը:

Օվակիմ բիձեն մեզ հրավիրեց, տակներս խոտ ածավ, ինքն էլ կրկին թինկը տվավ իր տեղը:

Տղերք, ես որ խորը միտք եմ անում, տեսնում եմ, որ աշխարքի երեսին մարդիցն էլ վերը անիրավ շնչավոր չկա:

Ի՞նչի, Օվակիմ բիձա:

Ինչին էլ ո՞րին ես ասում. տեսնում ես` դուք թվանքներդ առել եք ետևներիցն ընկել, մենք էլ ուրախացել ենք, թե ինչ ամի պախրա կսպանենք, կուտենք: Ախր չէ՞ որ նա էլ մեզ նման շունչ կենդանի ա, հրեն կես գիշերին էրվելով գոռում ա, ձեն ա տալի, իր կովին կանչում. չէ` էն էլ նրա սերն ու մուրազն ա...

Թե ձենը դուրս կգա՜, ես նրա սերն ու մուրազը նշանց կտամ, — ծիծաղելով բացականչեց որսկան Օսեփը:

Չէ՜, շատ մեղք բան ա, շա՜տ, — գլուխը շարժելով կրկնեց բոստանչին ու ձենը ավելի բարձրացնելով, կանչեց.

Տղերք, էս ա որ պախրիցը խոսք ընկավ, ես ձեզ մի բան պատմեմ:

Պատմի, Օվակիմ բիձա:

Մի տարի սարումն էի: Էկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի: Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի: ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսից, բանից պատահի: Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի: Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա, ի՞նչի չի երևում: Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի: Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը: Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս ընկավ ու ետ գետնովը դիպավ: Տղերք, հիմի մի ձեն ա ածում, մի տնքում ա, ոնց որ մեռնող էրեխա: Ուստա որսկաններից լսել էի, ասի` էս ա սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղից որ է հիմի ետ կգա: Մտա մի ծառի տակ ճամփա պահեցի: Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ հրես էկավ, բայց ոնց էկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեքմի խոսքով մոր նման, թվանքի ձենը իր էրեխի վրա լսած մոր նման: Էկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված: Տղերք, դունչը մեկնել ա, ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում... Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, էկա տուն: Էկա տուն. էկա տեսա էրեխեն դժար ա, հոգու հետ կռիվն ա տալի, տնքում ա: Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ դեռ էն թփի կողքին եմ կանգնած: Վերջապես, էրեխեն մեռավ. հիմի մերը ընկել ա վրենբառանչում ա... Ասում եմ, փառքդ շատ ըլի աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունըոչինչ... ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ-ցավ...

Օվակիմ բիձու տխուր պատմության տպավորության տակ միառժամանակ լուռ էինք:

Օվակիմ բիձա, չէ որ ասում են պախրեն էլ տեր ունի, — խոսեց շալակտար Ղազարը:

Ունի բաս, պախրեն մեծ տեր ունի:

Ետնա էդ դրո՞ւստ բան ա:

Դրուստ ա, բաս: Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած: Մի անգամ մի պախրա ա վիրավորում: Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը: Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը: Էստեղ, Զորավոր կաղնըքու տակին պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա-որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում: Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի. էս սիրուն հարսը դուրս ա գալի` որսկանի դեմը ծղրտում.

Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ: Ագա՛հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում: Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը...

Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էրգլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառի ճյուղքը տեղն ու տեղը չորանում ա:

Օվակիմ բիձա, ուրեմն էդ ա, որ ասում են որսկանությունը անիծած ա:

Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են: Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ: Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց: Երբ էրվելով իր Ասլու ետևից ման էր գալի` մի վիրավորված պախրա տեսավ: Տեսավ` անասունը մղկտալով շունչը տալիս ա, հորթն էլ մոլորած մնացել ա կողքին կանգնած, էս տեղ սազն առավ ու մի խաղ ասավ:

Մենք խնդրեցինք Օվակիմ բիձուն, որ էդ խաղն ասի մեզ համար, ու ծեր բոստանչին իր պառավ ձենով, խարույկի առաջ երգում էր մութը ձորում.

Next page
Pages: First Previous 1 2 3 4 5 6 7 8 Next Last